Սիսակ Գաբրիելյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1988թ. սեպտեմբերի 19-ին Երեւանում:

2007-2009թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2016թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: 2021թ.՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:  

Մասնակցել է «Օնլայն մեդիայի մարտահրավերները» վերապատրաստման դասընթացին (2015թ.,Պրահա):

2014թ. հունվար-սեպտեմբեր՝ «Ա1+» հեռուստաընկերության լրագրող:

2014-2018թթ.՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, հեռուստառադիոհաղորդավար, 2018թ.՝ «Քաղաքականությունը ներսից» հաղորդման հեղինակ եւ վարող:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագծին |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկմանը դրական եզրակացություն տվեց  մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնելու նախագծին: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանը: Նախագծով սահմանվում է, որ այն ուսանողները, որոնք կառավարության սահմանված մասնագիտությունների ցանկով սովորելուն զուգահեռ կաշխատեն, ուսումնական տարվա ավարտից հետո պետությունը ուսման վարձը կփոխհատուցի եկամտային հարկի վերադարձի տեսքով, եթե եկամտային հարկը կբավարարի ուսման վարձի չափով` ոչ ավելի, քան ուսման վարձը: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել է 3 փոփոխություն: «Նախագծով առաջարկվում էր, որ սույն օրենքով նախատեսված փոխհատուցման իրավունքից չեն կարող օգտվել ոչ ռեզիդենտ եկամտային հարկ վճարողները: Եղավ քննարկում, որ դժվար կլինի տարբերակել ոչ ռեզիդենտը և ռեզիդենտը: Ձևակերպումը փոխել ենք՝ սահմանելով, որ կարող են օգտվել միայն ՀՀ քաղաքացիները: Սա կառավարության առաջարկությունն էր, ինչը մեզ համար ընդունելի է»,-ասաց Գաբրիելյանը: Առաջին ընթերցմամբ քննարկմանը ներկայացված նախագծում նշված էր, որ ֆիզիկական անձը առաջարկվող հնարավորությունից կարող է օգտվել միայն մեկ անգամ: Գաբրիելյանը նկատեց՝ անհասկանալի էր ձևակերպումը, թե ինչ է նշանակում մեկ անգամը: Ձևակերպումն արվել է հետևյալ կերպ՝ վարձու աշխատող հանդիսացող սովորող ուսանողը կարող է օգտվել դրանից միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում նշվում էր, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը և տարածվում է  2020 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագող իրավահարաբերությունների վրա: Գաբրիելյանը նշեց՝ կար որոշակիության խնդիր, և իրենք ձևակերպել են հետևյալ կերպ՝ վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է  2020 թվականի սեպտեմբերի 1-ից: Առաջարկություններ են եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից: Առաջարկ է եղել, որ արտոնությունը տարածեն նաև բակալավրիատի ուսանողների վրա, սակայն հեղինակների համար առաջարկն այս պահին ընդունելի չի եղել՝ թեև նախագծի սկզբնական մշակման փուլում հենց այդպես էին նախատեսել: «Մենք կարծում ենք, որ սկզբնական փուլում ավելի լավ է սկսել քայլ առ քայլ: Տեսնենք, թե օրենքն այս շրջանակի համար ինչպես է գործում, հետագայում, եթե հաջող ընթացք լինի, կարելի է քննարկել նաև բակալավրիատի ուսանողների համար այն ևս հասանելի դարձնելու տարբերակը՝ միայն ավարտական վերջին կուրսում»,-ասաց Գաբրիելյանը: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հիշեցրեց, որ կառավարությունը երկու առաջարկ է ներկայացրել նախագծի համար: «Մենք համաձայն չլինելով կամ վիճարկելով նպատակադրումը կամ դրան հասնելու գործնական հնարավորությունները, այդուհանդերձ, օրենքը, հավանաբար, կընդունվի, և դա պետք է կիրառել: Եվ կիրառության առումով 2 խնդիր տեսել ենք, որոնց վերաբերյալ ներկայացրել ենք առաջարկություններ»,-ասաց նա ու նկատեց՝ իրենց առաջարկներով հեղինակներն արդեն հստակեցումներ արել են: Նախագիծը քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն:
14:26 - 26 փետրվարի, 2020
Քաղաքացիները կկարողանան նկարել երթևեկության խախտումները և փոխանցել ոստիկանությանը․ նախագիծ|shantnews.am|

Քաղաքացիները կկարողանան նկարել երթևեկության խախտումները և փոխանցել ոստիկանությանը․ նախագիծ|shantnews.am|

shantnews.am:  Ազգային ժողով ներկայացված նախագծով քաղաքացիներին հնարավորություն կտրվի ինքնուրույն տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և նկարահանածն առցանց ուղարկել ոստիկանությանը։ Նախագիծը ներկայացրած պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտնեց, որ փոխանցումն իրականացվելու է գաղտնի, և որևէ մեկը չի իմանալու, թե ով է իր խախտման մասին հայտնել ոստիկանությանը։ Գաբրիելյանը ասաց, որ հավելված է ստեղծվելու դրա համար, և ոստիկանությունը դրա միջոցով կարողանալու է հասկանալ, որ նկարվածը նոր է (հին չէ) և թե որտեղ է արվել նկարահանումը (GPS-ի միջոցով)։ Հավելվածի համար, ըստ Գաբրիելյանի, կծախսվի 30-50 մլն դրամ։ Նույն կերպ, ըստ պատգամավորի, հնարավոր կլինի նույն հավելվածի միջոցով վթարի կամ այլ դեպքում տեղեկացնել շտապօգնությանը։ Իսկ քաղաքապետարանը, ըստ նրա, նախատեսում է այդպիսի մեկ այլ հավելվածով իմանալ աղբի կուտակումների մասին։
14:36 - 13 սեպտեմբերի, 2019
Հանձնաժողովի արձանագրությունն ամենեւին չի հակասում կառավարության՝ դատաիրավական համակարգում բարեփոխումներ անելու նպատակին |armtimes.com|

Հանձնաժողովի արձանագրությունն ամենեւին չի հակասում կառավարության՝ դատաիրավական համակարգում բարեփոխումներ անելու նպատակին |armtimes.com|

armtimes.com: Երեկ սահմանափակ տարածմամբ հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունը, որը որոշ նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ։ Հետաքրքրական է, որ սահմանափակ տարածմամբ այս արձանագրությունը առաջինը սկսեցին շրջանառել նախկին իշխանությանը շատ մոտ կանգնած անձինք՝ այն մեկնաբանելով որպես «կոշտ արձագանք» մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին։ Իսկ արձանագրության մեջ, մասնավորապես, նշված է, որ  Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։ Եվրոպայից ժամանած պատվիրակությունը եւ ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների եւ գույքի հայտարարագրման համակարգին։ Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը։ Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը (ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդված) Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» եւ «աներկբա»։ Վենետիկի հանձնաժողովում մտահոգիչ է գնահատվել Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը։ Վենետիկի հանձնաժողովում տեսնում են Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ։ Միեւնույն ժամանակ, Հանձնաժողովի քարտուղար պարոն Մարկերտը հիշեցրել է, որ անցյալ տարի Հայաստանում տեղի է ունեցել խաղաղ հեղափոխություն՝ Սահմանադրության դրույթների պահպանմամբ, բայց, այնուամենայնիվ, դատական իշխանությունը շատերի կողմից համարվել է կոռումպացված եւ նախկին իշխանությանը մոտ կանգնած։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր նամակում Հանձնաժողովի նախագահն ընդունել է, որ դատական համակարգի նկատմամբ կա վստահության պակաս, սակայն նաեւ պնդել է, որ կիրառվող ցանկացած միջոց պետք է ամբողջությամբ համապատասխանի Սահմանադրությանը եւ միջազգային ստանդարտներին։ Հայաստանի իշխանությունների հրավերով, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունը՝ Իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների հարցերի գլխավոր տնօրենի գլխավորությամբ եւ Հանձնաժողովի քարտուղարի մասնակցությամբ, այցելել են Հայաստան՝ քննարկելու դատական համակարգում բարեփոխումները։ Քննարկումների արդյունքում կողմերը եկել են համաձայնության, որ գործող դատավորներին համընդհանուր վեթինգի ենթարկելը չի կարող լինել ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ օգտակար։ Փոխարենը պետք է ամրապնդել կարգապահական ընթացակարգերը եւ կապ ստեղծել գույքի հայտարարագրման համակարգի հետ։ Այս նպատակով, ՀՀ դատական օրենսգիրքը պետք է ենթարկվի փոփոխության մինչեւ հուլիսի վերջն ընկած ժամանակահատվածում։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը մեր զրույցում ասաց, որ այս արձանագրությունն, ըստ էության, նորություն չէր կառավարող ուժի համար, նորություն չէր կառավարության եւ շատ շատերի համար։ Ըստ նրա՝ հայտարարությունը եղել է դեռ հունիսին, որից հետո այցելություն է եղել Հայաստան, պատգամավորներից եւ կառավարության անդամներից շատերը այցելել են Վենետիկի հանձնաժողով, եղել են քննարկումներ, եւ մեր դիրքորոշումը եղել է այն, որ մեզ համար կարեւորը խնդրի բովանդակությունն է՝ իրականացնել դատաիրավական բարեփոխումներ։ Իսկ թե դա կիրականացվի վեթինգ անվան տակ, թե մեկ այլ պայմանական անվան, դա, ըստ Գաբրիելյանի, խնդրի ձեւական կողմն է․ «Կարեւորը բովանդակությունն է, կարեւորը չափանիշներն են, որոնցով ուզում ենք իրականացնել այդ գործընթացը։ Վեթինգ բառը միջազգային հանրության մոտ, միջազգային իրավուքնում որոշակիորեն այլ կերպ է հասկացվում, մենք քննարկումների արդյունքում կարողացել ենք մեր եվրոպացի գործընկերներին բացատրել, որ կուզեք՝ վեթինգ, կուզեք՝ այլ անուն տվեք, խնդիրը բարեփոխումն է»։ Սիսակ Գաբրիելյանը նկատեց, որ զեկույցում էլ Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ, այո՛, պետք է իրականացնել դատաիրավական բարեփոխումներ, եւ կարեւոր է, որ հայտարարության մեջ նշված է, որ իրենք նույնպես ստացել են այն ազդանշանները, որ Հայաստանում տեղի է ունեցել Սահմանադրության պահպանմամբ հեղափոխություն, բայց դատական իշխանության մոտ փոփոխություններ տեղի չեն ունեցել, եւ հասարակության մոտ այդ դատավորներն ընկալվում են նախկին իշխանության մաս, կոռումպացված, եւ այս մասով հանձնաժողովը ողջունում է դատաիրավական բարեփոխումների գործընթացը, որի հանձնառությունը ստանձնել են Հայաստանի իշխանությունները․ «Իրենք էլ են նշում, որ բարեփոխման գործընթացը պետք է արվի կարգապահական չափանիշների խստացմամբ եւ գույքի հայտարարագրման հետ փոխկապակցված, որի մասին նաեւ վարչապետն էր նշել՝ դատավորների բարեվարքության ստուգում, ունեցվածքի ծագում, շահերի բախում եւ այլն։ Մենք դա իրականացնելու ենք, ինչը ողջունվում է Վենետիկի հանձնաժողովի կողմից եւ իրենք պատրաստ են աջակցել մեզ»։Մեր հարցին՝ եթե Հանձնաժողովը կարծում է, որ համընդհանուր վեթինգի կարիք չկա, ապա ինչպե՞ս է վարվելու կառավարությունը, մակերեսայի՞ն վեթինգ է իրականացնելու կամ, ընդհանրապես, ինչպե՞ս է իրականացնելու այդ ընթացակարգը, Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց․ «Կար մոտեցում, որ վեթինգի մասին առանձին օրենք լիներ, առանձին կառույց, բայց հետագայում հասկացանք, որ ամենեւին պարտադիր չէ ստեղծենք հանձնաժողով, նոր օրենք, որովհետեւ գուցե Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն լիներ, դրա համար մեր նպատալը կարող ենք կյանքի կոչել արդեն իսկ առկա սահմանադրաիրավական լուծումներով՝ Դատական օրենսգրքի փոփոխություններով, ԲԴԽ-ին որոշակի նոր լիազորություններ պատվիրակելով, այսինքն՝ այն ինչ ուզում ենք, կարող ենք կատարել գործող մարմինների եւ օրենքների միջոցով։ Մենք ունենք 250 դատավոր, եթե մեկ օրում բոլոր դատավորներին հեռացնես, բնականաբար, դա իրավական տեսանկյունից ավելի վտանգավոր է, քան դա աստիճանաբար ու նուրբ անելու դեպքում։ Մենք դրա կողմնակիցն ենք, բայց մենք նաեւ ասել ենք, որ այդ գործընթացը ոչ միայն դատավորներին, այլ նաեւ դատախազներին, պետական այլ բարձրաստիճան պաշտոնյաներին պետք է վերաբերի»։Պատգամավորն ասաց, որ պետք է հասկանալ, թե ինչ նկատի ունի Վենետիկի հանձնաժողովը խորքային վեթինգ ասելով․ «Կարծում եմ՝ հենց այս մտահոգությունները ունեն, որ գործընթացն այնպես պետք է արվի, որ չխաթարվի դատական իշխանության բնականոն գործունեությունը»։Սիսակ Գաբրիելյանի պնդմամբ՝ Հանձնաժողովի արձանագրությունն ամենեւին չի հակասում կառավարության՝ դատաիրավական համակարգում խորքային բարեփոխումներ անելու նպատակին։   Ավելին՝ armtimes.com-ում
11:35 - 16 հուլիսի, 2019
Վարչապետի մասնակցությամբ քննարկվել են ճանապարհային երթևեկության անվտանգության հարցեր

Վարչապետի մասնակցությամբ քննարկվել են ճանապարհային երթևեկության անվտանգության հարցեր

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր իմ խնդրանքով վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ բավական արդյունավետ քննարկում` ճանապարհային երթեւեկության անվտանգության վերաբերյալ։ Մոտ երկու ժամ տեւած հանդիպմանը ակտիվիստներն ու ՀԿ ղեկավարները վարչապետին ու կառավարության անդամներին ներկայացրին իրենց դիտողություններն ու առաջակությունները, ծանոթացան սպասվող բարեփոխումների բովանդակությանն ու դրանց իրականացման վերջնաժամկետներին։ Առավել մանրամասն կներկայացնենք վաղը նախատեսված մամուլի ասուլիսին։ Աշխատանքները ավելի արդյունավետ կարգավորելու եւ վերահսկելու համար, պայմանավորվեցինք հանդիպել ամիսը մեկ անգամ։ Դրա համար վարչապետին կից ստեղծվում է խորհուրդ, որի մեջ ներգրավված կլինեն նաեւ քաղաքացիներ։ Սիրելի ընկերներ, եթե ունեք առաջարկներ, գաղափարներ կարող եք ուղարկել ինձ։Անվտանգ երթեւեկություն բոլորիս»։  
06:17 - 15 հուլիսի, 2019
Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով կփոխհատուցվի միայն մագիստրատուրայի դեպքում․ Սիսակ Գաբրիելյան |tert.am|

Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով կփոխհատուցվի միայն մագիստրատուրայի դեպքում․ Սիսակ Գաբրիելյան |tert.am|

tert.am: Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, քանի որ հեղափոխական է, սկզբնական շրջանում առաջարկում ենք կիրառել միայն մագիստրատուրայի դեպքում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրiելյանը։ Ըստ նրա՝ միայն մագիստրատուրայի վրա կիրառելը թույլ կտա նաև հասկանալ, թե պրակտիկայում օրենքն ինչ կիրառություն կունենա։ «Հետագայում, եթե հնարավոր լինի «Կրթության մասին» օրենքի շրջանակում նոր փոփոխություն անել, ապա գուցե կիրառվի նաև բակալավրիատում, եթե բակալավրիատում փոփոխություն լինի, ճկուն դասագրաֆիկ լինի և այլն, բայց այս պահին մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի համար է։ Կարծում ենք՝ մագիստրատուրայի դեպքում մեր երիտասարդները գիտակցված ընտրություն են կատարում»,- ասաց նա։Պատգամավորը համակարծիք չէ, որ նախագծում խտրական վերաբերմունք կա։ Նրա խոսքով՝ խտրականություն կլիներ, եթե իրենք ասեին, որ ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու են ոչ բոլոր ուսանողներին։
08:31 - 14 հունիսի, 2019
Քաղաքացիները հավելվածի միջոցով կկարողանան ֆիքսել ու ՃՈ-ին ուղարկել խախտման վերաբերյալ հաղորդագրությունը

Քաղաքացիները հավելվածի միջոցով կկարողանան ֆիքսել ու ՃՈ-ին ուղարկել խախտման վերաբերյալ հաղորդագրությունը

Հաշվի առնելով բազմահազար քաղաքացիների պահանջը, ՃՏՊ և զոհերի ցավալի վիճակագրությունը, հետիոտների իրավունքները և համակեցության կանոնները կոպտորեն խախտելու վերաբերյալ սոցիալական ցանցերում ամեն օր հրապարակվող ահազանգերը, առաջիկայում «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ համատեղ շրջանառության մեջ կդնեմ ճանապարհային երթեւեկության նկատմամբ հանրային վերահսկողությունը երաշխավորող օրենսդրական նախագիծ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։  «Նախագիծը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին բջջային հեռախոսի հավելվածի միջոցով (որը կստեղծվի պետության կողմից) վայրկյանների ընթացքում ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը փոխանցել իրավախախտման վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություն՝ լուսանկար, տեսանյութ: Էկեկտրոնային հաղորդագրության հիման վրա կհարուցվի վարչական վարույթ և կարգազանց տրանսպորտային միջոցի վարորդները կենթարկվեն վարչական տույժի: Առավել մանրամասն՝ մի քանի օրից: Շնորհակալ կլինեմ շահագրգիռ անձանց համագործակցության, առաջարկների ու դիտողությունների համար»,- գրել է Գաբրիելյանը։
14:47 - 12 հունիսի, 2019
Փորձում ենք մշակել նախագիծ, որ խրախուսելու է աշխատող մարդուն ուսում ստանալ, իսկ ուսանողին՝ աշխատել․ Սիսակ Գաբրիելյան

Փորձում ենք մշակել նախագիծ, որ խրախուսելու է աշխատող մարդուն ուսում ստանալ, իսկ ուսանողին՝ աշխատել․ Սիսակ Գաբրիելյան

Օրերս ներկայացվեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենսդրական նախագիծ, որի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցն ու Սիսակ Գաբրիելյանն են։ Նախագծի շուրջ համացանցում ակտիվ քննարկումներ սկսեցին՝ կողմ և դեմ կարծիքներով։ Ինչ է իրենից ներկայացնում նախագիծը, ինչ խնդիրներ է լուծում, որ փուլում է այժմ․ այս և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք նախագծի հեղինակ Սիսակ Գաբրիելյանի հետ։   -Ի՞նչ է ընդհանուր առմամբ իրենից ներկայացնում նախագիծը: -Կարելի է ասել՝ մենք հեծանիվ չենք հորինում։ Ուսանողներին տրվող նմանատիպ արտոնություններ  կան աշխարհի մի շարք երկրներում։ Մասնավորապես՝ հետխորհրդային երկրներից Ռուսաստանում և Բելառուսում նմանատիպ մոդել է ընտրված։ Իսկ եվրոպական երկրներում, Ամերիկայում ուսանողներին  այդ արտոնություններն այլ կերպ է տրվում։ Եթե նրանք, ենթադրենք, շաբաթական մինչև 20 ժամ աշխատեն, ապա ազատված են լինում հարկերից։ Մենք այս նախագծով հարկերից ազատումը փորձում ենք անուղղակի չանել, այլ ավելի թիրախային դարձնել՝ հարկը ուղղելով ուսանողի ուսման վարձին։ Այսինքն՝ աշխատելու դեպքում ուսանողը ոչ թե ազատվի եկամտահարկից, այլ եկամտահարկը ավելի թիրախային լինի։ -Ի՞նչ խնդիր է լուծում նախագիծը։ Ի՞նչ դրական փոփոխություններ կլինեն նախագծի իրականացման արդյունքում։ -Կա մտահոգություն, որ մեր կրթական որակը շատ դեպքերում չի համապատասխանում իրական շուկայական պահանջներին, որովհետև որոշակիորեն կտրված է իրականությունից։ Նպատակն այն է, որ տեսական և գործնական գիտելիքները մեկտեղվեն։ Սկզբնական փուլում  նախագիծը, միտումնավոր,  շրջանառության մեջ ենք դրել առանց որևէ սահմանափակման՝ բացառությամբ ՄՈԳ-ի (միջին որակական գնահատական), որպեսզի քննարկումների ավելի մեծ տեղ թողնենք, և տարբեր փորձագետներ, մասնագետներ կարողանան իրենց տեսակետները հայտնել։ Բայց մեզ համար գոնե առաջադիմությունը առանցքային նշանակություն ունի։ Ինչ վերաբերում է դրական փոփոխություններին, պետք չէ նախագծին միայն մի կողմից նայել։ Պարտադիր չէ ընկալել, որ մենք ուսանողին ասում ենք գնա և աշխատի։ Կարող ենք մի փոքր այլ տեսանկյունից նայել․ արդեն իսկ աշխատող մարդկանց ասում ենք՝ դուք հնարավորություն ունեք փաստացի անվճար լրացուցիչ կրթություն ստանալու։ Ասեմ, որ սա ռեալ է, քանի որ Հայաստանում գործող մի շարք ԲՈւՀ-եր, այդ թվում՝ բարձրակարգ, բավականին մեծ հեղինակություն ունեցող ԲՈւՀ-եր՝ Ֆրանսիական համալսարանը, Ամերիկյան համալսարանը, ունեն հատուկ ճկուն դասագրաֆիկներ։ Օրինակ, որոշ մասնագիտությունների դեպքում դասաժամերը սկսվում են 18։30-ից հետո։ Սա հենց հատուկ հարմարեցված է աշխատող ուսանողների համար, ովքեր աշխատանքից հետո կարող են գնալ և ուսումնառություն ստանալ տվյալ բուհերում։ ԵՊՀ-ում էլ, եթե չեմ սխալվում, որոշ մասնագիտությունների դեպքում, հատկապես մագիստրատուրայում, կա այսպիսի մոտեցում՝ կուրսը ինքն է որոշում, թե տվյալ կիսամյակում իրեն որ ժամերն են հարմար, և ԲՈւՀ-ը փորձում է հարմարեցնել դա դասախոսների հետ։  -Ընդդիմախոսները նշում են, որ նախագիծը ռիսկեր ունի։ Դրանցից մեկը, օրինակ, այն է, որ կնվազեն ԲՈՒՀ-երի եկամուտները, որ հիմնականում ձևավորվում են ուսման վարձերից։ Ի՞նչ կասեք այս առումով։ -Իմ տպավորությամբ, նախագծի մասին փոքր-ինչ թյուրըմբռնում կա։ Մենք չենք ասում, որ իրենք ազատվելու են ուսման վարձերից, այլ ընդհակառակը՝ եկամտահարկը ուղղվելու է հենց ԲՈՒՀ-երին՝ որպես ուսման վարձ։ Եթե գնանք այն կանխավարկածով, որ աշխատող շատ մարդիկ փաստացի կուզենան լրացուցիչ կրթություն ստանալ, ԲՈւՀ-երի եկամուտները, ընդհակառակը, էլ ավելի կմեծանան, որովհետև հոսքը, դիմորդների թիվը շատ ավելի մեծ կլինի։ Նաև դասախոսների մի մասն է նշում, որ սա կարող է խթանել հետագայում դասախոսների աշխատավարձերի բարձրացմանը, հետևաբար նաև դասախոսների ավելի անկախացմանը՝ հաշվի առնելով, որ ուսանողներին երբեմն պարզապես գնահատական են նշանակում, որպեսզի նրանք դուրս չմնա համալսարանից, որովհետև դրանից համալսարանը կտուժի։ Առանց այն էլ ուսանողները սահմանված քանակությամբ տեղերից ավելի քիչ են դիմում։ Իսկ այս դեպքում, եթե դիմորդների թիվն ավելանա, ԲՈՒՀ-ը ինքը կփորձի ավելի անկախ լինել։ Եվ եթե չլինեն կոռուպցիոն երևույթներ, ավելի անկաշկանդ կլինի ուսանողին գնահատելու հարցում․ եթե չի բավարարում պահանջներին՝ ցածր գնահատել և, ինչու չէ, նաև հեռացնել համալսարանից։ -Կարծիք կա, որ նախագծի իրականացման հետ կապված կոռուպցիոն ռիսկեր կարող են լինել։ Կա՞ն մեխանիզմներ դրանք բացառելու համար։ -Այո, կոռուպցիոն ռիսկերի մասին կրթության փորձագետներն են հատկապես բարձրաձայնում։ Դա կապված է դասախոսի կողմից ուսանողին արհեստականորեն բարձր գնահատելու կանխավարկածի հետ։ Այստեղ, իհարկե, կա կոռուպցիոն ռիսկ, բայց եթե առաջնորդվենք դրանով, ապա, իմ խորին համոզմամբ, որևէ լավ, դրական փոփոխության չենք կարող հանգել։ Այսօր էլ  ԲՈւՀ-երում փաստացի գործող զեղչային համակարգից օգտվում են այն բոլոր ուսանողները, որոնք հաղթահարում են այդ ՄՈԳ-ի շեմը։ Այսինքն, եթե մենք ընդունում ենք, որ կա կոռուպցիոն ռիսկ, ուրեմն պետք է փաստենք, որ այս պահի դրությամբ էլ զեղչային համակարգը, պետության կողմից տրվող արտոնությունները փաստացի անօգուտ են։ Բայց ես համամիտ չեմ այդ տեսակետի հետ։ Իհարկե, չեմ բացառում, որ գուցե լինեն դասախոսներ, որ այդպես կվարվեն, բայց, կարծում եմ, երբ ԲՈւՀ-երի ուսանողների քանակը ավելանա և, ընդհանրապես,  կրթական քաղաքականությունը ձևափոխվի, դասախոսների գերակշիռ մասը, եթե ոչ բոլորը, նման խնդիր չեն ունենա։  -Արդյոք նախագիծը չի՞ ազդի կրթության որակի վրա։ -Կոռուպցիոն ռիսկերը և կրթության որակի խնդիրը հիմնական մտահոգություններն են փորձագետների կողմից։ Ասեմ, որ մոտ 90 տոկոսը բավական ողջունում է նախաձեռնությունը։10 տոկոսի էլ մի մասն է միայն, որ միանշանակ կարծում է, որ այն որակի վրա կազդի։ Ինձ համար կատկապես հետաքրքիր է, որ այդ դժգոհությունը լսում եմ ոչ թե կրթության փորձագետներից, այլ, օրինակ, IT ոլորտի ներկայացուցիչներից։ Փորձագետներն ասում են են, որ միգուցե կրթության որակը տուժի, բայց երբ ընդհանուր ներկայացնում ես, թե ինչ ես նախատեսում, հասկանում են, որ, այո, ռիսկերը քիչ են։ Տեսեք որն է խնդիրը, երբ ասում ենք աշխատանք, մի փոքր թյուրըմբռնում կա հասարակության շրջանում։ Այդ աշխատանքն ընկալում են՝ կոնկրետ ֆիքսված գրաֆիկով, գրասենյակ աշխատանք, բայց մենք նախագծում էլ նշել ենք, որ խոսքը ոչ միայն հիմնական կես դրուքով աշխատողներին է վերաբերում, այլ ընդհանրապես՝ ծառայություններ մատուցելու արդյունքում եկամտահարկ մուծող քաղաքացիներին։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայությունների մատուցման ինստիտուտը բավականին կայացած է։  Ենթադրենք լրագրող ուսանողները պարտադիր չէ, որ որևէ խմբագրությունում աշխատեն առավոտից մինչև երեկոյան վեցը։ Նրանք կարող են ծառայությունների պայմանագիրը կնքել՝ պարտավորվելով, որ, օրինակ, շաբաթական երկու ռեպորտաժ կպատրաստեն խմբագրության համար։ Դա համալսարանում ստացած տեսական գիտելիքները փաստացի գործնական կիրառելու հնարավորություն կտա։ Այո, միգուցե այդ երկու ռեպորտաժի դեպքում ուսանողի աշխատավարձը նվազագույնը լինի կամ նվազագույնից մի փոքր բարձր, բայց այս դեպքում այդ գումարը, միևնույնն է, իրեն կմնա։ Ամսական գոյացած նվազագույն աշխատավարձից 20-25 հազար դրամ եկամտահարկը տարեկան կտրվածքով կազմում է 300 հազար դրամ։ Պետությունը պետք է դա փոխհատուցի ուսանողին, եթե նա այդ ընթացքում ցուցաբերել է բարձր առաջադիմություն։ Նույնը վերաբերում է նաև մյուս մասնագիտություններին։  -Հստակեցնենք՝ խոսքը մասնագիտակա՞ն աշխատանքին է վերաբերում, թե՞ աշխատանքին՝ ընդհանրապես։ -Այս պահի դրությամբ մենք սահմանափակում, որպես այդպիսին, արել ենք միայն առաջադիմության համար։ Կա տեսակետ, որ սահմանենք միայն մասնագիտական աշխատանք։ Կա տեսակետ, որ շատ լավ գաղափար է, բայց եկեք փորձնական տարբերակով սկզբնական փուլում կիրառենք մագիստրատուրայի և բակալավրիատի ավարտական կուրսի դեպքում միայն։ Միգուցե մասնագետները այդ դեպքում էլ ասեին՝ մասնագիտականը էական չէ, ուսանողը կարող է աշխատել և լավ սովորել։ Դրա համար ազատ ենք թողել այս ամենը՝ մեծ քննարկումների տեղիք տալու համար։  -Սահմանվելու՞ են արդյոք հստակ աշխատաժամեր՝ հաշվի առնելով դասերի խիտ գրաֆիկը։ Ինչպես արդեն ասացի, աշխարհի շատ երկրներում սահմանված է մինչև 20 ժամը։ Փորձագետների կողմից նաև այդպիսի առաջարկ կա՝ առավելագույն աշխատաժամանակ սահմանել։ Գուցե անհրաժեշտություն կա, բայց, միևնույնն է, լրիվ դրույքով հիմնական աշխատողը չի էլ կարող սովորել։ Եթե նա առավոտյան 9։00-18։00-ն աշխատելու է, տրամաբանական հարց կառաջանա, թե ինչպես է կարողանում հաճախել համալսարան։ Հնարավոր է և այդպես լինի, բայց մենք նաև շատ աշխատանքներ ունենք, որ հերթափոխով են՝ մարդը մեկ օր աշխատում է 24-ժամյա գրաֆիկով, ապա 3 օր ազատ է լինում։ Կան աշխատանքներ, որ սկսվում են երեկոյան ժամը յոթից մինչև տասնմեկը։ Դրանք հիմնականում ծառայության մատուցման, սպասրկման ոլորտում են։ Եվ վերջում, նախագծի հետ կապված հանրային քննարկումներ նախատեսվու՞մ են։ Մենք անհատապես էլ հեռակա կարգով՝ սոցցանցերով, շփվում ենք մասնագետների հետ, կրկին ուսումնասիրում տարբեր երկրների փորձը։ Մայիսի 15-ին կարծես թե նախնական համաձայնություն ունենք, հիմա փորձում ենք Ազգային ժողովի հետ տեխնիկապես համաձայնեցնել, որ նաև մեծ հանրային քննարկում կազմակերպենք՝ հասկանալու համար, թե ի վերջո ինչպես ենք մշակում լավ նախագիծ, որն իսկապես խրախուսելու է աշխատող մարդուն ուսում ստանալ, իսկ ուսանողին՝ աշխատել։Եվ, ի դեպ, քիչ առաջ նկատեցի, որ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել և աշխատանքի է հրավիրում ոչ միայն բարձրագույն կրթություն ունեցող անձանց, այլ նաև ավարտական վերջին կուրսի ուսանողներին։ Սա հենց փաստում է, որ անգամ պետական մարմինը ընդունում է, որ ավարտական կուրսի ուսանողն այսօր ի զորու է մատուցել այն ծառայությունը, որն իրենց անհրաժեշտ է, և իրենք խրախուսում են նաև ուսանողներին։  Այստեղ շատ կարևոր է նաև պետության, կառավարության տեսակետը, որովհետև հասկանում ենք, որ գործ ունենք պետական բյուջեի տեղաշարժերի հետ։ Երբ փորձագետների հետ վերջնական նախագիծ կունենանք, կառավարության հետ նիստի ընթացքում  կներկայացնենք նախնական տարբերակում մեր պատկերացրած փոփոխությունները և կառավարության տեսակետը մեզ համար հասկանալի կլինի՝ արդյոք սա հնարավոր է իրականացնել, թե ոչ։
15:53 - 01 մայիսի, 2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են աշխատող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման մեխանիզմ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են աշխատող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման մեխանիզմ

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Սիրելի հայրենակիցներ, ամիսներ տևած ուսումնասիրություններից հետո այսօր պաշտոնապես շրջանառության մեջ դրվեց Լիլիթ Մակունց-ի հետ հեղինակած առաջին օրենքի նախագիծս, որով պետությունը պարտավորվում է վճարել աշխատող ուսանողների ուսման վարձը։ Նախագծով առաջարկվում է եկամտահարկից փոխհատուցել ինչպես հիմնական աշխատողների, այնպես էլ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող ուսանողների վարձավճարները: Պետությունը կվճարի նաեւ միջնակարգ մասնագիտական եւ տեխնիկական ուսումնական հաստատությունում վճարովի սովորող եւ աշխատող ուսանողների վարձավճարները: Փոխհատուցման իրավունք կունենան ՄՈԳ-ի շեմը հաղթահարած ուսանողները: Առաջիկայում նախագիծը կքննարկվի նաեւ կառավարությունում, հուսով եմ կհասնենք դրական արդյունքի: Ամենայն հավանականությամբ կկազմակերպենք նաեւ հանրային քննարկում ոլորտային մասնագետների հետ, այս ընթացքում սիրով կլսեմ ձեր դիտարկումներն ու առաջարկությունները: Հ.Գ. Կարծում եմ, սա կքաջալերի ուսանողներին աշխատել, իսկ արդեն աշխատողներին դառնալ ուսանող»: 
08:48 - 26 ապրիլի, 2019