Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար։ Ծնվել է 1966թ մարտի 20-ին։ 1990 թ. - Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան։ 1989 թ. - Ակադեմիական ստաժ եւ աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ։ 1991 թ. - Մագիստրոսի աստիճան արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա 1989 թ. Անցել է աշխատանքային գործուղում ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանությունում։ 1990 թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը։

1991 թ. Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում ստացել է մագիստրոսի աստիճան արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում։ 1991-1993 թթ. - Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1993-1997 թթ. - Երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա 1995-1997 թթ. - Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում ՀՀ դեսպանություն 1997 թ. - ՀՀ Վարչապետի օգնական, Երեւան, Հայաստան 1997-1998 թթ. - Առաջին եվրոպական վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1998-1999 թթ. - Եվրոպայի վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1999-2002 թթ. - Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ նախագահի աշխատակազմ, Երեւան, Հայաստան 2002 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Ժնեւի ՄԱԿ գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (Ժնեւ, Շվեյցարիա)։

2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի ու Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչի պարտականություններից։ 2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (նստավայրը՝ Ստրասբուրգ)։ 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պարտականություններից։ 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)։ 2018 թվականի մայիսի 12-ին հետ է կանչվել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: 2018 թվականին, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահի կողմից նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար: 2020 թվականի նոյեմբերի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ ազատվելով զբաղեցրած պաշտոնից։

Մենք չենք խոսում զիջումների մասին, մենք խոսում ենք հիմա հրադադարի ռեժիմի հաստատման և խաղաղ գործընթացին վերադառնալու մասին․ Զոհրաբ Մնացականյան

Մենք չենք խոսում զիջումների մասին, մենք խոսում ենք հիմա հրադադարի ռեժիմի հաստատման և խաղաղ գործընթացին վերադառնալու մասին․ Զոհրաբ Մնացականյան

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը CNN-ի "Amanpour" հեռուստածրագրին․ Քրիստիան Ամանպուր. Այսօր երկու երկրների արտգործնախարարները հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ փորձելով հաստատել հերթական հրադադարը: Բացառիկ հարցազրույցով այժմ ինձ կմիանա այդ հանդիպումից նոր վերադարձած Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Բարի գալուստ մեր ծրագիր: Կարո՞ղ եմ Ձեզ հարց ուղղել. արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` Ձեզ հղած ուղերձն այն էր, որ դեռևս հրադադարի հաստատման հույս կա։ Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար։ Քարտուղար Պոմպեոյի ուղերձը այս հակամարտության խաղաղ կարգավորման միջազգայնորեն ճանաչված միջնորդական ձևաչափը ներկայացնող երեք համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ուղերձի մեկտեղումն է առ այն, որ պատերազմը պետք է դադարեցվի, ագրեսիան պետք է դադարեցվի, հրադադար պետք է հաստատվի, և այնուհետև մենք կշարժվենք առաջ: Սա է հենց այն ուղերձը, որը մենք կիսում ենք և աջակցում։ Քրիստիան Ամանպուր. Դուք այդպես եք ասում: Ձեր գործընկերը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ում, իհարկե, մենք հրավիրեցինք այս ծրագրին, բայց նա չկարողացավ միանալ մեզ, նա պնդում է. «Խաղաղություն հաստատելու միակ ճանապարհի հիմքում պետք է ընկած լինեն ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը։ Պետք է վերջ դրվի հայկական ապօրինի օկուպացիային, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»: Դուք պատրա՞ստ եք գնալու այդ զիջմանը: Զոհրաբ Մնացականյան. Մենք չենք խոսում զիջումների մասին, մենք խոսում ենք հիմա հրադադարի ռեժիմի հաստատման և խաղաղ գործընթացին վերադառնալու մասին: Այժմ, երբ խոսքը գնում է Արցախի ապագայի մասին, պետք է նշեմ, որ այս հակամարտությունը մարդկանց մասին է, Արցախի մեր հայրենակիցների մասին է: Հայերը մշտապես դիմակայել են Ադրբեջանի գերիշխանությանը ենթարկվելուն։ Սա է եղել ամբողջ պատմությունը: Այս ամենը մեր ժողովրդի մասին է, ովքեր ենթարկվում են ռմբակոծման, հրետակոծման և հրթիռակոծման: Այս հիմնահարցի առանցքում մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությունն է: Մենք պնդում էինք, որ պետք է գտնել այս հակամարտության խաղաղ կարգավորումը, որը պետք է հասցեագրի մեր հայրենակիցների անվտանգությունը, իսկ Արցախի կարգավիճակը և մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը, որը միջազգային հանրության կողմից ճանաչված հիմնարար սկզբունք է, պետք է անհապաղ կյանքի կոչվեն։ Արցախի մեր հայրենակիցները պետք է ապրեն ազատության, արժանապատվության, ապահովության և անվտանգության մեջ: Դա է ընկած այս հակամարտության առանցքում։ Այն ամբողջությամբ մարդկանց մասին է։ Հակամարտության մասին չէ։ Դա մարդկանց իրական կյանքերի մասին է։ Հենց այս պահին, երբ մենք զրուցում ենք, երբ մենք այստեղ ենք՝ Վաշինգտոնում, երբ մենք փորձում ենք հասնել հրադադարի ուղերձի, խաղաղ կարգավորմանը վերադառնալու ուղերձի հետագա ամրապնդմանը, այստեղ ընթացող հանդիպումներից դուրս գալուց անմիջապես հետո Հայաստանից և Արցախից լուրեր էի ստանում առ այն, որ քաղաքացիական բնակավայրերը՝ Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին ենթարկվում են հուժկու հրթիռակոծման ադրբեջանական ուժերի կողմից: Զոհվում են խաղաղ բնակիչներ: Քաղաքացիական, հումանիտար իրավիճակը օրհասական է: Եվ սա այլևս չպետք է տեղի ունենա: Քրիստիան Ամանպուր. Հասկանում եմ, որովհետև մենք հետևում էինք այդ իրավիճակին, և այդ իսկ պատճառով հրավիրել ենք Ձեզ: Ամեն ինչ վերաբերում է մարդկանց, այդպես չէ՞: Դա չի վերաբերում պաշտոնյաներին, ովքեր նստած են իրենց պալատներում կամ շրջում իշխանական սրահներով, դա մշտապես վերաբերում է մարդկանց։ Զոհրաբ Մանցականյան. Միանշանակ։ Քրիստիան Ամանպուր. Ուզում եմ Ձեզ հարցնել հետևյալը. Դուք հենց նոր ասացիք, որ Արցախն էթնիկ առումով պատկանում է այնտեղի ձեր ժողովրդին։ Բայց ՄԱԿ-ը հայերին անվանում է օկուպացիոն ուժ։ Տեսեք, 1993թ., ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ բանաձևերի, պահանջվում էր, ինչպես, այսպես կոչված, այդ օկուպացիոն ուժերի անհապաղ դուրսբերումը։ 2008թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հիմնախնդրի վերաբերյալ բանաձև ընդունեց, որում ճիշտ նույն կոչն էր։ Եվ 2008թ. Գլխավոր Ասամբլեան վերահաստատեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այսպիսով, սա ակնհայտորեն պետք է տեղի ունենա բանակցությունների միջոցով: Այդպես է գրված սևով սպիտակի վրա, բայց, միաժամանակ, ինչպես տեսնում եք, գրված է նաև ձեր ժողովուրդի անվտանգության և այլ իրավունքների մասին։ Քանի որ դուք շատ վճռական եք ձեր խոսքերում, կա՞ հնարավորություն, որ դուք և Ադրբեջանը միասին լուծեք այս խնդիրը։ Քանի որ մինչ օրս հաստատված բոլոր հրադադարի ռեժիմները մոտավորապես մեկ օր անց խախտվել են: Զոհրաբ Մանցականյան. Գերազանց դիտարկում եք անում։ Եթե մենք հետին հայացք ենք նետում 1993թ․-ին, ապա շատ կարևոր դիտարկում կա այդ ամենի հետ կապված։ 1992թ.-ից մինչև 1993թ. մենք շատ վտանգավոր իրավիճակի առջև էինք կանգնած, երբ նեղ արահետ էր թողնվել Արցախի հայերին այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղի մնացյալ մասը օկուպացված էր ադրբեջանական ուժերի կողմից, իսկ այդ շրջանների բնակչությունը ենթարկվել էր էթնիկ զտումների և բռնի ուժով դուրս հանվել իրենց տարածքներից։ Հետագա զարգացումներն այնպես դասավորվեցին, որ Արցախի հայերը ի զորու եղան պաշտպանվելու, լինելու շատ վճռական իրենց կյանքը պաշտպանելու հարցում։ Նրանք անվտագության գոտի ստեղծեցին, և այսօր պարզ երևում է, որ եթե այս գոտին չլիներ, հնարավոր է նրանք կրկին ենթարկվեին էթնիկ բնաջնջման, քանի որ այդ վտանգին մշտապես առերեսվել են։ Մենք բարեխղճորեն բանակցում ենք, որպեսզի գտնենք Արցախում մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի դրսևորման եղանակը, գտնենք խնդրի կարգավորումը։ Սա մեր հանձնառությունն է, և մենք շարունակելու ենք աշխատել այս նպատակի իրագործման ուղղությամբ։ Քրիստիան Ամանպուր. Լավ, այն ինչ հիմա դուք ներկայացրիք միջազգային և Միացյալ Նահանգներում լայն տարածում ունեցող հարթակով, ձեր հանձնառությունն էր, բայց խնդիրն այն է, որ ձեր վարչապետն Արցախում էր, կարծում եմ՝ օգոստոսին, ավելի ստույգ անցյալ տարի օգոստոսին, շատ ազգայնական կեցվածքով, միգուցե դա իր ոճն է, բայց նա, օգտագործելով Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը, մղեց ամբոխին անընդմեջ վանկարկել «Միացում Հայաստանի հետ» նախադասությունը։ Արդյո՞ք դա է ձեր քաղաքականությունը: Զոհրաբ Մանցականյան. Սա այն աղավաղումն է, որին մենք անդրադարձել ենք և որին մենք բախվում ենք մեկ տարի շարունակ. սա բառերը գլխիվայր անելու, աղավաղելու և խեղված ներկայացնելու փորձ է։ Վարչապետը խոսում էր Արցախի մեր հայրենակիցների անվտանգության ապահովման, երաշխավորման գործում Հայաստանի դերի մասին: Աշխարհում չկա այլ ուժ, որը կարող է դա անել կամ արել է։ Վարչապետը խոսում էր Հայաստանի զարգացման, բարեփոխման ճանապարհի մասին, և նա վերահաստատում էր, որ Հայաստանը անտարբեր չի լինելու Արցախում իր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ: Վարչապետն այս երկու տարիների ընթացքում և այդ ելույթում անընդհատ խոսում էր փոխզիջման վրա հիմնված խաղաղ հանգուցալուծման մասին: Այսպիսով, այս բառերը կտրված են համատեքստից և արհամարհվում է այն հիմնարար կետը, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա, և հիմնախնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով։ Եվ սա է Հայաստանի ուղերձը, որը հետևողականորեն կրկնվում է այս երկու տարիների ընթացքում: Քրիստիան Ամանպուր. Դա այն է, ինչ մարդիկ ուզում են լսել՝ խաղաղություն, փոխզիջում, դիվանագիտություն և ոչ թե այսպիսի պայքար, որին ականատես ենք լինում հենց հիմա: Ուստի, դուք ասու՞մ եք, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Արցախը Հայաստանին միավորելը չէ: Զոհրաբ Մանցականյան. Մենք խոսում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որով կիրացվի նրանց ազատ կամարտահայտումը՝ առանց սահմանափակումների: Հիմա, այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ անհնար է ենթարկեցնելը, ահնար է գերակայություն հաստատելը: Որևէ կերպ թույլ չենք տալու մեր հայրենակիցների էթնիկ զտման վտանգը, որին իրենք կրկին բախվում են. ժողովուրդը պետք է վճռի իր ճակատագիրը, և նրանք էլ կորոշեն իրենց անկախությունը, որը պետք է հարգվի։ Սա է լուծման ճանապարհը։ Ինչ վերաբերում է փոխզիջմանը, մենք պետք է շատ հստակ լինենք. չի կարող լինել որևէ զիջում, որևէ առավելապաշտական ​​մոտեցում, որը մենք լսում ենք Ադրբեջանից: Դա պետք է դադարեցվի: Քրիստիան Ամանպուր. Պարոն նախարար, շատ շնորհակալ եմ մեզ միանալու համար: Կրկին, հույս ունեի հյուրընկալել նաև Ադրբեջանի արտգործնախարարին, ով այսօր չկարողացավ միանալ մեզ: Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն։
12:06 - 25 հոկտեմբերի, 2020
Զ․ Մնացականյանը և ՄԽ համանախագահները վերահաստատել են վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի անհապաղ հաստատումը

Զ․ Մնացականյանը և ՄԽ համանախագահները վերահաստատել են վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի անհապաղ հաստատումը

Հոկտեմբերի 23-ին, աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում  օպերատիվ իրադրությանը: Նախարար Մնացականյանը խորը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից՝ հոկտեմբերի 10-ին և 17-ին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունների տապալման առնչությամբ և ընդգծեց, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նկրտումները մարտահրավեր են ողջ տարածաշրջանի համար: Կողմերը վերահաստատեցին ռազմական գործողությունների դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի անհապաղ հաստատումը: Ընդգծվեց բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:
20:28 - 24 հոկտեմբերի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալվեց «Ատլանտյան խորհրդի» կողմից կազմակերպված վեբինարին

Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալվեց «Ատլանտյան խորհրդի» կողմից կազմակերպված վեբինարին

Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալվեց  «Ատլանտյան խորհրդի» կողմից կազմակերպված առցանց վեբինարին, որը վարում էր համանուն խորհրդի Եվրասիական կենտրոնի ղեկավար Ջոն Հերբսթը։ Քննարկումը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով հակամարտություն գոտում ստեղծված իրադրության վերջին զարգացումներին և կրակի դադարի վերահսկելի ռեժիմի հաստատման հեռանկարներին:  Իր խոսքը սկսելով հակամարտության բուն էության ներկայացմամբ՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Հիմնախնդրի առանցքում մեր հայրենակիցների ֆիզիկական, գոյութենական անվտանգությունն է, և մենք շատ հստակ կերպով շեշտել ենք, որ գործ ունենք գոյութենական իրական սպառնալիքի հետ, որի ականատեսն ենք եղել նախկինում, և ոչ մի կերպ չպետք է թույլ տանք, որ այդ ամենը կրկին տեղի ունենա»: Զոհրաբ Մնացականյանը հանգամանալից կերպով ներկայացրեց սեպտեմբերի 27-ից մինչ օրս Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը: Նախարարը Ջոն Հերբսթի և առցանց ունկնդիրների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունների, մասնավորապես՝ խաղաղ բնակչության  նկատմամբ վայրագությունների, կենսական նշանակության ենթակառուցվածքների անընդմեջ թիրախավորման փաստերի վրա:   Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների անմիջական ներգրավվածությամբ կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ի և հոկտեմբերի 17-ի հայտարարություններին՝ նախարարն ընդգծեց Հայաստանի հանձնառությունն այդ համաձայնություններով ստանձնած պարտավորություններին: Այս համատեքստում նախարար Մնացականյանն անդրադարձավ նաև Միացյալ Նահանգներում կայացած հանդիպումներին՝ նշելով, որ ԱՄՆ-ից ստացված ուղերձները հուսադրող են և նպատակաուղղված են հրադադարի հաստատման ջանքերի անհապաղ գործադրմանը:  ԱԳ նախարարը բարձր գնահատեց համանախագահ երկրների միասնականությունը՝ նշելով. «Թերևս միջազգային օրակարգի մի շարք հարցերում ունեցած տարըմբռնումներով հանդերձ՝ Լեռնային Ղարաբաղի  հիմնախնդրում համանախագահ երկրներին միավորում է նշանակալի միասնականությունն ու համախմբվածությունը: Այդ շատ կարևոր միասնականությունը հրադադարի հաստատամանը հասնելու համանախագահ երկրների ձգտումն է, որ կարող է վերջ դնել այն աղետին, որը սպառնում է Արցախի մեր հայրենակիցների գոյության և ապրելու իրավունքին»:  Պատասխանելով հաղորդավարի՝ Թուրքիայի դերակատարությանն առնչվող հարցին՝ ԱԳ նախարարը նշեց. «Մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում,  Մերձավոր Արևելքում, և այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես է այդ ապակայունացումն արտահանվում Հարավային Կովկաս, որի արատահայտումը Թուրքիայի բացահայտ ռազմական-քաղաքական աջակցությունն է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիվ գործողություններին: Սա է Թուրքիայի, այսպես կոչված, դերը մեր տարածաշրջանում»:  Ամբողջական տարբերակը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=9PmLgwEuF98&feature=youtu.be&fbclid=IwAR3l7aBzkL6Zb-mkT82eCHIW5TUCJzzit4vhyaiA0JX5p1v5EE2i7L3iyxQ :
19:11 - 24 հոկտեմբերի, 2020
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հեռավար հանդիպումը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հեռավար հանդիպումը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին հեռավար ձևաչափով հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի նախագահ Լիլիթ Մակունցը: Զրույցի ընթացքում նախարար Մնացականյանը հանգամանորեն անդրադարձավ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմին և դրա հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: Նախարար Մնացականյանը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիան ուղեկցվում է բազմաթիվ պատերազմական հանցագործություններով՝ այդ թվում միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների, կրոնական և պաշտամունքի վայրերի անխտրական թիրախավորմամբ։Այս ամենը հանդիսանում է Արցախի խաղաղ բնակչության անվտանգությանն ուղղված էքզիստենցիալ սպառնալիք, ինչին միջազգային հանրությունը կարող է հակազդել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացման՝ անկախության ճանաչման միջոցով: ԱԳ նախարարի խոսքով Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը, որն արտահայտվում է վերջինիս կողմից Ադրբեջանին տրամադրվող քաղաքական և ռազմական ուղղակի աջակցությամբ և հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայմամբ, սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։ Կողմերն ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների անհապաղ իրականացման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը: ՀՀ արտաքին գործերի նախարարը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ առաձնահատուկ ընդգծելով խոսնակ Նենսի Պելոսիի անձնական ներդրումը։
12:05 - 24 հոկտեմբերի, 2020
ԼՂ-ում մոտ 90 հազար մարդիկ են տեղահանվել, կորցրել իրենց տները, ունեցվածքը. Մնացականյան |armenpress.am|

ԼՂ-ում մոտ 90 հազար մարդիկ են տեղահանվել, կորցրել իրենց տները, ունեցվածքը. Մնացականյան |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով մոտ 90 հազար արցախցի է տեղահանվել, կորցրել իր տունը, ունեցվածքը: Այս մասին Մնացականյանն ասաց Atlantic Council-ում քննարկման ընթացքում: «Սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հարձակման, ռմբակոծման, հրթիռակոծման, օդային հարձակման, ԱԹՍ-ների հարձակման: Մոտ 90 հազար մարդիկ են տեղահանվել, նրանք կորցրել են իրենց տները, ունեցվածքը: Ենթակառուցվածքներն են վնասվել: Մարդիկ ապրում են կրակի տակ: Դա կատարվում է ամեն օր, պարբերաբար, սա այն է, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, այն է, ինչ կատարվում է ԼՂ ժողովրդի հետ»,- ասաց Մնացականյանը:   Զոհրաբ Մնացականյանը հավելեց, որ կան բազմաթիվ քաղաքացիական կորուստներ, ամեն օր ռմբակոծվում են հոսպիտալներ, դպրոցներ: ՀՀ Արտաքին գործերի նախարարը նշեց, որ այս ամենը պետք է կանգնեցվի:
10:23 - 24 հոկտեմբերի, 2020
Արցախի հարցը մարդկանց կյանքի հարցն է. Մնացականյանը՝ CNN-ին |1lurer.am|

Արցախի հարցը մարդկանց կյանքի հարցն է. Մնացականյանը՝ CNN-ին |1lurer.am|

1lurer.am: v>ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը CNN հեռուստաընկերության «Ամանպուր» հեռուստահաղորդման ընթացքում ասել է, որ Արցախի հարցը մարդկանց կյանքի հարցն է:    «Մինչ մենք Վաշինգտոնում փորձում էինք հերթական անգամ կյանքի կոչել հրադադարը և բարձրաձայնում էինք դրա անհրաժեշտության մասին, ես Լեռնային Ղարաբաղից տեղեկություն ստացա, որ Ստեփանակերտ, Մարտունի, Հադրութ քաղաքները կրկին ենթարկվել են ծանր ռմբակոծության և հրետակոծության: Մահանում են խաղաղ բնակիչներ: Հումանիտար իրավիճակն ահավոր է»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:    Քրիստին Ամանպուրը հարցրել է, թե ինչո՞ւ է Մնացականյանը Լեռնային Ղարաբաղն անվանում հայկական, եթե ՄԱԿ-ի որոշ բանաձևեր հայկական ուժերի ներկայությունն այնտեղ անվանել են օկուպացիա: Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է. «1992-1993 թթ. ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Ղարաբաղի հարակից շրջանների հայերը ենթարկվել էին էթնիկ զտումների: Հայկական զինված ուժերը կարողացան հարակից տարածքները զբաղեցնել՝ ապահովելով հայերի ֆիզիկական անվտանգությունը: Այսօրվա իրավիճակն ապացուցում է, որ եթե չլիներ այդ անվտանգության գոտին, հայերը կրկին կենթարկվեին էթնիկ զտումների: Այսօր գերագույն նպատակն է, որ բանակցությունների միջոցով վերջնական փաստաթղթում արտացոլվի և ամրապնդվի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը»:   Մնացականյանը նաև ընդգծել է, որ անցյալ տարվա օգոստոսին Արցախում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը կտրված և միակողմանի են ներկայացվում միջազգային հանրությանը: Ըստ նրա՝ Փաշինյանը շեշտել է, որ Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը եղել է և կա Հայաստանը: 
09:53 - 24 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցությունը լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանի անվտանգության համար․ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականին

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցությունը լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանի անվտանգության համար․ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականին

Հոկտեմբերի 23-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին։ ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականին իրազեկեց Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրության և ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների զանգվածային թիրախավորման մասին: Արտգործնախարարը խիստ մտահոգություն հայտնեց Հարավային Կովկասի նկատմամբ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության կապակցությամբ, որով ձգտում է տարածաշրջանը վերածել անկայունության նոր օջախի՝ օգտագործելով Ադրբեջանը որպես հենակետ: Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցությունը և մերձավորարևելյան տարածաշրջանից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներմուծումը լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանի անվտանգության համար: Երկուստեք ընդգծվեց կրակի անհապաղ դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: Զրուցակիցները համակարծիք էին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը հնարավոր է միջազգային մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
23:32 - 23 հոկտեմբերի, 2020
Հայաստանն արժևորում է դաշնային դեպարտամենտի կշռադատված հայտարարությունը. Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավարի հետ

Հայաստանն արժևորում է դաշնային դեպարտամենտի կշռադատված հայտարարությունը. Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավարի հետ

Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար, դաշնային խորհրդական Իգնազիո Կասսիսի հետ: Զրուցակիցներն անդրադարձան Արցախում ընթացող լայնամասշտաբ պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում ԱԳ նախարարը դաշնային խորհրդականի ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական ագրեսիայի ողջ ընթացքում արձանագրված միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումների  ու պատերազմական հանցագործությունների փաստերին, որոնք միանշանակ կերպով վկայում են, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջնանպատակն է բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին։ Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանն արժևորում է դաշնային դեպարտամենտի կշռադատված հայտարարությունը, որում նաև խստագույնս դատապարտվել են ռազմական գործողությունների ընթացքում միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները: ՀՀ ԱԳՆ ղեկավարը համոզմունք հայտնեց, որ Արցախի  ժողովրդի դեմ իրականացվող հանցավոր ոտնձգությունների համար Ադրբեջանը պետք է ենթարկվի համապատասխան միջազգային պատասխանատվության: Հայաստանի արտգործնախարարն անդրադարձավ նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ հոկտեմբերի 10-ին և 17-ին ընդունված հայտարարություններին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը իր ստանձնած պայմանավորվածությունների կյանքի կոչմանը:  Իգնազիո Կասսիսը վերահաստատեց Շվեյցարիայի աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը։ Երկուստեք ընդգծվեց ռազմական գործողությունների անմիջապես դադարեցման անհրաժեշտությունը:
21:11 - 23 հոկտեմբերի, 2020
Արցախի ժողովրդի դեմ ռազմական գործողությունների շարունակությունը ի ցույց են դնում հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նպատակը․ Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մայք Պոմեոյին

Արցախի ժողովրդի դեմ ռազմական գործողությունների շարունակությունը ի ցույց են դնում հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նպատակը․ Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մայք Պոմեոյին

Հոկտեմբերի 23-ին աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմեոյին: Քննարկման առանցքում էր Արցախում՝ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարար Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրեց Ադրբեջանի ԶՈւ կողմից մարտական գործողությունների ընթացքում իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին, որոնք դրսևորվում են Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքով, գլխատումներով և սպանությամբ:   Պետքարտուղար Պոմպեոն ամերիկյան կողմի ցավակցությունը հայտնեց զոհերի կապակցությամբ:      ՀՀ ԱԳՆ ղեկավարը ընդգծեց նաև, որ ադրբեջանական կողմի այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ, որն արտահայտվում է անմիջական ռազմատեխնիկական աջակցությամբ՝ վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ: Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի՝ Թուրքիայի ազդեցության գոտի և միջազգային ահաբեկչության դառնալու որոշումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար: Նախարար Մնացականյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից հրադադարի վերաբերյալ համաձայնությունների խախտումը և Արցախի ժողովրդի դեմ ռազմական գործողությունների շարունակությունը ևս մեկ անգամ ի ցույց են դնում հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նպատակը:  Երկուստեք վերահաստատվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:  
20:07 - 23 հոկտեմբերի, 2020
Արցախի հիմնահարցը վերաբերում է մեր հայրենակիցների գոյությանը․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Դոյչե Վելլեին

Արցախի հիմնահարցը վերաբերում է մեր հայրենակիցների գոյությանը․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Դոյչե Վելլեին

Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Դոյչե Վելլեին․ Դոյչե Վելլե. Ներկայումս մարտեր են ընթանում Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանում, որը ղեկավարվում է էթնիկ հայերի կողմից, բայց, որը միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի մաս: Արդեն հարյուրավոր զոհեր են արձանագրվել: Դուք մասնակցել ենք հրադադարների հաստատման շուրջ երկու միջնորդավորված բանակցություններում: Բայց մարտերն, այնուամենայնիվ, դեռ շարունակվում են: Ի՞նչ պատասխանատվություն են կրում Հայաստանը և այդ շրջանում ձեր կողմից սատարվող ուժերը շարունակվող մարտերի համար:    Զոհրաբ Մնացականյան. Մենք լիովին հավատարիմ ենք հոկտեմբերի 10-ին Մոսկվայում արված համատեղ հայտարարությանը և հոկտեմբերի 17-ի հայտարարությանը, լիովին հանձնառու ենք հարգել հրադադարը և վերադառնալ բանակցություններին՝ հասնելու այս հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք լիովին հավատարիմ ենք եղել: Սակայն ադրբեջանական կողմն ընտրել է պատերազմի տարբերակը: Երկու հրադադարները խախտվել են համաձայնությունների ձեռքբերումից անմիջապես հետո, և ոչ շփման գծում, ոչ էլ այն ամբողջ տարածքում, որտեղ ընթանում է հակամարտությունը, անդորր չի հաստատվել: Մենք այսօր հանդես ենք եկել հայտարարությամբ, որում վերահաստատել ենք մեր լիակատար հանձնառությունը մեր կողմից ձեռք բերված և այդ երկու հայտարարություններում արտահայտված պայմանավորվածություններին: Դոյչե Վելլե. Պարոն նախարար, Դուք պնդում եք, որ հավատարիմ եք: Սակայն ցանկանում եմ ուղիղ հարցնել. շաբաթ օրն  ադրբեջանական կողմը հայտնել է, որ Հայաստանի կողմից հրթիռակոծման արդյունքում մեկ գիշերվա ընթացքում 14 մարդ է զոհվել, 14 մարդ Գյանջայում՝ մեծությամբ երկրի երկրորդ քաղաքում: Դուք պնդում եք, որ հավատարիմ եք. ո՞րն է Ձեր պատասխանատվությունը:   Զոհրաբ Մնացականյան. Թույլ տվեք դրան անդրադառնալ համապատասխան համատեքստում. հոկտեմբերի 10-ին` ժամը 12-ին, պետք է կրակի դադար հաստատվեր: Արցախի ուժերը լիովին հանձնառու էին այս համաձայնությանը, մենք զսպվածություն ենք դրսևորել, բայց ռմբակոծությունները շարունակվել են, զանգվածային հարձակումը շարունակվում էր, Արցախի մեր բնակավայրերը շարունակաբար ենթարկվում էին հրետակոծության, օդային ռմբակոծության և հրթիռակոծման, ԱԹՍ-ները ծանր հարվածներ էին հասցնում քաղաքներին և գյուղերին: Այս պահի դրությամբ մենք ունենք 38 զոհ խաղաղ բնակիչների շրջանում, 116 ծանր վիրավոր և ավելի քան 8000 ոչնչացված ենթակառուցվածք ու անշարժ գույք: Դոյչե Վելլե. Դուք ունեք զոհեր, մյուս կողմն ասում է, որ իրենք էլ ունեն զոհեր:  Ադրբեջանցիներն ասում են, որ մարտերից ի վեր 60 մարդ զոհվել, իսկ 270-ը վիրավորվել են: Ուստի, ես պարզապես ցանկանում եմ Ձեզ հարցնել, քանի որ այս պահին Ձեզ հետ եմ հարցազրույց անցկացնում. երկու կողմերն էլ միմյանց են մեղադրում, նրանք պնդում են, որ դուք եք սկսել, դուք պնդում եք, որ նրանք են սկսել: Ինչ-որ մեկը կամ ձեզանից որևէ մեկը ստում է: Եվ դա այդքան էլ լավ նշան չէ երկու երկրների համար, որոնք պետք է միասին նստեն և գտնեն հակամարտության խաղաղ լուծումը, այնպես չէ՞: Զոհրաբ Մնացականյան. Գերազանց դիտարկում էր փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու վերաբերյալ: Սա հենց այդ զարտուղի ճանապարհն է, որն ընտրվել է՝ փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու մեջ ներգրավելու և  խաղաղ բնակչության,  Արցախի վրա հարձակումները շարունակելու համար: Մենք շարունակաբար առաջարկել ենք ներդնել հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմներ: Եթե հայկական կողմերը՝ Արցախը և Հայաստանը, որևէ կերպ մեղադրվում են, ապա եկեք անենք այդ քայլը և հաստատենք վերիֆիկացիոն մեխանիզմներ և այդպիսով վերջ դնենք այս ամենին: Սակայն Ադրբեջանը հետևողականորեն խուսափում է դրանից` շարունակաբար մերժելով այդ առաջարկները, քանի որ սա խաբեության և մեզ այդ խաղի մեջ ներգրավելու շատ հարմար միջոց է` վստահեցնելով միջազգային հանրությանը, որ առաջ գնալու ճանապարհ չկա: Դոյչե Վելլե. Շատ լավ: Այդ մեղադրանքները, ինչպես նշեցինք, հնչեցվում են երկու կողմերից էլ, պարոն արտգործնախարար: Այսպիսով, կցանկանայի իմանալ, թե որն է ձեր ուղերձը: Առաջին հրադադարի համաձայնեցումից հետո օրեր անց ՀՀ վարչապետն իր ուղերձում ասաց հետևյալը, մեջբերում եմ. «այս վճռական պահին մենք չենք կարող հանձնվել, քանի որ սա մեր ժողովրդի անձնվեր պատերազմն է»՝ հավելելով, որ «մենք պայքարելու ենք մինչև վերջ, այն է` մինչև ազատ և երջանիկ Ա րցախ»: Ես ուզում եմ Ձեզանից իմանալ, քանի որ, սա առաջին հրադադարի համաձայնեցումից օրեր անց տեղի ունեցավ, և նա խոսում է մինչև վերջ պայքարելու մասին: Արդյո՞ք այսպիսի հռետորաբանությունը նպաստում է հրադադարի և  խաղաղության հաստատմանը: Զոհրաբ Մնացականյան. Երբ արդեն երեքուկես շաբաթ է, ինչ քո հայրենակիցները այդպիսի զանգվածային հարձակման են ենթարկվում, երբ քո ժողովուրդը գոյութենական սպառնալիքի, երկրագնդի վրա գոյություն ունենալու վտանգի է առերեսվում, երբ պայքարում ես քո կյանքի համար, երբ հրադադարը մշտապես խախտվում է, երբ ակնհայտորեն պայքարում ես քո կյանքի համար... Ես ևս մեկ անգամ լիարժեք պատասխանատվությամբ շեշտում եմ, որ հայկական կողմերը ընդգծում են հրադադարի և վերիֆիկացիոն մեխանիզմի կարևորությունը: Ես վճռականորեն վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը հրադադարին, հանձնառությունը հարգելու հոկտեմբերի 10-ին և 17-ին ստանձնած պարտավորությունները: Արցախը նույնպես վերահաստատել է իր աջակցությունը դրան: Բայց նստել և սպասել, թե երբ են քեզ և ընտանիքդ սպանելու, ունեցվածքդ ոչնչացնելու. պետք է հասկանալ, որ սա էքզիստենցիալ գոյության պայքար է: Սա է հենց այս հակամարտության էությունը: Ես ուզում եմ վերադառնալ այն շատ կարևոր հարցին, որը Դուք նույնպես բարձրացրիք, և դա խաղաղ կարգավորման հարցն է: Դոյչե Վելլե. Իհարկե, և մենք, անշուշտ, խոսելու ենք այդ մասին: Բայց նախքան դրան անցնելը, ես կցանկանայի մեկ անգամ ևս դիմել Ձեզ.  Ռուսաստանը ձեր գործընկերն է, որի հետ դուք պաշտպանության մասին պայմանագիր ունեք, որը քրտնաջան աշխատում է հրադադարի համաձայնագրեր միջնորդելու ուղղությամբ. իրենց արտգործնախարար Սերգեյ Լավրովը ձեզ ասել է «դադարեցնել սադրիչ ռազմատենչ հռետորաբանությունը»: Ուստի, ես կցանկանայի մեկ անգամ ևս անդրադառնալ դրան: Այնպիսի տպավորություն է, որ նմանօրինակ հռետորաբանությամբ ազդակներ չեք ուղարկում, որ լուրջ եք վերաբերվում խաղաղությանը և բանակցություններին այսօրինակ հռետորաբանության պայմաններում: Արդյո՞ք դուք կստանձնեք պատասխանատվություն դրա համար: Զոհրաբ Մնացականյան. Ինչ վերաբերում է այդ հռետորաբանությանը, մենք գործ ունենք այնպիսի հռետորաբանության հետ, որը հիմնված է հայատյացության և հայերի սպանությունների խրախուսման վրա: Այսօր մենք ականատեսն ենք լինում Արցախում մեր հայրենակիցների գլխատման, դիակների խեղման դեպքերի, և դա այդ հռետորաբանության բորբոքման հետևանքն է: Եվ այդ իրողությունը նոր չէ: Սա տեղի է ունենում բավականին երկար ժամանակ: Մենք ականատես ենք եղել նաև Արցախի մեր հայրենակիցներին սպանած մարդասպանների հերոսացման դեպքերի: Ինչը կցանկանային ընդգծել, որ ես ավելի քան համաձայն եմ, որ հռետորաբանությունը չի նպաստում ոչնչին: Հռետորաբանությունը նույնիսկ թունավորում է այդ գործընթացը: Իսկ խաղաղ կարգավորումը բացարձակապես այլընտրանք չունի: Սա այն է, ինչի շուրջ մենք այդքան հետևողական ենք եղել: Երբ խոսքը վերաբերում է խաղաղ կարգավորմանը, մենք հետևողականորեն աշխատել ենք, և մենք մշտապես հանդես ենք եկել խաղաղ կարգավորման օգտին` հիմք ընդունելով այն պայմանավորվածությությունները, որոնցում հաշվի են առնվում բոլոր կողմերի շահերը: Դոյչե Վելլե. Այսպիսով, Դուք ընդունում եք, որ հռետորաբանությունը չի օգնում, և որ ցանկանում եք հետամուտ լինել խաղաղ լուծմանը: Հետևաբար, ես կցանկանայի Ձեզ խնդրել, այդ համատեքստում, խոսել այն մասին, թե ինչպես ստեղծվեց այս իրավիճակը: Եվ ես ուզում եմ մեկ տարի հետ գնալ: Մի քանի ամիս շարունակ իրադրությունը շարունակում էր մնալ լարված, և վերադառնանք Ձեր վարչապետի ասածին: Դա ավելի քան մեկ տարի առաջ էր: Նա մեկնել էր Արցախ, որը, նշենք, վիճելի շրջան է, և հանդես եկել Հայաստանը և Արցախը վերամիավորելու կոչով: Նա ասաց հետևյալը. «Արցախը Հայաստան է, և վերջ», որով ամբոխին մղեց բացականչելու «միացում» ազգայնական կարգախոսը, որը ժողովրդականություն էր ձեռք բերել 1980 և 1990-ական թթ., երբ հայերը պայքարում էին Ադրբեջանից Արցախի անջատման համար: Դուք ընդունու՞մ եք, որ ավելի քան մեկ տարի առաջ սա հակառակ կողմի նկատմամբ բացահայտ սադրանք էր: Եթե դուք խաղաղություն եք ուզում, ինչո՞ւ պետք է վարչապետը մեկներ Արցախ և նմանատիպ հայտարարություն աներ:  Զոհրաբ Մնացականյան. Այժմ թույլ տվեք կրկին վերադառնալ հենց այն դիտարկմանը, որ Արցախի հիմնահարցը վերաբերում է մեր հայրենակիցների գոյությանը, այն ֆիզիկական սպառնալիքին, որին նրանք բախվում են շատ երկար տարիներ: Երբ ՀՀ վարչապետն այդպիսի հայտարարություն էր անում, նա մասնավորապես նկատի ուներ Հայաստանի` որպես մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության միակ երաշխավորի, մեր հայրենակիցների անվտանգության մասին հոգ տանող միակ երաշխավորի պատասխանատվությունը: Նրանք ունակ են ինքնապաշտպանվելու, բայց բացի Հայաստանից այլ երաշխիք չունեն: Վարչապետը, իրականում, շատ հետևողական է եղել հակամարտության կարգավորման վերաբերյալ իր կոնկրետ մոտեցումներում: Վարչապետը հենց այդ նույն ելույթում հղում է արել բանակցային գործընթացին՝ կրկնելով հիմնական մոտեցումներն առ այն, որ Հայաստանն առաջ է մղում փոխզիջման վրա հիմնված լուծումը, ինչը նշանակում է, որ պետք է հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը: Այնուամենայնիվ, այն, ինչի հետ մենք գործ ունենք, վարչապետի հայտարարության համատեքստից  միտումնավոր դուրս վերցրված հատվածն է՝ առանց հաշվի առնելու այն մնացած ամենը, ինչը նա ասել է այդ ելույթում և մշտապես:   Դոյչե Վելլե. Այս մեկնաբանությունը, մասնավորապես, արվել է ձեր վարչապետի կողմից: Մենք շատ ենք խոսում բառապաշարի և հռետորաբանության մասին, և ես կցանկանայի դիտարկել նաև այն գործողությունները, որոնք դուք ձեռնարկել եք: Ներկայումս կա երրորդ ճանապարհը, որը նախատեսվում է կառուցել վիճելի տարածքում` Հայաստանից դեպի Արցախ: ԵՄ մի շարք խորհրդարանական հանձնաժողովներ դատապարտել են այդ քայլը: Ահա թե ինչ են նրանք ասում. «այս մայրուղու կառուցման որոշումը կայացվել է միջազգային իրավունքի խախտմամբ, առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության»: Ուստի, սրանք այստեղ պարզապես խոսքեր չեն, դրանք իրական հստակ գործողություններ են Հայաստանի և այդ շրջանում Հայաստանի կողմից աջակցվող կառավարության կողմից: Այս սադրանքները լոկ խոսքեր չեն, դրանք գործողություններ են, այնպես չէ՞: Զոհրաբ Մնացականյան. Հիմա եկեք նորից անդրադառնանք դրան: Եկեք նայենք դրան այլ դիտանկյունից: Արդեն 30 տարի է, ինչ Ադրբեջանը ջանք չի խնայում Արցախը այս աշխարհից մեկուսացնելու, Արցախի ժողովրդին արտաքին աշխարհի հետ ցանկացած կապից մեկուսացնելու համար՝ արգելափակելով այն ամենը, ինչը կարող է նպաստել Արցախում բնականոն կենսապահովմանը, արգելելով միջազգային հանրության կողմից ձեռնարկվող յուրաքանչյուր գործողություն՝ ուղղված Արցախում  մարդկանց  բնականոն կյանքի ապահովմանը: Արցախում մարդիկ են ապրում: Տեսեք, հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ 90,000 մարդ տեղահանված է, ոչնչացված է 8,000 միավոր անշարժ գույք և ենթակառուցվածք: Արցախում մարդասիրական իրավիճակ է, և ի՞նչ ունենք մենք. արդյո՞ք պետք է նրանց միայնակ թողնենք: Արդյո՞ք մենք պետք է անտեսենք մեր ժողովրդի, մեր հայրենակիցների կյանքերը: Միթե՞ այդ կյանքերը նվազ կարևոր են: Դոյչե Վելլե. Բայց դա ամենևին էլ իմ հարցը չէր, պարոն արտգործնախարար: Հարցս հետևյալն էր. դուք ընդունո՞ւմ եք, որ ձեր ձեռնարկած գործողությունները այդ շրջանում սադրիչ են, և դրանք որպես այդպիսին մեկնաբանում է մյուս կողմը: Զոհրաբ Մնացականյան. Ներողություն, ես պետք է կրկին ասեմ: Ի՞նչը սադրիչ չէ. թողնել, որ մեր ժողովուրդը ճնշվի Արցախում: Թողնե՞նք մեր ժողովրդին մեկուսացման մեջ Արցախում: Նրանք պակա՞ս կարևոր են, քան աշխարհի որևէ այլ ժողովուրդ: Կներեք, ես չեմ կարող սրա հետ համաձայնվել, երբեք էլ չեմ համաձայնվի: Մեր ժողովուրդը չպետք է ճնշվի: Նրանք էլ մյուսների պես մարդիկ են: Եվ հենց սա է Արցախի նկատմամբ նրանց քաղաքականությունը` նվաստացնել, մերժել արժանապատության, ապահովության և անվտանգության մեջ ազատ ապրելու նրանց իրավունքը: Եվ հիմա Դուք ինձ ասում եք, որ այն, ինչ մենք անում ենք՝ ապահովելու մեր հայրենակիցների բնականոն կյանքով ապրելու հնարավորությունը, սադրիչ գործողություն է: Ես չեմ կարող համաձայնվել դրա հետ: Դոյչե Վելլե. Բացարձակապես ոչ: Ես պարզապես հարցնում եմ Ձեզ այն ճանապարհի մասին, որը դուք պատրաստվում եք կառուցել Արցախում, որը մյուս կողմը համարում է սադրանք, պարոն արտգործնախարար: Հաջորդ գործողությունը, որի մասին նույնպես կցանկանայի Ձեզ հարցնել, և որը նույնպես դիտվել է որպես սադրանք մյուս կողմից, հետևյալն է. այն փաստը, որ վերջերս տեղի ունեցան ընտրությունների հետ է կապված. երդմնակալության արարողությունը Շուշիում, որը մինչև 1992-1994թթ. պատերազմը բազմաբնակեցված  է եղել ադրբեջանցիներով և առանցքային խորհրդանիշ էր Ադրբեջանի կողմից այդ տարածքի նկատմամբ ունեցած հավակնությունների, ըստ երևույթին, զգալիորեն զայրույթ առաջացրեց Ադրբեջանում, որին այնուհետև ավելացավ նաև ձեր վարչապետի` երդմնակալության արարողությանը ներկա լինելու փաստը: Եվրամիությունն այս ընտրությունները ճանաչեց անվավեր`  ըստ միջազգային իրավական չափանիշերի: Դուք ընդունու՞մ եք, որ սա նույնպես սադրիչ էր: Զոհրաբ Մնացականյան. Կրկին, Եվրամիությունը հենց այդպես չի ասել: Եվրամիությունն ընդունեց, որ Արցախը մարդկանց համայնք է, ովքեր իրենց կյանքը կազմակերպում են ժողովրդավարական ճանապարհով ... Դոյչե Վելլե. Նրանք ասացին. նկատի ունենալով այսպես կոչված Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունները՝ նրանք կրկին վերահաստատեցին, որ չեն ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակներ: Զոհրաբ Մնացականյան. Այո, հենց սահմանադրական և իրավական դաշտը, սակայն իրենք չեն ժխտում Արցախի բնակչության ժողովրդավարական ճանապարհով կյանքի կազմակերպման իրավունքը` ընտրելու իր ներկայացուցիչներին, ընտրելու իր ներկայացուցիչներին ժողովրդավարական ճանապարհով: Եվ Ադրբեջանից հնչող մեղադրանքները, մեղմ ասած, անհեթեթ են. Դրանք գալիս են մի հասարակությունից, որը 1990-ականներից ի վեր մեկ ընտանիքի իշխանությունից բացի ոչինչ չի տեսել: Եվ խոսել ժողովրդավարական գործընթացի մասին ու հերքել մեր ժողովրդի՝ ժողովրդավարական գործընթացի իրավունքը և Արցախի ժողովրդին պարտադրելու իրենց մեթոդները. դա չի աշխատելու: Դոյչե Վելլե. Ես կցանկանայի Ձեզ  նաև հարցնել, քանի որ մենք այնքան շատ խոսեցինք խաղաղության մասին: Ես կցանկանայի Ձեզ հարցնել, թե որ փուլում է այդ գործընթացը, և որն է Ձեր դերն այդ ամենում: Քանի որ միջազգային հանրությունն իսկապես կոչ է անում ձեզ ստանձնել այս հարցում փոխզիջման  գնալու առաջնորդությունը: Դուք ասում եք, որ աշխատում եք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որը ստանձնել է հակամարտության կլարգավորմանն աջակցելու պատասխանատվությունը: Բայց Ձեզ նույնիսկ կարող էր հաջողվել քայլեր ձեռնարկել այն հիմնարար սկզբունքներից որոշների շուրջ, որոնք առաջ են քաշվել Մինսկի խմբի կողմից ավելի քան մեկ տասնամյակ առաջ՝ ներառյալ Ադրբեջանին տարածքների` յոթ շրջանների վերադարձը, խոսքը Արցախի հարակից շրջանների մասին է: Ուստի, ցանկանում եմ Ձեզ հարցնել. արդյո՞ք տարածքը ձեզ համար ավելի կարևոր է, քան խաղաղությունը: Զոհրաբ Մնացականյան. Մեզ համար ամենակարևորն Արցախում մեր հայրենակիցների ազատ կյանքն է արժանապատվության և անվտանգության մեջ, նրանց անվտանգությունը: Հետևաբար, մեզ համար ամենակարևորը Արցախի անվտանգությունն ու կարգավիճակն են: Դա է եղել  Հայաստանի հետևողական դիրքորոշումը, և մենք շարունակում ենք աշխատել այդ հիմքի վրա: Մենք ունենք անհրաժեշտ չափորոշիչները մշակելու համար այն փոխզիջումը, որում մեր շահերը կհասցեագրվեն, միևնույն ժամանակ դա պետք է տեղի ունենա չափելի հաշվեկշռում, այնպես, որ հասցեագրվեն նաև մյուս կողմի շահերը: Մեզ համար ավելի կարևոր չեն տարածքները, այլ ավերածությունները, այս շարունակական հարվածները, օդային ռմբակոծություններն ու հրետակոծությունները, որոնք արդեն երեքուկես շաբաթ է, ինչ սպառնում են այդ մարդկանց, նրանք ապրում են ապաստարաններում, և այս ամենը տեղի է ունենում կորոնավիրոսային համավարակի պայմաններում: Սայց դա Ադրբեջանին ամենաքիչն է հետաքրքրում: Նրանք, ըստ երևույթին, չեն անհանգստանում սեփական ժողովրդի կյանքի համար, նրանք համակված են պատերազմի իրենց ընտրությամբ: Դոյչե Վելլե. Վերադառնալով դրան՝ ես կցանկանայի Ձեզ հարցնել, քանի որ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը, նկատի ունեմ, Դուք ասում եք, որ աջակցում եք տարածաշրջանում խաղաղությանը, նա 2018թ. երկրից մեկնելիս իրավիճակը գնահատեց հենց այսպես. նա ասաց, որ մտահոգիչ է, թե որքան քիչ հայեր էին ցանկանում զիջումներ կատարել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցով, նա մեջբերել է. «Դաժան իրականությունն այն է, որ ցանկացած բնակավայրի համար հարկավոր է լինելու գրավյալ տարածքների մի որոշ մասի վերադարձը»: Թվում է, թե նա չի հավատում, որ դուք լուրջ եք վերաբերվում դրան: Զոհրաբ Մնացականյան. Ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ, ես համաձայն չեմ Ռիչարդ Միլսի գնահատականի հետ: Ես նորից կկրկնեի՝ ասելով, որ ես չեմ տեսել փոխզիջման ինչ-որ նշաններ Ադրբեջանից: Այն, ինչ մենք հետևողականորեն ականատես ենք եղել առավելապաշտությունն էր և ատելություն սերմանող այս հռետորաբանությունը, Ադրբեջանի կողմից փոխզիջումներ անելու անպատրաստակամությունը: Սակայն թույլ տվեք դա մի կողմ դնել և նորից վերադառնալ փոխզիջման հարցին: Վերջին երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը լիովին հավատարիմ է եղել խաղաղ գործընթացով առաջ շարժվելուն: Դոյչե Վելլե. Շատ լավ: Թույլ տվեք հարցնել Ձեզ: Քանի որ, երբ ձեր կառավարությունը եկավ իշխանության դեռ 2018թ. այսպես կոչված «թավշյա հեղափոխության» արդյունքում, այդքան մեծ հույսեր կային հակամարտության մեղմացման հետ: Եվ ահա թե ինչպես էր գնահատում իրավիճակը Միջազգային ճգնաժամային խումբը. նրանց պնդմամբ, որ առաջընթացը շոշափելի էր, և որ նոր կառավարությունը պատրաստ էր փոխզիջումային լուծման, և թվում էր, թե Ադրբեջանի կառավարությունը համանման կերպով պատասխանեց: Բայց հետո, նրանք վկայակոչեցին այս հռետորաբանությունը, այս փոխադարձ սպառնալիքների հռետորաբանությունը, որի մասին մենք ավելի վաղ խոսել ենք մեր զրույցի ընթացքում: Այս կապակցությամբ ևս կուզեի հարցնել: Արյունահեղությունը, երկու կողմերի թունավոր հռետորաբանությունը արդյո՞ք չեն սահմանափակել համաձայնության հասնելու ձեր կարողությունը, և արդյո՞ք դուք բաց չեք թողել այդ սկզբնական հույսից օգտվելու հնարավորությունը, և արդյո՞ք չեք գերագնահատել ձեր հնարավորությունները: Զոհրաբ Մնացականյան. Ես կարծում եմ` շատ կարևոր հարց եք բարձրացնում: Նայեք, վերջին երկու տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում մեր աշխատանքի մի մասն է կազմում խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծումը: Եվ մենք բավականին մեծ ջանք ենք ներդրել այդ ամենի մեջ, ի դեպ՝ միասին: Արցախի և Ադրբեջանի հետ միասին մենք աշխատել ենք այնպիսի քայլերի ուղղությամբ, որոնք կարող էին ինչ-որ կերպ թոթափել, նվազեցնել լարվածությունը և փոխադարձ անվստահությունը: Մենք շատ հետաքրքիր ծրագիր իրականացրեցինք 2019թ. աշնանը, երբ լրագրողների փոխայցելություններ տեղի ունեցան Երևան, Բաքու և Ստեփանակերտ: Սա շատ համեստ, բայց կարևոր քայլ էր, այն չձախողվեց: Եվ մենք լիովին վստահ էինք, և հայկական կողմը շատ լավ հասկանում էր, որ մենք պետք է ջանքեր գործադրենք խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծման ուղղությամբ:  Ինչ մենք տեսնում ենք հիմա, այն է, որ դա ապարդյուն ջանք էր, ինչը շատ վատ է: Ինչ վերաբերում է հնարավորություններին, մեր աշխատանքը և մեր պարտականությունն է երբեք չհանձնվել, օգտագործել ամեն հնարավորություն և ցանկացած պատուհան, որքան որ այն փոքր լինի, մենք համաձայն ենք քայլելու ցանկացած միջանցքով, քանի որ սա պատասխանատվություն է և վերաբերում է մեր ժողովրդի կյանքին: Մենք հոգ ենք տանում մեր ժողովրդի կյանքի մասին. ցանկացած կյանք մեզ համար  կարևոր է: Եվ հիմա մենք ունենք այսքան շատ զոհեր: Հույս ունեմ, որ ադրբեջանական կողմը նույնպես ունի պատասխանատվության այդպիսի զգացում: Մենք կցանկանայինք գործնականում տեսնել դա: Եվ դա պետք է  արտահատված լինի ռազմական գործողությունների դադարեցման, հրադադարի, վերիֆիկացիոն մեխանիզմների ներրման և խաղաղ գործընթացով առաջ գնալու տեսքով: Դոյչե Վելլե. Եվ, պարոն արտգործնախարար, քանի որ յուրաքանչյուր կողմ ունի նմանատիպ ուղերձ, և քանի որ յուրաքանչյուր կողմ սպասում էր երկու կողմերից քայլերին, ես կցանկանայի ավելի մեծ տարածաշրջանային պատկերի մեջ դնել դա, քանի որ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան, իհարկե, բավականին համառ կերպով աջակցում է Ադրբեջանին, և պետք է նշել, որ առաջ է մղում ռազմական լուծման տարբերակը: Դուք Ռուսաստանի հետ պաշտպանական գործարք ունեք, ինչպես գիտենք, բայց մինչ այժմ նրանք համեմատաբար չեզոք են եղել: Դուք հիմա բարեկամների պակաս ունե՞ք:  Զոհրաբ Մնացականյան. Մենք երբեք ընկերների պակաս չենք ունեցել: Բայց շատ կարևոր հարց բարձրացրիք գլխավոր սադրիչի մասին՝ Թուրքիայի. Թուրքիան շարունակում է հանդիսանալ այս իրավիճակի ապակայունացնող ուժը: Մենք հետևողականորեն զգուշացնում ենք այս մասին, մենք ականատես ենք լինում այս ապակայունացնող ագրեսիվ քաղաքականությանը Թուրքիայի հարևանության յուրաքանչյուր ուղղությամբ՝ Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արևելք, և մենք լիովին գիտակցում ենք մեր տարածաշրջան նման ապակայունացնող քաղաքականություն արտահանելու վտանգները: Մենք տեսնում ենք դրա նշանները, երբ ռազմական սպառազինություն էր տեղափոխվում Ադրբեջան, երբ Լիբիայում և Սիրիայի՝ Թուրքիայի կողմից կառավարվող հատվածներում հավաքագրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ էին տեղափոխվում Ադրբեջան: Եվ այն, ինչ արել է Ադրբեջանը լիովին անհեթեթություն է. Ադրբեջանն այժմ դարձել է ահաբեկչական օջախ:  Դոյչե Վելլե. Բայց պարոն նախարար իմ հարցը Ձեզ այն մասին էր, թե արդյո՞ք Դուք տեսնում եք տարածաշրջանում մեկուսացվելու վտանգը, որովհետև Եվրոպական խորհուրդը և արտաքին կապերը տվել են հետևյալ գնահատականը. նրանք ասում են, որ Ռուսաստանի բավականին չեզոք ռեակցիան՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումների վերաբերյալ, արտացոլում է հոգնածությունը դաշնակցի՝ բանակցություններում ոչ ճկուն լինելու պատճառով: Ընկալում կա Մոսկվայում, որ  վերջին երկու տասնամյակների ընթացքում իշխանության բալանսը թեքվել է՝ ի օգուտ Ադրբեջանի և քիչ թե շատ ընդունելի գործարք ընդունելու փոխարեն Հայաստանը հանդես է գալիս անխոհեմ և անզիջող դիրքերից: Ռուսաստանը չի ցանկանում վերցնել դրա աշխարհաքաղաքական պատասխանատվությունը: Դուք վախենու՞մ եք մեկուսացած լինելուց:  Զոհրաբ Մնացականյան. Ես չեմ համաձայնվի այս գնահատականի հետ: Տեսեք, մենք ունենք ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահություն, որի պատասխանատու անդամ է Ռուսաստանը: Մենք ունենք դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, և մենք ունենք շատ այլ գործընկերներ աշխարհում: Հիմա, հարցի էությունն այն է, որ մենք հետևողական ենք եղել կրակի դադարեցման և հոկտեմբերի 10-ի անձամբ նախագահ Պուտինի և հոկտեմբերի 17-ի անձամբ նախագահ Մակրոնի իրականացրած աշխատանքի վերաբերյալ: Սա պետք է կյանքի կոչվի: Ուստի, Հայաստանի անզիջում լինելու փաստարկին ես չեմ կարող համաձայնել: Արցախի ուժերի կողմից Հայաստանի աջակցությամբ Արցախի հայ բնակչության պաշտպանությունը պարզապես վերաբերում է Արցախում մարդկային կյանքի պաշտպանությանը: Բայց կրկին, քանի անգամ պետք է ասեմ, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:  Դոյչե Վելլե. Շատ լավ, ստիպված ենք կանգ առնել այստեղ։ Շատ շնորհակալություն, պարոն արտգործնախարար, Զոհրաբ Մնացականյան՝ «Conflict Zone» ծրագրին հյուրընկալելու համար։  Զոհրաբ Մնացականյան. Ձեզ շնորհակալություն։  Հարցազրույցը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.dw.com/en/zohrab-mnatsakanyan-on-conflict-zone/av-55350195  
17:24 - 23 հոկտեմբերի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ

Հոկտեմբերի 22-ին մեկնարկեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ։ Նույն օրը տեղի ունեցավ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հանդիպումը։ Նախարար Մնացականյանը նշեց, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և տարածաշրջանի համար բարդ ժամանակահատվածում։ Ադրբեջանը սանձազերծել է լայնածավալ պատերազմ Արցախի դեմ, որն ուղեկցվում է Արցախի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների` իրենց ծավալով և էությամբ պատերազմական հանցագործություններ հանդիսացող դիտավորյալ թիրախավորմամբ և միտված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը։ Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց ադրբեջանական ագրեսիայում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության հանգամանքը, որը արտահայտվում է թե' անմիջական ռազմական մասնակցությամբ և թե՛ Մերձավոր Արևելքից Ադրբեջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ, և լուրջ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար։ Երկուստեք ընդգծվեց ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների անհապաղ կյանքի կոչման անհրաժեշտությունը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ այս հարցում ցուցաբերած միասնականությունը: ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը հոկտեմբերի 10-ի և 17-ի համաձայնություններին և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատմանը։
16:09 - 23 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ պետքարտուղարը նախ կհանդիպի Ադրբեջանի, ապա Հայաստանի ԱԳ նախարարի հետ |armtimes.com|

ԱՄՆ պետքարտուղարը նախ կհանդիպի Ադրբեջանի, ապա Հայաստանի ԱԳ նախարարի հետ |armtimes.com|

armtimes.com: Ինչպես արդեն հայտնի է, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հանդիպումներ կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: ТАСС գործակալությունը, հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությանը, նշում է, որ հայտնի է, թե որ ժամերին են նախատեսված այդ հանդիպումները: Երևանի ժամանակով 17:30-ին Պոմպեոն կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ մեկ ժամ անց՝ 18:30-ին, բանակցություններ կվարի ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հայտնի է, որ կայանալու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպում, իսկ Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Իգոր Պոպովը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ առաձին շփումներ է ունենալու Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ: Նա եւս երեկ մեկնել է ԱՄՆ: Զոհրաբ Մնացականյանն արդեն Վաշինգտոնում է և հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ:
10:37 - 23 հոկտեմբերի, 2020
Համաձայնությունները մնում են թղթի վրա Ադրբեջանի ուխտադրուժ կեցվածքի և իրավիճակի ապակայունացմանը միտված քայլերի հետևանքով․ Մնացականյանը՝ Լավրովի հետ հանդիպման ժամանակ

Համաձայնությունները մնում են թղթի վրա Ադրբեջանի ուխտադրուժ կեցվածքի և իրավիճակի ապակայունացմանը միտված քայլերի հետևանքով․ Մնացականյանը՝ Լավրովի հետ հանդիպման ժամանակ

Ի շարունակումն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների և ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Ռուսաստանի միջնորդությամբ տարվող աշխատանքների՝ հոկտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:     Հանդիպման օրակարգում էին ԼՂ համակարտության գոտում օպերատիվ իրադրության և կրակի դադարեցման համաձայնությունների կատարման հարցերը։  Բարձր գնահատելով Ռուսաստանի և նախագահ Պուտինի անմիջական ջանքերը կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում` Նախարար Մնացականյանը փաստեց, որ ձեռքբերված համաձայնությունները մնում են թղթի վրա Ադրբեջանի ուխտադրուժ կեցվածքի և իրավիճակի ապակայունացմանը միտված քայլերի հետևանքով։ Վերահաստատելով Հայաստանի հավատարմությունը կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ նախարար Մնացականյանը որպես առաջնահերթ նպատակ ընդգծեց վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը:
17:53 - 21 հոկտեմբերի, 2020