Վարդան Օսկանյան

ՀՀ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր, «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ (հիմնադիր)։ 

Ծնվել է 1955թվականի փետրվարի 7-ին քաղաք Հալեպում։

1998-2008թվականներին զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը։  2008-2012թվականներին եղել է «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ (հիմնադիր)։ 2012թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր։ 

Ամեն գնով անհրաժեշտ է խուսափել «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց․ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյան

Ամեն գնով անհրաժեշտ է խուսափել «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց․ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հերթական հոդվածը՝ Ղարաբաղյան կարգավորման ներկա փուլի մասին։ Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև․ Հայաստանի այսօրվա վիճակը, ճակատագրական և շրջադարձային լինելու առումով, բայց ոչ՝ բովանդակային, նման է 1997-1998 թվականների իրավիճակին։ Նախքան այս համեմատության մեջ խորանալը՝ միանգամից նշեմ, որ Հայաստանի ազգային շահերի տեսանկյունից համեմատության որևէ եզր չկա Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի մոտեցումների միջև։ Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում մասամբ հիշեցնում է Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը, իսկ Փաշինյանի ելույթին հաջորդած հրապարակային քննարկումները և վեճերը՝ 1998-ի հունվարի 8-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստը։ Անվտանգության խորհրդի նիստն ընդլայնված էր. խորհրդի անդամներ վարչապետ Ռոբերտ Քոչարյանից, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանից և ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանից բացի՝ դրան մասնակցում էին Հայոց համազգային շարժման ընտրանին, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը՝ հանձինս նախագահ Արկադի Ղուկասյանի, պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի և վարչապետ Լեոնարդ Պետրոսյանի: Այդ ժամանակ ես արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալն էի և նիստին հրավիրված էի որպես Ղարաբաղի հարցով գլխավոր բանակցող: Նիստում Լևոն Տեր-Պետրոսյանը նպատակ ուներ հիմնավորել իր աջակցությունը Ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ Մինսկի խմբի կողմից այդ օրերին ներկայացված փուլային տարբերակին և համաձայնություն ստանալ մասնակիցներից այդ առաջարկությանն ընթացք տալու համար: Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ Լեռնային Ղարաբաղի տարածքի և ժողովրդի գոյատևման ապահովման համար Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների վերադարձը, բացառությամբ Լաչինի, բխում է Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերից: Ավելին, նա գտնում էր, որ հաշվի առնելով այդ օրերի աշխարհաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զարգացման սահմանափակ հնարավորությունները՝ այլ տարբերակ ակնկալել հնարավոր չէ: Նրա ընդդիմախոսների առարկությունը հիմնված էր այն փաստի վրա, որ առաջարկվող փաստաթղթում նշում անգամ չկա Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին, ուր մնաց ինչ-որ հստակեցում այդ հարցի վերաբերյալ: Տեր-Պետրոսյանն իր հերթին հակադրում էր, որ ամեն նշում կամ հղում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին անպայման կներառի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ուստի նախընտրելի է այս փուլում զերծ մնալ կարգավիճակի հարցի արծարծումից: Ընդհատելով այս բուռն ու կրքոտ վեճը՝ Տեր-Պետրոսյանը ինձ դրեց բավական բարդ վիճակի մեջ և իմ ուղղությամբ մեկնելով ձեռքը՝ ասաց. «Թող Վարդանն ասի՝ արդյոք հնարավո՞ր է երբևիցե ստանալ մի փաստաթուղթ, որտեղ հղում կատարվի Ղարաբաղի կարգավիճակին՝ առանց ամրագրելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Դա ինձ անակնկալի բերեց: Ես նստած էի սեղանի խորքում, մինչ այդ լսողի դերում էի ու չէի ակնկալում, որ մասնակցություն կունենամ քննարկումներին: Բոլորի հայացքներն ուղղված էին ինձ՝ կարծես իմ պատասխանը պետք է վճռեր այդ հանդիպման ելքը: Եվ ես ասացի այն, ինչին հավատում էի. «Պարո՛ն նախագահ, կարծում եմ, որ հնարավոր է»: Պատասխանս հիմնված էր իմ այն համոզման վրա, որ մենք չէինք սպառել մեր դիվանագիտական հնարավորությունները և որ միգուցէ այդ օրերին նպաստավոր չէին մեզ համար միջազգային պայմանները, բայց հաշվի առնելով այդ օրերի աշխարհի հեղհեղուկ իրավիճակը՝ շատ բան կարող էր փոխվել ի նպաստ մեզ, ինչը և տեղի ունեցավ։ Հաջորդ տարիներին Մինսկի խումբը սեղանին դրեց երեք առաջարկ (ընդհանուր պետության, Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկները), որտեղ հղում կար Ղարաբաղի կարգավիճակին, և երեք դեպքում էլ՝ Ադրբեջանի կազմից դուրս։ Առանցքային տարբերությունը այդ և այս օրերին այն է, որ Տեր-Պետրոսյանը ընդամենը առաջարկում էր զերծ մնալ կարգավիճակի քնարկումներից՝ այն թողնելով ապագային։ Փաշինյանը, ըստ ամենայնի, հակված է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, եթե երաշխավորված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ Եթե այդ օրերին Տեր-Պետրոսյանը առաջարկում էր շրջանցել կարգավիճակի հարցը, ապա այսօր ամեն գնով անհրաժեշտ է շրջանցել և խուսափել «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց, քանի որ այն անխուսափելիորեն ամրագրելու է Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս լինելու կարգավիճակը։ Փաշինյանը, ցանկության դեպքում, բոլորի առաջ հիմնավոր և համոզիչ փաստարկներ ունի նման փաստաթուղթ չստորագրելու համար։ Նախ՝ իրավական տեսակետից այդ փաստաթուղթը կհակասի Հայաստանի սահմանադրությանը և անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի 1992-ի ընդունած որոշմանը։ Նման փաստաթուղթ ստորագրելու և վավերացնելու համար պետք է փոխել Հայաստանի սահմանադրությունը և չեղարկել Գերագույն խորհրդի որոշումը։ Երկրորդ՝ նման իրավունք որևէ մեկին վերապահված չէ։ Ընտրություններում մեծամասնություն ունենալը չի նշանակում իրավունք ձեռք բերել հայ ժողովրդի համար գոյութենական հարցում կամայական որոշումներ կայացնելու։ Երրորդ՝ Արցախի ժողովուրդը, որի ֆիզիկական գոյության հարցն է դրված նժարին, եղել է անցած տասնամյակների զրկանքների և տառապանքների հիմնական կրողը և իր ճակատագիրը որոշելու լիազորություն որևէ մեկին չի տվել, ինչը և կրկին հաստատեց նրա խորհրդարանը օրերս ընդունած հայտարարությամբ։ Չորրորդ՝ Հայաստանի Ազգային ժողովի հաստատած՝ Փաշինյանի իսկ կառավարության ծրագրում Լեռնային Ղարաբաղի մասով կա դրույթ, ըստ որի՝ հետամուտ պետք է լինել Արցախի ժովորդի ինքնորոշման իրավունքի իրացմանը «անջատում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա, որի աներկբա իրավունքը ունի Արցախի ժողովուրդը։ Ինչպես այդ ժամանակ, այսօր առավել ևս համոզված եմ, որ չենք սպառել դիվանագիտական հնարավորությունները։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դիվանագիտությունը գրեթե որևէ լուրջ ջանք չի գործադրել հայանպաստ արդյունքի հասնելու համար։ Եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ միջազգային պայմանները նպաստավոր չեն, ապա աշխարհը հեղհեհուկ ու անորոշ է, քան երբևէ, և պարզապես, մեղմ ասած, միամտություն կլինի այս պայմաններում որոշակիացնել Արցախի կարգավիճակը հօգուտ Ադրբեջանի։ Ցանկացած բանակցությունների արդյունք պետք է բավարարի երեք պայման․ այն պետք է լինի իմաստալից, արդյունավետ և բարելավի կողմերի հարաբերությունները։ Ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանություները, չի կարող բավարարել այս պայմաններից և ոչ մեկը։ Փաշինյանի և նրա թիմակիցների՝ Ազգային ժողովում ունեցած ելույթները Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի նշաձողն իջեցնելու պատրաստակամության, այսինքն՝ Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին ընդունելու մասին, նախապես արդեն փակել են բանակցություններով Հայաստանի համար ընդունելի ելքի հասնելու բոլոր հնարավորությունները։ Միգուցե նման փաստաթղթի ստորագրումը բարեկամական կապեր հաստատի ներկա իշխանությունների և Ադրբեջանի միջև, բայց վստահաբար չի կարող բարեկամության հիմք ծառայել Հայաստան պետության, հալ ժողովրդի և Ադրբեջանի միջև։
13:33 - 18 ապրիլի, 2022
Հայաստանը պետք է Թուրքիայի հետ բանակցությունների իր օրակարգում ներառի մի քանի հիմնական հարց․ Թուրքիան նախօրոք պետք է իմանա՝ Հայաստանը դրանցից չի հրաժարվելու. Վարդան Օսկանյան

Հայաստանը պետք է Թուրքիայի հետ բանակցությունների իր օրակարգում ներառի մի քանի հիմնական հարց․ Թուրքիան նախօրոք պետք է իմանա՝ Հայաստանը դրանցից չի հրաժարվելու. Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հոդվածը հայ-թուրքական սպասվող բանակցություններում Հայաստանի անելիքների մասին։ «Հայ-թուրքական հարաբերությունների բարդությունը բազմաշերտ է. մի կողմից առկա է անցյալի բեռը, մյուս կողմից՝ տարածաշրջանում բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, խաղաղության և կայունության մեջ ապրելու հրամայականը: Հայաստանի անկախության առաջին օրվանից մինչ օրս մեզ համար մեծ մարտահրավեր է եղել անցյալը ներկայի և ապագայի հետ համադրելը: Հայկական կողմի մոտեցումն այն էր, որ որքան էլ անցյալի խնդիրները բարդ են, դրանք հնարավոր կլինի քննարկել, կարգավորել և լուծել միայն այն դեպքում, երբ երկու երկրների միջև հաստատվեն բնականոն հարաբերություններ, դիվանագիտական կապեր և լինեն բաց սահմաններ: Թուրքիայի մոտեցումն այս տարիների ընթացքում եղել և շարունակում է մնալ տրամագծորեն հակառակը: Մեր հարևան երկիրը առաջարկում է կարգավորել անցյալի բոլոր խնդիրները, ստանալ իրեն բավարարող պատասխաններ ու լուծումներ և միայն դրանից հետո հաստատել դիվանագիտական հարաբերություններ ու բացել սահմանը: Հայ-թուրքական հարաբերությունները բոլոր ժամանակներում ունեցել են երկու հարթություն՝ բովանդակային և գործընթացային: Բնական է ենթադրել, որ բովանդակային հարցում լուծման հասնելու համար պետք է անցնել գործընթացով: Սակայն հայ-թուրքական հարաբերությունների դեպքում թուրքական կողմի համար գործընթացը միշտ եղել և մնում է նպատակ և ոչ թե միջոց: Մի կողմից թուրքերը լավ գիտակցում էին, որ իրենց առաջադրած նախապայմանները՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումից և հողային պահանջներից հրաժարվելը և Ղարաբաղի հարցում որևէ լուծում՝ ի նպաստ Ադրբեջանի, անընդունելի են Հայաստանի համար, մյուս կողմից՝ սահմանը բացելու և Ցեղասպանության ճանաչման հարցով մշտապես զգալով միջազգային հանրության ճնշումը՝ նրանք ձգտել են ցույց տալ աշխարհին, որ հայերի հետ առկա է բանակցային գործընթաց, որ պետք չէ միջամտել և խանգարել բանակցություններին: Թուրքական դիվանագիտությանը տարիների ընթացքում հաջողվել է իր առավել կոշտ նախապայմաններին տալ միջազգային հանրության համար առավել ընկալելի ձևակերպումներ: Ցեղասպանության գործընթացից հրաժարվելը փոխարինվել էր պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկով: Հողային և պահանջատիրական խնդիրը ձևակերպվել էր որպես սահմանների փոխադարձ ճանաչմամբ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու առաջարկ: Ուստի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կա երեսուն տարվա կուտակված փորձ, որն սկսվել է անկախությունից անմիջապես հետո և շարունակվում է մինչև այսօր, անցել է տարբեր փուլերով, ունեցել է տարբեր դրսևորումներ և որի խտացված փորձից կարելի է անել հետևյալ եզրահանգումները․ 1. Թուրքիան այդ գործընթացներին միշտ մասնակցել է նախապայմաններով, 2. Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական՝ իրարից անկախ խնդիրները եղել են փոխկապված, 3. Թուրքիան միշտ գործընթացը դիտարկել է որպես նպատակ և ոչ թե միջոց խնդրի կարգավորման՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման համար։ Հայաստանի մոտեցումը նախորդ երեք իշխանությունների համար՝ անկախ Թուրքիայի առաջադրած այդ պահանջներից, միշտ մնացել է նույնը` առանց նախապայմանների բարիդրացիական հարաբերությունների հաստատում։ Այսօր, բնականաբար, իրավիճակը կտրուկ փոխված է, որը և ենթադրում է հայկական կողմի մոտեցումներում շեշտակի փոփոխություններ։ Թուրքիան իր ոճն ու դիրքորոշումները չի փոխելու։ Ավելին, նա բանակցություններին ներկայանալու է նորանոր պահանջներով։ Ժամանակն է, որ երեսուն տարիների ընթացքում Թուրքիայի կողմից ներդրված և կիրառված վերոնշյալ երեք մոտեցումները Հայաստանն ինքն այսօր հայելային ձևով կիրառի իր բանակցություններում։ Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի և հնարավոր զարգացումների տեսանկյունից երկու տարբերակ գոյություն ունի։ Առաջինը, որ մենք համակերպվում ենք մեր կորուստների հետ՝ Ղարաբաղի կորուստ, Հայաստանի ինքնիշխան տարածքի զիջում, գերիների առկայություն, Հայաստանի տարածքով միջանցքի հնարավոր տրամադրում: Այս իրավիճակում Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը նշանակում է այդ բոլորի օրինականացում։ Եթե Հայաստանի իշխանությունները հիմա հռչակում են առանց նախապայմանների հարաբերությունների հաստատում, ուրեմն հենց սրա տակ են ստորագրում։ Երկրորդը, որ մենք կտրականապես մերժում ենք 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված ստատուս քվոն և պնդում ենք, որ տարածաշրջանում հնարավոր է հասնել կայուն խաղաղության միայն հարցի արդար լուծման պայմաններում, հայկական կողմի անհերքելի իրավունքների վերահաստատման միջոցով։ Այս պարագայում հայկական կողմը հստակ ուղենիշեր պետք է դնի իր համար և մեր շահերից բխող ազգային օրակարգով մտնի բանակցային գործընթացի մեջ։ Հայաստանը չպետք է հայտարարի, որ պատրաստ է առանց նախապայմանների կարգավորման։ Ոչ էլ պետք է պնդի, որ այդ նպատակին հասնելու համար ունի նախապայմաններ։ Ստեղծված իրավիճակը ստիպում է, որ Հայաստանը Թուրքիայի հետ բանակցությունների իր օրակարգում ներառի մի քանի հիմնական հարց։ Կարգավորմանն ուղղված լուրջ քայլեր անելուց առաջ երկու կողմերի միջև այդ հարցերի շուրջ առնվազն պետք է լինի հստակ փոխըմբռնում։ Չմոռանանք, որ վերջին երեսուն տարիների ընթացքում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր նախապայմաններում Թուրքիան միշտ դուրս է եկել երկու երկրներին առնչվող խնդիրներից՝ ներառելով երրորդ երկրի՝ Ադրբեջանի հետ կապված հարցերը։ Հաշվի առնելով այդ նախադեպը և 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերած բացահայտ և ակտիվ ռազմական ու դիվանագիտական աջակցությունը՝ Հայաստանն այսօր ունի բոլոր իրավունքները Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը Թուրքիայի հետ բանակցություններում բարձրացնելու համար։ Հայաստանը պետք է հստակ օրակարգով ներկայանա հենց առաջին հանդիպմանը, որը պետք է ներառի առնվազն հետևյալ չորս կետերը․ – ադրբեջանական ուժերի հետքաշում Հայաստանի ինքնիշխան տարածքներից, – բոլոր ռազմագերիների անհապաղ վերադարձ, – նախկին ԼՂԻՄ-ի սահմանների ճանաչում որպես մեկ քաղաքական միավորի, – Մինսկի խմբի շրջանակում քաղաքական այդ միավորի սահմաններում դրա վերջնական իրավական կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսում: Սրանք այն հարցերն են, որ Թուրքիան նախօրոք պետք է իմանա՝ Հայաստանը դրանցից չի հրաժարվելու, և որ Թուրքիան ինքը այդ հարցերի առնչությամբ որևէ նախապայման չի կարող առաջադրել։ Ամեն ինչ կորած չէ, շատ բան հնարավոր է վերականգնել»:
12:58 - 27 դեկտեմբերի, 2021
Վարդան Օսկանյան. «Գնացք բարձրանալու ժամանակը» |hetq.am|

Վարդան Օսկանյան. «Գնացք բարձրանալու ժամանակը» |hetq.am|

hetq.am: Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հոդվածը՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո հայկական կողմի անելիքների մասին։ Այն ներկայացնում ենք ստորև. «Իմ երկարամյա դիվանագիտական փորձից ելնելով՝ կարող եմ հաստատապես ասել, որ երբ միջնորդների, միջազգային հանրության մոտ ձևավորվում և կարծրանում են տեսակետներ, հետագայում դրանց դեմ պայքարելն ու փոխելը շատ դժվար է լինում: Այդպես էր նույնիսկ, երբ մենք հաղթական և գերիշխող դիրքերում էինք: Այսօր, երբ պարտվել ենք պատերազմում, բարոյալքվել և գտնվում ենք ներքաղաքական ցնցումների մեջ, նման իրավիճակներին դիմագրավելը շատ ավելի դժվար է, դրա համար անմարդկային ջանքեր են պահանջվում: Այսօր մեր շուրջ և մեր մեջքի հետևում մեզ անմիջապես վերաբերող հարցերում լուրջ գործընթացներ են տեղի ունենում: Պատերազմի արդյունքների ու մինչ օրս շարունակվող անգործության հետևանքով ձևավորվել են մեզ համար կործանարար նոր կարծրատիպեր, որոնք կոտրելը ամեն օր ավելի է բարդանում։ Դրանք հիմնված են երեք փաստարկումների վրա՝ ա) Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, բ) Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, որտեղ ապրում են հայեր և նրանց՝ մարդու իրավունքներին վերաբերող հարցերին կարելի է ականջալուր լինել, գ) ժամանակն է, որ նայենք դեպի ապագան: ԱՄՆ-ի և Եվրոպական Միության քաղաքական և դիվանագիտական շրջանակներում շրջանառվող խոսակցությունները, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի ամենաբարձր պաշտոնյաների արած հայտարարությունները՝ վկա: Արտաքին քաղաքականության և հատկապես Լեռնային Ղարաբաղի գործընթացին առնչվող գնացքը տեղից շարժվել է։ Այժմ, երբ այն սկսում է թափ հավաքել, մենք ոչ թե կողքից քայլում ենք՝ փորձ անելով ցատկել ներս, այլ կանգնել ենք։ Այդ գնացքը շուտով կլքի կայարանը, եթե մենք չսկսենք արագ վազել նրա հետևից և ներս ցատկել։ Դա անելու համար մեզ անհրաժեշտ է աշխատել երեք ուղղությամբ՝ դիվանագիտական, ռազմական և միջազգային իրավական։ Դիվանագիտություն Դիվանագիտական ճակատում հայկական կողմը շատ արագ պետք է հստակեցնի իր սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Իմ համոզմամբ՝ դա պետք է կառուցված լինի հետևյալ  դրույթների վրա․ 1․ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը այդ պահին Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում պատերազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի արտացոլումն է։ Դրա բովանդակությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության կամքի և ցանկության, այլ ռազմական ուժով պարտադրված իրավիճակի արտահայտությունն է։ 2․ Ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված ստատուս-քվոն երբեք չի կարող հիմք ծառայել տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության, ինչպես նաև հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար։ Ինչպես 1994-ին պատերազմի արդյունքում ամրագրված ստատուս-քվոն հիմք չծառայեց հաջորդ քսանհինգ տարիներին խաղաղության համար, այնպես էլ այս պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը չի կարող ամուր խաղաղության հիմք լինել գալիք տարիների համար։ 3․ Հայկական կողմը երբեք հավակնություն չի ունեցել և ապագայում էլ չի ունենալու տարածքների նկատմամբ, որոնք իրենը չեն եղել, բայց նախանձախնդիր և հետևողական է լինելու տեր կանգնելու այն ամենին, ինչն արդարացիորեն պատկանում է իրեն։ 4․ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր հողում ինքնորոշվելու իրավունքի իրացումը՝ ինչպես անկախության առաջին օրվանից, շարունակելու է մնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը։ Այս սկզբունքները հրապարակայնացնելուց հետո մեր դիվանագիտությունը ակտիվ և հետևողական կուլիսային աշխատանք պետք է տանի դրանց հիմնավորման և ամրագրման հարցում մեր տարածաշրջանի հիմնական դերակատարների հետ՝ շեշտը դնելով Ռուսաստանի, բայց ոչ նվազ՝ մյուս շահագրգիռ կողմերի հետ գործակցության վրա։ Ռազմական Դիվանագիտական այս աշխատանքին միս և արյուն տալու համար անհրաժեշտ է ստեղծել համազգային մի մարմին, որտեղ ներգրավված կլինեն անձինք Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, որոնց առաջ խնդիր դրված կլինի ամենակարճ ժամկետում մշակել և կիրառության դնել Հայաստանի բանակի վերակենդանացման, վերազինման և կատարելագործման ծրագիր՝ լրջագույնս աշխատելով դրա համար տնտեսական հիմքեր ու ֆինանսական աղբյուրներ ստեղծելու ուղղությամբ։ Բնական է, որ տարածաշրջանում գետնի վրա իրավիճակի էական փոփոխություն է տեղի ունեցել։ Փոխվել են մեր ներկա և ապագա մարտահրավերները։ Այդ բանակի կառուցվածքը, զինատեսակները և ընդհանրապես բնույթը պետք է համահունչ լինեն նոր ստեղծված իրավիճակին և մարտահրավերներին։ Այն պետք է տարբեր լինի դասական կամ կոնվենցիոնալ բանակից, վերածվի շատ ավելի շարժունակ, դիպուկ և նպատակամետ բանակի։ Միջազգային իրավական Միջազգային իրավական ասպարեզում նույնպես անհրաժեշտ է ստեղծել համազգային մի մարմին՝ կրկին բաղկացած Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ներկայացուցիչներից: Դրանում պետք է ներդրվեն լուրջ միջոցներ, ներգրավվեն միջազգային իրավաբանական հաստատություններ՝ հետապնդելու առաջին հերթին գերիների վերադարձի խնդիրը, բարձրացնելու Ադրբեջանի կողմից պատերազմի ընթացքում քիմիական զենքի կիրառման և միջազգային քրեական հետապնդում ենթադրող գործողությունները, ինչպես նաև Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային արժեքների պահպանման հարցերը։ Եթե մենք ուզում ենք, որ մեր հակառակորդները, բարեկամներն ու հարևանները, ինչպես նաև միջազգային հանրությունը մեզ լսեն, հարգեն և մեզ ընկալեն որպես տարածաշրջանային դերակատար, անհրաժեշտ է, որ այս երեք ուղղություններով չհապաղենք և ամենակարճ ժամկետում սկսենք արդյունքներ ցույց տալ։ Ավելին՝ եթե շարունակվի այս ներքին համառությունը և արտաքին անգործությունը, ապա, իմ խորին համոզմամբ, ոչ հեռու ապագայում մեզ սպառնում է Արցախի մնացորդ մասի նախիջևանացում, Սյունիքի հայաթափում ու նույնիսկ կորուստ»։
21:11 - 06 մարտի, 2021
Չկա պատերազմ, որից հնարավոր չի չխուսափել, հակառակի պնդումը քաղաքական անզորությունն արդարացնող կանխավարկած է․ Վարդան Օսկանյան |news.am|

Չկա պատերազմ, որից հնարավոր չի չխուսափել, հակառակի պնդումը քաղաքական անզորությունն արդարացնող կանխավարկած է․ Վարդան Օսկանյան |news.am|

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հոդվածը ստորև․ Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին հնչող մեկնաբանությունները անթիվ-անհամար են։ Դրանք հիմնականում հարցը ներկայացնում են գերտերությունների պայքարի կամ առնվազն տարածաշրջանային ուժերի մրցակցության կոնտեքստում։ Չեմ ուզում անտեսել կամ արհամարհել այս դիտանկյունը, բայց կատարվածի շուրջ իմ մեկնաբանության համար ուզում եմ հարցը դիտարկել ավելի առարկայական հարթության մեջ։ Քաղաքագիտության և փիլիսոփայության մեջ կա մի օրենք, որը կոչվում է «Պարզագույնի օրենք» (Law of Parsimony): Այն պնդում է, որ երևույթների ու իրադարձությունների ամենապարզ բացատրությունն ընդհանրապես ամենաճիշտն է։ 1994-ի զինադադարից հետո Ադրբեջանի համար անշուշտ բաղձալի նպատակը՝ կորսված տարածքները վերադարձնելն էր։ Դրան հասնելու համար նա ուներ երկու ճանապարհ՝ բանակցությունների միջոցով (դիվանագիտություն) կամ ռազմական ճանապարհով (պատերազմ)։ Ես կարող եմ առավել վստահ խոսել միայն իմ նախարարության շրջանի մասին (1998-2008), երբ մեզ համար այս երկու խնդիրներն ակնհայտ էին։ Նախագահ Քոչարյանը մեր դիվանագիտության առաջ շատ հստակ խնդիր էր դրել՝ երբեք թույլ չտալ, որ բանակցություններում ստեղծվի երկարատև վակուում։ Այդ տասը տարիների ընթացքում սեղանի վրա միշտ եղել է մեծ հաշվով՝ հօգուտ մեզ աշխատող փաստաթուղթ։ Այդ տարիներին երեք փաստաթուղթ է ներկայացվել համանախագահների կողմից։ Այդ բոլոր փաստաթղթերի խթանողը, և նույնիսկ կարող եմ ասել սկզբնական նախաձեռնողը, եղել է հայկական կողմը։ Առաջինը եղել է Պրիմակովի առաջարկած Ընդհանուր պետության փաստաթուղթը, երկորդը՝ Քի Վեսթի փաստաթուղթը և, վերջապես, չորս տարի տևած Պրագյան գործընթացի արդյունքում մշակված՝ Մադրիդյան փաստաթուղթը։ Այս փաստաթղթերի գոյությունը և դրանց շուրջ բանակցությունները, հակառակ քննադատների պնդումներին, ինքնանպատակ չեն եղել։ Այսինքն՝ չի եղել բանակցություն՝ հանուն բանակցության։ Խնդիր է դրված եղել միշտ ունենալ բանակցային այնպիսի մի փաստաթուղթ, որ իրադարձությունների որևէ զարգացման դեպքում դրա ստորագրումը ընդունելի լինի հայկական կողմի համար։ Այդ փաստաթղթերից որևէ մեկում երբեք չի եղել՝ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձև։ Փոխզիջումային տարբերակում երբեք չի քննարկվել Շուշիի կամ նախկին ԼՂԻՄ-ի որևէ տարածքի զիջում։ Բոլոր փաստաթղթերը պարունակել են դրույթներ Լեռնային Ղարաբաղի՝ ոչ Ադրբեջանի կազմում կարգավիճակի մասին։ Ես նաև գիտեմ՝ առաջադրանք էր դրվել պաշտպանության նախարարության առաջ, որ որևէ կերպ չխախտվի շփման գծում դիրքային հավասարակշռությունը, ռազմատեխնիկական համաչափությունը, ինչպես նաև բանակի պատրաստվածության մակարդակը։ Այդ տասը տարիների խաղաղության, տնտեսական զարգացման գրավականները սրանք են եղել։ Չեմ կարող վստահությամբ մեկնաբանել հաջորդ տասը տարիները, որովհետև տեղեկացված չեմ եղել և որևէ շփում չեմ ունեցել օրվա իշխանությունների հետ։ Բայց հետևելով իրադարձություններին՝ կարող եմ ասել, որ վերջին տարիներին բանակցությունների մասով եթե ոչ դեպի փակուղի, ապա լճացման նախանշաններ սկսել էին ի հայտ գալ։ Նույնը կարելի է ասել ռազմական հավասարակշռության խախտման մասին, որի նախանշանները երևացին 2016-ի քառօրյա պատերազմի ընթացքում, երբ Արցախի օդում առաջին անգամ անօդաչու սարքեր հայտնվեցին։  2018-ից հետո, եթե ՆԻկոլ Փաշինյանը եւ նրա կառավարությունը լայնախոհություն ու իմաստություն ունենային երկրի համար կարեւորագույն հարցի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու, անպայման նրանց ուշադրությունը կհրավիրեի այդ երկու ուղղություններով (բանակցություններ և ռազմական հավասարակշռություն) իմ նկատած տեղաշարժերին եւ հնարավոր անելիքներին։ Իմ հիմնական հորդորը վարչապետին կլիներ այն, որ հաշվի առնելով իր ունեցած լեգիտիմությունը, ժողովրդի՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի աջակցությունը, ինքը պատմական մեծ հնարավորություն ուներ հիմնվելով առկա փաստաթղթերի վրա՝ հասնել Արցախի խնդրի հայանպաստ լուծմանը։ Ես նաեւ կավելացնեի, որ լեգիտիմությունից բացի անհրաժեշտ նախապայման է հասարակության համախմբումը։ Բայց իրադարձությունները զարգացան բոլորովին այլ ուղղությամբ։ Ստեղծվեցին բաժանարար գծեր, բանակցությունները մղվեցին խորը փակուղի և, ինչպես այս պատերազմը ցույց տվեց, տեղի ունեցավ ռազմական հավասարակշռության էական խախտում։ Բանակցային պրոցեսը նուրբ գործ է, որ պահանջում է անընդհատ աշխատանք և ստեղծագործական միտք։ Հայաստանի դիրքը հակամարտությունում և պատերազմից խուսափելու հրամայականը ենթադրում էին լինել նախաձեռնող, պրոակտիվ։ Պահանջվում էր, շարունակ մնալ բանակցությունների առաջատարի դիրքում։ Փաշինյանի այն միտքը որ «եթե մեզ բերեն լավ փաստաթուղթ, ես ձեզ հետ կքննարկեմ» ինձ համար զարմանալի էր: Նման բան կարող է ասել միայն այն մարդը, ով իշխանություն դառնալով, չի հասկացել բանակցային գործընթացի ո՛չ էությունը և ո՛չ էլ իր դերն այդ գործընթացում։ Լավ փաստաթուղթ ոչ ոք սկուտեղի վրա չի մատուցում։ Դրա համար պետք է անընդհատ ջանք գործադրել և բանակցությունների թելը չկտրել։ «Լավ փաստաղթի» սպասելով Հայաստանը ստացավ պատերազմ և նվաստացնող փաստաթուղթ։ Չկա պատերազմ, որից հնարավոր չի չխուսափել։ Հակառակի պնդումը քաղաքական անզորությունն ու անգործությունն արդարացնող կեղծ ու վտանգավոր կանխավարկած է։ Եթե կան ի սկզբանե անխուսափելի պատերազմներ, ուրեմն դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը, որպես դիսցիպլինա գոյություն չունեն։ Եթե սկսվել է պատերազմ, որից մենք կուզեինք խուսափել, ուրեմն Հայաստանի ղեկավարությունը  սխալվել է պարզ քաղաքական հաշվարկներում և ձախողվել է բանակցային գործընթացում։ Այս ամենն ասում եմ ցավով, ցասումով, բայց նաև մի կարևոր նպատակով։ Այսօր դեռ կարելի է ինչ-որ բան փոխել։ Դիվանագիտությունը անվերջ հնարավորությունների հարթակ է։ Նույնիսկ ամենաանհույս իրավիճակներում հնարավոր է ինչ-որ բան շտկել, սրբագրել։ Բայց դա վստահաբար չեն կարող անել ներկա իշխանությունները, որոնց՝ դիվանագիտության, արտաքին քաղաքականության, ռազմագիտության ու տնտեսության մասին մակերեսային պատկերացումները հանգեցրել են այս ճգնաժամային հանգրվանին։ Եթե կա երկիրը էլ ավելի մեծ արհավիրքից փրկելու գոնե աղոտ ցանկություն, դա առաջին հերթին պետք է գիտակցեն հենց իրենք և հեռանան։ Քաղաքականությունը դաժան է ու նման ձախողումներ չի հանդուրժում։
13:31 - 05 դեկտեմբերի, 2020