Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ պետական նախարարի, ֆինանսների նախարարության աշխատակազմերի հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ պետական նախարարի, ֆինանսների նախարարության աշխատակազմերի հետ

Արցախի Հանրախետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 26-ին հանդիպել է ԱՀ պետական նախարարի, ֆինանսների նախարարության աշխատակազմերի հետ։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, քննարկվել են հետպատերազմյան շրջանում առկա մարտահրավերները և անելիքները, ինչպես նաև ստեղծված իրավիճակում Կառավարության կողմից վարվող սոցիալ-տնտեսական և ֆինանսաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները: Նախագահի խոսքով՝ առաջիկայում ԱՀ Կառավարության կողմից նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված քաղաքացիների հիպոթեքային և այլ վարկերի ու դրանց տոկոսների փոխհատուցմանը, որոնք այժմ հստակեցման փուլում են։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ երկրի համար այս բարդ շրջանում պետական իշխանությունները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը բնակչության առաջնային կարիքներն արագ հոգալու համար՝ դրա հետ մեկտեղ շեշտելով, որ կարճաժամկետ աջակցության ծրագրերի իրականացմանը զուգահեռ լայնածավալ աշխատանքներ են տարվում երկարաժամկետ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության մշակման ուղղությամբ։  
22:05 - 26 հունվարի, 2021
Արցախի նախագահը Ներքին գործերի նախարարության անձնակազմին է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին

Արցախի նախագահը Ներքին գործերի նախարարության անձնակազմին է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 26-ին այցելել է նորաստեղծ ԱՀ ներքին գործերի նախարարություն և անձնակազմին ներկայացրել նախարար Կարեն Գրիգորի Սարգսյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարության կազմում ընդգրկված արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ոստիկանության աշխատակիցներին պատերազմական ծանր ժամանակաշրջանում ունեցած գերազանց ծառայության համար՝ ընդգծելով, որ խաղաղ պայմաններում ևս այդ մարմինները կարևոր գործառույթներ ունեն կատարելու: Հանրապետության նախագահի խոսքով՝ գերատեսչության աշխատակիցների ինչպես ծառայողական, այնպես էլ սոցիալական խնդիրները մշտապես գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովվեն նրանց պարտականությունների պատշաճ կատարման համար: Հանդիպման ընթացքում Նախագահն անդրադարձել է նաև հետպատերազմական իրավիճակին ու վերականգնողական աշխատանքներին՝ շեշտադրելով, որ Արցախին դժվար ու երկար ճանապարհ է սպասվում երկրի վերականգնման ու զորացման ուղղությամբ, այնպիսի երկրի, որտեղ բոլոր արցախցիներն ապագա կտեսնեն ապրելու և արարելու: Անդրադառնալով Հանրապետության կարգավիճակին` Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ թեև դժվար պայմաններում, սակայն շարունակելու ենք պայքարը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ, իսկ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է:
12:01 - 26 հունվարի, 2021
Արցախի գյուղերում հաստատվող քաղաքացիների համար առաջիկայում կստեղծվեն տարբեր հնարավորություններ. Արայիկ Հարությունյան

Արցախի գյուղերում հաստատվող քաղաքացիների համար առաջիկայում կստեղծվեն տարբեր հնարավորություններ. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 24-ին մեկնել է Մարտակերտ քաղաք եւ հանդիպել շրջանի վարչակազմի, համայնքների ու հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավար կազմի հետ. հանդիպմանը մասնակցում էր նաեւ Արցախի հերոս, ՊԲ Ն դիվիզիայի հրամանատար Կարեն Շաքարյանը: Երկրի ղեկավարը ներկայացրել է ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, Կառավարության կողմից իրականացվող քայլերի հաջորդականությունը եւ նշել անվտանգային, հումանիտար ու սոցիալ-տնտեսական ոլորտներում առկա այն առաջնահերթությունները, որոնք պետական կառավարման համակարգի համար գործողությունների օրակարգ են ձեւավորել: Անդրադառնալով անօթեւան քաղաքացիներին շրջանի համայնքներում տեղավորելու ծրագրի ընթացքին՝ նախագահ Հարությունյանը հորդորել է առավել ակտիվացնել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերն՝ ընդգծելով, որ գյուղական համայնքներում հաստատվող քաղաքացիների տնտեսական գործունեության համար Կառավարության կողմից առաջիկայում կստեղծվեն տարբեր հնարավորություններ: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը նաեւ պատասխանել է ներկաներին հուզող հարցերին: Այնուհետեւ Արայիկ Հարությունյանը, Մարտակերտի հոգեւոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այցելել է վերակառուցման փուլում գտնվող Մարտակերտի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցի, ծանոթացել տեղում իրականացված շինարարական աշխատանքներին, խոստացել, որ պետության կողմից համապատասխան օժանդակություն կտրվի շինաշխատանքները սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու համար:
11:07 - 25 հունվարի, 2021
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 24-ին ընդունել է ԱՀ առողջապահության նախարարի հրավերով ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Ներկայացնելով այցի ընթացքում անցկացված մասնագիտական քննարկումների արդյունքները՝ պատվիրակությունը գլխավորող բժիշկ Արամայիս Գալումյանը նշել է, որ դրանք շատ օգտակար էին համագործակցության կապերի ու մեխանիզմների ստեղծման ու զարգացման առումով: Գալումյանի խոսքով՝ Արցախի առողջապահական համակարգի առկա հիմնախնդիրներն արդյունավետորեն լուծելու գործում իրենց մասնակցությունը կունենան ՀՀ առողջապահության համակարգի առաջատար բազմաթիվ մասնագետներ, ովքեր ընդգրկվել են այդ նպատակով ձևավորված փորձագիտական խորհրդի մեջ: Նախագահ Հարությունյանը կենսական նշանակության խնդիր է համարել Արցախում բարձրորակ առողջապահական ծառայությունների ապահովումը՝ նշելով, որ կառավարությունն այս ուղղությամբ շարունակելու է գործադրել առավելագույն ջանքեր: Նա շնորհակալություն է հայտնել ոլորտի առաջատար մասնագետներին ցուցաբերած պատրաստակամության ու աջակցության համար՝ ընդգծելով նրանց ունեցած անձնուրաց ներդրումը հատկապես պատերազմական օրերին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը և ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:
12:29 - 24 հունվարի, 2021
ԱՀ նախագահը ստորագրել է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքը

ԱՀ նախագահը ստորագրել է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 23-ին ստորագրել է «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»  և ««Ոստիկանությունում ծառայության մասին»» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։ Այդ մասին հայտնում են նախագահի լրատվական ծառայությունից:      
15:50 - 23 հունվարի, 2021
Արայիկ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը

Արայիկ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 23-ին ընդունել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին, Արցախում բնակարանաշինության ծրագրերի և անօթևան մնացած քաղաքացիների խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ քաջ գիտակցելով պատերազմի հետևանքներով պայմանավորված հայկական Սփյուռքի տրամադրությունները՝ միաժամանակ ցանկանում է բոլորի ուշադրությունը հրավիրել հայրենի հողում սեփական ապագան կառուցելու նպատակ ունեցող տասնյակ հազարավոր արցախցիներին աջակցելու անհրաժեշտության վրա: Նա շեշտադրել է, որ միայն համահայկական ջանքերի միջոցով է հնարավոր լինելու վերականգնել ու զարգացնել Արցախը, և այդ առումով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համատեղ ու համակարգված աշխատանքը պարտադիր պայման է: Զարեհ Սինանյանն իր հերթին նշել է, որ ինչպես միշտ, արցախահայությունը միայնակ չէ, և կենսական նշանակության բոլոր խնդիրների լուծման գործում համապատասխան միասնական աշխատանքներ են իրականացվելու: Հանդիպմանը ներկա էին ՀՀ և ԱՀ կառավարությունների անդամներ, պաշտոնատար այլ անձինք:
13:00 - 23 հունվարի, 2021
Արայիկ Հարությունյանը Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների հետ քննարկել է պատերազմի հետևանքներն ու առկա մարտահրավերները

Արայիկ Հարությունյանը Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների հետ քննարկել է պատերազմի հետևանքներն ու առկա մարտահրավերները

Արցախի Հանրախետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 19-ին այցելել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն և հանդիպել կառույցի աշխատակիցների հետ, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։ Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են պատերազմի հետևանքներին, առկա մարտահրավերներին, անվտանգային երաշխիքներին ու անորոշություններին, ինչպես նաև տարբեր ոլորտներում պետական կառավարման համակարգի օղակների անելիքներին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ ի լրումն նախապատերազմյան ժամանակաշրջանում առկա խնդիրներին և բնակչության կարիքներին՝ այսօր հայտնվել են շատ մեծ ծավալի նոր խնդիրներ ու կարիքներ:Նախագահը շեշտել է, որ ակնկալում է պետական բոլոր կառույցների աշխատակիցներից առավելագույն քրտնաջան, պատասխանատու, հետևողական ու արդյունավետ աշխատանք: Այդ համատեքստում նա հանձնարարել է նախարար Աշոտ Բախշիյանին կենտրոնացնել կառույցի աշխատակիցների ողջ ներուժը պատերազմական հետևանքներն արագ վերացնելու, բնակչության հրատապ կարիքները բավարարելու և տնտեսության վերականգնման ու զարգացման ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։
20:11 - 19 հունվարի, 2021
Արցախում նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը. ԱՀ նախագահ

Արցախում նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը. ԱՀ նախագահ

Արցախում նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը, որի միջոցով բազմաթիվ ընտանիքներում մանուկներ կծնվեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ հետպատերազմյան այս շրջանում սոցիալական հսկայական բեռ է ավելացել պետության ուսերին, ինչը ստիպում է բազմաթիվ սոցիալ-տնտեսական ծրագրերի ուղղությամբ որոշակի սահմանափակումներ նախատեսել: Սակայն կրթության և, հատկապես, առողջապահության ոլորտներում մեր նախապես որդեգրած քաղաքականությունը զգալի փոփոխությունների չի ենթարկվի՝ պայմանավորված դրանց ռազմավարական նշանակությամբ: «Մեզ համար ճակատագրական այս շրջափուլն ունի իր հրամայականը՝ հայոց օջախներում պետք է լսվի նորածնի ճիչը՝ որպես մեր ազգի ու Հայրենիքի հավերժականության առհավատչյա»,-եզրափակել է Հարությունյանը:  
15:23 - 17 հունվարի, 2021
Արցախի բոլոր բնակավայրերում վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը. ԱՀ նախագահ

Արցախի բոլոր բնակավայրերում վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը. ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Արցախի բոլոր բնակավայրերում վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը: «Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանում ևս ավարտվեցին Էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարման ապահովմանն ուղղված աշխատանքները: Այսպիսով կարող ենք փաստել, որ Հանրապետության բոլոր բնակավայրերում արդեն ընդհանուր առմամբ վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը, և մնացել է վերջնականորեն կարգավորել համապատասխան հզորության ապահովման խնդիրը: Ամբողջությամբ վերականգնված է նաև գազամատակարարումը, իսկ կապի ու հեռահաղորդակցության բնագավառում դեռևս զգալի աշխատանքներ կան կատարելու: Պատերազմական գործողությունների հետևանքով ոչնչացվել կամ վնասվել էին Արցախի էլեկտրամատակարարման գրեթե բոլոր ենթակայաններն ու ցանցի բազմաթիվ հատվածներ: Այդուհանդերձ, շնորհիվ համակարգի աշխատակիցների նվիրված ու արհեստավարժ աշխատանքի՝ անգամ պատերազմական թեժ պայմաններում հնարավոր է դարձել երաշխավորել կայուն էլեկտրամատակարարում բնակավայրերի հիմնական մասում: Մենք խորապես երախտապարտ ենք ենթակառուցվածքային համակարգերի բոլոր այն աշխատակիցներին, որոնք, անտեսելով բոլոր վտանգներն ու դժվարությունները, նաև իրենց կյանքի գնով ապահովել են կենսական պայմաններն Արցախում»,- տեղեկացրել է Արցախի նախագահը։    
10:06 - 17 հունվարի, 2021
Արցախի նախագահը խմելու և ոռոգման ջրերի կառավարման խնդիրների շուրջ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի նախագահը խմելու և ոռոգման ջրերի կառավարման խնդիրների շուրջ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խմելու և ոռոգման ջրերի կառավարման խնդիրների ու բարեփոխման ծրագրերի շուրջ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Հանրապետության բնականոն կյանքի վերականգնումը Կառավարության գերակա նպատակներից է, և անհրաժեշտ է արագ ու արդյունավետ լուծումներով վերացնել պատերազմական հետևանքները: Արայիկ Հարությունյանը նշել է, որ պատերազմի հետևանքով վնասվել և մասամբ ադրբեջանական վերահսկողության տակ են անցել Հանրապետության մի շարք ենթակառուցվածքներ, այդ իսկ պատճառով հարկ է վերանայել ջրամատակարարման որոշ ծրագրեր ու ցանցեր։ Այդ համատեքստում նախագահը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հնարավորինս կարճ ժամկետում մշակել նոր ծրագրեր՝ գործող ենթակառուցվածքների վերանորոգման, նոր ջրագծերի և ոռոգման համակարգերի կառուցման, ինչպես նաև ոլորտի տեխնիկական վերազինման ուղղությամբ՝ նախատեսելով և՛ բյուջետային, և՛ արտաբյուջետային միջոցների ներգրավում։ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ գործադրվելու են գործուն ջանքեր առաջիկա երեք տարիների ընթացքում բոլոր բնակավայրերում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու ուղղությամբ: Անդրադառնալով սակագների քաղաքականությանը՝ Արայիկ Հարությունյանը հիշեցրել է, որ պետությունը մեկ տարվա ընթացքում շարունակելու է փոխհատուցել քաղաքացիների կոմունալ, այդ թվում՝ ջրամատակարարման ծառայությունների դիմաց վճարները՝ որոշակի ծավալներով։ Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել պետական լիազոր մարմիններին՝ ջրային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների արագ կազմակերպման ու հետագա ծրագրերի հստակեցման ուղղությամբ:
15:15 - 15 հունվարի, 2021