ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

Հայտնի են ԲԴԽ անդամ դառնալ ցանկացող 11 դատավորների անունները |azatutyun.am|

Հայտնի են ԲԴԽ անդամ դառնալ ցանկացող 11 դատավորների անունները |azatutyun.am|

azatutyun.am։ 11 դատավոր համաձայնել է դառնալ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ, այս մասին հայտնեց ԲԴԽ խոսնակ Արամ Խաչատրյանը։ Այդ դատավորներն են՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մեսրոպ Մակյանը, Դավիթ Բալայան, Սիմիզար Հովսեփյան, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը, Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանը, Արագածոտնի մարզի դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը, Շիրակի մարզի դատարանի դատավոր Գագիկ Հովհաննիսյանը, Սյունիքի մարզի դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը։ Հուլիսի 11-ին տեղի կունենա դատավորների ընդհանուր ժողովը, որը կընտրի ԲԴԽ անդամներ։
08:04 - 09 հուլիսի, 2019
ԲԴԽ հայեցակարգային դրույթները՝ պարզեցված վարույթի հիմքում

ԲԴԽ հայեցակարգային դրույթները՝ պարզեցված վարույթի հիմքում

Ազգային ժողովի 01.07.2019 թ. նիստում 102 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի համատեղ աշխատանքի արդյունքում մշակված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի» նախագիծը, որով նոր խմբագրությամբ է շարադրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ պարզեցված վարույթներին նվիրված 41-րդ գլուխը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ընդունված օրենքի կիրառմամբ ակնկալվում է էականորեն նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև ապահովել պարզեցված վարույթի արդյունավետությունը և կանխատեսելիությունը: Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններն ամբողջությամբ հիմնված են դատարանների ծանրաբեռնվածության բազմագործոն վերլուծության արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից ձեռք բերված տվյալների, ինչպես նաև Խորհրդի կողմից մշակված Արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգի վրա, որոնք ամփոփված են Խորհրդի 2018 թ. տարեկան հաղորդման շրջանակներում: Կատարված փոփոխությունները հիմնականում հանգում են հետևյալին. հստակեցվել են 2 մլն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջները պարզեցված վարույթի կարգով քննելու թույլատրելիության պայմանները. ընդլայնվել է այլ կատեգորիայի գործերով պարզեցված վարույթ կիրառելու հնարավորությունը. ըստ նոր կարգավորումների՝ գործի քննության պարզեցված կարգ կարող է կիրառվել նաև այն դեպքերում, երբ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց, ինչպես նաև հայցի առարկայի փոփոխության արդյունքում պահանջի չափը նվազում է մինչև 2 մլն դրամ. նախատեսվել է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ լուծելու հնարավորություն. ըստ այդմ էապես կրճատվել է այն գործողությունների շրջանակը, որոնք պետք է կատարի գործը վարույթ ընդունած դատավորը (ներառյալ տարատեսակ ժամկետների հաշվարկը, միջանկյալ հավելյալ ակտի ընդունումը և այլն). սահմանվել է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձանց նրանց իրավունքների և պարտականությունների, կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին գրավոր պարզաբանում ուղարկելու պահանջ. սահմանվել է պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտ կայացնելու և հրապարակելու իրատեսական ժամկետ (առավելագույնը 4 ամիս պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո)՝ դատարանի համար առավել դյուրին դարձնելով դրա հաշվարկը. նախատեսվել է պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում դատական նիստ հրավիրելու հնարավորություն կողմերի տնօրինչական գործողությունները (հայցից հրաժարում, հաշտության համաձայնություն, հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն) քննարկելու, ինչպես նաև գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ գործին մասնակցող անձանցից պարզաբանումներ ստանալու նպատակով. հնարավորինս նվազեցվել են պարզեցված վարույթի կարգով կայացվող վճռի պատճառաբանական մասին ներկայացվող պահանջները Հետայսու պարզեցված վարույթի կարգով քննվող գործերով կայացվող վճիռները պատճառաբանելիս ծավալուն, նյութատար և ժամանակատար աշխատանք կատարելու փոխարեն դատարանը վճռի պատճառաբանական մասում կարող է նշում կատարել առ այն, որ հայցի փաստական և իրավական հիմքերը (հայցվորի փաստարկները) բավարար է համարում հայցն ամբողջությամբ բավարարելու համար: Նշված կարգավորումը կիրառելի չի լինի այն դեպքերում, երբ գործի քննության ընթացքում հայցը պատասխանողի կողմից վիճարկվել է, հայցը մերժվել է լրիվ կամ մասնակիորեն: Միևնույն ժամանակ վերջին դեպքերի համար նախատեսվել է օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-2 մասերով և 192-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջների համեմատ վճիռը պատճառաբանելու «թեթևացված ստանդարտ», ըստ որի՝ վճռի պատճառաբանական մասում բավարար է ցույց տալ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, օրենքների և այլ իրավական ակտերի այն դրույթները (առանց դրանք վերարտադրելու), որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս: Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառելի է այն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված գործերի նկատմամբ:
11:35 - 02 հուլիսի, 2019
Հայտնի է ԲԴԽ խորհրդի նոր նախագահի ընտրության ժամկետը |24news.am|

Հայտնի է ԲԴԽ խորհրդի նոր նախագահի ընտրության ժամկետը |24news.am|

24news.am: Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է կառույցի նոր նախագահի ընտրության հարցին անդրադառնալ ԲԴԽ անդամների բոլոր թափուր տեղերը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում: Որոշումը հրապարակվել է ԲԴԽ պաշտոնական կայքում, որն էլ ներկայացնում ենք ամբողջությամբ: «Քննարկելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության հարցը` Բարձրագույն դատական խորհուրդը պարզեց. Բարձրագույն դատական խորհրդի 2019թ. մայիսի 24-ի թիվ ԲԴԽ-36-Ո-84 որոշմամբ 2019թ. մայիսի 24-ից դադարած համարել Գագիկ Հարությունյանի` Բարձրագույն դատական խորհրդի անդամի և նախագահի լիազորությունները: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար Ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության համար գաղտնի քվեարկվում են համապատասխանաբար Ընդհանուր ժողովի կամ Ազգային ժողովի կողմից ընտրված բոլոր անդամների թեկնածությունները: Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի նոր նախագահի ընտրությունը կատարվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում: Ելնելով վերոգրյալ իրավակարգավորումներից և նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս Բարձրագույն դատական խորհրդում առկա են անդամների թվով 4 թափուր տեղեր, որոնք ենթական են համալրման համապատասխանաբար Ազգային ժողովի և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, որպիսի պայմաններում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրությունը հնարավոր չէ անցկացնել Օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, և ղեկավարվելով Օրենսգրքի 94-րդ հոդվածի 3-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց.  1. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության հարցին անդրադառնալ Բարձրագույն դատական խորհրդի անդամների բոլոր թափուր տեղերը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում:2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,- նշված է հայտարարությունում:
16:46 - 27 հունիսի, 2019
ԲԴԽ նորընտիր անդամները հանդիպում են ունեցել Խորհրդի անդամների հետ

ԲԴԽ նորընտիր անդամները հանդիպում են ունեցել Խորհրդի անդամների հետ

Այսօր՝ հունիսի 24-ին, Բարձրագույն դատական խորհրդում կայացավ հանդիպում, որին մասնակցում էին նաև Խորհրդի նորընտիր գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանը և Վիգեն Քոչարյանը։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը, Խորհրդի անունից շնորհավորելով գործընկերներին Խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքն արդյունավետ և կառուցողական կլինի դատական իշխանության առկա խնդիրների լուծման տեսանկյունից։ Խորհրդի նորընտիր անդամներն իրենց հերթին ևս ողջունեցին Խորհրդի անդամներին՝ նշելով, որ պատրաստակամ են հնարավորինս արագ ներգրավվելու Խորհրդի աշխատանքներին և իրենց մասնագիտական ու պրոֆեսիոնալ ներուժն ամբողջությամբ ի սպաս դնելու դատական իշխանության առողջացման ու զարգացման գործում։ Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուներ էր առաջադրել Գրիգոր Բեքմեզյանին և Վիգեն Քոչարյանին։ Ազգային ժողովն ընտրել էր Գրիգոր Բեքմեզյանին 107 կողմ, 4 դեմ, իսկ Վիգեն Քոչարյանին՝ 114 կողմ, 4 դեմ ձայների համամասնությամբ։
11:07 - 24 հունիսի, 2019
Վիգեն Քոչարյանը երդմամբ ստանձնեց ԲԴԽ անդամի պաշտոնը |lragir.am|

Վիգեն Քոչարյանը երդմամբ ստանձնեց ԲԴԽ անդամի պաշտոնը |lragir.am|

lragir.am։ ՀՀ ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Վիգեն Քոչարյանը երդման արարողությամբ ստանձնեց պաշտոնը:«Ստանձնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ իմ պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը»,- երդման տեքստն ընթերցեց Քոչարյանը: Այնուհետև Վիգեն Քոչարյանը ստորագրեց երդման տեքստը:Քոչարյանը երդման արարողությունը կայացավ ԱԺ հունիսի 24-ի նիստում:Վիգեն Քոչարյանի թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:Քոչարյանն ընտրվել էր ԱԺ-ի հունիսի 21-ի նիստում փակ գաղտնի քվեւակությամբ, 114 կողմ, 4 դեմ ձայներով:
06:35 - 24 հունիսի, 2019
Հրաժարական տված ԲԴԽ նախկին անդամը դատական համակարգի առողջացման առաջարկներ է ներկայացրել

Հրաժարական տված ԲԴԽ նախկին անդամը դատական համակարգի առողջացման առաջարկներ է ներկայացրել

Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ Սերգեյ Մեղրյանը, որը  հրաժարական տված ԲԴԽ անդամներից մեկն էր, իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է առաջարկներ, որոնք կարող են առողջացնել դատական համակարգը: «Վեթինգը դատական իշխանության բոլոր խնդիրների համադարմանը չէ… Դատական համակարգը «մաքրելուն» զուգահեռ առնվազն անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները.1. Բոլոր դատական ատյանների դատավորների թիվն անհրաժեշտ է կրկնապատկել՝ շեշտակիորեն նվազեցնելով նրանց ոչ խելամիտ ծանրաբեռնվածությունը: Միաժամանակ պետք է մշակվեն դատավորի ծանրաբեռնվածության հստակ նորմատիվներ, որոնք կբացառեն դրանց շրջանակներում լիովին ծանրաբեռնված դատավորին նոր գործերի մակագրումը:2. Հարկ է առնվազն կրկնապատկել դատավորների և Դատական դեպարտամենտում ծառայություն իրականացնող անձանց աշխատանքի վարձատրության չափը՝ ֆինանսապես գրավիչ դարձնելով հանրային ծառայությունը դատական իշխանության համակարգում և ապահովելով թարմ ու որակյալ կադրերի ներհոսք:3. Դատավարական օրենսդրության կատարելագործման և մի շարք այլ միջոցառումների իրականացման միջոցով պետք է ապահովվի դատական վերանայման արդարացի և անխափան մեխանիզմ, որը լիարժեքորեն կապահովի հնարավոր դատական սխալների վերացումը:4. Վճռաբեկ դատարանում պետք է ստեղծվի վարչական պալատ և ներդվեն քաղաքացիական և վարչական պալատների կողմից հակասական իրավական դիրքորոշումները բացառող մեխանիզմներ:5. Ստեղծել հակակոռուպցիոն դատարանների երկաստիճան համարգ՝ ապահովելով հակակոռուպցիոն գործերն առաջին ատյանի կարգով կոլեգիալ կազմով քննելու հնարավորություն։6. Օր առաջ պետք է ստեղծվի տվյալների թվայնացված անհրաժեշտ կենտրոնը և ներդրվեն էլեկտրոնային արդարադատության, դատական գործերի կառավարման և արդարադատության մշտադիտարկման թվայնացված համակարգերը:7. Հարկ է հանրության համար թափանցիկ դարձնել ԲԴԽ կողմից որոշումների կայացման ընթացակարգը՝ ներդնելով բաց քվեարկության կառուցակարգ, ինչը կապահովի Խորհրդի անդամների անհատական հաշվետվողականությունը կարևորագույն հարցերի վերաբերյալ իրենց ձայնի տնօրինման կապակցությամբ և կբացառի առերևույթ որևէ բացատրություն չունեցող որոշումների կայացումը կամ չափազանց կարևոր նախաձեռնությունների «անդեմ» ձախողումը:8. Պետք է մշակել և ներդնել ԲԴԽ-ի հստակ կանխորոշված որոշումների շրջանակի բողոքարկման/վերանայման մեխանիզմներ:9. Անհրաժեշտ է ընդլայնել և որոշակիացնել Դատավորների ընդհանուր ժողովի լիազորությունները՝ նրան վերապահելով դատարանների բնականոն գործունեության ապահովման կապակցությամբ կոնկրետ հարցերով Խորհրդի որոշումների վրա դատավորների ընդհանուր թվի որակյալ մեծամասնությամբ «վետո» դնելու իրավասություն:10. Նպատակահարմար կլինի վերականգնել Դատարանների նախագահների խորհուրդը՝ այդ մարմնին վերապահելով Խորհրդին կից խորհրդատվական մարմնի կարգավիճակ: Նման մարմնի բացակայությունն անջրպետ է ստեղծում Խոհրդի և դատական կորպուսի միջև: Ավելին, Խորհրդի բոլոր անդամների համար պետք է սահմանել Դատավորների ընդհանուր ժողովներին մասնակցելու, որոշ հարցերում Ժողովի առջև հաշվետու լինելու պարտականություն:11. Անհրաժեշտ է վերանայել և որոշակիացնել դատավորների կարգապահական պատասխանատվության հիմքերը՝ դրանց կազմից բացառելով նյութական իրավունքի նորմերի խախտումը և ընդլայնելով ու որոշակիացնելով վարքագծի կանոնների շրջանակը: Խորհրդին հարկ է վերապահել դատավորների աշխատանքային կարգապահության կանոններ հաստատելու և դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություն:12. Խորհուրդը պետք է ունենա առանձին հիմքերով (այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջնորդությամբ) դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն:13. Կարգապահական հանձնաժողովի աշխատանքը պետք է տեսանելի դարձվի հանրության համար, բարձրացվի հանձնաժողովի հաշվետվողականությունը, նախատեսվի Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների լրացուցիչ վարձատրության համակարգ:14. Ընդհանուր ժողովին և Խորհրդին պետք է հնարավորություն տրվի բարձրացնելու Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը: 15. Խորհուրդը պետք է հնարավորություն ունենա վաղաժամկետ դադարեցնելու ոչ արդյունավետ աշխատող դատարանի նախագահի լիազորությունները և կազմակերպելու նոր ընտրություն:16. Անհրաժեշտ է վերանայել դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին ներկայացվող պահանջները՝ վերացնելով ոչնչով չհիմնավորված սահմանափակումները:17. Հարկ է հստակ իրավական հետևանքներ նախատեսել դատավորի գործունեության գնահատման անբավարար արդյունքների համար՝ հընթացս վերանայելով նաև այդ գնահատման չափանիշները: Ընդ որում, գնահատման լիազորությունը ճիշտ կլինի վերապահել Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ձևավորված գնահատման հանձնաժողովին, որի կազմում կարող են ներգրավվել իրավաբան գիտնականներ և ՀԿ-րի ներկայացուցիչներ: Լավ մշակված գնահատման համակարգն ի զորու է ապահովել դատավորների իրավաչափ «պերմանենտ վեթինգը»: Խորհուրդը կարող է հանդես գալ որպես գնահատման արդյունքների կապակցությամբ ներկայացված բողոքները քննող մարմին:18. Անհրաժեշտ է վերանայել դատավորների թափուր տեղերի համալրման ընթացակարգերը՝ նախատեսելով ըստ թափուր տեղերի մրցույթներ իրականացնելու և հավակնորդների ցուցակներ կազմելու հնարավորություն:19. Պետք է իրականացվեն արդարադատության ծախսատարությունը նվազեցնելուն ուղղված գործուն միջոցառումներ, այդ թվում՝ բացառելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դատական ակտերի անհարկի բողոքարկման հնարավորությունը:20. Պետք է բարելավել դատարանների շենքային և նյութատեխնիկական պայմանները, կատարելագործել դատարանների համար պետական գնումների ընթացակարգերը՝ բացառելով ոչ պատշաճ որակի ապրանքների ձեռքբերումների պատճառ հանդիսացող հանգամանքները:21. Արմատապես պետք է վերանայվի դատավորների ընթացիկ վերապատրաստման համակարգը՝ շեշտակի բարձրացնելով դրա արդյունավետությունը:22. Խորհրդին հարկ է վերապահել դատական իշխանության կազմակերպման և դատավարական հարցերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության իրավունք:23. ԲԴԽ դատավոր անդամների լիազորությունները պետք է կասեցվեն՝ ԲԴԽ անդամի պաշտոնավարման ամբողջ ժամկետով:24. Հարկ է ներդնել գործերի բաշխման թափանցիկությունն ապահովող համակարգ:25. Լրջագույն փոձագիտական ներուժի ներգրավմամբ հարկ է մշակել և ընդունել ԲԴԽ հետևյալ որոշումները՝- Դատարանների գործավարության կանոնները.- Դատավորների գործունեության գնահատման կարգը և մեթոդաբանությունը.- Գործերի քննության ուղենիշային ժամկետները՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության.- Դատավորների ողջամիտ ծանրաբեռնվածության չափանիշները:Եթե ցանկանում ենք ունենալ իրապես անկախ, որակյալ և ադյունավետ արդարադատություն, առնվազն թվարկված միջոցառումները պետք է իրականացվեն առաջիկա 1-2 տարիների ընթացքում: Անհարժեշտ քաղաքական կամքի առկայության դեպքում նշված բոլոր խնդիրները լուծելի են», - գրել է Սերգեյ Մեղրյանը:
06:24 - 24 հունիսի, 2019
Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուն ընտրվելու դեպքում պատրաստ է առաջինը ենթարկվել վեթինգի |armtimes.com|

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուն ընտրվելու դեպքում պատրաստ է առաջինը ենթարկվել վեթինգի |armtimes.com|

armtimes.com։ Բարձրագույն դատական խորհրդում հրաժարականների շարան է։ Մայիսի 24-ին հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, երկու շաբաթ անց՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գեւորգ Դանիելյանը, ապա անդամներ Արմեն Խաչատրյանը, Սերգեյ Մեղրյանն ու Արմեն Բեկթաշյանը։ Հրաժարականների պատճառով Բարձրագույն դատական խորհրդի մայիսի 14-ի նիստը, որտեղ հրապարակվելու էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ գործի քննության արդյունքում կայացրած որոշումը, չկայացավ: Այս ամենին զուգահեռ՝ հունիսի քսանին խորհրդարանը ընտրելու է Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ, թեկնածուն Գրիգոր Բեքմեզյանն է։ Վերջինիս հետ զրուցել ենք հրաժարականների, դատական համակարգը վերահսկող մարմնում հնարավոր ճգնաժամի եւ այլ հարցերի մասին։Պարոն Բեքմեզյան, Բարձրագույն դատական խորհրդում, որի անդամի պաշտոնում առաջադրել են Ձեր թեկնածությունը, իրար հետեւից հրաժարականի դիմումներ են գրվում։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է սա պայմանավորված, լավ չէի՞ն աշխատում, եւ որքանո՞վ կապ ունի վարչապետի՝ դատավորներին վեթինգի ենթարկելու հայտարարության հետ։ Հրաժարականները տալիս են հարցի պատասխանը, թե ինչպես են աշխատել։ Ըստ էության՝ կապ ունի վարչապետի հայտարարության հետ, թե՝ ոչ, չեմ բացառում, ամեն դեպքում այդ հայտարարությունց հետո էական շարժեր են տեղի ունենում դատական համակարգում, Բարձրագույն դատական խորհրդում, եւ չեն կարող չկապել մեկը մյուսի հետ։ ԲԴԽ այսօրվա նիստը հրաժարականների եւ ըստ այդմ՝ քվորում չլինելու պատճառով չի կայացել։ Կարծիքներ կան, որ ողջ դատական համակարգում եւ մասնավորապես այդ համակարգի գործունեությունը վերահսկող այս խորհրդում ճգնաժամային իրավիճակ կարող է ստեղծվել, դատավորներին չեն կարող ենթարկել կարգապահական պատասխանատվության եւ այլն։ Իրականում ԲԴԽ նպատակը միայն պատասխանատվության ենթարկելը չէ։ Նպատակը դատական համակարգի անկախության ապահովումն է, դատավորներին պատասխանատվության ենթարկելը միայն գործառույթներից մեկն է։ Բայց իսկապես եթե երկար ժամանակ չհամալվի կազմը, ապա այո՝ կարող է խնդիր առաջանալ գործունեության հետ կապված։ Դրա համար ե՛ւ օրենսդիրը, ե՛ւ դատավորների ընդհանուր ժողովը պետք է փորձեն հնարավորինս շուտ համալրել անդամների տեղերը, եւ այնպիսի անդամներով, որոնք ընդունելի կլինեն բոլորի կողմից, եւ ԲԴԽ-ն կսկսի նորմալ աշխատել։ Համալրման գործընթացը օրենքի տեսանկյունից կարող է տեւել 2-3 ամիս, դրա համար պետք է շուտ սկսել։ Հայտարարվել է դատաիրավական համակարգի բարեփոխումների փուլ։ Որպես ԲԴԽ անդամի թեկնածու՝ ի՞նչ ճանապարհով եք տեսնում այդ բարեփոխումները։ Բարեփոխումների համար պետք է կիրառել բոլոր հնարավոր օրինական գործիքակազմերը, այսինքն՝ դատական համակարգի ինքնամաքրում, երբ կփորձի ինքն իր միջոցով զատել այն դատավորներին, որոնք պատրաստ չեն նոր իրողության պայմաններում աշխատել։ Այս մեկ տարվա ընթացքում ինքնամաքրում չէր լինում, որովհետեւ չկար ցնցում։ Հիմա կա ցնցում եւ կա հստակ պահանջարկ։ Եւ այս բոլոր գործընթացները, հրաժարականները դրա հետեւանքն են։ Մյուս տարբերակը ԲԴԽ եւ դատական համակարգի նորմալ, բնականոն հարաբերություններ ստեղծելն է, որը հնարավորություն կտա ԲԴխ-ին՝ իր իրավասությունների սահմաններում ապահովել դատական համակարգի նորմալ գործունեությունը։ Դատական համակարգը պետք է համալրել նոր դատավորներով։ Դա շատ կարեւոր է, որովհետեւ նոր, թարմ ուժը դրական ազդեցություն կբերի, ինչպես նաեւ պետք է կարողանալ նվազեցնել դատավորների վրա դրվող բեռը, դատական գործերի քանակը, պետք է բարձրացվեն նաեւ դատավողների աշխատավարձերը, հատկապես՝ ստորին ատյանի դատավորների, որովհետեւ իրենք իսկապես իրենց աշխատանքի համեմատ շատ քիչ են վարձատրվում։Շարունակությունը՝ armtimes.com
12:08 - 18 հունիսի, 2019
Եթե ԲԴԽ-ն լավ աշխատած լիներ, հրաժարականների շարան չէր լինի. ԲԴԽ անդամի թեկնածու |aysor.am|

Եթե ԲԴԽ-ն լավ աշխատած լիներ, հրաժարականների շարան չէր լինի. ԲԴԽ անդամի թեկնածու |aysor.am|

aysor.am։ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանն այսօր Ազգային ժողովում հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Նրա թեկնածությունը խորհրդարանին ներկայացրել է հենց նույն խմբակցությունը։ Դռնփակ հանդիպումից հետո Բեքմեզյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հանդիպման արդյունքները դրական է գնահատում։ Նրա խոսքով` պատգամավորներին ներկայացրել է իր մոտեցումները դատական համակարգի վերաբերյալ, իր մասնագիտական կենսագրությունը։ Հարցին, թե իր մոտեցմամբ, ԲԴԽ-ն ինչպե՞ս է աշխատել նախկինում, Բեքմեզյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, հրաժարականների շարանը արդեն իսկ հուշում է՝ ինչպես է աշխատել ԲԴԽ-ն։ Եթե իրենք էլ հասկանային, որ լավ ու արդյունավետ են աշխատել մինչ այժմ, ապա հրաժարականների շարան չէր լինի»։ Այդուհանդերձ, Բեքմեզյանի խոսքով, ԲԴԽ-ն վերջին ժամանակահատվածում դատական համակարգում մեծ գործ կատարել է, բայց մեկ տարին բավարար չէ հստակ գնահատական տալու համար։ Փաստը, նրա խոսքով, այն է, որ դատական համակարգն այժմ ճգնաժամի մեջ է։ «Ամբողջովին արդյունավետ համարել ԲԴԽ-ի աշխատանքը մենք չենք կարող», - հավելեց թեկնածուն։ Հարցին, թե անկախ չի՞ եղել ԲԴԽ-ն, ինչի հետևանքով նման խնդիրներ են ծագել, Բեքմեզյանը պատասխանեց. «Հակառակը, անսպասելի անկախ է եղել, միգուցե, դրա համար չի հասկացել՝ ինչ անի»։ Անկախ չլինելու փաստի առաջ ԲԴԽ-ն, ըստ Բեքմեզյանի, կանգնել է իշխանափոխությունից հետո։ «Երկրում փոխվեց իշխանությունը, ինչի արդյունքում փոխվեցին մոտեցումները դատական համակարգի նկատմամբ։ Այն, որ մեր դատական համակարգը ունի խնդիրներ, բոլորս գիտեինք։ Այդ խնդիրները գալիս էին իշխանություններից ու իշխանափոխությունից հետո դատական համակարգի ու իշխանությունների միջև անջրպետ առաջացավ, այսինքն՝ դատական համակարգը սկսեց այլևս ցուցումներ չստանալ նոր իշխանություններից, որի հետևանքով դատական համակարգը սկսեց մտածել՝ ումից ստանա հանձնարարություններ», - ներկայացրեց Բեքմեզյանը։ Նա ԲԴԽ-ի մեկ այլ խնդիր էլ մատնանշեց՝ ասելով, որ ԲԴԽ-ի և դատարանների միջև գործընկերային հարաբերություններ այդպես էլ չեն եղել, քանի որ ԲԴԽ-ն իրեն դիտել է որպես վերահսկող սուբյեկտ։ «Առաջին իմ խնդիրը, եթե ընտրվեմ ու դառնամ ԲԴԽ անդամ, մյուս անդամների հետ միասին պետք է կարգավորենք Դատական խորհուրդ և Բարձրագույն դատական խորհուրդ հարաբերությունները», - հավելեց նա։
09:54 - 14 հունիսի, 2019
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքերով 2019 թվականի հունիսի 7-ին դիմում էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ իր լիազորությունները հունիսի 10-ից դադարած համարելու առնչությամբ։ ԲԴԽ մամուլի ծառայությունը հայտնում է, որ տվյալ դեպքում հրաժարական ներկայացնելն ինքնին իրավունքի ուժով հիմք է` Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարած համարելու համար։ Նշված դիմումի առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով, կայացրել է որոշում՝ արձանագրելով Գևորգ Դանիելյանի հրաժարական ներկայացնելու փաստը։«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված կարգով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ Խորհրդի դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանին։
08:13 - 12 հունիսի, 2019
Առաջարկում ենք կասեցնել արտավոր ընթացակարգերով ԲԴԽ անդամության թեկնածուների առաջխաղացումը. Հայտարարություն

Առաջարկում ենք կասեցնել արտավոր ընթացակարգերով ԲԴԽ անդամության թեկնածուների առաջխաղացումը. Հայտարարություն

Շուրջ մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ Բարձրագույն դատական խորհրդի անդամության թեկնածուի առաջխաղացման խնդիրների մասին հայտարարություն են տարածել։Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.«2019 թվականի հունիսի 7-ին «Իմ քայլը» խմբակցությունը տեղեկացրեց, որ Բարձրագույն Դատական Խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին։Այնուհետեւ առաջադրված թեկնածուն հաստատեց, որ իրեն զանգահարել են եւ առաջարկել դառնալ Բարձրագույն Դատական Խորհրդի անդամ։ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ Բարձրագույն Դատական Խորհրդի 10 անդամներից հինգը նշանակվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից։Մասնագիտացված համայնքի կողմից Ազգային Ժողով Բարձրագույն դատական խորհրդի անդամ թեկնածուներ ներկայացնելու, ինքնառաջադրվելու հնարավորությունները իսպառ սահմանափակված են, ավելին՝ խմբակցությունների կողմից թեկնածու առաջադրելու որեւէ ընթացակարգային կանոն, գործընթացի թափանցիկության, մասնակցայնության, մրցակցության վրա հիմնված մասնագիտացված որակյալ թեկնածուներ ներկայացնելու հնարավորություն փաստացի չի գործում։Դեռեւս 2017 թվականի մայիսին ՀՀ Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովին ներկայացրել էր ՀՀ Դատական օրենսգիրք սահմանդրական օրենքի նախագիծ (նախագծի կարգավիճակով առկա է e-draft կայքում թվագրված 22․03․2017-06.04․2017), որտեղ նախագծի 79-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրության համար Բարձրագույն դատական խորհրդի անդամի երկուական թեկնածու ներկայացնելու հնարավորություն էր վերապահվում Հայաստանի Հանրապետության փաստաբանական պալատին, բարձրագույն ուսումնական հաստատություններին եւ մասնագիտական հասարակական կազմակերպություններին։Վենետիկի հանձնաժողովի կարծիքի (կետ 88-89) համաձայն՝ «մասնագիտացված հասարակական կազմակերպություն» եզրույթը օրենքի նախագծում պետք է հստակեցվեր, որպեսզի թեկնածուներ ներկայանցելու հնարավորությունը չսահմանափակվեր եւ չնվազեցվեր որակյալ թեկնածուներ ունենալու հնարավորությունը։ Ընդհանուր առմամբ, Վենետիկի հանձնաժողովը հորդորում էր ընդունել այնպիսի գործընթաց, որով մասնագիտացված տարբեր խմբեր հնարավորություն ունենային իրենց թեկնածուներին առաջադրել Ազգային Ժողով։Վենետիկի Հանձնաժողովի ներկայացրած կարծիքի եւ դիտարկումներին համապատասխան՝ ՀՀ Դատական օրենսգիրք ՀՀ Սահմանադրական օրենքը ՀՀ Արդարադատության նախարարության կողմից փոփոխությունների չենթարկվեց։ Ավելին՝ մի խումբ փորձագետներ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ահազանգեցին, որ ՀՀ Արդարադատության նախարարության կողմից Վենետիկի հանձնաժողով կարծիքի համար ներակայացվել է Դատական օրենսգքրի նախագծի մեկ տեքստ, իսկ այնուհետեւ Ազգային ժողովում քվեարկվել է մեկ այլ՝ ուրիշ տեքստ։Արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուներ առաջադրելու եւ Ազգային ժողով ներկայացնելու հնարավորությունը Ազգային ժողովի կողմից 2018 թվականի փետրվարի 2-ին ընդունված ՀՀ Դատական օրենսգիրք ՀՀ Սահմանադրական օրենքով եւ Ազգային Ժողովի կանոնակարգ Սահմանադրական օրենքով վերապահվեց բացառապես Ազգային ժողովի խորհրդարանական խմբակցությանը։Այդ օրենքի հիման վրա, առանց առաջադրման վերաբերյալ որեւէ բացատրության եւ քաղաքական կուսակցության/խմբակցության կողմից իր առաջադրած թեկնածուի թեկնածության ընտրության հիմնավորումների, 2018 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցություններն առաջադրեցին Բարձրագույն Դատական Խորհրդի հինգ անդամների։Առաջադրված թեկնածուների քվերակության արդյունքների վերաբերյալ այդ ժամանակ գործող «Ելք» դաշինքը բողոք ներկայացրեց՝ պնդելով, որ Ազգային Ժողովում Բարձրագույն դատական Խորհրդի անդամի ընտրության քվեները «կեղծվել են»։ Ավելին՝ «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «դռնփակ ռեժիմն ընդհանրապես անընդունելի եւ անհասկանալի է»։Ստացվում է, որ քաղաքական կուսակցության/խմբակցության կողմից Բարձրագույն Դատական Խորհրդի թեկնածու ընտրելու ընթացակարգային որեւէ փոփոխություն ոչ օրենքով, ոչ պրակտիկայում տեղի չի ունեցել, եւ դատական վիրահատական բարեփոխումների հայեցակարգը հիմնվում է նախկինում գործող արատավոր պրակտիկայի վրա։ «Զանգի» միջոցով ԲԴԽ թեկնածուի առաջադրումը վերարտադրում է նախկին արատավոր սխեման եւ համահունչ չէ դատական իշխանության վիրահատական բարեփոխումների հռչակված հայեցակարգի հետ։Այս ամենի հետ մեկտեղ ակնհայտ է, որ այս անցումային ժամանակահատվածում այնպիսի կարեւոր մարմնի, ինչպիսին է ԲԴԽ-ն է, անդամների առաջխաղացման մեխանիզմը հանրային շահի տեսանկյունից ավելի նպատակահարմար է անցկացնել հնրավորինս մասնակցայնության եւ բազմազանության սկզբունքով, թեկնածուներ առաջադրելու իրավունք վերապահել ոչ միայն ՀՀ ԱԺ խմբացկություններին այլեւ արտախորհրդարանական ուժերին եւ մասնագիտական շրջանակներին:Առաջարկում ենք Ազգային ժողովին, կասեցնել արտավոր ընթացակարգերով ԲԴԽ անդամության թեկնածուների առաջխաղացումը, հրատապ փոփոխություններ կատարել գործող օրենսդրության մեջ՝ ըստ վերոհիշյալ դիտարկումների եւ ապա միայն ձեռնարկել ԲԴԽ թափուր տեղերի լրացման գործընթացը»: Հայտարարությունը տարածել են՝«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ«Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ» ՀԿ«Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանձորի գրասենյակ» ՀԿ«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ Կարեն Թումանյան, փաստաբան«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ«Խաղաղության երկխոսություն» ՀԿ«Սոցիալական ադարություն» ՀԿ«Իրավունքի ուժ» ՀԿԻրավունքի զարգացման եւ Պաշտպանության հիմնադրամ«Ունիսոն» ՀԿ«Վելես» ՀԿ
07:34 - 12 հունիսի, 2019