Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 56 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 56 նոր դեպք է գրանցվել

Նոյեմբերի 13-ին կատարվել է 199 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 56 նոր դեպք է գրանցվել:   Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 145 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 75-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։   Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով արձանագրվել է 2 մահվան դեպք։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20183 քաղաքացու հետազոտություն, որից 3170-ի մոտ արձանագրվել է  թեստի դրական պատասխան։   Արցախի առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:   Արցախի ԱՆ-ը տեղեկացնում է, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:   Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է Արցախի առողջապահության նախարարության տարբեր բուժհաստատություններում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00:
13:22 - 14 նոյեմբերի, 2021
Ճակատենում ադրբեջանցիներն ինժեներական աշխատանքներ են սկսել, վագոն-տնակ են տեղադրել․ բնակավայրի վարչական ղեկավար |tert.am|

Ճակատենում ադրբեջանցիներն ինժեներական աշխատանքներ են սկսել, վագոն-տնակ են տեղադրել․ բնակավայրի վարչական ղեկավար |tert.am|

tert.am: Ճակատենում ադրբեջանցիներն ինժեներական աշխատանքներ են սկսել, վագոն-տնակ են տեղադրել, դա Կապանին գյուղերը կապող միակ ճանապարհն է: Այսօր կեսօրին ճանապարհով անցնելուց տեսա, որ 6-7 ադրբեջանցիներ կան Ճակատենի ճանապարհին, բահերով, քլունգներով ինչ-որ աշխատանքներ էին կատարում։ Այս մասին ասաց Ճակատեն բնակավայրի վարչական ղեկավար Արա Հարությունյանը։ «Մեկ ժամ անց գյուղում լույսի հետ կապված խնդիր կար, գնացի այդ հարցերը լուծելու, տեսա, որ այդ 6-7 հոգին դարձել են 20, կռունկով, 2 բեռնատար մեքենայով ինչ-որ աշխատանքներ էին կատարում։ Նրանց կողքին նաև ռուս խաղաղապահներ կային։ Ես տեսա, որ ինչ-բանի հիմքեր են փորում, թե ինչ, չեմ կարող ասել, բայց գյուղացիներից մեկը հեռվից տեսել է, որ այնտեղ վագոն-տնակ են տեղադրել, ժամը 5.30-ի դրությամբ այնտեղ ինժեներական աշխատանքներ էին կատարվում, հիմա չգիտեմ՝ ինչ վիճակ է»։ Համայնքի ղեկավարը նշեց, որ այստեղ մաքսակետ տեղադրելու դեպքում ոչ միայն Ճակատենը, այլև մի շարք գյուղեր հայտնվում են շրջափակման մեջ և կանգնում լուրջ խնդիրների առաջ։ Առավել մանրամասն՝ tert.am-ում
22:41 - 13 նոյեմբերի, 2021
Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է նռնակ նետած քաղաքացուն, ծանոթացել դեպքի հանգամանքներին

Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է նռնակ նետած քաղաքացուն, ծանոթացել դեպքի հանգամանքներին

Ռուսական խաղաղապահ զորակազմի մոտ գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացին փոխանցվել է Արցախի իրավապահներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Քիչ առաջ ԱՀ քննչական կոմիտեում հանդիպել եմ քաղաքացուն, ծանոթացել դեպքի հանգամանքներին։ Քաղաքացին կապ է հաստատել հարազատների հետ։ Արձանագրված միջադեպի հանգամանքներն ուսումնասիրելու գործողություններն իրականացվելու են Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից՝ ապահովելով քաղաքացու բոլոր իրավունքներն ու օրինական շահերը։ Այս հարցում ՄԻՊ գրասենյակը իր իրավասությունների շրջանակներում իրականացնելու է բոլոր անհրաժեշտ գործողությունները։ Այսօրվա միջադեպը պետք է դիտարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակի՝ հրադադարի հաստատումից ի վեր մեկ տարվա ընթացքում Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի հանցանքերն անպատիժ թողնելու, Արցախի ժողովրդի իրավունքների պարբերաբար ու նպատակային խախտումների և ժողովրդին հոգեբանական ահաբեկման ենթարկելու ամբողջական համատեսքտում»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը։
19:50 - 13 նոյեմբերի, 2021
Արցախում նռնակ նետած Ստեփանակերտի բնակիչը Արցախի քննչական կոմիտեում է

Արցախում նռնակ նետած Ստեփանակերտի բնակիչը Արցախի քննչական կոմիտեում է

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացում ենք ստորև․ «Ի լրումն Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մեր կողմից տարածված տեղեկության, հայտնում ենք, որ 1975թ ծնված Ստեփանակերտ քաղաքի բնակիչը գտնվում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում: Հորդորում ենք զերծ մնալ անհիմն շահարկումներից և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- նշված է ՔԿ գրառման մեջ։ Հիշեցնենք, որ այսօր Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին՝ Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում։ Վերջինիս իրենց հետ տարել էին ռուս խաղաղապահները։ Այնուհետև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել են պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։
18:43 - 13 նոյեմբերի, 2021
Արցախի փրկարարները հոկտեմբերի 18-ից դադարեցրել են ԼՂ-ում աճյունների որոնողական աշխատանքները

Արցախի փրկարարները հոկտեմբերի 18-ից դադարեցրել են ԼՂ-ում աճյունների որոնողական աշխատանքները

2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված ու մեկ տարի իրականացված որոնումների և Ադրբեջանի կողմից դիերի փոխանակման արդյունքում գտնվել է 1697 աճյուն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «2020 թվականի նոյեմբերի 13-ին ՌԴ խաղաղապահ ուժերի, ԿԽՄԿ առաքելության և ադրբեջանական կողմի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԱԻ պետական ծառայության գործուն մասնակցությամբ, Շուշիում սկսվեց որոնողական, դիերի հայտնաբերման և փոխանակման գործընթացը։ Այդ օրն առաջին անգամ հայերն ու ադրբեջանցիները դեմ առ դեմ հանդիպեցին եւ բանակցեցին զոհված զինծառայողների մարմինների փոխանակման շուրջ։ Աշխատանքները տեղում համակարգել են ԱԻ ծառայության նախկին տնօրեն (այժմ` ՆԳ նախարար) գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և տեղակալ (այժմ ԱԻՊԾ տնօրեն) գնդապետ Մեխակ Արզումանյանը»,- գրել է Թադևոսյանը: Նա նշում է, որ որոնողական աշխատանքները հոկտեմբերի 18-ից դադարեցված են:
14:33 - 13 նոյեմբերի, 2021
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք է գրանցվել

Նոյեմբերի 12-ին կատարվել է 212 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք է գրանցվել:   Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր: Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 61-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։   Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով արձանագրվել է 2 մահվան դեպք։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 19984 քաղաքացու հետազոտություն, որից 3114-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։   «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:   Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով ձեր և ձեր հարազատների առողջությունը:   Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության տարբեր բուժհաստատություններում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00-ը»,- ասված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:
13:47 - 13 նոյեմբերի, 2021
Շուշիի անցակետի մոտ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում․ Արցախի ԱԱԾ

Շուշիի անցակետի մոտ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում․ Արցախի ԱԱԾ

ԱՀ ԱԱԾ-ից հայտնում են, որ այսօր Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ: Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհն այժմ երկկողմանի բաց է, դեպքի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։ Կոչ ենք անում խուճապի մեջ չընկնել ու պահպանել հանգստություն, զերծ մնալ խուճապ առաջացնող լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին։
11:21 - 13 նոյեմբերի, 2021
Հայաստանում Նիդեռլանդների դեսպանը մեկնաբանել է Ադրբեջանի հրավերով իր գործընկերոջ այցը Շուշի |armenpress.am|

Հայաստանում Նիդեռլանդների դեսպանը մեկնաբանել է Ադրբեջանի հրավերով իր գործընկերոջ այցը Շուշի |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանի հուլիսյան այցը Շուշի քաղաք ոչ մի դեպքում չի նշանակում, թե դրանով իր երկիրը օրինականացնում է կամ ճանաչում է ներկա իրավիճակը Շուշիում կամ Լեռնային Ղարաբաղում: Այս մասին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ անվտանգային ֆորումի ժամանակ ասել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին՝ ֆորումին ներկա Նիկո Սխերմերսը՝ պատասխանելով քննարկման մասնակիցներից մեկի հարցին: Ֆորումի մասնակից ուսանողներից մեկը հիշեցրել էր, որ ամիսներ առաջ՝ հուլիսի 9-ին և 10-ին կազմակերպելով Բաքվում հավատարմագրված 46 երկրի դեսպաններ ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ այցը Արցախի՝ ադրբեջանական զինուժի կողմից բռնազավթված Շուշի քաղաք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ակնհայտորեն փորձել է միջազգային իրավական և դիվանագիտական օրինականություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծման փորձին, որն ուղեկցվել է պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով: Այդ կապակցությամբ ուսանողը հետաքրքրվել էր, թե «չե՞ք կարծում, որ Նիդեռլանդների դեսպանի՝ Շուշի այցելելը անուղղակի կերպով օրինականացնում է Ադրբեջանի կողմից կատարված միջազգային իրավունքի խախտումները»: Ի պատասխան դեսպանը նշեց, որ Նիդեռլանդների կառավարությունը որոշել է համաձայնել Շուշիի այցելությանը՝ տեղում իրավիճակի մասին պատկերացում կազմելու նպատակով: «Բաքվում ցանկացած դեսպան հավատարմագրված է նաև Լեռնային Ղարաբաղում՝ ի տարբերություն Երևանում հավատարմագրված դեսպանի: Դա էլ իր հերթին նշանակում է, որ իմ գործընկերը Բաքվում կարող է ճանապարհորդել Շուշի կամ այլ վայրեր: Պարզ է, որ մենք շատ զգուշությամբ ենք դա անում: Մենք՝ որպես Նիդեռլանդների կառավարություն, որոշեցինք, որ այդ այցելությունը Շուշի պետք է տեղի ունենա, որպեսզի ինքներս պատկերացում կազմենք, թե ինչ իրավիճակ է Շուշիում: Դա չի նշանակում, որ մենք դա անելու ենք հաճախ, կամ մենք դա անելու ենք հեշտությամբ: Եվ ուզում եմ շեշտել, որ դա ոչ մի դեպքում չի նշանակում, թե դրանով մենք օրինականացնում կամ ճանաչում ենք ներկա իրավիճակը Շուշիում կամ Լեռնային Ղարաբաղում»,- պատասխանեց ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանը: 2021 թ. հուլիսի 9-10-ը Ադրբեջանում հավատարմագրված պետություններից 46-ի դեսպաններն ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ադրբեջանական իշխանությունների հրավերով այցելել էին Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշի: ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները, սակայն, մերժել են Ալիևի հրավերը:
21:17 - 12 նոյեմբերի, 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:Նիստի ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.«Կառավարությունների հարգելի ղեկավարներ, Նիստի հարգելի մասնակիցներ,Առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել այսօրվա նիստի կազմակերպիչներին և Գործադիր կոմիտեին կատարված մեծ և արդյունավետ աշխատանքի համար:Վերադառնալով այսօրվա նիստի օրակարգի հարցերին՝ նշեմ, որ օրակարգում ներկայացված փաստաթղթերը հայկական կողմը դիտարկում է որպես ԱՊՀ պետությունների ջանքերի դրսևորում՝ ուղղված տնտեսական փոխգործակցության խթանմանը, ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսությունների մրցունակության բարձրացմանը և նրանց դիրքերի ամրապնդմանը համաշխարհային համակարգում։ Ակնհայտ է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը որոշիչ դեր է խաղում անվտանգության ապահովման և բնակչության կենսամակարդակի բարձրացման գործում։ Բարձր տեխնոլոգիաներ ստեղծող և զարգացնող երկրները առաջատար դիրքեր են զբաղեցնում միջազգային ասպարեզում։ Ժամանակակից աշխարհում թվայնացումը, նորարարությունը և նորագույն տեխնոլոգիաները համարվում են պետական կառավարման համակարգի արդյունավետության հետագա բարձրացման, բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու, շարունակական տնտեսական աճ ապահովելու և բնակչությանը բարձրորակ հանրային ծառայություններ մատուցելու համար առանցքային գործիքներ։ Այս համատեքստում կցանկանայի նշել մինչև 2030 թվականը ԱՊՀ պետությունների նորարարական համագործակցության միջպետական նախագծի իրականացման համալիր ծրագրի կարևորությունը։ Գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների և մշակումների համատեղ կենտրոնների գործունեությունը, փորձի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման միջոցով տեսական գիտելիքների և գործնական հմտությունների փոխանցումը կբարելավեն ոչ միայն ներդրումային միջավայրը, այլև թույլ կտան առևտրայնացնել տեխնոլոգիաները՝ երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու նպատակով։ Հաշվի առնելով թվային տեխնոլոգիաների անխուսափելի զարգացումը՝ պատշաճ ուշադրություն պետք է դարձնել մտավոր սեփականության իրավական պաշտպանության խնդիրներին։ Տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցերում հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ընդունումը թույլ կտա միավորել թվային միջավայրում մտավոր սեփականության իրավունքները պաշտպանելու ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ջանքերը, հաստատել ընդհանուր մոտեցումներ և մշակել մեխանիզմներ հեղինակների և հեղինակային իրավունքի սեփականատերերի իրավունքների պաշտպանության ոլորտում։ Հայկական կողմը աջակցում է նաև ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանունակության հետագա զարգացմանն ուղղված համակարգված միջոցառումների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի ընդունմանը։ Նիստի հարգելի մասնակիցներ, Չեմ կարող չնշել մեր համագործակցության մշակութային ասպեկտի դերը։ Ժողովրդական արվեստի ավանդույթների, պատմամշակութային ժառանգության, արվեստի, գրականության բնագավառում ժառանգության պահպանումը, ժողովրդական արհեստների և ժողովրդական արվեստի յուրացումը մեր երկրների փոխգործակցությունը միավորող գործոններ են։Այս առումով ողջունում ենք 2022 թվականին ԱՊՀ-ում ժողովրդական արվեստի և մշակութային ժառանգության տարի անցկացնելու միջոցառոումների ծրագրի ընդունումը։Ամփոփելով նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ակտիվ և կառուցողական աշխատանքը՝ նպատակ ունենալով հետևողականորեն խթանել փոխշահավետ համագործակցությանն ուղղված համատեղ նախաձեռնությունները։Շնորհակալություն ուշադրության համար»:
16:43 - 12 նոյեմբերի, 2021
Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը. ՀՀ փոխվարչապետ |armenpress.am|

Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը. ՀՀ փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով 40 հազար մարդ մնացել է անօթևան և կորցրել ունեցվածքը, ոչնչացվել է 17 հազար քաղաքացիական օբյեկտ և ենթակառուցվածք. մի քանի հազար մարդ զոհվել և վիրավորվել է, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, շատերի ճակատագիրը դեռևս անհայտ է: Նոյեմբերի 12-ին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստում այս մասին հայտարարեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Չնայած նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորություններին, Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ բազմաթիվ հայ ռազմագերիների գերության մեջ պահելը, ինչը ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի կոպիտ խախտում է, այլ նաև միջազգային մարդասիրական իրավունքի: Խեղաթյուրելով տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները՝ Ադրբեջանի կողմից շահարկվում է «միջանցքի» գաղափարը, որն ուղեկցվում է ուժի կիրառման սպառնալիքներով»,- ընդգծեց փոխվարչապետը: Փոխվարչապետը շեշտեց` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով: «Հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։ Իրավիճակը լիցքաթափելու և տարածաշրջանի խաղաղ զարգացման փուլ մտնելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի՝ հրաժարվելով ատելության քաղաքականությունից, ագրեսիվ հռետորաբանությունից և թշնամական գործողություններից»,- եզրափակեց Գրիգորյանը:
15:07 - 12 նոյեմբերի, 2021