Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Ծերանոցներում, խնամքի կենտրոններում աշխատող բժիշկների խիստ հերթափոխություն է սահմանված |armenpress.am|

Ծերանոցներում, խնամքի կենտրոններում աշխատող բժիշկների խիստ հերթափոխություն է սահմանված |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր կենտրոններում ամենօրյա ռեժիմով սահմանված կարգով իրականացվում են ախտահանիչ անհրաժեշտ  բոլոր միջոցառումները: Այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը: «Նախարարության ենթակայության ներքո գտնվող բոլոր հաստատություններում՝ ծերանոցներում, երեխաների խնամքի, հոգեկան առողջության կենտրոններում, շարունակվում է պահպանվել կարանտինի ռեժիմը: Բոլոր տեսակի այցելությունները դադարեցված են: Ամենօրյա ռեժիմով կենտրոնների տարածքն ախտահանվում է, տրամադրվում են ախտահանիչ միջոցներ, սահմանված է տեղերում աշխատող բժիշկների խիստ հերթափոխություն»,-ասաց Սոնա Մարտիրոսյանը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին էր հայտարարվել դեռ փետրվարի 27–ից:
11:09 - 16 մարտի, 2020
ԱՍՀ նախարարությունը կոչ է անում առաջիկա երկու շաբաթներին խուսափել հանրային տարածքներ այցելելուց

ԱՍՀ նախարարությունը կոչ է անում առաջիկա երկու շաբաթներին խուսափել հանրային տարածքներ այցելելուց

Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հանրային առողջության պահպանման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչ է անում հնարավորության դեպքում առաջիկա երկու շաբաթներին խուսափել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության պետական գործակալության, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի և սոցիալական աջակցության տարածքային բաժիններ, ինչպես նաև այլ հանրային տարածքներ այցելելուց: Այս մասին հայտնում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունը: Նշվում է, որ բոլոր այն դեպքերում, երբ այցելությունը խիստ անհրաժեշտ է (կենսաթոշակի, նպաստի իրավունքի իրացման սահմանափակ ժամկետով պայմանավորված դեպքերում), օգտագործեք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), հաճախակի լվացեք և ախտահանեք ձեռքերը, ինչպես նաև ըմբռնումով մոտեցեք աշխատակազմի՝ հիգիենայի կանոնների պահպանման վերաբերյալ խնդրանք-հորդորին: Նախարարությունը հիշեցնում է, որ առանձին ծրագրերով երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի, թաղման միանվագ նպաստի դիմումներ կարելի է ուղարկել առցանց եղանակով՝ https://bit.ly/2TMtzYX: Սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող բոլոր հարցերի դեպքում կարելի է զանգահարել 114 թեժ գծին:
19:11 - 13 մարտի, 2020
Պատգամավորները փոփոխություններ եւ լրացումներ են առաջարկում ՀՀ աշխատանքային օրենսգրքում

Պատգամավորները փոփոխություններ եւ լրացումներ են առաջարկում ՀՀ աշխատանքային օրենսգրքում

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Նարեկ Զեյնալյանը մարտի 11-ին նախաձեռնել էին «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ներկայացուցիչներ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, միջազգային, հասարակական կազմակերպություններից, փորձագետներ, իրավաբաններ: Ծովինար Վարդանյանի ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվող կարգավորմամբ ակնկալվում է օրենսդրորեն ամրապնդել աշխատողների, մասնավորապես՝ կանանց իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ խրախուսել տնտեսական գործունեությամբ զբաղվելը: Անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածով սահմանված որոշ ձեւակերպումների՝ բանախոսները նշել են, որ առկա են սողանցքներ անբարեխիղճ գործատուների համար: Առաջարկվող կարգավորումներով կբացառվեն նմանօրինակ դեպքերը: Նախագծով առաջարկվող հաջորդ լրացումը վերաբերում է երեխայի ծնվելուց հետո նորածնի հորը տրամադրվելիք վճարովի արձակուրդին: Ըստ նախագծի համահեղինակ Սոնա Ղազարյանի՝ այն հնարավորություն կտա նորածնի հորը երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, իր իսկ ցանկությամբ ստանալու գործատուի հաշվին վճարովի արձակուրդ 5 աշխատանքային օր տեւողությամբ: Հեղինակների խոսքով՝ նմանօրինակ կարգավորումներն ամրագրված են մի շարք երկրների օրենսդրությամբ: Քննարկման մասնակիցները մտքեր են փոխանակել ժողովրդագրական մտահոգիչ վիճակագրական տվյալների, դրական խտրականության, հայրության խրախուսման հարցերի շուրջ:
17:40 - 11 մարտի, 2020
Կառավարության սխալ որոշում, չկայացած գործուղում և անձնական օգնականի օբյեկտիվ անհրաժեշտություն

Կառավարության սխալ որոշում, չկայացած գործուղում և անձնական օգնականի օբյեկտիվ անհրաժեշտություն

Լուսանկարը՝ Զարուհի Բաթոյանի քրոջ՝ Սյուզաննա Բաթոյանի ֆեյսբուքյան էջից «Իրականում» լրատվականն այսօր հրապարակել է նյութ, որտեղ նշված է, որ Կառավարության e-gov.am կայքում հրապարակված վարչապետի որոշման համաձայն՝ 2020 թվականի մարտի 8-15-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորք և Վաշինգտոն քաղաքներ է գործուղվելու կառավարական մի պատվիրակություն, որի կազմում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նրա ռեֆերենտ Անի Ավետիսյանը, Աշխատանքի եւ սոցալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը, եւ նախարար Բաթոյանի քույրը՝ Սյուզաննա Բաթոյանը: Ինչպես նշել է կայքը՝ վարչապետի որոշումից տեղեկանում ենք, որ Սյուզաննա Բաթոյանի ԱՄՆ գործուղման ծախսերը՝ օրապահիկ, գիշերակաց եւ ճանապարահածախս, հոգացել են ՀՀ պետական բյուջեի հաշվին: Պաշտոնյաներն ու Բաթոյանի քույրը, սակայն, գործուղման չեն մեկնել։ Նախարարը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հայաստանի պատվիրակությունը ԱՄՆ չի մեկնել հայտնի վիրուսի պատճառով: ՀՀ վարչապետի համապատասխան որոշման մեջ նշված է, որ նախարար Զարուհի Բաթոյանի գործուղման ճանապարհածախսը հոգալու էր հրավիրող կողմը՝ ՄԱԿ-ի գրասենյակը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ նախարարի եւ նրա անձնական օգնականի համար միեւնույն չվերթի համար տոմսերի ամրագրման գործընթացում ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստակամություն է հայտնել հոգալու նաեւ Սյուզաննա Բաթոյանի ճանապարհածախսը, իսկ պետական բյուջեի հաշվին նախատեսված էր միայն գիշերավարձը եւ օրապահիկը: Նա նշեց, որ Զարուհի Բաթոյանը ճամփորդելիս ունի անձնական օգնականի կարիք, հատկապես, եթե խոսքը գործուղումներին է վերաբերում․ «Նախարարին ուղեկցող անձանց ծախսերը, հիմնականում, հոգացել են միջազգային կազմակերպությունները կամ հրավիրող կողմը, թեեւ պետությունն ի վիճակի է հոգալ կառավարության անդադմների գործուղման ծախսերը եւ ապահովել անհրաժեշտ պայմաններ։ Ինչ վերաբերում է պնդմանը, թե նախարարի հետ կարող էին գործուղվել նրա օգնականները, ովքեր աշխատում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, ապա ակնյատ է, որ ի պաշտոնե օգնական համարվող անձը չի կարող հոգալ նախարարի անձնական կարիքները»,- նշեց Սոնա Մարտիրոսյանը: Սակայն վարչապետի որոշման մեջ Սյուզաննա Բաթոյանի անվան դիմաց նշված է եղել, որ նրա ծախսերն արվելու են ՀՀ պետական բյուջեով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։ Զարուհի Բաթոյանի դեպքում հստակեցված է եղել, որ ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին, ինչը նշված չի եղել նրա քրոջ անվան դիմաց։  Ըստ այդմ, «Իրականում» կայքի հրապարակումը ճիշտ է՝ վարչապետի համապատասխան որոշումը եղել է, սակայն այցը չեղարկվել է, հետեւաբար որոշումը պետական բյուջեի հաշվին չի իրագործվել։ Infocom.am-ին կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ այցի չեղարկման վերաբերյալ որոշումը առաջիկայում կհրապարակվի կառավարության կայքում։ Բացի այս, Սոցապ նախարարության մամուլի խոսնակի պնդմամբ՝ վարչապետի որոշման մեջ տեխնիկական սխալ է եղել եւ «նախարարի անձնական օգնական» բառակապակցության փոխարեն Սյուզաննա Բաթոյանը ներկայացվել է որպես օգնական։ Սակայն Սյուզաննա Բաթոյանն ի պաշտոնե նախարարության աշխատակից եւ նախարարի օգնական չի հանդիսանում, իսկ Զարուհի Բաթոյանն, օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, առանց անձնական օգնականի չի կարող մեկնել արտերկիր․ նախարարությունում Բաթոյանի աշխատանքային օգնականը նրա կարքիները չի կարող հոգալ, նրա փոխարեն էլ մեկնում է աձնական օգնականը։ Կառավարության տեղեկավտվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից եւս նշեցին, որ վարչապետի որոշման մեջ տեխնիկական սխալ է եղել՝ անձնական «օգնական»-ի փոխարեն նշվել է օգնական։ Սակայն, վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի պնդմամբ, այդտեղ ընթացակարգերի խախտում չկա։ Ի դեպ՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սույն թվականի փետրվարի 25-ին շրջանառության մեջ է դրել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ, որով սահմանվում է «անձնական օգնական» հասկացությունը․ «Անձնական օգնական՝ ֆիզիկական անձ, որը տվյալ պահին գտնվում է հաշմանդամություն ունեցող անձի հետ եւ անհատույց կամ դրամական վճարումների դիմաց իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձի խնամքը կամ աջակցում (օգնում է) հաշմանդամություն ունեցող անձին՝ հաղթահարելու միջավայրային արգելքները կամ տեղաշարժվելու (այդ թվում՝ փոխադրամիջոցը վարելու միջոցով) կամ հաղորդակցվելու»։  Քիչ առաջ թեմայի վերաբերյալ պարզաբանում տարածեց նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։   ՀայԱրփի Բաղդասարյան
16:56 - 11 մարտի, 2020
Բռնության ենթարկված անձանց այս տարվանից նոր ծառայություններ են տրամադրվելու․ Զարուհի Բաթոյան

Բռնության ենթարկված անձանց այս տարվանից նոր ծառայություններ են տրամադրվելու․ Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մասնակցել է «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակակն կազմակերպության նախաձեռնած և ոլորտային այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված Սեռական բռնության դեպքերի միջգերատեսչական արձագանքի ներդրմանն ուղղված աշխատանքային հանդիպմանը։ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերը մեծ մասամբ ուղղված են բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրմանն ու պաշտպանությանը, բայց մենք նաև շատ կարևորում ենք կանխարգելիչ աշխատանքները։ Կարևոր է առկա կարծրատիպային մոտեցումների հաղթահարումը, որովհետև, շատ դեպքերում, աջակցություն ստանալու համար դիմելը ևս կարծրատիպ և խոչընդոտ է հանդիսանում: Մենք պետք է աշխատենք, որպեսզի ավելի հասանելի ու մատչելի դարձնենք աջակցության տրամադրման մեթոդները այն մարդկանց համար, ովքեր ունեն դրանց կարիքը»,- ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ասել է Զարուհի Բաթոյանը։ «Զ. Բաթոյանը շնորհակալություն է հայտնել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» ներկայացուցիչներին՝ տասնամյա գործունեության համար՝ կարևորելով նրանց ունեցած բազմամյա փորձը աջակցության պետական մեխանիզմներ ստեղծելու և պետական քաղաքականություն մշակելու գործում։ Նախարարը կանանց և աղջիկներին բռնությունից պաշտպանելու գործում էական է համարել նրանց հզորացումը՝ այն համարելով բռնության կանխարգելման ամենակարևոր գործիքներից մեկը։ Որպես այդպիսիք՝ նախարարը նշել է կրթության և աշխատանքի հնարավորությունների ընդլայնումը, կարծրատիպային մոտեցումների հաղթահարումը և այլն. «2020 թ.-ից առաջին անգամ բռնության ենթարկված անձանց պետական աջակցությամբ նոր ծառայություններ են տրամադրվելու՝ բոլոր մարզերում աջակցության կենտրոններ և ապաստարաններ են գործելու։ Բնականաբար, այս ծառայությունները բավարար չեն, և մենք նպատակ ունենք դրանք ավելի ընդլայնել»,- նշել է նախարարը։ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը ներկայացրել է կենտրոնի բազմամյա փորձը, առկա խնդիրներն ու օրենսդրական բացթողումները։ Կազմակերպության ծրագրերի ղեկավարը նշել է, որ իրենք միակ կազմակերպությունն են, որ աջակցություն են տրամադրում սեռական բռնության ենթարկված անձանց՝ տեղեկացնելով, որ արդեն ակտիվ գործունեություն են ծավալել մարզային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին վերապատրաստելու ուղղությամբ։  «2016-2020 թթ ընթացքում աշխատել ենք 73 անձի հետ, որոնցից 66-ը՝ իգական սեռի են, իսկ 7-ը՝ արական: 35-ն անչափահաս են, 38-ը՝ չափահաս։ Այժմ մեր աշխատանքային խմբի նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ մենք կկարողանանք քննարկել, բազմակողմանիորեն անդրադառնալ առկա խնդիրներին և հասկանալ, թե որոնք են դրանց արդյունավետ լուծումները»,- ասել է Տաթևիկ Աղաբեկյանը։  Հանդիպման ավարտին նախարար Զարուհի Բաթոյանը վերահաստատել է ակտիվ համագործակցության պատրաստակամությունը՝ ի շահ կանանց և աղջիկների»,- ասվում է հաղորդագրության մեջ։    
19:02 - 10 մարտի, 2020
Սահմանվել է հիվանդությունների հստակ ցանկ՝ հաշմանդամության ժամկետի որոշման գործընթացում կամայականություններից խուսափելու համար

Սահմանվել է հիվանդությունների հստակ ցանկ՝ հաշմանդամության ժամկետի որոշման գործընթացում կամայականություններից խուսափելու համար

Կառավարությունը հավանության է արժանացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագիծը, որ վերաբերում է հաշմանդամության ժամկետի սահմանման գործընթացին։ Դրա նպատակը բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում հայեցողական որոշումների կայացման հնարավորությունները բացառելն է։ Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ներկայում բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատված են Կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշմամբ: Սահմանված են համապատասխան ցանկեր, որոնց դեպքում 2 կամ 4 տարի դիտման պայմաններում հաշմանդամության խմբերը սահմանվում են անժամկետ, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը՝ մինչև 18 տարին լրանալը: Սակայն այդ ցանկերով սահմանված հիվանդությունները և ախտաբանական վիճակները հաճախ չեն համապատասխանում երեխաների տարիքային առանձնահատկություններին: Միաժամանակ կան հիվանդություններ և ախտաբանական վիճակներ, որոնց «հաշմանդամ երեխա» կարգավիճակը  2 տարի ժամկետով սահմանելը նպատակահարմար չէ, քանի որ բուժական (այդ թվում վիրահատական) և վերականգնողական միջոցառումների արդյունքները հնարավոր է գնահատել մինչև 5 տարի դիտման պայմաններում։ Ըստ ընդունված փոփոխությունների՝ հաշվի առնելով երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունները, նախագծով սահմանել են հիվանդությունների որոշակի ցանկեր, որոնց դեպքում մինչև 18 տարեկան երեխաների հաշմանդամությունը կսահմանվի հստակ ժամկետներով՝ տվյալ փորձաքննության ժամանակ «մինչև 18 տարին լրանալը»՝ այն հիվանդությունների դեպքում, որոնց ժամանակ ֆունկցիոնալ խանգարումը ամենայն հավանականությամբ կշարունակվի, 3-րդ տարվա դիտարկման դեպքում «մինչև 18 տարին լրանալը»՝ այն հիվանդությունների դեպքում, որոնց ժամանակ հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով՝ ֆունկցիոնալ խանգարման կայունությունը ճշտելու համար,   5 տարի ժամկետով՝ այն հիվանդությունների դեպքում, երբ բուժական և վերականգնողական միջոցառումների արդյունքները հնարավոր է գնահատել 5 տարի անց։ Ցանկերում չընդգրկված հիվանդությունների բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում համապատասխան հիմքերի առկայության դեպքում՝ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակը կսահմանվի 2 տարի ժամկետով։ «Հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ մինչև 18 տարին լրանալը ժամկետով կսահմանվի կենսագործունեության մշտական սահմանափակման դեպքում։ Հաջորդ փոփոխությունը, որը հավանության է արժանացել Կառավարության կողմից, վերաբերում է անժամկետ հաշմանդամության սահմանմանը։ Հստակեցվել են անժամկետ հաշմանդամություն սահմանելու դեպքերը. Եթե միևնույն հիվանդությունով անձը ենթարկվել է 7 տարվա դիտարկման, ապա հաշմանդամությունը անժամկետ կսահմանվի 8-րդ տարվա դիտարկման դեպքում։ Նշենք, որ խոսքը չի վերաբերում 7 տարի անընդմեջ հաշմանդամության խումբ ունենալուն, այլ նույն հիվանդությամբ կարգավիճակ ունենալու՝ տարիների ընդհանուր հանրագումարին։ Նախագծի ընդունման արդյունքում ոչ միայն կկիրառվեն միասնական օբյեկտիվ չափորոշիչներ՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում, այլև կնվազի հանձնաժողովներին հաճախակի դիմելու անհրաժեշտությունը, ինչը էապես կհեշտացնի հաշմանդամություն ունեցող չափահասների, երեխաների և նրանց ծնողների կյանքը։ Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության մասնագետների հետ սերտ համագործակցությամբ։ Հիվանդությունների ցանկերը կարող եք տեսնել այստեղ:
14:08 - 06 մարտի, 2020
Սոցիալական ապահովության պետական ծառայության 8 աշխատակցի վերաբերյալ քրգործը ուղարկվել է դատարան

Սոցիալական ապահովության պետական ծառայության 8 աշխատակցի վերաբերյալ քրգործը ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են վառելիքի բաշխման և գործուղումների գործընթացներում տեղի ունեցած մի շարք չարաշահումների փաստական հանգամանքները: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Կատարված նախաքննության արդյունքներով՝ ութ պաշտոնատար անձի վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:  Հանցագործությամբ պատճառված վնասը (4.204.200 ՀՀ դրամ գումար) ամբողջությամբ վերականգնվել է:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:21 - 04 մարտի, 2020
Առաջարկվում է Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց 40 հազարի չափով տրվի ամենամսյա պատվովճար |tert.am|

Առաջարկվում է Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց 40 հազարի չափով տրվի ամենամսյա պատվովճար |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովը քննարկում էր «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը խորհրդարանում ներկայացնում էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը: «Լրացումը հետևյալն է, որ Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց տրվի ամենամսյա պատվովճար, որի կարգը պետք է սահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ: Այս պահին երկրում ունենք ինը նման ընտանիքներ, որոնք արժանացել են Ծնողական փառքի մեդալի»,-ասաց նա և նշեց, որ մեդալին արժանանալու հիմնական երկու պայմաններն են՝ վեց և ավելի երեխաներ ունենալը և ընտանիքի մասին դրական  ձևավորված կարծիքը: «Այս ընտանիքների համար կառավարությունն առաջարկում է ամսական 40 հազարի չափով պատվովճար սահմանել»,-ասաց նա: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ իր իմանալով շատ կան բազմազավակ ընտանիքներ, որոնք ունեն վեց և ավելի երեխաներ: «140 ընտանիք ունենք, որոնք բազմազավակ են և 40 հազար դրամով տարեկան ծախսը՝ կազմելու է 67 միլիոն դրամ, որը բավականին թեթև ծախս է»,-ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
16:30 - 03 մարտի, 2020
1-ին, 2-րդ, 3-րդ կարգի փոխարեն ունենալու ենք, թույլ, միջին և ծանր հաշմանդամության կարգեր․ Գեմաֆին Գասպարյան |factor.am|

1-ին, 2-րդ, 3-րդ կարգի փոխարեն ունենալու ենք, թույլ, միջին և ծանր հաշմանդամության կարգեր․ Գեմաֆին Գասպարյան |factor.am|

factor.am: «Ունենալու ենք հաշմանդամության ոչ թե առաջին, երկրորդ, երրորդ կարգ ունեցող անձինք, այլ թույլ, միջին, ծանր և խորը ֆունկցիոնալ սահմանափակում ունեցող։ Սա ենթադրում է, որ մեր յուրաքանչյուր քաղաքացու փորձելու ենք մաքսիմում օժադակել՝ ծառայությունների միջոցով, որպեսզի հաղթահարեն իրենց ֆունկցիոնալ սահմանափակումները»,- «Ինչպե՞ս են պաշտպանվելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները. նոր օրենքի նախագիծ» թեմայով քննարկմանը նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը: «Վստահ եմ՝ այս ներառական մոտեցումը շատ կարևոր է, որ հնարավորինս ամբողջական դիտարկենք բոլոր կարծիքները և բաց չթողնենք որևէ խնդիր։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծում տալիս ենք տարբեր հասկացությունների ձևափոխումներ․ օրինակ՝ անձնական օգնականի ինստիտուտի, ունիվեսալ դիզայնի, անկախ կյանքի և խելամիտ հարմարեցման վերաբերյալ հասկացությունները։ Այս օրենքով նաև Մատչելիության հանձնաժողով ենք նախատեսում, որի անդամները Ազգային ժողովի կողմից 6 տարի ժամկետով են ընտրվելու և ապահովելու մատչելիության վերաբերյալ մոնիթորինգը։ Նրանք ունենալու են այնպիսի գործառույթներ, որ մատչելիության հետ կապված հիմնախնդիրները կարողանանք հնարավորինս կարճ ժամկետում լուծել»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը։ Շարունակությունը՝ factor.am-ում։
16:23 - 03 մարտի, 2020
Զարուհի Բաթոյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

Զարուհի Բաթոյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ: «Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու և այս քննարկումն իրականացնելու Ձեր պատրաստակամության համար: Չնայած, որ հաճախ ենք աշխատանքային հանդիպումներ ունենում, այս մեկը փոքր-ինչ տարբեր է, որովհետև Ձեզ հետ՝ որպես ռազմավարական գործընկերոջ, քննարկելու ենք շատ զգայուն հիմնախնդիր: Գիտեք, որ մեր քաղաքականությունը ներառական է և ուղղված խտրականության բոլոր դրսևորումների դեմ պայքարին։  Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք հաճախ մեկուսացվում են՝ իրենց կամքին հակառակ և տվյալ հարցում աջակցությունը դժվար է տարբեր առումներով»,- ասել է Զարուհի Բաթոյանը: Նախարարը նշել է, որ նախարարության համակարգում գործող երկու հաստատություններում ապրում է հոգեկան առողջության խնդիր ունեցող շուրջ 600 մարդ: Մարդկանց մեծ խումբ խնամվում է նաև Առողջապահության նախարարության համակարգում գործող հիմնարկներում, սակայն նրանք, հաճախ, հայտնվում են հաստատություններում՝ չնայած այն հանգամանքին, որ բուժման մշտական կարիք չունեն. նրանք, պարզապես, գնալու այլ տեղ չունեն. «Օրենսդրական բարեփոխումների և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված քայլերին զուգահեռ, մենք ռեսուրսների, այդ թվում՝ մարդկային, լուրջ պակաս ենք զգում՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց անհրաժեշտ ծառայությունների մատուցման, նրանց ապաինստիտուցիոնալացման, ինչպես նաև՝ հանրային վերաբերմունքի փոփոխության համար, քանի որ շատ հաճախ այս մարդիկ զրկվում են իրենց քաղաքացիական իրավունքներից՝ անգործունակ ճանաչվելու և հարկադրաբար հաստատություններում հայտնվելու հետևանքով»,- ասել է նախարարը: Զ. Բաթոյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքի ապահովմանն ուղղված քայլերը՝ սկսած պաշտպանված բնակարանների ձեռքբերումից, մինչև փոքր տների մոդելի կիրառումը: Նախարարը նշել է, որ ձեռնարկվող քայլերն, իհարկե, կարևոր են, սակայն դրանք բավարար չեն համակարգային փոփոխությունների իրականացման համար: «Սա լուրջ, համակարգային խնդիր է շատ երկրների համար, որտեղ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մեկուսացնում են հասարակությունից՝ ապահովելով նրանց անվտանգ կեցությունը, սակայն զրկելով հասարակության հետ հարաբերվելու իրավունքից: Սա խնդիր է, որի հաղթահարումը սերտորեն կապված է նաև հասարակական կարծրատիպերի հաղթահարման հետ: Միևնույն ժամանակ, աշխարհում կան շատ հաջողված մոդելներ, որոնք կարելի է ուսումնասիրել և տեղայնացնել: Այս համատեքստում ես միշտ հպարտությամբ եմ նշում «Արեգակ» ներառական փուռ-սրճարանի օրինակը, որում աշխատում են Դաունի համախտանիշ ունեցող երիտասարդները և նրանց ծնողները»,- ասել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Նա նշել է, որ այս համատեքստում օրենսդրական լուրջ փոփոխությունների կարիք կա՝ սկսած հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընտրական իրավունքից, մինչև անձնական օգնականի ինստիտուտի ներդրումը: Դեսպանը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության բացառմանն ուղղված ծրագրերը՝ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում:
16:28 - 02 մարտի, 2020
Առաջարկվում է տուն-ինտերնատ ընդունել միայն բնակարան, ժառանգ և ընտանիքում աշխատունակ այլ անդամ չունեցող անձանց |hetq.am|

Առաջարկվում է տուն-ինտերնատ ընդունել միայն բնակարան, ժառանգ և ընտանիքում աշխատունակ այլ անդամ չունեցող անձանց |hetq.am|

hetq.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է այս տարի նվազեցնել տուն-ինտերնատներում խնամվողների թիվը, դրա փոխարեն ավելացնել այլընտրանքային ծառայություներից օգտվողների քանակը։ Այլընտրանքային ծառայություն ասելով՝ նախարարությունը նկատի ունի փոքր տներ, տնային խնամքի և ցերեկային կենտրոններ, ընտանիքներին աջակցելու և այլ ծառայություններ։ Բացի այդ, նախարարությունը նախատեսում է խստացնել տուն-ինտերնատ ընդունելության պայմանները։ Մասնավորապես՝ նախատեսվում է, որ տուն-ինտերնատ կընդունվեն միայն բնակարան, ժառանգ և ընտանիքում աշխատունակ այլ անդամ չունեցող անձինք։ Իսկ այն անձինք, ովքեր մինչ այս ցանկանում էին խնամքի ծառայություններ ստանալ տուն-ինտերնատում՝ կդիմեն այլընտրանքային ծառայություններ ստանալու համար կամ կշարունակեն բնակվել իրենց տներում (առկայության դեպքում)՝ ստանալով տնային խնամք: Նման առաջարկություններ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ «Նախագծի ընդունման արդյունքում առնվազն 30-40 %-ով (հստակ գնահատված հաշվարկ դեռ չի կատարվել, սակայն մոտավոր պատկերն այդպիսին է) կնվազի տուն-ինտերնատներում խնամվողների և այնտեղ ընդունվելու համար դիմողների թիվը։ Դրա փոխարեն խնամքի տրամադրում հայցող անձանց՝ իրենց գնահատված կարիքներին համապատասխան կտրամադրվեն նոր՝ առավել հասցեական, նպատակային և արդյունավետ ծառայություններ»,- հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Այս գործընթացը ենթադրում է, որ աստիճանաբար պետք է լուծարվեն կամ վերակազմակերպվեն շուրջօրյա խնամքի հաստատությունները։ Քննարկման ներկայացված նախագծում նշված է, որ այժմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ընդհանուր տիպի երեք տուն-ինտերնատներում խնամվում է 640 շահառու, որոնց 60 %-ից ավելին ունեն զավակներ, իսկ մի մասն էլ ունի բնակարան: Շարունակությունը՝ hetq.am-ում
10:38 - 02 մարտի, 2020
Օլյա Ազատյանն իր դիմումի համաձայն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդականի պաշտոնից

Օլյա Ազատյանն իր դիմումի համաձայն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդականի պաշտոնից

Սիրելի ընկերներ և հարգելի գործընկերներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդականի պաշտոնում այսօր իմ վերջին աշխատանքային օրն է: Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն: Որպես խորհրդական իմ աշխատանքային տարածքը և ազդեցությունը շատ սահմանափակ էր, իսկ ավելին անելու հնարավորություն չտրվեց: Որոշումը կայացրել եմ անցյալ տարվա նոյեմբերին, սակայն մի քանի ամիս պահանջվեց կիսատ աշխատանքներս ավարտելու համար: Շնորհակալություն եմ հայտնում նախարար Զարուհի Բաթոյանին և նախարարության գործընկերներին վստահության և արդյունավետ համագործակցության համար: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սոցիալական պաշտպանության ոլորտում խորքային բարեփոխումների ընթացքում է և ամենայն հաջողություն եմ մաղթում նախարարությանը դրանք իրագործելու ընթացքում: Հաջողություն եմ մաղթում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իր թիմի հեղափոխական հատվածին:Ինքս պատրաստվում եմ առաջիկա առնվազն մեկ կամ մեկ ու կես տարին ամբողջությամբ տեղափոխվել գիտական միջավայր և ի վերջո ժամանակ հատկացնել ատենախոսությանս վրա հիմնովին աշխատելու համար: Հեռու չեմ գնում՝ մտածում և գրում եմ Հայաստանի (քաղաքական) արդիականացման մասին: Հայաստանի արդիականացման մասին խոսակցությունների և ըստ այդմ օրակարգ ձևակերպելու կարիք շատ կա, կան նաև մարդիկ, որոնք խոսում և կարող են առավել շատ խոսել դրա շուրջ:
13:02 - 28 փետրվարի, 2020