Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Պետք է ապահովենք Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ. կայացել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ

Պետք է ապահովենք Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ. կայացել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ողջունելով Ռուսաստանի ԱԳ նախարարին՝ վարչապետ Փաշինյանը նշել է․«Հարգելի Սերգեյ Վիկտորի, թույլ տվեք ողջունել Ձեզ Երևանում։ Այսօր մենք ընդլայնված կազմով քննարկեցինք բոլոր այն հարցերը, որոնք կան մեր օրակարգում։ Իհարկե, մեզ համար հիմա ամենագլխավոր հարցն այն իրավիճակն է, որն ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում։ Մենք պետք է որոշումներ ընդունենք շատ հարցերի վերաբերյալ, և ամենագլխավորը հարցի հումանիտար կողմն է՝ մենք պետք է ապահովենք Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ։ Իհարկե, արդեն հիմա նկատվում է Արցախի բնակիչների՝ իրենց տներ վերադառնալու բավական լավ դինամիկա։ Եվ փաստացի ռուսաստանցի խաղաղապահները գտնվում են բոլոր նախանշված վայրերում, նրանք արդեն ապահովում են անվտանգությունը։ Դա շատ կարևոր գործոն է, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը։ Բայց կան նաև հարցեր, որոնք լուծված չեն, բաց են մնում՝ հետագայում ինչպե՞ս ենք ապահովելու մի քանի շրջանների բնակիչների վերադարձի իրավունքի կիրառումը, ո՞վ է ապահովելու մեր հայրենակիցների անվտանգությունը, ինչպե՞ս է դա իրագործվելու։ Դրանք, իհարկե, հարցեր են, որոնք գտնվում են մեր օրակարգում։ Մենք պետք է քննարկենք և որոշումներ ընդունենք այդ կապակցությամբ»։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր խոսքում նշել է․ «Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար։ Մեր պատվիրակությունը ժամանել է Երևան՝ Ձեր և նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ պայմանավորվածության շրջանակում, այն նպատակով, որպեսզի ամբողջական անդրադարձ արվի մեր համագործակցության, մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների բոլոր ուղղություններին։ Եվ, իհարկե, առաջին պլանում այն հարցերն են, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հնարավորություն է տալիս լուծել այդ հարցերը այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք արձանագրվել էին երեք ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթում։ Առաջին հերթին դա վերաբերում է փախստականների վերադարձին և ներկայիս իրավիճակի հումանիտար բոլոր հարցերի լուծմանը։ Մենք հավատարիմ ենք դրան, Դուք արդեն ասացիք։ Շնորհակալ ենք մեր խաղաղապահների կողմից իրականացվող դերակատարությանը Ձեր բարձր գնահատականի համար, որը կարևոր է ոչ միայն անվտանգության ապահովման տեսանկյունից՝ որպես նրանց մանդատի գլխավոր բաղկացուցիչ, այլ նաև մշտական աջակցության տեսանկյունից` այն մարդկանց, ովքեր վերադառնում են, ովքեր հումանիտար օժանդակության կարիք ունեն։ Եվ ի լրումն խաղաղապահների դերակատարությանը՝ միջգերատեսչական կենտրոնը, որն ստեղծվում է նախագահ Պուտինի հրամանով և արդեն սկսում է իր աշխատանքները, նույնպես կոնկրետ զբաղվելու է բոլոր այս հարցերով։ Ինչպես Ձեզ արդեն ներկայացրեցի, մենք ակտիվորեն ներգրավում ենք ՄԱԿ-ի համակարգի միջազգային կազմակերպություններին, խրախուսում ենք նրանց, որպեսզի ավելի ակտիվ, ավելի նախաձեռնողական կերպով օգտագործեն իրենց հնարավորություններն այդ տարածաշրջանի բնակիչների համար։ Ակտիվորեն պաշտպանում ենք նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որն աշխատում է, այդ թվում՝ Ղարաբաղում։ Այս այցի ընթացքում կդիտարկենք նաև մեր հարաբերությունների ողջ համալիրը՝ Ռուսաստանի կառավարության պրոֆիլային փոխվարչապետերի գծով, առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարների գծով։ Դուք արդեն հանդիպել եք Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ, Երևանում է նաև «Ռուսաստանի երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենը։ Համոզված եմ, որ այս ճյուղային բանակցությունների արդյունքներով կունենանք դրական և համալիր պատկեր, որն առաջ կմղի մեր հարաբերությունները և որը, ինչը և մենք անկեղծորեն ցանկանում ենք, կպաշտպանի Ձեր նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստանում իրավիճակի կայունացմանը և Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրների լուծմանը»։ Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։
14:22 - 21 նոյեմբերի, 2020
ՌԴ-ն վերահաստատում է աջակցությունը եղբայրական հայ ժողովրդին. վարչապետն ընդունել է ՌԴ կառավարական պատվիրակությանը

ՌԴ-ն վերահաստատում է աջակցությունը եղբայրական հայ ժողովրդին. վարչապետն ընդունել է ՌԴ կառավարական պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի կառավարական պատվիրակությանը` Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՌԴ կառավարության նախագահի տեղակալներ Ալեքսեյ Օվերչուկը և Ալեքսեյ Նովակը, Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Դաշնային անվտանգության ծառայության 5-րդ ծառայության ղեկավար Սերգեյ Բեսեդան, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում Դաշնային վերահսկողական ծառայության ղեկավար Աննա Պոպովան, ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, Ֆինանսների նախարարի տեղակալ Թիմուր Մաքսիմովը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ «Ողջունելով ՌԴ կառավարական պատվիրակությանը` վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի Սերգեյ Վիկտորի, հարգելի գործընկերներ, ջերմորեն ողջունում եմ ձեզ Երևանում: Ցանկանում եմ ընդգծել, որ շատ բարձր ենք գնահատում ձեր ներկայությունը մեր երկրում: Դա շատ կարևոր է մեզ համար ոչ միայն շարունակելու, այլ նաև հաշվի առնելով ընթացիկ իրավիճակի յուրահատկությունը` ամրապնդելու մեր կապերը, փոխգործակցությունը, որպեսզի հաղթահարենք այն իրավիճակը, որը ստեղծվել է մեր երկրում և ընդհանրապես տարածաշրջանում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսաստանցի գործընկերներին այն աջակցության համար, որը նրանք ցուցաբերել են ոչ միայն ռազմական ճգնաժամի, այլ նաև կորոնավիրուսի ընթացքում: Կարծում եմ` բոլորս այս ժամանակահատվածում, հատկապես վերջին ամիսների ընթացքում զգացել ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը և այն բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները, որոնք մեր երկրների միջև ավանդաբար առկա են: Մենք ունենք քննարկման բավականին մեծ օրակարգ, վստահ եմ` կգանք բավականին շատ հարցերի լուծման ոչ միայն ընթացիկ, այլ նաև ռազմավարական բնույթի, որովհետև մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը փոխվել է` հաշվի առնելով հայտնի հանգամանքներն ու իրադարձությունները: Կարծում եմ` մենք պետք է նորովի դիտարկենք մեր ռազմավարական տեսլականը մոտակա և ռազմավարական ապագայի համատեքստում: Կարծում եմ, այս առումով մենք ունենք ընդհանուր հայացքներ և ծրագրեր ու այսօրվա բանակցությունների ընթացքում պետք է դրանք հստակեցնենք: Շնորհակալ եմ»: Իր հերթին, Սերգեյ Լավրովը հավելել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, հարգելի գործընկերներ, առաջին հերթին ցանկանում եմ Ձեզ փոխանցել նախագահ Պուտինի, կառավարության նախագահ Միշուստինի ջերմ ողջույններն ու լավագույն մաղթանքները: Մենք այստեղ ենք գտնվում Վլադիմիր Վլադիմիրիի որոշմամբ, Դուք նրա հետ քննարկել եք մեր այսօրվա հանդիպումների օրակարգը, նաև այդ մասին խոսել եք Միխայիլ Միշուստինի հետ: Մենք շահագրգռված ենք, որ, ինչպես Դուք նշեցիք հարգելի Նիկոլ Վովայի, դիտարկենք մեր հարաբերությունների ողջ համալիրն այն բանից հետո, այն իրավիճակում, երբ նոյեմբերի 9-ին ձգձգվող բանակցություններից հետո ընդունվեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երեք առաջնորդների հայտարարությունը, որը վերջ դրեց արյունահեղությանը և իրավիճակի կայունացման հնարավորություն ստեղծեց իր բոլոր համատեքստերում, այդ թվում` հումանիտար: Գիտեք, որ մեր խաղաղապահներն ակտիվորեն զբաղվում են այդ պայմանավորվածության իրականացման ուղղությամբ, այդ թվում` հումանիտար աջակցության ցուցաբերման: Մենք այսօր կքննարկենք նաև հարցեր, որոնք կապված են հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման հետ: Այն ևս նոր կառույց է, ամբողջությամբ աշխատելու է քաղաքացիների կարիքների, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ: Կդիտարկենք նաև մեր տնտեսական փոխգործակցության ընթացիկ հարցերը, էներգետիկայի ոլորտում փոխգործակցությունը` համաձայն ծրագրի, որը մեր հայ գործընկերները պատրաստել են մեզ համար: Նաև ընդգծեմ, որ մենք ակտիվորեն աշխատում ենք միջազգային կազմակերպությունների հետ, ՄԱԿ-ի կառույցների հետ, ինչպիսիք են` փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը: Բոլոր այս կազմակերպությունների, նրանց ղեկավարների հետ կապ ենք հաստատել, և այսօր էլ պատրաստ ենք մտքեր փոխանակել այն մասին, թե ինչպես օպտիմալ կերպով կազմակերպենք նրանց ներդրումն այն հարցերի շուրջ, որոնք անհրաժեշտ է այսօր դիտարկել և կարգավորել: Մենք շնորհակալ ենք Երևանում ավանդական ջերմ ընդունելության համար, և վերահաստատում ենք մեր աջակցությունը եղբայրական հայ ժողովրդին: Իմ գործընկերները Ձեր թույլտվությամբ պատրաստ են ներկայացնել մեր մոտեցումները տնտեսական, էներգետիկ, հումանիտար փոխգործակցության ասպեկտներով, այդ թվում` մեր ընդհանուր ջանքերը կոնորանվիորսւի դեմ պայքարարքում»: Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր ոլորտներում մասնավորապես, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների, կոնորավիրուսի դեմ պայքարի և այլ ուղղություններով համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղին ցուցաբերվող ուղիղ հումանիտար աջակցությանը, ինչպես նաև պատերազմի հետևանքով դիերի և գերիների փոխանակման, հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերին: Ընդգծվել է դրանց հետևողականության կարևորությունը: Անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում հրադադարի պահպանման գործում Թուրքիայի դերին` Սերգեյ Լավրովը շեշտել է, որ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը գործելու է բացառապես հեռավար կերպով: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի և դրա կայունացման շուրջ համագործակցության վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Արցախում բնականոն կյանքի վերսկսումը և արցախցիների` հայրենի բնակավայրեր վերադառնալու հանգամանքը և նշել, որ ՀՀ կառավարությունն Արցախի կառավարության հետ իրականացնելու է ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնման հետևողական ծրագրեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
13:40 - 21 նոյեմբերի, 2020
Վարչապետը հանդիպում է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ

Վարչապետը հանդիպում է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ՌԴ պաշտպանության նախարարին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի Սերգեյ Կուժուգետովի, ողջունում եմ Ձեզ Հայաստանում: Սա շատ կարևոր այց է: Ցանկանում եմ նշել, որ պատերազմի ընթացքում մենք մշտապես զգացել ենք Ռուսաստանի Դաշնության, ՌԴ նախագահի, վարչապետի աջակցությունը, Ձեր անձնական աջակցությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ դրա համար: Իհարկե, պատերազմից առաջ էլ դժվարին ժամանակաշրջան էր, բայց հիմա ավելի բարդ ժամանակներ են, և մենք հուսով ենք, որ այս ընթացքում կկարողանանք խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, այդ թվում` անվտանգության ոլորտում, և ոչ միայն անվտանգության, այլև ռազմատեխնիկական համագործակցության: Այժմ, իհարկե, մեր տարածաշրջանում այլ ռազմաքաղաքական իրավիճակ է: Այն փոխվել է, և դեռ պետք է ուսումնասիրել այդ իրավիճակի բոլոր պարամետրերը: Եվ, իհարկե, վստահ եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական համագործակցության և եղբայրական բարեկամության ոգով առաջիկայում և ռազմավարական ապագայում մեր կապերը կշարունակեն խորանալ, մեր փոխգործակցությունը կլինի ավելի սերտ և ավելի ռազմավարական: Շնորհակալ եմ»: Իր խոսքում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհակալ եմ ընդունելության և հանդիպման համար: Մենք եկել ենք լիովին կոնկրետ, որոշակի խնդիրներով: Գիտեք, որ ստորագրված հայտարարությունից հետո ամենաարագ կերպով հրավիրեցինք ողջ խաղաղապահ զորակազմը, որի տեղակայումն ավարտել ենք երեկ չէ առաջին օրը: Այս օրերի ընթացքում տեղակայվել ենք գործնականում Ղարաբաղի ամբողջ տարածքում` 23 դիտակետով, վերահսկում ենք Ստեփանակերտ տանող ճանապարհը, Լաչինի միջանցքը և ապահովում ենք տեղաշարժը, այնտեղից հեռացած փախստականների վերադարձը: Հետագայում սպասվում է մեծ աշխատանք` այս անգամ, հուսով եմ, Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ: Մեր կողմից, իհարկե, գլխավոր խնդիրը արյունահեղություն թույլ չտալն է` խնդիր, որը մեր առջև դրել է մեր գերագույն հրամանատարը, և մենք, անկասկած, մտադիր ենք իրականացնել այն: Բացի այդ, մտադիր ենք քննարկել մեր խաղաղապահների հետագա կյանքին և աշխատանքին վերաբերող հարցեր, թե ինչ է անհրաժեշտ դրա համար: Եվ, բնականաբար, քննարկել բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են մեր համագործակցությանը` և՛ ռազմական, և՛ ռազմատեխնիկական ուղղությամբ: Մենք եկել ենք մեծ ծրագրով և հույս ունենք իրագործել այն: Շնորհակալ եմ»: Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
11:27 - 21 նոյեմբերի, 2020
Կարևոր է, որ նախարարությունը զարգանա՝ նոր ի հայտ եկած մարտահրավերները հաշվի առնելով. վարչապետը ներկայացրել է ԱԻ նորանշանակ նախարարին

Կարևոր է, որ նախարարությունը զարգանա՝ նոր ի հայտ եկած մարտահրավերները հաշվի առնելով. վարչապետը ներկայացրել է ԱԻ նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանին՝ կատարած աշխատանքի համար և նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է, որ ոլորտը և աշխատանքի բնույթը բոլորովին նոր է Անդրանիկ Փիլոյանի համար, քանի որ նա Արտակարգ իրավիճակների նախարարություն է տեղափոխվում բանակից. «Բայց, ըստ էության, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Փրկարար ծառայությունը նույնպես մեր Զինված ուժերի մասն են, և այդ առումով կարող ենք ասել, որ փոփոխությունն այդքան էլ մեծ չէ և նույնպիսի անելիքներ կան նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունում»: Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ պատերազմի ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները շատ ակտիվ դերակատարություն են ունեցել և շնորհակալություն հայտնել այդ դերակատարման համար և հավելել. «Կարևոր եմ համարում նաև, որ Փրկարար ծառայությունը, ընդհանրապես՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, հետագայում զարգանա՝ նաև մեր նոր ի հայտ եկած մարտահրավերները, մեր նոր կարիքները հաշվի առնելով, իհարկե հենվելով այն ամենի վրա, ինչն արդյունավետ կերպով գոյություն է ունեցել մինչև այս պահը»: Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ համատեղ աշխատանքի համար և նորանշանակ նախարարին հաջողություններ մաղթել ստանձնած պաշտոնում: «Երբ ինձ ներկայացնում էիք այստեղ նախարարի պաշտոնում, ես ասեցի, որ պատրաստ եմ ծառայելու Հայրենիքին և ժողովրդին. արել ենք մեր ուժերի ներածին չափով: Իսկապես շատ ծանր օրեր են եղել վերջին 8 ամիսը՝ համակարգն աշխատել է ժամացույցի նման», - իր խոսքում նշել է Ֆելիքս Ցոլակյանը: Անդրանիկ Փիլոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր վտահության համար և նշել. «Քանի որ նշված ոլորտն ինձ համար նորություն է, և ես բանակից եմ տեղափոխվում այստեղ, կարծում եմ, որ աշխատանքի ընթացքում այն լավը, այն դրականը, որ ունեցել եմ բանակում, կփորձեմ նաև ներդնել այստեղ, իսկ այն քայլը, որ պարոն Ցոլակյանի գլխավորությամբ արված է այս կառույցում, կփորձեմ մեկով կամ երկուսով ավելացնել: Ամեն դեպքում, ես այստեղ եկել եմ Ձեր հորդորով, միայն ու միայն մի պայմանով, որ ազգիս և մեր Հայրենիքին լինեմ օգտակար»:
10:42 - 21 նոյեմբերի, 2020
Կարևոր է, որ կարողանանք կառուցել նոր ռազմավարություն, որը հաջողություններ կբերի մեր բանակին. վարչապետը ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարարին

Կարևոր է, որ կարողանանք կառուցել նոր ռազմավարություն, որը հաջողություններ կբերի մեր բանակին. վարչապետը ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ կատարած աշխատանքի համար և Վաղարշակ Հարությունյանին հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ «Մենք պետք է լրջորեն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու ենք սխալվել և ինչ պետք է անենք այդ սխալներից հետևություններ անելու համար: Եվ, ընդհանրապես, ակնհայտ է, որ բանակի և Զինված ուժերի բարեփոխումների անհրաժեշտության առաջ ենք կանգնած: Եվ այլ հարց է, թե այդ բարեփոխումներն ի՞նչ տրամաբանությամբ պետք է ընթանան, ի՞նչ ժամանակացույցով պետք է ընթանան, ի՞նչ հարցերի պետք է անդրադառնան: Շատ կարևոր է, որ մեր բանակում և Զինված ուժերում եղած առողջ ու մրցունակ ավանդույթները, տրամաբանությունը չվնասելով՝ կարողանանք կառուցել նոր տրամաբանություն, նոր մարտավարություն, նոր ռազմավարություն, որը հաջողությունների կբերի մեր բանակին, մեր Զինված ուժերին: Որովհետև մեր երկրի անվտանգության երաշխավորը հենց Զինված ուժերն են, հենց բանակն է»,- ասել է վարչապետը: Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը իր խոսքում նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, մեարծարգո պարոն նախարար, ես արդեն հնարավորություն եմ ունեցել իմ հրապարակային խոսքում հայտնել իմ կարծիքը, իմ մոտեցումները: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում անձնակազմին, որի հետ անցկացրեցինք այս դժվարին օրերը: Ունենք խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում»: Դավիթ Տոնոյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել իր փորձը փոխանցել նորանշանակ նախարարին՝ այս շատ դժվարին ու բախտորոշ փուլում հաղթահարելու բոլոր խնդիրները: Նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վստահության համար և նշել, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել. «Իրավիճակը կապված է տարածաշրջանում Թուրքիայի գործունեության հետ, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության և պատերազմից հետո ստեղծված այն իրավիճակի հետ, որը մենք ունենք: Ես համոզված եմ, որ մենք սպայական կազմով, պահպանելով այն դրականը, ինչ որ ունեինք բանակում, կարճ ժամանակում կնախապատրաստենք, կգնահատենք արդյունքները, սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառները և կնախապատրաստենք բարեփոխումների նոր փաթեթ, որը Ձեզ կզեկուցենք»: Հանդիպման վերջում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ բոլորին հաջողություններ է մաղթել:
10:25 - 21 նոյեմբերի, 2020
ԵՊՀ գիտական խորհուրդը հայտարարություն է ընդունել, որով պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը

ԵՊՀ գիտական խորհուրդը հայտարարություն է ընդունել, որով պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը

ԵՊՀ գիտխորհուրդն ընդունել է հայտարարություն, որով պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ արհեստակցական կազմակերպության ղեկավար Արմեն Ավետիսյանը։ «ԵՊՀ գիտական խորհուրդը 48 կողմ, 5 դեմ և 8 ձեռնպահ ձայների համադրությամբ ընդունեց հայտարարություն՝ որով պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը»,-ասված է գրառման մեջ: Առցանց տեղի ունեցած նիստում այսօր գիտխորհրդի անդամները քննարկել են այսօրվա դրությունը և որոշել հանդես գալ հայտարարությամբ: Գիտխորհրդի օրակարգային հարցերի սպառումից հետո գիտական խորհուրդն անցավ երկրում ստեղծված իրավիճակի քննարկմանը: ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը նշեց, որ երկիրն այսօր գտնվում է ծանր դրության մեջ: Նրա կարծիքով, հայ ժողովուրդն առաջին անգամ է հոգեկան նման ապրումների մեջ Ցեղասպանությունից հետո, և համալսարանն այն կառույցն է, որ պետք է իր խոսքն ասի և սթափության կոչ անի: «Բանակը մեղավոր չէ, մեղավոր է քաղաքական ուժը, որը երկու տարվա ընթացքում չպատրաստեց բանակը և չկանխեց պատերազմը: Քաղաքական իշխանությունը պետք է ներողություն խնդրի և հեռանա»,- ասաց Մարատ Գրիգորյանը: ԵՊՀ արհեստակցական կազմակերպության ղեկավար Արմեն Ավետիսյանը նշեց, որ ինքն արդեն հանդես է եկել բաց նամակով, և ըստ էության՝ իր դիրքորոշումը պարզ է. «ԵՊՀ-ն ազգային կառույց է, որը մշտապես կանգնած է եղել արցախյան գոյամարտի ակունքներում: Երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵՊՀ-ն պետք է հայտարարությամբ հանդես գա, գնահատական տա գործող իշխանությունների, ինչպես նաև վարչապետի գործունեությանը: Բացի դրանից՝ ԵՊՀ-ն պետք է կոչով դիմի ժողովրդին։ Հայ ժողովրդին պարտության մատնած և կապիտուլյացիա ստորագրած վարչապետը պետք է հեռանա»: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի կարծիքով ևս համալսարանն անպայման պետք է հայտարարությամբ հանդես գա և կրավորական կեցվածք չընդունի. «Հայտարարության կառուցվածքը պիտի լինի իրավիճակի սթափ գնահատում, պատճառներ և առաջարկ: Վերջինս պետք է բխի իրավիճակի գնահատականից»: ԵՊՀ գիտխորհրդի անդամ Տաթևիկ Սողոյանի կարծիքով էլ հստակ է, որ կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած ղեկավարը պետք է հեռանա. «Դիվանագիտական դիլետանտիզմի և արկածախնդրության հետևանքներն ենք մենք հիմա քաղում»: ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանն իր խոսքում նշեց, որ բոլորը համակարծիք են, որ իշխանությունը պետք է հեռանա, գոնե այն տեսանկյունից, որ պարտված ղեկավարը դժվար կարողանա հետագայում առաջնորդել. «Չնայած ես չեմ համարում, որ իշխանությունները հող են հանձնել, այդ հողը մեզնից խլել են: Խլել են պատերազմով, իսկ որ պատերազմում մենք պարտվել ենք, մեղավոր չեն միայն իշխանությունները, մեղավոր ենք բոլորս, մեղավոր ենք 30 տարվա մեր գործունեությամբ և անգործությամբ»: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ այսօր տարբեր գիտնականների, մտավորականների և փորձագետների կողմից ձևավորվում են հարթակներ, որոնք ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծման տարբերակներ են առաջարկում. «Անխոս ԵՊՀ-ն ինքնին նման հարթակներից ամենաառաջնայինն է և ամենամեծ իրավունքը և պատասխանատվությունն ունի՝ արտահայտելու իր կարծիքը»: Նա հիշտակեց 90-ականներին մամուլում տեղ գտած հայտարարության մասին, որով ԵՊՀ-ն կոչով դիմել է ժողովրդին՝ բարձրաձայնելով ժամանակի խնդիրները. «Այսօրվա իշխանության սխալների մասին ես, ի տարբերություն շատերի, բարձրաձայնել եմ այն ժամանակ, երբ այն դեռևս ուժեղ էր: Կարծում եմ՝ այս իշխանության սխալներից մեկը հայագիտական առարկաների շուրջ մշակված հարձակումն էր, որին մեր գիտխորհուրդը հավանություն տվեց»: ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը փաստեց, որ ճիշտ կլինի դիտարկել երևույթը, այլ ոչ անձանց. «Միևնույն ժամանակ երևույթի քննարկումն ավելի կամրապնդի համալսարանի դերը հասարակության մեջ: Իմ խորին համոզմամբ, Հայաստանի տնտեսության զարգացումը հիմնված է լինելու ռազմարդյունաբերության վրա: Հետևաբար պիտի հասկանանք մեր անելիքը, համապատասխան քայլերի ձեռնարկումը»: ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանն ասաց, որ հայտարարության մեջ պետք է շեշտվի, որ այսօր Հայաստանին անհրաժեշտ է կայունություն: ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի կարծիքով նույնպես ԵՊՀ գիտխորհուրդը չի կարող անտարբեր մնալ ստեղծված իրավիճակի շուրջ, բայց և պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել՝ չբևեռվելով մի անձի, մի իշխանության, մի մտածելակերպի վրա. «Մեր հիմնական կորուստը, իմ համոզմամբ, մեր զոհերն են: Աշխարհում ամեն ինչ ունի իր գինը: Այս գինը, որ մենք վճարեցինք, արժե՞ր, դեռ ինչքա՞ն կարող էինք վճարել, մինչև վերջին հա՞յը»: Նրա համոզմամբ, պետք է պատասխան պահանջել բոլոր իշխանություններից, թե ինչ է արվել պատերազմը կանխելու համար. «Իմ կարծիքով, այս ամենը հետևանք է 1994 թ. Բիշքեկյան համաձայնագրի հաջորդ օրվանից սկսած: Արցախյան պատերազմը հարկադրված էր, որը մենք հաղթեցինք: Հաղթանականից հետո, իմ կարծիքով, մենք ամեն ինչ արել ենք, որ պատերազմը նորից սկսի: Ի դեպ, մենք՝ համալսարանն ընդհանուր առմամբ, ևս ոչինչ չարեց, որ պատերազմ չլինի»: Վահրամ Դումանյանի փաստմամբ, այսօրվա գերխնդիրը պետք է լինի հասարակության համախմբումը: Նրա կարծիքով, ցանկացած հեղափոխական իշխանություն դատապարտված է. «Այժմ պետք չէ անձնավորել, հասարակությանը բաժանել հայրենասերների և դավաճանների»: ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը նշեց, որ այսօր երկրում առկա է քաղաքական ճգնաժամ, որովհետև ԱԺ-ում աշխատանքներ են իրականցվում առանց ընդդիմության. «Ճգնաժամն ընթանում է նաև հասարակության մեջ: Առճակատման, հնարավոր բախումների մթնոլորտում համալսարանի հայտարարությունը պետք է ուրվագծի որոշակի ճանապարհային քարտեզ»: ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը փաստեց, որ մենք տասնամյակներ շարունակ հպարտացել ենք 90-ականների սկզբի հաղթանակով և շատ թեթև ենք վերաբերվել շատ քաղաքական գործիչների, ավելի կոնկրետ առաջին նախագահի զգուշացմանը, շատ թեթև ենք վերաբերվել Ադրբեջանի հոխորտանքներին, անտարբեր ենք եղել Թուրքիայի առաջ քաշած «մի ժողովուրդ, երկու պետություն» արտահայտությանը, անլուրջ ենք վերաբերվել փաստին, որ որևէ պետություն, այդ թվում՝ Հայաստանը, չի ճանաչել Արցախի անկախությունը: «Այս պատերազմն անսպասելի էր գուցե օրվա իմաստով, բայց որ այս պատերազմը պիտի լիներ, կամ զիջումները պետք է լինեին առանց պատերազմի, կամաց-կամաց ակնհայտ էր դառնում: Երբ շատ երկար ես վայելում հաղթանակի պտուղները, և չես պատրաստվում հաջորդ պատերազմին, ընդ որում՝ պատրաստվելն աշխատանքով, նյութական, ի վերջո պարտվում ես»,- ասաց Գեղամ Գևորգյանը: Նրա կարծիքով, անցյալ և ներկա իշխանությունները շատ թեթևամտորեն են վերաբերվել կրթության հարցերին, բոլորն արհամարհանքով են վերաբերվել գիտությանը: Նրա հավաստմամբ, ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը պատերազմին ձգտել չի նշանակում միայն, բոլոր առաջավոր տեխնոլոգիաներն առաջացել են այդ համալիրում: Այնտեղ են ծնվում նոր գաղափարները. «Պետք է ստեղծվեին ենթակառուցվածքներ, նյութական արտադրություն, անհրաժեշտ էին արդյունաբերական հզորություններ»: ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի համոզմամբ, եթե պիտի գա նոր իշխանություն և շարունակի նույն գործունեությունը, ապա ոչինչ չի փոխվի. «Եթե գալու է նոր իշխանություն, որը մտածելու է իր իշխանությունը պահելու մասին կամ զարգացման խնդիրներ չի դնելու, էլի նույն փոսի մեջ ենք լինելու»: Ներկայիս իշանությունը, Գեղամ Գևորգյանի կարծիքով, ունի մեղքի իր բաժինը. «Ես չէի ասի՝ միայն նրանք են մեղավոր, բայց նրանց օրոք է գրանցվել այս վիճակը: Ելքը մեկն է. կառավարության հրաժարական: ԱԺ-ն կձևավորի նոր կառավարություն: Ճիշտ կլինի առաջիկա կես տարում իրականացնել արտահերթ ընտրություն, ոչ այս պահին»: ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանն էլ դիտարկում արեց՝ նշելով, որ երկրի հիմնական հաջողությունները գրանցվել են այն ժամանակ, երբ եղել է տեխնոկրատ կառավարություն. «Կարծում եմ՝ այդ հանգամանքը պետք է ինչ-որ կերպ նշվի մեր հայտարարության մեջ»: Քննարկումների ավարտին որոշվեց կազմել հանձնաժողով, որը կներկայացնի հայտարարության տեքստի նախագիծ: Հանձնաժողովում ընդգրված են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ԵՊՀ աստվածաբության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:
17:17 - 20 նոյեմբերի, 2020
Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները․ ՀՀ վարչապետի խոսնակ

Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները․ ՀՀ վարչապետի խոսնակ

Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Կարծում եմ, որ Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Իսկ թե վարչապետին վերաբերյալ նրա հրապարակած փաստերը որքանով են հիմնավոր, բերեմ ընդամենը մեկ օրինակ:   Մովսես Հակոբյանը հայտարարել է, թե վարչապետը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչ սեպտեմբերի 30-ը որևէ հեռախոսազրույց չի ունեցել, մինչդեռ վարչապետի պաշտոնական կայքում հպարակված են վարչապետի և ՌԴ նախագահի միջև սեպտեմբերի 27-ին, սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հեռախոսազրույցների մասին մամուլի հաղորդագրությունները: Վերջիններս տարածվել են նաև ԶԼՄ-ներին: Ստորև ներկայացնում եմ հաղորդագրությունների հղումները. 1. https://www.primeminister.am/.../Nikol-Pashinyan.../ 2. https://www.primeminister.am/.../Nikol-Pashinyan.../   Վարչապետի հասցեին Հակոբյանի հնչեցրած մյուս մեղադրանքները ունեն ճշտության նույնպիսի աստիճան: Ամեն դեպքում, կարծում եմ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է քննեն պարոն Հակոբյանի արած բոլոր հայտարարությունները եւ դրանք պետք է հատիկ հատիկ պարզաբանվեն եւ գնահատականի արժանանան:   Լիազորված եմ տեղեկացնել, որ Հայաստանի վարչապետը իր հասցեին պարոն Հակոբյանի հնչեցրած բոլոր մեղադրանքները համարում է մտացածին ու անհեթեթ եւ ըստ պատեհության կանդրադառնա դրանց: Այդ հայտարարությունները ուսումնասիրվում են նաեւ վարչապետի նկատմամբ սուտ մատնություն անելու համատեքստում: Ուսումնասիրությունների արդյունքում այս կապակցությամբ նույնպես կկայացվի որոշում»:  
16:42 - 19 նոյեմբերի, 2020
Վարչապետը հրաման է արձակել կանգնեցնել լրահամալրումը եւ կամավորականներին ուղարկել առաջնագիծ պատերազմի երրորդ օրը․ Մովսես Հակոբյան

Վարչապետը հրաման է արձակել կանգնեցնել լրահամալրումը եւ կամավորականներին ուղարկել առաջնագիծ պատերազմի երրորդ օրը․ Մովսես Հակոբյան

«Ես մարգարե չեմ, որեւէ մեկը մարգարե չէ, որ կռահի՝ հակառակորդը այսպես է հարձակվելու, բայց բոլոր դեպքերում հաշվարկները պետք է արվեն վատագույնի դեպքում։ Պատերազմի ժամանակ եւ խաղաղ պայմաններում մեր ԶՈՒ-երի քանակը տարբեր է, մեր ԶՈՒ-երը պատերազմը վարում են ոչ միայն առկա ուժերով ու միջոցներով, այլ նաեւ լրահամալրում եւ զորահամալրում իրականացնելով։ Լրահամալրումն այսօր առկա զորամասերում թափուր պաշտոնների համալրումն է, որոնց ներդաշնակման համար ժամանակ պետք չէ,- այսօրվա ասուլիսի ընթաքցքում ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։  Հակոբյանի խոսքով՝ զորահամալրման համար ժամանակ է պետք, որ զինվորերը պատրաստվեն, ներդաշնակվեն՝ 5-7 օր։ «Մեր զորահավաքը չի կատարվել․ դրա պատասխանատուն երկրի ղեկավարն է, պաշտպանության նախարարը, զինկոմիսարիատը եւ տարածքային կառավարման նախարարը, ո՛չ ԳՇ պետը»,- ասաց նա։  Մովսես Հակոբյանը նշեց, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ Արցախում լրահամալրման պլանն իրականացվել է 78 տոկոսով, ՀՀ-ում 52 տոկոս։ Դա պիտի իրականացվեր 40 ժամվա ընթացքում։ «Այստեղ մի հանցագործություն է կատարվել, որ երկրի ղեկավարը կանգնեցրել է լրահամալրումը։ Դա շատ բարդ գործընթաց է, որի համար պետության, բոլորիս ջանքերն են պհանջվում։ Այստեղ ազնիվ պիտի լինենք, որ եթե քաղաքական իշխանությանը մեղադրում ենք, պիտի ասենք, որ զինվորականներն էլ ունեն որոշակի սխալներ՝ օբյետկիվ, սուբյետկիվ»,- ասաց նա։ Հակոբյանի խոսքով՝ օբյեկտիվն այն է, որ այնտեղ, որտեղ պիտի իրականացվեր լրահամալրում, հակառակորդը ենթարկել է լուրջ հրետակոծման, եւ ԱԹՍ-ները թույլ չեն տվել անձնակազմի ընդունման կետերը բացազատել ու լիարժեք կատարել։ Այստեղ հրամանատարները պիտի արագ որոշում կայացնեին, կետերը ու համալրման ձեւը փոխեին։ «Ինչ սխալ է եղել․ երկրի վարչապետը հրաման է արձակել՝ կանգնեցնել լրահամալրումը եւ կամավորականներին ուղարկել առաջնագիծ՝ պատերազմի երրորդ օրը։ Չեն կարող հերքել, որովհետեւ պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են սրա համար, այս գործառույթը չիրականացնելու համար, ձայնագրել են այդ խոսակցությունը»,- ասաց նա։ Հակոբյանի խոսքով՝  ինքն Արցախում է եղել, տեսել, որ կամավորական ջոկատները գալիս էին այնտեղ՝ առանց որեւէ սպառազինության ու հանդերձանքի։
16:36 - 19 նոյեմբերի, 2020
Մեր բոլոր անհաջողությունները սկսել են պատերազմին ԶՈՒ-ի նախապատրաստումից․ Մովսես Հակոբյան

Մեր բոլոր անհաջողությունները սկսել են պատերազմին ԶՈՒ-ի նախապատրաստումից․ Մովսես Հակոբյան

Պարտությունը կործանում չէ, այն նոր հաղթանակ կերտելու հնարավորություն է։ Պետք է գնահատես ու ճիշտ հետեւություններ անես։ Մեր պարտության առաջին մեծ պատճառը ղեկավարումն է։ Մեր բոլոր անհաջողությունները սկսել են պատերազմին ԶՈՒ-ի նախապատրաստումից։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ «Երբ ես ազատվել եմ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ես այդ պաշտոնից հեշտությամբ չեմ ազատվել, որովհետեւ վարչապետն իրավասու չէ ինձ այդ պաշտոնից ազատել, եւ ասել եմ, եթե հրամանը գրեք, ես բողոքարկելու եմ, պիտի հիմնավորեք՝ ինչու եք ինձ հանել, որովհետեւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու հիմքերը պիտի լինեն, նա նախարար չէ, վարչապետ չէ, ԳՇ պետի պաշտոնն ավելի լուրջ է։ Հիմնավորում եմ պահանջել վարչապետից, հինգ օր անընդհատ պահանջել եմ, եթե չկա՝ ապա ազատման դիմում չեմ գրելու, եւ չեմ գրել։ Հիմնավորումը բերել է, ես այն չեմ հնչեցնի, այն ինձ բավարարել է, ասել եմ՝ չեմ բողոքարկելու, նաեւ առաջարկել եմ պաշտոնյա, որը կարող է ինձ փոխարինել, եւ պատրաստ եմ եղել այդ պաշտոնյայի կողքին կանգնել»,- ասա նա։ Հակոբյանի խոսքով՝ ինքը չի ակնկալել, որ վարչապետն իր հետ պիտի խորհրդակցի, բայց վարչապետը կառավարության նիստում հայտարարել է, որ իրեն ազատել է, նշանակել այլ պաշտոնի, նոր ԳՇ պետին կնշանակի իր հետ քննարկմամբ, բայց այդպիսի զրույց չի եղել։ «Ես հասկացել եմ, որ վարչապետը հասկացել է ինձ։ Այդ օրը երեկոյան խնդիր կար 5-րդ բանակային կորպուսում, նախիջեւանյան ուղղություն եմ գնացել՝ պարզաբանելու, մինչ վերադառնալս իմացա, որ ԳՇ պետ է նշանակվել, իսկ ես ժամը 7-ին պիտի զեկուցեի իրավիճակի մասին։ Երբ իմացա՝ ով է նշանակվել, այսպիսի արտահայտություն եմ արել, որն ինքը չի կարող հերքել․ «Դուք ԳՇ պետ եք նշանակել ամենից անպատրաստ գեներալին»։ Խոսքն Արտակ Դավթյանի մասին է»- ասաց նա։ Մովսես Հակոբյանի խոսքով՝ այդ օրվանից սկսել է բանակի քանդման գործընթացը։ «Սա դավաճանություն չէ, սա անգրագիտություն է, պատերազմի արվեստին ու ղեկավարման համակարգին չտիրապետել է։ Այսօր բոլորը, որոնք կռվել են, տեսել են պրոբլեմները որտեղ են։ Ես վարչապետի սեղանին դրած փաստաթուղթ ունեմ, որտեղ գրված են բոլոր պրոբլեմները»,- նշեց նա։  
16:09 - 19 նոյեմբերի, 2020
Պետք է հետևություններ անենք տեղի ունեցածից և գանք ճիշտ եզրակացությունների. վարչապետը ներկայացրել է ԱԱԾ նորանշանակ տնօրենին

Պետք է հետևություններ անենք տեղի ունեցածից և գանք ճիշտ եզրակացությունների. վարչապետը ներկայացրել է ԱԱԾ նորանշանակ տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արմեն Աբազյանին: Վարչապետը նշել է, որ մեր պետությունն այժմ ապրում է բավականին դժվար և ծանր ժամանակներ, երբ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է կարողանա կատարել պետության ողնաշարի իր դերակատարումը:  «Համոզված եմ, այդպես էլ տեղի կունենա: Իհարկե այժմ ժամանակներ են, երբ մենք պետք է վերլուծենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու: Պետք է ասեմ, որ իմ եզրակացությունը շարունակում է մնալ նույնը: Մեզ համար ամենաբարդ և ամենամեծ խնդիրն այն է, որ մեր երկրում, այնուամենայնիվ, ցավոք, ինստիտուտների կայացման պատշաճ մակարդակի չենք կարողացել հասնել: Ըստ էության, 2018 թվականից հետո մենք պետական կառավարման համակարգից դուրս բերեցինք համակարգային կոռուպցիան և օլիգարխիան, բայց այս ընթացքում չկարողացանք նույնքան արդյունավետ արդեն իսկ այլ տրամաբանության մեջ գոյություն ունեցող համակարգեր ձևավորել: Սրա համար կային օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներ, որովհետև օրինակ՝ Ազգային անվտանգության ծառայության դեպքում ինձ համար ամենամեծ խնդիրը և մարտահրավերը եղել է այն, որ մի կողմից պետք է այնպես անել, որ համակարգը, կներեք այդ բառի համար, չջարդվի, մյուս կողմից, որ համակարգը համապատասխանի նոր ժամանակների մարտահրավերներին: Այս առումով, սա մի բարդ խնդիր է, որը մենք դեռ չենք լուծել և պետք է լուծենք: Ազգային անվտանգության ծառայության անունը լսելիս պետք է մարդիկ անկախ իրենց հայացքներից, աշխատանքի վայրից, բնույթից, կրթական ցենզից զգաստանան, ոչ թե ինչ-որ նեգատիվ կոնտեքստով, այլ հասկանալով, որ գործ ունենք պետական կարգի օրինականության, անվտանգության ապահովման մարմնի հետ, որն առաջին հերթին ապահովում է պետության անվտանգությունը, քաղաքացու անվտանգությունը և այսպես շարունակ: Բայց արդյոք այդ մակարդակը մեզ բավարարում է: Ես չեմ կարծում, որ մենք հիմա այդպիսի իրավիճակ ունենք, և մեր խնդիրն է հենց այս իրավիճակը նոր նշաձողի բարձրացնելը, այնպիսի նշաձողի բարձրացնելը, որ հենց դա տեղի ունենա մեր հանրային գիտակցության մեջ»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին՝ կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ նա բարդ շրջանում է ստանձնել պաշտոնը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ պարոն Քյարամյանի ներուժը կօգտագործվի մեր պետության կայացման հետագա գործընթացներում: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արմեն Աբազյանին՝ կատարած բարդ աշխատանքի համար, որովհետև նա էլ ավելի բարդ իրավիճակում է ստանձնել պաշտոնը: «Ուզում եմ պարոն Աբազյանին և բոլոր ներկաներին հաջողություններ մաղթել: Մենք պետք է հետևություններ անենք տեղի ունեցածից, խոսենք, քննարկենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու, ինչու է այդպես ստացվել: Պետք է կարողանանք գալ ճիշտ եզրակացությունների: Իհարկե, համոզված եմ, այն, թե ինչ տեղի ունեցավ և ինչու, ամենաշատ տեղեկատվությունը կենտրոնացած է հենց այս դահլիճում: Բայց շատ կարևոր է այդ տեղեկատվությունը կարողանալ մշակել, վերլուծել և դրանից հետևությունների հանգել, որովհետև այդ ինֆորմացիայի ահռելի ծավալը կարելի է ուղղակի ունենալ, բայց չկարողանալ, ի վիճակի չլինել ըմբռնել, ի վիճակի չլինել մշակել, ի վիճակի չլինել եզրակացությունների հանգել: Այնպես որ, մեզ շատ բարդ, ծանր աշխատանք է սպասվում, այդ թվում՝ հանրային և պետական անվտանգությունը պահպանելու իմաստով: Մենք պետք է այդ մարտահրավերը ընդունենք, դիմակայենք՝ որպես նպատակ ունենալով մեր պետության հզորացումը, որպես նպատակ ունենալով մեր պետության իրական ինստիտուտների կայացումը, որպես նպատակ ունենալով այնպիսի իրավիճակ ստեղծելը, երբ մեր պետական շահերի պաշտպանության մասին մեր հայտարարություններն ապահովագրված կլինեն կոնկրետ ինստիտուցիոնալ երաշխիքներով, որ մենք մեր դրած նշաձողերը կարողանանք հաղթահարել»,- ասել է վարչապետ Փաշինյանը: Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և ԱԱԾ աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար: «Ինձ համար մեծ պատիվ է ԱԱԾ համակարգում թեկուզ կարճ ժամանակահատված ծառայելը: Ցանկանում եմ նաև հաջողություն մաղթել պարոն Աբազյանին, շատ բարդ ժամանակահատվածում է ստանձնում այս կարևոր պաշտոնը: Վստահ եմ, որ պարոն Աբազյանը կհաջողի և Աստված թող պահապան լինի բոլորիս»,- ասել է Քյարամյանը: Իր հերթին, Արմեն Աբազյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին վստահության համար և նշել, որ գործընկերների հետ ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում կանոնավոր ձևով գործի Սահմանադրությունը: «Զբաղեցրած դիրքի ցանկացած պաշտոնյա անկախ իր պատկանելիությունից՝ անօրինականության դեպքում մեր կողմից արժանանալու է օրենքով սահմանված բոլոր պատիժներին: Եվ նաև ուզում եմ իմ գործընկերներին շնորհակալություն հայտնել սեպտեմբերի 27-ից սկսված և մինչև օրս տեղի ունեցող գործընթացներում իրականացրած հայրենասեր և բարձր պատասխանատվությամբ աշխատանքի համար»,- ասել է ԱԱԾ նորանշանակ տնօրենը:
13:01 - 19 նոյեմբերի, 2020
Այժմ ամենակարևորը հենց դիվանագիտական ճակատն է. վարչապետը ներկայացրել է ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանին

Այժմ ամենակարևորը հենց դիվանագիտական ճակատն է. վարչապետը ներկայացրել է ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաքին գործերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանին այս դժվարին ժամանակաշրջանում կատարած աշխատանքի համար: «Իհարկե, մենք գտնվում ենք չափազանց բարդ և ծանր մի ժամանակահատվածում, երբ եթե համարենք, որ ինչ-որ առումով ռազմական ծանրաբեռնվածությունը նվազում է, հայտնի հանգամանքների բերումով, դիվանագիտական ծանրաբեռնվածությունը համապատասխանաբար մեծանում է ու հենց դիվանագիտական ճակատն է հիմա ամենակարևորն ու ծանրաբեռնվածը: Այս առումով, հույս ունեմ, որ նորանշանակ նախարարը կկարողանա ողջ դիվանագիտական համակարգը համախմբել և կենտրոնացնել մեր ազգային ու պետական խնդիրները լուծելու համար: Հույս ունեմ, որ պարոն Մնացականյանը, ով մեծ հարգանք և հեղինակություն է վայելում համակարգում, կաջակցի այդ հարցում»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է խնդիրների ձևակերպումը, որովհետև, նրա խոսքով, երբեմն դրանք ձևակերպելիս ենք խնդիր ունենում: «Այս ամենը պետք է վերլուծվի, պետք է հետևություններ արվեն, պետք է չվախենանք այդ հետևությունների մեջ լինել համաձակ, լինել դաժան ինքներս մեր նկատմամբ, որպեսզի այս ամենից կարողանանք դուրս գալ ուժեղացած»,- նշել է վարչապետը և Արա Այվազյանին մաղթել հաջողություն հետագա գործունեության մեջ: Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության, համատեղ աշխատանքի համար և Արա Այվազյանին մաղթել հաջողություն: «Կասկած չունեմ, որ պարոն Այվազյանն ունի անհրաժեշտ ներուժ՝ ղեկավարելու ԱԳՆ-ն և առաջ տանելու մեր ազգային օրակարգն արտաքին քաղաքական ոլորտում: Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ պարոն վարչապետ, համակարգի նկատմամբ վստահության և այս տարիների ընթացքում այն աջակցության համար, որը մեզ թույլ տվեց էլ ավելի ամրապնդելու, պրոֆեսիոնալիզացնելու համակարգը: Կասկած չունեմ, որ ԱԳՆ ներուժը չափազանց ուժեղ է, որպեսզի այս պատասխանատու շրջանում լավագույնս առաջ տանի Հայաստանի ազգային օարակարգն ու պետական շահը: Նաև պարոն վարչապետ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այն կարևոր օրակարգի համար, որը Դուք առաջ եք տանում՝ Հայաստանի ժողովրդավարական հիմքերի ամրապնդման համար: Արտաքին քաղաքականությունն, ի վերջո, ներքինի շարունակությունն է և մեր դիվանագիտական ներուժն ու կարողություններն առավել հաջողված են, երբ մեր թիկունքն ամուր է ու մենք կարողանում ենք աշխարհում ներկայանալ որպես ամուր, ինքնավստահ պետություն և ժողովուրդ: Մենք այս շրջանում ևս անցնում ենք բավականին պատասխանատու շրջան և կասկած չունեմ, որ մեր ժողովրդի համար այս շրջանն անցնում է վճռականությամբ՝ մեր երկիրն ուժեղացնելու, ամրապնդելու և ապահովելու ազատ ու բարգավաճ կյանք Հայաստանում»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը: Իր հերթին, Արա Այվազյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին այս դժվարին պահին ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար: «Լինելով կադրային դիվանագետ՝ ես Ձեր այս որոշումն ընկալում եմ նաև որպես վստահություն Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նկատմամբ: Ձեր առաջարկի հիման վրա որոշումը կայացրել եմ որպես պետական ծառայող՝ լավ գիտակցելով պատասխանատվության ողջ բեռը, բայց միևնույն ժամանակ իմանալով, զգալով, որ մեր դիվանագիտական ընտանիքն անվերապահ աջակցություն է ցուցաբերելու և սատարելու է մեր այս նվիրական գործին»,- ասել է Այվազյանը: ԱԳ նորանշանակ նախարարի խոսքով՝ Արցախի հերոսական գոյամարտի շարունակությունը ռազմադաշտից հետզհետե տեղափոխվում է դիվանագիտական դաշտ և բոլորը լավ հասկանում են այն հսկայական պատասխանատվությունը, որ ունեն պետության, ժողովրդի և պատմության առաջ: «Դիվանագիտական բանակը, կենտրոնական ապարատը և մեր դիվանագտական առաքելությունները շարունակելու են առավելագույնս օգտագործել մեր ներուժը, 30-ամյա մասնագիտական փորձը, նվիրվածությունն ու վճռականությունը՝ ճակատագրական այս մարտհրավերներին դիմակայելու, ուղին հարթելու արժանապատիվ՝ արդյունավետ լուծումներ գտնելու համար: Ընդունված է ասել, որ դիվանագիտությունը հնարավորինի արվեստն է և երեկ, այսօր և վաղը մենք բոլորս արել ենք և անում ենք առավելագույնը, հնարավորինը: Վստահ եմ, որ այս փուլում էլ ձգտելու ենք անել անհնարինը: Պարոն վարչապետ, ուզում եմ Ձեզ, մեր ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Արցախին և Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին վստահեցնել՝ այստեղ յուրաքանչյուրը հասկանում է, որ իրենից է կախված մեր երկրի ներկան ու ապագան: Եվս մեկ անգամ շնորակալություն պարոն վարչապետ և Աստված մեզ օգնական»,- նշել է ԱԳ նախարարը: Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը բոլոր դիվանագետներին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ և ընդգծել պետական ինստիտուտների կայացման ու ամրապնդման կարևորությունը, որոնք կծառայեն պետության և ժողովրդի շահերին:
12:15 - 19 նոյեմբերի, 2020
Էդմոն Մարուքյանը ոստիկանություն հաղորդում կներկայացնի՝ ստացած սպառնալիքների հարցով 

 |armenpress.am|

Էդմոն Մարուքյանը ոստիկանություն հաղորդում կներկայացնի՝ ստացած սպառնալիքների հարցով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատրաստվում է ոստիկանություն հաղորդում ներկայացնել՝ ստացած սպառնալիքների հարցով:  Մարուքյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում: «Նոյեմբերի 10-ից սկսած` խայտառակ սպառնալիքներ ենք ստանում: Ես շարունակում եմ այդ սպառնալիքները ստանալ: Դրա մասին նաև իրավապահ մարմիններն են տեղեկացված»,-ասաց Մարուքյանը:  Նրա խոսքով՝ հաջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացվող ցույցի մասնակիցներից մեկը ևս սպառնացել է, թե Մարուքյանի տունը գրավելու են: «Այսօր հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու»,-նշեց խմբակցության ղեկավարն ու հավելեց, որ երեխաների, ընտանիքի անդամների համար սա լուրջ խնդիր է, հարազատները նայում և սարսափում են:
11:18 - 19 նոյեմբերի, 2020