Կորոնավիրուս

Պետք չէ վստահել նոր կորոնավիրուսը բուժող դեղերի մասին լուրերին

Պետք չէ վստահել նոր կորոնավիրուսը բուժող դեղերի մասին լուրերին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է չվստահել Նոր կորոնավիրուսը բուժող դեղերի մասին լուրերին և չտարածել դրանք: Այս մասին նշված է կառույցի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: «Վերջին շրջանում համացանցում շրջանառվում են հակավիրուսային ազդեցություն ունեցող որոշ դեղերի վերաբերյալ տեղեկություններ՝ դրանք ներկայացնելով որպես կորոնավիրուսի բուժման միջոց։ Այնինչ ներկայում նոր կորոնավիրուսի (COVID 19) բուժման որևէ կոնկրետ դեղամիջոց կամ մեթոդ չկա։ Իրենց ներդիր թերթիկում վիրուսների նկատմամբ իմունիտետ բարձրացնելու ցուցումով դեղերը չեն հանդիսանում նոր կորոնավիրուսի (COVID 19) բուժման միջոց։ Չհիմնավորված տեղեկությունների տարածումը թյուրընկալման պատճառ է դառնում և կարող է սպառողին մոլորության մեջ գցել»,- նշված է հաղորդագրությունում: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է ֆեյսբուքյան օգտատերերին՝ համացանցում չտարածել ու միմյանց չուղարկել նոր կորոնավիրուսի բուժման վերաբերյալ չհաստատված տեղեկատվություն և հիմք չընդունել նման տեղեկություններն այս կամ այն դեղամիջոցի ենթադրյալ արդյունավետության վերաբերյալ, քանի որ դա կարող է հանրության շրջանում առաջացնել չարդարացված սպասումներ և շփոթություն։ «Միաժամանակ, հիշեցնենք, որ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման 7-րդ հոդվածի 23 կետի համաձայն՝ ՀՀ-ում եւ ՀՀ-ից դուրս կորոնավիրուսով վարակման դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ՝ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պաշտոնական տեղեկատվությանը հղում կատարելով»,- ասված է հրապարակման մեջ:
18:52 - 17 մարտի, 2020
ՀԷՑ-ն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի

ՀԷՑ-ն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի

Արտակարգ դրության պայմաններում բաժանորդների պատշաճ սպասարկում ապահովելու, ինչպես նաև շրջապատի առողջությունը որպես գերակա նպատակ դասելու սկզբունքներից ելնելով՝ ս.թ. մարտի 17-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն անցնում է հեռահար աշխատանքային ռեժիմի: Այդ մասին ընկերությունը հաղորդագրություն է տարածել․ «Այդ նպատակով Ընկերությունը որոշում է ընդունել նվազագույնի հասցնել մարդկային շփումները ինչպես Ընկերության ներսում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ: Ուստի արգելվում է քաղաքացիների, այդ թվում նաև՝ մեր բաժանորդների մուտքը Ընկերության գրասենյակներ: Երևանում և մարզերում տեղակայված բաժանորդների սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործի: Բաժանորդների սպասարկումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով: Բաժանորդներին խնդրում ենք դիմել՝ Պաշտոնական կայքում հասանելի առցանց դիմում մուտքագրելու միջոցով՝http://www.ena.am/Contact.aspx?hid=45&lang=1 (նախատեսված է բոլոր տեսակի դիմումների համար), փոստով՝ 0047, ՀՀ, Երևան, Արմենակյան, 127, էլեկտրոնային նամակով՝ [email protected]հասցեին: Յուրաքանչյուր հարցի/բողոքի/առաջարկության դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 180 և 080000180 բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի հեռախոսահամարներով: Առո՛ղջ եղեք»,- ասված է հաղորդագրության մեջ:
18:25 - 17 մարտի, 2020
ՊՆ-ն դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը

ՊՆ-ն դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը

Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունում այսուհետ դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը` մինչև իրավիճակի կարգավորումը: Այս մասին հայտարարություն է տարաել ՀՀ պաշտպանության նախարարությունը․ «Խնդրում ենք Ձեր դիմումները, գրությունները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ է/փ հասցեներին. [email protected] [email protected] Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ն, զանգահարել ՀՀ ՊՆ թեժ գիծ` 1-28 կամ (+37412) 21-00-00 հեռախոսահամարներով: Քաղաքացիների դիմումների և առաջարկությունների հետ կապված` զանգահարել (+37410) 29-43-95 հեռախոսահամարով Հասարակական կամ այլ կազմակերպություններին՝ զանգահարել (+37410)  29-44-39 հեռախոսահամարով»,- ասված է հայտարարության մեջ:
18:08 - 17 մարտի, 2020
Տեղի է ունեցել պարետատան առաջին նիստը. տրվել են ցուցումներ

Տեղի է ունեցել պարետատան առաջին նիստը. տրվել են ցուցումներ

Մարտի 17֊ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան առաջին նիստը։ Տիգրան Ավինյանը ասել է.«Օրակարգում ունենք մի քանի կարևոր հարցեր և, մասնավորապես, առաջինը զուտ գործընթացային խնդիրներին վերաբերող հարցեր են: Ես պետք է խնդրեմ, որ բյուրոկրատական բոլոր ընթացակարգերի վերաբերյալ մենք ունենանք մի փոքր ավելի ճկուն մոտեցում: Ես տեսնում եմ, որ որոշակի խնդիրներ առկա են ու նույնիսկ արտակարգ դրության ռեժիմում մենք ունենում ենք որոշումների կայացման ֆորմալիզացման հետաձգումներ կան: Պետք է խնդրեմ, որպեսզի մեր իրավաբանները մի փոքր ավելի կոնկրետ ու ճկուն համակարգ առաջարկեն, որով մենք առաջ կշարժվենք, որովհետև ինձ մոտ մեկ-մեկ տպավորություն է ստեղծվում, որ արտակարգ դրության ռեժիմում մենք ավելի քիչ ճկունություն ունենք քան մինչ այդ ունեինք: Եվ պետք է խնդրեմ, որ ձեր ուշադրության կենտրոնում պահեք այս հարցը:Պարոն Թորոսյանին խոսքը կփոխանցեմ անպայման, որպեսզի ներկայացնի ընդհանուր իրավիճակը թե ինչ նորություններ ունենք: Հետագայում նաև կքննարկենք մի քանի կարևոր այլ հարցեր, որոնք վերաբերում են հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներին ՀՀ ամբողջ տարածքում և թե ինչպես իրականացնել վերահսկողությունը դրա նկատմամբ: Մենք երեկ երեկոյան պարոն Սարգսյանի հետ խոսել ենք ու որոշակի պայմանավորվածություն ունենք թե ինչ է պետք անել: Կարծում եմ բոլոր սահմանափակող միջոցառումները պետք է ուղեկցվեն հստակ մեթոդական ցուցումներով, որպեսզի յուրաքանչյուր իր պարտականությունները կատարող պաշտոնյա իմանա թե ինչ է պետք անել ու ինչ քայլերի հերթականություն ինքը ունի անելու և այդ ամեն ինչը պետք է շատ հստակ լինի:Քննարկելու ենք միասնական թեժ գծի գործարկման հարցերը: Կրկին ունենանք բոլոր այն պոտենցիալ հարցերը ու պատասխանները, որոնք թեժ գծին կարող են ուղղվել: Եվ այդ հարցերին պետք է հստակ պատասխաններ տրվեն:Ֆինանսական հարցեր ունենք քննարկելու, հաղորդակցման ուղիներին վերաբերող հարցեր, սահմանափակումների վերաբերյալ՝ նաև ԶԼՄ-ների մասով»:Այնուհետև Առողջապահության նախարարը ներկայացրել է հանրապետությունում իրավիճակը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հետ կապված: Ի լրումն պարետատան իրականացրած միջոցառումների նիստի մասնակիցները կարևորել են քաղաքացիական գիտակցության ու զգոնության դերը ու լրացուցիչ անվտանգության միջոցառումները:Նիստի ընթացքում քննարկվել է պարետի ընդունած որոշումը հանրային միջոցառումների սահմանափակումների մասին։ Կարևորվել է Ոստիկանության դերը հանրային միջոցառումների արգելքի ռեժիմը վերահսկելու գործում: Վերահսկողական միջոցառումների վերաբերյալ տրվել են համապատասխան մեթոդական ցուցումներ:Առանձնացվել է մարզերում ու Երևան քաղաքում տարբեր գերատեսչությունների ներգրավմամբ վերահսկողական գործողությունների կոորդինացման գործում մարզպետերի ու Երևանի քաղաքապետի դերը։Նիստի մասնակիցները քննարկել են սոցիալ-տնտեսական անհրաժեշտ միջոցառումները տնտեսությունը ակտիվացնելու ու կորոնավիրուսի ազդեցությունը սոցիալական տարբեր խմբերի վրա մեղմելու համար։Անդրադարձ է կատարվել նաև մի շարք երկրների հետ հաղորդակցության ու վիզային ռեժիմներին վերաբերող հարցերի։
17:45 - 17 մարտի, 2020
Վարչական պատասխանատվության կենթարկվեն այն անձինք, որոնք ռեժիմի խախտմաբ կկազմակերպեն հանրային միջոցառումներ․ արդարադատության փոխնախարար

Վարչական պատասխանատվության կենթարկվեն այն անձինք, որոնք ռեժիմի խախտմաբ կկազմակերպեն հանրային միջոցառումներ․ արդարադատության փոխնախարար

Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ահազանգեր հիմնականում ստացվել են ԶԼՄ-ների կողմից առանձին հրապարակումների վերաբերյալ։ Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը` խոսելով արտակարգ դրության առանձնահատկությունների մասին։ Նա նշեց, որ քիչ առաջ ԶԼՄ ներկայացուցիչների հետ քննարկել են առկա սահմանափակումները, եւ որոշակի թյուրընկալում կա այս հասկացությունների հետ կապված, թե որ տեսակի տեղեկատվությունն իրավունք ունեն հրապարակելու եւ որը հրապարակելու իրավունք չունեն․ «Մեր քննարկումների արդյունքում, կարծում ենք, դեպքերը կնվազեն։ Խուճապ չառաջացնելու համար շատ կարեւոր է հետեւել պաշտոնական լրատվությանը»։ Լրագրողները փոխնախարարից հետաքրքրվեցին, թե ինչ սահմանափակում կա ռոստորանների սրճարանների գործունեության համար։ Ի պատասխան՝ Դանիելյանն ասաց, որ այս պահին սահմանափակում չկա, սակայն պարետի ցուցումով հանրային սննդի օբյեկտների գործունեությունը կարող է սահմանափակվել։ Առայժմ պարետի նման ցուցում չկա, դա կարող է լինել ըստ անհրաժեշտության եւ կոնկրետ որեւէ վարչատարածքային միավորի համար։ Իսկ թե պետությունն ինչպես պետք է վիրուսակիր անձանց պաշտպանի հոգեբանական ճնշումներից, արդարադատության փոխնապարարն ասաց, որ արտակարգ դրություն հայտարելու որոշմամբ ԶԼՄ-ների սահմանափակումների մասով սահմանվում է, որ կոնկրետ վարակակիրների, նրանց հետ շփված անձանց շրջանակի, նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն առհասարակ չպիտի տրամադրվի՝ ո՛չ իրավաբանական, ո՛չ ֆիզիկական անձնաց կողմից։ Այսինքն, ըստ էության, արտակարագ իրավիճակի սահմած ռեժիմի խախտում կլինի, եթե քաղաքացիները կոնկրետ իրավիճակներ քննարկեն կամ դեպքերը մատնանշեն, թե անձն ինչ առողջական վիճակում է, ովքեր են նրանց հետ շփվել եւ այլն։ Դանիելյանը շեշտեց՝ ոստիկանությունը կարող է այդ անձնաց դիմել՝ նման հրապարակումները վերացնելու նպատակով։ Բացի այս, նա նշեց, որ վարակված եւ նրանց հետ շփված անձանց վերաբերյալ հրապարկված տեղեկատվության մոնիտորինգ է արվում, դա ուղարկվում է ոստիկանություն, ոստիկանությունն էլ վարչական պատասխանատվության ենթարկելու, հրապարակումները վերացնելու պահանջ ներկայացնելու լիազոր մարմինն է։ Դանիելյանն ասաց, որ ոստիկանությունն է ապահովում արտակարգ դրության ռեժիմը։ Ընդհուպ վարչական պատասխանատվության կենթարկվեն այն անձինք, որոնք սահմանված կարգը խախտելով կկազմակերպեն 20-ից ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումներ։ Կարիքից ելնելով՝ որոշ միջոցառումների դեպքում կտրամադրվի նաեւ մեթոդոլոգիա, թե ինչպես իրականցնել, որպեսզի խախտում տեղի չունենա։ Ի պատասխան լրագրողի հարցի՝ Վահե Դանիելյանն ասաց, որ կալանավորներին ազատ արձակելու հարց չի քննարկվել։ Նրա համոզմամբ՝ հանձնուքների տրամադրումն է արգելվել, որը բավարար է կորոնավիրուսի մուտքը կալանավայրեր արգելելու համար։ Փոխնախարարի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկներն ու զորամասերը համարվում են ռիսկի գոտի․ դրանով է պայմանավորված, որ այդ երկու մարմիններում կոնկրետ սահամանփակումներ են տարածվել հանձնուքների եւ տեսակցությունների առումով։ Սակայն ՔԿՀ-ներում թեստավորում չի իրականացվել, դրա կարքիը չի եղել․ «Եթե կալանավորները հանրությունից իզոլացված են, վարակի փոխանցման հավանականություն գրեթե չկա»,- ընդգծեց պաշտոնյան։
17:29 - 17 մարտի, 2020
Արցախում‌ ‌2‌ ‌քաղաքացի‌ ‌մեկուսացվել‌ ‌է ‌Շուշիի‌ ‌հիվանդանոցում‌ |hetq.am|

Արցախում‌ ‌2‌ ‌քաղաքացի‌ ‌մեկուսացվել‌ ‌է ‌Շուշիի‌ ‌հիվանդանոցում‌ |hetq.am|

hetq.am: Արցախում‌ ‌2‌ ‌քաղաքացի‌ ‌մեկուսացվել‌ ‌է‌ ‌Շուշիի‌ ‌հիվանդանոցում,‌ ‌դեռևս‌ ‌չկա‌ ‌ կորոնավիրուսով‌ ‌վարակվածության‌ ‌հաստատված‌ ‌դեպք,‌ ‌երեկ՝‌ ‌մարտի‌ ‌16-ին‌ ‌ քաղաքացիներից‌ ‌նմուշառում‌ ‌են‌ ‌արել,‌ ‌ուղարկել‌ ‌Երևան՝‌ ‌Նորքի‌ ‌ինֆեկցիոն‌ ‌հիվանդանոց: Թեստի պատասխանը‌ ‌կստանան‌ ‌այսօր՝‌ ‌օրվա‌ ‌վերջում,‌ ‌մինչ‌ ‌օրս‌ ‌Արցախից‌ ‌Երևան‌ ‌ուղարկվել‌ ‌է‌ ‌42‌ ‌փորձանմուշ,‌ ‌նախորդ‌ ‌40‌ ‌փորձանմուշների‌ ‌պատասխանները‌ ‌եղել‌ ‌են‌ ‌‌բացասական‌։‌ Պետական‌ ‌հիգիենիկ‌ ‌և‌ ‌հակահամաճարակային‌ ‌տեսչության‌ ‌պետ‌ ‌Օֆելյա‌ ‌Հարությունյանը նշեց,‌ ‌որ‌ ‌Արցախի‌ ‌Հանրապետության‌ ‌պետական‌ ‌նախարար,‌ Կորոնավիրուսի‌ ‌տարածման‌ ‌կանխարգելման‌ ‌աշխատանքները‌ ‌համակարգող‌ ‌միջգերատեսչական‌ ‌ հանձնաժողովի‌ ‌նախագահ‌ ‌Գրիգորի‌ ‌Մարտիրոսյանից‌ ‌հրահանգ‌ ‌է‌ ‌ստացել ‌սահմանել‌ ‌խիստ‌ ‌հսկողություն,‌ ‌որն‌ ‌իրենից‌ ‌ենթադրում‌ ‌է‌ ‌կասեցնել‌ ‌ արտասահմանյան‌ ‌զբոսաշրջիկներին‌ ‌մուտքի‌ ‌արտոնագրի‌ ‌տրամադրումը,‌ ‌մարտի‌ ‌16-ից‌ ‌մինչև‌ ‌ապրիլի‌ ‌16-ը‌ ‌սահմանափակել‌ ‌պետական‌ ‌կառավարման‌  համակարգի,‌ ‌նրանց‌ ‌ենթակայության‌ ‌տակ‌ ‌գտնվող‌ ‌հաստատությունների‌ ‌աշխատակիցների‌ ‌մի‌ ‌մասի‌ ‌աշխատանքի‌ ‌ներկայանալը՝‌ ‌ պարտականություններն‌ ‌իրականացնելով‌ ‌հեռահար‌ ‌տարբերակով,‌ ‌մեկ‌ ‌շաբաթով‌ ‌կասեցնել‌ ‌մանկապարտեզների,‌ ‌կրթական‌ ‌բոլոր‌ ‌ հաստատությունների‌ ‌աշխատանքը,‌ ‌անհրաժեշտության‌ ‌դեպքում‌ ժամկետները‌ ‌կերկարաձգվեն։‌
17:11 - 17 մարտի, 2020
Արցախի պետնախարարը ծանոթացել է սահմանային հսկիչ կետում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին

Արցախի պետնախարարը ծանոթացել է սահմանային հսկիչ կետում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին

Արցախի Հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը ոստիկանապետ Լևոն Մնացականյանի, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանի, առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի և քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի ուղեկցությամբ մարտի 17-ին աշխատանքային այցով եղել է «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում՝ ծանոթանալու վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ առողջապահության նախարարության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից իրականացվող շուրջօրյա հսկողական աշխատանքներին: Ոլորտի պատասխանատուները և աշխատակիցները պետական նախարարին են ներկայացրել նախապես հանձնարարված ցուցումների կատարման ընթացքը և հաջորդականությունը: «Պետք է Արցախ մուտք գործող յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ գործել համապատասխան հրահանգների, հստակեցնել աշխատանքների կազմակերպման բաշխվածությունը և դրանք  կատարել սահմանված պահանջներին համապատասխան: Բացի ջերմաչափում իրականացնելուց՝ նրանց իրազեկել վարակի ախտանիշների մասին: Հորդորել 14-օրյա ժամկետում, կասկածելի ախտանիշների դեպքում, ինքնամեկուսանալ և անպայման դիմել մոտակա բուժհիմնարկ: Անհրաժեշտություն կա լրացուցիչ պատասխանատվությամբ մոտենալ անհատական քարտերի գրանցման գործընթացին՝ բացառելով որևէ քաղաքացու մասին տեղեկության բացակայությունը»,- նշել է Գ. Մարտիրոսյանը:
17:06 - 17 մարտի, 2020
ԿԲ-ն 0․25 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԿԲ-ն 0․25 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

2020 թ. մարտի 17-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց  վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5․25%:  2020թ. փետրվարին արձանագրվել է 0.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.6% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը կազմել է 0.5%: Աշխարհում կորոնավիրուսի շարունակվող տարածումը նշանակալի բացասական ազդեցություն է թողնում համաշխարհային տնտեսության և գործընկեր երկրների տնտեսական աճի վրա։ Համաշխարհային ֆինանսական շուկաներում զգալի աճել են անորոշությունները, ինչն արտահայտվել է զարգացած երկրների բորսայական ինդեքսների շարունակական անկմամբ, հանքահումքային ապրանքների գների նվազմամբ, զարգացող երկրների փոխարժեքների արժեզրկմամբ, որոնց ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա գնահատվում է գնանկումային։ ԿԲ գնահատականների համաձայն, այս ազդեցություններն արտահայտվում են նաև ՀՀ տնտեսության վարքագծում համախառն առաջարկի և պահանջարկի միաժամանակյա կրճատմամբ։ Հիմնական ազդեցությունն իր վրա է կրում ծառայությունների ճյուղը, հատկապես այն ենթաճյուղերը, որոնք կապված են զբոսաշրջության և ժամանցի կազմակերպման հետ։ ԿԲ հիմնական սցենարի համաձայն, տնտեսական աճը բավականին կդանդաղի կարճաժամկետ հատվածում, սակայն չի ազդի երկրի տնտեսական պոտենցիալի երկարաժամկետ հեռանկարների վրա։ ԿԲ Խորհուրդը,  քննարկելով տնտեսության զարգացումները, գնահատում է, որ ստեղծված իրավիճակում դրամավարկային քաղաքականության դերը սահմանափակ է, քանի որ դրամավարկային քաղաքականության գործիքակազմը հնարավորություն չունի ազդելու առողջապահական խնդիրներով պայմանավորված իրական տնտեսական անորոշության աճի և տնտեսության առանձին հատվածների զարգացումների վրա։ Այս պարագայում կարևոր է շարունակել պահպանել երկրի մակրոտնտեսական կայունությունը, ինչը թույլ կտա ապահովել Կառավարության կողմից մշակվող տնտեսական քաղաքականության թիրախավորված միջոցառումների արդյունավետությունը։ ԿԲ Խորհուրդը գտնում է, որ վերջին տարիներին իրականացված ցածր գնաճային քաղաքականության շնորհիվ գնաճային սպասումները ներկայումս բավականին խարսխված են, հետևաբար, ելնելով ԿԲ գների կայունություն նպատակից, և գնահատելով գնաճային ներկա զարգացումները, համաշխարհային տնտեսության ապագա ազդեցությունները և ձևավորված անորոշությունները, ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով։ Արդյունքում, ըստ հիմնական սցենարի՝ գնաճը առաջիկա ամիսներին կպահպանվի համեմատաբար ցածր մակարդակում՝ հետագայում աստիճանաբար մոտենալով նպատակային թիրախին։ Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկը ամենօրյա ռեժիմով իրականացնում է տնտեսության և ֆինանսական շուկաների մշտադիտարկում, քննարկում է տարբեր այլընտրանքային սցենարներ և պատրաստ է արձագանքել իրավիճակի ցանկացած զարգացմանը՝ ապահովելով գների կայունությունը Հայաստանի Հանրապետությունում։
16:04 - 17 մարտի, 2020