ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Զինծառայողների հետ բաց կապուղիների միջոցով հեռախոսային խոսակցությունները կարող են վերահսկվել հակառակորդի կողմից և զինծառայողներին թիրախավորելու առիթ դառնալ․ ԱԱԾ

Զինծառայողների հետ բաց կապուղիների միջոցով հեռախոսային խոսակցությունները կարող են վերահսկվել հակառակորդի կողմից և զինծառայողներին թիրախավորելու առիթ դառնալ․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում շարունակաբար ստացվում են տվյալներ այն մասին, որ մեր քաղաքացիները շարունակում են բաց կապուղիների միջոցով հեռախոսային կապ հաստատել առաջնագծում գտնվող զինծառայողների հետ և այդ խոսակցությունների ընթացքում միմյանց հետ քննարկվում են նաև սահմանագծում տիրող իրավիճակի և հայկական կողմի մարտական դիրքերի տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկություններ: Հարկ ենք համարում շեշտել, որ հեռախոսային այդօրինակ խոսակցությունները կարող են վերահսկվել հակառակորդի կողմից և առիթ դառնալ մեր զինծառայողներին թիրախավորելու համար: Ուստի, մեկ անգամ ևս կոչ ենք անում և խստորեն զգուշացնում, որ մեր զինծառայողները զերծ մնան միմյանց և իրենց հարազատների միջև հեռախոսային բաց կապ հաստատելուց, ինչպես նաև հիշյալ բնույթի տարատեսակ խոսակցություններից, որոնք ուղղակիորեն կարող են սպառնալ մեր քաջարի զինծառայողների անվտանգությանը՝ անգամ վտանգ հանդիսանալով նրանց կյանքի համար:
16:31 - 07 հոկտեմբերի, 2020
«Shame.am»-ի հիմնադիր Արտյոմ Խաչատրյանը  հրապարակել է «Հայաստանի անվտանգության երաշխավորը դնում է Փաշինյան Նիկոլի հեռացման հարցը» վերտառությամբ հոդվածը, որտեղ միակողմանի չփաստարկված կարծիքները մատուցել է որպես «ճշմարտություն»

«Shame.am»-ի հիմնադիր Արտյոմ Խաչատրյանը հրապարակել է «Հայաստանի անվտանգության երաշխավորը դնում է Փաշինյան Նիկոլի հեռացման հարցը» վերտառությամբ հոդվածը, որտեղ միակողմանի չփաստարկված կարծիքները մատուցել է որպես «ճշմարտություն»

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հիմնվելով ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման պահանջների վրա, բազմիցս հորդորել է զանգվածային լրատվամիջոցներին, անհատներին կամ առանձին քաղաքական վերլուծաբաններին զերծ մնալ զանգվածային լրատվամիջոցներով կամ հրապարակային բնույթ կրող այլ եղանակներով ապատեղեկատվություն կամ զրպարտչական բնույթ կրող, հանրության ներքին միասնությունը խաթարող տեղեկություններ տարածելուց, սակայն այդուհանդերձ որոշ անձինք, նույնիսկ պատերազմական իրավիճակներում, շարունակում են սեփական շահը պետության անվտանգության շահերից վեր դասելու անթույլատրելի վարքագիծը: Մասնավորապես՝ «Shame.am» էլեկտրոնային լրատվական կայքէջի հիմնադիր Արտյոմ Խաչատրյանը նույն կայքում, ինչպես նաև իր անձնական ֆեյսբուքյան էջում 05.10.2020թ. հրապարակել է «Հայաստանի անվտանգության երաշխավորը դնում է Փաշինյան Նիկոլի հեռացման հարցը» վերտառությամբ հոդվածը, որտեղ, անտեսելով ռազմական դրության ժամանակ առկա սահմանափակումները, իր ենթադրությունները, միակողմանի չփաստարկված կարծիքները կամ ակնհայտ սուտ տեղեկությունները մատուցել է հանրությանը որպես «ճշմարտություն»։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում նախաձեռնել է գործով  վարույթ, որի շրջանակներում հոդվածում առկա հրապարակումների կապակցությամբ բացատրություն է ստացել Արտյոմ Խաչատրյանից, որի ընթացքում վերջինս կտրականապես հրաժարվել է իր կողմից հրապարակված հոդվածում առկա տեղեկատվությունը հաստատելուց՝ նշելով, որ դրանք զուտ իր ենթադրություններն ու սեփական վերլուծություններն են, ինչի կապակցությամբ որևէ փաստ կամ ապացույցներ չի կարող ներկայացնել: Միաժամանակ, Արտյոմ Խաչատրյանը նշել է, որ հոդվածում առկա տեղեկատվությունը հրապարակելիս օգտվել է օտարերկրյա լրատվամիջոցներում զետեղված հրապարակումից, որին ավելացրել է նաև իր վերլուծություններն ու մտքերը: Ընդ որում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ուսումնասիրվել են նաև Արտյոմ Խաչատրյանի կողմից վկայակոչված՝ օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում զետեղված հրապարակումները, որի արդյունքում ակնհայտ է դարձել, որ այն վերարտադրվել է խեղաթյուրված բովանդակությամբ՝ այդ կերպ փորձելով մոլորության մեջ գցել հանրությանը և խաթարել պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահությունը: Ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրային շահերը նեղ անձնական շահերին ստորադասելուց, ապատեղեկատվություն կամ զրպարտչական բնույթ կրող սուտ տեղեկատվություն տարածելու, ինչպես նաև խոսքի ազատության անվան տակ հանրությանը մոլորության մեջ գցելու անթույլատրելի գործելաոճից և զգուշացնում է, որ այդպիսի տեղեկատվություն տարածողների նկատմամբ կիրառվելու են քրեաիրավական ներգործության համարժեք միջոցներ: Հորդորում ենք չօգտվել նման տեղեկատվական աղբյուրներից, ցուցաբերել զգոնություն, համանման տեղեկությունները չփոխանցել միմյանց՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դրանց տարածումը ակնհայտորեն միտված է մեր համազգային միասնությունը խաթարելուն, հանրության շրջանում խուճապ առաջացնելուն և պետությունը թուլացնելուն, որոնք չեզոքացնելու համար կիրառվելու են օրենսդրությամբ նախատեսված ողջ գործիքակազմը:
19:27 - 06 հոկտեմբերի, 2020
Հակառակորդը կոտրում է facebook-ում հայկական որոշ օգտատերերի անձնական հաշիվներն ու էջերը․ ԱԱԾ

Հակառակորդը կոտրում է facebook-ում հայկական որոշ օգտատերերի անձնական հաշիվներն ու էջերը․ ԱԱԾ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, ՀՀ ազգային  անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հակառակորդի կողմից այս օրերին կոտրվում են www.facebook.com սոցիալական ցանցում հայկական որոշ օգտատերերի անձնական հաշիվներն ու էջերը և դրանց միջոցով իրականացվում են հայ հանրության շրջանում միմյանց նկատմամբ հակասություններ ձևավորելու, հասարակությունը պառակտելու, գաղափարական տարաձայնություններ սերմանելու, ինչպես նաև խուճապ առաջացնելու գործողություններ՝ այդ էջերով տարատեսակ հաղորդագրություններ տարածելու եղանակով: Մասնավորապես, հիշյալ սոցիալական ցանցի «Armenian Style», «Երևան-Հայաստան», «Armenian Realty» և այլ կոտրված էջերում հրապարակվում են ռազմական գործողությունների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ, հանրության շրջանում բացասական հույզեր ձևավորող նյութեր և լուսանկարներ, ինչպես նաև կեղծ հայտարարություն՝ հոկտեմբերի 8-ին նախատեսվող ինչ-որ հավաքի վերաբերյալ: Բացի այդ նկատվում են նաև հատուկ ծրագրային մեթոդներով գեներացված և հայկական հեռախոսահամարների նմանությամբ համարներից զանգերի միջոցով սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու և այդ տարբերակով հայկական կողմի փաստացի իրավիճակին հնարավորինս տիրապետելու դեպքեր, ինչպես նաև նույն ճանապարհով առաքվում են խուճապ առաջացնող հաղորդագրություններ: ՀՀ ազգային  անվտանգության ծառայությունը հորդորում է չտրվել հակառակորդի սադրանքներին, չպատասխանել սոցիոլոգիական հարցումների նպատակ ունեցող կեղծ հեռախոսազանգերի, հիմք չընդունել վերոնշյալ տարբերակով ստացված կեղծ տեղեկություններն ու զերծ մնալ  վերջիններիս տարածումից, ցուցաբերել զգոնություն և հետևել միայն պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին»:
18:33 - 06 հոկտեմբերի, 2020
ՀՀ-ում լրտեսություն կատարելու կասկածանքով ԱԱԾ են բերման ենթարկվել օտարերկրյա քաղաքացիներ

ՀՀ-ում լրտեսություն կատարելու կասկածանքով ԱԱԾ են բերման ենթարկվել օտարերկրյա քաղաքացիներ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, շարունակում է հետևողական և գործուն պայքար մղել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, որի ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների արդյունավետ ծառայության, ինչպես նաև քաղաքացիների աչալրջության շնորհիվ Հայաստանի Հանրապետության տարածքում լրտեսություն կատարելու  կասկածանքով ՀՀ ազգային անվտանգության ծառայություն են բերման ենթարկվել օտարերկրյա քաղաքացիներ: Քրեադատավարական պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ զինված ուժերին պատկանող մարտական տեխնիկայի, սպառազինության շարժի, զորամասերի տեղակայման վայրերի, ինչպես նաև ռազմական դրության պայմաններում հայտարարված զորահավաքին մասնակցող անձանց և նրանց քանակի վերաբերյալ որոշակի տեղեկություններ հավաքելու մասին փաստական տվյալներ, որպիսիք քննության այս փուլում բավարար են եղել  կասկածանքը հիմնավոր համարելու համար, ուստի 2020 թվականի հոկտեմբերի 2-ին հիշյալ անձինք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածի (լրտեսություն) և ՀՀ քրեական օրենսգրքի 38-302-րդ հոդվածի (ՀՀ քաղաքացու կողմից լրտեսությանն օժանդակելու) կասկածանքով: Ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական  գործողություններ՝ կատարված հանցագործության ամբողջական բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ օտարերկրացիների ու ՀՀ քաղաքացիների ինքնությունները բացահայտելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանում սահմանադրական կարգի հիմունքների և  պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը այս գործընթացում ակնկալում է նաև հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետական դավաճանության կամ լրտեսության վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության և տարածքային անձեռնմխելիության: Ըստ անհրաժեշտության կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
21:36 - 04 հոկտեմբերի, 2020
ԱԱԾ-ն հետամուտ է լինելու ստահոդ լուրեր տարածողներին, հասարակությանը պառակտող և խուճապ սերմանող սադրիչներին հայտնաբերելուն

ԱԱԾ-ն հետամուտ է լինելու ստահոդ լուրեր տարածողներին, հասարակությանը պառակտող և խուճապ սերմանող սադրիչներին հայտնաբերելուն

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հայկական լրատվական կայքերի, սոցիալական ցանցերի հայկական օգտատերերի կոտրված հաշիվների, ինչպես նաև հայկական անուններով ստեղծված կեղծ էջերի միջոցով ապատեղեկատվություն տարածելու դեպքերը։ Մասնավորապես, www.facebook.com սոցիալական ցանցում ստեղծվել է ՀՀ հանրային հեռուստաընկերության կեղծ էջ (Armenian Soldier անվանումով), որի նպատակն է, ստահոդ լուրեր տարածելով, խուճապ առաջացնել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բնակչության շրջանում։ Համացանցում առկա են նաև հայալեզու ադրբեջանական կայքեր (.az տիրույթում), որոնք պատրաստված են հայկական լսարանի համար և տարածում են ակնհայտ սուտ տեղեկություններ՝ դարձյալ խուճապային տրամադրություններ ստեղծելու նպատակով: Սիրելի՛ հայրենակիցներ, Անհրաժեշտ է  չօգտվել նման տեղեկատվական աղբյուրներից, ցուցաբերել զգոնություն, համանման տեղեկությունները չփոխանցել միմյանց՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դրանց տարածումը բացառապես միտված է մեր համազգային միասնությունը խաթարելուն և պետությունը թուլացնելուն: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ օրենսդրությամբ իրեն տրված ողջ գործիքակազմը կիրառելով՝ հետամուտ է լինելու ստահոդ լուրեր տարածողներին, հասարակությանը պառակտող և  խուճապ սերմանող սադրիչներին (провокатор) հայտնաբերելուն և օրենքի ամբողջ խստությամբ  պատասխանատվության ենթարկելուն: Միաժամանակ, հորդորում ենք խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման պահանջները:
20:03 - 03 հոկտեմբերի, 2020
ԱԱԾ-ն հորդորում է տուրք չտալ կեղծ լուրեր պարունակող հաղորդագրություններում առկա տեղեկություններին

ԱԱԾ-ն հորդորում է տուրք չտալ կեղծ լուրեր պարունակող հաղորդագրություններում առկա տեղեկություններին

Ի հավելումն հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով ադրբեջանական կողմից կատարվող զանգերի և կեղծ լուրեր տարածող հաղորդագրությունների վերաբերյալ նախորդ հայտարարության՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նմանօրինակ որոշակի երևույթներ են նկատվում նաև Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գործող բջջային ցանցերի այլ հեռախոսահամարներից ևս:Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բացառապես զերծ մնալ նմանատիպ զանգերին պատասխանելուց և տուրք չտալ կեղծ լուրեր պարունակող հաղորդագրություններում առկա տեղեկություններին:Միաժամանակ, անհրաժեշտ է նաև համացանցում չտարածել նշված կեղծ հեռախոսազանգերի ու հաղորդագրությունների վերաբերյալ տեղեկություններ։
15:44 - 02 հոկտեմբերի, 2020
097-77-72-70 հեռախոսահամարից կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով․ ԱԱԾ

097-77-72-70 հեռախոսահամարից կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ստացված տեղեկությունների համաձայն, Արցախի Հանրապետության բջջային ցանցի՝  ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից անհայտ ճանապարհով ձեռք բերված  097-77-72-70 հեռախոսահամարի օգտագործմամբ կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով։ Միաժամանակ, շրջանառվում է նաև ձայնային հաղորդագրություն՝ կեղծ լուրեր տարածելով  Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակի, գաղտնի քարտեզներ անհետանալու, զոհերի և տեղի բնակչության փախուստի վերաբերյալ: Բացի այդ, հիշյալ հեռախոսահամարից, ոչ գրագետ հայերենով, հաղորդագրություններ են ուղարկվել բաժանորդներին և Ազգային անվտանգության ծառայության անունից խնդրել ցանկացած կասկածելի երևույթ նկատելու դեպքում զանգահարել այդ հեռախոսահամարով։ Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է տուրք չտալ նմանատիպ երևույթներին, չպատասխանել նման կասկածելի հեռախոսազանգերի և հաղորդագրությունների:
09:34 - 02 հոկտեմբերի, 2020
ԱՀ մեկնող բոլոր անձանց ու ավտոմեքենաների տեղաշարժն ապահովվելու է բացառապես համապատասխան փաստաթղթերի առկայությամբ

ԱՀ մեկնող բոլոր անձանց ու ավտոմեքենաների տեղաշարժն ապահովվելու է բացառապես համապատասխան փաստաթղթերի առկայությամբ

ԻՐԱԶԵԿՈՒՄ Արցախի Հանրապետություն մեկնել ցանկացող բոլոր անձանց։   Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 1-ից գործում են հսկիչ անցակետեր՝ ուստի Արցախի Հանրապետություն մեկնող բոլոր անձանց ու ավտոմեքենաների տեղաշարժն ապահովվելու է բացառապես համապատասխան փաստաթղթերի առկայությամբ:   Նշված անցակետերով Արցախի Հանրապետություն մուտքի հնարավորություն կունենան բոլոր այն անձինք, ովքեր պաշտպանական համակարգի մոբիլիզացիայի շրջանակներում ունեն համապատասխան կցագրումներ և նրանց մեկնումն իրականացվում է տարածքային զինվորական կոմիսարիատների նախաձեռնությամբ:   Միաժամանակ տեղեկացվում է, որ բոլոր այն կամավորները, ովքեր տարբեր օրինական հիմքերով կցագրված չեն, սակայն այնուամենայնիվ ցանկություն ունեն մեկնելու և մասնակցելու մարտական գործողություններին, պետք է ունենան ՀՀ պաշտպանության նախարարության գրավոր թույլտվությունը:   Բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ապահովել այս կարևորագույն պահանջի անվերապահ կատարումը:
20:06 - 01 հոկտեմբերի, 2020
Այն քաղաքացիները, ովքեր ենթակա են կցագրման տարածքային զինկոմիսարիատներում, մարտական գործողություններին կարող են մասնակցել բացառապես այդ ճանապարհով

Այն քաղաքացիները, ովքեր ենթակա են կցագրման տարածքային զինկոմիսարիատներում, մարտական գործողություններին կարող են մասնակցել բացառապես այդ ճանապարհով

ՀՀ ԱԱԾ—ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, մեծապես կարևորելով այս օրերին պաշտպանական համակարգում մոբիլիզացիոն աշխատանքների պատշաճ կազմակերպումը, տեղեկացնում է, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր մոբիլիզացիայի շրջանակներում ենթակա են կցագրման տարածքային զինվորական կոմիսարիատներում, ապա մարտական գործողություններին կարող են մասնակցել բացառապես այդ ճանապարհով: Հավելենք, որ տարածքային զինվորական կոմիսարիատներում կցագրումների և մոբիլիզացիոն ընդհանուր աշխատանքների ուղղությամբ ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ևս իրականացվելու է անհրաժեշտ հսկողություն: Իրավամբ, բարձր գնահատելով մեր քաղաքացիների կողմից ցուցաբերվող բացառիկ հայրենասիրության բոլոր դրսևորումները՝ առավել քան կարևոր ենք համարում կամավորագրման գործընթացի կազմակերպումը բացառապես պետական մարմինների համակարգման ներքո, որի ուղղությամբ առկա է նաև ՀՀ պաշտպանության նախարարության տարածած համապատասխան հայտարարությունը»:
13:47 - 01 հոկտեմբերի, 2020
Հայտարարություն հեռախոսային խոսակցությունների և կարճ հաղորդագրությունների (SMS) նկատմամբ զգուշավորություն ցուցաբերելու վերաբերյալ

Հայտարարություն հեռախոսային խոսակցությունների և կարճ հաղորդագրությունների (SMS) նկատմամբ զգուշավորություն ցուցաբերելու վերաբերյալ

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ այս օրերին անհրաժեշտ է լիովին զերծ մնալ հեռախոսային խոսակցությունների ու առավելապես կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով զինվորական տեխնիկայի տեղաշարժի, առաջնագծում և ռազմական գործողությունների տարբեր վայրերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ միմյանց տեղեկություններ փոխանցելուց՝ անգամ ականատես լինելու պարագայում: Դարձյալ հորդորում ենք բացառապես օգտվել պաշտոնական տեղեկատվությունից և հիմք ընդունել միմիայն  պաշտոնական լրահոսի մեկնաբանություններն ու վերլուծությունները՝ զերծ մնալով անգամ Ձեզ հավաստի տվյալներ միմյանց փոխանցելուց: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ հակառակորդի կողմից նմանատիպ տեղեկությունների նկատմամբ հասանելիություն ունենալու դեպքում հնարավոր են ամենատարբեր բացասական դրսևորումներ՝ իրենց անցանկալի հետևանքներով»:
12:27 - 01 հոկտեմբերի, 2020
ԱԱԾ-ն չի մեկնաբանում՝ արդյոք «TikTok»-ն արգելափակելու փորձ է անում  |hetq.am|

ԱԱԾ-ն չի մեկնաբանում՝ արդյոք «TikTok»-ն արգելափակելու փորձ է անում |hetq.am|

hetq.am: Երեկ երեկոյից Հայաստանում «TikTok» սոցիալական ցանցը խափանումներով է գործում։ Մի շարք օգտատերեր սոցիալական ցանցերում գրառումներ են անում «TikTok» սոցիալական ցանցի արգելափակման մասին։ Ոմանք էլ պնդում են՝ դեռևս կարողանում են օգտվել սոցիալական ցանցից։  Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հեռահաղորդակցման որոշ օպերատորների միջոցով հնարավոր է լինում օգտվել սոցցանցից, որոշներով՝ ոչ։ «Կա տպավորություն, որ արգելափակման առնվազն փորձ է արվում։ Բայց հնարավոր է՝ դեռևս փորձարկում են։ Հստակ որևէ բան չեմ կարող ասել»,-նշեց նա։ Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվեց պատասխանել՝ արդյոք փորձում է արգելափակել «TikTok» սոցիալական ցանցը Հայաստանում։ Ծառայությունից նաև չմանրամասնեցին՝ արգելափակելու հարցը քննարկվում է, թե՞ ոչ։ Նշենք, որ մի շարք քաղաքացիներ, հատկապես ծնողների շրջանում, մտահոգություն են հայտնում Հայաստանում այս պահին «TikTok» սոցիալական ցանցի առնչությամբ, որի հիմնական սպառողը երեխաներն ու դեռահասներն են, քանի որ այդ սոցիալական ցանցում տարածվում են զոհված հայ զինծառայողների և պատերազմական վիճակի մասին կեղծ տեսանյութեր։
11:54 - 01 հոկտեմբերի, 2020
ԱԱԾ-ն բացահայտել է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք

ԱԱԾ-ն բացահայտել է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և արդյունավետ պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական համակցված գործողությունների արդյունքում բացահայտել է նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված մեծաթիվ և արդյունավետ քննչական ու այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով ծառայության անցնելով ՀՀ զինված ուժերում և տարբեր տարիների ընթացքում զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ,  օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչներին հանձնել կամ հանձնելու նպատակով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններ, թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: Այսպես. Քրեական գործով որպես մեղադրյալ նեգրավված անձը, գտնվելով Վրաստանի Հանրապետության տարածքում, հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվելով այդ հետախուզական ծառայությունների աշխատակիցների  կողմից՝ ստացել է կոնկրետ առաջադրանքներ` Արցախի և Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ ծառայության բերումով արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ, այդ թվում` բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների և սարքավորումների և այլնի վերաբերյալ՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության` կատարել լրտեսություն: Դրանից հետո, հիշյալ անձը ձեռնամուխ է եղել այդպիսի տեղեկություններ հավաքելուն, մասնավորապես՝ երկար տարիներ ծառայության մեջ գտնվելով ՀՀ զինված ուժերում, ի պաշտոնե ունենալով պետական և ծառայողական գաղտնիքներին առնչվելու թույլտվություն, կրելով դրանց արտահոսքի համար պատասխանատվություն և գիտակցելով, որ այդ տեղեկությունների արտահոսքի դեպքում վնաս  կպատճառի երկրի անվտանգությանը, հավաքել և իր մոտ է պահել մարտական տեխնիկայի, սպառազինության, այդ թվում՝ տանկերի, մարտկոցների, ուժեղացման միջոցների, առաջնահերթ խոցվող օբյեկտների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայող, պահեստազորում հաշվառված անձանց և այլնի վերաբերյալ ծառայողական և պետական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև, օգտագործելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և Արցախի սպայական անձնակազմի շրջանում իր ունեցած հարաբերությունները,  պարբերաբար հանդիպումներ է ունեցել վերջինների հետ և հետաքրքրություններ ցուցաբերել ստորաբաժանումների կողմից իրականացվող կոնկրետ գործողությունների և այլնի վերաբերյալ, հավաքել տվյալներ, որից հետո՝ պարբերաբար Հայաստանի Հանրապետությունից մեկնել է Վրաստանի Հանրապետություն և ինչպես Ադրբեջանի դեսպանատան տարածքում, այնպես էլ դրանից դուրս հանդիպումներ և բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցների հետ և նրանց մաս-մաս հանձնել կամ հայտնել է իրեն հայտնի դարձած և իր կողմից հավաքագրված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ կատարելով թշնամական երկրի հետախուզական ծառայությունների առաջադրանքները՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության՝ այդ ամբողջ ընթացքում փորձելով հնարավորինս գաղտնի պահել իր անձը, հետախուզական ծառայությունների հետ ունեցած կոնտակտային հեռախոսահամարները: Վերոգրյալ հանցավոր արարքը կատարելու համար որոշում է կայացվել հիշյալ անձին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հարկ է նշել, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում մեղադրյալի բնակարանում կամ օժանդակ շինություններում հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակի ռազմամթերք՝ նռնակներ, պայթուցիչներ, փամփուշտներ, ինչպես նաև դեռևս արդիականությունը  չկորցրած՝ մարտական տեխնիկայի, սպառազինության, այդ թվում՝ տանկերի, մարտկոցների, ուժեղացման միջոցների, առաջնահերթ խոցվող օբյեկտների և այլնի վերաբերյալ ծառայողական և պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր, որոնց մի մասը՝ եզակի բնօրինակներով: Միևնույն ժամանակ, մեղադրյալի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են նաև հետախուզական գործունեություն կատարելու համար նախատեսված ռադիոհաղորդիչ սարքավորումներ, կապի միջոցներ, ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ կապ հաստատելու համար նախատեսված հեռախոսահամարների վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետրեր: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ և շարունակելու է ձեռնարկել գործուն միջոցառումներ՝ անձի, հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու ուղղությամբ: Միաժամանակ, ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է նաև այդ գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետական դավաճանության կամ լրտեսության վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության և տարածքային անձեռնմխելիության: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
11:18 - 01 հոկտեմբերի, 2020
Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ անհանգստացնող նամակները ուղարկվում են կեղծ հեռախոսահամարներից․ ԱԱԾ

Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ անհանգստացնող նամակները ուղարկվում են կեղծ հեռախոսահամարներից․ ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ ԱԱԾ թեժ գծին բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր են ստացվում այն մասին, որ իրենք տարբեր հեռախոսահամարներից Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ անհանգստացնող բնույթի տարօրինակ հաղորդագրություններ են ստանում: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նմանատիպ հաղորդագրություններն ուղարկվում են արտասահմանյան, ինչպես նաև բջջային հավելվածներով գեներացված ՀՀ բջջային օպերատորների համարանիշների նմանությամբ կեղծ հեռախոսահամարներից և նպատակ են հետապնդում խուճապ ստեղծել հայ հասարակության շրջանում: Կոչ ենք անում տուրք չտալ ապատեղեկատվությանը, չտրվել սադրանքների և հետևել միայն պաշտոնական լրահոսին:
15:59 - 29 սեպտեմբերի, 2020
Նկատվում են հայտարարություններ զինծառայողների մասին տեղեկություններ ճշտելու և ծնողներին փոխանցելու պատրաստակամության վերաբերյալ․ պահանջվում է զերծ մնալ այդօրինակ գործընթացների կազմակերպումից․ ԱԱԾ

Նկատվում են հայտարարություններ զինծառայողների մասին տեղեկություններ ճշտելու և ծնողներին փոխանցելու պատրաստակամության վերաբերյալ․ պահանջվում է զերծ մնալ այդօրինակ գործընթացների կազմակերպումից․ ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների այս օրերին համացանցում նկատվում են տարաբնույթ հայտարարություններ Արցախի Հանրապետության համար առաջին անհրաժեշտության դեղորայք, սննդամթերք և այլ պարագաներ հավաքագրելու վերաբերյալ: Մեծապես կարևորելով մեր հայրենակիցների համանման մղումներն ու նրանց կողմից ցուցաբերվող ակնհայտ հայրենասիրությունը՝ հայտնում ենք, որ նմանատիպ նախաձեռնություններն անհրաժեշտ է բացառապես իրականացնել պետական կառույցների համակարգմամբ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համացանցում նկատվում են նաև հայտարարություններ տարբեր զորամասերի զինծառայողների մասին տեղեկություններ ճշտելու և նրանց ծնողներին փոխանցելու պատրաստակամության վերաբերյալ: Նման ծառայություններ առաջարկող անձանցից պահանջվում է զերծ մնալ այդօրինակ գործընթացների կազմակերպումից, իսկ այդպիսի հարցադրումներ ունեցող անհատներին հորդորում ենք հավաստի տեղեկություններ ստանալու նպատակով բացառապես դիմել իրավասու պետական մարմիններին: Հակառակ պարագայում հնարավոր է հայտնվեն ոչ ճիշտ տեղեկություններ և առիթ դառնան տարաբնույթ թյուրիմացությունների համար»:
13:35 - 29 սեպտեմբերի, 2020