ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

ՊԵԿ նախագահը հանդիպել է հագուստ բեռնափոխադրող ընկերությունների հետ

ՊԵԿ նախագահը հանդիպել է հագուստ բեռնափոխադրող ընկերությունների հետ

Պետական եկամուտների կոմիտեում հանդիպում է կայացել հագուստի բեռնափոխադրմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու  վերջին  շրջանում հագուստի ներկրման հետ կապված խնդիրները։ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպման մասնակիցներին կառուցողական երկխոսության կոչ է արել, վստահեցնելով, որ կոմիտեն  բաց է ու պատրաստ՝ առողջ քննարկումների, համագործակցության և առաջարկությունների համար՝ ելնելով ստվերի դեմ սկզբունքային և անզիջում պայքարի դիրքերից։ Նշվել է, որ հարցի վերանայման նպատակով հանդիպումներ, քննարկումներ են եղել տարբեր հարթակներում, որպեսզի լուծումները տնտեսվարողների համար առավել հարմարավետ և ընդունելի լինեն, ինչպես նաև ցածր լինի կիլոգրամի փոխարեն հատով մաքսազերծվող հագուստի արժեքը։ Կոմիտեի ղեկավարը տեղեկացրել է, որ ապրանքների մաքսային արժեքների սահմանման համար ուսումնասիրվել են արտահանող երկրում տվյալ ապրանքների շուկայական արժեքները, ինչպես նաև մոնիտորինգ է իրականացվել տեղական մանրածախ վաճառքի առևտրի կենտրոններում և սահմանվել են հնարավոր նվազագույն գները, որը հնարավոր է վճարված լինի տվյալ ապրանքի համար արտահանվող երկրում։ Ընդ որում, օրենքի պահանջի մասին  բազմիցս իրազեկվել են, սակայն կիրարկումը տևական ժամանակ հետաձգվել է, ներառյալ համավարակի ակտիվ շրջանը։ Կոմիտեն վերլուծել և կանխատեսել է բոլոր հնարավոր ռիսկերը, այդ թվում՝ ապրանքները ԵԱՏՄ տարածքով ներմուծելու ուղիները և դրանց չեզոքացման կամ  հակազդման լուծումները։ Կառույցի  ղեկավարը ընդգծել է, որ վճռական  և հետևողական են լինելու նաև հագուստի մաքսազերծումը սահմանված կարգով լիարժեք իրականացնելու հարցում։ «Այսօր ՊԵԿ-ն իր գործառույթները պետք է կատարի լիարժեք և բացառապես օրենքի շրջանակում, այնինչ ներմուծվող հագուստի քաշով մաքսազերծման նախկին կարգը հակասում է այդ սկզբունքին»,-հայտարարել է Էդվարդ Հովհաննիսյանը։ Հանդիպման ավարտին, համակողմանի քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որպեսզի ի գիտություն ընդունվի մաքսազերծման կարգում օրենքի պահանջների կատարումը։ Բեռնափոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչները համակարծիք են եղել ՊԵԿ-ի ներկայացրած տեսակետներին, նշելով, որ պետք է Կոմիտեի հետ համաքայլ շարունակվի  համագործակցությունը՝ զուգահեռ կառուցողական երկխոսություն և աշխատանք տանելով գործընկերների հետ։
11:34 - 17 սեպտեմբերի, 2020
Էդվարդ Հովհաննիսյանը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Էդվարդ Հովհաննիսյանը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Զոհուրիին: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես, Մեղրիի սահմանային անցման կետի արդիականացման և ընդլայնման ծրագրի իրականացման, այդ նպատակով կնքված վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի, ինչպես նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու շահագործման անհրաժեշտության վերաբերյալ: Կարևորվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման նպատակով կնքված արձանագրության դրույթների իրականացման և երկկողմ ապրանքաշրջանառության աճի ավելացմանն ուղղված քայլերը: Հանդիպմանն ընդգծվել է նաև Իրանի համար Հայաստանի կարևոր դերակատարումը` որպես Եվրասիական տնտեսական միության շուկա մուտքն ապահովող տարանցման ուղի:  Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջև համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները և պայմանավորվածություն ձեռք բերել հետամուտ լինել հետագա փոխգործակցության ամրապնդմանը: ՀՀ ՊԵԿ ղեկավարությունը հավաստիացրել է, որ ՀՀ և ԻԻՀ միջև առևտրային հարաբերությունների զարգացմանն ու ապրանքաշրջանառության խթանմանն ուղղված բոլոր հարցերը գտնվում են ոչ միայն կոմիտեի, այլև ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում, և ՀՀ կողմից գործադրվելու են բոլոր ջանքերը՝ դրանք առավել զարգացնելու ուղղությամբ։ Նշենք, որ Մեղրիի սահմանային անցման կետի արդիա­կանացման և ժամանակակից համակարգերով վերազինման հարցն ընդգրկված է նաև ՀՀ ՊԵԿ 2020-2024 թվականների ռազմավարական զարգացման ծրագրում:
17:22 - 16 սեպտեմբերի, 2020
ՊԵԿ-ը ժողովրդին իշխանության դեմ է հանել. հագուստի և կոշիկի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող տնտեսավարողները բողոքի ակցիա են անում
 |tert.am|

ՊԵԿ-ը ժողովրդին իշխանության դեմ է հանել. հագուստի և կոշիկի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող տնտեսավարողները բողոքի ակցիա են անում |tert.am|

tert.am: Սա բոլոր տնտեսվարողների հարցն է, բոլորը պետք է գան Կառավարության դիմաց, մինչև մեր հարցին լուծում չտան: ՊԵԿ-ի նախագահն ասում է՝ առարկություններ չկան, ճիշտ չէ, այսքան մարդ հավաքված է, որովհետև որոշման վերաբերյալ առարկություններ կան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը: Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են անում հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները։ Նրանք բողոքում են մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց հետևանքով ստիպված են ներկրված ապրանքն ավելի բարձր գնով մաքսազերծել։ Նրանք նշում են, որ այս պարագայում ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդներն այդքան հնարավորություն չունեն։ «Երկու հանդիպում ենք ունեցել, որևէ արդյունք չկա: Ընդհանրապես այս ճգնաժամի պայմաններում որևէ թանկացում չպետք է լիներ, որևէ երկրում այսպիսի բան չի եղել: ՊԵԿ-ը ժողովրդին իշխանության դեմ է հանել, բոլորը վրդովված են»,- ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում։
13:47 - 16 սեպտեմբերի, 2020
Նախատեսվում է իրականացնել խոշոր հարկ վճարողների ռիսկերի կառավարման բիզնես գործընթացների ամբողջական քարտեզագրում․ ՊԵԿ

Նախատեսվում է իրականացնել խոշոր հարկ վճարողների ռիսկերի կառավարման բիզնես գործընթացների ամբողջական քարտեզագրում․ ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ընթացքում ներկայացվել են Համաշխարհային Բանկի կողմից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի շրջանակներում իրականացված «Հարկ վճարող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի 2020թ. ընտրանքային հետազոտության» և «Հետստուգումային հարկային կարգապահության մոնիթորինգի»  արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։ Հետազոտության նպատակն է կատարելագործել ՊԵԿ ռիսկերի կառավարման համակարգը, ինչպես նաև ներդնել հետստուգումային կարգապահության մոնիտորինգի գործիքակազմ` կիրառելով միջազգային լավագույն փորձը: Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել աշխատանքները և առաջին փուլով իրականացնել խոշոր հարկ վճարողների ռիսկերի կառավարման բիզնես գործընթացների ամբողջական քարտեզագրում: Ի դեպ, Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկել է նաև մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը, որի ընթացքում կատարվելու է մաքսային օրենսդրության, վարչարարության տարբեր ուղղությունների, ինչպես նաև մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումների գնահատում: Հիշեցնենք, որ «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագիրն ուղղված է ՊԵԿ կառուցվածքային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների և եկամուտների թիրախավորված հավաքագրման բարելավմանը, ռիսկերի կառավարման և պարտավորությունների կատարման ռազմավարության մշակմանը:
10:58 - 16 սեպտեմբերի, 2020
Գյումրիում բացվել է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը

Գյումրիում բացվել է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը

Գյումրիում սեպտեմբերի 15-ին մեկնարկել են Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքները: Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի գործարկմամբ՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելը կդառնա դյուրին, տնտեսվարողները կօգտվեն ծառայություններից «մեկ պատուհան» սկզբունքով, իսկ «մաքսային մարմին-տնտեսվարող» փոխգործակցությունը տեղափոխվում է նոր և ժամանակակից հարթակ՝ հիմնված արդիականացված ենթակառուցվածքների և ժամանակակից տեխնոլոգիական լուծումների վրա։  Բացման արարողությանը մասնակցում էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Կոմիտեի ղեկավարի դիտարկմամբ՝ կենտրոնի գործարկումը բեկումնային կլինի մաքսային մարմնի հետագա զարգացման և ռազմավարական թիրախային ուղղությունների սահմանման համար։ «Վստահ  եմ, որ այս կենտրոնի գործարկումը նոր թափ է հաղորդելու պետական եկամուտների կոմիտեի մաքսային մարմինների աշխատանքին և բեկումնային է լինելու մաքսային մարմինների հետագա թիրախային ռազմավարական ուղղությունների զարգացման համար: Այսպիսով, արտաքին տնտեսական գործունեության բացմամբ կարող ենք հավաստել,  որ մաքսային մարմին- տնտեսվարող փոխգործակցությունն անցնում է նոր ու ժամանակակից հարթակ՝ հիմնված արդիականացված ենթակառուցվածքների ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումների վրա: Գյումրիում  արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը նշանակալի քայլ է մաքսային  մարմնի բարձր որակ ապահովող, հաճախորդակենտրոն մոդելի ներդրմամբ:  Նախատեսում ենք հետագայում ընդլայնել մատուցվող ծառայությունների շրջանակը՝ հիմնվելով կարիքների ու բիզնես գործընթացների առավելագույն օպտիմալացման վրա »,- նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ առայժմ կենտրոնը կծառայի որպես հյուսիսային մաքսատուն վարչություն՝  իրականացնելով վարչության համապատասխան  գործառույթները և կկենտրոնանա հյուսիսային դարպասներով արտահանումներին վերաբերող մաքսային ձևակերպումների վրա: Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի ստեղծմամբ հնարավորություն է ընձեռվում ապահովել «մեկ հարկի տակ» ծառայությունների մատուցում՝ մի կողմից ապահովել կենտրոնում ԱՏԳ գործառնություններին առնչվող մարմինների ֆիզիկական տեղակայում, մյուս կողմից՝ իրականացնել էլեկտրոնային կառավարման համակարգերի կիրառմամբ ծառայությունների մատուցում։ Նման մոտեցման ներդրմամբ նախատեսվում է ստեղծել սերտ համագործակցության հարթակ մաքսային, թույլատրող փաստաթղթեր տրամադրող և ԱՏԳ գործունեությանն առնչվող պետական այլ մարմինների միջև: Այն հնարավորություն կընձեռի ապահովել սահուն գործընթացներ տնտեսվարողների համար` բացառելով տնտեսվարողի կողմից տարբեր գերատեսչություններ ներկայանալու, փաստաթղթերը և տեղեկատվությունը բազմակի ներկայացնելու անհրաժեշտությունը:
16:00 - 15 սեպտեմբերի, 2020
Ընտրողներին կաշառք տալու և ստանալու, ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ

Ընտրողներին կաշառք տալու և ստանալու, ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող ՀՀ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության որոշ աշխատակիցներ, ստիպողաբար անդամակցելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրված՝ 2012 թվականի մայիսի 6-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման և 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած 6-րդ գումարման ընտրություններին ձայներ են ապահովել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար՝ վերջինիս տրամադրելով կուսակցության օգտին իրենց հորդորով կողմ քվեարկելու պատրաստակամություն հայտնած անձանց մասին տվյալներ: Բացի դրանից՝ նույն ժամանակահատվածում «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության որոշ աշխատակիցներ Արարատի մարզի մի շարք բնակիչների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար տվել են կաշառք, առաջարկել և տրամադրել այլ առավելություններ: Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներն առերևույթ վկայում են ՀՀ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ պարունակող արարքների մասին, 2020 թվականի սեպտեմբերի 10-ին, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման և ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ 154.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով հարուցվել է նոր քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն քննչական ենթակայության հարցը լուծելու համար:
16:53 - 14 սեպտեմբերի, 2020
Աշխատողների թվաքանակի վերաբերյալ Փաշինյանի պնդումները հակասում են վիճակագրական կոմիտեի տվյալներին |fip.am|

Աշխատողների թվաքանակի վերաբերյալ Փաշինյանի պնդումները հակասում են վիճակագրական կոմիտեի տվյալներին |fip.am|

fip.am: Կառավարության սեպտեմբերի 10-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով երկրում սոցիալական վիճակի մասին, հայտարարեց, որ այս տարվա հուլիսին աշխատողների թվաքանակի և միջին աշխատավարձերի գծով գրանցվել է նկատելի աճ։  «Մենք կարող ենք արձանագրել, որ 2020 թ․ հուլիսին, հուլիսի տվյալներն ամենավերջին տվյալներն են, որ մենք ունենք, հանրապետությունում առկա է 613,062 աշխատատեղ։ Խոսքը վճարվող աշխատատեղերի մասին է։ 2019-ի համեմատությամբ դա ավել է 6597 աշխատատեղով՝ 1.1 տոկոսով։ Այսինքն՝ 2020 թ․ օգոստոսին մենք ավելի շատ գրանցված աշխատատեղ ունենք, քան 2019 թ․ օգոստոսին»,- նշեց վարչապետը։ Փաշինյանը անդրադարձավ նաև միջին աշխատավարձերի աճին՝ հայտնելով, որ դրանք աճել են ավելի քան 7 տոկոսով. «Մեկ մարդու միջին աշխատավարձն ավել է 13,841 դրամով կամ 7․14 տոկոսով»։  «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց համեմատել վարչապետի ներկայացրած տվյալները Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած ցուցանիշների հետ։ Պարզվեց, որ դրանք հակասում են իրար։ Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչպես է ստացվել այդ անհամապատասխանությունը։  Աշխատողների թվաքանակի մասին Այսպես, ըստ ԱՎԾ տվյալների՝ այս տարվա հուլիս ամսին հանրապետությունում գրանցված աշխատողների թվաքանակը եղել է 632,410, ինչը մոտ 19,350-ով ավել է Փաշինյանի ներկայացրած ցուցանիշից։ Վարչապետն իր խոսքում աշխատողների այս տարվա թվաքանակը համեմատել էր նախորդ տարվա հետ և հայտարարել, որ այս ցուցանիշը մոտ 6600-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։ Ստացվում է, որ ըստ վարչապետի՝ նախորդ տարվա հուլիսին Հայաստանում գրանցված աշխատողների թվաքանակը եղել է ավելի քան 606,400։ Սակայն այստեղ ևս Նիկոլ Փաշինյանի հրապարակած թվերը չեն համապատասխանում պաշտոնական վիճակագրությանը։ Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2019 թ. հուլիսին երկրում կար մոտ 603 հազար գրանցված աշխատող։ Աշխատողների թվաքանակի վերաբերյալ տվյալների նման տարբերությունը հասկանալու համար կապ հաստատեցինք ԱՎԾ-ի ու Պետական եկամուտների կոմիտեի հետ՝ խնդրելով պարզաբանել այս տարբերության պատճառը։ Ի պատասխան՝ ԱՎԾ-ից Fip.am-ին հայտնեցին, որ վիճկոմիտեն իր ցուցանիշները մշակելիս հիմնվել է ՊԵԿ-ից ստացված տվյալների վրա, և ներկայացված ցուցանիշի հաշվարկման համար հիմք է հանդիսացել հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված աշխատողերի թվաքանակը։ Իսկ ՊԵԿ-ի պարզաբանման համաձայն՝ վարչապետի հրապարակած տվյալները վերաբերում են հուլիսին եկամտային հարկի և սոցիալական վճարների ամսական հաշվարկներով ներկայացված աշխատակիցների թվաքանակին։  Առավել հասկանալի և պատկերավոր բացատրելու համար բերենք մի օրինակ։ Եթե 3 տարբեր տեղերում աշխատող և եկամուտ ստացող աշխատողին ՊԵԿ-ն իր հաշվետվություններում ներկայացնում է որպես 1 աշխատող, ապա վիճակագրական կոմիտեն նույն ցուցանիշը հաշվարկում և հաշվետվություններում ներկայացնում է որպես 3 աշխատող, ինչն էլ հանգեցրել է աշխատատեղերի վերաբերյալ վարչապետի և ԱՎԾ տվյալների անհամապատասխանությանը։   Միջին աշխատավարձի մասին Ինչ վերաբերում է միջին աշխատավարձին, ապա վարչապետի խոսքով՝ այս տարվա հուլիսին միջին աշխատավարձը 2019-ի հուլիսի համեմատ աճել է մոտ 13,800 դրամով կամ 7․1 տոկոսով։ Սա նշանակում է, որ նախորդ տարվա հուլիսին երկրում միջին աշխատավարձը կազմել է 193,850 դրամ, իսկ այս տարվա հուլիսին՝ արդեն 207,700 դրամ։ Սակայն վիճակագրական կոմիտեի տվյալներն այլ են։ Այսպես, նախորդ տարվա հուլիսին միջին աշխատավարձը կազմել է 187,280 դրամ, իսկ այս տարի ավելացել է ընդամենը 4710 դրամով կամ 2․5 տոկոսով՝ դառնալով 191,990 դրամ։ Այստեղ ևս վարչապետի ու Ազգային վիճակագրական ծառայության տվյալները էականորեն տարբերվում են, ինչը հիմք է տալիս պնդելու, որ վարչապետն օգտվում է Պետական եկամուտների կոմիտեից վերցված տվյալներից։ Մինչդեռ ՊԵԿ-ը աշխատավարձերի վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակում, և ԱՎԾ-ն է համարվում դրա հրապարակման միակ պաշտոնական աղբյուրը։  Վարչապետն անտեսո՞ւմ է պաշտոնական վիճակագրությունը Ստացվում է, որ երկու պետական գերատեսչություններ միևնույն ցուցանիշը ստանալու համար օգտվում են միևնույն աղբյուրից, սակայն հաշվարկի մեթոդաբանության փոփոխության պատճառով ստանում տարբեր ցուցանիշներ, ինչը և բերում է վարչապետի հրապարակած տվյալների և պաշտոնական տվյալների հակասության։ Անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ վարչապետը չի ներկայացնում պաշտոնական՝ ԱՎԾ-ի տվյալները, այլ օգտվում է ՊԵԿ-ի տրամադրած ցուցանիշներից։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ կառավարության նիստում վարչապետի կողմից հնչեցված թվերը՝ կապված աշխատողների թվաքանակի և միջին աշխատավարձերի վերաբերյալ, չեն համապատասխանում պաշտոնական վիճակագրությանը, իսկ նման տարբերությունը բացատրվում էր ՊԵԿ-ի և ԱՎԾ-ի՝ նույն տվյալների մշակման մեթոդաբանական տարբերությամբ։ Մինչդեռ վիճակագրական կոմիտեն է փաստացի հանդիսանում պաշտոնական վիճակագրության մշակողը, արտադրողը և տարածողը։  Սևադա Ղազարյան 
17:05 - 11 սեպտեմբերի, 2020
Ես չեմ լսել, որ համավարակի ժամանակ որևէ պետություն հարկային բեռ է ավելացնում. աբսուրդ է այս պահին նման բան անելը. հագուստի և կոշիկի ներկրմամբ զբաղվող տնտեսվարող |tert.am|

Ես չեմ լսել, որ համավարակի ժամանակ որևէ պետություն հարկային բեռ է ավելացնում. աբսուրդ է այս պահին նման բան անելը. հագուստի և կոշիկի ներկրմամբ զբաղվող տնտեսվարող |tert.am|

tert.am: Ես չեմ լսել այնպիսի պետության մասին, որը համավարակի ժամանակ հարկային բեռ է ավելացնում: Աբսուրդ է այս պահին նման բան անելը: Այս մասին կառավարության դիմաց հագուստ ու կոշիկ ներկրող քաղաքացիների բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց մասնակիցներից մեկը: Նա նշեց, թե գրեթե երկու ամիս փակ են եղել առևտրի կենտրոնները, իսկ այս իրավիճակում պարզապես անկարող են մի քանի անգամ ավելի մաքսային վճարում կատարել: Անդրադառնալով տնտեսավարողների և ՊԵԿ փոխնախագահի՝ երեկ կայացած հանդիպմանը՝ ակցիայի մասնակիցները նշեցին, թե թեև մի քանի հարցի վերաբերյալ ընդհանուր հայտարարի են եկել, սակայն իրենց խնդրին ամբողջական լուծում չի տրվել, դրա համար պահանջում են մեկ տարի շարունակել աշխատել նախկին պայմաններով և ներկրվող ապրանքի 1 կգ-ի համար վճարել նախկին չափով: Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց՝ կորոնավիրուսի պայմաններում դժվարություններն ավելացել են, խանութներ են փակվում, աշխատանքը պահելու խնդիր կա: «Պանդեմիայից դուրս չենք եկել, վիճակը շատ ծանր է: Ժամանակ տվեք՝ շնչենք, հետո այդ հարցը քննարկեք: Թող մեկ տարի ժամանակ տան, մտնեն, ստուգեն առևտրի շուկաները, աշխուժությունը ստուգեն, հետո կանչեն փոքր ու միջին ձեռնարկատերերիս, քննարկենք, որոշեն ավելացման չափը»,-ասաց նա:
13:41 - 10 սեպտեմբերի, 2020
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել հագուստի և կոշիկի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողների բողոքի ակցիայի վերաբերյալ

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել հագուստի և կոշիկի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողների բողոքի ակցիայի վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ,  դեռևս նախօրեին՝ մաքսային պահեստում շրջայցի ժամանակ, հանդիպել են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը և Արարատյան մաքսատուն-վարչության  պետ Կարեն Բաբայանը: Հանդիպմանը քննարկվել են տնտեսվարողների բարձրացրած հարցերը, մասնավորապես, գործընթացում ծագող անհարմարությունների և գնային քաղաքականության հետ կապված մտահոգությունները:  Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին առաջարկել է գույքագրել բոլոր խնդիրները, ինչպես նաև ներկայացնել գնային քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ՝ հետագայում համատեղ քննարկելու և աշխատելու նպատակով։  Մոտ 30 րոպե տևած հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տնտեսվարողները կհավաքագրեն բոլոր խնդիրները և հաջորդ օրը՝ Արարատյան մաքսատան ղեկավարության և տնտեսվարողների մասնակցությամբ աշխատանքային հանդիպմանը կքննարկվեն այդ խնդիրները: Սակայն քաղաքացիները քիչ անց տեղեկացրել են, որ հրաժարվում են աշխատանքային հանդիպումից և փոխարենը՝ նախընտրում են բողոքի ակցիա իրականացնել Կառավարության շենքի մոտ։  ՊԵԿ-ը տնտեսվարողներին ևս մեկ անգամ հորդորում է հավաքագրել, ամբողջացնել բոլոր խնդիրները և համատեղ աշխատել հնարավոր լուծումները գտնելու ուղղությամբ։
14:20 - 09 սեպտեմբերի, 2020
Նախկին կառավարություններն ընդառաջում էին փոքր ու միջին բիզնեսներին, իսկ այսօր մաքսային փոփոխությունների պատճառով ապրանքը պետք է 6 անգամ թանկ վաճառենք. բողոքի ակցիա՝ Արարատյան մաքսատան դիմաց. ուղիղ |tert.am|

Նախկին կառավարություններն ընդառաջում էին փոքր ու միջին բիզնեսներին, իսկ այսօր մաքսային փոփոխությունների պատճառով ապրանքը պետք է 6 անգամ թանկ վաճառենք. բողոքի ակցիա՝ Արարատյան մաքսատան դիմաց. ուղիղ |tert.am|

tert.am: Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մանրածախ առևտրով զբաղվող ձեռնարկատերերը, որոնք նշում են, թե ապրանքների մաքսազերծման փոփոխություններ են եղել, որոնց պատճառով իրենք ստիպված կլինեն ներկրվող ապրանքի դիմաց մի քանի անգամ ավելի շատ մաքս վճարել: «Ես տասը տարի ապրանք եմ ներկրում, բոլոր իշխանությունների ժամանակ աշխատել եմ, ամեն մեկն էլ ունեցել է իր թերությունները, բայց այս կարգի անարխիա դեռ ոչ մի անգամ չի եղել»,-այս մասին հայտարարեց ակցիայի մասնակիցներից Լիլիա Մարդոյանը՝ նշելով, թե մինչ այս փոփոխությունները ներկրվող յուրաքանչյուր կգ-ի համար վճարել են մոտավորապես 3,5 դոլար: «Պահանջում ենք վերանայել, գոնե ոնց աշխատել ենք պանդեմիայի պայմաններում, ունենանք այդ արտոնությունները, մինչև այս վիճակից դուրս գանք, տեսնենք՝ ինչ է լինում: Ինքս պատրաստվում եմ լիկվիդացնել իմ խանութը, որովհետև մենք աշխատում ենք առանց եկամուտների, կարելի է ասել՝ մինուս եկամտով»,-նշեց նա: Ակցիայի մասնակիցն ընդգծեց, թե այժմ, երբ պատվերները օնլայն են կատարվում, էլ ավելի է բարդացել աշխատանքը, հստակ չէ՝ ստացվող ապրանքն ինչ որակի կլինի, քանի որ հաճախ լուսանկարներում եղածը չի համապատասխանում իրական ապրանքին, իսկ ներկրողին մաքսային կետում ասել են, թե բեռը չեն կարողանա մաքսազերծել, քանի որ պետք է ներկայացնի ապրանքի որակը: «Ես անձամբ 1 կգ բեռի համար պետք է վճարեմ 11 դոլար, 3,5 անգամ թանկ՝ կախված ապրանքի տեսակից: Համավարակի ընթացքում կանգնած ենք բացարձակ կործանման եզրին: Այլևս աշխատելու ոչ մի տարբերակ չունենք: Ես դժվարությամբ պահպանում եմ իմ աշխատողների աշխատատեղերը, չեմ ուզում թողնել գործազուրկ: Ինձ նման յուրաքանչյուր ներկրող մինիմում 5-10 աշխատատեղ փակելու է, և դա հաստատ ՀՀ-ին ոչ մի օգուտ չի բերելու»,-ասաց նա՝ նշելով, թե համավարակի ընթացքում կանգնած են կործանման եզրին:
14:18 - 09 սեպտեմբերի, 2020
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է Բագրատաշենի մաքսակետում

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է Բագրատաշենի մաքսակետում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Բագրատաշենի մաքսային-կետ բաժին՝ տեղում հետևելու կառույցի աշխատանքներին: Էդվարդ Հովհաննիսյանը Բագրատաշենի մաքսակետում հետաքրքրվել է մաքսային ձևակերպումների  կազմակերպման գործընթացով: Կոմիտեի ղեկավարը հատկապես կարևորել է համավարակի պայմաններում՝ գործառույթները պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունը, տնտեսվարողներին արագ և որակյալ ծառայությունների մատուցումը: Բագրատաշենի մաքսակետում Էդվարդ Հովհաննիսյանը շրջել է մանրակրկիտ զննման մասնաշենքում, ծանոթացել է մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին, հետաքրքրվել հակահամաճարակային կանոնների պահպանմամբ:  Կառույցի պատասխանատուների և աշխատակիցների հետ տեղում քննարկվել են մաքսային ձևակերպումների արդյունավետության բարձրացման հարցեր: Կոմիտեի ղեկավարը հանձնարարել է քաղաքացիներին սպասարկել արագ և որակով՝ բացառելով հնարավոր դժգոհությունները:  
11:31 - 09 սեպտեմբերի, 2020
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխության օրինագծին |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխության օրինագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին: Հանձնաժողովի նիստում կառավարության օրինագիծը ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: «Օրենքի նախագծով նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել ոչ միայն ստուգումների, այլև հարկային հսկողական այլ աշխատանքների ընթացքում հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմինների աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու համար»,- ասաց Հովհաննիսյանը: ՊԵԿ նախագահը նշեց, որ նախագծում ավելացել է նույն արարքների համար ոչ միայն տուգանքը, այլ նաև նախազգուշացումը պատասխանատվության միջոց սահմանելը: «Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ ինչ-ինչ հանգամանքներով խոչընդոտող հանգամանքները վերանում են և տուգանքի նշանակումը դառնում է ոչ նպատակահարմար»,- նշեց Էդուարդ Հովհաննիսյանը: ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն ներկայացրեց օրենքի նախագծի վերաբերյալ:
12:05 - 07 սեպտեմբերի, 2020
Օգոստոսին արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 1049 դեպք կամ շուրջ 11.5 %-ով ավելին, քան նախորդ ամիս

Օգոստոսին արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 1049 դեպք կամ շուրջ 11.5 %-ով ավելին, քան նախորդ ամիս

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ուժեղացված հսկողությունը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումների բացահայտման ուղղությամբ:  ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների արդյունքում 2020թ. օգոստոս ամսին արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 1049 դեպք կամ շուրջ 11.5 %-ով ավելին, քան նախորդ ամիս: Հիշեցնենք, որ 2020թ. հուլիսին արձանագրվել էր ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք, ինչը 2018 թվականի հունվարից առ այսօր ամենաբարձր ցուցանիշն էր: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու գործելաոճը շարունակվելու դեպքում` իրականացվելու են նաև կրկնակի ստուգումներ: 
13:11 - 03 սեպտեմբերի, 2020
Ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձինք

Ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձինք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2‑րդ և 308-րդ հոդվածի 1‑ին մասերով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2‑րդ և 38-308-րդ հոդվածի 1‑ին մասերով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներ Վ. Ա.-ն, Հ. Մ.-ն և Ա. Տ.-ն: Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2020թ. հունվար‑փետրվար ամիսներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Ա.-ն ու նույն բաժանմունքի մաքսային տեսուչի պաշտոնը զբաղեցրած Հ. Մ.-ն` բաժանմունքի կշեռքավարի օժանդակությամբ, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները, այն է՝ 2020թ. հունվարի 17‑ին 1150 տարա յուղով բեռնված բեռնատարների վարորդներին թույլատրել են հիշյալ բեռների վերաբերյալ մաքսային հայտարարագիր ներկայացված չլինելու պայմաններում Բագրատաշենի մաքսակետով մուտք գործել ՀՀ տարածք, որի հետևանքով բեռի սեփականատերը ՀՀ պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 16.034.356 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ: Բացի այդ, ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների, մաքսային ծառայության վերը նշված պաշտոնատար անձինք 2020թ. հունվարի 25‑ին և 29-ին, ինչպես նաև 2020թ. մարտի 1-ին նույն եղանակով` առանց մաքսային հայտարարագրման, նշված մաքսակետով թույլատրել են յուրաքանչյուր անգամ 680 տարա յուղի տեղափոխումը ՀՀ տարածք, որի հետևանքով բեռի սեփականատերը ՀՀ պետական բյուջե չի վճարել ընդհանուր` 28.397.753 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:20 - 31 օգոստոսի, 2020
Սերգո Կարապետյանն անցնում է նաև Գագիկ Խաչատրյանի գործով |azatutyun.am|

Սերգո Կարապետյանն անցնում է նաև Գագիկ Խաչատրյանի գործով |azatutyun.am|

azatutyun.am: 2010-2016 թվականներին գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը, բացի Սերժ Սարգսյանին առնչվող գործից, անցնում է նաև ՊԵԿ նախկին ղեկավար, մեղադրյալ Գագիկ Խաչատրյանի գործով։ Մեզ հետ զրույցում դատախազ Գևորգ Սարգսյանն ասաց՝ գյուղատնտեսության նախկին նախարարը մեղադրվում է ավելի քան 800 միլիոն դրամի յուրացման համար։ Խոսքը տարիներ առաջ ազոտական պարարտանյութերի ձեռքբերման մասին է։ «Ազոտական պարարտանյութի ձեռքբերման ընթացքում թաքցրել են կառավարությունից ավելի էժան գինը, ինչի հետևանքով պետությունից որպես սուբսիդիա դուրս գրված 839 միլիոն դրամի վատնում է կազմակերպվել։ Սերգո Կարապետյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, իսկ Գագիկ Խաչատրյանն այս դրվագով մեղադրվում է յուրացումը կազմակերպելու համար», -  ասաց դատախազ Գևորգ Սարգսյանը։ Սերգո Կարապետյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փոխանցեց նրա փաստաբան Կարեն Բատիկյանը։ Ըստ փաստաբանի՝ Կարապետյանը նախաքննական մարմնին է ներկայացրել իր պատճառաբանությունը, որ կատարել է ղեկավարության հանձնարարականը։ Մի քանի հոդվածներով մեղադրվող նախկին ՊԵԿ նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի քրեական գործը բաղկացած է 9 դրվագից, որից մեկն էլ ազոտական պարարտանյութի ներկրմանն է առնչվում։ Ինչ վերաբերում է այս գործով յուրացման հոդվածով մեղադրվող նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանին, ապա նա Սերժ Սարգսյանի գործով մեղադրվում է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամ հափշտակելու համար։    Շարունակությունը՝ azatutyun.am-ում։
19:57 - 29 օգոստոսի, 2020