ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Երեկ Չեխովի դպրոցի մոտ անցկացված հավաքին մասնակցել է 2-րդ դասարանի աշակերտ, ով տեղյակ չի եղել՝ ինչ հավաքի է մասնակցում և դրանից առաջ չէր ճաշել․ ՀՀ ՄԻՊ

Երեկ Չեխովի դպրոցի մոտ անցկացված հավաքին մասնակցել է 2-րդ դասարանի աշակերտ, ով տեղյակ չի եղել՝ ինչ հավաքի է մասնակցում և դրանից առաջ չէր ճաշել․ ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է հետևությունները 2022թ. ապրիլի 1-ին Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած հավաքին երեխաների մասնակցության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ 2022 թվականի ապրիլի 1-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է հրապարակումներ այն մասին, որ 2022 թվականի ապրիլի 1-ին «Երևանի Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտները, նույն դպրոցի ուսուցչական անձնակազմի և երեխաների ծնողների ուղեկցությամբ իրականացնում են հավաք: Պաշտպանի հաստատությունը մշտադիտարկել է հավաքի ընթացքն ու իրականացրել փաստերի ուսումնասիրություն՝ ի թիվս այլնի, քննարկումներ ունենալով Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության, Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության, Երևան քաղաքի ոստիկանության տարածքային բաժնի ներկայացուցիչների հետ: Ուսումնասիրության շրջանակներում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները տեղում առանձնազրույցներ են ունեցել թե հավաքին մասնակցող ծնողների, թե ուսուցիչների, և թե երեխաների հետ։ Դիտարկման պահին հավաքին մասնակցում էին ինչպես 2-րդ դասարանի, այնպես էլ 5-ից 9-րդ դասարանների աշակերտներ։ Զրույցի ընթացքում 6-ից 9-րդ դասարանների աշակերտները նշել են, որ հավաքին իրենց կամքով են մասնակցում, իրենց որևէ մեկը չի պարտադրել կամ դրդել հավաքին մասնակցել։ Աշակերտների պնդմամբ՝ իրենք հավաքին մասնակցել են այն պահից, երբ դպրոցում արդեն դասաժամերն ավարտված են եղել։ Այս տեղեկատվությունը հաջորդիվ լրացվել է ուսուցչական անձնակազմի կողմից, ըստ որի, հավաքն ինքնաբուխ է եղել, իսկ քաղաքապետարանի ներկայացուցիչները նշել են, որ հավաքի մասնակիցների հետ քաղաքապետարանի շենքում հավաքին ընթացքին զուգահեռ իրականացված քննարկման արդյունքում պարզվել է, որ հավաքն իրականացվել է սահմանված դասաժամերի ընթացքում։ Պաշտպանի ներկայացուցիչների կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ հավաքին մասնակցում է նաև 2-րդ դասարանի աշակերտ, ում հետ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը զրուցել է երեխայի ծնողի ներկայությամբ: Երեխայի հետ զրույցի արդյունքում պարզվել է, որ երեխան տեղյակ չէ, թե ինչ հավաքի է մասնակցում, հավաքին մասնակցելուց առաջ չէր ճաշել և հավաքին ներկայացել էր իր մայրիկի հետ: Զրույցից հետո մայրը և երեխան հեռացել են հավաքի անցկացման վայրից: Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ևս մեկ անգամ իրազեկել, որ երեխայի կրթության և այլ իրավունքներին զուգահեռ, երեխայի հիմնական իրավունքներից է կարծիքի ազատ արտահայտման, ինչպես նաև խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը։ Երեխայի տարբեր իրավունքների միջև չկա աստիճանակագություն, և բոլոր իրավունքները կոչված են ծառայելու երեխայի լավագույն շահին, որը բացարձակ արժեք է, իսկ դրանով չառաջնորդվելը երեխայի իրավունքների խախտում է։ Այս առումով խաղաղ հավաքին երեխաների մասնակցության հարցը դիտարկելիս անհրաժեշտ է առաջնորդվել երեխաների լավագույն շահին առաջնահերթ ուշադրություն դարձնելու հրամայականով՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակը։ Ուսումնասիրված դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում բոլոր պատասխանատուների ուշադրությունը հրավիրել, որ՝ • պետության, հասարակության և յուրաքանչյուր չափահաս քաղաքացու պարտականությունն է զերծ պահել երեխաներին ցանկացած գործընթացի մեջ ներքաշվելուց՝ առանց վերջիններիս՝ գործընթացին մասնակցության նպատակի և դրա հնարավոր հետևանքների բավարար գիտակցման; • երեխայի հավաքների ազատության իրավունքի իրացման հարցը գնահատելիս պարտադիր է երեխայի լավագույն շահով ղեկավարվելը՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի հանգամանքները: Երեխայի իրավունքների իրացման անհրաժեշտ նախապայմաններն են՝ երեխայի տեղեկացված մասնակցության սկզբունքը, իր տարիքին և հասունությանը համապատասխան իրավունքների իրացումը, ծնողների և օրենքով երեխայի համար պատասխանատու անձանց կարևոր դերակատարությունն ու պատասխանատվությունն իր իրավունքներն իրականացնելիս երեխային ուղղություն տալու հարցում; • դպրոցում գտնվող երեխաների համար պատասխանատու անձանց՝ տնօրենի և ուսուցչական կազմի, ինչպես նաև ոստիկանության ներկայացուցիչների գործողությունները պետք է բացարձակապես ուղղված լինեն երեխաների անվտանգությունն ապահովելուն. նրանք առաջնահերթ պատասխանատու են երեխաներին իրենց վստահած ծնողների առջև; • միաժամանակ, խոսք չի կարող լինել բավարար տարիքային հասունություն և գիտակցված կամահայտնություն ցուցաբերած անչափահասների՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակման մասին: Փոխարենը պետք է վերը նշված պայմանների իրացմամբ խրախուսել երեխաների կարծիքի ազատ արտահայտման բոլոր դրսևորումները։
16:19 - 02 ապրիլի, 2022
Արցախի խաղաղ բնակիչները զրկված են Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային բոլոր երաշխիքներից. ՀՀ ՄԻՊ

Արցախի խաղաղ բնակիչները զրկված են Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային բոլոր երաշխիքներից. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) առցանց գլխավոր վեհաժողովին:   Քննարկումների օրակարգում ընդգրկված էին տարբեր տարածաշրջաններում և ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես, քննարկվել են Եվրոպայում միգրանտների վիճակին և իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր, ինչպես նաև վտանգի տակ հայտնված մարդու իրավունքների ազգային հաստատությունների աջակցությանն ուղղված հնարավոր աշխատանքներ:   Պաշտպանը, ողջունելով միջազգային գործընկերներին, բարձր է գնահատել Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի դերը տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության խթանման և ազգային հաստատությունների դերի ամրապնդման հարցում: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված «Վտանգի մեջ հայտնված Մարդու իրավունքների ազգային հաստատություններ - Ուկրաինա» թեմայի ընթացքում Պաշտպանը մասնավորապես նշել է.   «Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից կարող եմ ասել, որ մեր փորձից լավ գիտենք, թե ինչ անասելի դժվարություններ ու մարտահրավերներ կարող են բերել կոնֆլիկտներն ու դրանց աղետալի հետևանքները պաշտպանական հաստատությունների համար։   Ուստի, կոչ եմ անում իմ գործընկերներին Ուկրաինայից ու Ռուսաստանի Դաշնությունից լավագույնս օգտագործել այս հիանալի ցանցի ու նաև ուղիղ կոնտակտների ներուժը՝ իրենց մանդատն այս դժվարին ժամանակներում լավագույնս իրականացնելու համար»։
16:13 - 31 մարտի, 2022
Շիրակի մարզպետը և ՄԻՊ-ը քննարկել են գերեվարված շիրակցիների խնդիրներին առնչվող հարցեր

Շիրակի մարզպետը և ՄԻՊ-ը քննարկել են գերեվարված շիրակցիների խնդիրներին առնչվող հարցեր

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են գերեվարված շիրակցիների խնդիրներին առնչվող հարցեր։ Մասնավորապես, Շիրակի մարզպետն անդրադարձել է նախօրեին Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահի հայտարարությանը, որում վերջինս փորձել էր կասկածի տակ դնել գերեվարված անձանց իրավական կարգավիճակը։ Նազելի Բաղդասարյանը, վկայակոչելով միջազգային բանաձևերն ու փաստաթղթերը, ինչպես նաև եռակողմ հայտարարությունից բխող դրույթները, արձանագրել է, որ Ադրբեջանում պահվող անձինք ունեն ռազմագերու կարգավիճակ։ «Տիկին Գրիգորյան, շնորհակալ եմ պատրաստակամության համար, որ այցելել եք մարզ և, ի թիվս այլ հարցերի, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, այսօր հնարավորություն կունենանք և հանդիպելու մարզից գերեվարված մեր եղբայրների հարազատներին և խոսելու նրանց հայրենադարձմանը միտված մեր ջանքերից։ Ցավով եմ արձանագրելու, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում եռակողմ համաձայնության դրույթները, և այնտեղ են պահվում մեր հայրենակիցները։ Շիրակի մարզից այժմ 30 անձ ունենք ադրբեջանական բանտերում։ Եվս մեկ անգամ կուզենամ այս հարցին ձեր ուշադրությունը հրավիրել, ակնկալում եմ ձեր գործուն աջակցությունը մեր տղաների հայրենադարձման համար ձեռնարկված քայլերում, քանզի Ադրբեջանը շարունակում է իր ձեռագիրը պահել և անհիմն մեղադրանքներով առաջնորդվելով՝ պատանդի կարգավիճակով պահում է նրանց։ Մինչդեռ հիշում եք, որ նախորդ տարի սեպտեմբերին ԵԽԽՎ կողմից ընդունված բանաձևը՝ հումանիտար հետևանքների մասով, ևս մեկ անգամ ընդգծեց, որ այնտեղ պահվող անձինք ունեն ռազմագերու կարգավիճակ»,- նշել է Շիրակի մարզպետը։ Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար և նշել, որ խնդրի լուծման ուղղությամբ արվում է հնարավորը: «Տիկին Բաղդասարյան, հիրավի ճիշտ եք, որ ադրբեջանական կողմը արհեստականորեն գեներացվող և դատավճիռների հանգեցնող քրեական պրոցեսներ է սկսում՝ ոտնահարելով մարդասիրական բոլոր կոնվենցիաները և միջազգային պարտավորությունները։ Ես բոլոր ուղերձներն ուղարկում եմ իմ կոլեգաներին աշխարհի տարբեր երկրներում, սակայն բավարարված չեմ արձագանքների ինտենսիվությունից կամ դրանց հասցեականությունից։ Ամեն պարագայում ձեզ հավաստիացնում եմ՝ իմ գործունեության առանցքում խնդրի լուծումն առաջնային տեղ ունի»,- նշել է Քրիստիննե Գրիգորյանը։ Մարդու իրավունքների պաշտպանն ու Շիրակի մարզպետը հանդիպել են գերեվարվածերի հարազատների հետ, այնուհետև շրջայց են կատարել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում, ծանոթացել պայմաններին ու կատարված աշխատանքներին։
16:31 - 30 մարտի, 2022
ԵԱՀԿ Մարդկային հարթության 1-ին լրացուցիչ հանդիպմանը ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հրատապությանը

ԵԱՀԿ Մարդկային հարթության 1-ին լրացուցիչ հանդիպմանը ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հրատապությանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Աննա Կարապետյանը մասնակցել է «Միջազգային համագործակցություն՝ ուղղված միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարին» խորագրով ԵԱՀԿ Մարդկային հարթության 1-ին լրացուցիչ հանդիպմանը, որը կայացել է 2022 թվականի մարտի 28-29-ին Վիեննայում: Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի պահանջների և կիրառության հետ կապված հարցեր՝ կենտրոնանալով հակամարտություններում գտնվող քաղաքացիական բնակչության իրավիճակի և նրանց վրա հակամարտության ունեցած ազդեցության վրա, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննման և փաստագրման լավագույն փորձը, այդ թվում՝ մարդու իրավունքների ազգային հաստատություններին աջակցող թվային տեխնոլոգիաներին վերաբերող հարցեր: Քննարկմանը ելույթով է հանդես եկել ՄԻՊ ներկայացուցիչը՝ անդրադարձ կատարելով Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին, ինչպես նաև՝ պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամին: ՄԻՊ ներկայացուցիչը ներկայացրել է ՀՀ սահմանային բնակչության դեմ ադրբեջանական կողմի միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումներն ու հայկական կողմի ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական իրավասուների կողմից իրականացված խոշտանգումները՝ հղում կատարելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցներում ներկայացված փաստերին: Մասնավորապես՝ ելույթում նշվել է, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը հումանիտար լրջագույն խնդիրների առջև է կանգնեցրել ՀՀ սահմանային բնակիչներին: Միջազգային իրավունքի բոլոր հանրաճանաչ նորմերը խախտող ադրբեջանական իշխանությունների վարքագծի հետևանքով Արցախում մարդիկ շաբաթներ շարունակ զրկված են գազամատակարարումից, ինչը խոչընդոտում և բացառում է վերջիններիս առողջության, կրթության, աշխատանքի  և այլ հիմնարար իրավունքների կենսագործումը: Վերջին օրերի ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգության լրջագույն խնդիրներ: ՄԻՊ ներկայացուցիչը հատուկ անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապությանը: Ելույթում խստորեն դատապարտվել է ադրբեջանական հանցավոր վարքագիծն ու կոչ է արվել մարդու իրավունքների ազգային հաստատություններին և միջազգային կազմակերպություններին գործել՝ դադարեցնելու Արցախի բնակչության դեմ ուղղված ցեղասպան քաղաքականությունը։ ՄԻՊ ներկայացուցիչն իր խոսքում կարևորել է նաև զինված հակամարտության գոտիներում, թե՛ հակամարտության ընթացքում, թե՛ դրանից հետո միջազգային կազմակերպությունների ներկայության ապահովումը տեղում՝ որպես խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման ու պաշտպանության երաշխիք և մեխանիզմ:  
15:49 - 30 մարտի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության հարցեր

ՀՀ ՄԻՊ-ը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության հարցեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Պաշտպանը ողջունել է միջազգային գործընկերներին ՄԻՊ աշխատակազմում և ընդգծել, որ հանդիպումը լավ առիթ է Պաշտպանի մանդատի ներքո համատեղ քննարկելու երեխաների իրավունքների պաշտպանության համատեղ առաջնահերթությունները: «Քրիստինե Վայգանդն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել, որ բարձր է գնահատում համագործակցության նախկին փորձը Քրիստիննե Գրիգորյանի հետ՝ Անչափահասների արդարադատության խորհրդի շրջանակում, միաժամանակ, ընդգծելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԻՊ աշխատակազմի միջև սերտ համագործակցության փորձը ևս: Օրակարգային հարցերի շրջանակում կողմերը քննարկել են Մարդու իրավունքների պաշտպանին կից Երիտասարդական խորհրդի ստեղծման նպատակադրմանը, երեխաների իրավունքների պաաշտպանության ոլորտում ՄԻՊ աշխատակազմի մոնիտորինգային կարողությունների հզորացման, ինչպես նաև http://children.ombuds.am/ տեղեկատվական հարթակի զարգացման հնարավորությունները, որպես երեխաների իրավունքների պաշտպանության իրազեկվածության բարձրացմանը միտված գործիքի»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ուսուցիչների և սոցիալական աշխատողների համատեղ վերապատրաստումներին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև ատելության խոսքի բացառմանն ուղղված կրթական ծրագրերի վաղ տարիքում ներդրման անհրաժեշտությանն առնչվող հարցերը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ երեխաների իրավունքների պաշտպանության մշտադիտարկման ազգային մեխանիզմների բարելավման համատեքստում Պատպանը նշել է, որ ազգային տարբեր ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում գնահատման և մշտադիտարկման մեխանիզմները շարունակում են մնալ անկատար, և որպես մարդու իրավունքների պաշտպան՝ հետամուտ է լինելու ոլորտային ռազմավարությունների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի կողմից ներկայացվող կարծիքներում և առաջարկներում գնահատման ու մշտադիտարկման մեխանիզմների կատարելագործմանը, ինչը հնարավորություն կտա նաև ՄԻՊ աշխատակազմին առավել արդյունավետ գործելու որպես մոնիտորինգային մարմին: Նշվում է, որ, Քրիստինե Վայգանդն, անդրադառնալով Պաշտպանի հաստատության և ՅՈՒՆԻՍԵՖ-Ի երկարամյա համագործակցության փորձին, ընդգծել է, որ այն ամենահաջողվածներից է աշխարհում և ՄԻՊ աշխատակազմի կարողությունների հետագա զարգացման գործընթացում առավել իմաստալից ներգրավվածության պատրաստակամություն է հայտնել: Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը համատեղ տարբեր ծրագրերի իրականացման շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերել:
18:50 - 29 մարտի, 2022
ՀՀ ՄԻՊ-ն ու Քեթրին Բոմբերգերը քննարկել են անհետ կորած անձանց դեպքերի հետաքննությանն առնչվող հարցեր

ՀՀ ՄԻՊ-ն ու Քեթրին Բոմբերգերը քննարկել են անհետ կորած անձանց դեպքերի հետաքննությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մարտի 29-ին ընդունել է Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից, հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Ողջունելով Միջազգային հանձնաժողովի ներկայացուցիչներին՝ Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական մանդատն ու հաստատության գործունեության ուղղությունները: Նա նաև զրուցակիցներին տեղեկացրել է կառույցի հանրային բարձր վստահության մասին, ինչն, ըստ Պաշտպանի, կարևոր երաշխիք է առաքելության արդյունավետ իրականացման համար: Քրիստիննե Գրիգորյանն Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի ներկայացուցիչներին ներկայացրել է անհետ կորած անձանց ընտանիքների հետ Պաշտպանի հաստատության կողմից տարվող աշխատանքների ուղղությունները, որոնք ներառում են ընտանիքներին հանդիպող ինչպես ամենօրյա խնդիրների լուծումն, այնպես էլ՝ իրավական խորհրդատվությունն ու հոգեբանական աջակցությունը, ինչպես նաև՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմներից օգտվելը դյուրացնելը: Պաշտպանն ընդգծել է, որ թե անհետ կորած անձանց, և թե գերության մեջ պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը գտնվում է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում: Քեթրին Բոմբերգերն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի 25 տարվա աշխատանքային փորձառությունը, որը միտված է օգնելու պետություններին հետպատերազմական ժամանակահատվածում անհետ կորած անձանց դեպքերի ուսումնասիրման, նրանց ընտանիքներին իրավական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև՝ պատշաճ հետաքննական մեխանիզմներ և ինստիտուցիոնալ կառուցակարգեր հիմնելու հարցում: Պաշտպան Գրիգորյանը հատկապես կարևորել է անհետ կորած անձանց հարցերը կարգավորող համապարփակ օրենսդրության մշակման, ինչպես նաև՝ տրամաբանական ու կարողություններով օժտված ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է անհետ կորած անձանց հարազատների ներգրավվածության կարևորությունը թե՛ օրենսդրության և թե՛ մեխանիզմների մշակման գործընթացում: Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունների շուրջ:
14:18 - 29 մարտի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը Նաթիա Նացվլիշվիլիին է ներկայացրել Արցախում ադրբեջանական կողմի հրահրած գործողությունների հետևանքները

ՀՀ ՄԻՊ-ը Նաթիա Նացվլիշվիլիին է ներկայացրել Արցախում ադրբեջանական կողմի հրահրած գործողությունների հետևանքները

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Պաշտպանը, ողջունելով միջազգային գործընկերներին ՄԻՊ գրասենյակում, բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՄԻՊ աշխատակազմի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը՝ միաժամանակ ընդգծելով նոր մարտահրավերներով պայմանավորված առաջնահերթություններով համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը: Նաթիա Նացվլիշվիլին իր հերթին շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձման կապակցությամբ և նշել, որ մեծ հնարավորություն է տեսնում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ ամրապնդման տեսանկյունից: Համագործակցային հարցերի քննարկումից առաջ Պաշտպան Գրիգորյանը Նաթիա Նացվլիշվիլիին ներկայացրել է Արցախում տիրող փաստացի իրադրությունը՝ կապված ադրբեջանական կողմի հրահրած սադրանքներով, որի հետևանքով հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: Քրիստիննե Գրիգորյանն շեշտել է, որ մարդու իրավունքները համընդհանուր են։ Պաշտպանը, ներկայացնելով ադրբեջանական կողմի հանցավոր ու էթնիկ ատելությամբ մոտիվացված գործողությունների ժամանակագրությանը, ընդգծել է, որ Արցախում ապրող 100 000-ից ավելի հայ ազգաբնակչությունն ըստ էության զրկված է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային բոլոր երաշխիքներից, ինչը թերևս դրդում է Ադրբեջանին էլ ավելի սանձարձակ ու հակամարդկային գործողությունների: Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել Պաշտպանի ներկայացրած մանրամասն  դիտարկումների համար և նշել, որ բարձրացված մտահոգությունները կհաղորդվեն ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ: Համագործակցային օրակարգի շրջանակում Պաշտպան Գրիգորյանն ու Նաթիա Նացվլիշվիլին քննարկել են ՄԻՊ աշխատակազմի կարողությունների (մարզային ծառայությունների ընդլայնման) զարգացման, հետազոտական կարողությունների հզորացման, գենդերային հավասարության, խտրականության բոլոր ձևերի, ինչպես նաև ատելության խոսքի բացառմանն ուղղված մի շարք հարցեր: Ամփոփելով հանդիպումը՝ կողմերն առկա համատեղ ծրագրերը շարունակելու և համագործակցության նոր ուղղություններ նախանշելու վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել:
18:44 - 25 մարտի, 2022
Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հանցավոր վարքագիծն․ ՀՀ ՄԻՊ

Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հանցավոր վարքագիծն․ ՀՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի այսօրվա ներխուժումը Ադրբեջանի հանցավոր պետական քաղաքականության ուղղակի տրամաբանական շարունակությունն է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։    Միջազգային իրավունքի բոլոր հանրաճանաչ նորմերը խախտող այս վարքագիծը շարունակվում է շաբաթներ ու ամիսներ՝ Արցախի բնակչության ճնշման, ահաբեկման, բնականոն կյանքի համար անտանելի պայմանների ստեղծման տարբեր գործողություններով։ Այս ներխուժումը ևս մեկ վկայությունն է այն փաստի, որ շաբաթներ տևող Խրամորթի ու մյուս գյուղերի խաղաղ բնակչության թիրախավորումը չտվեց իր ցանկալի արդյունքը՝ մարդիկ չլքեցին իրենց բնօրրանը, ուստի, Ադրբեջանը կիրառեց իր փորձված վարքագիծը՝ դիմեց սադրանքի։   Ամոթալի փաստ է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման քաղաքականությունն Ադրբեջանի պետական առաջնահերթությունն է, որին ստորադասվում են այդ իսկ պետության կողմից ստանձնած միջազգային իրավունքի պարտավորությունները, դրժվում են իր իսկ կողմից ստանձնած իրավական պարտավորությունների ներքո դրված ստորագրությունները։   Արցախում մարդու իրավունքների խախտումներն արձանագրելու վերաբերյալ միջազգային հանրության «անհարմար» լռությունն առայժմ չի ուղեկցվում իրավիճակի շտկմանն ուղղված իրական գործողություններով։ Իսկ մարդիկ Արցախում ունեն նույն իրավունքներն, ինչպես աշխարհի մյուս ծայրերում։   Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հանցավոր վարքագիծն ու կոչ անում մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին գործել՝ դադարեցնելու Արցախի բնակչության դեմ ուղղված ցեղասպան այս քաղաքականությունը։
23:26 - 24 մարտի, 2022
Քրիստիննե Գրիգորյանն աշխատանքային քննարկում է ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

Քրիստիննե Գրիգորյանն աշխատանքային քննարկում է ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ու Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր աշխատանքային հանդիպում են ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ հանրային կապերի բաժինը: Պաշտպանը ողջունելով նախարարին՝ շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով աշխատանքային քննարկման առաջարկին արձագանքելու համար համար: Քրիստիննե Գրիգորյանը որպես նախաբան նշել է, որ ՄԻՊ աշխատակազմում քաղաքացիների կողմից ստացվող բողոք-դիմումների զգալի մասը նաև օբյեկտիվ պատճառներով վերաբերելի են հենց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավասություններին: Միաժամանակ՝ ընդգծելով, որ նման հանդիպումը կարևոր է նաև տարիներ շարունակ չլուծված բարդ խնդիրներին լուծումներ գտնելու գործընթացում Նախարարության դիրքորոշումն ու դժվարություններն արձանագրելու համար: Նախարար Նարեկ Մկրտչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նման նախաձեռնության համար՝ ընդգծելով, որ նախարարի պաշտոնում նշանակվելուց ի վեր իր առաջին հանդիպումն է ՄԻՊ-ի հետ և ընդգծել, որ ՄԻՊ աշխատակազմի զեկույցները ոչ միայն կարևոր են նախարարության քաղաքականության մշակման համար, այլ նման ձևաչափով գործընկերային աշխատակարգի սահմանումը կարող է առավել արդյունավետ դարձնել արձանագրվող խնդիրների լուծումը, որոնց շահառուն ՀՀ քաղաքացիներն են: Փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է որոշ հրատապ հարցերի վերաբերյալ նախարարության կողմից իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների ընթացքը։ Հանդիպման շրջանակում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները Նախարարին և տեղակալին ներկայացրել են վերհանված ոլորտային խնդիրները։ Պաշտպանի կողմից առանձնացվել են երեք առաջնահերթ թեմաներ: Մասնավորապես՝ քննարկվել են. • Շուրջ 15 տարի ձգվող «ՀՀ քաղավիացիայի հաշմանդամ օդաչուներ» հասարակական կազմակերպության անդամների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքի սահմանափակումների խնդիրը, որի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր Սահմանադրական դատարան: • Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման կողմից 2021 թվականի հոկտեմբերի 27-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ կատարված այցի շրջանակում վերհանված խնդիրները: • «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման չհայտարարված այցի շրջանակներում 2020 թվականին իրականացված այցի ընթացքում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի ուսումնասիրման ընթացքում կրկին վերհանված խնդիրները: Նախանշված ուղղություններով ՄԻՊ աշխատակազմի և նախարարության աշխատակիցների ներգրավմամբ համատեղ աշխատանքային խմբեր ձևավորելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարզային սոցիալական ծառայությունների գործունեությանը, հաշմանդամության կարգի սահմանման փորձաքննությունների իրականացմանը, ինչպես նաև անօթևան մնացած մարդկանց արագ և պատշաճ արձագանքման խնդիրների մասով կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ գտնելուն միտված հարցեր։ Ամփոփելով աշխատանքային հանդիպումը՝ կողմերը նախանշած առաջնահերթություններով համագործակցությունն ակտիվացնելու պատրաստակամություն են հայտնել:
19:59 - 24 մարտի, 2022
Ծովագյուղ եւ Սեմյոնովկա համայնքների բնակչների կողմից բարձրացված հարցերը ՄԻՊ անմիջական ուշադրության կենտրոնում են․ ՄԻՊ

Ծովագյուղ եւ Սեմյոնովկա համայնքների բնակչների կողմից բարձրացված հարցերը ՄԻՊ անմիջական ուշադրության կենտրոնում են․ ՄԻՊ

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ եւ Սեմյոնովկա համայնքների բնակչների կողմից բարձրացված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում են։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։  «Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին մինչև այսօրվա ակցիան էլ տեղեկացված է թե՛ Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ և թե՛ Պաշտպանի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչները։ Այսօր բնակիչների կողմից ճանապարհ փակելու առաջին իսկ պահից մինչև այժմ ուշադրությամբ հետևում ենք ներկայացվող պահանջներին և ուղիղ կապի մեջ ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ։ Պաշտպանի ներկայացուցիչները նաև կապի մեջ են տեղում գտնվող առանձին բնակիչների հետ։ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր անմիջական ուշադրության ներքո պահել բնակիչների բարձրացված խնդիրները և իր իրավասության սահմաններում աջակցելու է ստեղծված իրավիճակի լուծմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
16:13 - 23 մարտի, 2022
ՄԻՊ-ը մասնակցել է պատերազմի ընթացում անհայտ կորած անձանց վերաբերյալ զեկույցի ներկայացմանը

ՄԻՊ-ը մասնակցել է պատերազմի ընթացում անհայտ կորած անձանց վերաբերյալ զեկույցի ներկայացմանը

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «2020թ. 44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքների վիճակը» խորագրով զեկույցի ներկայացմանը։ Ինչպես հայտնում են պաշտպանի աշխատակազմից, Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակին՝ կատարված աշխատանքի և պատրաստված զեկույցի համար։ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել անհայտ կորած անձանց հարազատներին իրենց իրավունքների պաշտպանության հարցերում ակտիվ պահանջատիրության համար, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին՝ միջոցառմանը մասնակցության համար։ Պաշտպանը նախ երկու ուղերձ է հղել միջոցառմանը մասնակցող օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին՝ «Երեկ երեկոյան ադրբեջանական կողմը կրկին դադարեցրել է Հայաստանից Արցախ գազի մատակարարումը, որն առաջին անգամ դադարեցվել էր դեռևս մարտի 8-ին և վերականգնվել ընդամենը երեք օր առաջ։ Սա ադրբեջանական պետության կողմից Արցախի բնակչության հանդեպ ճնշման ու ահաբեկման շարունակվող վարքագիծ է, մեկ կետից կառավարվող քաղաքականության դրսևորում, որի նպատակն է Արցախի հայաթափումն ու էթնիկ զտումը հայերից»։  «Խնդրում եմ նաև հաղորդել Ձեր մայրաքաղաքներ, որ 44-օրյա պատերազմից շուրջ երկու տարի անց դեռ լուծված չեն անհայտ կորած անձանց հայտնաբերման և ռազմագերիների վերադարձի հարցերը։ Փոխարենը ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից արհեստական դատավարությունների իրականացմանն այն անձանց նկատմամբ, ովքեր ուղղակիորեն միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո պետք է լինեին»։ Պաշտպանը նշել է, որ սրանք հումանիտար հարցեր են, որոնց հետամուտ լինելը բոլորիս պարտականությունն է, և որ մարդու իրավունքները պետք է դուրս դրվեն աշխարհաքաղաքական մոտեցումներից։  Պաշտպանն առանձնացրել է հետևյալ խումբ խնդիրները, որոնք բխում են մարդու իրավունքների պաշտպանին ուղղված անհայտ կորած անձանց հարազատների դիմումների ու բողոքների ուսումնասիրությունից, ինչպես նաև տարբեր այցերի ու փաստահավաք առաքելությունների արդյունքներից ՝ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատերազմական գործողությունների ընթացքում, ինչպես նաև ակտիվ մարտական գործողությունների ավարտից հետո պետական իրավասու մարմինները պատշաճ չեն ապահովել բազմաթիվ զինծառայողների ճակատագրերի մասին նրանց հարազատների ժամանակին և անհրաժեշտ տեղեկություններ ստանալու իրավունքը: Ճիշտ է, ակտիվ մարտական գործողությունների ընթացքում նման տեղեկությունները հաճախ օբյեկտիվորեն հնարավոր չի եղել ձեռք բերել, սակայն երբեմն օրեր, նույնիսկ ամիսներ անց պետական մարմինները քաղաքացիներին չեն տրամադրել իրենց հարազատների ճակատագրերի մասին որևէ տեղեկություն (նույնիսկ չեն հայտնել, թե ինչ որոնողական աշխատանքներ են իրականացվում, զինծառայողը որտեղ է մասնակցել մարտերին, վերջին անգամ որտեղ է եղել և այլն), ինչը խիստ անընդունելի է: Պաշտպանին հասցեագրված մյուս խումբ բողոքները վերաբերում են զոհվածների մարմինների ու մասունքների ԴՆԹ նույնականացման գործընթացների վերաբերյալ զոհված զինծառայողների հարազատներին տեղեկություններ չտրամադրելուն (դատագենետիկական փորձաքննության եզրակացությունները չտրամադրելուն) կամ դրանք ուշացումով տրամադրելուն։ Գործընթացի ու դժվարությունների վերաբերյալ հարազատներին մատչելի ու ժամանակին ներկայացված բացատրությունների բացակայության պայմաններում, ցավալիորեն այդ եզրակացությունների արժանահավատությունը կասկածների տեղիք է տվել հարազատների մոտ։ Այս խնդիրը բարձրացրել են ինչպես զոհված զինծառայողների հարազատները, այնպես էլ հասարակական կազմակերպությունները։ Գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների անդամներին հոգեբանական աջակցության տրամադրումը, չնայած Պաշտպանության նախարարության գործադրած հսկայական ջանքերին, կազմակերպվել է հատվածական, քաոտիկ, չեն եղել ու չկան ինստիտուցիոնալ մոտեցումներ։ Անհայտ կորած անձանց կարգավիճակի անորոշությունների հետ կապված հարազատները դժվարություններ են ունեցել նախատեսված ու ընթացիկ տրամադրվող աջակցության ծրագրերից և պետության կողմից նախատեսված սոցիալական երաշխիքներից օգտվելու առումով։
15:34 - 22 մարտի, 2022
Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակվում է, ադրբեջանական կողմը շարունակում է բնակչության ճնշման ու ահաբեկման քաղաքականությունը. ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը համատեղ հայտարարություն են տարածել

Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակվում է, ադրբեջանական կողմը շարունակում է բնակչության ճնշման ու ահաբեկման քաղաքականությունը. ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը համատեղ հայտարարություն են տարածել

Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանները համատեղ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Արցախի հայության էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության համար գտնվել է «մանր վրեժխնդրության» գործիք: Երեկ երեկոյան ադրբեջանական կողմը դիտավորյալ կրկին դադարեցրել է Հայաստանից դեպի Արցախ գազ մատակարարող միակ գազատարի աշխատանքները։ Մարտի 8-ին առաջին անգամ իբր թե վթարի անվան տակ դադարեցվեց Արցախի գազամատակարարումը, ապա ադրբեջանական կողմն այդպես էլ թույլ չտվեց Արցախի մասնագետներին մոտենալ իբրև թե «վթարի» վայրին, որն իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքում էր։ Այդ պահից սկսած պարզ էր, որ Արցախի հայության նկատմամբ Ադրբեջանի պետական ատելության քաղաքականությունը գտել է ճնշման ևս մեկ միջոց։ Հավաստի փաստերի համադրմամբ՝ ակնհայտ է դառնում, որ վթարավերականգնողական աշխատանքների իրականացնելու ընթացքում կամ դրանց անվան տակ, ադրբեջանական կողմը փական է տեղադրել գազատարի վրա` ինչի միջոցով ցանկացած պահի այն փակելով՝ ահաբեկում է Արցախի խաղաղ բնակչությանը՝ թողնելով առանց ջեռուցման, տաք ջրի և այլ կենսական պայմանների, որոնք անհրաժեշտ են, հատկապես, նման ցուրտ եղանակային պայմաններում։ Մարտի 19-ին վերականգնված գազամատակարարումը շարունակվեց ավելի քիչ, քան երեք օր։ Սաստիկ ձմեռային այս եղանակին, Արցախի երեխաները, ծերերը, հիվանդներն ու տեղահանվածները զրկված են ջեռուցումից։ Մարդիկ կրում են անասելի դժվարություններ։ Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակվում է։ Մեզ համար կասկածից վեր է, որ ադրբեջանական կողմը միտումնավոր կերպով շարունակում է Արցախի բնակչության ճնշման ու ահաբեկման պետական քաղաքականությունը։ Նպատակը չի փոխվել. Արցախը ենթարկել էթնիկ զտման ու դատարկել բնիկ հայերից։ Ավելի քան 100.000 հայ բնակչության նկատմամբ այս ամոթալի «վրեժխնդրությունը» անընդունելի է։ Պետական այս ձեռագիրը լավագույնս բնորոշում է Ադրբեջանի կողմից հնչեցվող «հանդուրժողականության» թեզերի կեղծ ու սնանկ էությունը։ Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական պետության կողմից Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ ատելության ու վրեժխնդրության շարունակվող այս գործելակերպը։ Կոչ ենք անում մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին ճնշում գործադրել ադրբեջանական կողմի վրա՝ մարդու իրավունքների այս լայնածավալ ու շարունակվող խախտումը վերացնելու համար։
14:41 - 22 մարտի, 2022
ՄԻՊ-ն այցելել է զինհոսպիտալ. զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը

ՄԻՊ-ն այցելել է զինհոսպիտալ. զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը

Մարտի 21-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության և հոսպիտալի ղեկավար կազմի հետ շրջայց է կատարել հոսպիտալում: Այցի ընթացքում ուսումնասիրվել են զինծառայողների բժշկական սպասարկման հարցերը, առանձնազրույցներ են տեղի ունեցել վնասվածքաբանության, ընդհանուր թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողների հետ, ովքեր ծառայության տարբեր հանգամանքներում, այդ թվում՝ մարտական գործողությունների ընթացքում կամ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելիս վիրավորումներ ու վնասվածքներ են ստացել: Բուժանձնակազմի հետ քննարկվել են զինծառայողների բուժման ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցերը: Մարդու իրավունքների պաշտպանն ու Պաշտպանի ներկայացուցիչները զինծառայողներին պարզաբանել են նրանց իրավունքների իրացման հնարավորությունները, այդ թվում՝ առողջական վիճակի հետազոտման, բժշկական փորձաքննության ընթացքին ծանոթանալու և դրանց արդյունքներով տրված եզրակացություններն ու այլ փաստաթղթերը ստանալու, ինչպես նաև բարձրացված այլ հարցերի հետ կապված: Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Այցի ավարտին առանձին քննարկում է եղել ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության և հոսպիտալի ղեկավար կազմի հետ, Մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացվել ոլորտին առնչվող և հրատապ լուծում պահանջող մի շարք կարևոր խնդիրներ, այդ թվում՝ հոսպիտալի բժշկական տեխնիկայով հագեցվածության, բժշկական անձնակազմի համալրվածության, անձնակազմի հոսունության, ռազմական բժիշկների համար նախատեսված երաշխիքներին առնչվող հարցեր: Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ռազմական բժիշկների և ամբողջ բժշկական անձնակազմի հերոսական աշխատանքն անուրանալի է. այն առանձնահատուկ դրվատանքի է արժանի: Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը շարունակելու է մնալ Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
09:49 - 22 մարտի, 2022
Սյունիքի մարզի Ներքին Հանդ գործուղված աշխատանքային խումբն իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ. ՄԻՊ

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գործուղված աշխատանքային խումբն իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ. ՄԻՊ

Սյունիք մարզ (Ներքին Հանդ բնակավայր) գործուղված ՄԻՊ-ի աշխատանքային խումբն իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ: Ինչպես հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, փաստահավաք աշխատանքի համար կարևոր նշանակություն են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման հավաքագրված տեղեկությունները, քանի որ մինչև հրապարակային ահազանգերի ստացումը Պաշտպանի գրասենյակի Սյունիքի մարզային ներկայացուցիչները մշտական կապի մեջ են եղել Կապանի համայնքապետարանի, այդ թվում՝ Ներքին Հանդ վարչական ղեկավարի հետ։ Փաստահավաք աշխատանքային խումբը Ներքին Հանդ բնակավայր այցի ընթացքում հանդիպել է բնակավայրի վարչական ղեկավարի և բնակիչների հետ, տեղում դիտարկել է գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի ու Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից տարածքները և փաստագրել է բնակիչների իրավունքների իրացման խնդիրները: Զրույցների ու քննարկումների արդյունքում արձանագրվել է, որ Ներքին Հանդի գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի և Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից բլրի վրա 2022 թվականի մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի տեղակայումը, այդ թվում՝ մի քանի վրանների տեղադրումը և իրենց դիրքերից թիկունք կառուցվող նոր ճանապարհները, նոր են։ Բնակիչները նախկինում նշված տարածքում չեն նկատել ադրբեջանական զինծառայողների կամ որևէ դիրք՝ նշելով, որ դեռ երկու ամիս առաջ այդ տեղանքից փայտ են հավաքել։ Ավելին, ըստ բնակիչների՝ ադրբեջանական զինծառայողներին առաջինը նկատել է գյուղի հովիվը։ Ստեղծված իրավիճակում կարևոր է արձանագրել, որ Ներքին Հանդ բնակավայրի բնակիչների հիմնական զբաղմունքն է անասնապահությունը և հողագործությունը: Ադրբեջանական զինված ուժերի կողմից նոր դիրքավորման հետևանքով ուղիղ նշանառության ու դիտարկման տակ են հայտնվել բնակավայրի գերեզմանատունը, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի, եկեղեցին, ինչպես նաև գյուղի արոտավայրերի մեծ մասը՝ մոտ 50 հա, ինչպես նաև մի քանի գյուղացիների վարելահողերը և այգիները։ Անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար այս իրավիճակը լրջագույն դժվարություններ է ստեղծել իրենց ապրուստը հոգալու համար։ Թեպետ գյուղում չկա խուճապային տրամադրություն, սակայն գյուղացիներն անորոշ վիճակում են՝ ստեղծված իրավիճակի հետ կապված: Աշխատանքային խումբն արձանագրել է նաև, որ 2022 թվականի մարտի 16-ին Ներքին Հանդ բնակավայրում բնակիչների հետ հանդիպել են Սյունիքի մարզպետը և ՊՆ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ։ Բացի այդ, այս օրերին բնակիչների հետ պարբերաբար հանդիպումներ են իրականացրել Կապան համայնքի ղեկավարն ու նրա տեղակալները։ Այցի ընթացքում աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել նաև Կապան համայնքի ղեկավարի, Սյունիքի մարզպետարանի և այլ իրավասու պաշտոնատար անձանց հետ: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցի արդյունքներն ու հետևությունները, ինչպես նաև նշված և այլ խնդիրների լուծման առաջարկություններն ուղարկվել են Կառավարությանը։ ՄԻՊ գրասենյակից նշում են. որ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է հետամուտ լինել սահմանամերձ բնակավայրերի, այդ թվում՝ Ներքին Հանդի բնակիչների խնդիրների լուծման հարցերին։
11:49 - 21 մարտի, 2022
Մարտի 21-ը նշվում է որպես Դաունի համախտանիշի մարդկանց` «արևների» օր

Մարտի 21-ը նշվում է որպես Դաունի համախտանիշի մարդկանց` «արևների» օր

2012 թվականից ՄԱԿ-ի նախաձեռնությամբ մարտի 21-ը նշվում է որպես Դաունի համախտանիշի մարդկանց` «արևների» օր: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, հիշեցնելով, որ ամսաթվի ընտրությունը խորհրդանշում է համախտանիշն առաջացնող չտրոհվող 21-րդ քրոմոսոմը, որը որևէ կերպ պայմանավորված չէ ծնողների ազգությամբ, բնակության միջավայրով, նրանց վարքագծով կամ առողջական վիճակով։ Արևները հատկապես սիրում են ստեղծագործել արվեստի տարբեր ճյուղերում և իրենց իսկ օրինակով յուրաքանչյուրիս սովորեցնում են աշխարհը բացահայտել յուրովի։ «Այս օրը ևս մեկ առիթ է յուրաքանչյուրիս համար վերանայելու մեր ընկալումները ներառական հասարակության ձևավորման, հավասար հնարավորությունների ստեղծման վերաբերյալ՝ մեր ջանքերը նախևառաջ ուղղելով հաշմանդամության նկատմամբ կարծրատիպային դրսևորումների կանխարգելմանն ու բացառմանը։ Սա յուրաքանչյուրիս գործն է։ Ցավոք, մեր երկրում պետության հոգածության ներքո գտնվող երեխաներից շատերը շուրջօրյա խնամքի և պաշտպանության հաստատություններում են հենց հաշմանդամության կամ առողջական խնդիրներ ունենալու հետևանքով։  Մինչդեռ, ընտանիքում ապրելու, համայնքում ներգրավվելու իրավունքը, հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության նկատմամբ հարգանքը բացարձակ արժեքներ են, և չպետք է պայմանավորված լինեն անձի հաշմանդամությամբ։ Պետությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի հաշմանդամության կանխարգելման, վաղ շրջանում դրա հայտնաբերման նպատակով համայնքահեն ծառայությունների ներդրմանը։ Անհրաժեշտ են լրացուցիչ թիրախային ծրագրեր հաշմանդամություն, այդ թվում՝ Դաունի համախտանիշ ունեցող անձանց ինքնուրույնությունը խթանելու, նրանց զարգացման հնարավորությունները բացահայտելու և դրանք իրացնելու ուղղությամբ։ Հաշմանդամություն ունեցող մարդկանց արժանապատվության նկատմամբ հարգանքի միջոցով և կարծրատիպերը կոտրելով է հնարավոր ձևավորել հավասար հնարավորությունների միջավայր, որտեղ պետության և հասարակության առաջընթացը խթանվում է յուրաքանչյուր անձի կարողությունների ու ներուժի լիարժեք կիրառմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
11:08 - 21 մարտի, 2022
ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային

ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային։ Այս մասին հայտնում է ՄԻՊ-ի գրասենյակը։ «Հանդիպման սկզբում Լիլա Փիթրս Յահիան շնորհավորել է տիկին Գրիգորյանին այս պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նա իր մեծ ավանդը կունենա Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատի լավագույնս իրականացման գործում:  Հանդիպման ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն  Լիլա Փիթրս Յահիային ներկայացրել է վերջերս Արցախ կատարած այցի ընթացքում արձանագրված փաստերն ու հետևությունները, խոսել Արցախում առկա հումանիտար իրավիճակի մասին: Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ավելի քան մեկ շաբաթ տևող Արցախի գազամատակարարման փաստացի դադարեցման ու այդ ֆոնին ենթադրյալ  խափանումը վերականգնելուն Ադրբեջանի կողմից խոչընդոտելուն, ինչի արդյունքում ավելի քան 100.000 մարդ եղանակային ցուրտ պայմաններում զրկվել է ջեռուցման հնարավորությունից: Արդյունքում խախտված են անձանց կրթության, առողջության պահպանման իրավունքները: Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ մինչ այս պահը գազամատակարարումը դեռ վերականգնված չէ, և այդ ֆոնին էլեկտրաէներգիայի հաճախակի դադարումներն անտանելի պայմաններ են ստեղծում մարդկանց կյանքի համար:  Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է նաև Արցախի սահմանային գյուղերում տիրող իրավիճակը, հատուկ անդրադարձել է կատարվել Խրամորթ և մի շարք այլ գյուղերի բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակվող ահաբեկման գործողություններին, որոնք ուղեկցվում են ինտենսիվ կրակոցներով՝ նաև ցավալիորեն հանգեցնելով խաղաղ բնակիչների շրջանում վիրավորումների: Պաշտպանը նշել է, որ այդ ամենն ադրբեջանական կողմից հետևողական կերպով իրականացվող էթնիկ ատելության քաղաքականություն է՝ միտված Արցախի հայաթափմանը: Պաշտպանը մտահոգություն է հայտնել, որ միջազգային կազմակերպություններին ուղղված իր կոչերն ու փաստերի ներկայացումը համարժեք արձագանք չեն ստանում հատկապես այն ֆոնին, երբ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կազմակերպությունները Արցախում իրավիճակին ծանոթանալու հնարավորություն չունեն, ինչը այլ զարգացումների ֆոնին օբյեկտիվորեն հարցեր է առաջացնում հայ հասարակության շրջանում:  Տիկին Լիլա Փիթրս Յահիան կարևորել է Պաշտպանի կողմից ՄԱԿ մարդու իրավունքների մեխանիզմներն օգտագործելու հետևողականությունը: Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցությունը տարբեր ոլորտներում, մասնավորապես, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման, կանանց տնտեսական ու քաղաքական հզորացման, ինչպես նաև երեխաների ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերում:  Քրիստիննե Գրիգորյանը Լիլա Փիթրս Յահիային ներկայացրել է նաև Պաշտպանի հաստատության առաջնահերթությունները, որոնք ներառում են անվտանգային հարցերով որոշումներում մարդու իրավունքներից բխող մոտեցումների ներդրման, ատելության խոսքի դեմ պայքարի, իրավահավասարության համապարփակ իրավական շրջանակի ստեղծման, ինչպես նաև կանանց իրավազորման հարցերը:  Հանդիպման վերջում կողմերը վերահաստատել են հանձնառությունը շարունակելու սերտ համագործակցությունը, մտքեր են փոխանակել առաջիկա ծրագրերի վերաբերյալ և ձեռք բերել կոնկրետ հարցերի վերաբերյալ պայմանավորվածություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:   
18:45 - 18 մարտի, 2022