ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

««Նոր Զովք»-ի դեմ իրականացվում է համակարգված արշավ». ընկերության հայտարարությունը

««Նոր Զովք»-ի դեմ իրականացվում է համակարգված արշավ». ընկերության հայտարարությունը

«Նոր Զովք» ընկերության պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ սուպերմարկետների ցանցը ենթարկվում է համակարգված ուժային և վարչարարական ճնշումների։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի երկրորդ ամենամեծ ծածկույթ ունեցող սուպերմարկետների ցանցն արդեն տևական ժամանակ է, ինչ ենթարկվում է համակարգված ուժային և վարչարարական ճնշումների, որն ուղեկցվում է անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտումներով, կալանքը անձանց դեմ որպես պատիժ կիրառելու և ընկերությանը նյութական և ոչ նյութական վնաս հասցնելու իրողությամբ։ Արդյունքում 1999թ հիմնված, մատչելի և որակյալ մթերքներով հայտնի սուպերմարկետների ցանցն իր 29 մասնաճյուղերով ու մոտ 1600 աշխատակիցներով հայտնվել է ճգնաժամային իրավիճակում: Վերլուծելով հանգամանքները, ծանոթանալով կալանավորման որոշմանը՝ «Նոր Զովք» ընկերության պաշտպանական խումբն այսօր հայտարությամբ արձանագրել է, որ դատարանները չեն ներկայացրել գեթ մեկ փաստական տվյալ, թե ինչու է անհրաժեշտ կալանավորել «Նոր Զովք»-ի ամբողջ ղեկավար կազմին ու զրկել ընկերությունը բնականոն գործունեությունը իրականացնելու՝ իր երաշխավորված իրավունքից: Ավելին, իրավապահ և հարկային մարմինները չեն ներկայացրել ողջամիտ բացատրություն այն մասին, թե ինչու են ծրագրերի և տվյալների պատճենահանման փոխարեն անպայմանորեն առգրավվում տեխնիկական բոլոր միջոցները՝ փաստացի զրկելով Ընկերությանը հաշվապահական հաշվառում վարելու, մատակարարների հանդեպ պարտավորությունները, վարկային, հարկային և այլ պարտավորությունները մարելու նպատակով դրամական փոխանցումները կատարելու և շուրջ 1600 ընտանիքների աշխատավարձերը հաշվարկելու և վճարելու հնարավորությունից: Այդ մասով վարույթն իրականացնող մարմնին ներկայացված միջնորդրություններն անարձագանք են մնացել: «Ստանալով չորս մեղադրվող անձանց կալանավորման մասին որոշումները՝ տպավորություն է, որ բոլորը մեկ մարդու կողմից գրված տեքստեր են, որոնցում պարզապես ձևականորեն շարադրված են քննիչների կողմից ներկայացված ձևակերպումները։ Մեր կողմից դատարաններին են ներկայացվել հիմնավոր կասկածը հերքող մի շարք փաստական տվյալներ, որոնց ոչ միայն որևէ անդրադարձ չի կատարվել դատական ակտում, այլև դատարանի կողմից չեն վերլուծվել քննիչների կողմից ներկայացված տվյալները՝ հիմնավորելու, թե որքանով են դրանք բավարար առկա կասկածը հավաստելու համար։ Բացի այդ, դատարաններն ընդհանրապես չեն պատաճառաբանել, թե ինչու կիրառելի չեն կարող լինել այլ խափանման միջոցները, այդ թվում՝ գրավը, տնային կալանքը կամ նույնիսկ դրանց համակցությունը, ինչը գալիս է ևս մեկ անգամ ընդգծելու մեր մտահոգությունները գործի ուղղորդված բնույթի վերաբերյալ»,-ասել է պաշտպանական խմբի ղեկավար, փաստաբան Երեմ Սարգսյանը: Նա նաև նշել է, որ հարկ կա ընդգծելու` քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված տնային կալանքը փաստացի շատ քիչ է զիջում կալանքին, մինչդեռ դատարանն այս չորս դեպքերում էլ կիրառել է միջազգային ստանդարտով ծայրահեղ խափանման միջոցը` կալանքը: Պաշտպանական խումբն անդրադարձել է նաև ՀՀ վարչապետի կողմից կատարված հայտարարությանը` ընդգծելով, որ այն անխուսափելիորեն կաշկանդելու է իրավապահ համակարգին կատարելու օբյեկտիվ քննություն։ «Այդ խոսքերը վկայում են, որ անգամ արտերկրում գտնվելու պարագայում վարչապետն  ավելի քան տեղյակ է գործի մանրամասնություններին։ Ամենաբարձր մակարդակում արվում են հայտրարություններ, որոնք «կանխորոշում են» գործի ելքը՝  իրավապահ համակարգին ստիպելով գործը քննել միայն այն ուղղությամբ, որը բխում է արդեն իսկ կատարված զեկուցումներից և դրանց հիման վրա ձևավորված կանխակալ դատողություններից։  Որքան էլ վարչապետն ասում է «չխախտելով անմեղության կանխավարկածը»՝ իր խոսքերն ամենաուղիղ իմաստով անմեղության կանխավարկածի խախտում են, քանի որ երկրի ղեկավարն անում է հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում մյուս կողմի դատողությունները և կանխորոշում կայացվող դատական ակտերի բովանդակությունը: Եթե այս ամենը դիտարկենք նաև ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի կատարած հայտարարությունների համատեքստում, ապա պարզ է, որ գործ ունենք պետության կողմից բիզնեսի դեմ իրականացվող համակարգված արշավի հետ։ Այս ամենն ազդում է տնտեսական միջավայրի վրա, որտեղ տնտեսվարողը չունի իրական հնարավորություն իրավական գործընթացների շրջանակներում ապացուցել իր անմեղությունը և զուգահեռ աշխատել` վճարելով հարկեր և աշխատավարձեր»,-ասված է հայտարարությունում: Հիշեցնենք, որ ուժի ցուցադրմամբ, ակնհայտ ապօրինություններով և ընկերության գործունեությունը կաթվածահար անելու համակարգված փորձերը մեկնարկել են «Նոր Զովք» ընկերության հանդեպ դեռ հունվարի 24-ին սկսած մասնավոր անձանց կողմից խուլիգանական հարձակումների և դրա հետևանքով մեծ վնասներ հասցնելու միջադեպերից հետո: Այս հանգամանքների մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանությանը, կան այլ էական հանգամանքներ ևս, որոնք դեռևս կբացահայտվեն ընկերության ղեկավար կազմի և պաշտպանական խմբի կողմից շուտով»: Հիշեցնենք, որ «Նոր Զովք»-ում հարկային չարաշահումների վարույթով քրեական հետապնդում էր հարուցվել 4 անձի նկատմամբ, նրանք ձերբակալվել էին։ Նշենք, որ այսօր Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Մի խոշոր բացահայտում է եղել, հայտնաբերվել է, որ մի սուպերմարկետ 4 միլիարդ դրամի հարկեր չի վճարել, երեկ այդ թեմայով մի ռեպորտաժի տակ արված քաղաքացիների մեկնաբանություններն էի կարդում, ու ինչ են մարդիկ մեկնաբանում՝ «Այս սուպերմարկետին բռնել են, որ մյուսի գործերը լավ գնա»։ Ոչ ոք չի ասում, որ դա իրականություն է, ասում են՝ սարքեցին, «Նոր Զովքը» փակում են, որ «Երևան Սիթին» լավ աշխատի։ Եղավ, ձեր ասածն է, հեսա հրապարակային դատավարությունը ցույց կտա՝ ինչը ինչի համար է։ Մեզ համար կապ չունի՝ բոլորը պետք է վճարեն հարկերը»,- նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
20:18 - 04 մարտի, 2023
Պարեկների գործունեությանը միջամտելու դեպքեր Շիրակի մարզում. 2 անձի մեղադրանք է ներկայացվել

Պարեկների գործունեությանը միջամտելու դեպքեր Շիրակի մարզում. 2 անձի մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են 2023 թ. փետրվարի 25-ին և 27-ին ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքերի մի շարք հանգամանքներ:   2023 թվականի փետրվարի 25-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ամասիայի բաժնից ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցը ծառայություն իրականացնելու ընթացքում Ամասիա բնակավայրի կենտրոնական հրապարակում նկատել է «Վազ 2103» մակնիշի ավտոմեքենա, որն անկանոն պտույտներ կատարելով կանգ է առել հրապարակի միջնամասում։   Ստուգմամբ պարզվել է, որ հիշյալ մեքենայի 34-ամյա վարորդը, տրանսպորտային միջոց վարելու իրավունք չի ունեցել և գտնվել է ոչ սթափ վիճակում։ Վերջինս իջնելով ավտոմեքենայից, քաշքշելով վնասել է ոստիկանության աշխատակցի համազգեստը և մեկ անգամ հարվածել նրան:   Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձեռք բերված փաստերի հիման վրա 34-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) 3-րդ մասով և 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) 2-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և գրավը՝ 1.000.000 դրամի չափով։   Մեկ այլ դեպքում՝ 2023 թ. փետրվարի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 01:05-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Բաղրամյան-Աբովյան փողոցների խաչմերուկից վիճաբանելու, սեռական բնույթի հայհոյանքներ կատարելու և պարեկային ծառայողների օրինական պահանջները չկատարելու կասկածանքով բաժին է տեղափոխվել նույն մարզի 4 բնակիչ՝ ծնված 1999, 1998, 2000 և 1994 թվականներին:   Այդ ընթացքում 1994 թ. ծնված տղամարդը սպառնալիքներ է հնչեցրել ոստիկանության ծառայողների հասցեին, դիմադրություն ցուցաբերել, հարվածել և մարմնական վնասվածքներ պատճառել նրանցից երկուսին:   Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձեռք բերված փաստերի հիման վրա 1994թ. ծնված տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման համար:   Այս մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։   Վերոհիշյալ երկու դեպքերով ոստիկանության աշխատակիցները ճանաչվել են տուժող:   Նախաձեռնված քրեական վարույթներով կատարվել են դեպքի վայրի զննություններ, առգրավվել են հագուստները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք վկաներ:   ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին տրվել են հանձնարարություններ: Նախաձեռնված քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է:   Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
16:37 - 03 մարտի, 2023
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է Կապանում Իրանի հյուպատոսին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է Կապանում Իրանի հյուպատոսին

Ճանաչողական այցով ՀՀ քննչական կոմիտեում հյուրընկալվել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին։ Վերջինիս ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։   Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը նախ շնորհավորել է պարոն Աբեդին Վարամինին գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի Հայաստանի և Իրանի միջպետական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը։ Արսեն Այվազյանը նաև բարձր է գնահատել փոխվստահության վրա հիմնված սերտ գործակցությունը Հայաստանում ԻԻՀ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև, ինչը նպաստում է տեղեկատվության փոխանակման և առաջացող խնդիրների արձագանքման օպերատիվությանն ու արդյունավետությանը։ Պարոն Աբեդին Վարամինն իր հերթին  արժևորվել է հարևան երկրների միջև բոլոր մակարդակներում առկա հարաբերությունների բարձր նշաձողը և պատրաստակամություն հայտնել ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցությունն ընդլայնել նաև գլխավոր հյուպատոսության միջոցով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական վարույթների շրջանակներում երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, իրավական ոլորտում փոխադարձ օգնությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։      
17:46 - 02 մարտի, 2023
ՔԿ-ն հայտնել է «Արիս» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից բազմադրվագ խարդախությունների մասին

ՔԿ-ն հայտնել է «Արիս» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից բազմադրվագ խարդախությունների մասին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտնել է «Արիս» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից բազմադրվագ խարդախությունների մասին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն։ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում միացված վարույթով իրականացված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ «Արիս» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը 2022թ. հունիսին ծանոթացել է հագուստի առքուվաճառքով զբաղվող մի ընկերության տնօրենի հետ և, ներկայանալով որպես բարեգործական հիմնադրամի նախագահ, հասարակության շրջանում հեղինակություն վայելող անձնավորություն, առաջարկել է նշված ընկերությանը պատկանող խանութից ձեռք բերել տարբեր տեսակի հագուստներ՝ գումարը հետագայում վճարելու պայմանով, ինչին ընկերության տնօրենը համձայնել է: Սակայն չարաշահելով վերջինիս վստահությունը՝ հետագայում, գումարները վճարելու կեղծ խոստումներով, նա խանութից վերցրել է 3.148.800 ՀՀ դրամի հագուստ, սակայն որևէ վճարում չկատարելով՝ խաբեությամբ հափշտակել է դրանք՝ ընկերությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս: Բացի այդ, հանդիսանալով հագուստի և ներքնազգեստի խանութների առքուվաճառքով զբաղվող ընկերության խանութների մշտական հաճախորդ, օգտագործելով բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելու հանգամանքը, ծանոթ լինելով նշված ընկերության գլխավոր մենեջերի հետ՝ նույն անձը վերջինիս մոտ առաջացրել է վստահություն և հետագայում գումարներ վճարելու կեղծ խոստումներով 2020թ. մայիս ամսվա ընթացքում ընկերությանը պատկանող խանութներից վերցրել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 4.412.110 ՀՀ դրամ արժողության տարբեր տեսակի հագուստ,սակայն որևէ վճարում չկատարելով՝ նա խաբեությամբ հափշտակել է նշված հագուստները՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Պարզվել է նաև, որ նշված անձը 2018թ. ամռանը ծանոթացել է Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակչուհու հետ, ում հայտնել է, որ հանդիսանում է «Արիս» բարեգործական հիմնադրամի հոգբարձուների խորհրդի նախագահ։ Վերջինիս մոտ առաջացրել է վստահություն և Շիրակի մարզի Բայանդուր գյուղում մկրտություն կատարելու համար արծաթյա շղթաներ, խաչեր և այլ իրեր տրամադրելու անհրաժեշտության ներկայացմամբ, հիմնադրամում բարեգործական ներդրումներ կատարած անձանց ոսկյա զարդեր նվիրելու կեղծ պատրվակով, հիշյալ բնակչուհու տանը, վերջինիս վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով, նրանից ստացել ու հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3.713.000 ՀՀ դրամ արժողության տարբեր տեսակի ոսկյա զարդեր, արծաթյա խաչեր, շղթաներ և այլ իրեր։ Այդ կերպ Զովք գյուղի բնակչուհուն պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Ձեռք բերված փաստերի հիման վրա բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (2 դրվագ) և 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիշյալ անձն իր կողմից պատճառված վնասից վերականգնել է 1 900 000 ՀՀ դրամը:  Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան»,- ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:27 - 02 մարտի, 2023
«Նոր Զովք» ՍՊԸ-ում առերևույթ հարկային չարաշահումներին վերաբերող քրեական վարույթով մեղադրյալ 4 անձինք կալանավորվել են

«Նոր Զովք» ՍՊԸ-ում առերևույթ հարկային չարաշահումներին վերաբերող քրեական վարույթով մեղադրյալ 4 անձինք կալանավորվել են

Մարտի 1-ին` աշխատանքային օրվա վերջին, վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ էին ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատեր Ա․Ա․-ի, ընկերության տնօրեն Ռ․Ա․-ի, գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի, ինչպես նաև առերևույթ հանցավոր մեխանիզմի կիրառմանը տեխնոլոգիական-ծրագրային աջակցություն ցուցաբերած մեկ այլ ՍՊԸ-ի սեփականատեր Վ․Ս․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դատարանը բավարարել է բոլոր միջնորդությունները, նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը 2 ամիս ժամկետով։ Հիշեցնենք, որ «Նոր Զովք» ՍՊ ընկերությունում առերևույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով նվազ ցույց տալու միջոցով հարկային պարտավորությունները չկատարելու դեպքի առթիվ: ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի ծավալուն նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատիրոջը և երկու աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու, իսկ ծրագրային աջակցություն ցոցւաբերած ՍՊԸ սեփականատիրոջը՝ նշված հանցավոր արարքների կատարմանն օժանդակելու համար։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:28 - 02 մարտի, 2023
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար կալանավորվել է երկու անձ

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար կալանավորվել է երկու անձ

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով շարունակվում են բացահայտվել մեծ չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր դեպքեր: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, 2023 թ. փետրվարի 23-ին ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները, Երևան քաղաքի Բագրևանդ փողոցում ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով կանգնեցրել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը դրսևորել է տարօրինակ և ոչ ադեկվատ վարքագիծ։ Վարորդը, մեքենայում գտնվող մյուս երեք ուղևորները թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության բաժին: Պարզվել է նշված անձանց ինքնությունը: Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է նրբաթիթեղով, ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված, 12,5 գրամ ընդհանուր քաշով սպիտակ բյուրեղանման զանգվածի պարունակությամբ 16 փաթեթ, նարնջագույն և դեղին՝ շուրջ 100 դեղահաբ: Հայտնաբերված փաթեթներից 1-ում առկա՝ փորձաքննության ենթարկված զանգվածը, ինչպես նաև նախնական զննության և որակական հետազոտության ենթարկված 3 փաթեթիկներում առկա զանգվածները եղել են «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Հայտնաբերված զանգվածի, հաբերի մնացած մասով նշանակված փորձաքննության արդյունքները դեռևս չեն ստացվել։ Նշված անձանցից 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեկ այլ դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 41-ամյա տղամարդը ձեռք է բերել և իր մոտ պահել առանձնապես խոշոր չափերով՝ 5,57 գրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է 2023 թ. փետրվարի 24-ին վերջինիս անձնական խուզարկությամբ՝ բաճկոնի գրպանից: 41-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով: Դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը, հնարավոր իրացման մեխանիզմները պարզելու, ինչպես նաև վերոնշյալ մյուս անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
16:07 - 01 մարտի, 2023
Երևանում հարսանեկան արարողությունից հետո ռեստորանի մոտ տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով կալանավորվել է մեկ անձ

Երևանում հարսանեկան արարողությունից հետո ռեստորանի մոտ տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով կալանավորվել է մեկ անձ

ՀՀ քննչական կոմիտեն պարզել է 2023 թ. փետրվարի 23-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցում գործող ռեստորաններից մեկի մոտ տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ: Ինչպես  տեղեկանում ենք Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը հիշյալ օրը, իր 27-ամյա ընկերոջ հետ Կիևյան փողոցում գործող ռեստորաններից մեկում մասնակցել է հարսանեկան արարողության: Ժամը 23:15-ի սահմաններում  երկուսով դուրս են եկել ռեստորանից և նստել 26-ամյա տղամարդու  կողմից շահագործվող «Օպել» մակնիշի  ավտոմեքենան, որից հետո վերջինիս 27-ամյա ընկերը ավտոմեքենայի ապակին իջեցնելով անծանոթ անձից պահանջել է կրակայրիչ: Այնուհետև  երկուսով գտնվելով ալկոհոլային արբածության վիճակում, իջել են ավտոմեքենայից և առանց որևէ առիթի վիճաբանել դրսում հավաքված մի խումբ անձանց հետ: Այդ ընթացքում 27-ամյա տղամարդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, քաշքշել և հարվածներ է հասցրել հավաքված մի խումբ անձանց, իսկ 26-ամյա տղամարդը, նստելով  իր կողմից շահագործվող հիշյալ ավտոմեքենան, այն անկանոն վարելով հարվածել է փողոցում կայանված «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին՝ պատճառելով գույքային վնաս: Շարունակելով իր հանցավոր գործողությունները վերջինս ավտոմեքենայով հարվածել է 2 քաղաքացիների՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո իր մոտ պահվող գազային ատրճանակով անկանոն կրակ է արձակել՝ նշված վայրում գտնվող անձանց մոտ ստեղծելով վախի և տագնապի զգացում: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են վնասված և վթարված վիճակում գտնվող հիշյալ երկու ավտոմեքենաները, ինչպես նաև հայտնաբերվել է մեկ հատ չկրակված փամփուշտ։ Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա քննիչի կողմից Երևան քաղաքի 26-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ վերջինիս 27-ամյա ընկերոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:  Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:12 - 01 մարտի, 2023
«Նոր Զովք»-ում առերևույթ հանցավոր հարկային չարաշահումների վերաբերյալ վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ. նրանք ձերբակալվել են

«Նոր Զովք»-ում առերևույթ հանցավոր հարկային չարաշահումների վերաբերյալ վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ. նրանք ձերբակալվել են

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունից ստացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված և կատարվող ծավալուն նախաքննությամբ պարզվել են «Նոր Զովք» ՍՊ ընկերությունում առերևույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով նվազ ցույց տալու միջոցով հարկային պարտավորությունները չկատարելու հանցավոր մեխանիզմի մի շարք էական հանգամանքներ։ Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ՔԿ-ի, ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի աշխատակիցների կողմից իրականացված վարութային և ապացուցողական ծավալուն գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Նոր Զովք» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Ա.Ա.-ն «Նոր Զովք» ՍՊ ընկերության պատասխանատու անձանց՝ տնօրեն Ռ. Ա.-ի և գլխավոր հաշվապահ Ս.Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ,  առանձնապես խոշոր չափերով՝ 4.127.611.164 ՀՀ դրամ հարկեր չվճարելու նպատակով, 2019-2023 թթ. ընթացքում «Նոր Զովք» ՍՊ ընկերության հարկային հաշվարկներում մտցնելով խեղաթյուրված տվյալներ՝ թաքցրել են հարկման օբյեկտը։ Հանցավոր մտադրությունն անխոչընդոտ իրագործելու, «Նոր Զովք» ՍՊ ընկերության բոլոր խանութներից ստացվող եկամուտները թաքցնելու և միաժամանակ իրական շրջանառությունը վերահսկելու նպատակով 2019-2023 թթ. ընթացքում ներգրավվել է ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող ՍՊԸ, որը «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատիրոջ հանձնարարությամբ և վճարի դիմաց հանցանքի կատարման համար տրամադրել է տեղեկատվական տեխնոլոգիաների համապատասխան գործիքներ և միջոցներ: Մասնավորապես՝ «Նոր Զովք» ընկերության խանութների ցանցում ներդրվել է առևտրային ծրագիրը, որը համակցվել է թաքցված էլեկտրոնային սերվերային համակարգի։ «Նոր Զովք»-ի խանութների ցանցում ներդրված այդ ծրագրի և էլեկտրոնային սերվերային համակարգի գործարկման արդյունքում «Նոր Զովք» ընկերության իրացման իրական շրջանառությունը՝ վաճառված ապրանքների դիմաց փաստացի ստացված գումարը, իրական վաճառքների վերաբերյալ տեղեկատվությունը կուտակվել է էլեկտրոնային սերվերային համակարգում, իսկ կիրառված հանցավոր համակարգը քողարկելու նպատակով «Նոր Զովք» ընկերության խանութների ցանցից առևտուր իրականացնող գնորդներին տրամադրվել են արտաքին (առևտրային) ծրագրի միջոցով գեներացված, փաստացի վճարված գումարներին համապատասխան կտրոններ։ Արդյունքում, 2019-2023 թթ. ընթացքում ընկերության փաստացի իրացման շրջանառությունից  հարկային մարմին ներկայացված նշված ժամանակահատվածի վերաբերյալ հաշվարկ-հաշվետվություններում պակաս է ցույց տրվել իրացման շրջանառությունը, որի հետևանքով չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել 2.205.858.586 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ և 1.921.752.578 ՀՀ դրամ շահութահարկ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատեր Ա.Ա.-ի, ընկերության տնօրեն Ռ.Ա.-ի, գլխավոր հաշվապահ Ս.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու, իսկ ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող վերոնշյալ ՍՊԸ սեփականատեր Վ.Ս.-ի նկատմամբ՝ նշված հանցավոր արարքները կատարելուն օժանդակելու համար, որոնք բավարարվել են։ Դատարան ներկայացնելու համար վերջիններս ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
10:19 - 01 մարտի, 2023
Երթուղային ավտոբուսում կատարված գրպանահատության դեպքը բացահայտվել է. դատարանը մերժել է մեղադրյալներից մեկին կալանավորելու միջնորդությունը

Երթուղային ավտոբուսում կատարված գրպանահատության դեպքը բացահայտվել է. դատարանը մերժել է մեղադրյալներից մեկին կալանավորելու միջնորդությունը

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից տեղեկացնում են՝ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 2023 թ. փետրվարի 19-ին երթուղային ավտոբուսում կատարված գողության դեպքի հանգամանքները: 2023 թ. փետրվարի 19-ին Երևանի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Օպերայի տարածքից նստել է երթուղային ավտոբուս և իջել է «Դալմա» առևտրի կենտրոնի մոտ, որից հետո նկատել է, որ իր ձեռքի պայուսակից բացակայում է  դրամապանակը, որի մեջ եղել է 70 000 ՀՀ դրամ գումար, նույնականացման քարտը և բանկային քարտ:  Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, որոնք Երևան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1990թ.: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Երևան քաղաքի վերոնշյալ բնակիչները, խմբի կազմում հափշտակություն կատարելու նախնական համաձայնությամբ, երթուղային ավտոբուսի սրահում գտնվող քաղաքացու ձեռքի պայուսակից հափշտակել են վերջինիս պատկանող դրամապանակը, որի մեջ եղել է շուրջ 75 000 ՀՀ դրամ գումար, բանկային քարտ և նույնականացման քարտ, որից հետո՝ ժամը 14:11-ին, Երևան քաղաքի Կիևյան փողոցում գտնվող բանկոմատից կատարել են 20 000 ՀՀ դրամի կանխիկացում՝ քաղաքացուն պատճառելով շուրջ 95 000 ՀՀ դրամի գույքային վնաս: ՀՀ ոստիկանության ՆԳՆ պարեկային ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք հայտնաբերվել են և ձերբակալվել՝ հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված գումարը: Վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդության բավարարման արդյունքում հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նշված երկու անձանց նկատմամբ, և 32-ամյա տղամարդկանցից մեկին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, իսկ մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ երկու մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով։ Դատարանը բավարարել է նրանցից մեկի վերաբերյալ միջնորդությունը, սակայն մերժել է մյուսի վերաբերյալ միջնորդությունը։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:45 - 28 փետրվարի, 2023
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշանակումներ է կատարել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշանակումներ է կատարել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով Անուշ Աշոտի Գասպարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման ստորաբաժանման ղեկավար, իսկ Արթուր Արմենի Վարդանյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի իրավաբանական վարչության պետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ ներկայացնելով նորանշանակ պաշտոնյաների կենսագրությունները։Արդարադատության առաջին դասի խորհրդական Անուշ Աշոտի Գասպարյանի կենսագրությունը Ծնվել է 1985 թվականի մարտի 9-ին, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: 2002-2006թթ.-«ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ 2013-2015թթ. - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն, իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա 2016թ.-ից - Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի հայցորդ Աշխատանքային գործունեություն 2006-2008թթ. – Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղար՝ քաղաքացիական մասնագիտացմամբ 2008-2014թթ. - Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական՝ քրեական մասնագիտացմամբ 2014-2019 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրական վարչության գլխավոր մասնագետ IV-XII.2019թ. – ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրական վարչության պետ X-X.2019թ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի քննիչ՝ գործուղված ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն 2020-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետի տեղակալ 2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի իրավաբանական վարչության պետ Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական մեդալներով, հուշանվերով և շնորհակալագրով: Այլ տվյալներ 2018թ.-ից առ այսօր զբաղվում է դասախոսական գործունեությամբ (ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, արդարադատության ակադեմիա, «Հյուսիսային» համալսարան): Ավելի քան 10 գիտական հոդվածների, մենագրության, ուղեցույցների հեղինակ ու համահեղինակ է: Մասնակցել է ներպետական և միջազգային տարբեր կառույցների կողմից կազմակերպված դասընթացների, սեմինարների, համաժողովների՝ ստանալով հավաստագրեր: Անձնական տվյալներ Ամուսնացած չէ:   Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Արմենի Վարդանյանի կենսագրությունը Ծնվել է 1994 թվականի հուլիսի 28-ին, Երևան քաղաքում: 2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2018 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան, իսկ 2021 թվականին՝ ասպիրանտուրան, 2018 թվականին՝ ՀՀ փաստաբանների դպրոցը՝ ստանալով փաստաբանի արտոնագիր: 2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2022 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Աշխատանքային գործունեություն 2018-2021 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ 2021թ․-ից մինչ օրս ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի ասիստենտ, դասախոս 2017-2018թթ. - «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակ կրտսեր իրավաբան 2018-2019թ. – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի օգնական II-X.2019թ. - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 1 բաժնի պետի տեղակալ 2019-2020 թթ. – ՀՀ պետական եկամուտնեերի կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության թիվ 5 բաժնի պետ III-XII.2020թ. - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության թիվ 6 բաժնի պետ III-VII.2020թ. - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական 2020-2023թթ.- ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներ Ամուսնացած չէ:
18:56 - 27 փետրվարի, 2023
Պարեկների գործունեությանը միջամտելու համար 20 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, 12-ը կալանավորվել են. ՔԿ

Պարեկների գործունեությանը միջամտելու համար 20 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, 12-ը կալանավորվել են. ՔԿ

Վերջին շրջանում, հանրապետության տարածքում պարեկային ծառայության ներդրման գործընթացին զուգահեռ, ավելի հաճախակի են դարձել իրենց ծառայողական պարտականությունները կատարող պարեկային ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու, նրանց ծառայողական գործողություններին միջամտելու, առանձին դեպքերում՝ ընդհուպ նրանց նկատմամբ բռնություններ գործադրելու դեպքերը։ՀՀ քննչական կոմիտեում կատարված՝ ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) հատկանիշներով նախաձեռնված և քննվող քրեական վարույթների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2023թ. փետրվարի 5-ի դրությամբ նշված հոդվածի հատկանիշներով քննվող 44 քրեական վարույթներից 27-ը նախաձեռնվել են ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայողների ծառայողական գործունեթյանը միջամտելու փաստերի առթիվ։ Ընդ որում, միայն 2023թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում նախաձեռնվել է այդպիսի 9 քրեական վարույթ։Նշված 9 վարույթներից 2-ը նախաձեռնվել են պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրանց կամ նրանց մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի (ՀՀ քր․ օր․ 452-րդ հոդվածի 1-ին մաս), 3-ը՝ վերջիններիս գույքը վնասելու (ՀՀ քր․ օր․ 452-րդ հոդվածի 2-րդ մաս),  3-ը՝ նշված անձանց նկատմամբ բռնություն գործադրելու (նույն հոդվածի 3-րդ մաս), իսկ 1-ը՝ սպառնալիքի և բռնության գործադրման համակցության (նույն հոդվածի 1-ին և 3-րդ մաս) հատկանիշներով։2023թ․ ընթացքում քննվող և մեղադրական եզրակացությամբ ավարտված քրեական վարույթների շրջանակում 29 պարեկային ծառայող ճանաչվել է տուժող, որոնցից 6-ը՝ բռնություն գործադրելու սպառնալիքի, իսկ 23-ը՝ բռնություն գործադրելու հետևանքով։Քննվող, մեղադրական եզրակացությամբ ավարտված վարույթներով 20 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որից 5-ը՝ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի, իսկ 15-ը՝ բռնություն գործադրելու համար։Ընդ որում,  կառավարման կարգի դեմ ուղղված այս հանցագործությունների մի մասը կատարվել է այլ բնույթի հանցավոր գործողությունների համակցությամբ։ Մասնավորապես՝  2 դեպքում դրանք ուղեկցվել են խուլիգանական արարքներով, 1 դեպքում՝ ապօրինի ծառահատման կամ փայտանյութի տեղափոխման, 1-ը՝ ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու։Պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու արգելված արարքներ կատարելու համար ընդհանուր 20 մեղադրյալներից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, 4-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը, 2-ի նկատմամբ՝ գրավը, 1-ի նկատմամբ՝ գրավ և բացակայելու արգելք, 1-ի նկատմամբ՝ գրավ և տնային կալանք։ Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է 1 քրեական վարույթ՝ 1 անձի նկատմամբ:Ելնելով վերոնշյալից՝ ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում տեղեկացնել, որ  ծառայողական պարտականությունները կատող համապատասխան ծառայողների, այդ թվում նաև պարեկային ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելը, նրանց ծառայողական գործողություններին որևէ ձևով միջամտելը, մասնավորապես՝ նրանց, նրանց մերձավորների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելը, նրանց գույքը ոչնչացնելը կամ նրանց նկատմամբ բռնություններ գործադրելը, քրեորեն հետապնդելի արաքներ են, որոնց համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ 5-ից մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում։Հետևաբար, հասարակական կարգը պահպանելու, Հայաստանում պարեկային ծառայության ներդրման գործընթացին չխոչընդոտելու նպատակով ինչպես երթևեկության մասնակիցներին, այնպես էլ` բոլոր քաղաքացիներին հորդորում ենք ձեռնպահ մնալ իրենց ծառայողական պարտականությունները կատարող պարեկային ծաառայողների նկատմամբ որևէ հանցավոր ոտնձգություն կատարելուց և դրսևորել իրավահպատակ վարքագիծ։Ծառայողական պարտականությունները կատարող պաշտոնատար անձանց գործողություններից դժգոհություն,  անհամաձայնություն ունենալու պարագայում ինքնաբուխ հակաօրինական գործողություններ կատարելու փոխարեն անհրաժեշտ է դիմել բացառապես իրավական միջոցների՝ օգտվելով պաշտոնատար անձանց առերևույթ ոչ իրավաչափ գործողությունները վարչական կամ քրեաիրվական ընթացակարգերով վիճարկելու իրավունքից։ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է, որ հանցավոր վարքագիծ դրսևորելու բոլոր դեպքերը մանրակրկիտ և անաչառ քննությամբ բացահայտվելու են, իսկ հանցավոր արարքը հիմնավորող բավարար փաստական տվյալների համակցություն ձեռք բերելու դեպքում համաչափ քրեաիրավական հետևանքները լինելու են անխուսափելի։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:06 - 27 փետրվարի, 2023
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ կալանավորվել է երկու զինծառայող

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ կալանավորվել է երկու զինծառայող

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 2023 թ. փետրվարի 19-ին մարտական դիրքում զինծառայող Հ.Պ.-ի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն փետրվարի 19-ին՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել էր գլխի շրջանում ստացած  հրազենային վիրավորումով և մահացած վիճակում ընդունվել Իջևանի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տվյալների՝ Հ.Պ.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված կրակոցի հետևանքով։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, և որոշում է կայացվել նախաքննություն կատարելու համար քննչական խումբ ստեղծելու մասին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ։ Վերցվել են նմուշներ, նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական և այլ փորձաքննություններ, հարցաքննվել են զինծառայող Հ.Պ.-ի հետ մարտական դիրքում ծառայության նշանակված բոլոր զինծառայողները: Քննությամբ պարզվել է, որ 2023 թ. հունվար-փետրվար ամիսներին մարտական դիրքում 2 իրար հաջորդող հերթապահությունների ընթացքում պայմանագրային զինծառայող, դիրքի պատասխանատու Ն.Մ.-ն և դիրքի ավագի օգնական Հ.Ա.-ն առաջին անգամ մարտական հերթապահության ընդգրկված առանձին զինծառայողներին, այդ թվում նաև` Հ.Պ.-ին, ենթարկել են ծաղրուծանակի, որոշ դեպքերում ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել՝ ստորացնելով զինծառայողների պատիվն ու արժանապատվությունը, առանձին դեպքում ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանցից 2-ի մարմնի տարբեր մասերին։ Նախաքննության ընթացքում հայտնաբերված ենթադրյալ այլ հանցագործությունների հատկանիշներով ՀՀ քրեական օրենսգրքի 519-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով, 520-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 524-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ և միացվել զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին։   Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնոդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի պատասխանատու պայմանագրային զինծառայող Ն.Մ.-ի և նույն մարտական դիրքի ավագի օգնական, շարքային զինծառայող Հ.Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Ն.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 520-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 524-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ), իսկ Հ․Ա․-ին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 519-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Դատարան միջնորդություններ են ներկայացվել՝ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:          Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:01 - 24 փետրվարի, 2023
ՔԿ-ում 2022թ․ քննված և ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է հանցագործությամբ պատճառված ընդհանուր 1,7մլրդ դրամի գույքային վնաս․ ամփոփում

ՔԿ-ում 2022թ․ քննված և ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է հանցագործությամբ պատճառված ընդհանուր 1,7մլրդ դրամի գույքային վնաս․ ամփոփում

ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվել են 2022 թ․ ընթացքում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով հայտնաբերված՝ պետությանը, համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասների և քննության ընթացքում վնասների վերականգնման վերաբերյալ տվյալները։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։  Ըստ այդմ՝ նախորդ տարվա ընթացքում ՀՀ ՔԿ ենթակայության՝ նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով հայտնաբերված՝ պետությանը, համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց հանցագործությամբ պատճառված գույքային վնասը կազմել է ընդհանուր 7.299.459.415 ՀՀ դրամ։ Տարվա ընթացքում վերականգնվել է 1.705.747.972 ՀՀ դրամի չափով վնաս: Ընդ որում՝ 2022 թ․ավարտված վարույթներով բացահայտված ընդհանուր վնասը 2021 թ․ ցուցանիշը գերազանցում է ավելի քան 1,6 մլրդ դրամով կամ 30%-ով։ Մասնավորապես՝ 2022 թ․ ընթացքում նախաքննությամբ հայտնաբերված՝ պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 2.475.445.223 ՀՀ դրամ։ Նախաքննության փուլում վերականգնվել է 956.223.116 ՀՀ դրամը կամ 38.6%-ը։ Ընդ որում՝ պետությանը պատճառված վնասների վերականգնման նշված արդյունքը 2021 թ․ ցուցանիշը գերազանցում է մոտ 37%-ով։ Համայնքին պատճառված 312.467.000 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 310.156.000 ՀՀ դրամը կամ 99.2%-ը։ Իրավաբանական անձանց պատճառված 2.257.952.000 ՀՀ դրամ վնասից  անցած տարվա ընթացքում վերականգնվել է 173.039.000 ՀՀ դրամը։ ֆիզիկական անձանց պատճառված գույքային վնասը կազմել է 2.253.595.192 ՀՀ դրամ։ Նախաքննության ընթացքում վերականգնվել է 266.329.856 ՀՀ դրամի վնաս: Միջազգային կազմակերպություններին գույքային վնաս չի պատճառվել: Ձեռնարկվել են միջոցներ՝ դեռևս չհատուցված վնասի վերականգնումը երաշխավորելու նպատակով։ Մասնավորապես` կալանք է դրվել մեղադրյալների՝ նախնական հաշվարկով ընդհանուր 1,257.549.000 դրամ արժեքով անշարժ և շարժական գույքերի, դրամական միջոցների նկատմամբ, որից ավելի քան 879 մլն-ը՝ պետությանը պատճառված վնասների մասով։ Հանցագործությամբ պատճառված վնասների վերականգնումը ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով իրականացվող նախաքննության առաջնային խնդիրներից է։ 
15:50 - 23 փետրվարի, 2023
«Սուրմալու»-ի տնօրենը կալանավորվել է 2 ամսով․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

«Սուրմալու»-ի տնօրենը կալանավորվել է 2 ամսով․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող՝ 2021թ. ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և 2022 թվականի օգոստոսի 14-ին նույն   առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունի և փլուզման դեպքի առթիվ նախաձեռնված և միացված քրեական վարույթի շրջանակում 2023թ. փետրվարի 22-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրեն Ի. Մ.-ն ձերբակալվել է։Դատախազի կողմից հարուցված քրեական հետապնդման հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջինիս նույն օրը մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով և 457-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը և փաստաթուղթ կեղծելը:Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ Ի.Մ.-ի նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերավբերյալ, որը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է։ Նշված վարույթի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ՝  «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրենը, փոխտնօրենը և 3 տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը: Ներկա պահին արգելանքի տակ է գտնվում մեկ անձ։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
12:54 - 23 փետրվարի, 2023
Փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ևս մեկ անձ

Փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ևս մեկ անձ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում շարունակվող քննությամբ պարզվում են 2023թ. փետրվարի 19-ին մարտական դիրքում զինծառայող Հ․Պ -ի մահվան դեպքի հանգամաքնները։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Քրեական վարույթի շրջանակներում փետրվարի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի, 519-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 524-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքների կատարման մեջ անմիջական ծագած կասկածանքի հիմքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ավագի օգնականը։ Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն փետրվարի 19-ին՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել էր գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով և մահացած վիճակում ընդունվել Իջևանի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տվյալների՝ Հ.Պ.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված կրակոցի հետևանքով։ Նշված քրեական վարույթի շրջանակներում փետրվարի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 520-րդ հոդվածի 3֊րդ մասի 1-ին և 524-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջական ծագած կասկածանքի հիմքով ձերբակալվել էր նաև դիրքի պատասխանատու պայմանագրային զինծառայողը։ Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ մկջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:12 - 22 փետրվարի, 2023
Փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել է դիրքի պատասխանատուն. ՔԿ

Փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել է դիրքի պատասխանատուն. ՔԿ

2023 թ. փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ։   Ինչպես ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն՝ ծնված 2004թ-ին, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի տարածքում, նույն օրը՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել է գլխի շրջանում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումով։   Ըստ նախնական տվյալների՝ Հ. Պ.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված կրակոցից ստացած վնասվածքի հետևանքով։   Իրականացվող նախաքննության շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 520-րդ հոդվածի (Ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) 3-րդ մասի 1-ին և 524 հոդվածի (Զինծառայողին վիրավորանք հասցնելը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջական ծագած կասկածանքի հիմքով ձերբակալվել է դիրքի պատասխանատու պայմանագրային զինծառայողը։   Զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելուն ուղղված վարութային և ապացուցողական ակտիվ գործողությունները շարունակվում են։   Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
20:36 - 21 փետրվարի, 2023