Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Հակոբ Վոլոդիայի Հարությունյանին հետմահու Արցախի հերոսի կոչում է շնորհվել

 |armtimes.com|

Հակոբ Վոլոդիայի Հարությունյանին հետմահու Արցախի հերոսի կոչում է շնորհվել |armtimes.com|

armtimes.com: Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Հակոբ Վոլոդիայի Հարությունյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհել։ Արմավիրի մարզպետարանը տեղեկացնում է, որ այսօր տեղի է ունեցել Հակոբ Հարությունյանի հուղարկավորման արարողությունը: ԱՀ նախագահը հարազատներին է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը: Հերոսի հուղարկավորության ներկա է եղել նաեւ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։ Հակոբ Հարությունյանը կռվել է Շուշիի Քարինտակ հատվածում և նահատակվել մարտի ժամանակ։ Ոչնչացրել է մեծ քանակությամբ թշնամու կենդանի ուժ, աչքի ընկել բացառիկ արիությամբ: Կռվել է Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ՝ կռվի ժամանակ թշնամուց մեծ քանակի զենք և զինամթերք առգրավելով։
22:14 - 14 հունվարի, 2021
Արայիկ Հարությունյանն այսօր  աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ բնակչության սոցիալական ու բնակարանային խնդիրների կարգավորման ծրագրերի շուրջ։ Ըստ Արցախի նախագահի գրասենյակի, խորհրդակցությանը մասնակցել են նաև Արցախի պետական լիազոր մարմինների ղեկավարներն ու Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Քննարկվել են ինչպես տեղահանված, այնպես էլ Արցախ վերադարձած քաղաքացիների խնդիրներին համապարփակ լուծումներ տալու մոտեցումները: Մասնավորապես, առաջարկվել է շարունակել բնակչության յուրաքանչյուր անդամի (բացի արական սեռի՝ 18-58 տարեկան) 68 հազարական դրամի աջակցության տրամադրումը մի քանի ամիս շարունակ: Ըստ առաջարկի՝ վերապահումներ են լինելու միայն այն բնակիչների համար, որոնց բնակարանների և բնակավայրերի հետ կապված անվտանգային խնդիրներ չեն առաջացել, բայց շարունակում են մնալ Հայաստանի տարբեր համայնքներում: Սոցիալական աջակցության նշված ծրագրի առաջարկը պետք է վերջնականացվի ու հաստատվի Հայաստանի կառավարության կողմից: Արայիկ Հարությունյանը հիմնականում բարձրացրել է բնակարանային ապահովման հարցը: Նրա խոսքով՝ առաջնահերթորեն պետք է ավարտել շրջաններում առկա ազատ բնակֆոնդի գույքագրումը, և այդ առումով նա հանձնարարել է վարչակազմերի ղեկավարներին առաջիկա օրերին վերջնականացնել ցանկերը և ներկայացնել պետական լիազոր մարմիններ: Նախագահն ընդգծել է, որ բացի վերանորոգումից, այդ բնակարանները կկահավորվեն անհրաժեշտ նվազագույն գույքով ու տեխնիկայով, իսկ դրանցում տեղավորված ընտանիքներին կտրվեն տնտեսական գործունեության համար միջոցներ: Պետական, բարեգործական և աջակցության այլ ծրագրերով տարվա ընթացքում համայնքներում նաև կտեղադրվեն արագ կառուցվող տներ, որոնք կունենան կենսական նշանակության բոլոր պայմանները: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ կարճ ժամանակահատվածում հաջողվել է վերականգնել Արցախի ենթակառուցվածքների գերակշիռ մասը, որոնց մեծ մասն ամբողջությամբ ավերվել էր ադրբեջանական կողմի հրթիռահրետակոծության հետևանքով: Նախատեսվում է նաև միջգյուղական ճանապարհների ասֆալտապատման, ոռոգովի հողատարածքների քանակի ավելացման և գյուղատնտեսական աշխատանքների խրախուսման մեծածավալ ծրագրերի իրականացում:
18:04 - 07 հունվարի, 2021
Արցախի նախագահն ու պետնախարարը ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան տոնի պատարագների

Արցախի նախագահն ու պետնախարարը ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան տոնի պատարագների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու Պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված պատարագների: Այս մասին  տեղեկացնում են  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Հարությունյանն ընտանիքի հետ պատարագին ներկա է գտնվել Գանձասարի վանական համալիրում: «Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված պատարագին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն՝ ընտանիքի անդամների հետ միասին, այսօր ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Գանձասարի վանական համալիրում մատուցված պատարագին»,- ասված է հաղորդագրությունում: Պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պատարագին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի Մայր տաճարում:
15:19 - 06 հունվարի, 2021
Արա Այվազյանը և Արայիկ Հարությունյանը քննարկել են նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարմանն առնչվող հարցեր

Արա Այվազյանը և Արայիկ Հարությունյանը քննարկել են նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարմանն առնչվող հարցեր

Հունվարի 5-ին Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Այվազյանը կարևորեց Արցախի և Հայաստանի պատկան մարմինների միջև տարբեր մակարդակներով ինտենսիվ փոխշփումների և խորհրդակցությունների դերը` որպես արդյունավետ ձևաչափ փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերը տեղում հասցեագրելու և ներկա պայմաններում հետագա համագործակցության շրջանակներն ուրվագծելու համար: Նախագահ Հարությունյանը և նախարար Այվազյանը համապարփակ քննարկում ծավալեցին Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու նպատակով նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության դրույթների կատարման, այդ թվում, գերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման և հակամարտության գոտում կայունության և խաղաղության հաստատմանն առնչվող հարցերի շուրջ: Հանդիպման օրակարգի առանցքային թեմաներից էին պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի կարգավորման, այդ թվում, պատերազմի հետևանքով տեղահանված արցախահայության` իրենց բնակավայրերը վերադառնալու պայմանների ստեղծման, տուժած ենթակառուցվածքների վերականգնման, սոցիալ-տնտեսական հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի հարցերը: Երկուստեք շեշտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման առաջնահերթությունը, որի հիմքում ընկած պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչումը:
20:23 - 05 հունվարի, 2021
«Արցախահայության բարօրությանն ուղղված սոցիալական միջոցառումները լինելու են շարունակական». Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ սոցապ նախարարին

«Արցախահայության բարօրությանն ուղղված սոցիալական միջոցառումները լինելու են շարունակական». Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ սոցապ նախարարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 5-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Քննարկվել են ինչպես Հայաստանում ժամանակավոր բնակվող արցախցիներին, այնպես էլ արդեն Արցախ վերադարձած մեր հայրենակիցների սոցիալական աջակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Կարևորելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերը՝ Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի ձևավորել կայուն սոցիալական միջավայր՝ վերջնական նպատակում ապահովելով բոլոր արցախցիների վերադարձը Արցախ։ Նախարար Առաքելյանն էլ վստահեցրել է՝ արցախահայության բարօրությանն ուղղված սոցիալական միջոցառումները լինելու են շարունակական․ նախարարությունն անշեղորեն իրականացնելու է որպես առաջնահերթություն սահմանած օժանդակության ծրագրերն այնքան ժամանակ, քանի դեռ կա դրանց անհրաժեշտությունը։
19:32 - 05 հունվարի, 2021
ՀՀ կառավարությունը նախատեսում է գործարկել արցախահայությանն աջակցելու նոր ծրագրեր

ՀՀ կառավարությունը նախատեսում է գործարկել արցախահայությանն աջակցելու նոր ծրագրեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 5-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: Այս մասին հայտնում են  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Քննարկվել են պատերազմի հետևանքով անօթևան մնացած և ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած Արցախի բնակիչների սոցիալական խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարն ընդգծել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի կարևորությունը՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով կհաջողվի արցախցիների համար ձևավորել ապահով սոցիալական միջավայր: Նախարար Մեսրոպ Առաքելյանը Հանրապետության նախագահին վստահեցրել է, որ արցախահայությանն աջակցելը մնում է իր ղեկավարած գերատեսչության առաջնահերթություններից, և ՀՀ կառավարությունը նախատեսում է առաջիկայում գործարկել նոր ծրագրեր այդ նպատակով:
15:29 - 05 հունվարի, 2021
Թող 2021 թվականը հեռու պահի Հայոց հայրենիքը նոր արհավիրքներից, դառնա ազգային վերականգնման ու վերակազմակերպման տարի․ Արայիկ Հարությունյան

Թող 2021 թվականը հեռու պահի Հայոց հայրենիքը նոր արհավիրքներից, դառնա ազգային վերականգնման ու վերակազմակերպման տարի․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Ամանորի առթիվ․ «Սիրելի ՛ հայրենակիցներ Հին տարին ճանապարհեցինք անհետ կորած զինծառայողների հարազատների հետ երթով և դիմավորեցինք նոր տարին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում պատարագով՝ ի հիշատակ մեր նահատակված հայրենակիցների: 2020 թվականը ծանրագույն կորուստների ու մարտահրավերների տարի էր հայ ազգի համար: Մենք կորցրեցինք հազարավոր անգին կյանքեր, որոնց հիշատակը հարգելու լավագույն ձևը նրանց առաքելությունն ու երազանքները շարունակելն է: Մենք պարզապես պարտավոր ենք շարունակել մեր նախնիների ու պատերազմում ընկած քաջորդիների գործը. թեև ծանր պայմաններում, սակայն միասնական, խելացի ու համբերատար պայքարը, համոզված եմ, կտա իր պտուղները պատմության երթում: Ուստի, թո՛ղ 2021 թվականը հեռու պահի Հայոց հայրենիքը նոր արհավիրքներից, թո՛ղ այն դառնա ազգային վերականգնման ու վերակազմակերպման տարի, թո՛ղ բոլորիդ օջախները լինեն խաղաղ և կյանքով լեցուն՝ միշտ մեր սրտերում վառ պահելով հայոց սուրբ նահատակների հիշատակը և նրանց հանդեպ մեր պարտավորությունները: Խաղաղություն, վճռականություն ու ոգու տոկունություն եմ մաղթում յուրաքանչյուրիդ: Փա՛ռք ընկած նահատակներին, փա՛ռք մեր անվտանգությունը երաշխավորող բոլոր մարտիկներին»:
10:17 - 01 հունվարի, 2021
ՌԴ շարունակական հումանիտար աջակցությունը մեծապես թեթևացնում է մեր քաղաքացիների սոցիալական առաջնահերթ խնդիրները. Արայիկ Հարությունյան

ՌԴ շարունակական հումանիտար աջակցությունը մեծապես թեթևացնում է մեր քաղաքացիների սոցիալական առաջնահերթ խնդիրները. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Ինչպես երեկ հաղորդվել է, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին անհատույց 10 մլն եվրո գումար է տրամադրել ՀՀ տարածքում գտնվող բռնի տեղահանված արցախցիների համար իրականացվող անհատական ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով:   Ի լրումն ողջ հայության և ՀՀ ու ԱՀ կառավարությունների հսկայական ջանքերի՝ ՌԴ շարունակական հումանիտար աջակցությունը մեծապես թեթևացնում է մեր քաղաքացիների բազմաթիվ սոցիալական առաջնահերթ խնդիրները:   Ե՛վ այդ կարևոր ֆինանսական աջակցության, և՛, ընդհանրապես, Արցախում իրականացվող հումանիտար լայնածավալ ծրագրերի ու խաղաղապահ առաքելության համար, մեկ անգամ ևս արցախահայության անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում ՌԴ իշխանություններին և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինին:   Առիթից օգտվելով՝ իմ շնորհակալական խոսքն եմ հղում նաև մեզ աջակցության ձեռք մեկնած բոլոր երկրներին ու կազմակերպություններին: Դե, իսկ հայության անվերապահ աջակցության մասին բազմիցս խոսել եմ և իմ երախտագիտությունն ու հպարտությունը հայտնել մեր համազգային համախմբման առթիվ:   Արցախը երբեք չի մոռանա: Աստծո զորավոր Օրհնությունը թող անպակաս լինի բոլորիցդ, իսկ գալիք տարին՝ զերծ նոր արհավիրքներից»:
17:39 - 31 դեկտեմբերի, 2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 30-ին ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին և փոխնախարար Կարեն Գիլոյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի ղեկավարը կարևորել է երկու ԿԳՄՍ նախարարությունների միջև ներդաշնակ և արդյունավետ աշխատանքի կազմակերպումը: Նա նշել է, որ չնայած հետպատերազմյան շրջանի դժվարություններին՝ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու Հանրապետությունում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի զարգացման գործում՝ ներգրավելով տարբեր անհրաժեշտ միջոցներ և ստեղծելով համապատասխան պայմաններ: Նախագահի խոսքով՝ դպրոցականների ու ուսանողների հիմնական մասն արդեն վերադարձել է, և բնակարանային խնդիրների լուծմանը զուգահեռ նրանց թիվը զգալիորեն կաճի: Նախարար Դումանյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին՝ ջերմ ընդունելության համար և հայտնել իր՝ առկա համագործակցությանը նոր որակ հաղորդելու պատրաստակամությունը: Վահրամ Դումանյանը նշել է նաև, որ ամանորյա արձակուրդները կանցկացնի Արցախում: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:
20:32 - 30 դեկտեմբերի, 2020
Արցախի նախագահն ընդունել է Շիրակի մարզից ժամանած գերեվարվածների հարազատներին

Արցախի նախագահն ընդունել է Շիրակի մարզից ժամանած գերեվարվածների հարազատներին

Հետևողական լինելով 62 գերեվարվածի և մինչ օրս անհետ կորածների խնդրին՝ կրկին Արցախում եմ։ Այս մասին տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։ «Վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ քննարկման արդյունքում անհրաժեշտություն էր առաջացել գործընթացներում հստակություն և որոշակի ճշգրտում իրականացնել։ Արցախի փրկարար ծառայության ղեկավարի, ապա նաեւ ռուսական կողմից որոնողական աշխատանքները գլխավորող անձնակազմի հետ քննարկել ենք նախորդ այցի ընթացքում արձանագրված խնդիրների արդյունքները։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համադրել ենք այս պահին ունեցած մեր տվյալները։ Արցախի նախագահի հետ հանդիպման ընթացքում մատնանշվել են հրատապ արձագանք պահանջող հարցեր, ինչի արդյունքում՝ փոխադարձ համաձայնությամբ Արայիկ Հարությունյանը հերթական անգամ ընդունեց Շիրակի մարզից ժամանած գերեվարվածների հարազատներին։ Գործընթացի զգայունությունը հաշվի առնելով՝ հավելյալ տեղեկություններ չեն հրապարակվելու։ Հորդորում եմ նաև զերծ մնալ սոցիալական ցանցերում անտեղի շահարկումներից և ոչ կոմպետենտ մարդկանց՝ անհարկի միջամտությունից»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում։
20:51 - 27 դեկտեմբերի, 2020
Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոսի կոչում

Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոսի կոչում

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոսի բարձրագույն կոչում: Կոչումն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Գասպարյանի հարազատներին է հանձնել Արմավիրում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած հիշատակի միջոցառման ընթացքում: «Նախագահ Արայիկ Հարությունյանը ազատամարտիկ, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանին հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար հետմահու շնորհեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում՝ հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան»,- ասված է Արմավիրի մարզպետարանի տարածած հաղորդագրությունում: Արցախի Պաշտպանության բանակի N զորամասի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Միհրան Ավդալյանին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար Արցախի նախագահը հիշատակի ցերեկույթի ընթացքում հետմահու պարգևատրել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: «Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է նաև Սարդարապատ համայնք՝ Արցախյան պատերազմում զոհված, «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանի ընտանիքին: Ցավոք, հերոս Դավիթի կյանքն ընդհատվել է պատերազմում, և այսօր, ԱՀ նախագահն անձամբ շքանշանը հանձնել է Դավիթի ծնողներին: Նրանք՝ հարգանքի տուրք մատուցելով հերոսի հիշատակին, ծաղիկներ են խոնարհել շիրիմին ու խնկարկել»,- նշված է հաղորդագրությունում: Ազատամարտիկ, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած Արցախյան պատերազմում ստացած ծանր վիրավորումից մահացել է հոկտեմբերի 17-ին:
19:03 - 25 դեկտեմբերի, 2020
Մեծագույն հուզմունքով ընդունեցինք լուրը, որ Դուք 2021-ը հռչակել եք Արցախի տարի. ԱՀ նախագահը՝ Արամ Ա-ին

Մեծագույն հուզմունքով ընդունեցինք լուրը, որ Դուք 2021-ը հռչակել եք Արցախի տարի. ԱՀ նախագահը՝ Արամ Ա-ին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ դիմելով Արամ Ա կաթողիկոսին:   «Վեհափա՛ռ Տեր   Արցախում մեծագույն հուզմունքով ու երախտագիտության զգացումով ընդունեցինք այն լուրը, որ Դուք 2021 թվականը հռչակել եք Արցախի տարի: Դա մեկ անգամ ևս վկայում է, որ հայ ժողովուրդը միասնական է ու միակամ թե՛ ցավի ու վշտի և թե՛ հաղթանակի պահին՝ լինի Արցախում, մայր Հայաստանում թե Սփյուռքում:   Լիահույս եմ, որ մենք կկարողանանք բոլորս միասին, ապավինելով Աստծո զորությանը, համատեղելով համայն հայության ներուժն ու ջանքերը, հաղթահարել մեր Հայրենիքին պատուհասած այս ահավոր փորձությունը ևս, մեկընդմիշտ շրջել պատմության սև էջը և շարունակել ապրել ու արարել՝ հանուն մեր նահատակների ու ապագա սերունդների:   Թույլ տվեք Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել Ձեզ՝ մշտապես Արցախի կողքին լինելու, ըստ ամենայնի աջակցելու ու սատարելու համար: Մենք բարձր ենք գնահատում Ձեր աստվածահաճո ու հայրենանվեր առաքելությունն՝ ուղղված համազգային խնդիրների լուծմանը, հոգևոր ու ազգային արժեքների պահպանմանն ու ամրապնդմանը, աշխարհասփյուռ հայության համախմբմանն ու բարգավաճմանը:   Ընդունեք, խնդրեմ, խորին հարգանացս հավաստիքն ու ջերմ բարեմաղթանքները: Խաղաղություն, արևշատության ու ամենայն բարիք Ձեզ, մեր Հայրենիքին ու ժողովրդին»,- գրել է ԱՀ նախագահը:  
20:03 - 24 դեկտեմբերի, 2020