Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Վիրավորանքի եւ զրպարտության տուգանքի խստացում. ԱԺ հանձնաժողովը նախագիծ է քննարկում |lragir.am|

Վիրավորանքի եւ զրպարտության տուգանքի խստացում. ԱԺ հանձնաժողովը նախագիծ է քննարկում |lragir.am|

lragir.am: ԱԺ պետաիրավական հարցերի մշատական հանձնաժողովի նիստում քննարկվում է վիրավորանքի ու զրպարտության համար ավելի բարձր տուգանքներ սահմանելու նախագիծը։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը  հեղինակել է նախծագիծ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։ Ալեն Սիմոնյանն ասաց, որ առկա օրենքով նշվում է, որ վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցառումներից մեկը կամ մի քանիսը՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով վճարման փոխհատուցումը։ Օրենքի նախագծով առաջարկվում է փոխել և փոխհատուցման գումարի չափը սահմանել նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկի չափով։ Զրպարտության դեպքում գործող օրենքով անձը կարող է պահանջել նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում։ Առաջարկվում է այս դրույթը փոխարինել 10  000-ապատիկի չափով վճարման կարգով։ «Եթե դրամային վերածենք, այսօր 1 մլն-ը դառնում է 5 մլն, իսկ 2 մլն-ը՝ 10 մլն։ Բայց սա թողնվում է դատարանի որոշումը։ Դատարանը կարող է մեկ դրամի փոխհատուցում էլ սահմանել», նշեց Սիմոնյանը։ «Մենք բոլորս գիտենք, որ այսօր տեղեկատվական դաշտում տիրում է մի իրավիճակ, երբ վիրավորանքն ու զրպարտությունը գրեթե ամեն օր կարող է հանդիպել։ Ուստի, այն պարագայում, երբ համացանցը թույլ է տալիս ընդամենը մի քանի րոպեի ընթացքում գրանցել էջեր, կայքեր, որոնք իբր հանդիսանում են լրատվական կայքեր, կարծում եմ՝ այս փոփոխությամբ մենք կկարողանանք հնարավորինս կանխել սուտը և զրպարտությունը»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ հասարակ ընթերցողներն ԱԺ-ից գործուն քայլեր են պահանջում այս ուղղությամբ։ Կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ նախագծին, բայց ըստ Ալեն Սիմոնյանի, կառավարությունից առաջարկություն կա տուգանքների չափերը սահմանել վիրավորանքի դեպքում նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով, իսկ զրպարտության դեպքում՝ 3000-ապատատիկի չափով։ Արդադադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց՝ կա հարցի երկրորդ կողմը, այստեղ խոսք է գնում խոսքի ազատության սահմանափակման մասին, որն, իհարկե, բացարձակ չէ։ Եվ որոշ դեպքերում պետք է սահմանափակվի այն։ «Մենք առաջարկում ենք, որ վիրավորանքի դեպքում սահմանվի ոչ ավելի, քան 2 մլն դրամ, իսկ  զրպարտության համար՝ ոչ ավելի, քան 3 մլն, որպեսզի արդար հավասարակշռության սկզբունքը չխախտվի և վտանգ չներկայացվի խոսքի ազատության համար», ասաց փոխնախարարը։
13:19 - 07 սեպտեմբերի, 2020
Հանձնաժողովը քննարկել է դատախազության և քննչական մարմինների սահմանադրական կարգավիճակի հայեցակարգը

Հանձնաժողովը քննարկել է դատախազության և քննչական մարմինների սահմանադրական կարգավիճակի հայեցակարգը

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով սեպտեմբերի 4-ին անցկացրեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը՝ հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Օրակարգի համաձայն, հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ Արթուր Ղամբարյանը հանդես է եկել իր հեղինակած «Դատախազության և քննչական մարմինների սահմանադրական կարգավիճակ» վերտառությամբ հայեցակարգային զեկույցով։ Ընդհանուր դրույթներով անդրադարձ է կատարվել ՀՀ դատախազության կարգավիճակի սահմանադրական հիմքերի բարեփոխումներին (դատախազության անկախության մասին դրույթի սահմանադրական ամրագրում, դատախազության գործառույթների (լիազորությունների) համակարգի վերափոխում, հստակեցում և այլն), ինչպես նաև քննչական մարմինների կարգավիճակի բերափոխումներին (քննչական մարմինների՝ որպես առանձին մարմնի մասին սահմանադրական կարգավորման վերանայում, քննության գործառույթից կիսադատական տարրի առանձնացում և քննչական մարմինների գործադիր բնույթի (ապացույցների հավաքման) գործառույթների հստակեցում և այլն): Զեկույցից հետո հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները, փաստարկներն ու հակափաստարկները:
12:09 - 05 սեպտեմբերի, 2020
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց արտակարգ դրությունը չերկարաձգելու հնարավորություն տվող փաթեթին |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց արտակարգ դրությունը չերկարաձգելու հնարավորություն տվող փաթեթին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթին, որի ընդունումը հնարավորություն կտա այլևս չերկարաձգել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը: Հանձնաժողովում փաթեթը ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը: «Այս օրենքների փաթեթն ուղղված է համավարակի դեմ պայքարը շարունակելուն նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի ավարտվելուց հետո: Ներկայումս համավարակային իրավիճակը որոշակի թուլացում է արձանագրել, որը հնարավորություն է տալիս կառավարությանը՝ պայքարը ծավալել նաև արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ փաթեթը համատեղ հեղինակել են Առողջապահության և Արդարադատության նախարարությունները: Ըստ նախագծի՝ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբեռնման, ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից և կառավարության կողմից տարբեր տարածքներում: Համավարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժի իրավունքի կամ տրանսպորտային միջոցի տեղաշարժի սահմանափակումներ, ինքնամեկուսացում/մեկուսացում: Այն դեպքերում, երբ կարանտին կսահմանվի կառավարության կողմից, հնարավոր կլինեն նաև ավելի խիստ միջոցառումներ՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ ՏԻՄ-երում կամ այլ հաստատություններում: Արտակարգ դրությունը նոր ռեժիմից տարբերվում է իրավունքների սահմանափակման ծավալներով, խստությամբ և կիրառվող գործիքակազմի ինտենսիվությամբ: Այլևս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, տնտեսական գործունեության արգելման դեպքերը: Եթե օրենսդրական փաթեթի փոփոխություններն ընդունվեն մինչև սեպտեմբերի 11-ը, ապա արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերով առաջարկվող միջոցառումները:
11:30 - 04 սեպտեմբերի, 2020
Պարեկային ծառայության համար ձեռք կբերվի 150 ավտոմեքենա՝ տեխնիկական ամենավերջին հնարավորությամբ, ծառայությունը կունենա նաև զենքի նոր տեսակ |tert.am|

Պարեկային ծառայության համար ձեռք կբերվի 150 ավտոմեքենա՝ տեխնիկական ամենավերջին հնարավորությամբ, ծառայությունը կունենա նաև զենքի նոր տեսակ |tert.am|

tert.am: Կառավարության այսօրվա հերթական նիստին որոշում կայացվեց ՀՀ ոստիկանությունում նոր ձևավորվող պարեկային ծառայության համար անհրաժեշտ թվով 150 պարեկային նշանակության տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար ֆինանսական միջոցներ նախատեսել: Նախագիծը ներկայացրեց Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարցին ի պատասխան, թե հաջորդ տարի Երևան քաղաքում ունենալու ենք ամբողջովին ներդրված Պարեկային ծառայություն, ոստիկանապետը դրական պատասխան տվեց: Արդարադատության  նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ հիմա արդեն իրականացրել են դասախոսների մրցութային կարգով ընտրություն, հոկտեմբերին կմեկնարկի հնգամսյա դասընթացի փուլ: Նախարարը նշեց նաև, որ մեքենաները կահավորված են լինելու ամենավերջին տեխնիկական հնարավորությամբ: «Պարեկային  ծառայությունն ունենալու է նոր զենքի տեսակ, որը նախատեսված է ձեռք բերել աշնան ընթացքում»,- ասաց նա:Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ընդհանուր բարեփոխման համար միջոցներ բյուջեով չեն նախատեսվել և տրամաբանությունն այն է եղել, որ կնախատեսվեն ըստ անհրաժեշտության: Ավելին՝ tert.am-ում
13:25 - 03 սեպտեմբերի, 2020
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, արդարադատության նախարարը և ոստիկանապետը փոխըմբռնման նոր հուշագրեր են ստորագրել

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, արդարադատության նախարարը և ոստիկանապետը փոխըմբռնման նոր հուշագրեր են ստորագրել

Ընդառաջելով հակակոռուպցիոն և ոստիկանական բարեփոխումների ռազմավարությունների իրականացմանն աջակցելու Հայաստանի կառավարության խնդրանքին՝ դեսպան Թրեյսին օրերս փոխըմբռնման երկու հուշագիր ստորագրեց, որոնք հստակեցնում են ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից նախատեսվող օժանդակությունը նոր հակակոռուպցիոն հաստատությունների և նոր պարեկային ոստիկանության ձևավորման աշխատանքներում։ ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ողջունելի է, որ Հայաստանի կառավարությունը թափանցիկության, հաշվետվողականության, արդյունավետության ու մարդու իրավունքների երաշխավորման սկզբունքների վրա հիմնված հակակոռուպցիոն ու իրավապահ հաստատությունների ձևավորման աշխատանքներում ներգրավում է իր միջազգային գործընկերներին։ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը պատրաստ է իրականացնել իր հիմնական առաքելությունը՝ աջակցել Հայաստանի կառավարությանը քրեական արդարադատության ողջ համակարգի հաստատությունների ամրապնդման հարցում։
21:06 - 01 սեպտեմբերի, 2020
90-ից ավելի ծառայություններ հասանելի են մեկ վայրում․ Երևանի կենտրոնում գործարկվել է Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակը

90-ից ավելի ծառայություններ հասանելի են մեկ վայրում․ Երևանի կենտրոնում գործարկվել է Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակը

Արդարադատության նախարարությունը հիշեցնում է, որ Երևանի  կենտրոնում գործարկվել է Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակը: Քաղաքացիների համար ստեղծվել ենբոլոր հարմարավետ պայմանները միասնական կենտրոնից ստանալու՝1․Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,2․Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի,3․Պետական եկամուտների կոմիտեի,4․Ազգային արխիվի,5․Սոցիալական ապահովության ծառայության,6․Միգրացիոն ծառայության,7․Կադաստրի կոմիտեի,8․Թաղման բյուրոյի,9․Նոտարական ծառայություններ: Տարածքն ունի սպասասրահ, ավտոկայանատեղի և հագեցված է բանկային տերմինալներով, հերթագրման սարքերով (գործում  է նաև էլեկտրոնային հերթագրման հնարավորություն՝ Еarlyone բջջային հավելվածով): Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում դիմումները կարող եք ներկայացնել Վազգեն Սարգսյան 3 հասցեում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Կախված գրասենյակ դիմող քաղաքացիների ակտիվությունից՝ անհրաժեշտության դեպքում սպասարկումը կիրականացվի նաև հանգստյան օրերին: Միասնական գրասենյակում մատուցվող ՔԿԱԳ ծառայությունների վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 10 59 39 22 և +374 10 59 39 39։ Մանրամասները՝ տեսանյութում։  
11:53 - 01 սեպտեմբերի, 2020
Քրեական ենթամշակույթի հետ պայքարում մենք գրանցում ենք հաջողություններ. Ռուստամ Բադասյան |armtimes.com|

Քրեական ենթամշակույթի հետ պայքարում մենք գրանցում ենք հաջողություններ. Ռուստամ Բադասյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձավ շրջանառվող այն լուրերին, թե քրեակատարողական հիմնարկներում կրկին խոշտանգումներ են տեղի ունեցել: Բադասյանի փոխանցմամբ՝ տարիներ շարունակ այդ խոշտանգման դեպքերը կապված են եղել քրեական ենթամշակույթի հետ: Նա նաեւ հիշեցրեց այն խոսքերը, ըստ որի՝ պայքարելու են քրեական ենթամշակույթի դեմ եւ շեշտեց, որ դրանք ամենեւին ուղղակի բառեր չեն: «Եվ եթե վստահելու ենք ոչ թե արդարադատության նախարարության կամ ՔԿՀ ծառայության տեղեկատվությանը, այլ քրեական ենթամշակույթի կողմից տարածվող լուրերին, ըստ որի՝ խոշտանգումներ են տեղի ունենում ՔԿՀ-ներում, կարծում եմ՝ դա սխալ մոտեցում է, որովհետեւ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը ընթանում է, ընթանալու է»,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ վերջերս հարուցվել են քրեական գործեր, եւ դրանց շրջանակներում կամ դրանցից դուրս խցերում կատարված խուզարկությունները կարող են որոշակի դիմադրությունների արժանանալ: Այդ դիմադրությունը, ինչպես ասաց Բադասյանը, հաղթահարելու օրենքով սահմանված մեխանիզմ կա: Խոշտանգման մասին խոսել, նախարարի կարծիքով, ավելորդ է: «Ազնիվ կլինի, որ մենք ամեն բան կոչենք իր անունով: Խոշտանգումները ՔԿՀ-ներում կապված են եղել քրեական ենթամշակույթի ազդեցության, այդ թվում՝ քրեակատարողական ծառայության վրա, դրա հետեւանքով: Հիմա մենք զբաղվում ենք հետեւանքը ծնող պատճառի վերացմամբ»,- հայտարարեց Բադասյանը: Նա նաեւ արձանագրեց, որ քրեական ենթամշակույթի օրենքի քննարկման ընթացքում հնչած այն կարծիքները, որ այն չի գործելու, արդեն ջախջախված են: Ինչ վերաբերում է օրենքի ամբողջական կիրառելիության ընթացքում առաջացող բարդություններին, դրա մասին Բադասյանը կխոսի, երբ արդեն մեղադրական դատավճիռ լինի, բայց հայտնեց, որ որեւէ մտահոգություն չունի կիրառելիության հետ կապված, եւ եթե մեղադրանք է ներկայացվել, կալանավորման որոշում է կայացվել, առնվազն հիմնավոր կասկածի ինստիտուտը հաղթահարված է: Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:14 - 31 օգոստոսի, 2020
Դատական համակարգը քանդելու վերաբերյալ դիսկուրսն ինձ համար անընդունելի է. Ռուստամ Բադասյանը՝ Գերագույն դատարան ստեղծելու մասին |tert.am|

Դատական համակարգը քանդելու վերաբերյալ դիսկուրսն ինձ համար անընդունելի է. Ռուստամ Բադասյանը՝ Գերագույն դատարան ստեղծելու մասին |tert.am|

tert.am: Կարծում եմ՝ պարոն Շաթիրյանի թե' մասնագիտական, թե' անձնային հատկանիշները բավարարում են ՍԴ-ում գործունեության համար և ՍԴ-ի նկատմամբ վստահություն սերմանելու հարցում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «ՍԴ դատավորի մյուս թեկնածուների մասով թույլ չեմ տա որևէ կարծիք արտահայտել, որովհետև նրանք ՀՀ նախագահի և Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուներ են»,-ընդգծեց նա: Անդրադառնալով դիտարկմանը, թե Շաթիրյանը ԱԺ-ի կողմից ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, բայց երբ ղեկավար չընտվեց, նեղացավ ու հրաժարվեց անդամությունից, Ռուստամ Բադասյանն ասաց. «Դա ցավալի միջադեպ էր: Կարծում եմ՝ ժամանակ կունենան «Իմ քայլը» խմբակցության հետ պարզաբանելու այդ հարցը»,-պատասխանեց նախարարը: Լրագրողները Ռուստամ Բադասյանին հիշեցրին նաև, որ մամուլում կան տեղեկություններ, թե Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն իր առաջարկով էր ներկայացվել, սակայն վերջինս ավելի ուշ հրաժարվեց ՍԴ դատավորի թեկնածությունից, ինչին նախարարն արձագանքեց, որ Ավետիսյանը ոչ թե իր, այլ կառավարության թեկնածուն է եղել: «Չեմ հասկանում, ինչ քանդելու մասին է խոսքը, երբ խոսքը բարձագույն դատական ատյանները միավորելու մասին է, սահմանդրականության կիրառումը, Սահմանդրության ոգին ընդհանուր դատարաններ բերելու և այդ կոնցեպտը դատարաններում զարգացելու մասին, հետևաբար քանդելու դիսկուրսն ինձ համար անընդունելի է: Նույն տրամաբանությամբ կիսանախագահական համակարգը ինչու էին քանդում»,-ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
16:43 - 31 օգոստոսի, 2020
Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Կանանց հզորացումը Արաբական Միացյալ Էմիրություններում» թեմայով քննարկմանը

Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Կանանց հզորացումը Արաբական Միացյալ Էմիրություններում» թեմայով քննարկմանը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր հեռավար ձևաչափով մասնակցել է «Կանանց հզորացումը Արաբական Միացյալ Էմիրություններում» թեմայով քննարկմանը և ներկայացրել 2018-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո գենդերային հավասարության և մարդու իրավունքների ոլորտում գրանցված առաջընթացն ու առկա մարտահրավերները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի զգալի հաջողություններին՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի օրենսդրության ընդունման հարցում և ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը՝  ուղղված կանանց հզորացմանը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում։ Այս համատեքստում Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է 2018-ին Հայաստանի Հանրապետության՝ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի անդամ դառնալու փաստը, Կառավարության կողմից հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև թրաֆիքինգի կանխարգելման և թրաֆիքինգի զոհերի հայտնաբերման նպատակով հաստատված ռազմավարությունները։ Անդրադառնալով քաղաքականության մեջ կանանց ներգրավվածությանը՝ փոխնախարար Գրիգորյանը ներկայացրել է Խորհրդարանում կանանց ներկայացվածության վիճակագրությունը՝ տեղեկացնելով, որ ՀՀ օրենսդրությունը նախատեսում է խորհրդարանում կանանց քվոտաների 25%, մինչդեռ 2018 թվականի դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններին կանանց մասնակցությունը գերազանցել է օրենսդրական քվոտան՝ կազմելով 32%․ ներկայում կանայք ներկայացնում են ՀՀ Ազգային ժողովի 24% -ը: «Գործադիր իշխանությունը ևս կայուն քայլեր է կատարում այս ուղղությամբ․ թեև 12 նախարարներից միայն 1-ն է կին, այդուհանդերձ, 2018 թվականից ի վեր ունեցել ենք 11 կին փոխնախարարներ»,- նշել է արդարադատության նախարարի տեղակալը՝ տեղեկացնելով նաև Ոստիկանության բարեփոխումների համատեքստում կանանց ավելի ակտիվ ներգրավվածության քաղաքական որոշման մասին։ Քրիստիննե Գրիգորյանն այնուհետև անդրադարձել է COVID-19-ի համավարակի ընթացքում կանանց հանդիպած մարտահրավերներին, դրանց հաղթահարման ուղղությամբ Կառավարության ձեռնարկած գործողություններին և առաջիկայում նախատեսվող անելիքներին։
15:20 - 28 օգոստոսի, 2020
Քննարկվել են COVID 19 համավարակի պայմաններում խոցելի երեխաներին տրամադրվող ծառայությունների համակարգի ուժեղացմանը վերաբերող մի շարք հարցեր

Քննարկվել են COVID 19 համավարակի պայմաններում խոցելի երեխաներին տրամադրվող ծառայությունների համակարգի ուժեղացմանը վերաբերող մի շարք հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն այսօր հեռավար ձևաչափով մասնակցել է «COVID 19 համավարակի պայմաններում խոցելի երեխաներին տրամադրվող ծառայությունների և երեխաների պաշտպանության արագ արձագանքման համակարգի ուժեղացում» ծրագրի բացմանը։ Այս մասին տեղեկացնում է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ և ուղղված է համակարգի ամրապնդմանը, կարողությունների զարգացմանն ու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին արագ արձագանքելուն։  Փոխնախարար Գալյանը ողջունել է ծրագրի բացման երկօրյա դասընթացին մասնակող ներկայացուցչական կազմին և նշել, որ Արդարադատության նախարարությունը մեծապես կարևորում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հատկապես բռնության ենթարկված երեխաներին համալիր աջակցության տրամադրումը։ Այդ համատեքստում Սրբուհի Գալյանը մեծապես կարևորել է Միացյալ Թագավորության դեսպանության  հետ իրականացվող  ծրագիրն ու շնորհակալություն հայտնել ՄԹ գործերի նոր ժամանակավոր հավատարմատար, դեսպան Հելեն Ֆեյզին: Փոխնախարարը հույս է հայտնել, որ Ծրագրի շրջանակում հնարավոր կդառնա վեր հանել ոլորտում առկա խնդիրները և փորձել գտնել ընդունելի լուծումներ:  Այդ առումով Սրբուհի Գալյանը շեշտել է Հայաստանում երեխաներին վերաբերող առկա համակարգերը առավել համագործակցային և երեխայակենտրոն դարձնելու անհրաժեշտությունը և նշել, որ այդ խնդիրներն արտացոլված են Նախարարության կողմից նախագծված վերջին օրենսդրական բարեփոխումներում: Բացման խոսքով են հանդես եկել նաև Հայաստանում Բրիտանական դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Հելեն Ֆեյզին, ՀՀ ոստիկանության  քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը։ Դասընթացի շրջանակում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի վերականգնողական ծրագրերի իրականացման հարցերով տեղակալ, Ծրագրի ղեկավար Գայանե Հովակիմյանը ներկայացրել է ծրագրի ընդհանուր դրույթները, Արդարադատության նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ, Ծրագրի փորձագետ-դասընթացավար Արփինե Սարգսյանն անդրադարձել է քրեական արդարադատության ոլորտում երեխաների իրավունքների պաշտպանության ընդհանուր ռազմավարությանն ու դրանք արտացոլող իրավական նախագծերին։ Դասընթացը կշարունակվի նաև օգոստոսի 28-ին։
16:53 - 27 օգոստոսի, 2020
Օմբուդսմենը դեմ է քվեարկել Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին |azatutyun.am|

Օմբուդսմենը դեմ է քվեարկել Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին |azatutyun.am|

azatutyun.am: Մարդու իրավունքների պաշտպանը դեմ է քվեարկել Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին։ Հարցմանն ի պատասխան՝ Արման Թաթոյանը տեղեկացրեց. - «Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման հայեցակարգը ենթադրում է հիմնարար փոփոխություններ դատական իշխանության համակարգում, 1995 թվականից ի վեր գործող համակարգի սկզբունքային վերափոխում: Դա նշանակում է ոչ միայն այդ դատական ատյանների կառուցվածքային, այլ նաև գործառույթների միավորում՝ դատական համակարգի բոլոր օղակների վրա ունենալիք անխուսափելի սկզբունքային ազդեցությամբ: Այս ամենն ուղղակի ազդելու է նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցերի վրա՝ թե՛ անհատական, թե՛ համակարգային մակարդակում»: «Դատական իշխանության համակարգում, իհարկե, առկա են տարիներով կուտակված, այդ թվում՝ համակարգային բնույթի խնդիրներ: Սակայն սահմանադրական մակարդակում նման հիմնարար փոփոխությունները պահանջում են իրավական հիմնավորումների բարձր աստիճան, որոնք ունեն նաև անհրաժեշտ դետալացում, հիմնված են միջազգային չափանիշների ու փորձի, ինչպես մեր երկրի, այնպես էլ այլ երկրների քաղած դասերի վրա, իսկ բերվող հիմնավորումները հաշվի են առնում բոլոր հնարավոր ռիսկերը», - ընդգծեց օմբուդսմենը՝ կարծիք հայտնելով, որ այս պահին ներկայացված հայեցակարգը չի բավարարում նոր լուծումների հիմնավորման նշված չափանիշներին, ուստի դեմ է քվեարկել: Հիշեցնենք՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ հավանություն է տվել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու և փոխարենը Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին: Հարցը պետք է դրվի նաև հանրային քննարկման:
14:29 - 25 օգոստոսի, 2020
Արագ արձագանքման այց «Նուբարաշեն» ՔԿՀ. Մարդու իրավունքների պաշտպանը գրություններ կուղարկի Գլխավոր դատախազություն և Արդարադատության նախարարություն

Արագ արձագանքման այց «Նուբարաշեն» ՔԿՀ. Մարդու իրավունքների պաշտպանը գրություններ կուղարկի Գլխավոր դատախազություն և Արդարադատության նախարարություն

Երեկ՝ ժամը 18:30-ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է ահազանգ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախցում օգոստոսի 23-ի առավոտյան դատապարտյալ է ծեծի ենթարկվել քրեակատարողական ծառայողների կողմից: Դրանից անմիջապես հետո, նույն հարցով ևս մեկ ահազանգ է ստացվել այն մասին, որ քրեակատարողական ծառայողները եղել են դիմակով և գործել են խցում խուզարկություն կատարելու շրջանակում: Ահազանգի հիման վրա իրականացվել է արագ արձագանքման այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցի ընթացքում պարզվել է, որ ահազանգով նկարագրված դեպքի պահին պատժախցում գտնվել է ազատազրկված 3 անձ: Նրանցից բոլորի հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Ազատազրկվածներից մեկը առանձնազրույցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին է փոխանցել գրավոր դիմում տեղի ունեցածի վերաբերյալ: Արագ արձագանքման այցի ընթացքում տեղի են ունեցել նաև անհրաժեշտ ուսումնասիրություններ: Այցն ավարտվել է ժամը 21:30-ի սահմաններում, իսկ արդյունքները քիչ առաջ են ամփոփվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում: Այցի ընթացքում արձանագրվել են այնպիսի տեղեկություններ, որոնք ենթակա են ստուգման Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում: Արագ արձագանքման այցի արդյունքների և Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած գրավոր դիմումի հիման վրա վաղն առավոտյան Գլխավոր դատախազություն կուղարկվի համապատասխան գրություն, այդ թվում՝ կապված Պաշտպանի աշխատակազմի արձանագրած տեղեկությունները քրեական վարույթի շրջանակում ստուգելու հետ: Եվս մեկ գրություն կուղարկվի նաև Արդարադատության նախարարություն:
11:04 - 25 օգոստոսի, 2020
Արդադադատության նախարարությունը մեկնաբանել է Նուբարաշեն ՔԿՀ-ում միջադեպի մասին լուրերը

Արդադադատության նախարարությունը մեկնաբանել է Նուբարաշեն ՔԿՀ-ում միջադեպի մասին լուրերը

Քրեակատարողական հիմնարկներում, օրենքով սահմանված կարգով, պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը։ «Ներքին կանոնակարգի պահանջների կոպիտ խախտումները բացառելու նպատակով, ըստ անհրաժեշտության, միջացառումներին ներգրավվում են նաև կենտրոնական մարմնի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ հատուկ նշանակության բաժնի ծառայողները: Պետք է նկատի ունենալ նաև, որ գործող օրենսդրական կարգավորումներով քրեակատարողական ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաև ֆիզիկական համաչափ ուժ և հատուկ միջոցներ», - գրել է Մարտիրոսյանը:
10:17 - 25 օգոստոսի, 2020
Գերագույն դատարան ստեղծելու հարցը կներառվի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում

Գերագույն դատարան ստեղծելու հարցը կներառվի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, օգոստոսի 22-ին անցկացրել է հերթական նիստը: Ինչպես տեղեկացրին  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանձնաժողովը, կազմակերպչական բնույթի հարցերից զատ, քննարկել է նաև բարձրագույն դատական ատյանների միավորման հարցը՝ մասնավորապես Գերագույն դատարանի ստեղծման երկու հայեցակարգերը՝ մշակված Արդարադատության նախարարության և Հանձնաժողովի իրավաբան գիտնականների կողմից: Հանձնաժողովում նախապես շրջանառված Հայեցակարգերի ընդհանուր դրույթները ներկայացրել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և իրավաբան-գիտնականներ Արմեն Մազմանյանն ու Լևոն Գևորգյանը։   Հայեցակարգերի վերաբերյալ Հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց փաստարկներն ու հակափաստարկները, այնուհետև կազմակերպվել է քվեարկություն երկու հարցերի  շուրջ՝ որոշելու համար, թե որն է ներառվելու հանրային քննարկման ներկայացվող Հայեցակարգի նախնական տարբերակում։ Հարցերից առաջինը, որին կողմ է քվեարկել նիստին մասնակցող 15 անդամներից յոթը՝ վերաբերել է սահմանադրական արդարադատության համակարգը գործող մոդելի շրջանակում զարգացնելուն, իսկ երկրորդ հարցը վերաբերել է սահմանադրական վերահսոկողությունը ապակենտրոնացնելուն և բարձրագույն դատական ատյանները միավորելուն․Նախարարության և իրավաբան գիտնականների այս մոտեցմանը կողմ է քվեարկել Հանձնաժողովի անդամներից ութը։ Ամփոփելով նիստը՝ որոշվել է Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկացվող Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։  
14:30 - 22 օգոստոսի, 2020
Բադասյանն ամփոփել է արդարադատության ոլորտում վերջին մեկ տարում իրականացված բարեփոխումները

Բադասյանն ամփոփել է արդարադատության ոլորտում վերջին մեկ տարում իրականացված բարեփոխումները

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ամփոփել է վերջին մեկ տարվա ընթացքում արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումները: Բադասյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ այդ բարեփոխումների ետևում նախարարության մասնագետների օրնիբուն ու տքնաջան աշխատանքն է։ «Ընդունվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Հաշված օրեր անց Գլխավոր դատախազությունում կսկսի գործել այդ նպատակով ստեղծված ստորաբաժանումը, և վստահ եմ՝ որոշ ժամանակ անց կսկսենք խոսել դրա գրանցած արդյունքներից։ Հաստատել ենք 5 ռազմավարություն՝ հակակոռուպցիոն, դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության բարեփոխումների ու քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների»,- գրել է Բադասյանը: Նախարարը նշել է, որ դատական օրենսգրքի բարեփոխումների արդյունքում ներդրել են դատավորների և հայտարարատու այլ անձանց բարեվարքության ստուգման կամ վեթինգի ինստիտուտը՝ հավելելով, որ այս մեխանիզմի պտուղները ևս առաջիկայում կտեսնենք։ «Ընդունել ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարին վերաբերող օրենսդրական փաթեթը, որի կիրարկման արդյունքում ենթադրյալ հանցավոր արարքներ կատարելու մեջ արդեն մեղադրվող առնվազն 6 անձ կա: Գործարկել ենք Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ, որտեղ մատուցվում են ինը ոլորտների 97 պետական ծառայություններ»,- նշել է նախարարը: Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց վերաբերյալ բարեփոխումներին՝ նա նշել է, որ բոլոր 12 ՔԿՀ-ներում տրամադրվող սննդի ապահովման գործառույթը պատվիրակվել է մասնավոր հատվածին, իսկ բարձր ու գոհացնող արդյունքի մասին բազմիցս բարձրաձայնել են թե՛ ՔԿՀ-ներում պահվող անձինք, թե՛ նրանց հարազատները։ Բադասյանը նաև հավելել է, որ ցմահ դատապարտյալներին առաջին անգամ հնարավորություն է տրվել պատիժը կրել նաև բաց տեսակի ուղղիչ հիմնարկում, և արդեն իսկ մի շարք դատապարտյալներ փակից տեղափոխվել են կիսափակ, իսկ կիսափակից՝ կիսաբաց ռեժիմի։
11:10 - 21 օգոստոսի, 2020
2021թ. առաջին եռամսյակից Երևանում աշխատանքները կմեկնարկի նոր Պարեկային ծառայությունը

2021թ. առաջին եռամսյակից Երևանում աշխատանքները կմեկնարկի նոր Պարեկային ծառայությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել է ՀՀ ոստիկանության բարեփոխումների ընթացքը: Անդրադարձ է եղել նոր Պարեկային ծառայության ստեղծման օրակարգին: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել նոր կառույցում աշխատանքի անցնել ցանկացող քաղաքացիների դիմումների ընդունման, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների ձեռքբերման, ուսուցումն անցկացնող դասընթացավարների ընտրության և մնացյալ աշխատանքների վերաբերյալ։ Նշվել է, որ արդեն 2020թ. հոկտեմբերի կեսերից Ոստիկանության կրթահամալիրում կմեկնարկի ընտրված քաղաքացիների ուսուցման գործընթացը, որի նպատակը համապատասխան պատրաստվածություն ունեցող՝ նոր գործառույթներով, սարքավորումներով, հմտություններով և մտածելակերպով ծառայողի կերպարի ձևավորումն է: Նախարարի խոսքով՝ բարեփոխումն ընթանում է բնականոն հունով, սահմանված ժամանակացույցին համապատասխան. նախատեսվում է, որ Պարեկային ծառայությունը Երևանում իր աշխատանքները կմեկնարկի 2021թ. առաջին եռամսյակից, իսկ ամբողջ Հայաստանում՝ 2022թ. առաջին եռամսյակից: Խորհրդակցությանը քննարկվել են ստեղծվելիք ծառայության կառուցվածքային և կադրային համալրմանը, ինչպես նաև կառույցի տեղակայմանը վերաբերող հարցեր: Վարչապետն ընդգծել է Հայաստանում նոր Պարեկային ծառայության ձևավորման ու կայացման կարևորությունը և հանձնարարել շարունակել ակտիվ աշխատանքը՝ նախանշված ժամանակացույցին համապատասխան:
16:20 - 20 օգոստոսի, 2020