Սալոմե Զուրաբիշվիլի

Սալոմե Զուրաբիշվիլի (մարտի 18, 1952, Փարիզ), Վրաստանի նախագահ, վրացի պետական և քաղաքական գործիչ, «Վրաստանի ուղի» կուսակցության առաջնորդ:

Նախկինում եղել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը, ինչպես նաև Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։ Ներկայումս երկքաղաքացի է և ունի միաժամանակ և՛ Վրաստանի և՛ Ֆրանսիայի Հանրապետությունների անձնագիր:

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի նախագահների առանձնազրույցը

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի նախագահների առանձնազրույցը

Վրաստանի նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սալոմե Զուրաբիշվիլիի առանձնազրույցը: Ողջունելով Հայաստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Վրաստան՝ նախագահ Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել իր հրավերն ընդունելու համար և ուրախությամբ արձանագրել, որ նախագահ Սարգսյանի այցը հնարավորություն է ընձեռում քննարկել երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին վերաբերող բազմաթիվ հարցեր: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Վրաստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար: Նա վստահություն է հայտնել, որ այցի արդյունքները կնպաստեն հայ-վրացական հարաբերությունների և համագործակցության հետագա զարգացմանը: «Մեր երկրները, որոնք հնագույն քաղաքակրթությունների կրողներ են, ունեն համագործակցության հսկայական ներուժ, ինչպես նաև՝ հայ-վրացական անխախտ բարեկամությունը մշտապես ամրապնդելու ցանկություն»,-ասել է նախագահ Սարգսյանը: Նախագահների առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Ողջունելով Հայաստանի պաշտոնական պատվիրակությանը՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ասել է, որ անցած տարին մարտահրավերներով լի էր բոլորի համար. մի կողմից համավարակը, մյուս կողմից՝ պատերազմը, որն ավելի ծանր հետևանքների հանգեցրեց: Նախագահ Զուրաբիշվիլին իր ցավակցություններն է հայտնել պատերազմի զոհերի հարազատներին՝ նշելով, որ Վրաստանը և՛ հակամարտության ընթացքում, և՛ հիմա հանդես է գալիս որպես խաղաղության կողմնակից. «Բոլորս հասկանում ենք, որ տարածաշրջանում ցանկացած հակամարտություն վնասում է ողջ տարածաշրջանին, ուստի Կովկասի զարգացման համար խաղաղությունն ու անվտանգությունը այլընտրանք չունեն»: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է հարևան ու բարեկամ Վրաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումը, և, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, պատրաստ է առավելագույն ջանքեր ներդնել երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։ «Մենք շատ ընդհանրություններ ունենք: Դրանք եղել են մեր պատմության ընթացքում, բայց մենք կարող ենք միասին աշխատելով ստեղծել նոր հնարավորություններ: Առկա է մեծ ներուժ, որը մենք կարող ենք այսօր միասին իրացնել»,-ասել է նախագահ Սարգսյանը: Հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Նախագահները համակարծիք են եղել, որ տարբեր ոլորտներում առկա է փոխգործակցության խորացման մեծ ներուժ: Հատկապես առանձնացվել են նոր տեխնոլոգիաների, կրթության և գիտության, ենթակառուցվածքների, արհեստական բանականության, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի և մի շարք այլ բնագավառներ: Նախագահները երկկողմ հարաբերությունների զարգացման խթանման տեսանակյունից կարևոր են համարել բիզնեսի և ներդրումների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ պատրաստ են ամենայն աջակցություն ցուցաբերել նման ծրագրերին: «Պետք է քաջալերենք և նպաստենք հայ-վրացական բիզնեսի համատեղ ծրագրերի իրականացմանը»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: Հատուկ կարևորվել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում երկու երկրների համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին:
20:30 - 15 ապրիլի, 2021
Կովկասի ապագան մեր երկրները պետք է սահմանեն համատեղ. Զուրաբիշվիլի

 |armenpress.am|

Կովկասի ապագան մեր երկրները պետք է սահմանեն համատեղ. Զուրաբիշվիլի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում հանդիպմանը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագա ներուժը: Այդ մասին հանդիպման արդյունքներն անփոփող հայտարարությունների ժամանակ հայտարարեց Վրաստանի նախագահը՝ ավելացնելով, որ այդ ներուժը հազվագյուտ է տնտեսության առումով, հաշվի առնելով արտաքին դերակատարների հետաքրքրությունը: «Այս ամենը վկայում է մեր տարածաշրջանի կարևորությունը: Սակայն Կովկասի երկրների դերը վճռական է մնում Կովկասի ապագայի հարցում: Մեր երկրները պետք է համատեղ սահմանեն այն, միևնույն ժամանակ Կովկասն իր տարանցիկ ներուժի նախատեսմամբ միայն բաց տարածաշրջան ենք պատկերացնում: Կովկասի և Սև ծովի տարանցմամբ, Ասիայի և Եվրոպայի ուղղությամբ զանգվածային նախագծերի իրականացումը պահանջում է բոլորի ու մասնավորապես գլխավոր դերակատարներից մեկի՝ Եվրամիության ակտիվ մասնակցությունն այլ շահագրգիռ կողմերի հետ»,-ասաց Զուրաբիշվիլին:
19:07 - 15 ապրիլի, 2021
Տարածաշրջանում անհնար է ապահովել կայունություն առանց Արցախյան հիմնախնդրի արդար կարգավորման. Արմեն Սարգսյան

 |armenpress.am|

Տարածաշրջանում անհնար է ապահովել կայունություն առանց Արցախյան հիմնախնդրի արդար կարգավորման. Արմեն Սարգսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս հարևան Վրաստանի հետ բարեկամությանն ու համագործակցությանը: Այս մասին Թբիլիսիում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպման արդյունքներով հայտարարեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ հայ-վրացական հարաբերություններն ունեն դարերի պատմություն: «Կարող եմ վստահորեն նշել, որ Վրաստանի հետ մեր հարաբերությունների ամրապնդումն ինչպես մեր երկրների, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության և զարգացման կարևոր նախադրյալներից մեկն է»,- նշեց Սարգսյանը: Նա հայտնեց, որ Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել են օրակարգային հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, կրթության ու մշակույթի և այլ ոլորտներին: ՀՀ նախագահի խոսքով՝ համագործակցության մեծ ներուժ կա ժամանակակից տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կենսատեխնոլոգիների, կիբերանվտանգության, պարենային անվտանգության ոլորտներում: «Անդրադարձանք նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման հարցերին՝ հաշվի առնելով Հայաստանի դեպքում Լեռնային Ղարաբաղի դեմ Թուրքիայի ակտիվ ու բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված նոր իրողությունները։ Ես իմ վրացի գործընկերոջը ներկայացրեցի ԼՂ հարցում  հայկական կողմի մոտեցումներն ու տեսակետները: Հատուկ ընդգծեցի, որ տարածաշրջանում անհնար է հաստատել տևական խաղաղություն և ապահովել կայունություն առանց նաև Արցախյան հիմնախնդրի արդար կարգավորման: Այդ թվում նշեցի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման հնարավորությունն ու դրա անհրաժեշտությունը:   Շեշտեցի պատերազմի հետևանքով առաջացած հսկայական մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից գերիներին և պատանդներին, կամ այն անձանց, ովքեր այդպիսի կարգավիճակ ունեն, նրանց ազատ արձակման հարցում շուտափույթ լուծում գտնելու անհրաժեշտությունը։ Սա շատ էական խնդիր է, և սա հումանիտար խնդիր է»,- հայտարարեց Արմեն Սարգսյանը: Նա ընդգծեց, որ անթույլատրելի է պատերազմից հետո ստեղծված իրավիճակն Ադրբեջանի կողմից շահարկելը, ազգային արժանապատվության ոտնահարման քաղաքականություն վարելը: «Այս քաղաքականությունը չի կարող նպաստել երկխոսության մթնոլորտի ձևավորմանը»,- ասաց նա՝ մտահոգություն հայտնելով նաև ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության հարցով։ Ելույթի վերջում շնորհակալություն հայտնելով Սալոմե Զուրաբիշվիլիին ջերմ ընդունելության համար՝ նա հույս հայտնեց վրաց գործընկերոջն առաջիկայում տեսնել Հայաստանում:
18:52 - 15 ապրիլի, 2021
Վրաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

Վրաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

Վրաստանի նախագահի նստավայրում՝ «Օրբելիանի» պալատում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Վրաստան ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը: Հայաստանի և Վրաստանի նախագահները պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի ստուգայց: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Հանրապետության նախագահը գրառում է կատարել Վրաստանի նախագահական պալատի պատվավոր հյուրերի գրքում։ «Իմ անկեղծ գոհունակությունն եմ հայտնում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով այսօր կրկին հարևան և բարեկամ Վրաստանում գտնվելու համար: Վստահ եմ, որ այցի արդյունքների հիման վրա առավել կամրապնդենք մեր երկու ժողովուրդների բարեկամությունն՝ ի բարօրություն մեր ապագա սերունդների»,- գրել է Հայաստանի նախագահը:
18:00 - 15 ապրիլի, 2021
Վրաստանի ընդդիմությունը բոյկոտել է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը
 |azatutyun.am|

Վրաստանի ընդդիմությունը բոյկոտել է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը |azatutyun.am|

azatutyun.am: «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավորների մասնակցությամբ տեղի է ունեցել նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, որին՝ ի նշան բողոքի, ընդդիմադիր օրենսդիրները չեն մասնակցել: Ընդդիմությունը պնդում է, որ իշխող կուսակցությունը կեղծել է հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը բացել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով կուսակցություններին կոչ է արել «դադարեցնել քաղաքական առճակատումը և կենտրոնանալ բևեռականացմանը վերջ տալու, համերաշխություն և միասնություն դրսևորելու ջանքերի վրա»: «Մենք հոգնել ենք այս անվերջանալի հայհոյանքից, վիրավորանքից, իսկական վրացական և կովկասյան վարվելակերպի ոտնահարումից: Ատելությունը պառակտում է երկիրը, այն դարձնում է խոցելի և տկար մի ժամանակաշրջանում, երբ մեզ առավել եռանդ է պետք մարտահրավերները դիմագրավելու համար», - ասել է նախագահը: Այդ ուղերձով նա հեռակա կարգով դիմել է խորհրդարան ընտրված, սակայն առաջին նիստը բոյկոտող ընդդիմադիր պատգամավորներին:  
20:31 - 11 դեկտեմբերի, 2020
Զուրաբիշվիլին պատրաստակամություն է հայտնել Թբիլիսիում անցկացնել ՄԽ հանդիպումը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ

Զուրաբիշվիլին պատրաստակամություն է հայտնել Թբիլիսիում անցկացնել ՄԽ հանդիպումը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է հեռախոսազրույց ունենալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ և պատրաստակամություն հայտնել հնարավորության դեպքում, Թբիլիսիում անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: «Ժամանակն է բանակցություններ վարել նախագահների հետ, որոնք նախատեսված են այս շաբաթ։ Կարևոր է պահպանել այն փաստը, որ Վրաստանը չեզոք է երկու հարևան երկրների նկատմամբ»,- հայտնել է Զուրաբիշվիլին «Рустави 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ վրացական կողմը կողմերին կոչ է արել դադարեցնել զինված պայքարը՝ հակամարտության զոհերից  խուսափելու համար։ «Երկու կողմերում էլ նշվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ներգրավման պատրաստակամության նախադրյալները: Կարծում եմ, որ մենք պետք է նպաստենք նիստի անցկացմանը Վրաստանում: Մենք կանենք ամեն ինչ և պատրաստ ենք այն ամենին, ինչ նրանց համար ընդունելի է», հայտարարել է նախագահը։  
12:05 - 05 հոկտեմբերի, 2020
Վրաստանը կարևորում է հարաբերությունների զարգացումը Հայաստանի հետ. Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին

Վրաստանը կարևորում է հարաբերությունների զարգացումը Հայաստանի հետ. Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին

Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:  Այս մասին հայտնում են  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահ Զուրաբիշվիլին ընդգծել է, որ Վրաստանը մեծապես կարևորում է բարիդրացիական ու փոխշահավետ հարաբերությունների զարգացումը գործընկեր և բարեկամական երկրի՝ Հայաստանի հետ: «Վստահ եմ, որ մեր երկու կառավարությունների միջև գերազանց համագործակցությունն ու ակտիվ փոխգործակցությունը հետագայում էլ կշարունակվեն և կզարգանան՝ ի շահ մեր երկու ժողովուրդների: Համավարակը մարտահրավեր էր մեր երկու երկրների համար, սակայն լիահույս եմ, որ համակարգված ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի դուրս գալ այս համաշխարհային ճգնաժամից, և կկարողանանք հաղթահարել հետագա սոցիալական ու տնտեսական դժվարությունները»,- ասվում է Վրաստանի նախագահի շնորհավորական ուղերձում: Սալոմե Զուրաբիշվիլին նախագահ Արմեն Սարգսյանին մաղթել է առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:
18:26 - 21 սեպտեմբերի, 2020
Վրաստանի նախագահը նշանակել է ընտրությունների օրը և դիմել հասարակությանը |aliq.ge|

Վրաստանի նախագահը նշանակել է ընտրությունների օրը և դիմել հասարակությանը |aliq.ge|

aliq.ge: Այսօր հրապարակված կարգադրության համաձայն՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հոկտեմբերի 31-ը հայտարարեց ընտրությունների օր և դիմեց հասարակությանը: «Մեր երկրում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին, ինչպես նախատեսված է մեր սահմանադրությամբ: Ուզում եմ դիմել հասարակությանը և հորդորել հնարավորինս խաղաղ ճանապարհով անցկացնել այս ժամանակահատվածը՝ ընտրություններին նախորդող այս երկու ամիսները: Այս ընտրությունները հատուկ նշանակություն ունեն: Մենք ևս մեկ անգամ կհաստատենք մեր երկրի ժողովրդավարությունը»,- հայտարարել է Զուրաբիշվիլին: Վերջում նախագահը հավելել է, որ 30 տարի առաջ՝ 1990 թվականի հոկտեմբերի 28-ին, Վրաստանում անցկացվել են ժողովրդավարական ընտրություններ: «Մենք պետք է շարունակենք այս ավանդույթը, ամրապնդենք այն և աշխարհին ներկայանանք որպես ծայրաստիճան ժողովրդավարական երկիր: Մենք կարող ենք դա անել», — հայտարարել է նախագահը:
17:02 - 31 օգոստոսի, 2020