Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

ՀԱՊԿ-ը կոչ է անում անմիջապես դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին |ria.ru|

ՀԱՊԿ-ը կոչ է անում անմիջապես դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին |ria.ru|

ՀԱՊԿ-ն իր խորը անհանգստությունն է արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ և կոչ է անում անմիջապես դադարեցնել կրակը։ Այս մասին նշվել է կազմակերպության քարտուղարության մեկնաբանությունում։ «ՀԱՊԿ քարտուղարությունում լուրջ անհանգստություն են արտահայտում՝ կապված Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարվածության կապակցությամբ, որն առաջացել է ս․թ․ հուլիսի 12-ից՝ Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների զինված բախումներից հետո, որի հետևանքով կան զոհվածներ ու վիրավորներ։  Ստեղծված իրավիճակը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը երկու հարևան երկրների սահմաններում, որոնցից մեկը՝ ՀՀ-ն, ՀԱՊԿ անդամ պետություն է: Այս իրավիճակը վկայում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների խախտման մասին, որոնց հասել էն Հայաստաի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով», - ընդգծել են ՀԱՊԿ-ում։ Կազմակերպությունը կողմերին կոչ է անում անհապաղ վերականգնել հրադադրի ռեժիմը ՀԱՊԿ լիազորության ներքո գտնվող տարածքներում։   Աղբյուրը՝ ria.ru: Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
13:44 - 14 հուլիսի, 2020
Բերդի բնակիչները տագնապի մեջ չեն․ յուրաքանչյուրն ունի իր անհատական, այդ թվում՝ թաղային ռազմավարությունը․ Համլետ Մելքումյան

Բերդի բնակիչները տագնապի մեջ չեն․ յուրաքանչյուրն ունի իր անհատական, այդ թվում՝ թաղային ռազմավարությունը․ Համլետ Մելքումյան

«Բերդ քաղաքում երեկ կրակոցներ չեն եղել։ Պարզվեց, որ հարաբերական դադարներն ավելի լավ պատրաստվելու համար էին․ ենթադրվում էր, որ ավելի խորքերը կկրակեն»․ Infocom.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, մշակութային մարդաբան Համլետ Մելքումյանը՝ նշելով, որ երեկ քաղաքում ավելի հանգիստ է եղել՝ ի տարբերություն գյուղերի։ Մեր զրուցակիցը նկատեց՝ միայն կրակոցների աղմուկը բավարար է, որ տագնապ առաջանա, երեկ իրավիճակը նորմալ է եղել, այսօր առավոտյան՝ մինչեւ հակառակորդի նոր գործողությունները, ավելի հանգիստ․ «Քիչ առաջ տեսա, որ անվտանգ ճանապարհով դեսպանատան մեքենաներ են գնում դեպի քաղաք, բայց չեմ կարող հստակ ասել՝ որ դեսպանատանն էին։ Այսօր առավոտյան իրավիճակը հանգիստ էր, մարդիկ էլ իրենց գործին են։ Պատրաստված լինելու հիշողությունը կա, մարդիկ իրենց փորձից գիտեն, թե ինչ պետք է անեն։ Լարվածություն կա միայն նոր սերնդի մեջ՝ դպրոցականների, մի քիչ անհանգիստ են, բայց վախվորած չեն, պատրաստ են այս պահին որեւէ ավելի ռիսկային զարգացումների դեպքում ապաստարաններում, նկուղներում պաշտպանվել»,- ասաց Բերդ քաղաքի բնակիչը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ բնակչությունն, ընդհանուր առմամբ, տագնապի մեջ չէ, միայն թե բնակավայրից հեռացնում են անչափահասներին ու կանանց։ Նրա խոսքով՝ մարդիկ ռեֆլեքսորեն պատրաստ են, ունեն իրավիճակների զարգացման իրենց սցենարները։ «Այս պահին անհասկանալի դադար կա, թե ինչ անեն բնակավայրում մնացած մարդիկ, որոնք սովոր են 90-ական թվականներից, բայց ավելի ուշ ծնված երեխաների համար սա առաջին դեպքն էր, եւ շատերը ինձ գրում էին, որ անհնար է պատկերացնելը, բայց մենք, որ մի ամբողջ մանկություն անցել ենք դրա միջով, գոնե մեր փորձից գիտենք՝ ինչպես արձագանքել, եւ ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել»,- ասաց Մելքումյանն ու պատմեց, որ առավոտյան արկերից մեկն ընկել է իրենց տան դիմաց, ինչից 5-ամյա երեխան շատ է վախեցել․ «Մեր հինգ տարեկան երեխան ուղղակի լեղաճաք եղավ, մի կերպ կարողացանք նկուղ մտնել։ Այդ պահին արկերը արոտավայրերին կպան, որեւէ շինություն չի վնասվել՝ մոտ մեկ ժամ առաջվա տվյալներով, այս պահին ինֆորմացիա չունեմ։ Չեմ կարող ասել, թե ինչ տեսակի զենքից են կրակել, բայց ծանր հրետանի էր, որովհետեւ իմ հիշողության մեջ մնացած արկի սուլոցն էր»։ Մելքումյանը վստահեցրեց՝ Բերդում բոլորը զգոն են եւ պատրաստված, ուղղակի այդ անսպասելիությունն է սթրեսային եղել․ «Բայց փորձ ունեցողները շատ հանգիստ են արձագանքում, մեր հին առօրյաներից է։ Որքանով հասցրել եմ մոնիտորինգ անել մեր սոցհարթակների խմբերում՝ մոտ 100 տոկոս վստահություն կա բանակի նկատմամբ, վստահություն կա, որ իրենք իրավիճակը վերահսկում են։ Նաեւ այդ պատճառով է, որ շատերը հանգիստ են։ Ամեն դեպքում, եթե հիմա ավելի թիկունքային խփեցին, ենթադրվում է, որ հետո հնարավոր է՝ ավելի ուժեղացնեն։ Երեխաների անվտանգության եւ նրանց անտեղի սթրեսի չենթարկելու, լարվածության մեջ չպահելու համար շատերը գուցե էվակուացվեն ավելի անվտանգ տեղեր, պարտադիր չէ շրջանից դուրս»,- հավելեց  մեր զրուցակիցը։ Բերդի բնակչի խոսքով՝ այլընտրանքային ճանապարհները անվտանգ են եւ անցանելի։ Բնակիչներն իրենց գործերին են՝ ինչքան էլ կրակոցներ լինեն։ Մելքումյանը տրամաբանական ու բնական է համարում, որ քաղաքին կհասնեին, քանի որ դա ենթադրում է՝ իրենց կորուստն այնքան զգալի է, որ որեւէ ձեւով պետք է փորձեն դրան համարժեք պատասխան  տալ․ «Այն, որ պետք է քաղաքի վրա կրակեին, իրատեսական էր երեկվանից հետո, որովհետեւ հենց այնպես նույն տարածքին հարվածելու համար չէին վերսկսի գործողությունները, պարզ էր, որ պիտի գնային դեպի ավելի խորքերը։ Երեկ հարվածել են գյուղերի ուղղությամբ, մի քանի գյուղեր են տուժել փաստորեն։ Դրանից հետո քիչ-քիչ բարձրացել են Բերդ եւ նույն գծի վրա գտնվող գյուղերին են հարվածում։ Ինչքան էլ մարդ պատրաստված լինի, այդ արկի ամեն պայթյունը նորից քանդում ու հավաքում է ամբողջ հոգեկան հավասարակշռությունդ, դրանից հետո գոնե մի երեք ժամ պետք է լինում, որ մարդն այդ սթրեսները հաղթահարի՝ անկախ նրանից, թե ինչ փորձառություն ունի։ Ես տեսնում եմ, որ հոսք կա նաեւ այլ բնակավայրերից եւ իրավիճակը զգոն է, մարիկ փորձում են վերադիրքավորվել, վերաիմաստավորել իրենց առօրյա առաջնահերթությունները, այդ թվում՝ եւ մենք, փորձում ենք այս պահին գնալ ավելի անվտանգ տեղ, հետո չգիտենք՝ ինչ կանենք։ Այստեղ իմ ամբողջ մտահոգությունն այն է, որ համայնքապետը եւ նման իրավիճակներ կազմակերպող այլ կառույցներ շատ արագ արձագանքեն եւ հրահանգավորեն բնակչությանը, կազմակերպեն կամ նպաստեն ինքնակազմակերպմանը։ Մենք առայժմ նման բաներ չենք տեսնում, առայժմ միայն լրատվամիջոցներով, սոցհարթակներով տեղեկություն փոխանցելու փորձեր կազմակերպելը արդյունավետ է, բայց դա այդ ամենը կազմակերպելու ոչ ֆորմալ ձեւն է։ Կարծում եմ՝ կկազմակերպվեն, ուղղակի սպասված չէր, որ հենց բնակավայրերի ներսում կարող է կրակեն»։ Մեր զրուցակիցը նշեց, որ եթե նույնիսկ բանակը կարողանա ամբողջությամբ վերահսկել իրավիճակը, ամեն դեպքում ՏԻՄ-երը պետք է աշխատեն համայնքների հետ եւ շատ կոնկրետ անվտանգության վարժություններ ու տեխնիկաներ սովորեցնեն։ Բնակիչն ասաց՝  ընդհանուր իրավիճակը  միայն  պայթյունի ժամանակ է տագնապային, բայց վստահեցրեց՝ բոլորը զգոն են եւ յուրաքանչյուրն ունի իր անհատական ռազմավարությունը, այդ թվում՝ թաղային ռազմավարությունը, թե ինչպես պետք է արձագանքեն։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեսբուքյան իր էջի գրառմամբ տեղեկացրեց, որ այսօր առավոտյան հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան։ Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին, ժամը 12։30, Տավուշի մարզում գտնվող մեր դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով մեքենան, վերադարձել են: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը պարբերաբար նոր գործողությունների է դիմում։ Հակառակորդն ունի մարդկային եւ տեխնիկայի կորուստներ։ Հայկական կողմը չունի զոհեր, կորուստներ, թեթեւ վիրավորում է ստացել 5 զինծառայող։ Ասպրամ Փարսադանյան
13:26 - 14 հուլիսի, 2020
ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը

ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը

Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անգլերենով պատրաստվում է երկրորդ միջանկյալ զեկույցը Տավուշի մարզի Չինարի, Այգեպար և Բերդ բնակավայրերի հրետանակոծությունների վերաբերյալ միջազգային կազմակերպություններին ուղարկելու համար։ Այս մասին հայտնում է ՄԻՊ-ը։Այսօր՝ հուլիսի 14-ին, Բերդ քաղաքից խաղաղ բնակիչները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել են, որ քաղաքը ենթարկվում է հրետանակոծության և ներկայացրել են մանրամասներ:Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀՀ Արտաքին գործերի նախարարության հայտարարություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Հայաստանի Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակչությանը:Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը՝ խաղաղ բնակչության, նրանց առողջության ու կյանքի, սեփականության թիրախավորմամբ:Կատարված աշխատանքների մասին կհայտնենք լրացուցիչ տեղեկություններ:
12:39 - 14 հուլիսի, 2020
ՀԱՊԿ-ը պետք է միջոցներ ձեռնարկեր՝ առանց սպասելու հայկական կողմի՝ իրենց դիմելուն․ Հրաչյա Պետրոսյանց

ՀԱՊԿ-ը պետք է միջոցներ ձեռնարկեր՝ առանց սպասելու հայկական կողմի՝ իրենց դիմելուն․ Հրաչյա Պետրոսյանց

Երեկ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները  անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից եւ կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հետագայում Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց 4 զոհի մասին։ Հայկական կողմից թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել 3 զինծառայող եւ երկու ոստիկան, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են պարբերաբար ռմբակոծել հայկական դիրքերը եւ գյուղերը։ Ադրբեջանական ԶՈՒ-երը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից  երեք արկ են արձակել կրկին Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան։  Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում առաջացած լարվածության մասին infocom.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ։ Վերջինս, արձագանքելով ընդհանուր իրավիճակին, նկատեց, որ մենք ունենք անկանխատեսելի հակառակորդ, որի համար ընդհանրապես օրինաչափություններ, պատերազմի կանոններ չեն գործում եւ, հետեւաբար, մեր զրուցակցի խոսքով, ցանկացած պահի, ցանկացած բան հնարավոր է․ «Գնահատականը հետեւյալը կարող է լինել՝ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում։ Ճիշտ է՝ 2016 թվականի ապրիլը մի քիչ փոփոխեց այդ մտածողությունը, բայց ներկա պահին շարունակվում է այն կարծեցյալ վիճակը, թե մենք խաղաղության մեջ ենք։ Մենք երբեք խաղաղության մեջ չենք եղել, միշտ էլ պատերազմի մեջ ենք եւ ամեն ինչ ցանկացած պահի սպասելի է, ամեն ինչ հնարավոր է»։ Խոսելով վերջին երկու ամիսների ընթացում Ադրբեջանի Պաշտպանության նախարարի եւ նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունների մասին՝ փորձագետն ասաց, որ պատերազմ հասկացությունը որոշակի բաղադրիչներ ունի եւ դրանցից մեկը հենց ինֆորմացիոն պատերազմն է։ Պետրոսյանցի խոսքով՝ երբ որեւէ պետություն պետք է սկսի պատերազմ մեկ այլ պետության դեմ, նախ սկսում է ինֆորմացիոն պատերազմի գրոհները, ինֆորմացիոն ճնշումները, որոնք առաջին հերթին զուտ հոգեբանական ճնշման համար կարող են կատարվել։ «Այնպես որ՝ դա օրինաչափություն է։ Սովորական պատերազմի օրինաչափություն է, ուղղակի, եթե դիտարկենք զուտ ռազմարվեստի տեսանկյունից, ցանկացած պատերազմ ծնվում եւ սկսվում է նման կերպ։ Ի դեպ՝ նաեւ այդ ամենից ելնելով՝ ինֆորմացիոն քարոզչության նպատակը որոշակի խդիրներ ունի՝ չթողնել, որպեսզի միջազգային հանրությունը վստահ ասի, թե ով է սկսել լարվածությունը»,- ասաց փորձագետը։ Մեր հարցին՝ արդյոք այս գործողությունների պատճառը կարո՞ղ են լինել Ադրբեջանի ներքաղաքական խնդիրները՝ սոցիալ- տնտեսական,  համաճարակային եւ այլն, Պետրոսյանցը նշեց, որ  հարցն ավելի շատ քաղաքական դաշտում է, սակայն, ըստ փորձագետի, այսօրվա պատերազմը ներառում է այդ բոլոր կոմպոնենտները․ «Այսինքն՝ երբ ասում ենք պատերազմ, շատ դեպքերում այդ պատերազմները կարող են ընթանալ առանց մարտական գործողությունների՝ քաղաքական, տնտեսական, ինֆորմացիոն դաշտում։ Մենք ցանկացած դեպքում այդպիսի ազդեցությունը մարտի դաշտում տեղի ունեցողի վրա չենք կարող բացառել։ Բայց թե ինչքանով այս օրերի լարումները կապ ունեն Ադրբեջանի ներքին կյանքի հետ, չեմ կարող ասել, հնարավոր է»,- ասաց Պետրոսյանցը։ Անդրադառնալով ՀԱՊԿ ուշացած արձագանքին՝ փորձագետը նշեց, որ այս կառույցը ոչ միայն պետք է հայտարարություններ աներ, այլ նաեւ միջոցներ ձեռնարկեր՝ առանց սպասելու, որ հայկական կողմը դիմի իրենց։ Դա, մեր զրուցակցի պնդմամբ, ընդունված է բոլոր ռազմական կառույցներում․ «Թե ինչի համար է այն իրավիճակը, որ այսօր կա՝ դա արդեն քաղաքական հարց է»։  Հարցին՝ արդյոք հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը առաջին քա՞յլն է արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածություն ստեղծելու, Պետրոսյանցը պատասխանեց․ «Ցանկացած իրավիճակի բազմակողմանի վերլուծություն պետք  է կատարվի, ես կխոսեմ ռազմական տեսանկյունից․ պետք է բոլոր սցենարները քննարկվեն։ Երբ մենք բոլոր սցենարները սկսենք մշակել, սցենարներից մեկն էլ հենց դա պետք է լինի, որ իրականում սա մեր ուշադրությունը շեղելու համար է արվում, որ մենք շեղենք մեր ուշադրությունը գլխավոր ուղղությունից։ Ռազմարվեստի մեջ դա կոչվում է կեղծ, երբ առերես ցուցադրվում է, որ մենք այս ուղղությամբ ենք կուտակում մեր ուժերը, այս ուղղությամբ ենք գործողություններ իրականացնում, բայց այլ ուղղությամբ են հարձակումներ գործում։ Այս սցենարը չի բացառվում, եւ մեր համապատասխան մարմինները, վստահ եմ, այդ սցենարը մշակում են, ու մենք պատրաստ կլինենք ցանկացած իրավիճակի եւ ցանկացած զարգացման»։  Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ համավարակի ընթացքում ռազմական գործողություններ չիրականացնելու կոչին  չմիանալը կարո՞ղ է հնարավոր լայնածավալ գործողությունների կանխատեսման պատճառ դառնալ, Պետրոսյանցը պատասխանեց․ «Դա ընդամենը կոչ էր եւ պարտադրողական ոչինչ չկար, այսինքն՝ երկրները կարող են միանալ դրան, բայց պարտավորություն չունեն։ Կամավոր ասում են՝ այո՛, մենք միանում ենք կոչին, բայց անհրաժեշտության դեպքում դիմում են ռազմական գործողությունների։ Հիմա այն, ինչ անում ենք մենք, նույնն է, մենք միացել ենք կոչին, բայց մեզ պարտադրում են, որ գնանք ռազմական գործողությունների։ Անկախ նրանից, թե որ կողմն է, չես կարող մեղադրել, թե խախտել են որեւէ պայմանավորվածություն, որովհետեւ ընդհանրապես չկա պայմանավորվածություն, կոչ է։ Զուտ իրավական տեսանկյունից՝ այդտեղ խնդրահարույց ոչինչ չկա»։  Իսկ ահա անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը, ըստ որի՝ իրենք անվերապահորեն աջակցում են Ադրբեջանի գործողություններին, փորձագետը նշեց, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ Թուրքիան հանդիսանում է Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը եւ իր աջակցությունն է հայտնում։ Այդ ամենը, մեր զրուցակցի խոսքով, այն է, ինչ պետք է աներ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար, բայց չի անում․ «Ուղղակիորեն կարող ենք համեմատել Թուրքիային եւ ՀԱՊԿ-ին, եւ դրանով ամեն ինչ ասված կլինի»,- եզրափակեց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը։ Ասպրամ Փարսադանյան
21:24 - 13 հուլիսի, 2020
ՄԻՊ-ը նոր զեկույց կուղարկի միջազգային կառույցներին․ Չինարի գյուղից փոխանցվել են հրետանակոծությունից փաստեր

ՄԻՊ-ը նոր զեկույց կուղարկի միջազգային կառույցներին․ Չինարի գյուղից փոխանցվել են հրետանակոծությունից փաստեր

Ադրբեջանական կողմը 2020 թվականի հուլիսի 13-ին թիրախային հրետանակոծման է ենթարկել Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել նման ահազանգեր գյուղի բնակիչներից և Չինարի համայնքի ղեկավարից։ Ըստ այդ ահազանգերի՝ ադրբեջանական կողմից արձակվել է շուրջ մեկ տասնյակ արկ, վնասվել են գյուղի բնակելի շինություններ:  Չինարի գյուղից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են փոխանցել հրետանակոծությունից հետո արված լուսանկարներ, որոնք վկայում են գյուղի տներից մեկին պատճառված վնասի մասին: Մեկ այլ դեպքում վնասվել է բնակելի տան շինության տանիքը, իսկ հրետանակոծության պահին տանը եղել են երեխաներ։ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերից անմիջապես հետո արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ Չինարի բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն արձակել են 82 մմ տրամաչափի ականանետից 7 արկ, իսկ 120 մմ տրամաչափի ականանետից՝ 3 արկ։ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերը, Հայաստանի պետական մարմինների պաշտոնական հայտարարությունները և սոցիալական մեդիայի հրապարակումները վկայում են, որ թիրախավորվել է Հայաստանի քաղաքացիական խաղաղ բնակավայրը, առկա է խաղաղ բնակիչներին, նրանց կյանքին ու առողջությանը իրական վտանգ, ինչպես նաև գույքին պատճառված վնաս։ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է անմիջական կապ պահպանել Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի բնակիչների և համայնքների վարչական մարմինների հետ։ Իրականացվում է ամբողջական դիտարկում, տեղեկությունների և փաստերի անկախ հավաքագրում։ Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը՝ խաղաղ բնակչության, նրանց առողջության ու կյանքի, սեփականության թիրախավորմամբ: Դա բացարձակ դատապարտելի է հատկապես նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) գլոբալ համաճարակի պայմաններում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կորոնավիրուսի վտանգով պայմանավորված, դեռևս մարտի 23-ին կոչ է արել անհապաղ ամբողջությամբ դադարեցնել զինված հակամարտությունները երկրագնդի բոլոր անկյուններում։ Այս արձանագրումները ևս սահմանված կարգով կամփոփվեն և նոր զեկույցով կուղարկվեն միջազգային կառույցներին: Այս մասին կլինի Մարդու իրավունքների պաշտպանի լրացուցիչ հաղորդագրությունը:
19:32 - 13 հուլիսի, 2020
Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին

Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին

Հայաստանի Հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների առնչությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ  նախագահ Հենդրիկ Դամսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին: Իր նամակում Արարատ Միրզոյանը նշել է, որ այս գործողությունները Ադրբեջանի անընդունելի ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են եւ լրջորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպես նաեւ ուղղակիորեն հակասում են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում աշխարհի բոլոր անկյուններում ռազմական գործողություններից զերծ մնալու կոչերին: «Ադրբեջանի Զինված ուժերի անընդունելի գործողությունները աջակցություն են ստանում Թուրքիայի ԱԳՆ կողմից, ինչը հավելյալ լարվածություն է ստեղծում եւ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի նամակներում:
16:43 - 13 հուլիսի, 2020
Միջազգային կառույցներին է ուղարկվել Տավուշի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ-ի գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը՝ անգլերենով․ ՄԻՊ

Միջազգային կառույցներին է ուղարկվել Տավուշի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ-ի գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը՝ անգլերենով․ ՄԻՊ

Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը՝ անգլերեն լեզվով: Այն կազմվել է գիշերվա ընթացքում։ Այս մասին հայտնում է ՄԻՊ Արման Թաթոյանը։ Առանձին ընթացակարգով զեկույցն ուղարկվում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Հատուկ նշում եմ, որ այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները: Միջանկյալ զեկույցը կազմվել է՝ հիմքում ունենալով տեղեկությունների և փաստերի հավաքագրման մեր ինքնուրույն աղբյուրները: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկման աշխատանքներ՝ անմիջական կապ պահպանելով Տավուշի մարզի Մովսես և մի շարք այլ գյուղերի բնակիչների, քաղաքացիական համայնքների վարչական մարմինների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ պաշտոնական հաղորդակցությամբ: Այսօր առավոտյան ևս արձանագրվել են տեղեկություններ Մովսես և մի շարք այլ խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական կողմի գնդակոծության, Հայաստանի այդ քաղաքացիական բնակավայրերի, նրանց բնակիչների առողջության, կյանքի ու սեփականության համար իրական վտանգի մասին:
13:05 - 13 հուլիսի, 2020
Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով, լռեցվում են, որի արդյունքում հակառակորդը բավականին զգալի կորուստներ ունի․ Դավիթ Տոնոյան

Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով, լռեցվում են, որի արդյունքում հակառակորդը բավականին զգալի կորուստներ ունի․ Դավիթ Տոնոյան

Քիչ առաջ ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցեց սահմանային իրավիճակի մասին տեղեկություններ։ Նախարարը նախ ներկայացրեց, որ երեկ ժամը 12։30-ին մեր դիրքերից մեկին մոտեցել է ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Տոնոյանը շեշտեց, որ դիրքը գտնվում է ՀՀ տարածքում՝ անմիջապես ՀՀ սահմանի վրա։ Նախարարի խոսքով՝ քանի որ շարժումը մեր զինծառայողների համար անսպասելի է եղել, նրանք վերադասին զեկուցելիս ստացել են հրահանգ՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, օպերատիվ իրավիճակին չտիրապետելու հանգամանքը, կոչ են արել լքել տարածքը, որն իրականցվել է․ թողնելով ավտոմեքենան՝ ադրբեջանցի զինծառայողները վերադարձել են իրենց դիրքեր։  Դրանից հետո սկսվել է 82մմ ականանետերով հրետակոծություն եւ մարտական խմբերի շարժ՝ դեպի նույն դիրքը, ինչը կասեցվել է հրետակոծությամբ եւ համապատասխան գործողություններով։ Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է․ «Մինչ այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15-20 րոպեն մեկ, սկսում են հրետակոծությունը։ Դադար է եղել գիշերը՝ 03։30-05։30»,- հայտնեց նախարարը՝ հավելելով, որ բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով, լռեցվում են, որի արդյունքում հակառակորդն ունի բավականին զգալի կորուստներ։ Դավիթ Տոնոյանը շեշտեց, որ մեր ԶՈՒ-երը եւ համապատասխան կորպուսը շարունակում են սահմանի պահպանությունը․ օպերատիվ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է եւ կառավարելի է։   
11:26 - 13 հուլիսի, 2020
Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է 3 սպանվածի անուն |razm.info|

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է 3 սպանվածի անուն |razm.info|

razm.info: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել է Թովուզի ուղղությամբ այսօր սպանված երեք զինծառայողի անուններ։ Կորուստներն են․ Պայմանագրային զինծառայող, սերժանտ Սադիգով Վյուգար Լատիֆ օղլուն (Sadıqov Vüqar Lətif oğlu); Պայմանագրային զինծառայող, ավագ Մամմադով Էլշադ Դյոնմեզ օղլուն (Məmmədov Elşad Dönməz oğlu); Վիրավորված, հիվանդանոցում մահացած զինծառայող Դաշդեմիրով Խայյամ Մահամմադ օղլուն (Daşdəmirov Xəyyam Məhəmməd oğlu): Հիշեցնենք, այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հակառակորդը ճնշվել էր հայկական կողմից և կորուստներ կրելով՝ հետ շպրտվել։ Հայկական կողմից կորուստներ չեն եղել։ Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը  հայտնել էր Ադրբեջանի ԶՈՒ 2 զոհված և 5 վիրավորված զինծառայողի մասին։ Քիչ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից:
23:36 - 12 հուլիսի, 2020