ՀՊՏՀ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը  որպես ինքնուրույն միավոր հիմնադրվել է 1975 թ.-ի օգոստոսի 6-ին և տեղակայվել՝ Աբովյան 52 հասցեում։ ԲՈՒՀ-ի անվանումը սկզբում եղել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, ապա Երևանի պետական տնտեսագիտական համալսարան։

2006 թվականին այն վերանվանվեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն։ 1995 թվականից ԲՈՒՀ-ը տեղափոխվեց Նալբանդյան 128 հասցե։

Ղեկավարած ոլորտում կայանալու անկարողությունն իրավունք չի տալիս ցեխ շպրտել իմ անձի վրա. ՀՊՏՀ ռեկտորը հակադարձում է

Ղեկավարած ոլորտում կայանալու անկարողությունն իրավունք չի տալիս ցեխ շպրտել իմ անձի վրա. ՀՊՏՀ ռեկտորը հակադարձում է

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գտնում եմ, որ իր ղեկավարած ոլորտում կայանալու անկարողությունը, որը Ս. Գոգյանի հրաժարականի իրական պատճառն է, որևէ բարոյական հիմք չի տալիս, ցեխ շպրտելու ընդունված տրամաբանությամբ, կապել նաև իմ անձի հետ։ Հատկանշական է, որ որոշակի «արժեհամակարգից», «անընդունելի հովանավորչությունից», «անխախտ սկզբունքներից» խոսող «ասպետը» ինձ փորձում է վարկաբեկել՝ պաշտոնը թողնելուց հետո։ Բարեփոխումների և արժեքների ջատագովը իր գործունեության ընթացքումնախ պետք է իրականում որևէ կերպ փորձեր փոխել իր ղեկավարած համակարգը։ Ուղղակի հիշեցնեմ, որ ՀՀ ԲՈԿ-ը ստեղծեց մասնագիտական խորհրդի աշխատանքի նոր կանոնակարգ, որը հակասում էր 1997թ. օգոստոսի 8-ին ՀՀ կառավարության թիվ 327 որոշմամբ հաստատված, իսկ հետագայում ՀՀ կառավարության այլ որոշումներով փոփոխված «ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգ»-ին։ Արդյունքում, մոտ վեց ամիս, դադարեցվել էր բոլոր գործող մասնագիտական խորհուրդների գործունեությունը, որոնք հետագայում վերաբացվեցին և սկսեցին գործել նախկին տրամաբանությամբ։ Մեկ այլ որոշմամբ էապես կրճատվեցին նաև ընդունելի տպագիր պարբերականները, իսկ դրանց մի մասը որոշ ժամանակ անց կրկին դարձան ընդունելի։Իսկ գրագողության մասին հայտարարությունները երկու տարի շարունակ ամբոխահաճությունից այն կողմ չանցան և այդպես էլ չդարձան մշակված որևէ փաստաթղթի կանոններ: Ահա թե ինչի վրա է ժամանակ ու եռանդ ծախսել ԲՈԿ-ի նախագահը:Ինչ վերաբերում է կոնկրետ իմ գիտական աշխատանքին, ապա հանձնաժողովը տվել է իր եզրակացությունը՝ որակելով այն որպես լուրջ գիտական ներդրում տնտեսագիտության մեջ՝ չնայած աշխատանքիս գիտական նորույթները չնսեմացնող որոշ խնդիրների։Դատապարտում եմ սեփական անհաջողությունն այլոց վրա բարդելու արատավոր պրակտիկան»։
11:20 - 15 մայիսի, 2020
Բացասական գնահատական ստանալու դեպքում ես էլ ստիպված կլինեմ չդասախոսել․ ՀՊՏՀ-ում կանցկացվեն ուսանողական հարցումներ |armtimes.com|

Բացասական գնահատական ստանալու դեպքում ես էլ ստիպված կլինեմ չդասախոսել․ ՀՊՏՀ-ում կանցկացվեն ուսանողական հարցումներ |armtimes.com|

armtimes.com։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ դեռ չի հայտարարվել։ Համապատասխան օրենսդրությունը նախատեսում է, որ մրցույթն անցկացվելու է մինչեւ հուլիս։ Բուհն առայժմ ղեկավարում է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը, որը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նախորդ տարվա վերջին։ Իհարկե, սպասվում է, որ նա նաեւ հաղթելու է թափուր պաշտոնի մրցույթում։ Բայց մինչ այդ, Տնտեսագիտական համալսարանում սկիզբ է առել փոփոխությունների բավական երկար մի շարք, որի վերջին նորությունները վերաբերում են ժամավճարի խոստացվող աճին, պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերաբերյալ ուսանողների շրջանում անցկացվելիք էլեկտրոնային հարցումների հայեցակարգին։ Հայտարարվել է, որ այս տարվա սեպտեմբերից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ժամավճարային կարգով դասավանդման վարձատրությունը կավելանա շուրջ երեք անգամ՝ հասնելով 4 500 դրամի 1 դասաժամի համար: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մուտքի համար դասախոսը կվարձատրվի 9 000 դրամի չափով: Այս պահին, դոցենտի դասախոսական 1 ժամի վարձատրությունը կազմում է 1 600 դրամ, իսկ գործնական պարապմունքինը՝ 1 400 դրամ: Այսպիսով նպատակ է հետապնդվում դասախոսական աշխատանքներում ներգրավել բարձրակարգ մասնագետների։ Ժամավճարի այս կտրուկ բարձրացումը հնարավոր է դարձել վերջին չորս ամիսների ընթացքում կատարված մասշտաբային տնտեսումների եւ անհարկի ծախսերի կրճատման հաշվին, որոնց գումարային մեծությունն արդեն մոտենում է 200 միլիոն դրամի: Ինչ վերաբերում է բուհի մշտական դասախոսների վարձատրության չափի մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին, ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը պատասխանում է․ «Մինչ այժմ մեր համալսարանում ժամավճարի չափը արհեստականորեն իջեցված է եղել, ինչը լավագույն մասնագետներին վանել է ՀՊՏՀ-ում դասավանդելուց, սակայն մեր կատարած տնտեսումների հաշվին այժմ կարողացել ենք ժամավճարով դասավանդման վարձրատրության չափը եռապատկել՝ այդպիսով Տնտեսագիտական համալսարանում դասավանդումը դարձնելով գրավիչ բարձրակարգ մասնագետների համար: «Էլեկտրոնային հարցումների միջոցով ուսանողների կողմից գնահատվելու են դասախոսները: Այդ գործընթացի արդյունքում ընտրված դասախոսների վարձատրության չափը տարբերակելու ենք, իսկ ուսանողների շարունակական դժգոհության պարագայում տվյալ դասախոսի հետ պայմանագիրը կլուծվի: Աշխատանքի այս պայմաններին պետք է պատրաստ լինեն Տնտեսագիտական համալսարանում դասավանդող բոլոր դասախոսները, այդ թվում նաեւ ես՝ որպես կառավարման ամբիոնի դասախոս:  Ավելին՝ armtimes.com-ում
13:01 - 07 մայիսի, 2019
Տնտեսագիտական համալսարանում  ներդրվում է ուսանողական աշխատանքի ինստիտուտը

Տնտեսագիտական համալսարանում ներդրվում է ուսանողական աշխատանքի ինստիտուտը

ՀՊՏՀ-ում ներդրվում է նոր համակարգ, որի նպատակը բուհի ուսանողներին աշխատանքի ընդունելն է: Սա աշխարհում հայտնի «Ուսանողական աշխատանք»-ի (Student job) ինստիտուտն է, որը Տնտեսագիտական համալսարանում իր կիրառությունն է ստանում: ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն այս գաղափարի ներդրման մասին հայտարարել էր դեռևս փետրվարին՝ ուսանողների հետ առաջին ընդգրկուն հանդիպմանը: Եվ հիմա այս նպատակը կյանքի է կոչվում: ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի խոսքով՝ ՀՊՏՀ մուտք գործող յուրաքանչյուր ուսանող այսուհետ պետք է իմանա, որ բարձր առաջադիմություն ցուցաբերելու և ուսման տարիների ընթացում անհրաժեշտ գիտելիք ձեռք բերելու պարագայում ոչ միայն գնահատված է լինելու աշխատաշուկայի կողմից ընդհանրապես, այլև առաջին գործատուն, որը շահագրգռված է լինելու նրանց որպես աշխատակից ընդունելու, իրենց հարազատ բուհն է: «Սա շատ մեծ հնարավորություն է ուսանողների համար թե՛ երկարաժամկետ կարիերա կառուցելու համալսարանում, թե՛ կարճաժամկետ աշխատանքային փորձ ապահովելու համար, եթե նրանք ցանկանան հետագայում այլ ոլորտում իրենց աշխատանքային գործունեությունը շարունակել: Սրանով այդ ուսանողների համար լուծվում է նաև այն խնդիրը, որ գործատուներն աշխատանքի ընդունելիս պարտադիր աշխատանքային փորձ են պահանջում»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց համալսարանի ղեկավարը՝ նշելով, որ առաջին փորձն արվել է: 2019-2020 ուսումնական տարվա ընդունելության գործընթացն իրականացնող ընդունող հանձնաժողովի դիմորդների հայտագրման աշխատանքային հանձնախմբում ՀՊՏՀ 6 ուսանողներ, ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ, աշխատանքի են անցել: Հետագայում, ռեկտորի խոսքով, այս գործընթացը կդառնա ավելի մասշտաբային, կտարածվի մյուս ստորաբաժանումների վրա այն իմաստով, որ լավագույն որակներ դրսևորող ուսանողները հնարավորություն կստանան իրենց աշխատանքային փորձը ձեռք բերել համալսարանի տարբեր ստորաբաժանումներում: Ընդ որում, խոսքը վերաբերում է թե՛ ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ, թե՛ հիմնական ծանրաբեռնվածությամբ աշխատանքի անցնելուն: Գործընթացը կհամակարգի աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժինը: «Մեր համալսարանի առաքելությունը ոչ միայն մեզ մոտ սովորող ուսանողներին գիտելիք, հմտություններ և կարողություններ փոխանցելն է, այլև նրանց աշխատանքով ապահովելը: Մի բան կարող եմ վստահաբար պնդել, որ չի լինելու մեր համալսարանում գեթ մեկ ուսանող կամ շրջանավարտ, որն իսկապես սովորում է, բայց ինչ-ինչ պատճառներով չի կարողանում աշխատանք գտնել, այսինքն՝ ՀՊՏՀ-ում բարձր առաջադիմությամբ սովորելը լավ աշխատանք գտնելու ամուր երաշխիք է: Եվ այս պահից սկսած՝ մեր համալսարանը ներգրավվում է այն կազմակերպությունների շարքը, որոնք ակտիվորեն զբաղվելու են մեր ուսանողներին և շրջանավարտներին աշխատանքի ընդունելով»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը: «Մենք որպես գործատուներ արդեն կարող ենք գնահատել մեր ուսանողների որակական հատկանիշները ոչ թե միայն որպես ուսանողներ, այլև՝ աշխատակիցներ: Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն համալսարանի առօրյա կյանքին, նրա աշխատանքային ողջ գործընթացին ունենան զգալի մասնակցություն: Ուսանողների ներգրավվածությունը աշխատանքային պրոցեսներում ունենալու է շարունակական բնույթ: Սա կօգնի նաև ուսանողներին գնահատել սեփական ներուժը, հասկանալ իրական նախասիրությունները: Այն կդիտարկվի նաև որպես ուսանողների կարիերայի այլընտրանք»,- ասաց ՀՊՏՀ անձնակազմի կառավարման բաժնի պետ Գոհար Սարգսյանը՝ նշելով, որ այսպիսով այս ուսանողների տվյալները կամրագրվեն ՀՊՏՀ անձնակազմի ընդհանուր բազայում, և նրանք հետագայում կարող են դիտարկվել որպես հիմնական աշխատակիցներ:
08:36 - 07 մայիսի, 2019