Արման Թաթոյան

Արման Հակոբի Թաթոյանը (դեկտեմբերի 18, 1981Երեւան) ՀՀ մարդու իրավունքների 4-րդ պաշտպանը։ Պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022թ․ հունվարի 24-ին։

1998-2007թթ. - սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 1 մենագրության եւ 27 գիտական հոդվածների հեղինակ եւ համահեղինակ։ 2012-2013 թթ. ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանը։

  • 2010–2013 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
  • 2011 թվականից - Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում ՀՀ ներկայացուցիչ։
  • 2013 թ. նոյեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
  • 2013 թվականից- ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։
  • 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ի կողմից 96 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ ՄԻՊ։
Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով․ ՄԻՊ անդրադարձը հրահրվող շահարկումներին

Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով․ ՄԻՊ անդրադարձը հրահրվող շահարկումներին

Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով․ Մարդու իրավունքների պաշտպանի մանրամասն անդրադարձը հրահրվող շահարկումներին․«Ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և անհետ կորած մեր հայրենակիցների գերությունից վերադարձի ու նրանց հայտնաբերման ուղիղ պատասխանատուն, Հայաստանի Հանրապետության անունից բանակցություն վարողը ՀՀ կառավարությունն է իր համապատասխան մարմիններով: Կառավարության ուղիղ պարտավորությունն է այդ հարցերով իրական արդյունքին միտված կոնկրետ գործողություններով համակարգված աշխատանքների իրականացումը՝ ապահովելով անհրաժեշտ երկխոսություն և իրազեկում գերիների ու անհետ կորած համարվողների ընտանիքների, ինչպես նաև հանրության հետ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բոլորին հատուկ տեղեկացնում է, որ օժտված չէ գերիների վերադարձի կամ անհետ կորածներին հայտնաբերելու, Հայաստանից դեպի Արցախ սահմանային ճանապարհներին վերահսկողություն իրականացնելու իրավասությամբ: Այս հարցերի կապակցությամբ պետության անունից բանակցություններ վարելու կամ պաշտոնական քննարկումներ իրականացնելու, ինչպես նաև միջազգային դատական ատյաններում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վարույթներ հարուցելու իրավասություն ունեն ՀՀ կառավարությունը և նրա մարմինները: Չնայած իրավական սահամանափակումներին և այն բանին, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավական խնդիրն է այս գործընթացին աջակցելը, սեպտեմբերի 27-ից սկսած շուրջօրյա աշխատանքով ու փոքր աշխատակազմով Պաշտպանը կատարել է հսկայածավալ շուրջօրյա աշխատանք ու շարունակում է կատարել այդ աշխատանքը՝ օգտագործելով միջազգային կապերի տարիների կուտակած ողջ ներուժը: Մասնավորապես՝ 1. փաստագրվում, իբրև ապացույց՝ ամրագրվում են ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները մեր գերեվարված հայրենակիցների նկատմամբ՝ անհրաժեշտ մշակմամբ ու նկարագրությամբ, 2. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ ադրբեջաներենից և թուրքերենից անգլերեն ու ռուսերեն լեզուներով թարգմանվում են բոլոր տեսանյութերը և ենթագրերով ամրագրվում են տեսանյութերին: Նույն կերպ մշակվում և ամրագրվում են նաև լուսանկարները. 3. յուրաքանչյուր տեսանյութ և լուսանկար վերլուծվում է, ամրագրվում է միջազգային իրավունքի կոնկրետ պահանջների խախտումների մատնանշմամբ. 4. նշված տեսանյութերի ու լուսանկարների, դրանց վերլուծությունների հիման վրա կազմվում են հատուկ զեկույցներ ու հաղորդագրություններ՝ ըստ կոնկրետ օրերի, 5. զեկույցներն ու առանձին հաղորդագրություններն ուղարկվում են միջազգային միջկառավարական ու ոչ կառավարական կազմակերպություններին, այդ թվում՝ միջազգային դատական ատյաններ, ՄԱԿ-ի ու ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի խորհրդարանների բոլոր պատգամավորներին, միջազգայի լրատվամիջոցներին և այլն: Զեկույցներն ու հաղորդագրություններն ուղարկվում են նաև ՀՀ պետական իրավասու մարմիններին. 6. մեր հայրենակիցների վերադարձի, ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ բոլոր դեպքերը ներկայացվում և քննարկվում են Հայաստանում այլ պետությունների դեսպանների ու միջազգային կառույցների հետ. 7. պահպանվում է անընդհատ կապ գերիների ընտանիքների հետ. 8. մշտական աշխատանքներ են տարվում փաստաբանների հետ, ովքեր դիմումներ են հասցեագրում Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրանց են տրամադրվում բոլոր ապացույցները. 9. մշտական կապ է պահպանվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի մշտական ներկայացուցչի հետ: Գերեվարված և անհետ կորած անձանց թեման վերջին օրերին սոցիալական ցանցերում դարձել է դիտավորությամբ կազմակերպված անթույլատրելի շահարկման առարկա՝ մեր հայրենակիցներին գերեվարությունից հետ բերելու և անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը, Կառավարության աշխատանքի ակնհայտ բացթողումները քողարկելու նպատակով՝ փորձելով նսեմացնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ու առաջացնելով այդ աշխատանքի ակնհայտ խոչընդոտներ։ Սրանք սոցիալական ցանցերի այն խմբերն են, որոնք կազմակերպված ակտիվացել են պատերազմական գործողություններից անմիջապես հետո: Մարդու իրավունքների պաշտպանի նպատակային անկախ դիտարկումը ցույց է տալիս, որ կեղծ էջերով կազմակերպված այս դատապարտելի արշավի նպատակն է հանրային էմոցիոնալ ֆոնի օգտագործմամբ ներգրավել հնարավորինս շատ իրական օգտատերեր, մարդկանց, ովքեր իրապես մտահոգված են գերեվարված կամ անհետ կորած համարվող մեր հայրենակիցների ճակատագրով ու դրանով քողարկել Կառավարության իրական արդյունք ապահովելուն ուղղված կոնկրետ գործողություններով համակարգված աշխատանքի բացակայությունը։ Գերիների և անհետ կորածների հարցերով պետական մարմինների ուսումնասիրությունը վկայում է,որ՝ 1. հրատապ անհրաժեշտություն են Կառավարության համակարգված աշխատանքի կազմակերպումը իրական արդյունքների նպատակով՝ որպես այս կապակցությամբ բանակցությունների հարցերում ուղիղ պատասխանատու. 2. միակ պետական մարմինը, որն այս ոլորտում պատշաճ է գործում՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունն է ու պրոֆեսիոնալ աշխատակազմը, որոնց փոխանցվում են նաև Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները: Այս մարմինը, սակայն, չի կարող զբաղվել բոլոր հարցերով օբյեկտիվորեն. 3. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) այս ոլորտում ունի իրավասություն, որը նույնպես ծավալում է ակտիվ աշխատանք ու վերջինիս հետ արդյունավետ աշխատանք է տանում նաև Մարդու իրավունքների պաշտպանը։ Հետևաբար, Կառավարությունը պետք է անհապաղ սկսի համակարգված աշխատանք նշված սկզբունքներով գերիների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման հարցերով՝ ապահովելով պատշաճ երկխոսություն ու իրազեկում հանրության և հատկապես՝ ընտանիքների անդամների հետ: Սոցիալական ցանցերում կեղծ էջերով անթույլատրելի շահարկումներ կազմակերպողներից Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է անմիջապես դադարեցնել այդ բացարձակ անթույլատրելի, դատապարտելի արարքները: Պաշտպանը ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում այս բնույթով հանցավոր արարքների ու դրանց կանխարգելման հրատապ անհրաժեշտության վրա: Մեր բոլոր հայրենակիցներին Մարդու իրավունքների պաշտպանը խնդրում է չներքաշվել կեղծ ու ուղղորդվող օգտատերերի հետ քննարկումներին, քանի որ ընթանում է կոնկրետ կազմակերպված շահարկում ու խաղ հանրության զգացմունքների հետ։ Ասվածի վկայությունն է նաև այն, որ որևէ անգամ չեն հիշատակվում մեր այն երիտասարդները, որոնք Ադրբեջանում են հայտնվել պատերազմական գործողություններից առաջ: Այս կազմակերպված քարոզը նաև վնասում է գերիների վերադարձի խնդրին, քանի որ այդ աշխատանքները բնույթով առանձնահատուկ են և պահանջում են պրոֆեսիոնալ մոտեցումներ, գիշերուզօր համակարգված աշխատանք՝ առանց ավելորդ հուզականության ու հրապարակային աղմուկի: Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է 24-ժամյա գրաֆիկով աշխատանքներ իրականացնել տարբեր ժամանակներում գերության մեջ հայտնված մարդկանց իրավունքների պաշտպանության, նրանց վերադարձի կամ հայտնաբերման գործընթացին աջակցելու ուղղությամբ՝ մարդու իրավունքների բոլոր ոլորտներում հավասար մոտեցման պայմաններում»։
17:45 - 23 նոյեմբերի, 2020
ՄԻՊ-ը էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ դաժանությունների վերաբերյալ 4-րդ փակ զեկույցն է ավարտել

ՄԻՊ-ը էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ դաժանությունների վերաբերյալ 4-րդ փակ զեկույցն է ավարտել

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 4-րդ փակ զեկույցը: Այն 4-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով:Վերաբերում է նոյեմբերի 4-18-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք 5-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները:Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում է ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասինն:Հ.Գ. Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ»:
17:32 - 21 նոյեմբերի, 2020
Որևէ մեկը չի կարող վերացնել Արցախում երջանիկ ապրելու երեխայի իրավունքը․ Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամ

Որևէ մեկը չի կարող վերացնել Արցախում երջանիկ ապրելու երեխայի իրավունքը․ Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամ

Նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Կոտայքի մարզում գտնվող «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ, որտեղ այս պահին գտնվում են նաև Ստեփանակերտի, Քաշաթաղի, Բերձորի հաստատություններից տեղափոխված երեխաներ։ Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է երեխաների խնամքի կազմակերպմանը, որը հիմնված է երեխաների կրթական, հոգեբանական, սոցիալական, առողջական և այլ կարիքներին աջակցություն ցույց տալու վրա։ «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղի տնօրեն և Արցախի երեխաների հաստատության տնօրենի ուղեկցությամբ Պաշտպանը շրջել է հաստատության տարածքում տեղակայված կացարաններով, ծանոթացել երեխաների հետ։ Երեխաները Պաշտպանին տեղեկացրել են, որ հաճախում են համայնքի դպրոց, իսկ նախադպրոցական կրթությունը կազմակերպվում է հաստատությունում։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է բարեգործական հիմնադրամի աշխատանքն ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի երեխաներին աջակցություն տրամադրելու գործում՝ շեշտելով, որ երեխաներին առնչվող հարցերում պետք է մշտապես հաշվի առնել նրանց լավագույն շահը։ Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից նախաձեռնված ռազմական գործողությունների ընթացքում և դրանց արդյունքում ականատես եղանք երեխաների իրավունքների կոպտագույն խախտումների, ինչպես նաև այդ կապակցությամբ միջազգային հանրության կողմից ոչ պատշաճ և ոչ համաչափ արձագանքի։ Վերացական և հռչակագրային բնույթ ունեցող կոչերից առավել կարևոր է երեխաների իրավունքների ակնհայտ խախտումների վերացումը և դրանց բացառման ուղղությամբ գործուն միջոցների ձեռնարկումն ինչպես ներպետական իրավասու մարմինների, այնպես էլ միջազգային հանրության, հատկապես՝ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից: Նշենք, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն:
00:14 - 21 նոյեմբերի, 2020
Սահմանադրական դատարանը կասեցրել է ռազմական դրության ընթացքում մարդկանց ու ԶԼՄ-ների կողմից կարծիքի արտահայտման և մամուլի ազատության սահմանափակմները

Սահմանադրական դատարանը կասեցրել է ռազմական դրության ընթացքում մարդկանց ու ԶԼՄ-ների կողմից կարծիքի արտահայտման և մամուլի ազատության սահմանափակմները

Սահմանադրական դատարանը կասեցրել է Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով վիճարկվող՝ Ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ Կառավարության որոշման այն դրույթների գործողությունը, որոնք վերաբերում են ռազմական դրության ընթացքում ՀՀ տարածքում գտնվող մարդկանց, ինչպես նաև ԶԼՄ-ների ու լրագրողների կողմից կարծիք արտահայտման և մամուլի ազատության սահմանափակմանը. այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: ՄԻՊ գրառման մեջ  ասվում է. «Քիչ առաջ Սահմանադրական դատարանը կասեցրել է Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով վիճարկվող՝ Ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ Կառավարության որոշման այն դրույթների գործողությունը, որոնք վերաբերում են ռազմական դրության ընթացքում ՀՀ տարածքում գտնվող մարդկանց, ինչպես նաև ԶԼՄ-ների ու լրագրողների կողմից կարծիք արտահայտման և մամուլի ազատության սահմանափակմանը։ Այսինքն՝ խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման այն արգելքներին, որոնցով, ըստ էության, թույլ չէր տրվում քննադատել որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի գործողություն, այդ թվում` ելույթներ, հրապարակումներ, որոնք կարող են վերաբերել ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանը: Կարևոր ենք համարում Սահմանադրական դատարանի այս որոշումը, որը դեռ վերջնական չէ։ Դատարանը կասեցրել է այդ դրույթների գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը: Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը դեռ պետք է քննարկվի դատարանի հիմնական նիստում, որը նշանակված է այս տարվա դեկտեմբերի 4-ին: Այդ որոշմամբ է նաև քննարկվելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն դրույթները, որոնք սահմանում են պատասխանատվություն ու տուգանքներ նշված արգելքները խախտելու համար: Հատուկ արձանագրում ենք, որ դեռ նախագծային վիճակում, երբ այս նախագիծն ՀՀ կառավարությունն ուղարկել էր Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի, մեր եզրակացությունը եղել է բացասական, այդ թվում՝ հաշվի առնելով մարդկանց սահմանադրական իրավունքների սահմանափակումների հարցը: Սահմանադրական դատարան Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած այս դիմումով ոչ թե բարձրացվել է ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումներն ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթները չեղարկելու կամ դրանք զրոյացնելու, այլ հստակ չափանիշներ ու գործող կանոնների կոնկրետության անհրաժեշտ աստիճան ապահովելու հարցը:Իրազեկում․ ստորև, Կառավարության այն որոշման դրույթներն են, որոնք վիճարկում եմ դատարանում ու որոնց գործողությունն այսօր դատարանը կասեցրել է. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է: Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը»։
18:37 - 20 նոյեմբերի, 2020
ՄԻՊ-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական վայրագություններն Արցախի բնակչության նկատմամբ

ՄԻՊ-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական վայրագություններն Արցախի բնակչության նկատմամբ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր առցանց հանդիպում է ունեցել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսի հետ։ Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական վայրագությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքն Արցախի խաղաղ բնակչության և գերեվարված անձանց նկատմամբ։ Քննարկվել են նաև ադրբեջանական զինված հարձակումների պատճառով Արցախից Հայաստան հարկադրաբար տեղափոխված անձանց իրավունքների հետ կապված հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաներին։ Դեսպանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի դերը պատերազմական, ինչպես նաև վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը։
13:04 - 20 նոյեմբերի, 2020
Արման Թաթոյանը մասնակցել է եվրասիական տարածաշրջանի միջազգային համաժողովի

Արման Թաթոյանը մասնակցել է եվրասիական տարածաշրջանի միջազգային համաժողովի

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային ասպարեզում ունի բարձր ներգրավվածություն․ Արման Թաթոյանը մասնակցել է եվրասիական տարածաշրջանի միջազգային համաժողովի։Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է եվրասիական տարածաշրջանում օմբուդսմանների հաստատությունների լավագույն փորձի փոխանակմանը նվիրված ամենամյա միջազգային առցանց համաժողովին: Ամենամյա այս կարևոր միջոցառումը կազմակերպվում է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի կողմից։ Եվրասիական տարածաշրջանում օմբուդսմանների երրորդ միջազգային համաժողովին մասնակցել են նաև այլ երկրներից օմբուդսմաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Արման Թաթոյանն իր ելույթում բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ համագործակցությունը՝ շեշտելով, որ պատերազմի սկզբնական օրերից սկսած մշտական կապ մեջ են եղել, քննարկել են ստեղծված իրավիճակը։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Մոսկվայում կազմակերպվող ամենամյա միջազգային համաժողովը համարել է արդյունավետ համագործակցության առաջատար օրինակ, որը կարևոր հարթակ է մարդու իրավունքների պաշտպանության, այդ հարցում փորձի փոխանակման տեսանկյունից: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության մասնակցությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը՝ որպես միջազգային լավագույն փորձի օրինակ: Նշվել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է Պաշտպան Արման Թաթոյանի միջնորդությունը, և Պաշտպանը ներգրավվել է երրորդ կողմ Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով: Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության մասնակցության փորձը Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը, որի ընթացքում Պաշտպանը համագործակցում է նաև պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ: Պաշտպանը ընդգծել է, որ 2018 թվականից սկսած այս պրակտիկայի ներդրումը իրական արդյունքներ է տալիս՝ նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ բարձր որակի համագործակցության շնորհիվ։ Համաժողովի ընթացքում Արման Թաթոյանն անդրադարձել է նաև Նոր կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի հիմքով արտակարգ դրության ընթացքում Պաշտպանի գործունեության առանձնահատկություններին, իրավունքների պաշտպանության հարցում մարտահրավերներին: Պաշտպանն ընդգծել է, որ COVID-19-ի համաճարակի ընթացքում մարդկանց իրավունքների արդյունավետ պաշտպանության և փորձի փոխանակման նպատակով արդյունավետ համագործակցություն և քննարկումներ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի հետ։ Աշխատանքի առանձին ուղղություն է նաև պարբերաբար քննարկումները ՌԴ-ում բնակվող հայերի իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինչպես նաև քաղաքացիների համատեղ ընդունելությունները։ Համաժողովի մասնակիցներին ներկայացվել է նաև Պաշտպանի նախաձեռնությամբ Եվրոպայի Խորհրդի հետ առաջին անգամ ԵԽ տարածքում իրականացվող կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը կենսաբանության և բժշկության ոլորտում մարդու իրավունքների չափանիշների վերաբերյալ, ամրապնդել փաստաբանների, բժիշկների, պետական մարմինների կարողություններն այդ չափանիշները կիրառելու ոլորտում, ապահովել մեր երկրում կենսաբանության ու բժշկության ոլորտում Օվիեդոյի կոնվենցիայով նախատեսված կարգավորումների կիրառումը: Արման Թաթոյանը նաև ներկայացրել է կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային գոտիներում մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների ներգրավման առանձնահատկությունները, մասնավորապես՝ այդ իրավիճակներում մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախ և անկողմնակալ աշխատանքի և աշխարհին օբյեկտիվ տեղեկությունների ներկայացման կարևորությունը: Պաշտպանը միջազգային գործընկերներին տեղեկացրել է, որ ակտիվորեն ներգրավված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված հարձակումների ընթացքում հայ գերիների ու դիերի փոխանակման մարդասիրական գործընթացին, և որ այդ հարցով մշտական կապի մեջ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՀՀ պետական մարմինների հետ: Նշվել է, որ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերն առաջին պահից սկսած գտնվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության ներքո, շուրջօրյա սկզբունքով, Պաշտպանի իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորությունների սահմաններում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները: Համաժողովի ընթացքում քննարկվել են եվրասիական տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները, մասնավորապես, Եվրոպական դատարանի հետ մարդու իրավունքների ազգային հաստատությունների համագործակցությանը և կորոնավիրուսային համաճարակի պայմաններում մարդու իրավունքների ապահովմանը առնչվող հարցեր։
10:38 - 18 նոյեմբերի, 2020
Նաիրա Զոհրաբյանի ելույթում և Գևորգ Գորգիյանի հարցազրույցում օգտագործված են «արյուն», «ցույցերը ճնշել բռնի ուժով» «բախումներ» ձևակերպումներով հավանական զարգացումների վերաբերյալ դատողություններ․ երկու դեպքում էլ դատապարտելի է նման երևույթը․ ՄԻՊ

Նաիրա Զոհրաբյանի ելույթում և Գևորգ Գորգիյանի հարցազրույցում օգտագործված են «արյուն», «ցույցերը ճնշել բռնի ուժով» «բախումներ» ձևակերպումներով հավանական զարգացումների վերաբերյալ դատողություններ․ երկու դեպքում էլ դատապարտելի է նման երևույթը․ ՄԻՊ

Համացանցում տարածվում են այսօր տեղի ունեցած հավաքի ժամանակ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթը, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիյանի հարցազրույցը, որոնցում օգտագործվել են անթույլատրելի բառեր ու ձևակերպումներ: Մասնավորապես, երկուսի խոսքում էլ օգտագործված են «արյուն», «ցույցերը ճնշել բռնի ուժով» «բախումներ» և այլ ձևակերպումներով հավանական զարգացումների վերաբերյալ դատողություններ: Երկու դեպքում էլ խոսքը վերաբերում է Ազգային ժողովի պատգամավորների՝ հանրային բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց: Երկու դեպքում էլ դատապարտելի է նման երևույթը: Պետք է բացառել, ուղղակի վերացնել նման ձևակերպումները հատկապես հանրային քննարկումների տիրույթից ու հանրային խոսքից՝ անկախ քաղաքական կամ որևէ այլ տեսակի հայացքներից: Դրանք լարվածություն առաջացնող բառեր ու ձևակերպումներ են: Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունեալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Դա հատկապես կարևոր է այս պատասխանատու ու զգայուն իրավիճակներում: Սա պետք է նկատի ունենան հանրային ճանաչում ունեցող բոլոր անձինք, իսկ պետական կամ հանրային այլ պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են հաշվի առնել, որ այդ արգելքները կազմում են իրենց իրավական կարգավիճակի պարտադիր մասը:
22:54 - 16 նոյեմբերի, 2020
Վարչապետի գրառմամբ, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների․ ՀՀ ՄԻՊ

Վարչապետի գրառմամբ, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառման վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։ «ՀՀ վարչապետի գրառումը՝ կապված առաջնագծի զինվորներին ուղղված կոչի հետ, խիստ վտանգավոր է հատկապես այս պատասխանատու, գերզգայույն օրերին: Դրանով, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների: Այդ գրառումը հատկապես դատապարտելի է այն տեսանյութերի ֆոնին, որոնք վերջին օրերին պարբերաբար հրապարակվում էին զինվորական համազգեստով ու զինված անձանց կողմից և պարունակում էին ատելություն, բռնության կոչեր ու սպանությունների սպառնալիքներ: Ակնհայտ է, որ առաջնագծի զինվորները զինված են ու այդ գրառումը ենթադրում է հենց այդ կոչերի ու սպառնալիքների իրականացում, հաշվեհարդար: Բոլորին կոչ եմ անում դրսևորել զսպվածություն, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են գործել օրենքին խիստ համապատասխան՝ բացառապես իրավունքի գերակայության սահմաններում: Անհրաժեշտ է կանխել որևէ տեսակի բախման կամ ինքնադատաստանի փորձ»:
01:14 - 16 նոյեմբերի, 2020
Վերջին մի քանի օրվա ընթացքում կտրուկ աճել են բռնության կոչեր ու սպառնալիքներ տարածող մեկնաբանություններն ու գրառումները․ ՀՀ ՄԻՊ

Վերջին մի քանի օրվա ընթացքում կտրուկ աճել են բռնության կոչեր ու սպառնալիքներ տարածող մեկնաբանություններն ու գրառումները․ ՀՀ ՄԻՊ

Երկրում ստեղծված այս պատասխանատու օրերի իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համերաշխություն ու համախմբվածություն, հարգանք իրար արժանապատվության ու խոսքի նկատմամբ: Այս մասին ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի տարածած հայտարարության մեջ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։ «Անհրաժեշտ է բացառել լարվածության բերող որևէ տեսակի զարգացում՝ անկախ քաղաքական կամ այլ հայացքներից: Սոցիալական ցանցերի դիտարկումը ցույց է տալիս, որ վերջին մի քանի օրվա ընթացքում կտրուկ աճել են ատելություն ու վիրավորանք, բռնության կոչեր ու սպառնալիքներ տարածող, նույնիսկ ներքին թշնամանք հրահրող մեկնաբանություններն ու գրառումները: Շեշտակիորեն աճել է կեղծ կամ ոչ իրական օգտահաշիվների քանակն, ու հենց այդ օգտահաշիվներն էլ առավել ագրեսիվն են: Ընդ որում, այդ օգտահաշիվները հաճախ ոչ մասնագիտական դիտարկմամբ դժվար է տարբերակել, դրանք ի հայտ են գալիս կոնկրետ իրավիճակի կամ նույնիսկ առանձին հրապարակման կապակցությամբ, գործում են կազմակերպված, հստակ նպատակներով ու թիրախներով: Բոլոր քաղաքացիներին խնդրում եմ ձեռնպահ մնալ այդպիսի «քննարկումների» ներքաշվելուց և որևէ պարագայում չտրվել նման սադրանքների: Դրանցով տարածվող ատելությամբ երկրում մթնոլորտը միայն ավելի է լարվում: Պետական կամ հանրային որևէ այլ պաշտոն զբաղեցնող անձինք այս պատասխանատու օրերին հատկապես պարտավոր են դրսևորել հանրային համերաշխության օրինակելի պահվածք, այդ թվում՝ հանրային խոսքում, իրավունք չունեն կատարել այնպիսի գրառումներ կամ անել մեկնաբանություններ, որոնք պարունակում են ուղղակի կամ անուղղակի վիրավորանք կամ նույն կերպ նպաստում են ատելություն ու հետևաբար՝ լարվածություն տարածելուն: Այս բարդ իրավիճակում չափազանց կարևոր է զանգվածային լրատվամիջոցների դերը: Ուստի, լրատվական գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպություններին ու լրագրողներին խնդրում եմ հատուկ ուշադրությամբ հետևել հրապարակումների ներքո ծավալվող քննարկումներին և հեռացնել վիրավորանք ու ատելություն, բռնության կոչ կամ սպառնալիք պարունակող մեկնաբանություններն ու գրառումները: Խնդիրն այնքան արդիական է դարձել, որ անհրաժեշտ է լրացուցիչ ռեսուրսներ հատկացնել դա լուծելու համար: Դրանից բացի, ցանկացած հրապարակում անելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տեղեկությունների ստուգվածությանը, ավելի մեծ ուշադրություն դարձնել վերնագրերի ընտրության հարցում և գործել պատասխանատու լրագրության սկզբունքների պահպանմամբ»:
00:14 - 16 նոյեմբերի, 2020
Բարոնուհի Քերոլայն Քոքսը և իր թիմը Արցախում արձանագրեցին ադրբեջանական ԶՈՒ-ի վայրագություններն ու մարդկության դեմ ուղղված հանցանքները․ ՀՀ ՄԻՊ

Բարոնուհի Քերոլայն Քոքսը և իր թիմը Արցախում արձանագրեցին ադրբեջանական ԶՈՒ-ի վայրագություններն ու մարդկության դեմ ուղղված հանցանքները․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախում իմ գործընկերոջ՝ Արտակ Բեգլարյանի հետ իրականացրինք համատեղ փաստահավաք աշխտանքներ, որոնց ներկա էր նաև Մեծ Բրիտանիայի բարոնուհի տիկին Քերոլայն Քոքսը: Տիկին Քերոլայն Քոքսին Արցախում ուղեկցում էին միջազգային լրագրողներ և փորձագետներ: Բարոնուհին և իր թիմը տեղում արձանագրեցին 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու, առհասարակ, նրանց կատարած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքները, որոնք դիտավորություն են ունեցել առաջացնելու Արցախի խաղաղ բնակիչների՝ էթնիկ հայերի կյանքի, առողջության, սեփականության և շատ այլ իրավունքների ամենակոպիտ խախտումները: Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ մեր համատեղ փաստահավաք աշխատանքների արդյունքները և տիկին Քերոլայնի ուղերձը մանրամասն կհրապարակենք այս պահին տարվող ամփոփումներից հետո»:
17:19 - 14 նոյեմբերի, 2020
Դատապարտելի է Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին տեսանյութի ցուցադրումը, որը պարունակում է հայհոյանք ու ատելություն․ ՀՀ ՄԻՊ

Դատապարտելի է Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին տեսանյութի ցուցադրումը, որը պարունակում է հայհոյանք ու ատելություն․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բացարձակ անթույլատրելի, դատապարտելի է Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին երեկ ուշ երեկոյան այն տեսանյութի (արտապատկերը կցված է) ցուցադրումը, որը պարունակում է հայհոյանք ու ատելություն: Ինչպե՞ս կարելի է Հանրապետության հրապարակում լայն սփռումով ցուցադրել այնպիսի տեսանյութ, որում տրվում են սպանության սպառնալիքներ ու որով խրախուսվում է բռնությունը՝ արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով ու այն էլ դա անել այս պատասխանատու օրերին: Ինչպե՞ս կարելի է ցուցադրել նման տեսանյութ՝ ակնհայտ գիտակցելով, որ դա դիտելու են նաև երեխաներ ու կանայք: Ակնհայտ է, որ դա արվել է հանրային իշխանության ինչ-որ մարմնի կամ պաշտոնյայի անօրինական որոշմամբ կամ թողտվությամբ, որով փաստացի հրահրվում է ներքին թշնամանք: Սիրելի՛ հայրենակիցներ, Մեզ հիմա առավել, քան երբևէ անհրաժեշտ է համերաշխություն ու համախմբում, հարգանք իրար արժանապատվության ու խոսքի նկատմամբ՝ անկախ քաղաքական կամ այլ հայացքներից: Քաղաքացիներին խնդրում եմ ձեռնպահ մնալ ցանկացած այնպիսի խոսք ասելուց ու առավել ևս տարածելուց, որը պարունակում է ատելություն ու վիրավորական արտահայտություններ. նման նյութերը միայն ավելացնում են երկրում լարվածությունը, կարող են հանգեցնել բռնության: Հանրապետության հրապարակում նման տեսանյութի ցուցադրման համար պատասխանատու մարմնի կամ պաշտոնյայի հարցով՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան կզբաղվեմ անպայման: Ըստ այդմ, բոլոր այն անձանցից, ովքեր զբաղեցնում են պետական կամ հանրային այլ պաշտոն, խստորեն պահանջում եմ լինել զգոն սեփական արարքներում ու հատկապես հանրային խոսքում. ոչ աշխատանքային ժամերը կամ օրերը պաշտոնյայի համար ոչ իրավաչափ արարքների արդարացում լինել չեն կարող: Դուք պարտավոր եք կատարել բացառապես այն գործառույթները, որոնք ձեզ վերապահված են Սահմանադրությամբ, օրենքով կամ այլ իրավական ակտով: Դուք ունեք իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված եք այդ կարգավիճակի սահմաններով: Ցանկացած շեղում կարող է առաջացնել իրավական պատասխանատվություն: Հ.Գ. Մեկ հստակ արձանագրում բոլորի համար. Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը քաղաքացիների կամ մասնավոր անձանց նկատմամբ ուղիղ ազդեցությամբ չի տարածվում: Մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանում է քաղաքացուն պետությունից, այլ ոչ թե պետությանը քաղաքացուց»:
09:34 - 13 նոյեմբերի, 2020
Մենք պարտավոր ենք անդադար աշխատանքով ադրբեջանական վայրագությունների համար պատասխանատվության հարցերը հասցնել մինչև վերջ․ ՀՀ ՄԻՊ

Մենք պարտավոր ենք անդադար աշխատանքով ադրբեջանական վայրագությունների համար պատասխանատվության հարցերը հասցնել մինչև վերջ․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի զինված ուժերն Արցախում կատարել են պատերազմական հանցագործություններ։ Նրանք կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ Արցախի ու Հայաստանի քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Արգելված զինատեսակներով ավերել են խաղաղ գյուղեր ու քաղաքներ, մանկապարտեզներ ու դպրոցներ, կրոնական ու մշակութային օջախներ: Մեր հայրենակիցների նկատմամբ կատարվել են խոշտանգումներ ու դաժանություններ միայն այն բանի համար, որ նրանք էթնիկ հայ են։ Ու այդ ամենը նրանք կատարել են բացառիկ ցինիզմով ու տեռորիստական մեթոդներով՝ կյանքի, առողջության, արժանապատիվ վերաբերմունքի, սեփականության ու շատ այլ իրավունքների ամենակոպիտ խախտումներով: Էթնիկ զտումների ու ցեղասպանության այս քաղաքականությունն ուղեկցվել է էթնիկ հայերի նկատմամբ խորքային ատելության ու թշնամանքի համակարգված քարոզի պայմաններում։ Մենք ուղղակի պարտավոր ենք անդադար աշխատանքով այս վայրագությունների համար պատասխանատվության հարցերը հասցնել մինչև վերջ՝ յուրաքանչյուրս մեր գործով: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի առավելագույն իրավական հնարավորություններով հիմա էլ շարունակվում են բոլոր աշխատանքները, չպետք է կանգնել ոչ մի օր ու ժամ:
00:45 - 13 նոյեմբերի, 2020
ՄԻՊ-ի անմիջական ղեկավարությամբ այսօր Պաշտպանի աշխատակազմում գործել է 9 աշխանքային խումբ՝ կապված հավաքների հետ

ՄԻՊ-ի անմիջական ղեկավարությամբ այսօր Պաշտպանի աշխատակազմում գործել է 9 աշխանքային խումբ՝ կապված հավաքների հետ

Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ղեկավարությամբ այսօր Պաշտպանի աշխատակազմում գործել է 9 աշխանքային խումբ՝ կապված հավաքների հետ։ 6 խումբ այցեր է իրականացրել Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ, ինչպես նաև Ձերբակալվածների պահման վայր: 1 խումբ իրակացրել է հավաքների դիտարկումներ հավաքների վայրերում ֆիզիկական ներկայությամբ , իսկ ևս 1 խումբ՝ դիտարկումն իրականացրել է լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով։ 1 այլ խումբ էլ իրականացրել է իրավական վերլուծության աշխատանքներ։ Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել բերված կամ ձերբակալված 60 անձի հետ։ Նրանցից 51-ը բերման են ենթարկվել վարչական իրավախախտում, իսկ 9-ը քրեորեն պատժելի արարք կատարելու կասկածանքով: Այցերի արդյունքներն ամփոփման փուլում են:
23:47 - 12 նոյեմբերի, 2020
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է է ՀՀ ոստիկանություն և ԱԱԾ այցի արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է է ՀՀ ոստիկանություն և ԱԱԾ այցի արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն նոյեմբերի 11-ին կատարած այցերի արդյունքները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից «Այսօր վաղ առավոտից ինչպես Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ, այնպես էլ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն, այդ թվում՝ Երևանի Ազատության հրապարակից մարդկանց բերման ենթարկելու առնչությամբ: Այս հարցերով Պաշտպանի աշխատանքները շարունակվում են: Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են իրավապահ մարմինների կողմից ռազմական դրությանը վերաբերող օրենքների և Կառավարության որոշման պահանջների կիրառության, դրանց նկատմամբ միատեսակ մոտեցման հարցերը: Դրանից բացի, անհրաժեշտ է խստորեն պահպանել բերման ենթարկելու ընթացակարգն ու անձի իրավունքների ապահովման սահմանադրական պահանջները: Ի գիտություն են ընդունվել իրավապահ մարմինների պարզաբանումներն առ այն, որ նախաձեռնված են քրեական վարույթներ Քրեական օրենսգրքի 225.1-րդ և 307.1-րդ հոդվածներով, որոնք համապատասխանաբար վերաբերում են օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելուն և անցացնելուն, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելուն: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ նշված քրեական վարույթները, ինչպես նաև այդ վարույթներով կոնկրետ անձանց իրավունքների պաշտպանության հարցերն իր անմիջական ուշադրության ներքո են: Երեկ ու այսօր տեղի են ունեցել նաև Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդակցությունները Պաշտպանության նախարարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և իրավապահ մարմինների ղեկավարների հետ: Ակնհայտ է, որ ճակատագրական օրերին մեր երկրին անհրաժեշտ է համերաշխություն ու համախմբվածություն: Մեր յուրաքանչյուր քայլ այս օրերին առավել, քան երբևէ պետք է ուղղված լինի երկրում կայունության ապահովմանն ու պետականության ամրապնդմանը, պետք է բխի մեր հերոս զինվորների կյանքի ու առողջության պաշտպանության նպատակից: Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է իր լիազորությունների գործադրումը կարգավիճակի առավելագույն հնարավորություններով ՝ բոլոր հարցերին հավասար մոտեցմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
19:23 - 11 նոյեմբերի, 2020
Պետք է ուղղակի բացառել իրար նկատմամբ բռնության որևէ դեպք, պետք է բացառել անգամ բռնության որևէ կոչ․ ՀՀ ՄԻՊ

Պետք է ուղղակի բացառել իրար նկատմամբ բռնության որևէ դեպք, պետք է բացառել անգամ բռնության որևէ կոչ․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այս դժվար օրերին պետք է ուղղակի բացառել իրար նկատմամբ բռնության որևէ դեպք, պետք է բացառել անգամ բռնության որևէ կոչ կամ հնարավորություն։ Դա միայն ավելացնում է լարվածությունը: Այս ճակատագրական օրերին մեզ առավել, քան երբևէ անհրաժեշտ է համերաշխություն ու համախմբվածություն: Անընդունելի, դատապարտելի է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ կիրառված բռնությունը ու այն էլ, ինչպես նշված է, այն պայմաններում, երբ երեխան է եղել մեքենայի մեջ: ՀՀ ԱԺ նախագահին մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Դատապարտելի է այն, որ հարձակման է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակը: Ինչպես վկայում են այս պահի տվյալները, տեղի է ունեցել լրատվամիջոցի գույքի ու տեխնիկայի նկատմամբ հարձակման փորձ, ինչպես նաև ըստ այս պահի տվյալների՝ հարձակում է եղել լրատվամիջոցի աշխատակիցների վրա: Բացի այն, որ նման արարքները օրենքով արգելված են, այս դժվար օրերին լրատվամիջոցները կարևորագույն գործառույթներ են կատարում: Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք ամեն պահ, որ մենք ունենք պետություն, որտեղ գործում են օրենքներ ու մեր պետությունում կան պատասխանատու մարմիններ, որոնք պարտավոր են գործել այդ օրենքներին ու իրավունքին համապատասխան: Մեր այդ պետականությունն են հիմա պաշտպանում մեր հերոս զինվորները սահմանին: Աստված պահապան մեր ժողովրդին, Հայաստանին ու Արցախին»։
06:59 - 10 նոյեմբերի, 2020