ՀԲՃ

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական կամավորական նախաձեռնություն է, որը հիմնվել է 2013թվականին։ Նպատակն է կամավորական հիմունքներով համախմբել բնապահպանական եւ մասնագիտական ներուժը՝ ի նպաստ բնության պահպանության, ինչպես նաեւ սոցիալական արդարության ապահովումը բնության հետ ներդաշնակ զարգացման միջոցով։ 

Գլաձորի ճնշող մեծամասնությունը դեմ է մետաղական հանքարդյունաբերությանը. ՀԲՃ

Գլաձորի ճնշող մեծամասնությունը դեմ է մետաղական հանքարդյունաբերությանը. ՀԲՃ

armecofront.net: Վայոց Ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի բնակիչները համայնքի ղեկավարին և ավագանուն են հանձնել 2152 բնակչի ստորագրությամբ հանրագիր՝ մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու և համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու վերաբերյալ։ 2018թ․ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են համայնքի 2456 բնակիչ, ինչը վկայում է, որ հանրագրին միացել է համայնքում առկա բնակչության ճնշող մեծամասնությունը։ Որպես ուղիղ ժողովրդավարության դրսևորում՝ Գլաձոր համայնքի բնակիչները համայնքի ավագանուց և ղեկավարից խնդրում և պահանջում են․ Ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի Գլաձոր համայնքի վարչական տարածքում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ: Համայնքների անդամներին ներգրավելով՝ մշակել Գլաձորի ու Վայոց Ձորի մարզի էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի իրականացման համար պատրաստ են աջակցել ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին:Մանրամասները՝ տեղացիների տրամադրած տեսանյութում․ Գլաձոր համայնքը որպես շրջակա լեռներում մետաղական հանքարդյունաբերական գործունեության ազդակիր համայնք 2015թ․-ից ի վեր պայքարում է մաքուր բնական միջավայր ունենալու իրավունքի և սեփական տարածքում որոշումներ կայացնելու ինքնավարության համար (նախապատմությունը՝ տես այստեղ)։ Մետաղական հանքարդյունաբերությունն իրենց բնական միջավայրերում թույլ չտալու նախաձեռնությամբ մինչ այժմ հանդես են եկել Հայաստանի մի շարք համայնքներ՝ 2018թ․ գարնանը Նոյեմբերյանը, իսկ 2018թ․ աշնանը՝ Ջերմուկը։ Նոյեմբերյանի ավագանին արգելել է ցանկացած հանքարդյունաբերական գործունեություն Նոյեմբերյանի վարչական տարածքում, իսկ Ջերմուկի ավագանին հավանություն է տվել համայնքի բնակիչների ճնշող մեծամասնության նման պահանջով հանրագրին։ Վայոց Ձորի մարզում շարունակվում է նախատեսված և պոտենցիալ մետաղական հանքարդյունաբերական ծրագրերի դեմ ստորագրահավաքի գործընթացը։
07:25 - 26 ապրիլի, 2019
«Լիդիան Ինթերնեյշնլը» ընկերությունն ապակողմնորոշում է հանրությանը․ ՀԲՃ

«Լիդիան Ինթերնեյշնլը» ընկերությունն ապակողմնորոշում է հանրությանը․ ՀԲՃ

Այսօր՝ ապրիլի 12-ին, «Լիդիան Ինթերնեյշնլը» ընկերությունը մամուլի միջոցով տարածել է հետեւյալ վերնագրով հաղորդագրությունը․ «Դատարանը պատրավորեցնում է ոստիկանությանը վերացնել ներխուժումը եւ ապահովել Լիդիանի ազատ մուտքն Ամուլսարի տարածք»։ Սակայն կարդալով datalex.am կայքում հրապարակված վարչական դատարանի վճիռը, պարզվում է Լիդիանը հերթական անգամ ապակողմնորոշում է հանրությանը, հաղորդում է «Հայկական բնապահպանական ճակատը»: Հայտարարությունում ասվում է.«ՀՀ վարչական դատարանի վճռում ոչ մի բառ չկա Ամուլսարի տարածք Լիդիանի ազատ մուտքն ապահովելու մասին։ Այնտեղ գրված է ընդամենը հետեւյալը․«1. «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Ոստիկանության (ի դեմս Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի) բավարարել. Պարտավորեցնել Ոստիկանությանը վերացնելու հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 39.740911, 45.609243 եւ 39.734013, 45.608475 կոորդինատներով անշարժ գույքերի տարածք կատարված ներխուժումները: 2. Ոստիկանությունից հօգուտ > ՓԲԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:3. Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո եւ կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ մինչեւ այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: 4. Սույն վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին»:Ինչպես համոզվեցիք, դատանի վճռում ընդհանրապես ոչ մի հիշատակում չկա դեպի Ամուլսար տանող ճանապարհները բացելու եւ Լիդիանի ազատ մուտքն ապահովելու մասին՝ ինչպես, որ փորձել է ներկայացնել Լիդիանը։ Բացի այդ, նույնիսկ այս վճիռը դեռեւս ուժի մեջ չի մտել, այլ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս անց՝ այն էլ միայն այն դեպքում, եթե ՀՀ ոստիկանությունը չբողոքարկի այն ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում»: Հայկական բնապահպանական ճակատ
13:49 - 12 ապրիլի, 2019
Դիմում կառավարությանը՝ վիճահարույց որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ. ՀԲՃ

Դիմում կառավարությանը՝ վիճահարույց որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ. ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ «Իրավունքի ազգայի կենտրոն» ՍՊ ընկերությունը՝ ի դեմս Նազելի Վարդանյանի, դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ուժը կորցրած ճանաչել ՀՀ Կառավարության 2014 թվականի հունիսի 31-ի N 781-Ն որոշումը, որով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման» կարգը։ Հիշեցնենք, որ հինգ տարի առաջ հենց այս անօրինական որոշման ընդունումը հնարավորություն տվեց Ամուլսարի տարածքում հայտնաբերված, ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված, կրիտիկական վիճակում գտնվող և Հայկական լեռնաշխարհի էնդեմիկ համարվող Մատնունի ծիրանավոր բույսը տեղափոխել իր բնական աճելավայրի տարածքից։ Դիմումում նշված է, որ վերոնշյալ որոշումն ու կարգն ամբողջովին հակասում են ՀՀ օրենսդրությանը և միջազգային նորմերին, ինչպես նաև բերված են մի շարք իրավական պատճառաբանություններ, որոնց հիման վրա պետք է ուժը կորցրած ճանաչվեն դրանք․  1. Նշված որոշման մեջ որպես Կարգի ընդունման հիմնավորում հղում է կատարվում «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի «գ» ենթակետի և 24-րդ հոդվածի վրա, սակայն Կարգը հակասում է այդ նորմերի պահանջներին: «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում գրված է․ «Բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են՝ գ) բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և օգտագործման կարգի սահմանում»։ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն. «Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է որոշումներ, միայն ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորություններով»: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի համաձայն. «Իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը և հակիրճ  տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը»: Այսինքն՝ վերոնշյալ Կարգի վերնագիրը պետք է շարադրված լիներ «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքում նշվածին համապատասխան և բովանդակությունը նույնպես պետք է համապատասխաներ դրան: Սակայն, ՀՀ Կառավարությունը ընդունել է մի որոշում, որի լիազորությունը իրեն չէր վերապահված «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև դրա վերնագիրը չի համապատասխանում բովանդակությանը՝ ինչն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ և 40-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների խախտում է: «Նորմատիվ ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն. «1. Նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից: 2. Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին»։Փաստորեն, ՀՀ Կառավարության նշված որոշումը դուրս է եկել իր առարկայի շրջանակներից և հակասում է ՀՀ օրենքներին, ինչը «Նորմատիվ ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի խախտում է: Ինչ վերաբերում է Օրենքի 24-րդ հոդվածին, ապա այն սահմանում է. «Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսերի օգտագործումը թույլատրվում է բացառիկ դեպքերում` գիտահետազոտական, մշակության մեջ ներդրման և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակներով` բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:» Դա պետք է կարգավորվեր ՀՀ Կառավարության մեկ այլ որոշմամբ: Ի դեպ, Օրենքի 24-րդ հոդվածում նշված բացառիկ դեպքերում (գիտահետազոտական, մշակության մեջ ներդրման և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակներով) օգտագործումը չի կանոնակարգվել նշված Կարգով: Օրենքի 17-րդ հոդվածի համաձայն. «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց աճելավայրերի վատթարացմանը:» Այսպիսով, որպես Օրենքի 17-րդ հոդվածի բացառություն, 24-րդ հոդվածը թույլ է տալիս կարմիր գրքում գրանցված բույսերի օգտագործումը բացառիկ դեպքում միայն գիտահետազոտական, մշակության մեջ ներդրման և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակներով: Օրենքը արգելում է այդ բույսերը` այլ վայր տեղափոխել: Սակայն, ի խախտումն Օրենքի, Կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետում սահմանված է. «Հողերում Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում (այսուհետ՝ կարմիր գիրք) գրանցված տվյալ բուսական տեսակի նոր պոպուլյացիաների հայտնաբերման դեպքում դրանց պահպանության նպատակով նշված Կարգի 3-րդ կետով նախատեսված միջոցառումների հետ միասին տնտեսական գործունեություն իրականացնողները՝ 3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված միջոցառումների իրականացման անհնարինության դեպքում կարմիր գրքում, որպես տվյալ բույսի աճելավայր չգրանցված տարածքներից, բույսերի բնական վերարտադրության նպատակով տեղափոխում են տնտեսական գործունեության արդյունքում ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող բույսերի առանձնյակները տվյալ տեսակի համար նպաստավոր բնակլիմայական պայմաններ ունեցող որևէ բնության հատուկ պահպանվող տարածք կամ բուսաբանական այգիների տարածք, կամ կարմիր գրքում որպես տվյալ բույսի աճելավայրեր գրանցված որևէ տարածք, իսկ բույսերի սերմերը տրամադրում են համապատասխան մասնագիտացված կազմակերպությանը՝ գենետիկական բանկում պահելու և հետագայում տեսակի վերարտադրությունը կազմակերպելու նպատակով:» Այս դրույթը ամբողջությամբ հակասում է ՀՀ օրենսդրությանը: Մասնավորապես, Օրենքի 17-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց աճելավայրերի վատթարացմանը, հետևաբար, ՀՀ կառավարությունը իրավասու չէ թույլատրել տնտեսական գործունեություն, որի  «արդյունքում ոչնչացման սպառնալիք» կարող է լինել Կարմիր գրքում գրանցված բույսերի և դրանց աճելավայրերի համար, հետևաբար Կարգով բույսերի տեղափոխում թույլատրելը անօրինական է: Հակառակը, այդ վայրերում պետք է արգելվի և բացառվի ցանկացած տնտեսական գործունեություն: Բացի այդ, սույն Կարգով հնարավորություն է տրվել մասնավոր տնտեսական գործունեություն իրականացնող անձանց Կարմիր գրքում գրանցված բույսը տեղափոխել պետական սեփականություն հանդիսացող տարածքներ (բնության հատուկ պահպանվող տարածք կամ բուսաբանական այգիներ), իսկ սերմերը պահել բանկում, սակայն չի նշված ի՞նչ չափանիշներով պետք է ընտրվեն այդ տարածքները, ի՞նչ կարգով դա պետք է կատարվի, արդո՞ք դրա համար պետք չեն մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, ի՞նչ պետք է անի տնտեսավարողը, եթե հատուկ պահպանվող տարածքների և բուսաբանական այգիների տնօրինությունը հրաժարվի այդ բույսերը ընդունել կամ այդ բույսերի աճելավայրերին համապատասխանող տարածք չգտնվի, ո՞վ պետք է պատասխանատվություն կրի և հատուցի վնասները, եթե այդ բույսերը չհարմարվեն նոր պայմաններին և ոչնչանան ու այսպիսի բազմաթիվ հարցեր կարգավորված չեն Կարգով: Բացի այդ չի նշված, թե` տարիներ շարունակ, ո՞վ պետք է հոգա այդ բույսերի և սերմերի պահպանության ծախսերը: Քանի որ, սույն Կարգով տնտեսական գործունեություն իրականացնողների վրա այդ պարտականությունը չի դրվում, ապա ստացվում է, որ դա կատարվելու է պետական բյուջեի հաշվին: Արդո՞ք այդպիսի ծախսեր նախատեսված են բյուջեով: Կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետը հակասում է, ինչպես նշված Կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթներին, այնպես էլ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներին: Մասնավորապես, արգելոց կամ ազգային պարկի արգելոցային գոտի արգելվում է որևէ բույսի տեղափոխումը: Ինչ վերաբերում է բուսաբանական այգիներին, ապա դրանք բնական պայմաններ չեն բույսերի համար, հետևաբար, այդ ենթակետը հակասում է, ինչպես Օրենքի 24-րդ հոդվածին, այնպես էլ սույն Կարգի վերնագրին («բնական պայմաններում» եզրույթին) և հիմնական դրույթներին: Կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետը հակասում է նաև նույն Կարգի 2-րդ կետի դրույթներին. «2. Օբյեկտների և դրանց աճելավայրերի պահպանությունն ապահովում է վայրի բուսատեսակների բազմազանության ամբողջականությունը, բուսական ծածկույթի ջրապահպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ և ռեկրեացիոն հատկությունների անխաթարությունը»: Նշված Կարգը հակասում է նաև «Կենսաբանական բազմազանության մասին» և «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» (Բեռնի) կոնվենցիաների պահանջներին: Վավերացնելով նշված կոնվենցիաները, Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է պարտավորություններ, որոնց չկատարելը կարող է հանգեցնել` կոնվենցիաներով նախատեսված միջազգային պատժամիջոցների:Մասնավորապես, «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն. «1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որքանով դա հնարավոր և նպատակահարմար է. ա) համապատասխան ընթացակարգեր է ներդնում, որոնց համաձայն` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում է պահանջվում իր կողմից նախատեսվող ծրագրերի նկատմամբ, որոնք կարող են զգալի բացասական ազդեցություն գործել կենսաբանական բազմազանության վրա` այդպիսի ազդեցության հետևանքները կանխատեսելու և նվազեցնելու նպատակով, և, նպատակահարմարության դեպքում, ապահովում է այդպիսի ընթացակարգերի իրականացմանը հանրության մասնակցության հնարավորությունը, բ) համապատասխան միջոցներ է ձեռնարկում ապահովելու համար իր կողմից իրականացվող այն ծրագրերի և քաղաքականության էկոլոգիական հետևանքների հաշվի առնելը, որոնք կարող են զգալի բացասական ազդեցություն գործել կենսաբանական բազմազանության վրա»: Իսկ «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» (Բեռնի) կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն. «1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ձեռնարկի քայլեր վայրի ֆլորայի, վայրի ֆաունայի և բնական միջավայրերի պահպանությանն ուղղված ազգային քաղաքականությունը խթանելու համար` հատուկ ուշադրություն դարձնելով վտանգված և խոցելի, հատկապես տեղական տեսակներին և վտանգված բնական միջավայրերին` համաձայն սույն Կոնվենցիայի դրույթների: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր քաղաքականությունը ծրագրելիս ու մշակելիս, ինչպես նաև աղտոտման դեմ ուղղված իր միջոցառումներում պարտավորվում է հաշվի առնել վայրի ֆլորայի և ֆաունայի պահպանության հարցերը:»Այսպիսով, ակնհայտ է, որ նշված Կարգը ընդունվել է ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի կոպիտ խախտումներով, դրա կիրառումը էական և անդառնալի վնաս է պատճառում, ինչպես Հայաստանի, այնպես էլ երկրագնդի կենսաբազմազանությանը և բացասական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշի վրա: Ելնելով վերը նշվածից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին», «Իրավական նորմատիվ ակտերի մասին» (2018թ.), «Բուսական աշխարհի մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքներով, «Կենսաբանական բազմազանության մասին» և «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիաներով` «Իրավունքի ազգայի կենտրոն» ՍՊ ընկերության տնօրեն Նազելի Վարդանյանը խնդրում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ Կառավարության 31.06.14թ. հ.781-Ն որոշումը: 
08:34 - 12 ապրիլի, 2019
Միջազգային կազմակերպությունները կաջակցեն Ամուլսարի հարցում ընդդեմ ներդրումային արբիտրաժի[ՀԲՃ]

Միջազգային կազմակերպությունները կաջակցեն Ամուլսարի հարցում ընդդեմ ներդրումային արբիտրաժի[ՀԲՃ]

armecofront.net։ Մի շարք միջազգային կազմակերպություններ կապվել են Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնության հետ և հայտնել իրենց պատրաստակամությունն աջակցելու Ամուլսարի հարցում ներդրումային արբիտրաժի դեմ պայքարում։ Եթե Լիդիան ընկերությունն այնուամենայնիվ որոշի դիմել ներդրումային վեճերի լուծման կենտրոն, հայաստանյան պայքարին կմիանա ներդրումային անարդար պայմանագրերի ու կորպորատիվ դատարանների դեմ պայքարող կազմակերպությունների համաշխարհային ցանցը։ Մեզ հետ համագործակցության ցանկություն հայտնած «Գլոբալ արդարություն» (Global Justice) կազմակերպության գործունեության ուղղություններից մեկը ներդրումային ու առևտրի անարդար պայմանագրերի և դրանց հիման վրա գործող կորպորատիվ արբիտրաժային կենտրոնների դեմ պայքարն է։ Առևտրի ու ներդրումների մասին միջպետական պայմանագրերը ստեղծված են բիզնեսին ահռելի ու անհավասար ուժ տալու և իրենց շահույթին դիպչող որոշումների դեպքում պետություններին դատի տալու համար։ Այդպիսի որոշումներից կարող են լինել, օրինակ, նվազագույն աշխատավարձի մասին օրենքի ընդունումը, բնապահպանական նորմերի սահմանումը կամ կիրարկումը, ավերիչ գործունեության արգելումը և այլն։ Այս համակարգը (ներդրող-պետություն վեճերի կարգավորում) թույլ է տալիս, ո ր կորպորացիաները պետություններին դատի տան ոչ թե ներպետական ու միջազգայնորեն ընդունված դատարաններում, այլ բացառապես կորպորատիվ համարվող՝ ներդրումային վեճերի կարգավորման կենտրոններում, որտեղ արբիտրները վեճը հանրային շահի, բնապահպանական կարիքների և մարդու իրավունքների տեսանկյունից դիտարկելու և հավասարակշռելու պարտավորություն չունեն։ «Գլոբալ արդարություն» կազմակերպությունը պայքարում է, որպեսզի բացառապես գլոբալ ներդրողների համար ստեղծված այս էլիտար իրավական համակարգը՝ կորպորատիվ արբիտրաժները, դադարեն գոյություն ունենալ, և միջազգային մակարդակում հավասար պայմաններ հաստատվեն երկրների ու ժողովուրդների միջև, իսկ կորպորացիաները չունենան պետությունների նկատմամբ անհավասար ուժի հնարավորություն։ «Որևէ պետության ժողովուրդ չպետք է կորպորացիաներին միլիոնավոր դոլարներ «փոխհատուցի» մարդկանց ու Երկիր մոլորակը պաշտպանելուն միտված և ժողովրդավարական եղանակներով ընդունված որոշումների համար», պնդում է կազմակերպությունը։ Մասնավորապես Միացյալ Թագավորությունում կազմակերպությունը պայքարում է, որպեսզի այդ երկրի կառավարությունն առևտրի ու ներդրումային պայմանագրերից հանի կորպորատիվ դատարանների մասին դրույթները և որևէ նոր պայմանագրում նման համակարգ չնախատեսի։ Նույն ուղղությամբ պայքար է մղում նաև «Պատերազմ կարիքի դեմ» (War on Want) բրիտանական կազմակերպությունը։ Ներդրումային դատարանների միջոցով կորպորացիաների թալանի դեմ պայքարը տվել է բազմաթիվ դրական արդյունքներ․ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը, Հնդկաստանը, Էկվադորը, Թանզանիան, Ինդոնեզիան, Նոր Զելանդիան միջոցներ են ձեռնարկել ներդրումային պայմանագրերը վերանայելու, սահմանափակելու կամ չեղարկելու ուղղությամբ։ Նույն կերպ Եվրոպայում ԵՄ-ԱՄՆ (TTIP) և ԵՄ-Կանադա (CETA) առևտրի և ներդրումների մասին տրանսատլանտյան գաղտնի պայմանագրերի դեմ հզոր շարժումն ու դրանց չընդունումը ցույց է տալիս, որ համաշխարհային պայքարն ընդդեմ բիզնեսի սանձարձակ իշխանության հնարավոր է և արդյունավետ։ Հայկական բնապահպանական ճակատը կհամագործակցի նաև Ռումինիայում Ռոշիա Մոնտանա հանքի շուրջ այժմ ներդրումային դատարանում ընթացող գործին հետևող հասարակական կազմակերպությունների հետ։  
06:13 - 01 ապրիլի, 2019