Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Թուրքիայից ՀՀ որևէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվում՝ սկսած հունվարի 1-ից․ Էկոնոմիկայի փոխնախարար |tert.am|

Թուրքիայից ՀՀ որևէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվում՝ սկսած հունվարի 1-ից․ Էկոնոմիկայի փոխնախարար |tert.am|

tert.am: Թուրքիայից ՀՀ որևէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվում հունվարի 1-ից սկսած։ Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը՝ անդրադառնալով հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդվարդ Անդրեասյանի՝ ջերմոցային տնտեսությանն ու տեղական արտադրողներին վերաբերող հարցին։ «Ձմեռը բավականին սաստիկ է եղել, ջերմոցատերերը շատ են գազ օգտագործել, հիմա ունեն բերք, որն իրենց վրա բավականին թանկ է նստել և խնդիր ունեն Իրանից ու նաև Թուրքիայից ներկրվող լոլիկի, պղպեղի հետ կապված։ Ինչպե՞ս է պաշտպանվում մեր տեղական արտադրողը ու ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որ մարդիկ կարողանան սպառել բերքը»,-հետաքրքրվեց պատգամավորը։ Փոխնախարարը համաձայնեց՝ միանշանակ ճիշտ է, որ ձմեռը շատ սաստիկ է եղել, և գազի սպառումը միգուցե որոշ չափով բարձրացրել է ծախսն ու ապրանքի գինը։ «Հնարավոր է մինչև 20-30 օր նման պրոցես լինի, որովհետև թանկ ապրանքը վերջին ամիսներին ստացած ապրանքն է, դրանից հետո, քանի որ չկան գազի և այլ ծախսեր, եղանակային փոփոխությունները տեղի են ունեցել, այն գնային առումով դառնում  է ավելի գրավիչ»,-ասաց էկոնոմիկայի փոխնախարարը։
11:35 - 12 ապրիլի, 2021
Արման Խոջոյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է․ քննարկվել են գյուղոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

Արման Խոջոյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է․ քննարկվել են գյուղոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Պատվիրակության կազմում են՝ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, Մտավոր սեփականության գործակալության պետի պաշտոնակատար Քրիստինե Համբարյանը և արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը։ Այցի ընթացքում հայկական պատվիրակությանն ուղեկցում է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը։ Այցի շրջանակում ապրիլի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությանն ընդունել է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Օթար Շամուգիան։ Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանի գինու ազգային գործակալության նախագահ Լևան Մեխուզլան, Վրաստանի էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։ Հանդիպման նպատակն էր Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեության նախարարի տեղակալի հետ քննարկել տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև գտնել Վրաստանի տարածքով Հայաստանից դեպի այլ  երկրներ կոնյակի սպիրտ և գինի տեղափոխելու ընթացքում առաջացող, այդ թվում՝ մակնշմանն առնչվող խնդիրների լուծման ուղիները: Հաշվի առնելով խաղողի բերքահավաքը և վերամշակումը վերահսկելու հարցում Վրաստանի փորձը՝ օրակարգային թեմաներից էր նաև այս ուղղությամբ վերահսկման մակարդակը բարձրացնելու նպատակով համատեղ մեխանիզմների մշակումը: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ Մսխալի, Սապերավի և Ռքածիթելի խաղողի սորտերի փոխադրման ընթացքում խնդիրների վերացման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում խաղողի Կախեթ տեսակի արտադրությանն ու Վրաստանում Կախեթի աշխարհագրական անվանմանը։ Այս խնդրի առնչությամբ կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Վրաստանի Կախեթի տեղանվան պահպանման և, միաժամանակ, Հայաստանում արտադրվող Կախեթ խաղողի սորտի գինիների անխոչընդոտ վաճառքի հնարավորությունը։ Ապրիլի 6-ին հայկական պատվիրակությանն ընդունել է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեության նախարար Լևան Դավիթաշվիլին։ Հանդիպմանը քննարկվել է գյուղոլորտի տարբեր ճյուղերում երկկողմ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համատեղ ջանքերով քայլեր ձեռնարկել տարանցիկ գոտում իրականացվող ստուգումները դյուրացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում, ավելորդ խոչընդոտներից խուսափելու նպատակով, զրուցակիցները դիտարկել են նաև Վրաստանի տարածքով փոխադրումների կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը նախապես պատրաստելու հնարավորությունը։ Արծարծվել են խաղողի արժեշղթայի վերահսկողությանը, գինու կադաստրի ստեղծմանը, ֆերմերների ռեգիստրացիոն համակարգի ներդրմանը, ոռոգման արդիական համակարգերի կիրառմանն առնչվող և մի շարք այլ հարցեր։ Այցի ընթացքում հայկական պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի գինու ազգային գործակալություն, որտեղ քննարկվել են խաղողագործության և գինեգործության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։ Գյուղատնտեսության ոլորտում փորձի փոխանակման նպատակով առաջիկայում նախատեսվում է վրացական պատվիրակության այցը Հայաստան։  
12:43 - 07 ապրիլի, 2021
Տաշքենդում քննարկվել է ավիացիոն արդյունաբերության ոլորտում ԵԱՏՄ երկրների միջև համագործակցության ակտիվացման հարցը

Տաշքենդում քննարկվել է ավիացիոն արդյունաբերության ոլորտում ԵԱՏՄ երկրների միջև համագործակցության ակտիվացման հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 3-րդ նիստի աշխատանքներին: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  «Իննոպրոմ․ մեծ արդյունաբերական շաբաթ Ուզբեկստանում» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ապրիլի 5-ին կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստի մասնակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական համագործակցության տեմպը բարձրացնելու խնդիրը: Նիստի օրակարգի առանցքային հարցը ավիացիոն արդյունաբերության ոլորտում ԵԱՏՄ երկրների միջև համագործակցության ակտիվացումն էր: «Այս ոլորտում մեր երկրների ձեռնարկությունների ներուժը շատ մեծ է, և այն պետք է ամբողջությամբ իրացվի: Ռուսական կողմից նախաձեռնություն կար` Միության շրջանակներում ստեղծել համատեղ հանձնաժողով` օտարերկրյա և բարձր տեխնոլոգիական արտադրանքի ներմուծման փոխարինման հարցով: Դա անհրաժեշտ է, որպեսզի մեր երկրները կարողանան զարգացնել ինչպես արտադրական, այնպես էլ օդային փոխադրումների ոլորտը: Նման հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առաջարկներն արդեն ուղարկվել են Ռուսաստանի կառավարություն», - նշել է ԵՏՀ  արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը։ Նա նաև տեղեկացրել է ԵՏՀ հարթակում գործող արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի ներքո ավիացիոն արդյունաբերության  ոլորտում ճյուղային փորձագիտական խումբ ստեղծելու մասին: Ներկայումս Միության երկրները պատրաստում են իրենց առաջարկները՝ Հանձնաժողով ներկայացնելու համար: Մասնավորապես, այս տարվա փետրվարին ԵԱՏՄ շրջանակում ավիացիոն արդյունաբերության ոլորտում համագործակցության խթանմանն ուղղված իր նախաձեռնություններն է ներկայացրել Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը: Այժմ կողմերն աշխատում են այդ առաջարկների վրա: «Այս աշխատանքի հիմնական նպատակը, կարծում եմ, ակնհայտ է. մեզ համար սկզբունքորեն կարևոր է զարգացնել մեր իրավասությունները, ստեղծել աշխատատեղեր և ընդլայնել արտադրությունը: Ուստի ներմուծման արտոնությունները, մեր կարծիքով, պետք է տրամադրվեն բացառապես այն ապրանքների համար, որոնց պակասը կա Միությունում», - շեշտել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, նշել է, որ գլոբալիզացիայի ներկայիս ժամանակաշրջանում աճում է պետությունների փոխկապակցվածության աստիճանը կենսագործունեության բոլոր ոլորտներում, և այս համատեքստում տարածաշրջանային միությունների դերակատարումը գնալով նույնպես մեծանում է․ «Այսօր մենք կարող ենք քննարկել մեր տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու բարելավմանն ուղղված հետագա քայլերը։ Արդյունաբերական քաղաքականության խորհուրդը արդյունավետ հարթակ է մեր համատեղ աշխատանքի միջանկյալ արդյունքների ամփոփման համար և մեր արդյունաբերական քաղաքականության համակարգման գործում կարևոր նախաձեռնությունների հիմք է հանդիսանում։ Մեզ սպասում է ծավալուն համատեղ աշխատանք փոխգործակցության բոլոր ոլորտներում, մասնավորապես` կոոպերացիոն համագործակցության ընդլայնման, դեպի երրորդ երկրներ մեր ապրանքների առաջմղման, ԵԱՏՄ տարածքում ապրանքների, ծառայությունների և աշխատուժի տեղաշարժի խոչընդոտների ու սահմանափակումների հաղթահարման, մաքսային համագործակցության, տեխնիկական կարգավորումների թվայնացման ուղղությամբ։ Գիտատեխնիկական առաջընթացն ավելի ու ավելի է կանխորոշում արդյունաբերական ձեռնարկությունների զարգացման աստիճանն ու արագությունը: Այն ընդգրկում է նորարարության գործընթացի բոլոր օղակները։ Արտադրական ծախսերի մակարդակի վրա գիտատեխնիկական առաջընթացի ազդեցությունը մեծացնելու միտումը ավելի ու ավելի արդիական է դառնում մեր երկրների համար: Այս առումով մենք դրական ենք գնահատում արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակների համար ԵԱՏՄ անդամ պետությունների համատեղ կանխատեսվող պահանջարկի և առաջարկի հաշվարկման մեթոդաբանության մշակումը, որի հիման վրա հնարավորություն կունենանք պարզելու գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքների անհրաժեշտությունը՝ առաջարկի և պահանջարկի հավասարակշռությանը հասնելու նպատակով: Մենք ակնկալում ենք, որ մեր համատեղ փաստաթուղթը` «Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները մինչև 2025թ»․ ԵԱՏՄ անդամ երկրներին հնարավորություն կընձեռի որակապես նոր փոխգործակցություն ծավալել` համաշխարհային շուկայում արդյունավետ մտավոր և մրցակցային արդյունաբերություն կառուցելու համար», - ասել է Վահան Քերոբյանը: Նիստի մասնակիցները քննարկել են «Ներդրումային նախագծեր» թվային հարթակի ստեղծումը, որն անհրաժեշտ է Միությունում արդյունաբերական կոոպերացիայի խորացման համար, ինչպես նաև պայմանավորվել են մշակել միջնաժամկետ ծրագրային փաստաթուղթ ` ռազմավարական կարևոր դեղորայքով ԵԱՏՄ երկրների ապահովման մակարդակը բարձրացնելու համար և հանձնարարել են  Հանձնաժողովին `այս հարցի քննարկումը կազմակերպել Միության պետությունների ղեկավարների մակարդակով: Կողմերը միակարծիք էին, որ COVID-19 համավարակի շրջանում նշված խնդրի  կատարումը առանձնահատուկ նշանակություն ունի: Նիստի ընթացքում հավանության է արժանացել «Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները մինչև 2025 թվականը» նոր ռազմավարական փաստաթղթի նախագիծը: Այն կօգնի հաղթահարել այնպիսի լուրջ մարտահրավերներ, ինչպիսիք են աճող մրցակցությունը և տեխնոլոգիական հետամնացությունը: Բացի այդ, կողմերը քննարկել են Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) մասնակցությամբ ԵԱՏՄ երկրների կոոպերացիոն ծրագրերի ֆինանսավորման հնարավոր գործիքները: ԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն համագործակցում են համակարգված հիմունքներով: Նախագծային պորտֆելն ընդլայնելու համար ֆինանսավորման նվազագույն շեմն իջեցվել է 30 մլն ԱՄՆ դոլարից մինչև 10 մլն ԱՄՆ դոլար, մշակվել է տոկոսադրույքների իջեցման հարցը, ինչն արտացոլված է ԵԱԶԲ-ի՝ 2018- 2022 թվականների ռազմավարության մեջ: ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը հայտարարել է  ԵԱՏՄ միջպետական ծրագրերի ֆինանսավորման հեռանկարների մասին: «Մեր երկրներն ավանդաբար կապված են հազարավոր արտադրական շղթաներով և ընդհանուր ենթակառուցվածքներով, որոնք կազմում են եվրասիական տնտեսական ինտեգրման հիմքը: Համագործակցության այս ներուժի պահպանումը, զարգացումը և ընդլայնումը բանկի գործունեության առանցքային խնդիրներից մեկն է: Աշխատանքի այս մասով մենք պատրաստ ենք սերտ համագործակցության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի հետ: Նման փոխգործակցության խոստումնալից ձև կարող է հանդիսանալ ԵԱՏՄ միջպետական ծրագրերի և նախագծերի ֆինանսավորումը, որոնք համապատասխանում են բանկի առաքելությանը », - ասել է Նիկոլայ Պոդգուզովը: Նա նաև նշել է, որ որոշ դեպքերում  ԵԱԶԲ-ն կարող է աջակցել արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի իրականացմանը` ընկերությունների բաժնետիրական կապիտալում անմիջական մասնակցության միջոցով, նախաձեռնողների հետ լիովին կիսելով նախագծի ռիսկերը:
10:40 - 07 ապրիլի, 2021
Հայաստանում կկառուցվի կայուն ենթակառուցվածքներով, ծախսաարդյունավետ ռեսուրսներով, էկոլոգիապես մաքուր համայնք

Հայաստանում կկառուցվի կայուն ենթակառուցվածքներով, ծախսաարդյունավետ ռեսուրսներով, էկոլոգիապես մաքուր համայնք

Ապրիլի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Աբովյան համայնք՝ տեղում ծանոթանալու «Կառուցիր Հայաստան» նախագծի շրջանակում արտադրական ազատ գոտու ստեղծման և կայուն համայնքի հիմնադրման ծրագրերին, ինչպես նաև քննարկելու համագործակցության շրջանակները։   Աբովյանի քաղաքապետարանում, Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի և Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի ներկայությամբ, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և «Հայփրոսփեքթ» ՓԲԸ-ի տնօրեն, «Կառուցիր Հայաստան» ծրագրի համակարգող Սևակ Արծրունին ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Հայփրոսփեքթ» ՓԲԸ միջև փոխըմբռնման հուշագիր «Հայաստանում կայուն համայնքաշինության և «Կառուցիր Հայաստան» ծրագրի իրագործման խրախուսման մասին»։     Վահան Քերոբյանն իր խոսքում նշել է, որ հուշագրով էկոնոմիկայի նախարարությունը պարտավորվում է իր աջակցությունը ցուցաբերել, որպեսզի «Հայփրոսփեքթ» ՓԲ ընկերությունը կառուցի մեծ արդյունաբերական և բնակելի համալիր, որտեղ պետք է հանգրվանեն բազմաթիվ բիզնեսներ, կրթական հաստատություններ և մարդիկ։ Էկոնոմիկայի նախարարը ծրագիրը շատ առաջադեմ է համարել և խնդրել է Սևակ Արծրունուն հակիրճ ներկայացնել այն։ Սևակ Արծրունին  տեղեկացրել է, որ ծրագիրը գտնվում է մեկնարկային փուլում․ արդեն ձեռք է բերվել հողի զգալի մասը՝ մոտ 70 հա,  և մեկնարկել է լոգիստիկ աշխատանքը՝ կառուցվում են գրասենյակներ, սկսվել են հողային աշխատանքները և շինարարական բազայի տեղադրումը, որից հետո, ինչպես նախատեսվել է, անմիջապես սկսվելու են արտադրական գոտու հողային աշխատանքները։ Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ պատրաստ կլինեն արդյունաբերական գոտու ենթակառուցվածքները։ Ներկա դրությամբ 6 մլն դոլարի ներդրում է կատարվել ծրագրի մեջ։ Մինչև տարեվերջ ներդրումները կգնահատվեն 20-ից մինչև 30 մլն դոլար։ Ընդհանուր ծրագրի արժեքը, նախնական հաշվարկներով, կկազմի մինչև 1 մլրդ ԱՄՆ դոլար։  Սևակ Արծրունին գոհունակությամբ նշել է, որ երկու ամիս առաջ Աբովյանի քաղաքապետի հետ մշակել և ստորագրել են հուշագիր և ինքն ուրախ է, որ այսօր հուշագիր ստորագրվեց նաև էկոնոմիկայի նախարարության հետ, քանի որ չափազանց կարևորում է ծրագրի իրականացման գործընթացում ՀՀ կառավարության և համայնքի մասնակցությունն ու աջակցությունը։ «Սա, անշուշտ, բիզնես է, բնականաբար, կա շահույթ հետապնդելու տրամադրություն, բայց մենք սա համարում ենք նաև հայրենիքի համար կարևոր գործ, որովհետև մեր վերջին նպատակը նաև հայրենադարձությունն է, և մենք  գիտենք, որ այս երկիրը կարելի է հզորացնել 10 մլն հայերի միջոցներով, եթե ճիշտ կազմակերպենք։ Շնորհակալ ենք, որ այսօր հասել ենք այս արդյունքին և պիտի կարողանանք ունենալ այս ձևաչափը», - իր խոսքը եզրափակել է Սևակ Արծրունին։ Այնուհետև Սևակ Արծրունին էկոնոմիկայի նախարարին, Կոտայքի մարզպետին և Աբովյանի քաղաքապետին ուղեկցել է շինարարական հրապարակ և տեղում ներկայացրել ընթացող աշխատանքները։     «Հայփրոսփեքթ» նախագիծն իր առջև խնդիր է դրել ծրագրով նախատեսված գործընթացներում աշխատակիցների ներգրավման ժամանակ առաջնահերթություն տալ պատերազմի մասնակից, հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նաև զոհված ազատամարտիկների կանանց։ Մայիսից նախատեսվում է նրանց աշխատանքի ընդունման գործընթացն ըստ անհրաժեշտության։ Նախապատվությունը տրվելու է Աբովյան համայնքի և շրջակա գյուղերի բնակիչներին։ «Հայփրոսփեքթ» համայնքը լինելու է տարածաշրջանում առաջին բնապահպանական, էներգետիկ, տնտեսական և այլ առումներով կայուն համայնքը, որը կառուցվելու է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան, Արզնի և Բալահովիտ համայնքների հատվածում՝ Աբովյան քաղաքի երկաթգծի կայարանից մինչև Երևան-Սևան ավտոմայրուղին տարածվող մոտ 100 հա հողատարածքի վրա։ Նախագծի նպատակն է՝ կառուցել կայուն ենթակառուցվածքներով, ծախսաարդյունավետ ռեսուրսներով, էկոլոգիապես մաքուր համայնք, որի շուրջ կձևավորվի արտադրական և նոր տեխնոլոգւական կենտրոնների ու դրանց հարևանությամբ գտնվող բնակելի և հասարակական տարածքների ցանց։ Այս ցանցի շուրջ՝  Հայաստանի ամբողջ տարածքում  կձևավորվեն երկրի շարունակական զարգացման կայուն պայմաններ, իսկ կայուն, նորարարական տեխնոլոգիաները տեղական աշխատաշուկայում կստեղծեն նոր աշխատատեղեր։ Նախատեսվում է, որ համայնքն իր մեջ կներառի «Հայզոն» արտադրական թաղամաս (ազատ տնտեսական գոտի), «Հայզոն» մաքսային պահեստների գոտի, «Հայթեք պարկ» բարձր տեխնոլոգիաների հետազոտական և զարգացման կենտրոն, «Հայռանչ» գյուղատնտեսության հետազոտական և զարգացման կենտրոն, բնակելի թաղամաս՝ մինչև 10000 բնակչի համար, կրթական և առողջապահական հատվածներ, կանաչապատ գոտիներ։  
18:05 - 02 ապրիլի, 2021
Վահան Քերոբյանը դեմ է լինելու կորոնավիրուսով պայմանավորված խստացումներին, եթե վիճակը ծայրահեղ չլինի |armenpress.am|

Վահան Քերոբյանը դեմ է լինելու կորոնավիրուսով պայմանավորված խստացումներին, եթե վիճակը ծայրահեղ չլինի |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել խուսափելու համար կորոնավիրուսով պայմանավորված խստացումների ճանապարհով գնալուց։ Մարտի 26-ին Տավուշի դոնոր կազմակերպությունների կոորդինացման հարթակի ամենամյա 2-րդ համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Քերոբյանը նշեց, որ դրա համար պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները։ «Խստացումները շատ վատ են անդրադառնում տնտեսության վրա, և քանի որ տնտեսության համար ես եմ պատասխանատու, դեմ եմ լինելու խստացումներին։ Իհարկե, այս ամենը պետք է բալանսավորել: Եթե տեսնենք, որ վիճակը ծայրահեղ է դառնում, և առողջապահական համակարգը այլևս չի կարողանալու սպասարկել հիվանդությունը, ապա պետք է դիտարկել խստացումների գնալու տարբերակը։ Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, կկարողանանք այս սցենարից խուսափել»,- ասաց Քերոբյանը։ Նշենք, որ Հայաստանում մարտի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 188446 դեպք, որոնցից 1005-ը՝ մեկ օրում։
12:20 - 26 մարտի, 2021
Կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երրորդ նիստը

Կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երրորդ նիստը

Մարտի 25-ին առցանց ձևաչափով կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երրորդ նիստը: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հայաստանի կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Եվրոպական Միության կողմից` Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության բաժնի պետի տեղակալ Մարկո Դյերկոպը: Նիստին բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզները հետևյալ ոլորտներում՝ ապրանքների առևտուր, մաքսային ոլորտ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, ծառայությունների առևտուր, հիմնադրում և էլեկտրոնային առևտուր, ընթացիկ վճարումներ և կապիտալի տեղաշարժ, մտավոր սեփականություն, պետական գնումներ, առևտուր և կայուն զարգացում, մրցակցություն, պետական ձեռնարկություններ, թափանցիկություն, վեճերի կարգավորում: Ներկայացվել և քննարկվել են նաև Համաձայնագրի հոդված 237-ով ամրագրված՝ «Կոնյակ» աշխարհագրական նշման վերաբերյալ դրույթների իրականացման գործընթացին առնչվող հարցեր ու այդ ուղղությամբ նախատեսվող հետագա աշխատանքները, ինչպես նաև ներկայացվել են մարտի 24-ին տեղի ունեցած ՀՀ-ԵՄ Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի նիստի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները:   Նիստի օրակարգում ներառված էին նաև առևտրի և ներդրումների ոլորտում առկա զարգացումներին, «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ԵՄ կողմից իրականացվող դիտանցմանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր: Միջոցառման ավարտին հաստատվել են նիստի ընթացքում քննարկված օրակարգային հարցերի վերաբերյալ ձևավորված Գործառնական եզրակացությունները:
16:48 - 25 մարտի, 2021
Փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 5.3 տոկոսով. նախարարի կարծիքով՝ տնտեսությունը գրեթե վերականգնվել է |armtimes.com|

Փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 5.3 տոկոսով. նախարարի կարծիքով՝ տնտեսությունը գրեթե վերականգնվել է |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2021 թվականի փետրվարին 2020-ի փետրվարի համեմատ նվազել է 5.3 տոկոսով: Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:   Աճ է արձանագրել սպառողական գնաճը՝ 5.3 տոկոս, արդյունաբերական արտադրանքի գնաճը կազմել է 7 տոկոս: Աճել է նաեւ շինարարության ծավալները՝ 1.1 տոկոսով եւ միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 0.9 տոկոսով: Մնացած ցուցանիշները շարունակում են անկում արձանագրել։ Ամենամեծ նվազումն արձանագրվել է էլեկտրաէներգիայի արտադրությունում՝ 13.7 տոկոս, դրան հաջորդում է ծառայությունների ծավալի նվազումը (առանց առեւտրի)՝ 12.2 տոկոս: Արտաքին առեւտրաշրջանառության ծավալները նվազել են՝ 9.5 տոկոսով, ընդ որում սա հիմնականում պայմանավորված է ներմուծման նվազմամբ. արտահանումը նվազել է 2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 13.6: Առեւտրի շրջանառությունը նվազել է 7.8 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 5.1: Ընդհանուր առմամբ՝ հունվար-փետրվարին՝ 2020-ի նույն ամիսների համեմատ արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 6.7 տոկոս անկում: ՎԿ-ի փետրվարի ցուցանիշներին անդրադարձել է նաեւ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով. «Վիճակագրական Կոմիտեն հրապարակեց 2021թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5,3%: Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։ Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ»:
16:01 - 25 մարտի, 2021
Լարսի անցակետում խնդիրը հիմնականում կապված է եղանակային պայմանների հետ. նախարար

 |armenpress.am|

Լարսի անցակետում խնդիրը հիմնականում կապված է եղանակային պայմանների հետ. նախարար |armenpress.am|

armenpress.am: Լարսի անցակետում բեռնատարները կանգնած են, սակայն խնդիրը կապված է հիմնականում եղանակային պայմանների հետ, պետությունը զբաղվում է այդ հարցով: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Հրանտ Այվազյանի դիտարկմանը: Պատգամավորի տեղեկությամբ՝ արդեն 20 օրից ավել է, ինչ բեռնատարները կանգնած են Լարսի անցակետում, և խնդիրը եղանակային պայմանների հետ կապ չունի: «Ես ամենօրյա հաշվետվություններ եմ ստանում, թե ինչ է կատարվում Լարսում: Եվ իրոք, խնդիր կա: Բայց ինձ հավատացնում են, որ այդ խնդիրը հիմնականում կապված է հենց եղանակային պայմանների հետ, իսկապես շատ վատ վիճակ է: Կանգնած են ոչ միայն հայկական մեքենաները, այլ նաև մյուս բոլորը՝ վրացական, թուրքական և մյուսները»,-ասաց նախարարը: Նա վստահեցրեց, որ խնդրի վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարությունը և ՊԵԿ-ը, որը ներկայացուցիչ ունի Լարսում, ինտենսիվ զբաղվում են ՝ նաև շփվելով տնտեսվարողների հետ: Քերոբյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում հարցը կլուծվի: «Մեզ պետք է, որ այդ սահմանի վրա մեքենաները կանգնեն ոչ այս կողմից, ոչ այն կողմից: Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ հարցը լուծվի: Հիմա պլան ենք մշակում, որ հաջորդ տարի այլևս այս խնդիրն ընդհանրապես չունենանք, ունենանք այլընտրանքային ճանապարհ, որը մեզ թույլ կտա եղանակային պայմանները շրջանցել»,-եզրափակեց նախարարը:
19:20 - 24 մարտի, 2021
Հայաստանի տնտեսությանը կատաստրոֆիկ հարված չի սպասվում. էկոնոմիկայի փոխնախարար |1lurer.am|

Հայաստանի տնտեսությանը կատաստրոֆիկ հարված չի սպասվում. էկոնոմիկայի փոխնախարար |1lurer.am|

1lurer.am: Ներկայումս ներդրումային մի շարք ծրագրեր քննարկման փուլում են՝ սկսած գաղափարից մինչև իրականացում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:  «Տարածաշրջանում հիմա ներդրումային դաշտի հետ խնդիր կա, մեզ մոտ եղել է պատերազմ, որը ցանկացած ներդրումային միջավայրի համար ռիսկեր է ստեղծում: Մեր քաղաքականությունը պետք է ուղղված լինի այդ ռիկսերի չեզոքացմանը»,- նշեց փոխնախարարը:  Նրա խոսքով՝ ներդրումային միջավայրը, այո, վատացել է և ժամանակ է պետք, որ ներդրողները գան: «Կարճաժամկետ, այո, խնդիր կա, սակայն երկարաժամետում մենք կարողանալու ենք աճել, մեզ հետաքրքրիր են դարձնում մեր աշխատուժի որակը, ԵԱՏՄ շուկայի հասանելիությունը և այլն: Մեր խնդիրն է կապի մեջ լինել ներդրողների հետ, նրանց համապատասխան գործիքակազմ տրամադրել»,- ընդգծեց Ավանեսյանը:  Էկոնոմիկայի փոխնախարարը նշեց, որ դժվար է այս պահին գնահատել Հայաստանի տնտեսության վիճակը, բայց կատաստրոֆիկ հարված չի սպասվում: «Տնտեսության վրա բացասական ազդեցությունները կորոնավիրուսի պատճառով այնքան մեծ են, որ խլացնում են մյուս ազդեցությունները»,- ասաց նա:
12:37 - 22 մարտի, 2021
Հայաստանից արտահանվել է 7000 տոննայով ավել թարմ պտուղ-բանջարեղեն

Հայաստանից արտահանվել է 7000 տոննայով ավել թարմ պտուղ-բանջարեղեն

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը նախորդ տարի աճել է շուրջ 7000 տոննայով: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը՝ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը: «2020-ին հանրապետությունից արտահանվել է շուրջ 146 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Դա շուրջ 7000 տոննայով ավել է, քան 2019-ին արտահանվածը»,-ասաց փոխնախարարը: Ընդ որում 2020-ին արտահանվել է 89 հազար տոննա պտուղ, որից շուրջ 20 հազար տոննան՝ ծիրան, 11 հազար տոննան՝ խնձոր, 3.5 հազար տոննան՝ կեռաս և այլն:Շեշտակի աճել է կարտոֆիլի արտահանումը: Գաբրիելյանը կարևորեց, որ համավարակի և պատերազմի պայմաններում նաև բավականին հաջող և լավ է իրականացվել գյուղկենդանիների պատվաստման ծրագիրը: «Արդյունքում չեն գրանցվել համավարակներ՝ չնայած այն հանգամանքին, որ բավականին շատ մասնագետներ հիվանդ էին կամ պատերազմի դաշտում էին: Սակայն մենք այդ ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներն իրականացրեցինք»,-ասաց փոխնախարարը:
17:37 - 18 մարտի, 2021
Ճապոնիայի կառավարությունը կաջակցի Հայաստանում 2 ծրագրի

Ճապոնիայի կառավարությունը կաջակցի Հայաստանում 2 ծրագրի

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մարտի 18-ին կայացել է Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին հատկացվող օժանդակության երկու ծրագրի ստորագրման արարողությունը՝ Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի (ՖՏ 2020) համար դրամաշնորհային աջակցության շրջանակում։ Այս մասին հայտնում են  ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Սիսիան քաղաքում ագրոտեխնիկայի ուսումնական կենտրոնի ստեղծման» ծրագիրը ստորոգրել են Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ «Արաքսավան գյուղում նոր պոմպակայանի և ոռոգման համակարգի կառուցման» ծրագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը։ Մինչ փաստաթղթերի ստորագրումը էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչն ընթերցել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի ներածական խոսքը, որում, ողջունելով Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային և միջոցառման մյուս մասնակիցներին, փոխնախարարն առաջին հերթին շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը երկարատև գործընկերության և շարունակական արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ ուրախալի է փաստել, որ նույնիսկ համավարակի և համաշխարհային ճգնաժամի պայմաններում երկկողմ տնտեսական  հարաբերությունները դինամիկ զարգանում են, նաև մի շարք ոլորտներում դեռևս առկա է չիրացված մեծ ներուժ։ Արման Խոջոյանը տվյալ նախաձեռնությունը հիանալի հնարավորություն է համարել ֆերմերային տնտեսությունների համար՝ հասնելու զարգացման նոր մակարդակի՝  ոլորտում գրանցելով տեսանելի արդյունքներ։ Սիսիան քաղաքում Ագրոսարքավորումների վերապատրաստման կենտրոնի հիմնումն, ըստ Արման Խոջոյանի,  միտված է զարգացնելու գյուղատնտեսական սարքավորումների կրթական բաղադրիչը` խրախուսելով ժամանակակից մեթոդների  և տեխնոլոգիաների կիրառումը ոլորտում: Արդյունքում համայնքները նույնպես ապահովված կլինեն  բարձր որակավորում ունեցող երիտասարդներով, ովքեր ոչ միայն օժտված կլինեն գիտելիքների անհրաժեշտ պաշարով, այլև կունենան գործնական հմտություններ` հաղթահարելու ժամանակակից գյուղատնտեսության առջև ծառացած համընդհանուր մարտահրավերները: Փոխնախարարի կողմից հավասարաչափ ընդգծվել է նաև Արաքսավան համայնքում կառուցվող ոռոգման համակարգի կարևորությունը, քանի որ ոռոգման նոր համակարգի ներդնումը համայնքում կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի ծավալների աճին, կբարելավի տեղի բնակչության կենսաապահովման մակարդակը` ուրվագծելով  վաղվա կանաչ աշխարհ տանող ճանապարհը: Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան իր խոսքում նշել է, որ գյուղատնտեսության ոլորտը հսկայական դեր ունի Հայաստանի տնտեսության մեջ և այն ուղղակիորեն ազդում է երկրի պարենային անվտանգության վրա: Հետևաբար, այս նախագծերի  իրականացումն անչափ կարևոր է ոչ միայն տեղական, այլև ազգային մակարդակում։ Դեսպան Յամադան նաև շեշտել է, որ թեև այս երկու ծրագրերն ունեն տարբեր թիրախային խմբեր, սակայն ունեն մեկ ընդհանուր նպատակ, այն է՝ «Մարդկային անվտանգություն» հասկացության շրջանակում աջակցել կայուն տարածաշրջանային զարգացմանը և մարդկանց կյանքի և կենսապայմանների բարելավմանը, որն անչափ կարևորում է Ճապոնիայի կառավարությունը։ «Սիսիան քաղաքում ագրոտեխնիկական ուսումնական կենտրոնի ստեղծման» 69,971 ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրի արդյունքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղին հատկացված տարածքի վրա հիմնվելու է ագրոտեխնիկական ուսումնական կենտրոն, որի արդյունքում, տարեկան ավելի քան 215 ուսանողներ ուղղակիորեն կօգտվեն ծրագրից: Կենտրոնը կծառայի նաև հարակից համայնքների բնակչությանը` մատուցելով գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման և սպասարկման ծառայություններ: Ագրոտեխնիկական ուսումնական կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա ֆերմերներին հողօգտագործման ոլորտում ծախսարդյունավետ տեխնոլոգիաներ կիրառել` նվազեցնելով արտադրության ծախսերը և ապահովելով բարձր բերքատվություն։ Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանն ասել է, որ հայ-ճապոնական այս գործակցությունը նշանավորվում է ոչ միայն որպես ագրոտեխնոլոգիական առաջընթացի հերթական օրինակ ՀԱԱՀ-ի բարեփոխման ճանապարհին, այլև բարեկամության հերթական դրսևորում։ Ռեկտորը հատուկ շնորհակալություն է հայտնել դեսպան Յամադային ներդրած ջանքերի համար և շնորհավորլ ՀԱԱՀ-ի Սիսիանի մասնաճյուղի ուսանողներին,  Սիսիանի տարածաշրջանի ֆերմերներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ։ «Արաքսավան գյուղում նոր պոմպակայանի և ոռոգման համակարգի կառուցման» 79,401 ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային ծրագրի արդյունքում Արաքսավանում կառուցվելու է նոր պոմպակայան, ոռոգման նոր համակարգ, ինչպես նաև պոմպակայանի անխափան աշխատանքի համար էլեկտրակայան և հավելյալ վեց կմ օդային գիծ: Կառուցված էլեկտրակայանը թույլ կտա մեծացնել պոմպերի թողունակությունը ՝ այդպիսով ստեղծելով հնարավորություն առաջիկա տարիների ընթացքում գյուղի ոռոգման խնդիրը վերջնականապես լուծելու համար։  «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը կենսական կարևոր է նամարել համավարակի և հետպատերազմյան ժամանակաշրջանում նոր ծրագրերի և նոր հնարավորությունների իրագործումը և հավելել, որ Արաքսավան գյուղում նոր պոմպակայանի և ոռոգման համակարգի կառուցման ծրագրի շնորհիվ  համայնքը կունենա սոցիալ-տնտեսական զարգացում և կկրճատվի գործազրկության մակարդակը։
15:57 - 18 մարտի, 2021
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կհամալրվի նոր, ժամանակակից շարժակազմով

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կհամալրվի նոր, ժամանակակից շարժակազմով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: Զրուցակիցները քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղու» խնդիրները, առաջիկա ծրագրերը և համագործակցության հեռանկարները։ Ալեքսեյ Մելնիկովը տեղեկացրել է Վահան Քերոբյանին, որ առաջիկայում ընկերությունը կհամալրվի նոր շարժակազմով՝ հարմարավետ, ժամանակակից պահանջներին համապատասխանող ուղևորատար վագոններերով, նաև էլեկտրագնացքներով։ Նոր ուղևորատար վագոնները բերվելու են ընթացիկ տարվա մայիս-հունիսին, իսկ նոր էլեկտրագնացքները՝ մինչև օգոստոսի 1-ը: Ալեքսեյ Մելնիկովը էկոնոմիկայի նախարարին է ներկայացրել ընկերության որոշ խնդիրները, նշել է մաքսային հսկողության շուրջօրյա աշխատանքի անհրաժեշտությունը՝ առանց հանգստյան օրերի, մաքսակետում ֆիտոսանիտարական ստուգումների բացակայությունը, որը կարելի է կազմակերպել Այրումում, նաև հիշատակել պետության կողմից ուղևորափոխադրումների սուբսիդավորման հարցը։ «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենը կարևորել է նաև տրանսպորտային-փոխանցումային հանգույցների ստեղծումը, երկաթգծի հարակից տարածքում և երկաթգծի երկայնքով բարեկարգ միջավայրի ապահովումը և այլն։ Վահան Քերոբյանը հյուրին համառոտ ներկայացրել է Գյումրիում «Չոր նավահանգիստ» և Արարատում Արդյունաբերական պարկ կառուցելու հավակնոտ նախագիծը․ լավ մասնագետների ներգրավմամբ նախատեսվում է ստեղծել միջավայր, որտեղ ընկերությունների համար հարմարավետ կլինի աշխատել, իսկ արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ կամ երրորդ երկրներ։ Նախարարը շեշտել է, որ երկաթուղային կապը նշված նախագծի իրագործման պարտադիր մաս է կազմում։ Ալեքսեյ Մելնիկովը գաղափարը հետաքրքիր է համարել՝ նշելով, որ Գյումրիի կայարանն ունի մեծ թողունակության հնարավորություններ, ինչը կարելի է օգտագործել նախագծի իրագործման ժամանակ։ Նախարարը նաև առաջարկել է դիտարկել հայ գործարարների կողմից ներկայացված պահանջարկը՝ կազմակերպել երկաթուղով կցորդներով փոխադրումներ՝ բեռնատարներ, ավտոբուսներ տեղափոխելու համար։ Ի պատասխան Ալեքսեյ Մելնիկովը պատրաստակամություն է հայտնել վերջիններիս հետ առանձին-առանձին քննարկել տրանսպորտային լոգիստիկ սխեմաները։ Վահան Քերոբյանը խոսել է նաև գերարագընթաց գնացքներ ունենալու հնարավոր հեռանկարի մասին՝ շեշտելով, որ դրանց առկայությունը կտրուկ կավելացնի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան։ Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ խնդիրը դժվար լուծելի է լեռնային բարդ ռելիեֆի պատճառով, այն նաև շատ ծախսատար է, սակայն ոչ անհնար։  Հանդիպման ավարտին զրուցակիցները պայմանավորվել են, որ ընկերության խնդիրները գրավոր կներկայացվեն նախարարությանը, որտեղ դրանք կուսումնասիրվեն, այնուհետև կառաջարկվեն համապատասխան լուծումներ։
16:54 - 16 մարտի, 2021