ՀԲՃ

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական կամավորական նախաձեռնություն է, որը հիմնվել է 2013թվականին։ Նպատակն է կամավորական հիմունքներով համախմբել բնապահպանական եւ մասնագիտական ներուժը՝ ի նպաստ բնության պահպանության, ինչպես նաեւ սոցիալական արդարության ապահովումը բնության հետ ներդաշնակ զարգացման միջոցով։ 

Քաջարանի կոմբինատը ջրօգտագործման նոր հայտ է ներկայացրել․ ի՞նչ է սպասվում Սյունիքի գետերին. ՀԲՃ

Քաջարանի կոմբինատը ջրօգտագործման նոր հայտ է ներկայացրել․ ի՞նչ է սպասվում Սյունիքի գետերին. ՀԲՃ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲ ընկերությունը հայտ է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ մի շարք գետերից ջրառ կատարելու թույլտվություն ստանալու համար, որպեսզի ապահովի տարեկան 68,84 միլիոն խոր/մետր ջրապահանջը: Այս առնչությամբ Հայկական բնապահպանական ժակատի տարածած հայտարարությունում ասվում է. «Ընկերությունը ցանկանում է վերցնել Ողջի գետից՝ 1300 լ/վ, Սակքար գետից՝ 170 լ/վ, Փուխրուտ գետից՝ 50 լ/վ, Ձագեձոր գետից՝ 80 լ/վ, Գեղի գետից՝ 380 լ/վ եւ Գեղի գետի ջրամբարից՝ 370 լ/վ ջուր: Հայկական բնապահպանական ճակատը ծանոթացել է այդ հայտին եւ նախագծին, մասնակցել քննարկմանն ու նախարարություն է ներկայացրել որոշ դիտողություններ եւ առաջարկություններ։ Մինչ դրանք ներկայացնելը՝ ձեր ուշադրությունն ենք ուզում սեւեռել մեր արած լուսանկարին, որտեղ երեւում է, թե ինչ վիճակում է Ողջի գետը Քաջարան քաղաքի տարածքում՝ ԶՊՄԿ-ի ջրառից հետո ընկած հատվածում։ Ինչպես տեսնում եք գետը գրեթե ամբողջովին ջրազրկված է՝ ինչն այս ընկերության ունեցած նախկին ջրօգտագործման թույլտվության պայմանների կոպիտ խախտում է։ Ցավոք, տարվա ջրասակավ ժամանակաշրջանում, որը տեւում է 7-8 ամիս, այս պատկերին գրեթե միշտ է կարելի ականատես լինել Ողջի գետի այս հատվածում։ Դիտողություններ եւ առաջարկություններ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի նոր ջրօգտագործման թույլտվության նախագծի վերաբերյալ 1․ Հիմնարար խնդիր է մնում ելակետային հավաստի եւ վստահություն ներշնչող ջրաբանական տվյալների առկայության հարցը։ Կարծում ենք, որ եղած տվյալները լիարժեք բավարար չեն ճիշտ հաշվարկներ անելու, հավաստի արդյունքներ ստանալու, բնապահպանական թողքերի չափը ճիշտ հաշվարկելու եւ որոշումներ կայացնելու համար։ Բերենք Ողջի գետի օրինակը․հարց է առաջանում, թե հայտի մեջ նշված ջրաբանական կետի տվյալներում հաշվի առնվա՞ծ են արդյոք դրանից վերեւ գետից կատարվող ջրառի քանակները։ Որքան հասկանում ենք այդ ջրաբանական կետից վերեւ կոմբինատը միշտ կատարել է մեծ քանակության ջրառ եւ բնականաբար գետի ջրի ծավալը այդ քանակով պակասում է։ Հավանաբար ջրառ են կատարում նաեւ այլ ջրօգտագործողներ։ Հետեւաբար, եթե այդ քանակները հաշվի առնված չեն, ապա բնապահպանական թողքի քանակն էլ դրա արդյունքում հաշվարկվում է սխալ եւ ստացվում է շատ ավելի փոքր։ Ջրաբանական տվյալների անորոշության նույն վիճակն է նաեւ մյուս գետերի դեպքում՝ հատկապես նրանց, որոնց վրա ընդհանրապես չկան ջրաբանական կետեր։ Քանի որ գետերից նախատեսվում է վերցնել շատ մեծ քանակությամբ ջուր (տարեկան մոտ 69 մլն խոր/մետր), որը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ բնական միջավայրի, ջրի քանակի եւ որակի, էկոհամակարգերի ու մնացած ջրօգտագործողների վրա, ապա կարծում եք, որ այս դեպքում կարիք կա ունենալու նաեւ ջրօգտագործման հետեւանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին եզրակացություն, որի պահանջը նշված է ՀՀ կառավարությանը 2003 թվականի մարտի 7-ի 218-Ն որոշման մեջ։ 2․ Յուրաքանչյուր ջրավազանային տարածքի համար բնապահպանական թողքի մեծությունը սահմանվում է առանձին` հաշվի առնելով մեթոդիկան եւ տվյալ գետավազանի հիդրոմորֆոլոգիական, հիդրոաշխարհագրական, հիդրոքիմիական, հիդրոֆիզիկական, բնապահպանական ու այլ առանձնահատկությունները։ Բնապահպանական թողքի մեծությունը հաշվարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել գետի հիդրոլոգիական ռեժիմը, աշխարհագրական գոտին, որում այն գտնվում է, նրա տնտեսական օգտագործման ձեւը եւ աստիճանը, ջրի քանակական եւ որակական կազմը եւ այլ գործոններ: Բնապահպանական թողքը պետք է ապահովի գետի հիդրոմորֆոլոգիական, թթվածնային եւ ջերմային պայմանները, որոնք էլ ապահովում են ջրային օրգանիզմների գոյատեւումը եւ վերարտադրությունը: Հարավային ջրավազանային տարածքի կառավարման պլանը ընդունվել է 2016թ-ին, որից հետո 2018թ-ին ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել բնապահպանական թողքի որոշման մեթոդիկայում։ Դա նշանակում է, որ այդ ավազանում բնապահպանական թողքի մեծությունները նույնպես պետք է փոփոխության ենթարկվեն եւ հաշվարկեն նոր մեթոդիկայով։ Արդյո՞ք վերոնշյալ բոլոր պահանջները եւ պայմանները պահպանվել են գետերում բնապահպանական թողքի մեծությունը հաշվարկելիս։ Խնդիրը նրանում է, որ գետերից նման մեծ քանակությամբ ջրառի դեպքում դրանք էական բացասական ազդեցություն են ունենում, եւ ջրի քանակի կտրուկ նվազման արդյունքում շատ հաճախ ունենում ենք գետերի ջրի որակական կազմի անթույլատրելի վատացում, որը չի ապահովում ջրային օրգանիզմների գոյատեւումը եւ վերարտադրությունը։ Այդ պատճառով անհրաժեշտ է, որ հաշվի առնվեն բոլոր գործոնները, ինչպես նաեւ գետերի ջրի որակի մշտադիտարկում իրականացվի ջրառի կետերից ներքեւ ընկած հատվածներում՝ հասկանալու համար իրական բացասական ազդեցությունները։ 3․ Հստակ պահանջ պետք է դրվի տնտեսվարողի վրա, որ ջուրն օգտագործելուց հետո բնությանը վերադարձվի այնպիսի որակի ջուր, ինչպիսին այն եղել է ջրառի կետերում։ Դրա համար նախ պետք է ունենալ ջրառի կետերում գետերի ջրի որակական կազմի եւ ֆիզիկա-քիմիական ցուցանիշների ամբողջական տվյալները, իսկ կեղտաջրերի թափման կետերում պետք է լինեն ջրի որակի մշտադիտարկման կետեր՝ ամենօրյա պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով։ Այդ պայմանները չբավարարելու դեպքում՝ տնտեսվարողը պետք անցնի ջրի շրջանառու համակարգի կիրառմանը եւ բացառի կեղտաջրերի արտահոսքը բնական միջավայր։ 4․ Ջրառի բոլոր կետերում պետք է լինեն բնապահպանական թողքի քանակի վերահսկման առցանց համակարգեր, որոնք թույլ կտան պետական լիազոր մարմիններին եւ շահագրգիռ քաղաքացիներին հետեւել այդ թողքի պահպանման պահանջների կատարմանը։ 5․ Ողջի գետի ավազանում կան նաեւ այլ ջրօգտագործողներ, որոնք տարբեր նպատակներով ջրառ են կատարում։ Արդյո՞ք հաշվարկվել է, թե ինչ ազդեցություն կունենա նման քանակության ջրառը մյուս ջրօգտագործողների վրա եւ արդյո՞ք չի խախտվի նրանց իրավունքները եւ ջրօգտագործման թոսւյլտվությունների մեջ նշված պայմանները։ Գնահատվե՞լ է արդյոք բոլոր ջրօգտագործողների կուտակային ազդեցությունը Ողջի գետի ավազանի եւ նրա էկոհամակարգերի վրա։ 6․ Հայտում ներկայացված է նաեւ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի բարելավման եւ աղտոտման նվազեցման ու կանխման միջոցառումների ԶՊՄԿ-ի պլան-ժամանակացույցը, որը հաստատվել է դեռ 01․08․2018թ-ին։ Այնտեղ նշված բոլոր միջոցառումները՝ բացի մեկից, արդեն իսկ պետք է իրականացված լինեին։ Նախարարությունում տեղյա՞կ են դրանց իրականացման մասին, թե ոչ։ 7․ Արդյո՞ք հաշվի առնվել են կլիմայական փոփոխությունների հետեւանքով ջրային հոսքերի նվազման միտումները գետերի բնապահպանական թողքերի հաշվարկման ժամանակ եւ դրանց ազդեցությունը գետային էկոհամակարգերի վրա։
06:58 - 17 հոկտեմբերի, 2019
ՀԲՃ. 7-րդ տարին է, ինչ Սևանա լճի մակարդակի բնականոն բարձրացումը կասեցված է |hetq.am|

ՀԲՃ. 7-րդ տարին է, ինչ Սևանա լճի մակարդակի բնականոն բարձրացումը կասեցված է |hetq.am|

hetq.am: Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն. Համոզված ենք, որ Սևանա լճի խեղված ճակատագրով խիստ մտահոգված մեր հանրության ճնշող մեծամասնությունը տարիներ շարունակ անհամբերությամբ էր սպասում մեր երկրի նոր, իրավական և արդար կառավարության «հայտնությանը», իրավամբ հույս տածելով, որ առաջին իսկ պահից կառավարությունն անհապաղ կլծվի լրջորեն խաթարված, իր գուցե և անբուժելի էկոհամակարգով արդեն իսկ մահվան եզրին հասած, երկար տարիներ փրկության սպասած լճի շատ դժվարին խնդիրների լուծման առաքինի գործին։ 1974-ին, երբ Սևանա լճի մակարդակն արդեն իջել էր մոտ 18 մ-ով, և այն կորցրել էր իր ջրի նախկին ծավալի (58,6 մլրդ խմ) մոտ 37%-ը, իսկ նրա էկոհամակարգը ենթարկվել էր չափազանց աղետալի և մեծ փոփոխությունների, երկրի ղեկավարությունը ստիպված էր շտապ վերանայել Սևանից բաց թողնվող ջրի ծավալները։ Ատոմային ու ջերմային էլեկտրակայանների, մի շարք (ժամանակին իրոք իրենց նպատակին ծառայող) ջրամբարների, ինչպես նաև Արփա-Սևան ջրատարի շահագործման արդյունքում լճի մակարդակի անկման չափերը զգալիորեն նվազեցին՝ շնորհիվ նաև բաց թողնվող ջրի տարեկան ծավալների մինչև 120 մլն խմ-ի կրճատման։ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումներից ամենաառաջնահերթ և անհետաձգելի «օգնությունը» հնարավորինս սեղմ ժամկետում լճի մակարդակի բարձրացումն էր առնվազն 6 մ-ով, այն հասցնելով ծովի մակերևույթից 1903,5 մ բարձրության (հաշվարկային) նիշին։ Դա այն նվազագույն նիշն էր, որի դեպքում միայն կարելի էր հուսալ, որ լիճը կարող է գոյատևել՝ առանց էկոլոգիական աղետալի գործընթացների հետագա զարգացման։Այնպես որ, լճի մակարդակի 6 մ-ով բարձրացումը դեռևս երաշխիք չէր նրա էկոհամակարգի լրիվ ապաքինման անգամ այդ ժամանակ։ Սևանա լճի փրկությանը «ձեռք մեկնեց» նաև ամենակարող բնությունը, որի կամքով 2002-ից սկսվեց Սևանա լճի «ոսկի դարաշրջանը», նրա փրկության և վերածննդի բաղձալի սկիզբը, պարգևելով նրան բնակլիմայական հիրավի աներևակայելի բարենպաստ պայմաններ՝ հորդառատ ու երկարատև մթնոլորտային տեղումներով տարիներ։ Կտրուկ ավելացան մթնոլորտային տեղումները Սևանա լճի ավազանում, և բնության այդ «առատաձեռնությունը» շարունակվում է գրեթե մինչ օրս։ Եվ զարմանալի չէ, որ ընդամենը առաջին 10 տարում (2002-2011թթ.) գրանցվեց Սևանա լճի մակարդակի աննախադեպ բարձրացում՝ 3,61 մետրով (տարեկան միջինը 36 սմ)։ Այդ նույն 10 տարում եղել են այնպիսի տարիներ, երբ լճի մակարդակը տարեվերջին նույն տարվա սկզբի համեմատ (պաշտոնական տվյալներով) բարձրացել է 44, 48, 41, 42, 56, 37, 47 սմ-ով (տես՝ գծագրերը)։ Եվ այդ նույն 10 տարիներին լճի մակարդակի տարվա առավելագույն մակարդակը նույն տարվա սկզբի համեմատ կազմել է 73, 72, 73, 66, 54, 78, 49, 56, 81, 60 սմ (տես՝ «2002-2013թթ. Սևանա լճի մակարդակի բարձրացման դինամիկայի գնահատում» վերլուծությունը): Շատերն էին հույս տածում, որ ևս 12-15 տարի, և Սևանի մակարդակը մինչև հաշվարկային 1903,5 մ նիշի բարձրացումն իրականություն կդառնա։Սակայն տեղի ունեցավ հակառակը։ ՀՀ նախորդ կառավարությունների լուռ համաձայնությամբ տարեցտարի աճեցին Սևանա լճից թույլատրված քանակից ավելի մեծ ծավալներով ջրի ապօրինի բացթողումները, որոնց հիմնական նպատակն էր կանխելու լճի մակարդակի անցանկալի արագ բարձրացումը, քանզի նրա ջրերը ընդհուպ մոտեցել էին օլիգարխ-պաշտոնյաների «արքունիքների» և դղյակների շեմին՝ սպառնալով նրանց հեղեղմամբ։ Սա էր հիմնական պատճառը, որ 2012-ից սկսվեցին ամենամյա, շատ մեծ ծավալներով ջրի ինտենսիվ բացթողումները Սևանա լճից, որոնք անմիջականորեն ուղղված էին բարձրաստիճան պաշտոնյաներին և օլիգարխներին պատկանող, լճի ափամերձ տարածքի մեծ մասը զբաղեցրած բազմաթիվ թանկարժեք առանձնատները, հանգստյան, հյուրանոցային ու ռեստորանային համալիրները և գերշահութաբեր այլ օբյեկտները փրկելուն։ Հակառակ պարագայում նրանք կարող էին հաշված ամիսերի ընթացքում կորցնել ընդամենը գրոշներով զավթած լճափի տարածքները՝ իրենց հարուստ շինություններով ու բիզնեսով։ Հենց այդ նույն՝ 2012-ից սկսած, գրեթե կասեցվել է Սևանա լճի մակարդակի բնականոն աճի գործընթացը, և այս վերջին 7 տարիներին (2012-2018թթ.) լճում գրանցվել է նրա մակարդակի չնչին բարձրացում՝ ընդամենը 25 սմ (տարեկան միջինը 3,6 սմ)։ Ավելին՝ այդ 7 տարիներից 4-ում գրանցվել է լճի մակարդակի բացասական հաշվեկշիռ (3, 3, 4 և 3 սմ-ով), ընդ որում վերջին բացասական հաշվեկշիռը գրանցվել է 2018-ին։ Այսպիսով, կանխամտածված կարգով, չեն խնայվել և չեն պաշարվելՍևանա լիճ թափվող ջրի մեծ ծավալներ, որոնք կլրացնեին լճի ներկայիս սուղ պաշարներն առնվազն 2 մլրդ խմ-ով (լճի մոտ 1,6 մ մակարդակ)։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Սևանա լճի մակարդակի բնականոն աճի լրիվ կասեցման ծրագիրը կազմվել է վաղուց՝ դեռևս 2006-ին։ Նախ, 2008-ին ոռոգման նպատակով ջրառի ծավալը լճից 120 մլն խմ-ից «աճեց» մինչև 170 մլն խմ-ի։ Հաճախակի դարձան լճից անթույլատրելի ու ժամկետից ամիս-ամիսուկես շուտ ջրթողումները։ Այնուհետև սկսվեց ջրի պարբերական, լրացուցիչ բացթողումների «շարանը», որի պատճառով կտրուկ կրճատվեց լճի մակարդակի հետագա բարձրացումը։ Նախքան վերը նշված ծրագրին ծանոթանալը, ներկայացնենք Սևանա լճի մակարդակի կասեցմանն անուղղակիորեն «նպաստող», մի շարք անտրամաբանական և, թերևս, կասկածելի գործընթացների ու իրողությունների հետ կապված հանգամանքները. -աններելի երկար տարիներ է, ինչ շարունակվում է Արփա-Սևան թունելի վերանորոգումը։ -տարիներ շարունակ ՀՀ շատ ջրամբարներ կիսատ են լցվում կամ ընդհանրապես չեն լցվում, որոնք կարող էին լրջորեն թեթևացնել Սևանա լճի «բեռը»։ -Եղվարդի՝ խորհրդային տարիների արդեն իսկ շատ մեծ ծավալի հողային (հիմնական) աշխատանքները գրեթե ավարտած (220 մլն խմ տարողությամբ) ջրամբարի կառույցը, ցավոք, այդպես էլ 1994-ից մնաց կիսավարտ, որը շատ մեծ օգնություն կլիներ Սևանա լճին։ -Որոտան-Արփա ջրատար թունելի կառույցը, որով նախատեսված էր Սևան տեղափոխել Որոտան գետի ջրերի մի մասը, ցավոք, այդպես էլ իր «հանդիսավոր» գործարկման օրվանից (26.04.2004թ.) մինչ օրս ընդհանրապես չի գործել, (տես՝ «2004-ին շահագործման հանձնված Սպանդարյան-Կեչուտ ջրատար թունելով առայսօր մեկ լիտր ջուր անգամ չի…»; «Իրատես», թիվ 51, 07.07.2017թ., armecofront.net): -վերջին 7 տարիներին Արփա-Սևան թունելով Սևան տեղափոխված ջրի միջին տարեկան ծավալ պակասել է ավելի քան 2 անգամ։ -Սևանա լճից սնվող ոռոգման ցանքի ջրանցքներում (պաշտ.տվյալ.), ջրի ավելի քան 40%-ը կորչում է նրանց «ճեղքվածքներում»։ Այսինքն՝ առնվազն վերջին 10 տարում Սևանա լճից միայն ոռոգման նպատակով վերցրած 2,016 մլրդ խմ-ից (հաշված նաև լրացուցիչ ջրառը) հենց այնպես կորսվել է ավելի քան 800 մլն խմ ջուր (լճի մոտ 65 սմ մակարդակ)։ -ատոմակայանի աշխատանքը պրոֆիլակտիկ նպատակով հաճախակի դադարեցվում է ոչ ոռոգման սեզոնին, ինչի պատճառով մեկ, մեկուկես ամսով «հարկադրաբար» լրացուցիչ ջուր է բաց թողնվում լճից՝ Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադն աշխատացնելու համար։ -01.01.2011-ից համաշխարհային գեոդեզիական նիշերի ճշգրտումների արդյունքում Սևանա լճի իրական մակարդակի նիշը (ծովի մակարդակից) արհեստականորեն ավելացվել է 20 սմ-ով, հաշվարկելով այն որպես լճի մակարդակի բնական բարձրացում, որն իրականում տեղի չի ունեցել, քանզի լճի ջրի ծավալը մնացել է նույնը։ -2009-ին մշակված «Սևանա լճի մակարդակի բարձրացման ժամանակացույցով» (գուցե ներքին օգտագործման համար) որոշվել է, որ լճի մակարդակի տարեկան բարձրացումը, սկսած 2010-ից, չպետք է գերազանցի տարեկան 20 սմ-ը, մինչև 2031-ը՝ 1903,5 մ նիշին հասնելը։ Թերևս, նպատակը նույնն է՝ ապահովել լճի ափամերձ գոտում օբյեկտների «երկարակեցությունը»։ Արդյո՞ք սրանք պատահական զուգադիպություններ են, այլ ոչ թե կանխավ մտածված, լավ ծրագրված «համալիր միջոցառումներ»՝ մեծ ծավալներով ջրի «հարկադրաբար» բացթողումներ Սևանա լճից, ոռոգման անվան տակ, դրանով իսկ, նախ՝ լրիվ կասեցնելով լճի մակարդակի հետագա աճը և միաժամանակ օգտագործելով այն շատ և շատ այլ նպատակների համար։ Չէ՞ որ ժամանակին, երբ գյուղական համայնքները դեռևս այս աստիճանի չէին դատարկվել, թույլատրված 120 մլն խմ ջուրը լրիվ բավարարում էր ոռոգմանը։ Այս բոլոր անվիճելի և ակնառու փաստերը, դեռևս տարիներ առաջ, հիմք էին տալիս մեզ հանգելու այն միակ եզրակացությանը, որ Սևան-Հրազդան կասկադի օտարման պայմանագրում պետք է, որ այդ գործարքի շահութաբերությունն ապահովող անհրաժեշտ ջրի նվազագույն քանակը շատ ավելի մեծ լինի, քան օրենքով թույլատրված տարեկան բաց թողնվող ջրի քանակը լճից (170 մլն խմ)։ Այդ կապակցությամբ ցանկանում ենք ներկայացնել, գուցե և մեր հանրությանն անհայտ մի փաստ, որն անմիջական կապ ունի այս խնդրի հետ։ Հայտնի է, որ Սևանա լճից բաց թողնվող ջուրն օգտագործվում է նաև Սևան-Հրազդան կասկադում էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ «Սևան-Հրազդան-Կասկադ» ՓԲԸ-ն՝ իր 7 ՀԷԿ-երով, 2003-ի հուլիսի 17-ին, որպես սեփականություն փոխանցվել է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ին, որը 2005-ին հրապարակել է տեղեկատվական գրքույկ՝ «ЗАО Международная Энергетическая Корпорация», ռուսերեն և անգլերեն։ Այդ գրքույկի առաջին էջում բառացի գրված է. «…ՀՀ-ում կառուցված թունելներով Արփա և Որոտան գետերի հոսքերի մի մասի տեղափոխումը Սևանա լիճ լրիվ թույլ է տալիս, առանց վնաս հասցնելու Սևանա լճին, իրականացնել տարեկան նվազագույնը 350-440 մլն խմ ծավալի ջրի բացթողումներ լճից՝ ոռոգման և էներգետիկ նպատակներով»։ Այս տողերից ակնհայտ է դառնում, որ կասկադը 2003-ին ռուսական կողմին փոխանցողները, անկասկած երաշխավորել են նրանց վերը նշված նվազագույն քանակությամբ ջրի ծավալների բացթողումներ Սևանից, հակառակ դեպքում այս թվերը չէին հայտնվի Միջազգային էներգետիկ կորպորացիայի պաշտոնական գրքույկում։ Եվ քանի որ խոստացել են այդ ծավալի ջուր, ապա պարտավոր են «ցանկացած» միջոցներով կատարել իրենց խոստումը։ Ցավոք, խոստումը կատարվել է Սևանա լճի սուղ պաշարների հաշվին, քանզի վերը նշված Որոտան գետից մեկ լիտր ջուր անգամ այդպես էլ մինչ օրս Սևանա լիճ չի տեղափոխվել։ Այժմ անդրադառնանք վեր նշած, Սևանա լճի մակարդակի բարձրացումը լրիվ կասեցնող ՀՀ կառավարության (հանրությանը լրիվ անհայտ) ծրագրի բուն նպատակին։ Դեռ 2006-ին պետական բարձր մակարդակով քննարկված բնապահպանության նախարարի առաջարկությանը (ըստ ՀՀ վարչապետի 05.09.2006 թ. № 010-5740 հանձնարարականի) Սևանի մակարդակի բարձրացման օրենսդրությամբ ամրագրված առավելագույն չափի փոփոխման վերաբերյալ հարցը, ցավոք, լուծվեց ի վնաս Սևանա լճի։ Դրանով նախատեսվում էր Սևանա լճի մակարդակի հետագա բարձրացումն իրականացնել 3մ + 3 մ երկու փուլով՝ համապատասխանաբար 15 և 17 տարի իրականացման ժամկետներով։ Միաժամանակ առաջարկվել է վերոհիշյալ «գործընթացը սկսել միայն Սևանա լճի մակարդակի բարձրացման 1-ին փուլով նախատեսված 1900 մ նիշին հասնելուց հետո, կատարելով խորը, շարունակական և լայնածավալ ուսումնասիրություններ՝ միաժամանակ հասարակական ծանուցմամբ, ինչպես նաև նրա լայն խավերի մասնակցությամբ»։ Իրականում այն չի ծանուցվել։ Արդյո՞ք սա նախօրոք խոր մտածված, հատուկ (հանրությունից թաքցված) ծրագիր չէ լճի մակարդակը 1900 մ նիշի վրա վերջնականապես «սառեցնելու» նպատակով։ Անկասկած։ Դա է վկայում, որ այս վերջին 7 տարիներին լճի մակարդակը գրեթե կանգնած («դոփում») է հենց այդ՝ 1900 մ նիշի սահմաններում։ Ահա թե ինչ հեռահար նպատակով է «ծրագրվել» Սևանա լճի մակարդակի բարձրացման երկփուլ տարբերակը։ Կասկածից վեր է, որ վերոհիշյալ 1-ին և 2-րդ փուլերի միջև, այս 7 տարիների լճի նույն մակարդակով «ընդմիջումը» կշարունակվի երկար տարիներ (ծրագրի բուն նպատակը), քանի դեռ նրա ափամերձ տարածքի զգալի մասը դեռևս բռնազավթված է նախկին վերնախավի և նախկին օլիգարխ-պաշտոնյաների կողմից՝ թույլ չտալով Սևանի մակարդակի բնականոն բարձրացման գործընթացը։ Եթե վերջին 7 տարիների լճի մակարդակի բնականոն աճի լրիվ կասեցումը հետագայում էլ նույն միտումով ու տեմպով շարունակվի՝ լրիվ աղետալի վիճակում թողնելով Սևանա լճի էկոհամակարգը, ապա անկասկած անդառնալիորեն և վերջնականապես կկոցնենք լիճը։ Հետևապես, Սևանա լճի, նրա էկոհամակարգի միակ փրկությունը, նրա հետագա «առողջ» գոյատևման երաշխիքը եղել և այսօր էլ մնում է նրա մակարդակի շարունակական, անշեղ և նպատակադրված բարձրացումը, առանց զարտուղի և դավադիր ուղիներով նրա մակարդակի բնականոն աճի կասեցման, ինչպես դա իրագործել են մի խումբ ազգադավ և անհայրենիք, սակայն հզոր իշխանական լծակներ «զավթած» նախկին օլիգարխների կողմից։ Սա է մեր ողջ ժողովրդի հրամայական պահանջը երկրի նոր կառավարությունից։ Վեջին 15 տարիների բնապահպանների և Սևանա լճի պրոբլեմներով մտահոգված մեր բազմաթիվ համաքաղաքացիների մշտական բողոքները, նրանց շատ և շատ հոդվածներն ու հարցազրույցներն ասես ակամայից ուղղված են եղել նաև այսօրվա նոր կառավարությանը, քանզի նախկինների համար Սևանա լիճը միայն և միայն արագ հարստանալու միջոց է եղել։ Ինչպես նշվեց վերևում, 2018-ին նույնպես, ինչպես՝ 2017-ին, գրանցվեց Սևանի մակարդակի բացասական արդյունք (տես՝ գծ. 2), և, ցավոք, չկա ոչ մի երաշխիք, որ այն չի կրկնվի այս տարի նույնպես։ Այնինչ, մեծ հույս էինք տածում, որ նոր կառավարության ղեկավարման 2-րդ տարում, թերևս, կունենանք նախկին (2002-2011թթ.) տարիների նման՝ Սևանա լճի մակարդակի էական բարձրացում, քանզի այս տարվա մթնոլորտային տեղումների ծավալը շատ չի տարբերվել այդ նշած տարիների մթնոլորտային տեղումների ծավալներից, երբ Սևանի մակարդակի տարեկան բարձրացումն այդ տարիներից 6-ում՝ տարեվերջին կազմել է 41, 42, 44, 47, 48 և նույնիսկ՝ 56 սմ։ Եվ այսքանից հետո, բնավ չենք կիսում վարչապետի համակերպվելն ու բավարարվելն այն մտքի հետ, որ այս տարի Սևանի մակարդակի սպասվող բարձրացումը լավագույն դեպքում (ըստ ԱԻՆ ղեկավարի «հուսադրման»), լինելու է ընդամենը 5 սմ-ի սահմաններում՝ ինչն ուղղակիորեն անընդունելի է։ Տպավորություն է ստեղծվում, որ Սևանա լճի մակարդակի կասեցումն այսօր էլ դեռևս նույն «ոճով» շարունակվում է, նույն՝ լճից ջրի բացթողումը տարիներ շարունակ «կարգավորող» նախկին համակարգի օգնությամբ։ Լճի, հենց այս՝ վերջին տարիների շարունակական աղետալի վիճակը, դրդեց մեզ, ս.թ. մայիսի 7-ին ՀՀ վարչապետին ուղղված մեր նամակում առաջարկել՝ «Սևանա լճի ապօրինի կասեցված մակարդակի բնականոն աճի վերականգնման համալիր ծրագիր»-ը (տես՝«ՀԺ» թերթի կայքում, armtimes.com, 23.07.2019թ.), որը հնարավորինս սեղմ ժամկետում կվերականգնի լճի տարիներ շարունակ «չամբարված» ջրի պաշարներն ու նրա խաթարված էկոհամակարգը։ Սերգեյ Հաջինյան, ինժեներ 094 52 73 86 Լևոն Գալստյան, աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) Հ.Գ.-Հուսանք, որ մեր երկրի նոր կառավարիչները, ի տարբերություն նախկինների՝ ամեն կերպ կնպաստեն Սևանա լճի մակարդակի բնական աճին, մինչև նրա էկոհամակարգի լրիվ վերականգնումը երաշխավորող լճի ջրի անհրաժեշտ ծավալի կուտակումը։ Միայն այս դեպքում Սևանա լիճը կփրկվի անդառնալի կորստից։
13:46 - 15 հոկտեմբերի, 2019
Հայկական բնապահպանական ճակատը մասնակցում է Ժնևում անցկացվող Ժողովուրդների մոբիլիզացիայի շաբաթվան

Հայկական բնապահպանական ճակատը մասնակցում է Ժնևում անցկացվող Ժողովուրդների մոբիլիզացիայի շաբաթվան

«Հայկական բնապահպանական ճակատը»  ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հոկտեմբերի 12-19-ը Ժնևում անց է կացվում «Ժողովուրդների մոբիլիզացիայի շաբաթը», որը կազմակերպվում է ավելի քան 250 կազմակերպությունների, արհմիությունների, նախաձեռնությունների համաշխարհային շարժման կողմից: Շարժման նպատակն է վերջ տալ կորպորացիաների սանձարձակ իշխանությանը ու անպատժելիությանը և վերանվաճել ժողովուրդների ինքնիշխանությունը: Մոբիլիզացիայի շաբաթվա ընթացքում նախատեսված են տարբեր շարժումների ու նախաձեռնությունների ակցիաներ ցույցերի տեսքով, հանդիպումներ ու կորպորացիաներին վերաբերող ՄԱԿ-ի նոր համաձայնագրի շուրջ քննարկումներ ՄԱԿ-ում, ելույթներ Ժնևի համալսարանում, ինչպես նաև զուգահեռ ակցիաներ այլ երկրներում: Կորպորացիաների անպատժելիության դեմ «Համաշխարհային արշավ»-ն արձագանք է վերջին տասնամյակներին մեծ թափ ստացած միջպետական երկկողմ առևտրային ու ներդրումային համաձայնագրերի կնքմանը ու դրանց հիմքով կորպորացիաների համար անսահմանափակ պաշտպանություն ու անպատժելիություն ապահովելուն, ինչպես նաև համաձայնագրերի շնորհիվ պետություններից անարդար ու գաղտնի արբիտրաժների միջոցով ահռելի գումարներ կորզելուն: Հայաստանը նույնպես ունի ներդրումային ու առևտրային պայմանագրեր բազմաթիվ պետությունների հետ, որտեղ գրանցված ընկերություններից մի քանիսը արդեն հասցրել են ներքաշել Հայաստանին ներդրումային արբիտրաժնային շանտաժների հորձանուտ: Խոսքը մասնավորապես «Լիդիան» և «Սանիթեք» ընկերությունների մասին է, որոնք սպառնում են Հայաստանի կառավարությանը ներքաշել ներդրումային արբիտրաժային գործընթաց: Կորպորացիաների կողմից պետությունների նկատմամբ նման վարքագիծը պայմանավորված է միջազգային իրավունքի տեսանկյունից կորպորացիաների նկատմամբ կարգավորիչ դաշտի բացակայությամբ և մյուս կողմից՝ տնտեսական համաձայնագրերի անհավասար ու անարդար ուժով: Կորպորացիաներին միջազգային իրավունքի դաշտ բերելուն է ուղղված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի շրջանակներում Անդրազգային կորպորացիաների ու մարդու իրավունքների մասին նոր համաձայնագրի ստեղծման գործընթացը: Ժնևում հայտարարված մոբիլիզացիայի շրջանակներում Մարդու իրավունքների խորհրդրի միջկառավարական 5-րդ նստաշրջանին կից անց են կացվելու Համաշխարհային արշավի մասնակից կազմակերպությունների ու շարժումների հետ հանդիպումներ: Հայաստանից Ամուլսարի պայքարն ու աղետաբեր հանքային ծրագրի շուրջ ազդակիր համայնքի՝ Ջերմուկի ինքնորոշվելու իրավունքի գերակայությունը ներկայացվելու է վերը նշված նորաստեղծ միջազգային համաձայնագրի քննարկումների համատեքստում: Հայկական բնապահպանական ճակատը առաջիկա օրերին մանրամասներ կհաղորդի Ժնևում անցկացվող հանդիպումներից: Իսկ մինչ այդ ներկայացնենք մի հատված կորպորացիաների կողմից ժողովուրդներից խլված իրավունքները հետ նվաճելու շարժմանը միանալու կոչից․ «Նեոլիբերալ համաշխարհայնացումը խոշոր տնտեսական ուժերի համար բացել է աշխարհի կեղեքման դռները։ Արդյունքում, ժողովուրդների իրավունքները սիստեմատիկ կերպով ոտնահարվում են, Երկիր մոլորակն ու իր ռեսուրսները ավիրվում, հարստահարվում ու թունավորվում են, մինչդեռ կորպորացիաները շարունակում են տնտեսական և էկոլոգիական ոճիրներ գործել անպատժելիության պայմաններում։ Նրանք նաև մեզ նետում են բնապահպանական ու կլիմայական ահռելի մասշտաբներով ճգնաժամի ճիրանները՝ առանց որևէ պատասխանատվություն կրելու: Անդրազգային կորպորացիաների հրամայականն է առավելագույն շահույթ ստանալը, որն անելու համար նրանք չեն վարանում իրար դեմ հանել տարբեր տարածաշրջաններում սեփական բիզնեսի ապրանքային տարբեր շղթաներում աշխատող մարդկանց: Միլիոնավոր մարդիկ, ովքեր հարկադրաբար վտարանդի են դարձել հանքարդյունահանող ոլորտի ու բիզնես դարձած պատերազմների պատճառով, ում իրավունքները սիստեմատիկ կերպով ոտնահարվում են ազատ առևտրի մասին համաձայնագրերի պատճառով՝ բռնելով գաղթի ուղին դարձել են «աշխատուժի» նոր շուկաներ ու կորպորացիաների նոր շահույթի աղբյուրներ: Նոր միջազգային առևտրային և ներդրումային համաձայնագրերի ստորագրումն ավելի շատ իրավունքներ է շնորհում «ներդրողներին», քան ազդակիր համայնքներին։ Ավելին, Ներդրող-պետություն վեճերի կարգավորման մեխանիզմների (ՆՊՎԿ/ISDS) միջոցով կորպորացիաների շահերը կարելի է ասել ապահովագրված են ի վնաս հանրային շահի։ Բազմաթիվ համայնքներ ու ժողովուրդներ են համախմբվել դիմադրելու այս ճնշմանը: ՄԱԿ-ի շրջանակներում Անդրազգային կորպորացիաների մասին պարտադիր համաձայնագիր ընդունելու գործընթացը դրա մի մասն է: Կորպորացիաների իշխանությանը և այն պաշտպանող և սպասարկող համակարգին դիմադրելու համար հարկավոր է շտապ կերպով տալ համակարգված պատասխան։ Այս համատեքստում. - Միանում ենք «Եվրոպական Արշավ»-ի «Իրավունքները՝ մարդկանց, կանոնները՝ կորպորացիաներին, կասեցնե՛լ ներդրումային արբիտրաժները» կոչին, - Կազմակերպում ենք Ժողովուրդների մոբիլիզացիայի շաբաթ Շվեցարիայում, - Կոչ ենք անում աշխարհով մեկ հոկտեմբերի 12-ին ցույցեր անել կորպորատիվ իշխանության դեմ և կառավարություններից պահանջել, որ առաջ մղեն ՄԱԿ-ի Պարտադիր պայմանագիրը»:
08:16 - 12 հոկտեմբերի, 2019
«Լիդիան Արմենիա»-ն նշել է, որ Արփա գետի վրա բացասական ազդեցություն չի լինելու, սակայն շինարարության փուլում այդ պնդումը խախտվել է․ ՀԲՃ

«Լիդիան Արմենիա»-ն նշել է, որ Արփա գետի վրա բացասական ազդեցություն չի լինելու, սակայն շինարարության փուլում այդ պնդումը խախտվել է․ ՀԲՃ

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ դիմելով Շրջակա միջավայրի նախարարին։ Նախաձեռնության անդամները, մասնավորապես, խնդրում են քննության առնել այն փաստը, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն ընդունել է պատասխանատվություն 2018թ․ մայիսին հանքարդյունահանման տարածքից Արփա գետ հոսած հեղեղաջրերի և գետի աղտոտման համար, ինչն արձանագրվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից, սակայն այդպես էլ մնացել է անհետևանք։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի հետ կապված նախարարության վերջին գործողություններից հանրությանը հայտնի է դարձել, որ նախարարությունը ԷԼԱՐԴ-ԹիԱրՍԻ ընկերությունների զեկույցի հիման վրա գրություն է ուղարկել կառավարությանը, որ վերջինս հանձնարարի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին կրկին ստուգումներ իրականացնել։Սակայն ՇՄԱԳՓ մասին ՀՀ օրենքի և Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգի համաձայն այդ գործընթացում դերակատարում ունի նաև Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ը։ Սույն դիմումով առաջարկում ենք, որ փորձաքննական կենտրոնը վերլուծի վերոնշյալ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով կամ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքերի առկայությունը և իրականացնի կարգի համապատասխան կետերում նշված անխտիր բոլոր գործառույթները: Կարծում ենք, որ ԷԼԱՐԴ-ԹիԱրՍԻ ընկերությունների զեկույցի, ձեր նախարարության կառավարությանն ուղղված գրության, ինչպես նաև մինչ այդ՝ 2017-2018թթ հրապարակված, միջազգային փորձագիտական զեկույցների մեջ կան բազմաթիվ իրավական հիմքեր, որոնք թույլ են տալիս ուժը կորցրած ճանաչել այս ծրագրին 2016թ-ի ապրիլի 29-ին տրված փորձաքննական դրական եզրակացությունը։Խնդրում ենք նաև քննության առնել այն փաստը, որ Լիդիան Արմենիա ընկերությունն ընդունել է պատասխանատվություն 2018թ․ մայիսին հանքարդյունահանման տարածքից Արփա գետ հոսած հեղեղաջրերի և գետի աղտոտման համար, ինչն արձանագրվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից, սակայն այդպես էլ մնացել է անհետևանք։ Մինչդեռ, արդեն շինարարական փուլում նման երևույթը նոր էկոլոգիական գործոն է, որ հորդառատ անձրևների և հեղեղումների գնահատման բացակայության պարագայում ի հայտ է եկել 2018թ-ին և առաջացրել անհրաժեշտություն գնահատել ծրագրի ազդեցությունը Արփա գետի վրա, մասնավորապես ցիանիդով կույտային տարալվացման հարթակի տարածքից։ Լիդիան Արմենիա ընկերությունը միշտ նշել է, որ Արփա գետի վրա ոչ մի բացասական ազդեցություն չի լինելու, սակայն արդեն շինարարության փուլում այդ պնդումն ու պարտավորությունը խախտվել է։Սույն գրությանը կից ներկայացնում ենք Էկոլուր տեղեկատվական ՀԿ-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացրած երկու տեղեկանքները՝1․ Տեսչական մարմնի պատասխանը ՀԿ-ին,2․ Լիդիան Արմենիա ընկերության գրությունը տեսչական մարմնին։Խնդրում ենք ձեռնարկված գործողությունների մասին մեզ տեղյակ պահել»։
06:47 - 19 սեպտեմբերի, 2019
Մեզ հետ բանավիճելու փոխարեն՝ հարցի շուրջ դրսևորել պատասխանատու մոտեցում. ՀԲՃ-ն` վարչապետին

Մեզ հետ բանավիճելու փոխարեն՝ հարցի շուրջ դրսևորել պատասխանատու մոտեցում. ՀԲՃ-ն` վարչապետին

«Հայկական բնապահպանական ճակատը» հայտարարություն է տարածել․«Այսօր վարչապետ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է արել Թեղուտին, պոչամբարին, երկրաշարժին ու բնապահպաններին։ Քանի որ որպես նախաձեռնություն, ինչպես նաև նախաձեռնության անդամներն առանձին միշտ բարձրաձայնել են Թեղուտի խնդրի մասին, կարծում ենք հասցեատեր բնապահպանները նաև մենք ենք։Ուրախ ենք, որ Վարչապետ Փաշինյանը վերջապես խոսեց Թեղուտի վտանգներից, սակայն նրան խնդրում ենք մեզ թշնամի չդարձնել։ Մեր հետ բանավիճելու փոխարեն՝ հարցի շուրջ դրսևորել համալիր մասնագիտական ու պատասխանատու մոտեցում։ Խնդրում ենք սկայպ-խորհրդակցություններ կազմակերպել Համաշխարհային բանկի կողմից վարձված փորձագետների հետ, ովքեր ուսումնասիրել են Հայաստանի պոչամբարների վիճակը դեռ 2015-2016թթ․, ինչպես նաև Վալեքսի կողմից վարձված միջազգային ինժեներների հետ։ Փորձն ապացուցում է, որ նման բաց սկայպ զրույցները կառավարության հետ բավականին լայն իրազեկող ու կողմնորոշիչ դեր կարող են ունենալ ինչպես կառավարության, այնպես էլ հանրության համար»։
10:39 - 12 սեպտեմբերի, 2019
Ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններն իրականացվել են ոչ լիարժեք. ՀԲՃ-ն հրապարակել է Ամուլսարի հանքի 2018թ. տեսչական ստուգման եզրակացությունը

Ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններն իրականացվել են ոչ լիարժեք. ՀԲՃ-ն հրապարակել է Ամուլսարի հանքի 2018թ. տեսչական ստուգման եզրակացությունը

Հայկական բնապահպանական ճակատը հրապարակել է 2018թ. տեսչական ստուգման ընթացքում Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների հանքավայրի ՇՄԱԳ-ի վերաբերյալ տրված եզրակացություն, որը ներկայացված է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, Երկրաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Առաքելյանի կողմից: Դրանում մասնավորապես նշված է. 1. «Գեոթիմ»-ի կողմից ներկայացված ինժեներաերկրաբանական հորատանցքերի և խուզահորերի տեղադիրքերի և քանակների տվյալները բավարար հիմնավորում չեն կարող հանդիսանալ դատարկ ապարների լցակույտի պահեստավորման համար։ Մասնավորապես 5 հատ փորված հորատանցքերը (GRE-B8, GRE-B6, GRE-B10, GRE-W1, GRE-B6A) տվյալ տարածքի (մոտ. 2-2.5կմ2 տարածքում) վերաբերյալ չեն կարող տալ ամբողջական պատկեր ինժեներաերկրաբանական պայմանների մասին ըստ ինժեներաերկրաբանական 1։500մ, 1։1000մ, 1։2000մ կոնդիցիաների։2. Բացակայում են ինժեներաերկրաբանական երկայնական և լայնական կտրվածքներ ըստ հորատանցքերից ստացված գրունտների ֆիզիկոմեխանիկական հատկությունների տվյալների, որոնք անհրաժեշտ է ներկայացնեն ինժեներաերկրաբանական էլեմենտները, գրունտային ջրերի մակարդակը և այլ պարամետրեր ըստ պահանջվող նորմատիվների։ Փորված հորատանցքերը (TP-774, TP-775, DDAG-392, BH-606, DDAG-387 և այլն) և կատարված աշխատանքները հիմնականում ընդգրկում են և հիմնավորում են քարաջարդման, ավտոպարկի և այլ հանքշահագործման ինֆրակառույցների տարածքների կառուցումը և շահագործումը։ 3. Այս ամենից կարելի է եզրակացնել, որ պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունները իրականացված են ոչ լիարժեք և չեն ապահովում անհրաժեշտ տեղեկատվություն ներկայիս իրավիճակի գնահատման համար»։  
10:35 - 17 օգոստոսի, 2019
Գլաձոր համայնքի ավագանին էլ մերժեց Վայոց ձորի մարզպետի առաջարկն ու կրկին ոչ ասեց մետաղական հանքարդյունաբերությանը․ ՀԲՃ

Գլաձոր համայնքի ավագանին էլ մերժեց Վայոց ձորի մարզպետի առաջարկն ու կրկին ոչ ասեց մետաղական հանքարդյունաբերությանը․ ՀԲՃ

Վայոց ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի ավագանին 2019թ․ ապրիլի 29-ին ընդունել էր որոշում, որով հավանություն էր տվել համայնքի 2152 բնակիչների ստորագրությամբ համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացրած «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Դրանից հետո Վայոց ձորի մարզպետը մի երկարաշունչ գրություն է ուղարկել Գլաձոր համայնքի ղեկավարին, որով առաջարկել է ողջամիտ ժամկետում հրավիրել ավագանու արտահերթ նիստ և անվավեր ճանաչել ավագանու վերոնշյալ որոշումը: Գլաձոր համայնքի ավագանու 2019թ․ հունիսի 14-ի հերթական նիստում քննարկվել է նաև այդ որոշումն անվավեր ճանաչելու մարզպետի առաջարկն ու 0 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայներով այն մերժվել է։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ մետաղական հանքարդյունաբերությունն արգելող հանրագրին հավանություն տալու ավագանու որոշումը մնում է ուժի մեջ, իսկ ուղիղ ժողովրդավարության գաղափարը շարունակում է տարածվել Հայաստանում։ Մնում է հասկանալ, թե ինչո՞ւ է ուղիղ ժողովրդավարության գործիքների միջոցով կառավարությունում հայտնված քաղաքական թիմը պայքարում համայնքային մակարդակներում այդ նույն եղանակի կիրառման դեմ։
09:31 - 25 հուլիսի, 2019
Արենի համայնքի ավագանին կրկին մերժեց մետաղական հանքարդյունաբերությունը |armecofront.net|

Արենի համայնքի ավագանին կրկին մերժեց մետաղական հանքարդյունաբերությունը |armecofront.net|

armecofront.net։ Արենի խոշորացված համայնքի ավագանին հուլիսի 10-ի նիստում քննարկել է «Արենի համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին» 2019 թվականի մայիսի 6-ին ընդունած իր որոշումն անվավեր ճանաչելու հարցը։ Ավագանու նիստում բուռն քննարկում է եղել, ինչի արդյունքում 2 կողմ, 5 դեմ, 1 ձեռնպահ ձայներով որոշումը չի ընդունվել, որը նշանակում է, որ մետաղական հանքարդյունաբերությունն արգելող ավագանու որոշումը մնում է ուժի մեջ։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ավագանին հիմք ընդունելով համայնքի բնակիչների կողմից կազմակերպված հանրագիր-ստորագրահավաքը՝ թվով 2868 ստորագրություն, որոշել էր Արենի համայնքը ճանաչել էկո-տնտեսական տարածք և այսուհետ արգելել համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման աշխատանքները: Այդ որոշումից հետո ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը գրություն էր ուղարկել մարզպետներին, որով խնդրել էր նրանց դիմել բոլոր ինքնակառավարման մարմիններին՝ առաջարկելով նրանց վերացնել համայնքներում հանքարդյունաբերությունն արգելելու որոշումները։ Մետաղական հանքարդյունաբերությունն իրենց բնական միջավայրերում թույլ չտալու նախաձեռնությամբ հանդես են եկել հինգ համայնք՝ 2018թ․ գարնանը Նոյեմբերյանը, 2018թ․ աշնանը՝ Ջերմուկը, 2019թ․ ապրիլին՝ Գլաձորը և 2019թ․ մայիսին՝ Արենին և Եղեգնաձորը։ Որոշումն անվավեր ճանաչելու կամ փոփոխելու առաջարկ ներկայացվել է բոլոր համայնքներին, որը մերժվել էր նաև Ջերմուկ և Նոյեմբերյան համայնքների կողմից։    
07:39 - 13 հուլիսի, 2019
Մերժվածների դասական ոճին հարիր հերթական պատասխանը՝ այս անգամ ՊԵԿ-ից․ ՀԲՃ

Մերժվածների դասական ոճին հարիր հերթական պատասխանը՝ այս անգամ ՊԵԿ-ից․ ՀԲՃ

2018 թվականի հունիսի 26-ին մետաղական հանքարդյունաբերությանը վերաբերող հերթական հարցումն էինք ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ։ Հաշվի առնելով նախորդ մի շարք դիմումների ոդիսականները՝ հնարավորինս պարզ և հակիրճ էինք ձևակերպել մեր հարցադրումները: Հարցումը վերահասցեագրվել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտե, որտեղից ստացել ենք նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ստորագրությամբ հաստատված այս «հանճարեղ» պատասխանը։ Որպեսզի պարզ լինի, թե ինչ աբսուրդի մասին է խոսքը՝ ներկայացնենք, թե ինչ էինք ուզում իմանալ ՀՀ կառավարությունից։ Մենք ընդամենը խնդրել էինք տրամադրել հետևյալ տեղեկությունները․ 1. Արդյո՞ք երբևէ ստուգվել է Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութերի մեջ եղած բոլոր արժեքավոր տարրերի պարունակությունը։2. Եթե այո, ապա ո՞ր պետական կառույցի կողմից, ի՞նչ պարբերականությամբ, և ինչպե՞ս է կարելի ծանոթանալ այդ տվյալներին։ Պատասխանը կարդալիս ճիշտն ասած կասկած առաջացավ, որ երևի ՊԵԿ-ում պատահաբար սխալվել են ու մեկ այլ հարցման պատասխանն են ուղարկել մեզ։ Զանգեցինք գրության կատարողին և խոսակցության արդյունքում պարզեցինք, որ սա իսկապես մեր հարցման պատասխանն է։ Ավելին՝ ՊԵԿ-ի աշխատակից Կարեն Հայրունին վստահ էր, որ իրենք լիարժեք պատասխանել են մեր հարցմանը։ Ինչ է ստացվում․ Առաջին հարցին հստակ պատասխանելու փոխարեն ՊԵԿ-ում որոշել են մեզ տեղեկացնել ԵԱՏՄ-ի 2012 թվականի ինչ-որ որոշման գոյության և դրանով սահմանված «հանքաքարեր» եզրույթի մասին։ Իսկ դրանից հետո էլ՝ երկրորդ հարցի մեջ նշված կետերին հստակ պատասխանելու փոխարեն, հղում են տվել առաջին պարբերության մեջ գրած և մեր հարցադրումների հետ ընդհանրապես ոչ մի առնչություն չունեցող տեղեկություններին ու տեղեկացրել, որ նույն ԵԱՏՄ-ի կանոնակարգերի շրջանակներում խտանյութ արտահանող ընկերությունից պահանջվում է փորձագիտական եզրակացություն յուրաքանչյուր խմբաքանակի բաղադրության վերաբերյալ։ Այս պատասխանը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ մերժվածների տասնյակ տարիների գործելաոճը խորն արմատներ է ձգել պետական համակարգում և այդպես էլ արմատախիլ չի արվում։ ՊԵԿ-ի պատասխանից մենք այդպես էլ չիմացանք, թե արդյո՞ք անկախ Հայաստանում որևէ պետական կառույց երբևէ ստուգել է երկրից արտահանված խտանյութի բաղադրությունը։ Չիմացանք, թե ո՞ր պետական կառույցն է դա արել, եթե արել է, ապա ի՞նչ պարբերականությամբ։ Եվ ամենակարևորը, այդպես էլ չիմացանք, թե ՀՀ քաղաքացիներն ինչպե՞ս են կարող իմանալ, թե ժողովրդին պատկանող ընդերքի շահագործման արդյունքում ինչ է իրականում արտահանվում մեր երկրից։ Նաև ՊԵԿ-ին ուզում ենք հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն է և գոյություն է ունեցել 2012 թվականի ԵԱՏՄ-ի իրենց նշած որոշումից շատ առաջ, և երկրից երկու տասնամյակ շարունակ արտահանվել է տարբեր մետաղների խտանյութ: Բացարձակ անհասկանալի է, թե մեր հարցադրումներին հստակ պատասխանելու փոխարեն ինչո՞ւ է ընդհանրապես նշված այդ կառույցի անվանումն ու հղում է արվում նրա որոշումներին։ Քանի որ մեր հարցադրումներին ըստ էության պատասխան չի տրվել, չեն տրամադրվել պահանջված տեղեկությունները, իսկ նմանատիպ բովանդակությամբ պատասխանն ուղղակի անընդունելի է հետհեղափոխական Հայաստանում՝ մենք կփորձենք վերականգնել ՀՀ քաղաքացիների այս տեղեկություններն իմանալու իրավունքը։ Խնդրի առնչությամբ արդեն իսկ դիմել ենք Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակ՝ խնդրելով քննել հարցը և վերականգնել մեր խախտված իրավունքները։
11:37 - 11 հուլիսի, 2019
Հանքավայրերի վերաբերյալ Բնապահպանության նախարարին ուղղված դիմումի ոդիսականը․ ՀԲՃ

Հանքավայրերի վերաբերյալ Բնապահպանության նախարարին ուղղված դիմումի ոդիսականը․ ՀԲՃ

Դեռ չորս ամիս առաջ՝ 2019թ․ փետրվարի 15-ին, մետաղական հանքերի վերաբերյալ դիմում էինք գրել ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին։ Չնայած նրան, որ դիմումի մեջ նշված գործողությունների որոշ մասը միանշանակ կարող էր իրականացնել հենց նախարարությունը՝ 20 օր անց (ինչն արդեն իսկ օրենքի խախտում է) ստացանք պատասխան, որ մեր դիմումն ամբողջապես վերահասցեագրվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Որպես այդ գործողության հիմնավորում բերված էր «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը։ Այդ պատասխանը ստանալուց հետո սպասեցինք մեկ ամիս, երկու ամիս, երեք ամիս, բայց պետական լիազոր մարմիններն այդպես էլ կյանքի նշան ցույց չտվեցին։ Ստիպված եղանք գրել և զանգահարել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, որից մի քանի օր անց վերջապես ստացանք մեր դիմումի «պատասխանը», որտեղ նշված էր, որ ՀՀ վարչապետի հանձարարականի համաձայն ստուգումներ են իրականացվում գործող բոլոր մետաղական հանքավայրերում, որի շրջանակներում կուսումնասիրվեն նաև մեր կողմից բարձրացված հարցերը։Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ խնդրի մասին է խոսքը՝ մեջբերենք մի հատված դիմումից, որտեղ երևում է, թե ինչ էինք մենք առաջարկում ՀՀ բնապահպանության նախարարին․«Ձեր նախարարությունից 30․01․2019թ․ ստացված պաշտոնական պատասխանից տեղեկացանք, որ 2011թ․-ից առ այսօր մետաղական հանքավայրի արդյունահանման համար ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված ոչ մի դրական եզրակացություն ուժը կորցրած չի ճանաչվել։ Հաշվի առնելով այն փաստը, որ ներկայումս մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների մեծ մասը վերոնշյալ դրական եզրակացությունը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում նախատեսվող գործունեության իրականացումն այդպես էլ չի սկսել, և հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասը․ «Փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում»՝ առաջարկում ենք․1․ Ուսումնասիրել և պարզել այդ ընկերությունների կողմից դրական եզրակացություն ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում նախատեսվող գործունեության իրականացման կամ չիրականացման փաստերը։2․ Ուժը կորցրած ճանաչել նախատեսվող գործունեությունը դրական եզրակացություն ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում չսկսած ընկերություններին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական դրական եզրակացությունները»։Հայկական բնապահպանական ճակատի այս երկու առաջարկներն իրականացնելու համար ընդամենը պետք էր, որ նախարարության համապատասխան բաժնի աշխատակիցները հանձնարարական ստանային վերադասից և ուսումնասիրեին մետաղական 27 հանքավայրերի շահագործման թույտվություն ունեցող ընկերությունների տարբեր պետական մարմիններին ներկայացրած հաշվետվությունները։ Կարծում ենք, որ նախարարությունը լիովին իրավասու էր մեր առաջարկներն ուսումնասիրելու և ոչ մի անհրաժեշտություն չկար դրանք վերահասցեագրել այլ պետական մարմնի։ Ավելին, այդ ուսումնասիրությունների արդյունքում հեշտությամբ կարելի էր պարզել, թե արդյո՞ք այդ ընկերությունները նախատեսվող գործունեության իրականացումը սկսել են, թե ոչ՝ համապատասխան իրավական գնահատական տալով այդ ամենին։Բայց Բնապահպանության նախարարությունը մնաց իր ոճի մեջ և որոշեց հերթական անգամ խուսափել պատասխանատվության բեռ կրելուց։ Ավելի հեշտ է տարբեր օրենքների կամ որոշումների կետերին հղումներ տալով վերահասցեագրել դիմումներն այլ պետական մարմինների կամ հնարավորինս ձգձգել և բարդացնել պատասխաններ ստանալու գործընթացները, տալ ոչ բովանդակային և գրեթե ոչինչ չասող պատասխաններ՝ քան ցանկություն և կամք ցուցաբերել ու հստակ գործողություններ անել դիմումներում բարձրաձայնված խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ։ Այս դեպքում ստացվեց, որ չորս ամիս ժամանակ պահանջվեց մեր առաջարկների «պատասխանը» ստանալու համար՝ ինչը թե ընթացակարգային, թե օրենսդրական և թե բովանդակային առումով ուղղակի անթույլատրելի մոտեցում է։Եվ սա բնավ առաջին կամ միակ դեպքը չէ, և չի վերաբերում միայն այս պետական մարմնին։ Նմանատիպ խնդիրների հետ բախվում ենք գրեթե բոլոր պետական մարմիններին հարցումներ, առաջարկներ և դիմումներ գրելիս, որոնց մի մասի մասին տարբեր եղանակներով արդեն իսկ բարձրաձայնել ենք։ Հետագայում կներկայացնենք նաև մեր մյուս հարցումների և դիմումների ոդիսականները, ինչը մեզ համոզում է, որ ՀՀ նոր կառավարության մեծ մասը դեռ գտնվում է մերժվածների իներցիոն սայլակի մեջ և գլորվում է նույն ուղղությամբ։Հուսով ենք, որ հետհեղափոխական Հայաստանում կլինի քաղաքական կամք այս ոլորտի օրենսդրական դաշտն ի շահ բնության, պետության ու ժողովրդի վերանայելու և հանք շահագործող ընկերություններին օրենսդրական դաշտ վերադարձնելու համար։Հ․Գ․ Այս հոդվածը գրելու ընթացքում «Հետք» ինտերնետային օրաթերթը հրապարակեց «Հայկական ոսկու գինը․ աղքատ համայնքեր և լքված պոչամբարներ» լայնածավալ հետաքննական հոդվածը, որը մեկ անգամ ևս ապացուցում է, որ կամք ունենալու դեպքում կարելի է բացահայտել գրեթե ցանկացած տեղեկություն՝ նույնիսկ առանց պետական լծակների ընձեռնած հնարավորություններից օգտվելու։ Կարելի է միայն գուշակել, թե ինչ բացահայտումներ կլինեն մետաղական հանքարդյունաբերության ոլորտում, եթե պետական և իրավապահ կառույցներն իրականացնեն անաչառ, հետևողական, բազմակողմանի և արհեստավարժ ուսումնասիրություններ։
09:49 - 20 հունիսի, 2019
Հանքարդյունաբերական ընկերություններում 10 տոկոսից պակաս բաժնեմաս ունեցող սեփականատերերը կշարունակեն մնալ անհայտ․ ՀԲՃ

Հանքարդյունաբերական ընկերություններում 10 տոկոսից պակաս բաժնեմաս ունեցող սեփականատերերը կշարունակեն մնալ անհայտ․ ՀԲՃ

«Հայկական բնապահպանական ճակատ / Armenian Environmental Front»-ը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «‼️ Ինչպես թյուրիմացության մեջ գցել ՀՀ վարչապետին և անցկացնել նախորդների կողմից գրված օրենսդրական փաթեթը, որ վերաբերում էր հանքերի իրական սեփականատերերի իբր թե բացահայտմանը։⚠️ Կառավարության նիստում այս փաթեթի ներկայացման ժամանակ և ոչ մեկը վարչապետին չի ասում, որ օրենքների այս փոփոխությունների մեջ խոսքն իրականում վերաբերում է 10 տոկոս և ավել բաժնեմաս ունեցող սեփականատերերին, այլ ոչ թե բոլորին։⚠️ Այնպես, որ հանքարդյունաբերական ընկերություններում 10 տոկոսից պակաս բաժնեմաս ունեցող սեփականատերերը կշարունակեն մնալ անհայտ։‼️ Եվ քանի-քանի նմանատիպ օրենքներ և որոշումներ են անցկացրել ոմանք՝ մոտավորապես այսպիսի սխեմայով»։
11:35 - 17 հունիսի, 2019
Ամուլսարի խնդրով պատվիրված միջազգային փորձաքննության բոլոր արդյունքները պետք է հասանելի լինեն հանրությանը. ՀԲՃ

Ամուլսարի խնդրով պատվիրված միջազգային փորձաքննության բոլոր արդյունքները պետք է հասանելի լինեն հանրությանը. ՀԲՃ

ՀՀ քննչական կոմիտեում դեռ 2018 թվականի հուլիսին հարուցվել էր քրեական գործ Ամուլսարի ծրագրի նախագծի փորձաքննության ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը այս կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է.«Այս քրեական գործի շրջանակներում պատվիրվել է միջազգային փորձաքննություն, որն իրականացնում է լիբանանյան ELARD ընկերությունը։ Ըստ շրջանառվող լուրերի` շուտով պետք է հայտնի լինեն այդ փորձաքննության արդյունքները։ Այս առումով ունենք մի շարք դիտարկումներ, որոնք ներկայացնում ենք հանրությանը, քննչական կոմիտեին և ՀՀ կառավարությանը․ Հաշվի առնելով, որ այս խնդիրը վերաբերում է բնական միջավայրի, մարդկանց առողջության և մեր պետության էկոլոգիական անվտանգությանը, ապա այդ փորձաքննության բոլոր արդյունքները պետք հասանելի լինեն հանրությանը։Փորձաքննական բոլոր հաշվետվությունների անգլերեն և հայերեն տարբերակները պետք է անպայման ամբողջությամբ հրապարակվեն ՀՀ քննչական կոմիտեի կայքում։Շահագրգիռ գիտական, մասնագիտական և հանրային շերտերին պետք է հնարավորություն և ժամանակ տրվի՝ վերլուծելու դրանց հավաստիությունը, գիտական հիմնավորվածությունն և լիարժեքությունը։Արդյունքները պետք է հանրային քննարկում անցնեն բոլոր շահագրգիռ և մասնագիտական կողմերի հետ՝ հատկապես Ջերմուկ համայնքի բնակիչների, որոնք 2006 թվականից զրկված են եղել Ամուլսարի մասին որոշումներ կայացնելու գործընթացներին մասնակցելուց։Կարևոր ենք համարում, որ այս գործընթացի համար պատասխանատու մարմինները հանրությանը տեղեկացնեն գործընթացի ակնկալվող փուլերի ու հատկապես արդյունքների հրապարակման հստակ ժամկետների մասին. սա կենսական հարց է հատկապես Ջերմուկ համայնքի բնակիչների համար՝ հաշվի առնելով, որ Ամուլսարի մոտ արդեն շուրջ մեկ տարի անդադար ընթացող հավաքը (լեռան գագաթ տանող փակված ճանապարհները)»:
06:52 - 05 հունիսի, 2019
Թթվային գետեր. ի՞նչ է կատարվում Կապանում եւ Ողջի գետում անձրեւներից հետո. ՀԲՃ

Թթվային գետեր. ի՞նչ է կատարվում Կապանում եւ Ողջի գետում անձրեւներից հետո. ՀԲՃ

Վերջին օրերին մեկ անգամ եւս ակնառու երեւաց, թե ինչ է լինում այն տարածքներում, որտեղ շահագործվել եւ շահագործվում են մետաղական հանքեր։Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ ասվում է.«Կապան քաղաքում թռչնի թռիչքից արված լուսանկարներն (1, 2) ու տեսանյութը ցույց տվեցին, թե ինչ աղետալի վիճակ է առաջանում անձրեւից հետո հանքերի շահագործման հետեւանքով առաջացած թափոնների, լցակույտերի եւ լքված հանքերի պատճառով։ Իսկ Կապանի միջով հոսող Ողջի գետ էլ ստացել էր վառ դեղնադարչնագույն երանգ։Դիտեք նաեւ մայիսի 31-ին թռչող սարքով արված այս տեսանկարահանումը: Կապանում տասնյակ տարիներ է ստորգետնյա եղանակով շահագործվում է Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը, հարյուր տարուց ավել էլ շահագործվել է Կավարտ թաղամասի մոտ գտնվող բաց հանքը եւ Կենտրոնական հանքավայրը (Լենհանքերը), որն այժմ ամբողջովին լքված է եւ մատնված անտերության։ Անձրեւաջրերը լվանում են այդ հանքերի եւ դրանց բազմաթիվ թափոնակույտերի թթվային ապարներն ու դեղնադարչնագույն առվակների տեսքով հոսում են Կապան քաղաքի փողոցներով եւ Ողջի գետի վտակներով՝ ի վերջո լցվելով Ողջի գետը։Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) դեռ 2015-ին անդրադարձել էր Կավարտի լքված հանքի պատմությանը՝ ահազանգելով առկա խնդիրների մասին։ Իսկ արդեն 2017-ի մայիսին ՀԲՃ-ն ավելի մանրամասն ուսումնասիրեց խնդիրը՝ նմուշառում կատարելով Ողջի գետի վտակ Կավարտ գետով հոսող ջրից։ Ջրի փորձանմուշի լաբորատոր հետազոտությունների արդյունքներն ուղղակի շոկային եղան եւ հաստատեցին մեր ամենավատ կանխատեսումները։ Դրանց համաձայն ջրի թթվայնությունը՝ pH-ը (ջրի ջրածնային ցուցիչը), բնութագրական չեզոք միջավայրից՝ այսինքն նորմայից, որը 7 է, անցել էր խիստ թթվային միջավայր ու կազմել 3,22։ Դա էլ իր հերթին առաջացրել էր ջրում ծանր եւ վտանգավոր մետաղների ու որոշ իոնների կոնցենտրացիաների ահռելի մեծացում։ Դրանք տասնյակ, հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր անգամ գերազանցում էին սահմանված էկոլոգիական նորմերը։Սա հենց մետաղական հանքերի թթվային ապարների դրենաժի դասական օրինակ է, որը լրջագույն եւ անկառավարելի էկոլոգիական խնդիր է եւ անխուսափելիորեն առաջանում է բոլոր սուլֆիդային մետաղական հանքավայրերի շահագործման ընթացքում՝ շարունակվելով հարյուրավոր տարիներ։ Այս տեսանյութում երեւում է, թե ինչ տեսք ունի մետաղական հանքերի շահագործման հետեւանքով առաջացող խիստ վտանգավոր թթվային դրենաժը Կավարտում։ՀԲՃ-ն 2017-ին դիմել էր նախորդ կառավարությանը՝ առաջարկելով վնասազերծել մետաղական հանքերի շահագործման հետեւանքով աղտոտվող տարածքները։ Դիմումում մատնանշված էր նաեւ Կապանի եւ Կավարտի խնդիրը։ Սակայն այն ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացված «պատասխանը» ցույց տվեց, որ որոշում կայացնողները զբաղված են միայն գրագրությամբ եւ գործուն քայլեր անելու ցանկություն ընդհանրապես չունեն։Արդեն 2019-ին մեր գործընկերները մի հետաքննություն են արել թթվային առվակի մասին, որը տասնյակ տարիներ հոսում է Կապանի տարածքով, բնակելի տների մերձակայքով՝ բնակիչներին պատճառելով մի շարք անհարմարություններ։ Այս առվակի ջրերը նույնպես ունեն բարձր թթվայնություն եւ ծանր մետաղների անթույլատրելի բարձր կոնցենտրացիա։ Հարցումների արդյունքում պարզվել է, որ այս ամենի պատասխանատուն փաստացի համարվում է մեր պետությունը, իսկ հանքարդյունաբերողները որեւէ պատասխանատվություն չունեն։Գաղտնիք չէ, որ ՀՀ նախկին կառավարությունները տարիներ շարունակ ուղղակի աչք են փակել մետաղական հանքավայրերի շահագործման հետեւանքով առաջացած էկոլոգիական եւ առողջապահական խնդիրների վրա: Գաղտնիք չէ նաեւ, որ հանք շահագործող ընկերություններն այդ նույն տարիների ընթացքում գրեթե անպատիժ աղտոտել են բնական միջավայրը։ Եվ ինչպես իրավացիորեն նշված է հետաքննող լրագրողների «Հետք» կայքում հրապարակված հոդվածներից մեկում՝ «Կավարտը պատասխան է նրանց, ովքեր շեփորահարում են պատասխանատու հանքարդյունաբերության մասին»։Հույսեր կային, որ ՀՀ նոր կառավարությունը կփոխի մոտեցումներն ու ավելի հետեւողական կգտնվի նմանատիպ հարցերի նկատմամբ։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներում հանքերի տարաբնույթ խնդիրները լուծելուն ուղղված բանավոր խոսքերն ըստ էության մնում են չիրականացված, քանի որ կառավարության մյուս օղակները դեռ պատրաստ չեն այդ փոփոխություններին։ Կապանի այս օրինակը բնականաբար միակը չէ, քանի որ Հայաստանի լեռնահանքային բոլոր շրջաններում մետաղական հանքավայրերի շահագործման բացասական հետեւանքներն այս կամ այլ ձեւերով ազդում են բնական միջավայրի եւ մարդկանց առողջության վրա։ Փաստերը բազմաթիվ են, տարիներ շարունակ դրանք արձանագրվել են եւ կան նաեւ գիտական լուրջ հետազոտություններ։Ամուլսարում եւ ընդհանրապես Հայաստանում նոր մետաղական հանքեր բացելու մասին խոսողներին խնդրում ենք ուշադիր նայել այս հոդվածում ներկայացված լուսանկարներն ու տեսանյութերը, ծանոթանալ գիտական հետազոտություններին, փորձել այս եւ մնացած խնդիրների իրական լուծումները գտնել, իրականացնել դրանք եւ հետո նոր հաշվել հանքերի օգուտներն ու դրանք բացելու համար արված այսպես կոչված «ներդրումների» ծավալները։ՀԲՃ տարածած լուսանկարներում երեւում է, որ Կապանում անձրեւից հետո թթվային գետակներ են հոսում փողոցներով:  
07:29 - 03 հունիսի, 2019
Բնապահպանական հանրային դատարանը կքննի Սևանա լճին սպառնացող վտանգների մասին գործը

Բնապահպանական հանրային դատարանը կքննի Սևանա լճին սպառնացող վտանգների մասին գործը

ecolur.org։ Սույն թվականի մայիսի 8-ին` ժամը 12:00-ին, «ԻԲԻՍ» հյուրանոցում (Երևան, Հյուսիսային պողոտա 5/1, 2-րդ հարկ, «Կարին» սրահ) Բնապահպանական հանրային դատարանը կքննի «Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճին սպառնացող վտանգների մասին» գործը` ըստ «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի նախագահ Լիանա Ասոյանի դիմումի: Պատասխանատու պետական մարմինները երկար տարիներ հետևողականորեն խախտել են «Սևանա լճի մասին», «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին» և «Շրջակա միջավարի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքների դրույթները, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական և ազգային առաջնահերթություն համարվող Սևանա լիճը ներկայումս կրիտիկական վիճակում է: Հաճախակի են դարձել լճի ծաղկման և ափամերձ տարածքների ճահճացման երևույթները, էնդեմիկ և ներմուծված ձկնապաշարները խիստ նվազել են, վատթարացել են քաղցրահամ ջրի որակական հատկանիշները, Սևանա լճի և նրա ափամերձ տարածքների` որպես հանգստի և տուրիզմի գոտի օգտագործելու համար ստեղծվել է անբարենպաստ իրավիճակ: Հանրային դատավարության ընթացքում կքննվի ՀՀ պետական լիազոր մարմինների` ՀՀ նախկին կառավարության, ՀՀ բնապահպանության նախարարության, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Բնապահպանության տեսչական մարմնի, Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի մասնակցությունը և պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար: Բնապահպանական հանրային դատարանի դատավորներն են` էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը, հրապարակախոս, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի անդամ Սաթիկ Բադեյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:
06:04 - 08 մայիսի, 2019
Գլաձորի ավագանին մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ հանրագրին հավանություն է տվել

Գլաձորի ավագանին մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ հանրագրին հավանություն է տվել

Ուղիղ ժողովրդավարությունը հերթական հաջողությունը գրանցեց Հայաստանում։ Վայոց Ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի ավագանին 2019թ․ ապրիլի 29-ին ընդունել է որոշում, որով հավանություն է տվել Գլաձոր համայնքի բնակիչների՝ 2019 թվականի ապրիլի 19-ին համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացրած «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Ավագանին այս որոշումն ընդունել է 9 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ն մասի 3-րդ կետով, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով շարադրված տեղական ինքնակառավարման սկզբունքներով, հիմք ընդունելով Գլաձոր համայնքի ավելի քան երկու հազար բնակիչների կողմից ներկայացված հանրագիրը։ Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Գլաձոր համայնքի կազմի մեջ մտնող Գլաձոր, Վերնաշեն և Գետափ գյուղերի բնակիչները համայնքի ղեկավարին և ավագանուն էին ներկայացրել 2152 բնակչի ստորագրությամբ հանրագիր, որտեղ խնդրել և պահանջել էին․ 1․ Ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի Գլաձոր համայնքի վարչական տարածքում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ: 2․ Համայնքների անդամներին ներգրավելով՝ մշակել Գլաձորի ու Վայոց Ձորի մարզի էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի իրականացման համար պատրաստ են աջակցել ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին: Հանրագրի ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ։ Մինչ այս մետաղական հանքարդյունաբերությունն իրենց բնական միջավայրերում թույլ չտալու նախաձեռնությամբ հանդես էին եկել Հայաստանի ևս երկու համայնքներ՝ 2018թ․ գարնանը Նոյեմբերյանը, իսկ 2018թ․ աշնանը՝ Ջերմուկը։ Այդ համայնքների ավագանիները նույնպես համապատասխան որոշումներով հաստատել էին բնակիչների կամարտահայտությունը։ Սպասենք նոր լուրերի Վայոց Ձորի մարզից, որտեղ շարունակվում է մետաղական հանքարդյունաբերական ծրագրերի դեմ ստորագրահավաքներիի գործընթացը։ Հայկական բնապահպանական ճակատ
20:38 - 05 մայիսի, 2019