Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի արեւելքում։

Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արեւմուտքում՝ Կոտայքի եւ Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի եւ Թովուզի շրջաններին, հարավ-արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին:

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սեւանա լիճը:

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11.04․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11.04․20 (թարմացվող)

21:28- Տասնչորս օր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվելուց հետո կրկին թեստավորվել եմ։ Հուրախություն բոլորիս՝ պատասխանը բացասական էր։ Այդ օրերի ընթացքում օրգանիզմս պայքարեց և հաղթեց հիվանդությանը։ [Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը՝ կորոնավիրուսից ապաքինվելու մասին]   21:17- Այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ անելիքների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը։ Վարչապետը նշել է, որ քանի որ կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված՝ նախատեսվում է ՀՀ-ում երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, և կառավարությունը նպատակ ունի աջակցել բիզնեսի՝ հնարավորինս լայն շրջանակի, պետք է անհրաժեշտության դեպքում՝ ընդառաջել գործարար համայնքին, ընդլայնել աջակցության գործիքակազմը։ Նա հանձնարարել է շահագրգիռ գերատեսչություններին՝ համատեղ աշխատել և ներկայացնել համապատասխան փոփոխությունների նախագիծ։   20:10- ԱՀ Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին անց է կացրել խորհրդակցություն` նվիրված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին: Քննարկվել են հանրապետությունում հիվանդության արձանագրված դեպքերի եւ ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում բնակչության առողջության պահպանման ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտության հետ կապված հարցեր: Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին։ [Արցախի տեղեկատվական շտաբ]   19։50-  Մենք մշտապես սերտ համագործակցում ենք ԱԻՆ հետ։ Գերատեսչության աշխատակիցների միջոցով ախտահանումներ էին իրականացվում կանգառներում, սակայն այս պահին հասարակական տրանսպորտը չի աշխատում, և պետք է հասկանանք, թե երբ ենք շարունակելու։ Այս պահին քաղաքապետարանը ախտահանման աշխատանքներ է իրականացնում Երևանի բոլոր վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի մուտքերում, վերելակներում։ [Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյան] |armenpress.am|   19։33- Նախարարությունը լծված է իր աշխատանքին, որպեսզի հնարավորինս կանխարգելի տարածումը։ Այդ պատճառով բոլոր ընտրողներին ինչպես առաջին փուլի ժամանակ, այնպես էլ երկրորդ փուլի ընթացքում տրամադրվելու են անհատական պաշտպանիչ միջոցներ։ Բոլոր ընտրատեղամասերում առողջապահության համակարգի և համայնքների վարչակազմերի օգնությամբ ախտահանման աշխատանքներ են իրականացվում և երկրորդ փուլի ժամանակ կանխարգելիչ միջոցառումները լինելու են էլ ավելի խստացված։ [ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյան] |tert.am|   17։52-  Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 12-ին (ժամը՝ 15։40-ին)։ վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի, այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր: [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]   17:41- Գյումրու ավագանու նիստում հաստատվել է սոցիալապես անապահով 104 ընտանիքի ֆինանսական աջակցություն տրամադրելու նախագիծը: Այս ընտանքիներից բացի, նախատեսվում է գումար հատկացնել նաև սոցիալական ծառայություններում հաշվառված սոցիալապես խիստ անապահով այն ընտանիքները, որոնքունեն 3 անչափահաս երեխա: Գյումրիում 499 նման ընտանիք է հաշվառված: Նախագծով յուրաքանչյուր ընտանիքի հատկացվելու է 10 հազարական դրամ: |armtimes.com|   16։32- Գեղարքունիքի մարզից վարակակրի շփման շրջանակը հայտնի է, բոլորը մեկուսացված են։ Երկու բժիշկ թեստավորվել են։ Ընտանիքի մյուս անդամներին տեղափոխում ենք համապատասխան մեկուսացման վայր։ Բժիշկների թեստերի պատասխանները հայտնի կլինեն վաղը։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան] |aysor.am|16։19- Նոր տիպի կորոնավիրուսով պացիենտների համար վերապրոֆիլավորված «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ծննդատունը կարող է ընդունել մոտ 150 պացիենտի։ |armenpress.am|16։16- ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության փոխանցմամբ, Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում այսօր մեկնարկել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի Թեմի կողմից Հայրենական մեծ պատերազմում (ՀՄՊ) զոհվածների ընտանիքներին, ՀՄՊ հաշմանդամներին, մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց տրամադրված մեկ ամսվա համար անհրաժեշտ պարենամթերքն ու հիգիենիկ պարագաների՝ նախարարության միջոցով բաշխման գործընթացը: [Արցախի տեղեկատվական շտաբ]15։25- Վրացական իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքում ապրիլի 10-ին հնարավոր է դարձել ԱՄՆ-ից և Իսրայելից Թբիլիսի ժամանած՝ համապատասխանաբար 35 աշակերտների և 10 ուսանողների Հայաստան տեղափոխումը։Հայաստանից ժամանած երկու ավտոբուսները կարողացել են մուտք գործել Վրաստանի տարածք և ՀՀ քաղաքացիներին խիստ կարանատինային գոտի համարվող Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով պարեկային ոստիկանության ուղեկցությամբ բարեհաջող տեղափոխել Հայաստան։Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է ՀՀ քաղաքացիների Թբիլիսի ժամանման, նրանց դիմավորման և այնուհետև օդանավակայանից մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները։ [Վրաստանում ՀՀ դեսպանություն]15։22- ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ապրիլի 11-ին ծանոթացել են Երևանում բացազատված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայի աշխատանքներին:14։09- Գեղարքունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]14։08- ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանման են ենթարկվել Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 723 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):13։45- Թեեւ որոշ ոլորտներում սահմանափակումները բացվում են, բայց տեղաշարժի սահմանափակումները պահպանվելու են։ [Նիկոլ Փաշինյան]13։40- Առաջիկա մեկ ամսվա ընթացքում ունենք շատ կարեւոր տոներ եւ հիշատակի օրեր։ Ապրիլի 24-ն է, մայիսի առաջին տասնօրյակում ունենք Շուշիի ազատագրման օրը եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ Այս միջոցառումներում քաղաքացիների մասնակցությունը պիտի սահմանափակվի։ Ապրիլի 24-ին, մայիսի 1-ին, 8-ին, 9-ին տեղի կունենան միայն արարողակարգային անելիքներ, զանգվածային միջոցառումներ չեն լինի։ [Նիկոլ Փաշինյան]13։28- Եկել ենք այն համոզման, որ անխուսափելի է ու պիտի երկարացնենք արտակարգ դրության ժամկետը։ Երկուշաբթի կամ երեքշաբթի կառավարությունը կկայացնի որոշում, որից հետո տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ, որտեղ կքննարկվի ԱԴ հարցը, բայց մեր եզրակացությունն այն է, որ պետք է երկարացնենք, որովհետեւ դա անհրաժեշտ է վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար։ Համաճարակը շարունակվում է տարածվել ողջ աշխարհում, մեր խնդիրն է այնպես անել, որ միավոր ժամանակաշրջանում հիվանդացության հնարավորինս քիչ դեպքեր ունենանք, նախորդ ժամանակահատվածի համար, կարելի է ասել, լուծել ենք խնդիրը, հիվանդացությունը 30-ի շրջանակում է, ինչը այսօրվա պայմաններում գոհացուցիչ ցուցնիշ է։ [Նիկոլ Փաշինյան]13։22- Վարակման դեպքերն ավելացել են 11-ով, այս պահին ունենք 977 վիրուսակիր։ Այն դեպքերը, երբ հիվանդները գտնվում են բուժհիմնարկներում, մոտ 750 է։ Այս պահին ցավոք ունենք 13 մահ, մահացած քաղաքացիների միջին տարիքը 76,2 է, իսկ հիվանդաների միջին տարիքը՝ 42։ [Նիկոլ Փաշինյան]13։14- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում  կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, որոնց ժամանակացույցի վերաբերյալ կլինեն պարետի համապատասխան որոշումներ: Վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ Սահմանադրության ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ: [ՀՀ կառավարություն]12։37- Բոլոր այն ուսուցիչները, որոնք ունեն հեռավար ուսուցմամբ դասընթացների կազմակերպման և հարթակների օգտագործման փորձ, և եթե նման տեխնիկական հնարավորություն առկա է նաև աշակերտների մոտ, ցանկալի է որպես հեռավար ուսուցման կազմակերպման եղանակ օգտագործել դրանք, օրինակ, Մուդլ հարթակի միջոցով հեռավար դասընթացների կազմակերպումը, Իթվինինգում հասանելի գործիքների կիրառությունը, Microsoft Office 365 փաթեթով աշխատանքը և այլն: Բոլոր հարթակների վերաբերյալ խորհրդատվությունը և առցանց աջակցության թեժ գիծը հասանելի են հեռավար ուսուցման համալիր էջում՝ heravar.armedu.am: [Արայիկ Հարությունյան]11։07- Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի (Քարվաճառի քաղաքացու) առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, քանի որ ունի ուղեկցող հիվանդություններ. մյուսների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացման մեջ գտնվող 9 քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսային վարակին բնորոշ ախտանիշներ չկան:11։05- Ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք, որոնցից մեկի մասին նախարարը երեկ հայտարարել էր։ 86-ամյա և 81 ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք, առողջացել է ևս 24 քաղաքացի։ [Ալինա Նիկողոսյան]11։02- Թարմացվել է 11.04.2020թ․ ժամը 11։00-ինՀաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 966Բուժվածներ - 173Փաստացի բուժվողներ - 780Ընդհանուր թեստեր - 6484Մահվան ելքեր - 1310։01- Կառավարության հաստատված հակաճգնաժամային ծրագրերով այս պահի դրությամբ բաշխվել է 12 միլիարդ 300 միլիոն դրամ:  Այս պահի դրությամբ տնտեսական աջակցություն է ստացել 4578 տնտեսվարող: Սոցիալական աջակցություն է ստացել 11 հազար 444 ընտանիք:  Սոցիալական աջակցություն ստացողների թիվը երկուշաբթի օրվանից կավելանա կրկնակի տեմպերով: [Նիկոլ Փաշինյան]
21:47 - 11 ապրիլի, 2020
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում ձյուն է տեղում

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ի ժամը 08:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
10:27 - 11 ապրիլի, 2020
Ճամբարակում այս տարի կրկնակի կավելանա գարնանացանը

Ճամբարակում այս տարի կրկնակի կավելանա գարնանացանը

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում արդեն մեկնարկել են գարնանացանի աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, ապրիլի 1-ի դրությամբ արդեն համայնքի բնակավայրերի ցածրադիր գոտիներում կատարվել է շուրջ 20 հեկտար գարու եւ բազմամյա խոտաբույսերի ցանք: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը: «Համայնքապետարանը տեղերում հնարավորինս աջակցում ու խրախուսում է տնտեսություններին՝ իրենց սեփական հողամասերում ցանք կատարելու համար: Արդեն որոշակի շարժ ու աշխուժություն է նկատվում այս ուղղությամբ: Ծրագրել ենք այս տարի կրկնապատկել համայնքի ցանքատարածությունները: Համայնքի տարածքում այս տարի կցանվի շուրջ 100 հեկտար գարի, 100 հեկտար կարտոֆիլ, 20 հեկտար ոլոռ, 20 հեկտար հնդկաձավար, 10 հեկտար սիսեռ, 30 հեկտար առվույտ եւ կորնգան: Մոտ 200 հեկտար կազմում են բազմամյա խոտաբույսերի ցանքերը: 220 հեկտար էլ կազմում են աշնանացան ցորենի ցանքերը, որոնք հաջող են ձմեռել եւ կենսունակ են հետագա աճի եւ զարգացման համար: Կարծում եմ, որ գարնանացանը մեր համայնքում կավարտվի նախատեսված ժամկետներում»,- ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալը: 
23:52 - 06 ապրիլի, 2020
Հեռավար ուսուցման կազմակերպման նպատակով ՀՀ ԱԺ-ն համակարգիչներ տրամադրեց Գեղարքունիքի մարզի բազմազավակ 42 ընտանիքի

Հեռավար ուսուցման կազմակերպման նպատակով ՀՀ ԱԺ-ն համակարգիչներ տրամադրեց Գեղարքունիքի մարզի բազմազավակ 42 ընտանիքի

Արձագանքելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկին ` ՀՀ ԱԺ նախագահի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի փոխադարձ համաձայնությամբ ապրիլի 3-ին ԱԺ-ի պահուստային ֆոնդի համակարգիչներից 42-ը ներկրվեց Գեղարքունիքի մարզ: Դրանք ընդունեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը:Նվիրաբերված համակարգիչները նախատեսված է տրամադրել մարզի 36 հանրակրթական դպրոցներին, որպեսզի նրանք էլ տրամադրեն 4 և ավել դպրոցահասակ երեխա ունեցող այն ընտանիքներին, որոնք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ՝ արտակարգ դրության ժամանակ հեռավար ուսուցումը կազմակերպելու համար: Բազմազավակ ընտանիքների ցանկը մարզպետարան է ներկայացվել օրերս ՝ հանրակրթական դպրոցների տնօրենության կողմից: Համակարգիչները բաշխեցին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության աշխատակիցները, դրանք ստացան 36 հանրակրթական դպրոցների տնօրենները:ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի տեղեկացմամբ` ՀՀ ԱԺ-ում նախատեսվել է առաջիկայում ևս հերթական խմբաքանակ տրամադրել մարզին: Իսկ հեռավար ուսուցման ավարտից հետո ՀՀ կառավարության որոշմամբ այդ համակարգիչները կվերադարձվեն դպրոցներին՝ համակարգչային դասընթացների օգտագործման համար:Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանի տեղեկացմամբ` Գեղարքունիքի մարզում տեխնիկական միջոցների անհրաժեշտություն ունի 1116 բազմազավակ ընտանիք, որից 113-ը ունեն 4 և ավելի դպրոցահասակ երեխաներ: Նմանատիպ նախաձեռնությունների շնորհիվ առաջիկայում, մի քանի փուլերով հնարավոր կլինի բավարարել մարզում առկա պահանջարկը:
14:02 - 03 ապրիլի, 2020
Վարդենյանց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Սևան-Երևան ճանապարհահատվածներում կգործեն հսկիչ անցակետեր

Վարդենյանց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Սևան-Երևան ճանապարհահատվածներում կգործեն հսկիչ անցակետեր

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և տեղեկացրել, որ պարետի նոր ցուցումով՝ ապրիլի 1-ի ժամը 14:00-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: «Այսօր՝ ժամը 14:00-ից մարզ մտնող բոլոր ճանապարհների՝ Վարդենյանց լեռնանցքում, Սոթք- Քարվաճառ, Սևան-Երևան ճանապարհահատվածներում, դեպի Տավուշի մարզ, ինչպես նաև սահմանված բնակավայրերում գործելու են հսկիչ անցակետեր: Հսկիչ կետերում, միջմարզային և միջհամայնքային ճանապարհներին ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին աջակցում են Գեղարքունիքի մարզպետարանի, ՏԻՄ-երի և առողջապահության մարզային կառույցների աշխատակիցները: Ճշգրտվում են քաղաքացիների տեղաշարժի պատճառները, կատարվում են ջերմաչափումներ և անհրաժեշտ այլ գործողություններ: Միջոցառումներն ավելի կանոնակարգված իրականացնելու և բնակչության տեղաշարժը սահմանափակելու նպատակով պատկան մարմիններն աշխատում են համագործակցված, ըստ սահմանված կարգի»,- գրել է Գնել Սանոսյանը:
17:10 - 01 ապրիլի, 2020
Հայտարարվել է Մ11-Ախպրաձոր 14,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ

Հայտարարվել է Մ11-Ախպրաձոր 14,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է Գեղարքունիքի մարզի Մ11-Ախպրաձոր կմ 0+000-կմ 7+828 և Մ11-Ախպրաձոր կմ 7+828-կմ 14+480 ճանապարհային հատվածների վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ։ Շուրջ 14,5 կմ երկարությամբ ճանապարհն անցնում է մարզի Ծովակ, Լճավան, Մաքենիս և Ախպրաձոր համայնքներով։Մրցույթին մասնակցել ցանկացող հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ և ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում: Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաև մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 7-ն է։
10:16 - 20 մարտի, 2020
Վերջին երկու շաբաթներին ռիսկային երկրներից Գեղարքունիքի մարզ են ժամանել 21 համաքաղաքացիներ

Վերջին երկու շաբաթներին ռիսկային երկրներից Գեղարքունիքի մարզ են ժամանել 21 համաքաղաքացիներ

Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքերով պայմանավորված Գեղարքունիքի մարզում արտակարգ իրավիճակների արձագանքման նպատակով ստեղծվել է աշխատանքային թիմ, որի առաջին նիստը տեղի ունեցավ 2020 թվականի մարտի 12-ին, Գեղարքունիքի մարզպետարանում՝ աշխատանքային թիմի անդամների մասնակցությամբ: Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետ, աշխատանքային թիմի ղեկավար Գնել Սանոսյանը: Մարզում կորոնավիրուսով պայմանավորված դեպքերի հետ կապված իրավիճակը ներկայացրեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Գեղարքունիքի մասնաճյուղի աշխատակից Ժաննա Մակարյանը: Նա նշեց, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ռիսկային երկրներից մարզ են ժամանել 21 համաքաղաքացիներ, որոնցից այս պահի դրությամբ հսկողության տակ են գտնվում 4-ը: Մնացած քաղաքացիները միանգամայն առողջ վիճակում են: Հրահանգված է կրթական և նախակրթական հաստատություններն ապահովել մշտական ջրով և ախտահանիչ նյութերով, բուժաշխատակիցների միջոցով ապահովված է ամենօրյա հերթապահություն և վերահսկողություն: Ինչպես նշեց թիմի անդամ, մարզպետարանի քարտուղարության ընդհանուր բաժնի պետ Սիմոն Մանուկյանը, մարզում առանձնացված են այն չորս հյուրանոցային համալիրները, որտեղ, անհրաժեշտության դեպքում, կմեկուսացվեն և բուժում կստանան հայտնաբերված հիվանդները: Աշխատանքային թիմի մյուս անդամների առաջարկությամբ՝ նպատակահարմար գտնվեց չեղարկել նախoրոք հայտարարված մասսայական բնույթի միջոցառումները և նվազագույնի հասցնել մարդկային կուտակումները և շփումները: «Մենք առաջին հերթին պետք է ի հայտ բերենք ռիսկային բոլոր վտանգները և հստակեցնենք մեր գործողությունների պլանը: Առաջին հերթին հարկավոր է այնպես անել, որ մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ չստեղծվեն: Հարկավոր է աշխատանքային ժամերից դուրս պահպանել հերթապահության ռեժիմը առաջնային առողջության պահպանման օղակում և հայտնաբերված դեպքերի մասով ձեռնարկել համապատասխան միջոցներ: Այն դպրոցներում, որտեղ բուժքույրերի կարիք է զգացվում, հարկավոր է բացը լրացնել բուժամբուլատորիաների մասնագետների հաշվին»,- նշեց Գնել Սանոսյանը, տեղեկացնում են մարզպետարանից:
10:34 - 13 մարտի, 2020
Գավառում եւ Մարտունիում բացվել են ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոններ |armenpress.am|

Գավառում եւ Մարտունիում բացվել են ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոններ |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում եւ Մարտունի քաղաքում պետական աջակցությամբ բացվել եւ գործում են Ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոններ: Այս մասին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ հրավիրված հանդիպման ժամանակ հավաստեց «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ, նորաստեղծ կենտրոնների գործունեության համակարգող Անահիտ Գեւորգյանը: «Ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության մարզային նորաբաց կենտրոնների նպատակն է աջակցություն ցուցաբերել ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաներին, նրանց անվճար հիմունքներով տրամադրել ապաստարաններ, իրավաբանական, հոգեբանական, փաստաբանական ուղղորդումներ:  Աշխատանքները կենտրոններում  իրականացվում են հոգեբանի, իրավաբանի և սոցիալական աշխատողի միջոցով: Կենտրոններ կարող են դիմել բռնության ենթարկված անձինք,  երեխաներ, որտեղ նրանք կստանան անհրաժեշտ խորհրդատվություն, աջակցություն եւ ապաստան՝ խնդիրների լուծման ընթացքում: Բոլոր տեսակի ծառայությունները մատուցվում են անվճար: Ծրագրի տեւողությունը մեկ տարի է:  Այս ծրագիրը կարեւորվում է նրանով, որ ավելի ընդգրկուն  կանխարգելիչ  գործունեություն է ծավալում եւ լրացնում այն բացը, որն առկա է ոստիկանության անչափահասների տեսչության գործունեության մեջ: Մենք ակնկալում ենք մարզպետարանի եւ պետական այլ կառույցների աջակցությունը բռնության ենթարկված անձանց մեր կենտրոններ ուղղորդելու հարցում: Ակնկալում ենք  մարզպետարանի աջակցությունը նաև մարզային ենթակայության կրթական հաստատություններում բռնության ենթարկված ծնողների հետ հանդիպումներ կազմակերպելու համար»,- նշեց Անահիտ Գևորգյանը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կարևորեց նման կենտրոնների դերը մարզի տարբեր տարածաշրջաններում, հույս հայտնելով, որ դրանք իրենց գործունեությամբ կմեղմեն ընտանեկան բռնության դեպքերը: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին` իրազեկման  եւ հետագա համագործակցության նպատակով առաջիկայում կազմակերպել  եւս մեկ հանդիպում, որին կմասնակցեն ընտանեկան բռնության կանխարգելման գործում շահագրգռվածություն ցուցաբերող կազմակերպությունների ներկայացուցիչները:
15:16 - 11 մարտի, 2020
Գեղարքունիքում նախորդ տարվա անորակ շինարարության դիմաց չի վճարվել երեք կազմակերպության գումարները |armenpress.am|

Գեղարքունիքում նախորդ տարվա անորակ շինարարության դիմաց չի վճարվել երեք կազմակերպության գումարները |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզում նախորդ տարում իրականացված շինարարական անորակ աշխատանքների դիմաց պետությունը չի վճարել երեք կազմակերպության, որոնք չեն կատարել համապատասխան պայմանագրերով սահմանված պարտավորությունները: Այս մասին Գանձակ համայնքում, պատասխանելով բնակիչների հարցերին,  հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Նախորդ տարում մենք Հայաստանի Հանրապետությունում առաջինն էինք սուբվենցիոն ծրագրերի իրականացման քանակով ու ծավալներով: Միեւնույն ժամանակ անորակ շինարարության չորս դեպք է արձանագրվել մեզանում, որը, մյուս կողմից, ամենանվազն է Հայաստանում: Շինարարական բոլոր տեղամասերում մենք ժամանակին հատուկ զգուշացրել ենք բոլոր շինարարներին, որ որեւէ անորակ աշխատանքի դիմաց իրենք չեն վճարվելու: Բացի այդ, կատարել ենք այցելություններ ու դիտարկումներ, տվել համապատասխան ցուցումներ՝ նկատված թերությունները վերացնելու մասին: Այդուհանդերձ, ճանապարհաշինական չորս տեղամասերում՝ Վարդենիկում, Գանձակում, Գեղարքունիքում եւ Ճամբարակի Նադարյան փողոցում  որակը չի համապատասխանել սահմանված չափորոշիչներին, ուստի եւ այդ կազմակերպությունները չեն վճարվել: Գանձակում եւ Գեղարքունիքում  աշխատանքներն իրականացրել է նույն կազմակերպությունը:  Մենք պարզել ենք, որ  ճանապարհաշինության որակը չի ապահովվել հիմնականում երկու պատճառով. առաջին, որ ասֆալտապատման աշխատանքները կատարվել են եղանակային անբավարարության պայմաններում, եւ երկրորդ, որ մրցույթները շահած կազմակերպությունները չեն ունեցել շինարարության որակն ապահովող տեխնիկա: Կարծում եմ, որ սա դաս կլինի մյուսներին, որպեսզի չկրկնեն նույն սխալները եւ ամեն գնով ապահովեն շինարարության որակը: Մենք տարվա ընթացքում քանիցս զգուշացրել ենք Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Ծակքար-Մարտունի հատվածի ճանապարհաշինարարական կազմակերպությանը, արել համապատասխան դիտողություններ, սակայն այդպես էլ նրանց կողմից անհրաժեշտ հետեւություն չարվեց: Արդյունքում՝ այդ կազմակերպությանը չվճարվեց շուրջ 100 միլիոն դրամ: Մենք ոչ մի շինարարի կամ անձի հանդեպ կաշկանդված չենք, մեզ համար չկան արտոնյալներ, քանի որ նրանցից միայն օրենքով մի բան ենք պահանջում՝ որակյալ շինարարություն»,-նշեց Գնել Սանոսյանը:
21:11 - 10 մարտի, 2020
Արծվանիստի ներհամայնքային ճանապարհները կհիմնանորոգվեն պետական միջոցների հաշվին

Արծվանիստի ներհամայնքային ճանապարհները կհիմնանորոգվեն պետական միջոցների հաշվին

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի ներհամայնքային ճանապարհները կասֆալտապատվեն պետականի միջոցների հաշվին: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանի տեղեկացմամբ, ասֆալտապատվող ճանապարհների երկարությունը կազմում է շուրջ 3,3 կիլոմետր, ընդհանուր մակերեսը՝ 22 հազար քառակուսի մետր: Շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 451 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվելու է պետբյուջեի միջոցներից: «Փետրվարի 28-ին արդեն հայտարարվել է շինարարական աշխատանքների իրականացման մրցույթ, որը կանցկացվի այս տարվա ապրիլին: Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո կձեռնարկվեն շինարարական աշխատանքները: Կհիմնանորոգվեն նաեւ Վանեվան պատմաճարտարապետական համալիր եւ Արծվանիստի գերեզմանոց տանող ճանապարհները: Արծվանիստի ներհամայնքային ճանապարհները հիմնանորոգման չեն ենթարկվել վերջին երեք տասնամյակներում եւ գտնվում են քարուքանդ վիճակում: Ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգումը, որի ավարտը նախատեսված է 2020 թվականի ընթացքում, անգնահատելի նվեր կլինի Արծվանիստի բնակչության համար»,-ներկայացրել է Արմեն Զոհրաբյանը: 
09:25 - 04 մարտի, 2020
Ապօրինություն՝ Գեղարքունիքի մարզում․ հափշտակվել է 5 միլիոն դրամից ավելի գումար

Ապօրինություն՝ Գեղարքունիքի մարզում․ հափշտակվել է 5 միլիոն դրամից ավելի գումար

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Գեղարքունիքի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։  Մասնավորապես, պարզվել է, որ 2013 թվականին Գեղարքունիքի մարզպետարանի և Շորժա համայնքի ղեկավարի կողմից հիմնադրված ու փաստացի կառավարվող ընկերության միջև կնքվել է համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքների 38 միլիոն 941 հազար 580 դրամի կապալային պայմանագիր։ Փաստացի կապալառու հանդիսացող համայնքի ղեկավարը, օգտվելով Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան պաշտոնատար անձի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով ստեղծված հնարավարությունից, օգտագործել է պաշտոնեական դիրքն ու, կազմելով աշխատանքների պատշաճ կատարման վերաբերյալ բովանդակությամբ կեղծ կատարողական ակտեր և հանձնման-ընդունման արձանագրություններ, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 5 միլիոն դրամից ավելի գումար։Նյութերի նախապատրաստման ընթացքում պետությանը հասցված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե։ 
16:12 - 03 մարտի, 2020
Սեւանա լճի ջրածածկ եւ ջրածածկման ենթակա տարածքներում իրականացվում են անտառմաքրման աշխատանքներ

Սեւանա լճի ջրածածկ եւ ջրածածկման ենթակա տարածքներում իրականացվում են անտառմաքրման աշխատանքներ

Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների» 2020 թվականի տարեկան ծրագրի, Սևանա լճի շրջակայքում ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում շարունակվում են անտառմաքրման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը: Հունվարի 9-ից «Սևանա ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Ծովակի տեղամասում վերսկսվել են 2020 թվականի մաքրման աշխատանքները, որոնք իրականացվում են «Հարությունյան Շին» ՍՊԸ-ի կողմից: Աշխատանքներում ներգրավված է 16 միավոր տեխնիկա: Իրականացվող աշխատանքների ընթացքը ուսումնասիրելու նպատակով մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի աշխատակիցները հերթական դիտարկումն են կատարել մաքրվող տարածքում: Նրանց տեղեկացմամբ՝ նախատեսված է մաքրել շուրջ 887 հա անտառապատ տարածք: Փետրվարի 28-ի դրությամբ մաքրվել է շուրջ 85 հա ջրածածկ տարածք: Աշխատանքներն, ըստ վարչության մասնագետների, իրականացվում են բարեխղճորեն, նախատեսված չափորոշիչներին համապատասխան: Սևանա լճի շրջակայքում ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում մաքրման աշխատանքները կշարունակվեն մինչև 2022 թվականը:
09:15 - 03 մարտի, 2020
Արծվանիստի ներհամայնքային ճանապարհները կհիմնանորոգվեն պետական միջոցների հաշվին |armenpress.am|

Արծվանիստի ներհամայնքային ճանապարհները կհիմնանորոգվեն պետական միջոցների հաշվին |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի ներհամայնքային ճանապարհները կասֆալտապատվեն պետականի միջոցների հաշվին:  Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, ասֆալտապատվող ճանապարհների երկարությունը կազմում է շուրջ 3,3 կիլոմետր, ընդհանուր մակերեսը՝ 22 հազար քառակուսի մետր: Շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 451 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվելու է պետբյուջեի միջոցներից: «Փետրվարի 28-ին արդեն հայտարարվել է շինարարական աշխատանքների իրականացման մրցույթ, որը կանցկացվի այս տարվա ապրիլին: Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո կձեռնարկվեն շինարարական աշխատանքները: Կհիմնանորոգվեն նաեւ Վանեվան պատմաճարտարապետական համալիր եւ Արծվանիստի գերեզմանոց տանող ճանապարհները: Արծվանիստի ներհամայնքային ճանապարհները հիմնանորոգման չեն ենթարկվել վերջին երեք տասնամյակներում եւ գտնվում են  քարուքանդ վիճակում: Ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգումը, որի ավարտը նախատեսված է 2020 թվականի ընթացքում, անգնահատելի նվեր կլինի Արծվանիստի բնակչության համար»,-ներկայացրեց Արմեն Զոհրաբյանը:
22:15 - 02 մարտի, 2020