Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Նախարար Պապիկյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրիին

Նախարար Պապիկյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրիին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։ Շնորհավորելով դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իրանական բազմամյա հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը: Նախարար Պապիկյանի խոսքով առկա փոխգործակցության բարձր մակարդակը դրսևորվում է հատկապես երկու երկրների ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և իր հերթին վերահաստատել իրանական կողմի պատրաստակամությունը նոր որակ հաղորդելու երկկողմ բազմոլորտ համագործակցությանը և լիարժեք օգտագործելու տնտեսական հարաբերություններում առկա չիրացված ներուժը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նոր տիպի կորոնավիրուսային համավարակի մարտահրավերներին արձագանքելու և տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ:
10:08 - 03 հուլիսի, 2020
ՀՀ-ում լուծված չէ ծանրաքարշ, ծանր բեռնված մեքենաների խնդիրը․ դրանք կարող են լրջորեն վնասել ճանապարհները. Պապիկյան |armtimes.com|

ՀՀ-ում լուծված չէ ծանրաքարշ, ծանր բեռնված մեքենաների խնդիրը․ դրանք կարող են լրջորեն վնասել ճանապարհները. Պապիկյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարության այսօրվա նիստում տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, թե ՀՀ-ում լուծված չէ ծանրաքարշ, ծանր բեռնված մեքենաների խնդիրը: «Այդ մեքենաները, որոնք երբեմն 30 տոննա քաշ են ունենում, լուրջ ազդեցություն են թողնում ճանապարհների որակի վրա: Հատկապես ամռանը, դրանք կարող են լրջորեն վնասել ճանապարհները»,- նշեց նախարարը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ նկատեց, որ ժամանակին ռուսական կողմի հետ քննարկում են ունեցել եւ ռուսներն առաջարկել են, որ ավտոմեքենաների կշռման եւ ստանդարտներ կիրառելու համակարգը ներդրվի նաեւ Հայաստանում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց. «Երբ մենք միլիարդներ ենք ծախսում ճանապարհների որակը բարձրացնելու համար, ինչ-որ մարդիկ մի քանի հազար ավելի աշխատելու համար այդ ճանապարհների քանդման գործով են զբաղվում: Հայաստանում 3-4 տեղում բեռնատարների կշռման կետեր պետք է ունենանք եւ բոլոր բեռնատարները պետք է կշռվեն»։
15:24 - 02 հուլիսի, 2020
Նախարար Սուրեն Պապիկյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ

Նախարար Սուրեն Պապիկյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ: Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել տիկին Վուտովային առաքելության ընթացքում ՀՀ-ում տեղական ժողովրդավարության ամրապնդման գործում նրա դերակատարության և ԵԽ գրասենյակի ցուցաբերած գործուն աջակցության համար: Նախարարի խոսքով տեղական ժողովրդավարության զարգացումը շարունակելու է մնալ ՀՀ կառավարության և ԵԽ համատեղ օրակարգի կարևոր բաղադրիչը՝ էլ ավելի խորացնելով տարբեր ուղղություններով առկա համագործակցությունը : Հանդիպման ընթացքում բարձր գնահատելով ԵԽ հայաստանյան թիմի խորհրդատվական աջակցությունը նախարար Պապիկյանը անդրադարձել է վերջին օրենսդրական փոփոխություններին. «Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների բարեփոխումներով մենք անցում ենք կատարում տեղական ժողովրդավարության ավելի բարձր մակարդակի: Մենք հնարավորություն ենք ընձեռում Հայաստանում բոլոր քաղաքական ուժերին մասնակցություն ունենալ տեղական ինքնակառավարմանը և ստանձնել պատասխանատվություն տեղերում առողջ մթնոլորտի ձևավորման, համայնքների զարգացման և բալանսավորված տեղական ինքնակառավարում ունենալու համար»: Իր խոսքում Նատալիա Վուտովան նշել է. «Այս հանդիպումով մենք շեշտում ենք Հայաստանում տեղական ժողովրդավարության կարևորությունը: Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության արմատներում է, և ԵԽ-ը իր ծրագրերով, մասնավորապես «Ժողովրդավաական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» և «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» բաղադրիչներով, ՀՀ կառավարության հետ համատեղ էական արդյունքներ է արձանագրել տեղական մակարդակում ժողովրդավարական ինստիտուտների, կարողությունների զարգացման և հանրության հետ աշխատանքի գործում»: Այս համատեքստում նախարարը կարևորել է նաև ԵԽ-ի հետ մոնիտորինգային երկխոսության շարունակականությունը և դրա արդյունքում ձևավորված ճանապարհային քարտեզի կիրարկումը, այդ թվում՝ Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ զարգացման և անկախացմանը ուղղված հետագա քայլերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել 2021թ. սպասվող ՏԻՄ ընտրությունների, առաջիկա 5 տարիների ընթացքում վարչատարածքային բարեփոխումների ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի մասին: Ամփոփելով նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Նատալիա Վուտովային և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: 
15:27 - 30 հունիսի, 2020
Հին Գորիսը դառնալու է Սյունյաց աշխարհի պատմական այցեքարտը․ Սուրեն Պապիկյան

Հին Գորիսը դառնալու է Սյունյաց աշխարհի պատմական այցեքարտը․ Սուրեն Պապիկյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․  «Հին Գորիսը դառնալու է Սյունյաց աշխարհի պատմական այցեքարտը: Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրով վերականգնվում է Գորիսի պատմական միջուկը.Վերանորոգվում են 1918-1920 թթ․ կառուցված պատմական բնակելի տները` Գուսան Աշոտի, Կոմիտաս, Մաշտոցի, Մակիչի, Օրբելյան, Անկախության փողոցների վրա գտնվող 38 շենքերի տանիքները, պատշգամբներն ու ճակատային հատվածները: Կվերականգնվի քաղաքի կենտրոնական մասի Գուսան Աշոտ, Կոմիտաս, Մակիչի, Օրբելյան,Մաշտոցի, Անկախության, Տաթևացու փողոցների պատմա-մշակութային տեսքը, կանցկացվի լուսավորություն, փողոցներն ու մայթերի հատվածները կսալիկապատվեն բազալտե և բետոնե սալիկներով։ Հիմնովին մաքրվում է նաև Վարարակն գետի հունը: Նախատեսվում է գետի աջափնյա և ձախափնյա հատվածներ վերականգնում, լուսավորության անցկացում, հետիոտն և հեծանվային երթուղու ձևավորում հին և նոր Գորիս քաղաքի հատվածների միջև»։  
09:06 - 29 հունիսի, 2020
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Մեղրի համայնքում կառավարության սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին:

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Մեղրի համայնքում կառավարության սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին:

Նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցը շարունակել է Մեղրի համայնքում` մարզպետ Հունան Պողոսյանի ուղեկցությամբ ծանոթանալով ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Ծրագրով նախատեսվում է Մեղրիում հիմնել 4178 քմ ընդհանուր մակերեսով համայնքային զբոսայգի` նորակառույց հետիոտնային ուղիներով և էլեկտրախնայող ժամանակակից լուծումներով լուսավորությամբ: Նախարարն այցելել է այգու շինհրապարակ, պատասխանատուների հետ զրուցել աշխատանքների իրականացման, ոռոգման համակարգի անհրաժեշտության հարցերի շուրջ: Սուրեն Պապիկյանն իր դժգոհությունն է հայտնել կատարված աշխատանքների ընթացքից և հանձնարարել է դրանք ավարտել սահմանված ժամկետներում` միևնույն ժամանակ առաջնահերթ ուշադրություն դարձնելով որակին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզպետի հետ` մշտական վերահսոկողություն սահմանել այգու կառուցման աշխատանքների նկատմամբ: Մեղրիում ընթացքի մեջ են համայնքի միակ մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները, ներկայումս կատարվում են նոր հենապատերի կառուցման և հների ամրացման աշխատանքներ: Նախատեսվում է, որ համայնքը կունենա ժամանակակից և բարեկարգ նախակրթարան`12 խմբասենյակով: Սուրեն Պապիկյանը ծանոթացել է աշխատանքների ընթացքին, կարևորել հնարավորինս շուտ նախակրթարանի շահագործման հանգամանքը: Մարզերում բարեկարգ նախակրթարաններ ունենալը կառավարության առաջնահերթություններից է, և այս առումով ևս կարևորվել է աշխատանքների' սահմանված ժամկետներում և որակյալ իրականացումը: Մանկապարտեզի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 94 մլն դրամ, որից 61 մլն-ը սուբվենցիոն ծրագրով պետբյուջեից հատկացված միջոցներն են, 33 մլն-ը` համայնքի համաֆինանսավորումը: Մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներում իր ներդրումն ունի նաև Իմ Քայլը» հիմնադրամի, որի աջակցությամբ մանկապարտեզում կտեղադրվի արևային էներգիայի համակարգ և ջրատաքացուցիչ` հնարավորություն տալով մանկապարտեզին խնայել էլէներգիա և թեթևացնել համայնքային բյուջեի բեռը։ Մեղրիում նախարար Սուրեն Պապիկյանը եղել է նաև սուբվեցիոն ծրագրով բարեկարգված Մեղրի համայնքի ավտոկայանատեղիի և գյուղատնտեսական շուկայի տարածքում, հետաքրքրվել դրանց շահագործման ժամկետներով:Նախարարը նշել է, որ շուկայի վերանորոգման աշխատանքերը պետք էր այնպես կազմակերպել, որ գյուղացիներն արդեն հնարավորություն ունենային օգտվել իրենց գյուղմթերքը վաճառելու բարեկեցիկ պայաններից և հանձնարարել է հնարավորինս շուտ շուկան շահագործել: Սուրեն Պապիկյանը մարզպետի հետ զրույցում կարևորել է համայնք-կառավարություն համագործակցության ձևաչափով համայնքային խնդիրների լուծման հնարավորությունը, բայց միևնույն ժամանակ շեշտել է դրանց սահմանված ժամկետներում և որակյալ իրականացնելու անհրաժեշտությունը:Նշված ծրագրերի շինարարությունը նախատեսվում է ավարտել այս տարվա օգոստոսին:
20:20 - 27 հունիսի, 2020
Գորիսը հավակնում է դառնալ Հայաստանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը․ նախարարը Սյունիքում է

Գորիսը հավակնում է դառնալ Հայաստանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը․ նախարարը Սյունիքում է

Հունիսի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Ինչպես տեղեկացրին նախարարությունից, այցը մեկնարկել է Արարատի մարզում , որտեղ նախարար Պապիկյանը մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացել է մարզի համար կենսական դեր ունեցող Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության ճանապարհի 9,1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ Նախարարը շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչների հետ զրույցում ընդգծել է աշխատանքները պատշաճ իրականացնելու կարևորությունը և համապատասխան հանձնարարականներ տվել ոլորտի պատասխանատուներին ստուգել հիմքային ծածկի որակի համապատասխանելիությանը նախագծային ստանդարտներին: Նշված հատվածում ճանապարհաշինության աշխատանքներին ներգրավվել են նաև նախկինում արտագնա աշխատանքի մեկնող շինարարներ:   Սյունիքի մարզ աշխատանքային այցը նախարարը սկսել է Սիսիան քաղաքից, որտեղ մարզպետ Հունան Պողոսյանի, համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացել է կառավարության սուբվենցիոն ծրագրով քաղաքում ավարտված և ընթացիկ աշխատանքներին։ Կառավարություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ բարեկարգվել և ասֆալտապատվել է Խանջյան, Մյասնիկյան, Ա. Մանուկյան, Շահումյան փողոցների, Սիսիան-Իշխանասար ճանապարհատվածը։ Փողոցն ապահովված է նաև ջրահեռացման համակարգով։ Սիսիանում ընթացքի մեջ են նաև քաղաքային այգու բարեկարգման և կահավորման աշխատանքները։ Համայնքի ղեկավարը տեղեկացրել է, որ այս տարի Սիսիանի համայնքապետարանը 1 մլրդ 560 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ սուբվենցիոն տարբեր նշանակության ծրագրեր է ներկայացրել՝ կարևորելով դրանց նշանակությունը համայնքային խնդիրների լուծման և համայնքային կարողությունների զարգացման գործում։Նախարար Պապիկյանն իր գոհունակություն է հայտնել շինարարության առկա տեմպից միևնույն ժամանակ հորդորել 2020թ սուբվենցիոն ծրագրերը նախանշված ժամկետներում իրականացնելու ուղղությամբ դրսևորել խիստ հետևողականություն և պատասխանատվություն: Այնուհետև Սուրեն Պապիկյանը Գորիսում համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ հետևել է քաղաքի կենտրոնական մասի պատմական բնակելի տների վերանորոգման ծրագրին, պատասխանատուների հետ քննարկել ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր ։ «Հետաքրքիր ու կարևոր գործ է արվում: Համաշխարհային բանկի աջակցությամբ ներկայումս իրականցում ենք մեծածավալ աշխատանքներ, որպեսզի վերականգնվի Հին Գորիսի պատմական միջուկը: Գորիսն իր ուրույն տեղն ունի հանրապետության համայնքների մեջ և հավակնում է դառնալ Հայաստանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը` գրավելով տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկներին»,-նշել է նախարարը։   Նախարարի խոսքով ծրագրի շնորհիվ բացի քաղաքի համար յուրահատուկ կոլորիտային միջավայր ապահովելուց, լուծվում են նաև մի շարք այլ խնդիրներ, մասնավորապես, կառուցվում է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ, հիմնովին մաքրվում է Վարարակն գետի հունը: «Հին Գորիս» ծրագրով նախատեսված է քաղաքի կենտրոնական մասի փողոցների ու մայթերի վերակառուցում, սալիկապատում, 1918-1920 թթ․ կառուցված թվով 38 շենքերի տանիքների, պատշգամբների ու ճակատային մասերի վերանորոգում, Վարարակն գետի աջափնյա և ձախափնյա հատվածներ վերականգնում: Ծրագիրն իրականացվում է Զբոսաշրջության կոմիտեի և ՀՏԶՀ –ի կողմից՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ։Աշխատանքային այցի ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը Վերիշեն բնակավայրում ծանոթացել է «Վարպետաց գյուղում» արվեստների կենտրոնի և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներին։ Կենտրոնը լրացուցիչ խթան կհանդիսանա բնակավայրի մշակութային ներուժի զարգացման համար։ Աշխատանքային այցի շրջանակում նախարար Պապիկյանը հետևել է նաև Մ2 միջպետական ճանապարհի Շուռնուխ (7կմ) և Դավիթ Բեկ (4,7կմ) համայնքներով անցնող հատվածների շինարարությանը, որտեղ այս փուլում ընթանում են հողային և ճանապարհի լայնեցման աշխատանքներ:
11:42 - 27 հունիսի, 2020
Նորք Մարաշում գտնվող պետական գույքը 1 մլրդ 331 մլն դրամով մրցույթով կօտարվի․ Կառավարությունը հաստատեց նախագիծը |armtimes.com|

Նորք Մարաշում գտնվող պետական գույքը 1 մլրդ 331 մլն դրամով մրցույթով կօտարվի․ Կառավարությունը հաստատեց նախագիծը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունը այսօրվա նիստում որոշեց մրցույթով օտարել պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երեւան քաղաքի Նորք-Մարաշ, Նորքի այգիներ փողոց 180 հասցեում գտնվող 2018.12 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները եւ դրա օգտագործման եւ սպասարկման համար հատկացված 1.84871 հեկտար մակերեսով հողամասը։ Հարցը զեկուցվող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ շենք-շինությունները եւ դրա օգտագործման եւ սպասարկման համար հատկացված 1.84871 հեկտար մակերեսով հողամասը նախատեսվում է օտարել մրցույթով գույքի նվազագույն գինը սահմանելով գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝  1 մլրդ 333 մլն 763 հազար դրամ։ «Սա ըստ էության մեր հակաճգնաժամային գործողությունների շարքում է։ Որովհետեւ 3-րդ ուղղությունը՝ այսպես ասած ներդրումային գրավչություն ունեցող պետական գույքը մասնավորեցման հանելն է։ Ընդ որում՝ ծրագրով, որպեսզի այդտեղ ոչ թե ուղղակի գույքը ձեռք բերվի, այլ ներկայացվի ծրագիր, որպեսզի մենք երաշխավորված լինենք, որ այդտեղ ներդրումներ են իրականացվելու, նախապես հայտնի ներդրումներ, Կառավարության հավանությանն արժանացած ներդրումներ։ Եվ սրանով մենք նպատակ ունենք խթանել ներդրումները Հայաստանի Հանրապետությունում, տվյալ դեպքում խոսքը՝ Նորքի այգիներ կոչվող տարածքի մասին է»,- ասաց վարչապետը։ Օտարման առաջարկվող գույքը պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել 2002 թվականին։ Գույքն իրենից ներկայացնում է առողջապահական բժշկական կենտրոնի շենք-շինություններ եւ հողամաս ու փաստացի որեւէ սուբյեկտի կողմից չի շահագործվում։ Գնորդը պարտավոր է նաեւ վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքը՝ 197 մլն 996 հազար 841 դրամ:
12:31 - 25 հունիսի, 2020
Սուրեն Պապիկյանը տեսակապի ձևաչափով հանդիպում է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

Սուրեն Պապիկյանը տեսակապի ձևաչափով հանդիպում է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 18-ին տեսակապի ձևաչափով հանդիպում է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիության կողմից նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին տրամադրվող օժանդակության համար՝ ընդգծելով, որ ճգնաժամային իրավիճակը բազմամյա գործընկերային հարաբերությունները էլ ավելի ամրապնդելու նախադրյալներ է ստեղծում :Ի թիվս երկկողմ և բազմակողմ համագործակցության մի շարք ուղղությունների՝ նախարար Սուրեն Պապիկյանն ու Անդրեա Վիկտորինը անդրադարձել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում բարեփոխումներին միտված հետագա փոխգործակցությանը և թռիչքային անվտանգության ոլորտի բացերի վերացման նպատակով ձեռնարկվելիք միջոցառումներին: «Ներկայումս ՏԿԵ նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ինտենսիվ աշխատանքներ են տարվում, որպեսզի վերացվեն թռիչքային անվտանգության հետ կապված բացերը: ՀՀ-ն Արևելյան գործընկերության այն երկրներից է, որը մշտապես իր պատրաստակաամությունն է դրսևորում ներպետական օրենսդրությունը կատարելագործելու, թե՛ տեսական, թե՛ գործնական դաշտում ներքին ստանդարտները եվրոպական չափորոշիչներին մոտեցնելու հարցում: Լիահույս եմ, որ ԵՄ գործուն աջակցության շնորհիվ մենք կբարձրացնենք նաև մեր ավիացիոն անվտանգության մակարդակը՝ ներդնելով թռիչքային անվտանգությանն առաջադրվող ԵՄ գործող ստանդարտներն ու պահանջները»,- ընդգծել է նախարար Պապիկյանը: Կարևորելով ավիացիոն խնդիրները բացառելու ուղղությամբ համակարգային և թիրախավորված աշխատանքը՝ դեսպան Վիկտորինը նշել է. «Այս հարցը միանշանակ վերջին մեկուկես տարվա խնդիր չէ, երկար ժամանակ դրանք բացառելու ուղղությամբ համապատասխան քայլեր չեն կատարվել: Բայց առկա իրավիճակը կարող ենք դիտարկել որպես հնարավորություն, որպեսզի Հայաստանն իր ավիացիոն անվտանգության մակարդակը բարձրացնի և ավելի ուժեղ դուրս գա ստեղծվածիրավիճակից: Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի լուծենք խնդիրը»: Զրույցի ընթացքում նախարարն ու դեսպանը անդրադարձել են նաև վարկային և դրամաշնորհային ծրագրերի ընթացիկ վիճակին, այդ թվում համայնքային ենթակառուցվածքների, հատկապես ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ներդրման, էներգետիկ համագործակցության և «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի», տարածաշրջանային զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացման ուղղությամբ հետագա համագործակցությանը: Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ հարաբերությունները ընդլայնելու և ավելի արդյունավետ դարձնելու երկկուստեք պատրաստակամությունը:
16:19 - 19 հունիսի, 2020
Ճանապարհների հիմանորոգման ուղղությամբ նախորդ տարի 5 մլրդ դրամի խնայողություն է արվել |armenpress.am|

Ճանապարհների հիմանորոգման ուղղությամբ նախորդ տարի 5 մլրդ դրամի խնայողություն է արվել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախորդ տարի պետությունը  ճանապարհաշինության մրցույթների արդյունքում միայն հիմնանորոգման ուղղությամբ արել է 5 մլրդ դրամի խնայողություն, որը կվերաբաշխվի այլ ճանապարհների շինարարության համար: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլը»-ից Գևորգ Պապոյանի հարցին: Պապոյանը նկատեց, որ դասական բյուջետավորման կանոնների համաձայն բազմաթիվ տողերով առկա է թերակատարում: Օրինակ x ճանապարհը կառուցելու համար նախատեսվել է 1 մլրդ դրամ, բայց 600 մլն դրամն է ծախսվել: «Սակայն, երբ ծրագրային բյուջետավորման կանոններով ենք նայում, տեսնում ենք, որ ճանապարհը կառուցվել է: Ավելի քիչ բյուջետային միջոցներով նպատակներն իրականացվել են, խնայված գումարներով հանրային այլ կարիքներ են հոգացել»,-ասաց Պապոյանն ու հարցրեց, թե արդյոք կարելի է պնդել, որ նախկինում այդպիսի տոկոսներով գողացվել են պետական բյուջեի միջոցները: «2019-ի աշխատանքների արդյունքում, ընթացիկ տարվա ճանապարհաշինության մրցույթների արդյունքում միայն հիմնանորոգման ուղղությամբ ունենք 5 մլրդ դրամի խնայողություն: Նոր գնման ընթացակարգի և դրա արդյունքների մասին է խոսքը: Սա ենթադրում է նաև, որ այդ նույն 5 մլրդը վերաբաշխվել է, և հավելյալ այլ ճանապարհների շինարարություններ նույնպես տեղի կունենան»,-ասաց Պապիկյանը: Նախարարը նկատեց, որ կառավարումից մեծապես կախված է արդյունավետությունն ու դրամական միջոցների ճիշտ օգտագործումը: Խնդիրը հետևողականության, ընթացակարգերին հետևելու մեջ է: Նա չցանկացած գնահատականներ հնչեցնել, թե նախկինում որտեղ ինչ կոռուպցիոն մեխանիզմներ են եղել, հիշեցրեց, որ իրավապահ մարմինները հետևողականորեն դրանով զբաղվում են, բացահայտում են:
17:44 - 17 հունիսի, 2020
Ինչու է Հայաստանը հրաժարվում ատոմակայանի վերազինման ռուսական վարկից․ զրույց փոխնախարարի հետ |civilnet.am|

Ինչու է Հայաստանը հրաժարվում ատոմակայանի վերազինման ռուսական վարկից․ զրույց փոխնախարարի հետ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի կառավարությունը հրաժարվել է Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինման նպատակով ռուսական վարկից և ծրագրում է կիսատ մնացած աշխատանքները շարունակել սեփական միջոցների հաշվին: Թեմայի շուրջ Արշալույս Մղդեսյանը զրուցել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ էներգետիայի ոլորտը համակարգող տեղակալ Հակոբ Վարդանյանի հետ: Հարցազրույցը որոշ խմբագրումներով և կրճատումներով՝ ստորև։ Պարոն Վարդանյան, հունիսի 8-ին նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվլ է Հայկական ատոմակայանի արդիականացման համար ռուսական վարկից։ Խոսքը 270 մլն դոլար վարկային և մոտ 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների մասին է, որոնք ուղղվելու էին ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինմանը։ Ինչո՞ւ կայացվեց այս որոշումը։ Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվեց հետագայում շարունակելու վարկ վերցնելը։ Նախ ուզում եմ նշել, որ ձեր ասած գումարը՝ ընդհանուր 300 մլն դոլար վարկը և դրամաշնորհը, ունեին օգտագործման ժամկետ, որն ավարտվել է 2019-ի դեկտեմբերի 31-ին։ 2018-ի վերջից և 2019-ի ամբողջ ընթացքում մենք բանակցել ենք վարկի մնացորդային չօգտագործված մասի ժամկետի երկարացման շուրջ։ Այդ ընթացքում քննարկվեցին բոլոր հնարավոր տարբերակները, և ի վերջո վարկի ժամկետը չերկարացնելու որոշում կայացվեց։ Այսինքն` սեփական միջոցներով ենք շարունակելու արդիականացումը, քանի որ կար տարբեր գործոնների ազդեցություն․ վարկի օգտագործման պայմաններն ու ճկունությունը, մեր հետագա աշխատանքների գրաֆիկներում որոշակի անհամապատասխանությունները։   Եթե հիշում եք, դեկտեմբերին կառավարությունը վարկի մնացորդային մասի երկարացմանը հավանություն էր տվել, սակայն մեր ռուս գործընկերներն արդեն իսկ այդ մնացորդային մասի ժամկետի երկարացման համար առաջարկեցին պայմաններ, ինչն ուղղակի աշխատանքների անհամապատասխանություն էր առաջացնելու։ Գնահատեցինք իրավիճակը, հասկացանք, որ մեզ պետք են ավելի ճկուն պայմաններով դրամական միջոցներ, ինչը չէր ապահովվում այդ վարկով, և այդ պատճառով նման որոշում կայացվեց։ Այսինքն՝ ի՞նչ էր առաջարկում ռուսական կողմը, որին հայկական կողմը չհամաձայնեց․ որովհետև չէ՞ր համապատասխանում աշխատանքների գրաֆիկին, ինչպես դուք եք նշում։ 2018-ի վերջից սկսած՝ որոշակի աշխատանքներ, որոնց կատարման ժամկետը գերազանցում էր վարկի օգտագործման այն ժամանակվա ժամկետը, այսինքն՝ 2019-ի դեկտեմեբրի 31-ը, խնդիր ունեին: Վարկով նախատեսված պայմանագրերը չէին կնքվում: Վարկային համաձայնագրով այդպես էր նախատեսված, որ վարկից ֆինանսավորվող աշխատանքների ավարտը պետք է նախանշված լինի վարկային համաձայնագրի ավարտի հետ։ Սա բերեց մի վիճակի, երբ մեզ մոտ ունեցանք մեծ մնացորդ, այսինքն՝ պայմանական ասեմ, աշխատանքները, որ կարող էին 90 տոկոսով ավարտված լինել, 90 տոկոսով վճարումները կատարված լինեին մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը, ուղղակի չսկսվեցին:  Աշխատանքների իրականացման գրաֆիկն ու վարկի գրաֆիկն իր պայմաններով սկսեցին միմյանց չհամապատասխանել: Դա ամենամեծ խնդիրն էր, որ մենք փորձում էինք բանակցել: Ասում էինք՝ ենթադրենք՝ գնանք երկարացման,- կամ նույնիսկ եթե չգնայինք երկարացման,- եկեք անենք այնքանը, ինչ կհասցնենք վարկի օգտագործման ժամկետում, դրանից հետո, եթե կմնա չկատարված աշխատանքի որոշակի ծավալ, և վարկը ծայրահեղ դեպքում չի երկարացվի, մենք այդ վճարումները կանենք այլ միջոցների հաշվին: Կներգրավենք այլ վարկ կամ կանենք սեփական միջոցների հաշվին։ Այդ ճկունությունը չունեինք։   Վարկի երկարացման նախագծով ժամկետը նախատեսվում էր ձգել մինչև 2021-ի դեկտեմբերի 31-ը, սակայն արդեն ապրիլն էր, և մենք դեռ չունեինք երկարացված վարկ։ Պատկերացրե՛ք այն բոլոր աշխատանքները, որոնք, օրինակ, կարող էին տևել մեկուկես-երկու տարուց ավելի, դեռ  չէին սկսվել։ Այսինքն՝ ստորագրելու դեպքում ևս այդ աշխատանքները նորից չսկսելու փաստի առաջ էինք կանգնելու, իսկ այդ ընթացքում վարկի կառավարման, ծրագրի կառավարման համար «Ռոսատոմ Սերվիս» ընկերության վճար գոյություն ուներ։ Վճարում էինք դա, ժամանակն ացնում էր, և չէինք տեսնում այն հանգամանքները, որ սկսեինք, օրինակ՝ ենթակայանի կառուցումը, որը շատ ավելի երկար էր տևելու, քան երկու տարին է։  Եթե մենք համաձայնության եկած լինեինք, օրինակ, 2019-ի սկզբին, միգուցե այդ ժամանակ սկսեինք ենթակայանի կառուցումը, 2021-ի վերջին հնարավոր լիներ ավարտել։ Բայց չէինք եկել համաձայնության, և 2020-ին նոր պետք է կնքեինք վարկի երկարաձգման պայմանագիրը: Ուստի կրկին վարկային պայմանագրի ժամկետում հնարավոր չէր լինի, օրինակ, ենթակայանի, դիզել-գեներատորային կայանի կառուցումը։ Մենք դրա համար փորձում էինք ծրագրի կառավարման վճարը դարձնել տոկոսային, այսինքն՝ ինչքան աշխատանք կատարվի, դրա համապատասխան որոշակի տոկոս կգումարվի։ Մեր գործընկերներն ասում էին, որ իրենց ծախսերը դրանից չեն պակասում, ծառայություն մատուցողը նույն անձնակազմը պահում է՝ անկախ նրանից, թե մենք շատ աշխատանք կանենք, թե չենք անի։ Միգուցե օբյեկտիվ էին ասում, չեմ կարող ասել, և իրենք, այսպես ասած, timebased [ժամանակահեն - խմբ․] պայմանագիր էին մեզ առաջարկում։ Այսինքն՝ կարող էր ստեղծվել իրավիճակ, որ մենք էլի այդ ժամանակում ամբողջական աշխատանքը, նույնիսկ դրա կեսը չանեինք, բայց ծառայության վճարները վճարեինք ամբողջությամբ։ Սա երկրորդ պայմանն էր։ Երրորդը՝ վարկի հետագա օգտագործման համար կա լրացուցիչ պայման, որ վարկի 80 տոկոսով աշխատանքները պետք է իրականացնեին ռուսական ընկերությունները և ռուսական արտադրանքով։ Ու դա վերաբերում էր նրան, որ նույնիսկ եթե ռուսական ընկերությունը մրցույթը շահում է, կատարում է աշխատանքը, և օգտագործում է, դիցուք, այլ երկրի արտադրանք, դա մնացած 20 տոկոսից դուրս էր գալիս։ Եվ մինչև այդ, արդեն իսկ ծախսած գումարի մեջ այդ հարաբերակցությունը որոշակի չափով  չէր պահվել: Ասում էին՝ արդեն իսկ այդ 20 տոկոսի մեծ մասը դուրս է եկել։ Ստացվում է, որ միայն ռուսական ընկերություններն էին կարողանալու մասնակցել մրցույթներին։ Սա բերում էր նաև մի մտահոգության, որ միգուցե այդ նույն ընկերությունները, իմանալով, որ չկա մրցակցություն, հնարավորությունը միայն իրենցն է, կարող է շատ ավելի թանկ առաջարկ անեին։  Եվ այդպես, բավական երկար շատ մանր խնդիրներ քննարկվեցին, և հիմնականը այն էր, որ քանի որ ատոմակայանում էլ աշխատանքները միջպլանային նախազգուշական վերանորոգման փուլում են, այսինքն՝ շատ սեղմ են ժամկետները, պետք է շատ հստակ պլանավորել ամեն բան: Շատ կարևոր նրբերանգներ կան այս գործում: Եթե այդ գործը հինգ օր ուշացավ ինչ-որ պատճառներով, այն մնում է մյուս տարի։ Այսպիսի երևույթներ լինում են։ Հիմա էլ չեն կարող բացառել հարյուր տոկոսով նմանատիպ զարգացումները, այսինքն՝ այս ոչ ճկուն վիճակը ծրագրին մտահոգություն էր տալիս, որ մենք էլի երկու տարի հետո նորից կկանգնենք մի իրավիճակի առաջ, որ չկարողացանք շատ գործ անել։  Հիմա, եթե մենք չունենայինք այդ սահմանափակումները, ատոմակայանի պրոֆեսիոնալ կարծիքով, վարկի մնացորդը ոչ թե կլիներ 107 միլիոն, այլ կարող էր լինել 30, 40, մաքսիմում 50 միլիոն, այսինքն՝ մենք ահագին աշխատանք կարող էինք սկսած լինել։ Չէինք կարողանում սկսել, որովհետև հնարավոր է՝ մի ամիս գերազանցեին վարկի օգտագործման ժամկետը: Հաշվի առնելով այդ հանգամանքները, հաշվի առնելով նաև այն, որ կան աշխատանքներ, որոնք պետք է կատարվեն ռուսական ընկերության միջոցով, առանձնացրեցինք այդ աշխատանքներն ու գործընկերների հետ հասկացանք, որ ավելի ճկուն ֆինանսավորման մեխանիզմներ են պետք: Հենց այդ ճանապարհով էլ շարժվեցինք։ Պարոն Վարդանյան, վարկի մնացորդից հրաժարվելը, այսպես ասած, կոշտ որոշում է: Այսինքն՝ նշանակում է՝ համաձայնությունների չեք եկել։ Ինչո՞ւ ռուսական կողմը չգտնվեց այդքան ճկուն։ Դուք այդ հարցի պատասխանն ունե՞ք։ Ինչո՞ւ նրանք չգնացին ճկուն պայմաններ առաջադրելու ճանապարհով։ Եկեք այսպես նայենք։ Իրենք շատ երկրների են արտահանման նմանատիպ վարկեր տալիս, և կա որոշակի քաղաքականություն, արտահանման վարկի օգտագործման քաղաքականություն: Ռուս գործընկերների մեկնաբանմամբ,- որը, իմ կարծիքով, ընդունելի է,- մեկի հետ պայմանների փոփոխությունը տանելու է մյուսների հետ փոփոխության։ Երևի այս ոլորտում ամենափոքր արտահանման վարկը մենք ենք իրենցից վերցրել, իսկ այլ երկրներինը մի 20 անգամ ավելի մեծ է։  Իրենք ասում էին՝ սա փոփոխելը նշանակում է փոփոխել բոլորի համար։ Մեզ համար ընդունելի էր: Ուստի չէի ասի, որ սա ծայրահեղ քայլ է և հարաբերությունների որոշակի ինչ-որ փոփոխություն։ Ինձ թվում է՝ նույն «Ռոսատոմ»-ի համար էլ էր ավելի հեշտ աշխատել ավելի ճկուն պայմաններով, որովհետև, օրինակ, 20/80 հարաբերակցությունը մեր համաձայնագրում նախկինում չկար, ինչը, «Ռոսատոմ»-ի մեկնաբանմամբ, ժամանակին ուղղակի բացթողում է եղել: Բայց «Ռոսատոմ Սերվիս»-ի և ՌԴ ֆինանսների նախարարության միջև այդպիսի պայմանագիր եղել է, ու հիմա իրենք որոշակի տուգանքներ են վճարում, որ խախտվել է 20/80 հարաբերակցությունը։ Սրանք ընդհանուր դրույթներ են իրենց արտահանման վարկի համար։  Ծրագրային բոլոր վարկերը, լինի դա KFW-ի, Ռուսաաստանի, Համաշխարհային բանկի, ունեն իրենց պահանջները, իրենց աշխատելու կանոնները։ Մենք ուղղակի հասկացանք, որ ծրագրային վարկերը խնդիրներ են առաջացնում այս պարագայում, որովհետև մի քիչ ստանդարտից դուրս պրոցես է։ Ատոմակայանն աշխատանքին զուգահեռ իրականացնում է շահագործման ժամկետի երկարացման աշխատանքներ, որը եզակի է աշխարհում։ Այսինքն՝ դժվար էր այդ երկուսը իրար հետ կառավարելը։ Երբ վերլուծեցինք, հասկացանք, որ շատ բացթողումներ, ուշացումներ նաև եղել են որոշակի ոչ ճկունության պատճառով։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
13:50 - 15 հունիսի, 2020
Առաջարկվում է բացառել հանքավայրերի եւ տեղամասերի մասնատումը, պաշարները տրամադրել ողջ հաշվեկշռային ծավալով․ Պապիկյան |armtimes.com|

Առաջարկվում է բացառել հանքավայրերի եւ տեղամասերի մասնատումը, պաշարները տրամադրել ողջ հաշվեկշռային ծավալով․ Պապիկյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին նախագիծը: Ըստ նախագծի՝ ներկայացվում են ընդերքօգտագործման լայն խումբ հարցեր՝ նշեց նախարարը՝ հավելելով, որ դրանք հիմնականում պատասխանատու ընդերքօգտագործող ունենալու, ընդերքը ռացիոնալ եւ արդյունավետ օգտագործելուն առնչվող հարցեր են: «Առաջարկվում է ընդերքի ռացիոնալ օգտագործման նպատակով հնարավորինս բացառել հանքավայրերի եւ տեղամասերի մասնատումը, պաշարները տրամադրել ողջ հաշվեկշռային ծավալով: Սա մի կարեւոր պատճառ ունի: Նախկինում եղել են դեպքեր, երբ հաստատված պաշարը բաժանվել է մի քանի հատվածների, ինչը հնարավորություն է տալիս ավելի բարձր արդյունավետություն ունեցող հատվածները օգտագործել, իսկ ավելի ցածր տոկոսայնություն ունեցողները՝ թողնել»,- նշեց Պապիկյանը՝ հավելելով, որ նախագիծը կբացառի նման հարցերը: Նախարարը տեղեկացրեց, որ արդյունահանման թույլտվություններ կտրամադրվեն միայն այն հանքավայրերի դեպքում, որտեղ մետաղականի համար վերջին 5 տարվա ընթացքում գնահատվել ու հաստատվել են պաշարներ, իսկ ոչ մետաղականի դեպքում՝ վերջին 10 տարվա ընթացքում: «Սա արվում է նրա համար, որ ցանկացած գործարար, որը ցանկանում է ներդրում կատարել, արդյունավետ շահագործում իրականացնել, նախ իրականացնի համապատասխան ուսումնասիրություն, քանզի Հայաստանում բոլոր ուսումնասիրությունները հիմնականում 50-ականներին են կատարվել»,- նշեց Պապիկյանը: Նախարարը նշեց, որ նախագծով նաեւ իրավունքի տրամադրման 50 տարվա առավելագույն ժամկետը կփոխվի 25 տարվա, իսկ ոչ մետաղականների համար առավելագույն ժամկետը կսահմանվի 15 տարի: Որոշումն ընդունվեց։ 
14:12 - 11 հունիսի, 2020
Նպատակահարմար ենք համարում Հայաստանի սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել․ Պապիկյանը՝ ԱԷԿ-ի էներգաբլոկի մասին |armtimes.com|

Նպատակահարմար ենք համարում Հայաստանի սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել․ Պապիկյանը՝ ԱԷԿ-ի էներգաբլոկի մասին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՀՀ պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրել Հայակական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման համար: Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը` նշելով, որ «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքվել են` 2014թ. դեկտեմբերի 20-ին համագործակցության մասին եւ 2015թ. փետրվարի 5-ին վարկի տրամադրման մասին համաձայնագրերը (300 մլն ԱՄՆ դոլար, որից 270 մլն ԱՄՆ դոլար վարկ եւ 30 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ): «Արդեն 2018-ի դեկտեմբերից վարկի երկարաձգման համար սկսվել են բանակցություններ: Նախ մենք ժամկետի երկարացման խնդիր ունենք, քանի որ հնարավոր չի եղել ծախսել առկա վարկային գումարը: Այս պահի մնացորդը 107 մլն դոլար է: Սակայն աշխատանքները ամբողջությամբ ավարտելու համար մենք նպատակահարմար ենք համարում Հայաստանի սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել: Ծրագիրն ավարտելու համար առաջարկվում է պատվիրատուին 2020-2022 թվականների ընթացքում բբյուջեից տրամադրել 62,3 մլրդ դրամի գումարի չափով բյուջետային վարկ, որից 2020-ին 18,7 մլրդ դրամ, 2021-ին՝ 31,5 մլրդ դրամ, եւ 2022 թվականին՝ 13 մլրդ դրամ»,- ասաց Պապիկյանը: Նա նշեց՝ նախատեսվում է, որ ֆինանսների նախարարությունը կթողարկի լրացուցիչ պետական գանձապետական պարտատոմսեր: Բյուջետային վարկը կտրամադրվի այնպիսի պայմաններով, որն առնվազն չի գերազանցի ռուսական վարկի դեպքում հայկական ատոմակայանի կողմից վարկային միջոցների մարման եւ սպասարկման համար նախատեսված դրամական հոսքերը. «Այս նպատակով կստեղծվի միջգերատեսչական մրցութային հանձնաժողով։ Սա շատ կարեւոր է հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի պատշաճ ժամանակին ավարտելու համար»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ մինչեւ այժմ գոյություն ունեցած վարկը իր չափերով եւ պայմաններով այնքան էլ հարմար չի Ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար եւ իրենք մենք հրաժարվում են այդ վարկի մի մասից, եւ դրա փոխարեն ներգրավում են ներքին աղբյուրներից միջոցներ, որն աներկբա շատ ավելի լավ պայմաններով է ներգրավվելու եւ ավելի է մեծացնելու կառավարության լծակները այդ վարկի օգտագործման արդյունավետության մակարդակը բարձրացնելու առումով: «Նախկինում որոշակի սահմանափակումներ ունեինք, այդ թվում գնումների մասով, թե ումից է պետք գնումներ իրականացնել, ինչպես է պետք իրականացնել: Այս պարագայում մենք կարողանում ենք գնումների գործընթացն ամբողջությամբ դնել շուկայական տրամաբանության մեջ եւ շուկայից ձեռք բերել ապրանքներ մրցակցային սկզբունքով: Այս պարագայում ապրանքների գները կլինեն ավելի ցածր, հույս ունենք, որ որակով առնվազն չեն զիջի նախկին պայմաններով ձեռք բերածին»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ երկար տարիներ ԱԷԿ-ը եղել է մի օբյեկտ, որից ավելի շատ վերցրել են, քան տվել։ «Մենք կոնկրետ խնդիր ունենք ատոմակայանի արդյունավետությունը բարձրացնելու, որը ոչ միայն կառավարման այլեւ էներգետիկ անվտանգության խնդիր է: Հստակ խնդիրը ձեւակերպված է նախարարի առաջ, որը պետք է հստակ կատարվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
12:32 - 11 հունիսի, 2020
Շահեկան ենք համարել մեր միջոցներով լուծել խնդիրը. Պապիկյանը՝ ատոմակայանի համար վարկի վերաբերյալ |armenpress.am|

Շահեկան ենք համարել մեր միջոցներով լուծել խնդիրը. Պապիկյանը՝ ատոմակայանի համար վարկի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը հրաժարվել է Հայկական ատոմակայանի համար տրվող ռուսական վարկի մնացորդի օգտագործման ժամկետը երկարաձգել. ՀՀ-ն շահեկան է համարել իր ունեցած ֆինանսական միջոցներից տրամադրել բյուջետային վարկ և լուծել խնդիրը:  Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ միաժամանակ վստահեցնելով, որ դա որևէ աղերս չունի հայ-ռուսական հարաբերութունների հետ:  Հայ-ռուսական հարաբերությունները կայուն, ռազմավարական և գործընկերային են: «Բայց միևնույն ժամանակ մեր երկրում վարկերի արդյունավետ օգտագործման խնդիր կա: Մենք ժառանգել ենք տարբեր վարկային միջոցներ, որոնց ժամկետները կամ սպառման փուլում են եղել, կամ սպառվել են: Եվ այս փուլում մեր երկրի համար ավելի շահեկան համարել ենք, որ մենք կարող ենք մեր ունեցած այլ վարկային միջոցներից կամ մեր ունեցած ֆինանսական միջոցներից տրամադրել բյուջետային վարկ և լուծել մեր առջև ծառացած խնդիրը»,-ասաց Պապիկյանը: Նախարարը նաև նշեց, որ «Ռոսատոմ» ընկերությունը հիմնական իրականացնող ընկերությունն է: Գործընկերների հետ պայմանագրերն առկա են, և ֆինանսական միջոցների տրամադրման արդյունքում շինարարական աշխատանքները շարունակվելու են պատշաճ կարգով: Ավելի վաղ Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների իրականացման համար Ռուսաստանի հետ համաձայնություն էր ձեռք բերվել ներգրավել 270 մլն դոլարի վարկային միջոցներ:  ՌԴ-ն ևս 30 մլն դոլար տրամադրելու էր որպես դրամաշնորհ:  ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը պարզաբանեց, որ 270 մլն դոլար վակային միջոցից ու 30 մլն դրամաշնորհից ընդհանուր մնացել էր 107 մլն-ի մնացորդ, որի օգտագործման ժամկետն ավարտվել էր 2019-ի դեկտեմբերի 31-ին: «Մենք ընդամենն օգտագործման ժամկետն այլևս չենք երկարաձգում: Այսինքն դա, այսպես թե այնպես, ավարտվել էր, մնացել էր մնացորդը, որը մեզ համար հասանելի չէր: Կար տարբերակ երկարաձգելու: Բայց այս պահին ընտրվելու է չերկարեցնելու տարբերակը: Մնացյալ աշխատանքները կշարունակվեն այլ միջոցների հաշվին»,-ասաց փոխնախարարը: 
16:37 - 10 հունիսի, 2020