Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Գագիկ Խաչատրյանին դուրս գրելու մասին «Աստղիկ» բ/կ-ի բժիշկների փաստաթղթի բնօրինակը անհետացել է. ԱՆ-ն պարզաբանում է

Գագիկ Խաչատրյանին դուրս գրելու մասին «Աստղիկ» բ/կ-ի բժիշկների փաստաթղթի բնօրինակը անհետացել է. ԱՆ-ն պարզաբանում է

Գագիկ Խաչատրյանին դուրս գրելու մասին «Աստղիկ» բ/կ-ի բժիշկների փաստաթղթի բնօրինակը անհետացել է: Նման հայտարարությամբ քիչ առաջ հանդես է եկել Արդարադատության նախարարությունը՝ նշելով, որ առավել քան ողջամիտ է ենթադրությունն առ այն, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնը շահագրգռված է կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանին նշված բժշկական կենտրոնում պահելու հարցում։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. Մամուլում տարածվել է հաղորդագրություն այն մասին, որ «ՔԿԾ աշխատակիցներն այս պահին «Աստղիկ» բ/կ-ում են՝ Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակով»։ Արդարադատության նախարարությունը հարկ է համարում ներկայացնել պարզաբանում հաղորդագրությամբ ներկայացված տեղեկության վերաբերյալ․ 1.Այսօր՝ ժամը 16։00-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնի կողմից «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկին է ներկայացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռ․ Կուրղինյանի, Նյարդաբանական ծառայության ղեկավար, պրոֆ․ Հ․ Մանվելյանի, բաժնի վարիչ Գ․ Վարդանյանի կողմից տրված բնօրինակ փաստաթուղթ, որով վերջիններս իրենց ստորագրությամբ և բժշկական կենտրոնի կնիքով հաստատել են, որ կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը դուրս է գրվում «Աստղիկ» ԲԿ-ի նյարդաբանական բաժանմունքից 22․05․2020թ․ ժամը 16։00-ին։ 2.Բնօրինակ փաստաթղթի հանձնումից հետո ՊՈԱԿ-ի բժիշկը, բնօրինակ փաստաթուղթը թողնելով «Աստղիկ» ԲԿ-ի տնօրենի սենյակում, դուրս է եկել սենյակից։ Կարճ ժամանակ անց վերադառնալով՝ ՊՈԱԿ-ի բժիշկը պարզել է, որ բնօրինակ փաստաթուղթը սեղանից անհետացել է։ «Աստղիկ» բժշկական կենտրոնն առերևույթ վստահությունը չարաշահելու եղանակով վերցրել է բժշկին տրված բնօրինակ փաստաթուղթը և հրաժարվել ներկայացնել այն՝ պատճառաբանելով, որ այդպիսի փաստաթուղթ չի տրամադրվել։ 3.«Աստղիկ» բժշկական կենտրոնի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ չնայած բնօրինակ փաստաթղթի «անհետացմանը», դրա լուսապատճենն առկա է և գտնում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Քրեակատարողական ծառայության տնօրինության տակ։ Վերջիններս, պատշաճ կերպով կազմված, ստորագրված, կնքված փաստաթղթի հիման վրա իրականացնելու են կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի տեղափոխման գործընթացը։ 4.Նման պայմաններում առավել քան ողջամիտ է ենթադրությունն առ այն, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնը շահագրգռված է կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանին նշված բժշկական կենտրոնում պահելու հարցում։ Գ․ Խաչատրյանին դուրս գրելու վերաբերյալ բնօրինակ փաստաթղթի «անհետացումից» հետո տրամադրվել է նշված փաստաթղթում ներկայացված փաստերին տրամագծորեն հակառակ այլ տեղեկատվություն, որով «Աստղիկ» բժշկական կենտրոնը կարծես հրաժարվել է դուրսգրման իր որոշումից։ Նման պայմաններում առնվազն կասկածելի է, թե ինչպես բժիշկ-մասնագետների կողմից ներկայացված դուրսգրման մասին որոշումը կարող էր այդքան հանկարծակի փոխվել։ Գագիկ Խաչատրյանի դուրսգրման գործընթացում «Աստղիկ» բժշկական կենտրոնի շահագրգռված լինելու մասին ենթադրության հիմքերն առավել ամրապնդվում են նրանով, որ փաստացի «Աստղիկ» բժշկական կենտրոնում կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը որպես այդպիսին ստացիոնար բուժում չի ստանում (վերջինս այնտեղ է գտնվում սկսած 07․02․2020թ․-ից)։ Ցուցված բուժումն իրականացվում է հրավիրված մասնագետի միջոցով։ 5.Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ փաստի առթիվ հաղորդում է ներկայացվելու ՀՀ գլխավոր դատախազություն։ Նախարարությունը հետևողական է լինելու, որ համապատասխան հիմքերի արձանագրմամբ իրավական գործիքակազմի ողջ ներուժի օգտագործմամբ գործընթացում ներգրավված անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Նշվածը առերևույթ հիմք է տալիս նաև ենթադրելու, որ կարող են առկա լինել կոռուպցիոն ռիսկեր, որոնք իրավասու մարմնի կողմից պետք է արժանանան համապատասխան գնահատականի։ 6․ Ինչ վերաբերում է մամուլում տարածված հաղորդագրությամբ ներկայացված՝ Գագիկ Խաչատրյանի պաշտպանի այն պնդմանը, թե տեղափոխումն իրականացվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշման հիման վրա, ապա նման պնդումը  ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորություններին առնվազն չտիրապետելու արդյունք է։ ՊՈԱԿ-ի տնօրենն իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ դուրս գրել այն հիվանդին, ով գտնվում է քաղաքացիական բժշկական հաստատությունում։ Ո՛չ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, ո՛չ Քրեակատարողական ծառայությունը որևէ կերպ չեն կարող շահագրգռված լինել կալանավորված ցանկացած անձի դուրսգրման գործընթացով։ Սույն դեպքի կապակցությամբ ՊՈԱԿ-ի տնօրենը «Աստղիկ» բժշկական կենտրոնին ուղղված գրությամբ բժշկական կենտրոնի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատրաստ է ապահովել կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում՝ ապահովել նրան ցուցված բուժումը հրավիրված մասնագետի միջոցով։
21:34 - 22 մայիսի, 2020
12 տարի պաշտոնավարած ՍԴ անդամները կհեռացվեն. նախարարությունը բացահայտում է Վենետիկի հանձնաժողով ուղարկած հարցերի բնույթը |armtimes.com|

12 տարի պաշտոնավարած ՍԴ անդամները կհեռացվեն. նախարարությունը բացահայտում է Վենետիկի հանձնաժողով ուղարկած հարցերի բնույթը |armtimes.com|

armtimes.com: Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամը կարող է լուծվել հետեւյալ կերպ. արդեն 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները դադարեցվեն, իսկ մնացածը սահմանափակվեն նույն ժամկետով։ Այս ամենի իրագործումից հետո ընտրված դատավորները իրենց կազմից կընտրեն դատարանի նոր նախագահ: ՍԴ ճգնաժամի լուծման այս տարբերակի մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարին ուղղված հարցման արդյունքում: Մայիսի 15-ին ՀՀ արդարադատության նախարարին ուղղված գրությամբ հետաքրքրվել էինք, թե Վենետիկի հանձնաժողովին ի՞նչ բնույթի հարցեր էին ուղղել, ո՞րն է դրանց նպատակը: Հետաքրքրվել էինք՝ հնարավո՞ր է՝ քննարկվում է ՍԴ ճգնաժամը Ազգային ժողովի իրավասության շրջանակներում լուծելու տարբերակը: Արդարադատության նախարարությունից ստացված պատասխանում մասնավորապես ասվում է, որ Վենետիկի հանձնաժողովին ուղղված հարցերի նպատակն է հստակեցնել ստեղծված պայմաններում ճգնաժամի ամենաարագ իրավական լուծման տարբերակը՝ անդրադառնալով նաեւ առանց հանրաքվեի իրականացնելու հնարավորությանը: «Վենետիկի հանձնաժողովին ուղղված հարցերը վերաբերում են 2015 թվականի Սահմանադրությամբ նախատեսված, սակայն փաստացի չիրականացված Սահմանադրական դատարանի ձեւավորման մոդելը արագ կյանքի կոչելուն, մասնավորապես, ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետի սահմանափակմանը 12 տարով, ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետների տարբերակման բացառմանը, ինչի արդյունքում արդեն 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները պետք է դադարեցվեն, իսկ մնացածինը սահմանափակվեն նույն ժամկետով։ Հաջորդ սկզբունքային հարցը անցումային դրույթի չարաշահման հետեւանքների բացառումն է. Սահմանադրական դատարանի նախագահը պետք է ընտրվի դատավորների կողմից 6 տարի ժամկետով։ Բացի այս, հարցեր են ուղղվել նաեւ Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ տրվող եզրակացության շրջանակը հստակեցնելու վերաբերյալ, այն է՝ թե արդյո՞ք մեր դեպքում առկա անորոշությունը համապատասխանում է եվրոպական լավագույն ստանդարտին»։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
11:26 - 22 մայիսի, 2020
Բացահայտվել է Արդարադատության նախարարությունում հանրային ծառայողի  և փորձագետի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործություն կատարելու դեպք, հարուցվել է քրգործ․ Ոստիկանություն

Բացահայտվել է Արդարադատության նախարարությունում հանրային ծառայողի և փորձագետի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործություն կատարելու դեպք, հարուցվել է քրգործ․ Ոստիկանություն

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատանքների և ապոստիլի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը զբաղեցրած հանրային ծառայողը 2015թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Աբովյան քաղաքի մի բնակչի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ծննդյան վկայականում ծննդյան տարեթիվը փոփոխելու և դրա վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տրամադրելու դիմաց, այդ անձի ծանոթուհուց որպես ապօրինի վարձատրություն, պահանջել և ստացել է խոշոր չափի՝ 382.800 դրամին համարժեք՝ 800 դոլար: Նույն հանրային ծառայողը, որը 2018 թվականի ամռանը զբաղեցրել է արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության փորձագետի պաշտոնը, չպարզված անձի ծննդյան վկայականը «Ապոստիլ» կնիքով հաստատելու գործընթացն արագ կազմակերպելու համար, այդ անձի ծանոթուհուց, որպես ապօրինի վարձատրություն, պահանջել և ստացել է խոշոր չափի՝ 600.000 դրամ գումար, սակայն չկարողանալով ավարտին հասցնել գործընթացը՝ ստիպված է եղել վերադարձնել գումարը: Բացի այդ, 2019թվականի նոյեմբերին արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության իրավախորհրդատուի պաշտոնը զբաղեցրած նույն հանրային ծառայողը մեկ այլ անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ծննդյան վկայականում ազգանունը փոփոխելու և դրա վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տրամադրելու դիմաց, այդ անձի ծանոթուհուց, որպես ապօրինի վարձատրություն, պահանջել է խոշոր չափի՝ 955.140 դրամին համարժեք՝ 2.000 ԱՄՆ դոլար, սակայն մերժում ստանալով՝ չի կատարել նշված գործողությունը: Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։
17:32 - 21 մայիսի, 2020
Քրեական դատավարության համակարգում սպասվում են կոնցեպտուալ փոփոխություններ. Բադասյան |armenpress.am|

Քրեական դատավարության համակարգում սպասվում են կոնցեպտուալ փոփոխություններ. Բադասյան |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց չզեկուցվող հարցերի մեջ ներառված ՀՀ քրեական օրենսգրքի նախագծին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծին: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ այս օրենսգրքերով առաջարկվում են կոնցեպտուալ փոփոխություններ, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ են ներդրվում, որը կբերի կալանքի թվի նվազեցման: «Օպերատիվ հետախուզության մի շարք տեսակներ բերվում են քրեական դատավարություն՝ գաղտնի քննչական գործողությունների տեսքով, որոնք ապահովելու են որպեսզի ստացված տեղեկությունները որպես ապացույց օգտագործվեն քրեական դատավարությունում եւ մի շարք այլ կոնցեպտուալ փոփոխություններ»,- ասաց Բադասյանը՝ ավելացնելով, որ այսօր Արդարադատության նախարարության կայքում կհրապարակեն բոլոր փոփոխությունները, որպեսզի հանրությունը տեղյակ լինի: Նախարարը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետին, որի գիտնականներն են աշխատել նախագծի վրա, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին: Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ փաթեթների հրապարակային քննարկումը տեղի կունենա ԱԺ-ում, դրա համար որոշել են այն նորից կառավարության նիստում չքննարկել, քանի որ բավարար  չափով քննարկվել է: Վարչապետը հույս հայտնեց, որ այս օրենքների ընդունման արդյունքում քրեաիրավական վիճակը էականորեն կփոխվի: 
12:42 - 21 մայիսի, 2020
Տարրական դասարաններում սեռական կրթության ծրագիր մտցնելու պահանջ Կոնվենցիան չի պարունակում. ԱՆ պարզաբանումը՝ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի տեսաուղերձի վերաբերյալ

Տարրական դասարաններում սեռական կրթության ծրագիր մտցնելու պահանջ Կոնվենցիան չի պարունակում. ԱՆ պարզաբանումը՝ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի տեսաուղերձի վերաբերյալ

Արդարադատության նախարարությունը շարունակում է բարձր գնահատել իրավաբանական համայնքի դիտարկումները՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի (Լանզարոտեի կոնվենցիա) շուրջ։ Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը ոչ միայն պաշտոնական ուղերձներով, այլև դեմ առ դեմ բաց հանրային քննարկումներում բոլոր դիտարկումներին ու մտահոգություններին անդրադառնալու մեր պատրաստակամությունը։ Այսպես՝ 1. «Վարագույների հետևում, առանց հանրային քննարկման» վավերացնելու մասին պետք է նշել, որ վավերացում պահանջող յուրաքանչյուր կոնվենցիայի ներպետական գործընթացը նույնն է, և ենթադրում է իրավասու մարմինների կարծիքներ, եզրակացություններ ստանալ, վավերացման առաջարկությանը Կառավարության նիստում հավանություն տալ, Սահմանադրական դատարանի որոշում, Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում քննարկում և եզրակացություն, լիագումար նիստում քննարկում և քվեարկություն։ Նշված բոլոր գործողությունները Լանզարոտեի կոնվենցիայի դեպքում հրապարակային են եղել, փաստաթղթերը հասանելի են բոլոր իրավասու մարմինների կայքերում, բացի այդ, թե՛ Սահմանադրական դատարանի, թե՛ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի, և թե՛ լիագումար նիստերն առցանց հեռարձակվել են։ Ի դեպ, պարոն Զոհրաբյանը մասնակցում էր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նույն նիստին, որի ընթացքում Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն է ներկայացրել վավերացման հարցի վերաբերյալ, իհարկե, Կոնվենցիայի քննարկմանը պարոն Զոհրաբյանը չմնաց։ Մանրամասները տեսանյութում (4:03:05 րոպեից, https://www.youtube.com/watch?v=-r7R9foO_Hc&feature=youtu.be&fbclid=IwAR09PAFvd-OruJ43yIotZXQLBa-sStqJ1e5c2ImQgLPQxcrIYWneBsNqQsg)։ Ինչևէ, կոնվենցիաների դեպքում ազգային մակարդակում քննարկումները ծավալվում են դրանց միանալու (ստորագրել, վավերացնել) կամ չմիանալու շուրջ և ոչ թե դրանց տեքստերում փոփոխություն անելու վերաբերյալ։ Կարծում ենք՝ պարոն Զոհրաբյանի կողմից առաջարկված քննարկումներն առավելապես վերաբերում են Կոնվենցիայի դրույթների իմպլեմենտացիայի հարցերին, որոնց վերաբերյալ իրավասու գերատեսչությունների ներգրավմամբ քննարկումներից կարծես որևէ մի գերատեսչություն չի հրաժարվել։ Ուստի, ամեն ինչ առջևում է։           2. «Հայտնաբերված» փաստաթղթի մասին Պարոն Զոհրաբյանը և այլ բանախոսներ «Սեռական կրթության եվրոպական ստանդարտներ» ձևակերպմամբ նշում են մի փաստաթղթի մասին, որը յուրաքանչյուր ոք «Google» համակարգում պարզ որոնմամբ կարող է գտնել։ Այս փաստաթուղթը 19 տարբեր ոլորտների փորձագետների կողմից կազմված առաջարկություն է քաղաքականություն մշակողների համար։ Իհարկե, բանախոսները չեն նշում անգամ մեկ եվրոպական երկրի օրինակ, որտեղ վկայակոչված «ստանդարտը» կիրառվում է։  Նույն հաջողությամբ կարելի է գտնել յուրաքանչյուր ոլորտին վերաբերող ինչ-որ փորձագետների պատրաստած փաստաթուղթ և պնդել, որ դա ստանդարտ է տվյալ ոլորտի պետական քաղաքականության համար և այն կապել ինչ որ կոնվենցիայի հետ։ 3. Լանզարոտեի կոնվենցիան և դրա կապը սեռական կրթության հետ Պարոն Զոհրաբյանի տեսաուղերձում մեջբերված հանրային քննարկման ընթացքում էլ հստակ նշվել է (6:15 րոպեից,  https://www.youtube.com/watch?v=5C5zRFCPWbM), որ Լանզարոտեի կոնվենցիան սեռական կրթության ստանդարտներ չի սահմանում և, ընդհանրապես, միտված է երեխաներին սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից պաշտպանելու նպատակին, ուստի այս առումով կանխարգելումը կարևոր նշանակություն ունի։ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, որպես նման հանցագործությունների կանխարգելման միջոց, նշվում է, որ երեխաներին, իրենց հասունության և ընկալման հնարավորություններին համապատասխան, տարրական և միջնակարգ կրթության մակարդակներում ծնողները և մանկավարժները համագործակցված ձևով պետք է տեղեկություններ տան նման ռիսկերի և ինքնապաշտպանության միջոցների մասին։ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը մասնավորապես նշում է.  «Ծնողների հետ համագործակցությամբ տրամադրված այդ տեղեկությունները պետք է անհրաժեշտության դեպքում տրվեն սեռական բնույթի հարցերի վերաբերյալ տեղեկությունների առավել լայն համատեքստում, և պետք է հատուկ ուշադրություն դարձվի վտանգավոր, հատկապես նոր տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործում ներառող իրավիճակներին»: Բացատրական զեկույցի նշված կետն էլ ասում է, որ սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների վերաբերյալ տեղեկությունները սեռականության ընդհանուր համատեքստից դուրս տրամադրելը կարող է երեխաների համար մտահոգիչ լինել: Ուստի, նման վտանգների վերաբերյալ տրամադրվելիք տեղեկությունները պետք է ներկայացվեն սեռական կրթության ընդհանուր համատեքստում: Պետք է նաև ուշադիր լինել, որ այդ տեղեկությունները բացասաբար չանդրադառնան երեխաների մոտ չափահաս անձանց նկատմամբ ունեցած վերաբերմունքի վրա: Նույն Բացատրական զեկույցում այս առումով նաև նշվում է, երեխաներին, ընդհանրապես, թե՛ սեռական բնույթի հարցերի, թե՛ սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների վերաբերյալ կրթելը նախ և առաջ ծնողների պարտականությունն է (կետ 58), բացի այս նշվում է,  որ ռիսկերի մասին նշված տեղեկությունները պարտադիր չէ, որ դասավանդման ծրագրի մաս կազմեն, այլ կարող են տրամադրվել ոչ պաշտոնական կրթական համատեքստում (կետ 60): Այլ կերպ ասած, ըստ Կոնվենցիայի՝ -         երեխաների հետ թե սեռականության հարցերի և բռնության ենթարկվելու ռիսկերի մասին խոսելն ու կրթելը ծնողների առաջնային պարտականությունն է, և մանկավարժների հետ համագործակցված այս դաստիարակությունը կարող է լինել արդյունավետ, -         Սեռական բռնության ենթարկվելու մասին վտանգները, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկությունները պարտադիր չէ, որ դառնան ֆորմալ կրթական ծրագիր, -         առավել կարևոր է, որ այդ տեղեկությունները երեխաներին տրամադրվեն ըստ անհրաժեշտության սեռական բնույթի հարցերի վերաբերյալ տեղեկությունների առավել լայն համատեքստում, իրենց տարիքին, հասունությանը և ընկալման կարողությանը համապատասխան։ Ուստի, տարրական դասարաններում սեռական կրթության ծրագիր մտցնելու պահանջ Կոնվենցիան չի պարունակում։ Ինչ վերաբերում է շահարկվող այսպես կոչված «եվրոպական չափանիշներին», որը պարզվեց փորձագիտական մի առաջարկ է ուղղված պետություններին, ապա մտահոգությունները փարատելու համար կրկին ժխտում ենք թե՛ դրանց կապը Կոնվենցիայի հետ, և թե՛ դրանց կիրառելիության հնարավորությունը մեր երկրում։ 4. Ակնարկների մասին Եվրոպայի խորհրդի բոլոր կոնվենցիաներն ունեն բացատրական զեկույցներ, Լանզարոտեի կոնվենցիան բացառություն չէ և այս համատեքստում Ստամբուլի կոնվենցիայի անվան հիշատակումից այս երկու կոնվենցիաներով պաշտպանվող իրավունքների կարևորությունը չի նվազում։ Կարևոր է նաև, որ պարոն Զոհրաբյանը բազմիցս հայտարարել է, որ թե՛ որպես փաստաբան, և թե՛ որպես մարդ, դեմ է որևէ տեսակի բռնությանն ուղղված որևէ անձի դեմ՝ անկախ այդ անձի որևէ հատկանիշից։ Վստահ ենք, որ Կրթության ոլորտի պետական քաղաքականության պատասխանատուների, մանկավարժների, հոգեբանների ու սոցիալական աշխատողների հետ սեռական դաստիարակության վերաբերյալ քննարկումների պակաս առաջիկայում չի լինելու, ուստի, ինչպես պարոն Զոհրաբյանն էր նշում իր խոսքում, «այս հարցը թողնենք մասնագետներին» և իրավաբաններով բավարարվենք թերևս այն փաստի արձանագրմամբ, որ Լանզարոտեի կոնվենցիան չի պահանջում ոչ սեռական դաստիարակության ներմուծում (ինչն իրապես կարևոր խնդիր է), ոչ սեռական կրթության հատուկ ծրագիր և ոչ էլ առավել ևս որևէ «ստանդարտ»։
10:31 - 21 մայիսի, 2020
Վարչապետին է ներկայացվել Արդարադատության նախարարության 2019 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել Արդարադատության նախարարության 2019 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, համաձայն աշխատակարգի, մեկնարկել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումները: Առաջինը հաշվետու զեկույցով հանդես է եկել Արդարադատության նախարարությունը՝ նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ:Խորհրդակցության սկզբում վարչապետը նախ նշել է. «Գործնականում կառավարությունն ընթացիկ կառուցվածքը ստացել է մեկ տարի առաջ՝ օրենսդրության մեջ կատարված համապատասխան փոփոխություններով: Իհարկե, մի շարք նախարարությունների կյանքում այդ առումով բան չի փոխվել, բայց որոշ նախարարություններ ձևավորվել են նորովի: Մենք պատեհ համարեցինք, որ այս խորհրդակցությունը սկսենք այս ժամանակաշրջանում: Հետագայի համար, նաև նախարարների առաջարկով, այսպիսի ֆորմատով գուցե ոչ թե տարին մեկ անգամ հանդիպենք, այլ ավելի փոքր հաշվետվությունների կամ ավելի ճիշտ գործունեության քննարկումների պրակտիկա որդեգրենք, որպեսզի ոչ միայն որոշ ժամանակաշրջանը մեկ, այլև հընթացս կարողանանք արձանագրել մեր պլանավորածը և այն, թե ինչ ենք հասցնում անել»:Անցնելով զեկույցին՝ նախարար Բադասյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում հաստատվել են Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020- 2022թթ․ գործողությունների ծրագիրը, Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը, Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունն ու դրա իրականացման միջոցառումների ծրագիրը, Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը:Դատական և իրավական ոլորտի բարեփոխումների շրջանակում կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինների թվին ավելացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Միայն դատավորներից բաղկացած Կարգապահական հանձնաժողովը փոխարինվել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովով, որի անդամները, բացի դատավորներից, ընդգրկում են նաև հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված իրավաբան գիտնականներին: Նախատեսվել է դատավորների գործունեության գնահատման նոր կարգ, որի համաձայն դատավորների գործունեությունը ենթակա է լինելու պարբերական գնահատման: Հստակեցվել է էական կարգապահական խախտման հիմքով դատավորի լիազորությունների դադարեցման ընթացակարգը:Համաշխարհային բանկի հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել մշակել նոտարի կողմից ֆինանսական համակարգի ոլորտում էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերի վավերացումը իրականացնելու համար էլեկտրոնային հարթակ (ֆինանսավորման չափը՝ 20 միլիոն ՀՀ դրամ): Համաձայնություն է ձեռք բերվել արդիականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային համակարգերը (ֆինանսավորման չափը՝ 80 միլիոն ՀՀ դրամ): Միջազգային դոնոր կազմակերպություններին ներկայացվել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգի արդիականացման համար տեխնիկական նկարագրի մշակման և արխիվի թվայնացման ծրագրերը:Եվրոպական միության հետ բանակցվել ու վերջնականացվել է դատական և իրավական բարեփոխումների նոր բյուջետային աջակցության ծրագրի փաթեթը՝ ընդհանուր՝ 30 մլն եվրո արժողությամբ: Ֆինանսավորման համաձայնագիրը կստորագրվի այս տարի:2019-ի ընթացքում Ազգային ժողովի կողմից ընդունվել և 2020թ. ապրիլի 15-ից ուժի մեջ է մտել «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը՝ ուղղված Սնանկության կառավարիչների հաշվետվողականության և պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը, Սնանկության վարույթում ծախսերի և ժամկետների կրճատմանը, Էլեկտրոնային համակարգերի ներդրմանը:2008 թ.-ի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց տրամադրվել է աջակցություն: Մասնավորապես, բավարարվել է 56 դիմում, ընդհանուր առմամբ տրամադրվել է 630 մլն դրամի փոխհատուցում:Հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում ընդունվել են՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին օրենքների նախագծերը:Ի թիվս դատական իշխանությունում իրականացվող մի շարք այլ բարեփոխումների, ներդրվել է Սահմանադրական դատարանի դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների դատավորների թեկնածուների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ:Կոռուպցիայի կանխարգելման նպատակով միջոցառումներ են իրականացվել պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտման և նրանց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման ուղղությամբ, հաստատվել է Իրավաբանական անձանց իրական սեփականատերերի հայտարարագրման ձևանմուշը, որի հիման վրա հանքարդյուաբերող ընկերությունները ներկայացրել են իրենց հայտարագրերը, ձեռնարկվում են միջոցներ հայտարարագրի ներկայացման էլեկտրոնային համակարգի ստեղծման ուղղությամբ:Քրեակատարողական ոլորտի բարեփոխումների շրջանակում ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի ապահովման գործառույթը պատվիրակվել է մասնավոր հատվածին: 9 քրեակատարողական հիմնարկ միացել է ծրագրին, բոլոր 12 ՔԿՀ-ները կմիանան մինչև 2020 թվականի հունիս:2019-ի ընթացքում Քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է շուրջ 30 տոկոսով: ՔԿՀ-ները վերազինվել են անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներով:ՔԿԱԳ ոլորտի բարեփոխումների շրջանակում 2019-ի սեպտեմբերի մեկից քաղաքացին ՔԿԱԳ մարմնից որևէ ծառայություն ստանալու համար կարող է դիմել տարածքային առումով իրեն ամենամոտ տարածքային մարմին, ամուսնություն գրանցել կարող են բոլոր երկրների քաղաքացիները, այլևս պարտադիր պահանջ չէ զույգերից մեկի՝ Հայաստանում գրանցում ունենալու փաստը: Հայաստանն ամբողջությամբ անցել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման փաստը հաստատող էլեկտրոնային փաստաթղթերի տրամադրմանը:2020 թվականի մարտի 8-ից Երևան քաղաքում ամենամեծ թվով ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում երեխաների ծնունդների գրանցումն ու դրանից բխող օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներն իրականացվում են տեղում: Ծրագրին միացել են արդեն 3 ծննդատուն, մոտ օրերս կմիանա եւս 5-ը:2020-ի մարտից Արդարադատության նախարարությունը սկսել է «մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիների ընդունելության սպասասրահի կազմակերպման աշխատանքները և այս պահին դրանք գտնվում են ավարտական փուլում, քաղաքացիները հնարավորություն կստանան դիմումեր ներկայացնել՝ ՔԿԱԳ գործակալություն, Իրավաբանական անձանց պետական ռեգիստր, Սոցիալական ապահովման ծառայություն, Միգրացիոն ծառայություն, Կադաստրի պետական կոմիտե, Թաղման բյուրո, Ազգային արխիվ:Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրատվական գործունեություն իրականացնողների համար դարձել է անվճար:Անդրադարձ է կատարվել նաև նախարարությանը տրված հանձնարարականների կատարողականին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել գերատեսչության 2019 թվականի գործունեության արդյունքներից և կարևորել վերը նշված ուղղություններով բարեփոխումների շարունակական իրականացումը, կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների կյանքի կոչումը և ընդգծել ծրագրերի արդյունավետ ու ժամանակին կատարման անհրաժեշտությունը: 
15:38 - 20 մայիսի, 2020
Համատարած վեթինգին հնարավոր է անդրադառնալ Սահմանադրության փոփոխություններից հետո․ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան

Համատարած վեթինգին հնարավոր է անդրադառնալ Սահմանադրության փոփոխություններից հետո․ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կրկին անդրադարձել է վեթինգի թեմային, կրկին անպատասխանատու եզրահանգումներ է կատարել, որի վերաբերյալ ևս մեկ անգամ պարզաբանում եմ.Թե՛ դատական օրենսգրքի փոփոխություններով, թե՛ սահմանադրական փոփոխություններով դատական համակարգում արմատական փոփոխություններ ենթադրող օրակարգը պաշտոնապես բերվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից, մասնավորապես, դեռևս ամռան ամիսներին շրջանառվել և նախորդ տարվա հոկտեմբերին ընդունվել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշումը։ Վարչապետի հետ զրույցի ընթացքում նշվել է, որ վեթինգի հարցը ներկայիս Սահմանադրության թույլատրած շրջանակում Դատական օրենսգրքով կարգավորել ենք և լրջագույն գործիքներ ենք ներդրել, որի արդյունավետ կիրառումը պրակտիկայում կարող է իրական փոփոխություններ բերել դատական համակարգում:Երկրորդ, ես նշել եմ, որ համատարած վեթինգի դեպքում, ինչը ենթադրում է հատուկ մարմինների ձևավորում, նրանց համապատասխան մանդատի շնորհում և բոլոր դատավորներին ամբողջական ժամանակահատվածի ստուգում, ենթադրում է Սահմանադրության փոփոխություններ, ընդ որում ես արդեն երկու հարցազրույցներում հրապարակային նշել եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կարծում են, որ սա հնարավոր է անել առանց Սահմանադրության փոփոխությունների, պետք է ներկայացնեն իրենց տարբերակը՝ հիմնավորումներով, ինչը մինչ օրս չի ներկայացվել:Ստացվում է՝ գործ ունենք անպատասխանատու հայտարարությունների հետ:Պատկերացրեք, որ ոչինչ և ոչ մեկ չի կարողացել խանգարել Կառավարությանը Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը ներկայացնել ԱԺ, որն ի դեպ, համապատասխան հիմքերի դեպքում վերաբերելի է նաև դատավորների ապօրինի ծագում ունեցող գույքին, ոչինչ և ոչ մեկ չի կարողացել խանգարել Կառավարությանը քրեական ենթամշակույթը քրեականացնող հոդվածներ սահմանելու հարցում, բայց, փաստորեն, ըստ պարոն Բաբաջանյանի՝ համատարած վեթինգի մասով ես ինչ-որ պատճառներով համոզում եմ զերծ մնալ: Հ.Գ. Եվս մեկ անգամ շեշտեմ, որ համատարած վեթինգին հնարավոր է անդրադառնալ Սահմանադրության փոփոխություններից հետո և մեր ուղիղ եթերի ընթացքում չի հնչել որևէ միտք, որը կբացառեր նման սցենարի հնարավորությունը: Ավելին, նշել եմ, որ մեզ ոչինչ չի խանգարում Սահմանադրության փոփոխություններով, հաշվի առնելով միջազգային փորձը, ներդնել արդյունավետ համակարգ (ընդամենը խոսել ենք նաև հնարավոր ռիսկերի մասին):»
09:57 - 18 մայիսի, 2020
ՍԴ ճգնաժամը հանգուցալուծվելու է, և չի բացառվում, որ ավելի արագ և առանց հանրաքվեի․ Ռուբեն Ռուբինյան

ՍԴ ճգնաժամը հանգուցալուծվելու է, և չի բացառվում, որ ավելի արագ և առանց հանրաքվեի․ Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կորոնավիրուսի համաճարակը, ինչպես հայտնի է, արագ չի վերանալու։ Քանի որ մենք բազմիցս հայտարարել ենք, որ հանրային առողջությունը մեզ համար առաջնային է, ակնհայտ է, որ ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված հանրաքվեն չի կարող կայանալ, քանի դեռ համաճարակը չի վերացել։ Սակայն, մյուս կողմից, մենք չենք կարող այսքան երկար սպասել և առաջ շարժվել բարեփոխումների և արդարության հաստատման մեր օրակարգով՝ առանց ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման։ Հետևաբար, ուզում եմ տեղեկացնել, որ, հաշվի առնելով, որ համաճարակը կարող է տևել բավականին երկար, մենք ուղիներ ենք փնտրում ՍԴ ճգնաժամը այլ ճանապարհով և ավելի արագ լուծելու ուղղությամբ։ Հենց այս համատեքստում օրերս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին։ Այս հարցերը վերաբերում են 2015 թվականի Սահմանադրությամբ նախատեսված, սակայն փաստացի չիրականացված Սահմանադրական դատարանի ձևավորման մոդելը արագ կյանքի կոչելուն, Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման շրջանակների սահմանմանը, ինչպես նաև նախապես նշանակված և համավարակի պատճառով չանցկացված հանրաքվեն անհրաժեշտության դեպքում չեղարկելու՝ Ազգային ժողովի լիազորությանը։ Այսպիսով, թեև ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման հնարավոր այլընտրանքային ուղին իր ծավալով կարող է նույնական չլինել նախնական ուղու հետ, բայց այն, միևնույն է, հանգուցալուծվելու է, և չի բացառվում, որ ավելի արագ և առանց հանրաքվեի»։
17:15 - 15 մայիսի, 2020
ՔԿՀ-ներում կորոնավիրուսով հիվանդ դատապարտյալ կամ կալանավորված անձ չկա, վարակվել է 11 աշխատակից |armenpress.am|

ՔԿՀ-ներում կորոնավիրուսով հիվանդ դատապարտյալ կամ կալանավորված անձ չկա, վարակվել է 11 աշխատակից |armenpress.am|

armenpress.am: ՀՀ քրեակատարողական հիմնարկներում մայիսի 11-ի դրությամբ կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ COVID-19 չի ախտորոշվել։ Հարցմանն ի պատասխան ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ քրեակատարողական ծառայողներից 11-ի մոտ ախտորոշվել է նոր տիպի կորոնավիրուս։ «COVID-19-ով վարակված 11 ՔԿ ծառայողից 7-ն արդեն ապաքինվել է։ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը կանխելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռնարկվել ու շարունակաբար իրականացվում են անազատության մեջ պահվող անձանց և ՔԿ ծառայության համակարգի աշխատակիցների կյանքի ու առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ և պաշտպանիչ միջոցառումներ»,- նշեց Նավիկյանը։ Նրա խոսքով՝ ազատությունից զրկված անձանց շրջանում պարբերաբար անցկացվում են անհրաժեշտ բուժզննման, այդ թվում՝ ջերմաչափման աշխատանքներ։ Նավիկյանը տեղեկացրեց, որ առողջության հետ կապված գանգատներ ներկայացնող դատապարտյալները և կալանավորված անձինք անհապաղ ենթարկվում են առավել խորացված ստուգման և ախտորոշիչ հետազոտման։ Ջերմաչափման են ենթարկվում նաև քրեակատարողական ծառայողները։ «Անազատության մեջ պահվող անձանց, ինչպես նաև հիմնարկների ծառայողների և աշխատակիցների շրջանում պարբերական բնույթ են կրում նաև նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության ախտանիշների, ինչպես նաև չվարակվելու համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումների մասին իրազեկման աշխատանքները։ Շարունակությունը՝ armenpress.am-ում
16:15 - 13 մայիսի, 2020
ԱՆ պարզաբանումը՝ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի հայտարարության վերաբերյալ

ԱՆ պարզաբանումը՝ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի հայտարարության վերաբերյալ

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 18-րդ հոդվածով սահմանվում են երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնության հետ կապված հանցագործությունները: Մասնավորապես, այս հոդվածի 1-ին մասի «ա» կետը նախատեսում է, որ յուրաքանչյուր Կողմ քրեականացնում է դիտավորությամբ կատարված այն երեխայի հետ սեքսուալ բնույթի գործողությունների մեջ ներգրավվելը, որը, ազգային իրավունքի համապատասխան դրույթների համաձայն, չի հասել սեքսուալ բնույթի գործողությունների համար օրենքով սահմանված տարիքին։ Կարևոր է արձանագրել, որ վերը նշված 1-ին պարբերության նպատակներով յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում այն տարիքը, որից ցածր տարիքի դեպքում արգելվում է երեխայի հետ սեքսուալ բնույթի գործողություններում ներգրավվելը՝ անկախ փոխադարձ համաձայնության առկայությանը: Թեև 18-րդ հոդվածի 3-րդ մասում նշված է, որ «ա» կետի դրույթները նախատեսված չեն անչափահասների միջև փոխադարձ համաձայնությամբ սեքսուալ բնույթի գործողությունները քրեականացնելու համար, սակայն նշենք, որ ըստ Կոնվենցիայի՝ յուրաքանչյուր պետության ներպետական իրավունքով է որոշվում, թե որն է օրենքով սահմանված այն տարիքը՝ այդպիսի գործողություններով զբաղվելու համար։ Այնուհետ, Կոնվենցիայի բացատրական զեկույցի 129-րդ կետում նշվում է, որ Կոնվենցիան նպատակ չունի քրեական պատասխանատվություն սահմանելու անչափահասների միջև փոխհամաձայնեցված սեռական բնույթի գործողությունների համար, եթե նույնիսկ նրանք չեն հասել ներպետական իրավունքով սեռական բնույթի գործողությունների համար սահմանված տարիքին: Ընդ որում, պետությունների հայեցողությանն է թողնված որոշելու, թե ազգային օրենսդրության համաձայն ո՞ր տարիքի երեխան է համարվում «անչափահաս»: Ամփոփելով, պետք է ասել, որ Կոնվենցիան միացող որևէ պետության չի սահմանափակում որոշելու այն նվազագույն տարիքը, որից ցածրի դեպքում, անգամ փոխհամաձայնությամբ, անձանց միջև սեռական բնույթի գործողությունները կունենան քրեաիրավական բնույթ։  Ինչ վերաբերում է նկարագրված դեպքին (18 տարին չլրացած անձի կողմից 12 տարեկան անձի հետ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ ունենալու հանցակազմը «հեռանկարային» փոփոխությունների արդյունքում վերացնելուն), ապա հարկ է նշել, որ որ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություններ կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը նախատեսված է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով։ Սույն հոդվածը երբևէ այնպիսի փոփոխությունների չի ենթարկվել, որոնք կհանգեցնեին քննարկվող արարքը կատարելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի՝ 18 տարեկանի փոփոխման։  Պարոն Դանիելյանը, թերևս, նկատի է ունեցել 1961 թվականի ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածը, ըստ որի, ազատազրկում էր նախատեսված տասնվեց տարեկան չդարձած կամ արբունքի չհասած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու համար: 1961 թվականի ՀԽՍՀ քրեական օրենսգիրքն ուժը կորցրած է ճանաչվել 2003 թվականին, որից 4 տարի անց է ընդունվել Կոնվենցիան։  Ստորագրման և Վավերացման մասին Նախ պետք է նշել, որ պետությունների համար նախատեսված չէ միջազգային իրավունքից բխող միջազգային պայմանագրերը ստորագրելու, ապա վավերացնելու պարտավորություն։ Միջազգային պայմանագիրը ստորագրել-չստորագրելու, վավերացնել-չվավերացնելու վերաբերյալ որոշումները պետության ինքնիշխանությունից բխող գործողություններ են, որոնց կայացմամբ արտացոլվում է թե՛ փաստաթղթի իրավական գնահատականը և թե՛ բազմաթիվ այլ շահեր՝ քաղաքական, գաղափարախոսական, տնտեսական, սոցիալական և այլն։   Այդուհանդերձ, «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի 18-րդ հոդվածի համաձայն՝ պետությունները, որոնք ստորագրել են միջազգային պայմանագիրը, պարտավոր են «խուսափել այնպիսի գործողություններից, որոնք անհամատեղելի են պայմանագրի առարկայի և նպատակների հետ»: Իսկ ստորագրման պահին ակնհայտ էր, որ Կոնվենցիան ընթադրում է վավերացում։ Կարևոր է արձանագրել, որ Կոնվենցիան ՀՀ կողմից ստորագրվել է 2010 թվականի սեպտեմբերին՝ առանց որևէ վերապահման։ Այդ ժամանակ գործող «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Կոնվենցիայի ստորագրման համար իրականացված ներպետական համաձայնեցման գործընթացում ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ կարծիք է ներկայացվել ժամանակի թե՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (05.10.2009թ.), և թե Արդարադատության նախարարությունների (19.06.2010թ.) կողմից։ Ուստի, այսօր անկեղծ շնորհակալություն ենք հայտնում նաև այդ օրերի Աշխատանքի և սոցիալական հարցերի և Արդարադատության նախարարներին Կոնվենցիայի վավերացման գործընթացի սկիզբը դնելու համար։Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
12:02 - 13 մայիսի, 2020
Քրեական պատասխանատվությունն առանձին թեմա է, ապօրինի գույքի վերադարձը՝ առանձին. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

Քրեական պատասխանատվությունն առանձին թեմա է, ապօրինի գույքի վերադարձը՝ առանձին. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Դատական համակարգում սկսվում է առողջացման, եռափուլ գործընթաց: Այլ երկրների փորձը հաշվի առնելով Հայաստանն առաջ է գնում հանդարտ, վստահ, վճռական քայլերով:  Այս մասին այսօր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Զրույցի ընթացքում նաև հստակեցվեց, թե ով է այն սուբյեկտը, որի նկատմամբ կարող է առաջանալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջ, ինչ հանգամանքներում, և ինչ հիմքերով: Նախարարն ընդգծեց, որ խոսակցությունները, թե արտագնա աշխատանքի ընթացքում մարդկանց ձեռք բերած գույքը կամ գումարը, որը հայտարարագրված չի եղել, կարող է հայտնվել այս օրենքի շրջանակներում, անհիմն են: Խոսքը պետական բարձրաստիճան պաշտոնյաների մասին է : «Գործընթաց կսկսվի այն դեպքում, եթե կաշառք տալու, կաշառք ստանալու, փողերի լվացման որևէ գործով օրինակ, անձին մեղադրանք առաջադրվի, և  նրան ենթադրյալ պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքի չափը վարույթը նախաձեռնելու պահին չհիմնավորվի իր օրինական եկամուտներով 50 մլն և ավելի դրամով: Այսինքն ինչ-որ պաշտոնատար անձին փողերի լվացման համար առաջադրվի մեղադրանք, և տվյալ քրեական գործով երևա, որ անձն իրականացրել է փողերի լվացում, որը 100.000 դոլարը գերազանցում է, ունի էլի անշարժ գույք, արժեթղթեր մեծ թվով սեփականություն և այլն, որոնք որևէ կերպ օրինական եկամուտներով չեն հիմնավորվում, նույնիսկ միլիարդավոր դրամների ծավալով չի հիմնավորվում այդ գույքը: Ուսումնասիրությունը սկսվում է հենց այդ գույքի մասով»,-մանրամասնեց նախարարը: Տվյալ պարագայում անձին կառաջարկվի ներկայացնել հայտարարագիր, կամ փաստաթղթեր, որով կարող է հերքվել առկա գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը: Եվ, եթե չի հերքվում, կարող է նաև քաղաքացիական հայց ներկայացվել դատարան, հաշտության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար: Սա ենթադրում է, որ տվյալ անձը  պարտավոր է իրեն փաստացի պատկանող ամբողջ գույքը հայտարարագրել, այդ թվում արտասահմանում գտնվող գույքը, բանկային հաշիվները: Եվ դրա նվազագույնը՝ 75, երբեմն նաև 100 տոկոսը փոխանցի պետությանը: Սա, ըստ Ռուստամ Բադասյանի, քրեական գործի ընթացքի վրա չի ազդելու: «Մի կողմից պետք է հակակոռուպցիոն քրեական գործերը գնան առաջ, երկրորդ, լուրջ հետաքննություն պետք է տեղի ունենա: Պետք է արձանագրել, որ գույքի վերադարձը երևէ կերպ ազդեցություն չի ունենա քրեական վարույթի վրա, եթե այն կա հընթացս: Այսինքն քրեական պատասխանատվությունը առանձին թեմա է, ապօրինի գույքի վերադարձը՝ առանձին»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: Եթե անձը պաշտոնատար անձ չէ, կան դեպքեր, որ նրա նկատմամբ կարող է ապօրինի գույքի բռնագանձման պահանջ ծագել: Հիմնական ազդակներն, ըստ Արդարադատության նախարարի, թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, քրեական ենթամշակույթի հետ կապված հոդվածների առկայությունն է: Զրույցի ընթացքում նախարար Բադասյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկա օրերին ապօրինի գույքի բռնագանձման հայցերի սպասել պետք չէ: Դրանք հավանաբար կլինեն 2021 թվականի ընթացքում:
23:50 - 11 մայիսի, 2020
Բարեվարքության ստուգումը կամ վեթթինգը վերապահված է հենց դատավորներից բաղկացած մարմիններին. նախարար

 |armenpress.am|

Բարեվարքության ստուգումը կամ վեթթինգը վերապահված է հենց դատավորներից բաղկացած մարմիններին. նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարատության նախարար Ռուստամ Բադասյանը նկատում է, որ դատական օրենսգրքով նախատեսված մեխանիզմներով՝ դատավորների բարեվարքության ստուգումը կամ այլ կերպ ասած՝ վեթթինգի գործընթացը վերապահված է հենց դատավորներից բաղկացած մարմիններին, նվազագույնի է հասցված գործադիր իշխանության դերը: Այս մասին նա ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեթթինգի իրականացման գործընթացի եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկմանը։ Բադասյանը  նախ նշեց, որ Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններով հիմնականում երեք մեխանիզմ է ֆիքսվել, որոնցից առաջինը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջոցով դատավորի գույքային դրության ստուգում: «Երկրորդ մեխանիզմը դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի գործունեությունն է լինելու: Հանձնաժողովը բաղկացած է լինելու 5 անդամից, որոնք պետք է ընտրվեն Դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Նրանցից 3-ը դատավոր են, 2-ը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Սա միտումնավոր է արվում, որ գործընթացը լինի հնարավորինս թափանցիկ»,-ասաց նախարարը: Գնահատման հանձնաժողովի հիմնական առաքելությունը բացարձակապես կարգապահական վարույթ հարուցելը չէ, սակայն դա էլ է հնարավոր: Այն հետևելու է, թե դատավորի կողմից որքանով են ողջամիտ ժամկետը պահպանվում, արդյոք դատական ակտերը համապատասխանում են հիմնավորվածության չափանիշներին, արդյոք դատավորի կողմից պահպանվում են էթիկայի նորմերը, վարքագծի կանոնները: Դրա հիման վրա վարվելու է դատավորների առաջխաղացման ցուցակը, որոշվելու են վերապատրաստման դասերը: Փաշինյանը հետաքրքվեց, եթե դրա հիման վրա ֆիքսվի, որ դատավորն իր նախկին դատավճիտներում խախտումներ է արել, ապա ինչպե՞ս է լինելու: Նախարարը պատասխանեց, որ եթե չեն անցել վաղեմության ժամկետները, ապա դատավորն իրավունք ունի դիմելու Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, որն էլ երրորդ գործիքն է: Հանձնաժողովն էլ իրավունքի ունի կարգապահական վարույթ հարուցել և դրանով միջնորդություն ներկայացնել ԲԴԽ: Էթիկայի և կարգապահական հանձնաժողովը բաղկացած է լինելու 8 անդամից: 6 դատավորները ներառական ընտրված են լինելու տարբեր ատյաններից և տարբեր մասնագիտացումներից և 2 դատավորներ լինելու են քաղհասարակության ներկայացուցիչներ: «Եթե նայենք դատական օրենսգրքի պատկերը, մեկ բառով ամբողջ դատական համակարգի, ինչ բառ ուզում է օգտագործենք՝ բարեվարքության ստուգումը կամ վեթթինգը, վերապահված է հենց դատավորներից բաղկացած մարմիններին: Եվ սա կարծում եմ, որ լավագույն ստանդարտն է:  Վենետիկի հանձնաժողովը նշում է իր կարծիքում, որ հենց դատական համակարգը, երաշխավորելով իր համակարգի անկախությունը, զբաղվի նմանատիպ հարցերով և գործադիր իշխանության դերը հասցվի նվազագույնի»,-ասաց Բադասյանը: «Դա մեր քաղաքական կամքն է»,-ասաց վարչապետն ու նկատեց, որ քաղաքացիների մոտ հարց կառաջանա՝ պարզ չէ՞, որ դատական համակարգն ինքն իրեն կպաշտպանի, և ինքնամաքրման գործընթաց չի անցնի: Նա հարցրեց, թե ինչու՞ է դատական համակարգը շահագրգռված լինելու, որ այդ ինքնամաքրումը լինի: Բադասյանը նշեց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինքնավար մարմին է, դա մի երաշխիք, որ կաշխատի: Մյուս երկու հանձնաժողովներում դատավորներից բացի այլ անդամներ ևս կան: Նախարարը կարծում է նաև, որ  դատական համակարգում կան այն մարդիկ, որոնք ևս իրենց համակարգի մասին մտածում են, իրենց համակարգի բարեփոխման, հեղինակության համար իրենք էլ են մտահոգված:
21:50 - 11 մայիսի, 2020
Առանց Սահմանադրությունը փոփոխելու հնարավոր չէ համատարած վեթթինգ իրականացնել. Բադասյան

 |armenpress.am|

Առանց Սահմանադրությունը փոփոխելու հնարավոր չէ համատարած վեթթինգ իրականացնել. Բադասյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ ներկայումս Դատական օրենսգրքում դրված մեխանիզմները թույլ են տալիս դատական համակարգում իրականացնել առողջացում՝ աստիճանական, իսկ համատարած վեթթինգը կարող է բացասական հետևանքներ ունենալ, ավելին՝ այն հնարավոր չէ առանց Սահմանդրությունը փոխելու: Այս մասին նախարարն ասաց Նիկոլ Փաշինյանի հետ վեթթինգի իրականացման գործընթացի եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկմանը: «Ինչպե՞ս ենք անելու, որ վատ դատավորները գնան համակարգից, որը մենք հասկանում ենք վեթթինգ անվան ներքո»,-հետաքրքրվեց վարչապետը: Բադասյանն անդրադարձավ այդ առումով Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններին: «Առաջինը դատավորների հայտարարագրերի վերլուծությունն է: Դատավորները բավականին վաղուց ներկայացնում են իրենց գույքի, եկամուտների հայտարարագիր: Նախկինում ներկայացնում էին Էթիկայի հանձնաժողով, հիմա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Ի՞նչն է փոխվել. առաջին անգամ դատական օրենսգրքում հայտարարագիր ներկայացնելը և դրա վերլուծության արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին գույքի ավելացման կամ պարտավորությունների նվազեցման դեպքում պատշաճ նյութեր և բացատրություններ չներկայացնելը ֆիքսվել է որպես վարքագծի կանոն»,-ասաց նախարարը: Նա պարզաբանեց՝ օրինակ, եթե դատավորի մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում, սակայն դա անձի այդ տարում ստացած եկամուտներով չի հիմնավորվում, դա վարքագծի կանոն է: Եվ դրա վերաբերյալ պատշաճ բացատրություն չներկայացնելը կամ հայտարարագրում տեղեկություն թաքցնելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության կամ կարգապահական պատասխանատվության: Փաշինյանը հետաքրքրվեց. «Կարգապահական վարույթ կարող է արդյոք հարուցվել 2012-ի համար: Դատավորը չի կարող բացատրություն տալ օրինակ 2013-ին ձեռք բերած գույքի համար»: Նախարարը նշեց՝ այստեղ է հիմնական քննադատության առարկան: «Նշում են, որ հետադարձ ուժը չի կիրառվում: Բայց պետք է նշել, որ, եթե մենք ուզում ենք այդ ճանապարհով գնալ, դա նշանակում է ամբողջ դատական համակարգի դատավորներին ստուգել միանգամից, համատարած՝ մի կարճ ժամանակահատվածի ընթացքում: Սա կարող է բերել բացասական հետևանքների: Բայց դա մոռանանք, կենտրոնանանք իրավական հնարավորությունների վրա: Սա անելու համար միանշանակ պետք են Սահմանադրական փոփոխություններ: Այսինքն, առանց Սահմանադրությունը փոփոխելու հնարավոր չէ իրականացնել նման տեսակի վեթթինգ, պայմանական անվանենք համատարած վեթթինգ»: Նա ներկայացրեց Ալբանիայի փորձը, որտեղ ստեղծվել է հատուկ մարմին, որի կարգավիճակը Սահմանադրությամբ հավասարեցված է եղել դատական ատյանին: Եվ ստեղծվել է մեկ այլ մարմին, որտեղ վերաքննության կարգով քննարկվել են դատավորների վեթթինգի հետ կապված վեճերը: « Ի՞նչն է այդ համակարգի թերությունը, և ի՞նչը պետք է փոխվի: Սահմանադրությամբ պետք է սահմանվեն այդպիսի հատուկ մարմիններ, լիազորությունների շրջանակ: Իրականում մեզ ոչինչ չի խանագարում, որպեսզի նաև հաշվի առնելով վատ փորձը, ճիշտ մոդելով համատարած վեթթինգի հարցին անդրադառնանք՝ սահմանադրական փոփոխություններով: Սակայն կարծում եմ, որ դատական օրենսգրքի այն մեխանիզմները, որոնք դրված են, թույլ են տալիս դատական համակարգում իրականացնել առողջացում՝ աստիճանական»,-ասաց նախարարը: Վարչապետը նկատեց՝ միանգամից և ամբողջական վեթթինգը կարող է 4-5 տարի տևել ու հետաքրքրվեց, թե Ալբանիայում քանի տարի է եղել: Բադասյանը պատասխանեց՝ Ալբանիայում սկզբում նախատեսել են 5 տարի, հետո երկարաձգելու անհրաժեշտություն է առաջացել:
21:23 - 11 մայիսի, 2020
Դատավորների թվի ավելացում, ծանրաբեռնվածության նվազեցում. Բադասյանը ներկայացրեց բարեփոխումները

 |armenpress.am|

Դատավորների թվի ավելացում, ծանրաբեռնվածության նվազեցում. Բադասյանը ներկայացրեց բարեփոխումները |armenpress.am|

armenpress.am: Պետությունը արդեն կատարել և դեռ նախատեսում է որոշ գործառույթների թվայնացման միջոցով դատավորների ծանրաբեռնվածության նվազում, դատավորների թվի ավելացում: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ վեթթինգի իրականացման գործընթացի եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկմանը: Բադասյանը նշեց՝ թվայնացման գործընթացն արագացվում է, ավելի ճիշտ՝ սկսվում է 0-ից: «Էլեկտրոնային եղանակով հայցի ներկայացումը, քննարկումը, վերջնական դատական ակտի կայացումը և դատական ակտը  համակարգից դուրս հանելը թվայնացված չէ: Արդեն առաջին քայլն արված է, վճարման կարգադրությունների գործընթացն ամբողջությամբ թվայնացված է»,-ասաց նախարարը: Վարչապետ հետաքրքրվեց, թե դա մարդու կյանքում ինչ է փոխում: Բադասյանն արձագանքեց՝ դա մարդու կյանքում անուղղակի փոփոխություն  է մտցնում: Նա նկատեց՝ հաճախ անձն իր իրավունքների համար դիմում է դատարան, սակայն դատավորն իր վարույթում կարող է ունենալ 2000-3000 գործ, թղթաբանությունն է շատ լինում: Նախարարը նշեց՝ վճարման կարգադրությունները հիմնված են անվիճելի վճարային պարտավորությունների վրա, այսինքն այդտեղ, որպես այդպիսին, վեճ չկա: «Եթե դատավորը կրճատի իր ժամանակը  այդ գործիքների  վրա, կկարողանա ուշադրություն դարձնել այն վեճերին, որտեղ իրավունքների  խախտում կա: Սրանով թեթևացնում ենք դատավորի բեռը, որպեսզի դատավորը կարողանա իրական վեճ պարունակող գործերով ավելի մեծ ուշադրություն դարձնել»,-ասաց նա ու նշեց՝ այս պահին Աջափնյակի դատարանում դա կիրառվում է, նախատեսում են կիրառել Երևանի բոլոր դատարաններում: Վարապետի համապատասխան որոշմամբ աշխատանքային խումբ է աշխատում քրեական դատավորության ողջ գործընթացը թվայնացնելու, տեխնիկական պահանջները մշակելու ուղղությամբ:  Նախարարը տեղեկացրեց նաև, որ ԲԴԽ-ն առաջարկել է նաև 6-ով ավելացնել Վարչական, Վերաքննիչ դատարանի դատավորների թիվը, 6-ով՝ Առաջին ատյանում քաղաքացիական գործեր քննող դատավորների թիվը, որը ևս կբերի ծանրաբեռնվածության նվազեցման: Վստահ լինելու համար, որ արժանի դատավորներն են համալրելու բարեփոխված դատական համակարգը, նախարարությունը նաև ներդրել է երկու գործիք Դատական օրենսգրքում: «Դա համարում ենք թեկնածուների բարեվարքության ստուգում: Առաջինը՝ հոգեբանական թեստավորումն է, այն հիմա էլ է իրականացվում է, սակայն դա, կարելի է ասել, որ ձևական բնույթ է կրում: Ցանկացած թեկնածու անցնելու է լուրջ ծրագրով, լավագույն միջազգային փորձով հոգեբանական թեստավորում,  և ԲԴԽ-ն թեկնածության քննարկման ժամանակ ունենալու է խորհրդատվական եզրակացություն: Բարեվարքության ստուգումը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր թեկնածու լրացնում է հարցաթերթիկ, որտեղ տեղեկություններ են պարունակվում անձի նախորդ գործունեությունների, կարգապահական պատասխանատվության մասին, իր և ընտանիքի գույքային դրության մասին, օրինակ, թե իր օրինական եկամուտներով հիմնավորվում է գույքը, թե ոչ»,-ասաց նախարարը: Փաշինյանը հարցրեց. «Իսկ այդ գույքային վիճակի հայտարարագիրը և իրականությունը համեմատելու ռեալ գործուն մեխանիզմներ ունե՞նք»: Բադասյանը պատասխանեց՝ այո, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն ունի հասանելիություն, ֆինանսական տվյալներին մատչելիություն:
20:51 - 11 մայիսի, 2020