Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը

 |armenpress.am|

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը: Սա Փաշինյանի և Միշուստինի երկրորդ հանդիպումն է: Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հանդիպմանը նախորդել են ՀՀ վարչապետի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:  Բելառուսի մայրաքաղաքում անցկացված նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Կուբատբեկ Բորոնովը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Նիստին կմասնակցի նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն:
21:02 - 17 հուլիսի, 2020
Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում անդրադարձավ գազի գնագոյացման հարցին

 |armenpress.am|

Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում անդրադարձավ գազի գնագոյացման հարցին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն հայտնեց Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ, հույս հայտնեց, որ այս ուղղությամբ հետագա կառուցողական աշխատանքներ կարագացվեն՝  անդամ բոլոր պետությունների շահերի փոխըմբռնման և հարգանքի հիման վրա: Փաշինյանն այս մասին ասաց Բելառուսում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում իր ելույթում: «Նախ կցանկանայի ընդհանուր գոհունակություն հայտնել Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչը արտացոլված է զեկույցում: Հույս ունենք, որ այս ուղղությամբ հետագա կառուցողական աշխատանքներ կարագացվեն՝ Միության բոլոր անդամ պետությունների շահերի փոխըմբռնման և հարգանքի հիման վրա: Այս ծրագրի հրատապ խնդիրների թվում նշված են գնագոյացման շուկայական մեխանիզմների անցումը և ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների սակագների սահմանումը: Վստահ ենք, որ այդ սկզբունքների կիրառումը գազի միասնական շուկայի ստեղծման նպատակների իրականացման կարևոր նախապայման է»,-ասաց Փաշինյանը:  Վարչապետի խոսքով՝  Հայաստանը նպատակահարմար է համարում ագրոարդյունաբերության զարգացման քարտեզում ընդգրկել խոշոր ծրագրեր, որոնք ենթադրում են միջպետական համագործակցություն, հումքի կամ պատրաստի արտադրանքի փոխադարձ մատակարարում, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիական լուծումների մշակման և իրագործմանն ուղղված նախագծեր: Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության արդյունաբերականացման քարտեզին, ապա Փաշինյանի կարծիքով՝ այն կարող է դառնալ կոոպերացիոն համագործակցության խթանման լրացուցիչ մեխանիզմ և նպաստել ներմուծման փոխարինման համատեղ նախագծերի իրականացմանը, ինչպես նաև միության արդյունաբերության ճյուղերի ներուժի գնահատմանը: «Արդյունաբերականացման քարտեզի մշակումը թույլ կտա նաև ավելի արդյունավետ օգտագործել արտադրական ռեսուրսները Միության անդամ յուրաքանչյուր պետությունում և կօգնի աջակցել ԵԱՏՄ երկրների ձեռնարկություններին, որոնք համագործակցում են այլ անդամ երկրների ձեռնարկությունների հետ»,-ասաց Փաշինյանը:
19:31 - 17 հուլիսի, 2020
Բելառուսը և Հայաստանը հիմնականում նույն խնդիրներն ունեն ԵԱՏՄ-ում․ կայացել է Փաշինյան-Լուկաշենկո հանդիպումը

Բելառուսը և Հայաստանը հիմնականում նույն խնդիրներն ունեն ԵԱՏՄ-ում․ կայացել է Փաշինյան-Լուկաշենկո հանդիպումը

Մինսկում տեղի է ունեցել Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։ Բելառուսի նախագահը ջերմորեն ողջունել է ՀՀ վարչապետին Մինսկում և անդրադարձել Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանն ու խնդիրների լուծմանը: «Անկեղծ ասած, ԵՏՄ-ում կան բազմաթիվ խնդիրներ ՝ կապված այն բանի հետ, որ մենք չենք կատարել այն, ինչի մասին համաձայնություն ենք ձեռք բերել: Մենք դեռ ունենք բավարար խոչընդոտներ, միջպետական ​​սահմաններում կան խոչընդոտներ: Արդեն նույնիսկ բիզնեսն է դա հայտարարում: Թվում է, թե սահմաններ չկան և սահմանին լարվածությունը չափազանցված է: Դուք դա ինձնից վատ չեք զգում: Հետևաբար, անելիքներ կան: Բայց ես շատ կցանկանայի, որ վարչապետների հանդիպումը խթան հաղորդի այդ խնդիրների լուծմանը: Եվրասիական միջկառավարական խորհուրդը հստակ քայլ էր ԵԱՏՄ տարածքում հարաբերությունների խորացման գործում: Համենայն դեպս, ես կցանկանայի, որ այդպես լիներ: Տեղի են ունեցել կարծիքների լուրջ փոխանակումներ: Որքան ես տեղեկացա, Դուք այդ հանդիպման շարժիչ ուժն եք եղել», – ասել է Բելառուսի նախագահը։ Նրա խոսքով` Բելառուսը և Հայաստանը հիմնականում նույն խնդիրներն ունեն Եվրասիական տնտեսական միությունում: «Մենք ապավինում ենք տնտեսության իրական հատվածին, մենք չունենք մեծ պաշարներ, ինչպես մեր մյուս գործընկերները: Միգուցե ղրղզները նույն իրավիճակում են, չնայած գուցե դրանք մի փոքր ավելի պարզ են: Մենք ածխաջրածնային պաշարներ չունենք: Դա մեզ համար ավելի դժվար է: Նույնիսկ գների անկմամբ, Ղազախստանն ու Ռուսաստանը մեծ հնարավորություններ ունեն: Մենք այդ հնարավորությունները չունենք»,- նկատել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վարչապետ Փաշինյանը նշել է. «Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Երկար ժամանակ մենք չենք հանդիպել` կորոնավիրուսի պատճառով: Հուսով եմ, որ  մեր աշխատանքը կվերադառնա նորմալ հունի, և մենք կանոնավորապես կհանդիպենք, ինչպես նախատեսված է: Այսօրվա նիստում մենք լսեցինք խոչընդոտների  վերացման վերաբերյալ զեկույցը: Եվ կարող եմ ասել, որ բավականին լավ արդյունքներ ունենք: Կարող եմ Հայաստանի օրինակը բերել: Մենք պետք է վերացնեինք երկու խոչընդոտ և մենք դա արդեն արել ենք: Մի որոշումն արդեն ուժի մեջ է մտել, մյուսն ընդունվել է, բայց ուժի մեջ կմտնի ավելի ուշ: Ռուսաստանը ևս վերացրել է երկու խոչընդոտ, մեր մյուս գործընկերներն էլ: Մենք այսօր լսեցինք զեկույց՝ տասը խոչընդոտների վերաբերյալ, և ընդհանուր առմամբ ութը խոչընդոտ փաստացի արդեն վերացվել է: Քննարկվեցին նաև շատ կարևոր հարցեր՝ կառավարությունների ծրագրերին ԵԱՏՄ-ի ձեռնարկությունների և կազմակերպությունների մասնակցության վերաբերյալ: Մենք այդ հարցում ևս հասանք բավականին լավ որոշման: Վստահ եմ, որ այս հարցը կլուծվի այսօրվա հանդիպման արդյունքում: Լավ հանդիպում էր, ճիշտ է ձգձգվեց, բայց կարծում էմ, որ աժեր այդքան աշխատել ծրագրերի վրա, քանի որ կոնկրետ հարցեր որոշվեցին: Այդ հարցերը հետաքրքրում են մեզ բոլորիս: Գիտեմ, որ կան կոնկրետ հարցեր, որոնք հատկապես հետաքրքիր են Բելառուսի համար, կան հարցեր, որոնք հատկապես հետաքրքիր են Հայաստանին: Կարծում եմ, եթե մեզ հաջողվի պահպանել քաղաքական կամքը ներկա մակարդակում, բոլոր հարցերը կլուծվեն: Մենք պարզապես պետք է աշխատենք դրա վրա»: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-բելառուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, մտքեր փոխանակել կորոնավիրուսի պանդեմիայի հաղթահարման և ճգնաժամից դուրս գալու հնարավորությունների վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից սանձազերծված էսկալացիային և մանրամասներ փոխանցել Բելառուսի իր գործընկերոջը:
19:13 - 17 հուլիսի, 2020
Ադրբեջանը չի կարողանա ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ. վարչապետը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Ադրբեջանը չի կարողանա ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ. վարչապետը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Բելառուսում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Վերջինիս մասնակցել են նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի կառավարության ղեկավար Կուբատբեկ Բորոնովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունից հետո նախ տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Կառավարությունների հարգելի ղեկավարներ,Պատվիրակությունների հարգելի անդամներ, Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Ալեքսանդրի Գոլովչենկոյին՝ այսօրվա հանդիպումը կազմակերպելու, ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: Քանի որ սա Եվրասիական տնտեսական խորհրդի առաջին հանդիպումն է Ռոման Ալեքսանդրիի և Կուբատբեկ Այիլչևի մասնակցությամբ, օգտվելով առիթից, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ Բելառուսի և Ղրղզստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություն և բոլոր նպատակների իրականացում այս կարևոր և պատասխանատու պաշտոնում: Սա մեր առաջին հանդիպումն է երկար դադարից հետո, որն առաջացել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս կապակցությամբ կցանկանայի գոհունակությամբ նշել, որ մեր միությունը պատվով է դիմագրավել այս փորձությանը: Այն ապացուցեց իր կենսունակությունը ճգնաժամային իրավիճակներում և ցույց տվեց, թե որքան կարևոր դեր է խաղում մեր երկրների կյանքում: Հանձնաժողովը ոչ մի վայրկյան չընդհատեց իր գործունեությունը: Իսկ Հանձնաժողովի խորհրդի, Միջկառավարական խորհրդի և Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստերը, որոնք անցկացվել են տեսակապի միջոցով, ոչ միայն մեզ հնարավորություն տվեցին փոխանակվել մեր երկրներում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ, այլ նաև թույլ են տվել շարունակել հարցերի քննարկումն ու որոշումների կայացումը, որոնք սկզբունքային նշանակություն ունեն մեր ինտեգրացիայի ապագայի համար։ Միության շրջանակում մեր համագործակցությունն այսքան արդյունավետ չէր լինի, եթե չլիներ այն ամուր բարեկամությունը, որը գոյություն ունի մեր բոլոր երկրների և ժողովուրդների միջև: Ինձ համար հատկապես կարևոր է նշել համագործակցության և փոխօգնության այն բարձր մակարդակը, որն այս օրերին մենք զգացինք Միության մեր բոլոր գործընկերների կողմից՝ առանց բացառության: Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել վարչապետ Միխայիլ Միշուստինին և փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին` բոլոր խնդիրներին օպերատիվ արձագանքելու համար, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի անխափան տրանսպորտային կապի հետ կապված: Սա ռազմավարական նշանակություն ուներ մեր տնտեսության համար: Այս համատեքստում չեմ կարող չնշել «Բելավիա» ավիաընկերության աշխատանքը: Բոլոր այս ամիսների ընթացքում այն շարունակում էր կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան, չնայած այն հանգամանքին, որ մնացած բոլոր ավիաընկերությունները դադարեցրել էին իրենց գործունեությունը Հայաստանում: Սիրելի բարեկամներ, Հայաստանում համաճարակաբանական իրավիճակը շարունակում է ծանր մնալ, չնայած որոշ հուսադրող թվերի, որոնք վերջին օրերին հայտնվել են մեր վիճակագրության մեջ: Համավարակը իսկապես բացասաբար է անդրադարձել մեր կյանքի բոլոր կողմերի վրա: Այն հարվածել է մեր տնտեսությանը և սոցիալական ոլորտին: Բնակչության շարժունակությունը նվազել է, դժվարացել է ապրանքների և ծառայությունների շրջանառությունը: Առողջապահության համակարգը աննախադեպ ծանրաբեռնվածություն է զգում: Այսօր այս դժվարություններն այս կամ այն չափով զգում են աշխարհի բոլոր երկրներն առանց բացառության: Ավելի քան ակնհայտ է, որ համավարակի դեմ պայքարի և դրա արդյունքում առաջացած տնտեսական ճգնաժամի դեմ հաջող պայքարի համար կարևոր նախապայման է խաղաղության պահպանումը և զինված հակամարտությունների դադարեցումը: Այս առումով չեմ կարող չանդրադառնալ մի թեմայի, որը կենսական նշանակություն ունի մեզ համար և մեր տարածաշրջանում կայունության պահպանման համար: Ինչպես գիտեք, Ադրբեջանը, անտեսելով համավարակի պայմաններում զինված բախումների դադարեցման բազմաթիվ կոչերը, այդ թվում՝ ապրիլի 14-ի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի համատեղ հայտարարությունը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարտի 23-ի հայտարարությունը, սանձազերծեց ռազմական գործողություններ Հայաստանի սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հայաստանի զինված ուժերը չէին կարող չպատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին: Ցավոք, սադրանքները շարունակվում են առ այսօր` նպաստելով լարվածության պահպանմանը և իրավիճակի անկախատեսելիությանը: Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում: Նա չի կարողանա կոտրել մեր ժողովրդի վճռականությունը և ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, և խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք, ինչը համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին: Սիրելի ընկերներ, Այսօրվա հանդիպման օրակարգից կցանկանայի կանգ առնել հետևյալ հարցերի վրա. նախ կցանկանայի ընդհանուր գոհունակություն հայտնել Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչն արտացոլված է զեկույցում: Հույս ունենք, որ այս ուղղությամբ հետագա կառուցողական աշխատանքները կարագացվեն՝ Միության բոլոր անդամ պետությունների շահերի փոխըմբռնման և հարգանքի հիման վրա: Այս ծրագրի հրատապ խնդիրների թվում նշված են գնագոյացման շուկայական մեխանիզմների անցումը և ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների սակագների սահմանումը: Վստահ ենք, որ այդ սկզբունքների կիրառումը գազի միասնական շուկայի ստեղծման նպատակների իրականացման կարևոր նախապայման է: Կցանկանայի նաև հայտնել մեր կարծիքը Եվրասիական տնտեսական տարածքում ագրոարդյունաբերության և արդյունաբերականացման զարգացման քարտեզների վերաբերյալ: Մենք նպատակահարմար ենք համարում ագրոարդյունաբերության զարգացման քարտեզում ընդգրկել խոշոր ծրագրեր, որոնք ենթադրում են միջպետական համագործակցություն, հումքի կամ պատրաստի արտադրանքի փոխադարձ մատակարարում, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիական լուծումների մշակման և իրագործմանն ուղղված նախագծեր: Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության արդյունաբերականացման քարտեզին, ապա այն կարող է դառնալ կոոպերացիոն համագործակցության խթանման լրացուցիչ մեխանիզմ և նպաստել ներմուծման փոխարինման համատեղ նախագծերի իրականացմանը, ինչպես նաև Միության արդյունաբերության ճյուղերի ներուժի գնահատմանը: Արդյունաբերականացման քարտեզի մշակումը թույլ կտա նաև ավելի արդյունավետ օգտագործել արտադրական ռեսուրսները Միության անդամ յուրաքանչյուր պետությունում և կօգնի աջակցել ԵԱՏՄ երկրների ձեռնարկություններին, որոնք համագործակցում են այլ անդամ երկրների ձեռնարկությունների հետ: Մեր հանդիպման օրակարգում ընդգրկված հարցերի շարքում կցանկանայի նաև ընդգծել հանրային առողջության և սանիտարահամաճարակային բարեկեցության միջոցառումների կարևորությունը` կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու համար: Եզրափակելով խոսքս` կցանկանայի առանձնահատուկ ուշադրություն դարձնել ԵԱՏՄ-ի սննդի անվտանգության խնդրին: Նշեմ, որ սննդի անվտանգության հետ կապված հարցերը միշտ եղել են մեր ուշադրության կենտրոնում, և, որքանով ես տեղյակ եմ, այս ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են որոշակի նախնական աշխատանքներ ԵԱՏՄ շրջանակներում: Ավելին, 2025 ռազմավարության մեջ մենք պայմանավորվեցինք մշակել «ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության ընդհանուր սկզբունքներ և մոտեցումներ»: Սակայն համավարակի պայմաններում այս խնդրի լուծումը դարձել է հատկապես արդիական, ուստի, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ հանձնարարել Հանձնաժողովին երկրների հետ համատեղ մշակել և ներկայացնել ԵԱՏՄ սննդի անվտանգության դոկտրինա (հայեցակարգ): Այսքանով թույլ տվեք եզրափակել ելույթս: Շնորհակալ եմ ուշադրության համար, և վերջում ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել և վերահաստատում է իր ցանկությունը՝ կազմակերպել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական հանդիպումը Երևանում այս տարվա հոկտեմբերին: Շնորհակալություն»։ Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միությունում «Ապրանքների մակնշման մասին» համաձայնագրի իրականացմանը և պիտակավորման համակարգի հետագա զարգացմանը, առողջապահության բնագավառում միջոցառումների համապարփակ ծրագրին` Միության երկրներում կորոնավիրուսի և այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով: Քննարկվել են նաև ԵԱՏՄ երկրների համագործակցության միջպետական ծրագրի նախագիծը, ագրոարդյունաբերական զարգացման և միության արդյունաբերականացման քարտեզները: Վերջին 2 նախագծերն էլ նախատեսում են խոշոր ծրագրերի վերաբերյալ շարունակական տեղեկատվության ստացում, ինչը Միության գործընկերներին հնարավորություն կտա վերացնել արտադրության կրկնօրինակումը, հաշվի առնել զարգացման միտումները և արդյունավետորեն օգտագործել միմյանց հնարավորությունները` զարգացման ազգային և ներդրումային ծրագրեր մշակելիս: Ընդլայնված նիստի ընթացքում ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները ստորագրել են նաև նիստի արձանագրություններն ու ընդունված որոշումների մասին փաստաթղթերը:
16:55 - 17 հուլիսի, 2020
Մինսկում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը |armenpress.am|

Մինսկում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի օրակարգը հագեցած է, նախատեսվում է, որ ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն մի շարք ոլորտներին առնչվող հարցեր։ Ակնկալվում է, որ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն միության երկրների տարածքում կորոնավիրուսային վարակի և այլ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելման ուղղությամբ բնակչության առողջապահության և սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում միջոցառումների համալիր պլանը: Նախատեսվում է նաև լսել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցները միության գործունեության արդիական հարցերի վերաբերյալ, այդ թվում ՝ անդամ պետությունների փոխադարձ առևտրում խոչընդոտների վերացման ընթացքի, գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման, Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի իրականացման և նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հետագա զարգացման վերաբերյալ: Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին կհաջորդի ընդլայնված կազմով նիստը: Մինսկում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցում են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Կուբատբեկ Բորոնովը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Նիստին կմասնակցի նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն:
12:12 - 17 հուլիսի, 2020
«Մենք պետք է ամուր կանգնենք այս հողի վրա՝ այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր հերոս եղբայրները». վարչապետը մասնակցել է մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությանը

«Մենք պետք է ամուր կանգնենք այս հողի վրա՝ այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր հերոս եղբայրները». վարչապետը մասնակցել է մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը, որը տեղի է ունեցել զինվորական արարողակարգով:Հուղարկավորությանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պաշտոնյաներ:Վարչապետը ցավակցության և զորակցության խոսքեր է ասել մայոր Գայուշ Համբարձումյանի ընտանիքի անդամներին և հանդես եկել ելույթով, որում նշել է.«Համբարձումյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ,Էլբակյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ,Գաբրիելյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ,Մաթևոսյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ,Վեհափառ Տեր,Կառավարության հարգելի անդամներ,Ազգային ժողովի պատգամավորներ,Պարոնայք գեներալներ և սպաներ,Հարգելի ներկաներ, Հայրենիք-պետություն ունենալը պատասխանատվություն է, պատասխանատվություն, որ ընկած է ժողովրդի, հանրության ուսերին: Ընդհանրական այս պատասխանատվությունը, սակայն, կարող է դառնալ անպատասխանատվություն, եթե մենք այն թողնենք միայն ժողովուրդ-հանրություն հավաքական հասկացությունների մեջ ցրված, լղոզված, եթե ի վիճակի չլինենք այդ պատասխանատվությունը բաղդատել, կոնկրետ ու հասցեական դարձնել ժողովուրդ կամ հանրություն հավաքականությունը ձևավորող սուբյեկտների, այսինքն՝ անհատների միջև, մեզնից յուրաքանչյուրի միջև:Ինչո՞ւ ենք այսօր այստեղ հավաքվել ուրեմն, և ի՞նչ կապ ունի մեր այսօրվա այստեղ գտնվելն իմ նշած պատասխանատվության հետ: Մենք այստեղ հավաքվել ենք՝ ազդարարելու, որ Հայաստանի Զինված ուժերի մայոր, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, Հայաստանի Զինված ուժերի կապիտան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սոս Փայլակի Էլբակյանը Հայաստանի Զինված ուժերի կրտսեր սերժանտ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սմբատ Գևորգի Գաբրիելյանը, Հայաստանի Զինված ուժերի կրտսեր սերժանտ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գրիշա Վահանի Մաթևոսյանը լիաժեք և անմնացորդ կրեցին Հայրենիք-պետություն ունենալու իրենց բաժին պատասխանատվությունը: Նրանք լիարժեք կրեցին այդ պատասխանատվությունը՝ այդ պատասխանատվության զոհասեղանին դնելով ամենաթանկագինը, որ ունի մարդը. նրանք Հայրենիք-պետության զոհասեղանին դրեցին իրենց կյանքը, ու ոչ միայն իրենց, այլև իրենց ընտանքիների անդամների, իրենց հարազատների կյանքը, որովհետև նրանց կյանքն ահա այլևս առաջվանը չի լինելու, և նրանք ապրելու են այս խեղդող բացակայության հետ: Մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը նահատակվեցին: Բայց մի՞թե նրանց հետ նահատակվեց նաև Հայրենիք-պետություն ունենալու նրանց բաժին պատասխանատվությունը, մի՞թե հօդս ցնդեց այդ պատասխանատվությունը: Ո՛չ, իհարկե: Այդ պատասխանատվությունը մնաց մեզ հետ, այդ պատասխանատվությունն սպասում է մեզ, մեզնից յուրաքանչյուրին՝ վարչապետից մինչև փոքր գործարար, նախագահից մինչև հոգևորական, որ մեզնից յուրաքանչյուրն ավելացնի իր բաժին պատասխանատվությունը՝ մեր նահատակված զինվորների պատասխանատվությունը գետնին չթողնելով: Մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը լիարժեք կրեցին իրենց պատասխանատվությունը Աստծո առաջ, Հայրենիք-պետության առաջ, մեր ժողովրդի ու պատմության առաջ, մեր նահատակների ու սերունդների առաջ, Եռաբլուրի ու Ծիծեռնակաբերդի առաջ:Եվ սա մեր՝ ապրողներիս, պատասխանատվության ժամն է, մեր հավաքական և մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվության ժամը: Եվ մենք ամեն օր, ամեն Աստծո օր պետք է մարզենք մեր միտքը, ամրացնենք մեր հոգին, մեր բազուկներն ու ոտքերը, որ ամուր, ամուր կանգնենք այս հողի վրա, որն ամփոփում է Սարդարապատի հերոսներին, Արցախյան ազատամարտի հերոսներին, Ապրիլյան պատերազմի հերոսներին:Մենք պետք է ամուր կանգնենք այս հողի վրա՝ այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր հերոս եղբայրները, ովքեր այսօր մարտի դաշտում՝ հայրենի հողը պաշտպանելիս, խոսում են Սարդարապատի հերոսների, Արցախյան ազատամարտի հերոսների, Ապրիլյան պատերազմի հերոսների անունից և հպարտություն ու վստահություն են ներշնչում բոլորիս: Այդ մարդիկ Հայրենիք-պետության առաջ իրենց պատասխանատվության ապահովման համար դրել են առավելագույնը՝ իրենց կյանքը, իրենց ընտանիքների խաղաղությունն ու երջանկությունը, և մեզնից յուրաքանչյուրը ամեն անգամ, Եռաբլուրի մոտով անցնելիս, Ծիծեռնակաբերդի մոտով անցնելիս, Հայաստանի դրոշն ու զինանշանը տեսնելիս, օրհներգը լսելիս ինքն իրեն հարց պիտի տա ու պատասխանի. իսկ ի՞նչ եմ ես անում, որ Տավուշի կամ սահմանային այլ դիրքերում կանգնած հերոսների թիկունքն ամուր լինի, փամփշտակալը լիքը լինի, սպառազինությունը բավարար լինի, դուխը տեղը լինի: Եվ այս հարցի պատասխանը մեզնից յուրաքանչյուրը պիտի տա ինքն իրեն և Աստծուն, միայն ինքն իրեն և Աստծուն, որովհետև միայն ինքդ քեզ հետ և Աստծո հետ խոսելիս է, որ չես կարող եղծել: Եվ մեզնից յուրաքանչյուրի այս խոսակցությունից է կախված՝ Համբարձումյան, Էլբակյան, Գաբրիելյան, Մաթևոսյան ընտանիքների, նահատակներ տված մեր մյուս ընտանիքների հոգում ավելի շատ ցա՞վ կլինի, թե՞ հանդարտություն, ավելի շատ ափսոսա՞նք կլինի, թե՞ հպարտություն: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մայոր Գարուշ Համբարձումյան, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կապիտան Սոս Էլբակյան,Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյան,Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյան, Խոնարհվում եմ Ձեր առաջ, Ձեր ընտանիքների առաջ, խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների և նրանց ընտանիքների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր զինվորների առաջ, ովքեր այսօր ամուր կանգնած են Տավուշի հողի վրա և կերտեցին մեր այսօրվա հպարտությունը: Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե Հայոց Բանակը և կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»: Խոսքով է հանդես եկել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մայոր Գարուշ Համբարձումյանի հորեղբայր Գրիշա Սարգսյանը՝ նշելով. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր բոլորս՝ ամբողջ հայ ազգով, սուգ ենք ապրում՝ կորցնելով մեր հերոսներին, մեր տղաներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին մեր հայ ազգի բարգավաճման, զարգացման, ապագա միլիոնավոր կյանքեր փրկելու համաևր: Իմ եղբոր որդին շատ նվիրված էր մեր Հայոց բանակին, և նա ընկավ հերոսի մահով: Հավերժ փա՛ռք մեր բոլոր նահատակներին. նրանք ողջ են, նրանք կապրեն, քանի մենք կանք: Գարուշ ջան, դու ֆիզիկապես մեզ հետ չես լինելու: Փառք Աստծո, ունես երկու արու զավակ, կմեծանան և քո անավարտ գործդ ավարտին կհասցնեն: Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա գեղեցիկ կազմակերպման համար: Եվ մեկ բան մենք՝ բոլորս պիտի գիտակցենք ու հասկանանք՝մենք ուժեղ ենք: Կորցնելով այս երիտասարդներին՝ չի նշանակում, որ կորցրել ենք ամեն ինչ, ընդհակառակը, սա պիտի խրախուսի մեզ, որպեսզի մենք ավելի ամուր և ավելի կայուն կանգնենք մեր երկրի պաշտպանության և զարգացման համար»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում մարտական գործողությունների հետևանքով զոհված Գարուշ Համբարձումյանը, Սոս Էլբակյանը, Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանն հետմահու արժանացել են պետական պարգևների: Մայոր Գարուշ Համբարձումյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանը՝ Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը՝ Մարտական ծառայության մեդալներով:
16:44 - 16 հուլիսի, 2020
Երկրում ֆոնդային շուկայի ձեւավորումը տնտեսական հեղափոխության կարեւոր կոմպոնենտներից է․ վարչապետ |armtimes.com|

Երկրում ֆոնդային շուկայի ձեւավորումը տնտեսական հեղափոխության կարեւոր կոմպոնենտներից է․ վարչապետ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը՝ նշելով, որ դրա ընդունումը պայմանավորված է ոլորտում միասնական քաղաքականության, բարեփոխումների հիմնական ուղղությունների եւ դրանցից ակնկալվող արդյունքների սահմանման անհրաժեշտությամբ: Նախարարի խոսքով՝ Հայաստանի կապիտալի շուկան դեռեւս սահմանափակ է. թողարկումների փոքր ծավալով, գործիքների նեղ շրջանակով եւ երկրորդային շուկայի ցածր իրացվելիությամբ։ «2020 թվականի սկզբին շուկայի հիմնական մասը զբաղեցնում են պետական պարտատոմսերը՝ կազմելով ՀՆԱ-ի մոտ 11%-ը, իսկ կորպորատիվ պարտատոմսերի շրջանառվող ծավալը եւ բաժնային արժեթղթերի կապիտալիզացիան կազմում են ՀՆԱ-ի մոտ 3.4%-ը և 2.3%-ը: Ցուցանիշները էական բարելավման պոտենցիալ ունեն: Այս իրավիճակում պետական կառույցները պետք է առաջնորդող դեր կատարեն եւ տարբեր գործիքների միջոցով խթանեն շուկայի զարգացումը: Դրա համար կարեւոր պայման է պետական գերատեսչությունների ջանքերի համատեղումը եւ նպատակային ու տրամաբանական հաջորդականության մեջ գտնվող միջոցառումների իրականացումը»,- նշեց նախարարը։ Նա հավելեց, որ կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդակցություններով համատեղ մշակել են էկոնոմիկայի նախարարությունը, Կենտրոնական բանկն ու ֆինանսների նախարարությունը: Խաչատրյանի խոսքով՝ ծրագրով առաջարկվող նախագիծը բաղկացած է 2 մասից՝ ՀՀ-ում կապիտալի շուկայի դիագնոստիկ վերլուծությունից եւ դրանց վրա կառուցված գործողությունների ծրագրից: Նա կարծիք հայտնեց, որ ծրագրի հաստատմամբ շուկան կստանա զարգացման ավելի բարելավված միջավայր, այնպիսի գործիքներ կներդրվեն, որոնք կապահովեն ձեւավորվող խնայողությունների ներդրումը տնտեսության իրական հատվածում եւ թույլ կտան բնակչությանը մասնակցել ներդրումային ծրագրերին՝ այդպիսով ընդլայնելով դրանից եկամուտներ ստանալու հնարավորությունները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեմայի վերաբերյալ նշեց, որ արդեն երկար ժամանակ ՀՀ-ում քաղաքացիները, եթե բիզնես չեն անում, իրենց խնայողությունները ներդնելու մեկ տեղ ունեն՝ բանկային համակարգում: «Բիզնեսը նույնպես ՀՀ-ում ֆինանսավորման մեկ տեղ ունի, որը կրկին բանկային համակարգն է, որը խոսում է այն մասին, որ մեր երկրում բանկային համակարգը կայացած է, բայց վաղուց հասունացել է պահը, երբ պետք է շուկայի զարգացման երկրորդ փուլ մտնել»,- ասաց նա: Վարչապետն ընդգծեց՝ մեր քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ոչ միայն բանկերում ավանդներ դնել, այլեւ շուկայից, բորսայից գնել ընկերությունների բաժնետոմսեր, նայել, գնահատել ամենամեծ պոտենցիալ ունեցող ընկերություններին եւ այդ շուկայում անել ներդրումներ, որը նաեւ հնարավորություն է ընկերությունների համար ներդրումներ ստանալ ոչ միայն բանկային համակարգից, այլեւ քաղաքացիներից. «Սա տնտեսական հեղափոխության կարեւոր կոմպոնենտներից է: Եթե երկրում ռեալ ֆոնդային շուկա ձեւավորվի, կարող ենք համարել, որ դա տնտեսական հեղափոխության ամենակարեւոր արտահայտությունն է։ Կառավարությունն աշխատում է պոտենցիալ ունեցող ընկերությունների հետ՝ օգնելով բարձրացնել նրանց թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ օտարերկրյա ներդրումները առանց ծրագրի ամփոփման արդյունքում ձեւավորված հարթակների ուղղակի չեն լինի: «Դա վերաբերում է ե՛ւ անհատ, ե՛ւ ինստիտուցիոնալ ներդրողներին, որովհետեւ այսօրվա տեմպերն ու բիզնես միջավայրն այնպես չեն, որ մարդիկ պետք է գան տեղում մեծ հետազոտություն անեն, ծախսեն և այլն: Բոլորն ուզում են ներդրում անել, ուղղակի ուզում են արդի գործիք տեսնել, այլ ոչ թե հին: Ծրագիրը երկու ֆունկցիա ունի, նաև արտաքին աղբյուրներից իրական ներհոսք է լինելու»,- նշեց Գրիգորյանը։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ իր հերթին ասաց, որ զարգացման հերթական քայլն են անում. «Ներդրումների դերը զարգացման մեջ դժվար է գերագնահատել, բայց ուզում ենք, որ փոխվի ներդրման ընկալումը: Մեզ թվացել է, որ խոսքը գաղտնարանից հանված ինչ-որ գումարի ներդրման մասին է, մինչդեռ դա լուծում չէ: Ենթադրվում է, որ զարգացման տեսանկյունից միակ ճամապարհը թափանցիկ եւ հանրային հաշվետվողականության տեսանկյունից ընկալելի կազմակերպությունում ներդրումն է»։
13:59 - 16 հուլիսի, 2020
Կառավարական պատվիրակությունը Բելառուսում կմասնակացի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Կառավարական պատվիրակությունը Բելառուսում կմասնակացի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարական պատվիրակությանը Բելառուսի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել: Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2020 թվականի հուլիսի 16-17-ը աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի: 2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա: 3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանին: 4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝ 1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Վահե Հակոբյանինը, Մանե Գևորգյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Արմեն Խաչատրյանինը, Դավիթ Գևորգյանինը, Նազելի Զաքարյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Արման Շահինյանինը և Ալեքսանդր Աբրահամյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին. 2) Վարոս Սիմոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվության. 3) Շավարշ Քոչարյանինը և Մանվել Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Հարություն Վարդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին. 4) Միքայել Փաշայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող՝ 1023 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 5) Հովհաննես Վարդանյանինը, Արտակ Հակոբյանինը, Գագիկ Վանոյանինը, Ղազար Ղազարյանինը, Աղվան Իշխանյանինը և Միխաիլ Աթաբեկյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին. 6) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը և գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության: 5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին: 6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2020 թվականի հուլիսի 16-ին՝ Երևան – Մինսկ, իսկ հուլիսի 17-ին՝ Մինսկ – Երևան երթուղով։ 7. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշվող չվերթի կազմակերպման հարցում: 8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 
12:36 - 16 հուլիսի, 2020
Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել․ հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի․ Նիկոլ Փաշինյան

Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել․ հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի․ Նիկոլ Փաշինյան

Այս գիշեր 03։40-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները ավելի քան 100 հոգու կազմով՝ հերթական դիվերսիոն հարձակումն են գործել ՀՀ զինված ուժերի Տավուշի մարզի սահմանապահ ուժերի «Անվախ» կոչվող սահմանային դիրքը գրավելու նպատակով։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս տեղեկացրեց․ «Դիրքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ, և հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները։ Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը և անցնելով շրջանաձև պաշտպանության կանխել են հակառակորդի դիվերսիոն հարձակման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝նախնական տվյալներով տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 5։20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղները կիրառելով՝ ականանետ և Դ-30։ Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «Անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն Հայաստանի զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել և իրավիճակը առել լիակատար վերահսկողության տակ։ Ուզում եմ ընդգծել, որ մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան, ո՛չ զինվորականների, ո՛չ քաղաքացիական բնակչության շրջանում։ Արձանագրեմ նաև, որ վերջին օրերին, սկսած կիրակի օրվանից, Ադրբեջանը հրետակոծել է՝ Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ինչի արդյունքում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ։ Ես արդեն հանձնարարել եմ ուսումնասիրել վերջին օրերին հասցրած վնասները և տալ գնահատական։ Մինչ Հայաստանի Զինված ուժերը բարձր մակարդակով կատարում են իրենց առաջ դրված խնդիրը մեզ հարկավոր է ամուր թիկունք և այս առումով, ցավով ուզում եմ արձանագրել, որ մեր երկրում կորոնավիրուսի նոր դեպքեր են շարունակում գրանցվել։ Գրանցվել է 583 դեպք, 2190 կատարված թեստից։ Ես այս համատեքստում կրկին ուզում եմ մեր հայրենակիցներին կոչ անել պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, պահել սոցիալական հեռավորությունը, պարբերաբար ախտահանել ձեռքերը։ Վերջին օրերին առողջապահական համակարգի լարվածությունը որոշակիորեն թուլացել է և մենք վերլուծում ենք, որ այդ լարվածության թուլացումը կարող է կապված լինել միայն հակահամաճարակային գործողությունների և մասնավորապես դիմակների կրման ծավալների հետ։ Ցավոք ոչ բոլորն են կրում դիմակներ, բայց մեր կոչն է շարունակել կրել դրանք։
11:23 - 16 հուլիսի, 2020
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լեհաստանի նախագահին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լեհաստանի նախագահին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեհաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր՝ առաջիկա պաշտոնավարման ընթացքում հաջողությամբ կիրականանան բոլոր այն նախաձեռնված ծրագրերը, որոնք միտված են Լեհաստանի բարգավաճմանը, լեհ ժողովրդի բարեկեցության և Լեհաստանի միջազգային վարկի ամրապնդմանը։ Հայաստանը մեծապես կարևորում է պատմական բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-լեհական համագործակցության շարունակական զարգացումը` երկուստեք հետաքրքություն ներկայացնող բոլոր բնագավառներում և բազմակողմ հարթակներում»:
20:40 - 15 հուլիսի, 2020
«5-րդ ալիքը» խեղաթյուրել և մանիպուլացրել է միջազգային կառույցների հրապարակած հետազոտությունը |fip.am|

«5-րդ ալիքը» խեղաթյուրել և մանիպուլացրել է միջազգային կառույցների հրապարակած հետազոտությունը |fip.am|

fip.am: «5-րդ ալիքի» «Հայլուր» լրատվականը հուլիսի 11-ի 18:30-ի թողարկման ժամանակ ««Փաշինյանի կառավարությունը լավ չի աշխատել». սոցհարցումներ» վերնագրով ռեպորտաժ է հրապարակել՝ հայտնելով, որ ըստ սոցհարցումների՝ կառավարությունը կորոնահամաճարակի ժամանակ լավ չի աշխատել: «Եթե դուք էլ եք կարծում, որ կորոնահամաճարակի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը լավ չի աշխատել ու այս ընթացքում մատը մատին գրեթե չի տվել՝ մարդկանց ու բիզնեսին օգնելու համար, ուրեմն դուք մենակ չեք, մենակ չեք: Սոցհարցումների մասնակցած 60 տոկոսը ևս այդպես է մտածում»,- ասել է ռեպորտաժի հեղինակ Լիլիթ Մուրադյանը:  Նա նշել է, որ նյութի աղբյուրն է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի, «Թրանսփարենսի ինթերնեշնլի» և USAID-ի համատեղ կատարած հետազոտությունը: Ու թեև այս կառույցները միասին իսկապես հետազոտություն են իրականացրել, նյութում ներկայացված գրեթե ողջ տեղեկատվությունը կապ չունի դրա հետ, համատեքստից դուրս է և խիստ մանիպուլյատիվ:  «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է ռեպորտաժում տեղ գտած փաստական սխալները և մանիպուլյացիաները: Ի՞նչ հետազոտության մասին է խոսքը Որպես հետազոտության համատեքստ՝ հեղինակ Լիլիթ Մուրադյանը ներկայացնում է կորոնավիրուսով ստեղծված իրավիճակը: Ըստ նրա՝ մարդիկ խիստ դժգոհ են կառավարության քայլերից, բողոքի մեծ ալիք է աճում, իսկ 2018 թվականի հեղափոխությունից սպասումները արդարացված չեն: «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը և USAID-ն փետրվարից ապրիլ Երևանում և մարզերում հարցումներ են արել՝ հասկանալու, թե ինչ վիճակ և ինչ տրամադրություններ են երկրում»,- ասել է ռեպորտաժի հեղինակը:  Միևնույն ժամանակ, վիզուալ տարբերակով սոցհարցումը ներկայացնելիս էկրանին հայտնվում է փաստաթուղթ, որտեղ սոցհարցման խորագիրը և հրապարակման ամսաթիվը սխալ է ներկայացված: Fip.am-ը կապվել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանի և ՀՌԿԿ-ի ղեկավար Հեղինե Մանասյանի հետ, որոնք փաստել են, որ իրենց հետազոտության բովանդակությունը և առանձին մասեր խեղաթյուրվել և մանիպուլացվել են ռեպորտաժի ընթացքում: Իրականում՝ «Հայաստանի տնային տնտեսությունների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտություն» անունը կրող հետազոտության տվյալները հավաքագրվել են 2019 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ արդյունքները հրապարակվել են փետրվարին:  Հետազոտության նպատակն էր պարզել հայաստանցիների ընկալումները Հայաստանի ընդհանուր վիճակի, կոռուպցիայի և դրա դրսևորումների վերաբերյալ: Ռեպորտաժում  խորագրից բացակայում է կոռուպցիա բառը, և ցույց է տրվում, որ հարցումների արդյունքները հրապարակվել են մայիսի 21-ին՝ փետրվարի 21-ի փոխարեն: Հաշվի առնելով, որ հարցումներն իրականացվել էին 2019-ին վերջին ամիսներին, քաղաքացիները չէին կարող իրենց կարծիքը հայտնել կորոնավիրուսի ընթացքում կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ:  Փաստացի՝ «5-րդ ալիքը» մոլորեցնում է իր հեռուստադիտողներին։  Ներկայացված տվյալներ «Հարցվածներից մոտ 40 տոկոսին ամենից շատ անհանգստացնում է գործազրկությունը»,- ասվում է ռեպորտաժում: Իրականում՝ հետազոտության արդյունքներով միայն 25.9 տոկոսն է գործազրկությունը համարում Հայաստանի լրջագույն խնդիրը: «Կոռուպցիան արմատախիլ անելու, կոռումպացվածներին ասֆալտին փռելու, պատերին ծեփելու խոստում-սպառնալիքներին սկզբում հավատացածների 80 տոկոսն այսօր կարծում է, որ Հայաստանի համար լրջագույն խնդիրը շարունակում է մնալ կոռուպցիան»,- ռեպորտաժում ասում է Լիլիթ Մուրադյանը՝ հավելելով, որ 2019 թվականին այդպես էր կարծում հարցվածների 40 տոկոսը: Իրականում՝ հարցվածների 65 տոկոսն է միայն կոռուպցիան համարում լուրջ խնդիր Հայաստանում, ընդ որում՝ 36.5 տոկոսը այն համարում է շատ լուրջ խնդիր, իսկ 28.3 տոկոսը՝ բավականին լուրջ: Հարկ է նշել, որ բուն հետազոտության շրջանակում կատարվել է հարցում, որը վերաբերում է նախկին և ներկա իշխանությունների օրոք կոռուպցիայի տարածվածությանը: «5-րդ ալիքը» չի ներկայացնում այդ հարցի արդյունքները, որում հարցվածների մոտ 84 տոկոսը նշել էր, որ նախկին իշխանությունների ժամանակ կոռուպցիան համատարած էր և առկա էր բոլոր ոլորտներում, իսկ ներկայիս իշխանությունների օրոք այդպես է կարծում միայն 4.4 տոկոսը:  Ռեպորտաժի հեղինակը պնդում է, որ հարցվածների 45 տոկոսի կարծիքով՝ Հայաստանում սոցիալական դժգոհության ալիք է հասունանում. «Անգամ երբ արտակարգ դրություն է փողոցում, բողոքողի ձայնն էլ կտրվում է մինչև ոստիկանության բաժին»:  Նշենք, որ նման բովանդակությամբ հարց չի եղել հետազոտության ընթացքում: Անհայտ ծագման փաստեր Ռեպորտաժում ներկայացվել և հետազոտությանն են վերագրվել այնպիսի գնահատականներ, որոնք իրականում գոյություն չունեն:  «Այսինքն՝ Հայաստանը սխալ ուղղությա՞մբ է շարժվում: Երևանցիների 52 տոկոսը պատասխանում է՝ այո ու չի հավատում, որ այդ ճանապարհին ինչ-որ բարի ու լավ բան կա: Հարցվածների 57 տոկոսը չի հավատում որևէ բարելավման»,- ասել է Լիլիթ Մուրադյանը: Հետազոտության շրջանակում, սակայն, նման հարցեր չեն տրվել, ինչպես չեն եղել հարցեր կառավարության փոփոխության, բողոքի ակցիաների արդյունավետության վերաբերյալ, որոնց մասին թվային տվյալներ են ներկայացվում ռեպորտաժի ընթացքում:  Հատկանշական է, որ Panorama.am կայքում տեղադրված է «5-րդ ալիքի» ռեպորտաժի նույնատիպ բովանդակությամբ հոդված, որում կցված է զեկույցի հղում։ Ըստ հեղինակի՝ այն իրականացվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ), USAID-ի և «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կողմից։ Այս կառույցներից կրկին հայտնում են, որ այդ զեկույցը կեղծ է և իրենք նման հետազոտություն չեն իրականացրել։    Այսպիսով, «5-րդ ալիքի» հեռարձակած ռեպորտաժը մի քանի միջազգային կառույցների համատեղ հետազոտության վերաբերյալ պարունակում է կոպիտ սխալներ, ավելին՝ այն մանիպուլացնում է հետազոտության բովանդակությունը և համատեքստը: Լուսինե Ոսկանյան
19:26 - 15 հուլիսի, 2020
Ներկայացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2019թ. գործունեության հաշվետվությունը

Ներկայացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2019թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը: Նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում 2019թ. իրականացվել է 43 ծրագիր, մինչև այս տարեվերջ ավարտին կհասցվի 14 ծրագիր, ևս 22 ծրագիր շարունակական կիրականացվի մինչև 2023 թվականը: Նախարարը ներկայացրել է հաշվետու տարում կատարված աշխատանքները. 15 միավորված համայնքում ներդրվել են համայնքային կառավարման տեղեկատվական համակարգեր, 9-ում՝ քաղաքացիների սպասարկման գրասենյակներ (ՔՍԳ): Ընթացքի մեջ են ևս 9 միավորված համայնքում ՔՍԳ հիմնման աշխատանքները, ակնկալվում է մինչև տարեվերջ ունենալ 49 ՔՍԳ: Գրասենյակների կողմից քաղաքացիներին մատուցվում է պետական մարմինների ավելի քան 60 ծառայություն: 2019թ. հաստատվել է 462 սուբվենցիոն ծրագիր՝ 17,465 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, այդ թվում` 9,597 մլրդ դրամ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ: սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են համայնքային տարբեր ենթակառուցվածքների բարելավման և զարգացման ուղղություններով: 2020թ. հաստատվել է 170 սուբվենցիոն ծրագիր՝ 6,795 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, այդ թվում՝ 3,561 մլրդ դրամ պետբյուջեի համաֆինանսավորմամբ: Տարածքային համաչափ զարգացման նպատակով ՀՀ մարզերում իրականացվել է առաջնահերթ լուծում պահանջող 210 ծրագիր, որից արդեն ավարտվել է 191-ը, մնացածն ընթացքի մեջ են: Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում 8 դպրոցում կատարվել են 4.11 մլրդ դրամին համարժեք շինաշխատանքներ, ներկայում ընթացքի մեջ են 7 դպրոցի կառուցման աշխատանքները, 2020թ. նախատեսվում է հայտարարել 15 դպրոցի շինարարական մրցույթները: Շարունակվել են Վեդիի և Կապսի ջրամբարների և ոռոգման համակարգերի կառուցման ծրագրերը: Անդրադառնալով ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտին՝ նախարարը նշել է, որ հաշվետու տարում ՀՀ պետբյուջեի հատկացումներով հիմնանորոգվել է 150,4 կմ ճանապարհ, կատարվել են 131,5 կմ միջպետական ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքներ։ 2020թ. նախատեսված են 2444 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգման և մոտ 80 կմ միջին նորոգման աշխատանքներ։ Շարունակվել են վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերով նախատեսված աշխատանքները՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի, Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի, «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակում, ավարտին է հասցվել Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի նախագծումը: Նախարարի խոսքով՝ 2019-ը ակտիվ տարի է եղել տրանսպորտի ոլորտի համար, իրականացվել են ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներ, աճել է բեռնա- և ուղևորափոխադրումների ծավալը: Առաջընթաց է արձանագրվել երկաթուղային տրանսպորտի բնագավառում. «Հարավկովկասյան երկաթուղի» կողմից իրականացվել է շարժակազմի արդիականացում՝ 1 նոր էլեկտրագնացքի և 40 նոր կիսավագոնների համալրմամբ, բարելավվել է ներհանրապետական էլեկտրագնացքների գնային և չվացուցակային քաղաքականությունը: Ընդերքօգտագործման բնագավառում՝ կատարվել են իրավական դաշտի բարելավման, երկրաբանական տեղեկատվության կառավարման համակարգի ներդրման, իրական սեփականատերերի հայտարարագրման ռեգիստրի մշակման և այլ աշխատանքներ: Պայմանագրային պարտավորությունների ուսումնասիրության արդյունքում՝ ընդերքօգտագործողներին տրվել է 569 զգուշացում, վճարվել է 695 մլն դրամ ապառք, կատարվել է 11 ընդերքօգտագործման իրավունքի դադարեցում, որից 4-ը՝ մետաղական: Տրամադրվել է արդյունահանման՝ 17, ուսումնասիրության՝ 16 թույլտվություն, մերժվել է 32 հայտ: Էներգետիկ ենթակառուցվածքների առումով՝ 2019թ. վերակառուցվել են մի շարք ենթակայաններ, 2020թ. նախատեսվում է, սեփական միջոցների հաշվին, իրականացնել Գեղարքունիքի մարզի «Լիճք» ենթակայանի վերակառուցման աշխատանքներ: Արևային և ատոմային էներգետիկայի ոլորտում կատարվել են հզորությունների զարգացման աշխատանքներ, շարունակվել է Հայաստան-Իրան 400 կՎ և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծրագրերի իրականացումը: Հաշվետվությունը լսելուց հետո վարչապետ Փաշինյանը ՏԿԵ նախարարից հետաքրքրվել է ոլորտային՝ տարածքային զարգացման, հանքարդյունաբերության, աղբահանության, էներգետիկայի, ջրային համակարգի, աղբահանության, պետական գույքի կառավարման ռազմավարությունների ընթացքով: Ս. Պապիկյանը զեկուցել է, որ ռազմավարությունների մի մասի մշակման աշխատանքներն ավարտվել են, փաստաթղթերը ներկայացվել են քննարկման, մյուսները կներկայացվեն սահմանաված ժամանակացույցին համաձայն: Վարչապետ Փաշինյանին նաև մանրամասներ են ներկայացվել համայնքների խոշորացման գործընթացի, կանոնավոր ուղևորափոխադրումների տրանսպորտային արդյունավետ ցանցի ձևավորման, ճանապարհային ծածկույթի պահպանման նպատակով բեռնափոխադրումների պատշաճ կազմակերպման ուղղությամբ աշխատանքների, 2020թ. սուբվենցիոն ծրագրերի, տեղական հարկերի և տուրքերի վճարման համակարգի ընդլայնման, հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող միջոցառումների վերաբերյալ տարեկան ազգային զեկույցի կազմման, ինչպես նաև հաշվետու տարում նախատեսված այլ միջոցառումների կատարողականի/ուշացումների վերաբերյալ: Ամփոփելով վարչապետը նշել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման տիրույթը բավական ընդգրկուն է և ներառում է առաջնահերթություն ներկայացնող ոլորտներ: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ հաշվետու տարում մի շարք ուղղություններով գերատեսչության արձանագրած արդյունքներն ակնառու են, բայց և միաժամանակ պետք է ապահովել կառավարության միջոցառումների ծրագրով սահմանված ժամանակացույցի պահպանումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է աշխատանքների հնարավորինս ճշգրիտ պլանավորման կարևորությունը և հանձնարարել աշխատակազմին՝ առավել հետևողական լինել այս հարցում: Վարչապետ Փաշինյանը նաև հանձնարարել է պատասխանատուներին՝ սեղմ ժամկետում ավարտին հասցնել ոլորտային ռազմավարությունների մշակման ու քննարկման աշխատանքները և ներկայացնել հաստատման:
17:26 - 15 հուլիսի, 2020