Անդրանիկ Փիլոյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար։

Ծնվել է1962թ. օգոստոսի 14-ին, Մասիսի շրջանի Մասիս ավան։

1979 թ. - ավարտել է Մասիս ավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
1992 թ. - ավարտել է Երեւանի Ա.Թամանյանի անվան շինարարական քոլեջը։
2000-2002 թթ. - սովորել եւ ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան՝ Ռազմական եւ վարչական ղեկավարում մասնագիտությամբ։

1993 թվականի օգոստոսի 11-ին - ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում եւ նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի հետախուզության պետ։
1995-1996 թթ. - աշխատել է նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ։
1996-1998 թթ. - եղել է նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար։
1998-2000 թթ. - ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատարի տեղակալ։
2002-2003 թթ. - զբաղեցրել է ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը։
2003-2006 թթ. - եղել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար։
2006-2008 թթ. - ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնում։
2008 թ. մայիսի 13-ից - եղել է նույն զորամասի հրամանատարի տեղակալ։
2010 թ. մարտի 15-ից - զբաղեցրել է ՀՀ ՊՆ N զորամիավորման շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը։
2014-2018 թթ. - զբաղեցրել է նույն զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը։
2018-2020 թթ. - եղել է ՀՀ ՊՆ N զորամիավորման հրամանատար։
2020 թ. նոյեմբերի 20-ին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:

1981-1983 թթ. - ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
1989-1994 թթ. - մասնակցել է ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը. մասնավորապես՝ Հադրութի, Շահումյանի, Լաչինի, Մարտակերտի շրջանների գյուղերի եւ ՀՀ Երասխավանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Գորիսի շրջանների ինքնապաշտպանությանը։
2020 թ.-ի հոկտեմբերի 6-ից - մասնակցել է Արցախի Հանրապետության հարավային ճակատում մղվող մարտական գործողություններին։
2020 թ. հոկտեմբերի 22-ին - ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Ազգային հերոսի» կոչումով։

2020 թվականի հուլիսի 7-ին - ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Ամուսնացած է, ունի 2 երեխա

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը և Մարի Ֆրեդրիքսոն Վելասկեսը քննարկել են «Թվինինգ» ծրագրի ընթացքը

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը և Մարի Ֆրեդրիքսոն Վելասկեսը քննարկել են «Թվինինգ» ծրագրի ընթացքը

Այսօր՝ մարտի 17-ին ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է «Թվինինգ» ծրագրի անդամ պետության (ԱՊ) կողմից ղեկավար տիկին Մարի Ֆրեդրիքսոն Վելասկեսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Թվինինգի» ռեզիդենտ խորհրդատու Ջոն Անդերսենը: Կողմերը քննարկել են Բնակչության պաշտպանության ոլորտում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված «Թվինինգ» ծրագրի ընթացքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը: Նախարար Փիլոյանը կարևորել է ԵՄ կողմից Շվեդիա-Լիտվա համատեղ գործունեության կարգով իրականացվող այս ծրագիրը՝ Հայաստանն ավելի դիմակայուն երկիր դարձնելու և տարատեսակ աղետների ազդեցությունը մարդկային կյանքի, երկրի տնտեսության և համայնքների վրա նվազեցնելու նպատակադրման տեսանկյունից: Նշվել է, որ ծրագրի իրականացման ուղղությամբ Արտակարգ իրավիճակների նախարարության շահառու ստորաբաժանումների և Ռեզիդենտ համակարգողի միջև աշխատանքային կարգով պարբերաբար տեղի են ունեցել այցեր, հանդիպումներ, մշակվել և ծրագրի բաղադրիչների ղեկավարների քննարկմանն է ներկայացվել Գործողությունների պլանի նախագիծը։ Քննարկվել են նաև ծրագրի արդյունավետ իրագործման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։
19:57 - 17 մարտի, 2021
ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն առաջին պաշտոնական այցն է կատարել Արցախի ԱԻ պետական ծառայություն

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն առաջին պաշտոնական այցն է կատարել Արցախի ԱԻ պետական ծառայություն

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանն այսօր ընդունել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությանը՝ նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ։ Նախարար նշանակվելուց հետո սա Ա․Փիլոյանի առաջին պաշտոնական այցն է Արցախի Հանրապետություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ պետական ծառայությունը:   ՀՀ գործընկերները նախ, ծաղիկներ են խոնարհել արցախյան պատերազմների ընթացքում զոհված փրկարարների հուշանկյունին։ Հանդիպմանը քննարկվել են գործընկեր կառույցների միջև փոխգործակցության ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր։ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը կարևորել, և ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել  ՀՀ ԱԻՆ ողջ անձնակազմին պատերազմի օրերին ցուցաբերած աջակցության և Արցախի ժողովրդին մատուցած անուրանալի ծառայությունների համար։ ԱԻ նախարար Փիլոյանն արցախցի գործընկերներին վստահեցրել է, որ առաջիկայում կընդլայնվեն համագործակցության շրջանակները, առաջարկելով հաճախակիացնել փոխադարձ այցելությունները։ Անդրանիկ Փիլոյանն Արցախի գործընկերների հետ շրջայց է կատարել ԱԻՊԾ վարչական տարածքում, ծանոթացել ծառայության սոցիալ-կենցաղային պայմաններին, այցելել Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մաս, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանում, Ճգնաժամային նկառավարման կենտրոն՝ հետևել ծառայության կազմակերպման ընթացքին։ Գործընկերներն այնուհետև այցելել են ՀՀ ԱԻՆ կառուցվածքում գործող «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ։ Համատեղ աշխատանքից  գոհ են։  ՊՈԱԿ-ում մինչև պատերազմը վերանորոգման աշխատանքեր են կատարվել։ Մի մասը կշարունակվի առաջիկայում։ Խոսվել է նաև խնդիրներից, մասնավորապես, Արցախի վերահսկողությունից դուրս մնացած սեյսմիկ կայանների,  նոր լաբորատորիայի սարքավորումների, մասնագետների վերապատրաստման մասին։ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ու ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը աշխատանքային այցի համար շնորհակալություն են հայտնել Անդրանիկ Փիլոյանին, նախարարի տեղակալ Արկադի Բալյանին և ՀՀ ԱԻՆ պատվիրակությանը, ընդգծել, որ հանդիպման ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները համատեղ աշխատանքի արդյունքում կյանքի կկոչվեն։
18:48 - 20 փետրվարի, 2021
Հայաստանում տարեկան տեղի է ունենում միջին հաշվով 300-500 երկրաշարժ, որն է պատճառը. ԱԻ նախարար
 |armtimes.com|

Հայաստանում տարեկան տեղի է ունենում միջին հաշվով 300-500 երկրաշարժ, որն է պատճառը. ԱԻ նախարար |armtimes.com|

armtimes.com: Հայաստանում տարեկան տեղի է ունենում միջին հաշվով 300-500 երկրաշարժ, ներառյալ՝ հետցնցումները. դրանց մոտ 5-7 տոկոսն է զգացվում բնակչության կողմից: Այս մասին նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՀՀ Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը: Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժերի, պատերազմի ընթացքում ապաստարանների խնդրի մասին նախարարի հետ զրույցը՝ ստորեւ. - Պարո՛ն նախարար, վերջին օրերին ՀՀ տարածքում երկրաշարժեր գրանցվեցին: Սեյսմոլոգիական ծառայությունը ինչո՞վ է պայմանավորում այս իրավիճակը: - Սեյսմիկ ռեժիմի հերթական ակտիվացումն է։ Շատ հաճախ նման ուժի երկրաշարժերին հետեւում են հետցնցումներ: Այսօր, կարելի է ասել, որ երկու երկրաշարժից (Շորժայի եւ Երեւանի) հետո էլ գրանցվել է 100-ից ավելի հետցնցում, որոնք եղել են ավելի թույլ եւ վկայում են ցնցումների ուժի մարման մասին: Մեր մասնագետների կողմից պարբերաբար կատարվող վերլուծությունների արդյունքները վկայում են, որ սեյսմիկ ռեժիմի ակտիվացումը պահպանվում է: - Վիճակագրություն կա՞, թե Հայաստանում քանի շենք է գտնվում սեյսմավտանգ իրավիճակում: - Հարցի բուն հասցեատերը Քաղաքաշինության կոմիտեն է: Ինչ վերաբերում է սեյսմիկ պաշտպանության ծառայության գործառույթներին, ասեմ, որ մեր մասնագետներն այցելում են երկրաշարժի էպիկենտրոնային գոտի եւ կատարում շենքերի ու շինությունների նախնական օպերատիվ գնահատում: - Վերջին տարիներին նման հաճախականությամբ երկրաշարժերի գրանցման դեպքեր եղե՞լ են: - Տեղի ունեցած երկրաշարժերի քանակով Հայաստանի տարածքի ամենաակտիվ սեյսմիկ գոտին Ջավախքի ընդարձակման գոտին է, որտեղ տեղի են ունենում մեծ քանակությամբ երկրաշարժեր, առավելապես՝ մինչեւ 4 բալ ուժգնությամբ:   - Մասնագետները նշում են, որ, օրինակ, Երեւանում շենքերը նախատեսված են մինչեւ 7-8 բալ սեյսմակայունության հաշվարկով, սակայն սեյսմիկ վտանգը 9 բալ եւ բարձր է:  - Նոր բազմահարկ շենքերը, որոնք կառուցվել են 1994 թվականից հետո, նախագծվել են 9 բալ եւ բարձր սեյսմակայունության հաշվարկով: Հետեւաբար, եթե ընդունենք, որ այդ շենքերը նախագծվել, փորձաքննություն են անցել եւ կառուցվել առանց շեղումների, ապա պետք է ընդունենք, որ դրանք սեյսմակայուն են: Սակայն ԽՍՀՄ տարիներին կառուցված շենքերը, որոնք կազմում են բոլոր շենքերի մոտ 70 տոկոսը, նախագծվել են 7-8 բալ սեյսմակայունության հաշվարկով, շահագործման ընթացքում չեն ուժեղացվել, հնարավոր է՝ չդիմանան 9 բալ եւ բարձր ուժգնության երկրաշարժին: - Որքանո՞վ են քաղաքացիները տեղեկացված՝ երկրաշարժի ժամանակ ինչ պետք է անեն: - Խորհրդային Միության ժամանակ դպրոցներում դասավանդվում էր քաղաքացիական պաշտպանություն առարկան, որը տալիս էր անհրաժեշտ գիտելիքներ. 1988 թ. Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո նոր թափ ստացան բնակչության իրազեկումը եւ երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների ուսուցումն ու ուսումնական վարժանք-տարհանումները: Մեր համոզմամբ՝ քաղպաշտպանության պարապմունքները դպրոցներում պետք է վերականգնել որպես առանձին առարկա: Ավելին՝ նման աշխատանքները պետք է ակտիվացնել՝ սկսած մանկապարտեզներից՝ երեխաներին սովորեցնելով երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները: Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։
22:58 - 17 փետրվարի, 2021
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը

Հունվարի 29-ին Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը՝ լսելու նրանց խնդիրները և հնարավորության դեպքում աջակցություն ցուցաբերելու նպատակով: Նախապես հերթագրված 9 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 8-ը: Քաղաքացիների մեծ մասը դիմել է նախարարության համակարգում աշխատանքի ընդունվելու, Փրկարար ծառայություն տեղափոխման կամ վերականգնման խնդրանքով: Յուրաքանչյուր հարց քննարկվել է անհատական. քաղաքացիների մի մասին տրվել է պարզաբանում, իսկ մյուս մասի բարձրացրած խնդիրների առնչությամբ նախարարը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է համակողմանի ուսումնասիրել դրանք, ճշտել աջակցության հնարավոր տարբերակները և ՀՀ օրենսդրության շրջանակներում տալ լուծումներ:
19:49 - 29 հունվարի, 2021
Անդրանիկ Փիլոյանը ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկել է գերիների վերադարձի հարցը

Անդրանիկ Փիլոյանը ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկել է գերիների վերադարձի հարցը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հունվարի 26-ին, հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարար Փիլոյանն իր ողջույնի խոսքում բարձր է գնահատել Ռուսաստանի գործընկեր կառույցի հետ համագործակցության զարգացումները, ինչպես նաև կարևորել է հումանիտար օգնության ոլորտում արդյունավետ փոխգործակցությունը, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման գործում ցուցաբերած աջակցությունը և Արցախում իրականացվող ռուսական խաղաղապահ առաքելության դերը:Դեսպան Կոպիրկինը ևս անդրադարձել է համագործակցության նշված առաջնահերթություններին: Կողմերը գոհունակություն են հայտնել Երևանում գործող հայ-ռուսական հումանիտար արձանգանքման կենտրոնի գործունեության և ընթացիկ ծրագրերի առնչությամբ:Քննարկվող թեմաների առանցքում եղել է գերիների վերադարձի, զոհված և անհայտ կորած անձանց որոնման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացման հարցը:
16:39 - 26 հունվարի, 2021
Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանի հետ

Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանի հետ

 Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: ԱԱյս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ, հույս հայտնել, որ երկուստեք ջանքերով կկարողանան նպաստել երկու երկրների գործընկեր կառույցների միջև գործող կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարարությունների հնարավորությունների և կառուցվածքային առանձնահատկությունների վերաբերյալ: Դեսպանն ընդգծել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի հայ-բելառուսական հարաբերությունները նաև այս ոլորտում նոր մակարդակի վրա դրվեն: Արտակարգ իրավիճակների նախարարն իր հերթին սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով:  
16:47 - 22 հունվարի, 2021
Պատսպարանների առկայությունը գերակա հարցերից է. իրավիճակը փաստեց լուրջ անելիքների մասին. ԱԻ նախարարի հարցազրույցը |armenpress.am|

Պատսպարանների առկայությունը գերակա հարցերից է. իրավիճակը փաստեց լուրջ անելիքների մասին. ԱԻ նախարարի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: «Ով ուզում է աշխատել` միջոցներ է ձեռնարկում, ով չի ուզում աշխատել` պատճառներ է փնտրում». Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն արդեն ավելի քան 10 տարի այս կարգախոսով է առաջնորդվում, և սովորեցնում այդպես ապրել ու աշխատել նաև իր հետ աշխատող անձանց: Արտակարգ իրավիճակների նախարարը խոսել է համակարգում առկա խնդիրների, ուժեղ կողմերի, համագործակցությունների, նոր ծրագրերի, կադրային քաղաքականության, ինչպես նաև «Ազգային հերոս»-ի կոչում ստանալուց հետո իր զգացողությունների և այլ հարցերի մասին: - Պարոն Փիլոյան, դեռ 1 ամիս է, ինչ զբաղեցնում եք ԱԻ նախարարի պաշտոնը, սակայն արդեն հասցրել եք մարզային այցելություններ ունենալ: Ներկայացրեք խնդրեմ` ի՞նչ խնդիրներ եք նկատել ոլորտում և ինչպե՞ս եք նախատեսում դրանք լուծել: Որո՞նք են համակարգի ուժեղ և թույլ կողմերը, ինչ առաջնահերթություններ եք սահմանել: -  Դեռևս կարճ ժամանակ է, որ նշանակվել եմ ԱԻ նախարար, սակայն այս ժամանակահատվածում հասցրել եմ մարզային այցելություններ կատարել: Դրանք առաջնահերթության կարգով իրականացրել եմ սահմանամերձ և սահմանապահ մարզերում` հաշվի առնելով մեր երկրի սահմաններում տիրող իրավիճակը: Տեղում ծանոթացել եմ մեր նախարարության ենթակայության տակ գտնվող մարզային փրկարարական ծառայությունների կատարելիք աշխատանքներին, նրանց գործառույթներին, այդ ոլորտի խնդիրներին: Համակարգում առկա թերությունների մասին չեմ ցանկանա խոսել, ժամանակի ընթացքում լավն ու վատը կերևա, ինքս էլ կկարողանամ համեմատել ու ավելի ուշ գուցե խոսեմ այդ մասին: Մեր անձնակազմի ուժեղ կողմերից է ժողովրդին և պետությանը պիտանի լինելու պատրաստակամությունը: Կարող եմ ասել նաև, որ ինձ մոտ լավ տպավորություններ են ձևավորվել մեր սահմանամերձ մարզեր այցելություններից, հատկապես, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Արարատի, Գեղարքունիքի մարզային փրկարար ծառայությունների կատարած աշխատանքներից: - Ի՞նչ աշխատանքների մասին է խոսքը պարոն նախարար: - Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի և Գեղարքունիքի մարզային փրկարարներն ակտիվ մասնակցություն են ունեցել մարտական գործողությունների շրջաններից մեր զինծառայողների մարմինների դուրս բերման և որոնողական աշխատանքներին: Առ այսօր Արցախի մեր գործընկերների հետ իրականացվում են անհետ կորածների, զինծառայողների մարմինների որոնողական, ինչպես նաև տարահանման աշխատանքները: - Որո՞նք ենք ոլորտի գերակա խնդիրները: - Առաջին հերթին պետք է շեշտեմ Աղետների վաղ ազդարարման կենտրոնացված համակարգի զարգացումը: Դա  հնարավորություն կտա արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ արագ և արդյունավետ արձագանքել աղետներին, տրամադրել հավաստի օպերատիվ տեղեկատվություն, նվազեցնել մարդկանց կորուստները և տնտեսական վնասները: «Աղետների վաղ ազդարարման համակարգի ձևավորման հայեցակարգը» կընդունվի 2021 թվականին և հնարավորություն կտա  ՀՀ տարածքում ստեղծել կենտրոնացված ազդարարման համակարգ: Ծրագրի շրջանակներում ՀՀ բնակավայրերում կտեղադրվի մոտ 1300 հատ էլեկտրաշչակ և 1300 հատ հեռակառավարվող թվային վահանակ: Խիտ բնակեցված ու մարդաշատ վայրերում կտեղադրվի մոտ 40 բարձրախոս: Իսկ մինչ հայեցակարգի ընդունումը 2021 թվականի հունվարին բոլոր մարզերում մարզային փրկարարական վարչությունները կիրականացնեն ազդարարման ուսումնավարժական պարապմունքներ. մի շարք բնակավայրերում  դեկտեմբերին այդ գործընթացը սկսված է: Առաջին եռամսյակում ՀՀ սահմանամերձ մարզերից մեկում կիրականացվի բնակչության կենտրոնացված ազդարարման պիլոտային ծրագիր: Համակարգի առանցքային խնդիրներից է նաև սողանքային ռիսկի կառավարումը: Մեր հանրապետությունում սողանքներն իրենց տարածվածությամբ, զարգացման ակտիվությամբ և ինտենսիվությամբ սպառնում են մարդկանց կյանքին ու առողջությանը, ինչպես նաև հանրապետության ենթակառուցվածքներին և այլ կենսաապահովման օբյեկտներին և արգելք են հանդիսանում պետության կայուն զարգացման, հետևաբար և անվտանգության ապահովման համար: Այս առումով սողանքային հիմնախնդիրը հանրապետության համար հանդիսանում է կարևորագույն ռազմավարական խնդիր: Մինչև 2023 թ-ը նախատեսված է առավել վտանգավոր սողանքային տեղամասերի պարբերական դիտարկումների իրականացում. 131 ակտիվ սողանքից 14-ում  գործիքային հետազոտություն կիրականացվի: Կառավարության 2021-2023 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով այդ աշխատանքների իրականացման համար նախատեսված է մոտ 125 մլն դրամ: Ասեմ նաև, որ 2021 թվականին նախատեսված է 48,5 մլն դրամի շրջանակներում իրականացնել Դիլիջանի «Մեծ Թալա», Հովքի, Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի և 10-րդ դպրոցի, Ներքին Ծաղկավան և Դպրաբակ համայնքների (թվով վեց) սողանքավտանգ տեղամասերի գործիքային հետազոտություններ: - Առաջիկայում ի՞նչ ծրագրեր են իրականացվելու: - Իմ առաջարկով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միջև համագործակցության նոր ծրագիր է մեկնարկելու։ Այս գաղափարի քննարկման նպատակով արդեն այցելել եմ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, հանդիպել բակալավրի կրթական ծրագրի ուսանողների հետ։ Ներդրվելիք կրթական ծրագիրն ուսանողներին հնարավորություն կտա քառամյա ուսման վերջին մեկ տարին սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ստանալ սպայի կոչում և պայմանագրային հիմունքներով ծառայել բանակում: Պետք է ուսումնասիրվեն երկու բուհի կրթական ծրագրերի համադրման հնարավորությունները: Մշակվելու է հարցաշար և ուսանողների մասնակցությամբ հարցախույզ կկազմակերպվի՝ հասկանալու համար վերջիններիս դիրքորոշումը: Այսօր ՃԿՊԱ ավելի քան 90 շրջանավարտ ծառայում է պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումներում, 60 շրջանավարտ՝ ոստիկանությունում, 10 շրջանավարտ՝ ազգային անվտանգության ծառայությունում: Ակադեմիայի հեռակա համակարգում սովորում է պաշտպանության նախարարության և ոստիկանության 100 աշխատակից և ծառայող: Հույս ունեմ, որ առաջարկը հաջողությամբ կյանքի կկոչվի, և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտները կհամալրեն ազգային բանակի սպայական կազմը: Առաջիկայում նախատեսում ենք նաև ներդնել «վստահության հեռախոս», որի միջոցով կստանանք բնակչության առաջարկներն և դիտողությունները՝ նախարարության աշխատանքների վերաբերյալ: «Վստահության հեռախոս»-ն ավելի հասցեական և արդյունավետ ծրագրեր իրականացնելու հնարավորություն կտա: - Զրույցի սկզբում խոսեցինք ազդարարման մասին, իսկ   ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ: - Պատսպարանների առկայությունը մեզ համար կարևոր հարցերից մեկն է: Ստեղծված իրավիճակը  ցույց տվեց, որ մենք այստեղ լուրջ անելիքներ ունենք հարկ եղած դեպքում պատսպարանների վիճակի, որոշ դեպքերում նաև դրանց օգտագործման հարցում: Մենք պետք է բարձրացնենք բնակչության պաշտպանվածության մակարդակը, լիարժեք իրականացնենք քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների գույքագրման ու բնակչության կցագրման գործընթաց:  Այստեղ ևս օրենսդրական կարգավորման կարիք կա և գալիք տարի պետք է ընդունվի նաև Բնակչության պատսպարման հայեցակարգը։ Պետք է ասեմ նաև, որ այս ուղղությամբ կարևորվում է  քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների վերաբերյալ շինարարական նորմերի ընդունումը։ Դա նշանակում է, որ նախագծվող շենքերում պետք է նախատեսվեն պատսպարաններ:  Պետք է նշեմ նաև, որ ելնելով տարածաշրջանում ստեղծված նոր ռազմաքաղաքական իրավիճակից պետք է փոփոխություններ կատարվի «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում։ Դա թույլ կտա հստակեցնել մասնավոր տնտեսություն, տեղական ինքնակառավարման և պետական մարմինների փոխհարաբերությունները, ինչպես նաև կանոնակարգել քաղաքացիական պաշտպանության միջոցառումների նկատմամբ պատասխանատվությունն ու պաշտպանական կառույցների ֆոնդի ավելացումը։ - Պատերազմական, արտակարգ այլ իրավիճակների ժամանակ բնակչությանն այդ մասին ազդարարելու, նրանց պատսպարելու և տարհանելու ուղղությամբ հանրապետությունում խնդիրներ տեսնո՞ւմ եք: - Այդ առումով մենք խնդիր ունենք, դրանք այսօր ակտուալ են մեր սահմանամերձ բնակավայրերում: Շատ անգամներ եմ շեշտել, եթե այդ համակարգը նախկինում չզարգացնեինք Լեռնային Ղարաբաղում, ավելի կոնկրետ, Ստեփանակերտում և Շուշիում, ապա քաղաքացիական բնակչության մեր կորուստները մի քանի անգամ ավելի շատ կլինեին: Այժմ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Մեր մարզային կառույցների ղեկավարներին արդեն խնդիրներ եմ առաջադրել, նրանք կազմել են ծրագրերը և ըստ դրա համայնքներում իրականացնում ենք պարապմունքներ` ազդարարում, պատսպարում, տարհանում: - Կադրային փոփոխություններ նախատեսվո՞ւմ են: Երեկ փոխնախարարների փոխատեղման ականատես եղանք, արդյոք այլ փոփոխություններ ևս սպասվում են: - Կադրային փոփոխություններ, առավել ևս ջարդ ես չեմ պլանավորում իրականացնել: Ինքս չեմ ընդունում նման մոտեցումները, քանի որ կադրեր կան, որոնք արդեն 10 և ավելի տարի ծառայում են համակարգում, լուրջ ներդրումներ ունեն ոլորտում: Ճիշտ չէ չգնահատել մարդու կատարած աշխատանքը: Երեկ Արմեն Փամբուխչյանի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվելն օրինաչափ է, քանի որ տեղակալների հաստիքները քաղաքական են:   - Հետպատերազմյան Արցախի ԱԻ պետական ծառայության հետ ինչպիսի՞  համագործակցություն է իրականացվում: Ինչ գերակա ուղղություններ կան այս առումով: Ո՞ր խնդիրներն են առաջնահերթ լուծում պահանջում: - Արցախի փրկարար ծառայությունների հետ ամենօրյա ռեժիմով համագործակցում ենք: Մի քանի օր առաջ հանդիպում եմ ունեցել ԱԻՊԾ տնօրեն Կարեն Սարգսյանի հետ, մոտ 2 ժամ քննարկել ենք խնդիրներն ու առաջնային ուշադրության արժանի հարցերը: Կան որոշ ներքին հարցեր, որ չեմ կարող բարձրաձայնել, բայց կարող եմ ասել, որ կան խնդիրներ, որոնք, բնականաբար, մեր աջակցության կարիքն ունեն: Շարունակությունը՝ armenpress.am-ում
11:00 - 30 դեկտեմբերի, 2020
ԱԻ նախարարությունում քննարկվել է Թվինինգ ծրագիրը

ԱԻ նախարարությունում քննարկվել է Թվինինգ ծրագիրը

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Սվենսոն Պատրիկին և ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանին:Նախարար Փիլոյանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել նախաձեռնողականության և Թվինինգ ծրագրի շրջանակում Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման, բնակչության պաշտպանության գործում ներգրավվելու մեծ պատրաստակամության համար:«Բնակչության պաշտպանության ոլորտում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված Թվինինգ ծրագրի ընթացքը համավարակի, ապա նաև պատերազմի պատճառով գոհացուցիչ չէ, սակայն 2021 թ. ոչ միայն կլրացվի բացը, այլև ակնհայտ դրական արդյունքներ կգրանցվեն»,- ասել է Անդրանիկ Փիլոյանը և վստահեցրել, որ նախարարությունը բաց է ծրագրի շրջանակում ցանկացած ձևաչափով աշխատելու համար:Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է նախարարին՝ երկրի համար դժվարին ժամանակահատվածում նման պատասխանատու պաշտոն ստանձնելու առթիվ և կարծիք հայտնել, որ այսօր առավել քան կարևորվում է համագործակցությունը բնակչության համապարփակ պաշտպանության համակարգի զարգացման և ռիսկերի կառավարման ուղղությամբ:Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի նպատակների իրականացման ուղղությունները, դրանցում անհրաժեշտության դեպքում փոփոխություններ իրականացնելու հնարավորությունները: Հյուրերը վստահեցրել են, որ իրենք ևս պատրաստ են ծրագրի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ բոլոր քննարկումներին:Հիշեցնենք, որ Թվինինգ ծրագիրը մեկնարկել է 2020 թ. հոկտեմբերի 1-ին: Այն ԵՄ-ի կողմից իրականացվում է Շվեդիա-Լիտվա համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)։ Ծրագրի հիմնական նպատակն է՝ Հայաստանը դարձնել ավելի դիմակայուն երկիր և նվազեցնել տարատեսակ աղետների ազդեցությունը մարդկային կյանքի, երկրի տնտեսության և համայնքների վրա:
19:38 - 29 դեկտեմբերի, 2020
ԱԻ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցչին

ԱԻ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր  ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ տիկին Մարիան Քլարկ Հաթինգին:  Հանդիպմանը մասնակցել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աղետների ռիսկի նվազեցման ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանը և արտակարգ իրավիճակների ծրագրերի համակարգող Օգվալ Բենսոն Ստենլիին: Նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունը և իր երախտագիտությունն է հայտնել «Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում» տարբեր ծրագրերով իրականացրած աշխատանքների համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել աղետների ռիսկի կառավարման ոլորտում առկա խնդիրների և առաջնահերթությունների վերաբերյալ: Անդրանիկ Փիլոյանն առանձնացրել է իրականացվող ծրագրերին առնչվող հարցերը, ներկայացրել առաջարկություններ, հատկապես՝ սեյսմիկ պաշտպանության, ճգնաժամային իրավիճակում հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով ճանապարհային քարտեզի ուղեցույցի և փրկարար ծառայության արձագանքման ուղղություններով՝ գործնական ներդրումների ակնկալիքով: Տիկին Մարիան Քլարկ Հաթինգը շնորհավորել է նախարարին այդ պաշտոնում նշանակվելու առթիվ և վերահաստատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստակամությունը՝ սերտորեն գործակցելու դպրոցների աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման, աղետների ռիսկի նվազեցման կրթական ծրագրերի ներդրման հարցերում, ինչպես նաև ակնկալում՝ նախարարության աջակցությունը: Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ արդյունավետ համագործակցության շարունակականության հույս է հայտնել և վստահեցրել, որ դեռ շատ առիթներ կլինեն համատեղ աշխատանքները քննարկելու և նոր ծրագրեր կյանքի կոչելու համար:
19:15 - 29 դեկտեմբերի, 2020
ԱԻ նախարարն առաջարկում է կրթական նոր ծրագիր ներդնել

ԱԻ նախարարն առաջարկում է կրթական նոր ծրագիր ներդնել

Համագործակցության նոր ծրագիր ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միջև։ Այս գաղափարի քննարկման նպատակով՝ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, հանդիպել բակալավրի կրթական ծրագրի ուսանողների հետ։ Նախարարի առաջարկով ներդրվելիք կրթական ծրագիրն ուսանողներին հնարավորություն կտա քառամյա ուսման վերջին մեկ տարին սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ստանալ սպայի կոչում եւ պայմանագրային հիմունքներով ծառայել բանակում:Անդրանիկ Փիլոյանի խոսքով՝ ուսումնասիրվելու են երկու բուհերի կրթական ծրագրերի համադրման հնարավորությունները: Կմշակվի հարցաշար և ուսանողների մասնակցությամբ հարցախույզ կկազմակերպվի՝ հասկանալու համար վերջիններիս դիրքորոշումը:Այսօր ՃԿՊԱ ավելի քան 90 շրջանավարտ ծառայում է պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումներում, 60 շրջանավարտ՝ ոստիկանությունում, 10 շրջանավարտ՝ ազգային անվտանգության ծառայությունում: Ակադեմիայի հեռակա համակարգում սովորում է պաշտպանության նախարարության և ոստիկանության 100 աշխատակից և ծառայող: Նախարարը լիահույս է, որ առաջարկը հաջողությամբ կյանքի կկոչվի, և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտները կհամալրեն ազգային բանակի սպայական կազմը:
20:20 - 22 դեկտեմբերի, 2020
ԱԻ նախարարն այցելել է սահմանապահ մարզեր

ԱԻ նախարարն այցելել է սահմանապահ մարզեր

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը սկսել է մարզային այցերը սահմանապահ և սահմանամերձ շրջաններից: Այս մասին հայտնում են  ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Նրա առաջին կանգառը եղել է Տավուշի մարզը, հետո՝ Արարատն ու Սյունիքը: Նախարարը մեծ կարևորություն է տալիս այդ հենակետերում փրկարար ուժերի կողմից իրականացվող ծառայությանը: Վերջիններիս ներգրավվածությունը հակառակորդի հետ շփման գծում, ըստ նախարարի, ներկա իրավիճակում առավել քան անհրաժեշտ է: Նախարար Փիլոյանն այցերի ընթացքում ծանոթացել է մարզային փրկարարական վարչությունների ռեսուրսներին, շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը: Ներկայացվել են առկա խնդիրները, տրվել են լրացուցիչ ցուցումներ՝ առավել կազմակերպված և արդյունավետ աշխատանքի համար: Նախարարն իր գոհունակությունն է հայտնել սահմանային գոտու փրկարարական ուժերին՝ պատերազմի ընթացքում առաջադրված խնդիրները պատվով կատարելու համար: Անդրանիկ Փիլոյանը մեդալներով է խրախուսել մի շարք փրկարարների՝ հայրենիքի պաշտպանության գործում ակտիվ մասնակցության և ցուցաբերած քաջության համար: Նախարարի մարզային այցերը շարունակվելու են՝ նպատակ ունենալով արձանագրել ինչպես գրանցված հաջողություններն, այնպես էլ վեր հանված խնդիրները՝ դրանց օպերատիվ լուծումներ տալու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: 
18:54 - 07 դեկտեմբերի, 2020
ԱԻ նախարարը ծանոթացել է Ճգնաժամային կառավարման ակադեմիայի և ՓՈՒՎ-ի հնարավորություններին

ԱԻ նախարարը ծանոթացել է Ճգնաժամային կառավարման ակադեմիայի և ՓՈՒՎ-ի հնարավորություններին

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա (ՃԿՊԱ ): Նախարարը ծանոթացել է ուսումնական հաստատության լսարանային պայմաններին, գրադարանին և նյութատեխնիկական հագեցվածությանը, կրթական ծրագրերին: ԱԻ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախարար Փիլոյանն ակադեմիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպմանը նշել է, որ կառուցողական աշխատանքի և կրթության ոլորտում նորարարական մեթոդների ներդրման կողմնակից է: Նա ցանկացած խնդրի անհատական լուծում տալու պատրաստակամություն է հայտնել: Անդրանիկ Փիլոյանը նաև առանձին խորհրդակցություն է անցկացրել ակադեմիայի ղեկավար կազմի հետ: Քննարկվել են առաջիկա անելիքները: Այնուհետև նախարարը եղել է ՓՈՒՎ հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման, ինչպես նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոններում: Նրան ներկայացվել է կենտրոնների գործունեության ու հնարավորությունների ամբողջ շրջանակը՝ սկսած տեխնիկական ապահովվածությունից մինչև երկու երկրների կողմից համատեղ իրականացվող ծրագրեր: Նախարարն ընդգծել է, որ այս կառույցները կարևոր նշանակություն ունեն պետության համար, ուստի նման այցերը պարբերական բնույթ են կրելու:
13:35 - 26 նոյեմբերի, 2020