Կորոնավիրուս

Փոփոխություններ են կատարվել Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար

Փոփոխություններ են կատարվել Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վրաստանի կառավարության մարտի 2-ի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու և կորոնավիրուսային նոր դեպքերին արագ արձագանքելու գործողությունների ծրագրերում:Փոփոխությունները ներառում են նաև կորոնավիրուսի վարակվածության բարձր ռիսկայնություն ունեցող երկրներից Վրաստանի տարածքով սահմանային մի անցակետից մինչև մեկ այլ սահմանային անցակետ տարանցիկ անցնող բեռնատար փոխադրամիջոցների ուղեկցում՝ ուղեկցողի առկայություն (իրենց անձնակազմի հետ միասին)։Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես ռիսկային գոտի ճանաչված տարածքներում գտնված տրանսպորտային միջոցների վարորդները փոխարինվում են այլ ֆիզիկական անձով, ով չի պատկանում ռիսկային խմբին։Մաքսային ծառայության լիազորված աշխատակցի հսկողության ներքո իրականացվում է տրանսպորտային միջոցի ամբողջական ախտահանում, իսկ բեռնատար փոխադրամիջոցի վարորդը (օտարերկրյա քաղաքացին), ով վարել է մեքենան սահմանը հատելիս, հետ է ուղարկվում կամ կլինիկական վիճակով պայմանավորված ենթարկվում է կարանտինի/ տեղափոխվում է բժշկական հաստատություն։Այժմ համապատասխան աշխատանքներ են իրականացվում տեխնիկական լուծումների ուղղությամբ՝ վերոնշյալ որոշման իրականացումն ապահովելու նպատակով»։
17:22 - 04 մարտի, 2020
Ֆեյսբուքն անվճար գովազդ կտրամադրի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը

Ֆեյսբուքն անվճար գովազդ կտրամադրի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը

Երեքշաբթի օրը Ֆեյսբուքի տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ընկերությունն անվճար գովազդ կտրամադրի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որ օգտատերերը խուսափեն վիրուսի մասին տարածվող ապատեղեկատվությունից և ստանանան ճշգրիտ տեղեկություններ՝  առկա ռիսկերի ու անհրաժեշտ կանխարգելիչ գործողությունների մասին։ «Մենք ԱՀԿ-ին տրամադրում ենք այնքան անվճար գովազդ, ինչքան որ անհրաժեշտ կլինի»,- ասել է Ցուկերբերգը՝ ավելացնելով, որ օգտատերերը կտեսնեն ծանուցումներ, որոնք իրենց կուղղորդեն ԱՀԿ, համապատասխան տեղական գերատեսչության կայք կամ տեղեկության պաշտոնական աղբյուր։ Նույն նպատակով Ֆեյբուքը կհամագործակցի նաև առողջապահության ոլորտի միջազգային փորձագետների հետ և կտրամադրի անվճար գովազդ ոլորտային նաև այլ կազմակերպությունների։   Աղբյուր՝ reuters.com:
15:25 - 04 մարտի, 2020
ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետը տեղակայվել է իրեն հատկացված նոր տարածքում

ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետը տեղակայվել է իրեն հատկացված նոր տարածքում

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատանքային պայմանները բարելավվել են։ ԱԱՏՄ-ն Մեղրիի մաքսակետում արդեն իր առանձին տարածքն ունի՝ իր կանոնադրական գործառույթներն առավել պատշաճ մակարդակով իրականացնելու համար։ Այստեղ ապահովված են աշխատանքային հարմար պայմաններ, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաննների դեպքում անձին մեկուսացնելու նոր հատված։Նախկինում ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետն իր հիմնական աշխատանքներն իրականացնում էր մեկ սեղանի շուրջ։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի եւ վերջինիս տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի հետեւողական աջակցության շնորհիվ՝ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի հետ համատեղ քայլերի արդյունքում ՀՀ սահմանը հատող անձանց հանդեպ բժշկասանիտարական վերահսկողական աշխատանքներին նոր որակ է հաղորդվում։
12:45 - 04 մարտի, 2020
Վրաստանում վերջին օրերին կորոնավիրուսի նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել․ Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարարի հետ

Վրաստանում վերջին օրերին կորոնավիրուսի նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել․ Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարարի հետ

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ` քննարկելու մեր երկու երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Նախարար Տիկարաձեն ինձ հայտնեց, որ Վրաստանում ախտորոշված պացիենտները երեքն են և վերջին օրերին նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել: Նրանք երեքն էլ, մեր պացիենտի նման, իրենց լավ են զգում և չունեն որևէ գանգատ: Ես նույնպես ներկայացրեցի մեր երկրում եղած իրավիճակը և իրականացվող միջոցառումները: Հաջողություն մաղթելով մեր եղբայրական վրաց ժողովրդին այս իրավիճակը հաղթահարելու գործում, մենք պայմանավորվեցինք այսուհետ ևս պահել օպերատիվ երկկողմանի կապը թե՛ նախարարների և թե՛ երկու գերատեսչությունների միջև, որպեսզի մեր գործողությունները լինեն առավելագույնս համահունչ մեկը մյուսին և արդյունավետ: Հ.Գ. մեր պացիենտը և ժամանակավորապես հատուկ պայմաններում բնակվող մեր քաղաքացիները իրենց լավ են զգում»
11:58 - 04 մարտի, 2020
Ամսական 89 մլն դիմակ. ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարում դիմակների անհրաժեշտ քանակը |tert.am|

Ամսական 89 մլն դիմակ. ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարում դիմակների անհրաժեշտ քանակը |tert.am|

tert.am: Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ամեն ամիս անհրաժեշտ է մոտ 89 միլիոն բժշկական դիմակ, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: «Ամեն ամիս COVID-19-ից պաշտպանվելու համար մոտ 89 միլիոն բժշկական դիմակ, 76 միլիոն ձեռնոց և 1,6 միլիոն պաշտպանիչ ակնոց անհրաժեշտ կլինի»,- նշել է Գեբրեյեսուսը:Նա անհանգստություն է հայտնել այն առնչությամբ, որ ստեղծված իրարանցման հետևանքով որոշ երկրներում հնարավոր չէ պաշտպանիչ դիմակներ գնել: Գեբրեյեսուսը նշել է, որ պահանջարկի մեծացմանը զուգահեռ բարձրացել են նաև գները: Միջինում բժշկական դիմակների արժեքը ավելացել է վեց անգամ, խալաթներինը՝ երկու անգամ, իսկ ռեսպիրատորներինը` 3 անգամ:«Ձեռնոցները, բժշկական դիմակները, ռեսպիրատորները, պաշտպանիչ դիմակները, խալաթները և գոգնոցներն արդեն առողջապահության աշխատակիցների համար չեն բավականացնում»,- նշել է ԱՀԿ նախարարը:Չինաստանի սահմաններից դուրս 48 երկրներից հայտարարել են վարակման 1848 դեպքի մասին, որից 80 տոկոսը Հարավային Կորեսայից, Իրանի Իսլամական Հանրապետությունց և Իտալիայից են:
11:14 - 04 մարտի, 2020
Համաշխարհային բանկը 12 մլրդ դոլար շտապ օգնություն կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարին |armenpress.am|

Համաշխարհային բանկը 12 մլրդ դոլար շտապ օգնություն կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարին |armenpress.am|

armenpress.am: Համաշխարհային բանկը ոոշում Է ընդունել 12 մլրդ դոլար անհետաձգելի օգնություն հատկացնել նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարին: Այդ մասին ասված Է ՀԲ-ի՝ մարտի 3-ին տարածված հայտարարության մեջ:«Քանի որ COVID-19-ն ընդգրկել Է ավելի քան 60 երկիր, Համաշխարհային բանկը կապահովի մինչեւ 12 մլրդ դոլարի չափով սկզբնական փաթեթից օգտվելու հնարավորություն՝ որպես անհետաձգելի օգնություն հիվանդության գլոբալ բռնկման բժշկական ու տնտեսական հետեւանքների հաղթահարման գործում, նշվում Է փաստաթղթում:- Այդ ֆինասնավորումը կոչված Է օգնել անդամ պետություններին՝ արդյունավետ միջոցներ ձեռնարկել COVID-19-ի ողբերգական հետեւանքներին հակազդելու համար»:Կազմակերպությունում պարզաբանել են, որ միջոցները կօգտագործվեն «առողջապահության համակարգերի ամրապնդման գործում, այդ թվում՝ բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնման հարցում զարգացող երկրներին օգնություն ցուցաբերելու համար»: Խոսքը վերաբերում Է ֆինանսական փաթեթի, որը ցածր ու միջին եկամուտներ ունեցող պետություններին կապահովի դրամաշնորհներով եւ ցածր տոկոսով վարկերով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:26 - 04 մարտի, 2020
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցավ 93 հազարը, 3,2 հազար մարդ մահացել է, 51 հազարը՝ բուժվել |azatutyun.am|

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցավ 93 հազարը, 3,2 հազար մարդ մահացել է, 51 հազարը՝ բուժվել |azatutyun.am|

azatutyun.am: Նոր կորոնավիրուսի տարածումը Չինաստանում դանդաղում է և տեղափոխվում արևմուտք՝ Մերձավոր Արևելք, Եվրոպա և Միացյալ Նահանգներ: Վարակի ակտիվ օջախներ են գործում Հարավային Կորեայում, Իրանում, Իտալիայում և Ճապոնիայում: Իրանը երեկ հաղորդեց հաստատված 2 հազար 336 դեպքի և 77 զոհի մասին: Վարակված են Իրանի 23 խորհրդարանականներ, արտակարգ իրավիճակների ծառայությունների ղեկավարը: Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ժամանակավորապես ազատ են արձակում տասնյակ հազարավոր բանտարկյալների՝ փորձելով կանխել կորոնավիրուսի տարածումը: Իտալիայում զոհերի թիվն աճել է՝ հասնելով 79-ի: Հարավային Կորեայում, վերջին տվյալներով, հաղորդվում է 5 հազար 328 դեպքի մասին: Ուկրաինան և Մարոկոն երեկ հայտնեցին վարակի առաջին դեպքերի մասին: Կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել Իսպանիայում: Ամբողջ աշխարհում ավելի քան 93 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, 3 հազար 203 մարդ մահացել է: Չինաստանին բաժին է ընկնում նրանց 95 տոկոսը: Վարակվածներից մոտ 51 հազարն արդեն բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից, տվյալ պահին վարակակիրների թիվն աշխարհում 39 հազար է, որից 27,5 հազարը՝ միայն Չինաստանում։ ԱՄՆ-ում մահվան դեպքերի թիվը հասել է 9-ի, ավելի քան 100 մարդ վարակված է առնվազն 15 նահանգում: Մահացության դեպքերը գրանցվել են Սիեթլում և Վաշինգտոնում: Միացյալ Նահնագների Դաշնային պահուստային համակարգն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` կորոնավիրուսի բռնկման ռիսկերի ֆոնին տնտեսությունը խթանելու համար: Հայաստանում այս պահի դրությամբ կա վարակի հաստատված միայն մեկ դեպք՝ վիրուսը հայտնաբերվել է փետրվարի 28-ին Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ։
10:17 - 04 մարտի, 2020
Որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես նվազեցնել իրենց չվերթերի հաճախականությունը

Որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես նվազեցնել իրենց չվերթերի հաճախականությունը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Հարգելի քաղաքացիներ,Հաշվի առնելով ամբողջ աշխարհում COVID-19 տեսակի կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքները, տարբեր երկրների կողմից սահմանված ուղևորների տեղաշարժի սահմանափակումներն ու ուղևորահոսքի մակարդակի նվազմանն առնչվող կոմերցիոն խնդիրները՝ որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես նվազեցնել իրենց չվերթերի հաճախականությունը, ինչպես նաև ժամանակավորապես չեղարկել որոշ ուղղությունների սպասարկումը:Ավիաընկերություններն ուղևորներին տեղեկացրել և շարունակում են տեղեկացնել չվերթերի նվազեցման և փոխհատուցման մասին էլէկտրոնային փոստի և SMS հաղորդագրությունների միջոցով։ Անհրաժեշտ է պարբերաբար ստուգել ձեր էլեկտրոնային փոստերը։Նշենք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործառույթն է ապահովել թռիչքային անվտանգությունը, իսկ չվերթերի հաճախականության նվազեցման, տոմսերի փոխհատուցման կամ վերադարձի համար անհրաժեշտ է կապ հաստատել ավիաընկերությունների հետ։Հարգանքներով,Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»։
09:17 - 04 մարտի, 2020
Այսօր կեսօրին վայրեջք կատարած Միլան-Երևան չվերթի բոլոր՝ 69 ուղևորները ստուգվել են. բժիշկ-համաճարակաբան |azatutyun.am|

Այսօր կեսօրին վայրեջք կատարած Միլան-Երևան չվերթի բոլոր՝ 69 ուղևորները ստուգվել են. բժիշկ-համաճարակաբան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանում կորոնավիրուսի վարակի ախտորոշմամբ միակ պացիենտի վիճակը լավ է, նա ջերմություն չունի։ «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացված քաղաքացիներն էլ գանգատներ չունեն: «Մեր մյուս 31 քաղաքացիները, որոնք հատուկ պայմաններում են բնակվում այս օրերին, նույնպես իրենց լավ են զգում: Հյուրանոցում մեկուսացվածները ևս 12 օր կմնան Ծաղկաձորում, կորոնավիրուսի թեստ կանցնեն երկու անգամ, եթե այդ թեստերն էլ բացասական լինեն, նրանց կճանապարհենք տուն»,- այս մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Այս պահին փետրվարի 28-ի Թեհրանի չվերթով Երևան եկած քաղաքացին մնում է կորոնավիրուսի միակ վարակակիրը։ «Զվարթնոց» օդանավակայանում խիստ հսկողության տակ են հատկապես Հռոմի և Միլանի չվերթները: «Մարտի 3-ի կեսօրին վայրեջք կատարած Միլան-Երևան չվերթի բոլոր՝ 69 ուղևորները ստուգվել են»,- տեղեկացրեց «Զվարթնոցի» սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանը։ Միլանից Երևան եկած մեկ ուղևոր հոսպիտալացվել է, քանի որ մի քանի օր առաջ շնչառական վարակի նշաններ է ունեցել. - «Ուղևորներից մեկը նշել է նախորդ օրը առողջական որոշակի խնդիրներ, այդ պատճառով հոսպիտալացրել ենք՝ լաբորատոր պայմաններում լրացուցիչ ստուգումներ անցկացնելու նպատակով»: Արդյո՞ք նա թեստավորում կանցնի, Կարապետյանը հայտնեց՝ որոշումը կկայացվի «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում: Արսեն Թորոսյանը հոսպիտալացված այս ուղևորին առաջարկում է չառանձնացնել. - «Նա միակ քաղաքացին չէ, որ այս պահին գտնվում է մեր ինֆեկցիոն հիվանդանոցում, բազմաթիվ քաղաքացիներ են գտնվում, որոնք սպասում են իրենց պատասխանին»: Ըստ նախարարի՝ թեստավորումն ընթացիկ գործ է՝ 135 քաղաքացի արդեն թեստավորվել է, ու մեկ բացառությամբ մյուսների մոտ կորոնավիրուսի վարակը բացառվել է։ Միլան-Երևան չվերթով ժամանածները «Զվարթնոցի» ժամանման սրահ էին մտնում հիմնականում դիմակներով: Հրայր Վարդանյանը պատմեց, որ ջերմաչափվել-ստուգվել են, իսկ Իտալիայում չնայած վարակի տարածմանը խուճապ չկա. - «Այստեղ ավելի շատ մասկեքով մարդիկ կան, քան այնտեղ, լուրջ եմ ասում: Պռոստը մենք դրել ենք, որ այստեղ հանկարծ վարակ չբերենք, բայց մենք ստուգված ենք լրիվ»: Մյուս ուղևորներն էլ նույն պատկերն են նկարագրում. - «Խուճապ չկա, մարդիկ աշխատում են, դուրս են գալիս: Իմ ամուսինն այնտեղ տաքսի է քշում և մարդկանց հետ շփվում է, ոչ մի տեսակի վախ, տագնապ չկա»: «Զգուշություն, ձեռքերը լվանալ, ինչպես ասում են, հեռավորություն, ոչ մի բան չկա», - պատմեց ժամանածներից մեկը: Մյուսն էլ հավելեց. - «Այստեղ ավելի խուճապ է, սաղ լուրջ դեմքերով լուրջ գործի վրա են»: Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ երկընտրանքի առաջ են՝ էժան տոմսեր են գնել ու չգիտեն մեկնել Իտալիա, թե ոչ. տեսակետները տարբեր են. - «Խուճապ չկար, բայց գնալն ամեն մեկի ընտրությունն է»: Մեկ այլ ժամանած էլ նշեց. - «Ավելի լավ է՝ չգնան»: Ի դեպ, վարակի կանխարգելման կանոններից չհամբուրվելու հորդորը «Զվարթնոցում» չէր գործում: Ռիսկային մյուս երկրից՝ Իրանից այս պահին ուղիղ չվերթներ չկան, կառավարությունը ժամանակավորապես ու մասամբ փակել է օդային ու ցամաքային սահմանը մինչև մարտի 10։ Այսօր էլ գործադիրից տեղեկացրին սահմանափակումը ևս երկու շաբաթով՝ մինչև մարտի 24-ը երկարաձգելու մասին։ Բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների համար նախկինում բացառություն էր արվել, նոր որոշմամբ նրանք էլ չեն կարող մուտք գործել Հայաստան: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վարակի հաղթահարման հարցում լավատես է. - «Կարծես թե, ամեն ինչ լավ է լինելու, որովհետև առավոտյան արթնացա ու տեսա՝ ինչ լավ եղանակ ունենք»: Լավատեսության աղբյուրը գարունն է, տաք եղանակի շնորհիվ շնչառական վարակները նահանջում են, վիրուսները՝ ոչնչանում:
08:57 - 04 մարտի, 2020
ԱՀԿ գլխավոր տնօրենը՝ կորոնավիրուսից մահացության մակարդակի մասին |news.am|

ԱՀԿ գլխավոր տնօրենը՝ կորոնավիրուսից մահացության մակարդակի մասին |news.am|

news.am: Նոր կորոնավիրուսից վարակվածների թվում մահացածները 3,4 տոկոս են կազմում, ինչը զգալիորեն բարձր է սեզոնային գրիպից մահացությունից, որը կազմում է 1 տոկոս։ Այս մասին այսօր հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Գլոբալ մակարդակով COVID-19-ով հիվանդացածների մոտ 3,4 տոկոսը մահացել է։ Համեմատելու համար՝ սեզոնային գրիպի հետեւանքով հիմնականում մահանում է 1 տոկոսից էլ քիչ վարակված»,- ասել է նա։ Նրա խոսքերով՝ COVID-19-ը, ինչպես եւ գրիպը, արդյունավետորեն չի տարածվում։ Գրիպի դեպքում հատուկ վտանգավորություն են ներկայացնում վիրուսակիրները, որոնք դեռեւս չեն հիվանդացել։ Նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն այլ է։ Բացի այդ, COVID-19-ով հիվանդացածների միայն 1 տոկոսը չունի հիվանդության ախտանշաններ, կամ դրանք երկու օրվա ընթացքում են ի հայտ գալիս։ Մարդկանց մոտ նաեւ դեռեւս իմունիտետ չի արտադրվել նոր կորոնավիրուսի հանդեպ, այդ պատճառով այն հաճախ զարգանում է ավելի լուրջ ձեւերով՝ ի տարբերություն գրիպի։ «Այս տարբերությունները նշանակում են, որ մենք չենք կարող COVID-19-ը բուժել նույն կերպ, ինչպես գրիպը։ Սակայն գոյություն ունեն շատ նման բաներ»,- ընդգծել է ԱՀԿ գլխավոր տնօրենը։ ԱՀԿ գնահատականներով՝ աշխարհում COVID-1-ի տարածմանը դիմակայելու համար ամեն ամիս կպահանջվի 89 միլիոն պաշտպանական դիմակ, 76 միլիոն զույգ ձեռնոց եւ 1,6 միլիոն ակնոց։ Գեբրեյեսուսը նշել է, որ COVID-19-ով վարակման նոր դեպքերի թիվը Չինաստանում շարունակում է նվազել։ «Ընդհանուր ամբողջ աշխարհում հաշվվում է 90 893 դեպք եւ 3110 մահ։ Վերջին 24 ժամերին Չինաստանը հայտնել է վարակման 129 նոր դեպքի մասին։ Սա ամենացածր ցուցանիշն է հունվարի 20-ից հետո»,- գլխավոր տնօրենին մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ Նախօրեին ԱՀԿ-ն խոստովանել էր, որ չի հանդիպել այսպիսի վիրուսի, այն նման չէ բոլոր մնացածներին, սակայն նշվել էր, որ համաճարակը կարելի է բացառել, եթե բոլոր երկրները համապատասխան միջոցներ ձեռնարկեն։ «Սա մինչ այժմ չտեսնված վիրուս է, այն ունի յուրահատկություններ, որոնց հետ մենք նախկինում գործ չենք ունեցել։ Մենք չգիտենք, թե ուր շարժվել հետագայում։ Մենք չենք հանդիպել երբեւէ շնչառական պաթոգենի հետ, որը կարող է այսպես արագ տարածվել եւ ունենալ այսքան երկար ինկուբացիոն շրջան։ Մենք հուսով ենք, որ զանգվածային հիվանդացության տարածումը, այնուամենայնիվ, դեռեւս կարելի է կանխել»,- ասել է Գեբրեյեսուսը։
22:12 - 03 մարտի, 2020
Ուկրաինայում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը |azatutyun.am|

Ուկրաինայում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Այդ մասին հայտնել է երկրի գլխավոր սանիտարական բժիշկ Վիկտոր Լյաշկոն: «Երեկ ասել էի, որ ունենք չորս պացիենտ կորոնավիրուսի կասկածով, այսօր նրանցից մեկի դեպքում դա հաստատվել է»,- հայտնել է Ուկրաինայի գլխավոր սանիտարական բժիշկը: Նրա փոխանցմամբ, խոսքը Չերնովցի ավանի բնակիչներից մեկի մասին է, ով մեքենայով Ուկրաինա է ժամանել Ռումինիայից, որտեղ Իտալիայից օդանավով է հասել: «Տղամարդը հոսպիտալացվել է: Նրա հետ շփումներ ունեցողների թիվը մեծ չէ, հիմա բոլորն ինքնամեկուսացման պայմաններում են», - ասել է Լյաշկոն: Նա հայտնել է, որ Ուկրաինան Ռումինիայի հետ տեղեկություններ է փոխանակում, ինչը թույլ կտա պարզել այդ օդանավով ժամանած բոլոր ուղևորների ինքնությունը և համապատասխան բժշկական ստուգումներ անցկացնել:
15:37 - 03 մարտի, 2020
Արսեն Թորոսյանն ու Իրանի դեսպանը քննարկել են նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը

Արսեն Թորոսյանն ու Իրանի դեսպանը քննարկել են նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին: Վերջիններս քննարկել են նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և ընթացիկ աշխատանքները` վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ: Արսեն Թորոսյանը նախ շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ապա անցել հանդիպման բուն թեմային: Նախարարը ներկայացրել է, թե ինչ գործողություններ են իրականացվում Հայաստանում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և ներկայացրել 2 շաբաթվա ընթացքում այն փորձը, որն Իրանը ձեռք է բերել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում: Ըստ դեսպանի` Իրանում բժշկական մեծ թիմ է ձևավորվել, որի հիմնական գործառույթը վիրուսի տարածման կանխարգելումն է, ինչպես նաև «թեժ գիծն» աշխատում է 24 ժամյա ռեժիմով: Աբաս Բադախշան Զոհուրին ներկայացրել է թարմ տվյալներ, ըստ որի` Իրանում նոր կորոնավիրուսի մուտք գործելուց հետո 7280 քաղաքացի դիմել է հիվանդանոց, որոնցից 4312-ը թեստավորվել են: Մինչև մարտի 2-ի կեսօրը Իրանում ախտորոշվել է կորոնավիրուսի 1501 դեպք, 291-ը ապաքինվել է: Արձանագրվել է մահվան 66 դեպք: «Մեր երկրի փորձը ցույց է տվել, որ պետք է ավելի ուժեղացնել կանխարգելման գործողությունները քան բուժման, և սա կարևոր է Հայաստանի համար ևս, քանի դեռ խնդիրը չի խորացել», – ասել է Աբաս Բադախշան Զոհուրին: Քննարկվել է նաև նոր կորոնիվիրուսի մասին կեղծ տեղեկատվության տարածումը և ճշգրիտ տեղեկության մատակարարման կարևորությունը: Նախարարն ընդգծել է, ստուգված տեղեկությունները կարևոր են խուճապային տրամադրությունների դեմ պայքարի գործում: Արսեն Թորոսյանն ու Աբաս Բադախշան Զոհուրին պայմանավորվել են ուղիղ  կապ հաստատել Իրանի առողջապահության նախարարի հետ: «Հույս ունեմ, որ առաջիկայում ամեն ինչ կկարգավորվի և կյանքը կշարունակվի բնականոն հունով», – ասել է նախարարը: Արսեն Թորոսյանը պատրաստակամություն է հայտնել մասնագիտական առումով օգտակար լինել Իրանին, դեսպանն էլ իր հերթին առողջություն է մաղթել Հայաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդին և հույս հայտնել, որ այն կլինի միակ և վերջին դեպքը:      
13:40 - 03 մարտի, 2020