Արթուր Հովհաննիսյան

Արթուր Հովյաննիսյանն 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր է, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը։

Ծնվել է 1990թ. Երևանում։

2008-2010թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը:

2012-2013թթ. աշխատել է «Ա1+» հեռուստաընկերության լրագրող: 2013-2015թթ. զբաղվել է անհատ ձեռներեցությամբ: 2015-2016թթ. եղել է Հ3 հեռուստաընկերության լրագրող, 2016-2017թթ.՝ 1in.am կայքի լրագրող, լրատվական թողարկումների մեկնաբան, տեսանկարահանման  բաժնի պրոդյուսեր, 2017-2018թթ.՝ para.tv-ի գլխավոր պրոդյուսեր։

2018-2019թթ. եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ։

10.06.2019-02.08.2021թթ.՝ ԱԺ պատգամավոր։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

 

Պատգամավորը հորդորում է ԶԼՄ օրենքի փոփոխության նախագծի հեղինակներին հետ կանչել այն

 |armenpress.am|

Պատգամավորը հորդորում է ԶԼՄ օրենքի փոփոխության նախագծի հեղինակներին հետ կանչել այն |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ խորհրդարանում լրագրողական հանրության մասնակցությամբ քննարկում անցկացվեց ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի ու Լիլիթ Մինասյանի ներկայացրած նախագծում նշվում է , որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական մարմինները իրավասու են լրագրողի հավատարմագրման մերժման եւ դադարեցման այլ հիմքեր սահմանել լրագրողների հավատարմագրման կարգով: Սակայն նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով: «Օրենքի բացը լրացնելու եւ առաջին հերթին լրատվական գործունեություն իրականացնողի եւ պետական մարմինների միջեւ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու, պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում գործիքակազմ ունենալու համար առաջարկվում է, որպեսզի նաեւ պետական մարմինը, որը հավատարմագրել է լրագրողին կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը»,-ասված է նախագծում: Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը կարծում է, որ  նախագծով իշխանությունը ցանկանում է արագ խնդիր լուծել: «Պարտավոր էին հստակ սահմանել հավատարմագրման հիմքերը, որպեսզի լրագրողի համար իր վարքագիծը կանխատեսելի լինի և լրագրողն իմանա, թե օրինակ որ դեպքում ինքը կարող է զրկվել հավատարմագրումից, հակառակ դեպքում դաշտը բաց է, և ցանկացած գերատեսչություն կարող է կամայականորեն որոշել և ազատվել ոչ ցանկալի լրագրողներից կամ գլուխներն ազատել անցանկալի հարցերից: Այսինքն՝ պետք է հստակ հիմքերը նշել, թե որ դեպքում ինչ հիմքեր կան և որ դեպքում կարող է զրկվել հավատարմագրումից: Օրենքի որոշակիության պահանջի խնդիր կա, հիմքերը հստակ սահմանված չեն, հետևաբար, եթե հիմքերը չկան, ինչո՞վ են առաջնորդվելու, որպեսզի որոշեն լրագրողին զրկել»,-ասաց Սեյրանյանը: Լրագրող Սևակ Վարդումյանն էլ նշեց՝ չգիտի, թե ո՞ր դեպքում կարող է ԱԺ աշխատակազմը իրեն զրկել հավատարմագրումից: «Ենթադրենք ես մի քիչ բարձր եմ ծիծաղում միջանցքում, այդ ժամանա՞կ է զրկում, ինչ-որ մեկին հարվածում եմ, այդ ժամանա՞կ է զրկում, բարձրախոսը շատ եմ մոտեցնում բանախոսին, այդ ժամանա՞կ է զրկում….»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ հարցերի պատասխանները հնարավոր չէ գտնել նախագծում, պատգամավորներն էլ չեն ներկայացրել: Լրագրողի կարծիքով՝ նախագիծը պետական գերատեսչության համար կամայական որոշում կայացնելու հնարավորություն է ստեղծում: Նա նախագծում որևէ հիմնավորում չի տեսել, նշում է, որ, եթե լինեին կետեր, ինքը մեծ ուրախությամբ, կքննարկեր, կբանավիճեր՝ կոնսենսուսի գալու համար, այսպիսով` կոչ է անում հեղինակներին հետ կանգնել նախագծից: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ ասաց. «Պետք է այս մոտեցումից հրաժարվել: Լրագրողի հավատարմագրման դադրեցում կամ զրկում պետք է չլինի մեր օրենսդրության մեջ»: Թագուհի Թովմասյանն էլ դժգոհեց, որ լրագրողական հանրության հետ նախապես չեն արվում նրանց վերագրվող օրենքների մասին քննարկումները: «Այո, լրագրողների մեջ էլ կան մարդիկ, որոնք խնդիր են առաջացնում, և այդ մարդիկ առաջացնում են նաև նման օրենսդրական նախաձեռնություններ բերելու անհրաժեշտություն, և դրանով փորձում են կուլիսներում հիմնավորել, որ այդ դեպքերը կանխելու համար են բերում տվյալ նախաձեռնությունը»,-ասաց նա: Ըստ պատգամավորի՝ խնդիրը պետք է կարգավորվի հենց լրագրողական դաշտում: «Յուրաքանչյուր խմբագրություն պետք է իր վրա պարտավորություն վերցնի, ինքն իր համար մշակի, հրապարակի այն էթիկայի կանոնները, որոնք իրենք ինքնակամ հետևելու են, և պետական գերատեսչությունը կարողանա հետևել հենց նրանց կողմից մշակված էթիկայի կանոնների պահպանմանը: Ելքերից մեկը սա եմ տեսնում, ինքնակարգավորման լավագույն միջոց է, որ խնդիրը կարգավորվի հենց  լրագրողական դաշտում և որևէ մեկը մահակ չունենա՝ որևէ լրագրողին հավատարմագրումից զրկելու սպառնալիքով պատժել»,-ասաց նա: Պատգամավորն առաջարկեց ստորագրահավաք կազմակերպել և դիմել կառավարությանը՝ խնդրելով նախագծին տալ բացասական եզրակացություն, դիմել նաև նախագծի հեղինակներին՝ խնդրելով հետ կանչել նախագիծը, քանի որ, պատգամավորի գնահատմամբ, այն իրավազուրկ, հիմնազուրկ է:  
16:25 - 15 ապրիլի, 2022
Անհրաժեշտ է հանրային լայն կոնսոլիդացիա՝ բանակցություններում ամուր դիրքերից հանդես գալու, արցախահայության բոլոր իրավունքները պաշտպանելու համար. Հովհաննիսյան |1lurer.am|

Անհրաժեշտ է հանրային լայն կոնսոլիդացիա՝ բանակցություններում ամուր դիրքերից հանդես գալու, արցախահայության բոլոր իրավունքները պաշտպանելու համար. Հովհաննիսյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ նիստին խոսեց ստեղծված իրավիճակի ու անցյալի սխալների մասին: «Եթե Արցախը նախկինում մշտապես օգտագործվել է իշխանությունը պահելու, մարդկանց կեղեքելու ու բանակի հզորացման անվան տակ այն թալանելու համար, ապա հեղափոխությունից հետո մինչ այս պահը Արցախն օգտագործվում է իշխանությունը վերադարձնելու համար, իշխանության վերադառնալու համար, կրկին այն գողանալու համար: Կրթական, տնտեսական, սոցիալական ու մի շարք այլ ոլորտներում ծրագրեր գրեթե չէին իրականացվում, որովհետև պետք էր բանակը հզորացնել, որ հայրենիքը պաշտպանեինք: Անգամ հեղափոխության օրերին էին ֆեյք տեսանյութեր տարածում սահմաններին կուտակումների մասին, որ մարդկանց վախերի միջոցով կանգնեցնեին քաղաքացիական ճշմարիտ անհնազանդությունից: 2018-ից հետո վերացվեց նաև այս նարատիվը: Կառուցվում և բարեկարգվում են կրթական հարյուրավոր հաստատություններ, իրականացվում և ֆինանսավորվում են սոցիալական, տնտեսական, առողջապահական բազմաթիվ ծրագրեր: Աննախադեպ միջոցներ են ուղղվում Արցախի մեր հայրենակիցների բարեկեցության համար, ավելի մեծ ծավալով է ֆինանսավորվում բանակը: Ու այս ամենը՝ առանց միմյանց հակադրելու Արցախն ու Հայաստանի զարգացումը: Այո՛, տասնամյակների խաբեության, փուչ կենացների, կեղծ հայրենասիրության հետևանքը ապրիլյան, հետո՝ 44-օրյա պատերազմն էր, որի արդյունքում հազարավոր հայրենակիցներ ենք կորցրել: Բայց մեր եղբայրներն ու քույրերն իրենց կյանքը չնվիրեցին միայն մեր ազատության համար, նրանք իրենց կյանքի գնով բացահայտեցին ճշմարտություններ, որոնց հետ որքան ուշ առերեսվեինք, այնքան մեծ էր լինելու ողբերգությունը»,- ասաց Հովհաննիսյանը: Նա շեշտեց, որ որպես պետություն ու ժողովուրդ իրավունք չունենք տրվելու սին պատրանքների: «Պետք է կարողանանք այս պատմական խաչմերուկում մեր պետականության համար կարևորագույն շրջափուլում մեր որոշումները կայացնենք՝ ելնելով ճշմարտություններից և ոչ երբեք կրկին մեզ մատուցվող կեղծ պաթոսից ու արկածախնդրությունից: Մեզ անհրաժեշտ է հանրային լայն կոնսոլիդացիա՝ բանակցություններում ամուր դիրքերից հանդես գալու, արցախահայության բոլոր իրավունքները պաշտպանելու և մեր ժողովրդի համար երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար»,- ասաց Հովհաննիսյանը:
12:17 - 14 ապրիլի, 2022
ՔՊ պատգամավորները շրջանառության մեջ են դրել նոր նախագիծ, որով պետական մարմինը կկարողանա դադարեցնել լրագրողի հավատարմագրումը

ՔՊ պատգամավորները շրջանառության մեջ են դրել նոր նախագիծ, որով պետական մարմինը կկարողանա դադարեցնել լրագրողի հավատարմագրումը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը և Լիլիթ Մինասյանը  շրջանառության մեջ են դրել  «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծ, որը պետական մարմիններին հնարավորություն կտա դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, եթե վերջինս խախտել է աշխատանքային գոտում գործող կանոնները։  Ըստ նախագծի հիմնավորման՝  «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական մարմինները իրավասու են լրագրողի հավատարմագրման մերժման եւ դադարեցման այլ հիմքեր սահմանել լրագրողների հավատարմագրման կարգով: Սակայն նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով. «Ստացվում է, որ մի կողմից պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող հավատարմագրման դադարեցման հիմքերի առկայության դեպքում որևէ կերպ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, քանի որ անհրաժեշտ է հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմում։ Օրենքի բացը լրացնելու եւ առաջին հերթին լրատվական գործունեություն իրականացնողի եւ պետական մարմինների միջեւ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու, պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում գործիքակազմ ունենալու համար առաջարկվում է, որ նաեւ պետական մարմինը, որը հավատարմագրել է լրագրողին, կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։
14:05 - 11 ապրիլի, 2022
Շարունակում ենք պնդել՝ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն, որ ադրբեջանցիները վերադառնան ելման դիրքեր. Արթուր Հովհաննիսյան

 |armenpress.am|

Շարունակում ենք պնդել՝ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն, որ ադրբեջանցիները վերադառնան ելման դիրքեր. Արթուր Հովհաննիսյան |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմն ակնկալում է, որ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն, և ռուս խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանցիները կվերադառնան ելման դիրքեր: Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժմանը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի: «Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված գործընթացները շարունակվում են: Մենք պարբերական կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ, առաջին հերթին ՌԴ մեր գործընկերների հետ են մեր բանակցությունները: Մենք շարունակում ենք պնդել, որ կոնկրետ գործուն քայլեր պետք է ձեռնարկվեն, որ ադրբեջանցիները վերադառնան ելման դիրքեր»,-ասաց Հովհաննիսյանը: Բոլոր միջազգային գործընկերների, առաջին հերթին ՌԴ-ի հետ հարաբերություններում հայկական կողմն արձանագրում է, որ խախտվել են նոյեմբերի 9-ի և դրան հաջորդող բոլոր պայմանավորվածությունները: «Այս պահին դիվանագիտական բոլոր խողովակները գործի են դրված՝ խնդրին հնարավորինս շուտ հանգուցալուծում տալու՝ թե ռազմական էսկալացիայի խնդիրը վերացնելու, թե Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հարցերը լուծելու համար»,-ասաց Հովհաննիսյանը: Հղում կատարելով ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարություններին՝ պատգամավորը նշեց՝ հայկական կողմը պատշաճ քննություն է ակնկալում խաղաղապահների գործողությունների, ադրբեջանցիների գործողությունների վերաբերյալ՝ հավելելով, որ այդ քննությունը դեռևս ավարտին չի հասել: Գործողությունները տեղի են ունեցել խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքում: ՀՀ ԱԳՆ-ն արձանագրել էր, որ ադրբեջանցիները շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում: «Ըստ էության, խնդիրը չի լուծվել: Ադրբեջանի ՊՆ-ի, ԱԳՆ-ի հայտարարություններն ավելի են սադրում իրավիճակը և բնավ չեն նպաստում այս պահի իրավիճակի հանգուցալուծմանը»,-նշեց  պատգամավորը: Պատգամավորը շեշտեց, որ Ադրբեջանի գործողությունները, նաև սրանից առաջ, երբ լույսեր են գցում տների վրա, բարձրախոսներով բնակավայրը լքելու մասին տեքստեր հնչեցնում, հետապնդում են մեկ նպատակ՝ վախի մթնոլորտ սերմանել, հոգեբանական ճնշման ենթարկել և շարունակել էթնիկ զտման ցեղասպան  քաղաքականությունը: «Մենք էլ ամբողջ աշխարհին շարունակում ենք ներկայացնել իրավիճակը, ներկայացնել, որ ՀՀ կառավարությունը, ժողովուրդը շարունակում է գնալ խաղաղության օրակարգով, և մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր բաժին անելիքը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ իրականացնենք: Այո, աշխարհաքաղաքական զարգացումները, ցավոք սրտի, այս պահին դժվարացնում են այս առաքելության իրականացումը, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է մեր նպատակներից հետ կանգնենք»,-եզրափակեց Հովհաննիսյանը:  
16:18 - 28 մարտի, 2022