Ճամբարակում այս տարի կրկնակի կավելանա գարնանացանը
23:52 - 06 ապրիլի, 2020

Ճամբարակում այս տարի կրկնակի կավելանա գարնանացանը

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում արդեն մեկնարկել են գարնանացանի աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, ապրիլի 1-ի դրությամբ արդեն համայնքի բնակավայրերի ցածրադիր գոտիներում կատարվել է շուրջ 20 հեկտար գարու եւ բազմամյա խոտաբույսերի ցանք: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

«Համայնքապետարանը տեղերում հնարավորինս աջակցում ու խրախուսում է տնտեսություններին՝ իրենց սեփական հողամասերում ցանք կատարելու համար: Արդեն որոշակի շարժ ու աշխուժություն է նկատվում այս ուղղությամբ: Ծրագրել ենք այս տարի կրկնապատկել համայնքի ցանքատարածությունները:

Համայնքի տարածքում այս տարի կցանվի շուրջ 100 հեկտար գարի, 100 հեկտար կարտոֆիլ, 20 հեկտար ոլոռ, 20 հեկտար հնդկաձավար, 10 հեկտար սիսեռ, 30 հեկտար առվույտ եւ կորնգան: Մոտ 200 հեկտար կազմում են բազմամյա խոտաբույսերի ցանքերը:

220 հեկտար էլ կազմում են աշնանացան ցորենի ցանքերը, որոնք հաջող են ձմեռել եւ կենսունակ են հետագա աճի եւ զարգացման համար: Կարծում եմ, որ գարնանացանը մեր համայնքում կավարտվի նախատեսված ժամկետներում»,- ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել