ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

ԱԱԾ-ն կանխել է պետական գործչի սպանության, ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու դեպքեր

ԱԱԾ-ն կանխել է պետական գործչի սպանության, ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու դեպքեր

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, պետության ներքին և արտաքին անվտանգությունն ապահովելու կարևորագույն գործելաոճին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միցոցառումների արդյունքում հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր: Մասնավորապես՝ Սյունիքի մարզի բնակիչ Ա. Մ.-ն, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ վարչապետի կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ,  օգտվելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հակամարտ գոտում առկա զենք-զինամթերքի առկայության հանգամանքից, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով փոխադրել և իրեն փաստացի պատկանող Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում գտնվող շինություններից մեկում ապօրինի պահել է մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր: Ընդ որում, հիշատակված անձը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից անմիջապես հետո, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավարների, հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների և նրանց համախոհների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել ապօրինի պահած զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ պետական գործչի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար վերջինին դիտավորությամբ կյանքից զրկել և ինչպես այդ կերպ, այնպես էլ Սահմանադրությամբ  չնախատեսված այլ եղանակով տիրանալ  Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին՝ քննարկելով նույնիսկ ՀՀ վարչապետին փոխարինող հավանական թեկնածուի վերաբերյալ հարցեր: Արդյունքում, Ա. Մ.-ն և Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավար, հակաիշխանական հայացքներ ունեցող մի շարք քաղաքական գործիչներ և նրանց համախոհներ, նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար ձեռք են բերել միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ՝ այդ կերպ նախապատրաստելով կատարելու պետական գործչի սպանություն և իշխանության յուրացում, սակայն  իրենց գործողություններն ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունները բացահայտվել և խափանվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից: Հիշատակված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Ա. Վ.-ն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վ. Բ.-ն, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Ա. Ա.-ն, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Ա. Մ.-ն, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և համապատասխան քննչական ու այլ դատավարական գործողություններ խմբի մյուս անդամներին հայտնաբերելու և նրանց հանցավոր գործունեությունը կանխելու, խափանելու և չեզոքացնելու ուղղությամբ: Հարկ է նշել, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում կասկածյալներին պատկանող բնակարաններում կամ շինություններում հայտնաբերվել և առգրավվել են 3 հատ 7,62 մմ տրամաչափի «ПК» տեսակի /7,62X54/ գնդացիրներ, մեկ հատ «РПК-74» տեսակի 5,45 մմ տրամաչափի  ձեռքի գնդացիր, 2 հատ օպտիկական սարքով հակատանկային նռնականետ, 3 հատ ինքնաձիգ, 14 հատ օպտիկական սարքով հրացան, 9 արկղ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ՝ յուրաքանչյուրում 2160 հատ փամփուշտ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 233 հատ 7.62 տրամաչափի փամփուշտներ, 11 հատ պայթուցիչ/կապսուլ/, 8 հատ էլեկտրական պայթուցիչ/զապալ/, 1 հատ նռնակի պայթուցիչ, 13 հատ մեխանիկական պայթուցիչ, 1 կծիկ վառոդաթել /ֆիթիլ/, 2 հատ ՌԳԴ տեսակի նռնակ, 3 հատ ձեռքի նռնակի պայթուցիչ, 1 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ, 1 հատ հակատանկային նռնակի իրան, 1 հատ տրոտիլային խորանարդիկ՝ ինքնաշեն մետաղական շրջանակով, 1 հատ էլեկտրական դետոնացում իրականացնող սարք, ինչպես նաև մեծաքանակ այլ զենք ու զինամթերք, որոնց օգտագործման և նպատակի մասին սույն գործով ներգրավված անձինք մանրակրկիտ քննարկումներ են ունեցել: Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ պետության ներքին վիճակն ապակայունացնող, ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրող անթույլատրելի գործելաոճից, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և իրավահպատակ վարքագիծ,  չտրվել սադրանքներին և ըստ այդմ վտանգի տակ չդնել երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը և զգուշացնում է, որ վճռականորեն չեզոքացնելու է պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված ցանկացած տեսակի ոտնձգություն: Միաժամանակ, ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է նաև այս գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցավոր դրսոևորումների վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ներքին և արտաքին անվտանգության և հիշեցնում է, որ անկախ քաղաքական հայացքներից դրանք բարձրագույն արժեքներ են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։
21:51 - 14 նոյեմբերի, 2020
Ձերբակալվել է Ազատամարտիկ Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը |pastinfo.am|

Ձերբակալվել է Ազատամարտիկ Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը |pastinfo.am|

pastinfo.am:  Ազատամարտիկ Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։ Այս մասին ասաց Մինասյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։ Փաստաբանը հայտնեց, որ ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Փաստաբանի խոսքով՝ որևէ փաստական տվյալ չի ներկայացվել, նույնիսկ՝ բանավոր հարցմամբ, մինչդեռ, անձին արգելանքի վերցնելու պահից պետք է վկայակոչվեն ոչ միայն իրավական հիմքերը, այլև՝ փաստական որոշակի տվյալներ և նույնիսկ փաստաբանի բանավոր խնդրանքի դեպքում որևէ տեղեկություն չի տրամադրվել։ Ավելին՝ ձերբակալման հիմքում ընկած է անձի փախուստի կանխելը, մինչդեռ, Մինասյանը 40 օր` իր որդիների հետ եղել է առաջնագծում։ Նրա փոխանցմամբ՝ Մինասյանը ցուցմունք չի տվել, բայց հայտարարությամբ է հանդես եկել՝ արձանագրելով, որ նշվածը քաղաքական հետապնդում է։  
19:31 - 14 նոյեմբերի, 2020
ԱԱԾ-ի արձագանքը՝ Միքայել Համբարձումյանի հայտարարությանը |aravot.am|

ԱԱԾ-ի արձագանքը՝ Միքայել Համբարձումյանի հայտարարությանը |aravot.am|

aravot.am: «Քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու կամ ճնշելու հանձնարարություն ՀՀ վարչապետի կողմից ԱԱԾ-ին երբևէ չի տրվել և ԱԱԾ-ն սահմանադրական կարգի պաշտպանության ուղղությամբ իր գործունեությունը մշտապես իրականացրել է բացառապես օրենքի շրջանակներում»,- Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից այսպես պատասխանեցին: Հետաքրքրվել էինք՝ ԱԱԾ-ն բարձրագույն քաղաքական իշխանության հրահանգո՞վ է այս օրերին ձերբակալում քաղաքական գործիչներին: Երեկ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասված է. «Դիմելով Ձեզ, պարոն վարչապետ, ուզում եմ կրկնել այն, ինչ արդեն մեկ անգամ ուղիղ ասել եմ 27.10.2020թ. Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված. թույլ եւ ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում: Մարդկանց այդ միջոցներով հնարավոր չէ լռեցնել, ընդհակառակը` դրանից քաղաքական պայքարն ավելի է սրվում, քաղաքական դաշտում անջրպետն ավելի է խորանում, եւ հանրության շրջանում անարդարության զգացումն ավելի է մեծացնում իշխանության նկատմամբ անվստահությունն ու բացասական վերաբերմունքը: Ձեր մերձավորների հետ խորհրդակցելուց հետո այն ժամանակ Դուք, այնուամենայնիվ, ընդունեցիք իմ ասածը եւ զերծ մնացիք այդ ուղղությամբ ակտիվ գործողություններ իրականացնելու հանձնարարականներ տալուց: Սակայն ներկայումս նույն գործելաոճն եք կիրառում տասնյակ գործիչների նկատմամբ: Ուստի եւս մեկ անգամ կրկնում եմ` ձերբակալություններով, խուզարկություններով եւ այլ ռեպրեսիվ միջոցներով Ձեզ ցանկալի, դրական արդյունքի հասնել չեք կարող, եթե հասնեք էլ` դա լինելու է խիստ ժամանակավոր»: ԱԱԾ պետի նախկին պաշտոնակատարը նաեւ դիմել էր ԱԱԾ իր գործընկերներին՝ հորդորելով՝ ճիշտ գնահատել արդի իրավիճակը` դեմ չգնալ սեփական խղճին, գործել հայրենիքի նվիրումով, ինքնուրույն, իրենց գործառույթների շրջանակներում եւ բացառապես օրենքով:
21:26 - 13 նոյեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանին դավաճանի  պիտակով խարազանելը  առնվազն արդար չէ․ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյան

Նիկոլ Փաշինյանին դավաճանի պիտակով խարազանելը առնվազն արդար չէ․ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյան

ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանի հայտարարությունը․ «Նոյեմբերի 8-ին, երբ  ես հրաժարական տալով ազատվեցի ՀՀ ԱԱԾ տնօրենի ՊԺԿ պաշտոնից, հայտարարեցի, որ նպատակահարմար չեմ գտնում իմ ազատման առիթն ու պատճառները մանրամասնել և դրան կանդրադառնամ ըստ անհրաժեշտության ու պատեհ պահին: Այսօր ևս այդ մասին չեմ ուզում խոսել, սակայն կարծում եմ, որ այս պահին ուղղակի պարտավոր եմ որպես ԱԱԾ բարձրաստիճան  սպա, որպես ՀՀ քաղաքացի` անտարբեր չգտնվել  և չլռել: Առաջին հերթին դիմում եմ հանրությանը, ՀՀ բոլոր քաղաքացիներին, Արցախի և Սփյուռքի իմ հայրենակիցներին: Վստահեցնում եմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանին դավաճանի  պիտակով խարազանելը  առնվազն արդար չէ: Այո՛, նա որպես երկրի ղեկավար գուցե վատ կառավարիչ է, դյուրագրգիռ է, առանձին դեպքերում որոշումներ է կայացնում անարդար` պահի ազդեցության տակ, որպես գերագույն գլխավոր հրամանատար` չունի բավարար ռազմական փորձ ու գիտելիքներ, դիվանագիտության մեջ` անհրաժեշտ ճկունություն և հեռատեսություն, անարդարացիորեն անտեսում կամ ներում է իր հետ իշխանության եկած յուրայինների բոլոր` նույնիսկ երկրի համար հետևանքներ առաջացնող սխալները, և հակառակը` չխորանալով իրական պատճառների, հանգամանքների մեջ, կարող է խիստ միջոցներ ձեռնարկել իրեն տարակարծություն հայտնած կամ չնչին սխալներ թույլ տված,   կառավարման համակարգում երկարամյա փորձ ունեցող, սակայն քաղաքական թիմի անդամ չհանդիսացող մարդկանց նկատմամբ: Բայց միևնույն ժամանակ, նա հայրենասեր, չկոռումպացված, իր գաղափարներին նվիրված մարդ է, ով, թույլ տալով ակնհայտ սխալներ, բացթողումներ, ունակ չէ գիտակցաբար գործել ի վնաս մեր հայրենիքի: Հորդորում եմ ձեզ հանգիստ թողնել նաև նրա ընտանիքին, հատկապես որդուն, ով ազնիվ ու լավ երիտասարդ է, ինչը պնդելու համար ունեմ բավարար հիմքեր: Դիմելով  Ձեզ, պարոն վարչապետ, ուզում եմ կրկնել այն, ինչ արդեն մեկ անգամ ուղիղ  ասել եմ 27.10.2020թ. Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված. թույլ և ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել,  քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում: Մարդկանց այդ միջոցներով հնարավոր չէ լռեցնել, ընդհակառակը` դրանից քաղաքական պայքարն ավելի է սրվում, քաղաքական դաշտում անջրպետն ավելի է խորանում, և հանրության շրջանում անարդարության զգացումն ավելի է մեծացնում իշխանության նկատմամբ անվստահությունն ու բացասական վերաբերմունքը: Ձեր մերձավորների հետ խորհրդակցելուց հետո այն ժամանակ Դուք, այնուամենայնիվ, ընդունեցիք իմ ասածը և  զերծ մնացիք այդ ուղղությամբ ակտիվ գործողություններ իրականացնելու հանձնարարականներ տալուց: Սակայն ներկայումս նույն գործելաոճն եք կիրառում տասնյակ գործիչների նկատմամբ: Ուստի ևս մեկ անգամ կրկնում եմ` ձերբակալություններով, խուզարկություններով և  այլ ռեպրեսիվ միջոցներով Ձեզ ցանկալի, դրական արդյունքի հասնել չեք կարող, եթե հասնեք էլ` դա լինելու է խիստ ժամանակավոր:  Երկրում պետք է օր առաջ անցկացնել արտահերթ ընտրություններ, և եթե Դուք վստահ եք, որ Ձեր գործողությունները ճիշտ են եղել, ժողովու՛րդը պետք է տա իր գնահատականը` ընտրության արդյունքներով: Երկրի ղեկավարը, ընդունելով, որ պարտություն է կրել, իրավունք չունի չգիտակցել և չընդունել իր մեղքի բաժինը և պետք է փորձի նոր ընտրություններով կրկին լեգիտիմացնել իր գործունեությունը, այլապես այս անվստահության գաղջ մթնոլորտը շարունակաբար տիրելու է մեր երկրում: Պարո՛ն վարչապետ, Դուք լավ գիտեք, որ պակաս հայրենասեր չեն Հայ հեղափոխական դաշնակցություն, Բարգավաճ Հայաստան, Հայրենիք և մյուս կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր ողջ պատերազմի ընթացքում իրենց հնարավորությունների սահմաններում փորձել են անել առավելագույնը` հանուն մեր հայրենիքի, ուստի անհրաժեշտ է զերծ մնալ նրանց անհիմն պիտակավորելուց: Առանձնահատուկ դիմում եմ ԱԱԾ իմ գործընկերներին, որոնց հետ անցել եմ  ծանր, պատասխանատու 22 տարվա ծառայության ճանապարհ, ինչպես նաև ոստիկանության և իրավապահ մյուս մարմինների ներկայացուցիչներին: Ճիշտ գնահատելով արդի իրավիճակը` դեմ մի՛ գնացեք ձեր խղճին, գործե՛ք հայրենիքի նվիրումով, ինքնուրույն, ձեր գործառույթների շրջանակներում և բացառապես օրենքով: Հիշե՛ք, որ մեր ժողովրդի համար այս ծանր ժամանակաշրջանում ձեզնից յուրաքանչյուրի կայացրած որոշումը կարող է վճռական լինել իրավիճակի հանգուցալուծման համար:  Ես վստահում եմ Ձեր  փորձին ու ողջամտությանը: Մեր առջև ծառացած բոլոր խնդիրները պետք է լուծել միակուռ և միասնական»։
17:18 - 12 նոյեմբերի, 2020
Ձերբակալվել են ՀՀ վարչապետի ծառայողական առանձնատնից բացահայտ հափշտակություններ կատարած 3 անձինք

Ձերբակալվել են ՀՀ վարչապետի ծառայողական առանձնատնից բացահայտ հափշտակություններ կատարած 3 անձինք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական շարունակական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 10-ի հայտնի իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգությունների մասնակիցներն ապօրինի մուտք են գործել ՀՀ վարչապետին տրամադրված՝ Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ծառայողական առանձնատուն, որտեղից ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով բացահայտ հափշտակել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք և այլ իրեր, ինչպես նաև կարևոր փաստաթղթեր հանդիսացող՝ վարորդական իրավունքի վկայական և զինվորական գրքույկ: Դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, 301.1 հոդվածի 1-ին մասով, 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված գործողությունների արդյունքում բացահայտվել են զանգվածային անկարգություններին մասնակցած երեք անձինք, որոնք ՀՀ վարչապետին տրամադրված ծառայողական առանձնատնից կատարել են վերոնշյալ բացահայտ հափշտակությունները: Տվյալ անձինք 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազգային անվտանգության մարմինների կողմից բերման են ենթարկվել, որոնցից երկուսի անձնական խուզարկությամբ նշված իրերը հայտնաբերվել են, իսկ մեկի կողմից հափշտակված իրերը մինչ այդ հայտնաբերվել էին նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում: Հիշյալ երեք անձինք ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են և խոստովանել իրենց կատարած հանցանքները: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   
14:57 - 12 նոյեմբերի, 2020