ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

ՀԱՊԿ-ը սատարում է իրավիճակը քաղաքական ճանապարհով կարգավորելու ՀՀ քայլերը․ Զասի բացառիկ հարցազրույցը |armenpress.am|

ՀԱՊԿ-ը սատարում է իրավիճակը քաղաքական ճանապարհով կարգավորելու ՀՀ քայլերը․ Զասի բացառիկ հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սահմանագծում և սահմանազատում սկսելու Հայաստանի և Ադրբեջանի որոշումը համարում է ներկա իրավիճակի կրկնությունը կանխելու կարևոր քայլ։ Այս մասին ընդգծեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ դեկտեմբերի 21-23-ը Հայաստան ծրագրված աշխատանքային այցին ընդառաջ բացառիկ հարցազրույցում՝ նշելով, որ կառույցը սատարում է ՀՀ կառավարության քայլերը՝ Ադրբեջանի հետ ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ։ -Պարոն Զաս, ինչպե՞ս եք գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զարգացման ներկա մակարդակը․ ինչպիսի՞ն է իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, անվտանգության ապահովման ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում, ինչպե՞ս է կառույցը լուծում իր առջև դրված խնդիրները և ինչպիսի՞ն է ապագայի տեսլականը։ -Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը բազմաֆունկցիոնալ կառույց է, որը հավաքական հիմքի վրա ապահովում է անդամ երկրների պաշտպանությունը ոչ միայն արտաքին ագրեսիայից, այլև, հաշվի առնելով փոփոխվող ռազմաքաղաքական իրողությունները, ժամանակակից բոլոր տեսակի մարտահրավերներից ու սպառնալիքներից՝ ներառյալ ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառությունը, անօրինական միգրացիան, նաև՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում։ Այսօր մենք ականատես ենք աշխարհում ճգնաժամային երևույթների աճին: Կազմակերպության անդամ երկրների համար ռազմական վտանգի մակարդակը, ցավոք, չի նվազում։ Դրա մասին, ի թիվս այլ հանգամանքների, վկայում է ՆԱՏՕ-ի երկրների ռազմական խմբավորումների ընդլայնվող ներկայությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արևմտյան սահմանների անմիջական հարևանությամբ, ինչպես նաև դաշինքի ռազմական ենթակառուցվածքների զարգացումը և ռազմական գործունեության ակտիվացումը: Մեզ շատ մտահոգում է հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարված իրավիճակը, որտեղ պարբերաբար տեղի են ունենում բախումներ և գնդակոծություններ, որոնց հետևանքով, ցավոք, մարդիկ են զոհվում։ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում վտանգ են ներկայացնում զարգացումներն Աֆղանստանում, որտեղ իրավիճակը շարունակում է մնալ բարդ, լարված և անկանխատեսելի։ Այս երկրում իշխանափոխությունից հետո պահպանվում է ներքին զինված դիմակայության ուժեղացման, ահաբեկչական կազմակերպությունների գործունեության ակտիվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ընդլայնման, անվերահսկելի միգրացիայի ավելացման հնարավորությունը։ Երկիրը հումանիտար աղետի եզրին է: Մենք մշտապես վերահսկում ենք իրավիճակը այս ճգնաժամային կետերում, որպեսզի ժամանակին արձագանքենք դրա հնարավոր վատթարացմանը։ Համատեղ միջոցառումների, առաջին հերթին ՀԱՊԿ Հավաքական ուժերի զորավարժությունների ընթացքում մենք մշակում ենք գործնական միջոցառումներ՝ ուղղված մեր պատասխանատվության գոտում անվտանգության ապահովմանը։ Մենք պատրաստում ենք ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը՝  խաղաղարար գործողություններին նրանց հնարավոր ներգրավվածության նպատակով։ Չի նվազում մեր երկրների անվտանգությանն այլ սպառնալիքների ակտուալությունը ևս՝ ահաբեկչություն, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, անօրինական միգրացիա, կիբեր սպառնալիքներ։ Դրանց հակազդելու համար ՀԱՊԿ-ն իրականացնում է միջոցառումների մի ամբողջ շարք, ինչպիսիք են՝ «Նայոմնիկ» օպերատիվ-կանխարգելիչ, «Կանալ» հակաթմրանյութային միջազգային համալիր գործողությունները, ինչպես նաև ապօրինի միգրացիայի և մարդկանց առևտրի դեմ պայքարի «Նելեգալ» և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների հակազդմանն ուղղված «Պրոքսի» գործողությունները։ Եթե խոսենք հեռանկարների մասին, ապա հաջորդ տարվանից կբացենք նոր ուղղություն՝ կենսաբանական անվտանգություն։ Արդեն որոշում է կայացվել Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեին կից ՀԱՊԿ անդամ երկրների լիազորված մարմինների կենսաբանական անվտանգության հարցերով համակարգող խորհուրդ ստեղծելու մասին։ -Արդեն մի քանի ամիս է, ինչ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ՀԱՊԿ մասնակից-պետություններից մեկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Ինչպե՞ս է կառույցը վերաբերվում այդ փաստին, ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու նրանց՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու ուղղությամբ։ -Մենք մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակով և ուշադիր հետևում ենք դրան։ Կարծում ենք, որ սահմանային վեճերը պետք է լուծվեն միայն քաղաքական և դիվանագիտական միջոցներով, և աջակցում ենք այս տարվա նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված համաձայնություններին՝ քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Ակնհայտ է, որ իրավիճակի ապաէսկալացիայի միջոցառումներն առավել քան երբևէ անհրաժեշտ են և առաջնահերթ նշանակություն ունեն։ Մենք սատարում ենք Հայաստանի կառավարության քայլերը՝ ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ։ Սա միակ ելքն ենք համարում։ Բացի այդ, արժե ավելի ակտիվ օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հնարավորությունները։ Նման մոտեցումը կապահովի անհրաժեշտ նախադրյալներ այս խնդրի լուծման համար։ -ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է, որ Հավաքական անվտանգության տարբեր շրջաններում իրավիճակի զարգացման տրամաբանությունը հստակ ցույց է տվել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդիականացման անհրաժեշտությունը․ «Ակնհայտ է ճգնաժամային իրավիճակների մշտադիտարկման, կանխատեսման և կանխարգելման մեխանիզմների անհրաժեշտությունը: Գործնականում այս ամենը կձևավորվի, այդ թվում՝ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի լիարժեք գործունեության ապահովման միջոցով»: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս մոտեցմանը։ - Ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման հիմնական գաղափարը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ազդեցության գոտում ճգնաժամի դեպքում հակաճգնաժամային որոշումներ կայացնելու ալգորիթմների օպտիմալացումն է, ինչպես նաև նյութատեխնիկական և մարդասիրական օգնության, տեղեկատվական և քաղաքական աջակցության օպերատիվ տրամադրումը։ Ներկայում Ճգնաժամային արձագանքման կենտրոնը գործում է, լրացուցիչ քայլեր են ձեռնարկվել դրա կադրերի հզորացման ուղղությամբ։ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների առաջարկությունների համաձայն՝ կենտրոնի կազմում լրացուցիչ ստեղծվել է օպերատիվ խումբ՝ կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական և ռազմավարական իրավիճակին հետևելու համար։ Ճգնաժամերին արձագանքելու մեխանիզմների կատարելագործման և ՀԱՊԿ մարմինների միջև փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով անցկացվում են ուսումնական միջոցառումներ։ Այսպես, այս տարվա հոկտեմբերին տեղի է ունեցել համատեղ գործնական խաղ՝ ներգրավելով կազմակերպության անդամ երկրների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների օպերատիվ խմբերը։ Խաղի ընթացքում մշակվել են պայմանական պետության տարածքում ճգնաժամային իրավիճակի կանխարգելման և հանգուցալուծման հարցերը՝ կապի միջոցների կիրառմամբ՝ ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի հետ համագործակցելու լիազորված ազգային մարմինների վերահսկողության կետերով։ Շարունակությունը՝ armenpress.am-ում
11:02 - 21 դեկտեմբերի, 2021
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 22-24-ը կայցելի Հայաստան |armenpress.am|

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 22-24-ը կայցելի Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 22-24-ը կայցելի Հայաստան` հանդիպելու երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հետ և քննարկելու ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը: Այս մասին տեղեկացրին ՀԱՊԿ քարտուղարությունից։ Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նրա հաստատմանը կներկայացնի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի նստաշրջանի որոշումների և Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանում ՀԱՊԿ գործունեության գերակա ուղղությունների կատարման միջոցառումների ծրագրի իրականացման նախագծերը: Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նրա հաստատմանը կներկայացնի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի նստաշրջանի որոշումների և Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանում ՀԱՊԿ գործունեության գերակա ուղղությունների կատարման միջոցառումների ծրագրի իրականացման նախագծերը: Սպասվում է նաև, որ Ստանիսլավ Զասը հանդիպումներ կունենա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
14:40 - 20 դեկտեմբերի, 2021
Երբ դաշնակիցները լռում են կամ հղում անում դեկլարատիվ հայտարարությունների |hetq.am|

Երբ դաշնակիցները լռում են կամ հղում անում դեկլարատիվ հայտարարությունների |hetq.am|

hetq.am: «Հետք»-ը նոյեմբերի 16-ին հարցում էր ուղարկել ՀԱՊԿ անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարություններ՝ հասկանալու, թե ինչ դիրքորոշում ունեն կամ ինչ քայլեր են փորձում ձեռնարկել այս երկրները իրենց ռազմական դաշնակցի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման առնչությամբ, հատկապես, որ գտնվելով միևնույն ռազմաքաղաքական բլոկում, այս երկրները պարտավորություններ ունեին անդամ մյուս երկրի տարածքային ամբողջականության ապահովման հարցում։ Հարցումներն ուղարկելուց անցել է ուղիղ մեկ ամիս, սակայն արձագանքել է միայն Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ սոսկ հղում անելով ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի նոյեմբերի 17-ի ճեպազրույցին, որի ընթացքում Զախարովան հանդես էր եկել դեկլարատիվ բնույթի մի շարք հայտարարություններով։  Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարություններն այդպես էլ անպատասխան թողեցին մեր հարցումը։ Հավանաբար, նրանց ընդհանրապես հետաքրքիր չէ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, քանի որ իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ ավելի սերտ են, քան Հայաստանի հետ։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում
13:08 - 16 դեկտեմբերի, 2021
ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի հերթական նիստը կանցկացվի Հայաստանում

ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի հերթական նիստը կանցկացվի Հայաստանում

Դեկտեմբերի 8-ին ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հարցերով Ռազմական կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովի նախագահությամբ տեղի է ունեցել Ռազմական կոմիտեի 19-րդ նիստը՝ տեսակապի միջոցով։ Նիստին մասնակցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ԶՈՒ գլխավոր շտաբների պետերը: Նիստի ընթացքում քննարկվել են ռազմական անվտանգության սպառնալիքներն ու մարտահրավերները, ինչպես նաև Հավաքական ավիացիոն ուժերի հետագա զարգացման և Հավաքական անվտանգության տարածաշրջաններում դրանց ծավալման ու կիրառման ժամանակ զորքերի կոալիցիոն խմբավորումների հակաօդային պաշտպանության կազմակերպման հարցերը: ԶՈՒ գլխավոր շտաբների պետերին են ներկայացվել հավաքական անվտանգության համակարգը և տարածաշրջանային կայունության պահպանման անհրաժեշտությունը: Դիտարկվել են հաջորդ տարի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամանակահատվածի՝ ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունները։ Որոշումներ են ընդունվել Կազմակերպության հավաքական ուժերի բաղադրիչի կառավարման արդյունավետության բարելավման վերաբերյալ: Կայացել է մտքերի հանգամանալից փոխանակում Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբները վերահաստատել են ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերների և սպառնալիքների բնույթը, ձեռք են բերվել պայմանավորվածություններ դրանք չեզոքացնելու և ՀԱՊԿ ռազմական ներուժը բարելավելու համար համատեղ գործողությունները համակարգելու վերաբերյալ։ Միջոցառման արդյունքում ստորագրվել է Ռազմական կոմիտեի նիստի արձանագրությունը, որում արտացոլված են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հիմնական ուղղությունները: Ռազմական կոմիտեի հերթական նիստը կանցկացվի ՀՀ-ում 2022 թ. 1-ին կիսամյակում:
19:20 - 08 դեկտեմբերի, 2021
ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները կոչ են արել ակտիվացնել աշխատանքը երիտասարդների հետ՝ ահաբեկչությանը հակազդելու համար |1lurer.am|

ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները կոչ են արել ակտիվացնել աշխատանքը երիտասարդների հետ՝ ահաբեկչությանը հակազդելու համար |1lurer.am|

1lurer.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները մտահոգված են համացանցի միջոցով բռնության և ահաբեկչության հրահրման գաղափարների տարածման կապակցությամբ և կոչ են անում ակտիվացնել աշխատանքը երիտասարդների հետ: Այդ մասին նշված է ՀԱՊԿ ԱԳ նախարարների՝ Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների համաժողովի շրջանակում ընդունած համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում: «Մտահոգություն ենք հայտնում, այդ թվում՝ համացանցի միջոցով ատելության խոսքի և գաղափարների տարածման կապակցությամբ, որոնք հրահրում են բռնություն և սնուցում են ահաբեկչությունը»,- ասված է հայտարարության մեջ: Տեքստում ընդգծվել է տեղեկատվական գրագիտության զարգացման ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը, հատկապես երիտասարդության շրջանում՝ ատելության քարոզչությունն ու ահաբեկչական գաղափարների տարածումը կանխելու համար: Բացի այդ, նախարարները «լուրջ մտահոգություն են հայտնել ահաբեկչական նպատակներով համացանցի օգտագործման աճի կապակցությամբ, ներառյալ՝ ահաբեկչական հարձակումների ուղիղ հեռարձակումները»: Նրանք ընդգծել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում միասնականության անհրաժեշտությունը՝ ընդգծելով այդ սպառնալիքին դիմակայելու հարցում ռազմավարությունների անհրաժեշտությունը: Նախարարների խոսքով՝ անհրաժեշտ է կատարելագործել ահաբեկչության դեմ պայքարի առաջադիմական մեթոդները, ինչպես նաև զարգացնել համագործակցությունը ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ անդամ երկրների միջև՝ անվտանգության ամրապնդման նպատակով:
17:46 - 04 դեկտեմբերի, 2021
ՀՀ-ն Հաագայում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախյան պատերազմի ընթացքում քիմիական տարրեր պարունակող զենքի կիրառման խնդրին

ՀՀ-ն Հաագայում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախյան պատերազմի ընթացքում քիմիական տարրեր պարունակող զենքի կիրառման խնդրին

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Հաագայում տեղի ունեցավ Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող պետությունների 26-րդ համաժողովը, որին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։  Համաժողովի ընթացքում քննարկվեցին Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի իրականացման ընթացքը, առկա մարտահրավերները և առաջիկա քայլերը։ Կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում վերանշանակվեց Ֆերնանդո Արիասը։ Հայկական պատվիրակության ղեկավարը՝ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) նախագահող երկրի ներկայացուցիչ, համաժողովի ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների անունից հանդես եկավ համատեղ հայտարարությամբ, որն անդրադառնում է զինված հակամարտությունների ընթացքում քիմիական զենքի կիրառման անընդունելիությանը, կազմակերպության տեխնիկական ուղղվածության պահպանման և վերջինիս չքաղաքականացման կարևորությանը։ ՀԱՊԿ անդամ երկրներն ընդգծեցին զինված հակամարտությունների ընթացքում քիմիական զենքի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ Կոնվենցիային անդամակցող երկրների հայտերին արագ արձագանքելու հարցում տեխնիկական քարտուղարության օբյեկտիվության և անաչառության պահպանման կարևորությունը։  Համաժողովին տարածվեց Հայաստանի ազգային հայտարարությունը, որում հայկական կողմն անդրադարձել է 2020թ․ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում քիմիական տարրեր պարունակող զենքի կիրառմանը՝ ափսոսանք հայտնելով առ այն, որ Տեխնիկական քարտուղարությունը ՔԶԱԿ փաստահավաք առաքելություն չի գործուղել Արցախ՝ քիմիական նյութ պարունակող զենքի կիրառման փաստը քննելու նպատակով: 
22:11 - 02 դեկտեմբերի, 2021
ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպմանը Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության ապահովման հետ կապված վերջին զարգացումները

ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպմանը Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության ապահովման հետ կապված վերջին զարգացումները

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի համակարգմամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն: Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարներն անդրադարձել են ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի օրակարգին։ Արարատ Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության ամրապնդումը՝ հիմնված ԵԱՀԿ համապարփակ, անբաժանելի և համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա և ՀԱՊԿ դաշնակցային պարտավորություններին համահունչ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգության ապահովման հետ կապված վերջին զարգացումները։ Այդ առումով նա շեշտել է դաշնակիցների՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիային միտված ջանքերի ներդրման անհրաժեշտությունը։ Անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում նախագահության առաջնահերթություններին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ գործիքակազմի, այդ թվում՝ ճգնաժամային արձագանքման գործիքակազմի կատարելագործման կարևորությունը։
17:45 - 02 դեկտեմբերի, 2021
«Մայիսի մեր դիմումները շարունակում են ուժի մեջ մնալ»․ Արմեն Գրիգորյանը՝ ՌԴ-ին եւ ՀԱՊԿ-ին նոյեմբերից հետո պաշտոնապես դիմելու մասին

«Մայիսի մեր դիմումները շարունակում են ուժի մեջ մնալ»․ Արմեն Գրիգորյանը՝ ՌԴ-ին եւ ՀԱՊԿ-ին նոյեմբերից հետո պաշտոնապես դիմելու մասին

«Ի վերջո Մոսկվային, ՀԱՊԿ-ին գրավոր պաշտոնական դիմում եղե՞լ է նոյեմբերի 16-ից հետո»․ Ազատություն ՌԿ-ի այս հարցին ի պատասխան՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ մայիսի 12-ից հետո արդեն դիմել էին, եւ որ դիմելու գործընթացը պրոցեսի մեջ է․ «Մենք ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներից ակնկալում ենք այս հարցի լուծման գործընթացում աջակցություն։ Ինչպես գիտեք՝ բազմիցս հայտարարել ենք, որ դիվանագիտական ճանապարհով պատրաստ ենք հարցը լուծել, բայց եթե դիվանագիտական ճանապարհով չի լուծվում, մենք պետք է մտածենք լուծման այլ տարբերակներ, եւ մենք մեր գործընկերներից աջակցություն ենք ակնկալում»։ Ճշտող հարցին՝ այսինքն՝ երբ նոյեմբերին ասում էին, որ դիմում են ՌԴ-ին, նկատի ունեին մայիսի դիմո՞ւմը, Գրիգորյանը պատասխանեց․ «Նաեւ մայիսի դիմումը․ դա շարունակում է ուժի մեջ մնալ, մեր դիմումները շարունակում են ուժի մեջ մնալ, որովհետեւ մայիսի 12-ին ստեղծված ճգնաժամի շարունակությունն է սա, հարցը չի լուծվել»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ի հետ շարունակում են քննարկել, եւ ընդհանուր մոտեցում կա, որ դա ուղղակի սահմանային միջադեպ չէ․ «Մենք շարունակում ենք ակնկալել, որ աջակցություն կցուցաբերեն, որպեսզի կարողանանք հարցը լուծել, որովհետեւ նաեւ ՌԴ-ի հետ մեր դաշնակցային հարաբերությունները ենթադրում են, որ նման իրավիճակներում մենք պետք է ստանանք համապատասխան աջակցություն, որպեսզի կարողանանք հարցեր լուծել»։  
14:51 - 02 դեկտեմբերի, 2021
Անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ երկրների միջև ռազմական համագործակցության ձևավորումը. Հակոբ Արշակյան

Անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ երկրների միջև ռազմական համագործակցության ձևավորումը. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ԱԺ պատվիրակության անդամ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 1-ին մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ-ի կազմավորման 15-ամյակի առթիվ կազմակերպված առցանց կլոր սեղան-քննարկմանը: Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ վերջին տարիների մարտահրավերներն ու սպառնալիքները վկայում են ջանքերի համախմբման անհրաժեշտության մասին՝ անվտանգության ապահովման և գլոբալ մարտահրավերներին հաջող արձագանքելու համար: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է հոբելյանական միջոցառումներին. ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը նշում է 15-ամյակը, հաջորդ տարի նշվելու են Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակը: «Այս ընթացքում կազմակերպությունն ամրապնդել է իր կարգավիճակը՝ որպես բազմաֆունկցիոնալ տարածաշրջանային միջազգային կազմակերպություն»,- ասել է Հակոբ Արշակյանը: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է կազմակերպությունում մեր երկրի նախագահության առաջնահերթություններին՝ ուղղված կառույցի ներուժի մեծացմանը՝ հանուն հավաքական անվտանգության ապահովման և համաչափ զարգացման: Ըստ խորհրդարանի փոխնախագահի՝ անհրաժեշտ է կատարելագործել ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները: Այս համատեքստում, ըստ նրա, կարևոր են ճգնաժամային իրավիճակների մոնիտորինգի, կանխատեսման և նախազգուշացման մեխանիզմները: «Մենք անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ երկրների միջև ռազմական համագործակցության ձևավորումը՝ կոլեկտիվ անվտանգության ուժերի մարտական պատրաստվածության, համախմբվածության և շարժունակության բարձրացման համար: Մեր ջանքերն միտված են լինելու խնդիրների մշակմանը և առաջարկների արդիականացմանն ու կատարելագործմանը` ուղղված ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, տեղեկատվական անվտանգությանը, թմրամիջոցների դեմ պայքարին և անօրինական միգրացիայի դեմ պայքարին»,- շեշտել է Հակոբ Արշակյանը: Նա խոսել է խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերակատարության մասին և հավելել, որ կշարունակվեն մշակվել քայլեր՝ ուղղված միջազգային խորհրդարանական համագործակցության ընդլայնմանը: «Միջազգային խորհրդարանական հարթակներում մենք՝ որպես գործընկերներ, մեր պատվիրակությունների մասնակցությամբ պետք է համախմբված և համակարգված դիրքորոշում ցուցաբերենք դաշնակիցների՝ ՀԱՊԿ անդամ երկրների շահերը շոշափող հարցերի շուրջ»,- համոզմունք է հայտնել Հակոբ Արշակյանը: ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել միջազգային անվտանգության ոլորտում ծագող մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում խորհրդարանական շարունակական փոխգործակցության ապահովման համար: «Համաշխարհային և տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում Հայաստանը բաց է համագործակցության համար՝ իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և շահերը հաշվի առնելու սկզբունքներով»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:
20:00 - 01 դեկտեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանն առաջնահերթություն է համարել ՀԱՊԿ պետությունների միջեւ ռազմական համագործակցության զարգացումը

Ալեն Սիմոնյանն առաջնահերթություն է համարել ՀԱՊԿ պետությունների միջեւ ռազմական համագործակցության զարգացումը

Նոյեմբերի 29-ին Մոսկվայում առցանց տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ  խորհրդի եւ ԽՎ-ի  14-րդ համատեղ լիագումար նիստը: ՀԱՊԿ-ում նախագահող պետության խորհրդարանի ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր ծավալուն ելույթում անդրադարձել է ժամանակակից աշխարհի միջազգային եւ ազգային անվտանգության խնդիրներին, ինչպես նաեւ՝ ընդլայնվող նոր մարտահրավերներին ու սպառնալիքների մասշտաբներին: Այս մասին հայտնում են  ՀՀ ԱԺ-ից: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ն առանցքային հարթակ է անվտանգության ապահովման համար՝ երաշխավորելու կազմակերպության անդամ պետությունների անվտանգությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Անդրադառնալով 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի նախագահության ստանձնմանը՝  նա շեշտել է, որ Հայաստանի նախագահության առաջնահերթությունները կենտրոնացած են Կազմակերպության ներուժի ընդլայնմանը՝ ի շահ հավաքական անվտանգության ապահովման զարգացման: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ նշվում է հիմնարար փաստաթղթի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակը: ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է ընդլայնել նաեւ համատեղ հայտարարություններ անելու պրակտիկան՝ թարմացնելով  ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները: Խոսելով առաջնահերթություններից՝ Ալեն Սիմոնյանն  առանձնացրել է ՀԱՊԿ պետությունների միջեւ ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:  Ելույթում անդրադարձ է եղել ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, տեղեկատվական անվտանգության ապահովմանը եւ մի շարք այլ հարցերի:  Ալեն Սիմոնյանը  կարեւորել է  ՀԱՊԿ-ի խորհրդարանական հարթության հետագա ինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկումը: Նա մասնակիցներին տեղեկացրել է, որ  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակը նշելու եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստը Երեւանում անցկացնելու եւ մի շարք այլ  առաջարկներով:
16:46 - 29 նոյեմբերի, 2021
ՀԱՊԿ անդամներն ու Իրանը Աշխաբադյան հռչակագրով շնորհավորել են Ադրբեջանին՝ «օկուպացված տարածքների ազատագրման» կապակցությամբ |factor.am|

ՀԱՊԿ անդամներն ու Իրանը Աշխաբադյան հռչակագրով շնորհավորել են Ադրբեջանին՝ «օկուպացված տարածքների ազատագրման» կապակցությամբ |factor.am|

factor.am: Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում նախօրեին Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի արդյունքներով անդամ պետությունների ու կառավարություններն ղեկավարներն ընդունել են ամփոփիչ հռչակագիր՝ «Գործողությունների Աշխաբադյան կոնսենսուսը»։ Հայկական կողմի համար փաստաթուղթն էական է այնքանով, որ այստեղ առկա են դրույթներ, որոնք առնչվում են Արցախյան 44-օրյա պատերազմին, իսկ կազմակերպության անդամ-երկրները շնորհավորում են Ադրբեջանին պատերազմում հաղթանակի կապակցությամբ։ Նշենք, որ այս կազմակերպության անդամներն են Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Պակիստանը, Ուզբեկստանը։ Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է․ «Շնորհավորում ենք Ադրբեջանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին՝ «օկուպացված տարածքների ազատագրման ու տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ», և հաստատապես հավատում, որ իրադարձությունների նման զարգացումը ճանապարհ կհարթի տարածաշրջանում կայուն խաղաղության ու տնտեսական բարգավաճման համար՝ բարիդրացիական հարաբերությունների հաստատման միջոցով»։ Առավել մանրամասն՝ factor.am-ում
13:35 - 29 նոյեմբերի, 2021
Ստանիսլավ Զասի շնորհավորական ուղերձը Սուրեն Պապիկյանին

Ստանիսլավ Զասի շնորհավորական ուղերձը Սուրեն Պապիկյանին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Սուրեն Ռաֆիկի Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Ձեր հանդեպ ցուցաբերված վստահությունը վկայում է կառավարման ոլորտում Ձեր ունակությունների, մասնագիտական ձեռքբերումների, խորը գիտելիքների և կուտակած գործնական փորձի գնահատման մասին։ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը երկրի անվտանգության ապահովման և պետական ինքնիշխանության կարևոր գործոն է հանդիսանում, ինչպես նաև կարևոր օղակ՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգում։ Հարգելի Սուրեն Ռաֆիկի. Մաղթում ենք Ձեզ առողջություն և հաջողություն Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ամրապնդմանը և ՀԱՊԿ շրջանակում ռազմական համագործակցության զարգացմանը միտված պատասխանատու գործունեության ընթացքում»։ 
16:13 - 26 նոյեմբերի, 2021
ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստում ՀՀ-ն ներկայացրել է Ադրբեջանի նոյեմբերի 16-ի ագրեսիայի մասին հայտարարություն

ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստում ՀՀ-ն ներկայացրել է Ադրբեջանի նոյեմբերի 16-ի ագրեսիայի մասին հայտարարություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանն ու Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը նոյեմբերի 19-ին տեսակապի միջոցով մասնակցել են ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների համատեղ առցանց նիստի աշխատանքներին:   ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ առցանց նիստում քննարկվել են մասնակից երկրների խորհրդարանների ներկայացուցիչների հավանությանն են արժանացել մի շարք հարցեր: Հայկական պատվիրակության անդամները որոշ հարցերի առնչությամբ ներկայացրել են առաջարկներ, որոնք ընդունվել են:  «Անդրանիկ Քոչարյանը գործընկերներին ներկայացրել է նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի, դրա հետեւանքների, տուժածների վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունը:  Պատգամավորը, կարեւորելով նման քայլերի կանխարգելումը, անհրաժեշտ է համարել բոլորի կողմից  գործուն քայլերի ձեռնարկումը՝ ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ եւ ամբողջական դուրսբերման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:  Քննարկված նախագծերի քվեարկությունը տեղի է ունենալու նոյեմբերի 29-ի ՀԱՊԿ ԽՎ-ի լիագումար նիստի ընթացքում, որը նույնպես կայանալու է տեսակապի միջոցով:
18:49 - 19 նոյեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ․ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ․ԱԳՆ

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։  Նախարար Միզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Նա հավելել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր սադրիչ գործողություններով խաթարում է տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը և իրավիճակի դեէսկալացիային ուղղված Հայաստանի ջանքերը: Զրուցակիցները քննարկել են ՀՀ արևելյան սահմանագոտում ստեղծված իրավիճակի կայունացման նպատակով անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ում գործող մեխանիզմների ու գործիքակազմի շրջանակներում հնարավոր քայլերի` սահմանված կարգով դիտարկումը:
19:44 - 18 նոյեմբերի, 2021