Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Վահան Քերոբյանը հանդիպել է կաթնամթերք արտադրող և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վահան Քերոբյանը հանդիպել է կաթնամթերք արտադրող և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Ապրիլի 30-ին նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հանդիպում-քննարկում էր կազմակերպել կաթնամթերք արտադրող և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։   Հանդիպման նպատակն էր լսել ոլորտի ներկայացուցիչներին, գույքագրել ոլորտի խնդիրները և համատեղ գտնել դրանց լուծման հնարավորությունները։ Վահան Քերոբյանը նշել է, որ պատրաստ է արտադրողներին օժանդակություն ցուցաբերել ոլորտի խնդիրների լուծման հարցում: «Պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որը կնպաստի ոլորտի զարգացմանը։ Հարկավոր է գտնել կաթնամթերքի վերամշակումը մոդեռնիզացնելու, նոր ծրագրեր իրականացնելու ճանապարհներ, իսկ պետությունը կաջակցի դրանց իրականացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին»,- ասել է նախարարի պաշտոնակատարը։    Արտադրողները ներկայացրել են ոլորտի խնդիրները՝  խոսելով հարկային բարեփոխումների, մասնավորապես բարձր ԱԱՀ-ի մասին, որն ազդում է կազմակերպությունների մրցունակության վրա։ Թվարկված խնդիրների շարքում հանդիպման մասնակիցներն առանձնացրել են նաև ֆինանսների անհասանելիության և որակյալ կաթ մթերելու հարցը։ Քննարկում է ծավալվել բարձրացված հարցերի հնարավոր լուծումների շուրջ։   Անդրադառնալով հարկման խնդիրներին` Վահան Քերոբյանը նշել է, որ այժմ աշխատանքներ են իրականացվում ընդհանուր հարկային քաղաքականությունը փոխելու ուղղությամբ։ Մասնավորապես՝ առաջարկվում է բոլոր ոլորտներում շրջանառության հարկի վերացում և, ընդհանուր հարկման դաշտ անցնելու հետ մեկտեղ, հարկային ընդհանուր համակարգում ԱԱՀ տարբերակված հարկային դրույքների կիրառում։ Քննարկվել են նաև մթերումների, բանկերի կողմից վարկերի տրամադրման, արտահանումների կազմակերպման, իրացման շուկաների ընդլայնման, տեղական և միջազգային խոշոր ցանցերի հետ աշխատանքի, ապրանքների փաթեթավորման և ներդրումների ներգրավման հետ կապված հարցեր։  Հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել մատակարարումների դիմաց վճարման հստակ ժամկետներ սահմանելու և մատակարարների հետ համագործակցության ընթացակարգերի վերաբերյալ: Հանդիպման ավարտին արտադրողները նշել են, որ, թեև պատերազմի և համավարակի բացասական ազդեցությունն իրենց գործունեության վրա զգալի է եղել, և կան ոլորտին առնչվող շատ խնդիրներ, այդուհանդերձ, պետք է մտածել դրանց լուծման ուղղությամբ և շարունակել աշխատել՝ հաջողությունների հասնելու և երկրի տնտեսական զարգացմանը նպաստելու համար։
20:15 - 30 ապրիլի, 2021
Վահան Քերոբյանի համոզմամբ՝ գյուղատնտեսության ոլորտում սպասվում է կտրուկ աճ |armenpress.am|

Վահան Քերոբյանի համոզմամբ՝ գյուղատնտեսության ոլորտում սպասվում է կտրուկ աճ |armenpress.am|

armenpress.am: Գյուղատնտեսության ոլորտում այս տարի սպասվում է կտրուկ աճ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ ավելացնելով, որ ի տարբերություն այլ ոլորտների, գյուղոլորտում գրեթե անկում չի արձանագրել: «Ոլորտի աջակցության լուրջ ծրագրեր ենք իրականացնում, մշակվում են հազարավոր հեկտար հողեր, և մի քանի շաբաթվա ընթացքում էլ 1 000 հեկտար ինտենսիվ այգի կստեղծվի: Միևնույն ժամանակ, մենք ամեն ինչ անում ենք Ռուսաստան, մասնավորապես Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և այլ խոշոր քաղաքներ ապրանքների անխափան արտահանման ապահովման համար»,- ասաց նախարարի պաշտոնակատարը: Վահան Քերոբյանի խոսքով՝ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում գյուղական բնակավայրերում նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ, որպեսզի մարդիկ ընտրություն ունենան: «Օրինակ, շուտով զբոսաշրջության ոլորտում 160 աշխատատեղ կստեղծվի Արմավիրի Դաշտ գյուղում»,- նկատեց նա:
15:49 - 29 ապրիլի, 2021
ՀՀ կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի բացման հարց չկա. Վահան Քերոբյան |armenpress.am|

ՀՀ կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի բացման հարց չկա. Վահան Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի բացման հարց առայժմ չկա: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը: Նա տեղեկացրեց, որ երկարաձգվելու է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ «Ըստ ամենայնի՝ ավելացնելու ենք նաև վաճառքի արգելքը. կապ չունի, թե երբ է ներմուծվել, միևնույն է, սահմանափակելու ենք վաճառքը ևս, որովհետև որոշակի զարտուղի ճանապարհներով կարողանում են թուրքական ապրանք «մտցնել»։ Այստեղ մոտեցումը պետք է լինի բավականին սիմետրիկ, երբ քաղաքական մակարդակով կայացվի սիմետրիկ հարաբերությունները վերականգնելու որոշում, այդ ժամանակ արդեն կփորձենք այնպես անել, որ մեր տնտեսությունն ինչքան հնարավոր է լավ պաշտպանված լինի թուրքական ապրանքների հեղեղումից», - ընդգծեց Վահան Քերոբյանը։
12:19 - 29 ապրիլի, 2021
Աշխարհում նոր կարգ է մտցվելու՝ կանաչ անձնագիր չունեցող, այսինքն՝ չպատվաստված անձինք չեն կարող ճամփորդել. Քերոբյան |1lurer.am|

Աշխարհում նոր կարգ է մտցվելու՝ կանաչ անձնագիր չունեցող, այսինքն՝ չպատվաստված անձինք չեն կարող ճամփորդել. Քերոբյան |1lurer.am|

1lurer.am: Եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսի տարածման ցուցանիշների հետ կապված մենք շատ շոշափելի արդյունք չարձանագրենք, մեր զբոսաշրջային բիզնեսն այս տարի կարող է շատ մեծ պրոբլեմներ ունենալ՝ Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ կարևոր է խլացնել այն ձայները, որոնք արշավանք են սկսում պատվաստումների դեմ: «Պարո՛ն Քերոբյան, պետք է բիզնեսին ևս ներգրավել, որ այս պրոցեսը պատշաճ մակարդակով իրականացվի, պարո՛ն Հարությունյան, կարծում եմ, որ ԶՈՒ-ում էլ պետք է իրականացվի պատվաստման գործընթաց, և ընդհանրապես՝ պետական մարմիններում: Մենք այդ առաջնահերթությունը պետք է ստանձնենք, որ բոլորը տեսնեն՝ մենք պատվաստված ենք և շարունակում ենք կենդանի մնալ»,- նշեց Փաշինյանը: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշեց, որ միջազգային գործընկերների հետ շփումները ցույց են տվել, որ առաջատար երկրները պատրաստվում են նոր կարգեր մտցնել աշխարհում ճամփորդությունների վերաբերյալ: Եվ այն մարդիկ, ովքեր չունեն կանաչ անձնագիր, այսինքն՝ պատվաստված չեն, հնարավորություն չեն ունենալու ազատ ճամփորդելու: «Բոլոր գործատուները, ում վերաբերում են այս սահմանափակումները, պետք է շահագրգիռ լինեն՝ ինչքան հնարավոր է արագ ավելացնել պատվաստված աշխատակիցների քանակը, որ մենք հնարավորություն ունենանք վերացնելու այս սահմանափակումները, ինչպես նաև երկրից մուտք ու ելքի բոլոր սահմանափակումները»,- նշեց Քերոբյանը: Չպատվաստված քաղաքացիների համար ճամփորդելու սահմանափակումներին անդրադառնալով՝ Փաշինյանը նշեց, որ շատ կարևոր է, որ այսօրվանից թվայանացված տեղեկատվությունը պատվաստված քաղաքացիների մասին մենք ունենանք: «Պետք է բոլոր պատվաստված քաղաքացիներին վայրկյանների ընթացքում գտնենք՝ գուցե անձնագրում պետք է ինչ-որ շտամպ խփել, կարող է պարզվի, որ ինչ-որ դրոշմանիշ է պետք թողարկել»,- նշեց Փաշինյանը:
11:19 - 29 ապրիլի, 2021
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը

 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 22-ին տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՊԵԿ–ի կողմից մշակված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը  մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին կից գործող ՓՄՁ զարգացման խորհրդի անդամ հանդիսացող մասնավոր հատվածի, Գործարարության աջակցման գրասենյակի և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։ Քննարկման նպատակն էր պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակներում տնտեսական ոլորտին առնչվող իրավակարգավորումների մշակման ու քննարկումների գործընթացին մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցության ապահովումը։ Նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է նախարարության կողմից մշակված տնտեսական քաղաքականության հայեցակարգը, մեկնաբանել վերջինիս առանցքային դրույթները և նշել, որ ակնկալում է կառուցողական և արդյունավետ քննարկում։ Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու հայտնել տեսակետներ դիտարկվող հարցի վերաբերյալ։ Հանդիպման ավարտին նախարար Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասությունների շրջանակում նպաստել գործարար համայնքի կողմից ներկայացված խնդիրների լուծմանը։
17:41 - 23 ապրիլի, 2021
Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպանին, քննարկվել են նաև հայկական արտադրանքը Կանադա արտահանելու հնարավորությունները

Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպանին, քննարկվել են նաև հայկական արտադրանքը Կանադա արտահանելու հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն ԼըՔլերին, տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-կանադական համագործակցությունը և նախանշվել են համագործակցության հնարավոր ուղղությունները։ Առանձնացվել են համագործակցության հետևյալ ոլորտները՝ առևտուր և ներդրումներ, արդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ, կրթություն և զբոսաշրջություն։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ հայ-կանադական տնտեսական հարաբերություններն ունեն ակտիվացման և զարգացման մեծ ներուժ։ Քննարկվել են հայկական արտադրանքը (մասնավորապես՝ արևային պանելներ և ալկոհոլային խմիչքներ) դեպի Կանադա արտահանման հնարավորությունները։ Նախարարը կարևորել է կանադական  կանեփի արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերությունների հետ գործարար կապերի հաստատաման հնարավորությունները և  շեշտել, որ Հայաստանն ունի գրավիչ միջավայր բիզնես գործունեություն ծավալելու համար՝ հաշվի առնելով երկրի կլիմայական պայմանները և որակյալ աշխատուժը։ Բացի այդ, կանադացի ներդրողները կարող են օգտվել Հայաստանում ներկայումս կառուցվող արդյունաբերական գոտիների հնարավորություններից՝  իրենց արտադրական մասնաճյուղերը Հայաստան տեղափոխելու գործընթացը դյուրացնելու, ինչպես նաև ԵԱՏՄ շուկա առանց խոչընդոտների մուտք գործելու  համար։    Վահան Քերոբյանը կարևորել է երկրի տնտեսական զարգացման գործում կրթության հենակետային նշանակությունը։ Այդ նպատակի իրագործման շուրջ շարունակաբար տարվում են աշխատանքներ։ Դեսպան ԼըՔլերը և նախարար Քերոբյանը կարևորել են միասնական կրթական և մասնագիտական զարգացման ծրագրերի իրականացումը։ Զրույցակիցներն առանձնացրել են ֆինանսական ծառայությունների մատուցման և գյուղատնտեսության ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերը։ Նախարարն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու կանադական ֆինանսական կառույցներին, բանկերին, մասնավորապես՝ վենչուրային հիմնադրամներին, հիմնվել Հայաստանում՝ ընդգծելով, որ Հայաստանն ունի ամենաթափանցիկ և վստահելի ֆինանսական համակարգերից մեկը տարածաշրջանում, ինչի շնորհիվ արդեն երկար տարիներ մի շարք առաջատար միջազգային բանկեր իրենց գործունեությունն են ծավալում Հայաստանում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ գործարար հանդիպումների կազմակերպման հարցեր։ Այդ կապակցությամբ նախարարն առաջարկել է 2021թ․-ի երկրորդ կեսին անցկացնել հայ-կանադական գործարար համաժողով։
15:53 - 23 ապրիլի, 2021
Մեր պատասխանն Ադրբեջանին պետք է լինի արդյունաբերական Հայաստանը․ Հայկ Չոբանյան

Մեր պատասխանն Ադրբեջանին պետք է լինի արդյունաբերական Հայաստանը․ Հայկ Չոբանյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 19-ին այցելել են «Ինժեներական քաղաք»: Հայկ Չոբանյանը մեծապես կարևորել է «Ինժեներական քաղաքի» դերը որպես հայկական ինժեներական մտքի դարբնոց.  «Ինժեներական քաղաքից առավել այսօր կխոսենք արդյունաբերական քաղաքի մասին: Մեր պատասխանը Ադրբեջանին պետք է լինի արդյունաբերական Հայաստանը: Առաջիկա տասը տարիների ընթացքում պետք է վերականգնենք Հայաստանի երբեմնի արդյունաբերական երկիր լինելու հեռանկարը»,- ընդգծել է նախարարը: «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը նախարարներին հանգամանորեն ներկայացրել է «Ինժեներական քաղաք» ծրագրի իրականացման մանրամասները: Վերջինս մասնավորապես նշել է, որ շինարարական աշխատանքները «Ինժեներական քաղաքում» սկսվելու են հունիս֊հուլիս ամիսներին՝ 7 ռեզիդենտ ընկերությունների կողմից: Նրա խոսքով՝ գիտելիքի մասով ծրագիրը բավականին հաջող է ընթանում, իսկ արտադրության հետ կապված դեռևս որոշակի անելիքներ կան: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը նշել է, որ շոշափելի արդյունք արձանագրելու համար հարկավոր է ֆիքսել բոլոր դերակատարներին, աշխատանքային ծրագիր կազմել, հստակեցնել անելիքները և առաջիկա շաբաթներին գործողությունների ծրագիր մշակել: ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն առաջարկել է իր գերատեսչության աջակցությունը «Ինժեներական քաղաքի» միջազգային համագործակցության հետ կապված խնդիրները լուծելու համար։  Նա նշել է, որ մի շարք ֆրանսիական և այլ ընկերություններ արդեն իսկ հետաքրքրվածություն են ցուցաբերել ծրագրի նկատմամբ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Արդյունաբերական պարկ կառուցելու նախագիծ է մշակվել: Նախարարն առաջարկել է քննարկել «Ինժեներական քաղաքի» և «Արդյունաբերական պարկի» հնարավոր համագործակցության շրջանակները: Գործընկեր նախարարները, բարձր գնահատելով մեր երկրում ինժեներիայի և գիտության զարգացման համար նպաստավոր նախադրյալների ստեղծման հնարավորությունը, պատրաստակամություն են հայտնել միավորելու ուժերը՝ երկրի համար կարևորագույն ծրագրի իրականացման գործընթացում: Վերջում նախարարները  շրջայց  են կատարել  «Ինժեներական քաղաք»-ում,  ծանոթացել հայ ինժեներների գաղափարներին, արդեն իսկ մշակված պրոդուկտներին: «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի հիմնական նպատակը Հայաստանը ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի ու ծառայությունների՝ գլոբալ շուկաներ արտահանող երկիր դարձնելն է, ինչպես նաև տարածաշրջանային հանգույց՝ ինովացիոն ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումների համար: 
18:22 - 19 ապրիլի, 2021
Առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը դարձնել աշխատանքային |1lurer.am|

Առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը դարձնել աշխատանքային |1lurer.am|

1lurer.am: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր Կառավարության նիստին ներկայացրեց «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» հարցը: Նախարարը նշեց, որ նախագծով առաջարկվում է ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը: «Նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետության ուժեղ տնտեսության կայացմանը: Այն կարգավորումները, որ մենք ունենք այսօր, Հայաստանի տնտեսական կյանքից ջնջում են 10 օր, որի ընթացքում խրախճանքի տասնօրյակ է հայտարարվում երկրում: Այսօրվա Հայաստանը, ՀՀ-ի ապագայով հետաքրքրված և դրա համար պատասխանատու յուրաքանչյուր քաղաքացի, չեն կարող թույլ տալ նման շռայություն և պարտավոր ենք մեր մոտեցումը փոխել: Այս օրենքի ընդունմամբ մեր տարեկան ՀՆԱ-ն կաճի 88 միլիարդ դրամով կամ մոտ 1.5 տոկոսով, համախառն թվարկման ծավալը կավելանա 123 միլիարդ դրամով, որից առևտրի թողարկումը կավելանա 47.5 մլրդ դրամով, արդյունաբերության թողարկումը կավելանա 35.4 մլրդ դրամով, ծառայությունների թողարկման ծավալը կավելանա 33.9 միլիարդ դրամով և այլն: Սրանք չափից ավելի նշանակալի թվեր են, որպեսզի մենք կարողանանք մեզ թույլ տալ հրաժարվել այս օրերին աշխատելուց»,- նշեց Քերոբյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրեց, որ թեման վաղուց հասունացած ու քննարկվող թեմա է, դրա համար էլ որոշել են այն քննարկել: Հարցը ոչ միայն տնտեսական, այլև առողջապահական հարցերի հետ է կապված: «Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ հարցը պարզ հարց չէ, բազմաթիվ շերտեր կան՝ սկսած սովորույթից, ավանդույթից և վերջացրած դրա գործնական կիրառմամբ: Հետևաբար, կարծում եմ, որ հիմա ընդունում ենք օրենքի նախագիծ, որը պետք է շրջանառվի, ԱԺ ընթերցումներ անցնի և մինչ այդ էլ բարձրաձայնում ենք թեման՝ հանրային որոշակի կարծիք գեներացնելու համար, հասկանալու՝ թե ի վերջո ինչ ընկալումներ կան»,- ասաց վարչապետը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն էլ նշեց, թե ինչու է նախարարությունը նախագծին դեմ: Առաքելյանի խոսքով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով քաղաքացիներին հանգստի իրավունքի ամրագրման սոցիալական երաշխիքներ է ապահովում, և 5 ոչ աշխատանքային օրերի կրճատումով էականորեն նվազեցնում է տարվա ընթացքում աշխատողների հանգստի օրերի քանակը: Հանգստյան օրերի քանակով մեր երկրում կարգավորւմը միջին մակարդակի է: Ըստ Առաքելյանի՝ հանգստյան օրերի կրճատումը ոչ թե կնպաստի ՀՆԱ-ի աճին, այլ հակառակը, քանի որ ինչքան երկար ձգվի արձակուրդը, այնքան շատ կլինի առևտուրն ու ներքին տուրիզում տեղի ունեցող շրջանառությունը: Առաքելյանն առաջարկեց 5 աշխատանքային օրերի փոխարեն կրճատել 3-ը, որ նաև աշխատակիցների հանգստի իրավունքը լիարժեք պահպանվի: Վարչապետն առաջարկեց հարցի մասին վերջնական եզրակացություն չանել, հնարավորություն տալ, որ քննարկումը որպես հարց դրվի շրջանառության մեջ և քննարկվի:
12:17 - 15 ապրիլի, 2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է

 |armenpress.am|

Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան  Քերոբյանն ակնկալում է 2021-ին 2019-ի նկատմամբ ապահովել 2-3 տոկոս տնտեսական աճ: Նախարարն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան»-ից Կարեն Սիմոնյանի հարցին, թե ամեն ամիս քանի տոկոս տնտեսական աճ պետք է ապահովի ՀՀ տնտեսությունը, որ տարին ամփոփվի երկնիշ տնտեսական աճով: «Ես նույնիսկ ավելի հաստատակամ եմ իմ կարծիքում, որ երկնիշ տնտեսական աճը հասանելի նպատակ ու թիրախ է, որի ուղղությամբ ես և ամբողջ նախարարությունն աշխատում ենք»,-ասաց Քերոբյանը: Նախարարը նկատեց, որ 2019-ը Հայաստանի տնտեսության համար ամենալավ տարին է եղել: «Հիմա մեր թիրախը 2019-ի նկատմամբ ընդամենը 2-3 տոկոս տնտեսական աճն է, որի պարագայում մենք 2020 թվականի նկատմամբ կարձանագրենք մեր երկնիշ տնտեսական աճը»,-ասաց Քերոբյանը: Նա նշեց, որ եթե մարտին լինի 7.5 տոկոս տնտեսական աճ, ապրիլին՝ 20 տոկոս՝ հիշեցնելով, որ 2020-ի ապրիլին եղել է 17.5 տոկոս տնտեսական  անկում, և եթե այս տարվա հաջորդ ամիսներին 2019-ի համեմատ 2.5 տոկոս տնտեսական աճ ապահովվի, ապա 2020-ի նկատմամբ կգրանցվի երկնիշ տնտեսական աճ: «Մեր ունեցած ներքին ինֆորմացիան՝ բացվող բիզնեսների մասին, տարբեր ոլորտներում տեղի ունեցող ակտիվությունների վերաբերյալ, տալիս է այդ լավատեսությունը մեզ»,-ասաց նախարարը: Ավելի վաղ նախարարը նշել էր, որ իր թիրախը երկնիշ տնտեսական աճն է՝ 2020-ի համեմատ:
18:51 - 14 ապրիլի, 2021
Թուրքիայից ՀՀ որևէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվում՝ սկսած հունվարի 1-ից․ Էկոնոմիկայի փոխնախարար |tert.am|

Թուրքիայից ՀՀ որևէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվում՝ սկսած հունվարի 1-ից․ Էկոնոմիկայի փոխնախարար |tert.am|

tert.am: Թուրքիայից ՀՀ որևէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվում հունվարի 1-ից սկսած։ Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը՝ անդրադառնալով հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդվարդ Անդրեասյանի՝ ջերմոցային տնտեսությանն ու տեղական արտադրողներին վերաբերող հարցին։ «Ձմեռը բավականին սաստիկ է եղել, ջերմոցատերերը շատ են գազ օգտագործել, հիմա ունեն բերք, որն իրենց վրա բավականին թանկ է նստել և խնդիր ունեն Իրանից ու նաև Թուրքիայից ներկրվող լոլիկի, պղպեղի հետ կապված։ Ինչպե՞ս է պաշտպանվում մեր տեղական արտադրողը ու ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որ մարդիկ կարողանան սպառել բերքը»,-հետաքրքրվեց պատգամավորը։ Փոխնախարարը համաձայնեց՝ միանշանակ ճիշտ է, որ ձմեռը շատ սաստիկ է եղել, և գազի սպառումը միգուցե որոշ չափով բարձրացրել է ծախսն ու ապրանքի գինը։ «Հնարավոր է մինչև 20-30 օր նման պրոցես լինի, որովհետև թանկ ապրանքը վերջին ամիսներին ստացած ապրանքն է, դրանից հետո, քանի որ չկան գազի և այլ ծախսեր, եղանակային փոփոխությունները տեղի են ունեցել, այն գնային առումով դառնում  է ավելի գրավիչ»,-ասաց էկոնոմիկայի փոխնախարարը։
11:35 - 12 ապրիլի, 2021
Արման Խոջոյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է․ քննարկվել են գյուղոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

Արման Խոջոյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է․ քննարկվել են գյուղոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Պատվիրակության կազմում են՝ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, Մտավոր սեփականության գործակալության պետի պաշտոնակատար Քրիստինե Համբարյանը և արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը։ Այցի ընթացքում հայկական պատվիրակությանն ուղեկցում է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը։ Այցի շրջանակում ապրիլի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությանն ընդունել է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Օթար Շամուգիան։ Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանի գինու ազգային գործակալության նախագահ Լևան Մեխուզլան, Վրաստանի էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։ Հանդիպման նպատակն էր Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեության նախարարի տեղակալի հետ քննարկել տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև գտնել Վրաստանի տարածքով Հայաստանից դեպի այլ  երկրներ կոնյակի սպիրտ և գինի տեղափոխելու ընթացքում առաջացող, այդ թվում՝ մակնշմանն առնչվող խնդիրների լուծման ուղիները: Հաշվի առնելով խաղողի բերքահավաքը և վերամշակումը վերահսկելու հարցում Վրաստանի փորձը՝ օրակարգային թեմաներից էր նաև այս ուղղությամբ վերահսկման մակարդակը բարձրացնելու նպատակով համատեղ մեխանիզմների մշակումը: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ Մսխալի, Սապերավի և Ռքածիթելի խաղողի սորտերի փոխադրման ընթացքում խնդիրների վերացման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում խաղողի Կախեթ տեսակի արտադրությանն ու Վրաստանում Կախեթի աշխարհագրական անվանմանը։ Այս խնդրի առնչությամբ կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Վրաստանի Կախեթի տեղանվան պահպանման և, միաժամանակ, Հայաստանում արտադրվող Կախեթ խաղողի սորտի գինիների անխոչընդոտ վաճառքի հնարավորությունը։ Ապրիլի 6-ին հայկական պատվիրակությանն ընդունել է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեության նախարար Լևան Դավիթաշվիլին։ Հանդիպմանը քննարկվել է գյուղոլորտի տարբեր ճյուղերում երկկողմ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համատեղ ջանքերով քայլեր ձեռնարկել տարանցիկ գոտում իրականացվող ստուգումները դյուրացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում, ավելորդ խոչընդոտներից խուսափելու նպատակով, զրուցակիցները դիտարկել են նաև Վրաստանի տարածքով փոխադրումների կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը նախապես պատրաստելու հնարավորությունը։ Արծարծվել են խաղողի արժեշղթայի վերահսկողությանը, գինու կադաստրի ստեղծմանը, ֆերմերների ռեգիստրացիոն համակարգի ներդրմանը, ոռոգման արդիական համակարգերի կիրառմանն առնչվող և մի շարք այլ հարցեր։ Այցի ընթացքում հայկական պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի գինու ազգային գործակալություն, որտեղ քննարկվել են խաղողագործության և գինեգործության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։ Գյուղատնտեսության ոլորտում փորձի փոխանակման նպատակով առաջիկայում նախատեսվում է վրացական պատվիրակության այցը Հայաստան։  
12:43 - 07 ապրիլի, 2021