ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2020-ին հայտնաբերել է մաքսային իրավախախտման 426 դեպք. Վարդանյան |armtimes.com|

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2020-ին հայտնաբերել է մաքսային իրավախախտման 426 դեպք. Վարդանյան |armtimes.com|

armtimes.com: 2020 թվականի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը արձանագրել է բացահայտումների աննախադեպ աճ՝ մաքսային իրավախախտման 426 դեպք: Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը: «Դա գերազանցում է 2018 թվականի ցուցանիշին՝ 141 տոկոսով, 2018-ին ունեցել ենք իրավախախտումների 177 դեպք, իսկ 2019-ի ցուցանիշին՝ 112 տոկոսով, 2019-ին ունեցել ենք 202 իրավախախտում: Հայտնաբերված 426 դեպքից 296-ը հանդիսացել են մաքսանենգության դեպքեր, որոնցով հարուցվել են քրեական գործեր, իսկ 130 դեպքով էլ սկսվել է վարչական վարույթ»,- ասաց Վարդանյանը: Նա հայտնեց, որ 2020 թվականի ցուցանիշը հանդիսանում է վերջին 10 տարիների ընթացքում լավագույն ցուցանիշը: Հարցին՝ ինչո՞վ են պայմանավորված այդ լավագույն արդյունքները, Վարդանյանը պատասխանեց, որ կորոնավիրուսի ժամանակ կտրուկ աճել են փոստային առաքանու միջոցով թմրանյութերի ներմուծման դեպքերը, իսկ թմրամիջոցի ներմուծումը ցամաքային սահմանով նվազել է. «2020 թվականի փետրվարի վերջին ուղեւորների եւ հետիոտների համար հայ-իրանական սահմանը փակվել է, մինչդեռ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները չեն տարածվել փոստային առաքանիների վրա: Միաժամանակ՝ անհամեստություն չհնի, կարելի է նաեւ փաստել, որ բարձրացել է մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատանքի արդյունավետությունը»: Նրա խոսքով՝ ՀՀ տարածքով ապրանքներ տեղափոխելի իրավախախտները կիրառում են տարատեսակ հնարավորություններ. «Հայտնաբերել ենք դեպքեր, երբ ապրանքը մաքսային հսկողությունից թաքցված է եղել տրանսպորտային միջոցների տարբեր հատվածներում նախապես կառուցված գաղտնարաններում, օրինակ՝ գազաբալոնային համակարգում: 2020 թվականին Հայաստանից Իրան մեկնող 2 բեռնատարի անվադողերի մեջ թաքցվել էր ավելի քան 500 կգ մետաղի ջարդոն»: 2020 թվականին հայտնաբերվել եւ ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել՝ 6.1 կգ մետամֆետամին, 5.2 կգ ափիոն, 3.1 կգ մարիխուանա, 2.9 կգ կետամին, 1.6 կգ հերոին եւ այլ տեսակի թմրադեղեր:
12:28 - 10 փետրվարի, 2021
ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին

ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Պետական եկամուտների կոմիտեի նախագահն իր խոսքում նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա է լայն իրավապայմանագրային փոխգործակցության դաշտ, ինչը հնարավորություն է տալիս ակտիվ համագործակցել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ԱՊՀ գործադիր կոմիտեի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Հանդիպման ընթացքում երկկողմ դրական է գնահատվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ներկայացուցիչների, ինչպես նաև ՌԴ-ում ՀՀ մաքսային կցորդի աշխատանքը, որոնք անհապաղ արձագանքում են հրատապ լուծում պահանջող հարցերին: Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել  հետագայում ևս արդյունավետ կերպով շարունակելու և զարգացնելու հարկային և մաքսային մարմինների միջև համագործակցությունը:  
17:19 - 09 փետրվարի, 2021
2020թ մոտ 1500 քաղաքացի դեղեր է ձեռք բերել միջազգային փոստային փոխադրումներով կամ փոխադրողի միջոցով

2020թ մոտ 1500 քաղաքացի դեղեր է ձեռք բերել միջազգային փոստային փոխադրումներով կամ փոխադրողի միջոցով

Քաղաքացիներն արդեն շուրջ 6 ամիս կարողանում են անձնական օգտագործման նպատակով դեղ ներմուծել միջազգային փոստային փոխադրումներով և փոխադրողի միջոցով: 2020թ. օգոստոսի 17-ից ուժի մեջ մտած ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ` տեղափոխման համար թույլատրող փաստաթուղթ անհրաժեշտ չէ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: «Օգոստոսից մինչև տարեվերջ այս հնարավորությունից օգտվել է շուրջ 1500 քաղաքացի: Միայն 2021թ. հունվարին դեղ պարունակող 150 ծանրոց է ստացվել: Նախկինում դեղերի ներմուծումը փոստային առաքանիներով առհասարակ արգելված էր: Ֆիզիկական անձինք կարող էին դեղ տեղափոխել միայն ուղեկցող ուղեբեռով: Արևմտյան մաքսատուն-վարչության պետ Գարիկ Մինասյանի գնահատմամբ` նոր հնարավորությունը մի քանի խնդիր լուծեց. «Փոփոխությունը ճիշտ ժամանակին կատարվեց, քանի որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակ էր, ճանապարհները փակ էին, և ֆիզիկական անձինք հնարավորություն ունեցան այլընտրանքային ճանապարհով ստանալու դեղորայք` սահմանված չափաքանակներով։ Բացի այդ, հնարավոր դարձավ ձեռք բերել Հայաստանում դեռ չգրանցված դեղերը»: Օրացուցային տարվա ընթացքում թույլատրվում է ներմուծել մինչև 5 անվանում դեղ, յուրաքանչյուրից 3 սպառողական փաթեթ: Արտոնությունից կրկին օգտվելու համար կամ սահմանված քանակը գերազանցելու դեպքում քաղաքացիները պետք է դիմեն Առողջապահության նախարարություն: Քաղաքացու և ներմուծված դեղորայքի վերաբերյալ տվյալներն արտացոլվում են էլեկտրոնային համակարգում, ինչը թույլ է տալիս կանխել անձնական օգտագործման փոխարեն առևտրային նպատակով դեղերի ներմուծումը։ Քաղաքացին նաև ծանուցում է ստանում, որ տվյալ օրացուցային տարվա ընթացքում այլևս չի կարող օգտվել արտոնությունից։ Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ փոստային առաքանիով հոգեմետ նյութեր պարունակող դեղեր ներմուծելն արգելված է: Նախորդ տարի օրենքի պահանջը խախտելու և փոստային առաքանիներով Հայաստան թմրամիջոց ու հոգեմետ նյութ տեղափոխելու 240 դեպք է բացահայտվել, ինչը թմրամիջոցների տեղափոխման ընդհանուր դեպքերի 82%-ն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
11:45 - 09 փետրվարի, 2021
2020 թվականի ընթացքում աշխարհում առնվազն 50 տոկոսով ավելացել են թվային ծառայությունները. ՊԵԿ փոխնախագահ |armtimes.com|

2020 թվականի ընթացքում աշխարհում առնվազն 50 տոկոսով ավելացել են թվային ծառայությունները. ՊԵԿ փոխնախագահ |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսի համավարակի արդյունքում 2020 թվականի ընթացքում աշխարհում առնվազն 50 տոկոսով ավելացել են թվային ծառայությունները։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը: Նրա խոսքով՝ կան ոլորտներ, որտեղ կրկնապատկվել, բազմապատկվել են, կան ոլորտներ, որտեղ մի քանի անգամ, նույնիսկ 10-ապատիկ ավելացել են: ՊԵԿ փոխնախագահը նշեց, որ բացառություն չեն նաեւ հայաստանյան հարկային ու մաքսային կառույցները, որտեղ 2020-ին նոր առցանց ծրագրեր են ներդրվել: Դրանցից վերջինս առանձնացրեց էլեկտրոնային վճարումների համակարգի ներդրումը։ «ՊԵԿ-ը հարկ վճարողների հետ շփումը 100 տոկոսով իրականացնում էր միայն էլեկտրոնային տարբերակով, նկատի ունեմ հաշվետվությունների, հաշվարկների ներկայացումը, թվային փաստաթղթերի, ՀԴՄ կտրոնների հետ կապված հարցերը։ Բայց, այնուամենայնիվ, կան որոշակի գործառույթներ, օրինակ, եկամտահարկի` բանկում վճարած տոկոսների չափով հետ ստանալու գործողությունը, որտեղ դեռեւս կան թղթային դիմում ներկայացնելու ինչ-որ պահեր»,- ներկայացրեց Մուրադյանը։ Նա հայտնեց, որ ՊԵԿ-ը համավարակի ժամանակ դա էլ փորձեց տեղափոխել էլեկտրոնային հարթակ. «Իսկ հիմա ավելի մեծ ծրագիր ենք նախաձեռնել, որ ամբողջությամբ այդ պրոցեսը թվայնացնենք` սկսած բանկից մինչև հաշվեհամարին գումարը հետ ստանալու պրոցեսը»: Մուրադյանի խոսքով՝ այս բարեփոխումներից հետո քաղաքացին այլեւս կարիք չի ունենա ո՛չ բանկ, ո՛չ ՊԵԿ, ո՛չ էլ ֆինանսների նախարարություն այցելելու։ Խոսելով ապագայի մասին նա հայտնեց, եւ 2021-ին ՊԵԿ-ում նախատեսվում է առցանց դարձնել նաեւ լիզինգի ծառայությունը։ Համապատասխան ծրագիրն արդեն մշակվում է։ ՊԵԿ փոխնախագահի խոսքով՝ կոմիտեի կազմակերպած հարցման արդյունքներով հարկ վճարողների 70 տոկոսը, ցանկություն են հայտնել օգտվել առցանց ծառայություններից ու դրանք ստանալ բջջային հավելվածների միջոցով։ Այդ իսկ պատճառով ՊԵԿ-ը ցանկանում է հնարավորություն ստեղծել, որպեսզի հարկ վճարողները եւ ֆիզիկական անձինք կարողանան բջջային հավելվածի միջոցով մուտք գործել իրենց անձնական էջ եւ անհրաժեշտ հաշվետվությունները ներկայացնել:  Հարցին՝ ե՞րբ է նախատեսված բջջային հավելվածը օգտագործել, ՊԵԿ փոխնախագահը պատասխանեց. «Դեռեւս հայեցակարգ է մշակվել, տեխնիկական նկարագիրն է մշակվել: Դա պետք է հավանություն ստանա Կառավարության թվայնացման խորհրդում, դրանից հետո պետք է լինի մրցույթ, ընտրվի իրականացվող եւ իրականացվի»: Խոսելով վիճակախաղերի եւ շահումով խաղերի ֆինանսական հոսքերի մասին, նա նշեց, որ ՊԵԿ-ը չունի բավարար հոսքեր դա վերահսկելու համար: Շահումով խաղերի եւ վիճակախաղերի ոլորտի կարգավորման ու վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու համար ՊԵԿ–ում արդեն ուսումնասիրել են միջազգային փորձը, մշակել սեփական ստանդարտներ, որոնք առաջիկայում կներդրվեն այս ոլորտում. «Այս ստանդարտների հիման վրա մենք նաեւ հնարավորություն ենք ունենալու ստեղծել մոնիթորինգի կենտրոն, որը թվային վերահսկողություն իրականացնելու շատ լավ գործիք է լինելու։ Այսինքն` վիճակախաղերի ու շահումով խաղեր կազմակերպող բոլոր ընկերություններն իրենց տեղեկատվությունն ավտոմատ ուղարկելու են այս մոնիթորինգի կենտրոն, որտեղ այս ամենը վերահսկվելու է, ստանդարտացվելու է, եւ վերահսկելու ենք նախ ծառայությունների մատուցման որակը, ապա ֆինանսական հոսքերը` արդար հարկման եւ փողերի լվացման շրջանակներում»:
12:48 - 02 փետրվարի, 2021
Բացահայտվել է  առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպք. պետությանը պատճառված վնասը վերականգնվել է

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպք. պետությանը պատճառված վնասը վերականգնվել է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ամենօրյա հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպք։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործի քննությամբ պարզվել է, որ  Կ.Մ-ն, Ս.Մ-ն և Ա.Մ.-ն, շրջանցելով «ՀՀ տարածք դեղեր, դեղանյութերի, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և արտահանելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2019թ. փետրվարի 28-ի 202-Ն որոշմամբ և «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված օրենսդրական կարգավորումները, ՌԴ-ից, Ուկրաինայից, Վրաստանից, Թուրքիայից և եվրոպական տարբեր երկրներից ձեռք են բերել մեծ քանակությամբ ՀՀ-ում պետական գրանցում չունեցող և ունեցող, տարբեր անվանումների դեղեր՝ ներմուծելով Հայաստանի Հանրապետություն։ Վերոնշյալ անձինք այնուհետև ձեռնամուխ են եղել այդ դեղերի իրացմանը, ինչը կազմակերպել են իրենց հետ իրավաբանորեն կապ չունեցող տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռներեցների անվամբ գրանցված դեղատներից՝ կանխիկ գումարով վաճառքի ձևով, առանց որևէ փաստաթղթային ձևակերպման։ Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ և տարաբնույթ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են դեռևս չվաճառված  դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված տարբեր տեսակի դեղեր, որոնք, համապատասխան ընթացակարգի պահպանմամբ,  ճանաչվել են իրեղեն ապացույց և պատասխանատու պահպանման են հանձնվել ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Ձեռք են բերվել նաև ելակետային տվյալներ՝ շրջանառության թերհայտարարագրման վերաբերյալ: Կատարված հարկային համալիր ստուգումների արդյունքում պարզվել է, որ պետությանը պատճառվել է շուրջ 41.600.000 դրամի վնաս, որը քրեական գործի նախաքննության ընթացքում  ամբողջությամբ վերականգնվել է պետական  բյուջե: Պետական եկամուտների կոմիտեն վստահորեն շարունակում է պայքարը  ստվերային տնտեսությունը կրճատելու, հարկային իրավախախտումների և հանցագործությունների  բացահայտման ուղղությամբ և հորդորում հարկ վճարողներին գործել բացառապես օրենքի դաշտում:
17:21 - 01 փետրվարի, 2021
ՊԵԿ-ում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ քննարկվել են գործակցության հեռանկարները

ՊԵԿ-ում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ քննարկվել են գործակցության հեռանկարները

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի ընթացքը և համագործակցության հեռանկարները: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը: ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը նշել է, որ կոմիտեն մշտապես համագործակցել է ՀՀ-ում ներկայացված միջազգային կազմակերպությունների հետ այն ոլորտներում, որտեղ եղել է բարեփոխումների և նորարարական մոտեցումների անհրաժեշտություն: Նա վստահեցրել է, որ ինչպես տվյալ ծրագրի շրջանակում, այնպես էլ հետագայում Պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է ակտիվ համագործակցել համատեղ ծրագրերի իրականացման նպատակով: Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչ, տիկին Բեղանժեղ Կալամանը նույնպես կարևորել է ՊԵԿ-ի հետ համագործակցության ընդլայնումը և գոհունակություն է հայտնել ծրագրի ընթացիկ աշխատանքներից:
12:08 - 30 հունվարի, 2021
Հարկեր քիչ վճարելու համար բիզնեսը տրոհելու դեպքերի թիվն աճել է. ՊԵԿ-ն ընդունում է մարտահրավերը |armenpress.am|

Հարկեր քիչ վճարելու համար բիզնեսը տրոհելու դեպքերի թիվն աճել է. ՊԵԿ-ն ընդունում է մարտահրավերը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում հարկեր քիչ վճարելու նպատակով բիզնեսը տրոհելու դեպքերի թիվն արճել է, ՊԵԿ-ն այդ ուղղությամբ իրականացնում է խիստ վերահսկողական գործընթացներ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը նշեց, որ այդ ուղղությամբ իրականացված միջոցառումների թվաքանակն աճել է 97,7 տոկոսով, իսկ փոխկապակցված ճանաչված տնտեսավարող սուբյեկտների թվաքանակը՝ 122,4 տոկոսով։ Մասնավորեապես, 87 դեպքով հիմնավորվել է, որ թվով 258 հարկ վճարող գործունեություն է իրականացրել  միմյանց հետ փոխհամաձայնեցված սկզբունքով։  2019 թ.  44 դեպքով թվով 116 հարկ վճարողներ են ճանաչվել փոխկապակցված: «Այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք տարել և տրամադրված ենք նույն ոգով շարունակել 2021 թվականին: Կազմակերպությունների անուններ չեմ հնչեցնի: Ասեմ, որ եղել են դեպքեր, երբ խոշոր բիզնեսն է գնացել նման քայլի, որը հիմնականում խնդիր ունի ծախսերի հետ կապված: Արհեստական ստեղծում են մի քանի կազմակերպություններ, որպեսզի ծախսերի վերաբերյալ փաստաթղթեր ստանան և շահութահարկի հաշվետվությունում այդ ծախսերն արտացոլեն և պակաս հարկեր վճարեն»,- ասաց ՊԵԿ պաշտոնյան: Անդրադառնալով հարկեր քիչ վճարելու նպատակով բիզնեսը տրոհելու այլ  եղանակներին՝ ՊԵԿ պաշտոնյան նշեց, որ դրանք ամենատարբեր բնույթի են: Օրինակ, մանրածախ առևտուր իրականացնող տնտեսավարողներն իրենց գործունեությունը կազմակերպում են մի քանի խանութներում: Եվ, որպեսզի այդ բոլոր խանութների շրջանառության հանրագումարը չգերազանցի շրջանառության հարկով հարկման շեմը, ապա յուրաքանչյուր խանութի գործունեությունը կազմակերպվում է ազգականի կամ վարձու աշխատողի անվամբ գրանցված ձեռնարկատրիրոջ, միգուցե, հիմնադրված ՍՊԸ-ի միջոցով: ՊԵԿ-ը կատարում է ծածկագրված, գաղտնի օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ փորձնական գնումներ, զեղչի քարտերի, սոցիալական ցանցերում բիզնեսի էջերի ուսումնասիրություն և այլն: Բիզնեսի «հնարամտությունները» բացահայտելուն հաջորդում են իրավական գործընթացներ: «Մեկ այլ տարածված երևույթի մասին կուզեի խոսել, որն ավելի շատ 2020 թվականին է դրսևորվել: Խոսքը շինարարության ոլորտի մասին է: Այս ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողներն իրենց վարձու աշխատողներին, օրինակ, ասենք, զոդողին, ներկայացնում են որպես անհատ ձեռնարկատեր, ձևական կնքում են ծառայությունների մատուցման պայմանագիր, հետո զոդողը ծառայությունների մատուցման հաշիվներ է դուրս գրում այս կազմակերպությանը: Երբ մենք ուսումնասիրում ենք, պարզվում է, որ, օրինակ զոդողը տեղյակ էլ չէ, որ ինքը գրանցված է որպես անհատ ձեռնարկատեր, որ իր անունով հարկային մարմին է ներկայացվում հաշվետվություններ և այլն»,- ասաց  Վահան Չարխիֆալակյանը՝ ընդգծելով, որ խիստ վերահսկողությունը շարունակելու են և պատրաստ են ընդունել բիզնեսի նետած մարտահրավերները:
13:59 - 29 հունվարի, 2021
2020-ին ՊԵԿ-ում հարուցվել է 622 քրգործ․ պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 21 մլրդ դրամ․ Չարխիֆալակյան |armtimes.com|

2020-ին ՊԵԿ-ում հարուցվել է 622 քրգործ․ պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 21 մլրդ դրամ․ Չարխիֆալակյան |armtimes.com|

armtimes.com: 2020 թվականի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է 622 քրեական գործ, որոնցով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 21 մլրդ դրամ։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը: «244 դեպքը վերաբերում է հարկերը վճարելուց խուսափելուն, 62 դեպքում քրեական գործերը հարուցվել են կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու առիթով, 23 քրեական գործ հարուցվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ։ Իսկ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մաքսանենգության վերաբերյալ գործերով հարուցվել է 265 քրեական գործ»,- ասաց Չարխիֆալակյանը։ Համեմատելով 2019-ի հետ՝ նա նշեց, որ 2019-ին, ընդհանուր առմամբ, հարուցվել է 367 քրեական գործ, որոնցով հաշվարկված վնասի չափը կազմել է շուրջ 20 մլրդ 600 մլն դրամ։ ՊԵԿ պաշտոնյան նշեց, որ 2020-ի ընթացքում իր ղեկավարած վարչության աշխատակիցները 206 դեպքով հայտնաբերել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հարկային բնույթի հանցագործության հատկանիշներ, որոնցով նյութեր են նախապատրաստվել, իսկ 2019-ին նմանատիպ 106 դեպք է հայտնաբերվել։ Շարունակությունը՝ armtimes.com-ում։
13:18 - 29 հունվարի, 2021
ՊԵԿ հարկային տեսուչները կաշառք են պահանջել ու ստացել․ ոստիկանության բացահայտումը

ՊԵԿ հարկային տեսուչները կաշառք են պահանջել ու ստացել․ ոստիկանության բացահայտումը

ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչության երկու աշխատակից Երևանում գործող, մի շարք տնտեսվարողների մոտ առկա տարբեր խախտումներ չարձանագրելու և օրենքով սահմանված ընթացքը չլուծելու ակնհայտ ապօրինի գործողությունների համար, յուրաքանչյուր ամիս, որպես կաշառք պահանջում և վերջիններից ստանում են տարբեր չափերի գումարներ։ Դեպքերի առթիվ նախապատրաստվող նյութերի շրջանակներում, ոստիկանության ԿՏՀԴՊ վարչության և ՊԵԿ ներքին անվտանգության վարչության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հունվարի 26-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցում հարկային տեսուչները, սննդի կետի տնօրենից նախապես պահանջված, հերթական 40 հազար դրամը ստանալուց անմիջապես հետո բռնվել և բերման են ենթարկվել ՔՈԳՎ։ Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ, այլ գումարների հետ մեկտեղ, հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա 40 հազար դրամը։ Բացի դրանից՝ նույն տեսուչների կողմից կաշառք պահանջելու և ստանալու հանցագործության այլ դեպքեր հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված լրացուցիչ միջոցառումների արդյունքում ՔՈԳՎ են հրավիրվել մի շարք տնտեսվարող սուբյեկտներ ու հաղորդումներ տվել, որ վերոհիշյալ հարկային տեսուչներին, որպես կաշառք, տարբեր չափերի գումար են տվել։ Փաստերի առթիվ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել են քրեական գործեր, որի շրջանակներում կաշառք ստացած անձինք ձերբակալվել են։ Քրեական գործերն ուղարկվել են ՀՔԾ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:24 - 27 հունվարի, 2021
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը համալրվել է գերժամանակակից սարքավորումներով

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը համալրվել է գերժամանակակից սարքավորումներով

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը համալրվել է գերժամանակակից սարքավորումներով: Տեխնիկական նոր միջոցները Պետական եկամուտների կոմիտեին նվիրաբերվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի՝ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի հետ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության՝ վերջին տարիների ակտիվ գործակցության արդյունքում:    Տեխնիկական հնարավորություններով առանձնանում է Tru Narc անվամբ թմրամիջոցների՝ ձեռքի անալիզատորը: Սարքի միջոցով մաքսային ծառայողը տեղում, ընդամենը 90 վայրկյանի ընթացքում, կարող է հետազոտել ցանկացած կասկածելի ապրանք կամ նյութ՝ լինի փոշի, հեղուկ  կամ պինդ զանգված: Հատկանշական է, որ շատ դեպքերում սարքի միջոցով հնարավոր է կասկածահարույց նյութը հետազոտել առանց փաթեթը բացելու: Օրինակ, եթե մաքսավորը կասկածելի հեղուկ զանգված է հայտնաբերել պլաստմասե շշում, ապա հետազոտությունը հնարավոր է շարունակել առանց այն բացելու և նմուշառության: Զննությունից հետո սարքը արդյունքը համադրում է շտեմարանում առկա նյութերի  տեղեկատվությանը, և  համընկնելու դեպքում՝ էկրանին արտացոլվում է նյութի անվանումը: Սարքի գրադարանում առկա է 324 թմրամիջոցի ու հոգեմետ նյութի, 70 պրեկուրսորի մասին տեղեկատվություն: Իսկ, եթե շտեմարանի տեղեկատվությունը բավարար չէ, ապա արտադրող ընկերությունն անվճար հնարավորություն է ընձեռում հետազոտության արդյունքն առցանց, մոտ 1 ժամվա ընթացքում համադրել  թմրանյութերի ավելի մեծ գրադարանի հետ և ստանալ պատասխան:  Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը համալրվել է այլ սարքավորումներով ևս: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոցների տարբեր հատվածներում թաքստոցներ հայտնաբերելու խտության չափիչ սարքերով, թմրամիջոցների աէրոզոլային էքսպրես թեստերի հավաքածուներով, ինչպես նաև տրանսպորտային միջոցների զննման համար նախատեսված ֆիբրոսկոպներով և վիդեոսկոպներով, որոնցով հնարավոր է տեսազննել տրանսպորտային միջոցների դժվար հասանելի հատվածները, այդ թվում՝ վառելիքի տարայի պարունակությունը: Վարչության տեխնիկական բազան համալրված մետաղորսիչ նոր սարքավորումներով էլ հայտնաբերվում են անձնական օգտագործման ապրանքներում թաքցված տարբեր իրեր, այդ թվում՝ զենք-զինամթերք և թանկարժեք մետաղներ: Տեխնիկական համալրումը նպաստում է մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Եթե նախկինում յուրաքանչյուր կասկածելի նյութ հայտնաբերելու դեպքում նշանակվում էր մաքսային փորձաքննություն, ապա այժմ դրա անհրաժեշտությունը շատ դեպքերում չի լինի: Սարքերն արդեն կիրառվում են մաքսային հսկողության գոտիներում և սահմանային անցակետերում:
16:27 - 27 հունվարի, 2021
Միկրոձեռնարկատերերը պետք է հաշվետվություն ներկայացնեն մինչև 2021 թ. փետրվարի 1-ը․ՊԵԿ

Միկրոձեռնարկատերերը պետք է հաշվետվություն ներկայացնեն մինչև 2021 թ. փետրվարի 1-ը․ՊԵԿ

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն այս տարի առաջին անգամ պետք է հաշվետվություն ներկայացնեն հարկային մարմին: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. համար հաշվետությունն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2021թ. փետրվարի 1-ը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։Սահմանված ժամկետը խախտելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն: Պարզ ձևատեսք ունեցող հաշվետվությունը պետք է ներկայացվի բացառապես էլեկտրոնային եղանակով` ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով: 2020թ. հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքով կատարված փոփոխությունների արդյունքում ներդրված հարկման հատուկ համակարգում ընդգրկված են այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և անհատ ձեռնարկատերեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը: Հաշվետվություն ներկայացնելու պահանջը ֆիզիկական անձանց չի վերաբերում, միայն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին: Միկրոձեռնարկատերերն ազատված են պետական հարկերից` որոշ բացառություններով: «Օրինակ` չեն ազատվում դրոշմանիշային վճարներից, ներմուծման հարկից, որպես գործատուներ` վարձու աշխատողներից եկամտային հարկ հաշվարկելու պարտավորությունից: Սակայն հարկման մյուս համակարգերի համար սահմանված դրույքաչափի փոխարեն աշխատողների եկամտային հարկն ավելի պակաս չափով են հաշվարկում` անկախ աշխատավարձի մեծությունից 5000 դրամի չափով»,-ներկայացնում է ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Մարիամ Մանուկյանը: Միկրոձեռնարկատեր համարվելու չափանիշները մանրամասն նկարագրված են petekamutner.am կայքի «Հրապարակումներ» բաժնի «Այլ հրապարակումներ» ենթաբաժնում տեղադրված իրազեկման թերթիկներում: Սահմանված են նաև այն ոլորտները, որտեղ գործող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը չեն կարող լինել միկրոձեռնարկատեր: 2020 թվականին գրանցվել է մոտ 40 000 միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, որոնց մեծ մասն իրենց աշխատանքով ինքնուրույն ապահովված անձինք են, և ընդամենը 22 000 վարձու աշխատող է ընդգրկված համակարգում: Արտոնյալ համակարգում գործելու համար յուրաքանչյուր տարի անհրաժեշտ է մինչև փետրվարի 20-ը ներկայացնել հայտարարություն` բացառապես էլեկտրոնային եղանակով: Նոր ստեղծված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը հայտարարություն պետք է ներկայացնեն պետական գրանցում ստանալուց կամ հաշվառվելուց հետո` 20 օրվա ընթացքում:
11:51 - 26 հունվարի, 2021
Աշխատատեղերի միջին ամսական թվաքանակը նախորդ տարի աճել է 1.2 տոկոսով |armenpress.am|

Աշխատատեղերի միջին ամսական թվաքանակը նախորդ տարի աճել է 1.2 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում աշխատատեղերի՝ միջին ամսական թվաքանակը 2020-ին կազմել է 609 հազար՝ 2019-ի համեմատ ավելանալով 1.2 տոկոսով: Այս մասին ասաց ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը: Թամազյանը նախ հիշեցրեց, որ 2020 թվականի հունվար-մարտին աշխատատեղերի թվաքանակի (եկամուտ ապահոված աշխատատեղեր) աճն ակնառու էր ՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, ինչպես նաև նույն տարվա ամսական կտրվածքով: Այսինքն՝ փետրվարին աշխատատեղերն ավելի շատ էին քան հունվարին, մարտին ավելի շատ էին, քան փետրվարին: «Անկումը հիմնականում նկատվեց ապրիլից սկսած՝ հայտնի սահմանափակումներով պայմանավորված: Համավարակի հետևանքով որոշակի տնտեսական գործունեություններ սահմանափակվեցին: Օրինակ` ապրիլին աշխատողների թվաքանակն արդեն իջել էր շուրջ 547 հազարի, երբ մարտին կար 620 հազար աշխատատեղ: Սակայն, տարեկան կտրվածքով, եթե նայենք միջին տարեկան վիճակագրությամբ, միջին ամսական թվաքանակը 2020-ին կազմել է շուրջ 609 հազար, իսկ 2019-ին՝ շուրջ 602 հազար, այսինքն, այնուամենայնիվ, 1.2 տոկոսային կետով 2020-ին աշխատատեղերի թվաքանակը բարձրացել է»,-ասաց նա: Թամազյանը հավելեց, որ եթե 2018-2019-ին ակտիվ վարչարարություն է իրականացվել աշխատատեղերի մասով, ապա 2020-ին խիստ վերահսկողություն չի կատարվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճակագրությունը ցույց է տվել, որ տնտեսավարող սուբյեկտները աշխատատեղերի մասով հարկային կարգապահությունը պահպանում են: Թամազյանն աշխատատեղերի բարձրացման տենդենցն ավելի շատ պայմանավորեց հենց հարկի վճարողների կարգապահությամբ: 2020-ի սեպտեմբերին հարկ վճարողների կողմից ներկայացված հաշվարկներով աշխատատեղերի քանակը կազմել է շուրջ 632 հազար, որը վիճակագրական պատմության ամենաբարձր ցուցանիշն է: Աշխատողների թվաքանակի բարձրացումն ակնհայտ է հիմնականում մանրամեծածախ առևտրի, հանքարդյունաբերության, ՏՏ ոլորտներում: Նա աշխատողների չգրանցման մասով ավելի ռիսկային համարեց շրջհարկ վճարողներին:
13:35 - 25 հունվարի, 2021
ՊԵԿ-ը հավաքագրումների ճշտված ցուցանիշի նկատմամբ 59 մլրդ դրամով գերակատարում է ունեցել |armenpress.am|

ՊԵԿ-ը հավաքագրումների ճշտված ցուցանիշի նկատմամբ 59 մլրդ դրամով գերակատարում է ունեցել |armenpress.am|

armenpress.am: Պետական բյուջեի մասին օրենքով 2020 թվականի համար նախատեսված էր 1 տրիլիոն 607 մլրդ դրամ եկամուտների համաքագրում, սակայն, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, տարվա ընթացքում ցուցանիշը ճշգրտվեց, նվազեցվեց մինչև 1 տրիլիոն 326 միլիարդի: ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը նշեց, որ տարվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի կատարողականը կազմել է 1 տրիլիոն 385 մլրդ դրամ: Այսինքն՝ ճշտված ծրագրային ցուցանիշի նկատմամբ շուրջ 59 մլրդ դրամով գերակատարում է տեղի ունեցել:  Այս ցուցանիշը, ըստ Կարեն Թամազյանի, 2019 թվականի հետ համադրելի չէ,քանի որ 2020 թվականի մարտից Հայաստանում կորոնավիրուսն ակտիվացավ՝ իր բոլոր հետևանքներով: «Ասեմ, որ 2020 թվականին հարկ վճարողներին վերադարձվել է շուրջ 138 մլրդ դրամ, որը նույնպես նախորդ տարի ՊԵԿ-ի կողմից հավաքագրված գումարն է: Այսինքն, եթե խոսենք ընդհանուր հավաքագրումից, ապա 1 տիրլիոն 523 միլիարդի չափով ՊԵԿ-ի կողմից ապահովվել է հարկային եկմաուտների և պետական տուրքերի գծով գումարներ, որից 138 միլիարդը վերադարձվել է հարկ վճարողներին, արդյունքում, վերջնական ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 385 մլրդ: Եթե խոսենք կառուցվածքի մասին, ապա ասեմ, որ 1000 խոշոր հարկատուները վճարել են նշված գումարի շուրջ 71.3 տոկոսը: Պետական եկամուտների ավելի քան 90 տոկոսը վճարվում է ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից»,- ասաց Կարեն Թամազյանը:
12:48 - 25 հունվարի, 2021
Շահութահարկը նվազում է, ներդրվում է ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ․ ՊԵԿ

Շահութահարկը նվազում է, ներդրվում է ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ․ ՊԵԿ

Հարկ վճարողները մինչև ապրիլի 20-ը 2020 թվականի հաշվետու ժամանակաշրջանի համար շահութահարկի հաշվետվությունը ներկայացնելիս առաջին անգամ նոր` ավելի ցածր դրույքաչափ են կիրառելու: Շահութահարկի նախկին` 20%-ի փոխարեն արդեն գործում է 18% դրույքաչափը, ինչը հնարավորություն կտա բիզնեսին, ազատ ֆինանսներ ունենալով, տնօրինել` ընկերության առաջնահերթություններից ելնելով: Պետական եկամուտների կոմիտեի կանխատեսմամբ` հօգուտ բիզնեսի կատարված փոփոխության ազդեցությունը պետբյուջեի հարկային եկամուտների վրա հնարավոր կլինի գնահատել 2021թ. ապրիլի 20-ից հետո, երբ ներկայացված կլինեն շահութահարկի հաշվարկները, տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Բիզնեսը շրջանառու միջոցները տնօրինելու ևս մեկ հնարավորություն կունենա, եթե օրենքի ուժ ստանա ավելացված արժեքի հարկի գումարները նոր մեխանիզմով բիզնեսին վերադարձնելու ՊԵԿ-ի առաջարկը: «Ներկայումս ներմուծվող և ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների դիմաց վճարված ԱԱՀ գումարները տնտեսվարողները ստանում են եռամսյակը մեկ անգամ, իսկ նախագծով առաջարկում ենք վերադարձնել յուրաքանչյուր ամիս: Կարծում ենք` սա դրական ազդեցություն կունենա բիզնեսի համար` իրենց ապրանքաշրջանառությունը, լիկվիդայնությունը ապահովելու և ավելի ճկուն, բարենպաստ միջավայրում գործելու հարցում»,-վստահեցնում է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:Կոմիտեն նախագծում առաջարկում է ԱԱՀ գումարները վերադարձնել հաշվարկը ներկայացնելուց հետո` չսպասելով մինչև հաջորդող ամսվա 20-ը: Բացի այդ, պարզեցված ընթացակարգով նախատեսված 40 մլն դրամ առավելագույն սահմանաչափն արդեն ոչ թե եռամսյակին, այլ ամեն ամսվան կվերաբերի։ Արդյունքում ավելի շատ հարկ վճարող կօգտվի ԱԱՀ վերադարձի հնարավորությունից։Մարտահրավերներով աչքի ընկած 2020 թվականի ընթացքում պետությունը ներդրումները խթանելու նաև մեկ այլ մեխանիզմ է մշակել: Բիզնեսը կարող է մաշվածությունը հաշվարկելու 1 տարուց ոչ պակաս ցանկացած ժամկետ ընտրել ու հետագայում որպես ծախս նվազեցնել շահութահարկից:  «Այն հիմնական միջոցների համար, որոնք ներմուծվել կամ ձեռք են բերվել 2020թ. հուլիսի 1-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը, հարկ վճարողները հնարավորություն ունեն ընտրելու ամորտիզացիայի ցանկացած ժամկետ` օգտակար ծառայության ժամկետ, որոնք ընդամենը պետք է պակաս չլինեն մեկ տարուց: Այսինքն` շատ արագ ամորտիզացնելու հնարավորություն կունենան»,-ընդգծում է ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Հրաչյա Մուրադյանը: 2021 թվականից հարկման գրեթե բոլոր համակարգերում գործողները տարբերություն կզգան նաև եկամտային հարկը հաշվարկելիս: Եկամտային հարկի 23%-ի փոխարեն գործելու է 22% դրույքաչափը և օրենսդրական փոփոխությունների համաձայն` մինչև 2023 թվականը` յուրաքանչյուր տարի, մեկ տոկոսային կետով նվազելու է: ՊԵԿ-ի գնահատմամբ` կատարված և առաջարկվող այս փոփոխությունները բիզնեսի ընդառաջ քայլ են, որոնց արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում:
11:17 - 23 հունվարի, 2021
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Հունվարի 21-ին ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ 2020 թվականին ՀՀ ՊԵԿ և ՀՄԿ միջև կնքված «ՀՄԿ nCEN ծրագրի օգտագործման վերաբերյալ» պայմանագրի կիրարկման և համակարգի հետագա ներդրման ու արդյունավետ շահագործման համար անհրաժեշտ միջոցառումները, որի շնորհիվ Պետական եկամուտների կոմիտեն հնարավորություն կստանա օգտվելու Մաքսային իրավախախտումների մուտքագրման և վերլուծությունների իրականացման nCEN (National Customs Enforcement Network) ծրագրից: Քննարկվել են նաև մոտ ապագայում ՀՄԿ ՏՏ կոնֆերանսը ՀՀ-ում կազմակերպելու նպատակահարմարության և դրա  հնարավոր ժամկետների հետ կապված հարցեր, ինչպես նաև ՀՄԿ հավատարմագրման աշխատաժողովներին ՊԵԿ մասնակցության պատրաստակամության վերաբերյալ հարցեր՝ կարևորելով ՊԵԿ համակարգում հատկապես ՀՄԿ Տվյալների մոդելի հավատարմագրված փորձագետների առկայությունը։  Քննարկման ընթացում համաձայնեցվել են նաև ԵՄ-ում և ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդի գործունեության պայմաններին առնչվող, ինչպես նաև ընթացիկ տարվա ընթացքում ՀՄԿ մի շարք աշխատաժողովների անցկացման հնարավորության վերաբերյալ հարցեր։ Հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ՀՄԿ և ՊԵԿ համագործակցությունը կտեղափոխվի որակապես նոր մակարդակ՝ ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցների վերապատրաստման և ուսումնառության գործընթացներին նոր թափ հաղորդելու միջոցով։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Համաշխարհային մաքսային կազմակերպությանը՝ սկսած 1992 թվականից։ Փոխգործակցությունն ընթանում է ՀՄԿ տարբեր ծրագրերի շրջանակներում, մասնավորապես՝ Առևտրի դյուրացման մասին համաձայնագրի դրույթների կիրառման ուղղված Մերկատոր ծրագրի շրջանակներում, ՀՄԿ փորձագետների մասնակցությամբ կազմակերպվող տարբեր աշխատաժողովների միջոցով և այլն։  Հատկանշական է, որ 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունը միաձայն վերընտրվել է ՀՄԿ աուդիտի կոմիտեի անդամ՝ ևս մեկ տարով: Համագործակցությունն առավել կայուն և ինտենսիվ է դառնում հատկապես ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդի առկայությամբ։ Նշենք, որ ներկայումս գործող մաքսային կցորդին 2021 թվականի մարտ ամսից կփոխարինի նորանշանակ մաքսային կցորդը։       
17:26 - 21 հունվարի, 2021