Հայաստան

Ժամանակն է դուրս գալ կարծրատիպից, որ ՀՀ-ն վարում է վիզը ծուռ քաղաքականություն. Ալ. Սանդիկովը՝ հայ-ռուսական աղմուկի մասին |armtimes.com|

Ժամանակն է դուրս գալ կարծրատիպից, որ ՀՀ-ն վարում է վիզը ծուռ քաղաքականություն. Ալ. Սանդիկովը՝ հայ-ռուսական աղմուկի մասին |armtimes.com|

armtimes.com: Վերջերս Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվեց Ռուսաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին մի ռեպորտաժ, որի շրջանակներում մի քանի վայրկյան ժամանակ էր հատկացվել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի տեսակետին: Սա աղմուկի առիթ հանդիսացավ: Նախ, ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը քննադատությամբ հանդես եկավ, թե ահա, եղբայրական Հայաստանը եթեր է տրամադրել նացիստ Նավալնիին, որը հայերին խաչիկ է անվանում եւ ատում է նրանց: Ապա նաեւ սկսեցին քննադատություններ հնչել հայաստանյան քաղաքական որոշ շրջանակներից: Ամեն ինչ շրջվեց եւ այդ ուժերի կողմից մեկնաբանվեց այնպես, թե ՀՀ իշխանությունները դարձյալ սրում են Ռուսաստանի հետ հարաբերությունները: Եվ այդ պահին հայտնվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը հայտարարեց. «…ես՝ որպես ՀՀ ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքացի, կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները: Վստահ եմ, որ Հայաստանի զարգացման եւ մեր երկրի անվտանգության ու անկախության ամրապնդման համար մենք պետք է է՛լ ավելի խորացնենք եւ ամրապնդենք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները՝ փոխադարձ հարգանքի եւ եղբայրական դարավոր հարաբերությունների հիման վրա…»: Հայ-ռուսական հարաբերություններն արդյոք ունե՞ն փրկելու կարիք, ՀՀ իշխանությունները նախօրոք տեղյակ եղե՞լ են Հանրայինի ռեպորտաժի մասին, դա քաղաքական մեսի՞ջ էր, թե՞ սովորական լրագրողական նյութ. այս ամենի շուրջ զրուցել ենք Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգույթամբ ռուս Ալեքսեյ Սանդիկովի հետ: - Պարոն Սանդիկով, վստահաբար տեղյակ եք, որ ռուս քաղաքական գործիչ Նավալնիի մասնակցությամբ Հանրային  հեռուստաընկերության տեսանյութը առիթ հանդիսացավ, որ Հայաստանում եւ Ռուսաստանում որոշ շրջանակներ սա ընկալեն կամ համենայնդեպս ներկայացնեն որպես ՀՀ իշխանությունների կողմից մեսիջ, հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնելու փորձ եւ այլն: Նախ, ինչպե՞ս եք գնահատում տեսանյութին հաջորդած այդ աղմուկը: - Իմ համոզմամբ, Ռուսաստանում ընթացող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն լուսաբանելու հարցում Հանրային հեռուստաընկերության միտումը եւ նպատակը հնարավորինս օբյեկտիվ պատկեր (այսինքն՝ եւ իշխանական եւ ընդդիմադիր դիրքորոշումները, եւ հանրության կարծիքը ներկայացնելու) ցույց տալն էր, եւ դա տալիս էր ընդհանուր պատկերի մասին տեղեկատվություն: Անձամբ Նավալնիի առումով, անկեղծ ասած, ես ինքս էլ կիսում եմ այդ միտքը, որ պետք չէր հենց նրա տեսանյութը ընդգրկել ռեպորտաժի մեջ, որովհետեւ Նալավնու կերպարը թե հայերի համար է անընդունելի՝ որպես հայատյաց, թե Ռուսաստանում է նա ընկալվում  որպես ծայրահեղական: Այդ պատճառով միգուցե ավելի ճիշտ կլիներ այլ քաղաքական գործչի հետ հարցազրույց անելը կամ կարծիք հարցնելը, որպեսզի այն խնդիրը, որ դրված էր Հանրայինի առջեւ՝ օբյեկտիվություն, բազմակարծության, խոսքի ազատություն ապահովել տեղեկատվության առումով, այդ բոլոր խնդիրները կատարված կլինեին: Ուստի ես ինքս էլ չեմ ողջունում, որ հենց Նավալնու տեսանյութն էր ընդգրկվել, որը թույլ տվեց այդ դաշտի վրա ստեղծել հակառուսական տրամադրություններ: - Իսկ Նավալնիին եթեր տալը կարո՞ղ էր լինել քաղաքական որոշում: - Ոչ, ոչ, ոչ, ես բացարձակ չեմ կիսում այդ կարծիքը: Քանիցս թե պաշտոնական հանդիպումները, թե մեր արտգործնախարարների մակարդակով շփումները ցույց են տալիս բոլորովին հակառակը: Ես կարծում եմ այստեղ խոսքի ազատության եւ ժողովրդավարության ֆոնի վրա փորձում են արհեստական օրակարգ ստեղծել, թե ամեն ինչ վատ է հայ-ռուսական հարաբերություններում: - Ովքե՞ր եւ ինչու են ստեղծում նման օրակարգ: - Դուք ինքներդ տեսել եք, որ թե՛ ներկայիս ԱԺ ընդդիմադիր գործիչներից մի քանիսը սուր արձագանքեցին, թե՛ Ռուսաստանում մեր հայրենակիցները, բայց էլի եմ ասում, դա ավելի շատ արհեստական օրակարգ էր, թե իշխանությունների կողմից դիտավորությամբ հենց Նավալնու էսինչ ելույթը ցուցադրվեց: - Այդպիսի պնդում կար նաեւ Ռուսաստանում հայերի միության քննադատությունում: Ասվում էր, որ մտածված հակահայկական ակցիա է Հանրայինի եթերում: - Ես չեմ կիսում իրենց այդ դիրքորոշումը, ես համոզված եմ, որ այդպես չէ եւ դիտավորություն հենց Նավալնուն ցուցադրելու մեջ չի եղել: Կարծում եմ՝ ավելի հստակ մեկնաբանությունը դուք Հանրային հեռուստաընկերությունից էլ կարող եք ստանալ, դա իմ մոտեցումն է: - Պարոն Սանդիկով, իսկ ընդհանուր առմամբ հայ-ռուսական հարաբերությունները կարո՞ղ են կախված լինել որեւէ եթերից, որեւէ հայտարարությունից: - Համոզված եմ, որ ո՛չ: Իհարկե կարելի է դա դիտարկել որպես ազդակ՝ ուղղված հասարակության այս կամ այն զանգվածին: Բայց գլոբալ առումով քանիցս թե՛ վարչապետի, թե՛ մեր քաղաքական թիմի կողմից հնչեցվել է, որ ժամանակն է դուրս գալ այն կարծրատիպից, որ Հայաստանը վարում է վիզը ծուռ արտաքին քաղաքականություն մեր գործընկերների հետ՝ լինի Ռուսաստանի Դաշնություն, թե լինեն այլ երկրներ: Մենք փորձում ենք շիտակ երկխոսության ճանապարհով բոլոր կնճռոտ հարցերը կարգավորել, եւ ես համոզված եմ, որ ցանկացած գործընկեր երկրի մենք պետք ենք նույնչափ, որքան որ այդ երկիրը մեզ: Այստեղ փոխշահավետության եւ փոխըմբռնման վրա խարսխված գործընկերության մասին է խոսք գնում, ոչ թե ինչպես սոցցանցերում են սիրում՝ հպատակ կամ կայսրություն տերմիններ օգտագործելով երանգներ ապահովել այդ գործընկերության համար: - Ուղղակի եղել են դեպքեր, որ ռուսական եթերում եղած որեւէ ռեպորտաժ ներկայացվել է որպես Ռուսաստանի ղեկավարության մեսիջ՝ ուղղված իրենց հայ գործընկերներին: - Դե գիտեք, հենց այդ նույն ռեպորտաժների համատեքստում էլ, դրան զուգահեռ հնչել է պետական պաշտոնյաների արձագանքը, որ դա բոլորովին չի ներկայացնում պաշտոնական դիրքորոշումը եւ ընդամենը լրագրողների աշխատանքն է, որը բացարձակ կապ չունի պաշտոնական դիրքորոշման հետ: Կարծում եմ մեր երկրների ղեկավարները քանիցս ապացուցել են, որ եթե իրար բան ունեն ասելու, երկխոսությունը միշտ կա: Նույնիսկ երեկ մեր ընդդիմադիր գործընկերները նշում էին, որ սա միտում ունի Հայաստանում գործող ռուսական գործող ռազմաբազան այստեղից հանել: Կարծում եմ, որ գործը ապացուցում է լրիվ հակառակը, որովհետեւ հենց անցած տարի մեզ մոտ ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնական այցն էր, որի ընթացքում կրկնապատկվեց ռազմաբազայի պոտենցյալը: Այնպես որ կրկնում եմ՝ այս օրակարգը կեղծ է եւ գոյություն չունի, դա ինչ-ինչ դիվիդենտներ շահելուն միտված օրակարգ է: Շարունակությունը՝ armtimes.com-ում
10:27 - 04 հուլիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 03․07․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 03․07․20 (թարմացվող)

18:10- Համացանցում տարածվող տեղեկատվությունը, թե պարետատան որոշումով այսուհետ դիմակի վրա պետք է գրել այն կրելու ամսաթիվն ու ժամը, սուտ է։  Պարետատան մամուլի հետ կապերի պատասխանատու Մանե Գևորգյանը  հայտնեց, որ պարետատունը նման որոշում չի ընդունել, և տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ |fip.am|14:30- Պարետի կողմից սահմանված կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 62205  արձանագրություն, իսկ հուլիսի 2-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 2347 դեպք։ [Ոստիկանություն]14:16- Մարտունու բժշկական կենտրոնի կորոնավիրուսով հիվանդների բուժման նորաստեղծ բաժանմունքը շուտով կընդունի առաջին պացիենտներին [Արսեն Թորոսյան]13։32- Կորոնավիրուսով և դրա հարուցած արտակարգ հանգամանքներով պայմանավորված՝ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող 12 գրադարանները սոցիալական ցանցերի միջոցով մարտի 16-ից շուրջօրյա կապ են պահպանում ընթերցողների հետ։ Գրադարաններն առաջարկում են հայերեն ու օտարալեզու նախագծեր, թվային և տեսալսողական նյութեր՝ ընթերցողների ժամանցը բովանդակալից կազմակերպելու, ինքնակրթությունը խրախուսելու և կրթական գործընթացը տանը շարունակելու համար։ Այս օրերին գրադարանների միայն ֆեյսբուքյան էջերի հետևորդների թիվն ավելացել է 17 հազար 408-ով՝ դառնալով 57 հազար 652: Առցանց ծրագրերի 4864 հրապարակումներն ապահովել են 4 միլիոն 863 հազար դիտում: [ԿԳՄՍՆ]   13։20-  Հուլիսի 3-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 93 հիվանդ է բուժվում, նրանցից 89-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Մարզում հուլիսի 2-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք, տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1071 քաղաքացի, նրանցից 249-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, առողջացել է մարզի 281 բնակիչ։ Արձանագրվել է մահվան 21 դեպք։ [Շիրակի մարզպետարան]   13։15- Հուլիսի 2-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը : Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ նա այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն, որը նույն օրը միացել էր համավարակի դեմ պայքարին՝ թթվածնով հագեցած 120 մահճակալներով, որից 15 մահճակալը նախատեսված է վերակենդանացման բաժանմունքի համար։ Այցելության պահին ԲԿ-ն արդեն 6 հիվանդ էր ընդունել, ևս մի քանի տասնյակ հիվանդներ էլ կընդունվեն մինչև օրվա վերջ։ [Լոռու մարզպետարան]   13։06- Լիտվայի նախագահի տիկին Դիանա Նաուսեդիենեն նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին, որը Հայաստան կտեղափոխվի լիտվական ռազմական ինքնաթիռով։ [Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանություն]   11։14- ԱՀ-ում կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում: Այդ շրջանակից 2 քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19-ը: 2 նոր դեպք էլ գրանցվել է նախօրեին Ստեփանակերտում հաստատված վարակի օջախի կոնտակտավորների շրջանում: Հուլիսի 3-ի դրությամբ մեկուսացված է 85 մարդ, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի: Մինչ այս պահը վարակը հաստատվել է 129 մարդու մոտ։ [Արցախ/տեղեկատվական շտաբ]   10։54-  Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 56 (տղամարդ), 74 (կին), 80 (տղամարդ), 83 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 81 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ԱՆ]   10։51- Հուլիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27320 դեպք, որոնցից 15484-ն` առողջացած, 469-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11211 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 118102 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 662 նոր դեպք և 448 առողջացած, կատարվել է 2337 թեստ։     Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 02․07․20 
22:40 - 03 հուլիսի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 2-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Նախագահ Սարգսյանը Բելառուսի գործընկերոջը ջերմորեն շնորհավորել է հուլիսի 3-ին նշվող երկրի ազգային տոնի՝ Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Հայաստանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների միջև զարգացող փոխգործողությունն ու արդյունավետ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում։ Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է Բելառուսի փորձը բարձր տեխնոլոգիաների և տնտեսության մի շարք այլ ոլորտներում։ Նախագահները մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների, համատեղ ծրագրերի իրականացման հարցերի շուրջ։ Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Մինսկում հայկական եկեղեցու կառուցման համար հողատարածք տրամադրելու հարցում աջակցության համար։ 
10:15 - 03 հուլիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 02․07․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 02․07․20 (թարմացվող)

19:40- Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է հանրային վայրերում դիմակ կրելու կանոնների խախտման 28 771 դեպք, իսկ հուլիսի 1-ին իրականացված ուժեղացված ստուգայցերի ընթացքում՝ 2 301 դեպք: [ՀՀ ոստիկանություն]19:30- Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերը բացահայտելու համար հուլիսի 1-ի դրությամբ իրականացվել է  41639  ստուգում, որից միայն  963-ը՝ նշված օրը:17:53- Հանգստյան օրերին ոստիկանության կարգախմբերը խստացված արտակարգ ծառայություն են իրականացնելու տեսարժան վայրերում, ուխտատեղիներում, հնարավոր հավաքույթների վայրերում։ Բացառվելու են կարգի խախտումները, իսկ հայտնաբերվելիս կհետևեն իրավական հետևանքներ։ [ՀՀ ոստիկանություն]   17:01- Վանաձորի ԲԿ այս հատվածում պլանավորվում է կառուցել 30+15 մահճակալային ֆոնդով ինֆեկցիոն բաժանմունք։ Կառուցումն իրականացվելու է Կայունացման և զարգացման եվրասիական հիմանդրամի միջոցներով, ում հետ այս պահին բանակցություններ են ընթանում ծրագրի մանրամասների շուրջ։ [Արսեն Թորոսյան]   16:13- Հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանում խորհրդակցություն անցկացրեց մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելով համավարակի կանխարգելման միջոցառումների, Պարետատան ընդունած որոշումների կատարման եւ արտակարգ դրության պայմաններում աշխատանքային ռեժիմի պահպանման հետ կապված խնդիրներ: Մարզպետը կանգ առավ նաեւ կարգապահական խախտումների վրա, որոնք նկատվել են որոշ բուժհիմնարկներում և կոչ արեց չանտեսել առողջապահական մյուս խնդիրները: [Գեղարքունիքի մարզպետարան]   15:31- Սպիտակի ԲԿ-ն այսօր միացավ կովիդի դեմ պայքարին՝ իր թթվածնով հագեցած 120 մահճակալներով։ Իմ այցելության պահին ԲԿ-ն արդեն 6 պացիենտ էր ընդունել, ևս մի քանի տասնյակ պացիենտ էլ կընդունվեն մինչև օրվա վերջ։ [Արսեն Թորոսյան]   14:07- Հայկական Կարմիր խաչի ընկերությունը արտակարգ ռեժիմով շարունակում է խորհրդատվություն տրամադրել անհանգստություններ ունեցող քաղաքացիներին, այդ թվում՝ մեկուսացված անձանց։ Դիմողների, հատկապես վարակվածների և մեկուսացվածների հետ տարվող աշխատանքն ուղղված է հիմնականում անձի հոգեբանական վիճակի կայունացմանը։ Բուժաշխատողներին ևս տրամադրվում է անվճար հոգեբանական խորհրդատվություն: [ՀՀ ԱՆ]   13:01- Հուլիսի 1-ին ՀՀ տարածքում իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 2827 դեպք։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 59858 արձանագրություն: [ՀՀ ոստիկանություն]   12:51- Աշխարհում արդեն 100-ից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք։Մենք հիմա բանակցություններ ենք վարում երկու ուղղություններով, առաջինը՝ ուղիղ արտադրողներն են, ես ինքս անձամբ եմ վարում այդ բանակցությունները։ Օրինակ՝ երեկ խոսել եմ «Մոդեռնա» ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, որը մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերությունն է,  և այդ վակցինան ամենահավանական թեկնածուներից մեկն է։ [Արսեն Թորոսյան]   12:02- Փողոցներում դիմակ բաժանելիս տեսել եմ քաղաքացիների, ովքեր կրում էին լայն ցանցայնությամբ դիմակներ։ Երեկ էլ նկատեցի՝ մայթերին կանգնած քաղաքացիները տեսնելով փարոսիկներով մեքենաներ, ծնոտին դրված դիմակները բարձրացնում էին, հենց հեռանում էին՝ իջեցնում։ Շատ ցավալի է, որ այդքան տուգանքի դեպք է արձանագրվում:Բայց մեր նպատակը տուգանելը չէ՝ ընդհակառակը։ [Նիկոլ Փաշինյան]   11:23- Վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են։ Այսօր առավոտյան 9։00-ի դրությամբ, տանը սպասող քաղաքացիների թիվը ընդամենը 11-ն է, որից 4-ը միջին ծանրության են, 7-ը թեթև։ Մնացած ևս 80 հոգի սպասում են տեղափոխման այնպիսի հիվանդանոցներ, որոնք զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ։ [Արսեն Թորոսյան]   11:10- Արցախում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 6 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 70, փաստացի հիվանդությունը հաղթահարում է 24 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ընդհանուր թեստավորումների քանակը 1982 է: [Արցախի Առողջապահության նախարարություն]   11:05- Զորակոչի ընթացքում COVID-19 հակամարմինների հայտնաբերման դեպքում զորակոչիկը կթեստավորվի նաև ՊՇՌ մեթոդով: Այն հնարավորություն է տալիս, որ բանակ զորակոչվեն կասկածելի ախտանշաններ չունեցող և բացառապես առողջ նորակոչիկներ: [ՊՆ մամուլի խոսնակ]   10:55- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 79 (կին), 68 (կին), 62 (կին), 63 (տղամարդ), 72 (կին) և 78 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]   10:54- Թարմացվել է  02.07.2020թ․ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -26658 (+593)Առողջացածներ - 15036 (+473)Փաստացի բուժվողներ -11010 (-110)Ընդհանուր թեստեր - 115765 (+2100)Մահվան ելքեր - 459 (+6)Մահվան ելքեր այլ պատճառով –153 (+4) [ՀՀ ԱՆ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 03․07․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 02․07․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․07․20
23:00 - 02 հուլիսի, 2020
Վրաստանը միջանցք կբացի ՀՀ-ից ՌԴ մեկնող ՌԴ քաղաքացիների համար |aliq.ge|

Վրաստանը միջանցք կբացի ՀՀ-ից ՌԴ մեկնող ՌԴ քաղաքացիների համար |aliq.ge|

aliq.ge: Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը հայտարարել է, որ վրացական կողմի հետ  համաձայնություն է ձեռք բերվել, որ Վրաստանի տարածքով անցնեն ՌԴ-ի քաղաքացիներին Հայաստանից Ռուսաստան տեղափոխող ավտոբուսները:  Այս մասին գերատեսչությունը տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում: «Տեղեկացնում ենք, որ  Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը, ՌԴ-ի ԱԳՆ-ի աջակցությամբ, Հայաստանի և Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությամբ, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության, Ռուսաստանի մաքսային ծառայության հետ համատեղ մշակում են քաղաքացիներին տեղափոխելու հանգամանքները: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը պատրաստ է իր վրա վերցնել տուրիստական դասի բարձրակարգ ավտոբուսներով երթևեկության բոլոր ծախսերը: Ավտոբուսներում զուգարաններ ու կոնդիցիոներներ կան, ինչն ավելի կհեշտացնի երրորդ երկրի տարածքով անցնելը, քանի որ տեխնիկական կանգառների անհրաժեշտություն չի լինի»,- գրված է հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ իրականացվելու է տրանսպորտային միջոցների ախտահանում: Դեսպանատունը զբաղվում է մեկնել ցանկացող քաղաքացիների ցուցակագրմամբ: Նրանց մեծ մասը Ռուսաստանում մշտական բնակություն ունեցող հայերն են: Հիշեցնենք՝ ցամաքային ճանապարհով Հայաստանից Ռուսաստան քաղաքացիները կարող են մեկնել միայն  Վրաստանով՝ «Վերին Լարսի» անցակետով: Անցակետը փակվեց մարտի 16-ին:   Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ  Զուրաբ Աբաշիձեն վերջերս հույս էր հայտնել, որ մինչև օգոստոս կորոնավիրուսի հետ կապված  իրավիճակը Ռուսաստանում կբարելավվի, ինչն էլ  հնարավորություն կտա բացել ՌԴ-ի հետ ցամաքային սահմանը:
09:21 - 02 հուլիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․07․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․07․20 (թարմացվող)

19:45- Արտակարգ դրության հայտարարումից մինչ հուլիսի 1-ը հայտնաբերվել է փոխադրամիջոցներում դիմակ կրելու կանոնների խախտման 17 102 դեպք, իսկ հունիսի 30-ին՝ 450: Այդ օրը հայտնաբերված դեպքերից 431-ը վերաբերվում է մասնավոր տրանսպորտային միջոցներում, 19 տաքսի ավոտմեքենաներում դիմակ չկրելուն․ ավտոբուսներում, միկրոավտոբուսներում և մետրոյում խախումներ չեն արձանագրվել։17։36-  Բրիտանական դեսպանատունը ՀՀ ՊՆ-ին տրամադրել է տեղական արտադրության անհատական պաշտպանիչ միջոցներ: Աջակցությունը տրամադրվել է զինված ուժերում համավարակի տարածման կանխարգելմանն աջակցելու նպատակով։ [ՊՆ]   16։27- Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտեկու փաստերով ընդհանուր առմամբ մինչ օրս կազմվել է 57031  արձանագրություն, իսկ հունիսի 30-ին հայտնաբերվել է իրավախախտման 2698  դեպք։ [ՀՀ ոստիկանություն]   14։14-  ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան ստորագրել են «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը։ Նախատեսվում է տրամադրել 400 մլն. ճապոնական իեն (շուրջ 3.8 մլն. ԱՄՆ դոլար) դրամաշնորհ՝ Հայաստանի առողջապահության համակարգը բժշկական արդի սարքավորումներով և շտապ օգնության մեքենաներով հագեցնելու նպատակով։ Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել COVID-19 համավարակից տուժած գործընկեր երկրների առողջապահական համակարգերի կարողությունների զարգացմանը։ [Ֆիննախ]   14։03-  Հուլիսի 1-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում, նրանիցի 84-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Հունիսի 30-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 57 նոր դեպք։ Մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1054 քաղաքացի, նրանցից 252-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Առողջացել է մարզի 271 բնակիչ։ Արձանագրվել է մահվան 21 դեպք։ [Շիրակի մարզպետարան]   13։31- «Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավի շրջանակներում այս պահին արդեն հավաքագրվել է 770,197 ԱՄՆ դոլար։ Մեր առցանց հարթակով նվիրատվություններ են կատարել աշխարհի տարբեր ծայրերից ինչպես մեր հայրենակիցները, այնպես էլ օտարազգի նվիրատուներ։ Դեռևս մարտին, երբ նոր էինք նախաձեռնել դրամահավաք-արշավը, նվիրատվությունների շեմը դրել էինք 200,000 ԱՄՆ դոլար, ուրախությամբ պետք է նշեմ, որ շատ արագ այդ նշաձողը անցանք և ունեցանք աննախադեպ ներգրավվածություն։ [«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյան]    12։37- Մեկնարկեց 2020թ. ամառային զորակոչը: Հակահամաճարակային խիստ միջոցառումներ են կազմակերպված՝ ԶՈՒ վարակի ներթափանցումը կանխելու նպատակով։ Բոլոր զորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ պարտադիր թեստավորվում են, այնուհետև միայն մասնակցում վիճակահանությանը։ [ՊՆ խոսնակ]   12։32- ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը մոտ օրերս ԱՆ-ից կստանա կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության պաշտոնական գրությունը: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, որն իրականացում է փորձարկումները, արդյունքներն ուղարկել է ԱՆ, որն էլ արդեն գրությունն առաքել է ինստիտուտ:  Մենք նշել էինք, որ օրական 2 հազար թեստ կարող ենք արտադրել, սակայն անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի ավելացնել ծավալները։ [Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն] |armenpress.am|   12։17- Հուլիսի 2-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Նույն օրը կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40): [Քաղավիացիայի կոմիտե]   11։30-  «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 300 հազար դոլարին համարժեք դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Հայաստանի շտապ բժշկական օգնության ծառայության 1786 բժիշկներին,  բուժքույրերին, բուժակներին, սանիտարներին, կարգավարներին ու վարորդներին միանվագ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։   11։09- ԱՀ-ում կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Շուշի քաղաքում: Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել, կոնտակտավոր մի խումբ քաղաքացիներ արդեն մեկուսացվել են: Հուլիսի 1-ի դրությամբ մեկուսացված է 58 անձ, փաստացի հիվանդությունը հաղթահարում է 18 քաղաքացի, առողջացել է 14 քաղաքացի: Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 119 է։ Ընդհանուր թեստավորումների քանակը 1961 է: [Արցախ/տեղեկատվական շտաբ]   11։05- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (կին), 83 (տղամարդ), 79 (կին), 70 (կին), 65 (կին), 76 (տղամարդ), 66 (տղամարդ) և 76 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ԱՆ]   10։59- Հուլիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26065 դեպք, որոնցից 14563-ն` առողջացած, 453-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10900 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 111665 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 523 նոր դեպք և 515 առողջացած։   09։54- Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 24-ին Մոսկվայում կայացած զորահանդեսից վերադառնալուց հետո աշխատավայրում եղել է ինքնամեկուսացման մեջ։ Այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Վերադառնալու 7-րդ օրը, ըստ կարգի, Տոնոյանը երկու անգամ թեստավորվել է։ Թեստերի արդյունքները բացասական են եղել։ |armenpress.am|   09։06- 2020թ-ի հունիսի 30-ից վիզաների ծառայությունը աստիճանաբար վերսկսում է իր գործունեությունը: Սկբնական շրջանում կընդունվեն միայն երկարաժամկետ վիզաների (3 ամսից ավելի տևողությամբ կացության համար վիզա) դիմումները հետևյալ կատեգորիաների համար` ուսում, հաստատվել Ֆրանսիայում մասնագիտական  շարժառիթով, հաստատվել Ֆրանսիայում ընտանեկան շարժառիթով: [Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն]   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 01․07․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․06․20
22:45 - 01 հուլիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․06․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․06․20 (թարմացվող)

22:30- Հունիսի 30-ի դրությամբ` Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 27 նոր դեպք, 32 հոգի առողջացել է, 1 մարդ՝ մահացել։ [Գնել Սանոսյան]17։36- Մեծ սիրով տեղեկացնում եմ, որ պետական համապատասխան կառույցների ղեկավարների հետ քննարկումների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց Արցախի ժողովրդի անունից Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ ուղարկել Կալիֆոռնիա նահանգ՝ օգնելու ԱՄՆ բարեկամ ժողովրդին և մեր հայրենակիցներին կորոնավիրուսի դեմ պայքարում: [«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյան]   17։32- 48 ժամով կասեցվել է Երևանի՝ Հրազդանի կիրճում գտնվող «Ամառ» սրճարան-ռեստորանի գործունեությունը․ մատուցվել է նարգիլե, աշխատակիցները չեն կրել դիմակ, միևնույն սեղանի շուրջ նստած են եղել 5-ից ավելի անձինք, բացակայել են գրառումները աշխատակիցների ջերմաչափման և ախտահանման գրանցմատյաններում: [ՍԱՏՄ]   17։08- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով:   17։00- Պարետի որոշմամբ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կատարել է կասեցումներ Երևանում և ՀՀ տարբեր մարզերում: Մասնավորապես Աջափնյակ վարչական շրջանում 24 ժամով կասեցվել է շինանյութի մի շարք խանութների, իսկ Գյումրիում՝ բենզալցակայանների գործունեություն: [ՇՎՏՄ]   14:15- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է լիտվացի բուժաշխատողների խմբին, որը Հայաստանում է՝ օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարում: Ն շնորհակալություն է հայտնել բժիշկներին։ ՀՀ-ում Lիտվայի դեսպանը երկկողմ համագործակցության զարգացման տեսանկյունից կարևորել է լիտվացի բժիշկների այցելությունը: Վերջիններս էլ ներկայացրել են իրենց փորձն ու առաջարկությունները համավարակի դեմ առավել արդյունավետ պայքարելու եղանակների վերաբերյալ:   13:33- ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարակվել է կորոնավիրուսով: Թուլություն է զգացել, ուրբաթ օրն ունեցել է ջերմություն, մկանային ցավեր և գլխացավ: Դրանք շարունակվել են երեք օր, մի փոքր էլ ծանր շնչառություն է ունեցել, որն էլ ստիպել է թեստ հանձնել։ |armenpress.am|   13:05- ԿԽՄԿ ներկայացուցիչները 2020թ. ապրիլ, մայիս և հունիս ամիսներին այցելել են Ադրբեջանում ազատազրկված ՀՀ և ԱՀ քաղաքացիներին: Կարմիր խաչի հայաստանյան ներկայացուցիչներն իրենց հերթին այցելել են ՀՀ-ում և Արցախում պահվող Ադրբեջանի քաղաքացիներին: Բացի այցելություններից՝ տարատեսակ պաշտպանիչ միջոցներ, ինֆորմացիոն թռուցիկներ են տրամադրվել ազատազրկման վայրերին, որպեսզի վարակը այդ վայրերում կանխվի կամ չտարածվի: [ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար]   11:28- Ցանկանում եմ հավաստիացնել Ձեզ Ֆրանսիայի համերաշխության և Հայաստանին կոնկրետ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մեջ: Առաջիկա օրերին Ֆրանսիան կրկին Հայաստան կգործուղի կամավորական բժիշկների նոր թիմ, որը փոխարինման կգա արդեն իսկ ներկաներին: Ճգնաժամը նաև մարտահրավեր է մեր երկու երկրների տնտեսության համար: ՀՀ-ում գործող Զարգացման ֆրանսիական գործակալության շնորհիվ Ֆրանսիան պատրաստ է դիտարկել 50-80 միլիոն եվրո գնահատվող պետական քաղաքականության վարկի տրամադրումը։ [Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին]   11:13- Մարտի 15-ից մինչ այժմ շուրջ 8000 ՀՀ քաղաքացիներ, որոնք, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված չէին կարողանում վերադառնալ հայրենիք, աշխարհի տարբեր երկրներից տեղափոխվել են Հայաստան: 2200-ի տեղափոխումը կազմակերպվել է անվճար: Ընդհանուր առմամբ պարետատան թույլտվությունների հիման վրա իրականացված թռիչքների արդյունքում Հայաստան է վերադարձել ավելի քան 40 000 ՀՀ քաղաքացի: [ՀՀ պարետ Տիգրան Ավինյան]   11:06- Արտաշատի ԲԿ-ում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից: Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին: Վերջինս հիվանդանոց ընդունվել է հունիսի 29-ին: Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով: Բժիշկների գնահատմամբ նա ծանր վիճակում է: [ԱՆ մամուլի խոսնակ]   11:01- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (կին), 74 (տղամարդ), 82 (կին), 43 (տղամարդ), 65 (կին), 80 (կին), 74 (կին), 87 (կին), 73 (կին) և 46 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]   10:51- Թարմացվել է  30.06.2020թ․Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -25542 (+415)Առողջացածներ - 14048 (+751)Փաստացի բուժվողներ -10904 (-350)Ընդհանուր թեստեր - 111844 (+1273)Մահվան ելքեր - 443 (+10)Մահվան ելքեր այլ պատճառով –147 (+4) [ՀՀ ԱՆ]   10:19- Լրանում է ԵԱՏՄ տարածք բժշկական և գյուղատնտեսական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնության ժամկետը: Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում մինչև հունիսի 30-ը ներառյալ մաքսատուրքից ազատվում են ցանկում ներկայացված ապրանքները: Հուլիսի 1-ից կիրառվելու են հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը։ Բժշկական նշանակության ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման արտոնությունը գործելու է մինչև սեպտեմբերի 30-ը: [ՊԵԿ]   10։09- Հայաստանում «առաջնագծում» COVID-19-ի դեմ պայքարող բուժաշխատողների, նաև որոշ պոլիկլինիկաների անձնակազմերի  շրջանում արվում է հակարմինների թեստավորում՝ պարզելու նրանք կորոնավիրուսով արդեն վարակվել են, թե ոչ: Հայաստանում նախատեսվում է COVID-19-ի հակամարմինների թեստավորում անել նաև բնակչության շրջանում: Եթե հակամարմին է հայտնաբերվում, ենթադրվում է, որ իմունիտետ առաջացել է, բայց դեռևս հայտնի չէ, թե ամեն մեկի օրգանիզմում այդ իմունիտետը ինչ ժամանակով կպահպանվի՝ 3 ամսո՞վ, 1 տարո՞վ, թե՞ մինչև կյանքի վերջ: |armenpress.am|   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․07․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 30․06․20 (թարմացվող) Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 29․06․20 (թարմացվող)
22:35 - 30 հունիսի, 2020
Վրաստանում գտնվող դիմորդները հուլիսի 1-ից կարող են հատել վրաց-հայկական սահմանը և հուլիսի 2-8-ը մասնակցել 2020-21 ուս. տարվա բուհական ընդունելության միասնական քննություններին

Վրաստանում գտնվող դիմորդները հուլիսի 1-ից կարող են հատել վրաց-հայկական սահմանը և հուլիսի 2-8-ը մասնակցել 2020-21 ուս. տարվա բուհական ընդունելության միասնական քննություններին

Վրաստանի համատասխան գերատեսչությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն առ այն, որ Վրաստանում գտնվող և ընդունելության համար ՀՀ ԲՈՒՀ-եր դիմած դիմորդները ս.թ. հուլիսի 1-ից կարող են հատել վրաց-հայկական սահմանը և հուլիսի 2-ից 8-ը մասնակցել 2020-2021 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննություններին (վրացական անձնագրի առկայությունը պարտադիր է): Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: «Վրաստանից Հայաստան և նաև հակառակ ուղղությամբ կարելի է մուտք գործել միայն Սադախլո-Բագրատաշեն անցակետով՝ ժամը 10։00-18:00 ընկած ժամանակահատվածում։ Համաձայն ՀՀ Պարետի թույլտվության՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո դիմորդների նկատմամբ չի կիրառվի 14-օրյա ինքնամեկուսացման պայմանը։ Միաժամանակ հայտնում ենք, որ Վրաստան վերադառնալիս դիմորդները կտարվեն կարանտինային գոտի՝ համաձայն Վրաստանում գործող կանոնների: Խնդրում ենք շտապ ներկայացնել տեղեկություն Վրաստանի և Հայաստանի սահմանը հատելու, ինչպես նաև Վրաստան վերադառնալու ժամկետների մասին. - Վրաց-հայկական սահմանի հատում՝ օր, ամիս, - Հայ-վրացական սահմանի հատում՝ օր, ամիս Տեղեկությունն անհրաժեշտ է ներկայացնել [email protected] էլ.փոստին կամ հայտնել +37410 57 63 96 հեռախոսահամարով: Հարցերի կամ լրացուցիչ տեղեկության համար խնդրում ենք կապ հաստատել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակից Գայանե Գևորգյանի (բջջ. +37494 120 120) կամ Թերեզա Հալաջյանի (բջջ. +37443 517 518) հետ: Միաժամանակ հայտնում ենք, որ դիմորդներն արդեն ցուցակագրվել են և սահմանը կկարողնան հատել միայն նրանք»։
09:26 - 30 հունիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 29․06․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 29․06․20 (թարմացվող)

22։36- Հունիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, եւս 6 հոգի առողջացել է։ [Գեղարքունիքի մարզպետարան]   21։40- Պատիվ եմ ունեցել հանդիպել հայ կոլեգաներիս, որոնք շատ կոմպետենտ են, սակայն շատ ուժասպառ են այս պահին: Ստեղծված իրավիճակում կկրկնեմ վարչապետի ասածը՝ պահպանել հակահամաճարակային կանոնները, որոնք պարզ  են և կիրառվում են ամբողջ աշխարհում: Կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել ֆիզիկական, սոցիալական հեռավորությունը: Սրանք են այդ պարզ կանոնները, որոնք մեզ կկարողանան փրկել: [Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Լորան Փափազյան] |armtimes.com|   21։10- Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման 127 դեպք, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտումը կառաջացնի քրեաիրավական հետևանքներ, եթե այդ կանոնների խախտման պատճառով առաջացել է անձի վարակում, անզգուշությամբ ծանր վնաս է պատճառվել մարդու առողջությանը կամ անզգուշությամբ առաջացել է երկու կամ ավելի անձանց վարակում կամ անզգուշությամբ առաջացել է մարդու մահ։ [ՀՀ ոստիկանություն]   20։53- Այս վարակը խանգարում է մի շարք օրգանների աշխատանքին: Այն թույլ չի տալիս, որ արյունը մատակարարվի ոչ միայն թոքեր, այլև երիկամներ, սիրտ, կենտրոնական նյարդային համակարգ: Ինչը կարող է հանգեցնել ինսուլտի։ [ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատո Նարինա Սարգսյանցը՝ կորոնավիրուսի մասին] |armenpress.am|   19։51-  Արտակարգ իրավիճակների նախարարությունը, երկրում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված, քաղաքացիների միջև կենդանի շփումը նվազեցնելու նպատակով մարտի 18-ից աշխատում է փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային տարբերակով: Խնդրում ենք Ձեր գրությունները, դիմումները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ էլ. փոստի հասցեներին՝ [email protected], [email protected]։ [ԱԻՆ]   19։30- ՀՀ-ում հունիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանցից 123-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ 529-ինը՝ ծանր։ 1739 հիվանդի մոտ կա թոքաբորբ, ինչը նշանակում է, որ նրանց վիճակը ցանկացած պահի կարող է դառնալ ծանր կամ ծայրահեղ ծանր։ [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|   19։02- Ի հեճուկս ՀՀ-ում տիրող համաճարակային իրավիճակի՝ նույնիսկ սոցիալական ցանցերի շատ մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ հակահամաճարակային շարժում սկսելու և վարքագիծ դրսևորելու անհրաժեշտության պարագայում բազմաթիվ հայրենակիցներ պրոհամաճարակային վարքագիծ են դրսևորում։ Շաբաթ  և կիրակի օրերին մենք ականատես ենք եղել ամառանոցային խնջույքների, զանգվածային ուխտագնացությունների տեսարանների։ Ի հեճուկս այն բանի, որ բազմաթիվ կազմակերպությունների կողմից արված են սոցիալական հեռավորություն պահելու գծանշումներ, դրանք չեն օգտագործվում։ [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|   17:18- ՔՏՀԱՏՄ աշխատակիցների` Նոր Նորքում իրականացրած դիտարկման ընթացքում հայտնաբերվել են մի քանի գերբեռնված տրանսպորտային միջոցներ․ մասնավորապես՝ կանգնած ուղևորներ, ինչպես նաև նստարանների թվաքանակից ավել նստեցումով փոխադրման դեպքեր։ Մարդատար տաքսի ավտոմոբիլների դեպքում հայտնաբերվել են առանց դիմակի ուղևորափոխադրում իրականացնող վարորդներ: [ՔՏՀԱՏՄ]   17:08- Երևանի Կենդանաբանական այգում ԲԸՏՄ-ի և ՀՀ ոստիկանության իրականացրած շրջայցի արդյունքներով տոմսարկղում անկանոն հերթեր, մարդկային կուտակումներ չեն արձանագրվել։ Այցելուները պահպանել են սոցիալական հեռավորությունը։ Տեղում իրականացվել է ջերմաչափում և ձեռքերի ախտահանում։ [ԲԸՏՄ]   17:00- Նորքի տուն-ինտերնատից միայն մեկ հոգի է դեռ հիվանդանոցային բուժում ստանում, մյուսներն արդեն վերադարձել են հաստատություն: Խնամյալներից, վերջին տվյալներով, թեստի դրական արդյունքով ունենք 129 հոգի, որոնց մի մասը, որոնք ասիմպտոմ են, մնացել են հաստատությունում, մի քանի հոգու, որոնց ջերմությունը մի փոքր բարձրացել է, տեղափոխել ենք Աղավնաձորի մեր հաստատություն: [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար] |armenpress.am|   16:20- «Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են: Մանկատանը հաստատվել էր 15 դեպք՝ 9 երեխա և 6 դայակ։ [ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան]   14:33- Հունիսի 29-ի դրությամբ Շիրակի մարզում կորոնավիրուսից մահվան 21 դեպք է արձանագրվել: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում: Մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 969 քաղաքացի. նրանցից 214-ի մոտ դրական ախտորոշում կա: [Շիրակի մարզպետարան]   13:52- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել առողջապահական ոլորտի մասնագետների հետ: Քննարկումների ընթացքում խոսվել է կորոնավիրուսի համավարակի հետևանքով մեր երկրում ստեղծված իրավիճակի, առողջապահական համակարգի վրա դրա ազդեցության, առողջապահական համակարգի արձագանքի ու որդեգրած ռազմավարության մասին: Մասնագետները ներկայացրել են իրենց առաջարկները:   13:42- Կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, պատասխանը դրական է եղել, բայց ինձ շատ լավ եմ զգում: Հիմա հիվանդանոցում հետազոտություն եմ անցնում: [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյան] |armenpress.am|   12:46- Արցախում տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների փաստացի շահառու է հանդիսացել 1447 հարկ վճարող` 76.7 մլն դրամ գումարի չափով: Միջոցառումն ընդգրկում է միանվագ դրամաշնորհի տրամադրում` ուղղված գործատուների կողմից արդյունավետ աշխատատեղերի պահպանմանը, և միանվագ դրամական աջակցության տրամադրում` ուղղված փոքր ձեռնարկատիրության գործունեության շարունակականության ապահովմանը: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]   11:01- Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ COVID-19 թեստիս պատասխանը բացասական է։ [ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան]   10:56- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 82 (տղամարդ), 63 (կին), 66 (կին), 84 (կին), 96 (կին), 67 (տղամարդ) և 67 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]   10:47- Թարմացվել է  29.06.2020թ․ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -25127 (+482) Առողջացածներ - 13297 (+181) Փաստացի բուժվողներ -11254 (-290) Ընդհանուր թեստեր - 110571 (+1398) Մահվան ելքեր - 433 (+7) Մահվան ելքեր այլ պատճառով –143 (+4) [ՀՀ ԱՆ]   10:36- Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մոտ կորոնավիրուսային նոր հիվանդություն չի ախտորոշվել։ [Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ]   09:56- ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը ՀՀ ԱՆ-ին տրամադրեց շարժական ռենտգեն սարք՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսի դրական ախտորոշում ունեցող պացիենտների բուժման ընթացքում օգտագործելու համար։ [ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելություն]   09:17- Վերջին 3 օրերի ընթացքում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց դիմելիությունը մի փոքր նվազել է: Հույս ունեմ, որ սա արդեն նվազման միտումի է տանում: Եթե դրական թեստերի թիվը բարձր է, սակայն մի մասը չունի հիվանդանոցային բուժման կարիք, բնականաբար հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը ևս իջնելու է: [«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան] |azatutyun.am|     Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 29․06․20 (թարմացվող) Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28․06․20 (թարմացվող)
22:57 - 29 հունիսի, 2020
Վարչատարածքային բարեփոխումների գործընթացը Վրաստանում և Էստոնիայում․ զուգահեռներ Հայաստանի հետ

Վարչատարածքային բարեփոխումների գործընթացը Վրաստանում և Էստոնիայում․ զուգահեռներ Հայաստանի հետ

Վարչատարածքային բարեփոխումները Վրաստանում 1991 թ․ Վրաստանում գործում էր հանրային կառավարման եռաստիճան համակարգ․ առաջին մակարդակում գյուղերը և քաղաքներն էին, երկրորդ մակարդակում շրջաններն էին, երրորդ մակարդակում՝ ինքնավար հանրապետությունները։ 1994-ին Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն երկիրը բաժանեց 9 մարզերի, որոնք ունեին նշանակովի մարզպետներ։ Վրաստանում այդ ժամանակ կային 65 շրջաններ, որոնց կազմում էին 48 քաղաքներ և մոտ 1000 գյուղեր ու բնակավայրեր։ Մայրաքաղաք Թբիլիսին ուներ հատուկ կարգավիճակ։  Վրաստանի խորհրդարանը 1997 թ․ ընդունեց «Տեղական կառավարման և ինքնակառավարման մասին» օրենքը։ 2002-ին տեղի ունեցան փոփոխություններ, և մինչև 2003 թվականի Վարդերի հեղափոխությունը Վրաստանն ուներ հանրային կառավարման քառաստիճան համակարգ․ առաջին մակարդակում ինքնակառավարվող գյուղերը և քաղաքաներն էին, երկրորդ մակարդակում շրջաններն էին, երրորդ մակարդակում՝ մարզերը և մայրաքաղաքը, չորրոդ մակարդակում՝ ինքնավար հանրապետությունները։ 2004-ին մեկնարկեցին վարչատարածքային բարեփոխումներ։ Վրաստանի նոր նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանձաժողով ստեղծեց, որը կազմված էր կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներից, հրավիրված էին նաև ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ։ Բայց հանձնաժողովը շուտով պառակտվեց երկու հակադիր կողմերի․ յուրաքանչյուրն առաջարկում էր բարեփոխումների սեփական տարբերակը։  Հասարակական կազմակերպությունները ներկայացրին վարչատարածքային բարեփոխումների այլընտրանքային նախագիծ, որով առաջարկվում էր․  վերացնել շրջանները և փոքր գյուղերի ու քաղաքների միավորմամբ ստեղծել տեղական ինքնակառավարման ավելի մեծ միավորներ, մարզային կառավարման համակարգը փոխարինել մարզային ինքնավարությամբ։ Այն նախատեսում էր յուրաքանչյուր շրջանի տարածքում ստեղծել տեղական ինքնակառավարում ունեցող երկու և ավելի միավորումներ, իսկ մարզային ինքնավարությունը պետք է գործեր Վրաստանի պատմական 11 նահանգներում, որտեղ պետք է լինեին ուղիղ ընտրված մարզային խորհուրդներ և մարզպետներ, որոնց ընտրելու էին խորհուրդները։  Վրաց խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ճակատ» (Democratic Front) խմբակցությունը համաձայնեց առանց որևէ փոփոխության խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացնել այս նախագիծը։ Ընդդիմադիր մեկ այլ խմբակցություն՝ «Նոր պահպանողականները» (New Conservatives), դեմ էր ՀԿ-ների ներկայացրած օրինագծի այն դրույթին, որով առաջարկվում էր վերացնել շրջանները։ Այս խմբակցությունը ներկայացրեց երկրորդ այլընտրանքային նախագիծը, որով առաջարկվում էր պահպանել շրջանները, բայց այնտեղ պետք է գործեր տեղական ինքնակառավարում, տեղական խորհուրդներն ու քաղաքապետերը պետք է ընտրվեին ուղիղ։ Ընդդիմադիր խմբակցությունների պառակտումը փոքրացրեց հնարավորությունը, որ խորհրդարանը կընդուներ այլընտրանքային նախագծերից որևէ մեկը։ Այս նախագծերը չընդունվեցին։ Փոխարենը 2005-ին ընդունվեց «Տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքը, որին կողմնակից էր կառավարությունը։  Նոր օրենքն առաջարկում էր տեղական միավորումների երկու տիպ․ առաջինը համայնքներն էին, որոնք գյուղական և քաղաքային բնակավայրերի միավորումներ էին, երկրորդը՝ հատուկ կարգավիճակ ունեցող քաղաքները․ այդպիսիք էին մեծ քաղաքային բնակավայրերը։ Հատուկ կարգավիճակ տրվեց 5 քաղաքների, որոնց թվում էր մայրաքաղաք Թբիլիսին։ Այսպիսով, կառավարությունը ստեղծեց տեղական ինքնակառավարում ունեցող 69 միավորումներ, որոնց կազմում էին հատուկ կարգավիճակ ունեցող 5 քաղաքներ և 64 գյուղական համայնքներ։ Նոր օրենքով սահմանվում էր, որ խոշորացված համայնքների սահմանները մնալու էին նույնը, ինչ նախկին շրջանների սահմաններն էին։ Հանրային կառավարման համակարգը Վրաստանում կրկին դառնում էր եռաստիճան, երկրի վարչատարածքային բաժանումը չէր փոփոխվում, ինքնավար հանրապետություններն ու մազերն էլ պահպանում էին իրենց կարգավիճակը։ 2004-ի բարեփոխումներն իրականացվեցին 2006-ին, երբ Վրաստանի 64 գյուղական համայնքներում և 5 խոշոր քաղաքաներում տեղի ունեցան տեղական ներկայացուցչական մարմինների ընտրություններ։  2013 թ․ Վրաստանի կառավարությունը կրկին նախաձեռնեց վարչատարածքային բարեփոխումներ, և մշակվեց Տեղական ինքնակառավարման նոր օրենսգիրք։ 2014-ի փետրվարին խորհրդարանը հավանության արժանացրեց օրենսգիրքը։ Բոլոր համայնքներում համայնքների ղեկավարների ընտրությունը դարձավ ուղիղ, իսկ 12 քաղաքներում ներդրվեց տեղական ինքնակառավարում, այստեղ ևս քաղաքապետերի ընտրությունը դարձավ ուղիղ։ 2017-ին Վրաստանի խորհրդարանը հավանության արժանացրեց Տեղական ինքնակառավարման օրենսգրքի բարեփոխումները, և ինքնակառավարվող քաղաքների թիվը 12-ից դարձավ 5։ Բացի այդ՝ 14 համայնքներ, որոնք ձևավորվել էին 2014-ի վարչատարածքաին բարեփոխումների արդյունքում, վերամիավորվեցին 7 համայնքներում։ Այսպիսով, Վրաստանի վարչատարածքային բաժանումը վերադարձավ մինչ 2014-ը եղող վիճակին, քանի որ 14 քաղաքների վերամիավորմամբ ինքնակառավարվող համայնքների թիվը կրկին կրճատվեց՝ 71-ից դառնալով 64։   Համեմատելով Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների հետ Հայաստանում վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները։ Ի տարբերություն Վրաստանի, որտեղ փոփոխություններ իրականացվեցին նաև շրջանային մակարդակում (2004-ին մեկնարկած բարեփոխումներից հետո համայնքերը միավորվեցին գործող շրջանների սահմաններում), Հայաստանում փոփոխություններ կատարվեցին միայն համայնքային մակարդակում, գյուղական և քաղաքային համայնքները միավորվեցին՝ դառնալով ավելի խոշոր համայնքներ։ Վրաստանում 2004-ին ընդդիմադիր խմբակցությունները և հասարակական կազմակերպությունները ևս առաջարկեցին վարչատարածքային բարեփոխումների այլընտրանքային նախագծեր, չնայած խորհրդարանը դրանք չընդունեց։ Հայաստանում խոշորացման գործընթացի բոլոր փուլերում վարչատարածքային բարեփոխումների նախագիծ մշակել է կառավարությունը։ Վրաստանում վարչատարածքային բարեփոխումների նախագիծն ընդունվելուց հետո միանգամից ստեղծվեցին 69 համայնքներ՝ նախկին 48 քաղաքների և մոտ 1000 գյուղերի ու բնակավայրերի փոխարեն։ Հայաստանում խոշորացման գործընթացը միանգամից չիրականացվեց։ 2015-ին առաջին պիլոտային ծրագրով ստեղծվեցին 3 համայնքային փնջեր։ Խոշորացման հաջորդ փուլերը եղան 2016-ին, 2017-ին և 2020-ին։ Մեր երկրում խոշորացման գործընթացը դեռ չի ավարտվել, կան  համայնքներ, որոնք նոր պիտի խոշորանան։   Վարչատարածքային բարեփոխումները Էստոնիայում Էստոնիայում մինչև վարչատարածքային բարեփոխումների մեկնարկը կառավարությունը խրախուսում էր համայնքների միավորման կամավոր գործընթացը՝ ավելի մեծ տարածքով և բնակիչների ավելի մեծ թվով համայնքներ ստեղծելու համար։ Էստոնիայի խորհրդարանը 2016-ի հունիսին հավանության արժանացրեց «Վարչատարածքային բարեփոխումների մասին» օրենքը։ Վարչատարածքային բարեփոխումների նպատակն այն էր, որ տեղական յուրաքանչյուր միավոր ունենար ամենաքիչը 5000 բնակիչ։ Կղզիների և շատ փոքր տարածք ունեցող գյուղական համայնքների համար կառավարությունը կարող էր բացառություն անել։ Այն համայնքները, որոնք չէին ապահովում բնակչության սահմանված նվազագույն քանակը, պետք է ներկայացնեին վարչատարածքային մարմնի խոշորացման առաջարկ օրենքով սահմանված ժամկետում։ Մինչև 2016-ի դեկտեմբերի 31-ը համայնքների կամավոր խոշորացման փուլն էր։ Տեղական իշխանություններն օրենքի ընդունումից հետո պետք է գտնեին համայնքներ, որոնց հետ ուզում էին միանալ, նրանց հետ միավորման համաձայնագրի մեջ մտնեին, համաձայնության գային նոր համայնքի անվանման և կենտրոնի շուրջ։  Եթե համայնքները կամավոր էին միանում, կառավարաությունը նրանց դրամաշնորհ էր տալիս՝ յուրաքանչյուր բնակչի համար 100 եվրոյի չափով (ընդհանուր դրամաշնորհը նվազագույնը լինելու էր 300 000 եվրո և առավելագույնը՝ 800 000 եվրո)։ Համայնքում 11 000 բնակիչ ապահովելու դեպքում նախատեսված էր լրացուցիչ 500 000 եվրո դրամաշնորհ։ Օրենքը թույլ էր տալիս կառավարությանը նախաձեռնել վարչատարածքային միավորի խոշորացում, եթե համայնքը չէր ապահովել բնակիչների սահմանված նվազագույն քանակը կամ ձախողել էր խոշորացման առաջարկ ներկայացնելու գործընթացը։ Այսպիսով, 2017-ի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում կառավարությունը խոշորացրեց կամավոր միավորման գործընթացը ձախողած համայնքները։  Խոշորացված համայնքների համայնքապետերն ու խորհուրդների նախագահները, որոնք միավորման գործընթացի արդյունքում աշխատանքից զրկվեցին, փոխհատուցում ստացան իրենց մեկ տարվա աշխատավարձի չափով։ Էստոնիայի կառավարության հասցեին քննադատություններ էին հնչում փոխհատուցումների առնչությամբ․ հիմնական բողոքն այն էր, որ փոխհատուցում չպետք է ստանան համայնքային այն պաշտոնյաները, որոնք վարչատարածքային բարեփոխումներից հետո խոշորացված համայնքների տեղական ինքնակառավարման համակարգում աշխատանք էին ստանում։ Վարչատարածքային բարեփոխումների արդյունքում Էստոնիայում համայնքների թիվը կրճատվեց՝ 213-ից դառնալով 79 (15 քաղաքներ և 64 գյուղեր)։ 163 համայնքում խոշորացման գործընթացը տեղի ունեցավ կամավոր։ Կամավոր խոշորացված համայնքներից միայն 10-ին թուլյատրվեց ունենալ 5000-ից պակաս բնակչություն։ Այն համայնքներում, որոնք ձախողեցին կամավոր խոշորացման գործընթացը, կառավարությունն ինքը նախաձեռնեց խոշորացում։ Բացառություն էին 4 ծովային կղզիներ, որոնք չմիավորվեցին՝ օրենքին համապատասխան։ Վարչատարածքային բարեփոխումներից հետո Էստոնիայում 5000-ից քիչ բնակիչ ունեցող համայնքների թիվը կրճատվեց՝ 169-ից դառնալով 15, իսկ 11000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվն աճեց՝ 16-ից դառնալով 28։ Եղան համայնքներ, որոնք դիմեցին Գերագույն դատարան՝ խոշորացումները վերանայելու պահանջով, բայց Գերագույն դատարանը գտավ, որ կառավարության իրականացրած խոշորացումները համապատասխանում են օրենսդրությանը։    Համեմատելով Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների հետ Հայաստանում, ի տարբերություն Էստոնիայի, չկա համայքների խոշորացման կամավոր սկզբունք։  Խոսելով այս սկզբունքի մասին՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, համայնքային զարգացման և ՏԻՄ փորձագետ Օլեգ Դուլգարյանը նշում է, որ դա բավականաչափ ծանր գործընթաց էր լինելու Հայաստանում։  «Միգուցե այլ երկրներում, նույն Էստոնիայում, ավեի թույլ են միմյանց հետ փոխհարաբերությունները։ Մեզ մոտ մի քիչ այլ է․ գյուղերը տարբերվում են ծավալներով, մտածելակերպով, ծագումնաբանությամբ։ Յուրաքանչյուր բնակավայր մյուսի նկատմամբ ունի որոշակի վերապահում։ Բավականաչափ մեծ տարանջատում է։ 1995թ․ մենք ունեինք գյուղխորհուրդներ, որոնք բաղկացած էին 4-5 բնակավայրերից։ Այդ ժամանակաշրջանում Հայաստանում տեղի ունեցան, այսպես ասած, համայնքային անկախացման գործընթացներ։ Մարդիկ հիշեցին, որ իրենց պապերը միմյանց չեն սիրել, չեն հարգել, և գնացին մինչև Գերագույն խորհուրդ, հետո՝ Ազգային ժողով, ու հասան նրան, որ իրենց փոքր, նույնիսկ 50-60 տուն ունեցող բնակավայրերը առանձնացան»,- նշում է նա։  Հայաստանում, ի տարբերություն Էստոնիայի, որտեղ խոշորացված համայնքների նախկին համայնքապետերին ու խորհուրդների նախագահներին փոխհատուցում տրվեց, չի գործում փոխհատուցման նման համակարգ։ Օլեգ Դուլգարյանը չի կարծում, որ եթե մարդը բարեփոխումների պատճառով զրկվում է ընտրված պաշտոնից, ապա պարտադիր է, որ նա փոխհատուցում ստանա։  «Ի վերջո, դա ոչ թե մի աշխատանք է, որը նա ստացել է իր մասնագիտական կարողությունների շրջանակներում և հիմա կրճատվում է, այլ դա ընտրովի պաշտոն է եղել, և հիմա այդ պաշտոնն էլ գոյություն չունի»,- նշում է նա։  Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ Հայաստանում համայնքների գրեթե 98 տոկոսի դեպքում նախկին համայնքապետերը խոշորացումից հետո նշանակվել են բնակավայրերի վարչական ղեկավարներ։ «Եթե մենք պետք է, այնուամենայնիվ, ինչ-որ ձևով մտածեինք համայնքապետերին որոշակի փոխհատուցում տալու մասին, դա չպետք է լիներ քաղաքական որոշման շրջանակներում, այսինքն՝ արի՛, դու այօրվանից համայնքապետ չես, մենք քեզ վարչական պատասխանատու կնշանակենք»,- նկատում է Օլեգ Դուրգարյանը։  Աղբյուրներ Territorial Consolidatiom Reformes in Europe,  Swianiewicz P., 2010, How the Rose revolution happened, http://news.bbc.co.uk/2/hi/4532539.stm, 10.05.2005, Local and regional democracy in Georgia, Congress of Local and Regional Authorities, 2018, Administrative-Territorial Reform, Estonian Government,  Aаs A., Local Government Reform in Estonia, Puusta M., Severance pay gives rise to disagreement, https://arhiiv.saartehaal.ee/2017/01/14/lahkumishuvitis-tekitab-eriarvamusi/,14/01/2017, Ammas A., New map of Estonia: 15 cities, 64 municipalities, https://news.postimees.ee/4171319/new-map-of-estonia-15-cities-64-municipalities, 7.07.2017: Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների մասին առավել մանրամասն՝ այստեղ։ Աննա Սահակյան
20:39 - 29 հունիսի, 2020
Հուլիսի 2-ին կկայանա Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթը

Հուլիսի 2-ին կկայանա Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթը

ուլիսի 2-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթը (ժամը՝ 18։00-ին)։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը: «Նշված չվերթի տոմսերը 3411-ից մինչև 3769-ը համարի ներքո գրանցված և մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից 29-ին (ժամը՝ մինչև 21:00-ն) և 30-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն)։ Տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել մինչև հուլիսի 1-ը (ժամը՝ 11։00-ն)։ Ցուցակը հղումով՝ shorturl.at/mzNOX։ Տվյալ չվերթով Հայաստան կարող է վերադառնալ շուրջ 200 քաղաքացի։ Միևնույն ժամանակ քաղաքացիների առավել ընդգրկուն ցուցակ է ներկայացվել՝ հաշվի առնելով հերթագրվածների շրջանում հրաժարվողների մեծ թիվն ու չվերթներին չներկայանալու փորձը (ինչպես տեղեկացրել էինք նախկինում)։ Ավիատոմսի արժեքը 13 հազ․ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։ Հաշվառումը կմեկնարկի հուլիսի 2-ին, ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)»։  
14:33 - 29 հունիսի, 2020
Հայաստանին նվիրաբերվել է շարժական նոր ռենգտեն սարք

Հայաստանին նվիրաբերվել է շարժական նոր ռենգտեն սարք

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունն ՀՀ Առողջապահության նախարարությանը տրամադրեց շարժական ռենտգեն սարք՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Covid19 համավարակի դրական ախտորոշում ունեցող պացիենտների բուժման ընթացքում օգտագործելու համար։ «Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր, Միացյալ Նահանգները հարմարեցրեց իր աջակցությունը ըստ մեր հայ գործընկերների կարիքների՝ աջակցելով նրանց առավել արդյունավետ պայքար մղել COVID-19 համավարակի դեմ՝ վերափոխելով և ավելացնելով ԱՄՆ կառավարության ֆինանսական աջակցությունը Հայաստանին 6,6 միլիոն դոլարով։ Անցած 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ավելի քան 1,57 միլիարդ դոլարի ընդհանուր ներդրում է կատարել Հայաստանում, որից 106 միլիոն դոլարը՝ միայն առողջապահության ոլորտում»,-նշված է հաղորդագրության մեջ։  
09:54 - 29 հունիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27․06․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27․06․20 (թարմացվող)

21:37- Հունիսի 27-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք, եւս 17 հոգի առողջացել է։ [Գեղարքունիքի մարզպետարան]   21:32- Այսօր վաղ առավոտից Կոտայքի մարզի մի շարք խոշոր համայնքներում ու բնակավայրերում hամայնքների ղեկավարներն ու համայնքապետարանների աշխատակիցները բժշկական դիմակներ տրամադրեցին, հորդորեցին ճիշտ կրել դրանք, հանրային վայրերում հնարավորինս խուսափել մարդկային կուտակումներից, պահպանել սոցիալական հեռավորությունը, հաճախ ախտահանել ձեռքերը և հետևել հակահամաճարակային կանոններին։ Նմանատիպ արշավները կրելու են պարբերական բնույթ: [Կոտայքի մարզպետ]   21:23- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քաղաքականության վերաբերյալ: Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ ապրիլ ամսվա համեմատ՝ մայիսի տնտեսական ցուցանիշներն ավելի բարվոք են: Վարչապետը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հանձնարարել է ձեռնամուխ լինել տնտեսական աճի ներուժի վերականգնմանը միտված գործողությունների ծրագիր-ռազմավարության մշակմանը: [ՀՀ կառավարություն]   20:04- Մենք տեսնում ենք, որ հիվանդի օրգանիզմում թթվածնի մակարդակը շատ ցածր է, բայց նա լավ է, ուտում է, խմում, Ֆրանսիայում նույն մակարդակի թթվածին ունեցողն արդեն ապարատին միացված կլիներ։ Բարեբախտաբար, հայ հիվանդներն այս առումով տարբերվում են։ Մեր խնդիրն է օգնել հնարավորինս հետաձգել այն պահը, երբ նրանք կմիացվեն շնչառական սարքերին, որովհետեւ այդքան շատ հնարավորություններ չկան։ [Ֆրանսահայ բժիշկ Լորան Փափազյան] |hetq.am|   18:32- Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը նոր տեսակի կորոնավիրուսի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման և պաշտպանիչ դիմակների կրելը խրախուսելու նպատակով շրջել են Աշոցք համայնքում, զրուցել ու դիմակներ բաժանել բնակիչներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, որոնք պահպանում են պարետատան կողմից սահմանված կանոնները և դիմակը ճիշտ են դնում։ [Շիրակի մարզպետ]   18:16- Գյումրեցիները հիմնականում պահպանում են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտագության կանոնները։ Քաղաքի պատմամշակութային վայրերը մարդաշատ չեն եղել, գրանցվել են դիմակները սխալ կրելու դեպքեր։ Դիմակ չկրելու համար ոստիկանության կողմից մեկ քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։ [ԲԸՏՄ]   15։30- Առողջապահության նախարարը հանդիպել է բժշկական մասնագիտական ասոցիացիաների ներկայացուցիչներին։ Մասնագետները կորոնավիրուսային հիվանդության դեմ տարվող աշխատանքների վերաբերյալ իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին և պատրաստակամություն հայտնել նախարարության հետ ստեղծելու համագործակցության հարթակ` հիվանդությունը վարելու գործելակարգերի վերաբերյալ: [ԱՆ]15։20- Պարետի սահմանած անվտանգության նորմերի խախտման պատճառով կասեցվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի՝ Փակ շուկայի մասնաճյուղի գործունեությունը: [Առողջապական և աշխատանքի տեսչական մարմին]13։15- Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում հունիսի 27-ին կորոնավիրուսով 92 հիվանդ է բուժվում, նրանիցի 83-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն ունի 100 մահճակալ: Թիվը նախորդ օրերի համեմատ ավելացել է՝ հունիսի 25-ին հիվանդանոցում  բուժում է ստացել 87 հիվանդ, իսկ տնային ինքնամեկուսացման ցուցում ունեցել է  855 քաղաքացի, մինչդեռ,  հունիսի 27-ի դրությամբ, տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 969 քաղաքացի, նրանցից 214-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ [Շիրակի մարզպետարան]11։53- COVID-19 է հաստատվել Ստեփանակերտ քաղաքի բնակչի մոտ, որը մեկուսացված էր շուրջ 2 շաբաթ և նախօրեին իրականացված թեստավորման արդյունքը դրական ելքով էր:Ունենք առողջացման 10 դեպք:Այսպիսով, կորոնավիրուսի մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը 115-ն են, մեկուսացված է 52 քաղաքացի, թեստավորումների քանակը 1904 է: [Արցախի տեղեկատվական շտաբ]10։55- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 83 (կին), 64 (կին), 81 (տղամարդ), 72 (տղամարդ), 60 (տղամարդ), 97 (կին), 81 (տղամարդ), 89 (կին) և 60 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 133 է: [ԱՆ]10։54- Թարմացվել է  27.06.2020թ․ ժամը 11։00-ինՀաստատված դեպքերի ընդհանուր քանակը -23909 (+662)Առողջացածներ - 12911 (+762)Փաստացի բուժվողներ -10445 (-112)Ընդհանուր թեստեր - 107108 (+2062)Մահվան ելքեր - 420 (+10)Մահվան ելքեր այլ պատճառով –133 [ԱՆ] Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26․06․20 (թարմացվող)
21:58 - 27 հունիսի, 2020