#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Եթե նույնիսկ վերցնենք մանդատները, շարունակելու ենք պայքարն այս իշխանությունների դեմ և չենք հրաժարվելու փողոցից․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

Եթե նույնիսկ վերցնենք մանդատները, շարունակելու ենք պայքարն այս իշխանությունների դեմ և չենք հրաժարվելու փողոցից․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Մեր մոտեցումներում որևէ բան չի փոխվել, մենք շարունակում ենք պնդել, որ այս իշխանության վերարտադրությունը աղետի  է բերելու մեր երկրին, և մենք բոլոր հնարավոր միջոցներով և գործիքակազմով պայքարելու ենք այս իշխանության դեմ։ Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հետընտրական շրջանում դաշինքի առաջիկա անելիքներին։ «Կլինի խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս, օդում, ջրում, ցամաքում բոլոր հնարավոր միջոցներով՝ իբրև երկրորդ ընդդիմադիր խոշոր բլոկ, ամեն ինչ անելու ենք և պայքարելու ենք այս իշխանության դեմ»։ Անդրադառնալով  հարցին՝ արդյոք մասնակից դառնալով ընտրություններին՝ իրենք չեն լեգիտիմացրել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, Սաղաթելյանը ընդգծեց, որ «Հայրենիքի փրկության» շարժման պահանջների մեջ երբեք չի եղել ընտրությունների գնալու հարցը։ «Մեր պահանջն այլ է եղել, և մենք փողոցում 6 ամիս պայքարել ենք և  որևէ պայմանավորվածության մեջ չենք մտել նրանց հետ։ Ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման համար այլ տարբերակ չունենալով՝ նշանակվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Եթե մեր չմասնակցելով այդ ընտրությունները չէին կայանալու, ապա մենք չէինք մասնակցի, բայց մեր մասնակցությամբ պայմանավորված չի եղել՝ այդ ընտրությունները կկայանան, թե ոչ»։ Սաղաթելյանը շեշտեց, որ նույնիսկ մանդատները վերցնելու պարագայում իրենք շարունակելու են պայքարը այս իշխանությունների դեմ և չեն հրաժարվելու փողոցից: «Մենք բոլոր միջոցներով այս իշխանության դեմ պայքարելու ենք, և դա չի քննարկվում։ Խորհրդարանը և մանդատը լինելու են լրացուցիչ գործիքակազմ մեր պայքարին ավելի մեծ թափ տալու համար։ Նորից եմ կրկնում՝ մենք այս ընտրություններին չենք մասնակցել մանդատներ վերցնելու համար, այո մասնակցել ենք ամբողջական իշխանություն վերցնելու համար։ Մենք խոսել ենք պետականությունից, տնտեսությունից, անվտանգությունից, Արցախից, իսկ դիմացինը շարունակել է ղժղժալ և մի հատված գնացել, քվեարկել է, մնացածն էլ վարչական ռեսուրսի համատարած օգտագործում է եղել»։ Խոսելով Արմեն Չարչյանի կալանավորման մասին՝ Սաղաթելյանը նշեց, որ այն հոդվածով, որով մեղադրում են Չարչյանին, ՀՀ բոլոր մարզպետները պետք է ցմահ դատապարտվեն։ Շարունակությունը՝ tert.am-ում
13:02 - 22 հունիսի, 2021
Իրանը Հայաստանին շնորհավորել է հաջող ընտրությունների կապակցությամբ և բարեկամական հարաբերությունների ընդլայնման հույս հայտնել |1lurer.am|

Իրանը Հայաստանին շնորհավորել է հաջող ընտրությունների կապակցությամբ և բարեկամական հարաբերությունների ընդլայնման հույս հայտնել |1lurer.am|

1lurer.am: Իրանի արտգործնախարարությունը շնորհավորել է Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրությունները հաջող անցկացնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով ընդլայնել երկու հարևան երկրների բարեկամական հարաբերությունները՝ փոխանցում է իրանական Tasnim գործակալությունը: Այսօր հրապարակված հայտարարության մեջ Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հայ ժողովրդին ու հաղթած քաղաքական ուժին շնորհավորել է խորհրդարանի արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: ԱԳՆ խոսնակը հաղթող ուժին հաջողություն է մաղթել Հայաստանի զարգացման, երկրի ներսում կայունության և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում: Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Երևանի հետ հարաբերությունների խթանումը չափազանց կարևոր է պաշտոնական Թեհրանի համար: Իրանցի խոսնակը հույս է հայտնել, որ Հայաստանում նոր խորհրդարանի և նոր կառավարության ձևավորումը կընդլայնի երկու հարևան երկրների բարեկամական հարաբերությունները:
12:25 - 22 հունիսի, 2021
Ընտրությունների արդյունքները պայմանավորված էին համատարած ատելության մթնոլորտով, իրավախախտումներով, սպառնալիքներով և անարդարությամբ․ ՔՈ ՍԴԿ

Ընտրությունների արդյունքները պայմանավորված էին համատարած ատելության մթնոլորտով, իրավախախտումներով, սպառնալիքներով և անարդարությամբ․ ՔՈ ՍԴԿ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Շնորհակալություն ենք հայտնում մեզ տրված յուրաքանչյուր քվեի համար։ Մեր գրանցած արդյունքը ընկալում ենք որպես մեր ծավալած գործունեության գնահատականը՝ իր դրական և բացասական իմաստներով։ Առաջիկա շրջափուլը հետևությունների և վերարժևորման, նոր մտքերի և գործելու շրջափուլ է լինելու։ Ընտրությունների արդյունքները պայմանավորված էին համատարած ատելության մթնոլորտով, իրավախախտումներով, սպառնալիքներով և անարդարությամբ։ Այսպիսի միջավայրում անցկացված ընտրությունները միայն ձևականորեն կարելի է համարել ժողովրդավարական։Այդուհանդերձ, ընտրությունների արդյունքները արտահայտում են մեր ժողովրդի վախերն ու ուժերի ընդհանուր հարաբերակցությունը, ինչը մենք ի գիտություն ենք ընդունում։ Այո, մենք ցավով ենք ընդունում մեր ժողովրդի այս որոշումը, որի հետևանքների համար պատասխանատվություն կրելու է յուրաքանչյուր քաղաքացի՝ այդ թվում և մենք։ Շարունակում ենք մնալ մեր երկրի վերակառուցման նպատակին հավատարիմ և ամեն օր գործելու ենք հանուն մեր ծրագրերի իրականացման»։
12:15 - 22 հունիսի, 2021
Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում․ Ռոբերտ Քոչարյան

Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում․ Ռոբերտ Քոչարյան

Պետք է խոստովանեմ, որ ընտրության արդյունքները մեզ համար անսպասելի էին, կարծում եմ, որ անսպասելի էին շատ շատերի համար առաջին հերթին այն պատճառով, որ տարբեր կազմակերպությունների բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց էին տալիս այլ պատկեր, նույն Գելլափի հարցումները, որին չի կարելի կասկածել իմ նկատմամբ սիմպատիաների մեջ։ Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ իրենք պետք է փորձեն գտնել բացատրություն, և ենթադրում են, որ այնուամենայնիվ եղել են զանգվածային խախտումներ։ Նրա խոսքով՝ իրենք ակնհայտ տեսել են վարչական ռեսուրսի կիրառում և այդ պատճառով դիմելու են ՍԴ՝ ընտրությունների արդյունքները քննարկելու համար, հիմա իրենց շտաբների կողմից հավաքագրվում են բոլոր այդ նյութերը և երևի այս մի քանի օրվա ընթացքում ի մի կբերեն և էլ ավելի լավ կպատկերացնեն, թե ինչ ծավալի բողոք է լինելու։ «Արդյունքների մասին մեկ այլ կոնտեքստով․ համոզված եմ, որ այն մանդատը, որ ստացել է այս իշխանությունը, այս իշխանության նկատմամբ մանդատ չէ։ Ի դեպ, մեր բոլոր հանդիպումները եղել են և՛ ավելի մարդաշատ, քան իշխանության ներկայացուցիչների հանդիպումները, և՛ ավելի մեծ էներգետիկայով, քան իշխանության բոլոր հավաքները։ Ես իմ անձնական կարծիքը կասեմ, իմ տպավորությունն այն է, որ այստեղ աշխատեց մի գործոն՝ նախկին իշխանությունների վերադարձի գործոնը, և այդ գործոնը էապես ուժեղացրեց այն գործոնը, որ երեք նախկին նախագահ մասնակցում էին ընտրություններին՝ երկուսը գլխավորելով ցուցակները, երրորդը՝ շատ ակտիվ քարոզարշավին մասնակցելով»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք չկարողացան կոտրել այդ հանգամանքը, քանի որ քարոզարշավը շատ կարճ էր, չէին հասցնում և գյուղական վայրերում քիչ հանդիպումներ ունեցան։ Քոչարյանը նկատեց, որ իշխանությունը ավելի շատ մեծ արդյունքներ է գրանցել գյուղական վայրերում․ «Կարծում եմ՝ մեկ-երկու շաբաթ ավելի երկար քարոզարշավ անելու դեպքում մենք կկարողանայինք այդ պատկերացումը փոխեինք»: Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ մարդիկ, այնուամենայնիվ, վերջին պահին, մտահոգություն ունենալով այդ տեսանկյունից, գնացին և քվեարկեցին ներկա իշխանությունների օգտին․ «Սա երևի հեղափոխության վերջին փամփուշտն էր, բայց չեմ կարծում, որ իշխանությունը ճիշտ է գնահատում իրավիճակը. նրանք կարծում են, որ սա նոր մանդատ է իրենց համար, բայց դա ավելի շատ հակառակ մանդատ էր»։ Անդրադառնալով մանդատները վերցնել-չվերցնելու հարցին՝ Քոչարյանն ասաց, որ դաշինքում վերջնական որոշում այս հարցի վերաբերյալ չունեն։ «Ես կարող եմ ասել իմ անձնական կարծիքը․ երեկ քննարկում էինք, և Սեյրան Օհանյանը մի հետաքրքիր համեմատություն բերեց, որ մարտական գործողությունների ժամանակ եթե ամբողջական խնդիր չի լուծվում, և դու պահում ես ինչ-որ խրամատներ, ապա պիտի այդ խրամատները ոչ թե պահես, այլ ամրացնես հետագա գրոհի համար։ Հիմա պատերազմ չի, բայց քաղաքական պայքար է, և այդ համեմատությունը կարելի է ավելի մեղմ տերմիններով կիրառել նաև այս պարագայում»,- ասաց նա։ Պատասխանելով նաև լրագրողի հարցին՝ նա ասաց․ «Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում»։
11:34 - 22 հունիսի, 2021
«Ազատ հայրենիք» դաշինքի մաս կազմող «Պահպանողական» կուսակցությունը չի վիճարկում ընտրությունների արդյունքները

«Ազատ հայրենիք» դաշինքի մաս կազմող «Պահպանողական» կուսակցությունը չի վիճարկում ընտրությունների արդյունքները

«Ազատ հայրենիք» նախընտրական դաշինքի մաս կազմող «Պահպանողական» կուսակցությունը, ելնելով Հայաստանում քաոս ստեղծելու ռուս-թուրքական պրոյեկտը խափանելու հրատապությունից, չի վիճարկում ԱԺ արտահերթ ընտրության արդյունքները և կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ոչ մի դեպքում չմասնակցել հետընտրական փողոցային կամ իրավական որևէ խժդժության: Այս բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Պահպանողական» կուսակցության կենտրոնական խորհուրդը:  Նաև նշվում է, որ այսու «Պահպանողական» կուսակցությունը համարում է դաշինքի կազմում իր առաքելությունն ավարտված և հաջողություններ է մաղթում գործընկեր կուսակցություններին:  Պահպանողական կուսակցությունը ստեղծված նոր իրավիճակում մշտապես բաց է ՀՀ քաղաքական միավորների հետ համագործակցության՝ պետության համար արդյունավետ զարգացումներ և նոր ազգային օրակարգ գեներացնելու նպատակով: Ավելի վաղ «Ազատ հայրենիք» դաշինքը առանձին հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ դաշինքը չի ճանաչում ընտրությունների արդյունքը։
10:54 - 22 հունիսի, 2021
«Ազատ հայրենիք» դաշինքը չի ճանաչում ԱԺ ընտրությունների արդյունքը |armtimes.com|

«Ազատ հայրենիք» դաշինքը չի ճանաչում ԱԺ ընտրությունների արդյունքը |armtimes.com|

armtimes.com: «Ազատ հայրենիք» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ դաշինքը չի ճանաչում ընտրությունների արդյունքը։ Հայտարարությունը՝ ստորև․ «Ազատ հայրենիք» դաշինքը չի ճանաչում ընտրությունների արդյունքը։ Մենք միավորեցինք մեր կուսակցությունների ուժերը՝ նպատակ ունենալով «արտահերթ խորհրդարանական ընտրություններ» կոչվող միջոցառումը օգտագործել ազգօգուտ գործունեություն ծավալելու՝ երկրում վիճակը արմատապես բարեփոխելու համար։ Սակայն, հունիսի 20-ի քվեարկությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ գործող սահմանադրությամբ և դրանից բխող հակաիրավական ընտրական օրենսգրքով, սպառնալիքներով և բարոյահոգեբանական ճնշումներով ուղեկցվող մթնոլորտում հնարավոր չէ իրականացնել ժողովրդավարական ընտրություններ»։ Նշենք, որ «Ազատ հայրենիք» նախընտրական դաշինքի մաս կազմող «Պահպանողական» կուսակցությունը, ելնելով Հայաստանում քաոս ստեղծելու ռուս-թուրքական պրոյեկտը խափանելու հրատապությունից, չի վիճարկում ԱԺ արտահերթ ընտրության արդյունքները և կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ոչ մի դեպքում չմասնակցել հետընտրական փողոցային կամ իրավական որևէ խժդժության:
10:47 - 22 հունիսի, 2021
ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանում ընտրությունների արդյունքները կնպաստեն Անդրկովկասում կայունությանն ու անվտանգությանը․ Զախարովա |azatutyun.am|

ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանում ընտրությունների արդյունքները կնպաստեն Անդրկովկասում կայունությանն ու անվտանգությանը․ Զախարովա |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կնպաստեն երկրի զարգացմանը, Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև Անդրկովկասում կայունությանն ու անվտանգությանը: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը տարածվել է երեկ: «Հուսով ենք, որ ընտրական գործընթացի արդյունքները դրանց օրենսդրական ձևավորումից հետո կնպաստեն Հայաստանի աստիճանական զարգացմանը, ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ինչպես նաև ամբողջ Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանը, առաջին հերթին` Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական կատարման համատեքստում»,- ասվում է մեկնաբանության մեջ: Զախարովան շեշտել է՝ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլխոմ Նեմատովը նշել է, որ ընտրություններն անցել են օրենքին համապատասխան, և չկան խոշոր խախտումներ, որոնք կարող են ազդել քվեարկության արդյունքների վրա: «Նմանատիպ գնահատականներ են հնչեցել ՀԱՊԿ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունները»,- ավելացրել է նա:
10:32 - 22 հունիսի, 2021
Կոչ ենք անում հայերին, անկախ քաղաքական դիրքորոշումից, հարգել այս ընտրությունների արդյունքները և խուսափել քաղաքական վրեժխնդրությունից. Պետդեպի խոսնակ |tert.am|

Կոչ ենք անում հայերին, անկախ քաղաքական դիրքորոշումից, հարգել այս ընտրությունների արդյունքները և խուսափել քաղաքական վրեժխնդրությունից. Պետդեպի խոսնակ |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ: «Ողջունում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) դիտորդական առաքելության ընդհանուր դրական գնահատականը: Գոհ ենք այն առումով, որ ԺՀՄԻԳ նախնական եզրակացության մեջ նշվում է, որ ընտրողների իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգվել են, մասնակիցներն ազատ քարոզարշավ իրականացնելու հնարավորություն են ունեցել, և ԺՀՄԻԳ-ը դրական է գնահատել ընտրությունների օրը կայացած ձայների հաշվարկը: Կիսում ենք ԺՀՄԻԳ մտահոգությունն առանցքային մասնակիցների միջև բորբոքիչ հռետորաբանության և ինտենսիվ բևեռացման վերաբերյալ: Կոչ ենք անում բոլոր հայերին` անկախ քաղաքական դիրքորոշումից, հարգել այս ընտրությունների արդյունքները, գործի դնել բողոքարկման իրավական գործընթացը` անդրադառնալու մտահոգիչ հարցերին և խուսափել քաղաքական վրեժխնդրությունից, քանի որ Հայաստանը շարունակում է ձգտել ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ ապագայի»,- ասվում է հայտարարության մեջ: Շարունակությունը՝ tert.am-ում։
10:08 - 22 հունիսի, 2021
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի ճանաչում արտահերթ ընտրությունների արդյունքները

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի ճանաչում արտահերթ ընտրությունների արդյունքները

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել չի ճանաչում արտահերթ ընտրությունների արդյունքները։ Այս մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ։ «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2021 թվականի մայիսի 31-ին կայացրել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը գրանցելու մասին» թիվ 101-Ա որոշումը, որով գրանցել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։ Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Տիգրան Գրիշայի Արզաքանցյանը (1-ին հերթական համար) գրանցվել է պատգամավորի թեկնածու։ Ինչպես նախընտրական ժամանակահատվածում, այնպես էլ ընտրությունների օրը, իշխանությունների գործողությունները միտված են եղել թուլացնելու իրենց ընդդիմախոսներին։ Հայաստանի դեմոկրատական կուսակցության դեմ այդ գործողությունները դրսևորվել են, մասնավորապես, նրանում, որ դեռևս 2021 թվականի հունիսի 2-ին (այս մասին, ի դեպ, պարզ է դարձել միայն 2021 թվականի հունիսի 10-ին) ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից սեփական նախաձեռնությամբ հարուցվել է ոչ իրավաչափ վարչական վարույթ, որը միտված է եղել Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Տիգրան Գրիշայի Արզաքանցյանի (1-ին հերթական համար), որպես պատգամավորի թեկնածուի, գրանցումն անվավեր ճանաչելուն։ Ընդ որում, լավ հասկանալով ընտրական գործընթացների սեղմ ժամկետները, ինչպես նաև թեկնածուի կողմից պետական մարմինների գործողությունների և նրանց կողմից կայացված վարչական ակտերի բողոքարկման արդյունքում ընտրական գործընթացների առանձնահատկությունների հաշվառմամբ առաջացող իրավական փակուղիները, պատկան մարմիններն արել են հնարավորը, որպեսզի Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Տիգրան Գրիշայի Արզաքանցյանը (1-ին հերթական համար) զրկված լինի իր իրավունքների խախտումները վերականգնելու և ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Իսկ իշխանությունների կողմից ամեն գնով վերարտադրվելու ձգտումը դրսևորվել է նաև ընտրությունների օրը տեղի ունեցած բազմաթիվ խախտումներով։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հայտարարում է, որ չի ճանաչում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները»,-ասված է հայտարարության մեջ։
00:25 - 22 հունիսի, 2021
Դիտորդները չպետք է լինեն փաշինյանական «Քաղաքացիական պայմանագրի» դակիչ․ «Հայաստան» դաշինք

Դիտորդները չպետք է լինեն փաշինյանական «Քաղաքացիական պայմանագրի» դակիչ․ «Հայաստան» դաշինք

Դիտորդները չպետք է լինեն փաշինյանական «Քաղաքացիական պայմանագրի» դակիչ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։   «Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգի արդյունքներով միջազգային դիտորդական առաքելությունը հունիսի 21-ին մամուլի ասուլիսում ներկայացրեց իր նախնական հետընտրական հայտարարությունը: Դիտորդները նշել են, որ ընտրությունները հիմնականում պատշաճ են անցկացվել, սակայն որոշ էական մտահոգություններ, այնուամենայնիվ, առկա են: Այսօր «Հայաստան» դաշինքը հայտարարեց, որ հրաժարվում է ընդունել ընտրությունների արդյունքները, որոնք նախատեսվում է բողոքարկել Հայաստանի Սահմանադրական դատարանում: Դաշինքը նաև ջանք կգործադրի ընտրությունների մյուս մասնակիցներին մոբիլիզացնելու ուղղությամբ` ինչպես ընտրությունների արդյունքները բողոքարկելու, այնպես էլ ընտրական գործողությունների տարբեր դրվագներ վիճարկելու նպատակով: «Հայաստան» դաշինքը պարբերաբար լուրջ մտահոգություններ է ներկայացրել միջազգային հանրությանը նախընտրական արշավի ընթացքում իշխող ուժի կողմից համակարգային խախտումների վերաբերյալ: Դաշինքը նաև համոզիչ ապացույցներ տրամադրեց ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելությանը և Հայաստանում գործող այլ օտարերկրյա առաքելությունների: Խախտումները ներառում էին պաշտոնական դիրքի չարաշահում, վարչական ռեսուրսների չարաշահում, ատելության խոսքի տարածում, քրեական արդարադատության չարաշահումներ և այլն: 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները հակասում են 1990 թվականի Կոպենհագենի փաստաթղթով ամրագրված սկզբունքներին, ինչպես նաև այլ միջազգային պարտավորություններին։ Հարկ է արձանագրել, սակայն, որ մտահոգությունները մնացին ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների կողմից անպատասխան։ Ակնհայտ է, որ միջազգային դիտորդներին չի հաջողվել պահպանել անկողմնակալության և անկախության նվազագույն պահանջները։ Միջազգային դիտորդները չպետք է լոկ դակիչ լինեն Փաշինյանի քաղաքացիական պայմանագրի համար: Այս ընտրությունների արդյունքները, ըստ էության, փաստում են, որ հասարակության հավատը ընտրական այս գործընթացի նկատմամբ խարխլվել է խոշոր հակասությունների պատճառով, որոնք ավելի են ընդգծում հրատապ փոփոխությունների անհրաժեշտությունը: Զարմանալի չէ, որ շատ ընտրողներ մտահոգված են ընտրությունների լեգիտիմությամբ և դրանց արդյունքների ճշգրտությամբ։ Ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահությունը կարևոր նշանակություն ունի ընտրություններին մասնակցության և դրա արդյունքների ընդունման ապահովման տեսանկյունից: Սա խիստ կարևոր է, երբ ընտրությունները տեղի են ունենում այնպիսի բարդ պայմաններում, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի 2020 թվականի պատերազմը, հատկապես երբ գրանցվում են քաղաքական բևեռացման նման բարձր մակարդակներ»,-ասված է հայտարարության մեջ։
23:09 - 21 հունիսի, 2021
Վաղը առավոտվանից քաղաքական խորհրդակցություններ եմ սկսում խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, ովքեր երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն․ Նիկոլ Փաշինյան

Վաղը առավոտվանից քաղաքական խորհրդակցություններ եմ սկսում խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, ովքեր երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն․ Նիկոլ Փաշինյան

Երկրորդ առաջարկն եմ անում հանրային, քաղաքական կյանքի ձեզ հայտնի մասնակիցներին․ Դուք գիտեք, որ ժողովրդից գողացվածի վերադարձը մեր հրատապ օրակարգն է միշտ եղել։ Նախորդ երեք տարիների ընթացքում մենք ոչ մեկից ոչ մի բան չենք խլել, չնայած կաորղ էինք։ Մենք ցանկացել ենք, որ երկրում գործեն ինտիտուտներ, որոնք դուրս կլինեն անձերի և անհատների քմահաճույքից, և այսօր արդեն «Ապօրինի գույքի բռնագանձման» մեխանիզմը գործարկված է, որը անխուսափելի գործելու է։ Բայց ես իմ նախորդ առաջարկի տրամաբանության մեջ ուզում եմ առաջարկել բոլոր այդօրինակ մարդկանց և հիշեցնել, որ մեր ընդունած օրենսդարական փոփոխությունների արդյունքում մարդիկ, ովքեր ունեն նմանատիպ խնդիրներ, կարող են բանակցել պետության հետ գողացվածը ինքնակամ վերադարձնելու վերաբերյալ, և ես բոլոր այդ մարդկանց կոչ եմ անում հենց էսօրվանից չկորցնել հնարավորությունը և չհասցնել նրան, որ պետական թափանիվները սկսեն գործել։  Այս մասին այսօր ՔՊ կուսակցության հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Իր ելույթում Փաշինյանը մասնավորապես ասաց․ «Վաղը առավոտվանից քաղաքական խորհրդակցություններ եմ սկսում խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, ովքեր երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն։ Եվ ես նաև հույն ունեմ, որ ժողովուրդը այս մանդատը տալիս է ինձ, որովհետև մենք, այո՛,  մեր երկրի և ժողովրդի պատմության այս փուլում պիտի գնանք մեր մշակութային, գիտական, տնտեսական, բիզնես, հանրային և քաղաքական ներուժի համախմբմանը։ Ես նման երկխոսության կոչ եմ անում նաև բոլոր այն կառույցներին, սեգմենտներին, որոնց հետ մենք այս ընթացքում բանավեճ և հակադրություն ենք ունեցել։ Մենք պարզում ենք ձեզ համախմբման մեր ձեռքը՝ ընդգծելով, որ դա չի կարող որևէ կերպ կասկածի տակ դնել ժողովրդի առաջ մեր ստանձնած պարտավորությունը՝ գործադրելու պողպատե մանդատը և Հայաստանում հաստատելու իրավունքի և օրենքի դիկտատուրա։  Ես հոգևոր և կազմակերպչական երկխոսության կոչ եմ անում նաև մեր երկրի հոգևոր առաջնորդներին, որովհետև հավատում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ խորհրդարանական ընտրություններում՝ ձայն բազմաց, ձայն Աստծո, և Աստծո ձայնին, առավել ևս, որևէ հոգևոր սպասավոր հակադրվելու իրավունք չունի։ Եվ մենք պիտի նորոգենք մեր երկրի հոգևոր կյանքը նույնպես»։  Փաշինյանի խոսքով, ոմանք փորձեցին նորից իրենց նեղ քաղաքական նպատակների համար հակադրություններ սերմանել Արցախի և Հայաստանի հայության միջև և ընդգծեց, որ դա անթույլատրելի է։ Հայ ժողովուրդը, Հայաստանի կառավարությունը եղել է, կա և կլինի Արցախի կողքին, Արցախի ժողովրդի կողքին։ Փաշինյանը տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարությունը, սյուռքը համատեղ մեկնարկել են Արցախի կառավարության հետ 100 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր Արցախում՝ բնակարանաշինության ենթակառուցվածքների համար, դա ավելին է, քան 1990 թվականից ի վեր Արցախում կատարված բոլոր ներդրումները միասին վերցրած։ Խոսքը վերաբերում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացված ներդրումներին։ «Հայաստանում ճգնաժամը հաղթահարված է, և մենք բոլորով վերադառնում ենք Արցախի Հանրապետությանը զորավիգ լինելու, մեր բանակը բարեփոխելու, մեր երկրի տնտեսությունը զարգացնելու, մեր խոստացած 500 մանկապարտեզները և 300 դպրոցները, 2600 կմ ճանապարհները կառուցելու, առնվազն 7% տնտեսական աճ արձանագրելու, պետական բյուջեի եկամուտները մեծացնելու, Հայաստանը և Հայաստանցիներին հարստացնելու աշխատանքին»,- եզրափակեց Փաշինյանը։  Ես ասում էի ձեզ, որ չի լինելու հետընտրական պրոցես, և հետընտրական պրոցես չկա ու չի լինելու, որովհետև ընտրությունները տեղի են ունեցել օրինական, արդար, և ժողովուրդը կայացրել է իր որոշումը։ Ժողովրդի կայացրած որոշման հետ պարզապես անհրաժեշտ է հաշվի նստել։
22:26 - 21 հունիսի, 2021
Հույս ունեմ՝ այսօր կարձանագրենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանում սկսված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է․ Նիկոլ Փաշինյան

Հույս ունեմ՝ այսօր կարձանագրենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանում սկսված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ՔՊ կուսակցության հանրահավաքին․ «Մենք ասում էինք, որ ժողովուրդը ցույց կտա, որ իր դեմ խաղ չկա, և ժողովուրդը ցույց տվեց, որ իր դեմ խաղ չկա։ Եվ մենք ասում էինք այդ նույնը ոչ միայն ընդհանուր Հայաստանի ժողովրդի մասին, այլ մարզ առ մարզ, և ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այսինքն՝ ժողովուրդը, հաղթել է Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզում, Արարատի մարզում, Արմավիրի մարզում, Շիրակի մարզում, Արագածոտնի մարզում, Լոռվա մարզում, Տավուշի մարզում, Գեղարքունիսի մարզում, նույնիսկ Կոտայքի մարզում և Երևան մայրաքաղաքում։  Այսօրվա հանրահավաքով մենք ամփոփում ենք նախընտրական քարոզարշավը, ընտրությունները։ Ես հույս ունեմ, որ մենք փաստացի այսօր կարձանագրենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանում սկսված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, և մենք վաղվանից վերադառնում ենք լիարժեք աշխատանքի։  Բայց պիտի արձանագրենք, որ պայմանները և միջավայրը այսօր էականորեն փոխված են, որովհետև Հայաստանի Հանրապետությունը մեր կառավարությանը, քաղաքական էս թիմին տվել է մանդատ երկրում հաստատելու իրավունքի և օրենքի դիկտատուրա։ Ժողովուրդը իրականացրել է պողպատե հեղափոխություն։ Ուզում եմ արձանագրել, որ հեղափոխությունից հետո արդեն երկրորդ անգամ մենք Հայաստանում իրականացրել ենք այնպիսի խորհրդարանական ընտրություններ, որ միջազգային բոլոր և տեղական բոլոր դիտորդների համաձայն՝ համապատասխանել են ժողովրդավարության չափանիշներին և եղել են լիովին օրինական։ Դիտորդները այնումենայնիվ մի հանգամանք նշել են, և մենք դա բոլորս գիտենք, որ, այո՛ այս քարոզչության, ընտրությունների ընթացքում կիրառվել է որոշակի ագրեսիվ հռետորաբանություն։ Ես հիմա նույնիսկ չեմ ուզում, որ մենք քննենք՝ ով սկսեց և ինչու։ Ուզում եմ կոչով դիմել քաղաքական գործընթացի և հանրային գործընթացի բոլոր մասնակիցներին․ Հայաստանի ժողովուրդը կայացրել է իր որոշումը, ստեղծել է նոր քաղաքական իրադրություն և նոր քաղաքական իրավիճակ, և այդ իրավիճակի առաջին կետը և հանգրվանը հետևյալն է․ ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, քաղաքական, հանրային մասնակիցներին սկսել մի պարզ կետից՝ վերջ դնել հայհոյախոսությանը։ Ես առաջին հերթին մեր քաղաքական համախոհներին եմ կոչ անում, որ վերջ դնենք հայհոյախոսությանը, որոհետև Հայաստանի և Արցախի պատմության մեջ  նոր էջ է բացվում և մենք պետք է այդ էջը սկսենք ազգային և հանրային ներուժի համախմբմամբ, իրապես ժողովրդավար արժեքների, ազգային և պետական արժեքների վերահաստատմամբ։ Այո՛, ես ասում եմ, որ ինքս էլ օբյեկտիվ և սուբյելտիվ պատճառներով, գուցե ստիպված, գուցե կամա, գուցե ակամա չեմ խուսափել այդ տրամաբանությունից։ Բայց ես առաջինը ինքս եմ ստանձնում էդ պարտավորությունը և կոչ եմ անում մեր բոլոր կողմնակիցներին վերջ դնել հայհոյախոսությանը, անհարկի ագրեսիվությանը, անհարկի թշնամանքին, որովհետև մեքն լրջագույն մարտահրավերների առաջ ենք, և մենք պետք ա մեր պետականության կառուցման այս նոր և հրաշալի էջը բացենք։ Սա ամենևին չի նշանակում, սակայն, թե մենք նախկինում ժողովրդի առաջ մեր ստանձնած որևէ պարտավորությունից կհրաժարվենք։ Հայաստանում լինելու է անառարկելի օրինականություն, կարգուկանոն և պատասխանատվության անխուսափելիություն։
21:49 - 21 հունիսի, 2021
Տեղի է ունեցել ժողովրդի ընտրություն, հաղթել է ժողովուրդը, և ես շնորհավորում եմ խորհրդարան անցած բոլոր երեք կուսակցություններին. Սամվել Բաբայան

Տեղի է ունեցել ժողովրդի ընտրություն, հաղթել է ժողովուրդը, և ես շնորհավորում եմ խորհրդարան անցած բոլոր երեք կուսակցություններին. Սամվել Բաբայան

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել հաղթած քաղաքական ուժերին և ետընտրական կոչ է արել ժողովրդին։ «Հարգելի' հայրենակիցներ, մի քանի օր առաջ ես ասել եմ, որ այս ընտրություններում հաղթողներ և պարտվողներ չեն լինելու, քանի որ  ցանկացած դասավորումների դեպքում  հաղթելու է ժողովուրդը, որովհետև ընտրությունը կատարում է ժողովուրդը:  Այսօր ես կրկնում եմ`տեղի է ունեցել ժողովրդի ընտրություն, հաղթել է ժողովուրդը, և ես ձեզ շնորհավորում եմ, հարգելի' հայ ժողովուրդ: Թո'ղ ձեր բոլոր սպասումներն իրականանան: Հատուկ երախտագիտությունս եմ հայտնում իմ ընտրողներին. 14.935 ընտրողներից յուրաքանչյուրին, ով իր ձայնը տվեց ինձ և մեր «Ազատական» կուսակցությանը, ով հավատաց և ընդունեց մեր Միասնական Հայրենիքի զարգացման իմ ծրագրին: Ես միշտ ձեզ հետ եմ և միշտ ծառայելու եմ իմ ժողովրդին: Ես հպարտ եմ իմ  հանդեպ ունեցած ձեր վստահությամբ և ձեր այն անսասան համոզմամբ, որ  միշտ ձեր առաջ եղել եմ և լինելու եմ ազնիվ: Ես երբեք չեմ ստել, երբեք շահի համար իմ դիրքորոշումը չեմ փոխել, և այս նախընտրական շրջանում ես հավատարիմ եմ մնացել իմ սկզբունքներին:  Ես չեմ գնացել քաղաքական տրամադրությունների և սպասումների քմահաճույքի ետևից: Իմ ամեն մի խոսք, անկախ նրանից` ասվել է այն լրագրողների հետ զրույցում, թե ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ճշմարտություն է: Եվ միշտ այդպես կլինի: Ես շնորհավորում եմ խորհրդարան անցած բոլոր երեք կուսակցություններին և քաղաքական ուժերին. կո'չ եմ անում  ձեզ մի կողմ թողնել ձեր անձնական շահերն ու հավակնությունները և սկսել աշխատել իր ձայնը ձեզ վստահած ժողովրդի  շահերից: Այսօր ձեր վրա, որպես օրենսդրական մարմին, ծանր բեռ է ընկած: Մեզ անհրաժեշտ է Սահմանադրություն, որը ճանապարհ կբացի դեպի ուժեղ զարգացած պետություն և դրանից բխող այնպիսի օրենսդրություն, որը կբացառի դրա երկակի մեկնաբանության բոլոր հնարավորություններն ու միջոցները, որպեսզի վերջապես պաշտպանվեն յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու շահերը` անկախ նրա կարգավիճակից ու հնարավորություններից: Միայն այդ դեպքում է արմատախիլ լինելու կոռուպցիան և նրա դեմ կեղծ պայքարը: Ձեր ամեն մի ծրագիրը պետք է լինի իրագործելի և ուղղվի ժողովրդի կյանքի բարելավմանը:  Ես հույս ունեմ, որ քաղաքական ուժերն իրենց մեջ ուժ կգտնեն, որ չտանեն ժողովրդին մասնատման, չավելացնեն ցնցումներն այս դժվար ժամանակներում, այլ կհամախմբեն մեր ժողովրդին` հանուն  հզոր պետության»,- ասված է ուղերձում:
21:18 - 21 հունիսի, 2021
Պահանջում եմ բոլոր գործատուներին, ովքեր կատարել են քայլեր, որոնց համար արդեն փոշմանել են, հենց վաղը՝ առավոտ 9-ից, սկսեն վերականգնել մարդկանց իրավունքները․ Սուրեն Պապիկյան

Պահանջում եմ բոլոր գործատուներին, ովքեր կատարել են քայլեր, որոնց համար արդեն փոշմանել են, հենց վաղը՝ առավոտ 9-ից, սկսեն վերականգնել մարդկանց իրավունքները․ Սուրեն Պապիկյան

ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի ելույթը ՔՊ հանրահավաքին․ «687 414 քաղաքացի վստահության քվե է տվել, պողպատե մանդատ է տվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։ Սա ձեր հաստատակամությունն է, որ փոխանցվել է մեզ։ Նաև պիտի արձանագրենք, 2021 թվականի հունիսի 20-ի արդյունքում մենք իշխանություն դառնալու հնարավորություն ենք ստացել ոչ միայն մեզ ընտրողների համար, այլև Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար։ Մենք ևս մի անգամ պիտի արձանագրեք, որ Հայաստանի ներսում թշնամիներ չկան․ կա՛ օրենք, և Սահմանադրության ու օրենքների առաջ բոլորը հավասար են դրանից բխող բոլոր հետևանքներով։ Քարոզարշավի ընթացքում բազմաթիվ ահազանգեր, նամակներ ու բողոքներ ենք ստացել, որ ՏԻՄ-երում, մասնավոր սեկտորում ու բոլոր այն հնարավոր տեղերում, որտեղ նախկինի ուրվականներն ու իրենց համախոհներն ունեցել են հնարավորություն, մարդկանց պարտադրանքի, աշխատանքի իրավունքից զրկելու ու բազմաթիվ նմանատիպ այլ հարցեր։ Մենք խոսել ենք բազմիցս, որ հունիսի 20-ից հետո մենք կգնանք այդ մարդկանց հետևից։ Դա ամենևին նախընտրական խոստում չէր, դա Հայաստանի քաղաքացու իրավունքի վերականգնման մասին էր։ Ես անձամբ վաղվանից ձեռնամուխ եմ լինելու իմ իրավասության տիրույթում գտնվող բոլոր քաղաքացիների իրավունքի վերականգնմանը։ Ու հիմա այս ամբիոնից պահանջում եմ բոլոր այն գործատուներին, ովքեր թույլ են տվել խախտումներ կամ կատարել են քայլեր, որոնց համար ահաստատ արդեն փոշմանել են, հենց վաղը՝ առավոտ 9-ից, սկսեն վերականգնել մարդկանց իրավունքները»։  
21:03 - 21 հունիսի, 2021
Մարուքյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության

Մարուքյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ նիստում եվրոպացի գործընկերներին կոչ է արել հստակ և միանշանակ կերպով անդրադառնալ Ադրբեջանի գործողություններին, պատժամիջոցներ կիրառել՝ ընդդեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական բռնապետական ղեկավարության, Հայաստանի հետ միասնական քայլեր ձեռնարկել՝ շուտափույթ ավարտին հասցնել համար գերիների վերադարձի գործընթացը: Մարուքյանն իր ելույթում ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո մինչ այժմ ադրբեջանական իշխանությունը դեռևս չի ազատել հայ գերիներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, կանանց։ «Այսօր 13 հայ ռազմագերու դատավարություն է նշանակված Ադրբեջանում։ Այսինքն, շինծու քրեական գործեր են հարուցված նրանց դեմ Ադրբեջանում, ինչը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը. Նախագահ Ալիևը հայտարարում է, որ չի վերադարձնի ռազմագերիներին, քանի դեռ չի ստացել ականապատված տարածքների քարտեզները։ Այսինքն՝ նա քաղաքականացնում է հումանիտար հարցը և բացահայտում, որ հայ ռազմագերիները որպես պատանդ են պահվում Ադրբեջանում։ Մենք ունենք նաև տեղեկություններ այն մասին, որ որոշ հայ գերիներ (այդ թվում՝ կանայք) տանջամահ են արվել ադրբեջանական բանտերում»,-ասել է Մարուքյանը: Նա ԵԽԽՎ-ում հիշեցրել է, որ մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերն ապօրինի կերպով հատել են հայկական սահմանն ու այդ հատվածում առաջ եկել 3.5 կմ, ապօրինի առաջխաղացմամբ ամրացել ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում։ Մարուքյանը շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությունը Սև լճի տարածքում բացարձակապես անթույլատրելի է և կոպտորեն խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածը։ Պատգամավորը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության այսպիսի տևական և անօրինական խախտումները լրջորեն խոչընդոտում են այդ հայտարարության ամբողջական կիրառմանը և նոր սպառնալիքներ ստեղծում տարածաշրջանի անվտանգության ու խաղաղության համար։ «Ըստ այդմ՝ կոչ ենք անում մեր եվրոպացի գործընկերներին հստակ և միանշանակ կերպով անդրադառնալ Ադրբեջանի գործողություններին, կիրառել սանկցիաներ ընդդեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական բռնապետական ղեկավարության, մեզ հետ կատարել միասնական քայլեր՝ շուտափույթ ավարտին հասցնելու համար գերիների փոխանակման գործընթացը՝ առանց նախապայմանների և արհեստական խոչընդոտների, ինչպես շինծու քրեական գործերն են, ինչպես նաև վերահաստատելու ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ ստիպելով Ադրբեջանի ռազմական ղեկավարությանը հանել իր ստորաբաժանումները հայկական տարածքներից»,-ասել է Մարուքյանը:
19:59 - 21 հունիսի, 2021