Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ գիտություն, կրթություն, մշակույթ, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն է, նախագահի տեղակալը՝ նույն խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։


Ինչ փոփոխություններ են առաջարկվում դպրոցի տնօրենի ընտրության ընթացակարգում |hetq.am|

Ինչ փոփոխություններ են առաջարկվում դպրոցի տնօրենի ընտրության ընթացակարգում |hetq.am|

hetq.am: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է դպրոցի տնօրենի ընտրության ընթացակարգում փոփոխություններ կատարել։ Նման նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի միասնական կայքում։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է դպրոցի սովորողներին, մանկավարժական և ծնողական խորհուրդներին մասնակից դարձնել տնօրենի ընտրության գործընթացին, քանի որ «Հանրակրթության մասին» օրենքով նրանք հանդիսանում են ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներ: Նախատեսվող փոփոխությամբ՝ դպրոցի տնօրենի հավակնորդը հանդիպելու է սովորողների հետ զարգացման ծրագիրը կազմելու համար, իսկ մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից առաջադրված անդամները, հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը քննարկելու են իրենց խորհուրդներում՝ հավակնորդի մասնակցությամբ: Եթե տնօրենի մրցույթի հավակնորդը չներկայանա քննարկմանը, չի կարող մասնակցել հայտարարված մրցույթին: Քննարկման արդյունքում մանկավարժական և ծնողական խորհուրդներում իրականացվելու է քվեարկություն։ Մրցույթի անցկացման ժամանակ քվեարկության այդ արդյունքները պարտադիր են տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթի ժամանակ մանկավարժական և ծնողական խորհուրդների կառավարման խորհրդում առաջադրված անդամների համար։ Անդամները պարտավոր են լինելու քվեարկել մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից հավանության արժանացած թեկնածուի օգտին, իսկ քվերակության թեկնածու խորհրդների կողմից չընտրելու պարագայում՝ խորհրդում առաջադրած անդամներն ազատ են իրենց քվեարկության ժամանակ: Բացի այդ, դպրոցի տնօրենն ընտրվելու է բաց քվեարկությամբ՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կարծիքով՝ այս փոփոխությունը կբացառի մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից կառավարման խորհրդում առաջադրված անդամների ուղղորդման կամ ճնշումներ գործադրելու հավանական փորձերը և առավել թափանցիկ, պատասխանատու կդարձնեն քվեարկության գործընթացը: Նոր փոփոխությամբ՝ տնօրենի ընտրությանը նաև կարող է մասնակցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչը։ Ներկայացուցիչը մրցույթին մասնակցելու է դիտորդի կարգավիճակով և պարտավոր է պահպանել չեզոքություն, չմիջամտել ու չխոչընդոտել խորհրդի աշխատանքներին, 1 աշխատանքային օրվա ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել մրցույթի վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն: Շարունակությունը՝ hetq.am-ում
14:57 - 22 հունիսի, 2020
Դրական եզրակացություն է տրվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծին. Մխիթար Հայրապետյան

Դրական եզրակացություն է տրվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծին. Մխիթար Հայրապետյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը տեղեկացնում է, որ այսօր ԱԺ ԿԳՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովը  դրական եզրակացություն է տվել պատգամավորներ Վահագն Թևոսյանի, Արման  Բաբաջանյանի և իր կողմից հեղինակված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծին: «Հարկ եմ համարում հիշեցնել, որ սույն նախագիծը, որը համարում եմ մեկ և կես տարվա օրենսդիր գործունեությանս կարևորագույն աշխատանքներից մեկը, գալիս է փոխարինելու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքին, որը, ըստ իս, այլևս չի համապատասխանում ժամանակի պահանջներին, իմա՝ հնացած է: Իսկ ինչի՞ մասին է սույն նախագիծը: Օրենսդրական փաթեթի նպատակն է ապահովել յուրաքանչյուրի իրավունքը` ստանալու հավաստի տեղեկատվություն, երաշխավորել խմբագրական անկախության և կարծիքի արտահայտման ազատության իրավունքը, ապահովել տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող մարմնի անկախությունը, հանրային տեսալսողական մեդիածառայությունների գործունեության նկատմամբ կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմնի անկախությունը, տեսալսողական տեղեկատվության տարածքի պաշտպանությունն ու զարգացումը, ապահովել, օժանդակել և զարգացնել տեսալսողական հաղորդումների բազմազանությունը: Նախագիծը սահմանում է տեսալսողական մեդիածառայությունների, տեսալսողական տեղեկատվություն տարածողների կարգավիճակը, կանոնակարգում է լիցենզավորման, թույլտվության տրամադրման, ծանուցումների ստացման կարգը, իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը, գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հանրային հեռարձակողների տեսալսողական արտադրանքի որակի բարձրացում, իրավական բարենպաստ և հեռանկարանային դաշտի ստեղծում, ոլորտում հավասար մրցակցային միջավայրի ստեղծում, բարձրորակ լրագրության ստեղծում, մեդիա գրագիտության բարձրացում, ատելության խոսքի նվազում, մեդիայի արդյունավետ կառավարում, մեդիա ոլորտում սեփականության իրավունքների թափանցիկություն, հավաստի և բովանդակալից մեդիա արտադրանքի ապահովում, պատասխանատվության անհատականացման ապահովում:Օրինագծում ներկայացված են պահանջներ, որոնց առկայության դեպքում միայն որևէ սուբյեկտ կկարողանա համարվել ՀՀ-ում գործող տեսալսողական մեդիածառայություն: Նախագծի կարևորագույն նպատակներից մեկն էլ տեսալսողական հաղորդումներում հավաստի տեղեկատվության ապահովումն է: Նախագծով կարգավորվում է նաև մայրենի լեզվի անվտանգությունը. առաջարկվում է անցում կատարել հայերեն լեզվով հաղորդումների` անկախ տեսակներից: Նախատեսվում է պահանջ, համաձայն որի, այլ լեզուներով տեսալսողական հաղորդումները պետք է կրկնօրինակել, հնչյունավորել կամ դրանք մատուցել բնօրինակով և ենթագրերով»,- գրել է պատգամավորը:
10:49 - 11 հունիսի, 2020
Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթության բաղադրիչին վերաբերող 6-րդ կետի շուրջ տեղի կունենա աշխատանքային քննարկում

Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթության բաղադրիչին վերաբերող 6-րդ կետի շուրջ տեղի կունենա աշխատանքային քննարկում

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաշվի առնելով Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթության բաղադրիչին վերաբերող 6-րդ կետի շուրջ հանրության մտահոգությունները՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես ավելի վաղ հայտնել էի ԱԺ ամբիոնից, ձևավորել է աշխատանքային խումբ, որն արդեն հաջորդ շաբաթ ԿԳՄՍ նախարարության կողմից ձևավորվող աշխատանքային խմբի հետ միասին կունենա իր առաջին աշխատանքային քննարկումը՝ այսպիսով մասնակցելով չափորոշիչների և ծրագրի մշակման, ինչպես նաև վերահսկման գործընթացին: Աշխատանքային խմբում ընդգրկվել են հինգ պատգամավորներ՝ ԱԺ բոլոր երեք խմբակցություններից. Սոֆիա Հովսեփյան, Արթուր Մանուկյան, Լիլիթ Ստեփանյան («Իմ քայլը»), Իվետա Տոնոյան («Բարգավաճ Հայաստան), Աննա Կոստանյան («Լուսավոր Հայաստան»)»:
09:09 - 05 հունիսի, 2020
Փոխնախարարն ու ԲՈԿ նախագահն առավելագույնս բաց ներկայացրին մի կողմն իր մեղադրանքները, մյուսը՝ հակափաստարկները․ Հայրապետյան

Փոխնախարարն ու ԲՈԿ նախագահն առավելագույնս բաց ներկայացրին մի կողմն իր մեղադրանքները, մյուսը՝ հակափաստարկները․ Հայրապետյան

«Բոլորիդ հայտնի է, որ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը դեռևս չի ստորագրվել վարչապետի կողմից, և հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել՝ մի քանի պատճառ մատնանշելով։ Դրանցից երկրորդն այսօրվա մեր քննարկման առարկան էր, որտեղ բավականին ծանր մեղադրանքներ կային՝ կապված ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնավարման, հնարավոր հովանավորչության հետ»,- այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի՝ չորս ժամ տևած նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ Նշենք, որ նիստին ներկա էին ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն ու ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։«Մենք՝ որպես ոլորտում խորհրդարանական վերահոսկողություն իրականացնող ինստիտուտ, մեր պարտքն ենք համարել, որ այդ քննարկումը բերենք պառլամենտ, այտեղ լսենք բոլոր շահագրգիռ կողներին»,- ասաց Հայրապետյանը։ Նա նշեց, որ ապագայում չի բացառվում՝ էլի լինեն քննարկումներ հենց նույն թեմայով, որովհետև կարծում է՝ ոչ բոլոր հարցերը հասցրին սպառել այսօր։«Այսօրվա քննարկումը որոշվեց դռնփակ ձևաչափով անցկացնել, որպեսզի հնարավորինս անկաշկանդ, անկեղծ ու բաց միջավայր ապահովվեր բանախոսների համար։ Թե՛ փոխնախարարը, թե՛ ԲՈԿ նախագահն առավելագույնս բաց ներկայացրին մի մասն իրենց քննադատություններն ու մեղադրանքները, մյուս կողմը՝ հակափաստարկները։ Այս փուլի համար բավական հաջող աշխատանք իրականացրինք»,- պարզաբանեց Մխիթար Հայրապետյանը։Հարցին՝ հնարավո՞ր է, որ Սմբատ Գոգյանը հետ վերցնի ազատման դիմումը, Հայրապետյանը պատասխանեց, որ այս պահին ասել չի կարող։ «Դռնփակ ձևաչափը ենթադրում է, որ այս փուլում չեմ կարող ձեզ հետ կիսվել բովանդակության մանրամասներով։ Այո՛ այդ հարցին երկար անդրադարձ եղավ այսօրվա մեր նիստում, լրջագույն հարցեր բարձրացվեցին, դրանց տրվեցին պատասխաններ։ Թե որ պատգամավորները որ չափով բավարարվեցին, հիմա զերծ կմնամ ասելուց»- եզրափակեց նա՝ պատասխանելով հնարավոր հովանավորչություններին վերաբերող հարցին։
23:05 - 25 մայիսի, 2020
Ստանձնելով ԲՈԿ նախագահի պաշտոնը՝ սահմանեցի էթիկայի բարձր շեմ, ակնկալում եմ, որ պետք է հետևեն այդ չափանիշին․ Գոգյան

Ստանձնելով ԲՈԿ նախագահի պաշտոնը՝ սահմանեցի էթիկայի բարձր շեմ, ակնկալում եմ, որ պետք է հետևեն այդ չափանիշին․ Գոգյան

Հանդիպումը բավական երկար տևեց, չէի կարծում, որ այսքան երկար կտևի, զրույցը բավականաչափ բովանդակային էր, շատ հարցեր քննարկեցինք, և համակարգային խնդիրներ կան, որ պետք է լուծվեն։ Այս մասին ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի՝ չորս ժամ տևած նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ հետ վերցնի ազատման դիմումը, Գոգյանը պատասխանեց․ «Հետ վերցնելու համար, որքան գիտեմ, երեք օրվա ժամկետ կա, պետք է Աշխատանքային օրենսգիրքը նայել, էդ երեք օրը վաղուց անցել է»։Նա նշեց, որ իրեն ուղղված աջակցության խոսքերն իրավական ուժ չունեն, հետևաբար իրավական հետևանք էլ չեն կարող ունենալ, բայց իրեն հաճելի էր գիտակցել, որ ունի այդ աջակցությունը։ «Անկեղծ ասեմ, մի աղջիկ, որի ատենախոսությունը մերժել էինք արտագրության համար, ինձ շնորհակալություն հայտնեց, որ մեր շնորհիվ իմացավ՝ ինչ է գիտական գործունեությունը»,- ասաց ԲՈԿ նախագահը։ Նա ընգծեց․ «Ստանձնելով ԲՈԿ նախագահի պաշտոնը՝ ես սահմանեցի էթիկայի բարձր շեմ, և ակնկալում եմ, որ համակարգի բոլոր մարդիկ պետք է հետևեն այդ չափանիշին, հատկապես, որ 2018-ի մեր հեղափոխությունը հենց արժեքային հեղափոխություն էր, և միայն այդ մոտիվացիայով ու լոզունգով ստանձնեցի պաշտոնը։ Այդ արժեքը պետք է կրենք բոլորս, որովհետև եթե դու չես կրում, չես էլ կարող տարածել»։ Պատասխանելով հարցին՝ ինքը նպատակահարմար չգտա՞վ պայքարել առկա խնդիրների դեմ, թե՞ կարծում էր, որ անիմաստ է, չի ստացվի, Սմբատ Գոգյանն ասաց, որ ընտրել է պայքարի այս եղանակը։ Լրագրողը հարցրեց՝ կազդի՞, ըստ Ձեզ, ինչին Գոգյանն արձագանքեց․ «Տեսնենք, եթե այստեղ եմ, ուրեմն՝ արդեն ազդել է ինչ-որ ձևով»։ 
22:20 - 25 մայիսի, 2020
Կհրավիրվի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու ԲՈԿ նախագահի հրաժարականը

Կհրավիրվի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու ԲՈԿ նախագահի հրաժարականը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ որոշմամբ՝ մայիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, կհրավիրվի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ: Սույն որոշման պատճառը վերջին օրերին լայն արձագանք ստացած իրադարձություններն են, մասնավորապես, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը, ինչպես նաև վերջինիս՝ մայիսի 14-ին տարածած հայտարարությունը, ըստ որի՝ իր հրաժարականի պատճառներից մեկը հանդիսանում է այն, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն, ըստ վերոնշյալ պնդման, ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով: Հարկ եմ համարում նշել, որ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նիստին, բացի պատգամավորներից, ներկա են լինելու նաև ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը»:
09:28 - 22 մայիսի, 2020
«Գովազդի մասին» օրենքի լրացման նախագիծն ստացել ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի դրական եզրակացությունը

«Գովազդի մասին» օրենքի լրացման նախագիծն ստացել ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի դրական եզրակացությունը

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառումով տեղեկացրել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման և նախատեսվող փոփոխությունների մասին. օրենքի նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Հայրապետյանն իր գրառման մեջ նշել է. «Հ1-ը կստանա գովազդի հնարավորություն, սակայն հավելյալ սահմանափակումներ կկիրառվեն. կարգելվեն նաև գովազդային վիճակախաղերի, տոտալիզատորների, գիշերային ակումբների և այլ տեսակի գովազդներ: ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 10-ի նիստում, որը վարել է հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, առաջին ընթերցմամբ քննարկվել է «Գովազգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ առաջարկվող լրացումը պայմանավորված է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարվող փոփոխություններով: Գործադիրի առաջարկով «Գովազգի մասին» օրենքում լրացմամբ Հանրային հեռուստաընկերությամբ կարգելվի նաև ոչ խաղարկությամբ ,խաղարկությամբ, համակցված, գովազդային վիճակախաղերի, տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի, գիշերային ակումբների գովազդը: Իսկ թե ինչ քաղաքական խնդիր է լուծվում օրենքի սույն նախագծով, ապա այս հարցի պատասխանը կգտնեք իմ վերջին ելույթում՝shorturl.at/JRSX4»:
21:53 - 10 ապրիլի, 2020
Չնայած արտակարգ դրությանը` մեր հանձնաժողովում աշխատանքները շարունակվում են նույն ակտիվությամբ․ Մխիթար Հայրապետյան

Չնայած արտակարգ դրությանը` մեր հանձնաժողովում աշխատանքները շարունակվում են նույն ակտիվությամբ․ Մխիթար Հայրապետյան

Չնայած երկրում հայտարարված արտակարգ դրությանը` մեր հանձնաժողովում աշխատանքները շարունակվում են նույն ակտիվությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ Մարտի 18-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ գումարվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի, Հարություն Բաբայանի հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Մխիթար Հայրապետյանի տեղեկացմամբ՝ օրինագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն ներկայացվել: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ աշխատելու արդյունքում կատարվել է տեխնիկական բնույթի մի քանի փոփոխություն, բովանդակային որևէ փոփոխության օրենքի նախագիծը չի ենթարկվել: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Վարդևան Գրիգորյանի, Սերգեյ Բագրատյանի հեղինակած  «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հեղինակներն առաջարկում են օրենքով սահմանել  ՀՀ դպրոցներում «դասարանի ղեկավար» հասկացությունը: Ըստ հիմնական զեկուցող Միքայել Մելքումյանի` դասղեկների պարտականությունների կատարման համար վարձավճարի չափը յուրաքանչյուր դպրոց սահմանում է ինքնուրույն` համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում: Արդյունքում` նույն աշխատանքները կատարող մանկավարժները դպրոցների մի մասում վարձատրվում են, մյուսներում` ոչ, իսկ վարձատրության դեպքում երբեմն գործում են վարձավճարի տարբեր չափեր: Կարևորելով և վերաիմաստավորելով դասղեկի ինստիտուտը, հեղինակներն առաջարկում են խնդրին տալ իրավական կարգավորում՝ բացառելով մանկավարժների նկատմամբ տարբերակված մոտեցումը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով Կառավարության կարծիքը, նշել է, որ նախագիծը լրացուցիչ քննարկման կարիք ունի, ինչի հետ համաձայնելով համահեղինակ Միքայել Մելքումյանն առաջարկել է մինչև 2 ամիս ժամկետով հետաձգել օրինագծի քննարկումը: Մինչև հաջորդ Ազգային ժողովի հերթական նիստը հետաձգվել է նաև «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողութամբ գովազդ հեռարձակելու իրավունք: Հիմնական ցեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի խոսքով՝ օրինագծի ընդունմամբ Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն կունենա համալրելու իր եկամուտները և գովազդից ստացվող միջոցներն ուղղել տեխնիկական կարիքները հոգալուն, եթերացանցի բարելավմանը, արտադրվող հեռուստաարտադրանքին հասանելիության բարձրացմանը, նոր և առավել հետաքրքիր հեռուստանախագծերի ստեղծմանն ու կարևոր գաղափարների կենսագործմանը, կադրերի արտահոսքի կանխմանը և այլն: Հանձնաժողովի անդամների գնահատմամբ՝ օրինագիծն անհավասար պայմաններ է ստեղծելու Հանրային հեռուստաընտերության և մյուսների միջև: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ օրինագիծը միտված է ստեղծված մոնոպոլիան վերացնելուն: Մխիթար Հայրապետյանն ընդգծել է եվրոպական երկրների հանրային հեռուստաընկերությունների գովազդի առկայությունը: Նա կարևորել է յուրաքանչյուր հեռուստաալիքով հեռարձակվող գովազդի վերահսկողությունը: Մխիթար Հայրապետյանն անընդունելի է համարել օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը 24 ժամյա ռեժիմով անցկացնելը: Եզրափակիչ ելույթներում հիմնական և հարակից զեկուցողներն անդրադարձել են պատգամավորների բարձրացրած մտահոգություններին: Օրենքի նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
21:49 - 18 մարտի, 2020
Առաջարկվում է գովազդի տեղադրում թույլատրել Հանրային հեռուստաընկերությանը |panarmenian.net|

Առաջարկվում է գովազդի տեղադրում թույլատրել Հանրային հեռուստաընկերությանը |panarmenian.net|

panarmenian.net: «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում է գովազդի տեղադրում թույլատրել Հանրային հեռուստաընկերությանը։ Նախագիծն ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտաարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Առաջարկվում է մեկ եթերաժամի ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ վճարովի գովազդ տեղադրել, որը կցուցադրվի 18:00-00:00-ն: Իսկ սոցիալական անվճար գովազդը կհեռարձակվի ժամը 00:00-ից մինչև 18:00-ն։ Վճարովի գովազդը լրացուցիչ ֆիանանսական հոսքեր կապահովի, ինչը թույլ կտա Հանրայինին տեխնիկական վերազինման և եթերացանցի վերանայման հարցը լուծել։ Մինչև 2014 թվականը Հանրային հեռուսընկերությունն իրավունք ուներ առևտրային գովազդ տեղադրելու, բայց օրենքի փոփոխությունից հետո հեռուստաընկերությունը զրկվել է դրանից և հավելյալ ֆինանսական միջոցներից։
16:24 - 18 մարտի, 2020
Պատգամավորը բուհում դեկանի, ամբիոնի վարիչի պաշտոններում երիտասարդներին ներգրավելու կարիք է տեսնում |armenpress.am|

Պատգամավորը բուհում դեկանի, ամբիոնի վարիչի պաշտոններում երիտասարդներին ներգրավելու կարիք է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը բուհերի կառավարման պաշտոններում՝ ռեկտոր, դեկան, ամբիոնի վարիչ, տեսնում է երիտասարդներին ներգրավելու կարիք: Հովհաննիսյանը նման տեսակետ հայտնեց «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» խորհրդարանական լսումներում: «Ակադեմիական ազատությունը հաճախ  ասոցացվում է բուհի ղեկավարման մարմինների հետ կապված հարցերի հետ: Ակադեմիական ազատությունը, սակայն, այն է, որ դասախոսներն ու ուսանողները կարող են ներգրավվել ինտելեկտուալ քննարկման մեջ՝ առանց գրաքննության, պատժի, հետապնդման վախի: Քաղաքական, կրոնական և այլ հայացքները չեն կարող դառնալ պարտադրանք բուհերի ներսում: Հիմնականում շեշտը դրվում էր նմանատիպ բաների վրա: Շեշտը չէր դրվում ռեկտորների կամ կառավարիչների տարիքի վրա: Իհարկե, մարդը որքան հասունանում է, այնքան ուժեղանում է։ Սակայն դա չի նշանակում, որ ավագ տարիքի մարդիկ պետք է միշտ լինեն կառավարիչներ: Ունենք դեպքեր, երբ մարդիկ 20-30 տարի ամբիոնի վարիչներ ու դեկաններ են, բնականաբար, երիտասարդ սերունդը որևէ մոտիվացիա չի ունենում այդտեղ աշխատելու և չի տեսնում տեսլական կամ ապագա»,-ասաց Հովհաննիսյանը: Նա նկատեց՝ միգուցե պետք է նախատեսել ռոտացիոն սկզբունքներ, որ հերթով բոլորը կարողանան դառնալ ամբիոնի վարիչ, և որևէ մեկը չճնշի մյուսին:
12:25 - 24 փետրվարի, 2020