ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն

Ռազմական ոստիկանները բացահայտել են կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքեր

Ռազմական ոստիկանները բացահայտել են կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքեր

ՀՀ ՊՆ ՌՈ կենտրոնական ապարատի ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տեղեկությունները Գյումրիի ՌՈ բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ իրացնելիս, ս.թ. մայիսի 19-ին Գյումրիի ՌՈ բաժանմունք է հրավիրվել N զորամասի ֆինանսական ծառայության պետը, ով հաղորդում և բացատրություն է տվել, որ 2019 թ. մարտ ամսին իր կնոջը N զորամաս աշխատանքի ընդունելու դիմաց, նույն զորամասի ֆինանսական ծառայության պետին առձեռն տվել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որն էլ նշված գումարը փոխանցել է զորամասի հրամանատարին: Գյումրիի ՌՈ բաժանմունք է հրավիրվել նաև տվյալ զորամասի  ֆինանսական ծառայության նախկին պետը, ով համապատասխան հաղորդում ու բացատրություն է տվել, որ աշխատանքի ընդունելու համար միջնորդել է զորամասի հրամանատարին, որի համար վերջինս պահանջել և ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար: Փաստի առթիվ Գյումրիի ՌՈ բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ՊՆ ՌՈ կենտրոնական ապարատի ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տեղեկությունները Գյումրիի ՌՈ բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ իրացնելիս բացահայտել են նաև պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքեր: N զորամասի ֆինանսական ծառայության նախկին պետը հաղորդում է տվել, որ 2017թ-ի փետրվար ամսին, նույն զորամասի հրամանատարն իր աշխատասենյակում առաջարկել է գնորդ գտնել զորամասին հասանելիք էլեկտրոէներգիայի չափաքանակի ամսական առաջացած ավելցուկը վաճառելու համար: Զորամասի ֆինանսական ծառայության պետը դիմել է իր ծանոթին՝ զորամասի տարածքը սպասարկող էլ.ցանցի տեղամասի պետին, ով համաձայնել է յուրաքանչյուր կիլովատի դիմաց վճարել 9 ՀՀ դրամ գումար: Մինչև 2019թ-ի ապրիլ ամիսը վերջինս զորամասի ֆինանսական ծառայության պետին յուրաքանչյուր ամիս առձեռն փոխանցել է 150.000-ից 400.000 ՀՀ դրամ գումար, ընդհանուր առմամբ՝ 2.500.000-ից 3.000.000 ՀՀ դրամ գումար, որն էլ զորամասի ֆինանսական ծառայության պետը առձեռն փոխանցել է զորամասի հրամանատարին՝ վերջինիս աշխատասենյակում: Զորամասի հրամանատարը յուրաքանչյուր ամիս ֆինանսական ծառայության պետին տվել է 20.000-ից 30.000 ՀՀ դրամ գումար, ընդհանուր առմամբ՝ 300.000-ից 400.000 ՀՀ դրամ գումար և նույնքան էլ՝ զորամասի ԿՇԾ պետին, ով կատարել է էլեկտրոէներգիայի հաշվիչի ցուցմունքների ուղղումները:    N զորամասի նախկին ֆինանսական ծառայության պետը հաղորդում է տվել նաև առ այն, որ 2018թ. հոկտեմբեր ամսին, նույն զորամասի հրամանատարն իր աշխատասենյակում առաջարկել է, որ գնորդ գտնի զորամասին հասանելիք գազի չափաքանակի ամսական առաջացած ավելցուկը վաճառելու համար: Ֆինանսական ծառայության պետը դիմել է գազի գրասենյակի աշխատակից իր ծանոթին, ով համաձայնվել է յուրաքանչյուր խորանարդ մետր գազի դիմաց վճարել 23 ՀՀ դրամ գումար: 2019թ-ի հունվար ամսին, զորամասի 2018թ-ի գազի ծախսից առաջացած ավելցուկը հաշվարկելուց հետո, գրասենյակի աշխատակիցը զորամասի ֆինանսական ծառայության պետին առձեռն փոխանցել է 2.000.000 ՀՀ դրամ գումար, որն էլ վերջինս փոխանցել է զորամասի հրամանատարին: Հաշվիչի ցուցմունքների ուղղումը կատարել է զորամասի ԿՇԾ պետը: Տրված հաղորդումներն ուղարկվել են Շիրակի կայազորի զինվորական դատախազություն՝ հետագա ընթացքը լուծելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:13 - 20 մայիսի, 2020
Ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները

Ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մայիսի 4-ին անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2020թ. անցած ամիսներին  կատարված աշխատանքների արդյունքները: Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը, բաժին-բաժանմունքների պետերը: Զեկույցներում և հաշվետվություններում առանձնացվել են կատարված աշխատանքները, զինված ուժերում կոռուպցիայի բացահայտման և ռիսկերի նվազեցման, քրեական ենթամշակույթի վերացման, զորքերում կանխարգելիչ միջոցառումների իրականացման և այլ ուղղություններով արձանագրված արդյունքները: Ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքների պատշաճ կազմակերպման, առկա խնդիրների լուծման և առաջիկա ծրագրերի իրականացման վերաբերյալ:
17:30 - 05 մայիսի, 2020
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է ղեկավար կազմի խորհրդակցություն

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է ղեկավար կազմի խորհրդակցություն

Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ՊՆ ռազմական ոստիկանությունում մասնակցել է ՌՈ կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի խորհրդակցությանը։ Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են զինված ուժերի զորամասերում վերջին շաբաթներին իրականացված օպերատիվ և կանխարգելիչ միջոցառումների արդյունքները։ Նշվել է, որ ժամկետային զինծառայողների մոտ հայտնաբերվել են մեծ քանակությամբ օպերացիոն համակարգերով բջջային հեռախոսներ /սմարթֆոններ/, որոնք վերադարձվում են զինծառայողների ծնողներին։ Գործընթացը շարունակվում է, և ռազմական ոստիկանությունն ակտիվ գործողություններ է իրականացնում զորամասերում արգելված միջոցների հայտնաբերման ուղղությամբ։ Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ևս մեկ անգամ ընդգծել է զինված ուժերում քրեական ենթամշակույթի և արատավոր երևույթների բացառման ուղղությամբ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը, հանձնարարականներ տվել ռազմական ոստիկանության տարբեր օղակների ղեկավարներին։
16:05 - 09 մարտի, 2020