Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

«իԳործ» ծրագրի շրջանակում սփյուռքահայ մասնագետները աշխատանքի են անցնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում

«իԳործ» ծրագրի շրջանակում սփյուռքահայ մասնագետները աշխատանքի են անցնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում

«իԳործ» ծրագրի շրջանակում սփյուռքահայ մասնագետները աշխատանքի են անցնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում։ Այսօր նախարարությունում հանդիպում է կազմակերպվել ծրագրի շրջանակում հայտ ներկայացրած և ընտրության փուլը հաղթահարած երկու սփյուռքահայ մասնագետների հետ՝ կանադայից և Լիբանանիվ։ Նրանք կներգրավվեն նախարարության Հանրային ներդրումների քաղաքականության վարչության աշխատանքներում։ Մինչև հոկտեմբերի սկիզբ նրանց կմիանա ևս ութ սփյուռքահայ մասնագետ։ Նախարարության այլ ստորաբաժանումներում նույնպես սփյուռքահայ մասնագետների համալրում է սպասվում։Նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանը, ողջունելով սփյուռքահայ մասնագետներին, իր գոհունակությունն է հայտնել նախարարության գործունեության մեջ Սփյուռքի մեր հայրենակիցների ներգրավվելու առիթով և հույս հայտնել, որ նրանց մուտքը նախարարություն նոր թափ կհաղորդի աշխատանքների ընթացքին։- Վստահ եմ, որ ձեր գիտելիքները և մասնագիտական կարողությունները գործադրելով, կնպաստեք նախարարության առջև դրված խնդիրների լուծմանը և տնտեսական ծրագրերի արդյունավետ իրականացմանը, - ասել է Արմեն Խաչատրյանը։Հիշեցնենք, որ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից մեկնարկել է «իԳործ» ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին աշխատելու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններում շուրջ մեկ տարի և ներդնել սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում։ Նախատեսվում է, որ սփուռքահայ 100 բարձրակարգ մասնագետ մինչ տարեվերջ աշխատանքի կանցնի Հայաստանի պետական կառավարման մարմիններում։
17:20 - 04 սեպտեմբերի, 2020
Զբոսաշրջային ռեգիստրը կբարեփոխվի |civilnet.am|

Զբոսաշրջային ռեգիստրը կբարեփոխվի |civilnet.am|

civilnet.am: Հայաստանը զբոսաշրջային ռեգիստր վարելու նոր կարգ ու մեխանիզմ է ունենալու, որն ավելի ճշգրիտ տվյալներ է տրամադրելու Հայաստան ժամանող զբոսաշրջիկների վերաբերյալ։ Այս հարցն ընդգրկված է սեպտեմբերի 3-ի կառավարության նիստի օրակարգում։  Զբոսաշրջային վիճակագրությունը վարվել է Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից, որն այդ տվյալները ստանում է Հայաստանի սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից (ՍԷԿՏ)։ Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մասին տեղեկատվությունը այսուհետ ներառելու է քաղաքացիության, սեռատարիքային խմբերի, սահմանային անցման կետերի, ինչպես նաև կրկնվող զբոսաշրջային այցելությունների մասին տեղեկատվություն։ «Զենտա» ՍՊԸ-ն համապատասխան սերվերներում իրականացրել է ծրագրային փոփոխություններ, որոնք թույլ կտան ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալ զբոսաշրջիկների վերաբերյալ։  Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ սա թույլ կտա ավելի ճշգրիտ վերլուծություններ ու հետազոտություններ կատարել, նաև տվյալ բնագավառում արդյունավետ պետական քաղաքականություն ունենալ։ 
09:49 - 03 սեպտեմբերի, 2020
«Արմենիա Վայն» ընկերությունում մեկնարկել է խաղողի մթերումը

«Արմենիա Վայն» ընկերությունում մեկնարկել է խաղողի մթերումը

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ «Արմենիա Վայն» ընկերության գործարանում խաղողի մթերման մեկնարկին հետևելու, ինչպես նաև մթերման վերահսկման թվայնացված համակարգին ծանոթանալու նպատակով։ Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Արմենիա Վայն» ընկերության համահիմնադիր Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանում, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, տեխնոլոգիական հագեցվածությանն ու ներդրումային ծրագրերին: Ընկերությունը ընդլայնման ծրագիր ունի և վերջերս կառավարության կողմից ստացել է հումքի և սարքավորումնեևրի համար մաքսատուրքից ազատման արտոնություն։ Գործարանի տեսականին ներառում է կարմիր, սպիտակ և վարդագույն, խաղուն և դեսերտային գինիներ: Այն հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որոնց ներդրմամբ ապահովվում է բարձրորակ գինեգործական արտադրանքի ամբողջական արժեշղթան։ Ընկերության արտադրանքն արտահանվում է աշխարհի 27 երկրներ։ Շրջայցի ընթացքում քննարկվել են համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառման շրջանակում վերամշակող կազմակերպություններին տրամադրվող արտոնյալ պայմանները, տարբեր ձեռնարկություններում մթերման գործընթացի թվայնացման հեռանկարները։ Վահագն Մկրտչյանն ընդգծել է պետության կողմից այս միջոցառման կարևորությունը մթերման ոլորտի համար։     «Այս տարի Կառավարությունը գնաց բացառիկ քայլի՝ մեծացրեց վարկային ռեսուրսը, ինչպես նաև ավելացրեց այն ժամանակահատվածը, որ պետք է մարվի տվյալ վարկային միջոցը։ Սա իրականում լուրջ խթան է ոլորտի համար, ձեռք մեկնելու իրական քայլ է», - նշել է գործարարը։ Պաշտոնյաներին հանգամանորեն ներկայացվել է խաղողի ընդունման, կշռման, գրանցման, որակի վերահսկողության ընթացակարգը, որն ամբողջապես իրականացվում է ընկերությունում ներդրված թվայնացված համակարգի միջոցով։ Պաշտոնյաների ներկայությամբ փորձարկվել է մթերման վերահսկման ավտոմատացված համակարգը։ Նախարարը մի շարք հարցեր է ուղղել համակարգի գործարկման արդյունավետության, մասնավորապես, դրա ներդրմամբ մարդկային գործոնի և հնարավոր անճշտությունների նվազման վերաբերյալ։ Այնուհետև հյուրերի ներկայությամբ ընկերությունում մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը, որն ուղեկցվել է խաղողի օրհնության արարողությամբ։ «Այսօր «Արմենիա Վայն» գործարանում մեկնարկեց խաղողի հերթական մթերման տարին։ Գինեգործների համար սա յուրօրինակ օր է, և «Արմենիա Վայն»-ում ավանդույթ է ձևավորվել․ ամեն տարի խաղողի մթերումը սկսվում է խաղողի օրհնությամբ։ Այդ օրը շատ շուքով է նշվում, այս տարի ավելի  համեստ նշեցինք՝ կապված ներկա իրավիճակի հետ», - ասել է Վահագն Մկրտչյանը և հավելել, որ, ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում գործարանը նախատեսում է մթերել 6-7 հազար տոննա խաղող։ Իր հերթին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է․ «Հատկանշական է, որ այս տարի բերքը բավականին առատ է և ունենք բարձրորակ խաղող ու սպասվում է ավելի բարձրակարգ գինիների արտադրություն»։  Նրա խոսքով՝ հիմնադրամը «Արմենիա Վայն» ընկերության հետ ակտիվ համագործակցություն է իրականացնում։ «Այս տարի մեր հիմնադրամն իրականացրել է ևս մի շատ կարևոր նախագիծ՝ Արագածոտնի մարզում մեկնարկեց խաղողի տնկարկների կադաստր ծրագիրը, մենք քարտեզագրեցինք «Արմենիա Վայն» ընկերության խաղողի այգիները։ Հուսանք, հաջորդ տարի կունենանք մեր տարածքշրջանի խաղողի բոլոր տնկարկների քարտեզները և կկարողանանք վերահսկել, թե որտեղ են տեղայնացված խաղողի այգիները և որքան կկազմի խաղողի բերքը», - ասել է Զարուհի Մուրադյանը ։ Ամփոփելով այցի արդյունքները՝ նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է․ «Նմանատիպ այցերը շարունակվելու են ամբողջ մթերման շրջանի ընթացքում, որպեսզի մենք տեսնենք, թե մեր առաջարկած գործիքակազմը որքանով է կիրառելի և ընթացքում ինչ դժվարություններ են առաջանում։ Եթե կլինեն այդպիսիք, ապա մենք ընթացքում կփորձենք անարձագանք չթողնել և հնարավորինս սեղմ ժամկետում շտկել խնդիրները»։  
15:22 - 01 սեպտեմբերի, 2020
ՀՀ էկոնոմիկայի Փոխնախարարն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել են «Արմբերրի» ընկերություն

ՀՀ էկոնոմիկայի Փոխնախարարն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել են «Արմբերրի» ընկերություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին օգոստոսի 28-ին մշտադիտարկման նպատակով այցելել են Կոտայքի մարզի Զորավան համայքնում գործող «Արմբերրի» ընկերություն։  Այցին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը: Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։ Հյուրերը շրջել են ընկերության ժամանակակից սարքավորումներով հագեցած հատապտղանոցներում, որտեղ ներդրված են կարկտապաշտպան ցանցեր, սառնարաններ,  ինչպես նաև ջրավազան, որը հատապտղանոցն ապահովվում է մաքուր ջրով։ Այստեղ առկա են օրգանական ազնվամորու և մոշի աճեցման բացառիկ պայմաններ, ինչը թույլ է տալիս ավելի մեծաքանակ և որակյալ բերք ստանալ։ Նշվել է, որ հիմնվել է հատապտուղների տնկարան, որը ոչ միայն ապահովում է անհրաժեշտ տնկիներով, այլև կազմակերպությունը պատրաստակամ է իրենից ձեռք բերված տնկիներից աճեցված բերքը հետագայում գնել և շուկայահանել: Ստեղծված ենթակառուցվածքները հնարավորություն են մատակարարման ժամկետներն ընդլայնել, ուստի  արտահանման հետ կապված ռիսկերը կատավարելի են, և ընկերությունն այլևս կախված չէ եղանակային պայմաններից։ «Արմբերրի» ընկերության գործադիր տնօրեն Հարություն Փախչանյանը փոխնախարարին և դեսպանին ներկայացրել է ներկայում կատարվող աշխատանքները, ֆերմերների հետ աշխատելու իրենց նոր նախաձեռնությունը, որի շրջանակում ֆերմերներն ընկերությունից ձեռք կբերեն տնկիներ, կստանան համապատասխան խորհրդատվություն տվյալ մշակաբույսի հետ աշխատելու համար։ Առաջիկայում ընկերությունը նախատեսել է ընդլայնել գործունեությունը՝ օգտվելով Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված գյուղոլորտի պետական օժանդակության ծրագրերից։  Շրջայցի ընթացքում փոխնախարարն ընդգծել է կառավարության կողմից մշակված ծրագրերի կարևորությունն ու արդյունավետությունը։«Էկոնոմիկայի նախարարությունը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում համաֆինանսավորման սկզբունքով կազմակերպությանն արդեն իսկ օժանդակել է 20 մլն դրամով, ինչը նպաստել է հատապտղանոցի հիմնման, հետբերքահավաքային կարողությունների, արտահանման կարողությունների զարգացմանը: Մեր դոնոր գործընկերների կողմից տրամադրված աջակցությունը հիանալի շարունակություն է ստեղծված կարողությունների զարգացման և ընդարձակման համար», - նշել է Արման Խոջոյանը։ «Ուրախ ենք արձանագրել, որ, համագործակցելով կառավարության և այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսին Միջազգային զարգացման գործակալությունն է, մենք կարողանում ենք աջակցել բիզնեսին հաջողության հասնելու հարցում։ «Արմբերրի»ընկերությունն այդ եռակողմ համագործակցության արդյունքում զարգացող բիզնեսի հիանալի օրինակ է»,- ամփոփելով  շրջայցի արդյունքները՝ նշել է դեսպան Լին Թրեյսին։
10:30 - 29 օգոստոսի, 2020
Սևանի ափին առաջին անգամ գործարկվել է իշխանի տեսակավորման սարքը․ փոխնախարարները Գեղարքունիքի մարզում էին

Սևանի ափին առաջին անգամ գործարկվել է իշխանի տեսակավորման սարքը․ փոխնախարարները Գեղարքունիքի մարզում էին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը այցելել են Գեղարքունիքի մարզում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագրի շրջանակներում ստեղծված ձկնաբուծական տնտեսություն։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ Սևանի էնդեմիկ՝ Գեղարքունի և ամառային իշխան ենթատեսակների բուծման, պահպանման և վերարտադրության գործընթացին։ Շրջայցի ընթացքում փոխնախարարները դիտարկել են Սևանա լճում տեղադրված իշխանի աճեցման ցանցավանդակները, որտեղ իշխանի մանրաձկից արտադրվում է արդյունաբերական ձուկ, հետևել են ձկների կերակրկման գործընթացին, ծանոթացել տնտեսությունում ներդրված սարքավորումներին։ Այնուհետև փոխնախարարների ներկայությամբ ափամերձ տարածքում առաջին անգամ գործարկվել է ձկների ավտոմատ տեսակավորման սարքավորումը, որի միջոցով հնարավոր է կազմակերպել ձկների տեսակավորում ըստ քաշի և տեղափոխում ցանցավանդակների միջև: «Արտահանման նպատակով ձկան տեսակավորման գործընթացն իրականացվում է առաջին անգամ է․ այստեղ ենք՝ հետևելու գործընթացին։ Այդ սարքավորումը եզակի է Հանրապետությունում և տարածաշրջանում, որը հնարավորություն է տալիս տեղում բուծման և արդյունագործական նպատակով ըստ քաշերի տեսակավորել ձուկը», - նշել է փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը։ Միաժամանակ նա հավելել է, որ Սևանի իշխանը հիմնականում արդյունահանվում է դեպի Ռուսաստանի Դաշնություն և ԱՄՆ։      Այցի ընթացքում ներդրված սարքավորման միջոցով տեսակավորվեց շուրջ մեկ տոննա ապրանքային ձուկ, որը կիրառվելու է արտահանման նպատակով՝պատվիրատուին ըստ իր պահանջի համապատասխան քաշի ձուկ մատակարարելու համար։    Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման նկատառումով ձկնաբուծարանում բուծվող ձուկը մասամբ բաց է թողնվում լիճ, իսկ մյուսը մասն օգտագործվում է վերամշակման նպատակով։ Դրանով իսկ էնդեմիկ այս ձկնատեսակների բուծումը ձեռք է բերում ոչ միայն բնապահպանական, այլև արդյունագործական կարևոր նշանակություն։ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Վարդան Մամիկոնյանը նշել է, որ տնտեսությունում բուծվում է մոտ 220 տոննա Գեղարքունի և ամառային բախտակ ենթատեսակի ձուկ։ Նա ընդգծել է, որ տեսակավորման սարքի գործարկման և աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման շնորհիվ տնտեսությունում հաջողվել է հասնել ավելի բարձր արդյունքների։ Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ ներքին շուկայում իշխանի իրացման ծավալը կկրկնապատկվի, իսկ գինն աստիճանաբար կնվազի։ 2019 թվականին հանրապետությունից արտահանվել է շուրջ 6000 տոննա ձուկ և ձկնամթերք և, չնայած համաճարակային ներկա իրավիճակին, այս պահի դրությամբ արտահանման ծավալները չեն զիջում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներին։ Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ Տիգրան Ալեքսանյանի տեղեկացմամբ՝ Հանրապետությունում աստիճանաբար ավելանում են նաև այլ ձկնամթերքի, այդ թվում՝ խավիարի արտահանման ծավալները, որոնց ցուցանիշը 2019 թվականին կազմել է շուրջ 350 տոննա, մեծացել է նաև արտերկրում հայկական խավիարի պահանջարկը։ Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության բնագավառում իրականացվող ծրագրերին ու պետական աջակցության շրջանակում իրականացվող միջոցառումներին, քննարկվել են ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև ձկնաբուծարանի զարգացման հեռանկարային ծրագրերը։
11:11 - 25 օգոստոսի, 2020
Կառավարության աջակցության գործիքակազմն առաջին հերթին ուղղված է խաղողագործների մթերման խնդիրների նվազեցմանը․ էկոնոմիկայի փոխնախարար

Կառավարության աջակցության գործիքակազմն առաջին հերթին ուղղված է խաղողագործների մթերման խնդիրների նվազեցմանը․ էկոնոմիկայի փոխնախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Տիգրան Գաբրիելյանը օգոստոսի 20-ին կազմակերպել էին հանդիպում Արմավիրի մարզի մի շարք խաղողագործների հետ՝ մթերումների շրջանին ընդառաջ ագրովերամշակման ոլորտում իրականացվող ծրագրերն ու աջակցության նոր գործիքները ներկայացնելու, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման սկզբում Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ վերջին շրջանում վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ, որոնց ընթացքում վեր են հանվել նրանց հուզող խնդիրներն ու հավաքագրվել բոլոր առաջարկությունները։ Արդյունքում օրերս կայացած ՀՀ կառավարության նիստում ընդունվել է հակաճգնաժամային 24-րդ միջոցառումը, որով պետական օժանդակության ներկա գործիքակազմի սահմաններում կատարվել են փոփոխություններ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի ծրագրի պայմաններում։Միաժամանակ նա ընդգծել է, որ կառավարության բարեփոխված օժանդակության գործիքակազմը առաջնահերթ ուղղված է խաղողի մթերումն սահուն իրականացնելուն, և այս ուղղությամբ նախաձեռնվում են նաև այլ անհրաժեշտ քայլեր և բանակցություններ։Խաղողագործներն իրենց հերթին ներկայացրել են մթերումների իրականացման ընթացքում առաջացող խնդիրները, որոնց մի մասն առնչվում էր խաղողի մթերման գներին։ Ի պատասխան բարձրացված հարցերի՝ փոխնախարարները նշել են, որ պետությունը գնագոյացման խնդրին չի կարող միջամտել, սակայն թեթևացնելով վերամշակողների ֆինանսական ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև խթանելով վերամշակված ապրանքների վաճառքն լրացուցիչ պահանջարկ է ստեղծում խաղողի նկատմամբ։Արման Խոջոյանը և Տիգրան Գաբրիելյանը պատրաստակամություն են հայտնել քննարկել և մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր առաջարկ և համատեղ գտնել խնդիրների լուծման ուղիները։ Քննարկման մասնակիցները պայմանավորվել են մթերման շրջանի ավարտից հետո կազմակերպել դասընթաց, որի ընթացքում փորձառու մասնագետները խաղողագործներին կներկայացնեն խաղողի մշակման և վերամշակման նորագույն տեխնոլոգիաները և դրանց ներդրման ու կիրառման առավելությունները։
11:45 - 21 օգոստոսի, 2020
Արարատի գինու գործարանում նոր ներդրումներ են արվում, վերազինվում են արտադրական սարքավորումները. Տիգրան Խաչատրյանն այցելել է արտադրամաս

Արարատի գինու գործարանում նոր ներդրումներ են արվում, վերազինվում են արտադրական սարքավորումները. Տիգրան Խաչատրյանն այցելել է արտադրամաս

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ու փոխնախարար Արման Խոջոյանն այցելել են «Արարատի գինու գործարան» ՍՊԸ, որտեղ խաղողի մթերման շրջանին ընդառաջ ընթացքի մեջ են վերակառուցման և ժամանակակից սարքավորումների ներդրման աշխատանքները։ Այս մասին տեղեկացանք ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Գործարանի սեփականատեր Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ պաշտոնյաները շրջել են գործարանում, ծանոթացել խաղողի մթերման գործընթացի կազմակերպմանը՝ սկսած խաղողի ընդունման փուլից մինչև պատրաստի արտադրանքի շշալցում և փաթեթավորում։ Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ կոնյակագործական և գինեգործական բարձրորակ արտադրանք ապահովելու նպատակով գործարանի վերազինման, մառանների վերակառուցման և արդիականացման խիստ անհրաժեշտություն էր առաջացել։ Պետական աջակցության ծրագրերի շրջանակում, իտալական ու բուլղարական մի շարք կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում, ներկայումս միջոցներ են ձեռնարկվում խաղողի մթերման պայմանների բարելավման, նոր հոսքագծերի բացման, կոնյակի գինենյութի նորագույն պահամանների տեղադրման, արտադրամասերի ծավալային օգտագործման հնարավորության վերափոխման և ընդլայնման ուղղությամբ։ «Այն ամենն, ինչ կապված է խաղողի մթերման, կոնյակի գինենյութի հնեցման և կուպաժավորման, էգալիզացիայի և հետկուպաժային հանգստի հետ, բոլոր այս շինարարական և տեխնիկական աշխատանքները ներկա պահին մեծ թափով իրականանում են», - նշել է Արմեն Սարգսյանը։ Հյուրերին հանգամանորեն ներկայացվել են մթերման յուրաքանչյուր փուլում աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու համար ձեռքբերված նորագույն սարքավորումները, ներդրվող տեխնիկայի առավելություններն ու արտադրական հզորությունները։ Շրջայցի ընթացքում քննարկվել է նաև նախորդ շաբաթ ՀՀ կառավարության կողմից հաստատված որոշումը, որով օժանդակություն է նախատեսվում գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ զբաղվող տնտեսվարողների համար։ Այս համատեքստում գործարանի ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել օրերս ՀՀ կառավարության կողմից հաստատված միջոցառման հանդեպ, որի շրջանակում խաղողի գնումների համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ կներգրավվեն ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների համար: Արմեն Սարգսյանը կարևոր և արդիական է համարել այս նախաձեռնությունը․ «Երեսուն տարիների ընթացքում ես չեմ հիշում նման իրավիճակ, որպեսզի կառավարությունը կարողանար այսպես ընդառաջել, մենք երևբեևէ այսպիսի աջակցություն չենք ունեցել։ Այսինքն, հնարավորություն է ստեղծվել այս տարվա խաղողը լավագույն պայմաններով մթերելու համար», - ընդգծել է գործարարը։ Նա նաև հավելել է, որ եթե նախկինում գործարանում մինչև 18-20 հազար տոննա խաղող էր մթերվում, ապա այս տարի տեխնիկական և տեխնոլոգիական հզորությունների ավելացման, ինչպես նաև պետության կողմից տրամադրվող աջակցության շնորհիվ նախատեսվում է մթերել մինչև 25 հազար տոննա խաղող։ Արմեն Սարգսյանը նշել է, որ գործարանն ապահովում է շուրջ 160 աշխատատեղ։ Պատրաստի արտադրանքը մեծամասամբ արտահանվում է Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ուկրաինա, այժմ քայլեր են ձեռնարկվում արտադրության և արտահանման ծավալների ավելացնան հետ մեկտեղ արտահանումների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ։    Ընկերության առաջիկա ծրագրերից է Շուստովի գործարանի հին կառույցի վերականգնումը, որը հետագայում կգործի որպես թանգարան։ Ամփոփելով այցի արդյունքները՝ փոխնախարար Արման Խոջոյանը նշել է. «Ուրախալի է, որ անկախ համավարակով պայմանավորված դժվարություններից՝ ոլորտում շարունակվում են կապիտալ ներդրումները, արտադրողները ոչ միայն լրացուցիչ պահամաններ են կարողացել ձեռք բերել պետական օժանդակության ծրագրերով՝ լիզինգով, այլև կարողացել են ներդրումներ կատարել իրենց ագրովերամշակող սարքավորումները կատարելագործելու և թարմացնելու համար»: Անդրադառնալով կառավարության կողմից օրերս ընդունված որոշմանը, որով արտոնյալ պայմաններ են առաջարկվում մթերող կազմակերպություններիի համար՝ փոխնախարարը շեշտել է, որ միջոցառման շնորհիվ հնարավորություն կընձեռնվի ծրագրից օգտվող կազմակերպություններին ապահովել լրացուցիչ ֆինանսական հոսքեր և իրականացնել անհրաժեշտ քանակի խաղողի մթերում, ինչպես նաև ավելացնել արտաքին շուկաներում վաճառքի ծավալները:
17:39 - 20 օգոստոսի, 2020
Մշակվել է աջակցության ձևաչափ՝ ուղղված Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցմանը

Մշակվել է աջակցության ձևաչափ՝ ուղղված Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցմանը

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրով մշակվել է աջակցության ձևաչափ՝ ուղղված Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ՀՀ կառավարության «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցություն» ծրագրին: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Միջոցառումն իրականացվում է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցության շրջանակում:Միասին նախագիծը նախատեսված է 280 քմ արտադրական տարածքով, անկապ բոքսային պահվածքով «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման համար։ Այն մասնակի համաֆինանսավորում է ՀՀ կառավարության կողմից 50 տոկոս պետական աջակցություն ստացած շահառուի մասնաբաժնի գնահատված ծախսերի ոչ ավելի, քան 70 տոկոսը։«Կարևորելով Հայաստանի սահմանամերձ համայնքների կայուն զարգացումը` ՄԱԶԾ-ի հետ համատեղ մշակեցինք համագործակցության յուրահատուկ ձևաչափ. համախմբելով առկա ռեսուրսները` ձեռնամուխ կլինենք ընտրված մարզերում և համայնքներում առավելագույն չափով նպաստել «խելացի» անասնաշենքերի կառուցմանը, ինչը մեծ խթան կհանդիսանա կաթի արժեշղթայի զարգացմանը։ Համոզված եմ, որ նմանատիպ համագործակցությունն էլ ավելի լայն կիրառություն կապահովի պետական օժանդակության զարգացման ծրագրերին և մեր սահմանած նպատակներին կկարողանանք հասնել առավելագույն կարճ ժամկետում։ Մենք հանձնառու ենք ծրագրի հաջող իրականացմանը, քանի որ առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումն այս բնակավայրերում կխթանի նոր ագրոմշակույթի ձևավորումը, և այս հաջողության օրինակը վարակիչ կլինի հարևան բնակավայրերի համար», - նշել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ՄԱԶԾ մասնակի համաֆինանսավորման կարող են դիմել այն անձինք, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն և մշտական բնակություն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում, ունեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ կնքված պետական աջակցության մասին պայմանագիր, ունեն խոշոր եղջերավոր անասնագլխաքանակ և մասնակցել են անասնաբուծության վարման վերաբերյալ մեկշաբաթյա դասընթացներին և ունեն հավաստագիր։«Սա բացառիկ ձևաչափ է, քանի որ ՄԱԶԾ-ն առաջին անգամ է մշակել համագործակցության նմանատիպ մոդել՝ օժանդակելու պետական աջակցության ծրագրին: Ծրագիրն ուղղված է գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական օժանդակության ծրագրերի շրջանակում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում տոհմային «խելացի» անասնապահություն զարցացմանը, ինչն, իր հերթին, կնպաստի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը, աղքատության մակարդակի նվազեցմանը, կենսամակարդակի բարելավմանը, գործարար միջավայրի խթանմանը և երկրի պարենային անվտանգությանը», - նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան։«Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:Մրցույթի վերջնաժամկետն է 2020 թ․ սեպտեմբերի 1-ը։ Պայմաններին և դիմելու ընթացակարգին կարելի է ծանոթանալ այստեղ: 
11:39 - 18 օգոստոսի, 2020
Ավելի քան 21400 ընկերություն բավարարել է բանկային համակարգի վարկունակության բարձր պահանջները |armenpress.am|

Ավելի քան 21400 ընկերություն բավարարել է բանկային համակարգի վարկունակության բարձր պահանջները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 21 հազար 400-ից ավելի ընկերություն բավարարել է բանկային համակարգի վարկունակության բարձր պահանջները:  Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝պատասխանելով լրագրողների՝ արդյունաբերական ու գյուղատնտեսական ընկերություններին տրամադրվող վարկերի պահանջների մասին հարցին։ «Որքան էլ մտածենք, որ բանկային համակարգը բարձր պահանջներ է ներկայացնում, 21 446 թիվը նշանակում է, որ մենք բավականաչափ մեծ թվով վարկունակ տնտեսավարողներ ունենք: Եթե համեմատենք, ապա կարող ենք ասել, որ մշակող արդյունաբերությանը բաժին է ընկել առաջին միջոցառմամբ ֆինանսավորման կեսից ավելին, մյուս կողմից՝ ոլորտային սահմանափակում չենք դրել: Առաջին միջոցառման նպատակն այն է, որ առանց ոլորտային սահմանափակման այն բոլոր ընկերությունները, որոնք ունեն բարձր վարկունակություն, բանկային համակարգի հետ ունեն փոխադարձ բարձր վստահություն, կարողանան օգտվել կառավարության աջակցությունից: Առաջին միջոցառման բովանդակությունը որոշակիորեն փոխվել է, խրախուսում ենք այն ընկերություններին, որոնք նաև ներդրումներ են կատարում կանոնադրական կապիտալում: Գյուղատնտեսության ոլորտում վարկի սուբսիդավորման համար տոկոսադրույքի շեմին, 2-րդ և 24-րդ միջոցառումներից օգտվողները մեծ թվով են՝ 21400-ը գերազանցող»,- նշեց Խաչատրյանը:
16:05 - 14 օգոստոսի, 2020
Էկոնոմիկայի նախարարությունը տնտեսության շուրջ 5 % անկում է կանխատեսում 2020 թվականի համար |hetq.am|

Էկոնոմիկայի նախարարությունը տնտեսության շուրջ 5 % անկում է կանխատեսում 2020 թվականի համար |hetq.am|

hetq.am: Էկոնոմիկայի նախարարության կանխատեսմամբ 2020 թվականին Հայաստանի տնտեսական անկումը կկազմի շուրջ 5 %։ Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, սպասվում է, որ տարվա երրորդ և չորրորդ եռամսյակներում տնտեսությունն ավելի դրական միտումներ ու ցուցանիշներ կգրանցի, քան գրանցել է երկրորդ եռամսյակում։ Հայաստանում սովորաբար համախառն ներքին արդյունքի մոտ 40 %-ն արտադրվում է առաջին կիսամյակում, 60 %-ը՝ երկրորդ կիսամյակում։ Այս հանգամանքը և տնտեսական ակտիվության անկման տեմպերի սպասվող թուլացումը հաշվի առնելով՝ նախարարությունը կանխատեսում է, որ Հայաստանը տարին կամփոփի համախառն ներքին արդյունքի շուրջ 5 % նվազմամբ։ «Սա նման է համաշխարհային տնտեսության ընդհանուր միտումներին։ Միջազգային հեղինակավոր կազմակերպությունները համաշխարհային տնտեսության մինչև 6 % անկում են կանխատեսում։ Նաև կանխատեսում են, որ 2021 թվականը լինելու է տնտեսության վերականգնման տարի»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) ամենաթարմ տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ, նվազել է 4.7 %-ով։ Շինարարության ոլորտում կիսամյակի կտրվածքով անկումը կազմել է 23.4 %, առևտրաշրջանառության ոլորտում ՝ 11.1 %, ծառայությունների ոլոտում՝ 6.4 %։ Առաջին կիսամյակի կտրվածքով արդյունաբերության ոլորտի աճը 1.5 % է, գյուղատնտեսության աճը՝ 1.7 %:  Կենտրոնական բանկն էլ (ՀՀ ԿԲ) այս տարվա համար կանխատեսել է 4 % տնտեսական անկում։
15:35 - 14 օգոստոսի, 2020
Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց զբոսաշրջությանն առնչվող հակաճգնաժամային միջոցառման մանրամասները |armenpress.am|

Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց զբոսաշրջությանն առնչվող հակաճգնաժամային միջոցառման մանրամասները |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները հաղթահարելուն ուղղված 23-րդ միջոցառուման շահառուները, որոնք չնայած եկամուտների էական կրճատմանը՝ շարունակել են պահպանել աշխատակազմի ավելի քան 70 տոկոսը, կստանան աջակցություն յուրաքանչյուր 3-րդ աշխատակցի աշխատավարձի սուբսիդավորման չափով կամ աշխատավարձի ֆոնդի 33 տոկոսի չափով: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «Կառավարության օգոստոսի 13-ի նիստում ընդունվել է նոր որոշում՝ 23-րդ  տնտեսական միջոցառումը, որը վերաբերում է զբոսաշրջության ոլորտին առնչվող ծառայությունների 3 բնագավառում աջակցության հարցերին: Տվյալ միջոցառումը վերաբերում է զբոսաշրջությանն առնչվող երեք հիմնական՝ հանրային սննդի, գիշերակացի ու առողջարանային ծրագրերի ու զբոսաշրջության գործակալությունների ոլորտներում գործող ընկերությունների աջակցությանը: Մենք մի շարք քննարկումներ ենք ունեցել ոլորտը ներկայացնող տարբեր միությունների, ինչպես նաև անմիջապես ընկերությունների ներկայացուցիչներ հետ: Եկել ենք այն եզրակացության, որ նշված կազմակերպություններն իրենց առջև ծառացած խնդիրներից մեկը համարում են անձնակազմի ու աշխատատեղերի պահպանումը, որովհետև տարբեր ոլորտներում վերջին երկու ամիսներին, նախորդ տարիների համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը չի գերազանցում նախորդ տարիների նույն ժամանակահատվածի 50 տոկոսը»,- նշեց Խաչատրյանը: Հաշվի առնելով, որ աջակցությունն ուղղված է աշխատատեղերի պահպանմանը, ապա,  ինչպես ընդգծեց նախարարը, աջակցության հիմքում առաջինը սահմանել են առնվազն երեք աշխատող ունենալու կանոնը: Նրա խոսքով՝ այն կազմակերպությունները, որոնք ներկայումս ունեն 2, սակայն սովորաբար ունեցել են 3 և ավելի աշխատակից, եթե առաջիկա ամիսներին ունենան 3 աշխատող, ապա կկարողանան դառնալ աջակցության շահառու: Աջակցությունը կկիրառվի այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք ստեղծվել են մինչև 2020թ. մարտի 31-ը: «Մի քանի կանոններ կան աջակցության հիմքում. մենք խրախուսում կամ խթանում ենք այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք, չնայած եկամուտների էական կրճատմանը, շարունակել են պահպանել աշխատակազմի ավելի քան 70 տոկոսը, նրանք կստանան աջակցություն յուրաքանչյուր 3-րդ աշխատակցի աշխատավարձի սուբսիդավորման չափով կամ աշխատավարձի ֆոնդի 33 տոկոսի չափով: Այն կազմակերպությունները, որոնց չի հաջողվել պահպանել ավելի քան 70 տոկոսը, կստանան յուրաքանչյուր 4-րդ աշխատակցի կամ աշխատավարձի ֆոնդի 25 տոկոսի չափով աջակցություն»,- շեշտեց Տիգրան Խաչատրյանը: Այն ընկերությունները, որոնք չեն պահպանել աշխատողների 50 տոկոսից ավելին, չեն կարողանա օգտվել աջակցությունից: Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ տվյալ միջոցառումն ունի առանձնահատկություն՝ աջակցությունը կշարունակվի հաջորդ 9 ամսվա համար: Տնտեսավարողները հատուկ դիմում չեն ներկայացնելու, այլ աջակցման հիմք կհանդիսանա տնտեսավարողի կողմից իր գործունեության վերաբերյալ հարկային մարմին ներկայացրած հայտարարագիրը: Աջակցության այլ ծրագրերից օգտվելը չի խանգարի կազմակերպություններին՝ օգտվել 23-րդ միջոցառումից, այսինքն՝ եթե կազմակերպությունը երրորդ միջոցառման շրջանակում ստացել է վարկային աջակցություն, դա չի նշանակի, որ նրա աշխատակիցների չափով աշխատավարձի ֆոնդի սուբսիդավորում չի լինելու:
14:01 - 14 օգոստոսի, 2020
«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում վերաբացվել է գյուղմթերքի տոնավաճառը

«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում վերաբացվել է գյուղմթերքի տոնավաճառը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում օգոստոսի 8-ին վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Այս մասին տեղեկանում ենք էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջից։ Նախկինում տոնավաճառը կազմակերպվում էր Կասյան փողոցին հարող հրապարակում, սակայն քննարկումների արդյունքում առավել նպատակահարմար է համարվել այն կազմակերպել «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում։ Տոնավաճառի բացմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Տիգրան Գաբրիելյանը: Փոխնախարարները շրջել են տոնավաճառի տաղավարներով, կատարել գնումներ և զրուցել ֆերմերների հետ, որոնք մայրաքաղաք են ժամանել հանրապետության տարբեր մարզերից և տոնավաճառին ներկայացնում են բացառապես իրենց արտադրանքը: «Ոմանք մտահոգություն ունեին, որ այստեղի տոնավաճառը արդյունավետ չի գործի, սակայն այսօրվա շրջայցի ընթացքում նկատեցինք, որ դեռ մի քանի ժամ է, ինչ այն մեկնարկել է, սակայն որոշ ֆերմերներ արդեն իսկ ամբողջությամբ իրացրել են իրենց գյուղմթերքը։ Սա ուրախալի ազդակ է, որ շուկան գործարկելու ուղղությամբ մեր բոլոր նպատակները կարծես թե հաջողությամբ են պսակվում», - շրջայցի ընթացքում նշել է Արման Խոջոյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ նախորդ տարիներին նախարարության կողմից տրամադրված այլ անվճար պարագաների հետ մեկտեղ շուկայի աշխատանքներն ապահովելու համար կտրամադրվի 10 մլն դրամի անվճար գույք՝ մոտ 200 վաճառասեղան, 75 վրան և 100 կշեռք և սայլակներ, ինչը լրացուցիչ աջակցություն կլինի տոնավաճառին իրենց գյումթերքը ներկայացնող ֆերմերների համար։ Վերավաճառքի դեպքերը բացառելու նպատակով վաճառողներին կտրամադրվեն նաև անվանական քարտեր, որոնց վրա նշված կլինի, թե նրանք որ մարզից ու համայնքից են։ Ընդգծելով, որ տոնավաճառին կարող են մասնակցել ֆերմերներ ՀՀ բոլոր մարզերից՝ փոխնախարարը նաև հավելել է, որ եթե ցանկացողները շատ լինեն, ստեղծված են բոլոր պայմանները՝ տոնավաճառն ընդարձակելու և այն շուրջ 200 լրացուցիչ վաճառասեղաններով համալրելու համար։ Շուկայի գործունեության ընթացքում անվտանգության ապահովումը և տարածքում հասարակական կարգի պահպանումը վերահսկվելու է ոստիկանության կողմից: Տոնավաճառին մասնակից բոլոր ֆերմերներին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրվել են նաև ախտահանիչ նյութեր և դիմակներ։
18:13 - 08 օգոստոսի, 2020
Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի կենտրոնի հավաքածուն ունի 3850 սորտանմուշներ

Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի կենտրոնի հավաքածուն ունի 3850 սորտանմուշներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանն օգոստոսի 5-ին այցելել են Արարատի մարզի Դարակերտ համայնքում գործող ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ` կազմակերպության գործունեությանը և այստեղ կատարվող գիտահետազոտական աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարարության ներկայացուցիչները կենտրոնի տնօրեն Գայանե Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել կենտրոնի ջերմոցներում, որտեղ իրականացվում է լոլիկի, վարունգի, տաքդեղի և այլ մշակաբույսերի սածիլների արտադրություն: Գենոֆոնդի պահպանման բաժնում կենտրոնի գիտաշխատող Ալվինա Ավագյանը հյուրերին ներկայացրել է հատուկ սառնարաններում պահպանվող բանջարաբոստանային մշակաբույսերի գենետիկական ռեսուրսները, որոնք ներառում են տեղական սորտեր, սելեկցիոն սորտեր, հանրապետություն ներմուծված արտասահմանյան սելեկցիայի սորտեր և հիբրիդներ: Այնուհետև պաշտոնյաները շրջել են բույսերի ֆիզիոլոգիայի և ֆիտոպաթոլոգիայի լաբորատորիայում, որտեղ ժամանակակից մեթոդներով կատարվում է բույսերի բակտերիալ, սնկային հիվանդությունների, ինչպես նաև հողի և ջրի ախտորոշում: Գայանե Սարգսյանը տեղեկացրել է, որ գիտական կենտրոնում ստեղծվել և շրջանացվել են 23 բանջարաբոստանային մշակաբույսերի 150 սորտեր: Այստեղ պահպանվում է տեղական սորտերի և պոպուլյացիաների հարուստ գենոֆոնդ, որն ընդգրկում է 3850 սորտանմուշներ: Բանջարաբոստանային մշակաբույսերի թվում ներկայումս հանրապետությունում առավել մեծ պահանջարկ ունեն հատկապես լոլիկը, վարունգը, տաքդեղը, սոխը, հազարը: «Ներկա պահին գիտական աշխատանքներ են իրականացվում տարբեր ուղղություններով, ելնելով պահանջարկից՝ ավելանում են սերմերի արտադրության ծավալները։ Բացի այդ, շարունակվում են նաև սելեկցիոն աշխատանքները, ստեղծվում են բարձր բերքատվությամբ, առավել դիմացկուն սորտեր։ Ընդհանուր առմամբ, տարեկան շրջանացման մեջ մտնում է 10-15 նոր սորտ», - նշել է տնօրենը: Նա գոհունակությամբ նշել է, որ կենտրոնում ժամանակակից սարքավորումների կիրառմամբ տարբեր հետազոտությունների իրականացումը նպաստում է երիտասարդ գիտնականների հետաքրքրության աճին, արդյունքում կենտրոնը պարբերաբար համալրվում է երիտասարդ կադրերով։ Որպես մեկ այլ դրական միտում Գայանե Սարգսյանը նշել է գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կազմակերպման վերաբերյալ ֆերմերների իրազեկվածության մակարդակի բարձրացումը հանրապետության մարզերում։  Ընդգծելով երիտասարդ մասնագետների ակտիվ ներգրավվածության կարևորությունը կենտրոնի աշխատանքներում` Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ այս կառույցը երիտասարդ գիտնականների յուրօրինակ դարբնոց է, ինչը գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման կարևոր գրավական է:       Շրջայցի ընթացքում ներկայացվել են կենտրոնում ներդրված՝ սերմերի մաքրման, ախատահանման, տեսակավորման, փաթեթավորման և մի շարք այլ նորագույն սարքավորումներ։  Հյուրերին նաև տեղեկացվել է, որ կենտրոնը համագործակցում է միջազգային կազմակերպությունների և տեղացի ֆերմերների հետ` տրամադրելով բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլներ և ապահովելով դրանց փոխադրումը։
11:20 - 06 օգոստոսի, 2020
Կասյանի նախկին շուկայի կազմակերպչական խմբին շուկայի տարածքի այլընտրանքային տարբերակ է առաջարկվել

Կասյանի նախկին շուկայի կազմակերպչական խմբին շուկայի տարածքի այլընտրանքային տարբերակ է առաջարկվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կասյանի նախկին շուկայի կազմակերպչական խմբի ֆերմերներին շուկայի տարածքի այլընտրանքային տարբերակ է առաջարկել` անվճար հիմունքներով: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: «Տեղեկացնում ենք, որ այս օրերին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ի դեմս նախարարի տեղակալ Արման Խոջոյանի, ակտիվ համագործակցում է Կասյանի նախկին շուկայի կազմակերչական խմբի հետ։ Նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Արաբկիր վ/շ ղեկավար Արամ Դանիելյանի հետ մի շարք քննարկումների արդյունքում ֆերմերներին առաջարկվել է այլընտրանքային տարբերակ «Դալմա» ա/կ հարակից տարածքում անվճար հիմունքներով։ Խմբի հետ այցելություն է կազմակերպվել նշված տարածք, որին ներկա է եղել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը»,- գրել է Օհանյանը: Մամուլի խոսնակը նշել է, որ առաջարկվող տարածքը հավանության է արժանացել շուկայի կազմակերպչական խմբի կողմից։ «էկոնոմիկայի նախարարի տեղակալը համապատասխան գրություններով դիմել է Երևանի քաղաքապետարան և ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման և շուկայի գործունեության ընթացքում անվտանգության պահպանման համար»,- նշել է Աննա Օհանյանը: Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ (միջազգային գործընկների հետ համագործակցությամբ) շուկայի աշխատանքներն ապահովելու համար անվճար կտրամադրվեն սեղաններ, վրաններ, կշեռքներ, քարշակ սարքավորումներ շուրջ 10 մլն դրամի արժեքով, ինչը նախորդ տարիներին նախարարության կողմից տրամադրված այլ անվճար պարագաների հետ միասին լրացուցիչ կվերազինի ֆերմերներին և կխթանի շուկայահանումը։
14:32 - 04 օգոստոսի, 2020
Գյումրիի սելեկցիոն կայանը լավ նախադրյալներ է ստեղծում տեղական սերմնաբուծության զարգացման համար՝ նպաստելով պարենային անվտանգության ապահովմանը․ փոխնախարար

Գյումրիի սելեկցիոն կայանը լավ նախադրյալներ է ստեղծում տեղական սերմնաբուծության զարգացման համար՝ նպաստելով պարենային անվտանգության ապահովմանը․ փոխնախարար

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանն այցելել են Շիրակի մարզ՝ «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ում իրականացվող ծրագրերին ու գիտական հետազոտություններին ծանոթանալու և բերքահավաքի ընթացքին հետևելու նպատակով։ Այցի սկզբում ընկերությանը հանձնվել է ժամանակակից գյուղտեխնիկա (Case IH Magnum 310 տրակտոր ու համապատասխան գութան և երկու ՄՏԶ 82.1 մակնիշի տրակտոր), որը կայանին տրամադրվել է ՀՀ կառավարության կողմից։ Ընկերությունում վստահ են, որ այս տեխնիկայի կիրառմամբ հնարավոր կլինի գյուղատնտեսական աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպել և բարձրացնել արտադրողականությունը: Այնուհետև նախարարության ներկայացուցիչները Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել են Գյումրու սելեկցիոն կայանի նորաստեղծ ջերմատուն, որը կառուցվել է «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման» պետական աջակցության ծրագրի շրջանակում։ Ջերմատնային տնտեսության համար հատկացվել է 500 քմ տարածք, որից 100 քմ նախատեսված է մշակաբույսերի գիտական փորձերի համար, իսկ 400 քմ կօգտագործվի բանջարաբոստանային սածիլների աճեցման համար։ Ջերմատան հարակից տարածքում պետական աջակցության ծրագրով հիմնվել է ինտենսիվ այգի, որտեղ հիմնականում աճեցվում է սալոր ու խնձոր։ Այցի ընթացքում կայանի աշխատակիցները ներկայացրել են այստեղ իրականացվող գիտափորձարարական աշխատանքները, որոնք ուղղված են մասնավորապես լոլիկի և վարունգի հիբրիդային սորտերի ստեղծմանը։ Կայանում աշխատանքներ են տարվում նաև կարտոֆիլագործության ոլորտում․ ռուսական «Ֆատ-Ագրո» կազմակերպությունից ներկրվել են կարտոֆիլի շուրջ 16 սորտեր, որոնցով կատարվել է փորձնական ցանք։ Հետագայում տեղական բնակլիմայական պայմաններին առավել լավ հարմարվող սերմերը կներդրվեն Գյումրիի սելեկցիոն կայանի արտադրական ցիկլում։ «Արդյունքում մենք կունենանք ներկայումս Եվրոպայից ներկրվող սերմերի գրեթե կրկնակի էժան էլիտային սերմեր, որոնք որակով ևս չեն զիջի եվրոպական սերմերին», - նշել է Դավիթ Մարտիրոսյանը։  Կայանում քայլեր են ձեռնարկվում նաև տոհմային անասնաբուծության զարգացման ուղղությամբ․ հիմնվել է տոհմային տնտեսություն, որտեղ հիմնականում կբուծվեն մաքրացեղ կենդանիներ՝ տեղական Կովկասյան գորշ,  հոլշտեյն, սիմենթալ և այլ ցեղի խոշոր եղջերավոր կենդանիներ։ Ընթացքի մեջ է պետական աջակցության ծրագրով կառուցվող անասնաշենքի շինարարությունը։ Դավիթ Մարտիրոսյանի խոսքով՝ 42 գլուխ կենդանու համար նախատեսված անասնաշենքում ներդրվելու են ժամանակակից սարքավորումներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ապահովել սանիտարահիգիենիկ չափանիշներին համապատասխանող կաթի արտադրություն։    Ընկերության դաշտերում պաշտոնյաները հետևել են բերքահավաքի աշխատանքներին, ծանոթացել արտադրված ցորենի, գարու, առվույտի և կորնգանի պահեստավորման և պահպանման պայմաններին։ Ամփոփելով այցի արդյունքները՝ Տիգրան Գաբրիելյանը նշել է․ «Էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է Գյումրիի սելեկցիոն կայանի գործունեությունը, քանի որ այն լավ նախադրյալներ է ստեղծում հանրապետությունում տեղական սերմնաբուծության զարգացման համար՝ նպաստելով հանրապետությունում պարենային անվտանգության ապահովմանը»։ Փոխնախարարը նաև ընդգծել է, որ ընկերության կողմից ինտենսիվ այգեգործության, ջերմոցաշինության, «խելացի» անասնաշենքերի կառուցման և տոհմային տավարաբուծության ոլորտներում պետական օժանդակության գործիքակազմի կիրառման հաջող փորձը կարող է օրինակելի դառնալ այդ ծրագրերի այլ պոտենցիալ շահառուների համար։ Այցի ամփոփման ընթացքում քննարկվել է նաև Գյումրիի սելեկցիոն կայանի տարածքում գյուղական տուրիզմի զարգացման հնարավորությունը։
11:23 - 31 հուլիսի, 2020