Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Շառլ Միշելի հայտարարությունը «չպետք է մեկնաբանվի որպես աջակցություն քննարկումների որևէ կանխորոշված ելքի». ԵՄ խորհրդի նախագահի խոսնակի հայտարարությունը |azatutyun.am|

Շառլ Միշելի հայտարարությունը «չպետք է մեկնաբանվի որպես աջակցություն քննարկումների որևէ կանխորոշված ելքի». ԵՄ խորհրդի նախագահի խոսնակի հայտարարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ քննարկման հատուկ առարկա է եղել հաղորդակցությունների և տարածաշրջանի ապաշրջափակման հարցը, և երկու կողմերը հաստատել են, որ չկան արտատարածքային պահանջներ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքի առնչությամբ: Հակառակի վերաբերյալ շահարկումը ափսոսանք է հարուցում: Այս մասին հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահի խոսնակ Բարենդ Լեյցը այս գիշեր հրապարակած հայտարարությունում: Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի լարվածության համատեքստում Միշելը, ըստ հայտարարության, վերահաստատել է Եվրամիության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը երկու երկրների հետ հանուն անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի՝ ի շահ տարածաշրջանի բոլոր բնակիչների: ԵՄ խորհրդի նախագահը ողջունել է սահմանային հանձնաժողովների մայիսի 24-ի հանդիպումը՝ այն անվանելով պատմական, և շեշտել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով կայունության և անվտանգության ապահովման հսկայական կարևորությունը սահմանազատումից առաջ: «Ավելի լայն առումով՝ նախագահ Միշելը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման համար կարևոր է անդրադառնալ բոլոր դեռ չլուծված խնդիրներին՝ այդ թվում առաջ մղելով ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները և անդրադառնալով հակամարտության արմատներին: Նախագահ Միշելի կարծիքով բոլոր առանցքային խնդիրները, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաև 2020 թվականին ռազմական գործողությունների վերսկսմանը, պետք է կարգավորեն բոլոր շահագրգիռ կողմերը՝ պայմաններ ստեղծելու տևական և արդարացի խաղաղության համար»,- ասված է հայտարարությունում: Նշելով, որ «տերմինաբանությունը հատկապես զգայուն է այս համատեքստում», խոսնակն ընդգծում է, որ մայիսի 22-ի հանդիպման արդյունքներով Միշելի հայտարարությունը «չպետք է մեկնաբանվի որպես աջակցություն քննարկումների որևէ կանխորոշված ելքի», և որ ծայրաստիճան կարևոր է բոլոր խնդիրների համընդգրկուն հասցեագրումը. «Սա ներառում է բոլոր ժողովուրդների իրավունքները և անվտանգությունը»: Եվ վերջապես, Շառլ Միշելը, ըստ խոսնակի հայտարարության, շեշտել է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու անհրաժեշտությունը և «այդ առնչությամբ հրապարակային հռետորաբանության կարևորագույն դերը»: Նա ողջունել է պաշտոնական Երևանի և Բաքվի արտահայտած՝ բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը և ընդգծել, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել փոխադարձ վստահության ամրապնդման միջոցառումներին: Խոսնակը հայտնում է նաև, որ առաջիկա օրերին տարածաշրջան կայցելի Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ «հետևելու քննարկվող բոլոր ասպեկտներին»: Հիշեցնենք, որ Բրյուսելում մայիսի 22-ին կայացած եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը իր հայտարարությունում նշել էր, որ «շեշտել է երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»:  Հայտարարությունն ընդդիմադիրներն ընդունել էին որպես Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցում: Արցախի նախագահի խոսնակը հայտարարել էր. «ԱՀ իշխանությունների վերաբերմունքը տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում և քննարկումներում հնչեցվող հայտարարություններին միանշանակ է. արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ։ Ադրբեջանի կազմում Արցախի որևէ կարգավիճակ անընդունելի է»։  Արցախի ԱԺ խմբակցությունները ևս արձագանքել էին՝ նշելով, որ «փորձ է արվում հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունից․ շրջանառության մեջ է դրվում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» բառակապակցությունը»: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ասել էր, որ «Բրյուսելում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղավորվում են նախկինում ՀՀ ներկայացուցիչների արած հրապարակային հայտարարությունների շրջանակում»: Ավելի ուշ հայտարարությունը մեկնաբանել էր նաև ՀՀ վարչապետը. «Քանի որ այս հարցով համաձայնություն չի ձևակերպվել, Շառլ Միշելը իր կողմից որոշել է անել մեկնաբանություններ, որոնք, իր կարծիքով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեն երկու կողմերի դիրքորոշումներից։ Թե ինչքանով է դա ստացվել, ինչքանով է ճշգրիտ, այլ հարց է: Այլ բան, որ մենք մեր դիրքորոշումներն արտահայտել ենք, և այդ դիրքորոշումների մեջ, բնականաբար, որևէ փոփոխություն չկա»:
09:57 - 01 հունիսի, 2022
Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, Փաշինյան-Ալիև բրուսելյան հանդիպումը |tert.am|

Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, Փաշինյան-Ալիև բրուսելյան հանդիպումը |tert.am|

tert.am: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Զրուցակիցները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման հարցը: Այս մասին, ինչպես գրում է «РИА Новости»-ն, երեքշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։«Դիտարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարումը՝ շեշտը դնելով տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման հետ կապված կոնկրետ հարցերի լուծման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։Բացի այդ, Ալիևը Ռուսաստանի ղեկավարին տեղեկացրել է մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման մասին, հավելել են Կրեմլից։
13:30 - 31 մայիսի, 2022
Ալիևն այսօր կրկին սպառնացել է ուժի կիրառման նոր դեպքերով, որը հստակ ահազանգ է միջազգային հանրությանը՝ կանխարգելիչ ու պատժիչ միջոցներ ձեռք առնելու. Արցախի պետական նախարար

Ալիևն այսօր կրկին սպառնացել է ուժի կիրառման նոր դեպքերով, որը հստակ ահազանգ է միջազգային հանրությանը՝ կանխարգելիչ ու պատժիչ միջոցներ ձեռք առնելու. Արցախի պետական նախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը: Այս մասին Արտակ Բեգլարյանը գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում, նշելով որ Հայաստանի Հանրապետության հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացն ու արդյունքները չպետք է ազդեն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ներկա ու ապագա կարգավիճակի վրա: «Վերջիվերջո, ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության հետ է, այլ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:  Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, ինչը ընդունում է ողջ աշխարհը՝ անկախ շահերի ու ձևակերպումների որոշակի տարբերություններից: Իսկ եթե Ադրբեջանը ցանկանում է փակել հակամարտության էջը և հստակեցնել Արցախի կարգավիճակը, ապա կարող է դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթաց իրականացնել նաև Արցախի Հանրապետության հետ՝ միևնույն ժամանակ վերադարձնելով մեր բռնազավթված տարածքները և ճանաչելով մեր անկախությունը»,- գրել է Բեգլարյանը: Արցախի պետնախարարի խոսքով՝ հակամարտության կարգավորման գլխավոր սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լրիվ իրացումն ու ճանաչումն է: «Սա միջազգային հանրության փորձությունն է ապացուցելու, որ, ի հեճուկս Ալիևի պնդումների, այնուամենայնիվ, միջազգային իրավունք կա, որտեղ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը իր հիմնարար տեղն ունի: Միջազգային իրավունքի մեկ այլ կարևոր սկզբունք է ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, որը նույնպես կոպտորեն ոտնահարվել ու ոտնահարվում է Ադրբեջանի կողմից: Ավելին, Ալիևը այսօր կրկին սպառնացել է ուժի կիրառման նոր դեպքերով, որը հստակ ահազանգ է միջազգային հանրությանը՝ կանխարգելիչ ու պատժիչ միջոցներ ձեռք առնելու: Շեղված վարքի խրախուսումն ու անտեսումը աստիճանաբար հանգեցնում է միջազգային աղետների՝ դառնալով միջազգային պրակտիկա ու սովորութային իրավունքի մի մաս»,- գրել է Բեգլարյանը:
17:12 - 28 մայիսի, 2022
Մեր քննարկումները ապաշրջափակման մասին են, և ակնհայտ է, որ երկաթուղու մի ճյուղն անցնելու է Մեղրիով, Օրդուբադով, Ջուլֆայով, Երասխով․ Արարատ Միրզոյան

Մեր քննարկումները ապաշրջափակման մասին են, և ակնհայտ է, որ երկաթուղու մի ճյուղն անցնելու է Մեղրիով, Օրդուբադով, Ջուլֆայով, Երասխով․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանները «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին. -Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 27-ին հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղ չկա, ԼՂ հիմնախնդիրը լուծված է, ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա: Ի՞նչ կասեք այս մասին: - Մենք կարող ենք ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ և դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Այդ փաստաթուղթը ստորագրելով Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը ու սա անշրջելի փաստ է: Մենք կարող ենք ի ցույց դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից արված պաշտոնական հայտարարություններ, որտեղ նրանք վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ որպես համանախագահողներ: Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում նման հայտարարություններով հանդես են եկել ԱՄՆ-ն, Ֆրանսիան: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն ընդգծվել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ ս.թ. ապրիլի 19-ին ընդունած համատեղ հայտարարության մեջ: ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի՝ 2021թ. դեկտեմբերին Ստոկհոլմում տեղի ունեցած վեհաժողովում տասնյակ երկրների ԱԳ նախարարներ ընդգծեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության բացառիկ դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում: ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանը չի ստեղծել, այլ միջազգային հանրությունը, և հետևաբար, Ադրբեջանն այն չի կարող լուծարել, կամ նրա առաքելությունն ավարտված համարել: Այդ նույն միջազգային հանրությունն այսօր արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբ գոյություն ունի և, ինչպես նշեցի, արձանագրում է, որ կա ԼՂ հիմնախնդիր, որը պետք է կարգավորել: Այդ մասին ասվում է նաև Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ վերը հիշատակված հայտարարության մեջ: Այդ մասին բոլորովին վերջերս հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը՝ արտահայտելով ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը: Ընդ որում, նույն հայտարարության մեջ ընդգծվեց նաև, որ օրակարգում կա ԼՂ կարգավիճակի հարց և ԼՂ հայության ինքնորոշման իրավունքը ուժի մեջ է: Հայաստանն, ի դեպ, Ադրբեջանից երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ: ԼՂ հիմնախնդիրը իրավունքի հարց է և այդպես էլ ընկալվում է միջազգային հանրության կողմից: Եվ դա է երևում բրյուսելյան հանդիպումից: Մենք արձանագրել ենք, որ պատերազմի էջը մեզ համար փակված է, և կա հիմնախնդիր, որը պետք է լուծվի քաղաքական, դիվանագիտական եղանակով: -Իլհամ Ալիևը հայտարարել է նաև, թե Բրյուսելում համաձայնություն է կայացել նաև այն մասին, թե Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք է անցնելու: -Հայաստանի դիրքորոշումը արձանագրել ենք շարունակաբար: Բայց թերևս նորից կրկնենք. Հայաստանի տարածքում որևէ միջանցքի գոյությունը բացառվում է: Սա նույնիսկ քննարկման ենթակա չէ: Մեր քննարկումները բացառապես ճանապարհների, տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման, ապաշրջափակման մասին են: Ինչ վերաբերում է երթուղիներին, մենք ասել ենք, որ երթուղիները հստակեցնելուց առաջ նախ պետք է մեր տարածքով Ադրբեջանի քաղաքացիների և բեռների, ու Ադրբեջանի (ներառյալ Նախիջևանի) տարածքով՝ Հայաստանի քաղաքացիների ու բեռների անցման իրավական կարգավորումների շուրջ համաձայնության գալ: Չնայած՝ ակնհայտ է, որ երկաթուղու մի ճյուղն անցնելու է Մեղրիով, Օրդուբադով, Ջուլֆայով, Երասխով: Ավտոճանապարհների երթուղու վերաբերյալ այս պահին պայմանավորվածություն չկա։
15:51 - 28 մայիսի, 2022
ԱԳՆ արձագանքը Իլհամ Ալիևի՝ մայիսի 27-ին արված հայտարարությունների վերաբերյալ

ԱԳՆ արձագանքը Իլհամ Ալիևի՝ մայիսի 27-ին արված հայտարարությունների վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 27-ին արված հայտարարություններին։  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից մայիսի 27-ին հնչեցված հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են ադրբեջանական կողմի ապակառուցողականության, պայմանավորվածությունների կամայական` իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների, ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականությունը շարունակելու մասին։ Հարևան պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները, այդ նպատակներին հասնելու համար ուժի կիրառման դիրքերից հանդես գալը ոչ այլ ինչ են, քան արհամարհանք միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ, և լրջագույն կասկածի տակ են դնում Ադրբեջանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու մտադրությունների անկեղծությունը։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հարկ է համարում վերահաստատել հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները պիտի տեղի ունենան երկու կողմերի առաջարկների հիման վրա, որոնք պետք է հասցեագրեն խնդիրների ողջ օրակարգը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորումը։ Ադրբեջանական կողմի շահարկումներով փորձ է արվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ներկայացնել որպես տարածքային վեճ, մինչդեռ այն արցախահայության իրավունքների իրացման և էթնիկ զտումների վտանգի բացառման մասին է։ Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ 1995 թվականին ստացած միջազգային մանդատը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը, շարունակում է գոյություն ունենալ: Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությամբ չտորպեդահարել առկա ձևաչափերում ընթացող քննարկումները։ Միևնույն ժամանակ, միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին և ակնկալում միջազգային գործընկերների միանշանակ վերաբերմունքի արտահայտումը, ինչի պարագայում միայն հնարավոր կլինի հասնել կայունության և խաղաղության Հարավային Կովկասում։
12:01 - 28 մայիսի, 2022
Ալիևը հայտարարել է, թե աշխարհում այժմ «առաջնայինն ուժի գործոնն է», միջազգային իրավունքի համակարգը չի գործում |factor.am|

Ալիևը հայտարարել է, թե աշխարհում այժմ «առաջնայինն ուժի գործոնն է», միջազգային իրավունքի համակարգը չի գործում |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն կշարունակի հզորանալ, այդ թվում՝ ռազմական ոլորտում, քանի որ միջազգային իրավունքի համակարգն այսօր չի գործում, և հիմնական գործոնը ուժն է, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Այսօր առաջնային պլանում ուժի գործոնն է։ Ես այդ մասին դեռ 10 տարի առաջ եմ ասել։ Ես ասել եմ, որ միջազգային իրավունքը չի գործում։ Մենք չպետք է ինքնախաբեությամբ զբաղվենք, մենք պետք է ավելի ուժեղ լինենք, հզորանանք։ Անհրաժեշտության դեպքում` մենք պետք է թշնամուն ուժով վռնդենք մեր տարածքից։ Ես խոսել եմ այդ մասին և արել դա»,- ասել է Ալիևը Կովսական այցի ժամանակ։ Նա նշել է, որ Ադրբեջանը դեմ է իր ներքին գործերին արտաքին միջամտությանը։ «Ուժի գործոնն աշխարհում կշարունակի գերիշխել։ Նորագույն պատմությունը դա է ցույց տալիս։ Դրա համար էլ մենք ուժեղ ենք և պետք է շարունակենք ուժեղ լինել։ Մենք նաև ռազմական հզորությունն ենք ուժեղացնում։ Հայաստանի հետ պատերազմից հետո ստեղծվել են նոր զինվորական ստորաժանումներ, գնվել է նոր զինտեխնիկա, և շարունակում ենք շարժվել այդ ուղղությամբ։ Եթե մենք ուժեղ չլինենք, ապա չենք կարող ապրել այնպես, ինչպես ուզում ենք։ Մենք ցանկանում ենք ապրել ազատ, որպեսզի ոչ ոք մեր գործերին չխառնվի»,- հայտարարել է Ալիևը։  
17:53 - 27 մայիսի, 2022
ԵՄ առաջնորդը միջնորդում է խաղաղության համար՝ զոհաբերելով ճնշված կողմի իրավունքներն ու կարիքները․ Հայ Դատի գրասենյակ

ԵՄ առաջնորդը միջնորդում է խաղաղության համար՝ զոհաբերելով ճնշված կողմի իրավունքներն ու կարիքները․ Հայ Դատի գրասենյակ

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը տարածել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հայտարարությունը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Բրյուսելում մայիսի 22-ին Ալիեւ-Փաշինյան հանդիպումից հետո արած հայտարարության վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։ Որպես համաեվրոպական քաղաքացիական հասարակության համայնքային կազմակերպություն՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը և ԵՄ երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը, ներկայացնելով ԵՄ հայազգի քաղաքացիների զգալի մասը, իրենց խոր դժգոհությունն են հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի վերջին հայտարարության առնչությամբ, որը հրապարակվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2022 թվականի մայիսի 22-ի եռակողմ հանդիպումից հետո։ Խաղաղությանն ուղղված միջնորդությունն անհրաժեշտ է և ողջունելի։ Այնուամենայնիվ, էական է ապահովել, որ խաղաղության բանակցությունները հիմնված լինեն արդարության վրա, այլ ոչ թե անկյուն   մղելով երկու ավտորիտար ռեժիմների կողմից, ինչպիսիք են Ադրբեջանը և Թուրքիան, արատավոր ագրեսիայի զոհ դարձած կողմին։ Ի դեպ, Թուրքիան ջիհադիստ վարձկաններ էր տեղափոխել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության դեմ։ Անընդունելի է, որ ԵՄ առաջնորդը միջնորդի խաղաղության համար՝ զոհաբերելով ճնշված կողմի իրավունքներն ու կարիքները։ Ցավոք, նախագահ Միշելի վերջին հայտարարությունն արհամարհում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵՄ-ի փաստաթղթավորված մոտեցումների հիմնական սկզբունքները և, ընդհանուր առմամբ, հակամարտության կարգավորման կարևոր հարցերում հաստատում է Ադրբեջանի դիրքորոշումը։   Շեղվելով ԵՄ-ի տասնամյակների մոտեցումներից, ինչպես նաև համապատասխան միջազգային բոլոր փաստաթղթերից՝ Շառլ Միշելը օգտագործում է «Ղարաբաղ» անորոշ ձևակերպումը «Լեռնային Ղարաբաղի» փոխարեն, որը որոշակի տարածք ունեցող քաղաքական միավոր է։ Այսպիսով, Եվրոպական խորհրդի նախագահը կրկնում է Ադրբեջանի նախագահի տեսակետը՝ ակնարկելով, որ Լեռնային Ղարաբաղը, որպես սուբյեկտ, գոյություն չունի, ինչն իր էությամբ ցեղասպանական մոտեցում է։  2022 թվականի մարտին Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական և մշակութային ժառանգության շարունակական ոչնչացման վերաբերյալ բանաձև՝ արձանագրելով, որ «հայկական մշակութային ժառանգության վերացումը հանդիսանում է համակարգված և պետական մակարդակով հովանովորվող հայատյացության, պատմական ռևիզիոնիզմի և հայերի նկատմամբ ատելության քաղաքականության ավելի լայն օրինաչափության մի մասը, որը խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից»: Միայն «Ղարաբաղ» տերմինի օգտագործումն ակնհայտորեն Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական շարունակվող էթնիկ զտումների և իր էությամբ ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Սույնով պարոն Շառլ Միշելին հիշեցնում ենք, որ, իբրև Եվրոպական խորհրդի նախագահ, նրա միջնորդությունը պետք է հիմնվի հետևյալ փաստերի և հանգամանքների վրա. ԵՄ-ի և Հայաստանի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (CEPA), որն ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտին, «ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նպատակների և սկզբունքների, և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա, ներառյալ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը»՝ որպես երեք հիմնական սկզբունքներից մեկը։ Բաքվի ցանկացած անմիջական վերահսկողություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անխուսափելիորեն նշանակում է դրա հազարամյա բնիկ հայ բնակչության էթնիկ զտում։ Ուստի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը պետք է արտացոլվի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ​​կամքի ժողովրդավարական արտահայտմամբ, առաջնային է բնակչության երկարաժամկետ ու կայուն անվտանգության ապահովման և հայրենիքում ապրելու իրավունքի երաշխավորման համար։ Տրանսպորտային/հաղորդակցական կապերի ապաշրջափակումը պետք է իրականացվի՝ հարգելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Նոր հակամարտության համար հիմքեր ստեղծելու ցանկացած հնարավոր ռիսկ պետք է բացառվի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատումը եւ սահմանագծումը  չեն կարող կատարվել ուժի կիրառման հետևանքով և չպետք է իրականացվեն հապճեպ՝ առանց հաշվի առնելու դրա բոլոր հետևանքները։ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հայատյացության պետական ​​քաղաքականության բոլոր դրսևորումները։ Հետևելով Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև ԵՄ մի շարք անդամ երկրների խորհրդարանների բանաձևերին՝ Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ՀՀ կառավարությունից է նաև ակնկալում, որ բանակցությունների ընթացքում այն պնդի վերոնշյալ բոլոր կետերը։
16:24 - 26 մայիսի, 2022
Ձևակերպումների շուրջ կողմերի միջև hամաձայնություն ձեռք չի բերվել. Փաշինյանը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին |armenpress.am|

Ձևակերպումների շուրջ կողմերի միջև hամաձայնություն ձեռք չի բերվել. Փաշինյանը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում ԼՂ հիմնախնդրի հարցով հայկական և ադրբեջանական կողմերի միջև ձևակերպումների շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, և ԵՄ խորհրդի նախագահը որոշել է հնչեցնել մեկնաբանություններ, որոնք, իր տեսակետով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեին երկու կողմերի դիրքորոշումներից ձևակերպումների շուրջ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին: Պատգամավորը մեջբերում արեց Բրյուսելի հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից. «Ես նաև երկու ղեկավարների առաջ շեշտեցի, որ անհրաժեշտ է անդրադառնալ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը»: Ըստ Եղոյանի՝ հայկական մեդիատիրույթում այս խոսքերը տարբեր կերպ են մեկնաբանվել: «Շահարկվեց նաև, թե սա նշանակում է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը դուրս է մղվում օրակարգից, թե ԵՄ-ն ևս չի դիտարկում Արցախի առանձին կարգավիճակի հնարավորությունը, սա հետնահանջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգից»,- ասաց Եղոյանը: Փաշինյանը հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից առնվազն երկուսը ողջունել և աջակցել են այդ բանակցություններին, քննարկումներին: Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող հանդիսացող երկիրը վերահաստատել է այն սկզբունքները, որոնք դրված են ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործում: Վարչապետը նաև հիշեցրեց, որ Մինսկի խմբի համանախագահող հանդիսացող ՌԴ-ի նախագահի հետ երկկողմ հայտարարության մեջ արձանագրվել է ԼՂ հակամարտության կարգավորման կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության պոտենցիալի օգտագործումն այդ առումով: «Բրյուսելում Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի է ունեցել շատ լուրջ քննարկում, և այդ քննարկման արդյունքներով արձանագրվել են Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները»,- ասաց վարչապետը: Նա ընդգծեց՝ ընդ որում այդ տարբերություններն արտահայտված են հրապարակայնորեն. Ադրբեջանը համարում է, որ ԼՂ-ի հիմնախնդիրը լուծված է, ՀՀ-ն համարում է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ: «Եվ խաղաղության բանակցությունների հնարավոր համատեքստում, գիտեք, որ Ադրբեջանը ներկայացրել է իր 5 սկզբունքները, մենք էլ ներկայացրել ենք մեր դիտարկումներն ու օրակարգն այդ կապակցությամբ և ասել ենք, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենան բանակցություններ: Մեր առաջադրած սկզբունքներով արձանագրված է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը: Եվ քանի որ քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձևակերպվել կողմերի միջև ձևակերպումների շուրջ, ԵՄ խորհրդի նախագահը որոշել է իր կողմից անել մեկնաբանություններ, որոնք, իր տեսակետով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեն երկու կողմերի դիրքորոշումներից: Թե ինչքանով է դա ստացվել, ինչքանով է ճշգրիտ, այլ հարց է: Այլ բան, որ մենք մեր դիրքորոշումներն արտահայտել ենք, և այդ դիրքորոշումների մեջ, բնականաբար, որևէ փոփոխություն չկա: Եվ մենք շարունակելու ենք հետևողականորեն գնալ այդ ճանապարհով»,- ասաց Փաշինյանը:
18:08 - 25 մայիսի, 2022
Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով, սրա վերաբերյալ շատ հստակ հայտարարել ենք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրուցյի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ «Եթե այս շարժումը չլիներ, վստահեցնում եմ՝ ամեն ինչ արդեն ավարտված կլիներ։ Ժողովուրդը առնվազն կարողացել է խախտել այն ժամանակացույցը, որով օրվա իշխանությունը պատրաստվում է հանձնել երկիրը։ Վերջին Բրյուսելյան հանդիպումը դրա վառ ապացույցն է։ Բանավոր խոստումներին զուգահեռ Նիկոլը նաև ժամանակ է խնդրել Ալիևից ու իր մյուս  գործընկերներից՝ հաշվի առնելով իրավիճակը։ Հույս է ունեցել, որ մթնոլորտը կթուլանա, այս առումով ժողովրդի ձեռքբերումները ակնհայտ են։ Ակնհայտ է նաև, որ թուրք-ադրբեջանական դաշինքը շտապում է, որպեսզի պատերազմում ձեռք բերած առավելությունները դարձնի վերջնական։ Իրենք լավ հասկանում են՝ եթե Հայաստնում կորցնեն Նիկոլ Փաշինյանին, այդ ծրագրերը չեն իրականանա,պետք է պահենք տեմպը, ավելացնենք ճնշումները, բազմապատկենք անհազազանդության ակցիաների ծավալը և քանակը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
11:53 - 25 մայիսի, 2022
Արցախի կարգավիճակի հարցը նույն վիճակում է, ինչ եղել է 2016-ի հունվարից ի վեր՝ թողնված է անորոշ ապագային. Եղոյան |news.am|

Արցախի կարգավիճակի հարցը նույն վիճակում է, ինչ եղել է 2016-ի հունվարից ի վեր՝ թողնված է անորոշ ապագային. Եղոյան |news.am|

news.am: ԵՄ-ն իր միջնորդական առաքելությունն է իրականացնում համարյա այնպես, ինչպես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը իրականացնում էին, բնական է, ամեն մեկն իր տեսանկյունից, առաջարկելով իր միջնորդական առաքելությունը, ուղղակի այն ժամանակ դա բերվում էր մեկ կոնսենսուսի: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Հարցին, թե արդյոք Բրյուսելում բարձրացվել է «անկլավների» հարց, նա պատասխանեց. «Դուք հարցը նեղացնում եք: Չկա անկլավների հարց, նման հասկացություն չկա, կա սահմանազատման ու սահմանագծման հարց, այդ ընթացքում արդեն կողմերը, բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով, որոշում են ամենահարմար սահմանը երկու կողմերի համար: Անկլավերի հարց օրակարգում չկա»: Լրագրողը ՔՊ-ական պատգամավորից հետաքրքրվեց՝ Արցախի կարգավիճակի հարցում իշխանությունը հետքայլ արե՞լ է, որին նա արձագանքեց. «Արցախի կարգավիճակի հարցն այսօր գտնվում է նույն վիճակում, ինչ գտնվել է 2016 թվականի հունվարից ի վեր, այսինքն՝ թողնված է անորոշ ապագային»։ Լրագրողի հիշեցմանը, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր. «Ես ընդգծել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է անդրադառնալ Ղարաբաղում էթնիկ հայ ազգաբնակչության իրավունքների եւ անվտանգության հարցին», Եղոյանն արձագանքեց. «Շառլ Միշելն ասում է, որ ինքն է այդպես ասել, ինքն է այդ ձեւակերպումը տվել: Եկեք չխառնենք դերակատարներին, Շառլ Միշելը անհրաժեշտ է համարել այդ դիտարկումն անել: Ինչի՞ վրա եք այդքան զարմացել: Շառլ Միշելը Մինսկի խմբի համանախագահ չի, ինքը չի զբաղվում ԼՂ հակամարտության լուծմամբ: նա նախաձեռնել է եռակողմ հանդիպում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ինքը դա է կարեւորել»: Ինչ վերաբերում է ՀԱԿ փոխնախգահ Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե եթե կողմերը չհամաձայնեին, Շառլ Միշելը չէր կարող նման հայտարարություն անել, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Կողմերի համաձայնությամբ, թե առանց համաձայնության, բայց Շառլ Միշելն ասում է՝ ես հորդորեցի…: Այսինքն ինքն իր համար կարեւոր հարցերի մասին է խոսում:  Հիմա դուք հարցնում եք՝ ինչո՞ւ Շառլ Միշելի համար կարեւոր չի Արցախի կարգավիճակի հարցը»:
14:06 - 24 մայիսի, 2022
Ըստ Փաշինյան-Ալիև համաձայնության՝ Ղարաբաղի հայերը դիտարկվում են որպես ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում․ «Դիմադրություն» շարժումը հայտարարությունը

Ըստ Փաշինյան-Ալիև համաձայնության՝ Ղարաբաղի հայերը դիտարկվում են որպես ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում․ «Դիմադրություն» շարժումը հայտարարությունը

«Դիմադրություն» շարժումը հայտարարություն է տարածել Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքների մասին։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները ևս մեկ անգամ հաստատեցին այն պնդումները, որ հայ-ադրբեջանական բանակցություններն ամբողջությամբ ընթանում են ադրբեջանական օրակարգով:Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական աթոռի պաշտպանության, Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի: Հայաստանը մոտեցել է մի եզրագծի, որից այն կողմ հարցականի տակ է դրվում ոչ միայն Արցախի ապագան, այլև Հայաստանի Հանրապետության նվազագույն ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը Այսրկովկասում։ Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ որևէ խոսք չկա պարտադիր իրավական ուժ ունեցող Հայաստան-ԵՄ ՀԸԳ համաձայնագրով ամրագրված՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մասին: Չի խոսվում անգամ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին, ինչը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 19-ին Եվրոպական Միության անունից արված հայտարարությանը։ Կողմերը խուսափել են անգամ «Լեռնային Ղարաբաղ» և «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» եզրույթներից: Փոխարենն օգտագործվել է «Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչություն» ձևակերպումը, և խոսվել է Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին, որոնք պետք է ապահովի Ադրբեջանը: Սա նշանակում է, որ Ղարաբաղի հայերը, ըստ Փաշինյան-Ալիև համաձայնության, դիտարկվում են որպես ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում: Նույնիսկ օգտագործվել է «Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցման» եզրույթը, ինչը ևս ծայրահեղ վտանգավոր հետևանքներ է առաջացնում, ընդհուպ Հայաստանի ինքնիշխանության, տարածքների նկատմամբ ադրբեջանական հերթական ապօրինի պահանջների հնարավորություն: Արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը դեմ է Հայաստանի ու Արցախի շահերին, սպառնում է մեր պետության գոյությանն ու հանգեցնելու է Հայաստանի թրքացմանը, նպաստում է Արցախի հայաթափմանը՝վերահաստատում ենք. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի մանդատը՝ մեր երկիրը նոր զիջումների տանելու, թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկելու համար: Իր հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն արտահայտում հայ ժողովրդի կարծիքը և առոչինչ են։ Արցախը որևէ կարգավիճակով չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանի տարածքները չպե՛տք է նվիրվեն Ադրբեջանին: Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները չպե՛տք է կարգավորվեն ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքների ներքո: Ստեղծված իրավիճակում լուծումը մեկն է՝ իշխանությունից հեռացնել պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանին և ձևավորել Ազգային համաձայնության նոր իշխանություն»։
20:08 - 23 մայիսի, 2022
Հայաստանում և Ադրբեջանում ստեղծվում են երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներ

Հայաստանում և Ադրբեջանում ստեղծվում են երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին:   «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով: 2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է վարչապետի որոշման մեջ: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:   Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես ստորագրել է պետական սահմանի սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին որոշում, որի նախագահ է նշանակվել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Ինչպես հայտնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից՝ «հանձնաժողովի կազմում են Նախիջևանի փոխվարչապետը, արտաքին գործերի փոխնախարարը, ներքին գործերի փոխնախարարը, բնապահպանության և բնական պաշարների փոխնախարարը, արդարադատության փոխնախարարը, գյուղատնտեսության փոխնախարարը, պաշտպանության փոխնախարարը, պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալը, պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալը, արտաքին հետախուզության պետի տեղակալը, ինչպես նաև Ղազախի, Աղստաֆի, Թովուզի, Գեդաբեկի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Ղուբաթլուի ու Զանգիլանի շրջանների ղեկավարները» ։
19:30 - 23 մայիսի, 2022