Իրազեկ քաղաքացիների միավորում

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը խորհրդատվական հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է կարևոր հարցերի շուրջ հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, ապատեղեկատվության, դրա ազդեցության նվազեցումը հանրային կարծիքի ձևավորման և որոշումների կայացման վրա։ Կազմակերպության ղեկավար մարմիններն են գործադիր տնօրենը, ծրագրերի համակարգողն ու 5 անդամներից բաղկացած խորհուրդը:

Կազմակերպությանն է պատկանում FIP.am ապատեղեկատվության դեմ պայքարող հարթակը (ֆակտ-չեքինգ): «Իրազեկ քաղաքացիների միավորման» հրապարակումները հիմնականում վերաբերում են արտաքին քաղաքականությանն ու դրան առնչվող հարցերին, ժողովրդավարական արժեքներին ու հաստատություններին, տնտեսությանը, ընտրություններին, ինչպես նաև որոշ ոլորտներում քաղաքացիների իրավունքներին: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» իր գործընկերների հետ միասին Հայաստանում իրականացնում է ընտրությունների դիտորդություն։

143 անձ քվեարկել է խցիկից դուրս, 6 անձ նկարել է քվեաթերթիկը. դիտորդները Արցախի ընտրությունները դիտարկում են օնլայն
 |armtimes.com|

143 անձ քվեարկել է խցիկից դուրս, 6 անձ նկարել է քվեաթերթիկը. դիտորդները Արցախի ընտրությունները դիտարկում են օնլայն |armtimes.com|

armtimes.com: «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը Արցախում անցկացվող այսօրվա ընտրությունները դիտարկում է հիմնականում օնլայն ռեժիմով: Արցախի մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարեց ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:«Հիմնականում դիտորդությունը անում ենք հեռակա՝ տեղամասերում տեղադրված տեսախցիկների միջոցով, որովհետեւ ամեն դեպքում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մեր համար մի քիչ սկզբունքային էր դիտորդների անվտանգությունը, որպեսզի ռիսկի չդիմենք: Հայաստանից եկել է մոտ 10 հոգի, բոլորը կորոնավիրուսի թեստ անցած, բայց այդքանս ենք, մնացածը աշխատում են օնլայն ռեժիմով»,- ասաց Իոաննիսյանը: Նա հիշեցրեց, որ առաջին փուլին հետեւում էին 113 դիտորդով, հիմա 65 հոգով ենք հետեւում, բայց օնլայն: ՀԿ-ն այսօրվա ժամը 14:00-ի տվյալներով արդեն նաեւ հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով տեղամասերում դիտարկման արդյունքները: Կազմակերպությունը տեղեկացնում է, որ չնայած տեղամասերում առկա տեսախցիկների աշխատանքի որակին եւ որոշ դեպքերում տեղադրված դիրքի անհարմարությանը, ժամը 14։00-ի դրությամբ 48 ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակումների միջոցով դիտարկման նախնական արդյունքներով դիտորդական առաքելության կողմից արձանագրվել է․ ընտրատեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձի ներկայության 44 դեպք, վկայականը տեսանելի չկրող անձի ներկայության 40 դեպք, ընտրողի կողմից քվեաթերթիկը քվեախցիկից դուրս լրացնելու 143 դեպք, ընտրողի կողմից քվեաթերթիկը լուսանկարելու 6 դեպք, հանձնաժողովի նախագահի լիազորություններն այլ անձի կողմից իր վրա վերցնելու 10 դեպք, քվեասենյակում կուտակումների 14 դեպք։ «Այս ամենից զատ՝ հարկ է նշել, որ 7։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, խախտելով Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգը, դիտարկված ընտրատեղամասերում ընտրական գործընթացի մասնակիցները չեն կրել համավարակի տարածումը կանխելու համար նախատեսված պաշտպանիչ միջոցներ 125 դեպքում»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։
19:29 - 14 ապրիլի, 2020
ՀՀ-ից Արցախ եկած բոլորս կորոնավիրուսի թեսթ ենք անցել․ Դանիել Իոաննիսյան

ՀՀ-ից Արցախ եկած բոլորս կորոնավիրուսի թեսթ ենք անցել․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» շարունակում է իրականացնել դիտորդական առաքելություն Արցախի Հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլում, որը կկայանա վաղը՝ ապրիլի 14-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Նա նշել է, որ այս անգամ իրենց դիտորդական առաքելության մեջ ներգրավված են շուրջ 65 դիտորդներ, որոնք իրականացնելու են ինչպես տեղամասերի դիտարկում (այդ թվում՝ օնլայն հեռարձակման միջոցով), այնպես էլ դիտարկում շրջիկ խմբերի միջոցով։ «Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ հաշվի առնելով COVID-19 նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ֆորս-մաժորային իրավիճակը՝ մենք հնարավորինս սահմանափակել ենք ՀՀ-ից ժամանած փոքրաթիվ դիտորդների մշտական ներկայությունը տեղամասերում և կիրառելու ենք ընտրությունների դիտարկման այլընտրանքային մեթոդաբանություն։ Առաքելությունում ներգրավված է նաև դիտորդներին աջակցող թիմ՝ բաղկացած իրավաբաններից, տվյալներ մուտքագրողներից, համակարգողներից և այլ մասնագետներից։ ՀՀ-ից Արցախ եկած բոլորս կորոնավիրուսի թեսթ ենք անցել»:
23:35 - 13 ապրիլի, 2020
«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» ԱՀ նախագահի ընտրության 2-րդ փուլում ներգրավել է 65 դիտորդ

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» ԱՀ նախագահի ընտրության 2-րդ փուլում ներգրավել է 65 դիտորդ

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» տեղեկացնում է, որ շարունակում է իրականացնել դիտորդական առաքելություն Արցախի Հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլում, որը կկայանա վաղը՝ ապրիլի 14-ին։ «Այս անգամ մեր դիտորդական առաքելության մեջ ներգրավված են շուրջ 65 դիտորդներ, որոնք իրականացնելու են ինչպես տեղամասերի դիտարկում, այդ թվում՝ օնլայն հեռարձակման միջոցով, այնպես էլ դիտարկում շրջիկ խմբերի միջոցով։ Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ հաշվի առնելով COVID-19 նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ֆորս-մաժորային իրավիճակը՝ մենք հնարավորինս սահմանափակել ենք ՀՀ-ից ժամանած փոքրաթիվ դիտորդների մշտական ներկայությունը տեղամասերում և կիրառելու ենք ընտրությունների դիտարկման այլընտրանքային մեթոդաբանություն։ Առաքելությունում ներգրավված է նաև դիտորդներին աջակցող թիմ՝ բաղկացած իրավաբաններից, տվյալներ մուտքագրողներից, համակարգողներից և այլ մասնագետներից։ Դիտորդական առաքելությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական աջակցությամբ»,- ասված է գրառման մեջ:
20:58 - 13 ապրիլի, 2020
Ընտրողների ցուցակները կազմելիս ԱՀ ոստիկանությունում կատարվել են հանցագործություններ. Դանիել Իոաննիսյան

Ընտրողների ցուցակները կազմելիս ԱՀ ոստիկանությունում կատարվել են հանցագործություններ. Դանիել Իոաննիսյան

Ընտրողների ցուցակները կազմելիս ԱՀ ոստիկանությունում կատարվել են հանցագործություններ: Այս մասին ֆեյսբուք իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ «Կան ընտրական հին, կներեք արտահայտությանս համար, «մուխլոժներ», որոնք Հայաստանում մի 10 տարի է, ինչ չեն արվում և որոնք մենք չէինք մտածում, որ Արցախում կլինեն (սփոյլեր՝ սխալվում էինք): Խոսքը Ոստիկանության կողմից միևնույն ընտրողին մեկից ավել ցուցակում ներառելու մասին է: Այսպիսով, պատահականորեն մի քանի՝ ըստ գտնվելու վայրի ցուցակ ուսումնասիրելով արդեն հայտնաբերեցինք մի քաղաքացու, ում ոստիկանությունը ներառել է Ստեփանակերտի միանգամից երկու ընտրական տեղամասերի (թիվ 1/11 և 1/13) ցուցակում: Միանգամից ասեմ՝ քաղաքացին երկու տեղամասերում էլ քվեարկել է: Ընդ որում, Ոստիկանությունը ընդհանրապես չուներ այդ քաղաքացուն ըստ գտնվելու վայրի ցուցակում ներառելու իրավունք, քանի որ քաղաքացին հաշվառված էր և գտնվում էր միևնույն համայնքում: Ոստիկանության կողմից այս կեղծիքը կարող էր արվել միմիայն կանխամտածված, քանի որ անձնագրայինի ծրագիրը չի թողնում նման բան անել: Դա կարելի է անելի միմիայն «մանուալ»: Ռետրոսպեկտիվ հասկանալով մեր սխալը (որ իզուր ենք վստահել ոստիկանությանը)՝ փորձեցինք խնդրել բոլոր ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակները, որ ստուգենք դրանք (ինչպես անում էինք Հայաստանում մի 10-12 տարի առաջ): Եվ այստեղ պարզվում է, որ այդ ցուցակները ոստիկանությունում «չեն պահպանվել»: Այստեղ ևս խախտվել է ընտրական օրենսդրությունը և կատարվել քրեական օրենսգրքով արգելված արարք, քանի որ ընտրողների ըստ գտնվելու ցուցակները ևս պետք է հրապարակվեն ոստիկանության կայքում (իսկ հրապարակվել են միմիայն հիմնական ցուցակները): Դատախազությանն այս դեպքով ուղարկված հանցագործության մասին հաղորդման հետ քիչ անց կուղարկենք ևս մեկը՝ ԱՀ ՔՕ 150-րդ հոդվածի թե 1-ին և թե 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունների մասով»,- գրել է Իոաննիսյանը:    
18:10 - 06 ապրիլի, 2020
Կուտակումներ, վեճ տեղամասերում, ընտրողների տեղափոխում. դիտորդական կազմակերպությունն ամփոփեց արցախյան ընտրությունները
 |armtimes.com|

Կուտակումներ, վեճ տեղամասերում, ընտրողների տեղափոխում. դիտորդական կազմակերպությունն ամփոփեց արցախյան ընտրությունները |armtimes.com|

armtimes.com: «Երեկ Արցախում տեղի ունեցած ընտրություններում գրանցվել է քվեախցիկից դուրս քվեարկելու շուրջ 700 դեպք՝ 40 տեղամասում: Դրանք հիմնականում եղել են տարեցների կողմից». ամփոփելով ընտրությունների դիտարկման արդյունքները՝ այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Իրազեկ քաղաքացիների միավորումը, ըստ Իոաննիսյանի, դիտարկում իրականացրել է 282 ընտրատեղամասերից 49-ում: Ընտրություններին հետեւել է 98 տեղամասային եւ 8 տարածքային դիտորդ, եւս 18 դիտորդներ շրջիկ խմբերով շրջել են Արցախի բոլոր շրջաններում։ Հրապարակելով արձանագրված խախտումները՝ Իոաննիսյանն ասաց. «Տեղամասերից 3-ի տարածքը բավարար չէր քվեարկության բնականոն ընթացքի իրականացման համար: 16 ընտրատարածքում եղել են դրա իրավունքը չունեցող անձինք։ 13 տեղամասում եղել են դեպքեր, որ այլ անձ գտնվի քվեարկության խցիկում։ Ընդ որում, այլ անձի տակ մենք որեւէ կերպ չենք հասկանում օրենքով սահմանված կարգով օգնողին կամ երեխաներին։ Ընդ որում, որոշ տեղամասերում այդ այլ անձի կողմից գտնվելը դիտորդի կողմից հստակ գնահատվել է՝ որպես վերահսկողական բնույթ կրող: 15 տեղամասում եղել են վստահված անձինք եւ հանձնաժողովի անդամներ, որոնք չեն կրել համապատասխան վկայական։ 12 տեղամասում խախտումները չեն գրանցվել գրանցամատյանում։ 9 տեղամասում գրանցվել են ընտրության մասին բարձրաձայնելու դեպքեր»։ Դիտորդական առաքելության ղեկավարը նշեց նաեւ, որ 2 տեղամասում գրանցվել է քվեաթերթիկը դուրս տանելու փորձ։ Այս դեպքերը, ըստ նրա, գրանցվել են այն բանից հետո, երբ թույլ չի տրվել քվեաթերթիկը լուսանկարել: Սեփական քվեաթերթիկը լուսանկարելու դեպքեր արձանագրվել են դիտարկված 9 տեղամասում. «Նման դեպքերի մասին բազմաթիվ ահազանգեր են գրանցվել նաեւ այլ դերակատարների կողմից, բազմաթիվ տեսանյութեր երեւի հանդիպել եք արդեն համացանցում։ Այս դեպքերից եւ ոչ մեկով ընտրական հանձնաժողովների նախագահները չեն դիմել տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկաններին։ Իսկ հանձնաժողովի նախագահներից մի քանիսը նաեւ մեզ հետ զրույցներում, մեկն անձամբ ինձ հետ զրույցում պատճառաբանել է դա համապատասխան հրահանգավորմամբ»,- ընդգծեց Իոաննիսյանը։ Անդրադառնալով կուտակումներին՝ Իոաննիսյանն ասաց, որ 11 դեպք է նկատվել, որոնցից 4-ում կուտակումները զուգորդվել են տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայության հետ։ «Զգալի մասում ոստիկանությունը բավարար միջոցներ չի ձեռնարկել կուտակումը վերացնելու համար։ Կուտակումներից վեց դեպքերը հստակ կապված են եղել թեկնածուների վստահված անձանց հետ, որոնցից երեքը շարունակվել են քվեարկության ամբողջ ընթացքում»,- ասաց նա։ Դանիել Իոաննիսյանը հավելեց, որ երկու ընտրական տեղամասերում ձայների հաշվարկի ժամանակ անճշտություններ շտկելու համար իրականությանը չհամապատասխանող թվեր են գրանցվել գրանցամատյանում կամ փոխվել ելակետային տվյալները։«Դիտարկված տեղամասերից 7-ում վստահված անձը փորձել է այլ անձանց հրահանգներ եւ կարգադրություններ տալ, մեկ դեպքում նման լիազորություն իրեն վերապահել է ԶԼՄ ներկայացուցիչը։ Դա հիմնականում արդյունք է եղել նրա, որ որոշ տեղամասերում հանձնաժողովի նախագահը կամ անդամները չէին տիրապետում իրենց գործառույթներին։ Վիճաբանություն գրանցվել է 10 տեղամասում եւ հիմնականում վստահված անձանց եւ հանձնաժողովների անդամների մասնակցությամբ՝ առնչվել են հանձնաժողովի կողմից խախտումների չվերացմանը»,- հավելեց դիտորդական առաքելության ղեկավարը: Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ երեք տեղամասի շրջակայքում նկատվել է ընտրողների կազմակերպված տեղափոխում, երկու դեպքում այն չի կրել համակարգային բնույթ. «Բայց, օրինակ, Քարվաճառում, տեղափոխումը անընդհատ էր եւ կազմակերպված էր Արայիկ Հարությունյանի աջակիցների կողմից»։ Լրագրողներից մեկը խնդրեց համեմատել երեկ Արցախում տեղի ունեցած ընտրությունները Ադրբեջանում փետրվարին տեղի ունեցած ընտրությունների հետ։ «Բոլոր արձանագրված խնդիրներով հանդերձ՝ այս ընտրությունները որեւիցե կերպ ուղղակի չեն կարող համեմատվել Ադրբեջանում փետրվար ամսին կամ վերջին տարիներին տեղի ունեցած որեւիցե ընտրության հետ։ Ընդհանրապես համեմատության որեւիցե եզր չկա։ Որակապես բացարձակապես տարբեր հարթություններում են այս ընտրությունները»։ Խոսելով ընտրողների ակտիվության մասին՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավարը ընդգծեց, որ կորոնավիրուսի տարածման վտանգի պայմաններում ընտրողների ակտիվության համար մեծ դեր է խաղացել այն հանգամանքը, որ մինչեւ վերջին օրը ոչ ոք չգիտեր, թե ով է ընտրվելու: «Երբ որ տրիվիալ չէ, թե ով է հաղթելու, իսկ ով՝ պարտվելու, ըստ էության, գալիս է այն տրամաբանական եզրահանգումը, որ քվեից շատ բան է կախված, և մարդիկ առավել մոտիվացված են լինում գնալ տեղամաս։ Եվ երեւի թե սա է պատճառը, որ նույնիսկ կորոնավիրուսի վախի լույսի ներքո գրանցվեց մոտավորապես նույնքան մասնակցություն, ինչքան 2012 թվականի Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների ժամանակ»։
18:24 - 01 ապրիլի, 2020
«Ոչ»-ի քարոզչություն գուցե չլինի, բայց փոխարենը կլինի «հակաայո»-ի քարոզչություն |armtimes.com|

«Ոչ»-ի քարոզչություն գուցե չլինի, բայց փոխարենը կլինի «հակաայո»-ի քարոզչություն |armtimes.com|

armtimes.com: Հանրաքվեից առաջ քաղհասարակության կառույցների մոտեցումները դիտարկելու համար բանավեճ-քննարկում էր հրավիրել «Հոդված 3» ակումբը: «Լինելու է գուցե ոչ «ոչ»-ի, բայց «հակաայո»-ի քարոզչություն»,- նշեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը: Նրա կարծիքով՝ ոմանք պաշտոնապես չեն մտնի ոչ-ի քարոզչության դաշտ՝ ինքնակամ հրաժարվելով քարոզչության համար տրվող արտոնություններից, բայցեւ փաստորեն չստանձնելով քարոզչության համար սահմանված պարտականությունները: Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացիների շրջանում իրենց կազմակերպության անցկացրած հարցումների արդյունքների համաձայն՝ ամենակոռումպացված համակարգերից մեկը մեր համաքաղաքացիները համար դատական համակարգն է. «Ուստի, ակնկալում ենք, որ իշխանությունները արագ քայլեր պետք է իրականացնեն այդ կառույցում փոփոխությունների համար»: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝  քարոզչության պատրաստվողները պիտի զգույշ լինեն, որ իրենց խոսքը անձի դեմ պայքար չընկալվի: «Ստեղծվում է նախադեպ, երբ նոր իշխանությունները փոխում են Սահմանադրական դատարանի դատավորներին: Մենք պետք է չմտածենք, թե ուղղակի մարդկանց հետեւից ենք ընկած: Ես չեմ ուզում, որ «այո» եւ «ոչ» ասողները անձնավորեն այդ փոփոխությունները, քանի որ այդ փոփոխություններն իրականում անձերին չի վերաբերում»,- ասաց նա: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հավաստեց, որ քարոզչություն են ինչպես «այո-ոչ» քվեարկելու կոչերը, այնպես էլ՝ հանրաքվեին մասնակցելու-չմասնակցելու կոչերը։ «Հանրաքվեն շատ հարցերի վերջնական լուծման լավագույն մեխանիզմն է, եւ կարեւոր է, որ հանրաքվեի դրվեն հարցեր, որոնց հետ կապված իշխանության ու քաղաքացիների կարծիքը կարող է տարբերվել»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ հանրաքվեի ժամանակ պետք է ընտրողների ընդհանուր ցուցակի մեկ քառորդը (մասնակիցների կեսից ավելին) կողմ քվեարկի: Իոաննիսյանի կարծիքով՝ հանրաքվեն լավ մեխանիզմ է որոշ հարցերին լուծում տալու համար, սակայն հարկ է զգույշ լինել, որ իշխանության եւ հանրության տարակարծությունների պարագայում այն չվերածվի հայտնի անեկդոտին. «Մեր ընտանիքում ժողովրդավարություն է: Երբ ես ու կինս համակարծիք ենք, անում ենք այն, ինչ կինս է ասում, երբ տարակարծիք ենք, անում ենք այն, ինչ ես եմ ասում»: Շարունակությունը կարդացեք armtimes.com-ում։
16:02 - 13 փետրվարի, 2020
Արցախում բացվել է «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը»

Արցախում բացվել է «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը»

Հուլիսի 23-ից Արցախում պաշտոնապես իր գործունեությունն է սկսել «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը», որի գործադիր տնօրեն է ընտրվել Վահրամ Թոքմաջյանը: Այն հիմնադրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հայաստանյան ՀԿ-ի մի շարք անդամների կողմից և նպատակ ունի նպաստել Արցախում քաղաքացիական հասարակության զարգացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը: Կազմակերպության առաջին փորձաքարը կլինի դիտորդական առաքելությունը և ընտրողների կրթությունը սեպտեմբերի 8-ին Արցախի բոլոր համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Այդ նպատակով «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ղեկավարած պատվիրակության ներկայացուցիչները Արցախում հանդիպել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի, մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարայնի, հանրային հեռուստաալիքի՝ Արցախ TV-ի նախագահ Արսեն Առուստամյանի, Ոստիկանության և ԿԸՀ-ի ներկայացուցիչների, ինչպես նաև տեղի քաղաքացիական ակտիվիստների հետ:Ապագայում նախատեսվում է զարգացնել «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակի» կարողությունները՝ այն վերածելով ամբողջությամբ արցախյան հասարակական կազմակերպության:   Իրազեկ քաղաքացիների միավորում
09:15 - 26 հուլիսի, 2019
Ժողովրդավարության պաշտպանի 2019թ. մրցանակին արժանացել է «Իրազեկ քաղաքացիների միավորում»  ՀԿ-ն |armenpress.am|

Ժողովրդավարության պաշտպանի 2019թ. մրցանակին արժանացել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն |armenpress.am|

Վիեննայում Շվեդիայի դիվանագիտական ներկայացուցչությունում մարտի 11-ին  տեղի է ունեցել ԵԱՀԿ տարածաշրջանում Ժողովրդավարության պաշտպանի 2019թ. մրցանակի հանձնման արարողությունը: Ժողովրդավարության պաշտպանի մրցանակը տրվում է ամեն տարի ԵԱՀԿ տարածաշրջանից ընտրված մեկ հասարակական կազմակերպությանը՝ ժողովրդավարության ամրապնդման գործում ծանրակշիռ ներդրման համար: Այս տարի մրցանակը հանձնվել է  ԵԱՀԿ 36 մասնակից պետությունների, այդ թվում՝ Հայաստանի անունից: Ժողովրդավարության պաշտպանի 2019թ. մրցանակին արժանացել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանում մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների առաջմղման ոլորտում կատարած աշխատանքների համար: ԵԱՀԿ մասնակից պետությունների մշտական ներկայացուցիչները հանդիսավոր արարողությամբ մրցանակը հանձնել են հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին: armenpress.am  
10:55 - 12 մարտի, 2019