Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը |armenpress.am|

Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտարարությունն ունի հավելված: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Բաղդասարյանի հարցին: «Ոչ մի հավելված գոյություն չունի: Ինձ այսօր ասացին, որ ինչ-որ լուրեր կան, թե գոյություն ունեն ինչ-որ հավելվածներ»,- նշեց Փաշինյանը: Անդրադառնալով եռակողմ հայտարարության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումներ իրականացնելու վերաբերյալ մանրամասներ ներկայացնելու դիտարկմանը՝ Փաշինյանը նշեց, որ այդ հարցերի հրապարակային քննարկումը որևէ օգուտ այս պահին չի բերի: «Որևէ հրապարակային քննարկում ոչ մի օգուտ չի կարող բերել: Հասկանում եմ գայթակղությունը, որ մենք ուզում ենք բոլոր մանրամասներին անդրադառնալ: Ոչ մի խոչընդոտ չկա ԱԺ-ում դռնփակ նիստ հրավիրելու, որտեղ ես պատրաստ եմ բոլոր մանրամասներին անդրադառնալ»,- նշեց վարչապետը:
18:03 - 09 դեկտեմբերի, 2020
Փաշինյանն իր կամքով հրաժարական չի տալու, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարեցնել հանրային ճնշումը. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

Փաշինյանն իր կամքով հրաժարական չի տալու, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարեցնել հանրային ճնշումը. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանը չունի որևէ տարբերակ մնալու ՀՀ վարչապետի պաշտոնում, նա ասում էր՝ իմ հեռանալու հանրային պահանջ չկա, հիմա բացի մեր հարյուր հազարավոր հայրենակիցներից նրան հրաժարականի հորդորով դիմել են հոգևոր հայրերը, նրա հրաժարականի պահանջին են միացել ՀՀ 200 և ավելի համայնքներ և խոշոր քաղաքներ, որոնց թիվն ամեն օր ավելանալու է, միցել է ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, բազմաթիվ մտավորականներ: Այս մասին դեպի ԱԺ գնալու երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Հիմա ես ուզում եմ հարց հղել վարչապետի աթոռը բռնազավթածին՝ ո՞րն է հանրային պահանջը: Այսօր լկտիաբար նրա խբակցության պատգամավորներից մեկն ասել է՝  կաթողիկոսները ժողովուրդ չեն, բա ո՞րն է ժողովուրդը, էն որ երեկ բերել էիք հրապարակ, որը Ջեբրայիլն ու Քարվաճառն իրարից չէր տարբերում, հա՞»,- ասաց Զոհրաբյանը: Դիտարկմանը, թե կաթողիկոսների պահանջն աննախադեպ է, Զոհրաբյանն ասաց. «Այո, աննախադեպ է, որ կաթողիկոսները հանդես են եկել նման պահանջով, բայց դա ստիպում է երկրի շահը, այն իրավիճակը, որում հայտնվել է երկիրը, և դա մտահոգություն է  երկրի համար: Աննախադեպ է  նաև Նիկոլ Փաշինյանի ցինիզմը, աննախադեպ է ամեն գնով աթոռին կառչելու Փաշինյանի՝ ինձ համար անհասկանալի հոգեվիճակը: Ես իր ողբերգությունը հասկանում եմ: Ես հասկանում եմ, որ ինքը վստահաբար ամեն շանս և հնարավորություն ուներ պատմության մեջ մնալու իբրև իսկապես ժողովրդական առաջնորդ, իսկ այսօր հեռանում է որպես դավաճան, ես հասկանում եմ, որ ծանր է դա արձանագրելը, բայց դա փաստ է, որից Փաշինյանը չի կարող խուսանավել, դա այլևս պատմական փաստ է և ինչքան ինքը համառի, այնքան ժաանակը աշխատելու է իր և իր կողքը մնացած փոքր թիմի դեմ»: Դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է՝ իրեն իշխանության են բերել հարյուր հազարավոր քաղաքացիներ, իսկ այսօր տասնյակ հազարներն են հրաժարական ուզում, ուստի հանրային պահանջ չկա, Զոհրաբյանը պատասխանեց. «Ես ձեզ ասում եմ որպես Նիկոլ Փաշինյանին ճանաչող մարդ, եթե այսօր այստեղ նույնիսկ 3 մլն մարդ լինի, Նիկոլ Փաշինյանն իր կամքով հրաժարական չի տալու, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դադարեցնենք հանրային ճնշումը, ամեն օր լինելու է հանրային ճնշում, ամեն օր Նիկոլ Փաշինյանը պետք է տեսնի ու հասկանա, որ ՀՀ-ում օտար է և չունի իշխնություն»: Շարունակությունը՝ tert.am-ում
17:35 - 09 դեկտեմբերի, 2020
Իսկ ինչո՞ւ չեք պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ. վարչապետը՝ Մարուքյանին |1lurer.am|

Իսկ ինչո՞ւ չեք պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ. վարչապետը՝ Մարուքյանին |1lurer.am|

1lurer.am:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե իր հրաժարականն են պահանջում ՀՀ նախկին նախագահները, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժեր, Հայոց Եկեղեցու Հայրերը, մտավորականներ, հակադարձեց. «Իսկ ինչո՞ւ դուք և խորհրդարանական ուժերը չեք պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ ինչո՞ւ այդ քաղաքական ուժերը և էլիտայի ներկայացուցիչները անընդհատ առաջարկում են սցենարներ, որոնք ունեն մեկ նպատակ. ժողովրդին դուրս թողնել պրոցեսից, ընդ որում՝ անվերադարձ»: Ըստ Փաշինյանի՝ Մարուքյանի թվարկած ուժերն առաջարոկում են Հայաստանում ստեղծել անիշխանություն կամ խամաճիկային իշխանություն: «Առաջադրում են վարչապետւի թեկնածու, որը չունի ժողովրդի աջակցությունը, որը չունի հենարան խորհրդարանում, որը չունի հեռանկար՝ արժանանալու ժողովրդի աջակցությանը, որովհետև պայման է դրվում, որ այդ թեկնածուն պետք է ընտրություններին չմասնակցի ընդհանրապես: Հետևաբար, եթե այս պայմաններում տեղի ունենա փոփոխություն, և նշանակվի այդպիսի վարչապետ, որը չունի ոչ մի հենարան և ոչ մի աջակցություն, լեգիտիմության ոչ մի աղբյուր, ո՞ւմ վրա է հենվելու և ո՞ւմ է պատկանելու այդ իշխանությունը: Իհարկե, իշխանությունը պատկանելու է  այն ուժերին, որոնք նրան բերել ու այդ կարգավիճակին են հասցրել»,- ասաց Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ այն մեկ տարվա ընթացքում, որի մասին ասում է ընդդիմությունը, վերականգնվելու են ընտրակեղծարարության բոլոր հնարավոր մեխանիզմները: «Այդ մարդկանց 90 տոկոսը, ովքեր այսօր հրաժարականը պահանջում են, այն մարդիկ են, ովքեր 2018-ի հունիսից արդեն հրաժարական էին պահանջում: Հիմա դուք ասում եք պատերազմ, բայց եթե հետ նայեք պատերազմից առաջ, կտեսնեք, որ այդ ասելիքն ու կազմը չի փոխվել: Բայց իմ հարցը հետևյալն է, ինչո՞ւ չեն պահանջում, այդ թվում՝ դուք, արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-նշեց վարչապետը:
17:27 - 09 դեկտեմբերի, 2020
Առանձին վերցված խմբերի ձայները չշփոթենք ժողովրդի ձայնի հետ. Փաշինյանն` իր հրաժարականի կոչերի մասին |armenpress.am|

Առանձին վերցված խմբերի ձայները չշփոթենք ժողովրդի ձայնի հետ. Փաշինյանն` իր հրաժարականի կոչերի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առանձին վերցված խմբերի ձայները չշփոթել ժողովրդի ձայնի հետ: Այս մասին Փաշինյանն ասաց դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցին, թե ինչու վարչապետը հրաժարական չի ներկայացնում՝ անսալով ժողովրդի կոչերին: «Ժողովրդի անունից խոսելու հնարավորություն պետք է ունենա ժողովուրդը, մեր մեծագույն խնդիրն է այնպես անել, որ ժողովուրդը խոսելու, արտահայտվելու հնարավորություն ունենա և մենք առանձին վերցված խմբերի ձայները չշփոթենք ժողովրդի ձայնի հետ»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ իր և կառավարության մեծագույն անելիքը համարում է այնպես անելը, որ Հայաստանում ժողովրդի իշխանությունը որևէ վերնագրի ներքո վտանգի չենթարկվի:
16:55 - 09 դեկտեմբերի, 2020
Փաշինյանը վերջին «100 փաստում» մանիպուլացրել է աղետի գոտում բնակարաններով ապահովման տվյալները |fip.am|

Փաշինյանը վերջին «100 փաստում» մանիպուլացրել է աղետի գոտում բնակարաններով ապահովման տվյալները |fip.am|

fip.am: Այս տարվա հունվարի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապան քաղաքում լրագրողների հետ հանդիպմանը հերթական 100 փաստը ներկայացնելիս, խոսելով աղետի գոտու տուժած ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդրի մասին, հայտարարել էր, որ 2020 թ. կլուծվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 453 ընտանիքների բնակարանի խնդիրը։ «1989 թվականից ձգվող, կառավարության պարտավորության ամբողջական իրականացման նպատակով 2020 թ․ բյուջեում այս ուղղությամբ հատկացվող գումարներն ավելի քան 6 անգամ ավելացել են, և 2020 թ․ բնակարանների խնդրի վերջնական լուծման համար նախատեսվում է հատկացնել ևս 3 մլրդ դրամ։ Արդյունքում 2020-ին կլուծվի 453 ընտանիքի բնակարանի խնդիրը»,- հայտարարել էր վարչապետը։ Դեկտեմբերի 7-ին Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ այս տարի բնակարանով է ապահովվել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 229 ընտանիք։ «2020-ին այս խնդիրը լուծելու համար պետբյուջեից հատկացվել էր 3 մլրդ դրամ, որի շնորհիվ կառուցվել են կամ կառուցման տարբեր փուլերում են գտնվում 229 ընտանիքի բնակարաններ»,- նշեց Արզումանյանը։ Հաշվի առնելով, որ տարվա ընթացքում լուծվել է ընդամենը 229 ընտանիքի բնակարանի ապահովման խնդիրը, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ինչու՞ չի կատարվել տարվա սկզբին վարչապետի կողմից խոստացված 453 ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու խոստումը։ Նախապատմությունը Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու այս ծրագիրը մեկնարկել 2008 թվականին, որով պետությունը պարտավորություն էր ստանձնել բնակարանով ապահովել աղետի գոտու 5406 ընտանիքի։ Ըստ Տանյա Արզումանյանի՝ վերջին 3 տարում մնացել էր բացառապես գյուղական բնակավայրերի ընտանիքներին բնակարանով ապահովման հարցը։ Նախորդ տարի այս խնդրի լուծման համար պետբյուջեից հատկացվել էր 560 միլիոն դրամ, որի շրջանակում լուծվել էր 61 ընտանիքի բնակարանային խնդիր։ Ավարտին էին հասցվել նաև նախորդ տարիներից կիսատ մնացած 31 բնակարանի կառուցման աշխատանքները։ Արզումանյանի խոսքով՝ բնակարանի խնդիր ունեցող ընտանիքների շրջանում կատարված հարցման արդյունքում 227 ընտանիք բնակարանի կառուցման փոխարեն նախընտրել էր պետությունից ստանալ բնակարանի գնման վկայագրեր։  Այս նպատակով կառավարությունը 2019 թ․ նոյեմբերի 14-ի նիստում որոշում էր կայացրել պահուստային ֆոնդից մոտ 1․3 մլրդ դրամ հատկացնել Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետարաններին։ Այսպիսով, նախորդ տարի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու համար հատկացվել էր, ընդհանուր առմամբ, 1․85 միլիարդ դրամ, իսկ բնակարանով ապահովվել էր 319 ընտանիք Եվ, փաստացի, արդեն 2020-ին կառավարությունը պարտավորություն ուներ 226 ընտանիքի նկատմամբ, որոնք բնակարանի գնման վկայագրի փոխարեն նախընտրել էին կառուցել այն։ 2020-ին կատարված աշխատանքները Կառավարությունը աղետի գոտու տուժած ընտանիքների հանդեպ պարտավորությունը կատարելու նպատակով 2020 թ․ բյուջեով հատկացրել էր 3 միլիարդ դրամ։ Քանի որ նախորդ տարի 227 ընտանիքի բնակարանի գնման վկայագրերի տրամադրման որոշում արդեն իսկ կայացվել էր, արդյունքում չլուծված էր մնացել 226 ընտանիքի բնակարանների կառուցման հարցը, մինչդեռ Տանյա Արզումանյանի խոսքով՝ այս տարի կառուցվել կամ դեռևս կառուցման փուլում է 229 ընտանիքի բնակարան։ Քաղաքաշինության կոմիտեից Fip.am-ին հայտնեցին, որ նախորդ տարվա 226-ին ավելացած երեքն այն ընտանիքներն են, որոնք դատական կարգով ապացուցել էին, որ հանդիսանում են ծրագրի շահառու։ Վարչապետի մանիպուլյացիան Ինչպես նշեցինք վերևում, վարչապետն այս տարվա սկզբին հայտարարել էր առաջիկա տարում 453 ընտանիքներին բնակարանով ապահովելու մասին, որի համար բյուջեից հատկացվել էր 3 մլրդ դրամ։ Մինչդեռ, ինչպես պարզվեց, այդ ընտանիքների կեսի դեպքում նախորդ տարվա բյուջեից 1․3 մլրդ դրամ արդեն իսկ հատկացվել էր և այս տարվա բյուջեով հատկացված գումարը ուղղվելու էր անօթևան ընտանիքների մյուս կեսի բնակարանների կառուցմանը։ Վարչապետը 227 ընտանիքի բնակարանով ապահովելու լուծված հարցը ներկայացրել է և՛ արդեն իսկ կատարված աշխատանքների ցանկում, և՛ 2020-ին կատարվելիք աշխատանքների ցանկում։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանի մեկ այլ պնդմամբ՝ նախկինում բնակարաններով էին ապահովվել չնչին թվով ընտանիքներ։ «Նախկինում յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովվել է 40-45 աղետից տուժած ընտանիք։ Այսինքն՝ 10 անգամ ավելանում է այդ ծավալը»,- հայտարարել էր վարչապետը։ Մինչդեռ, ինչպես ներկայացրել է Կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը և հայտարարել է Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը, ծրագրի մեկնարկից մինչև 2017 թվականը ներառյալ, բնակարաններով են ապահովվել 4838 ընտանիք, այսինքն տարեկան միջինում 483 ընտանիք։ Ինչը մոտ տասն անգամ ավելին է, քան Նիկոլ Փաշինյանի հայտարարած ցուցանիշը։ Ամփոփելով՝ փաստենք, որ տարեսկզբին վարչապետի կողմից հայտարարված՝ 453 ընտանիքներին բնակարանով ապահովման մասին հայտարարությունը թեև ճիշտ է, սակայն դրա կեսի ֆինանսավորումն արդեն իսկ կատարվել էր նախորդ տարի, իսկ նախկինում յուրաքանչյուր տարի 40-45 ընտանիքի բնակարանով ապահովելու մասին հայտարարությունը կեղծ էր և նվազեցված ավելի քան 10 անգամ։ Սևադա Ղազարյան
15:22 - 09 դեկտեմբերի, 2020
Ապարանի շրջանի համայնքների բնակիչները գյուղապետերից պահանջում են հանդես չգալ վարչապետի հրաժարականի կոչով |armenpress.am|

Ապարանի շրջանի համայնքների բնակիչները գյուղապետերից պահանջում են հանդես չգալ վարչապետի հրաժարականի կոչով |armenpress.am|

armenpress.am: Ապարան քաղաքի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել` պահանջելով համայնքի ղեկավարներից իրենց անունից հանդես չգալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կոչով: Բնակիչներից մեկն ասաց, որ իրենք պայքարում են պետության և պետականության համար, որի հիմքերը փորձում են համայնքապետները խաթարել: «Համայնքապետերն իրենց կարծիքն են հայտնել, ժողովրդի անունից ոչինչ չկա: Որևէ մեկին չեն հարցրել, թե արդյոք ցանկանում ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա պաշտոնից: Մենք մեր վարչապետի հետ ենք և վարչապետին էլ խորհուրդ ենք տալիս, որպեսզի մեկ քայլ հետ չգնա»,- ասաց Ապարանի բնակիչներից մեկը:Բնակչերին մոտեցավ Շենավան համայնքի ղեկավարը և ասաց, որ իր կողմից թյուրիմացություն է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարական պահանջելը, որի համար զղջում է և ներողություն խնդրում: «Մեր գյուղը միշտ եղել է Նիկոլի հետ և Նիկոլի կողքին, որտեղ ժողովուրդը, այնտեղ ես»,- ընդգծեց Շենավան համայնքի ղեկավարը:
13:19 - 09 դեկտեմբերի, 2020
Սպիտակ համայնքի ղեկավարն ավագանու անդամների հետ միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Սպիտակ համայնքի ղեկավարն ավագանու անդամների հետ միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Լ ոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը ավագանու անդամների հետ միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։ «Սիրելի՛ հայրենակիցներ Մենք՝ Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանս, համայնքի ավագանու անդամներ Կարեն Մխիթարյանս, Մկրտիչ Շուշանյանս, Սարգիս Թամամյանս, Գրիգոր Նազարյանս, Տիգրան Հակոբյանս, Համլետ Պողոսյանս, վերլուծելով մեր երկրում առկա ներկայիս վիճակը, աղետալի վտանգները, այն է՝   Անհեռատես քաղաքականություն Տապալված դիվանագիտություն Պարտված պատերազմ Կապիտուլացիոն հայտարարություն կոչված անորոշ փաստաթուղթ Մեր զավակների արյան գնով պաշտպանած հայրենիքի կորսված մաս Վտանգված, անորոշ ու անհուսալի հայրենիքի սահմաններ Հարյուրավոր գերիներ ու անհետ կորածներ, բազմաթիվ զոհեր ու վիրավորներ Հայրենիքի ավերված բնակավայրեր ու հազարավոր փախստականներ Արժեքների փոխակերպում եւ ապազգային արժեքային համակարգ Ապագայի նկատմամբ հավատի կորուստ Այս ամենի հետ ՝ մեղավորների եւ դավաճանների նկատմամբ  խիստ հակասական մեկնաբանություններ (եւ սա դեռ ամբողջը չէ), միանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին եւ կոչ անում նաեւ մեր համաքաղաքացիներին միանալ հրաժարականի պահանջին եւ հայրենիքի առջեւ ծառացած լրջագույն ու չափազանց բարդ խնդիրները լուծելու նպատակով ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու նախաձեռնությանը: Կառավարություն, որը կազմված կլինի հայրենիքի ճակատագրով մտահոգված գործիչներից, պրոֆեսիոնալ մասնագետներից, կհամախմբի հասարակությունը,  որն իզորու կլինի հնարավոր սեղմ ժամկետներում կազմակերպել ու անցկացնել ազատ, արդար ընտրություններ եւ կգործի հանուն  Հայաստանի եւ Արցախի ժողովրդի»,- նշվում է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։
15:32 - 08 դեկտեմբերի, 2020
Ժիրայր Լիպարիտյան․ Ի՞նչ խնդիր են լուծում Վազգեն Մանուկյանը և 17-ը․ Ութ հարց և ութ պատասխան |armenpress.am|

Ժիրայր Լիպարիտյան․ Ի՞նչ խնդիր են լուծում Վազգեն Մանուկյանը և 17-ը․ Ութ հարց և ութ պատասխան |armenpress.am|

armenpress.am: 1991-1997 թթ.  ՀՀ նախագահի ավագ խորհրդական, պատմաբան, պրոֆեսոր, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը անդրադարձել է հարցին, թե ինչ խնդիր են լուծում Վազգեն Մանուկյանը և 17 կուսակցությունը։«Փորձում եմ մտածել. ի՞նչ խնդիր են լուծում Վազգեն Մանուկյանն ու իր 17 դաշնակիցները։ 1․ Արդյոք լուծո՞ւմ են նոյեմբերի 10-ի հայտարարության ստեղծած իրավիճակը: Ոչ, որովհետև Վազգեն Մանուկյանը լեզվական ճարպկությամբ լոկ խաղում է ժողովրդի սրտի լարերի հետ։ «Մենք չեն հաշտվի այդ հայտարարության հետ» ասելուց անմիջապես հետո նա ասում է. «Մենք չենք կարող հրաժարվել դրանից»։ 2․ Արդյոք նրանք լուծո՞ւմ են զոհված ու վիրավոր զինվորների հետ կապված հարցերն ու նրանց ընտանիքների ծանր խնդիրները: Ոչ մի փաստ չկա, որ նրանք մտահոգ են այդ հարցերով, որ նրանք տարբեր մոտեցում են ունենալու, քան որևէ մեկը, որն իշխանության մեջ է։ Նրանք օգտագործում են այդ ընտանիքների և ընդհանրապես մեր ժողովրդի անասելի ծանր վիշտն ու բարկությունը, ինչպես նաև ժողովրդի մի մասի հուսախաբությունը ժողովրդավարությունից՝ հասնելու համար իշխանության: Հասնել նրան, ինչին ժողովրդի քվեով չկարողացան հասնել։ Դա է եղել պատմության մեջ իշխանության հասնելու հիտլերների ճանապարհը։ 3․ Արդյոք լուծո՞ւմ են իշխանության օրինակարգ փոփոխության խնդիրը: Ոչ, պարզապես պահանջում են, որ իշխանությունը Մանուկյանին հանձնվի և վերջ։ 4․ Արդյոք լուծո՞ւմ են վտանգված ժողովրդավարության խնդիրը: Ոչ, որովհետև Մանուկյանի պատկերացմամբ՝ վարչապետն ու իր թիմը, այսինքն՝ կառավարությունն ու Ազգային ժողովը պետք է հեռանան և իշխանությունը Մանուկյանին հանձնեն, իր խոսքով՝ մի տարի ժամանակով, առանց նոր ընտրությունների։ Արդեն տեսնում ենք անհանդուրժողականության նախանշանները, երբ Մանուկյանը այլ պետությունների գործակալ, այսինքն՝ դավաճան է հռչակում ժողովրդի մեկ կարևոր մասին, նրանց, ովքեր իր և իր ընկերների հետ համաձայն չեն։ Եվ նա խոսում է նրանց «մաքրելու մասին»։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է սա նշանակում: 5․ Արդյոք լուծո՞ւմ է քաղաքական օրինակարգության հարցը: Ոչ, որովհետև իրենք իշխանություն են պահանջում իրե՛նց համար, այլապես «գազազած» մարդկանց հրավիրում են վարչապետ «հոշոտելու»: 6․ Արդյոք լուծո՞ւմ են հարցը՝ Արցախի և արցախցիների համար փրկելու այն, ինչը տակավին կարելի է փրկել նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո: Ոչ. թեև Մանուկյանն ասում է՝ դա է անելու, սակայն ոչ մի քննադատության չի ենթարկում իր և իր դաշնակիցների մտայնությունը, որի հետևանքով հասանք այս պատերազմին։ Նա և իր 17-ի ընկերները այս՝ քսանից ավելի տարիների ընթացքում ստեղծել են Ղարաբաղյան խնդիրը լուծելու մի քսղաքականություն, որով իրենց հույսը՝ խաղաքարտը դրել են պատերազմի՛ վրա, և ո՛չ խաղաղության, կամ աջակցել են այդ մտայնությանը: Ոչ մի պատճառ չկա այժմ մտածելու, որ սրանից հետո տարբեր արդյունքի են հասցնելու մեր խնդիրը։ Նա Հայաստանի դիվանագիտությունը ի սկզբանե ձախողության է դատապարտում։ Դրա գինը կարող է լինել նաև մնացյալի կորուստը։ 7․ Արդյոք այս պատերազմից և պատմական մասշտաբի պարտությունից հետո նրանք դաս չե՞ն քաղել:  Թերևս քաղել են, սակայն ո՛չ այն դասը, որ մնացյալներիս համար հստակ է։ Ինչպես նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն էին արել անցյալ օգոստոսին, Վազգեն Մանուկյանը և իր ընկերներն այժմ իրենց  պատերազմն են հռչակում Թուրքիայի դեմ, երբ Մանուկյանը հայտարարում է, թե Հայաստանը միանալու է Թուրքիայի դեմ կազմվող պետությունների որևէ խմբի։ Ընդհանուր գծերով՝ Թուրքիան գործում է Ռուսաստանի հետ։ Թուրքիան անսակարկ դաշնակիցն է և գլխավոր զորակցողը՝ Ադրբեջանի։ Ո՞ր երկրների հետ է բանակցելու կամ հաշվի նստելու Մանուկյանը, որպեսզի նոյեմբերի 10-ի հայտարարությունից առավելագույն օգուտը ստանանք։ Շվեյցարիայի՞։ Մանուկյանի և իր ընկերների մոտ ոչ մի նշույլ չկա զգոնության և իմաստնության, որոնք անհրաժեշտ են այս կացությունից դուրս գալու համար։ Ընդհակառակը. տեսնում ենք, որ փոխանակ անցյալի սխալներն ընդունելու, առավել  խորանալով այդ սխալների մեջ՝ փորձում են ցույց տալ, որ իրենք սխալ չեն գործել։  Եվ դա սկսում են պատմության ու նույնիսկ անմիջական անցյալի դեպքերի նենգափոխությամբ։ 8․ Արդյոք պետականության ուժեղացման խնդի՞րն են լուծում: Ի՞նչ ճանապարհով են ուզում այդ «ուժեղացումը» իրագործել, երբ առաջարկում են անտեսել Սահմանադրությունը, Ազգային ժողովը և մենատիրություն հաստատել։ Վազգեն Մանուկյանն ու իր 17 գործակիցները այս հարցերից ոչ մեկը չեն լուծում։ Թե ինչ հարց են լուծում, թողնում եմ ընթերցողի դատողությանը։ Եթե ճիշտ է, որ վարչապետ Փաշինյանը պետք է հեռանա, ապա դա չի նշանակում որ նրա պաշտոնը պետք է ստանձնի մեկը կամ մի խումբ, որը ոչ միայն արտաքին քաղաքականության դաշտում արկածախնդրությունից բացի այլ բան չի անելու, այլև նվազագույն հարգանքը չունի Սահմանադրության, պետական կառույցների և ժողովրդավարության նկատմամբ։ Պատմության մեջ ամենամեծ վնասը հասցրել են նրանք, ովքեր գործել են որպես «փրկիչներ» և «ժողովրդի ցավը ապրողներ», և ովքեր այդ «զգացմունքի» հիման վրա էլ իշխանություն են պահանջել ու ստանալուց հետո այն ի չարն օգտագործել»։
15:00 - 08 դեկտեմբերի, 2020
Վարչապետի մոտ քննարկվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետագա գործունեության «ճանապարհային քարտեզը»

Վարչապետի մոտ քննարկվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետագա գործունեության «ճանապարհային քարտեզը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Վարչապետը հիշեցրել է, որ հիմնադրամն այն հիմնական գործիքն է, որով պետք է ապահովվեն հայրենիքի պաշտպանության համար զոհված, հաշմանդամություն ստացած և անհետ ճանաչված մեր զինվորների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը: «Մենք այսօր պիտի քննարկենք հիմնադրամի հետագա գործունեության «ճանապարհային քարտեզը» և հասկանանք, թե այստեղ ինչ անելիքներ ունի կառավարությունը, ինչ անելիքներ ունի Կենտրոնական բանկը և ինչպիսի հարցեր են, որոնք մենք պետք է առաջիկայում լուծենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը մանրամասն ներկայացրել է «ճանապարհային քարտեզով» նախատեսվող միջոցառումները, որոնք միտված են հիմնադրամ ներգրավվող միջոցների ընդլայնմանը, շահառուների առջև ստանձնված պարտավորությունների արդյունավետ կատարմանը, բարերարների հետ աշխատանքին, կազմակերպչական խնդիրների լուծմանն ու կարգավորմանը: Ներկայացված կետերի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչեցվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է շահառուներին արագ և արդյունավետ սպասարկելու նպատակով հիմնադրամի ռեսուրսների ավելացման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացումը: Այս համատեքստում կառավարության ղեկավարը տվել է կոնկրետ հանձնարարականներ:
14:38 - 08 դեկտեմբերի, 2020
Գարեգին Բ-ն հորդորում է Նիկոլ Փաշինյանին վայր դնել վարչապետի լիազորությունները

Գարեգին Բ-ն հորդորում է Նիկոլ Փաշինյանին վայր դնել վարչապետի լիազորությունները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել ուղերձով Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը ստորև. «Սիրելի զավակներ մեր ի հայրենիս և ի սփյուռս, Պատերազմի արհավիրքից հետո ցավի, մտահոգության և տագնապի ծանր օրեր ենք ապրում։ Հազարավոր մեր հերոս զավակների նահատակությունը, պատմական Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը, պատերազմի աղետալի հետևանքները և արտաքին վտանգի առավել մեծ սպառնալիքը ալեկոծել են մեր հոգիները, խաթարել համերաշխությունը և ազգային միասնականությունը հայրենիքում ու սփյուռքում։ Ստեղծված ծանր իրադրությունը և ներքաղաքական խորը ճգնաժամը նոր վտանգների առջև է կանգնեցրել հայրենի մեր երկիրը՝ կենսական դարձնելով հառնած լրջագույն մարտահրավերների հրատապ լուծման անհրաժեշտությունը։ Օրեցօր բարդացող իրավիճակի առնչությամբ քննարկումներ ենք անցկացրել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց դասի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ։ Հանդիպումներ ենք ունեցել նաև Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, քաղաքական ու ազգային զանազան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Համընդհանուր համոզումն է, որ օրհասական այս կացությունը պետք է իր հանգուցալուծումը գտնի բացառապես սահմանադրական ճանապարհով, ազգային համերաշխության ու ողջախոհության պայմաններում։ Հայրենի մեր երկրում տեղ գտնող տագնապալից զարգացումներին և առկա մտահոգություններին ընդառաջ՝ Մենք հանդիպում ունեցանք նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանի հետ։ Թելադրված երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով՝ հայրաբար հորդորեցինք հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները։ Այս առումով նաև կոչ ենք ուղղում Ազգային ժողովին՝ մեր հայրենիքի համար այս վճռորոշ պահին գործել ամենայն պատասխանատվությամբ, ականջալուր լինել հանրության լայն շրջանակների կողմից հնչող պահանջներին և քաղաքական ուժերի հետ համախորհուրդ ընտրել նոր վարչապետ ու ձևավորել ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն։ Միայն հանրային վստահություն ունեցող և արհեստավարժ անձերից կազմված կառավարությունն է, որ կարող պիտի լինի կարգավորել մեր ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները, վերականգնել ազգային համերաշխությունն ու միասնականությունը և կազմակերպել անվիճարկելի անհրաժեշտություն ներկայացնող խորհրդարանական արտահերթ ընտրությունները։ Հայրական Մեր պատգամն ենք բերում հավատավոր մեր ժողովրդին, իշխանություններին և ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ դժվարին այս օրերին զերծ մնալ բռնություն հրահրող և ատելություն սերմանող արտահայտություններից ու գործողություններից։ Ազգովին համախումբ ջանք և ներդրում բերենք առկա ճգնաժամի հաղթահարմանն ի նպաստ։ Մեր նահատակ հերոսների վառ հիշատակը և նրանց նվիրական տեսիլքները իրագործելու սրբազան ուխտը մեր սրտերում՝ միաբանվենք ու գործենք հանուն մեր հայրենիքի լուսավոր գալիքի, հանուն մեր ժողովրդի խաղաղ, ապահով ու բարօր կյանքի։ Աստված պահապան և օգնական մեր ժողովրդին և հայրենիքին»։
13:15 - 08 դեկտեմբերի, 2020