Անցումային արդարադատություն

Մարդու իրավունքների լայնամասշտաբ խախտման ժամանակաշրջանի հետ կապված ժառանգության հաղթահարման դատական և ոչ դատական մեխանիզմներ (միջոցառումներ): Նման միջոցառումները ընդգրկում են քրեական հետապնդում, իսկության պարզման հանձնաժողովներ, փոխհատուցման ծրագրեր և բազմաթիվ ինստիտուցիոնալ բարեփոխումներ:

Անցումային արդարադատությունը ընդունվում է բռնության և հալածանքների համակարգից սոցիալական կայունության համակարգ քաղաքական անցման ժամանակահատվածում և ուղեկցվում է հասարակական վստահությունը և արդարադատության տապալված համակարգը վերականգնելու, կառավարման ժողովրդավարական համակարգը կառուցելու հասարակության ձգտումով:

Վեթինգի կիրառումը և անցումային արդարադատությունը ենթադրում են սահմանադրական փոփոխություններ․Հայկ Մարտիրոսյան

Վեթինգի կիրառումը և անցումային արդարադատությունը ենթադրում են սահմանադրական փոփոխություններ․Հայկ Մարտիրոսյան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանի ելույթը «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ։ «Հարգելի գործընկերներ մենք այսօր քննարկում ենք մի խնդիր, որը հիմք է հանդիսանալու հետագայում անցումային արդարադատության իրականացման հարցը պարզաբանելու համար և այս տեսանկյունից շատ կարևոր է քննարկել հետևյալ խնդիրը՝ հանրության վերաբերմունքը այդ ինստիտուտի կիրառմանը և հետևյալ հարցերի պատասխանը, թե չունե՞նք մենք այսօր իրավակարգավորումներում անհրաժեշտ գործիքակազմ, որը զարգացնելով կարող ենք հանգել շատ ավելի լավ արդյունքների և անցումային արդարադատությունը դիտարկել որպես, ըստ էության, ծայրահեղ միջոց։ Ըստ էության մենք վաղուց ունենք այդ գործիքակազմը, ինչ վերաբերում է վեթինգին և ակտիվների վերադարձի իրավակարգավորումներին։ Մասնավորապես գույքի և եկամուտների հայտարարագրման միջոցով վեթինգ եթե բովանդակային առումով ասենք, մենք ունենք դա վաղուց, 2012 թվականից մենք ունենք հանրային ծառայության մասին օրենք, որով պաշտոնատար անձինք պարտավոր են ներկայացնել գույքի և եկամուտների, ընդ որում նաև փոխկապակցված անձանց, հայտարարագրեր։ Եթե այդ ինստիտուտը մենք կարողանանք զարգացնել բնականաբար էստեղ համապատասխան օրենսդրական փոփոխություններով հնարավոր է կանոնակարգել այդ դաշտն այնպես, որ եթե պաշտոնատար անձը չկարողանա հիմնավորել իր գույքի, եկամուտների հիմնավորվածությունը, ապա պետք է նախատեսել նրա պաշտոնավարման դադարեցման հիմք։ Ինչ վերաբերում է վեթինգի կիրառմանը և անցումային արդարադատությանը, ապա դա ենթադրում է սահմանադրական փոփոխություններ, որոնք պետք է իրականացվեն հանրաքվեի միջոցով, իսկ այն մեխանիզմները, որոնք մենք առաջարկում ենք, շատ ավելի արդյունավետ են և միայն օրենսդրական համապատասխան փոփոխությունները կարող են տալ դրա իրականացման մեխանիզմները։ Նախ, ակտիվների վերադարձման մասին է շատ խոսվում և մատնանշվում է, որ միջազգային փաստաթղթերը Հայաստանին պարտադրում են իրականացնել ակտիվների վերադարձ բացառապես անցումային արդարադատության շրջանակներում։ Իրականում դա այդպես չէ և միջազգային փաստաթղթերը Հայաստանին զուտ խորհրդատվական կարգով են դա ներկայացնում և պարտադիր չի, որ ակտիվների վերադարձը իրականացվի բացառապես անցումային արդարադատության շրջանակներում։ Պետք է արձանագրել մի բան, պետությունը ինչ մարդկային և նյութական ռեսուրսներ է ծախսելու այդ գործընթացի համար և ինչ ակնկալիք ունի նպատակների տեսանկյունից։ Այս գործընթացը բավականին նուրբ է և պետք է ենթադրել, որ այն կարող է նաև ազդեցություն ունենալ տնտեսության վրա, որովհետև թալանված ակտիվների մի զգալի հատվածը ներդրվել է մեր ներքին տնտեսության մեջ և դրանց վերադարձի իմաստով պետք է ուսումնասիրել նաև տնտեսության կառուցվածքը։ Բայց որպես նպատակ գործընթացի ամբողջ պրոցեսում պետք է թափանցիկությունը և հակակոռուպցիոն ռիսկերի բացառումը լինի։ Մասնավորապես որպես նպատակ, որը կարող է նաև ծառայել տնտեսական հեղափոխության համար, պետք է դիտարկվի այդ միջոցների վերադարձի պարագայում դրանք միասնական տնտեսության վերածննդին կամ վերակենդանացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը։ Կամ նախկին ռեժիմից տուժածների միջոցների վերացմանը։ Ուզում եմ ասել սրանք խորը, համապարփակ վերլուծությունների պետք է ենթարկվեն նոր մենք կարողանանք պատասխանել հարցին, թե նպատակահարմար է արդյո՞ք այդ ինստիտուտի ներդրումը։ Շնորհակալություն»
10:25 - 24 մայիսի, 2019
Հիմա ընդամենը ժամանակավոր զինադադար է ժողովրդի և կառավարող վերնախավի միջև. Լեւոն Զուրաբյան |lragir.am|

Հիմա ընդամենը ժամանակավոր զինադադար է ժողովրդի և կառավարող վերնախավի միջև. Լեւոն Զուրաբյան |lragir.am|

lragir.am։ Անցումային արդարադատության գործիքը դեռ չի բնորոշում դրանով կատարվող աշխատանքի որակը, այն մի գործիք է, որը կարող է և լավ օգտագործվել, և վատ։ Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը։ «Բայց որ այդ գործիքն անհրաժեշտ է, դա մեզ մոտ կասկած չի հարուցում։ Գործիքն առաջին հերթին անհրաժեշտ է մի պարզ պատճառով, որ մենք անցում ենք կատարում ավտորիտարիզմի, բռնաճնշումների, կոռուպցիայի ու ավազակապետության վրա հիմնված մի հասարակարգից դեպի ժողովրդավարություն։ Բայց մենք պետք է մի բան հասկանանք, որ այդ տարիների ընթացքում կուտակվել են բազմաթիվ խախտումներ։ Այսինքն՝ հազարավոր մարդիկ զրկվել են իրենց իրավունքներից, մարդկանց սպանել են, Մարտի մեկի ոճրագործությունն այդ ամենի գագաթնակետն էր, հարյուրաներով վիրավորվածներ կային։ Միայն այդ բախման խնդիրը չէ, մարդկանց հազարներով հեռացրել են իրենց աշխատանքից, սեփականություն են խլել։ Այսինքն՝ այսօր մենք ունենք վիրավորված հասարակություն, որն օտարվել է պետությունից։ Եթե հիմա կա մի իշխանություն, որը վստահություն է ներշնչում, որ ինքը կարող է այդ հարցերը լուծել, դա դեռ չի նշանակում, որ այդ հարցերն ավտոմատ կերպով լուծվել են»,- ասաց նա։Ըստ Զուրաբյանի՝ այն, ինչ մենք ունենք այսօր, դա ընդամենը ժամանակավոր զինադադար է ժողովրդի և կառավարող վերնախավի միջև։ Հասարակությունը դեռ իր իրավունքները չի վերականգնել։«Անցումային արդարադատության ամբողջ իմաստը իրավունքների վերականգնումն է։ Այսինքն՝ այդ բոլոր մարդիկ պետք է հաշտվեն իրենց պետության հետ։ Եվ բոլոր հասարակություններում գործընթացը առաջ է գնացել միայն այն դեպքում, եթե ստեղծվել է դրա համար գլխավոր գործիքը, որը կոչվել է ճշմարտության և հաշտության հանձնաժողով»,- ասաց նա։Դա եղել է պետական միջգերատեսչական մարմին, որը զբաղվել է բոլոր այն քաղաքացիների խնդիրներով, որոնց իրավունքները ոտնահարվել են։ «Սրա մասին դեռ խոսակցություն չի գնում, բայց ՀԱԿ-ը հեղափոխությունից անմիջապես հետո առաջինն առաջարկեց, որ լինի անցումային արդարադատություն, հենց դա նկատի ունեինք։ Չգիտես ինչու, դրա մասին դեռ խոսք չի գնում, ես նկատի ունեմ ճշմարտության և հաշտության հանձնաժողովի ստեղծումը»,- ասաց նա։Լևոն Զուրաբյանն անդրադարձավ նաև ԲԴԽ նախագահ Գագաիկ Հարությունյանի հրաժարականին։ Նա նշեց, որ այդ պաշտոնանկություններն ու անցումային արդրաադատության ուղղությամբ քայլերը պետք է հենց հեղափոխությունից հետո լինեին։ Գործընթացն ուշացել է։«Ես չգիտեմ ինչու բավականին հանգիստ վերաբերվեցին դատական այս կոռումպացված իշխանության պահպանմանը։ Եվ ես կարծում եմ՝ սա լուրջ սխալ է։ Եվ այսօր Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ազատումը այդ սխալի հետևանքն է»,- հավելեց նա։
10:15 - 24 մայիսի, 2019
Ճշմարտությունը բացահայտելու համար պետք է ներգրավված լինեն նաև նախկին վարչակարգի անդամներ․ Կարեն Զադոյան

Ճշմարտությունը բացահայտելու համար պետք է ներգրավված լինեն նաև նախկին վարչակարգի անդամներ․ Կարեն Զադոյան

Արձանագրվե՞լ են կամ հայտնի՞ են արդյոք դեպքեր, երբ անցումային արդարադատության միջով անցած դատական իշխանության նկատմամբ երկրորդ անգամ անցումային արդարադատություն իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել։ Այս հարցը «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ հնչեցրեց փաստաբան Արմեն Հարությունյանը։ Մասնավորեցնելով հարցը՝ Հարությունյանը հավելեց․ «Այսինքն՝ այն անկախությունը և այն նպատակները, որ հետապնդում էին անցումային արդարադատություն իրականացնելիս, ձեռք չեն բերվել և հակառակը՝ դատական իշխանությունը կախման մեջ է հայտնվել կոնկրետ այդ անցումային արդարադատություն իրականացնող իշխանությունից»։ Փաստաբանը հետաքրքրվեց նաև, թե արդյոք ինչ երաշխիքներ կան, որ նման իրավիճակ ՀՀ-ում չի լինի։ Պատասխանելով այս հարցերին՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ ինքն անձամբ ծանոթ չէ նման փորձի, բայց կարող է անցումային արդարադատության մյուս գործիքակազմից օրինակ նշել, ապա խոսեց Չիլիի փորձի մասին։ «Պինոչետի վարչակազմից հետո ստեղծվեց ճշմարտության հանձնաժողով։ Առաջին փուլում խնդիր էր դրված բացահայտել սպանություններն ու անհետ կորածների խնդիրները։ Այդ հանձնաժողովում ներառվեցին չորս հոգի նախկին Պինոչետի վարչակարգից, չորս հոգի՝ այդ ներկա վարչակարգից։ Մեկ տարվա ընթացքում փայլուն աշխատանք կատարեցին և այնքան արդյունավետ էր աշխատանքը, որ դրանից երկու տարի հետո ստեղծվեց նոր հանձնաժողով՝ բացահայտելու արդեն խոշտանգումների դեպքերը»,-շեշտեց Զադոյանը։ Նա հավելեց, որ դա նաև համախոհության շատ լավ օրինակ է, որովհետև ճշմարտությունը բացահայտելու համար պետք է ներգրավված լինեն նաև նախկին վարչակարգի անդամներ։
09:44 - 24 մայիսի, 2019
Ես այսօր էլ կոչ կանեմ դատավորներին, որպեսզի իրենք հանրությանը ապացուցեն, թե որտեղից այդ գումարները և կարողությունները․ Կարեն Զադոյան

Ես այսօր էլ կոչ կանեմ դատավորներին, որպեսզի իրենք հանրությանը ապացուցեն, թե որտեղից այդ գումարները և կարողությունները․ Կարեն Զադոյան

Անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումների շրջանակում Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը անդրադառնալով անցումային արդարադատության գործիքներից մեկին՝ ատհոք դատարանների ստեղծմանը, նշեց․ «Խոսքը միջազգային մասնակցությամբ ստեղծված ատհոք դատարանների մասին է, սակայն մենք ասում ենք, որ ՀՀ-ում այն պետք է բացառվի, որովհետև մեր պետականության օրենսդրությամբ, սահմանադրությամբ, այլ լուծումներով դա հնարավոր է անել»,- ասաց նա։Նրան ուղղված հարց հնչեց նաև վեթինգն իրականացնող հանձնաժողովի անդամների որակավորման մասին, թե ինչպիսի որակավորում պետք է ունենան, որպեսզի նրանց անկախությունը կասկածներ չհարուցի։ Ինչպես նաև դատավորների ֆինանսական դրությունը և նրանց կասկածելի կապերը ինչպե՞ս պետք է ստուգվեն։ «Ես կարծում եմ, որ վեթինգն իրականացնող մարմնի անդամները նույն չափանիշներով պետք է ընտրվեն, ինչ չափանիշներով վեթինգն է իրականացվում։ Այսինքն՝ բարեվարքության չափանիշները՝ մասնագիտական էթիկա, հաշվետվողականություն, այդ թվում ֆինանսական, հակակոռուպցիոն վարքագիծ, կապեր։ Այդ ամեն ինչը պետք է ստուգվի։ Մենք ունենք հայտարարգրման ինստիտուտ, մեր դատավորները իրենք իրենց հայտարարագրերը ներկայացնում են պաշտոնը ստանձնելու պահից։ Այդ պահից պետք է ստուգվի, որ նրանց հնարավորություն ընձեռնվի ապացուցել դրա օրինականությունը։ Ես այսօր էլ կոչ կանեմ դատավորներին, որպեսզի իրենք հանրությանը ապացուցեն, թե որտեղից այդ գումարները և կարողությունները։ Դա ստուգելու համար հանձնաժողովը պետք է ունենա գործիքակազմեր։ Օրինակ Ալբանիայում դա իրականացվում է նաև ազգային անվտանգության մարմինների օգնությամբ։ Ճիշտ է, գործադիրը տեղեկություններ է ստանում ֆինանսների մասին, բայց, միևնույնն է, հանձնաժողովը անկախ է և վերջնական որոշումը հանձնաժողովն է կայացնելու»,-պատասխանեց Կարեն Զադոյանը։
09:19 - 24 մայիսի, 2019
Բոլոր դերակատարները պարտադիր պետք է ներգրավվեն այդ գործընթացում․ Կարեն Զադոյանի զեկույցը անցումային արդարադատության մասին

Բոլոր դերակատարները պարտադիր պետք է ներգրավվեն այդ գործընթացում․ Կարեն Զադոյանի զեկույցը անցումային արդարադատության մասին

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյան, «Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունները ՀՀ֊ում միջազգային փորձի լույսի ներքո» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ հանդես եկավ զեկույցով․ «Շնորհակալություն հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ Իրավաբանների հայկական ասոցիացիան 2018 թվականի օգոստոսի 17-ի ՀՀ վարչապետի հայտնի ելույթից հետո, երբ նա հնչեցրեց, որ Հայաստանում հնարավոր է ներդրվեն անցումային արդարադատության որոշ գործիքներ, նախաձեռնվեց մի գործընթաց, որի ընթացքում երկու կարևոր խնդիրներ փորձեցինք լուծել․ առաջինը զեկույցի պատրաստումն էր «Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունը Հայաստանի հանրապետությունում միջազգային փորձի լույսի ներքո», երկրորդը՝ ազգային փորձագետների մասնակցությամբ անցումային արդարադատության մեխանիզմների կիրառմանն ուղղված փորձագիտական համաժողովի կազմերպումն էր։ Մենք զեկույցը հրապարակել ենք շուրջ երկու ամիս առաջ, ներկայացրել ենք ՀՀ վարչապետին և ՀՀ֊ի ԱԺ նախագահին, զեկույցը մշակվել է եվրոպական միության կառուցողական երկխոսության հանձնառության ծրագրի շրջանակներում։ Զեկույցի հիմնական նպատակն է ներկայացնել անցումային արդարադատությունը, դրա կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում, առկա միջազգային փորձը, կիրառված գործիքները, մեխանիզմները և ինստիտուտները, ինչպես նաև համեմատական, վերլուծական եղանակով վեր հանելու Հայաստանում անցումային արդարադատության իրականացման դեպքում նվազագույն ռիսկերով կիրառելի արդյունավետ մոդելը։ Եվ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ անցումային արդարադատությունը ձախողվում է այն երկրներում, եթե չի եղել անցումային արդարադատության համակարգ ձևավորելու վերաբերյալ ակնհայտ և անկեղծ պատրաստակամություն, երկրորդ՝ առանց այդ գործընթացում բոլոր շահագրգիռ դերակատարների ներգրավմանը, այսինքն՝ բոլոր դերակատարները պարտադիր պետք է ներգրավվեն այդ գործընթացում, և մենք այդ գործընթացում ունենանք մաքսիմալ հնարավոր համախոհություն, ինչպես նաև այդ գործընթացի և կիրառելիք բոլոր մեխանիզմների մասին հանրային լայն իրազեկում պետք է լինի։ Եթե այս երեք նախապայմանները չլինի, անցումային արդարադատության գործիքների կիրառմամբ հնարավոր է ձեռք չբերվեն այն նպատակները, ինչ նպատակներ դրվում են։ Եվ մենք սա գիտակցելով ուսումնասիրել ենք շուրջ 35 երկրների փորձ, զեկույցը հրապարակված է, տեղադրված է մեր կայքում, ուղարկված է ԶԼՄ֊ներին շուրջ երկու ամիս առաջ։ Խոսելով զուտ գործիքներից, արդեն իմ գործընկերները նշեցին, հիմնականում այդ գործիքները չորսն են՝ քրեական արդարադատության իրականացում, ճշմարտության որոնում, փոխհատուցման ծրագրեր և համակարգային ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ Քանի որ ժամանակը քիչ է և հարցերին որ ավելի շատ ժամանակ թողնեմ, ուղղակի հակիրճ կասեմ այն մեթոդաբանությունը՝ ոնց ենք մենք զեկույցը կազմել, բնականաբար, ուսումնասիրվել է իրավական, սոցիալական, տնտեսական, քաղաքական համատեքստը։ Ուսումնասիրության համար մենք ուսումնասիրել ենք այդ չորս ուղղություններով միջազգային զեկույցները, որում գնահատվել են Հայաստանին վերաբերող այդ չորս  հատվածները ու կոնկրետ զեկույցների հղումով դրել ենք, թե ինչու պետք է Հայաստանում իրականանա անցումային արդարադատությունը։ Էդ ամեն ինչը ամփոփելով, նաև ամփոփելով փորձագիտական համաժողովը, որին հրավիրել ենք հայաստանյան փորձագետներ, ի դեպ դա նաև Վրաստանի վերաբերյալ անցումային զեկույցի առաջարկն էր, որ առաջին հերթին պետք է տեղեական փորձագիտական ներուժը օգտագործվի, հասկանալ՝ ինչի է պետք անցումային արդարադատությունը, երկրորդ՝ հանրային իրազեկումները արվեն։ Դրա համար մենք էդ փորձագիտական ներուժը հրավիրել ենք, բոլոր դերակատարներին հրավերներ ուղարկել ենք, մի մասը մասնակցել է, մի մասը չի մասնակցել, բայց որևէ մեկը նույն քաղաքական ուժերից չի կարող ասել, որ մենք չենք հրավիրել, որպեսզի իրենց կարծիքն էլ այնտեղ լսենք։ Այժմ ես կփորձեմ ներկայացնել մեր առաջարկները և փորձագիտական համաժողովի առաջարկները։ ՀՀ֊ում անցումային արդարադատության հնարավոր կիրառմանն ուղղված առաջարկություններ․  -Հայաստանի Հանրապետությունում անցումային արդարադատության իրականացման դեպքում այն պետք է բխի Հայաստանի ներպետական միջավայրից։ -անցումային արդարադատությունը սահմանադրությամբ սահմանված նպատակներին հասնելու միջոց է, որին հնարավոր չէ հասնել այլ կոնվենցիոնալ համակարգերի միջոցով, և դրա կիրառման շրջանակները պետք է հստակ ուրվագծեն սահմանադրությամբ ընձեռնված հնարավորությունների և երկրի կոնվենցիոն պարտավորությունների շրջանակներում։ -անցումային արդարադատության մեխանիզմեների կիրառելիության ժամանակ անհրաժեշտ է ՄԻԵԴ խորհրդատվություններից ակտիվորեն օգտվելու պրակտիկա ձևավորել։ -կիրառման ժամանակահատվածի մասին մենք գտնում ենք, որ անցումային արդարադատության կիրառման ժամանակահատված անհրաժեշտ է սահմանել 1991-2018 թվականը ընկած ժամանակահատվածը։ -Կիրառման գործերի շրջանակը՝ անցումային արդարադատության կիրառման ենթակա գործերի շրջանակներում անհրաժեշտ է ներառել՝ ա․հասարակությունից և պետությունից թալանված գումարների վերաբերյալ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, այդ թվում գերակա հանրային շահի պատճառաբանությունով հասարակության և պետության կարիքների համար անձանց սեփականության օտարման վերաբերյալ գործերը, բ․ համապետական ընտրություններում և հանրաքվեներում տեղ գտած զանգվածային ընտրախախտումների վերաբերյալ գործերը, դրանցից ածանցյալ գործերը, օրինակ, 2008 թվականի մարտի մեկի վերաբերյալ գործը։ գ․ Կյանքի իրավունքի, խոշտանգումներից զերծ լինելու իրավունքի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ գործերը։ -կիրառման մեխանիզմները՝ քրեական արդարադատություն, ինչպես մենք գիտենք քրեական արդարադատության գործիքակազմը թույլ է տալիս ստեղծել ատհոք դատարաններ և հիբրիդային դատարաններ, երբ որ տապալված է դատական համակարգը տվյալ երկրում և ունի վերականգնման կարիք։ Մենք նաև այդ փորձագիտական համաժողովի արդյունքները ամփոփելիս գտնում ենք, որ Հայաստանում սահմանադրական լուծումները հնարավորություն են տալիս այդ հարցը լուծել տեղական ներուժով՝ մասնագիտացված դատարանների, հնարավոր է կոռուպցիոն հանցագործություններ քննող մասնագիտացված դատարաններ հիմնել, փորձագիտական համաժողովի, Վահե Գրիգորյանի կողմցի առաջարկ եղավ մարդու իրավունքների դատարան ստեղծելու։ Այսինքն, դա մեր ներպետական օրենսդրության շրջանակներում հնարավոր է լուծել և մենք առաջարկում ենք օգտագործել այդ հնարավորությունները։ Մյուս կարևոր խնդիրը՝ որպեսզի նաև հնարավորություն տանք անձանց, որոնք կուտակել են անօրինական կապիտալ, չանցնեն այդ դատաքննչական մամլիչի միջոցով, անհրաժեշտ ենք համարում քննարկել նաև օրենքի միջոցով կապիտալի ամնեստիա, մեղքի ընդունման գործարք կիրառելու և ներպետական մակարդակում գործարք առաջարկելու հարցը կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով ու ապօրինի հարստացածներին առաջնորդվելով և՛ իրավական, և՛ քաղաքական գործընթացներով։ Մյուսը՝ անհրաժեշտ է սահմանել ավարտված կասեցված քրեական գործերի վերանայման և նոր քրեական գործերի հարուցման իրավական հիմքերը և ամենակարևորը՝ անհրաժեշտ է և դա անցումային արդարադատության քրեական արդարադատության ամենակարևոր գործիքներից մեկն է՝ ամնեստիան, անհրաժեշտ է անցումային արդարադատության մեխանիմզները ներդնելուց հետո քննարկման առարկա դարձնել այդ անցումային արդարադատության շրջանակներում դատապարտվելի անձանց նկատմամբ համաներում տարածելու վերաբերյալ հարցը։ Որովհետև անցումային արադարադատության քրեական արդարադատության բաղադրիչը ոչ միայն նպատակ է հետապնդում պատժել հիմնական կոռուպցիոն համակարգի ճարտարապետներին, այսինքն պետք է պատժել ընդամենը մի քանի հոգու, իսկ մնացածը դրանց զոհեր են հանդիսանում և այդ զոհերին հնարավորություն պետք է տալ նաև ամնեստիայի միջոցով, եթե նրանք կվերադարձնեն այդ գողացված կապիտալը, նաև հնարավորություն տալ այդ մարդասիրական միջանցքով դուրս գալ։Մյուս կարևոր ուղղությունը դա ճշմարտության որոնումն է, մենք նաև փորձագիտական համաժողովի արդյունքներում առաջարկում են Հայատանի Հանրապետությունում ընդունել ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովի մասին օրենք և այն գործերի շրջանակը, որ առաջարկեցինք, այդ գործերով իրականացվի փաստահավաք, որովհետև ճշմարտության հանձնաժողովները դրանք քվազի֊դատական ֆունկցիա ունենալ չեն կարող, դրանք, միջազգային փորձը ցույց է տալիս, որ փաստահավաք մարմիններ են և այդ փաստահավաք մարմինները կարող են ձևավորվել և այն ժամանակահատվածին, որը նշեցի, այդ ընթացքում հնարավոր լինի նաև բացահայտել ճշմարտությունը, որովհետև յուրաքանչյուր ժողովուրդ, երկրի քաղաքացիներ իրավունք ունեն նաև իմանալ իրական ճշմարտությունը այդ ժամանակահատվածի վերաբերյալ։ Բայց այստեղ միայն ճշմարտության իմանալու խնդիրը չէ, այստեղ հաշտեցման խնդիրն է և հանրությունը նաև պետք է այս գործիքակազմի շնորհիվ գա հաշտեցման։ Հանձնաժողովի ստեղծելու համար իհարկե մենք առաջարկում ենք չափորոշիչներ, դրանք ինթեգրիթիի/բարեվարքության տարրերի հիմքերով ձևավորված չափորոշիչներ են, պետք է լինեն անխոցելի մարդիկ, մասնագիտորեն կոմպետենտ, բարձր հաշվետվողականությամբ և թափանցիկությամբ, այդ թվում՝ ֆինանսական, էթիկայի բարձր վարքագծով և հակակոռուպցիոն բարձր վարքագծով։ Եվ բնականաբար այս օրենքը նաև ոլորտային հաշվետվություններ պետք է տա և պետք է բացահայտի ճշմարտությունը, օրինակ, կոռուպցիոն հանցագործությունների գծով, ընտրակեղծիքների և այլն։ Եվ մյուսը փոխհատուցման ծրագրերն են, մենք նախատեսում ենք, որ նաև օրենքով նախատեսել փոխհատուցումներ ստանալու համար, խոսքը տուժողների, զոհեր մասին է՝ հիմքեր, այդ թվում տուժողների հստակ շրջանակ, ներառելով առանձին անհատների և խմբերի, կախված տուժողների թիրախային խմբերից, նախատեսել փոխհատուցման ծրագրեր, որոնք կներառեն նախնական իրավիճակի վերականգնում, անձնական ազատության իրավունքների վերականգնում, մասնավոր, ընտանեկան, պատվի, բարի համբավի անձեռնմխելիության և այլն, կոմպենսացիա ֆինանսական կամ համարժեք նյութական փոխհատութցումներ, անվճար բժշկական, հոգեբանական և այլ վերականգնողական ծառայություններից օգտվելու հնարավորություն։ Փոխհատուցումների տրամադրումը պետք է դիտարկել որպես համալիր իրականացվող միջոցառումներ և յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի առանձին տեղով միջոցներ հատկացնել հիշյալ անձանց կամ խմբերին փոխհատուցում տրամադրելու համար։ Խորհրդանշական միջոցներ կիրառել հրապարակային ներողությունների հայցման, հիշատակի օրերի սահմանման, անհրաժեշտության դեպքում հուշակոթողների, թանգարանի կառուցման, ցուցադրությունների կազմակերպման և այլ միջոցներով»։
09:18 - 24 մայիսի, 2019
Ինպես է տեղի ունենալու վեթինգի գործընթացը  և ինչ չափանիշներով են ընտրվելու գնահատողները

Ինպես է տեղի ունենալու վեթինգի գործընթացը և ինչ չափանիշներով են ընտրվելու գնահատողները

Անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը հետաքրքրվեց վեթինգի գնահատման գործընթացից, թե ինչպես է այն տեղի ունենալու և ի՞նչ չափանիշներով պետք է ընտրվեն գնահատողները։ Ինչպես նաև հարցրեց վեթինգի գործըթացի և հանրային ծառայողների արդար դատաքննության իրավունքի ապահովման հարաբերակցության մասին։«Ինչպե՞ս պետք է ապահովվի, միջազգային փորձը ի՞նչ է ցույց տալիս, ինչպե՞ս է ապահովվում դատավորների արդար դատաքննության իրավունքը, արդյոք նրանց բողոքները պետք է քննեն նույն դատական համակարգի այլ դատավորները, թե նոր մարմին պետք է ստեղծվի և ինչպես նոր մարմինը պետք է համապատասխանի դատարան հասկացությանը՝ ըստ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի»,- ասաց նա։ Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը պատասխանեց․«Բողոքարկման իրավունքը ԵԽ անդամ պետություններից շատերում դիտարկվում է հենց վարչական արդարադատության շրջանակներում։ Եվ վեթինգի բողոքարկման գործընթացի մարմինը, որտեղ հանրային ծառայողը կամ պաշտոն զբաղեցնող անձը, որը վեթինգի է ենթարկվել, պետք է ունենա արդար դատաքննության երաշխիք, դա հենց վարչական դատարանինն է, որտեղ հակառակ կողմը պետությունն է։Այս պահին որևէ այլ հաջողված փորձ կդժվարանամ մտաբերել։ Առավելապես խրախուսվում է, որպեսզի դատարան հասկացության տակ գործող մարմինը իրականացնի արդար դատաքննության իրավունքի իրացումը և այս առումով ամենից հաջողված փորձը վարչական վարույթներն են, որոնք Արևելյան Եվրոպայի երկրներում կիրառվել են որպես դատարան, որը պետք է այս հարցը քննի։ Անդրադառնալով հարցին, թե ինչ չափանիշներով է իրականացվում վեթթինգը, ասեմ, որ վեթթինգը իրականացվում է ստուգելու համար հանրային պաշտոն զբաղեցող անձի «ինթեգրիթին», դա կարող եք թարգմանել որպես բարեվարքություն։ Բայց բարեվարքությունը երեք հիմնական կոմպոնենտներով․ վերաբերմունքը մարդու իրավունքներին, վերաբերմունքը մասնագիտական էթիկայի կանոններին և գույքային դրությունը։ Երեք հիմնական չափանիշներ, երեք հիմանսյուներ, որոնց վրա կանգնած է գնահատման ինստիտուտը վեթթինգի իմաստով։ Եվ սա է, որ բարեվարքության հանրային ընկալումն է տալիս»։
08:39 - 24 մայիսի, 2019
Ակտիվների վերադարձը անցումային արդարադատության գործիք է․Աննա Վարդապետյան

Ակտիվների վերադարձը անցումային արդարադատության գործիք է․Աննա Վարդապետյան

Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկեցին «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումները, որի ժամանակ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը ելույթ ունեցավ ու հարցրեց․  «Նախ ուրախ եմ, որ հենց ձեզ եմ էստեղ տեսնում։ Իհարկե կուզենայի, որ էն ամբողջ աշխատանքն ու մշակումները, որ իրականացրել եք նաև դուք էս պահին լիազորված լինեիք դրա փակագծերը բացելու, բայց քննարկումները իհարկե օգտակար կլինեն վերջնական որոշման գալու։ Իմ հարցը ուղերձին է վերաբերում։ Տեսե՛ք, մենք երբ որ էստեղ խոսում ենք, դա ուղերձներ է իր մեջ պարունակում և հանրային տրամադրություններ է փոփոխում։ Մի հայտարարություն եղել էր առանց դատավճռի բռնագանձման մասին, երեք ամիս դրա հետ կապված աղմուկ բարձրացավ, հիմա էստեղ մեկնաբանում եք, որ դա անցումային արդարադատության կոմպոնենտ չէ։ Իմ հարցը հետևյալն է՝ ընդհանուր առմամբ, որպես փորձագետ առավել ևս, որ հիմա կաշկանդված չեք կառավարության դիրքորոշումը հայտնելով, մենք ինչպիսի ուղերձ պիտի տանք, որ անցումային արդարադատությունը ապօրինի կուտակված ունեցվածքին վերաբերվելու է առավել մե՞ղմ, քան այն ամենին, ինչ դուք ասում եք, որ անցումային արդարադատության կոմպոնենտ չէ, թե՞ էդտեղ ընդհանրապես անցումային արդարադատություն չի իրականացվելու և հենց էդ կոշտ մեխանիզմներն են գործելու»։  Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը պատասխանեց, որ երկու տարբեր ինստիտուտի մասին է խոսքը։Ապա հավելեց․ «Էլի ձեր թույլտվությամբ ես անգլերեն տերմինաբանություն օգտագործեմ, որովհետև հայերեն թարգմանությունների արդյունքում է, որ առաջանում է խնդիրը` asset recovering /ակտիվների վերադարձը/ - անցումային արդարադատության գործիքակազմ է, որը ունի իր իրականացման մեխանիզմները, civil forfeiture /ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձումը/, որը իր հիմքով հայց է գույքի դեմ, Հայաստանի Հանրապետության կողմից դեռևս 2005 թվականից սկսած ստանձնած միջազգային պարտավորություն է։  Սա չի նշանակում, որ սրանք ինչ֊որ մրցակցության մեջ են, մեկը ավելի խիստ ա, մեկը ավելի թույլ, սրանք ուղղակի տարբեր ինստիտուտներ են։ Առանց մեղադրական դատավճռի բռնագանձում և այլն, այս տերմինները որոշակի շփոթ են մտցնում, դա է պատճառը, որ տերմինաբանական առումով ես ինքս ելույթ ունենալիս և խոսելիս շատ հստակ եմ աշխատում լինել, որովհետև տերմինները նոր են մեր հասարակության և իրավաբանության համար և տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տալիս, ոնց որ հենց հիմա, փաստորեն, տեղի ունեցավ մեր ելույթի արդյունքում։ Ուզում եմ նորից հստակեցնել՝ asset recovering /ակտիվների վերադարձը/ անցումային արդարադատության գործիք է, civil forfeiture-ը /ապօրինի ճանապարհով ձեռքբերված գույքի բռնագանձումը, որը գույքի դեմ հայց է իր էությամբ ՀՀ֊ի կողմից դեռևս 2005 թվականին ստանձնած միջազգային պարտավորության կատարումն է, որի քաղաքական կամքն այսօր կա։ Այս հստակեցումը խնդրում եմ ունենալ»։
07:55 - 24 մայիսի, 2019
Անցումային արդարադատությունը նպատակ ունի հանգեցնել հանրային համերաշխության․ Արարատ Միրզոյան

Անցումային արդարադատությունը նպատակ ունի հանգեցնել հանրային համերաշխության․ Արարատ Միրզոյան

Անցումային արդարադատությունը, այսպես ասած, տրոյկա դատարանների ձևավորումը չէ, արտակարգ դատարանների ձևավորումը չէ, երբ զանազան մարդիկ կարող են հավաքվել և վճիռներ կայացնել։ Այս մասին Ազգային ժողովում այսօր մեկնարկած «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ։ Միրզոյանը շեշտեց, որ կարևոր է հասկանալ, թե ինչ չէ՛ անցումային արդարադատությունը։ Անդրադառնալով լսումների բովանդակությանը՝ ԱԺ նախագահը նշեց, որբազմաթիվ քննարկումներ են ունեցել մասնագիտական շրջանակների, միջազգային փորձագետների հետ՝ հասկանալու համար մի շարք հարցեր, որոնք վերաբերում են անցումային արդարադատությանը և, այնուամենայնիվ, կարիք կա այդ հարցերի պատասխանները տալ միասնական, ներառական, առավել լայն հանրային քննարկման ճանապարհով։ «Կան հարցեր, կան որոշումներ, որոնք պիտի կայացնենք բոլորս միասին՝ այսպիսի, գուցե հետագայում նաև այլ լսումների, քննարկումների ճանապարհով»,-շեշտեց Միրզոյանը։ Այդ խնդիրները հասկանալու համար, ըստ ԱԺ նախագահի, պետք է պատասխանել մի քանի հարցերի․ ի՞նչ է, ի վերջո, անցումային արդարադատությունը, ինչպիսի՞ գործիքներ ունի, որքանո՞վ է այս փուլում ՀՀ-ում անհրաժեշտություն կիրառել անցումային արդարադատության գործիքները։ Այդ գործիքներից որո՞նք է անհրաժեշտ կիրառել, ի՞նչ չափավ, ո՞րն է անցումային արդարադատության է վերջնանպատակը , ինչպիսի՞ն է միջազգային փորձն այս առումով։ «Սկզբի համար թերևս պետք է հասկանանք, թե ինչու գործող դատական համակարգը չի կարող բավարարել ՀՀ քաղաքացիների պահանջը, իրականացնել արդար, անկախ արդարադատություն և ինչու պետք է դիմել անցումային արդարադատության գործիքներին։ Բոլորիս համար թերևս փաստ է, որ դատական համակարգն ունի տարիներ շարունակ կուտակված լրջագույն խնդիրներ»,-ասաց Միրզոյանը։ Վերջինս անդրադարձավ նաև տարբեր ոլորտներում անցումային արդարադատության կիրառման հարցերին․ «տնտեսական հանցագործությունների մասով․ հարցեր են հնչում զանազան շրջանակներից՝ կիրառել, թե չկիրառել, օրինակ, հարկային համաներում, ինչպիսի մեխանիզմներ սահմանել, որպեսզի մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենք ապօրինի ճանապարհով են հարստացել, վերադարձնեն իրենց կուտակած հարստությունը պետությանը, հանրությանը և գնան, շարունակեն ապրել իրենց խաղաղ ամենօրյա կյանքով։ Անցած իրադարձությունների իրավաքաղաքական գնահատականների մասով․ մենք պիտի հասկանանք՝ կա արդյոք դրա անհրաժեշտությունը, թե ոչ։ Եթե կա՝ ժամանա՞կն է արդյոք, թե պետք է սպասել 20 տարի։ Դատական համակարգի մասով․ մենք պետք է հասկանանք, ի վերջո, դատական համակարգը ներկայացնու՞մ է ՀՀ քաղաքացիներին, իրականացնու՞մ է նրանց կողմից պատվիրակված լիազորությունները, թե՝ ոչ»։ Անցումային արդարադատության նպատակը, ԱԺ նախագահի խոսքով, անկախ դատական համակարգի ձևավորումն է։ Մյուս կողմից, ըստ նրա, անցումային արդարադատությունը նպատակ ունի ոչ թե ավելի սրել եղած խնդիրները, այլ տալ լուծումներ և հանգեցնել հանրային համերաշխության։ «Անցումային արդարադատությունը պետք է օրինական ճանապարհով աջակցի, մաքրի, զտի, կայացնի գործող դատական համակարգը․ սա թերևս ամենաէական ուղեձրն է, որը պետք է մտքներումս պահենք»,-եզրափակեց Արարատ Միրզոյանը։
07:50 - 24 մայիսի, 2019
Արդյոք անցումային արդարադատության գործընթացով է անցնելու նաև մինչև 1998 թվականի քաղաքական էլիտան

Արդյոք անցումային արդարադատության գործընթացով է անցնելու նաև մինչև 1998 թվականի քաղաքական էլիտան

Infocom—ի ընթերցողներից մեկի հարցերից մեկն այն մասին էր, թե արդյոք անցումային արդարադատության գործընթացով են անցնելու նաև մինչև 1998 թվականի քաղաքական էլիտան, և բացի ներկա դատական իշխանության ներկայացուցիչները՝ նաև ներքին ուժային կառույցները և միջին օղակի բյուրոկրատիան։ Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը պատասխանեց․«Անցումային արդարադատության գործիքակազմը կիրառող յուրաքանչյուր պետության առաջնային հարցերից մեկն է որոշել, թե ինչ ժամանակահատված է այդ պետությունը ընդգրկելու անցումային փուլի մեջ։ Այս առումով քաղաքական գործընթացի արդյունքում է որոշվելու։ Իհարկե, եթե մենք խոսում ենք իրավական մեխանիզմների մասին և վաղեմության ժամկետների մասին, դրանք հաղթահարվել չեն կարող քաղաքական գործիքակազմով։ Իսկ ժամանակահատվածը, որը դիտվելու է որպես անցումային, որոշվում է յուրաքանչյուր պետության կողմից ավտոնոմ, այս առումով որևէ միջազգային կառույց որևէ միջամտություն չի իրականացնում»։
07:47 - 24 մայիսի, 2019
Ի՞նչ փուլում է հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը․ ԱԺ-ում Անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումներ են

Ի՞նչ փուլում է հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը․ ԱԺ-ում Անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումներ են

Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկած «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ հարց հնչեց, թե հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ի՞նչ փուլում է, արդյո՞ք արդեն ձևավորվել է, ինչպե՞ս է աշխատելու և ի՞նչ փուլում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը ու ե՞րբ կներկայացվի ԱԺ։ Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը հարցին պատասխանեց, ասելով, որ հակակոռուպցիոն մարմինը դեռևս գտնվում է քննարկման փուլում և վերջնական պատասխան որևէ մեկը տալ չի կարող։ Նա ասաց, որ քննարկման փուլում է նաև հակակոռուպցիոն ռազմավարության մշակումը։Շարունակելով պատասխանել հարցերին՝ Աննա Վարդապետյանն ասաց․  «Ինչ վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի նախագծին, ապա այն այս պահին ուղարկվել է փորձաքննություն միջազգային մեր գործընկերներին՝ համապատասխանելու միջազգային սահմանված չափանիշներին։ Վերադարձվելուց հետո միջաշխատանքային խմբում քննարկումներ կլինեն և օրինագիծը կդրվի շրջանառության։ Ժամկետներ կդժվարանամ ասել, միջազգային փորձաքննություն իրականացնող մեր գործընկերներից խնդրել ենք հնարավարինս սեղմ ժամկետներում մեզ պատասխանել։ Սակայն կցանկանայի մի բան նշել, խնդրում եմ այս օրենքը չդիտարկել որպես անցումային արդարադատության գործիք։ Օրենքը ընդունելու պարտականություն ՀՀ ուներ շատ ավելի վաղ, քան հիմա է՝ հանդիսանալով Վարշավայի կոնվենցիան վաներացրած պետություն և ուներ պարտավորություն պայքարելու ապօրինի ձեռք բերված գույքի դեմ։ Ուստի խնդրում եմ սա անցումային արդարադատության սահմաններում չքննարկել»։
07:36 - 24 մայիսի, 2019
Պետությունն ինքը, ազատ է ընտրելու, թե ինչ կառուցակարգ և ինչ գործիք է օգտագործելու․ Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյան

Պետությունն ինքը, ազատ է ընտրելու, թե ինչ կառուցակարգ և ինչ գործիք է օգտագործելու․ Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյան

Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկեցին «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումները:Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը իր ելույթում նախ ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում անցումային արդարատադությունը և անդրադարձավ դրա գործիքակազմին։Աննա Վարդապետյանի ելույթը ամբողջությամբ․ «Անցումային արդարադատության ինստիտուտի միջազգային իրավական հիմքերը» ֊Հարգելի գործընկերներ, բարի լույս։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր ժամանակը շատ քիչ է և սահմանափակված են իհարկե նաև օրակարգով, ես մի քանի հարցադրումների կանդրադառնամ միջազգայի իրավական կարգավորումների լույսի ներքո և կաշխատեմ հնարավորինս շատ ժամանակ տրամադրել հարցերին և դրանց պատասխաններին։ Պարոն Միրզոյանն իր ելույթը սկսեց այն հարցադրումից, թե ինչ է անցումային արդարադատությունը։ Շնորհակալ եմ պարոն Միրզոյան այդ հարցի համար և ուզում եմ ելույթս սկսել հենց այդ հարցից։ Տարբեր մեկնաբանություններ ու կարծիքներ են հնչում, տարբեր հարթակներում տարբեր անձինք տարբեր փորձագիտական տեսակետներ են արտահայտում, բայց միջազգային իրավական բոլոր փաստաթղթերում անցումային արդարադատությունը ամրագրված է որպես գործիքների և կառուցակարգերի ամբողջություն, որը նպատակ ունի ապահովել հասարակության անցումը մի ֆորմացիայից, մի իրավիճակից դեպի մյուսը։ Ես հատուկ չեմ օգտագործում որևէ քաղաքական ձևակերպում՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ գործիքակազմը առավելապես իրավական է, գործիքակազմը առաջին հերթին նպատակ ունի վեր հանել այն պատճառները, որոնք հանգեցրել են հասարակության մեջ զանգվածային խախտումների։ Անցումային արդարադատության մասին խոսելիս շատ հաճախ, այդ թվում իրավաբանները, քաղաքագետները նշում են, որ խոսքը գնում է պատերազմական պետությունների մասին, արյունահեղությունների մասին և, չգիտես ինչու, մոռանում են լսել, որ զանգվածային խախտումները կարող են լինել ոչ բռնությամբ դրսևորվող, կարող են լինել քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային բազմաթիվ զանգվածային խախտումներ, որոնք ի վերջո բերեն հասարակության մեջ ժողովրդավարական արժեքների նվազեցմանը, առանձին դեպքերում նաև արժեզրկմանը։ Այս պատճառով, պետությունն ինքը, ազատ է ընտրելու, թե ինչ կառուցակարգ և ինչ գործիք է օգտագործելու։ Եթե պետությունը ցանկություն է արտահայտում օգտագործել անցումային արդարադատության մեխանիզմները, դա չի նշանակում, որ պետությունը սահմանափակված է և պարտավորված է բոլոր գործիքները հատ֊հատ կիրառել։ Յուրաքանչյուր պետություն ինքն է ընտրում, թե ինչ գործիքակազմ է իրեն անհրաժեշտ լրացնելու համար այն ինստիտուցիոնալ բացը, որ ինքը ունի։ Եվ այս առումով պետք է ի նկատի ունենալ, որ ՀՀ֊ի ենթատեքստում մենք երկու լուրջ միջազգային իրավական հարթակ ունենք, որտեղ ունենք իրավական չափանիշներ և նորմեր, որոնց պետք է հետևենք, առաջին հերթին դա ՄԱԿ֊ի չափանիշներն են և երկրորդը՝ Եվրոպայի խորհրդի չափանիշները։ Շատ հաճախ հնչող կարծիքներում իրավաբանները փորձում են տարանջատել, թույլ կտամ ինձ ասել, սեպ խրել մարդու իրավունքների եվրոպական դատարանի եվրոպական կոնվենցիայի և ՄԱԿ֊ի անցումային արդարադատության վերաբերյալ միջազգային փաստաթղթերի միջև։ Կարծում եմ այս մոտեցումը ամբողջական չէ։ Եթե մի կես դար հետ գնանք և հիշենք, թե ինչ պայմաններում է ձևավորվել Եվրոպայի խորհուրդը, ինչ պայմաններում է ձևավորվել Ստրասբուրգի դատարանը, ինքներս մեզ կպատասխանենք՝ անցումային, երբ որ ամբողջ Եվրոպա մայրցամաքը անցում էր կատարում դեպի ժողովրդավարություն, երբ որ վնասված ժողովրդավարական արժեքները վերականգնելու խնդիր ուներ։ Եվ այսօր փորձել տարանջատել և ասել, որ անցումային արդարադատությունը Եվրոպայի խորհրդին հակասող, Եվրոպայի խորհրդի չափանիշներին հակասող գործիք է, նշանակում է անտեսել այս պատմական անցյալը։ Հաջորդ հարցը, որ կցանկանայի անդրադառնալ, պարոն Միրզոյանը այդ հարցը ևս բարձրացրեց՝ ո՞րն է նպատակը, ինչու՞։ Առաջին հերթին պետք է նշել, որ անցումային արդարադատությունը էլի, անընդհատ չվկայակոչեմ, անընդհատ չհիշեցնեմ, միջազգային բոլոր փաստաթղթերում նշվում է որպես հաշտեցման և ոչ թե կոնֆրոնտացիայի գործիք։ Անցումային արդարադատության բոլոր գործիքները միտված են մի բանի՝ հասարակությանը բերել հաշտեցման, եթե հասարակության մեջ կա դիսոնանս, եթե հասարակության մեջ կա, աստված մի արասցե, առճակատում։ Եվ այս առումով յուրաքանչյուր գործիք, որ մեկնաբանվում է անցումային արդարադատության պետք է մեկնաբանվի այ էս լույսի ներքո, ի վերջո՝ հաշտեցման։ Ձեր թույլտվությամբ համառոտ կանդրադառնամ գործիքներին, քանի որ հաջորդիվ զեկույցներում ավելի մանրամասն այդ գործիքների մասին խոսվելու է, և արդեն կանցնեմ հարցերի պատասխանի փուլին։ Անցումային արդարադատության գործիքակազմը հստակ սահմանված է՝ առաջին հերթին դրանք քրեական մեղադրանքներն են, երկրորդ հերթին վեթինգ շատ հաճախ հնչող տերմինն է մեր իրականության մեջ՝ գնահատման գործընթացն է։ Ցավոք իմ գրծընկերներից շատերը վեթինգը բառացի թարգմանում են որպես զտում։Այս առումով կարծում եմ տառացի մեկնաբանությունը ավելորդ իմաստային շփոթ է առաջացնում, վեթինգը գնահատման գործընթաց է։ Գնահատում, որը մարդու իրավունքերի եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո ունի հստակ պահանջներ՝ լինել կանխատեսելի և թափանցիկ։ Շատ հաճախ իմ գործընկերները օրինակ են բերում արևելյան Եվրոպայի երկրները, որտեղ վեթինգ բառը չեն կիրառում, լյուստրացիան են կիրառում,որը վեթինգի շատ ավելի խիստ դրսևորումն է և այսօր չի խրախուսվում էդ տերմինի կիրառումն ու օգտագործումը, նշում են, որ ոչ մի դրական օրինակ չկա։ Շատ երկրների փորձով չկա։ Ինչու՞, որովհետև մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ունի վեցերորդ հոդված, որը կոչվում է արդար դատաքննության իրավունք։ Արդար դատաքննության իրավունքը յուրաքանչյուրիս իրավունքն է՝ անկախ նրանից, թե ինչ գործընթացի միջով ենք մենք անցնում, և այս առումով վեթինգի գործընթացը պետք է ապահովի պատշաճ հավասարակշռությունը իրավունքների տեսանկյունից այն հանրային պաշտոն զբաղեցնող անձի, ով անցնում է այս գործընթացը և հասարակության միջև, ով ակնկալիք ունի այս գործընթացից, և որևէ դեպքում որևէ նվաստացուցիչ գործընթաց սա չի ենթադրում։ Ողջամիտ գնահատումը չի կարող արժանապատվությունը նվաստացնող լինել, չի կարող լինել զտում, չի կարող լինել ֆիլտրում, գնահատում է։
07:28 - 24 մայիսի, 2019
Լյուստրացիան ընթացակարգային առումով հաջողված գործընթաց չէ․ արդարադատության փոխնախարար

Լյուստրացիան ընթացակարգային առումով հաջողված գործընթաց չէ․ արդարադատության փոխնախարար

 «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ մեկ այլ հարց հնչեց լյուստրացիայի մասով, որին Աննա Վարդապետյանը պատասխանեց․«ՀՀ-ն անցում է կատարել քվազի դեմոկրատական կարգերից դեպի դեմոկրատական կարգեր։ Լյուստրացիան ընթացակարգային առումով հաջողված գործընթաց չէ։ ՄԻԵԴ-ի գնահատմամբ ընթացակարգային երաշխիքներ չի ապահովվում լյուստրացիա ենթարկվող անձի համար։ Այս պատճառով ՄԻԵԴ-ը և Վենետիկի հանձնաժողովը չեն ողջունում այս գործընթացը և խորհուրդ չեն տալիս պետություններին դիմելու լյուստրացիայի գործընթացին։ Դրա փոխարեն այսօր ավելի կիրառելի է դառնում վեթինգի գործընթացը, որը դատավարական երաշխիքների ապահովման տեսանկյունից ավելի ընդունելի է վերոնշյալ կառույցի փիլիսոփայության տեսանկյունից»,-ասաց նա։
07:16 - 24 մայիսի, 2019