ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ բնակավայրերը լքած արցախցիներին ընդունելու համար հրապարակումներ կատարելուց

ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ բնակավայրերը լքած արցախցիներին ընդունելու համար հրապարակումներ կատարելուց

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սիրելի՛  հայրենակիցներ, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններով պայմանավորված, հայրենասիրական և մարդասիրական մղումներից ելնելով, www.facebook.com սոցիալական ցանցում մեր հայրենակիցները սկսել են կատարել գրառումներ, որոնցում պատրաստակամություն են հայտնում իրենց տներում ընդունել ռազմական գործողությունների հետևանքով սեփական բնակավայրերը լքած արցախցիներին: Ամենայն հարգանք տածելով մեր հայրենակիցների մարդասիրական և հայրենասիրական մղումների հանդեպ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է հետայսու զերծ մնալ նմանատիպ հրապարակումներ կատարելուց, քանի որ հակառակորդը դրանք կարող է օգտագործել ապատեղեկատվական սադրանքներ իրականացնելու համար: Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարություններն իրականացնում են լիակատար ու համապարփակ կառավարում և ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցառումներն, այդ թվում՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ: Նման անհրաժեշտություն ծագելու դեպքում կտրվի պաշտոնական հաղորդագրություն»:
16:46 - 28 սեպտեմբերի, 2020
Հորդորւմ ենք քաղաքական վերլուծաբաններին և սեփական շահը պետության անվտանգության շահերից վեր դասողներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճից․ ԱԱԾ

Հորդորւմ ենք քաղաքական վերլուծաբաններին և սեփական շահը պետության անվտանգության շահերից վեր դասողներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճից․ ԱԱԾ

Հետևելով Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ուղղությամբ առկա որոշակի տեղեկատվական հոսքերին և վերլուծելով վերջիններիս բուն նպատակը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է առանձին քաղաքական վերլուծաբաններին, ինչպես նաև սեփական շահը պետության անվտանգության շահերից վեր դասող անհատներին՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից և զգուշացնում է, որ նման գործողությունները սպառնում են ՀՀ անվտանգությանը, խուճապ ստեղծում հանրության շրջանում և ընկալվում, որպես պետությունը թուլացնելու քողարկված նպատակ, ինչի համար սահմանված է քրեական պատասխանատվություն: Հիմք ընդունելով հիշյալ իրողությունը՝ համապատասխան կոչով կրկին դիմում ենք մեր հարգելի քաղաքացիներին և զանգվածային լրատվության միջոցներին, որպեսզի զերծ մնան ինչպես վերոնշյալ մեկնաբանությունների, այնպես էլ չճշտված տեղեկությունների և ոչ պաշտոնական տեսանյութերի և լուսանկարների տարածումից: Կոչ ենք անում չտրվել սադրանքներին, առաջնորդվել բացառապես պետական շահով և զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող, ներքաղաքական իրավիճակը սրող, հակառակորդի համար նպաստավոր և ձեռնտու փորձագիտական կամ այլ համանման մեկնաբանություններ կատարելուց: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանակներում շարունակելու է ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ սոցիալական ցանցերում և այլ հրապարակային հարթակներում ակնհայտ կեղծ և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային անձեռնմխելիությունը կասկածի տակ դնող ապատեղեկատվության տարածումը չեզոքացնելու, նման տեղեկատվություն տարածող անձնաց հայտնաբերելու և համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ: Միաժամանակ մեր քաղաքացիներին խնդրում ենք զերծ մնալ կասկածելի հեռախոսազանգերին, հաղորդագրություններին և հարցումներին արձագանքելու դրսևորումներից: Այս ամենով հանդերձ հորդորում ենք բացառապես առաջնորդվել «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման պահանջներով:
17:34 - 27 սեպտեմբերի, 2020
Անհրաժեշտ է խստորեն պահպանել տեղեկատվական անվտանգության բոլոր կանոնները [ԱԱԾ]

Անհրաժեշտ է խստորեն պահպանել տեղեկատվական անվտանգության բոլոր կանոնները [ԱԱԾ]

Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած մարտական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ձեռնպահ մնալ պաշտոնական տեղեկատվությունից զատ բոլոր տեսակի այլ աղբյուրների տեղեկությունների, ոչ պաշտոնական տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից: Հորդորում ենք զանգվածային լրատվության բոլոր միջոցներին չհրապարակել պատկան մարմինների հետ չճշտված տեղեկություններ և ոչ պաշտոնական մեկնաբանություններ: Անհրաժեշտ է խստորեն պահպանել տեղեկատվական անվտանգության բոլոր կանոնները, լինել զգոն Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունների նկատմամբ, համացանցում կասկածելի բնույթի տեղեկություններ հանդիպելու դեպքում չտարածել դրանք և անհապաղ դիմել ՀՀ ԱԱԾ թեժ գծի՝ 191 հեռախոսահամարով կամ անձնական նամակով գրել www.facebook.com սոցիալական ցանցի «ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն» ( https://www.facebook.com/www.sns.am/ ) պաշտոնական էջին:
11:42 - 27 սեպտեմբերի, 2020
ԱԱԾ-ն հայտնում է ՃՈ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքեր բացահայտելու մասին

ԱԱԾ-ն հայտնում է ՃՈ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքեր բացահայտելու մասին

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է ճանապարհային ոստիկանության Իջևանի հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք բացահայտելու մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Իջևանի հաշվառման-քննական բաժանմունքի պետ Ա. Շ.-ն Ս. Թ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ առանց գործնական քննություն կազմակերպելու և անցկացնելու, «E» կարգի վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար, 2020 թվականի սեպտեմբերի 24-ին Ա. Ս.-ի օժանդակությամբ վերջինիցս ստացել է զգալի չափի՝ 75.000 ՀՀ դրամ կաշառք, որի դիմաց նույն բաժանմունքի տեսուչ Ա. Մ.-ին ցուցում է տվել, որպեսզի վերջինս առանց գործնական քննություն անցկացնելու՝ ակնհայտ կեղծ գրառում կատարի այն մասին, որ Ս. Թ.-ն մասնակցել է տվյալ քննությանը և ստացել է դրական գնահատական: Ա. Մ.-ն այնուհետև, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, այն է՝ առանց ՀՀ կառավարության 26.03.2020թ-ի թիվ 385-Ն որոշման պահանջերի պահպանման և առանց գործնական քննություն անցկացնելու, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող գործնական քննության թերթիկում կատարել է ակնհայտ կեղծ գրառում, որը հաստատել է իր ստորագրությամբ, ապա ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական էլեկտրոնային բազա է ներբեռնել կեղծ տեղեկատվությամբ վերը նշված գործնական քննության թերթիկի տվյալները, որի արդյունքում էլ Ս. Թ.-ին տրամադրվել է «E» կարգի վարորդական իրավունքի վկայական:            Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում պաշտոնատար անձին կաշառք տալու, պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, կաշառք տալուն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ են բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Իջևանի հաշվառման-քննական բաժանմունքի պետը, նույն բաժանմունքի տեսուչը, ինչպես նաև ևս երկու անձինք, ովքեր հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
14:53 - 25 սեպտեմբերի, 2020
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին |armtimes.com|

Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին |armtimes.com|

armtimes.com: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ դատարանի շենքից: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին`ասելով, որ փաստաբանները կխոսեն նիստի մասին: Ծառուկյանը միայն նշեց, որ պահանջում է Կառավարության 100 տոկոսի հրաժարականը: Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իրենք ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին, եւ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դրա վերաբերյալ որոշում կայացնելու: Ըստ նախնական տվյալների՝ այն կհրապարակվի այսօր՝ ժամը 13:30-ին: Ըստ պաշտպանի՝ երբ իրենց բողոքները մուտք են եղել Վճռաբեկ դատարան, դրանից հետո իրենք հավաստի տեղեկություններ են ստացել, որ ինչ-որ պաշտոնատար անձանց միջամտության արդյունքում, եւ ընդհանրապես, ինչ-որ մարմինների փոխադարձ համաձայնությամբ նախապես որոշում է կայացվել, որ վճռաբեկ բողոքները պետք է հնարավորինս շուտ մերժվեն, եւ դա պետք է այնպես արվի, որ համապատասխանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի հերթապահությանը, եւ միջնորդության քննությունը հանձնարարվի հենց դատավոր Մնացական Մարտիրոսյանին Ըստ պաշտպանի՝ այս տեղեկատվությունը հետագայում հաստատվել են օբյեկտիվ փաստական տվյալներով. «Մասնավորապես, այնպիսի հանգամանքներ տեղի ունեցան, որ այլ գործով տեղի չեն ունենում. վճռաբեկ բողոքը մերժվել է ընդամենը 3 օրում.  բողոքը դատարան մուտքագրվել է սեպտեմբերի 7-ին, իսկ 10-ին արդեն մերժվել է, ինչը բացառիկ դեպք է, Վճռաբեկ դատարանը եռամսյա ժամկետ ունի, եւ եթե իրավաբաններին հարցնեք, կփաստեն՝ փորձը ցույց է տալիս, որ 2-րդ, 3-րդ ամսվա մեջ է որոշումը կայացվում, բացառիկ դեպքերում՝ 1 ամսվա ընթացքում, բայց 3 օրվա ընթացքում որոշում լինի՝ այն էլ այն դեպքում, երբ գործը 8 հատոր է, իսկ նախորդ նիստերի արձանագրությունը՝ 50 հատոր, փաստում է, որ ակնհայտ շահագրգռվածություն կա»: Ըստ պաշտպանի՝ երբ իրենց բողոքը վերադարձվել է՝ տեխնիկական շտկոմներ անելու, տրամադրվել է 2 օր ժամկետ, մինչդեռ այլ դեպքերում տրամադրվում է 5, 10, 25 օր. «Սա էլ մի կողմ թողնելով՝ ասեմ, որ հստակ փաստական տվյալներ ունենք, որ Վճռաբեկ դատարանի աշխատակիցներին հանձնարարական է եղել, որ անձամբ գնան փոստային բաժանմունք, եւ ստանան պաշտպանի կողմից Վճռաբեկ դատարանի որոշումը ստանալու վերաբերյալ հետադարձ ծանուցում»: Պաշտպանը դա ընդգծեց՝ ցույց տալու, թե ինչ անհանգիստ են եղել աշխատակիցները՝ ցանկալի ժամկետում որոշում կայացնելու համար. «Դատարանի աշխատակիցը փոստային բաժանմունք է գնում, վերցնում, բան ու գործ չունեն էլի, այս ամենը կատարվեց նրա համար, որ որոշումը կայացվի կոնկրետ ժամկետում. ամսի 10-ին որոշումը ուղարկեցին բոլորին, բայց գործը չուղարկեցին, մինչեւ ամսի 17-ը մնաց Վճռաբեկ դատարանում, որպեսզի հանկարծ այնպես չստացվի, որ այլ դատարանի հերթապահության խնդիր լինի»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:51 - 25 սեպտեմբերի, 2020
Քաղաքական հաշվեհարդար է այն, ինչ այսօր կատարվում է Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ-ի հետ. իշխանությունն անցել է բոլոր կարմիր գծերը. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

Քաղաքական հաշվեհարդար է այն, ինչ այսօր կատարվում է Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ-ի հետ. իշխանությունն անցել է բոլոր կարմիր գծերը. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am: Այն, ինչ այսօր կատարվում է Գագիկ Ծառուկյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, միանշանակ քաղաքական հաշվեհարդար է, այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Այս մասին Կենտրոն և Նոր-Նորքի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, որտեղ քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:«Աբսուրդ է Գագիկ Ծառուկյանի հնարավոր կալանավորումը, և ես մտածում եմ՝ այս դատավորը (գործով դատավորը Մնացական Մարտիրոսյանն է) պատահաբար չի ընտրվել, նա նույն դատավորն է, որ 2010-ին Նիկոլ Փաշինյանին 7 տարի ազատազրկելու դատական որոշում կայացրեց, բայց չեմ ուզում դատավորի ու դատարանի անմեղության կանխավարկածը խախտել: Կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանի փաստաբաններն ունեն այնքան հիմնավոր փաստարկներ, որ այս դատական գործընթացն ընդամենը ֆարս է»,-ասաց նա: Դիտարկմանը, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ԲՀԿ-ն վարկաբեկված ուժ է համարել, Զոհրաբյանն արձագանքեց, որ եթե ինքն ունենար Աղազարյանի կենսագրությունը, ամոթից կլռեր: «Անիմաստ է իշխանություններին անգամ հորդորով դիմելը, որովհետև անցել են բոլոր կարմիր գծերը: Չկա այլևս բարոյականության որևէ գիծ, որ այդ մարդիկ անցած չլինեն»,-նշեց նա: Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, նաև իրեն ու Գևորգ Պետրոսյանին առնչվող քրեական գործեր կհարուցվեն, Նաիրա Զոհրաբյանը նախ ասաց, թե իր հեռախոսը 24 ժամ գաղտնալսվում է, ապա շարունակեց. «Մենք ունենք տեղեկություն, որ ամեն ինչ անում են նաև իմ և Գևորգ Պետրոսյանի նկատմամբ քրեական գործեր հարուցելու, կանչում են մարդկանց, հարցեր տալիս: Ես չեմ բացառում, որ կհարուցեն քրեական գործ: Ես չգիտեմ՝ իրենք ինչ մահապարտներ կարող են գտնել, որ մեր դեմ ցուցմունքներ կտան: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ես և ընտրական կեղծիքը: Ես առանց ավելորդ համեստության կարող եմ ասել՝ եթե ՀՀ անկախության պատմությունից այս կողմ եղել են 15-20 լավագույն պատգամավորներ, դրանցից մեկը ես համարում եմ ինձ»,- ասաց նա:Պատգամավորի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իրավապահների վրա կոնկրետ հանձնարարական կա՝ գտնել, պեղել իրենց մասին տեղեկություններ, մոնտաժել հեռախոսազրույցներ: «Ինձ արդեն ասել են, որ առաջիկայում պատրաստվում են ևս մեկ ձայնագրություն հրապարակել, որտեղ ես իբր վատ եմ արտահայտվել հայ ժողովրդի մասին»,-նշեց նա՝ տեսակետ հայտնելով, թե այս ամենի նպատակն իրենց լռեցնելն է, սակայն արդյունքի չեն հասնի:
12:46 - 25 սեպտեմբերի, 2020
Դատարանում մեկնարկել է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը |armenpress.am|

Դատարանում մեկնարկել է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունը։ Ծառուկյանը ժամանել է դատարան։ Դատարանի շենքի դիմաց հավաքվել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, ինչպես նաև աջակիցները։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, հունիսի 21-ին մերժել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս որոշումը Վերաքննիչ դատարանը բեկանել է և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդություններին: Ավելի վաղ, ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները:
10:36 - 25 սեպտեմբերի, 2020
Բացահայտվել է ազգային անվտանգության մարմինների կրտսեր պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպք

Բացահայտվել է ազգային անվտանգության մարմինների կրտսեր պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ԱԱԾ աշխատակից, ավագ ենթասպա Ա.Թ.-ն, օգտագործելով իր՝ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում ծառայող լինելու հանգամանքը, ներազդելով 6 քաղաքացիների վրա, վերջիններիս մոլորության մեջ գցելով, հավաստիացրել է, որ կարող է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության հաշվառման-քննական ստորաբաժանումներում առանց խոչընդոտների կազմակերպել նրանց կողմից տեսական ու գործնական քննությունները դրական հանձնելու և այդպիսով՝ վարորդական վկայական ստանալու գործընթացը: Ավելին, տեղյակ լինելով վերոնշյալ քաղաքացիներից մեկի՝ ոչ սթափ վարելու և սահմանված արագությունը գերազանցելու համար ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից տուգանվելու արդյունքում մեկ տարով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելու կարգավիճակի մասին՝ նա հավաստիացրել է, որ կարող է երկամսյա ժամկետում կազմակերպել վերջինիս կողմից տրանսպորտային միջոց վարելու իրավունքի զրկման որոշման չեղարկումը։ Սակայն, ի սկզբանե չունենալով նման նպատակ, կաշառք ստանալու պատրվակով 2020 թվականի մարտ ամսվա ընթացքում վերոնշյալ քաղաքացիներից, մեկ միասնական դիտավորությամբ, խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերի՝ 1.295.000 ՀՀ դրամ, ինչի պատճառով նշված անձինք իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել ավարտին հասցնել ճանապարհային ոստիկանության իրավասու պաշտոնատար անձանց կաշառք տալու հանցագործության կատարումը։ Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները և տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են ազգային անվտանգության մարմինների կրտսեր պաշտոն զբաղեցնող ծառայողի նույնաբնույթ այլ գործողությունների արդյունքում, հայտնել իրավապահ մարմիններին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:32 - 24 սեպտեմբերի, 2020
ԱԱԾ-ն հայտնում է Արաբկիրի նախկին թաղապետի կողմից խարդախության դեպքեր բացահայտելու մասին

ԱԱԾ-ն հայտնում է Արաբկիրի նախկին թաղապետի կողմից խարդախության դեպքեր բացահայտելու մասին

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է Երևանի Արաբկիր  վարչական շրջանի նախկին ղեկավարի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրման և խարդախության դեպքեր բացահայտելու մասին:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը 2005-2008 թվականների ընթացքում զբաղեցնող պաշտոնատար անձը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական կեղծիքներ կատարելու միջոցով, խարդախությամբ համայնքի՝ առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ ձեռք է բերել իրավունք, ինչպես նաև ավագանու անդամների հետ նախնական համաձայնությամբ, համայնքի հաշվեկշռում առկա մի շարք անշարժ գույքեր, ձևական աճուրդների կամ ուղղակի վաճառքի միջոցով, շուկայական և կադաստրային արժեքներից անհամեմատ ցածր գներով, օտարել է տարբեր քաղաքացիների, որի արդյունքում համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 300.000.000 ՀՀ դրամի վնաս։ «Մասնավորապես՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի իրավասու պաշտոնատար անձը, համայնքապատկան առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներից ելնելով, նախնական համաձայնության գալով համայնքի ավագանու անդամների հետ և ներազդելով վերջիններիս վրա, համոզելու եղանակով, նրանց դրդել է համապատասխան որոշմամբ թույլատրել համայնքապատկան գույքն օտարել կադաստրային արժեքից անհամեմատ ցածր գնով: Արդյունքում 2006թ. օգոստոս ամսին Արաբկիր թաղային համայնքի ավագանու որոշմամբ թույլատրվել է դասական աճուրդով օտարել Երևանի Մամիկոնյանց փողոցի 3-րդ շենքի, 79քմ. մակերեսով թիվ 60 բնակարանը` մեկնարկային գին սահմանելով 3.350.000 ՀՀ դրամ, որի կադաստրային արժեքը նույն ժամանակահատվածում կազմել է 5.492.500 ՀՀ դրամ: Այնուհետև, նույն պաշտոնատար անձինք, օգտվելով ավագանու որոշմամբ ընձեռնված հնարավորությունից, կազմակերպել են այն աճուրդով օտարելու վերաբերյալ ձևական մրցույթ, որի ընթացքում հիշյալ անշարժ գույքն իբր Ա. Ղ.-ին մեկնարկային գնով օտարելու համար, կազմվել և շրջանառության մեջ են դրվել պաշտոնեական կեղծ փաստաթղթեր: 2006թ. օգոստոսի 31-ին կայացած ձևական աճուրդի ժամանակ նշված անշարժ գույքը, մեկնարկային գնով, օտարվել է աճուրդին փաստացի չմասնակցած Ա. Ղ.-ին։ Այնուհետև, 2006 թվականի հոկտեմբեր ամսին, նույն եղանակով, կազմվել և շրջանառության մեջ է դրվել կեղծ լիազորագիր, որի հիման վրա նշված բնակարանը մոտ 14.440.000 ՀՀ դրամով վաճառվել է Ս. Հ.-ին, ով էլ նույն թվականի նոյեմբեր ամսին անշարժ գույքի հիփոթեքի և առուվաճառքի պայմանագրով, 16.361.930 ՀՀ դրամով, բնակարանն օտարել է Է. Պ.-ին՝ այդ կերպ համայնքապատկան առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ վերջիններս ձեռք են բերել սեփականության իրավունք: Միևնույն ժամանակ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արաբկիր վարչական շրջանի ավագանու 2007թ. մարտի 26-ի որոշմամբ թույլատրվել է Երևան քաղաքի Թբիլիսյան 3/3 հասցեում գտնվող, Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմին սանմաքրման և աղբահանման աշխատանքների կատարման նպատակով անհատույց օգտագործման  իրավունքով տրամադրված 16687քմ. մակերեսով հողատարածքի օտարումը, որի ընթացքում իրավասու պաշտոնատար անձինք, անտեսելով օտարվող անշարժ գույքն ամբողջությամբ  գնահատված չլինելու հանգամանքը, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, համայնքապատկան գույքը զգալիորեն ցածր գնով ձեռք բերելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմել և շրջանառության մեջ են դրել իրավունք վերապահող, բովանդակությամբ ամբողջությամբ կեղծ, գույքի օտարման հանձնաժողովի կողմից կազմված արձանագրություն այն մասին, որ գույքը գնահատվել է ամբողջությամբ (շուկայական արժեքը նշվել է զգալիորեն ցածր՝ 29.800.000 ՀՀ դրամ)։ Արդյունքում, Թբիլիսյան 3/3 հասցեում գտնվող, նշված հողատարածքի վրա գտնվող 2734.6 քմ. մակերեսով շենք-շինություններն ուղղակի վաճառքի ձևով, 29.800.000 ՀՀ դրամով (շենք-շինությունների կադաստրային արժեքը կազմել է 38.220.700 ՀՀ դրամ) օտարվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի իրավասու պաշտոնատար անձի մերձավոր ազգական հանդիսացող հորը` Ե. Շ.-ին, ով վճարելով  հողատարածքի կադաստրային արժեքը դարձել է դրա սեփականատերը, ապա ձեռք բերված գույքը, բաժանելով 2 գույքային միավորների, դրանք վաճառել է համապատասխանաբար 91.800.000 և 340.000.000 ՀՀ դրամով: Միևնույն ժամանակ ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ առկա են նաև Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի իրավասու պաշտոնատար անձի կողմից կոռուպցիոն մեխանիզմի գործադրման արդյունքում համայնքապատկան հողամասերը և գույքը շահադիտական դրդումներից ելնելով կադաստրային արժեքից զգալիորեն ցածր գնով օտարելու այլ դեպքեր, որի հետևանքով Երևան համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքի օտարման դիմաց ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 300.000.000 ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու իրական հնարավորությունից, որը գույքային տեսքով էական վնաս է պատճառել Երևան համայնքի օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ: Այսպիսով՝ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ հեղինակազրկվել են իշխանության մարմինները, առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս է պատճառվել համայնքին, խաթարվել է աճուրդի անցկացման հավասարության և արդարության սկզբունքը, խախտվել են մյուս մասնակիցների իրավունքներն ու օրինական շահերը։ Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:11 - 22 սեպտեմբերի, 2020
Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործով կան մի քանի տասնյակ մեղադրյալներ. ԱԱԾ տնօրեն |armtimes.com|

Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործով կան մի քանի տասնյակ մեղադրյալներ. ԱԱԾ տնօրեն |armtimes.com|

armtimes.com: Ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործով շատ մեծ ծավալի քննություն է իրականացվում. կան մի քանի տասնյակ մեղադրյալներ: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ հավելելով՝ հնարավոր է՝ առաջիկայում գործն ուղարկվի դատարան. «Նմանատիպ գործերի առանձնահատկությունն այն է, որ անընդհատ նոր դրվագներ են ի հայտ գալիս, որոնք լրացուցիչ քննության առարկա են դարձվում»,- ասաց նա: Հարցին, թե ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ այդ քրեական գործը քննվում ԱԱԾ-ում, եթե պաշտոնատար անձանց վերաբերյալ գործերով նախաքննությունը ՀՔԾ-ն է իրականացնում, Արգիշտի Քյարամյանը պատասխանեց, որ դատախազությունը իրավասություն ունի ցանկացած քրեական գործ վերցնել մեկ նախաքննական մարմնից եւ հանձնել մեկ այլ նախաքննական մարմնի: Նա շեշտեց նաեւ, որ դատարանը եւս օրինաչափ է համարել այն հանգամանքը, որ այդ քրեական գործը քննվում է ԱԱԾ-ում: ԱԱԾ տնօրենը բացառեց, որ դա կարող է հավելյալ ճնշում կամ վախի մթնոլորտ ստեղծելու համար արվել: Պատասխանելով Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործի մասին հարցին՝ Քյարամյանն ասաց, որ դրանից մաս է անջատվել, որը գտնվում է դատարանում, ուստի իրենց տիրույթից դուրս է: Հարցին, թե Գագիկ Խաչատրյանի տղան որտե՞ղ է, ԱԱԾ տնօրենը պատասխանեց, որ ինքը իրավասու չէ պատասխանել: Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի երկու որդիներն էլ հետախուզման մեջ են. նրանք որպես մեղադրյալ են ներգրավվել առանձնապես խոշոր չափերով յուրացմանը, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն եւ ծանր հետևանքների զուգորդմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը օժանդակելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:
11:29 - 21 սեպտեմբերի, 2020
Արթուր Վանեցյանը թող մտածի այն մասին, որ իր պաշտոնավարման ժամանակ գաղտնալսել են պաշտոնյաների. ԱԱԾ տնօրեն |armtimes.com|

Արթուր Վանեցյանը թող մտածի այն մասին, որ իր պաշտոնավարման ժամանակ գաղտնալսել են պաշտոնյաների. ԱԱԾ տնօրեն |armtimes.com|

armtimes.com: Արթուր Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում, Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության եւ վարչապետի հեռախոսազրույցները ձայնագրել եւ գաղտնալսել են: Այս մասին այսօր, Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ խոսելով Արթուր Վանեցյանի հայտարարության մասին, թե իր նշանակումն արդեն իսկ ազգային անվտանգության սպառնալիք է: Թե որքանով Վանեցյանը կապ ունի այդ ձայնագրությունների հետ, Քյարամյանը հստակ չպատասխանեց՝ հայտնելով միայն, որ քննություն է տարվում Քննչական կոմիտեի համապատասխան բաժնում, կան նախաքննական գաղտնիքներ, որոնք ինքը հրապարակել չի կարող:  ԱԱԾ տնօրենը չբացառեց, որ հնարավոր է՝ որեւէ ժամանակահատվածում իր հեռախոսսազրույցները եւս գաղտնալսվեն: «Որեւէ մեկը երաշխավորված չէ, քանի որ այսօր տեխնիկական հնարավորությունները բավականին զարգացած են եւ կան մարդիկ ու կազմակերպություններ, որոնք կարող են իրականացնել այդ գործընթացը»,-հայտնեց նա:
10:51 - 21 սեպտեմբերի, 2020
«Դոսյե»-ի հետազոտությանը ԱԱԾ-ն քրեաիրավական գնահատական է տալու. Արգիշտի Քյարամյան |armtimes.com|

«Դոսյե»-ի հետազոտությանը ԱԱԾ-ն քրեաիրավական գնահատական է տալու. Արգիշտի Քյարամյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Անկախության տոնի առթիվ Եռաբլուր են ժամանել ՀՀ բարձրագույն ղեկավարությունը՝ նախարարներ, կառավարության այլ անդամներ, պատգամավորներ, ԱԱԾ եւ ոստիկանության ղեկավարներ: Լրագրողները ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվեցին մի քանի հարցերի մասին: Վերջինս, նախ շնորհավորեց բոլորին՝ Անկախության տոնի առթիվ՝ ցանկանալով, որ Հայաստանում անկախությունն ու ինքնիշխանությունը հարատեւ լինի: Թե ինչ փոփոխություններ են եղել իր նշանակումից հետո ԱԱԾ-ում, Արգիշտի Քյարամյանը նշեց, որ այդ մասին ինքը չէ, որ պետք է խոսի: Խոսելով ռուսական «Դոսյե» հետազոտական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների մասին, որտեղ շրջանառվում էին ԱԱԾ նախկին ղեկավարների անունները, Քյարամյանը հայտնեց, որ այդ հոդվածն ամբողջությամբ արդեն հանցագործության մասին հաղորդում է եւ իրենց կառույցն էլ, բնականաբար, քրեաիրավական գնահատական է տալու, սկսվել է գործընթաց, որի մասին ինքը մանրամասնել չի կարող:
10:33 - 21 սեպտեմբերի, 2020
ՍԱՏՄ պաշտոնյաների թույլ տված կոռուպցիոն դեպքի առթիվ քրգործի նախաքննությունն ավարտվել է. ԱԱԾ

ՍԱՏՄ պաշտոնյաների թույլ տված կոռուպցիոն դեպքի առթիվ քրգործի նախաքննությունն ավարտվել է. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ավարտվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված համակարգային կոռուպցիոն դեպքի հետ կապված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը այս մասին հաղորդագրություն է տարածել: «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության, այնուհետև 2018 թվականին արդեն անվանափոխված Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Մ.-ն իր ենթակայության տակ աշխատող թվով 6 գլխավոր մասնագետ-տեսուչների հետ նախնական համաձայնությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ էական վնաս պատճառելով պետության շահերին: Նրանք Շիրակի մարզի վարչական տարածքում գործող՝ սննդամթերքի անվտանգության բնագավառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ թույլ տված մի շարք ձեռնարկատերերի օգտին դրսևորել են ակնհայտ ապօրինի անգործություն. այն է՝ թույլ տված խախտումները չարձանագրելու, ինչպես նաև մի շարք ընկերություններում օրենքով սահմանված կարգով ստուգումներ չիրականացնելու համար, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց միջոցով, 2017թ. հոկտեմբեր ամսից մինչև 2019թ. փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում մարզի տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտներից և Արթիկի թիվ 4 մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատարից պահանջել են առանձնապես խոշոր չափի 1.202.592 (մեկ միլիոն երկու հարյուր երկու հազար հինգ հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ կաշառք: Այնուհետև կատարված սակարկումներից հետո ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 1.132.592 (մեկ միլիոն հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր իննսուներկու) ՀՀ դրամին համարժեք կաշառքի գումարներ։ Նկարագրված արարքը կատարելու համար, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում, վարույթն իրականացնող մարմնի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու, ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնատար անձանց տարբեր չափերով կաշառք տալու մեղադրանքներով քրեական հետապնդումներ են հարուցվել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի, նույն կենտրոնի 6 գլխավոր մասնագետ-տեսուչների, ինչպես նաև 14 տնտեսվարողների նկատմամբ: Հարկ է նշել, որ նախաքննության ընթացքում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 9100 ԱՄՆ դոլար և 100 եվրո գումար, որի վրա նախաքննական մարմնի որոշմամբ դրվել է կալանք՝ քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար: Հաշվի առնելով համապատասխան իրավապայմանների առկայությունը, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի համաձայնության առկայության պայմաններում, վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել մեղադրյալների պաշտոնավարությունը  ժամանակավոր դադարեցնելու մասին: 2020 թվականի սեպտեմբերի 16-ին քրեական գործը, հիշատակված 21 անձանց մասով մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:11 - 18 սեպտեմբերի, 2020
ԱԱԾ-ում ավարտվել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը և ուղարկվել դատարան

ԱԱԾ-ում ավարտվել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը և ուղարկվել դատարան

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը, 2019-2020 թվականների ընթացքում, շահադիտական դրդումներից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, թվով 5 անձանց  հրամանագրել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի հնոցապանի, համակարգչային օպերատորի, էլեկտրագետի, սպասարկողի, ցրիչի հաստիքներում և հաստատապես տեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին՝ կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, աշխատակազմի աշխատողներին հաշվարկված և վճարված աշխատավարձերի փաստաթղթեր, միանվագ պարգևատրման մասին հրամաններ: Այնուհետև բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է  վճարման, որի արդյունքում պետական բյուջեից, չաշխատած օրերի դիմաց, վերջիններիս անվամբ անհիմն դուրս է գրվել առանձնապես խոշոր չափերով՝ 7.348.576 ՀՀ դրամ: Ավելին՝ Գ. Ժ.-ի և Վ.Վ.-ի աշխատավարձի վճարման բանկային քարտերը փաստացի գտնվել են աշխատակազմի ղեկավարի տրամադրության տակ և նա վերջիններիս անվամբ փոխանցված ընդհանուր՝ 3.638.425 դրամը, անձամբ, տարբեր բանկոմատներից կանխիկացրել և ծախսել է իր անձնական կարիքների համար, իսկ մնացած՝ 3.710.151 դրամ գումարը տնօրինվել է Կ. Գ.-ի, Ե. Մ.-ի և Ա. Կ.-ի կողմից։ Նկարագրված արարքը կատարելու համար 2020 թվականի հուլիսի 29-ին ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրյալ և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Առաջադրված մեղադրանքում ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարն իրեն մեղավոր է ճանաչել լիովին և տվել խոստովանական ցուցմունքներ՝ ամբողջությամբ հատուցելով նաև պետությանը պատճառված վնասը: Միևնույն ժամանակ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի  համաձայնության առկայության պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում՝ մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Նախաքննության ընթացքում միջնորդագիր է ուղարկվել ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարին՝ ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմում նույնաբնույթ խախտումները վերացնելու, դրանց պատճառները պարզելու և խախտումներ թույլ տրված անձանց նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու առաջարկությամբ: 2020 թվականի սեպտեմբերի 14-ին քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու նպատակով։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:11 - 15 սեպտեմբերի, 2020