Մեսրոպ Առաքելյան

Մեսրոպ Առաքելյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է:

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1985 թ. ապրիլի 23, ք. Երևան

Կրթություն
1991–2000թթ. - ավարտել է Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը` գերազանցության ատեստատ, մեդալ, էքստեռն կարգով
2000–2006թթ. - ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, մագիստրոսի կոչումով` ստանալով ֆինանսիստ-տնտեսագետի որակավորում
2006-2009թթ. - ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան, տնտեսագիտության թեկնածու
2008թ. – ավարտել է «Բանկի ակտիվների և պասիվների կառավարում» դասընթացները` Ռուսաստանի Դաշնության ժողովրդական տնտեսության ակադեմիայում

Աշխատանքային գործունեություն
2004-2008թթ. – «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Մյասնիկյան մասնաճյուղի կառավարիչի տեղակալ
2008-2010թթ. – «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Սպանդարյան մասնաճյուղի կառավարիչ
2008-2013թթ. – «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Փոքր բիզնեսի վարչության պետ
2013-2017թթ. – «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Ռիսկերի կառավարման տնօրենի տեղակալ-վարկային ռիսկի կառավարման վարչության պետ
2017-2020թթ. – «Մոգո» ՈՒՎԿ Գլխավոր տնօրեն
2007թ. – մինչ այժմ – ԵՊՀ դասախոս
2018-2020թթ. - Վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով
2020թ. նոյեմբերի 20-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Կուսակցական պատկանելություն
«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 դուստր:

Զարեհ Սինանյանն Արցախի քաղաքաշինության նախարարի հետ այցելել է արագ կառուցվող փայտե բնակարաններ

Զարեհ Սինանյանն Արցախի քաղաքաշինության նախարարի հետ այցելել է արագ կառուցվող փայտե բնակարաններ

Արցախ աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում են Գլխավոր հանձնակատարի գրասենյակից: «Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը, մեր գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արցախում բնակարանային ծրագրերը, նշվեց, որ առկա են մինչև 10 հազար արցախցի ընտանիքներ, որոնք այս պահին կացարանի կարիք ունեն: Գլխավոր հանձնակատարն ընդգծեց, որ այցի նպատակը հենց տեղում իրավիճակին և կարիքներին ծանոթանալն է այն Սփյուռքին ներկայացնելու և Արցախի զարգացման գործին արդյունավետորեն ներգրավելու համար:  Կողմերը շեշտեցին, որ օր առաջ պետք է սկսել բնակարանաշինական աշխատանքները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համագործակցությունը և Սփյուռքի տարբեր համայնքներին ներգրավել Արցախի գյուղերի և քաղաքների վերաշինման և ամրապնդման աշխատանքներին:   Այնուհետ Զարեհ Սինանյանը Արամ Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց արագ կառուցվող փայտե բնակարաններ»,- ասված է գրասենյակի Ֆեյսբուքի գրառման մեջ:    
14:12 - 23 հունվարի, 2021
Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային քննարկում է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ

Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային քննարկում է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի հետ։Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են երեխաների իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված ծրագրերի անհրաժեշտությունը, կորոնավիրուսի համավարակի և հետպատերազմական իրավիճակում երեխաներին ուղղված աջակցության կազմակերպման, ոլորտում առկա օրենսդրական բարեփոխումների իրականացման կարևորությունը։«Երեխաները մեր ամենախոցելի շահառուներն են։ Կարևորագույն խնդիրը, որին առնչվում ենք, երեխաների աղքատությունն է։ Ընդ որում՝ բազմազավակ ընտանիքներում խնդիրն ավելի նկատելի է»,- նշել է Մեսրոպ Առաքելյանը՝ միաժամանակ մանրամասնելով, որ այս պահին նախարարության առաջնահերթություններից է բազմազավակ ընտանիքների համար սոցիալական երաշխիքներն ավելի հասցեական և արդյունավետ դարձնելը։Նախարարը կարևորել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքների բացահայտման և նրանց՝ հասարակություն լիարժեք ինտեգրման համար պայմանների ապահովումը:«Հաշմանդամություն ունեցող երեխաներն է՛լ ավելի խոցելի են, և այդ ուղղությամբ մենք անելու ենք առավելագույնը․ մասնավորապես՝ հաշմանդամության նոր օրենքի ներդրման միջոցով առողջության գնահատման մեթոդից անցում կկատարենք ֆունկցիոնալության գնահատման»,- ասել է նախարարը։Շնորհակալություն հայտնելով կառավարությանն ու պատասխանատու մարմիններին ներդրած ջանքերի համար, որոնք զգալի փոփոխություն են մտցրել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության, վերջիններիս հանդեպ խտրական վերաբերմունքի վերացման հարցում, Մարիան Քլարկն ընդգծել է՝ արդյունքները շատ են, բայց անելիքներ ևս կան։Վերջինս երեխաների իրավունքների հայեցակարգերի մշակման գործում կարևորել է փորձագիտական աջակցությունը՝ այն դիտարկելով միջազգային իրավական ակտերի համապատասխանության կոնտեքստում։Մարիան Քլարկի խոսքով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կորոնավիրուսի համավարակի և հակամարտության հետևանքով տուժած շուրջ 35,000 ընտանիքների կարիքների գնահատում է իրականացրել, որը կարող է օգտակար լինել առաջիկա ծրագրերի իրականացման գործում։Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև արցախայությանն ուղղված աջակցության ծրագրերում այլ գործընկերների ներգրավումն ու համագործակցության ընդլայնումը։
21:39 - 20 հունվարի, 2021
Այս պահին արցախցիների զգալի մասն արդեն իր բնակությունը շարունակում է Արցախում. Առաքելյան
 |1lurer.am|

Այս պահին արցախցիների զգալի մասն արդեն իր բնակությունը շարունակում է Արցախում. Առաքելյան |1lurer.am|

1lurer.am: Սոցիալական ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությունը մնում է առաջնահերթ, սակայն նախորդ տարի երկու ճգնաժամի՝ համավարակի և պատերազմից հետո տեղի ունեցող իրադարձությունները առնվազն սոցիալական ոլորտում, կարճաժամկետ հատվածում փոփոխությունների ենթարկեցին մեր առաջնահերթությունները, որի ուղղությամբ այս պահին մեծ աշխատանքներ են տարվում: Մեծ հաշվով, կարևորագույն սկզբունքները, որը նաև նախարարությունում իմ աշխատանքում ներգրավվելու ժամանակվանից ֆիքսել ենք՝ մաքսիմում իրականացնել պետության կողմից մատուցված ծառայությունները հարմար և արագ, քանի որ խնդիրն այն է, որ ոչ միայն քաղաքացիներին տրամադրենք անհրաժեշտ սոցիալական աջակցությունը, այլ այդ աջակցությունը տրամադրման գործընթացքում ավելորդ քաշքշուկներից և խնդիրներից պահենք: Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: «Այս պահին արցախցիների զգալի մասն արդեն իր բնակությունը շարունակում է Արցախում, և մեր սոցիալական ծրագրերի զգալի մասը Արցախի կառավարության հետ ենք իրականացնում հենց Արցախում, իսկ քաղաքացիների այն խումբը, որը կորցրել է իրենց բնակավայրերը, գտնվելով ՀՀ-ում, ստանում է անհրաժեշտ սոցիալական աջակցություն և կշարունակի ստանալ այնքան, ինչքան դրա կարիքը կա, սակայն երկարաժամկետ հատվածում մեր գլխավոր ռազմավարությունը, որի շուրջ աշխատում ենք ԱՀ կառավարության հետ, այդ մարդկանց վերաբնակեցումն է Արցախում՝ նոր կացարանների կառուցման մրջոցով:  Հարցին՝ քանի՞ արցախցի կա այս պահին Հայաստանում, նախարարը պատասխանեց, որ այդ թիվը հասնում է մինչր 40 հազարի: «Կարելի է ֆիքսել, որ 90-100 հազար արցախցի այս պահին վերադարձել է Արցախ»,- հայտնեց Առաքելյանը:
19:52 - 20 հունվարի, 2021
Պատրաստակամ ենք կանգնել Հայաստանի կողքին. ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ Մեսրոպ Առաքելյանին

Պատրաստակամ ենք կանգնել Հայաստանի կողքին. ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ Մեսրոպ Առաքելյանին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրամիության  դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Նախարարը բարձր է գնահատել Եվրամիության հետ համագործակցությունը՝ ընդգծելով կողմերի միջև բարիդրացիական հարաբերությունների դերը սոցիալապես ամուր տնտեսություն ունենալու համատեքստում։ «Պատերազմի ավարտից հետո բազմաթիվ սոցիալական ծրագրեր են իրականացվել և՛ ուղիղ ֆինանսավորման, և՛ պարենային աջակցության միջոցով, որում ընդգրկված են նաև միջազգային մի շարք կազմակերպություններ։ Այս գործում բարձր ենք գնահատում նաև ձեր աջակցությունը, որի շնորհիվ որոշ չափով մեղմվել է քաղաքացիների սոցիալական խնդիրները»,- նշել է Մեսրոպ Առաքելյանը։ ԵՄ դեսպանը հետաքրքրվել է արցախահայությանն ուղղված աջակցության ծրագրերի մանրամասներով՝ հույս հայտնելով, որ Արցախում հումանիտար ճգնաժամն արագ կհաղթահարվի․ «2020 թվականը դժվար տարի էր Հայաստանի համար՝ կորոնավիրուսային համավարակը, պատերազմը, հետպատերազմյան իրավիճակը։ Մենք պատրաստակամ ենք կանգնել Հայաստանի կողքին՝ հատկապես նրանց, ովքեր տուժել են պատերազմի արդյունքում»։ Քննարկելով այս պահին իրականացվող ծրագրերն ու դրանց ընթացքը՝ նախարար Առաքելյանը որպես առաջնահերթություն ընդգծել է նաև Հայաստանում գտնվող արցախցիների վերադարձի կազմակերպումը, նրանց համար սոցիալական երաշխիքների ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացումը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև կարճաժամկետ և երկարաժամկետ համագործակցության հեռանկարներին՝ շեշտելով դրանց հաջողմանն ուղղված համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։
19:22 - 19 հունվարի, 2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ արցախցիների համար ՀՀ կառավարության աջակցության ծրագրերի փոփոխությունների մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ արցախցիների համար ՀՀ կառավարության աջակցության ծրագրերի փոփոխությունների մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է արցախցիների համար ՀՀ կառավարության աջակցության ծրագրերում տեղի են ունեցած փոփոխություններին: «Կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնց վերաբերյալ ներկայացնում եմ որոշ տեղեկություններ և պարզաբանումներ։ Թեև աջակցության ծրագրերի պոտենցիալ շահառուները գրեթե ամբողջությամբ դիմել են, և որոշ ծրագրերով շահառուների 95 տոկոսից ավելին արդեն իսկ փաստացի աջակցություն է ստացել, այնուամենայնիվ, դեռևս կան քաղաքացիներ, որոնք դիմելիս խնդիրներ են ունենում, ուստի տեղեկացնում եմ․ • Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության (68.000 դրամ+15.000 դրամ սեփականություն չունենալու դեպքում), կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների աջակցության (300.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն), ավերածությունների և այլ պատճառներով կացարանը կորցրած բնակիչների աջակցության (250.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն) ծրագրերով դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչև 2021 թ․ հունվարի 27-ը։ • Հայաստանում և Արցախում արցախցիներին հյուրընկալելու միջոցառման (յուրաքանչյուր չափահաս անձի համար՝ 30.000 դրամ Հայաստանում և 45.000 դրամ՝ Արցախում) դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչև 2021 թ․ հունվարի 20-ը։ • Ծրագրերի շահառու դառնալու համար Հայաստանում կամ Արցախում 16.11.2020 թ․ գտնվելու պահանջը հանվել է․ այն որոշ դեպքերում մերժման հիմք է հանդիսացել։ • Արցախում հաշվառված լինելու պահանջի ժամկետը (16.11.2020 թ)․ ևս հանվել է, ինչը հնարավորություն կտա դառնալ ծրագրերի շահառու՝ այս պահին հաշվառվելով Արցախում։ Հայցելով այս հիմքերով աջակցության ծրագրերում չընդգրկված քաղաքացիների ներողամտությունը՝ տեղեկացնում եմ․ • այն քաղաքացիները, որոնց դիմումը մերժվել է Հայաստանում կամ Արցախում գտնվելու պահանջի տեխնիկական սխալի պատճառով, կարող են նորից դիմել։ • Արցախի հաշվառում չունենալու պատճառով ծրագրերին չդիմած քաղաքացիները կարող են դիմել հաշմառման անձնագրային կենտրոններ (Հայաստանում գտնվելու դեպքում առաջիկայում հնարավորություն կլինի հաշմառման համար դիմել նաև Հայաստանի անձնագրային կենտրոններ): Ի դեպ, Արցախում հաշվառված լինելը ոչ միայն այս, այլ նաև հետագա ծրագրերի համար պարտադիր պայման է հանդիսանալու, ուստի, խնդրում ենք, հաշվառման հարցում լինել հետևողական։ Եթե, այդուհանդերձ, կլինեն դեպքեր, որոնք մերժման հիմք կհանդիսանան, կարող եք դիմում լրացնել online.ssa.am կայքի դիմում-բողոքների բաժնում․ դիմումներն Արցախի մեր գործընկերներն անհատապես են քննարկում։ Արցախի կառավարության կողմից նախարարությունն ամենօրյա պարբերականությամբ դեռևս չմշակված դիմումների վերաբերյալ տեղեկատվություն է ստանում, ինչի հիման վրա իրականացվում է աջակցության փաստացի տրամադրում։ Վստահեցնում եմ՝ Արցախի մեր գործընկերների հետ ամենօրյա աշխատանքով արվում է ամենը՝ պատերազմից հետո առաջացած սոցիալական խնդիրներին հնարավորինս արագ և արդյունավետ լուծումներ տալու ուղղությամբ»,- տեղեկացրել է նախարար Առաքելյանը։    
19:54 - 13 հունվարի, 2021
ՀՀ կառավարությունը նախատեսում է գործարկել արցախահայությանն աջակցելու նոր ծրագրեր

ՀՀ կառավարությունը նախատեսում է գործարկել արցախահայությանն աջակցելու նոր ծրագրեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 5-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: Այս մասին հայտնում են  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Քննարկվել են պատերազմի հետևանքով անօթևան մնացած և ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած Արցախի բնակիչների սոցիալական խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարն ընդգծել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի կարևորությունը՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով կհաջողվի արցախցիների համար ձևավորել ապահով սոցիալական միջավայր: Նախարար Մեսրոպ Առաքելյանը Հանրապետության նախագահին վստահեցրել է, որ արցախահայությանն աջակցելը մնում է իր ղեկավարած գերատեսչության առաջնահերթություններից, և ՀՀ կառավարությունը նախատեսում է առաջիկայում գործարկել նոր ծրագրեր այդ նպատակով:
15:29 - 05 հունվարի, 2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է «Մանկան տուն»

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է «Մանկան տուն»

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ու առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նախատոնական օրն անցկացրել են երեխաների ընկերակցությամբ՝ դեկտեմբերի 30-ին այցելելով «Մանկան տուն»։ Տնօրենի ուղեկցությամբ նրանք շրջել են հաստատության տարածքում, ծանոթացել պայմաններին ու երեխաների ճաշացանկին։ «1։1 հաշվով ավարտելով նախարարի հետ սեղանի ֆուտբոլի ընկերային հանդիպումը՝ փոքրիկներն անցել են տոնական նվերները բացելուն, հետո պատմել իրենց երազանքների մասին։ Պարզվում է՝ «Մանկան տան» սաներից մեկն ապագա նախարար-ֆուտբոլիստ է, ում Մեսրոպ Առաքելյանը խոստացել է Հայաստանի ազգային հավաքականի համազգեստ նվիրել, մինչ մյուսները ևս կկողմնորոշվեն ապագա մասնագիտության ընտրության հարցում։ Թեպետ երեխաներն այստեղ շրջապատված են լիարժեք խնամքով և հոգատարությամբ, այնուամենայնիվ, հաստատության տնօրենի հետ զրույցում նախարարը կարևորել է յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը՝ որպես պետության սոցիալական պատասխանատվության գերակայություն։ Իսկ մինչ այդ նախարարությունն ամեն օր անելու է առավելագույնը՝ կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաների համար սիրով և ուշադրությամբ լցված միջավայր ապահովելու համար»,- տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։    
20:53 - 30 դեկտեմբերի, 2020
Հյուրընկալության ծախսերի փոխհատուցման երկու ծրագրերի դիմումների ընդունումը սկսվել է

Հյուրընկալության ծախսերի փոխհատուցման երկու ծրագրերի դիմումների ընդունումը սկսվել է

Արցախի մեր բազմաթիվ հայրենակիցներ իրենց ժամանակավոր բնակությունը շարունակում են Հայաստանում՝ բարեկամների, ընկերների, ծանոթների կամ պարզապես անծանոթ մարդկանց կացարաններում, գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ «Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլոր հյուրընկալներին՝ բացառիկ հոգատարության և աջակցության համար։ Կարևորելով հանրային համերաշխությունը՝ պետությունն առնվազն պարտավոր է մասնակից լինել այդ գործընթացին, որի շրջանակում կառավարությունը հաստատել է հյուրընկալության ծախսերի փոխհատուցման երկու ծրագիր, որոնց դիմումների ընդունումն արդեն սկսվել է: Ըստ այդմ՝ արցախցիներին հյուրընկալած քաղաքացիներն ամսական կստանան 30,000 դրամ իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածքում հյուրընկալած մեկ չափահաս արցախցու համար՝ Հայաստանում և 45,000 դրամ՝ Արցախում։ Անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային դիմում և անձնագրերի ներկայացում՝ առանց որևէ պայմանագրի կամ այլ փաստաթղթերի ներկայացման»,- գրել է նախարարը։
09:03 - 28 դեկտեմբերի, 2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ, որտեղ այս պահին, տեղի բնակիչներից բացի, ապրում են նաև Արցախից տեղափոխված տարեցները։ Նախարարը ծանոթացել է տուն-ինտերնատի բնակիչների համար ստեղծված հնարավորություններին՝ առանձնակի ուշադրություն դարձնելով շենքային պայմանների մատչելիությանն ու հարմարավետությանը, սենյակների ջեռուցմանը: Շրջայցի ընթացքում նախարարը շփվել է տարեցների հետ, լսել նրանց հուզող հարցերը: Մեսրոպ Առաքելյանը խոսել է նաև առաջիկա անելիքների մասին՝ շեշտելով, որ բացի հարմարեցման աշխատանքներից, առաջային նպատակ է ինտերնատի տարածքում տարեցների զբաղվածությունն ապահովելն ու առողջ ծերություն երաշխավորելը: Նախարարն առողջություն և խաղաղ տարի է մաղթել տուն-ինտերնատի բնակիչներին՝ վստահեցնելով, որ վերջիններիս վերաբերող հարցերն իր ուշադրության կենտրոնում են. արվելու է ամեն հնարավորը, որպեսզի յուրաքանչյուրն անհատապես զգա պետության լիարժեք հոգածությունն և խնամքը:  
20:26 - 26 դեկտեմբերի, 2020
Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Արցախի Քաշաթաղի շրջանի մի խումբ բնակիչների հետ

Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Արցախի Քաշաթաղի շրջանի մի խումբ բնակիչների հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր հանդիպել է Արցախի Քաշաթաղի շրջանի մի խումբ բնակիչների հետ, որոնց թվում էին նաև գյուղական համայնքների ղեկավարները։ «Այս համայնքներում բնակվել են հիմնականում Հայաստանից տեղափոխված քաղաքացիները՝ վերաբնակեցման ծրագրերի շրջանակում։ Մեր հայրենակիցները ներկայացրին իրենց մտահոգությունները, խնդիրները։ Քննարկեցինք առկա աջակցության ծրագրերի վերաբերյալ առաջարկներ, այլ խնդիրների մասով լուծման տարբերակներ։ Հանդիպման ընթացքում բոլորի կողմից կարևորագույն պահանջը աշխատելու և արժեք ստեղծելու հնարավորություն ընձեռելն էր։ Սեփական աշխատանքով ընտանիքը, համայնքը, հայրենիքը շենացնելու ձգտումը և պատրաստակամությունը արժանի է հարգանքի և բացառիկ աջակցության։ Պայմանավորվեցինք որոշակի քննարկումներ իրականացնել, ինչից հետո կրկին հանդիպել՝ առկա խնդիրներին առավել արդյունավետ և արագ լուծումներ տալու նպատակով»,- տեղեկացրել է նախարարը։    
20:42 - 25 դեկտեմբերի, 2020
Կառավարությունն իրականացնում է արցախցիների աջակցության 15 միջոցառում. Մեսրոպ Առաքելյան |1lurer.am|

Կառավարությունն իրականացնում է արցախցիների աջակցության 15 միջոցառում. Մեսրոպ Առաքելյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունն ընդունել է 15 սոցիալական միջոցառում՝ ուղղված պատերազմի հետևանքով տուժած արցախցիների կարիքներին: Այդ մասին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:  Նա հակիրճ ներկայացրեց հաստատված միջոցառումները. 1.Արցախում հաշվառված քաղաքացիներին հատկացվել է 68 հազար դրամ գումարած 15 հազար դրամ հավելավճար նրանց համար, որոնք չունեն սեփականություն: Այս պահի դրությամբ միջոցառումից օգտվել է 90 հազար քաղաքացի, հատկացվել է ընդհանուր 6.5 մլրդ դրամ: 2. Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում գրանցված քաղաքացիներին տրամադրվել է 300 հազար դրամ, շահառուները 30 հազար են, որոնցից աջակցությունն արդեն ստացել է 5000-ը:  3.Արցախում տեղի ունեցած ավերածությունների հետևանքով սեփականություն կորցրած քաղաքացիները կստանան 250 հազար դրամ: 4-5.Այսօրվանից գործարկվում է հյուրընկալության 2 ծրագրերը. արցախցիներին հյուրընկալող քաղաքացիները կստանան յուրաքանչյուր անձի գծով 30 հազար դրամ՝ ՀՀ-ում, 40 հազար դրամ՝ Արցախում:  6-7.Հունվարից կմեկնարկի արցախցիներին ժամանակավոր աշխատանքով ապահովելու 2 ծրագիր, այսպես կոչված՝ կրթական պրակտիկայի ծրագիր: Եթե գործատուի մոտ պրակտիկա կանցնեն և փորձ ձեռք կբերեն, նրանց կվճարվի 100 հազար դրամ, նաև 34 հազար դրամ՝ գործատուին:  8-9.Հունվարից համայնքներում՝ մասնավորապես գյուղական, իրականացվելու են հասարակական աշխատանքներ, որոնց ներգրավման դեպքում աշխատավարձի տեսքով կվճարվի օրական 8 հազար դրամ:  10-11.Պատերազմի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել նաև Հայաստանի տարածքում, և Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի այն բնակիչներին, որոնք անշարժ գույքի վնաս են կրել, հատկացվել է մոտ 50 մլն դրամի փոխհատուցում: Նշված մարզերում հրետակոծության հետևանքով զոհվածների ընտանիքներին կտրամադրվի 5 մլն դրամ, հաշմանդամություն ստացած քաղաքացիներին՝ 1-3 մլն դրամ: 12-13.Երկու միջոցառում է իրականացվում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ կապված: Եթե պատերազմի հետևանքով վիրավորված կամ անհետ կորած զինծառայողը հիմնադրամի շահառու է, բայց անհետ կորելու հանգամանքը դեռ չի հաստատվել դատական կարգով, չի տրամադրվել նաև վիրավորված զինծառայողի հաշմանդամության կարգը, փոխհատուցում կստանան 300 հազար դրամի չափով:        14-15. Արցախի կենսաթոշակառուների և նպաստառուների դեկտեմբերի վճարումների համաֆինանսավորում է իրականացվել 940 մլն դրամի չափով, իրականացվել է նաև Արցախի քաղաքացիների՝ սեպտեմբեր-նոյեմբերի կոմունալ վճարումների համաֆինանսավորում:
13:07 - 25 դեկտեմբերի, 2020
Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրենի հետ

Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրենի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի հետ։ Քննարկվել է պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների կարիքների գնահատման գործընթացի արագ և արդյունավետ կազմակերպման հնարավոր տարբերակները։ Որպես առաջնահերթություն սահմանելով վիրավորում ստացած զինծառայողների խնդիրների արագ հայտնաբերումը՝ նախարարը հույս է հայտնել, որ նախատեսվող համագործակցությունը հնարավորություն կտա կարճ ժամկետում ստանալ նրանց կարիքների ամբողջական պատկերն, ինչի հիման վրա էլ կտրվեն խնդիրների թիրախային լուծումներ։ Կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել՝ համատեղ ջանքերով նպաստելու վիրավոր զինծառայողների խնդիրների շատափույթ լուծմանը։
19:01 - 24 դեկտեմբերի, 2020
Կառավարությունը չի հրաժարվել զոհերի ընտանիքներին հասանելիք 10 միլիոնները տալ. Մեսրոպ Մանուկյանը եւ Politik-ը սխալ են ներկայացնում իրողությունը

Կառավարությունը չի հրաժարվել զոհերի ընտանիքներին հասանելիք 10 միլիոնները տալ. Մեսրոպ Մանուկյանը եւ Politik-ը սխալ են ներկայացնում իրողությունը

Դեկտեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հասարակական գործիչ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը հայտարարել էր, թե կառավարությունը չի ուզում անհայտ կորած զինծառայողների հասանելիք գումարը տալ. «Ամեն անհայտ կորած զինծառայողի կարգավիճակի դիմաց 10 մլն միանվագ պետք է վճարեն, որից հետո ամեն ամիս 200 հազար դրամ: Իրենք, որպես լավություն, ուզում են այդ ընտանիքների վրա ծախել 300 հազար դրամ ամսական աջակցությունը: Այդ 300 հազար դրամը ոչ թե լավություն եք անում, աջակցում եք այդ ընտանիքներին, այլ հակառակը՝ այդ մարդկանց իրենց հասանելիքից քիչ գումար եք տալիս: 10 մլն դրամ պետք է միանվագ վճարեին, ամսական էլ նվազագույնը 200 հազար դրամ տային, հիմա ասում են՝ մենք ձեզ 6 ամիս տանք, հետո հասկանանք ձեր կարգավիճակը, հետո էլի տանք: Գործող կառավարությունը թող չմտածի, թե ինքը այդ քայլով լավություն է անում ընտանիքներին: Դուք նրանց հասանելիքը նույնիսկ չեք ուզում տալ»,- մասնավորապես ասել էր Մանուկյանը: Վերջինիս խոսքերը տարածել էին նաեւ լրատվամիջոցները։ Դրանցից Politik.am-ը, սակայն, Մանուկյանի ասածը ներկայացրել է փոփոխված՝ տեսանյութը վերնագրելով՝ «Կառավարությունը հրաժարվում է զոհված զինծառայողների հարազատներին տրամադրել իրենց հասանելիք 10 մլն ՀՀ դրամները»: Սակայն կառավարության՝ դեկտեմբերի 17-ի նիստում խոսվել է ոչ թե զոհված կամ անհետ կորած զինծառայողներին փոխհատուցում տրամադրելու մասին, այլ պատերազմի հետեւանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին տրամադրվող ամսական վճարի չափը եռապատկելու մասին՝ մինչեւ կարգավիճակի հստակեցումը, որից հետո էլ պետք է տրամադրվի ամբողջական փոխհատուցումը: Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը  կառավարության այդ նիստի ժամանակ ներկայացրել էր նախագիծ, համաձայն որի՝ պատերազմի հետեւանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողները պետք է ստանան ամսական 300 հազար դրամ աջակցություն՝ մինչեւ հիմնական շահառու դառնալը: Նա նշել էր, որ, համաձայն օրենքով սահմանված չափի եւ ժամկետների, զինծառայողների ընտանիքները ստանում են աջակցություն, սակայն, հաշվի առնելով, որ հաշմանդամության կարգ ստանալու գործընթացը որոշակի ժամանակ է ենթադրում, այս նախագծով հնարավոր է դառնում հիմնադրամից ստանալ որոշակի աջակցություն՝ 6 ամիս ժամկետով: Նշենք, որ այս պահին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նման գործառույթ ունի: Համաձայն Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի խորհրդի՝ 2017 թվականի մարտի 2-ի  թիվ 9 որոշման՝  յուրաքանչյուր ամիս իրականացվում է աջակցության տրամադրում՝ 100 հազար դրամի չափով, որը դադարեցվում է վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողի հիմնական շահառու ճանաչվելուց հետո: Համաձայն միջոցառման՝ առաջարկվում է այդ գումարը պետբյուջեի միջոցով ավելացնել եւս 200 հազար դրամով: Այսինքն՝ մինչեւ շահառու դառնալը՝ զինծառայողները հնարավորություն կստանան 6 ամիս ժամկետով ստանալ աջակցություն 300 հազար դրամի չափով: Փաստացի, այս որոշումը կապ չունի զոհված կամ անհետ կորած զինծառայողներին տրամադրվող փոխհատուցումների հետ, եւ, բացի այդ, կառավարությունը չի հրաժարվում հաշմանդամության կարգ ունեցող զինծառայողներին փոխհատուցում տրամադրել: Սա, ըստ էության, աջակցություն տրամադրելու միջոց է՝ մինչեւ զինծառայողների հիմնական շահառու դառնալը: Ինչ վերաբերում է անհետ կորած անձանց աջակցություն չտրամադրելուն՝ ինչպես նշել էր Մեսրոպ Մանուկյանը, ապա այս մասով ծրագիրը ներկայացվել է կառավարության՝  դեկտեմբերի 10-ի նիստում: Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ մինչեւ զինծառայողների կարգավիճակի հստակեցումը՝ առաջարկվում է առավելագույնը 6 ամիս ժամկետով յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամ աջակցություն տրամադրել անհետ կորած զինծառայողների ընտանիքներին: Աջակցությունը տրամադրվելու է այնքան ժամանակ, մինչեւ այս անձինք կդառնան հիմնադրամի շահառու՝ համաձայն գործող օրենքի: Այս մասով որոշակի պարզաբանում է ներկայացրել նաեւ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ անհետ կորածի կարգավիճակի տրամադրման ընթացակարգերը օրենսդրությամբ երկարատեւ են, դրա համար այդ ժամկետը կրճատելու համար օրենսդրության մեջ փոփոխություններ են մտցրել: Սակայն ինչքան էլ ժամկետը կրճատվի, միեւնույն է՝ դա մի քանի ամիս տեւող գործընթաց է: Եթե այս գործնթացի ընթացքում կպարզվի, որ քաղաքացիները շահառու են, բյուջեից փոխանցված գումարը կհաշվանցվի, եթե կպարզվի, որ շահառու չեն, այս ընթացքում տրամադրված գումարը կլինի որպես անհատույց աջակցություն: Այս համատեքստում ներառվում են նաեւ գերեվարված անձանց ընտանիքի անդամները:   Այսպիսով՝ թե՛ դեկտեմբերի 10-ի, թե՛ դեկտեմբերի 17-ի նիստում չի խոսվել զոհված զինծառայողների ընտանիքներին գումարի տրամադրումից հրաժարվելու կամ մեկ այլ ծրագրով փոխարինելու մասին, իսկ անհետ կորած կամ վնասվածք ստացած զինծառայողներին վերոնշյալ ծրագրերով տրամադրվում է աջակցություն՝ մինչեւ ծրագրի շահառու դառնալը, հետեւաբար չի կարող տրամադրվել ավելի քիչ գումար, քան նախատեսված է օրենքով: Նարեկ Մարտիրոսյան
13:14 - 21 դեկտեմբերի, 2020