Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Կադրային քաղաքականության թերությունները տեսանելի են նաև մեր կողմից. Արցախի նախագահն ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին

Կադրային քաղաքականության թերությունները տեսանելի են նաև մեր կողմից. Արցախի նախագահն ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին: Ինչպես տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների` Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, անվտանգության մարտահրավերների չեզոքացմանը, ինչպես նաև՝ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը վերաբերող բազմաթիվ հարցերի: Նախագահը նշել է, որ իշխանությունները պետք է համբերատար լինեն ու ըմբռնումով մոտենան Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանրության կողմից հնչող քննադատություններին` չնայած, որ հանրային հետաքրքրությունը հաճախ կլանում է հարցերի այնպիսի շրջանակ, որի մասին բարձրաձայնելը կամ տեղեկատվություն հրապարակելը սպառնում է ազգային անվտանգությանը, առնչվում է պետական գաղտնիքների շարքին, ի վերջո, հակադրվում է երկրի ներքին ու արտաքին քաղաքականության տակտիկական մոտեցումներին: Երկրի ղեկավարի խոսքով` Արցախի Հանրապետության քաղաքացիների` կարծիքն ազատորեն արտահայտելու սահմանադրական իրավունքի իրացման դրսևորումները հարգանքով են ընկալվում, սակայն նույնատիպ հարցերի վերաբերյալ հանրության տարբեր ներկայացուցիչներ կարող են տարբեր կարծիքներ ու մոտեցումներ ունենալ, հետևաբար, պետությունը պարտավոր է դրանց առնչությամբ ողջամիտ և հավասարակշռված որոշումներ ընդունել: Անդրադարձ է կատարվել նաև հանրային կյանքին առնչվող խնդիրներին, կադրային քաղաքականությանը, պետական կառավարման համակարգի թերություններին: «Մենք բարձր ենք գնահատում հաշվետվողականությունը և ուշադրությամբ հետևում ենք հանրության կողմից բարձրացվող յուրաքանչյուր խնդրի: Կադրային քաղաքականության թերությունները տեսանելի են նաև մեր կողմից, և մերօրյա սուղ պայմաններում միշտ չէ, որ հաջողվում է այդ ոլորտում հաղթահարել բոլոր խնդիրները», -մասնավորապես ասել է նախագահը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ իշխանությունները շարունակելու են հավատարիմ մնալ գործադիր իշխանության կազմում ըստ անհրաժեշտության փոփոխություններ կատարելու գործելաոճին և առաջիկայում ևս փորձելու են վերանայումներ կատարել՝ հաշվի առնելով կադրային քաղաքականության սկզբունքներն ու պարբերական փոփոխություններով կառավարման արդյունավետությունը նվազեցնելու անթույլատրելիությունը: Հանդիպման վերջում երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ Արցախի իշխանությունները շարունակելու են հավատարիմ մնալ հազարավոր քաջորդիների արյան գնով կերտված պետականության սյուներն ամրացնելու, Արցախի Հանրապետության Սահմանադրության պետականապահպան իրավահնարավորությունները կատարելագործելու, պետական իշխանության ձևավորման ու բնականոն գործունեության անխափան ընթացքն ապահովելու գործին:
17:39 - 02 սեպտեմբերի, 2022
ՀՀ-ն շարունակում է հանձառու լինել Արցախի բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովման և իրենց բնօրրանում անվտանգ ապրելու համար. ԱԳՆ

ՀՀ-ն շարունակում է հանձառու լինել Արցախի բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովման և իրենց բնօրրանում անվտանգ ապրելու համար. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ: «1991թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը։ Այս քայլն Ադրբեջանի ԽՍՀ կողմից հայերի դեմ էթնիկ զտումների քաղաքականության տրամաբանական հետևանքն էր, ինչի դրսևորումները առկա են նաև այսօր։ Հակառակ Ադրբեջանի իշխանությունների կողմից մշտապես հնչող այն հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր և Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր այլևս գոյություն չունի՝ փաստ է, որ Լեռնային Ղարաբաղում շարունակում են բնակվել շուրջ հարյուր քսան հազար հայեր, որոնք, որպես միջազգային հանրության անդամ, ունեն հավասար և անօտարելի իրավունքներ, և հակամարտությունը չի կարելի լուծված համարել, քանի դեռ չեն հասցեագրվել արցախահայության խորքային կարիքները։ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և իրավունքների երաշխավորումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարաժամկետ լուծումը՝ օգտագործելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փորձը և ներուժը, շարունակում են առանցքային լինել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու ճանապարհին։ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հանձառու լինել Արցախի բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման և իրենց բնօրրանում անվտանգ ապրելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
16:22 - 02 սեպտեմբերի, 2022
ԼՂ կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո է, մյուս բոլոր քննարկումներն իրականության հետ կապ չունեն. ՀՀ ԱԺ նախագահ

ԼՂ կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո է, մյուս բոլոր քննարկումներն իրականության հետ կապ չունեն. ՀՀ ԱԺ նախագահ

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախահայության լինելիության եւ իրավունքների պաշտպանության երաշխիքը Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունումն էր: Դրան հաջորդած երեք տասնամյակի ընթացքում արցախահայությանը պատուհասած սպառնալիքներն ու անվտանգության հարցերը, ցավոք, չեն դադարել: Երեք պատերազմների միջով անցած մեր հայրենակիցներն այսօր էլ բազում մարտահրավերների են բախվում: Վտանգներից կոփված կամքի, հայրենասիրության եւ իրենց հողում պատվախնդրորեն ապրելու շնորհիվ մեր եղբայրներն ու քույրերը յուրաքանչյուր պահի աշխարհին հիշեցնում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքի, անվտանգ միջավայրում երեխաներ մեծացնելու, խաղաղ ծերություն ունենալու մասին: Ներքին եւ արտաքին հարթակներում քննարկվող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո է, մյուս բոլոր քննարկումներն իրականության հետ կապ չունեն: Միջազգային գործընկերների հետ հանդիպումներում բարձրացրել ու շարունակելու ենք հիշեցնել, որ լուծված չեն 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրները, ոչնչացման եզրին է հսկայական մշակութային ժառանգություն եւ օրախնդիր է գերության ու պատանդության մեջ գտնվող մեր հայրենակիցների տունդարձը: Հավերժ փառք Արցախյան բոլոր պատերազմներում անձնազոհաբար նահատակված մեր հարազատներին եւ խոնարհում բոլոր նրանց, ովքեր վերապրել են պատերազմները: Մեր պատգամն է Լեռնային Ղարաբաղի հարցում հասնել երկարատեւ խաղաղության՝ հանուն արցախահայության իրավունքների եւ անվտանգության»:
13:22 - 02 սեպտեմբերի, 2022
Իրացրել ենք մեր վաստակած իրավունքը՝ վճռելու մեր սեփական ճակատագիրն ու պետական-իրավական կարգավիճակը. Արտակ Բեգլարյան

Իրացրել ենք մեր վաստակած իրավունքը՝ վճռելու մեր սեփական ճակատագիրն ու պետական-իրավական կարգավիճակը. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել:    «Սիրելի՛ հայրենակիցներ Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում,   Այսօր մեր պետական տոնացուցի կարևորագույն տոնն է, ազգային իղձի իրականացման վճռորոշ քայլի մարմնացումը: 1991 թ. այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:   Այդ պատմական որոշման միջոցով մենք իրացրել ենք մեր վաստակած իրավունքը վճռելու մեր սեփական ճակատագիրն ու պետական-իրավական կարգավիճակը՝ հետագա տարիներին հաստատելով ու պաշտպանելով ինքնորոշման իրավունքի կիրարկման ճշմարտացիությունը:   Ադրբեջանի հայահալած քաղաքականության դիմակայման և պատմական արդարության վերականգնման բարդ ու զրկանքներով լի երթի արդյունքում մենք ունենք Արցախի Հանրապետությունը, որն իր բացառիկ դերակատարմամբ կոչված է ծառայելու մեր ազգային նպատակներին՝ ի շահ հայոց պետականության ամրապնդման Արցախում ու Մայր Հայաստանում և հայ ժողովրդի հարատևման:   Բազմաթիվ մարտահրավերներով լի այդ ճանապարհին հաջողելու միակ հնարավորությունը մեր ավագների հռչակած նպատակներին ու արժեքներին հավատարմությունն անխախտ պահելն է, պետականության շարունակական ամրապնդումն ու դժվարություններին դիմակայելու վճռականության պահպանումը: Հեշտ լուծումներ այս պայքարում երբեք չեն տրվելու մեզ, բայց ես ավելի քան վստահ եմ, որ հաղթանակների ու պարտությունների միջով անցած մեր ժողովուրդը թանկ է գնահատում զրկանքներով ձեռք բերածը, կորցրածն ու պահպանածը:   Արցախը հայկական արդի ինքնության առանցքն ու պատվարն է, իսկ Արցախում ապրող ու արարող, Արցախի ցավով իրապես ապրող յուրաքանչյուր հայ՝ մեր ինքնության ու արժանապատիվ գոյության պահապանը: Ուստի, փախուստն ընտրված ուղուց ու դժվարություններից նշանակում է դասալքություն սեփական արժեքներից, ինքնությունից ու ապագայից:   Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր նահատակների վառ հիշատակի առջև, հրճվում ու հույսով լցվում մեր մանուկներով և ամուր պահում մեր պետականությունը: Ընտրությունը մեծ չէ. Արցախում ապրողների, Մայր Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցների ազգային ոգու, նպատակասլացության, հետևողականության, անտրտունջ ու անդադար աշխատանքի և պայքարի շնորհիվ ենք երաշխավորելու Արցախի հայկականությունը և հայոց պետականության հարատևումը:   Ուրեմն, ի՛ գործ և շնորհավո՛ր ԼՂՀ հռչակման 31-րդ տարեդարձը»,- նշված է ուղերձում:  
13:06 - 02 սեպտեմբերի, 2022
Արցախի արտաքին գործերի նախարարը որպես հիմնական զեկուցող կմասնակցի ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք կոնֆերանսին

 |armenpress.am|

Արցախի արտաքին գործերի նախարարը որպես հիմնական զեկուցող կմասնակցի ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք կոնֆերանսին |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում են Հայ դատի հանձնախմբից։ Այցի ընթացքում Արցախի արտաքին գործերի նախարարը քաղաքական խորհրդակցություններ կունենա, ներառյալ կոնգրեսական ճեպազրույցները, վերլուծական կենտրոնների կլոր-սեղան քննարկումները, համալսարանական դասախոսություններն ու հասարակական գործիչների հետ հանդիպումները: Նշվում է, որ Արցախի ԱԳ նախարարի այցը համընկնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի՝ դաշնային քաղաքականության վերաբերյալ սեմինարի հետ, որն անցկացվելու է ԱՄՆ մայրաքաղաքում: Դավիթ Բաբայանն Արցախի անվտանգության և անկախության մասին ելույթ կունենա ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի միջոցառմանը: Դավիթ Բաբայանը նաև որպես հիմնական զեկուցող հանդես կգա ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք կոնֆերանսի ընթացքում, որը կազմակերպվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ համագործակցությամբ: Կոնֆերանսը կկայանա սեպտեմբերի 19-ին: 
12:39 - 02 սեպտեմբերի, 2022
Այս օրը խորհրդանշում է իր իրավունքների և ազատությունների երաշխավորման համար Արցախի ժողովրդի պայքարի նշանակալից մի հանգրվանը. ՀՀ ՄԻՊ

Այս օրը խորհրդանշում է իր իրավունքների և ազատությունների երաշխավորման համար Արցախի ժողովրդի պայքարի նշանակալից մի հանգրվանը. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի իր գործընկերոջը Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:   «Հարգելի՛ պարոն Ստեփանյան,   Սիրելի՛ գործընկեր,   Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Արցախի ժողովրդին Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Այս օրը խորհրդանշում է իր իրավունքների և ազատությունների երաշխավորման համար Արցախի ժողովրդի պայքարի նշանակալից մի հանգրվանը, որին հաջորդում է սեփական հայրենիքում անձանց անվտանգ կյանքի ու արժանապատիվ գոյության, կրթության, սեփականության, տնտեսական, մշակութային և բոլոր այլ իրավունքների երաշխավորման ու ապահովման շարունակական մաքառման մեր ուղին։   Մարդու իրավունքները համընդանուր են և գործում են անկախ աշխարհագրությունից, դրոշներից ու սահմաններից, անկախ ազգությունից, էթնիկ, ռասայական, կրոնական պատկանելությունից կամ այլ հատկանիշներից։ Ահա այս արժեքների ու սկզբունքների վրա է խարսխված Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը։ Չափազանց կարևոր է անձամբ Ձեր առաքելությունը՝ միտված հակամարտության տևական չլուծման պայմաններում անձանց բոլոր իրավունքների և ազատությունների ապահովմանը։   Բարձր գնահատելով մեր երկու հաստատությունների առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ շնորհավորում եմ Արցախի Անկախության օրվա առթիվ և մաղթում խաղաղություն ու բարեկեցություն»,-նշված է շնորհավորական ուղերձում։
12:24 - 02 սեպտեմբերի, 2022
Առավել քան երբևէ, պետք է լինենք միասնական, համախմբված և ուժեղ. Ալեն Սիմոնյանի շնորհավորանքն Արցախի ԱԺ նախագահին

Առավել քան երբևէ, պետք է լինենք միասնական, համախմբված և ուժեղ. Ալեն Սիմոնյանի շնորհավորանքն Արցախի ԱԺ նախագահին

Արցախի Անկախության օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին: «Հարգելի՛ պարոն Թովմասյան, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից Ձեզ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին և ամբողջ արցախահայությանն եմ հղում իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Աշխարհաքաղաքական տեկտոնական ցնցումներին, ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար մենք, առավել քան երբևէ, պետք է լինենք միասնական, համախմբված և ուժեղ՝ հանուն սեփական հայրենիքի, պետականության, ժողովրդի ազատության ու անկախության պահպանման: Հավերժ փառք ու խոնարհում անկախության և պետականության պահպանման համար մարտնչած մեր քաջորդիներին, որոնք իրենց արյամբ են սրբագործել հայոց հողը: Պարոն նախագահ, վերստին շնորհավորելով այս նվիրական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արգասաբեր աշխատանք, իսկ Արցախի արարող ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»,- ասված է շնորհավորական ուղերձում:
10:11 - 02 սեպտեմբերի, 2022
Այսօր Արցախում համազգային ուրախության օր չէ այլևս, ինչպես տարիներ առաջ, քանզի անկախությունը վտանգված է․ Սերժ Սարգսյան

Այսօր Արցախում համազգային ուրախության օր չէ այլևս, ինչպես տարիներ առաջ, քանզի անկախությունը վտանգված է․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ, որում ասվում է․ «Այսօր ավանդական շնորհավորանքների, Արցախում տոնական հրավառության և համազգային ուրախության օր չէ այլևս, ինչպես տարիներ առաջ, քանզի անկախությունը վտանգված է, Արցախը դավադրորեն թիկունքից ծանր հարված ստացած, համայն հայության ջանքերով երեք տասնամյակ պահված ու փայփայված, հաղթանակած, անկախ և արժանապատիվ ապրող ու զարգացող Հանրապետության տարածքի զգալի մասը՝ թշնամուն հանձնված: Եվ քանի դեռ թշնամու առաջ տան դռները լայն ժպիտով բացող կեղծ խաղաղասերներն են Հայաստանում ու Արցախում մի ողջ ժողովրդի անունից և այդ նույն ժողովրդի թիկունքում որոշումներ կայացնում, բանակցություններ վարում ու երկիր ներկայացնում, Արցախի և նրա անվտանգության երբեմնի երաշխավոր Հայաստանի համար վտանգներն օրեցօր ավելի մտահոգիչ չափերի են հասնելու:Պետականաքանդ և ազգակործան կառավարիչներին օր առաջ հեռացնելը միայն կարող է այս օրհասական վիճակից երկիրը դուրս բերելու, արժանապատիվ բանակցություններ վարելու, գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն տալ: Այս պարզ ճշմարտությունը չհասկանալը կարող է կործանանար լինել և´ Արցախի, և´ Հայաստանի հանրապետությունների համար: Ես, մեր քաղաքական թիմը, համախոհներն ու աջակիցներն այս գիտակցումով ենք պայքարել և այսուհետ ևս պայքարելու ենք արտաքին ու ներքին թշնամու դեմ: Անկախության տոնը վերստին նշելու համար յուրաքանչյուրը պետք է առաջին հերթին իր ներսում սպանի անտարբերությունը, վախը, հուսահատությունը, հավատա սեփական ուժերին, արթնացնի հայի ազատատենչ ոգին, միանա համընդհանուր պայքարին և կրկին մեկ բռունցք դարձած տեր կանգնի անկախ և ազատ ապրելու մեր իրավունքին»:
09:50 - 02 սեպտեմբերի, 2022
Արցախի ժողովուրդը 31 տարի հետո էլ հավատարիմ է իր ընտրած ուղուն. Արայիկ Հարությունյան

Արցախի ժողովուրդը 31 տարի հետո էլ հավատարիմ է իր ընտրած ուղուն. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ: Դրանում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 2-ը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես ճակատագրական ու վճռորոշ օր: Ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունեց Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը՝ ի լուր աշխարհի ազդարարելով հայկական երկրորդ հանրապետության կազմավորման մասին: Պահը պատմական էր, ժողովրդի ազատ ու անկախ ապրելու որոշումը՝ անխախտ, կամքը՝ անկոտրում, ոգին՝ անպարտելի: Սակայն, միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան ժողովրդավարական պետություն կառուցելու մեր ճանապարհը լի էր անասելի փորձություններով ու դժվարություններով: 2020 թվականի 44-օրյա պատերազմը հայ ժողովրդի համար դարձավ մի նոր արհավիրք՝ խլելով մեր հազարավոր քաջազուն որդիների կյանքը, խեղելով բազմաթիվ ճակատագրեր: Մենք երախտապարտ ենք Հայրենիքի անկախության ու հայ ժողովրդի արժանապատիվ գոյության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր նահատակներին. խոնարհվում ենք նրանց պայծառ հիշատակի ու հպարտ հարազատների առջև: Մայր Հայրենիքի հետ Արցախի կապն այսօր ապահովում է «Լաչինի միջանցքի» նոր երթուղին, որի անվտանգությունը մեր Հանրապետության համապատասխան կառույցների հետ ապահովում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը: Մենք խորապես շնորհակալ ենք մայր Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին՝ մշտապես ցուցաբերվող զորակցության համար, Ռուսաստանի Դաշնությանն՝ Արցախում ստանձնած մեծ առաքելության համար, և բոլոր այն պետություններին, քաղաքական ու հասարակական գործիչներին, որոնք այս բոլոր տարիներին եղել են մեր կողքին՝ հավատարիմ մնալով արդարության, մարդասիրության ու ժողովրդավարության համամարդկային արժեքներին: Արցախի ժողովուրդը 31 տարի հետո էլ հաստատակամորեն ու վճռական հայտարարում է, որ, ի հեճուկս ժամանակի բոլոր փորձությունների, հավատարիմ է իր ընդունած որոշմանը, հավատարիմ է իր ընտրած ուղուն, որն անշրջելի է ու անխափան: Արցախը պետք է միշտ լինի կանգուն, լինի հայկական և շարունակի իր ընթացքը անկախության ճանապարհով»:    
09:43 - 02 սեպտեմբերի, 2022
Անտեղի են ԼՂ-ի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու հայտարարությունները․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Անտեղի են ԼՂ-ի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու հայտարարությունները․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության  հռչակման 31-ամյակի առիթով։ Ուղերձը ներկայացնում են ստորև․  «Սիրելի՛ ժողովուրդ,Սիրելի՛ հայրենակիցներ, 31 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանն ինքնորոշման իրավունքի կիրառմամբ որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման մասին։ Մեր հայրենակիցների այս որոշումը պատասխանն էր գոյութենական սպառնալիքի, որի դրսևորումներն էին Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը։ Այս որոշումը կայացվեց որպես երաշխիք արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության։ Անկախության հռչակագրին հաջորդեցին 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն, Արցախյան 1-ին պատերազմը, 4-օրյա պատերազմը, 44-օրյա պատերազմը։ Փաստը, որ Լեռնային Ղարաբաղում կամ դրա մի հատվածում շարունակում են ապրել մեր հայրենակիցները, մնաց նույնը։ Եվ նրանք իրավունք ունեն ապրել իրենց բնօրրանում՝ անվտանգ միջավայրում, որտեղ պաշտպանված կլինեն իրենց իրավունքները։ Ըստ էության, սրանում է կայանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը։ Անտեղին են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները, և ըստ այդմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, ինչի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային հանրության կողմից հաստատված և չչեղարկված մանդատ։ Միջազգային հանրությունը պարտավոր է ջանքեր գործադրել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրմանը և թույլ չտալ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը։ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովմանը, անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին։ Այսօր մենք մեր գնահատանքի խոսքն ենք ասում Լեռնային Ղարաբաղը մարմնավորող Մարդուն, և մեր խնդիրն է՝ խաղաղ, քաղաքակիրթ միջոցներով, բանակցային եղանակով ապահովել խաղաղ ապրելու և արարելու նրա անօտարելի իրավունքը:Այսօր մենք խոնարհումով ենք հիշում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության համար նահատակված մեր եղբայրներին ու քույրերին, և նրանց առաջ մեր պարտավորությունն է՝ ապահովել խաղաղ Լեռնային Ղարաբաղ, խաղաղ Հայաստան, խաղաղ Հարավային Կովկաս»: 
09:22 - 02 սեպտեմբերի, 2022
Որոշեցի հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ. Ռուբեն Վարդանյան

Որոշեցի հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ. Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին։ Նա ողջ աշխարհի հայությանը կոչ  է արել միանալու հանուն Արցախի պայքարին, քանի որ Արցախը համարում է «հայության  արմատներն ու հիմքը»։  «Մեզ՝ հայերիս համար հասել է գոյաբանական Սարդարապատի պահը։ Այն չենք զգում, ինչպես չենք զգում ճառագայթումը: Բայց եթե բոլորս միասին ուս ուսի չտանք, կկորցնենք այն, ինչ մեր հենարանն է», - ասել է Ռ. Վարդանյանը։ Նա ասել է նաև, որ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ որպես Հայաստանի քաղաքացի Արցախ գալու համար, «որովհետև այդպես է ճիշտ»։ Բացի այդ, Վարդանյանը դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով դադարեցնել զսպանակը սեղմել. «Մենք թույլ չենք տա, որ դուք աստիճանաբար այստեղից դուրս մղեք հայերին։ Դա անհնար է»։ Վարդանյանը շնորհակալություն  է հայտնել  ռուսաստանցի խաղաղապահներին Արցախում: «Կարծում եմ, այդ մանդատը պետք է ամրապնդվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք պատրաստ չենք լինի ինքներս լիարժեքորեն ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,-ավելացրել է նա: Վարդանյանը նաև համաշխարհային հանրության ուշադրությունն է հրավիրել 21-րդ դարում էթնիկ զտումների անթույլատրելիության վրա։ Ռուբեն Վարդանյանի սեպտեմբերի 1-ի տեսաուղերձը տեսագրվել է Արցախում, աշխարհի հնագույն ծառերից մեկի՝  ավելի քան 2000 տարեկան Տնջրի ծառի մոտ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Այս ձայնագրությունն անում եմ Արցախում՝ բացառիկ Տնջրի ծառի մոտ, որն ամբողջ աշխարհում հայտնի է որպես հնագույն ծառերից մեկը։ Այս ծառը կյանքի խորհրդանիշ է: Խորհրդանիշն այն բանի, որ, չնայած բոլոր հողմերին, կյանքը շարունակվում է, եթե կան արմատներ, որոնք պահում են ծառը: Արցախը համայն հայության արմատն ու հիմքն է։ Եվ այստեղ է ահա, որ ուզում եմ դիմել ձեզ հետևյալ խոսքով:   Ես որոշել եմ տեղափոխվել Արցախ։ Այսօր արցախցիները հոգեբանական ծանր ճգնաժամ են ապրում, վստահություն չունեն վաղվա օրվա նկատմամբ։ Երկու պատերազմ տարած և անկախության համար պայքարում իրենց հարազատներին ու մերձավորներին կորցրած արցախցիներն իրենց լքված ու մոռացված  են զգում։ Կարծում եմ, որ 2020 թվականի պատերազմից հետո մենք՝ ողջ աշխարհի հայերս, պարտավոր ենք արցախցիների հետ լինել։ Մենք պետք է նրանց աջակցենք ոչ միայն խորհրդանշական կերպով, այլև օգնենք գործնական աշխատանքով։ Սա հայության կենտրոնն է, որը մեզ համար միշտ եղել է իրական զորության վայր, և մենք չենք կարող թույլ տալ, որ այն ամենը, ինչ հազարավոր տարիներ ստեղծել են մեր նախնիները, մոռացության մատնվի։ Այդ պատճառով որոշեցի հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ։ Այս որոշումն ընդունելն  ինձ համար հեշտ չէր, բայց վստահ եմ, որ դա է ճիշտը։ Հուսով եմ՝ ռուս գործընկերներս ու ընկերներս իմ այս որոշումը կընդունեն ըմբռնումով՝ որպես իրենց բարեկամի որոշում։ Ուզում եմ դիմել Ռուսաստանին։ Ես շնորհակալ եմ, որ Ռուսաստանն այսօր ներկա է Արցախում, որի խաղաղապահները պաշտպանում են արցախցիների անվտանգությունը։ Կարծում եմ, որ խաղաղապահների մանդատը պետք է ամրապնդվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք պատրաստ չենք լինի ինքներս լիարժեքորեն ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: Ուզում եմ դիմել մեր հարևաններին, որոնք հաճախ շատ ագրեսիվ հռետորաբանություն են գործածում. ուզում եմ նրանց ասել՝ դադարեցրեք սեղմել զսպանակը։ Սա վտանգավոր ու անհեռատես ճանապարհ է, և կիրառվող ուժն անպայման մի օր բումերանգի պես ետ կհարվածի։ Պետք է հասկանաք, որ մենք՝ հայերս, թույլ չենք տա, որ Արցախում էթնիկ զտումներ տեղի ունենան։ Մենք թույլ չենք տա, որ հայերին աստիճանաբար դուրս մղեք այստեղից։ Դա անհնար է, քանի որ սա հայության պատմական հայրենիքն է, սա հայոց ինքնության բնօրրանն է։ Այստեղ Մեսրոպ Մաշտոցը հիմնել է իր առաջին դպրոցը, որտեղ երեխաները սովորել են հայերեն տառերը։ Սա այն վայրն է, որտեղ թաղված են հազարավոր տարիներ այստեղ ապրած հսկայական թվով հայերի նախնիները։ Ուզում եմ երախտագիտությունս հայտնել Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպաններին, որոնք չգնացին Շուշի ու Հադրութ՝  հստակ  նշելով, որ կարգավիճակը որոշված չէ։ Համոզված եմ, որ Արցախի ապագա կարգավիճակը կարող է որոշել միայն միջազգային հանրությունը, որտեղ անպայման պետք է ներկայացված լինեն բուն Արցախի բնակիչները և Ռուսաստանը, Ֆրանսիան ու Ամերիկան։ Ուզում եմ դիմել համաշխարհային հանրությանը։ Աշխարհում այսօր բազմաթիվ հակամարտություններ կան, և բոլորին անհանգստացնում են միայն նրանք, որոնք մոտ են իրենց սահմաններին։ Բայց այն, ինչ կատարվում է Արցախում, վերաբերում է բոլորին։ Սա պարզապես հինավուրց հող ու էթնոս չէ. սա քաղաքակրթության օրրաններից մեկն է, քրիստոնեության օրրաններից մեկն է: Եվ մշակութային, և էթնիկ զտումներն այստեղ անհնարին են ու աներևակայելի։ Այստեղ՝ այս հողի վրա, կան հսկայական թվով քրիստոնեական եզակի հուշարձաններ, ողջ մարդկության մշակույթի և ժառանգության եզակի հուշարձաններ։ Ի վերջո, այստեղ պարզապես մեծանում են երեխաներ, որոնք պետք է նախ ողջ լինեն, ապա նաև՝ առողջ, երջանիկ, ինչպես ուրիշ երկրներում ապրող իրենց հասակակիցները: Ուզում եմ դիմել իմ հայրենակիցներին։ Այսօր մենք կանգնած ենք գրեթե նույն իրավիճակի առջև, ինչ 100 տարի առաջ, երբ հայությունը, ուժերը հավաքած, առաց զենք ունենալու հրաշք գործեց՝ Սարդարապատում կանգնեցնելով թշնամուն։ Սարդարապատը սոսկ ճակատամարտ չէ, այն ազգի վերածննդի և ամենադժվար ու օրհասական պահին պաշտպանվելու կարողության խորհրդանիշն է։ Հիմա համայն հայության համար վրա է հասել գոյաբանական Սարդարապատը։ Նո'ր Սարդարապատը։ Այն ռազմական չէ, այլ նման է ճառագայթման, որը չես տեսնում ու չես զգում, և քեզ թվում է, թե ոչինչ չի կատարվում։ Իրականում սակայն ճառագայթումը ոչնչացնում է ապրող ամեն բան: Մենք պետք է արթնանանք։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է ամեն բան անի, որ կասեցնի այս աղետը, որը մահացու է լինելու՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում։ Երկու շաբաթ առաջ ես առաջարկեցի ստեղծել Արցախի անվտանգության և զարգացման ճակատ՝ համախմբելու համար բոլոր հոգատար մարդկանց, ողջ հայությանը։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ այդ ճակատը կապ չունի պատերազմի հետ։ Դուք ձեռնարկատե՞ր եք. մասնաճյուղ բացեք Արցախում։ Ուսանո՞ղ եք. եկեք աշխատելու որպես կամավոր: Ուսուցի՞չ եք, բժի՞շկ կամ իրավաբա՞ն. եկեք և առցանց խորհրդատվություններ անցկացրեք։ Լրագրո՞ղ եք կամ բլոգե՞ր: Եկեք գրելու և նկարահանելու, թե ինչպես է ապրում Արցախը։ Այսօր իշխանություններն ակնհայտորեն չունեն Արցախի խնդիրները լուծելու ռեսուրսներ կամ ցանկություն։ Միայն միասին, միավորված մեկ միասնական ճակատում, մենք կկարողանանք կասեցնել սողացող պատերազմը, որը շարունակվում է մի քանի տասնամյակ։ Միայն հզոր, զարգացած Արցախը, որտեղ մարդիկ հավատում են ապագային, կարող է դառնալ մի վայր, որտեղ երբեք չեն հնչի կրակոցներ։ Սեփական օրինակով ես ուզում եմ ցույց տալ, թե որքան կարևոր է Արցախն ինձ և բոլորիս համար։ Ես ուզում եմ կոչ անել բոլոր նրանց, ովքեր հավատում և լսում են իմ ասածները. միացե՛ք, մենք հարկավոր ենք Արցախին։ Մենք միասին պետք է ստեղծենք Արցախի զարգացման հստակ ծրագիր և դարձնենք իրականություն՝ համակարգված և մասնագիտորեն կյանքի կոչելով այն։ Հակառակ դեպքում կկորցնենք մեր ազգի հենարանը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Արցախը դառնա ուժեղ,  անվտանգ, զարգացած, երջանիկ,  դարձնել այն  հայության կենտրոն, ինչպես նաև  համաշխարհային  կենտրոններից մեկը: Եվ համոզված եմ, որ դրա համար մենք ունենք բոլոր հնարավորությունները, բոլոր ռեսուրսները, որովհետև մենք հայ ենք։ Ես հավատում եմ մեզ և վստահ եմ, որ մենք կարող ենք դա անել»:  
17:25 - 01 սեպտեմբերի, 2022
«Նահանջ» հրաման տալու համար ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել

«Նահանջ» հրաման տալու համար ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ զինվորական ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով գեներալ-մայոր Մ.Ա.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, զինվորականի՝ իր հեղինակությունը և գերակա դիրքն ընդգծելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականին սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։   Այսպես.   2020 թվականի սեպտեմբերի 28-ին ՊԲ N զորամասի պաշտպանության տեղամասում գտնվող, Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղության հատվածում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հրամանատարական դիտակետ հանդիսացող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն անցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ։ Նույն օրը յուրային ստորաբաժանումների կողմից կորցրած դիրքերն ազատագրելու ուղղությամբ իրականացված հակագրոհը ձախողվել է։   2020 թվականի սեպտեմբերի 29-ին յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրելու ուղղությամբ ձեռնարկվել է նոր հակագրոհի օպերացիա, որը պսակվել է հաջողությամբ. նույն օրը՝ ժամը 09։50-ին, յուրային ստորաբաժանումներին հաջողվել է հակառակորդին մեծ կորուստներ պատճառելով վերահսկողության տակ վերցնել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը և հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը։   Մասնավորապես, ոչնչացվել է հակառակորդի շուրջ 10 զրահատեխնիկա, նշված բարձունքում գտնվող հակառակորդի կենդանի ուժի հիմնական մասը՝ մի քանի տասնյակ զինծառայող, որպես ռազմավար վերցվել է երկու զրահափոխադրիչ։   2020 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, գեներալ-մայոր Մ.Ա.-ն, մոտեցել է նշված բարձունքն ազատագրած յուրային ստորաբաժանումներին և տեղեկանալով տիրող իրադրության մասին՝ առ այն, որ «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերը, հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը գտնվում են յուրային ստորաբաժանումների վերահսկողության տակ, հակագրոհի օպերացիայի արդյունքում հաջողվել է ոչնչացնել հակառակորդի հիմնական կենդանի ուժը, զրահատեխնիկան, չունենալով հակագրոհի օպերացիայում ընդգրկված վերոնշյալ ստորաբաժանումների անձնակազմին հրամաններ տալու լիազորություններ, չհանդիսանալով վերջիններիս ուղղակի կամ անմիջական պետը, չունենալով իր վերադասի կողմից նշված վայր այցելելու և որևէ մարտական առաջադրանք իրականացնելու լիազորություն և հրաման՝ անձնակազմին հրամայել է թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը և նահանջել՝ պատճառաբանելով, որ նույն վայրում արդեն իսկ պլանավորված է այլ օպերացիայի իրագործում:   Յուրային ստորաբաժանումները հրաժարվել են կատարել գեներալ-մայոր Մ.Ա.-ի կողմից տրված «նահանջ» հրամանը, որպիսի հանգամանքից վրդովված, վերջինս հրամայել է կապ հաստատել զորամասի հրամանատարի հետ, որից հետո ռադիոկապով վերջինիս նույնպես հրամայել է ենթակա ստորաբաժանումներին հանձնարարել թողնել «Արեգա» բարձունքը և նահանջել։   Ի պատասխան Մ.Ա.-ի կողմից տրված հրամանի՝ զորամասի հրամանատարը հակադարձել է՝ պատճառաբանելով, որ նպատակահարմար չէ նահանջել ազատագրած բարձունքից, քանի որ այդ պայմաններում հակառակորդը կզբաղեցնի գերիշխող դիրք և կստեղծվի յուրային ստորաբաժանումների շրջափակման մեջ հայտնվելու վտանգ։ Մինչդեռ, գեներալ-մայոր Մ.Ա.-ն, օգտագործելով զորամասի հրամանատարի նկատմամբ նախկինում անմիջական պետ հանդիսանալու հանգամանքը, իր՝ զինվորականի հեղինակությունը, պնդել և պահանջել է անհապաղ կատարել իր հրամանը՝ ավելացնելով, որ պաշտպանության խորքից է գալիս, իրավիճակին ավելի լավ է տիրապետում, որպիսի գործողությունների արդյունքում զորամասի հրամանատարը, վստահելով Մ.Ա.-ին և տվյալ պահին մեկ այլ վայրում գտնվելով մարտական գործողությունների ակտիվ շրջանում, ենթակա անձնակազմին հանձնարարել է կատարել վերջինիս հրամանը:   Գեներալ-մայոր Մ.Ա.-ի գործողությունների հետևանքով յուրային ստորաբաժանումները նահանջել են սկզբնական ելման կետ, հակառակորդն առանց դիմադրության առաջացել և նույն օրը՝ ժամը 23։00-ի դրությամբ, վերահսկողության տակ է վերցրել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը, ամրապնդել է իր ուժերն ու միջոցները, որտեղից դիտարկել է տվյալ գոտում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումների խորքն ու զարգացնելով հաջողությունները և ունենալով գերիշխող դիրք՝ գրոհներ է իրականացրել պաշտպանության բնագծի այլ մարտական դիրքերի ուղղությամբ, կրակի տակ է պահել հարակից մարտական դիրքերը: 2020 թվականի հոկտեմբերի 3-ին և 5-ին յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը հետ գրավելու նպատակով իրականացված հակագրոհները ձախողվել են, որոնց ժամանակ յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ:   2022 թվականի սեպտեմբերի 1-ին Մ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով (համապատասխանում է գործողՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասին):   Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար ս.թ. օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք էր ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն) և միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։   2022 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և Մ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ երկու ամիս ժամանակով։ Նախաքննությունը շարունակվում է։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:48 - 01 սեպտեմբերի, 2022
Մեծագույն ցանկությունս է, որ մեկնարկած ուսումնական տարին չընդհատվի հանկարծ. Արցախի ԱԺ նախագահ

Մեծագույն ցանկությունս է, որ մեկնարկած ուսումնական տարին չընդհատվի հանկարծ. Արցախի ԱԺ նախագահ

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ Հարգելի՛ ուսուցիչներ, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ ամենաջերմ շնորհավորանքներն եմ հղում բոլորիդ: Դժվարագույն ժամանակներ հաղթահարող Արցախի կրթօջախներում այսօր նորից հնչում  են առաջին զանգի ղողանջները՝ վկայելով արցախցու՝ Հայրենիքն ապրեցնելու անդրդվելի կամքի մասին, որովհետև հենց մանկաշատ հանրությունն է մեր հիմնասյունն ու ապագայի նկատմամբ հավատը: Մեծագույն ցանկությունս և մաղթանքս է, որ մեկնարկած ուսումնական տարին չընդհատվի հանկարծ, որ խաղաղ բացվեն բոլոր առավոտները և մտահոգողը լինի միայն դասաշատ առօրյան: Առանձնահատուկ սիրով եմ շնորհավորում բոլոր առաջինդասարանցիներին, կյանքի նոր փուլ մտնող առաջինկուրսեցիներին: Թո՛ղ հստակ լինեն ձեր քայլերը և հարթ լինի ընտրած ճանապարհը: Մեկ անգամ ևս լուսավոր ու խաղաղ օրերի հույսով և հավատով շնորհավորում եմ Գիտելիքի, գրի և դպրության տոն օրը: Առա՛ջ դեպի ուսումնառության հերթական շրջան»:
11:31 - 01 սեպտեմբերի, 2022