Արման Թաթոյան

Արման Հակոբի Թաթոյանը (դեկտեմբերի 18, 1981Երեւան) ՀՀ մարդու իրավունքների 4-րդ պաշտպանը։ Պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022թ․ հունվարի 24-ին։

1998-2007թթ. - սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 1 մենագրության եւ 27 գիտական հոդվածների հեղինակ եւ համահեղինակ։ 2012-2013 թթ. ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանը։

  • 2010–2013 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
  • 2011 թվականից - Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում ՀՀ ներկայացուցիչ։
  • 2013 թ. նոյեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
  • 2013 թվականից- ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։
  • 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ի կողմից 96 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ ՄԻՊ։
Միշա Մելքումյանի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը․ ՀՀ ՄԻՊ

Միշա Մելքումյանի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ-ի հաղորդմամբ մեր հայրենակից  Միշա Մելքումյանի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։ Արման Թաթոյանի հայտարարությունը ամբողջությյամբ ներկայացնում ենք ստորև․   «Ադրբեջանի իշխանության մարմինները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է այսօր ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքներով հաստատվել է, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական իշխանությունների նշված հայտարարությունը հրապարակվելուց անմիջապես հետո Հայաստանի իրավասու մարմիններին ներկայացրվել են հրատապ հարցումներ։ Պարզվել է, որ իրականում բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։ Նրա տեղափոխումը կազմակերպելու անթույլատրելիության վերաբերյալ բժշկական եզրակացության մասին տեղյակ են եղել նաև Ադրբեջանի իշխանությունները։ Հայաստանի իրավասու մարմինները Մարդու իրավունքների պաշտպանի հարցումներին ի պատասխան ներկայացրել են միանշանակ պատրաստակամություն առ այն, որ Միշա Մելքումյանի առողջական վիճակը թույլ տալու առաջին իսկ հնարավորության դեպքում կկազմակերպվի նրա վերադարձը: Այսօր նաև հայկական կողմին է փոխանցվել 85-ամյա Եվգենիա Բաբայանը»:
00:36 - 30 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանական աղբյուրներից հայկական էջերին ուղարկվում են պատերազմական դաժանությունների վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ՝ զուգահեռ տարածելով ատելություն էթնիկ հայերի նկատմամբ․ ՄԻՊ

Ադրբեջանական աղբյուրներից հայկական էջերին ուղարկվում են պատերազմական դաժանությունների վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ՝ զուգահեռ տարածելով ատելություն էթնիկ հայերի նկատմամբ․ ՄԻՊ

Սոցիալական ցանցերի ադրբեջանական աղբյուրներից հայկական էջերին ու մասնավոր օգտատերերին են ուղարկվում պատերազմական դաժանությունների վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ՝ զուգահեռ տարածելով ատելություն էթնիկ հայերի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված ահազանգերը, դրանք շուրջօրյա ուսումանասիրությունները վկայում են, որ նշված տեսանյութերն ու լուսանկարները ուղարկվում են առանձին հաղորդագրությունների տեսքով և ուղեկցվում են բացառիկ ցինիզմի վերաբերմունքով ու սպառնալիքներով։ Ավելին, սոցիալական ցանցերի մշտադիտարկումը վկայում է, որ բացվում կամ ակտիվացվում են ադրբեջանական կամ թուրքական օգտահաշիվներ կամ էջեր, որոնց հատուկ նպատակը այնպիսի տեսանյութեր ու լուսանկարներ տարածելն է, որոնք ցուցադրում են սպանված զինվորներ կամ հենց սպանության պրոցեսը՝ ուղեկցվելով դաժանություններով։ Ընդ որում, ստուգումները վկայում են, որ վայրագությունների ոչ բոլոր նյութերում են Արցախի կամ Հայաստանի զինված ուժերի ծառայողներ, սակայն դրանք ներկայացվում են նենգափոխված ու կեղծ տեղեկություններով այնպես, որ խոսքը հենց նրանց նկատմամբ իրականացվող ադրբեջանական զինված ուժերի անդամների իրականացրած դաժանությունների մասին է ու վերաբերում է սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմական գործողություններին: Ցանկացած պարագայում այդ տեսանյութերը տեղադրվում են մոնտաժված ու մշակված վիճակում, ինչը վկայում է այն մասին, որ դրանք անցնում են մասնագիտական պատրաստման աշխատանքներ և այդ աշխատանքներն ունեն համակարգված ու կազմակերպված բնույթ: Ադրբեջանական նշված սոցիալական ցանցերի էջերի կամ օգտահաշիվների ընդգծված առանձնահատկություններից է այն, որ դրանք հաճախ արված են հայկական էջերին ու օգտատերերերին մոլորեցնելու համար՝ տպավորություն ստեղծելով, թե դրանք վարվում են հայկական աղբյուրներից կամ հայկական էջեր են։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նշվածի հիման վրա հատուկ սկզբունքով կազմել է տեսանյութ-ապացույցներ, որոնք հաստատում են ողջ վերը շարադրվածը ու դրանք կուղարկվեն միջազգային մարմիններին։ Ընդ որում, այդ տեսանյութերում բոլոր վայրագություններն ու դաժանության տեսարանները Մարդու իրավունքների պաշտպանը ստիպված է ներկայացնել առանց մշակման՝ այնպես, ինչպես դրանք ուղարկվում են հայկական էջերին ու օգտատերերերին, որպեսզի մեր միջազգային գործընկերները կարողանան պատկերացում կազմել իրական վիճակի մասին:
23:35 - 26 հոկտեմբերի, 2020
Ձեռք են բերվել ապացույցներ, որ ադրբեջանցիները տիրանում են սոցցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը

Ձեռք են բերվել ապացույցներ, որ ադրբեջանցիները տիրանում են սոցցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են սոցիալական ցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը: Ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից: Այս պահի մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոսքը գերեվարված կամ այլ կերպ Ադրբեջանում հայտնված մեր հայրենակիցների մասին է: Հայկական օգտատերերի նշված էջերից տարածվում է ատելություն: Տարածվում են նաև Հայաստանում և Արցախում հասարակական ու քաղաքական ներքին թշնամանք հրահրող, հասարակությունում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունը վեր է հանել դեպքեր, երբ այդ նյութերն արժանանում են հայկական օգտահաշիվների արձագանքի՝ ակնհայտորեն չիմանալով, որ էջը կառավարվում է Ադրբեջանից: Ուստի, պետք է ցուցաբերել բացառիկ զգուշություն սոցիալական ցանցերով տարածվող նյութերից օգտվելիս կամ դրանք տարածելիս: Այս պահին հրապարակում եմ ընդամենը մի քանի ապացույց: Այս և մյուս բոլոր նյութերը փաստագրված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կողմից՝ միջազգային մարմիններին ըստ իրավասության ուղարկելու նպատակով:
21:44 - 24 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկվելու Դուբլինյան կոնվենցիայով արգելված կասետային ռումբեր կիրառելու համար |hetq.am|

Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկվելու Դուբլինյան կոնվենցիայով արգելված կասետային ռումբեր կիրառելու համար |hetq.am|

hetq.am: Հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով էր հրավիրվել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հանցագործությունները թեմայով քննարկմանը: Արման Թաթոյանի խոսքով` սեպտեմբերի 27-ից սկսած թուրք-ադրբեջանական զինված հարձակումները Հայաստանի և Արցախի բնակչության և բնակավայրերի նկատմամբ թիրախավորված ձևով է իրականացվում` վնասներ հասցնելով հենց քաղաքացիական բնակչությանը: «Այս զինված հարձակումները Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի նկատկմամբ իրականացվում են արգելված կասետային զինատեսակներով. դրանով ոչ միայն մահ է պատճառվում, այլև կյանքը խեղող վնասվածքներ են հասցվում»,- ասաց Արման Թաթոյանը: Հայաստանի Օմբուդսմենը խոսեց պատերազմում կիրառվող վարձկան ահաբեկիչների առկայության մասին` նշելով, որ այն արդեն միջազգայնորեն հաստատված փաստ է: Վերջիններս պատերազմական հանցագործություններ են կատարում և իրենք իսկ իրենց տեսանյութերում ասում են, որ շարունակելու են ահաբեկչական գործողությունները: «Ատելության խոսքն առաջին օրվանից ուղեկցում է այս պրոցեսը: Ակնհայտ է, որ Ադրբեջանում միշտ է եղել պետական բարձր մակարդակի հայատյացություն, այդ ատելությունը առավել կազմակերպված սոցիալական ցանցերում իրականացվում է` բռնության տեսանյութեր տարածելով»,- ասաց Թաթոյանը: Ըստ ՄԻՊ-ի` այս պատերազմում հակառակորդը նպատակ ունի Հայաստանի և Արցախի բնակչության էթնիկ զտման, դա է փաստում այն, որ սեպտեմբերի 27-ից սկսած թիրախային հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ: ՄԻՊ-ի աշխատակազմի փաստահավաք խմբի աշխատանքները Վարդենիսի հարակից համայնքներում սեպտեմբերի 30-ին Անօդաչու թռչող սարքերի պատճառով ընդհատվել են և շարունակվել հաջորդ օրը:  Ավելին կարդացեք Hetq.am-ում  
13:40 - 20 հոկտեմբերի, 2020
Միջազգային կառույցները պետք է արձանագրեն ողջ եղելությունը՝ ֆիզիկապես լինելով Արցախում․ ՀՀ ՄԻՊ

Միջազգային կառույցները պետք է արձանագրեն ողջ եղելությունը՝ ֆիզիկապես լինելով Արցախում․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի զինված ուժերի զանգվածային ավերածություններն ու վայրագություններն Արցախում հենց այն բանի հետևանք են, որ տարիներ շարունակ միջազգային ու հատկապես մարդու իրավունքների կառույցները հրաժարվել են Արցախ այցերից՝ չնայած մեր բազմաթիվ կոչերին, հրավերներին ու զգուշացումներին: Նրանք ողջ եղելությունը պետք է արձանագրեն՝ ֆիզիկապես լինելով Արցախում, պետք է ամեն ինչ իրենց աչքով անմիջականորեն տեսնեն ու ընկալեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ արման Թաթոյանը։«Ժամանակն է ապացուցելու, որ ամենաբարձր մակարդակով հայտարարվող՝ «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» սկզբունքը ոչ թե գեղեցիկ արտահայտություն է ու պատրանք, այլ իրական կյանքում իրական մարդուն պաշտպանող սկզբունք:Պետք է ապացուցել, որ երեխայի երջանիկ մանկության իրավունքը, մոր իրավունքը խաղաղ երկնքի տակ դաստիարակելու կամ կյանքն արժանապատիվ վայելելու տատիկ-պապիկների իրավունքը դեռ որևէ մեկը չի վերացրել. որևէ քաղաքական պատճառ չի կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա և վերջ»,- գրել է նա։
00:58 - 20 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանական կողմի չդադարող զինված հարձակումները մարդասիրական աղետ են առաջացրել. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական կողմի չդադարող զինված հարձակումները մարդասիրական աղետ են առաջացրել. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի զինված ուժերի շարունակվող ագրեսիան ոչ միայն կոպտորեն խախտում է վիրավորումներ ստացած խաղաղ բնակիչների իրավունքները, այլ նաև անարգանք է սպանվածների դիերի նկատմամբ, անմարդկային վերաբերմունք է նրանց մերձավոր ազգականների նկատմամբ: Նման տեսակետ է հայտնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Ադրբեջանի զինված ուժերի արդեն 22 օր տևող ու չդադարող զինված հարձակումները մարդասիրական աղետ են առաջացրել ոչ միայն Արցախի քաղաքացիական բնակավայրերում, այլ նաև բոլոր այն վայրերում, որտեղ անմիջական ռազմական բախումներն են: Արցախի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի շարունակվող թիրախային հարձակումների հետևանքով ավերվում են տներ ու կենսական քաղաքացիական ենթակառուցվածքներ, արգելված զինատեսակներից սպանվում կամ կյանքը խեղող վնասվածքներ են ստանում խաղաղ բնակիչներ»,-նշել է Թաթոյանը: ՄԻՊ-ը շեշտել է, որ Արցախում ադրբեջանական զինված ուժերը հարձակումներ են գործել շտապ բժշկական օգնության մեքենաների ու հոսպիտալի ուղղությամբ: 22 օր անընդհատ հայտարարվում է բոլոր կողմերում գերիների, ինչպես նաև զոհերի ու դիակների մասին: Ադրբեջանի շարունակվող ագրեսիան ոչ միայն կոպտորեն խախտում է վիրավորումներ ստացած խաղաղ բնակիչների իրավունքները, այլ նաև անարգանք է սպանվածների դիերի նկատմամբ, անմարդկային վերաբերմունք է նրանց մերձավոր ազգականների նկատմամբ «Առկա վիճակը աղետալի է նաև շրջակա միջավայրի աղտոտման, վարակիչ հիվանդությունների զանգվածային տարածման ու համաճարակների բռնկման տեսանկյունից՝ բնապահպանական աղետի վերածվելու իրական սպառնալիքով: Իսկ այս ամենն արդեն չի ճանաչում պետական սահմաններ ու վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար»,-ասել է ՄԻՊ-ն ու նշեց, որ այս մասին է վկայում նաև Հայաստանի առողջապահության նախարարության մասնագիտական գնահատականը: Նա նշել է, որ այս ամենը միջազգային իրավունքի, այդ թվում՝ 1949 թվականի Ժնևյան կոնվենցիաներում ամրագրված և սովորութային մակարդակում գործող միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար պահանջների շարունակվող հանցավոր խախտումներ են: Թաթոյանը շեշտել է, որ միջազգային հանրությանը անհրաժեշտ է իրական քայլերով անհապաղ կանխել այս վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը, իսկ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ, ICRC) համար պետք է ապահովվի մարդասիրական առաքելության իրական և արդյունավետ հնարավորություն:
17:37 - 18 հոկտեմբերի, 2020
Արցախի և ՀՀ ՄԻՊ-երը Երևանում փակ հանդիպում կանցկացնեն քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Արցախի և ՀՀ ՄԻՊ-երը Երևանում փակ հանդիպում կանցկացնեն քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել ․   «ՀՀ քաղհասարակության սիրելի՛ ներկայացուցիչներ, Հոկտեմբերի 19-ին (երկուշաբթի), ժամը 16:00-ին Երևանում կկայանա իմ և Արման Թաթոյանի  համատեղ փակ հանդիպումը ՀՀ քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչների հետ, ովքեր ցանկանում են Արցախին որևէ կերպ օգնել, հատկապես՝ իրենց միջազգային գործընկերների ու փորձառության միջոցով:   Հանդիպման ընթացքում ներկայացնելու ենք սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի բնակչության դեմ իրականացված ոճրագործությունները և մեր հնարավոր անելիքները դրանք պատշաճորեն փաստագրելու և միջազգայնացնելու, ինչպես նաև միջազգային տարաբնույթ աջակցության հասնելու ուղղությամբ։   Հանդիպումը տեղի կունենա Երևանի Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում։ Տեղերը սահմանափակ են, գրանցվելու համար զանգահարեք՝ 095 939226, մեկ կազմակերպությունից ցանկալի է մեկ հոգի լինի: Հանդիպումը լուսաբանման ենթակա չէ:   Հ․Գ․ Խնդրում ենք հանդիպմանը գալ դիմակներով»։  
16:51 - 18 հոկտեմբերի, 2020
Երեխաների նկատմամբ չտարբերակված և հաճախ թիրախավորված հարձակումները պետք է արժանանան խստագույն դատապարտման միջազգային հանրության կողմից

Երեխաների նկատմամբ չտարբերակված և հաճախ թիրախավորված հարձակումները պետք է արժանանան խստագույն դատապարտման միջազգային հանրության կողմից

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1. Հոկտեմբերի 14-ի վաղ առավոտյան՝ ժամը 09:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը ԱԹՍ-ի հարվածներ են հասցրել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին մոտ գտնվող Սոթք համայնքի ուղղությամբ: Ադրբեջանական ԱԹՍ-ի հարձակումների արդյունքում ծանր վիրավորում է ստացել երեխա՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 14-ամյա Ն. Ա.-ն, ով ներկայում գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: ԱԹՍ-ի հարվածները եղել են գյուղատնտեսական նշանակություն ունեցող ցանքատարածության անմիջական ուղղությամբ, որտեղ տվյալ պահին կարտոֆիլի սեզոնային բերքահավաք իրականացնելու նպատակով գտնվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ: Այս տեղեկությունը հաստատվել է համայնքի ղեկավարի և բնակիչների կողմից, որոնք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին: Այնուհետև, այս տեղեկությունը որոշակի ծավալով տարածում է ստացել նաև մամուլի մի շարք հրապարակումներում: 2. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ նույն օրը արագ արձանագանքման հատուկ խումբը, այդ թվում՝ բժիշկը մեկնել է քաղաքացիական բժշկական հաստատություն՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ փաստահավաք աշխատանքների նպատակով: Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել վիրավորում ստացած երեխայի, նրա հոր և բժշկական անձնակազմի հետ: Դրանից բացի, մի շարք հարցեր են քննարկվել նաև համայնքի ղեկավարի հետ: 3. Պարզվել է, որ հոկտեմբերի 14-ի վաղ առավոտյան վիրավորում ստացած 14-ամյա երեխան իր 16 տարեկան հարազատ եղբոր, ինչպես նաև հոր հետ միասին նույն օրը գնացել է իրենց ընտանիքին պատկանող գյուղատնտեսական նշանակություն ունեցող ցանքատարածություն՝ սեզոնային բերքահավաք իրականացնելու: Դրանից հետո կարճ ժամանակ անց լսել են ԱԹՍ-ների ձայներ: Այդ ձայները լսելուն պես վիրավորում ստացած երեխան և իր ընտանիքի մյուս անդամները փորձել են փախչել ԱԹՍ-ի հարվածից: Դրանից գրեթե անմիջապես հետո ԱԹՍ-ը հարվածել է հենց այն նույն վայրում, որտեղ իրենք եղել են կանգնած: Այս փաստը հատկապես հաստատում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու և կյանքից ապօրինաբար զրկելու հանցավոր մտադրությունը: 4. Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում ընդգծել, որ Գեղարքունիքի մարզում ներկայում ընթանում են սեզոնային բերքահավաքի աշխատանքներ ու այդ աշխատանքները յուրաքանչյուր ընտանիքի համար ունեն կենսական կարևորություն: Շատ դեպքերում դա ընտանիքի եկամտի գլխավոր աղբյուրն է: Դրանով է նաև պայմանավորված, որ ընտանիքի անդամներով են, որպես կանոն, իրականացվում բերքահավաքի աշխատանքները: Ուշադրության է արժանի նաև այն, որ ինչպես նշել է վիրավորում ստացած երեխան, ինքն ու ավագ եղբայրը, ինչպես նաև իրենց համայնքի մյուս երեխաները Ադրբեջանի զինված ուժերի կողմից շարունակական ռամզաօդային հրթիռակոծումների պատճառով զրկված են դպրոց հաճախելու հնարավորությունից, քանի որ Վարդենիս քաղաքի և հարակից համայնքների դպրոցները ԱԹՍ-ների կողմից թիրախավորվում են, ուստի ժամանակավորապես չեն գործում: 5. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացրած տեղեկությունների համաձայն՝ երեխայի առողջական վիճակը ներկայում գնահատվում է ծանր: Երեխան ունի աջակողմյան պնևմոթորաքս, ձախակողմյան թափանցող հեմոպնևմոթորաքս, որովայնի բութ վնասվածք, փայծաղի սուբկապսուլյար հեմատոմա, ինչպես նաև աջակողմյան հյուսվածքում առկա է բեկոր: Երեխան ունեցել է արյան կորուստ: 6. Մարդու իրավունքների պաշտպանը, լինելով մարդու իրավունքների ազգային անկախ հաստատություն, ինչպես նաև «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող մարմին` խստորեն դատապարտում է խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի տարբերակում չդնող հարձակումները, որոնք հանգեցնում են երեխաների իրավունքների կոպիտ խախտումների ու միջազգային իրավունքի հիմնարար պահանջների բացարձակ անտեսման: Մարդու իրավունքների, հատկապես՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունները պետք է հրատապ միջոցներ ձեռնարկեն այս դեպքերին պատշաճ իրավական գնահատական տալու, ինչպես նաև հետագայում դրանք բացառելու նպատակով: Երեխաների նկատմամբ չտարբերակված և հաճախ թիրախավորված հարձակումները պետք է արժանանան խստագույն դատապարտման միջազգային հանրության կողմից»:
00:51 - 15 հոկտեմբերի, 2020
Պատերազմական գործողություներին զուգահեռ մեր վարքագծով պետք է կանխենք նոր կորոնավիրուսային վարակի տարածումը․ ՀՀ ՄԻՊ

Պատերազմական գործողություներին զուգահեռ մեր վարքագծով պետք է կանխենք նոր կորոնավիրուսային վարակի տարածումը․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Պատերազմական գործողություներին, ռազմական դրությանը զուգահեռ յուրաքանչյուրս մեր վարքագծով պետք է կանխենք նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը։ Կորոնավիրուսի տարածման վերջին օրերի տվյալները անհանգստացնող պատկեր են ցույց տալիս: Սա լրացուցիչ ծանրաբեռնվածություն ու ավելորդ խնդիրներ է առաջացնում մեր բժիշկների, առողջապահական համակարգի համար։ Այսօր ավելի, քան երբևէ կենսական է բժշկական անձնակազմերի նվիրական աշխատանքը, որ փրկում է ռազմական գործողություններով վտանգված կյանքեր ու ճակատագրեր: Մենք պետք է միասնաբար պահպանենք կորոնավիրուսի կանխարգելման կանոնները։ Այդպես յուրաքանչյուրս կօգնենք մեր բուժաշխատողներին, ովքեր անձնուրաց օգնության են հասնում վիրավորում ստացած զինվորին, ռազմական հարձակման ենթարկված խաղաղ բնակչին»։
15:01 - 13 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանական հարձակումները Արցախի ու Հայաստանի բնակչության նկատմամբ շարունակվում են ուղեկցվել էթնիկ հայերի նկատմամբ ատելության խոսքով

Ադրբեջանական հարձակումները Արցախի ու Հայաստանի բնակչության նկատմամբ շարունակվում են ուղեկցվել էթնիկ հայերի նկատմամբ ատելության խոսքով

ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումները Արցախի ու Հայաստանի բնակչության նկատմամբ սեպտեմբերի 27-ից սկսած շարունակվում են ուղեկցվել էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով:  1. Զանգվածային լրատվության միջոցներով և հատկապես սոցիալական ցանցերով տարածվում են ատելության և բռնության, այդ թվում՝ սպանության կոչեր, որոնք տարածվում են թուրքական ու ադրբեջանական աղբյուրներից: Գործում են մեծ թվով ագրեսիվ էջեր ու խմբեր, որոնցով տարածվում են էթնիկ հայերի նկատմամբ ատելություն սերմանող, բռնության, այդ թվում՝ կենդանի կամ մահացած մարդկանց նկատմամբ դաժան վերաբերմունքի, սպանությունների ու ավերածությունների տեսարաններ պարունակող տեսանյութեր ու տեքստեր: Առկա են նաև զգալի թվով հայկական անուն-ազգանուններով կեղծ էջեր, որոնցից նաև հայերենով սպառնալիք պարունակող ու ահաբեկող հաղորդագրություններ են ուղարկվում հայ իրական օգտատերերին: 2. Նշված բոլոր նյութերը տարածվում են «Ֆեյսբուք», «Թվիթեր» և սոցիալական այլ ցանցերով: 3. Այս ամենը հաստատված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անկախ քննությամբ հավաքագրած ապացույցները: Դրանք առավելապես օբյեկտիվ ապացույցներ են, այսինքն՝ լուսանկարներ, սոցիալական ցանցերի արտապատկերներ ու տեսանյութեր: 4. Հատուկ նշում եմ, որ Ադրբեջանում ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ ունի խորքային արմատներ և վայելում է պետական աջակցություն: Զինված հարձակումների առաջին օրից ատելության սփռումն ու դաժան վերաբերմունքի ու սպանության կոչերը ձեռք են բերել առավել համակարգված բնույթ՝ հասնելով ծայրաստիճան վտանգավոր ծավալների: 5. Միջազգային հանրության ուշադրությունը վճռականորեն հրավիրում եմ այս ծայրաստիճան վտանգավոր երևույթի վրա: Անհրաժեշտ են իրական արդյունք տվող հրատապ եւ արդյունավետ քայլեր՝ դադարեցնելու համար այս սարսափելի երևույթը: Այն ուղեկցվում է միջազգային բոլոր պահանջների կոպիտ խախտումներով ու սպառնալիք է ողջ տարածաշրջանում խաղաղությանը: 6. Ծնողներին խնդրում եմ սոցիալական ցանցերի հարցում ցուցաբերել բացառիկ զգուշավորություն ու հատկապես զգույշ լինել սոցիալական ցանցից երեխաների օգտվելու հարցում, իսկ փոքրահասակ երեխաների դեպքում բացառել սոցիալական ցանցից օգտվելը: Երեխաներին խնդրում եմ սոցիալական ցանցերում զերծ մնալ անծանոթ էջեր մտնելուց կամ դրանց հետևելուց, ինչպես նաև որևէ պարագայում չբացել ու չկարդալ սոցիալական ցանցի էջի միջոցով ստացվող անծանոթ նամակները: 7. Նկարավորված վտանգավոր երևույթների վերաբերյալ հավաքագրված բոլոր ապացույցները կուղարկվեն միջազգային գործընկերներին, դեսպանություններին բոլոր անհրաժեշտ ձևաչափերով: 8. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է աշխատել 24 ժամյա աշխատանքային արտակարգ ռեժիմով: 9. Ապահովված է սերտ համագործակցություն Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ»:
10:50 - 09 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի տարածքից հայկական բնակչության դեմ զինված հարձակումներին մասնակցում են վարձկաններ, ահաբեկչական խմբավորումների անդամներ․ՄԻՊ

Ադրբեջանի տարածքից հայկական բնակչության դեմ զինված հարձակումներին մասնակցում են վարձկաններ, ահաբեկչական խմբավորումների անդամներ․ՄԻՊ

Ադրբեջանի տարածքից հայկական բնակչության դեմ զինված հարձակումներին մասնակցում են վարձկաններ, ահաբեկչական խմբավորումների անդամներ:   Դրանք Ադրբեջան տեղափոխված, ըստ աղբյուրների հիմնական մասի, հազարավոր վարձկաններ են, որոնց թվում կան նաև ԻԳԻԼ-ի հետ առնչություն ունեցողներ ու ըստ արձանագրված տվյալների՝ նրանք ուղարկվել են Թուրքիայի կողմից Լիբիայից ու Սիրիայի հյուսիսային հատվածից:   Այս մասին ակնհայտորեն վկայում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անկախ քննության արդյունքներով հավաքագրած ապացույցները: Դրանք առավելապես օբյեկտիվ ապացույցներ են, այսինքն՝ լուսանկարների ու տեսանյութերի մասին:   Եվ սա տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի տարածքում:   Միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ վճռականորեն հրավիրում եմ այս ծայրաստիճան վտանգավոր, հանցավոր երևույթի վրա: Դա հրատապ քայլերով չկանխելու դեպքում արդեն իսկ խաղաղ բնակչության համար առաջացած հումանիտար աղետը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար: Դա սպառնալիք է անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքների ողջ համակարգին: Սա է ամրագրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 2019 թվականի սեպտմեբրի 26-ի 42/9 բանաձևում՝ որպես հիմնարար պահանջ:   Հավաքագրված տվյալները վաղը կուղարկվեն միջազգային գործընկերներին բոլոր անհրաժեշտ ձևաչափերով: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է աշխատել 24 ժամյա աշխատանքային արտակարգ ռեժիմով: Ապահովվում է սերտ համագործակցություն Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ:
11:10 - 07 հոկտեմբերի, 2020
Այս ամենը վկայում է հայկական բնակչության նկատմամբ ահաբեկչություն խթանող ադրբեջանական քաղաքականության մասին․ ՀՀ ՄԻՊ

Այս ամենը վկայում է հայկական բնակչության նկատմամբ ահաբեկչություն խթանող ադրբեջանական քաղաքականության մասին․ ՀՀ ՄԻՊ

Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերն Արցախի ու Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնում են թիրախային հարձակումներ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ակնհայտ է, որ առանց տարբերակման (indiscriminate) հարձակումների մտադրությունն է խաղաղ բնակավայրերին պատճառել հնարավորին մեծ վնաս, այդ թվում՝ սպանություններ ու ավերածություններ: Այդ մասին վկայում են ոչ միայն ադրբեջանական ռազմաօդային ու հրետանային թիրախային հարձակումները, արդեն իսկ դրանց առաջացրած ծանր հետևանքները, այլ նաև արգելված զինատեսակների անընդհատ օգտագործումը քաղաքների ու գյուղերի նկատմամբ: Նշվածին պետք է ավելացնել արդեն ապացույցներով հաստատված փաստի՝ վարձկանների օգտագործումը, ինչպես նաև էթնիկ հայերի նկատմամբ լայնածավալ ատելության խոսքն ու բռնության, այդ թվում՝ սպանության կոչերը, որոնք ունեն պետական աջակցություն»,- նշել է պաշտպանը։ Եվ արդեն ակնհայտ է, որ այս ամենը վկայում է էթնիկ զտումների նպատակի ու հայկական բնակչության նկատմամբ ահաբեկչություն խթանող ադրբեջանական քաղաքականության մասին:
23:35 - 04 հոկտեմբերի, 2020