Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Ինչ է քննարկվել վարչապետի եւ գործարարների հանդիպմանը
 |lragir.am|

Ինչ է քննարկվել վարչապետի եւ գործարարների հանդիպմանը |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ Պարոն Ղազարյան, գործարարների հետ միասին երեկ հանդիպել եք վարչապետին, ի՞նչ քննարկում է ծավալվել, ի՞նչ տրամադրություններ ու սպասումներ ունեն գործարարները։ Այս հանդիպումը կազմակերպվել էր շուրջ 4 շաբաթ, մենք մեր միությունում չորս շաբաթ առաջ 500 հոգուց հավաքագրեցինք հարցեր, խմբագրված 19 հարց  ու առաջակ ուղարկեցինք էկոնոմիկայի նախարարություն։ Այդ 19-ից մի մասին այս ընթացում նախարարությունը գրավոր արձագանքեց, տեղեկանք պատրաստվեց վարչապետի հետ հանդիպման համար, և երեկ արդեն երկուստեք պատրաստված մասնակցեցինք քննարկմանը։ Ունեցանք 7 ելույթներ՝ նախատեսված 9-ի փոխարեն, 2-ը չհասցրեցինք, որովհետև բավական երկար տևեց մեր քննարկումը՝ մեկ ժամի փոխարեն 2 ժամ 25 րոպե։ Ելույթ ունեցողներն առաջարկներ հնչեցրեցին համավարակի շրջանում կառավարման մենեջմենթի խնդիրների վերաբերյալ, կառուցապատման ոլորտի ակտիվացման, շինարարական թույլտվությունների, հիպոթեքային վարկավորման վերաբերյալ, որպեսզի շինարարության ոլորտն արագ հնարավոր լինի վերականգնել։ Հարցեր բարձրացվեցին մի նուրբ ոլորտի մասին, ինչպիսին է խաղողագործությունն ու գինեգործությունը, նաև քննարկվեց գյուղատնտեսական տնտեսությունների խոշորացումը, հողօգտագործողների միավորումը և կոոպերատիվների ստեղծումը, առանց որի գյուղատնտեսական մթերքի արտադրության ծավալները չեն աճում։ Նույնիսկ խոսվեց գույքահարկի մասին օրենքի խմբագրման մասին։ Մեր անդամներից մեկն առաջարկեց, որ անպայման օրենքի կիրառմանը զուգահեռ նաև եկամուտների համատարած հայտարարագրման դեպքում կիրառվի ծախսերի նվազեցումը, որը կբերի գույքահարկի այդ բեռի սոցիալական ծանրաբեռնվածության նվազեցմանը։ Խոսեցինք նաև այն մասին, որ չորս ամսվա ընթացքում կառավարությունը պարբերաբար արձագանքեց մեր առաջարկներին՝ համավարակի դեպքում աշխատատեղերի պահպանման, վարակի հնարավոր տարածումը մեղմելու և տնտեսության մեջ զբաղվածության ապահովման վերաբերյալ։ Եվ արժևորեցինք կառավարության մի քանի ծրագրերը, որոնք բերեցին նրան, որ մենք մի քանի վիճակ ունեցանք։ Առաջինը՝ համավարակի առաջին երկու ամիսներին շատ էինք տագնապում, բայց ապրանքային սով Հայաստանում չեղավ։ Մայիսի վերջ-հունիսից մտածում էինք, որ աստիճանաբար արտադրական ծավալները տարբեր ոլորտներում վերականգնվում են, բացառությամբ տուրիզմի, որը դեռ կոլապսի մեջ է։ Եվ կարող ենք արձանագրել, որ այսօր բիզնեսը կարողանում է տնտեսության հետագա զարգացման հիմքերն ապահովել։ Իսկ դա արդեն երկուստեք թեժ աշխատանք է։ Վարչապետը նաև մեզ հետ մանրամասն քննարկեց հայեցակարգային հարցեր՝ տնտեսական քաղաքականության, երկրի զարգացման ռազմավարական խնդիրների վերաբերյալ։ Մենք էլ ասացինք վարչապետին, որ դրանից ելնելով ՝ մեր «Ինչ անել 3» գիտաժողովը հենց նվիրաբերելու ենք համավարակի ժամանակ տնտեսության վերականգնման հնարավորություններին, որովհետև շատ կարևորում ենք դա։ Այդ գիտաժողովը 1-1․5 ամիս անց վարչապետի մասնակցությամբ պետք է կայանա։ Եթե ընդհանուր գնահատենք, շատ կառուցողական ու պարտավորեցնող աշխատանքային մթնոլորտ էր։ Վարչապետը հանձնարարեց փոխվարչապետին ու երեք նախարարներին, որպեսզի գործարար համայնքի հետ պարբերաբար այդ քննարկումներն անեն։ Իսկ մենք մինչ այդ հանդիպումը քննարկումներ էինք ունեցել փոխվարչապետի, էկոնոմիկայի նախարարի հետ։ Ամենակարևորն այն է, որ տնտեսության մեջ նկատվող խնդիրների պուլսը կառավարությունը զգա, որ կարողանա արձագանքել։ Այս իմաստով մենք մթնոլորտը որակում ենք շատ կառուցողական և մի քիչ էլ պարտավորեցնող, որ մենք էլ՝ որպես միություն, կարողանանք ժամանակին արձագանքել մեր անդամների խնդիրներին։Ավելին՝ Lragir.am-ում։
21:24 - 23 հուլիսի, 2020
Արզումանյան փողոցում գտնվող վթարային շենքի բնակիչները կվերաբնակեցվեն  |hetq.am|

Արզումանյան փողոցում գտնվող վթարային շենքի բնակիչները կվերաբնակեցվեն |hetq.am|

hetq.am: Կառավարությունը ուղղակի վաճառքի ձևով «Նոբբի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամաս կօտարի ներդրումային ծրագիր իրականացնելու համար։ Ծրագրով նախատեսվում է Արզումանյան փողոցի հ.8ա հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչներին նոր բնակելի տարածքներ հատկացնելու միջոցով վերաբնակեցնել «Նոբբի» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արզումանյան փողոցի հ.8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում։ Ընկերությունը պարտավորվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող Արզումանյան փողոցի հ.8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից տրամադրել 2200 քմ մակերեսով բնակելի տարածք՝ Արզումանյան փողոցի հ.8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով։ «Փորձում ենք ներդնել վթարային շենքի բնակիչների հարցերը լուծելու մեխանիզմ։ Եթե այս նախագիծն աշխատեց, կնշանակի, որ մենք պրոցեսը սկսել ենք, և պատկերացում ունենք, թե ինչպես պետք է այդ հարցը լուծվի»,- նշեց վարչապետ Փաշինյանը։ Ընկերությունը պարտավորվում է նաև օտարվող հողամասի սահմաններում նախատեսվող բազմաբնակարանային շենքային համալիրի կառուցապատումից հետո Երևանին տրամադրել 800 քմ մակերեսով բնակելի տարածք սեփական միջոցների հաշվին, իրականացնել Արզումանյան փողոցի հ.8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի ապամոնտաժում, որից հետո չկառուցապատվող 346 քմ մակերեսով հողամասը բարեկարգել, կանաչապատել, հիմնել պուրակ և նվիրել Երևան քաղաքին։
13:26 - 23 հուլիսի, 2020
Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների կողմ, անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիտորինգ․Նիկոլ Փաշինյան

Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների կողմ, անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիտորինգ․Նիկոլ Փաշինյան

Չենք կարող անտեսել, որ 2016 թվականի ապրիլից հետո 2-րդ անգամ Ադրբեջանն ուժ կիրառեց այն դեպքում, երբ առկա է խաղաղ գործընթաց, երբ առկա էր ԵԱՀԿ Մինսկի համանախագահների կոչը՝ զերծ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությւոնից։ Ադրբեջանն ուժ կիրառեց այն պահին, երբ ողջ աշխարհը իր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացրել էր մարդկությանը պատուհասած համաշխարհային համավարակի դեմ պայքարի վրա, բայց և այնպես մենք մեր դիրքորոշումը հուլիսյան հաղթական մարտերից հետո ամրապնդել ենք։ Այս մասին այսօր կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն իր խոսքում մասնավորապես  ընդգծեց․ «Մեր դիրքորոշումները արտահայտվում են հետևյալով՝ 1․ Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել։ Այս տեսակետից խիստ կարևորում եմ Արցախի Հանրապետության հետ մեր սերտ համագործակցությունը և այդ համագործակցությանը առկա սպառնալիքներին՝ համապատասխան, նոր բովանդակություն հաղորդելը։ 2․ Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ։ 3․ Արբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ։ 4․ Բանակցությունները պետք է լինեն իմաստալից։ Ադրբեջանի այն մոտեցումը, որ բանակցությունները պատերազմի շարունակությունն են և դրանց նպատակը բանակցային սեղանի շուրջ ռազմական խնդիրներ լուծելն է՝ իմաստազրկում են բանակցային ողջ գործընթացը։ Բանակցությունները իմաստ ունեն, եթե Ադրբեջանը ետ կանգնի իր մաքսիմալիստական մոտեցումից և պատրաստ լինի փոխզիջման։ Առանց որևէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որևէ պարագայում։ 5․ Վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորեց Տավուշի մարզի մի շարք գյուղերի սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնաչկությանն ու ենթակառուցվածքներին։ Ադրբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի կիրառումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ Զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կորպորացիաները՝ իրենց մասնագետներով հանդերձ։ Արդեն երեք տասնամյակ ձգվող հակամարտությունը լուրջ վնաս է հասցնում ՀՀ սահմանամերձ բնակավայրերին, Արցախում ապրող մարդկանց և խախտում է նրանց քաղաքական, բնապահպանական, տնտեսական, տեղաշարժի և այլ իրավունքներ։ Այն մոտեցումը, որը այդ իրավունքները կարող են իրացվել միայն հակամարտության կարգավորումից հետո՝ ընդունելի չեն։ Հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները պետք է դառնան բանակցային օրակարգի առաջնային մաս։ 6․ Հրադադարի պահպանման մոնիտորինգը, որը գոյություն ուներ մինչև համավարակը՝ փաստացի խիստ սահմանափակ է։ Անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիտորինգ, որը լինի մշտական և ունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե ե՞րբ և ո՞ր կողմն է խախտել հրադադարը։ Նմանօրինակ մոնիտորինգային գործունեություն կարող է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, որը տարածաշրջանում ունի տարիների փորձառություն և կարող է ապահովել ԵԱՀԿ դիտորդների մշտական ներկայություննը տարածաշրջանում՝ թե՛ պետական սահմանին, թե՛ շփման գծում։ Զինվորականների միջև տեղում ուղիղ կապի ապահովումը արդյունավետ գործիք է միջադեպերը կանխելու և պարզաբանելու ուղղությամբ։ 7․ Հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Մենք վճռականորեն մերժել և մերժելու ենք հակամարտության շահարկմամբ՝ տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը։  Սիրելի հայրենակիցներ, Հարգելի գործընկերներ, հուլիսյնան հաղթական մարտերը ցույց տվեցին, որ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա ժողովրդական  հեղափոխության, դրան հետևած ժողովրդավարացման, կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների, բանակի զարգացման նոր հայեցակարգի արդյունքում՝ մեր երկիրն ու հասարակությունը դիմակայունության և համախմբվածության նոր մակարդակի են հասել։ Մեզ կարելի է ոգևորվել այս փաստից, բայց այդ ոգևորությունը պետք է փոխակերպվի ամենօրյա ստեղծարար աշխատանքի՝ մեր երկրի տնտեսական, քաղաքական, ռազմական և դիվանագիտական պոտենցյալը զարգացնելու ուղղությամբ։ Մենք կհաղթենք, որովհտեև մեր հաղթանակը արդարության հաղթանակն է, ճշմարտության հաղթանակն է, մարդկության հաղթանակն է»։
12:24 - 23 հուլիսի, 2020
Կասկած չկա, որ այս փորձությունից մենք դուրս ենք գալիս հաղթանակած․ Հայոց բանակը ցուցաբերեց բարձրակարգ մարտունակություն․ Նիկոլ Փաշինյան

Կասկած չկա, որ այս փորձությունից մենք դուրս ենք գալիս հաղթանակած․ Հայոց բանակը ցուցաբերեց բարձրակարգ մարտունակություն․ Նիկոլ Փաշինյան

Ինչպես գիտեք, սույն թվականի հուլիս 12-ին Ադրբեջանի կողմից հարձակում ձեռնարկվեց Տավուշի մարզի մեր սահմանապահ դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի Զինված ուժերը ոչ միայն հետ մղեցին հակառակորդի հարձակումները, այլև նրան պատճառեցին էական վնասներ։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս իր ելույթում նշեց․ «Ադրբեջանական կողմը կրել է  բազմաթիվ կորուստներ, այդ թվում սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի, մտքի և ռազմարդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանակն էր։ Շատ ավելի ուժեղ էր հակառակորդին հասցված բարոյահոգեբանական հարվածը, և սահմանին տեղի ունեցած դեպքերի արդյունքում Ադրբեջանում ներքաղաքական անկայուն իրավիճակ է ստեղծվել, ինչը այդ երկրի ղեկավարությանը ստիպում է դիմել նորանոր սադրանքների ներքին դժգոհության էներգիան Հայաստանի և Արցախի դեմ ուղղորդելու համար։ Այս ամենի ֆոնին հարկ եմ համարում կատարել մի քանի կարևոր արձանագրումներ։ Նախ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա  և ևս մեկ անգամ պետք է ընդգծեմ, որ այն դիրքերը, որոնք դարձել են վերջին երկու շաբաթվա իրադարձությունների կիզակետը, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, և Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները՝ իր դեմ ագրեսիայի վերաբերյալ, պարզապես անհեթեթ են։ Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավված էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ գործընթացում և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ։ Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն հետ մղվեցին և հայկական կողմը առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում։ Ադրբեջանական այն միֆը, թե իր բանակը կարող է հաղթել հայկական բանակին և հետևաբար, այն, թե Հայաստանը և Արցախը պետք է զիջումների գնան՝ հօդս ցնդեցին։ Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էինք չխոսել մեզ հետ ուժի դիրքերից, ուժի լեզվով և ուժի սպառնալիքներով, հիմա կարող ենք ասել, որ Հայաստանը ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են և չեն արտացոլում  ուժերի իրական հարաբերակցությունը։ Երբ ասում եմ ուժերի իրական հարաբերակցություն, նկատի չունեմ միայն սպառազինությունների և զինված ուժերի քանակը , այլ նախ և առաջ նրանց գործողությունների որակը, կառավարման մակարդակը։ Հիմա կարող ենք վստահ ասել, որ ՀՀ Զինված ուժերը, Հայոց բանակը,  ոչ միայն ցուցաբերեցին բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեցին։ Սա պարզապես հայտարարություն չէ, այլ հուլիսի 12-ից հետո տեղի ունեցածի մանրամասն վերլուծությունից բխող հետևություն։ Մեր բանակը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ համազգային հպարտության աղբյուր և Տավուշում ևս մեկ անգամ վերահաստատեց, իր այս կարգավիճակը։ Կարևոր եմ համարում նաև այն, որ Հայաստանի հասարակությունը ցույց տվեց միահամուռ աջակցություն և վստահություն իր լեգիտիմ կառավարությանը և զինված ուժերին։ Կուզենայի առանձնահատուկ ընդգծել Սփյուռքի մեր հայրենակիցների միասնությունը, Հայաստանին՝ իրենց օգնելու նվիրումը, խոհեմությունը և  սթափությունը։ Սփյուռքի մեր հայրենակիցները այս օերրին ևս մեկ անգամ ի ցույց դրեցին, որ մենք մեկ ամբողջություն ենք, մեկ ընտանիք, մեկ ոգի և մեկ ինքնություն։ Սիրելի հայրենակիցներ անցած օրերին միջազգային համայնքի առջև մենք ցուցաբերեցինք պատասխանատու և վստահ պահվածք, մենք հավատարիմ մնացինք կրակի դադարեցման երեք պայմանավորվածություններին, որոնք հաջորդաբար խախտվում էին Ադրբեջանի կողմից, ամեն անգամ նրա Զինված ուժերին պատճառելով նոր կորուստներ։ Մենք հանդես չեկանք Ադրբեջանի ժողովրդին և նրա քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներով, անգամ այն պայմաններում, երբ Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում էր հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը։ Այս սպառնալիքը պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, որովհետև ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լիենլու՝ Ադրբեջանի էությունը։ Հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը հանդես եկավ հրադադարի խախտումները դատապարտելու և բռնությունը դադարեցնելու բազմաթիվ կոչերով։ Հրադադարի վերականգնման գործում մեծ ներդրում ունեն ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահները և նրանց երկրները։ Այս տեսակտից հատկապես արդյունավետ էր ՌԴ-ի ներգրավումը, որն արտահայտվեց ինչպես ԱԳՆ-ի , այնպես էլ Զինված ուժերի գլխավոր շտաբերի մակարդակով։ Միակ երկիրը, որը  փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ առավել մեծ բռնություններ հրահրել՝ Թուրքիան էր։ Հաշվի առնելով այդ երկրի ապակայունացնող և ագրեսիվ քաղաքականությունը իրեն սահմանակցող մի շարք տարածաշրջաններում և ավանդական հակահայկական քարոզչությունը, որը արտահայտվում է Հայոց ցեղասպանության արդարցմամբ։ Թուրքիայի այս գործելակերպը մեծ հաշվով անակնկալ չէր, բայց նրա ագրեսիվությանը աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով։ Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ որևէ կասկած չկա, որ այս փորձությունից մենք դուրս ենք գալիս հաղթանակած և վստահ մեր ուժերի, մեր ժողովրդի և հասարակության տոկունության վրա , բայց մեզ անհրաժեշտ է կատարել նաև որոշակի հետևություններ ՝մենք չենք կարող անտեսել այն, ինչ տեղի է ունեցել»։ 
11:48 - 23 հուլիսի, 2020
Վարչապետը Գուտերեշի հետ հեռախոսազրույցում կարևորել է ԵԱՀԿ մոնիթորինգի կարողությունների ընդլայնումը

Վարչապետը Գուտերեշի հետ հեռախոսազրույցում կարևորել է ԵԱՀԿ մոնիթորինգի կարողությունների ընդլայնումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:  Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասի խաղաղության և անվտանգության նկատմամբ Գլխավոր քարտուղարի կողմից ցուցաբերվող շարունակական ուշադրությունը: ՀՀ վարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ ձեռնարկված սադրանքների պատճառով ստեղծված լարված իրադրությունը՝ ընդգծելով, որ այդ գործողությունները ձեռնարկվել են հակառակ Գլխավոր քարտուղարի՝ համավարակի շրջանում գլոբալ զինադադար հայտարարելու վերաբերյալ կոչին:  «Հավաստիացնում եմ ձեզ, որ Հայաստանն արել է հնարավոր ամեն բան՝ ռազմական գործողություններին վերջ տալու և իրավիճակի լարվածությունը նվազեցնելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:   Անդրադառնալով Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումներին՝ վարչապետ Փաշինյանը հավելել է, որ այս շրջանում ականատես ենք լինում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության իրարամերժ հայտարարությունների և գործողությունների։ «Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանում ներքին ծանր իրավիճակ է: Բայց մենք չենք կարող դառնալ նախագահ Ալիևի ստեղծած ծուղակի պատանդը: Տարիներ շարունակ հայերի նկատմամբ սփռած ատելությունն ու պատերազմի սպառնալիքը ստեղծել էին ռազմական գերազանցության պատրանք, որն այժմ հօդս է ցնդում: Մենք վստահ չենք՝ արդոք Ադրբեջանի ղեկավարությունն ունի զինադադարը պահպանելու և սադրիչ հռետորաբանությունը կանխելու կարողություն կամ ցանկություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խաղաղ կարգավորմանը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակում խիստ կարևոր է ԵԱՀԿ մոնիթորինգի կարողությունների ընդլայնումը և տվյալ հարցում գոյություն ունեցող պայմանավորվածությունների իրականացումը:  «Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները հանրայնորեն մերժեն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը: Ադրբեջանի ղեկավարությունը պետք է ընդունի, որ խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք»,- ասել է ՀՀ առաջնորդը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակով՝ ընդգծելով լարվածության թուլացման ուղղությամբ անհապաղ քայլերի ձեռնարկման կարևորությունը, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացման միջոցով: Անտոնիո Գուտերեշը վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը: 
22:10 - 22 հուլիսի, 2020
Պետք է բոլորիս առաջ որակապես նոր մակարդակի տնտեսություն ունենալու խնդիր լինի. վարչապետը հանդիպել է գործարարներին

Պետք է բոլորիս առաջ որակապես նոր մակարդակի տնտեսություն ունենալու խնդիր լինի. վարչապետը հանդիպել է գործարարներին

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունները: Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել երկրում առկա ընթացիկ տնտեսական իրավիճակը: «Պետք է ցավով արձանագրել, որ 2019 թվականի ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակում մեր ունեցած տնտեսական աճի տեմպը կորսված է, և մենք խնդիր ունենք քննարկելու, թե ինչպես ենք դուրս գալու ճգնաժամից: Կորոնավիրոսի համավարակի առաջին օրերից ինչպես բազմաթիվ երկրների, այնպես էլ մեզ համար ամենօրյա շատ դժվար ընտրություն է եղել: Կշեռքի մի նժարին եղել է առողջապահական առաջնահերթությունը, մյուս նժարին՝ տնտեսական առաջնահերթությունը: Այն փաստը, որ ապրիլին շուրջ 70 հազար կրճատված աշխատատեղ ունեցանք, մեզ համար ազդակ էր, որ պետք է ավելի հավասարակշռված լինի մեր քաղաքականությունն առողջապահական և տնտեսական նժարների միջև: Եվ ըստ էության, մենք որոշում կայացրեցինք առաջնորդվել համաճարակային իրավիճակի հետ համեմատ, գուցե ոչ լիարժեք տրամաբանությամբ, և սկսեցինք որոշակի տնտեսական գործունեության հնարավորություններ ընդլայնել»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ արձանագրել է, որ արդեն մայիսին ունեցել ենք կրճատված աշխատատեղերի մեծ մասի վերականգնում: «Երեկ մենք ամփոփել ենք նաև հունիսի տվյալները և կարող եմ արձանագրել, որ այդ միտումը շարունակվում է, և չնայած կարիք ունենք վերլուծելու և հասկանալու մեր ձեռքի տակ եղած վիճակագրությունը, որը վկայում է, որ 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատությամբ ավելի շատ աշխատատեղեր ունենք, ընդ որում ավելի մեծ աշխատավարձային ֆոնդով, ավելի մեծ միջին աշխատավարձով: Այստեղ մենք իհարկե փորձում ենք վերլուծել, թե ինչի հետ է կապված սա: Շատ հնարավոր է, որ սա ինչ-որ մասով կապված է ստվերի կրճատման մեր քաղաքականության հետ, բայց, այնուամենայնիվ, թվերը կան, ընդ որում սա ՊԵԿ-ի տվյալներն են և այս տվյալները հաստատված են, առկա են կոնկրետ հաշվետվություններով, այս բոլոր աշատատեղերի համար վճարված է աշխատավարձ և ներկայացված է եկամտային հարկի հաշվետվություն»,- ընդգծել է վարչապետը: Անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին՝ վարչապետը նշել է, որ այն ընդհանուր առմամբ շարունակում է մնալ լարված, բայց մյուս կողմից տեսանելի է, որ առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածությունը թուլանում է: «Ըստ էության, կարող ենք զգուշավոր գնահատական տալ, որ մտնում ենք առողջապահական իմաստով կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման փուլ, եթե իհարկե մենք շարունակենք պահպանել այն հակահամաճարակային կանոնները, որոնք սահմանված են: Ինչո՞ւ եմ ես սա ասում, որովհետև Հայաստանում որոշակի շրջանակների կողմից շարունակվում է քարոզվել համաճարակն ընդլայնելուն միտված գործողություններ, մասնավորապես, դիմակների հետ կապված: Մեզ համար ակնհայտ է, որ լարվածության այս թուլացումը առաջին հերթին դիմակների հետ կապված միջոցառման ներդրման արդյունք է, այստեղ որևէ կասկած չկա: Եթե մենք հետևողական այս պրոցեսը չշարունակենք, այդտեղ էլ որևէ կասկած չկա, որ կունենանք թվերի աճ, ընդ որում, սա մեզ ցույց է տալիս նաև այլ երկրների օրինակը: Մենք տեսնում ենք, որ այն երկրները, ովքեր հետևողական մինչև առնվազն վերջերս չէին մտցնում դիմակ կրելու պարտադիր պայման, հիմա հերթով ստիպված կայացնում են այդ որոշումը: Մենք էլ ենք ստիպված կայացրել, պարզ է, որ տհաճ է, այնքան էլ հաճելի չէ սեփական քաղաքացիներին պարտադրել, որ դիմակ կրեն, մեզ էլ բոլորիս հաճելի չէ, որ մենք նստած ենք դիմակներով, բայց իրավիճակից բխող քայլեր իհարկե պետք է ձեռնարկենք»,- ընդգծել է կառավարության ղեկավարը՝ կարևորելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերջնականապես հսկողության տակ վերցնելը, որպեսզի կառավարությունը լիարժեք անցնի տնտեսական օրակարգի քննարկմանը: «Որովհետև հիմա բոլոր հարցերը քննարկելիս երկու նժար կա՝ մեկն առողջապահական, մյուսը՝ տնտեսական, պետք է այդ նժարներից մեկի՝ համավարակի հարցը լուծել, և լիարժեք անցնել տնտեսության վերականգնման օրակարգին, որն իհարկե առաջնահերթություն է մեր երկրի համար: Կրկին ուզում եմ ընդգծել, որ տնտեսությունն առաջին հերթին, ձևավորվող ավելացված արժեքը և պետական բյուջեի եկամուտներն են, որ նաև ապահովում են մեր երկրի անվտանգային կարիքները, որը մեզ համար եղել է առաջնահերթություն, կա առաջնահերթություն և առաջիկայում էլ լինելու է առաջնահերթություն: Եվ մենք, իհարկե, պետք է աշխատենք ոչ միայն տնտեսական ճգնաժամն ուղղակի հաղթահարելու համար, այլև պետք է մեր բոլորի առաջ խնդիր լինի որակապես նոր մակարդակի և նոր կարգի տնտեսություն ունենալ: Այդ առումով, կրկին ուզում եմ ընդգծել ճգնաժամը որպես հնարավորություն մեր հայեցակարգը, մասնավորապես, հիշեցնել մեր կառավարության ծրագրում արձանագրված առաջնահերթությունը՝ Հայաստանը բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական տնտեսությամբ երկիր դարձնելը, մի տնտեսությամբ, որը միտված է արտահանմանը, ինչը նույնպես շատ կարևոր է: Այսօրվա մեր քննարկումը պետք է նվիրված լինի, թե ինչպես մենք պետք է համագործակցենք այս օրակարգը սպասարկելու և այն իրականություն դարձնելու համար»,- ասել է վարչապետ Փաշինյանը: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և հավելել, որ տնտեսությունն այժմ գնում է դեպի վերականգնման փուլ նաև կառավարության հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների արդյունքում: Մասնավորապես, Արսեն Ղազարյանը կարևորել է աշխատատեղերի պահպանման, փոքր բիզնեսին աջակցության նպատակով իրականացված ծրագրերը: «Դրանց արդյունքում է, որ տնտեսվարողներն այժմ փորձում են պահպանել արտադրական ծավալներն ու առաջ գնալ»,- ասել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը՝ ընդգծելով նաև վերամշակող ընկերությունների համար զրոյական տոկոսադրույքով վարկային միջոցներ տրամադրելու կառավարության որոշման կարևորությունը: Այնուհետև գործարարները վարչապետին են ներկայացրել իրենց հուզող խնդիրներն ու հարցերը, որոնց տրվել են համապարփակ պատասխաններ: Տնտեսվարողները շեշտել են, որ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո, վերջին երկու տարիների ընթացքում բիզնեսի համար տեղի են ունեցել բազմաթիվ դրական փոփոխություններ, լուծում են ստացել կարևորագույն մի շարք խնդիրներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են շինարարության, արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղմթերքի վերամշակման, գինեգործության, շուկաների դիվերսիֆիկացման ոլորտներում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավորություններն ու տարբերակները: Անդրադարձ է կատարվել նաև հարկային վարչարարությանը, տարածքային համաչափ զարգացմանը, հողային ռեֆորմին վերաբերող հարցերի: Վարչապետ Փաշինյանը կարևորել է նման հանդիպումների պարբերական անցկացումը և նշել, որ գործարար համայնքին համարում է կառավարության կարևորագույն գործընկերներից մեկը: «Մեր խնդիրն է խթանել բիզնեսին եկամուտների գեներացման գործում՝ «հարստացեք և հարստացրեք» բանաձևի ներքո: Մեր բոլորի առաջնահերթությունը պետությունն է՝ իր անվտանգությամբ», - նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուրն իր աշխատանքով պետք է նպաստի պետության զարգացմանն ու առաջընթացին:
16:17 - 22 հուլիսի, 2020
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի վարչապետին Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի վարչապետին Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Սոֆի Վիլմեսին՝ Ազգային տոնի կապակցությամբ: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Մեծապես արժևորում եմ հայ-բելգիական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը և արձանագրված ձեռքբերումները տարբեր ոլորտներում: Համոզված եմ, որ մեր միասնական ջանքերի շնորհիվ Հայաստանի և Բելգիայի միջև փոխշահավետ համագործակցությունը կշարունակի կայուն զարգանալ և ընդլայնվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այդ թվում Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Բելգիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև բարօրություն և խաղաղություն»,-ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:
20:47 - 21 հուլիսի, 2020
Քննարկվել է ANIF-ի կողմից ներդրումային նոր ծրագրերի ներգրավմանն ուղղված աշխատանքների ընթացքը

Քննարկվել է ANIF-ի կողմից ներդրումային նոր ծրագրերի ներգրավմանն ուղղված աշխատանքների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդի միջանկյալ հաշվետվությունը: Քննարկման ընթացքում մանրամասներ են ներկայացվել պետություն-մասնավոր հատվածի համագործակցության շրջանակում ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ: Զեկուցվել է, որ արտերկրի ներդրողների հետ քննարկման փուլում են տարբեր ոլորտներում նախատեսվող 6-7 ներդրումային ծրագրեր, որոնց հնարավորինս արագ առաջ մղմանը և կյանքի կոչմանը որոշակիորեն խոչընդոտում են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված փակ սահմանները: Չնայած դրան, աշխատանքներն ընթացքի մեջ են, և ANIF-ը նոր հաշվետվություն կներկայացնի մեկ ամիս անց: Միաժամանակ, ներկայացվել են ներդրումների խթանմանը վերաբերող մի քանի այլ առաջարկություններ, մասնավորապես, ծրագրերի իրականացման մեխանիզմների, չափանիշների, հնարավոր ռիսկերի կառավարման գործիքակազմի հետ կապված: Ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են ներդրումների ներգրավմանը նպաստող այլ գաղափարներ ևս: Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների ուղղությամբ աշխատանքները և ներկայացնել նոր առաջարկություններ:
14:36 - 21 հուլիսի, 2020
Politik-ը խեղաթյուրել է վարչապետի խոսքը․ Փաշինյանը չի ասել, թե Ադրբեջանը չի ցանկանում հարձակվել Հայաստանի վրա

Politik-ը խեղաթյուրել է վարչապետի խոսքը․ Փաշինյանը չի ասել, թե Ադրբեջանը չի ցանկանում հարձակվել Հայաստանի վրա

Նախօրեին՝ հուլիսի 19-ին, Politik.am կայքը հրապարակել է «Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանը չի ցանկանում հարձակվել Հայաստանի վրա» վերտառությամբ մի նյութ, որտեղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ ՀՀ վարչապետի հնչեցրած միտքը ներկայացված է մանիպուլյատիվ կերպով։ Politik.am-ը, մասնավորապես, նշելով, որ Մինսկում ՀՀ վարչապետը Միշուստինի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարել նաեւ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին եւ ռազմական բախումներին, մեջբերել է Փաշինյանի խոսքը․ «Ես հույս ունեմ` Դուք տեղեկացված եք, որ դեռեւս հայտնի չէ ինչպես եւ ինչու, բայց ադրբեջանական զորքերը որոշել են գնդակոծել Հայաստանի սահմանը: Ես տեղեկություններ կփոխանցեմ Ձեզ այդ իրադարձության եւ ընթացիկ իրավիճակի մասին: Ցանկանում եմ ընդգծել, որ այդ իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին եւ դա դեռ պետք է հասկանալ ո՞վ, ինչո՞ւմ եւ ինչո՞ւ է հետաքրքրված: Կարծում եմ` սա նույնպես շատ կարեւոր թեմա է եւ մենք այսօր կքննարկենք նաեւ այդ հարցը»։ Ընգծելով տողը՝ հեղինակը հանգել է եզրակացության, թե՝ ստացվում է՝ Հայաստանի վարչապետը Մինսկում պնդել է, որ Ալիեւը պատերազմ չի ուզում եւ իր բանակը չէր հարձակվի Հայաստանի սահմանների վրա, եթե չլիններ երրորդ կողմը։  Սակայն ոչ միայն վարչապետի խոսքից է ակնհայտ, որ նա նկատի չի ունեցել, թե Ադրբեջանը պատերազմ չի ուզում, կամ որ առանց երրորդ կողմի չէին սկսի ռազմական գործողություններ, այլ նաեւ հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերաբերյալ Փաշինյանի մնացյալ ելույթներից։ Մասնավորապես, էսկալացիայի հաջորդ օրը՝ հուլիսի 13-ին, ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ կոշտ գնահատական է հնչեցրել Հայաստանի սահմանին Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ՝ հայտարարելով, որ Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են եւ դրանց վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետեւանքների ողջ պատասխանատվությունը:  Փաշինյանն այստեղ ընգծել է, որ խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը: Վարչապետը նկատել է, որ հնարավոր է` գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ։ Վարչապետը վստահեցրել է, որ որեւէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում: Այնուհետեւ Փաշինյանը դիմել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ հարցնելով՝ ի՞նչ տեղեկություն կարող է հայտնել, ի՞նչ է տեղի ունեցել երեկ, եւ ինչպիսի՞ն է վիճակն այդ պահին։ Սրան ի պատասխան՝ նախարարն ասել է, որ հուլիսի 12-ին, ժամը 12.30-ին մեր դիրքերից մեկին մոտեցել է ՈՒԱԶ ավտոմեքենա, անհասկանալի պատճառներով զինծառայողները դուրս են եկել մեքենայից եւ շարժվել դեպի մեր դիրքը: Քանի որ շարժումն անսպասելի է եղել մեր զինծառայողների համար, զինծառայողները վերադասին զեկուցելիս ստացել են հրահանգ՝ հաշվի առնելով ադրբեջանական զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, կամ օպերատիվ իրավիճակին չտիրապետելու հանգամանքը,՝ կոչ են արել լքել տարածքը: Ինչպես հայտնել է նախարարը՝ թողնելով ավտոմեքենան՝ Ադրբեջանի զինծառայողները վերադարձել են իրենց դիրքերը, որից հետո սկսվել է 82 մմ-անոց ականանետերով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաեւ մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրքը, որը կասեցվել է հրետակոծությամբ եւ համապատասխան գործողություններով:  Փաշինյանն այս պատասխանից հետո նկատել է՝ տպավորություն ստացվեց, որ, հնարավոր է՝ ադրբեջանցի զինվորները մոլորվել են եւ հետո, չգիտես ինչու, մեր զինվորների զգուշացումից հետո մեքենան թողել են, հեռացել, ապա հարցրել է՝ հնարավո՞ր է՝ այդ մեքենայի հետ է կապված՝ ցանկացել են վերադարձնել այն, դրա համար են այդ գործողությունն սկսել: Տոնոյանն էլ պատասխանել է, որ  եթե այդպիսի ցանկություն լիներ, երեւի ինչ-որ ձեւաչափով կապի դուրս կգային եւ չկրակելու պայմանավորվածություն ձեռք կբերվեր, որպեսզի ավտոմեքենան վերադարձվի, բայց անմիջապես սկսվել է հրետակոծություն:  Բայց, ըստ Politik-ի, Փաշինյանը հայտարարել է, թե իր տպավորությամբ Ադրբեջանը մարտական գործողություններ է սկսել, որպեսզի ադրբեջանցի մոլորված զինվորականների թողած «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան հետ տանեն։ Հեղինակը նաեւ հավելել է, թե սա փորձագետների մոտ անհանգստության առիթ դարձավ, քանի որ ստացվում է, որ Հայաստանի վարչապետը արդարացումներ է գտնում Ադրբեջանի համար։ Politik.am-ը նաեւ եկել է եզրակացության, թե Փաշինյանի այս հայտարարությունից հետո աշխարհում թուլանալու է Ադրբեջանին ագրեսոր համարող պետություններ վերաբերմունքը, քանի որ Հայաստանի վարչապետը հայտարարում է, թե ինչ որ անտեսանելի երրորդ կողմ ստիպում է նրանց ռազմական ագրեսիա իրականացնել։ Բայց այս հայտարարությունից հետո եւ հուլիսի 12-ից ի վեր միջազգային հանրության արձագանքը՝ Ադրբեջանին ագրեսոր համարելու տեսանկյունից, ըստ էության, չի թուլացել, որին անդրադարձել ենք այս հրապարակման մեջ՝ ներկայացնելով, թե տարբեր երկրների պաշտոնյաներ ինձ հայտարարություններով են հանդես եկել՝ դատապարտելով Ադրբեջանի գործողությունները եւ աջակցություն հայտնելով Հայաստանին։ Այս տեսանկյունից հարկ է նշել նաեւ, որ Ադրբեջանի ՊՆ խոսնակի՝ Մեծամորի ատոմակայանը հրետակոծելու վերաբերյալ հայտարարությունը եւս կոշտ արձագանքի է արժանացել միջազգային գործընկերների կողմից։  Բացի այս՝ Միշուստինի հետ հանդիպումից հետո նոր հայտարարություններ էլ են եղել։ Մասնավորապես, Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․ «Մենք հայ հանրության կողքին ենք՝ ընդդեմ բռնության։ Ադրբեջանը պարտավոր է վերջ դնել հայկական ատոմակայանին հարված հասցնելու մասին սադրիչ եւ վտանգավոր սպառնալիքներին եւ ընդունել միջազգային դիտորդներին։ Երկխոսությունը եւ դիվանագիտությունը միակ ուղին են տարածաշրջանում խաղաղություն եւ անվտանգություն ապահովելու համար»։ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն էլ նամակ է հղել երկրի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ․ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բախումների վերսկսումից հետո ես գրել եմ Հանրապետության նախագահին։ Ես նաեւ դատապարտում եմ Թուրքիայի՝ Ադրբեջանի նախագահին անսասան աջակցությունը, ինչը սպառնում է Կովկասյան տարածաշրջանում խաղաղ գործընթացին»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Բուայեն։ Նա Ֆրանսիային եւ Եվրամիությանը խնդրել է հաստատել հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հրամայականը։  Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության վերաբերյալ նամակ է հղել Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին: Քոքսն ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հաստատակամ դիրքորոշում հայտնելու կոչ է արել: «Ես գրում եմ, որպեսզի իմ խորը մտահոգությունն արտահայտեմ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման լուրջ սպառնալիքի՝ համավարակի ընթացքում հատուկ մտահոգություն առաջացնող հարցի կապակցությամբ։ Վերջին օրերին Ադրբեջանը հրետանային մարտկոցներ է տեղակայել Տավուշի, Հայաստանի հյուսիս-արեւելյան հատվածի քաղաքացիական բնակչության մոտ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքից դեպի հյուսիս։ Հուլիսի 14-ին սպանվել են չորս հայ սերժանտներ եւ սպաներ։ Տասը զինծառայող բուժօգնություն է ստանում, նրանցից մեկը մնում է ծայրահեղ ծանր վիճակում»,- գրել է Քոքսը: Իսկ Եվրախորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն, որն օրեր առաջ մտահոգություն էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների կապակցությամբ եւ 2 կողմին հորդորել անցնել բանակցային ձեւաչափին, թվիթերի իր միկրոբլոգում Փաշինյան-Միշուստին առանձնազրույցից հետո գրել է, որ հրադադարի որեւէ խախտում այլեւս չպետք է հանդուրժել, եւ անհրաժեշտ է, որ Բաքուն պարտավորվի կառուցողական կերպով ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվող բանակցային գործընթացում:  Հարկ է նշել նաեւ, որ երրորդ կողմից ագրեսիայի հրահրման կամ Ադրբեջանին աջակցություն հայտնելու մասին պնդումը երբեք չի կարող ընդունվել որպես ագրեսորի արդարացում, այլ նշվում է, որ ագրեսորին հրահրում կամ աջակցում է երրորդ կողմ, ըստ ամենայնի՝ Թուրքիան։ Իսկ Թուրքիայի՝ Ադրբեջանին աջակցող հայտարարությունների մասին ՀՀ արտաքին գերատեսչությունը մեկ անգամ չէ, որ արձագանքել է։ Ընդ որում՝ Արտաքին գործերի նախարարությունը չի կարող գործել կամ հայտարարություններ տարածել առանց քաղաքական ղեկավարության համաձայնության կամ նրանից անջատ։ Մասնավորապես, հուլիսի 13-ին ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարությանը, որով վերջինս անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին։ ԱԳՆ հայտարարության մեջ ասված է, որ Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը եւ Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: Մեր արտաքին գերատեսչությունը խստորեն դատապարտել է մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը եւ հաստատել, որ ՀՀ-ն շարունակելու է հետեւողականորեն հանդես գալ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության պահպանման եւ ամրապնդման դիրքերից՝ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների հետ: ԱԳՆ-ն նաեւ հուլիսի 15-ին է հայտարարություն տարածել Թուրքիայի՝ դարձյալ Ադրբեջանին սատարող հայտարարության վերաբերյալ։ Նախարարության արձագանքը այս շրջանի ամենակոշտ դիտարկումներից էր։ ԱԳՆ հայտարարության մեջ ասված է, որ թուրքական կողմի հայտարարություններում առկա են ոչ միայն Ադրբեջանին անվերապահ աջակցության հանձնառություն, այլեւ Հարավային Կովկասի հանդեպ անթաքույց տարածաշրջանային հավակնություններ, որոնք Թուրքիայի նախագահը եւ նրան ձայնակցող պաշտոնյաները փորձում են հիմնավորել մեր տարածաշրջանում Թուրքիայի «պատմական առաքելության» վկայակոչմամբ: «Պատմական առաքելության եւ էթնիկ կամ կրոնական ընդհանրությունների վկայակոչմամբ Թուրքիան արդեն իսկ ապակայունացրել է իրավիճակը  հարեւան մի շարք տարածաշրջաններում՝ Մերձավոր Արեւելքում, Արեւելյան Միջերկրականում եւ Հյուսիսային Աֆրիկայում՝ անասելի տառապանքներ պատճառելով այդ տարածաշրջանների ժողովուրդներին: Պետք է արձանագրել, որ 21-րդ դարում Թուրքիան մեր տարածաշրջանի հանդեպ քաղաքականությունը կառուցում է ցեղային ընդհանրությունների եւ Հայոց ցեղասպանության արդարացման եւ այդ հանցանքի անպատժելիության ավանդույթների վրա: Թուրքիայի կողմնակալ եւ սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ փաստում է, որ Թուրքիան միջազգային՝ նախեւառաջ ԵԱՀԿ, շրջանակներում չի կարող որեւէ ներգրավում ունենալ հակամարտության առնչվող գործընթացներում։ Թուրքիան այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի եւ մեր տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը, որի դիմակայումը պահանջում է լայն տարածաշրջանային եւ միջազգային համագործակցություն»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: Վերադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի սադրիչ գործողությունների վերաբերյալ հայտարարություններին, նշենք նաեւ, որ Միշուստինի հետ առանձնազրույցից առաջ վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որտեղ բոլոր ներկաների առաջ իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը, անտեսելով համավարակի պայմաններում զինված բախումների դադարեցման բազմաթիվ կոչերը, սանձազերծել է ռազմական գործողություններ՝ Հայաստանի սահմանի հյուսիսարեւելյան ուղղությամբ, եւ որ Հայաստանի զինված ուժերը չէին կարող չպատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին․ «Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում: Նա չի կարողանա կոտրել մեր ժողովրդի վճռականությունը եւ ստիպել մեզ չհիմնավորված եւ միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, եւ խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք, ինչը համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին», - նկատել է Փաշինյանը: Այսպիսով, Politik.am-ը խեղաթյուրել է վարչապետի ասած խոսքը, այդ խեղաթյուրված միտքը ներկայացրել է որպես իրողություն եւ նշել նաեւ վերնագրում․ Փաշինյանը չի ասել, թե Ադրբեջանը չի ցանկանում հարձակվել Հայաստանի վրա, նրա հրապարակային արձագանքները մշտապես եղել են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան դատապարտող, իսկ հայտարարությունները միջազգային արձագանքը չեն թուլացրել։ Հայարփի Բաղդասարյան
13:42 - 21 հուլիսի, 2020
Թվայնացումը հեղափոխական գործընթաց է, և աշխատանքը պետք է իրականացնել և՛ բովանդակային, և՛ տեխնիկական ուղղություններով. վարչապետ

Թվայնացումը հեղափոխական գործընթաց է, և աշխատանքը պետք է իրականացնել և՛ բովանդակային, և՛ տեխնիկական ուղղություններով. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի նիստ: Նիստում քննարկվել է Հայաստանի՝ 2020-2025թթ. թվայնացման ռազմավարության նախագիծը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը ներկայացրել է ռազմավարության նպատակները և դրանց իրականացման ճանապարհային քարտեզը: Նա նշել է, որ էլեկտրոնային կառավարման և թվային տեխնոլոգիաների զարգացմամբ Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում, և մինչ այժմ իրականացված հաջող նախաձեռնությունները լավ հիմք են հետագա թվային փոխակերպման համար: Նրա խոսքով՝ Թվայնացման ռազմավարությամբ նախատեսվում է իրականացնել պետության, տնտեսության և հասարակության թվային փոխակերպում` պետական համակարգում նորարարական տեխնոլոգիաների, կիբերանվտանգության, տվյալների քաղաքականության զարգացմամբ, համակարգերի փոխգործելիության ապահովմամբ, միասնական ստանդարտների ներդրմամբ, կրթական ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև մասնավոր հատվածում թվային գործիքների խթանմամբ: Արդյունքում ակնկալվում է՝ հանրային ծառայությունների մատուցման բարձր որակի ապահովում, պետական կառավարման արդյունավետության աճ, ինստիտուցիոնալ թվայնացում, ենթակառուցվածքների զարգացում, տվյալահեն որոշումների կայացում, թվային հմտություններով աշխատուժի զարգացում: Նախատեսվում է ռազմավարությունն իրականացնել 2 փուլով՝ 2020-2021 թթ. և 2022-2025 թթ.: Ռազմավարությունը քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների և մասնագիտական ասոցիացիաների հետ, ներկայացված առաջարկները նկատի են առնվել և ընդունվել են ի գիտություն: Ռազմավարության շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Քննարկվել են թվայնացման միասնական ստանդարտներին և ձևաչափերին, ըստ ոլորտների մատուցվող պետական ծառայությունների շրջանակին, միջգերատեսչական համագործակցությանը, կիբերանվտանգության ենթակառուցվածքների զարգացմանը, տվյալների համակարգերի փոխգործելիությանը, թվայնացման ուղղությամբ արդեն իսկ իրականացված աշխատանքների ներդաշնակեցմանը վերաբերող և այլ հարցեր: Արծարծվել են կազմակերպչական մի շարք հարցեր ևս: Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ թվայնացումը հեղափոխական գործընթաց է, և աշխատանքը պետք է իրականացնել և՛ բովանդակային, և՛ տեխնիկական ուղղություններով: Վարչապետի դիտարկմամբ, բացի տեխնիկական չափանիշներից, թվայնացման ռազմավարությամբ պետք է քաղաքական հստակ նպատակադրումներ և տեսանելի նշաձողեր սահմանվեն, որպեսզի հանրությունը կարողանա պատկերացում ունենալ նպատակների և արդյունքների մասին: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրային ակտիվ կոմունիկացիան, թվային փոխակերպման գործընթացների վերաբերյալ լայն իրազեկումը և հանձնարարականներ տվել պատասխանատուներին: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է, քննարկման արդյունքներով, լրամշակել ռազմավարության նախագիծը և ընթացք տալ հետագա աշխատանքներին:
17:31 - 20 հուլիսի, 2020
Վարչապետը բանակին աջակցել ցանկացողներին հորդորում է նվիրատվությունները կատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Վարչապետը բանակին աջակցել ցանկացողներին հորդորում է նվիրատվությունները կատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցանկացող բազմաթիվ հայրենակիցների նամակների և դիմումների, հորդորում է նվիրատվությունները կատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Վարչապետ Փաշինյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Սիրելի հայրենակիցներ, քանի որ այս օրերին բազմաթիվ նամակներ ենք ստանում, զանգեր, որոնց հեղինակ մեր հայրենակիցները հետաքրքրվում են, թե ինչպես կարող են մեր բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ նման ցանկություն ունեցող մեր հայրենակիցները իրենց նվիրատվությունները կարող են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Նվիրատվությունները կարելի է կատարել օնլայն եղանակով»,-գրել է վարչապետն ու տեղադրել նաև կայքի հղումը, որի միջոցով կարելի է անել նվիրատվությունները: Փաշինյանը հորդորել է նաև ձեռնպահ մնալ բանակի համար որեւէ գույք ձեռք բերելու նախաձեռնությունից՝ նշելով, որ այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, եւ գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո, ու կանխավ շնորհակալություն է հայտնել:  
12:06 - 20 հուլիսի, 2020
Պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծվի. վարչապետ Փաշինյան

Պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծվի. վարչապետ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանություն նախարարություն, որտեղ հանդիպում է ունեցել ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրվող լարվածությանը: Մասնավորապես, վարչապետը նշել է. «Այսօրվա մեր հանդիպման նպատակը Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող օպերատիվ իրավիճակի քննարկումն է: Մինչ այդ, սակայն, հստակ պետք է արձանագրել, որ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը լարվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի հետևանքով: Նախորդ կիրակի օրը՝ հուլիսի 12-ի երեկոյան, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են ձեռնարկել Հայաստանի զինված ուժերի «Անվախ» սահմանային դիրքը գրավելու նպատակով: Իրավիճակի ամբողջական ընկալման համար հարկ է արձանագրել, որ այս դիրքը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմանից այս կողմ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում և Ադրբեջանի գործողություններն այլ կերպ, քան ագրեսիա հնարավոր չէ որակել: Ընդ որում, Ադրբեջանի զինված ուժերը հրետանային կրակի միջոցներով, հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախավորել են Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը՝ էական վնաս հասցնելով քաղաքացիական ենթակառուցվածքներին և բնակելի տներին: Միևնույն ժամանակ, մենք ունենք ապացույցներ և փաստացի տվյալներ, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետանային միջոցներ, զրահատեխնիկա են տեղակայել Չինարիի դիմաց գտնվող Աղդամ գյուղի բնակելի տների արանքներում, բակերում և հենց այդտեղից են թիրախավորել մեր գյուղերը՝ մեր Զինված ուժերի պատասխան գործողությունները քաղաքացիական բնակչության դեմ հարձակում ներկայացնելու համար: Հարգելի գործընկերներ, շատ կարևոր է արձանագրել տեղի ունեցող իրադարձությունների իմաստը և կոնտեքստը, որովհետև Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակ գործողությունները պետք է ունենան բացատրություն և հետևաբար կարևոր է պատասխանել հետևյալ հարցին. ի՞նչ է ուզում անել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և ինչո՞ւ: Վերջին ամիսներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բազմամյա ռազմական հռետորաբանությունը սրվել է և նա ավելի ագրեսիվ կերպով սպառնում է Ղարաբաղի հարցը լուծել ուժային մեթոդներով, բացահայտ կերպով ի ցույց դնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում տեղի ունեցող բանակցային գործընթացը վիժեցնելու իր մտադրությունը: Այս ֆոնին զարգացնում էր Ադրբեջանի բանակի հզորության ու անպարտելիության մասին թեզը՝ փորձ անելով արդարացնել վերջին մեկուկես տասնամյակում բանակի զարգացման պատրվակով ծախսված միլիարդավոր դոլարներն Ադրբեջանի ժողովրդի բարեկեցությանը չծառայեցնելու գործելակերպը: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակաբար հայտարարում էր, թե սպասում է Իլհամ Ալիևի հրամանին՝ Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար: Շարունակական այս հռետորաբանությունն ինչ-որ արտահայտություն պետք է ստանար: Բնականաբար, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հայտարարությունների ֆոնին Արցախի պաշտպանության բանակի զգոնությունը և ուշադրությունը պիտի կրկնապատկված լիներ և հետևաբար Ադրբեջանը որոշեց հարվածել այն ուղղությամբ, որտեղ մենք ամենաքիչը պիտի սպասեինք: Նպատակը մեկն էր՝ անսպասելի հարվածով նյութականացնել ադրբեջանական բանակի անպարտելիության մասին առասպելը, ռազմական հաջողությամբ ջախջախել հայկական կողմի բարոյահոգեբանական դիրքերը և այդ վիճակում հարձակում գործել Արցախի Հանրապետության ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, սակայն, ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, այլև ջախջախելով մեկուկես տասնամյակ Ադրբեջանի գործող նախագահի կողմից կառուցված միֆը՝ ադրբեջանական բանակի մարտունակության մասին: Ընդ որում, Ադրբեջանն իր այս գործողություններով էական վնաս հացրեց նաև իր հետ ռազմատեխնիկական լայն համագործակցություն ունեցող երկրներին, որովհետև այս վերջին շաբաթվա ընթացքում մեր Զինված ուժերի կողմից խոցվեցին զինատեսակներ, որոնք ամբողջ աշխարհում համարվում են անխոցելի: Այս պատմության մեջ, սակայն, ամենամեծ զարմանքն առաջացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քամահրական վերաբերմունքը սեփական զինվորների կյանքի նկատմամբ, որոնց ուղարկում են կանխատեսելի մահվան նույնիսկ այն պարագայում, երբ նրանց ասռաջ դրված խնդիրն ակնհայտորեն անիրագործելի է: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ձեռնարկած սադրանքն ունի նաև շատ ավելի լայն աշխարհաքաղաքական կոնտեքստ: Ադրբեջանական քարոզչությունը, փորձելով քողարկել սեփական ձախողումը, սկսել է զարգացնել մի թեզ, թե Հայաստանի զինված ուժերը դիրքավորվել են Ադրբեջանից սկիզբ առնող միջազգային էներգետիկ ենթակառուցվածքները խոցելու և շարքից հանելու նպատակով: Սա արվում է՝ Հայաստանին որպես գլոբալ սպառնալիք ներկայացնելու համար: Բայց այս մտքի անհեթեթության կարևորագույն ապացույցն է այն, որ զուտ տեսականորեն նման գործողություն ձեռնարկելու հնարավորություն Հայաստանն ունեցել է նաև վերջին շաբաթվա իրադարձություններից առաջ էլ: Բայց նման նպատակ չի ունեցել երբեք և չունի, որովհետև մեր քաղաքական օրակարգում չի եղել և չկա տարածաշրջանում ու աշխարհում տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական, անվտանգային անկայունություն և սպառնալիքներ ստեղծելը ու չի լինելու: Մեր խնդիրը մեր ինքնիշխանությունը, մեր սահմանները, մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ապահովելն է, նաև գլոբալ անվտանգության ապահովմանը նպաստելը: Իսկ որ Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում ոչ միայն Հայաստանի, այլև գլոբալ անվտանգության համար, վերջին օրերին ակնհայտ դարձավ: Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը մի քանի օր առաջ ուղղակի հայտարարեց, որ իրենց երկիրը կարող է հրթիռային հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին: Ճիշտ է, Հայաստանն ի վիճակի է ապահովել սեփական, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը, բայց սա մի հայտարարություն է, որ աներկբայորեն պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն, որովհետև նմանատիպ գործողությունը մարդկության դեմ ուղղված ահաբեկչություն ձեռնարկելու սպառնալիք է և պետք է արժանանա համապատասխան միջազգային արձագանքի և հետաքննության: Ինչ վերաբերվում է հետագա անելիքներին՝ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը: Մենք բոլորս պետք է ի վերջո դուրս գանք հրադադարի ռեժիմի խախտումների մասին շարունակական հայտարարությունների շրջապտույտից և պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծվի: Եվ հաջորդը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացը պետք է շարունակվի և Ադրբեջանն ի վերջո պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի: Եվ վերջում, թույլ տվեք գոհունակություն արտահայտել Հայաստանի զինված ուժերի բարձր մարտունակության առիթով և արձանագրել, որ Զինված ուժերի զարգացման այն քաղաքական ուղեգիծը, որը որդեգրել է մեր կառավարությունը, այդ թվում՝ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մասով, լիովին արդարացնում է իրեն և որևէ կասկած չկա, որ մենք այդ ուղեգիծը կշարունակենք: Ինչպես արդեն բազմիցս ասել եմ, Զինված ուժերի զարգացումը մեզ համար ոչ թե ուղղակի առաջնահերթություն է, այլ առաջնահերթությունների առաջնահերթություն: Եվ ուզում եմ հիշեցնել, որ այս համատեքստում մեր առաջադրած մի շատ կարևոր խնդիր, այն է՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գումարների վերադարձ և այդ գումարների ներդրում Հայաստանի զինված ուժերի զարգացման համար, դեռևս լիարժեքորեն լուծված չէ: Բայց մենք հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով և այս նպատակի համար արդեն իսկ ստեղծված են որոշակի իրավական մեխանիզմներ, որոնք առաջիկայում կսկսեն գործել»:
14:01 - 18 հուլիսի, 2020
Էսկալացիան տեղի է ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին և դեռ պետք է հասկանալ՝ ո՞վ և ինչո՞ւմ է հետաքրքրված․ Փաշինյան

Էսկալացիան տեղի է ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին և դեռ պետք է հասկանալ՝ ո՞վ և ինչո՞ւմ է հետաքրքրված․ Փաշինյան

Մինսկում Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, շատ ուրախ եմ ի վերջո հանդիպել, քանի որ կորոնավիրուսի պատճառով մեր մի քանի պոտենցիալ հանդիպումներ հետաձգվել են և իհարկե երկկողմ հարաբերությունների օրակարգում ունենք մի շարք հարցեր: Կարծում եմ` մեր հարաբերությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև, որոնք կրում են դաշնակցային, ռազմավարական բնույթ, զարգանում են ըստ ծրագրվածի, իհարկե մենք ունենք հագեցած օրակարգ: Ի դեպ, 2019 թվականը եղել է շատ արդյունավետ, քանի որ մեր երկրների ողջ պատմության ընթացքում առաջին անգամ առևտրաշրջանառությունը գերազանցել է երկու միլիարդ դոլարը և նախորդ տարի մենք ունեցել ենք 14 տոկոսի աճ: Հունվար-փետրվարին այդ տեմպը շարունակվեց, բայց ցավոք կորոնավիրուսի հետ կապված մենք կորրցրել ենք տեմպը, սակայն ես վստահ եմ, որ շատ շուտով այն կվերականգնենք: Եվ այնպես ստացվեց, որ մեր հանդիպումը համընկնում է հայ-ադրբեջանական սահմանում լարվածության աճի հետ: Ես հույս ունեմ` Դուք տեղեկացված եք, որ դեռևս հայտնի չէ ինչպես և ինչու, բայց ադրբեջանական զորքերը որոշել են գնդակոծել Հայաստանի սահմանը: Ես տեղեկություններ կփոխանցեմ Ձեզ այդ իրադարձության և ընթացիկ իրավիճակի մասին: Ցանկանում եմ ընդգծել, որ այդ իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին և դա դեռ պետք է հասկանալ ո՞վ, ինչո՞ւմ և ինչո՞ւ է հետաքրքրված: Կարծում եմ` սա նույնպես շատ կարևոր թեմա է և մենք այսօր կքննարկենք նաև այդ հարցը»: Իր հերթին, ՌԴ կառավարության  ղեկավարն ասել է. «Շնորհակալություն հարգելի Նիկոլ Վովայի, ես նույնպես շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Վերջին անգամ մենք հանդիպել ենք Ալմաթիում հունվարին և ոչ մեկ անգամ քննարկել մեր երկկողմ հարաբերությունները: Իհարկե, ցավալիորեն համավարակը փոփոխություններ է մտցրել մեր համագործակցության վրա, այդ թվում` Հայաստանի հետ: Երկկողմ առևտրաշրջանառությունը մի փոքր նվազել է օբյեկտիվ պատճառներով` կորոնավիրուսի հետևանքով, բայց ես մեծ հույսեր ունեմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք դուրս գալ կայուն աճի վրա արդեն տարեվերջին և դրա համար կան բոլոր նախադրյալները: Ինչ վերաբերում է մեր մշակութային, հումանիտար, պատմական կապերին, ապա մենք շարունակում ենք իրականացնել նախատեսված բոլոր միջոցառումները: Այն չորս ազատությունները, որոնց մասին այսօր խոսում էիք Դուք, հանդիսանում են մեր Միության խորհրդանիշը, դրանք կստանան նոր զարգացում մեր պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք բերեցինք այսօր»: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:
22:18 - 17 հուլիսի, 2020