Կորոնավիրուս

Դրամը կտրուկ կարժեզրկվի միայն այն դեպքում, եթե դուք հավատաք, որ արժեզրկվելու է. Թունյան

Դրամը կտրուկ կարժեզրկվի միայն այն դեպքում, եթե դուք հավատաք, որ արժեզրկվելու է. Թունյան

Դրամը կտրուկ կարժեզրկվի միայն այն դեպքում, եթե դուք հավատաք, որ արժեզրկվելու է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Պատգամավորը մասնավորապես գրել է. «Որոշ մարդիկ առաջնորդվում են «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով։ Նախանձելի հետևողականությամբ հրապարակային հայտարարում են, որ դրամը կտրուկ արժեզրկվելու է, ու խորհուրդ են տալիս դոլար գնել։ Սա ոչ այլ ինչ է, քան վնասարարություն։ Որոշ մարդկանց դեպքում համոզված եմ, որ նպատակը խուճապ ստեղծելն է, որ մարդիկ նետվեն դոլար գնելու, ստեղծվի արհեստական դեֆիցիտ, դոլարը թանկանա, դժգոհություններ հասունանան, ու իրենք իշխանություններին քննադատելու առիթ ունենան։ Նման մի իրավիճակի միջով մենք անցել ենք 2014 թվականի դեկտեմբերին։ Այդ մարդկանց չեմ ասում՝ մի արեք նման բան, որովհետև իմաստ չունի. իրենք անում են դա գիտակցված ու անելու են։ Ես դիմում եմ մեր հայրենակիցներին և խնդրում ամեն ինֆորմացիայի հավատալուց առաջ՝ փորձել վերլուծել՝ ո՞վ է դա տարածում և ինչ նպատակով։ Անկեղծ ասում եմ՝ դրամը կտրուկ կարժեզրկվի միայն այն դեպքում, եթե դուք հավատաք, որ արժեզրկվելու է։ Այնպես որ, եթե ուզում եք, որ դրամն արժերկվի, կարող եք այս գրառումը կարդալուց հետո վեր կենալ, գնալ մոտակա փոխանակման կետն ու ձեր ձեռքի տակ եղած դրամը փոխարկեք դոլարի կամ եվրոյի։
20:31 - 13 մարտի, 2020
Կլինեն լրացուցիչ պարապմունքներ, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ. Արայիկ Հարությունյան |shantnews.am|

Կլինեն լրացուցիչ պարապմունքներ, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ. Արայիկ Հարությունյան |shantnews.am|

<dishantnews.am:  ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է մինչև մարտի 23-ը դասերը դադարեցնելուն և հետագա անելիքներին: Նախարարը նշել է, որ մանկավարժների վարձատրությունը պահպանվելու է՝ անկախ դասերի հետաձգումից, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ, այդ մասին շուտով շրջաբերականներ են ուղարկվելու ուսումնական հաստատություններ: Նախարարը նշել է, որ մշակվել են մեթոդներ՝ խրախուսելու հեռավար ուսուցումը, հայտնել՝ կառաջարկեն ամենապրիմիտիվ մեթոդները՝ մեյլերով հաղորդակցությունից մինչև տեսակապի միջոցով դասապրոցեսի իրականացում, նաև նախատեսում են ապագայում լրացուցիչ պարապմունքներ, երբ դասերը կվերսկսվեն: «Այս պահի դրությամբ որոշում չունենք մշակութային օջախների, հաստատությունների փակման վերաբերյալ, գիտեմ, որ վերջին ժամերին և նախորդ օրվանից մեր հաստատություններում իրավիճակ կա, երբ այս լուրերի արդյունքում քիչ տոմսեր են վաճառվում: Մենք առհասարակ կոչ ենք անում, որ մեր հայրենակիցներն առավելագույնս զերծ մնան խոշոր կուտակումներից, մինչև հաջորդ ցուցումները կլինեն: Լրացուցիչ փոփոխությունների մասին անպայման ձեզ տեղյակ կպահենք»,- ասել է նա: Հարությունյանը հայտնել է՝ մտադիր է աշակերտներին ներկայացնել իր փորձառությանը, թե ինչով էր զբաղվում ազատ օրերին, երբ 90-ականներին դասերը երբեմն հետաձգվում էին:        
19:36 - 13 մարտի, 2020
Կորոնավիրուսի կանխարգելման տարածված, բայց կասկածելի արդյունավետությամբ միջոցները |bbc.com|

Կորոնավիրուսի կանխարգելման տարածված, բայց կասկածելի արդյունավետությամբ միջոցները |bbc.com|

bbc.com: Կորոնավիրուսի տարածման հետ մեկտեղ տարածվում են վիրուսից պաշտպանվելու տարբեր խորհուրդներ։ Միշտ չէ, որ որակավորված մասնագետներն են տալիս այդ խորհուրդները, և դրանց օգուտը հաճախ զրոյական է լինում։ Ստորև ներկայացնում ենք, թե որքանով են արդյունավետ վիրուսի կանխարգելման նպատակով առաջարկվող տարբեր մեթոդները։ 1․ Սխտոր Սոցցանցերի շատ օգտատերեր խորհուրդ են տալիս սխտոր ուտել՝ վարակը կանխելու համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատում է, որ սխտորն առողջ սնունդ է, որն ունի որոշ հակամանրէային հատկություններ, բայց չկա որևէ ապացույց, որ այն պաշտպանում է նոր կորոնավիրուսից։ Սխտորն ինքն իրենով վտանգավոր չէ, եթե մարդիկ, որոնք այն օգտագործում են բուժման նպատակով, հետևում են նաև բժշկի ցուցումներին։ Բայց եթե ինչ-որ մեկը սկսի նախընտրել այս և այլ «ժողովրդական» մեթոդներն ու անտեսի որակավորված մասնագետների խորհուրդները՝ այն կարող է վտանգավոր լինել առողջության համար։ Բանջարեղենն ու մրգերն օգտակար են առողջության համար, սակայն անօգուտ են այս նոր վիրուսի կանխարգելման համար։ Մեծ քանակությամբ սխտոր ուտելն ինքնին կարող է խնդիրներ առաջացնել։ Օրինակ՝ The South China Morning Post-ը հայտնել էր, որ մի կին կոկորդի ցավով հայտնվել էր հիվանդանոցում՝ կես կիլոգրամ սխտոր ուտելուց հետո։   2․ «Կախարդական հավելումներ» Յութուբյան հայտնի բլոգեր Յորդան Սաթերն իր թվիթում  գրել էր, որ հանքային հրաշք հավելումը (MMS - "miracle mineral supplement")  փրկում է կորոնավիրուսից։ Նշված հավելումը պարունակում է քլորի երկօքսիդ։ Սաթերը և կարծիքի այլ առաջատարներ քարոզում էին «հրաշք միջոցի» օգտագործումը դեռևս կորոնավիրուսի բռնկումից առաջ։ Դեռ հունվարին Սաթերն իր թվիթում գրել էր, որ քլորի երկօքսիդն արդյունավետ միջոց է քաղցկեղի բջիջները ոչնչացնելու համար, բայց այն կօգնի խուսափել նաև նոր կորոնավիրուսային վարակից։ Դեռ անցյալ տարի ԱՄՆ Պարենի և դեղերի վերահսկողության ծառայությունը զգուշացրել էր, որ քլորի երկօքսիդի անվտանգությունն ու արդյունավետությունը չեն ապացուցվել ուսումնասիրություններ միջոցով, և դրա օգտագործումը կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում, լուծ և ջրազրկման ախտանիշներ։ ԱՄՆ-ի նշված ծառայությանը միացել էին նաև այլ երկրների համապատասխան ծառայությունները։ 3․ Տնային պայմաններում պատրաստված ձեռքի գել Ամբողջ աշխարհում մարդիկ ձեռք են բերում ձեռքերի ախտահանման միջոցներ։ Այս օրերին շատ խանութներում սպառվել է ձեռքերի ախտահանող միջոցների պաշարները, և համացանցում մեծ հայտնիություն են վայելում տան պայմաններում ձեռքի գել պատրաստելու ցուցումները։ Սակայն տնային պայմաններում պատրաստվող գելերից որոշները նախատեսված չեն մարդու մաշկի համար։ Խանութում վաճառվող ձեռքի գելերը սովորաբար պարունակում են ոչ միայն սպիրտ (60-70%), այլ նաև փափկեցնող միջոցներ, որոնք չեն կարող յուրաքանչյուրիս ձեռքի տակ լինել։ Երբեմն բաղադրատոմսերում խորհուրդ է տրվում օգտագործել ալկոհոլային խմիչքներ, սակայն ամենաուժեղ ալկոհոլային խմիչքի դեպքում էլ սպիրտի պարունակությունը 60 %-ից բարձր չէ։ BBC-ի ռուսական ծառայության գիտության գծով թղթակից Նիկոլայ Վարոնինը խորհուրդ է տալիս ձեռքերի ախտահանիչ միջոցները տան պայմաններում պատրաստել միայն 60 և ավելի բարձր տոկոսանոց սպիրտով։ 4․ Հեղուկ արծաթ Ամերիկացի հեռուստահաղորդավար Ջիմ Բեյքերի շոուի հյուրերից մեկը խորհուրդ է տվել կոլոիդ արծաթ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար։ Կոլոիդ արծաթը հեղուկ է, որում լուծված են արծաթի փոքր մասնիկներ։ Ըստ հեռուստաշոուի հյուրի՝ այն 12 ժամվա ընթացքում սպանում է կորոնավիրուսի որոշ տեսակներ։ Հեղուկ արծաթի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետության մասին լուրերը տարածվում են սոցիալական ցանցերում և հատկապես այն համայնքներում, որոնք թերահավատորեն են վերաբերվում «ավանդական» բժշկությանը։ Այս միջոցի օգտագործումը խրախուսողները գտնում են, որ այն կարող է բուժել տարբեր հիվանդություններ և հանդիսանալ հակաբակտերիալ միջոց։ Սակայն ԱՄՆ իշխանությունները զգուշացնում են, որ հեղուկ արծաթի օգտակարությունը դեռ ապացուցված չէ։ Դրա օգտագործումը կարող է առաջացնել լրացուցիչ բարդություններ՝ երիկամների ֆունկցիայի վատթարացում, ցավեր և մաշկի գույնի անդառնալի փոփոխություն։ Բժիշկները նշում են, որ, ի տարբերութուն երկաթի և ցինկի, արծաթը մարդու մարմնում որևէ գործառույթ չի կատարում։ Ֆեյսբուքն այժմ հետևում է հեղուկ արծաթի օգտակարության մասին գրառումներին և մերժում դրանց հրապարակումը՝ նշելով, որ գրառման մեջ առկա է ոչ ճիշտ տեղեկատվություն։ 5․ 15 րոպե պարբերությամբ ջուր խմել Ֆեյսբուքում հայտնվել է հրապարակում, որտեղ, հղում անելով մի «ճապոնացի բժշկի», խորհուրդ է տրվում յուրաքանչյուր 15 րոպեն մեկ անգամ ջուր խմել՝ բերանի խոռոչը վիրուսից մաքրելու համար։ Բժիշկներն այս խորհրդին թերահավատորեն են մոտենում․ վիրուսը փոխանցվում է շնչառական ուղիներով։ Անգամ, երբ այն հայտնվում է բերանի խոռոչում, ջուր խմելն այդ դեպքում չի օգնում։ Չնայած, ընդհանուր առմամբ, ջուր խմելն օգտակար է։ 6․ Խմել տաք ջուր, ընդունել տաք լոգանք և հրաժարվել պաղպաղակից Քիչ տարածում չունեցավ նաև UNICEF-ին վերագրվող այն հաղորդագրությունը, որ տաք ջուրը օգնում է խուսափել կորոնավիրուսից․ պետք է հնարավորինս շատ խմել տաք ջուր, ինչպես նաև հաճախ լինել արևի տակ և այդ դեպքում հավանաբար կորոնավիրուսը ձեզ չի հասնի։ UNICEF-ի աշխատակից Շարլոտա Գորնիցկան այս մասով ասել է․ «Վերջերս համացանցում տարածվել են կեղծ հաղորդագրություններ UNICEF-ի անունից այն մասին, որ պետք է հրաժարվել պաղպաղակից և սառը սննդից, ինչը կօգնի խուսափել կորոնավիրուսից։ Այդ ամենն իհարկե լիովին սուտ է։ Մենք գիտենք, որ ամռանը գրիպի վիրուս մարդու օրգանիզմում գույություն չի ունենում, սակայն չգիտենք, թե բարձր ջերմաստիճանն ինչպես է ազդում նոր կորոնավիրուսի վրա»։ «Սեփական մարմնի տաքացումը կամ արևայրուքը չեն օգնի ձեզ փրկվել կորոնավիրուսից»,- գտնում է Լոնդոնի հիգիենայի և  արևադարձային բժշկության պրոֆեսոր Սալլի Բլյումֆիլդը։ Նա ասում է, որ եթե վիրուսը մտնում է օրգանիզմ, ապա միայն օրգանիզմը կարող է հաղթահարել այն։ Բացի այդ՝  դրսում ջերմաստիճանի բարձրացումը չի բարձրացնում մարդու մարմնի ջերմաստիճանը։
19:33 - 13 մարտի, 2020
Վրաստանում զբոսաշրջության ոլորտի ձեռնարկատերերը 4 ամսով ազատվում են հարկերից |aliq.ge|

Վրաստանում զբոսաշրջության ոլորտի ձեռնարկատերերը 4 ամսով ազատվում են հարկերից |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հյուրանոցներին, ռեստորաններին, տուրիստական գործակալություններին, տրանսպորտային և էքսկուրսիաներով զբաղվող կազմակերպություններին հնարավորություն է տրվել 4 ամսով երկարաձգել եկամտային ու սեփականության հարկերի վճարումը: Այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ ներկայացնելով կառավարության հակաճգնաժամային պլանը: Նա ասել է, որ խոսքը մոտ 18.000 կազմակերպության ու 50.000 ֆիզիկական անձի մասին է: «Կառավարությունը  4 ամսով կերկարաձգի տուրիզմի հետ կապ ունեցող  ընկերությունների ու անհատների համար հարկերի վճարման ժամկետները: Սա այս 4 ամիսների ընթացքում (մարտ- հունիս) նշված ոլորտներում շուրջ 100 միլիոն լարի կխնայեն տնտեսվարողները: Բացի այդ, կառավարության որոշմամբ՝ նախապես ծրագրված 600 մլն լարիի ԱԱՀ-ն կկրկնապատկվի, սա նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում 1 մլրդ. 200 մլն լարի կվերադարձվի», — հայտարարել է Գախարիան:
19:17 - 13 մարտի, 2020
ԱՍՀ նախարարությունը կոչ է անում առաջիկա երկու շաբաթներին խուսափել հանրային տարածքներ այցելելուց

ԱՍՀ նախարարությունը կոչ է անում առաջիկա երկու շաբաթներին խուսափել հանրային տարածքներ այցելելուց

Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հանրային առողջության պահպանման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչ է անում հնարավորության դեպքում առաջիկա երկու շաբաթներին խուսափել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության պետական գործակալության, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի և սոցիալական աջակցության տարածքային բաժիններ, ինչպես նաև այլ հանրային տարածքներ այցելելուց: Այս մասին հայտնում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունը: Նշվում է, որ բոլոր այն դեպքերում, երբ այցելությունը խիստ անհրաժեշտ է (կենսաթոշակի, նպաստի իրավունքի իրացման սահմանափակ ժամկետով պայմանավորված դեպքերում), օգտագործեք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), հաճախակի լվացեք և ախտահանեք ձեռքերը, ինչպես նաև ըմբռնումով մոտեցեք աշխատակազմի՝ հիգիենայի կանոնների պահպանման վերաբերյալ խնդրանք-հորդորին: Նախարարությունը հիշեցնում է, որ առանձին ծրագրերով երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի, թաղման միանվագ նպաստի դիմումներ կարելի է ուղարկել առցանց եղանակով՝ https://bit.ly/2TMtzYX: Սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող բոլոր հարցերի դեպքում կարելի է զանգահարել 114 թեժ գծին:
19:11 - 13 մարտի, 2020
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է նախապես գրանցված դեպքում

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է նախապես գրանցված դեպքում

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում դիմում է քաղաքացիներին եւ տեղեկացնում, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ մարտի 12-ից Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցման դեպքում: «Հաշվի առնելով Ֆրանսիայում կորոնավիրուսի (COVID-19) տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ ս. թ. մարտի 12-ից Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցման (ժամադրության) դեպքում։ Այդ իսկ պատճառով խնդրում ենք նախապես կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով Ձեզ անհրաժեշտ ծառայությունների մասին հարցումը էլ-փոստի հետևյալ հասցեին [email protected]՝ նշելով Ձեր բջջային համարը։ Ձեր նամակը կուսումնասիրվի դեսպանության կողմից և հետադարձ կապ կհաստատվի էլեկտրոնային նամակի կամ զանգի միջոցով։ Առավել հրատապ հարցերի դեպքում կարող եք օգտվել դեսպանությունում բացված շուրջօրյա թեժ գծից. (+33) 753380239»։ Դեսպնությունը հիշեցնում է, որ ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և կրելու են ժամանակավոր բնույթ։
19:10 - 13 մարտի, 2020
Հռոմից Երևան հատուկ չվերթով վերադարձող քաղաքացիներին կտրամադրվեն դիմակներ, նրանք կգտնվեն 14-օրյա կարանտինում. մանրամասներ չվերթի մասին

Հռոմից Երևան հատուկ չվերթով վերադարձող քաղաքացիներին կտրամադրվեն դիմակներ, նրանք կգտնվեն 14-օրյա կարանտինում. մանրամասներ չվերթի մասին

Կիրակի՝ մարտի 15-ին, Հռոմի ժամանակով ժամը 18:30-ին հայկական «Atlantis EuropeanAirways» ավիաընկերության կողմից Հռոմի Ֆիումիչինո (Fiumicino Airport) օդանավակայանից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան ներկայումս Իտալիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար, հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ «Թռիչքի ընթացքում ուղևորներին կտրամադրվեն դիմակներ, կապահովվեն առողջապահական անվտանգության միջոցառումներ: Հայաստան վերադարձած մեր քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում:Հայտնում ենք, որ թռիչքի համար ՀՀ քաղաքացիների ցուցակագրման ընթացքում առաջնահերթությունը կտրվի հետևյալ սկզբունքով.1. կարճաժամկետ այցելությամբ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներ2. ուսման և գործուղման նպատակով Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներ3. Իտալիայում կացության թույլտվություն ունեցող ՀՀ քաղաքացիներԹռիչքի հնարավորությունից օգտվելու ցանկություն ունեցող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր դեռ կապ չեն հաստատել սույն դեսպանության հետ, խնդրում ենք անհապաղ տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրի, մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության պատճենները, կոնտակտային տվյալները (Իտալիայում գտնվելու նպատակ, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե և Իտալիայում կեցության հասցե)։Ֆիումիչինո օդանավակայան ժամանման և ուղևորների ցուցակագրման նպատակով դեսպանությունը կապ կհաստատի նախապես գրանցված ՀՀ քաղաքացիների հետ անհատապես։ Թեժ գիծ՝ +393775226710 կամ +393898296324, +393423382875, +393442451433։ Էլ. հասցե՝ [email protected]», - ասված է դեսպանության հայտարարության մեջ։ Նշենք, որ հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից դեպի Երևան կազմակերպված չվերթի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը: ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ շատ սերտորեն աշխատում են ՀՀ արտաքին գործերի նախարարության, առողջապահության նախարարության հետ, որպեսզի կազմակերպեն կիրակի օրվա չվերթն այնպես, որ նվազեցնեն հավանականությունը իրար վարակելու։
19:05 - 13 մարտի, 2020
Հայաստանում բուհերից մեկն անցնում է առցանց ուսուցման

Հայաստանում բուհերից մեկն անցնում է առցանց ուսուցման

Հայկական պետական մանկավարժական համալսարանը կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված անցնում է առցանց ուսուցման: Այս մասին նշված է ՀՊՄՀ Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչություն «Ֆեյսբուք»-ի էջում: «Հաշվի առնելով այն, որ այսօր՝ մարտի 13–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի թեմայով կառավարությունում կայացած արտահերթ նիստին հայտարարեց, որ առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի, ՀՊՄՀ կրթական գործընթացների կառավարման վարչությունը ուսումնասիրելով աշխարհի առաջավոր բուհերի փորձը, ինչպես նաև ուսումնական գործընթացում պարապուրդ չունենալու նպատակով առաջարկում է համալսարանի բոլոր ֆակուլտետներին ու ամբիոններին վերակառուցել կրթական գործընթացը և ամբողջությամբ անցնել առցանց, հեռավար ուսուցմանը։ՀՊՄՀ-ն « Google Classroom» էլեկտրոնային ուսումնական հարթակում ունի բացառիկ հնարավորություն լրացնելու բաց թողնված նախորդ պարտադրված արձակուրդի դասախոսությունները և շարունակելու ուսումնական գործընթացը համաձայն դասընթացների նկարագրերի թեմատիկ տրոհման։ Առաջարկում ենք իրավիճակին համապատասխան շտապ վերաձևակերպել հարթակում դասընթացների էջերը, ընձեռնել ուսանողին հնարավորություն առցանց ստանալու թեմանները յուրացնելու համար անհրաժեշտ դասախոսությունների, գրականության աղբյուրների մասին լիարժեք տեղեկատվություն, սահմանել անհրաժեշտ առաջադրանքների կատարման համար ժամկետներ»,- նշված է հայտարարությունում: Հայաստանում այս պահին գրանցվել է կորոնավիրուսի 8 հաստատված դեպք:
18:37 - 13 մարտի, 2020
Կորոնավիրուսի ռիսկով պայմանավորված հետաձգվել են միջոցառումներ ու փոխվել աշխատանքային ռեժիմները |armenpress.am|

Կորոնավիրուսի ռիսկով պայմանավորված հետաձգվել են միջոցառումներ ու փոխվել աշխատանքային ռեժիմները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի ռիսկով պայմանավորված հետաձգվել են մի շարք միջոցառումներ, իրադարձություններ, մրցույթներ, մի շարք հաստատություններ փոխել են աշխատանքային ռեժիմը: «Կենգուրու 2020» մրցույթը, որը նախատեսված էր  մարտի 19-ին, հետաձգվում է:  «Այբ» կրթական հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Նվարդ Առաքելյանը տեղեկացրեց.«Կրթական հաստատություններում դասերը դադարեցնելու որոշմամբ  «Կենգուրու» մրցույթը հետաձգվում է: Ժամկետի մասին կհայտարարենք լրացուցիչ՝ պայմանավորված զարգացումներով»: Գերմաներենի ուսուցման «Գյոթե» կենտրոնը, հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, նույնպես փակ կլինի մինչև մարտի 23-ը։  Մշակութային բաժինը կշարունակի իր աշխատանքը օնլայն ռեժիմով։ ‹‹Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի աշխատակազմը  ևս անորոշ ժամանակով աշխատելու է տնից։ Հիմնադրամից հորդորել են քաղաքացիներին դեղերի կամ հետազոտությունների հետ կապված հարցերի դեպքում կապ հաստատել հիմնադրամի աշխատակիցների հետ հետևյալ տարբերակներով՝ 055 832 263, [email protected], Viber +374 55 832 263: Հետաձգվել են նաև մշակութային միջոցառումներ: Մարտի 27-ին նախատեսված է անցկացնել «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, բայց քննարկվում է այն հետաձգելու հարցը: «Ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասել, նմանատիպ միջոցառումները պարտադիր այցելելու համար չեն, ուստի հրատապության առաջին տողում չեն, բայց հարցը քննարկվում է»,-նշեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը: «Զանգակ» գրատունը, հաշվի առնելով կորոնավիրուսի հետևանքով առաջացած իրավիճակը և առաջնայինը համարելով երեխաների առողջությունը և անվտանգությունը, հայտնել էր, որ մարտի 14-ին կայանալիք «Հայրիկս իմ կողքին» գրքի շնորհանդեսը հետաձգվել է:
18:35 - 13 մարտի, 2020
Արցախի կրթական հաստատությունների աշխատանքները դադարեցվել են մեկ շաբաթով |armenpress.am|

Արցախի կրթական հաստատությունների աշխատանքները դադարեցվել են մեկ շաբաթով |armenpress.am|

armenpress.am: Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը մարտի 13-ին, Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ անց է կացրել խորհրդակցություն, քննարկել դասապրոցեսի դադարեցման հարցը՝ կապված նոր  կորոնավիրուսի տարածման հետ: Նա ասել է, որ ԿԳՍ նախարարության համակարգի պատասխանատուները պարբերաբար քննարկում են ոլորտի հետագա գործողությունները և նախանշում անելիքները: «Եթե անհրաժեշտություն է առաջանում  դադարեցնել պարապմունքները, ապա ուսուցիչները պետք է այդ ընթացքում  աշակերտներին տնային առաջադրանքներ հանձնարարեն, իրականացվեն ճկուն աշխատանքներ և, ըստ անհրաժեշտության, կայացվեն որոշումներ՝ արտաքին ընթացիկ ստուգումների, միասնական քննությունների մասով: Խնդիրը մեկն է՝ պահպանել առողջությունը, թույլ չտալ նոր կորոնավիրուսի ներթափանցումը և տարածումն Արցախում և, միաժամանակ, հասցնել յուրացնել ուսումնական ծրագրերը»,- նշել է նախարարը: Անդրադառնալով հաճախելիության ցուցանիշներին՝ Նարինե Աղաբալյանն հայտնել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ձեռնարկած միջոցառումները տվել են իրենց դրական արդյունքները. ընթացիկ շաբաթվա հաճախումները նորմայի շրջանակներում են: «Ունեցել ենք հատուկենտ դպրոցներ, որտեղ բացակաների թիվը շատ էր. նման ցուցանիշներ գրանցվել են հիմնականում գյուղական այն բնակավայրերում, որտեղ սակավաթիվ են աշակերտները: Մարտի 11-ի դրությամբ, հանրապետության հանրակրթական դպրոցներում ունեցել ենք 9,2% բացակայություն, իսկ մարտի 12-ին՝ 8%. նվազումն ակնհայտ է»,- ավելացրել է նա։ Ինչ վերաբերվում է սուր շնչառական վարակներին և գրիպին, ոլորտի պատասխանատուն տեղեկացրել է, որ իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հաջողվել է կասեցնել հիվանդությունների տարածումը, որն էլ խիստ անհրաժեշտ է առողջապահական համակարգը չծարնաբեռնելու համար: Նա վստահություն է հայտնել, որ ճիշտ գործողությունների արդյունքում կկարողանան կանխել նաև նոր կորոնավիրուսի տարածումը: Այն հարցին, թե դասերի երկշաբաթյա դադարեցումը ինչպես պետք է լրացնեն, Նարինե Աղաբալյանը պատասխանել է. «Շատ կարևոր է ուսուցիչների և տնօրենների անելիքների ճիշտ բաշխումը: Պետք է անպայման բարձրացնենք յուրաքանչյուրի սոցիալական պատասխանատվության գիտակցումը. յուրաքանչյուր ոք պատասխանատու է ոչ միայն իր, այլև իր շրջապատի առողջության համար: Գրիպով հիվանդ կամ ջերմություն ունեցող ուսուցիչները և աշակերտները չպետք է հաճախեն ուսումնական հաստատություն: Բաց թողնված դասերի լրացման ուղղությամբ կաշխատեն մեթոդական միավորման պատասխանատուները, առցանց հավելվածների միջոցով ուսուցիչներն աշակերտներին կկարողանան ստուգել և տեղեկանալ հանձնարարությունների կատարման ընթացքի մասին: Ըստ անհրաժեշտության՝ կրթական ծրագիրը կխտացնենք և համապատասխան այլ քայլեր կձեռնարկենք»: Արցախում գործող օպերատիվ շտաբի խորհրդակցությանը, որը վարել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, որոշում է կայացվել, որ նախադպրոցական, արտադպրոցական, հանրակրթական միջին մասնագիտական (արհեստագործական) և բարձրագույն ուսումնական հաստատությունները կդադարեցնեն աշխատանքները մեկ  շաբաթով՝   սկսած  մարտի  14-ից:
18:27 - 13 մարտի, 2020
Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ քննարկել է կորոնավիրուսի թեման

Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ քննարկել է կորոնավիրուսի թեման

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Դեսպան Լաքոտը ներկայացրել է իրավիճակը Ֆրանսիայում և ձեռնարկվող քայլերը: Անդրադարձ է կատարվել այս ուղղությամբ հնարավոր համագործակցությանը: Խոսելով երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ծրագրերի մասին՝ Հանրապետության նախագահը և դեսպանը մասնավորապես հեռանկարային են դիտարկել գործընկերությունը նորագույն տեխնոլոգիաների ոլորտում: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությանը, որն ուղղած է Հայաստանում տեխնոլոգիաների, կրթության և գիտության զարգացմանը և նպատակ ունի Հայաստան բերել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջատար ընկերություններ՝ զբաղվելու արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, մեքենայական ուսուցման ոլորտների զարգացմամբ և կրթական ծրագրերի իրականացմամբ։ Նշվել է, որ ֆրանսիական մի քանի հանրահայտ ընկերությունների հետ առաջիկայում կստորագրվեն փոխըմբռնման հուշագրեր, իսկ որոշների հետ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ: Զրուցակիցները խոսել են նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում Ֆրանսիայի գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունների մասին:
18:24 - 13 մարտի, 2020
ԱՀԿ հայաստանյան գրասենյակը չի հաստատում մեծ հիվանդանոցներում մոնիթորինգի մասին «Հրապարակ» օրաթերթի հրապարակած տեղեկատվությունը

ԱՀԿ հայաստանյան գրասենյակը չի հաստատում մեծ հիվանդանոցներում մոնիթորինգի մասին «Հրապարակ» օրաթերթի հրապարակած տեղեկատվությունը

Այսօր «Հրապարակ» օրաթերթում գրվել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԱՀԿ) ներկայացուցիչները մի քանի օր է, ինչ Հայաստանում են և մոնիթորինգ են իրականացրել Հայաստանի մեծ հիվանդանոցներում: Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ մեծ հիվանդանոցներից մեկի պատասխանատուն ԱՀԿ-ի իրականացրած մոնիթորինգի մասին իրենց հայտնել էր հետևյալը․ «Գտան, որ մեծ ծավալով հիվանդների դեպքում ծանր կլինի, չենք կարողանա դիմագրավել, եթե չլինի ԱՀԿ-ի օգնությունը։ Մահճակալների, դեղորայքի ծավալների խնդիր կա… բուն էպիդեմիան սկսվելու դեպքում չի լինելու 2-4 դեպք, կարող են լինել 100-200-ից ավելի։ Որոշել ենք, որ հիվանդանոցներն արտակարգ իրավիճակի ռեժիմով են աշխատելու՝ ինչպես պատերազմների ժամանակ»: ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնից Infocom-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ եթե մոնիթորինգ լիներ, ապա պաշտոնական հաղորդում կներկայացվեր։  Այնուամենայնիվ, խնդրեցին պաշտոնական հարցում ուղարկել՝ տեղեկատվությունը վերջնական ստուգելու համար, որի պատասխանը կներկայացնենք առաջիկա օրերին։
18:20 - 13 մարտի, 2020