Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

ՄԻԵԴ-ը վերահաստատել է Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար կիրառված միջանկյալ միջոցը

ՄԻԵԴ-ը վերահաստատել է Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար կիրառված միջանկյալ միջոցը

Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանության համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջի հիման վրա սույն թվականի օգոստոսի 19-ին ՄԻԵԴ-ը վերահաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված և նույն թվականի նոյեմբերի 3-ին առավել ընդլայնած միջանկյալ միջոցը՝ նշելով, որ այն շարունակում է ուժի մեջ մնալ: Այդ մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից: ՄԻԵԴ-ը կողմերին հրավիրել է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտմանը, այդ թվում նրանց՝ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 8-րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքները վտանգի տակ դնելուց: ՄԻԵԴ-ը նաև արձանագրել է, որ ՀՀ կառավարության վկայակոչած իրադարձությունների, այն է՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ իրականացվող զինված հարձակումներ, Բերձոր և Աղավնո համայնքների բնակչության տեղահանման սպառնալիքներ, նկատմամբ կիրառելի է 2020 թվականի սեպտեմբերի 29-ի կայացված և մինչ օրս ուժի մեջ գտնվող որոշումը:
20:29 - 19 օգոստոսի, 2022
Թեև տարբեր կազմակերպությունների կողմից Արցախին տրամադրվել է աջակցություն, բայց միջազգային կարևոր հումանիտար կազմակերպություններին ուղղված մի շարք կոչեր, ցավոք, դեռևս կախված են օդում. Արցախի ՄԻՊ

Թեև տարբեր կազմակերպությունների կողմից Արցախին տրամադրվել է աջակցություն, բայց միջազգային կարևոր հումանիտար կազմակերպություններին ուղղված մի շարք կոչեր, ցավոք, դեռևս կախված են օդում. Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Մարդասիրության համաշխարհային օրվա կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել․ «Մարդասիրության համաշխարհային օրն ամենամյա հիշեցում է, որ պետք է գործել հանուն տառապանքների մեղմացման` անկախ մարդու ծագումից, համոզմունքից և այլ հանգամանքներից: Ամեն տարի Մարդասիրության համաշխարհային օրը համախմբում է մարդասիրության համակարգի գործընկերներին աջակցելու ճգնաժամից տուժած անձանց, նրանց գոյատևման, բարեկեցության և արժանապատվության համար: 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով երկրում աննախադեպ հումանիտար ճգնաժամ է ստեղծվել. հազարավոր զոհեր և հաշմանդամ անձինք` այդ թվում քաղաքացիական անձինք և երեխաներ, մոտ 40 000 բռնի տեղահանված անձ, ռազմագերիներ, որոնց մի մասը մինչ օրս անհայտ պայմաններում ապօրինի կերպով պահվում է Ադրբեջանում: Այս վիճակագրության հետևում կանգնած են անհատներ, ընտանիքներ, որոնց կյանքն ամբողջությամբ խարխլված է, իսկ ճակատագրերը` բոլորովին անորոշ: 2020թ. նոյեմբերի 10-ին զինադադարի մասին եռակողմ հայտարարությունը դադարեցրեց ռազմական գործողությունների ակտիվ փուլը, սակայն առաջ բերեց Ադրբեջանի կողմից անվտանգության և մարդու իրավունքների նոր կոպիտ խախտումներ, ինչպիսիք են` քաղաքացիական անձանց պատանդառություն և սպանության սպառնալիք, քաղաքացիական անձանց սպանության դեպքեր (որոնք դեռ մնում են անպատիժ), մարդասիրական լուրջ հետևանքներ առաջացնելու նպատակով քաղաքացիական ենթակառուցվածքների կանխամտածված խաթարում, տարբեր մեթոդներով Արցախի խաղաղ բնակչության ահաբեկման, հրադադարի պարբերաբար խախտման դեպքեր: Այս բոլորը ուղեկցվում են Ադրբեջանի նախագահի հրապարակային ելույթներում պետական մակարդակով վարվող հայերի դեմ ուղղված ատելության խոսքով: Արցախի Հանրապետության չճանաչվածության պատճառով Միացյալ ազգերի կազմակերպությունը և այլ միջազգային կազմակերպություններ չեն այցելում Արցախ` ուսումնասիրելու հրադադարի խախտման, միջազգային իրավունքի ոտնահարման դեպքերը կամ տրամադրելու մարդասիրական օգնություն: Թեև տարբեր անհատների և կազմակերպությունների կողմից Արցախին տրամադրվել է աջակցություն, այնուամենայնիվ, միջազգային կարևոր հումանիտար կազմակերպություններին ուղղված մի շարք կոչեր, ցավոք, դեռևս կախված են օդում: Շատ կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը գիտակցի հետպատերազմյան Արցախի մարդասիրական խնդիրների սրությունը և ստիպի Ադրբեջանին հետ կանգնել իր ագրեսիվ պահվածքից և Արցախը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունից, որը հանգեցնում է արդեն իսկ դժվար մարդասիրական իրավիճակի հետագա բարդացմանը: Այս օրվա կապակցությամբ ես ուզում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են Արցախին հաղթահարելու առկա հումանիտար խնդիրները և ուզում եմ ևս մեկ անգամ կոչ անել մարդասիրական համակարգի բոլոր միջազգային կազմակերպություններին մոբիլիզացնել իրենց կամքն ու ռեսուրսները մեղմելու Արցախի ժողովրդի տառապանքները: ՄԱԿ-ը և մարդասիրական մանդատ ունեցող այլ միջազգային կազմակերպություններ մեծ դեր և պատասխանատվություն ունեն միջազգային իրազեկման խթանման և այս խնդիրների շուրջ քայլեր ձեռնարկելու հարցում»:
18:22 - 19 օգոստոսի, 2022
Արցախի ԱԽ քարտուղարը ռուս խաղաղապահներից պահանջել է արգելել առանց համաձայնության  ադրբեջանական և այլ ԶԼՄ-ների մուտքը նրանց պատասխանատվության գոտի

Արցախի ԱԽ քարտուղարը ռուս խաղաղապահներից պահանջել է արգելել առանց համաձայնության ադրբեջանական և այլ ԶԼՄ-ների մուտքը նրանց պատասխանատվության գոտի

2022 թվականի օգոստոսի 18-ին հայաստանյան «168.am» էլեկտրոնային լրատվական միջոցը հրապարակել է «Սա ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է, իրականությանը չի համապատասխանում». Արցախի ԱԽ քարտուղարի խոսնակ» վերտառությամբ հոդված, որտեղ, ադրբեջանական «Haqqin.az» էլեկտրոնային լրատվական միջոցի աշխատակից Էյնուլա Ֆաթուլաևի՝ Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքում և Աղավնո գյուղում գտնվելու և լրագրողական գործունեություն իրականացնելու փաստը ճշտելու նպատակով հարցում է կատարել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղարին։  Հարցումը կատարվել է հեռախոսազանգի միջոցով, որի ընթացքում «168.am»-ի լրագրողը Էյնուլա Ֆաթուլաևի՝ Արցախի Հանրապետության տարածքում գտնվելու հանգամանքը ճշտելու նպատակով, հետաքրքրվել է, մասնավորապես՝ «․․․արդյո՞ք Էյնուլա Ֆաթուլաևի խումբն այս պահին Աղավնոյում է, այն դեպքում, երբ այնտեղ դեռ հայեր են ապրում, թե՞ դա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է»։ Տվյալ հարցադրմանը Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղարը պատասխանել է․ «Այո․․․ սիրում են, չէ՞ իրենք օգտագործել նման բաներ», նկատի ունենալով ադրբեջանական մամուլում մշտապես տեղ գտնող սադրիչ ապատեղեկատվական հնարքները։ Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղարի կողմից հնչեցված պատասխանի բովանդակության տառացի մեկնաբանությունն իսկապես կարող է տպավորություն թողնել, թե տվյալ պաշտոնատար անձը հերքում է ադրբեջանցի լրագրողների՝ Արցախի Հանրապետության տարածքում գտնվելը, մինչդեռ այդ հարցին նման ձևակերպմամբ պատասխանելու իրական նպատակը ադրբեջանական մեդիագործիչների կողմից արտադրվող և տարածվող կեղծիքին է վերաբերում։ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի անունից Անվտանգության խորհրդի գրասենյակը սույն թվականի օգոստոսի 18-ին պատասխանել է լրատվամիջոցների առաջադրած հարցադրումներին։ Անդրադառնալով, մասնավորապես, հանրապետության Քաշաթաղի շրջանում ադրբեջանական լրագրողների գործունեությանը վերաբերող հարցին՝ նշվել է, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը դիմել է Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, առանց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի և խաղաղապահ զորակազմի համաձայնության, ադրբեջանցի և այլ երկրների զանգվածային լրատվական միջոցների մուտքը։
12:28 - 19 օգոստոսի, 2022
ԱՄՆ պետդեպը վերահաստատել է ԼՂ խնդրի հետ կապված բոլոր հարցերը բանակցային ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը

 |armenpress.am|

ԱՄՆ պետդեպը վերահաստատել է ԼՂ խնդրի հետ կապված բոլոր հարցերը բանակցային ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները շարունակում է աշխատանքը՝ հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և երկարաժամկետ խաղաղության հաստատման։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերջերս շփումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Այդպիսով մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ գրանցված վերջին մարտերի առնչությամբ, որոնց հետևանքով եղան մարդկային զոհեր ու վիրավորներ։ Մենք կոչ արեցինք անհապաղ քայլեր ձեռնարկել՝ թուլացնելու լարվածությունը և խուսափելու կողմերի միջև հետագա էսկալացիաներից։ Լարվածության վերջին աճը, կարծում ենք, ընդգծեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերը բանակցային, համապարփակ ու կայուն կերպով կարգավորելու անհրաժեշտությունը»,- նշել է Փրայսը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ կողմերի հետ աշխատանքները շարունակելու իր հանձնառությանը։ «Մենք շարունակելու ենք դա անել ինչպես երկկողմ, այնպես էլ համախոհ գործընկերների հետ Եվրամիությունում, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու երկրներին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն»,- ասել է պետդեպի խոսնակը։ Փրայսի խոսքով՝ չնայած վերջին շաբաթների լարվածության աճին, այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները շարունակում է տեսնել, որ կա հնարավորություն։ «Մենք մշտապես ընդունել ենք, որ սա գծային գործընթաց չի լինելու։ Հավատացած ենք, որ շարունակական երկխոսության, ներգրավման՝ այդ թվում և ամենաբարձր մակարդակներով, կկարողանանք անել հնարավոր ամեն բան՝ օգնելու առաջ տանել երկարաժամկետ համապարփակ խաղաղությունը»,- եզրափակել է Փրայսը։
09:17 - 18 օգոստոսի, 2022
Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է քառասունչորսօրյա պատերազմի զոհերի բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչների հետ

Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է քառասունչորսօրյա պատերազմի զոհերի բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչների հետ

Այսօր՝ օգոստոսի 16-ին, Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ՝ հանդիպում ունենալով շտաբի աշխատակիցների և քառասունչորսօրյա պատերազմի հետևանքով զոհված անձանց բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչների հետ:   Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով անմեղ զոհերի հիշատակը, ցավակցություն և զորակցություն հայտնել զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:   Այնուհետև օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը Արցախի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է տեղեկատվություն օպերատիվ շտաբի կողմից վերջին շրջանում կատարած աշխատանքների վերաբերյալ: Հանդիպման առանցքային թեման քառասունչորսօրյա պատերազմում զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքներին հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրի միջոցով բնակարան ձեռք բերելու համար սերտիֆիկատների տրամադրման գործընթացն էր:   «Տասնամյակներ շարունակ Արցախի ժողովուրդը բազում զրկանքներ է կրել, և Արցախի իշխանությունները փորձել են անել հնարավորը՝ թեթևացնելու նրանց վիճակը: Ուշադրության կենտրոնում են հատկապես արցախյան վերջին պատերազմի հետևանքով բռնի տեղահանված զոհվածների ընտանիքները։ Այսօր Արցախի իշխանությունների գերխնդիրն է՝ օր առաջ լուծել բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովման հարցը:   Ամիսներ առաջ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի, օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի, ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ հանդիպում ենք ունեցել զոհվածների բռնի տեղահանված ընտանիքների անդամների հետ, այդ մասին իրազեկել Հանրապետության նախագահին, ում որոշմամբ էլ խնդիրը դարձել է մեր երկրի ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում գտնվող և հնարավորինս շուտափույթ լուծում պահանջող հարց»,- իր խոսքում մասնավորապես նշել է Արցախի խորհրդարանի ղեկավարը։   Հանդիպման ընթացքում ևս վեց շահառուի հանձնվել են սերտիֆիկատներ։   Շտաբի պետ Միքայել Վիրաբյանը շեշտել է, որ գնման համար տուն գտած շահառուները, առանց որևէ խնդրի, կարող են ստանալ սերտիֆիկատները՝ դիմելով օպերատիվ շտաբ։ Նրա խոսքով՝ սերտիֆիկատներ ստացած քաղաքացիների թիվը հասել է երեսուներկուսի, որոնցից վեցը իրացման փուլում է, երկուսը՝ ավարտված։   Անդրադարձ է կատարվել նաև տեղահանված քաղաքացիներին 40 000-ական դրամի չափով աջակցության տրամադրման ծրագրին: Հայտերն ուսումնասիրվում և քննարկվում են Արցախում՝ բնակարանային հարցերի կոմիտեում։  
13:40 - 16 օգոստոսի, 2022
Նոր միջանցքի պահպանությունն իրականացնելու են խաղաղապահները. Արայիկ Հարությունյան

Նոր միջանցքի պահպանությունն իրականացնելու են խաղաղապահները. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների:   Քննարկվել են միության գործուներությանն առնչվող հարցեր, ընդգծվել է պետական համապատասխան կառույցների հետ համատեղ աշխատանքի կարևորությունը՝ բարձրացված հարցերի իրավական կարգավորումների հստակեցման նպատակով: Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանն   անդրադարձել է նաև շփման գծում վերջին սրացումներին և  Արցախի Հանրապետություն-Հայաստանի Հանրապետություն  այլընտրանքային ճանապարհի խնդրին, նշելով, որ խոսքը նոր միջանցքի մասին է, որի պահպանությունը,   համաձայն    2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, իրականացնելու են Արցախում տեղակայված  ՌԴ խաղաղապահները: Հանդիպմանը նախագահ Հարությունյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի ևս:
16:37 - 15 օգոստոսի, 2022
Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ. Արցախի նախագահը ցավակցական ուղերձ է հղել

Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ. Արցախի նախագահը ցավակցական ուղերձ է հղել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: «Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական պայթյունը, որի հետևանքով ունենք զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ, խորապես ցնցել է բոլորիս:  Արցախի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում: Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի  տոկունությամբ և ցուցաբերի զորակցություն բոլոր տուժածների հանդեպ»,- այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Արայիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։
10:54 - 15 օգոստոսի, 2022
Պարբերաբար հրահրվող սադրիչ գործողություններն ուղղված են Արցախը հայաթափելուն. Արայիկ Հարությունյան

Պարբերաբար հրահրվող սադրիչ գործողություններն ուղղված են Արցախը հայաթափելուն. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 13-ին այցելել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաք և ծանոթացել ռուսաստանաբնակ բարերար Վլադիմիր Ավագյանի միջոցներով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզական համալիրի պայմաններին, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերին: Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կարևորել է համայնքներում մարզական նման կառույցների առկայությունը, նշել, որ պետությունը պատրաստ է աջակցել նոր մարզադահլիճների կառուցման, ինչպես նաև մարզական տարբեր միջոցառումների կազմակերպման ջանքերին: Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը նաև հանդիպել է համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին, քննարկել առկա խնդիրները: Բարձրացված հիմնախնդիրներից Արայիկ Հարությունյանն առանձնացրել է խմելու և ոռոգման ջրի հարցի հրատապ լուծման անհրաժեշտությունը, նշել, որ երկու տարվա ընթացքում փուլ առ փուլ ծրագիրն ամբողջությամբ կիրագործվի: Նախագահի հանձնարարությամբ՝ առաջիկայում նոր թափ կստանան նաև ներհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքները, կլուծվեն սոցիալ-տնտեսական նշանակության մի շարք այլ խնդիրներ ևս։ Անդրադառնալով Հանրապետությունում ռազմաքաղաքական վերջին զարգացումներին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ դրանք հիմնականում պայմանավորված են աշխարհաքաղաքական իրավիճակով, և ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պարբերաբար հրահրվող սադրիչ գործողություններն ուղղված են Արցախը հայաթափելուն՝ արժեզրկելով ինչպես եռակողմ հայտարարությամբ հաստատված առանց այն էլ փխրուն խաղաղությունը, այնպես էլ այդ խաղաղության պահպանման գործառույթը ստանձնած ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը: Նախագահի խոսքով՝ պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց, իսկ իշխանությունները շարունակելու են գործադրել բոլոր հնարավոր ջանքերը առկա անվտանգային խնդիրների լուծման, բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման և կայուն ապագայի երաշխավորման ուղղությամբ: Այցի ընթացքում նախագահին ուղեկցել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը:
16:18 - 13 օգոստոսի, 2022
Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրերից մշակութային կոթողների տարհանումը կավարտվի հաջորդ շաբաթ. Արցախի ԿԳՄՍ փոխնախարար |news.am|

Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրերից մշակութային կոթողների տարհանումը կավարտվի հաջորդ շաբաթ. Արցախի ԿԳՄՍ փոխնախարար |news.am|

news.am: Օգոստոսի 25-ին Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի վերահսկողությանը հանձնվող Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրերից մշակութային կոթողների տարհանումը կավարտվի հաջորդ շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: «Քաղպաշտպանության պլանի համաձայն, երբ որոշում կայացվեց, որ պետք է տարհանվի բնակչություն, բնականաբար պետք է տարհանվեին հուշակոթողները, նաեւ գրքային ֆոնդը` գրադարանները, թանգարանային ցուցանմուշներ: Հիմա տարհանված է Բերձորի քաղաքային գրադարանը` գրքային ֆոնդը, Ներքին Սուսի եւ Աղավնոյի հուշարձանները` մոնումենտալ արվեստի հուշակոթողները,  խաչքարերը, նաեւ Բերձոր, Աղավնո ճանապարհին գտնվող հուշակոթողները մեծամասամբ , համարյա ամբողջապես ավարտված է նրանց տարհանումը, աշխատանքները շարունակվում են, ամենայն հավանականությամբ մյուս շաբաթվա ընթացքում կավարտվեն»,- ասել է նա: Փոխնախարարի խոսքով` հուշակոթողներն ու խաչքարերը տեղափոխվել են Ստեփանակերտ, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հետ արդեն կա պայմանավորվածոություն, որ մի մասը կտեղադրվեն Ստեփանակերտի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ ստեղծվող պուրակում, մյուսմասը Սուրբ Հակոբ եկեղեցու հարակից տարածքում: Շարունակությունը՝ news.am կայքում Լուսանկարը՝ Infocom-ի, Աղավնո, 2021թ․
16:11 - 13 օգոստոսի, 2022
Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է․ Դավիթ Բաբայան

Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է․ Դավիթ Բաբայան

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ իր հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի կազմում Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ոչ կարգավիճակ, ոչ անկախություն, ոչ էլ հատուկ արտոնություններ։ Լավ, ի՞նչ կարելի է ասել այստեղ։ Մանրամասների մեջ խորանալու իմաստ չկա։ Միայն ասեմ հետեւյալը: Դե, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ալիևին անկեղծության համար։ Իրոք, ոչ Ադրբեջանը, ոչ էլ նրա ղեկավարությունը երբևէ չեն թաքցրել Արցախի վերաբերյալ իրենց ծրագրերը: Երկրորդը, իսկապես, Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի։ Բացի այդ, Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է։ Ինչպե՞ս կարող էին հրեաները գոնե ինչ-որ վարչական-տարածքային կարգավիճակ ունենալ նացիստական Գերմանիայում»: Երեկ Ալիեւն ասել է, թե «Ղարաբաղում ապրող հայերը պետք է  հասկանան, որ իրենց ապագան կախված է միայն ադրբեջանական հասարակությանը ինտեգրվելուց։ Նրանք չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ հատուկ արտոնություններ»։
11:54 - 13 օգոստոսի, 2022
Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ հատուկ արտոնություններ. Ալիև
 |tert.am|

Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ հատուկ արտոնություններ. Ալիև |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը AzTV-ին տված հարցազրույցում ասել է, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում Ղարաբաղյան հարց չկա:«Նման փորձեր եղել են, բայց ես երբեք չեմ համաձայնվել դրան։ Ի՞նչ կապ ունի Հայաստանը դրա հետ։ Սա մեր ներքին գործն է։ Այսօր բանակցությունների սեղանին որևէ կարգավիճակի մասին խոսք չկա»,- ասել է Ադրբեջանի նախագահը:Նրա խոսքով՝ Ղարաբաղում ապրող հայերը պետք է ճիշտ քայլ անեն ու հասկանան, որ իրենց ապագան կախված է միայն ադրբեջանական հասարակությանը ինտեգրվելուց։«Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ հատուկ արտոնություններ. նրանք նույնն են, ինչ Ադրբեջանի մնացած բոլոր քաղաքացիները։ Ինչպես պաշտպանված են Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, այնպես էլ պաշտպանված են լինելու նրանց իրավունքները։ Ինչպես պաշտպանված են Ադրբեջանում ապրող ժողովուրդների իրավունքները, այնպես էլ նրանք պետք է պաշտպանված լինեն: Սա միակ ճանապարհն է», - ասել է Ալիևը։ Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 
19:54 - 12 օգոստոսի, 2022
«Ոչ ոք մեզ չի կարող կանգնեցրել, կարող ենք ցանկացած ժամանակ, ցանկացած օպերացիա իրականացնել»․ Ալիև
 |factor.am|

«Ոչ ոք մեզ չի կարող կանգնեցրել, կարող ենք ցանկացած ժամանակ, ցանկացած օպերացիա իրականացնել»․ Ալիև |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հաստատել  է, որ օգոստոսի երեքին Արցախի դեմ հարձակում է իրականացրել ու սպառնացել է նոր ռազմական գործողություններով։  «Հատուցում» գործողությունը «պատժի միջոց է»։ Եթե նրանք նման սադրանք անեն, ապա պատասխանը նույնն է լինելու։ Ոչ ոք չի կարող մեզ խանգարել, ոչ ոք չի կարող մեզ կանգնեցնել»,- ասել է Ալիևը AZTV-ին տված հարցազրույցում։ «Մենք կարող ենք ցանկացած ժամանակ, ցանկացած գործողություն իրականացնել մեր հողում։ «Հատուցում» օպերացիայի արդյունավետությունն ու կարճ տևողությունը ցույց են տալիս, որ մենք ունենք ուժ, միաժամանակ, մենք չենք ուզում նոր պատերազմ, քանի որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ցույց տվեց մեր ուժը, մենք հասանք մեզ ցանկալիին ռազմական, հետո ռազմաքաղաքական ճանապարհով։ Մենք կիրականացնենք մեր մյուս երազանքները, երբ ժամանակը գա»,- հայտարարել է Ալիևը։ Tert.am-ի փոխանցմամբ Ալիևը նաև հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան Լաչին (Բերձոր), Զաբուխ (Աղավնո), Սուս։ Նա նշել է՝ «Հայաստանում պետք է հասկանան, որ գործընթացի ձգձգումն իրենց ոչինչ չի տա։ Նրանք սխալվում են, եթե կարծում են, որ մեկուկես տարի հետո ինչ-որ բան կփոխվի իրենց օգտին։ Ինչ-որ բան կարող է փոխվել, բայց մեր օգտին։ Ես նրանց պաշտոնապես զգուշացրել եմ հրաժարվել տարածքային պահանջներից։ Հակառակ դեպքում մենք կարող ենք նաև տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի դեմ»,- ասել է Ալիևը։  
19:10 - 12 օգոստոսի, 2022
ՌԴ խաղաղապահ զորախմբի և Ասկերանի բնակչի ավտոմեքենաների բախման հետևանքով 4 կին տեղում մահացել է

ՌԴ խաղաղապահ զորախմբի և Ասկերանի բնակչի ավտոմեքենաների բախման հետևանքով 4 կին տեղում մահացել է

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 4 կին տեղում մահացել է։ Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարությունից։Օգոստոսի 12-ին ժամը 08:50-ին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մելիքավան փողոցի 19/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության օպերատիվ խումբը, Քննչական կոմիտեի քննչական խումբը։Պարզվել է, որ նույն օրը ժամը 08:45-ի սահմաններում Մելիքավան փողոցի 19/1 տան դիմացի խաչմերուկում իրար են բախվել ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդ Ի.Յ.-ի (ծնված 1992թ.) վարած «HAVAL H9» և Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ Է.Գ.-ի (ծնված 1996թ.) վարած «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենաները։ՃՏՊ հետևանքով «ՎԱԶ- 2107»-ի վարորդը կոտրվածքներով և աջ թոքի ստորին բլթի սալջարդ ախտորոշմամբ տեղափողվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։Վերջինիս ուղևորները՝ Հ. Գ.-ն (ծնված 1971թ., Ասկերանի շրջան գ. Սարուշեն), Ն.Դ.-ն (ծնված 1970թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան), Լ. Մ-ն (ծնված 1972թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան) և Ս. Ս.-ն (ծնված 1966թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան) տեղում մահացել են:Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Քննչական կոմիտեն։  
13:27 - 12 օգոստոսի, 2022
Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. Դավիթ Բաբայան

Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. Դավիթ Բաբայան

Օգոստոսի 11-ին Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը Նոր Հարավային Ուելսում կայացած համաժողովում ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը և Թուրքիայի կողմից իրականացված՝ հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները՝ դիմելով Ավստրալիայի դաշնային կառավարությանը՝ նույնպես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը: «Օրերս Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի հայ-ավստրալիական բարեկամության խումբը։ Շնորհակալություն ենք հայտնում Ավստրալիայի Լիբերալ կուսակցությանը և Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի հայ-ավստրալիական բարեկամության խմբին նման նախաձեռնությունների համար։ Սա քաղաքական և բարոյական կարևոր աջակցություն է Արցախի ժողովրդին և մարդասիրության ու բարեկամության օրինակելի դրսևորում։ Շնորհակալություն ենք հայտնում նաև ավստրալահայ համայնքին՝ Արցախին մշտապես աջակցելու համար։ Ավստրալահայ համայնքը մեր Սփյուռքի ամենակազմակերպված օջախներից մեկն է, որը մշտապես ներգրավված է համահայկական հարցերի լուծման և մեր ազգային շահերի պաշտպանության գործում»,- գրել է նա:
12:54 - 12 օգոստոսի, 2022